Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Հունվար 2011, N 1

Լ.Ն.ՏՈԼՍՏՈՅ

ԱԼՅՈՇԱ ԿՃՈՒՃԸ

Ալյոշկան փոքր եղբայրն էր։ Նրա անունը Կճուճ էին դրել, այն պատճառով, որ մայրը նրա հետ մի կճուճ կաթ էր ուղարկել սարկավագուհուն, իսկ նա սայթաքել էր ու ջարդել կճուճը։ Մայրը ծեծեց նրան, իսկ տղաները սկսեցին ծաղրել,- «Կճուճ» անվանել։ Ալյոշկա Կճուճ,- այդպես էլ մնաց նրա մականունը։

Ալյոշկան նիհար տղա էր, երկար ու լայն ականջներով (ականջները ցցված էին ինչպես թևեր), ու քիթն էլ մեծ էր։ Տղաները ձեռ էին առնում՝ «Ալյոշկայի քիթը   ոնց որ շունը բլուրի վրա»։ Գյուղում դպրոց կար, բայց Ալյոշային չհաջողվեց սովորել, ու ժամանակ էլ չուներ սովորելու։ Մեծ եղբայրը ապրում էր մի վաճառականի մոտ, քաղաքում, ու Ալյոշկան փոքր հասակից սկսեց օգնել հորը։ Նա 6 տարեկան էր, ու արդեն փոքրիկ քրոջ հետ արոտավայրում հսկում էր ոչխարներին ու կովին, թե՛ ցերեկը և թե՛ գիշերը։ Տասներկու տարեկանից նա արդեն վար էր անում ու բեռ կրում։ Ուժ չուներ, բայց հնարը գիտեր։ Նա միշտ էլ ուրախ էր։ Տղաները նրա վրա ծիծաղում էին. նա լռում էր կամ ծիծաղում։ Եթե հայրը նախատում էր, նա լռում էր ու լսում։ Ու հենց որ դադարեցնում էին նրան նախատելը, նա ժպտում էր ու ձեռնամուխ լինում այն գործին, որը հանձնարարված էր իրեն։

Ալյոշան 19 տարեկան էր, երբ նրա եղբորը զինվոր տարան։ Հայրը Ալյոշային եղբոր փոխարեն դռնապան կարգեց վաճառականի մոտ։ Ալյոշային տվին եղբոր հին սապոգները, հոր գդակը, անթև բաճկոնը, ու տարան քաղաք։ Ալյոշան շատ ուրախ էր իր հագուստի համար, բայց վաճառականը նրա տեսքից դժգոհ մնաց։

- Ես կարծում էի, որ Սեմյոնի փոխարեն կարգին մարդ կուղարկես,- ասաց վաճառականը՝ նայելով Ալյոշային,- իսկ դու այս ի՞նչ խլնքոտն ես բերել ինձ։ Սա ինչի՞ է պետք։

- Սա ամեն բան կարող է անել- ձի է՛լ կլծի, ո՛ւր պետք է կերթա, աշխատելու էլ սեր ունի։ Սա մենակ տեսքով է ճլորած։ Թե չէ ուժով է։

- Դե, արդեն տեսնում եմ։

- Շատ էլ խոնարհ է։ Աշխատելու համար մեռած է։

- Ի՞նչ արած։ Թող մնա։

Ու Ալյոշան սկսեց ապրել վաճառականի մոտ։

Վաճառականի ընտանիքը մեծ չէր. տանտիրուհին, պառավ մայրը, ամուսնացած ավագ որդին, որը հոր հետ գործի մեջ էր, ու մյուս ուսյալ որդին, որը ավարտել էր գիմնազիան ու եղել համալսարանում, բայց այնտեղից նրան արտաքսել էին ու նա տանն էր ապրում, ու մեկ էլ գիմնազիստուհի աղջիկը։

Սկզբում Ալյոշկան դուր չեկավ. շատ անտաշ էր ու վատ հագնված, վարվեցողություն էլ չուներ, բոլորին էլ «դու» էր ասում, բայց շուտով ընտելացան նրան։ Նա եղբորից էլ լավ էր ծառայում։ Իրոք որ խոնարհ էր, բոլոր գործերի համար նրան էին ուղարկում, ամեն բան նա սիրով ու արագ էր անում, առանց կանգ առնելու մի գործից անցնում մյուսին։ Ու ինչպես տանը, այնպես էլ վաճառականի մոտ Ալյոշայի վրա էին բարդվում բոլոր աշխատանքները։ Որքան նա շատ բան էր անում, այնքան շատ գործ էին բարդում նրա վրա։ Տանտիրուհին է՛լ, տանտիրոջ մայրն է՛լ, տանտիրոջ աղջիկն է՛լ, տանտիրոջ տղան է՛լ, գործակատարն է՛լ, խոհարարուհին է՛լ, բոլորն էլ նրան մերթ այստեղ, մերթ այնտեղ էին ուղարկում, ստիպում անել մերթ այս, մերթ այն գործը։ Հենց միայն լսում էր՝ «վազ տուր, աղբերս», կամ՝ «Ալյոշա, դու այդ սարքիր.- Այդ ի՞նչ է, Ալյոշկա, մոռացե՞լ ես հը՞.- Տե՛ս չմոռանաս, հա՛-ա, Ալյոշա»։ Ու Ալյոշան վազ էր տալիս, սարքում և չէր մոռանում, և՛ ամեն ինչ հասցնում էր, և՛ շարունակ ժպտում։

Եղբոր սապոգները նա շուտով մաշեց, ու տանտերը նրան մի լավ հայհոյեց, որ նա ման էր գալիս քրքրված սապոգներով ու մերկ մատներով, ու հրամայեց շուկայում նրա համար նոր սապոգներ գնել։ Սապոգները նոր էին, ու Ալյոշան ուրախանում էր դրանցով, բայց ոտները դեռ հին էին ու իրիկնադեմին ցավում էին վազվզոցից, և նա բարկանում էր սապոգների վրա։ Ալյոշան վախենում էր, որ չլինի՞ թե հայրը գա նրա աշխատած փողը ստանալու, նեղանա այն պատճառով, որ վաճառականը նրա ռոճիկից դուրս կգա սապոգների արժեքը։

Ձմռանը Ալյոշան դեռ չլուսացած վեր էր կենում, փայտ ջարդում, հետո մաքրում բակը, կեր էր տալիս կովին, ձիուն, ջրում էր դրանց։ Հետո վառում էր վառարանները, մաքրում տանտերերի կոշիկները, հագուստը, ինքնաեռ էր գցում, մաքրում դրանք, հետո կամ գործակատարն էր նրան կանչում ապրանք հանելու, կամ խոհարարուհին էր նրան հրամայում խմոր հունցել, կաթսաները մաքրել։ Հետո նրան քաղաք էին ուղարկում մերթ երկտողով, մերթ տանտիրոջ աղջկան գիմնազիայից բերելու, մերթ պառավի համար ձիթապտղի յուղ գնելու։ «Ո՞ւր ես կորել, անիծված»,- ասում էր նրան մերթ մեկը, մերթ մյուսը։ «Ինչո՞ւ դուք ինքներդ գնաք. Ալյոշան վազ կտա. Ալյո՛շկա, ա՛յ Ալյո՛շկա»։ Ու Ալյոշան վազ էր տալիս։

Նա ոտքի վրա էր նախաճաշում, իսկ բոլորի հետ ճաշել հազվադեպ էր կարողանում։ Խոհարարուհին նրան նախատում էր, որ նա բոլորի հետ ճաշի չի գալիս, բայց այնուամենայնիվ, խղճում էր նրան ու նրա համար տաք կերակուր էր թողնում թե՛ ճաշին և թե՛ ընթրիքին։ Առանձնապես շատ աշխատանք էր լինում տոներից առաջ ու տոների ժամանակ։ Ու Ալյոշան տոներին ուրախանում էր մանավանդ այն պատճառով, որ տոներին նրան թեյադրամ էին տալիս, թեև քիչ. հավաքվում էր մի 60 կոպեկ, բայցևայնպես, այդ հո նրա փողն էր։ Նա կարող էր այդ փողը ծախսել, ինչպես ուզենար։ Իսկ իր ռոճիկը չէր է՛լ տեսնում։ Հայրը գալիս էր, վերցնում վաճառականից ու Ալյոշկային միայն կշտամբում էր, որ նա սապոգները շուտ էր մաշել։

Երբ Ալյոշան 2 ռուբլի «թեյադրամ» հավաքեց, խոհարարուհու խորհրդով մի կարմիր, գործած կուրտկա առավ ու երբ հագավ, հաճույքից բերանը բաց մնաց։

Ալյոշան քիչ էր խոսում, ու երբ խոսում էր, միշտ էլ իր խոսքը կցկտուր ու կարճ էր լինում։ Ու երբ նրան հրամայում էին մի բան անելու կամ հարցնում էին, թե արդյոք կարո՞ղ է այս ու այն գործն անել, նա միշտ էլ առանց ամենաչնչին տատանման ասում էր՝ «Այդ բոլորն էլ կարելի է», ու իսկույն վրա էր պրծնում գործը կատարելու, և կատարում էր։

Նա ոչ մի աղոթք չգիտեր. ինչ որ սովորեցրել էր մայրը, մոռացել էր, բայցևայնպես աղոթում էր թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան,- աղոթում էր ձեռներով, խաչակնքելով։

Այսպես, Ալյոշան ապրեց մեկուկես տարի, և այստեղ, երկրորդ տարվա երկրորդ կեսին նրա կյանքում ամենաանսովոր մի դեպք պատահեց։ Այդ դեպքը այն էր, որ նա զարմանալով իմացավ, որ բացի մարդկանց այն հարաբերություններից, որոնք լինում են միմյանց կարիքը զգալուց, կան նաև բոլորովին առանձնահատուկ հարաբերություններ. ոչ այն, որ մարդուն հարկավոր էր մաքրել կոշիկները կամ գնած ապրանքը տեղ հասցնել, կամ ձի լծել, այլ այն, որ մարդը հենց այնպես, առանց այդպիսի բաների հարկավոր է մի ուրիշ մարդու, հարկավոր է նրան ծառայել, նրան փայփայել, և որ ինքը, Ալյոշան հենց այդ մարդն է։ Նա այդ իմացավ խոհարարուհի Ուստինյայի միջոցով։ Ուստյուշան որբ էր, ջահել, նույնպիսի աշխատող, ինչպես և Ալյոշան։ Նա սկսել էր խղճալ Ալյոշային, ու Ալյոշան առաջին անգամ զգաց, որ ինքը, հենց ինքը, ոչ թե իր ծառայությունները, այլ հենց ինքը հարկավոր է մի ուրիշ մարդու։ Երբ մայրը նրան խղճում էր, նա այդ չէր նկատում, նրան թվում էր, որ դա այդպես էլ պետք է լինի, որ դա միևնույն է, թե ինքն է իրեն խղճում։ Բայց այստեղ նա հանկարծ տեսավ, որ Ուստինյան բոլորովին օտար է, բայց խղճում է նրան, կճուճի մեջ յուղով կաշա է թողնում նրա համար, ու երբ նա ուտում է կզակը քշտած ձեռքին հենելով, Ուստինյան նայում է նրան։ Ինքն էլ նայում է Ուստինյային, ու վերջինս ծիծաղում է, Ալյոշան էլ է ծիծաղում։

Դա մի այնպիսի նոր ու տարօրինակ բան էր, որ սկզբում վախեցրեց Ալյոշային։ Նա զգաց, որ դա իրեն խանգարում է այնպես ծառայելու, ինչպես նա ծառայում էր։ Բայցևայնպես նա ուրախ էր, ու երբ նայում էր Ուստինյայի կարկատած իր շալվարին, օրորում էր գլուխն ու ժպտում։ Աշխատելիս կամ քայլելիս նա հաճախ հիշում էր Ուստինյային ու ասում՝ «Այ-հա՜, Ուստինյա»։ Ուստինյան օգնում էր նրան, որտեղ որ կարող էր, ու նա էլ օգնում էր Ուստինյային։ Վերջինս նրան պատմեց իր կյանքը, թե ինչպես էր որբացել, ինչպես նրան իր մոտ էր վերցրել մորաքույրը, ինչպես էր ուղարկել քաղաք, ինչպես էր վաճառականի որդին նրան համոզում հիմար բան անել և ինչպես ինքը կոթել էր նրան։ Ուստինյան սիրում էր խոսել, իսկ Ալյոշայի համար հաճելի էր նրան լսել։ Ալյոշան լսել էր, որ քաղաքներում հաճախ պատահում է, որ մուժիկ մշակները ամուսնանում են խոհարարուհիների հետ։ Ու մի անգամ Ուստինյան հարցրեց, թե նրան ե՞րբ են ամուսնացնելու։ Ալյոշան ասաց, որ չգիտի և ցանկություն չունի գյուղում կին առնել։

- Մեկի վրա ա՞չք ես դրել, հը՞,- ասաց Ուստինյան։

- Ես քեզ կառնեի։ Իսկ դու ինձ կուզե՞ս։

- Հլա տես, ա՛խ դու Կճուճ, Կճուճ, ոնց էլ սիրտ արավ ասելու,- պատասխանեց Ուստինյան՝ երեսսրբիչը խփելով նրա մեջքին.- Դե, ինչի՞ չեմ ուզի որ։

Բարեկենդանին ծերուկը քաղաք եկավ Ալյոշայի ռոճիկը ստանալու։ Վաճառականի կինը իմացել էր, որ Ալյոշան մտադրվել է ամուսնանալ Ուստինյայի հետ, ու այդ նրան դուր չեկավ։ «Կհղիանա, երեխայով էլ ինչի՞ պետք կլինի»։ Ու նա այդ ասաց ամուսնուն։

Տանտերը փողը տվեց Ալյոշայի հորը։

- Ո՞նց է, իրեն լա՞վ է պահում տղես,- հարցրեց մուժիկը.- Ասում էի՝ խոնարհ է։

- Խոնարհը խոնարհ է, բայց հիմար բան է մտածել։ Մտադրվել է ամուսնանալ խոհարարուհու հետ։ Իսկ ես ամուսնացածներին չեմ պահի։ Դա մեզ հարմար չէ։

- Հիմա՛ր, հիմար, տես թե խելքին ինչ է փչել,- ասաց հայրը։- Դու հանգիստ կաց։ Ես նրան կհրամայեմ, որ դրանից ձեռ քաշի։

Գալով խոհանոց՝ հայրը նստեց սեղանի մոտ, սպասեց որդուն։ Ալյոշան գործով դես-դեն էր վազում, ու վերադարձավ հևալով։

- Ես կարծում էի, թե դու կարգին տղա ես։ Իսկ դու ի՞նչ բան ես մտածել, հը՞,- ասաց հայրը։

- Ոչինչ էլ չեմ մտածել։

- Ո՞նց թե ոչինչ։ Ուզեցել ես ամուսնանալ։ Ես կամուսնացնեմ, երբ ժամանակը կգա, ու կամուսնացնեմ ում հետ որ պետք է, և ոչ թե քաղաքի փուչ աղջկա հետ։

Հայրը շատ խոսեց։ Ալյոշան կանգնել էր ու հոգոց էր հանում։ Երբ հայրը վերջացրեց, Ալյոշան ժպտաց։

- Ի՞նչ կա որ, կարելի է և թողնել այդ բանը։

- Բա՛ս, իհարկե։

Երբ հայրը գնաց ու նա Ուստինյայի հետ մենակ մնաց, ասաց նրան (Ուստինյան կանգնել էր դռան հետևում ու լսում էր, երբ հայրը խոսում էր որդու հետ).

- Մեր գործը ոնց որ թե գլուխ չեկավ։ Լսեցի՞ր։ Հերսոտեց, հակառակ է։

Ուստինյան գոգնոցը տարավ աչքերին, անխոս լաց եղավ։

Ալյոշան լեզուն տրաքացրեց։

- Ո՛նց չհնազանդվես։ Երևում է, որ պետք է ձեռ քաշել։

Երեկոյան, երբ վաճառականի կինը կանչեց Ալյոշային, պատուհանների փեղկերը ծածկելու, ասաց նրան.

- Հը՛, լսեցի՞ր հորդ, թողի՞ր հիմարություններդ։

- Պարզ է, որ թողի,- ասաց Ալյոշան, ծիծաղեց ու միևնույն ժամանակ լաց եղավ։

Այդ ժամանակներից Ալյոշան Ուստինյայի հետ էլ չէր խոսում ամուսնության մասին ու ապրում էր հին ձևով։

Պասի ժամանակ գործակատարը նրան ուղարկեց կտուրի ձյունը մաքրելու։ Ալյոշան բարձրացավ կտուրը, ամբողջովին մաքրեց ձյունը, սկսեց պոկոտել ջրորդանների մոտ կպած սառույցը, ոտները սայթաքեցին, և նա բահը ձեռքին ցած ընկավ։ Դժբախտաբար ընկավ ոչ թե ձյան մեջ, այլ երկաթով պատած ելքի վրա։ Ուստինյան ու տանտիրոջ աղջիկը մոտ վազեցին։

- Հո չջարդվեցի՞ր, Ալյոշա։

- Ջարդվե՞լս որն է։ Բան չկա։

Նա ուզեց վեր կենալ, բայց չկարողացավ ու սկսեց ժպտալ։ Նրան տարան դռնապանի սենյակը։ Եկավ բուժակը։ Նայեց նրան ու հարցրեց, թե ո՛ր տեղն է ցավում։

- Ամեն տեղս էլ ցավում է, ամա ոչինչ։ Մենակ թե աղան կնեղանա։ Պետք է հորս իմաց տալ։

Ալյոշան երկու օր պառկեց, երրորդ օրը մարդ ուղարկեցին տերտերին կանչելու։

- Այդ ի՞նչ է, հո չե՞ս մեռնելու,- հարցրեց Ուստինյան։

- Ի՞նչ կա որ, հո բոլորս էլ չե՞նք ապրելու, մի օր հո պետք է մեռնել,- ինչպես միշտ, արագ ասաց Ալյոշան։- Շնորհակալ եմ, Ուստյուշա, որ խղճում էիր ինձ։ Ա՛յ, լավ եղավ, որ չթողեցին ամուսնանալ, թե չէ ի՞նչ դուրս կգար։ Հիմի ամեն բան լավ է։

Տերտերի հետ նա աղոթում էր միայն ձեռներով ու սրտով։ Իսկ նրա սրտում այն միտքն էր, թե այստեղ որքան լավ է, երբ հնազանդ ես լինում ու մարդու չես նեղացնում, այսպես այնտեղ էլ լավ կլինի։

Նա քիչ էր խոսում։ Միայն ջուր էր խնդրում ու շարունակ ինչ-որ զարմանում։

Զարմացավ ինչ-որ բանի վրա, ձգվեց ու մեռավ։

1903,  թարգմ.՝ Հ. Մազմանյան

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am