Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պատմություն

Պատմություն
Հունվար 2011, N 1

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀՂՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արքմենիկ Նիկողոսյան, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու

Աստվածաշնչյան հղումները բնորոշ են հայ միջնադարյան բոլոր գրական տեքստերին` անկախ ժանրային պատկանելությունից ու բովանդակությունից, թեպետ յուրաքանչյուր ժանր և յուրաքանչյուր թեմատիկ տարածք յուրովի է իմաստավորել երևույթը: «Մտածել, հորինել և գրել բիբլիական բառ ու բանով,– դա քրիստոնյա մատենագրի գերագույն տենչն ու ձգտումն է եղել, նրա հեղինակային իդեալը»1,– գրում է Կարապետ Մելիք-Օհանջանյանը:

Իբրև հայ միջնադարի առանձնահատկությունները կրող երկ` 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունն այդ առումով բացառություն չէ, իսկ Հակոբ Օշականի այն նկատումը, թե` «Բացէք որևէ պատմիչ ու էջ պիտի չանցնի առանց Ս. Գիրքին մէկ տողին»2, գոնե Դավրիժեցու պարագային միանգամայն հեռու է չափազանցությունից: Բայց անմիջապես էլ նկատեմ, որ Դավրիժեցու պատմագրքի ոչ համակարգային բնույթն ու երբեմն` ցաքուցրիվ տվյալներով կառուցված շարադրանքն իրենց ազդեցությունն են թողել նաև աստվածաշնչյան հղումների վրա:

Եթե 5-րդ դարի պատմիչների աշխատություններում այդ հղումները համակարգային բնույթ ունեին, այսինքն` կիրառվում էին ըստ նյութի թելադրանքի և չէին չարաշահվում, իսկ Խորենացու «Հայոց պատմության» մեջ նույնիսկ ծառայում են որպես պատմական սկզբնաղբյուր, ապա հետագա դարերի, հատկապես ուշ շրջանի պատմագրական երկերում մի տեսակ իներցիոն բնույթ ունեն և օգտագործվում են կարծես թե ավելի շատ սովորույթի ուժով, քան անհրաժեշտության գիտակցումով: Ուստի, Դավրիժեցու մոտ աստվածաշնչյան հղումները հատուկ արժեք են ձեռք բերում, երբ դիտարկվում են ոչ թե ընդհանուր, այլ մասնավոր կառույցների համատեքստում: Այս առումով` Դավրիժեցու աշխատաոճին բնորոշ է պատեհ-անպատեհությունը, այսինքն` գիտակցված դիմում-հղումների կողքին մեծ թիվ են կազմում սովորույթի ուժով, իներցիայով շարադրանք ներբերված աստվածաշնչյան տեքստի կիրառությունները: Դրանք, ինչպես գրում է Մայիս Ավդալբեգյանը, «ուշ ժամանակների հայացքով անտեղի և անտրամաբանական, սակայն ժամանակին, իբրև միջնադարյան մարդու մտածողության տարր, դարձել են նաև միջնադարյան գրական ստեղծագործությունների անխուսափելի հատկանիշ, առանց որի թերի կլիներ նրա ներգործությունը ժամանակի ընթերցողի և ունկնդրի վրա»3:

Սովորաբար, աստվածաշնչյան հղումները հայ պատմագրության մեջ դրսևորման ընդհանրական երկու հիմնական կերպ ունեն, այսպես կոչված` բացահայտ և թաքնված: Դավրիժեցու «Գիրք պատմութեանց»-ում գերիշխում են բացահայտ հղումները, երբ Աստվածաշունչն օգտագործվում և մեջբերվում է կամ բնագրային ճշգրտությամբ, կամ շատ մոտ բնագրին, իսկ երբեմն առկա է նաև որոշակի-կոնկրետացնող հղում: Ինչպես` «...ըստ գրեցելումն թէ. «Տէր ցրուէ զխորհուրդս հեթանոսաց, անարգէ Տէր զխորհուրդս ժողովրդոց, և արհամարհէ Տէր զխորհուրդս իշխանաց: Այլ խորհուրդ Տեառն յաւիտեան մնայ, և խորհուրդ սրտի նորա յազգէ մինչև յազգ»...» (էջ 183, հղվել է` Գիրք սաղմոսաց, ԼԲ, 10-11):

Աստվածաշունչ կամ Սուրբ Գիրք գրելու փոխարեն Դավրիժեցին հղումներն անում է կտակարանների մասնավոր կառույցներին կամ կիրառում այնպիսի փոփոխակներ, որոնք ժամանակին ընկալվել են բացառապես Աստվածաշնչի իմաստով: Ինչպես` «Ըստ գրեցելումն յօրէնսն. «Որով և մեղանչէ ոք, նովիմբ և տանջեսցի»» (էջ 84, հղվել է` Առակաց, ԺԱ, 17), կամ` «...վասն զի ոչ զգիրս գիտէին և ոչ զզորութիւնս գրոց` ըստ Տեառն բանի» (էջ 242, Մատթեոս, ԻԲ, 29), կամ` «...վասն որոյ ոչ կատարիւր` ըստ վկայութեան Սաղմոսին, թէ ո՛չ Տէր շինէ զտուն, ի նանիր վաստակին շինողք նորա» (էջ 198, Սաղմոս ՃԻԶ, 1), և այլն:

Այս միտումն, ի դեպ, նկատելի է նաև այսօր, սակայն միակերպ ու ինչ-որ առումով ամրագրված դրսևորումներ ունի, այնինչ` միջնադարում հատկանշվում էր բազմազանությամբ:

Աստվածաշնչյան հղումները «Գիրք պատմութեանց»-ում հաճախ հանդես են գալիս ներփակ կերպով: Սակայն ներփակությունը դեռևս թաքնվածություն չէ, առավել ևս Դավրիժեցու մոտ, քանզի նա, հազվադեպ բացառություններով, ապահովում է նշան-ցուցչի գործառույթը, որն էլ բացահայտում է հղումի աղբյուրը: Բավարարվելով նշան-ցուցչով` Դավրիժեցին, ըստ ամենայնի, վստահ է եղել աստվածաշնչյան տվյալ դրվագի հանրահայտության և, ընդհանրապես, ընթերցողի սուրբգրային իմացությունների վրա: Դա ժամանակի մտածողության առանձնահատկություններից է, որ միջնադարյան տեքստերի վերլուծության-մեկնության պարագային անպայման պետք է հաշվի առնել: Դիտարկենք հետևյալ օրինակը, որտեղ աստվածաշնչյան հղումը համեմատության օբյեկտ է. «Իսկ այլք ոմանք ասեն թէ Մելքիսէթ կաթուղիկոսն էր այր փառամոլ և հետևող նախագահ իշխանութեան, յորոյ պատճառէ բաշխէր առատութեամբ ինչս ամենեցուն, և զամենեցուն զսիրտսն հանգուցանէր առ ինքն, և զամենեսեան առնէր ինքեան բարեկամ ըստ նմանութեան Աբիսողոմայ» (էջ 58): Այստեղ ընդգծված հղումը նշան-ցուցչի դեր է կատարում և ներփակում է հետևյալը Աստվածաշնչից. «Եւ լինէր յորժամ մերձենայ առ նա այր երկիր պագանել նմա, ձգէր զձեռն իւր եւ առինքն մատուցանէր, եւ համբուրէր զնա։ Եւ առներ Աբեսաղոմ ըստ բանիս ըստ այսմիկ ամենայն Իսրայելի եկելոյ ի դատաստան առ արքայ. եւ յանկուցանէր յինքն Աբեսաղոմ զսիրտ ամենայն արանց Իսրայելի» (Բ. Թագ., ԺԵ, 5-6):

Այս առումով առավել հետաքրքիր են երկու այլ` ավելի մեծ ընդգրկում ունեցող համեմատությունների օրինակներ. «...առ ժամայն դարձոյց զսիրտ խանին ի քաղցրութիւն, որպէս Արտաշէս արքայի ի վերայ Մուրտքէի, և բարկութիւն ի վերայ Համանայ» (էջ 234): Այս համեմատության իմաստը ինչպես հարկն է հասկանալու համար պետք է ծանոթ լինել աստվածաշնչյան «Եսթերայ գրքի» տասը գլուխներից առնվազն առաջին յոթին: Իսկ ահա հետևյալ օրինակում ամբողջ Ելից գիրքը պարագրկված է մեկ նախադասության մեջ և օգտագործվել է իբրև համեմատություն. «Քանզի ո՛չ տան թոյլ Պարսիկքն ելանել յերկրէն իւրեանց, որպէս Եգիպտացիքն` զազգն Իսրայէլի» (էջ 97):

Ներփակ բնույթի են նաև այն կիրառությունները, երբ Դավրիժեցին դիմում է ավետարանների` Հիսուս Քրիստոսի կողմից պատմվող առակներին ու զրույցներին: Այստեղ իբրև նշան-ցուցիչներ ծառայում են այդ առակների ու զրույցների վերնագրերը կամ վերնագրին մոտ հղումները: Բարսեղ վարդապետի դիմանկարը գծելիս, օրինակ, Դավրիժեցին ներբերում է այդպիսի մի հատված` նշելով. «Եւ որպէս Տէրն Քրիստոս յառակս երեք նկանակին ասաց...» (էջ 312, հղվել է` Ղուկաս, ԺԱ, 5-8): Կամ` այսպիսի օրինակ. «...ըստ տէրունական առակին` որ վասն այրւոյն և անիրաւ դատաւորին պատմէ...» (էջ 185, Ղուկաս, ԺԸ, 2-4):

Այստեսակ կիրառություններում Դավրիժեցին երբեմն դիմում է հղումների թաքնված կերպին, երբ այն ճանաչելու համար իմացական համապատասխան պատրաստվածություն է հարկավոր: Բերվելիք օրինակում հղումն իբրև համեմատության օբյեկտ է կիրառված: Այն ներփակում է «Չար ոգու վերադարձը» զրույցը, որ առկա է Մատթեոսի ավետարանի ԺԲ գլխի 43-45 համարներում` «Յորժամ այսն պիղծ ելանէ ի մարդոյ` շրջի ընդ անջրդին տեղիս, խնդրէ հանգիստ և ոչ գտանէ: Յայնժամ ասէ. Դարձայց ի տունս իմ. ուստի ելի. և եկեալ գտանէ զնա պարապորդ, մաքրեալ և յարդարեալ: Յայնժամ երթայ` և առնու ընդ իւր եօթն այլ այսս չարագոյնս քան զինքն, և մտեալ բնակէ անդ. և լինի յետինն մարդոյն այնորիկ չար քան զառաջինն...»:

Ահա թե ինչպես է «թաքցրել» այդ զրույցը Դավրիժեցին. «Եւ մովրովս այս` որ յառաջնում նուագին զմի ունէր բնակեցուցեալ յինքեան ի զորացն չար այսու. և արդ` այսն այն առաջին, զեօթն այլ այսս չարագոյնս քան զինք առեալ ընդ ինքեան, եկեալ բնակեցաւ ի մովրովս յայս. և եղև սորայս վերջինն չար քան զառաջինն» (էջ 122): Ինչպես տեսնում ենք, սովորական ու գրեթե մշտապես գործածական հղումն Ավետարանին, նույնիսկ նշան-ցուցչի ձևով` այս պարագային բացակայում է:

Աստվածաշնչյան հղումները յուրովի են դրսևորվում համեմատություն-հակադրությունների մեջ: Իր պատմագրքի ընդգրկած ժամանակաշրջանի դրամատիկ իրադարձություններին անդրադառնալիս` Դավրիժեցին պատմության ընթացքի վկայագրումը պարտադիր ուղեկցում է ողբի ժանրին հատուկ գեղարվեստական միջոցների կիրառությամբ: Այդ դեպքերում` կառուցվածքային առումով մեծ դերակատարում ունեն Աստվածաշնչյան հղումները: Ողբալով երևույթը` պատմիչն ինքն է նկարագրում-պատկերում նրա նախկին (որպես կանոն` երջանիկ, գեղեցիկ, փառավոր) վիճակը, իսկ ներկա կացությունը, որ, բնականաբար, անցյալի սրված հակադրությունն է բոլոր մակարդակներում, ներկայացնելու համար երբեմն դիմում է նաև հղումների օգնությանը: Բերվելիք օրինակում Դավրիժեցին համադրելով օգտագործել է Եսայու մարգարեության ԺԳ գլխի 21-րդ և Երեմիայի մարգարեության Ծ գլխի 39-րդ համարները, թեպետ պատմիչն ինքը հղումն անում է միայն Եսայուն. «Եվ յաղագս երկնանման և ադինասարաս եկեղեցեաց զի՞նչ ասացից` որք ի խաւարի մնացեալ և ի բնակչաց թափուր եղեալ` մերկացեալ ի զարդուց` եղեալ հանգրուանք համբարուաց և ջայլամաց ըստ Եսայեայ տեսանողի, որջք աղուիսուց և նապաստակաց, մակաղտեղք խաշանց և անդէոց, բոյնք թռչնոց և աւերաբնակ բուոց» (էջ 88): Սա, թերևս, այն պատճառով, որ տեքստային հարազատություն ու համընկնումներ կան Եսայու մարգարեության և Երեմիայի մարգարեության նշված համարների միջև:

Աստվածաշնչյան հղումների ամենատարածված դրսևորումը Դավրիժեցու պատմագրքում, դրա` իբրև օրինակ-հաստատումն է, գրված-ավանդվածի իրականացումը կյանքում: Ինչպես` «Արդ` աստանօր պարտ է մեզ սքանչանալ և հիացմամբ զարմանալ ընդ հատուցումն գործոցս` որ կատարեցաւ ի վերայ Մելքիսէթ կաթուղիկոսին. զի սա նախ` զԱստուծոյ օգնութիւնն անտես արարեալ` ի մարդ յուսացաւ, և ստունգանեաց զբանս օրինացն, որ ասէ. «Անիծեալ որ դիցէ զյոյս իւր ի մարդ»» (էջ 188, հղվել է` Երեմիա, ԺԷ, 5):

Կամ` քաղաբերումներ կատարելով Ելից գրքից (Ա, 6, 8-10)` «Եւ որպէս ասէ Գիրն աստուածային, թէ վախճանեցաւ Յովսէփ և ամենայն եղբարք նորա և ամենայն ազգն այն. եկաց այլ թագաւոր` որ ոչ ճանաչէր զՅովսէփ, և ասէ ցազգն իւր. «Եկայք, հնարեսցուք ինչ ազգին Իսրայէլի», Դավրիժեցին անմիջապես ավելացնում է. «Ըստ այսմ օրինակի պատահեաց և մերոյս ազգի...» (էջ 96):

Հակոբ Օշականը, արձանագրելով այս երևույթը, դրա մեջ նաև դրամատիկ շեշտեր է տեսնում. «Հայ պատմիչը պիտի մխիթարուի Սուրբ Գիրքին համարները մեր արիւնին ու մեր պատիւին գինովը ապացուցուած տեսնելու մեծ երջանկութեամբը»4: Օշականի այս դիտարկումն, անշուշտ, առավել խորքային մեկնություն է հայցում:

Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատության մեջ հետաքրքիր կիրառություն ունի Աստված բառը` իր տարակերպ պարագրկումներով: Ուղղակիորեն Աստված շատ հազվադեպ է ասում Դավրիժեցին: Սա մի կողմից սրբազանության-վախվորածության, Աստծո անտեսանելի ու մշտական ներկայության զգացումի անընդհատական ուղեկցությամբ է պայմանավորված, մյուս կողմից և առաջինով թելադրված` կարծես թե միաբառ բնորոշումը, որքան էլ այն տարողունակ է, միշտ քիչ է թվացել: Եվ ձևի որոնումները տարել են հետաքրքիր ճանապարհներով, և այդ համապատկերում տպավորիչ կերպերով են արտահայտվել նաև աստվածաշնչյան հղումները: Աստված ասելու փոխարեն Դավրիժեցին քաղաբերում է փառաբանական-գոհաբանական-ներբողական որևէ հատված Աստվածաշնչից, և դրանք այս դեպքում դառնում են յուրօրինակ շրջասություններ: Ինչպես, օրինակ, հետևյալ հատվածում. «...այն, որ թագաւոր է թագաւորաց` և Տէր տէրանց, որ ի ձեռին ունի զսիրտ ամենայն բռնաւորաց` ըստ իմաստնոյն Սողոմօնի...» (էջ 234): Հավելեմ միայն, որ քաղաբերված է «Գիրք Առակաց»-ի ԻԱ գլխի 1-ին համարը. «Որպէս սահանք ջրոց. նոյնպէս սիրտ թագաւորի ի ձեռս Աստուծոյ. ընդ որ Կոյս կամի հայեցուցանել՝ դարձուսցէ զնա»։

Երբեմն աստվածաշնչյան հղումները ներբերվում են միջնորդավորված` որպես ուրիշի ուղղակի խոսք: Սա ուշագրավ կիրառություն է, քանզի մի կողմից որպես պատմագրական հուշարձանի վկայություն երևանում է, որ Աստվածաշնչի հետ ինտերտեքստուալ հարաբերությունը ոչ միայն ու երբեմն նաև` ոչ թե գեղարվեստական մտածողությանը բնորոշ երևույթ է, այլ կենսական, ապրվող մտածողության որակ, մյուս կողմից` զուտ գրական օրինակ, իբրև խոսքի կառուցման կերպ: Փիլիպոս կաթողիկոսի վախճանի նկարագրության մեջ Դավրիժեցին իբրև պատմիչ հարազատորեն փոխանցում է նրա վերջին խոսքերը: Այս դեպքում կաթողիկոսի խոսքն է կառուցված ինտերտեքստային հերթագայություններով (տե՛ս էջ 278-279):

Նույն կերպ` նաև Մելքիսեթ վարդապետի` մահվանից առաջ իր աշակերտների առջև ասված խոսքում է: Այստեղ, սակայն, թաքնված հղում է. Մելքիսեթ վարդապետը, Դավրիժեցու վկայությամբ, իր խոսքում օգտագործում է «Երեք ծառաների մասին առակի» (Մատթեոս, ԻԵ, 14-30, նաև` Ղուկաս, ԺԹ, 11-27) «Պարտ էր քեզ արկանել զարծաթն իմ ի սեղանաւորս, և եկեալ ես տոկոսեօք պահանջէր զիմն» հատվածը. «...բայց արդ` որովհետև դաս ասացի ձեզ, և զընկալեալն ի Տեառնէ զարծաթ բանին արկի ի սեղանաւորսդ այսուհետև փոխանակ տրտմութեան` ունիմ մխիթարութիւն, զի թէպէտ ես մեռանիմ, այլ սերմանեալն առ ձեզ բան Տեառն մնայ յաշխարհի...» (էջ 317): Մյուս կողմից` հղումը վերիմաստավորվել է. սա աստվածաշնչյան խոսքի իրականացման փաստումն է:

Աստվածաշնչյան հղումները կիրառվում են նաև պատմագրական երկերում շատ տարածված դիմանկարները կերտելիս: Դիմանկարի ոչ ավարտուն, մասնավոր վիճակը տվյալ անձնավորությանը նկարագրելու միջոցն է: Հետևյալ օրինակում Խաչատուր վարդապետի բնավորության դրական գծերը Դավրիժեցին ներկայացրել է սեփական խոսքի և աստվածաշնչյան հղումների զուգահեռ կիրառումներով. «Իսկ վարդապետն ըստ իւրում քաղցր և հեզ բնութեանն ոչ առ երեսս յանդիմանէր զՆիկօլն, այլ մեղմ և խրատօրէն ինքն և նա միայն խօսէր ընդ նմա, ըստ պատուիրանին Տեառն թէ, ասասջիր նմա, յորժամ դու և նա միայն իցէք» (էջ 299, հղվել է` Մատթեոս, ԺԸ, 15): Մեկ այլ տեղում Պողոս առաքյալի հետևյալ խոսքերի (Թուղթ առ Գաղատացիս, Ե, 24). «Իսկ որ Քրիստոսեանք են, զմարմինս իւրեանց ի խաչ հանեն կարեօքն և ցանկութեամբք հանդերձ»», ընդգծված հատվածը Դավրիժեցին ներհյուսում է իր խոսքին` ամբողջացնելու համար Մելքիսեթ աբեղայի դիմանկարը. «...երկս և աշխատութիւնս կրեաց ի վերայ արտաքին գրոց, զի թող զայլ ժամանակսն, զոր ընդ ընկերացն, և կամ չափաւոր ճգնութեամբ զտքնութիւն կրեալ էր, այլ յատուկ տասն ամ առանց թուլանալոյ և ներելոյ ինչ, զմարմինն իւր ի խաչ բարձեալ` կարեօք և ցանկութեամբ հանդերձ ըստ Պօղոսի...» (էջ 315):

Այս կերպ, Աստվածաշունչը ներկա է «Գիրք պատմութեանց» աշխատության գրեթե բոլոր էջերում` ունենալով բազմաբնույթ կիրառություն: Ինչպես կարելի է դատել վերը բերված օրինակներից, հղումների առումով Դավրիժեցու պատմագիրքը հիմնականում մնում է մասնակցության, հազվադեպ` նաև ձևափոխության մակարդակին: Աստվածաշնչյան տեքստի ժխտման ձևը Դավրիժեցու մոտ, հասկանալի պատճառներով, իսպառ բացակայում է:

 

1 Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Երևան, 1961, տե՛ս «Առաջաբանը», էջ ԽԱ:

2 Յակոբ Օշական, Մեր մատենագիրները (վերլուծումներ), Անթիլիաս, 1987, էջ 47:

3 Մայիս Ավդալբեգյան, Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը (V դար), Երևան, 1971, էջ 224:

4 Յակոբ Օշական, Մեր մատենագիրները, էջ 47:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am