Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հուշեր

Հուշեր
Հունվար 2011, N 1

ՌԱՖԱՅԵԼ ՊԱՊԱՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՌԱՖԱՅԵԼ ՊԱՊԱՅԱՆ. «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԱՐԺԵՔ Է»

Հովհաննես Պապիկյան, հրապարակախոս, ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար

ՏԵՂԵԿԱՆՔ

Բանաստեղծ, գրող գրականագետ, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ: Ծնվել է 1942թ. դեկտեմբերի 22ին, դրամատուրգի ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, հետո` Տարտուի (Դորպատ) համալսարանի ասպիրանտուրա: Նույն համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ: Դասախոսել է Երևանի պետական համալսարանում: Իրավապաշտպան գործունեության համար 1982-ին ձերբակալվել է և «հակասովետական ագիտացիա և պրոպագանդա» մեղադրանքով դատապարտվել 6 տարվա ազատազրկման` հետագա 2 տարվա աքսորով։ Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական խիստ ռեժիմի գաղութում, աքսորը՝ Ռոստովի մարզի Միլերովո քաղաքում։

1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, խորհրդարանի Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 1995-1997թթ.` ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1997թ. նշանակվում է ՀՀ  սահմանադրական դատարանի անդամ, որտեղ աշխատում է մինչև կյանքի վերջը: 1991 թվականից Մայր աթոռ Ս. Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ էր։ Հեղինակ է ավելի քան 150 գրականագիտական, իրավագիտական, հրապարակախոսական աշխատությունների, թարգմանական գրքերի` հրատարակված Երևանում, Մոսկվայում, Ս.Պետերբուրգում, Դորպատում, Փարիզում և այլուր։ Պարգևատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու՝ «За труды во славу Святой Церкви» շքանշանով (1995) և Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով (2003)։

2010թ., կյանքի 68-րդ տարում, հրաժեշտ է տվել երկրային կյանքին:

 

ԱՅԼԱԽՈՀԸ

Հայտնի դրամատուրգ Արամաշոտ Պապայանի որդին հայրական տանը դեռ պատանեկան տարիքից «իրավունք ուներ» մասնակից դառնալու մտավորականների հանդիպում-զրույցներին, բանավեճերին: Գուցե նաև սա՞ էր առիթներից մեկը, որ Պապայանի մեջ պիտի ձևավորվեր իր երկիրը սիրողի, իր երկրի ճշմարիտ քաղաքացու, հետագայում նաև ազատ երկրի տեսլականն իրական ունենալու համար անլեգալ պայքարողի կերպարը: Այն ժամանակների համար նման դիրքորոշում ունենալը հաստատ ֆանտաստիկայի ժանրից էր:

Նրանք անցյալ դարի 60-ականների այն ռոմանտիկներն էին, որոնց համար խոսքի ազատությունն ավելին էր, քան տնտեսական ինչ-ինչ նպատակահարմարություններ, որոնք սոցիալիզմի օրոք այնքան շատ էին գովաբանվում ու համարվում մարդու համար թիվ մեկ անհրաժեշտություն: Սակայն շատ կարդացած, կյանքի իմաստի, մարդու իրավունքների ու դրանց պաշտպանության մասին բոլորովին այլ պատկերացում ունեցող այդ հրաշալի տղաների համար ազգային ինքնորոշման գաղափարները վեր էին համայնավարների մատուցած ու պարտադրվող պահանջներից: Եվ նրանց պահվածքը հասարակության մեջ չներվեց: Չներվեց, ու երկիրն անկախ տեսնելու երազային թևեր առած այդ հրաշալի տղաներին իրենց հայրենի եզերքից աքսորի ճանապարհով մեկուսացրին: Ռաֆայել Պապայանը նրանց մեջ էր: Նրանց հետ էր ու նրանց մտքին, խոհերին ուղղություն ու շարժում տվողներից էր: Նրանք` այդ այլախոհները, մաքրամաքուր էին` առ Հայաստան իրենց սիրո, իրենց վերաբերմունքի մեջ: Նրանց երազների ձին ազատ վարգի էր կարոտ: Եվ սակայն քիչ էին իրենք ու իրենց թիկունքին համակիրների հոծ բազմություն չունեին. սակավ էին նրանց համախոհները, փոխարենը շատ էին իշխողների խղճուկ կամակատարները: Եվ անօրեն ու անբացատրելի սանձվեց նրանց երազների ճախրանքը` աքսորավայրերում, տրորվեց մարդուն աստվածային պարգև տրված իրավունքը: Մերժվեց մարդու իրավունքը, որովհետև մերժված էր Ավետարանական իմաստությունը` «Օրենքի լրումը սերն է»: Սանձվեց շարժումը, բայց միտքը, տենչն ու գաղափարները հո չե՞ն բանտվում, բանտվում է ընդամենը մարմինը, իսկ ոգին, հոգու և մտքի զորությունը կուտակվում-կուտակվում է` իր օրինակով համակիրներ, հետնորդներ հավաքելով: Պապայանն իր երիտասարդության ամենածաղկուն շրջանն այդպես ապրեց` աքսորում, բանտերում: Իրավապաշտպան գործունեության համար ձերբակալվել և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, պատիժն անցկացրել Մորդովիայի քաղբանտարկյալների գաղութում։

 

ԳԻՏՆԱԿԱՆԸ

«Աստվածաշունչը և մարդու հիմնական իրավունքները» (Եր., 2000), «Դատարանը` աստվածաշնչյան իմաստավորմամբ» (Եր., 2001), «Տեռորի դիմակները» (Եր., 1992), «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները» (Հայերեն` Էջմիածին, 2002, ռուսերեն` Մոսկվա, 2002):

Սա Պապայան գիտնականի գրքերի ոչ լրիվ ցանկն է: Սրանց լուսապսակը «Աստվածաշունչը և մարդու հիմնական իրավունքները» 700 էջանոց ստվարածավալ աշխատությունն է` լույս տեսած իր ծննդյան 60-ամյակի օրը: Իր տեսակով և բովանդակությամբ հայ իրականության մեջ նախադեպը չունեցող այս գիրքը մեծ գնահատանքի արժանացավ աշխարհիկ և հոգևոր ոլորտում: Գրքի գիտական խմբագիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանն այն բնութագրեց որպես ճշմարիտ արժեքների փնտրտուք. «Ուսումնասիրելով աստվածայինն ու մարդկայինը, երկնայինն ու երկրայինը սերտ փոխադարձ կապի մեջ, հեղինակը ցուցադրում է պետական իշխանությունն  «աստվածային» տեսքի բերելու այն ուղիները, որոնք նախանշված են Աստվածաշնչում՝ ներկայացնելով Երկնային Արքայությունը որպես երկրային թագավորություն, իսկ Աստծո իշխանությունը՝ որպես պետական իշխանության նախատիպ: Փնտրտուք ո՛չ թե վերացական աշխարհում, ո՛չ թե անորոշության մեջ, այլ ճշմարիտ, իրակա՛ն ու մնայու՛ն արժեքների մեջ»: Հետաքրքիր էր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եզրահանգումը. «Այս գիրքը աստվածաբաններին սովորեցնում է իրավունքի հիմունքներ, իրավաբաններին՝ աստվածաբանություն»: Իր գնահատանքի և օրհնանքի խոսքն էր ասել նաև Գարեգին Բ վեհափառ Հայրապետը՝ աշխատանքը որակելով քրիստոնեական արժեքներով ապրող, քրիստոնեական արժեքները կյանքի կոչող հավատացյալի մտքի և հոգու արդյունք, և Պապայանին շնորհել «Ս. Ներսես Շնորհալի» շքանշան: Իր երախտիքը հայտնելով` պարոն Պապայանը հավելեց՝ «Ուրախ կլինեմ, եթե այս գիրքը միջոց դառնա, որպեսզի եկեղեցու և պետական մարմինների միջև փոխըմբռնման նոր եզրեր ուրվագծվեն»:

Հավելենք, որ «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները» գիրքը հրատարակվել է հայերեն (Երևան) և ռուսերեն (Մոսկվա) լեզուներով: Այս գիրքը սովորեցնում է նաև, թե ինչպես պիտի հարաբերվեն հոգևոր իշխանությունն ու աշխարհիկ իշխանական հաստատությունները, ինչպես հասկանալ հոգևոր և պետական իշխանությունների սահմանազատումը, ինչպես մեկնաբանել եկեղեցու անջատումը պետությունից։ Մեր օրերի իշխանավորների համար այս գիրքը շատ օգտակար կլինի` իմանալու, որ եթե հոգևոր իշխանության նշանակետը մարդու ներաշխարհն է, ապա պետական կառույցների գործունեության օբյեկտ են մարդու էության արտաքին դրսևորումները, և սրանով է իմաստավորվում պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքը։ Ինչպիսին իշխանություն ձևավորողն է, այնպիսին էլ նրա ձևավորած իշխանությունն է։ Իշխանության ձևավորողն իր հատկանիշերով է օժտում իշխանությանը, իր պատկերացումներով է կազմավորում այն, իր որակներն է ներդնում նրա մեջ։ Այս պարագայում է, որ պետական և հոգևոր իշխանության միությունը ոչ թե սոսկ գործառութային միացում է նշանակում, այլ` նպատակային դաշինք, հասարակության ապաքինման և հարատև առողջության գրավական։

 

ԹԱՐԳՄԱՆԻՉԸ

Ռաֆայել Պապայանի թարգմանական գործերի հունձքը շատ նկատելի է` «Տյուտչև. քնարերգություն», «Օկուջավա», «Միսաք Մեծարենց. քնարերգություն», «XX դարի հայ պոեզիայի ընտրանի», «Պարույր Սևակ. «Անլռելի զանգակատուն»:

«Պոեզիայի թարգմանիչը, ի տարբերություն

արձակի թարգմանչի, միշտ էլ մրցակից է…»:

 Վ. Ժուկովսկի

Ռուս բանաստեղծ Ֆեոդոր Տյուտչևի քնարերգությունը հայ Ռաֆայել Պապայանի կողմից թարգմանվեց ընդարձակ ծանոթագրությամբ և մեկնաբանություններով: Ինչո՞ւ Տյուտչև: Հոգևոր իրականության հանդեպ Տյուտչևի ունեցած ու իր բանաստեղծությունների մեծ մասում անսքող արտահայտած հավատի՞ գոյությունը, որ նաև թարգմանիչ Պապայանի մոտ է խորն ու հաստատուն: Վկան` վերը նշված նրա հեղինակած գրքերը, նրա գործունեությունը որպես Մայր աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: Եվ մյուս զուգահեռումը. եթե Տյուտչևի պոեզիան` իր հոգևոր ուղղվածությամբ և սոցիալական բաղադրիչների թույլ ներկայությամբ, այսպես ասած, այնքան էլ հարիր չէր խորհրդային գաղափարախոսությանը, ապա Պապայանի` խորհրդային տարիների կյանքն էլ բախվել է «այլախոհ» որակմանն ու աքսորին: Թերևս, այս զուգահեռումներն էլ նշանակություն են ունեցել, որ Պապայանն այդքան խնամքով, այդքան բծախնդիր ուսումնասիրի Տյուտչևի կյանքը, թարգմանի նրա քնարերգությունը և ընդարձակ բացատրություններով համադրի թարգմանությունը: Ուրեմն, հատկապես ի՞նչն է սիրելի Տյուտչևի պոեզիայում: Այս քնարերգությունում, հանձին Տյուտչևի, Պապայանի համար սիրելի է մտածող մարդը, բնության երևույթները որպես Աստվածային երևույթներ դիտողը, քրիստոնեական հավատքին ամուր կառչած և այդ հավատքի միջով բնության երևույթները քննողն ու վերլուծողը և ընթերցողին` մարդուն, այդ երևույթներին բերող-մոտեցնողը: Թարգմանչի այս սերը փոխանցվում է այս գիրքն ընթերցողին, և աշխարհի ու բնության երևույթների հանդեպ տյուտչևյան բարությունն ու խոնարհ վարմունքը դառնում են այլևս նոր մոտեցում ու նոր վերաբերմունք: Եվ այս ամենով հանդերձ, Պապայանը Տյուտչևի մեջ սիրեց նաև նրա հայկականությունը: Զարմացա՞ք: Պապայանը ձեր այդ զարմանքը փարատում է մի շարք փաստերով` սկսած հայերի հետ ունեցած Տյուտչևի մտերիմ կապերից, վերջացրած հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ պոետի` հենց այդ թեմաներով գրած բանաստեղծություններով: Տյուտչևի վրա, օրինակ, խոր ազդեցություն է թողել Պետերբուրգում Լազարյանների տանը Գևորգ Դ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպումը (1867թ. հոկտեմբեր): Եվ արդյունքում`

Այս ո՜ր անգամ Արևելքն է ալեկոծված,

Կրկին այնտեղ Քրիստոսին են խաչին գամում,

Եվ այդ «խաչից» լուսնի մահիկն է գունատված

Մեծ տերությանց վահանի տակ պատսպարվում:

Ու գոչյուն է հնչում. «Խաչը հանիր Նրան,

Տար վերստին դեպ ստրկություն ու տանջարան»

Մի՞թե, Ռուսիա, դու չես լսում ձայները գոս

Ու ձեռքերդ պիտի լվաս, հանց Պիղատոս.

Չէ՞ որ արյունն այս քո սրտից պիտի ծորա:

 

Не в первый раз волнуется Восток,

Не в первый раз Христа там распинают,

И от «креста» луны поблекший рог

Щитом своим державы прикрывают.

Несется клич: «Распни, распни Его!

Предай опять на рабство и на муки!»

О Русь, ужель не слышишь эти звуки

И, как Пилат, свои умоешь руки?

Ведь это кровь от сердца твоего!)

Ավելին, Տյուտչևը Պետերբուրգում շատ մոտ հարաբերություններ է ունեցել Լազարևների հետ, որոնց տանը մի քանի տարի ապրել է ընտանիքով: Եվ ապա` Մոսկվայում տյուտչևների առանձնատունը եղել է Արմյանսկի նրբանցքում` Լազարյան ճեմարանի հարևանությամբ: Տյուտչևը նաև շատ մոտ հարաբերություններ ուներ Աբամելիքների հետ: Հետևաբար, Տյուտչևը հայերի մասին լայն տեղեկատվություն ունենալուց զատ, նաև ջերմ վերաբերմունք ուներ:

Պապայանը գրքի ծանոթագրություններում հնարավորինս մանրամասնում է (այսպես ասենք) հայերին վերաբերող բանաստեղծությունների պատմությունները` օգտագործելով համբերությամբ, համառությամբ հավաքած տեղեկությունները:

Այս գիրքն ամենայն խնամքով է գրված ու հրատարակված: Նախ, բնագրերը զուգահեռաբար տեղադրելով հայերեն թարգմանությունների հետ` Պապայանն ընթերցողին միջոց է տալիս, իր բառերով ասած, «վայելելու այս քնարական գոհարներին բնօրինակով հաղորդակցվելու բերկրանքը»: Այս մոտեցումը նաև բավարար չափով ռուսերեն չիմացողի համար միջոց է, որ վերջինս հնարավորություն ստանա կատարելագործելու ռուսերենի իր իմացությունը` համադրելով բնագիրն ու թարգմանությունը: Բանաստեղծությունները ներկայացված են ժամանակագրական կարգով` ամբողջական ձևի մեջ բերելով Տյուտչևի քնարական կենսագրությունը: Եվ ամենակարևորը, պրպտումների, բազում ուսումնասիրությունների արդյունք` ծանոթագրությունների բաժինը, որ ընդգրկում է Տյուտչևի գրական ժառանգության, մեծ սիրո պատմության, մտերիմ մարդկանց հետ առնչությունների, մանավանդ հայ գործիչների հետ ունեցած պետերբուրգյան կապերի և, ընդհանրապես, պոետի կյանքի հետ կապված աննշան իսկ մանրամասնություններ: Այդ թեմայով գրված բանաստեղծություններից մեկը ռուսներին հայտնի է դարձել Տյուտչևի մահից հետո՝ Ջանշիևի հրատարակած ժողովածուով: Պապայանն այս միջադեպն առանձնակի է ուսումնասիրել` կարծիք հայտնելով, թե` «Նա հատկապես հայերի համար է գրել ու տվել նրանց` օգտագործեք, ինչպես կարող եք»: Պապայանն ամենայն խնամքով ու հետևողականորեն է ուսումնասիրել, թարգմանել ու ծանոթագրություններում վերլուծել Տյուտչևի այն բանաստեղծությունները, որոնք, կարելի է այսպես ասել, հակաթուրքական, հակաեվրոպական ուղղվածություն ունեն և, այսպես ասած, ինչ-որ խաղերի մեջ են մահմեդական աշխարհի հետ: Այդ բանաստեղծություններից մեկը կոչվում է «Արդիական», որը կապվում է Թուրքիայում Կրետեի ապստամբության և Բալթիաց-սլավոնների ճնշումների հետ: Կոնկրետ ասվում է Թուրքիայի կողմից քրիստոնյաների ճնշումների մասին, ա՛յդ առումով է հակաթուրքական և ոչ թե էթնիկ առումով: Այս վկայությունները հաստատում են, որ վերոհիշյալ այդ մի քանի բանաստեղծությունները Տյուտչևը հատուկ հայերի համար է գրել, և դրանք մեր պատմությանն են վերաբերում:

Թարգմանական արվեստում Պապայանը շատ ազատ էր գործում. նա դժվարություն չուներ և՛ հայերենից ռուսերեն, և՛ ռուսերենից հայերեն թարգմանելիս: Այս պարագայում համոզված ասենք` եթե պոեզիա թարգմանողը բանաստեղծ է, կարելի է ասել` համարյա թե բնագիր ես կարդում:

Պապայանը նույն ազատ ստեղծագործողն է, երբ հայերենից ռուսերեն է թարգմանում: Զարմանալ կարելի է, թե ինչպես են ռուսերեն թարգմանվում Մեծարենցի գործերը, որոնք կարծես թե զուտ հայ ընթերցողի համար են գրված.

У края полевой дороги

Иль у подножья гор высоких

Мне хижиной стоять бы долго

И всех прохожих ожидать.

 

(Ախ, ըլլայի, ըլլայի,

Ճամփու մը վրա,

Կամ ստորոտը լեռան,

Ուղևորին սպասող հյուղն ըլլայի):

Թարգմանական արվեստի կատարյալ նմուշ է Պապայանի թարգմանությամբ հրատարակված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն»-ը, որտեղ, «Հավելվածներ» բաժնում, զետեղել է նաև Կոմիտասի 25 բանաստեղծությունները: Թարգմանչի աննախադեպ խիզախ վարմունք, որով ցանկացել է ռուս ընթերցողին հընթացս ծանոթացնել նաև Կոմիտասի գրական գործերին: Ավելին, հավելել է նաև Կոմիտասի «Լոռու գութաներգը» հոդվածը, փառահեղ վերլուծություն, որտեղ առանձին-առանձին բաժիններով ներկայացվում են երգի մեղեդայնությունը, ռիթմը, չափը, տաղաչափությունը: Միով բանիվ` ներկայացվում է, թե բնական հնչյուններից ինչպես կարող է երգ ծնվել: Եվ այս ամենը` ռուս ընթերցողի համար, ով համարյա թե ծանոթ չէ Կոմիտասին ու հայ ֆոլկլորային երգին: Բեղուն, շա՜տ բեղուն էր Պապայանի գրիչը. միայն վերջին երեք տարում թարգմանական չորս գիրք, գրականագիտական երկու բարդ ուսումնասիրություն, որից մեկը` Ալեքսանդր Պուշկինի «Տազիթ» բանաստեղծության թարգմանությունն ու վերլուծությունը: Եվ դա արվեց հատկապես «Ты раб, ты трус, ты армянин». նախադասությունը մեկնաբանելու համար: Սա առանձին թեմա է` մանրամասնելու կարոտ:

 

ԳՐԱԿԱՆ ՀՈՒՆՁՔ

«Ազգային ոտանավորի համեմատական տիպաբանություն» (Եր., 1980), «Տագնապներ» քնարական հավաքածու» (Եր., 1991), «Տեռորի դիմակները» (Եր., 1992), «Քնարերգություն» (Եր., 1997), «Աստվածաշունչը և մարդու հիմնական իրավունքները» (Եր., 2000), «Օկուջավա. «Գիշերային զրույց» (Եր., 2000), «Դատարանը` աստվածաշնչյան իմաստավորմամբ» (Եր., 2001), «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները» (հայերեն` Էջմիածին, 2002, ռուսերեն` Մոսկվա, 2002), «Անահիտին». մանկական բանաստեղծություններ» (Եր., 2002), «Միսաք Մեծարենց» (Եր., 2005), «Տյուտչև. «Քնարերգություն» (Եր., 2006), «Օկուջավա. «Տողեր և տաղեր» (Ե., 2008) «XX դարի հայ պոեզիայի ընտրանի» (Մոսկվա, 2008), «Պարույր Սևակ. «Անլռելի զանգակատուն» (Եր., 2009), «Թռիչք. բանաստեղծություններ» (Եր., 2010):

...Այս անհանգիստ մարդը, որ նաև առողջական խնդիրներ ուներ, ՍԴ-ում իր բարեխիղճ աշխատանքին զուգահեռ` շարունակ մի նոր գործ էր ձեռնարկում ու շտապում էր, շարունակ շտապում: Ո՞ւր էր շտապում, ինչո՞ւ էր շտապում` միայն Աստված ու ինքը գիտեին: Հիմա արդեն մենք էլ իմացանք, թե ուր էր շտապում. նա գնում էր երկնային այն հեռուները, ուր հավերժի ճամփորդների համար նախատեսված վայրում ինքն իր արժանի տեղն ունի:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am