Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Հունվար 2011, N 1

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՅՈՒՐԻ ՆԵՐՍԵՍՈՎ

ԽՈԴՈՐԿՈՎՍԿԻԱԽԵՎԵՐԸ

(նյութի մշտական հասցեն` – http://www.apn.ru/publications/article23566.htm)

25.01.2011

Կարելի՞ է արդյոք պատկերացնել այնպիսի մերկացնողի, որը, բացականչելով` «Չի կարելի աղոթել Հերովդես արքայի համար, Աստվածամայրը թույլ չի տալիս», արքայության կոչի մի ինչ-որ Կուրբսկու կամ Գրիշկա Օտրեպևի։ Իվանի Ռուսիայում նման բանի համար պարզապես կայծակնահար կանեին, բայց, բարեբախտաբար, մենք ավելի մարդասիրական ժամանակներում ենք ապրում, և պատիժն անարյուն կլինի։ Երբ խևության հավակնող պերսոնաժը փորձում է իրեն երկրային կուռք կերտել, նա անմիջապես պապանձվում է, և այնպիսի բարբաջանք է ստացվում, որ կուռքի գովաբանությունը վերածվում է ծաղրուծանակի։

Մինչ երգիչ Յուրի Շևչուկը մարտնչում էր ստորացվածների ու անարգվածների համար` մեծ քեռիներին թեթևակիորեն անկապ, բայց անկեղծ ազատության, հումանիզմի և ողջ աշխարհում խաղաղության հորդոր կարդալով, Աստծո կայծն իջավ նրա վրա։ Հենց այդ ժամանակ ի հայտ եկան «Երբ կվերջանա նավթը» և «ԱԴԾ գեներալին հյուր» երգերը, որոնք մեր կյանքը հասկանալու համար ավելին են տալիս, քան հաստափոր գիտական երկերը։ Բայց վերջերս Շևչուկին հարցրին, թե ում է տեսնում Ռուսաստանի նախագահի պաշտոնում, և նա տվեց ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին տեր, իսկ այժմ` պարզապես զեկ Միխայիլ Խոդորկովսկու անունը։

«Ինձ թվում է, որ նա արժանավոր մարդ է` Սոդոմ-Գոմորն անցած մեկը,- ապշահար զրուցակիցներին հայտարարել է Յուրի Յուլիանովիչը։- Մարդն աշխարհի գագաթին էր, ուներ ամեն ինչ և այդ ամենը կորցրեց։ Իջավ մինչև հատակը և չկոտրվեց։ Կարդալով նրա նամակները` ես տեսնում եմ ապաշխարած մարդու մաքրագործված հոգին։ Նրա ճակատագիրն անհավանական է։ Դրա շնորհիվ նա վերից վար գիտի մեր համակարգը։ Եվ միևնույն ժամանակ, փայլուն տնտեսագետ է ու կազմակերպիչ։ Կարծում եմ` նա կկարողանար գլուխ հանել նաև նախագահությունից։ Ճակատագիրը Խոդորկովսկուն նվիրել է զգայական կապ բանտախցերի նառերի վրա տառապող ոչ փոքրաթիվ հասարակ ժողովրդի հետ։ Դա թանկ արժե»։

Կրեմլյան ոչ մի վարձկան չէր կարողացել այսպես ցինիկաբար թքել շնորհազրկված օլիգարխի հոգու խորքը։ Գող, մարդասպան և ամերիկյան սիոնիզմի գործակալ խարանել նրանք կարող են, բայց զգայական կապ վերագրել ժողովրդի հետ Սոդոմ-Գոմորի միջոցով` հոգու թռիչքը չէր բավականացրել։ Մի փոքր ավելի ուշ կրեմլյան աբորտի պատանի զոհերը փորձեցին նույն կերպ ծաղրել նաև Պուտինի նախկին ագիտատոր Բորիս Նեմցովին և 15 օր կալանք ստացան։ Բայց նրանց ունայն վազվռտուքը բանտի շուրջ` փետրահան արված աքլորը թևների տակ, խեղճուկրակ բանագողություն էր թվում։ Շևչուկի հարվածը ոչ միայն շատ ավելի հուժկու էր, այլ նաև երկակի լիցք ուներ։ Մինչ Միխայիլ Բորիսովիչն ապացուցում էր իր անմեղությունը, Յուրի Յուլիանովիչը` պայծառացած, նրան ապաշխարած հայտարարեց, այսինքն` մեղավոր, որը խոստովանել էր իր մեղքերը։ Ինչպես ասում են` լավություն արեց հենց դատից առաջ։

Մեկ ամիս անց աստվածային ուժերն իրենց բարեհաճությունից զրկեցին ևս մեկ Խոդորկովսկիախևի։ Ի՞նչը կարող է ավելի բարձր լինել ռուսական իշխանության ուղղահայացից։ Միայն երկնային հիերարխիան, որի մեջ պոետ Դմիտրի Բիկովը, առանց տատանվելու, ներառել է դատապարտյալին և նրա հանցակից Պլատոն Լեբեդևին։ Դիմելով գործը քննող դատավոր Դանիլկինին` հանգաթուխը, որը սովորաբար հեգնանքով է գրում նույնիսկ ամենաողբերգական իրադարձությունների մասին, թքախառն այնպիսի էքստազի մեջ էր ընկել, որ ստալինյան Գրողների միության պնակալեզներն անգամ երազել չէին կարող։ «Պատմությունը մեկ անգամ չէ, որ տրորել, բայց կրկին ճամբաժան է խոստանում մեզ` դժբախտներիս. ձեր դատավճիռը կսպանի վերջին շանսը, կամ ինքը կդառնա այդ շանսը վերջին», «բայցևայնպես, սրբությամբ ու փառքով չեք համեմատվի դատապարտյալների հետ այս երկու», «պատմությունն աչառու է և դաժան, և լուսապսակների է դատապարտել նրանց արդեն»...

Լուսապսակ սուրբ Միխայիլը և մեծ մարտիրոս Պլատոնը, որոնց հանդեպ կայացված դատավճռից է կախված Ռուսաստանի գոյության վերջին շանսը։ Մինչ այս, այսքան խորանում էին սոսկ Բորիս Յակեմենկոյի տիպի կրեմլյան «ուղղափառ» ծաղրածուները, որոնք սիրելի ֆյուրերին համեմատում էին Քրիստոսի հետ։ Այժմ այս «ախպերությանը» թափով ու ախորժակով միացել է ձիրքով նրանց հետ համեմատվող Դմիտրի Լվովիչը։

Պատկերը նույնն է մյուս խևերի պարագայում ևս։ Բարձրագույն ատյանները գիլիոտինի անողոքությամբ նրանց հատում են ոգեշնչման աղբյուրներից։ Ոմանց` անհապաղ, մյուսներին` աշխարհիս այլ տիրակալների առջև պնակալեզության համար, բայց բոլորն ստանում են իրենցը։ «Մեծ պատիվ և ճակատագրի պարգև է գրողի համար այնպիսի ընթերցող ունենալը, ինչպիսին Դուք եք»,- քծնանքով դատապարտյալին գրում է Բորիս Ստրուգացկին. համեմատեք այն, ինչ նա փորձում է իրենից «քամել» վերջին տարիներին, և «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը»։ Արդեն մի քանի տասնյակ հոդվածներում Միխայիլ Բորիսովիչին փառաբանում է Յուլյա Լատինինան, բայց դրանք բոլորն էլ չարժեն 1999թ. նրա գրած տեքստի ամփոփիչ պարբերությունը, որը մաթեմատիկական ճշգրտությամբ գուշակում էր, թե ուր է գլորվելու ՅՈՒԿՕՍ-ը և դատավճիռ կայացնում նրա տիրոջ հանդեպ։

Բարիքազրկված գրողների ցանկը կարելի է երկար շարունակել։ Դրանց մեջ երևի թե չի հայտնվում տարեց այս կին գրողը, որը դիմում է պատրաստում նախագահին այն քաղաքացիների անունից, որոնք ցանկանում են մաս առ մաս նստել Խոդորկովսկու ժամկետը։ Նրա գրական նվաճումների գագաթնակետը դեռ խորհրդային տարիներին հրապարակած պատմվածքն էր այն մասին, որ անհրաժեշտ է կերակրել և սիրաշահել այն հրեշին, որը կեղտոտում էր բնակարանդ, և որ դաժան պատիժ էր սպասվում նրան, ով կխախտեր կեղտոտելու նրա իրավունքը։ Զարմանալի չէ, որ սույն պարագայում նա ձիրքը չի կորցրել, քանզի կորցնելու բան չկար։

Հասկանալի է, որ նստողների ոչ մի թեկնածուի չեն պարտադրի պատասխանել «բազարի» համար։ Նավթային կուռքին պաշտպանող երկտողերի հեղինակներին անգամ խորհրդանշական ճնշումներ չեն սպառնում, ինչը հատկապես երևում է հեռուստաէկրանից վայր չիջնող Բիկովից։ Եվ Քոնդոլիզա Ռայսի (որը Լատինինային «Ազատության պաշտպան» մրցանակ շնորհեց) տիպի արտասահմանյան բարերարների համբուրգերներն ամենևին էլ պուտինյան ջեռոցի կուլեբյականերից ու ռաստեգաևներից վատը չեն։

Խոդորկովսկիախևությունն անվտանգ և շահավետ գործ է, որը, միևնույն ժամանակ, նաև ամբողջատիրության դեմ պայքարին մասնակից լինելու հաճելի զգացողություն է բերում։ Այնուամենայնիվ, մասնակիցների ցանկերն առայժմ կարճ են։ Ինչ-որ մեկին զսպում է շնորհը կորցնելու վախը, ինչ-որ մեկը չի ցանկանում խամաճիկ երևալ իրեն հավասարապես խորթ գիշակերների գզվռտոցում։ Չէ՞ որ ՅՈՒԿՕՍ ընկերության շուրջ ծագած կոնֆլիկտի էությունը ջրի երես դուրս եկավ մագնատի ձերբակալությունից անմիջապես հետո և վերածվեց կոպիտ, բայց իսկական անեկդոտի։ Որի համաձայն, ձեռնաշղթաների մեջ հայտնվելով` բիզնեսմենն անմիջապես զանգահարում է նախագահին և հարցնում, թե ինչու են իրեն բռնել, եթե վճարել է գողացված յուրաքանչյուր միլիոնի պայմանավորված տոկոսը։ «Դու վճարել ես այնքան, որքան պայմանավորվել ենք,- հաստատել է նախագահը,- և դրա համար ես քեզ թույլատրել էի կ...ել ինչքան ուզում ես։ Բայց որ դրա հետ միասին նաև ափեղ-ցփեղ դուրս տաս, դրա մասին խոսակցություն չէր եղել»։

Տեսականորեն, այն ժամանակ խաղաթղթերը կարող էին նաև այլ կերպ բացվել, գուցեև երբևէ բացվեն էլ։ Այդ ժամանակ մենք կլսենք արդեն Պուտինախևերի հայտնությունները, բայց նրանք, ի տարբերություն Շևչուկի, Բիկովի կամ Լատինինայի, կարող են չվախենալ։ Ինչպես արդեն ասվեց, բարձրագույն ոչ մի ուժ չի կարող զրկել տաղանդից, որը երբեք չի տվել։

 

ԱՐՏԵՄԻ ԿԱԼԻՆՈՎՍԿԻ

Ա ԼԱ ԳՈՐԲԱՉՈՎ ՏԵՍԱԿԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(նյութի մշտական հասցեն՝ http://www.foreignaffairs.com/node/67183)

19.01.2011

Վերջին ամիսներին, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դժվարությամբ է կյանքի կոչում իր օրենսդրական պլանները, իսկ նրա կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, մեկնաբանները սկսել են դիմել ամենազանազան պատմական համեմատությունների և փոխաբերությունների։ Ամերիկյան նախկին նախագահների՝ Թրումենի, Քարթերի, Ջոնսոնի, Ռեյգանի և Քլինթոնի հետ Օբամայի համեմատություններն, իհարկե, իրենց արժանիքներն ունեն, բայց մեզնից ոչ ոք չնկատեց ինտրիգ պարունակող մի զուգահեռ. Օբամայի համեմատությունը Միխայիլ Գորբաչովի հետ։ Իսկ այստեղ ուշագրավ է երկու նմանություն։ Առաջինը վերաբերում է Օբամայի և Գորբաչովի քաղաքական բնազդներին, արժանիքներին և դժբախտություններին, իսկ երկրորդը՝ Աֆղանստանի և ընդհանրապես արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին։

Օբաման և Գորբաչովը եկան իշխանության, որովհետև նրանց երկրների հասարակություններում փոփոխությունների միահամուռ ձգտում էր առաջացել, իսկ նրանց նախնական ձգողական ուժը հենվում էր մասամբ այդ մարդկանց՝ քաղաքական ողջ սպեկտրի աջակցությունն ունենալու կարողության վրա։ Ինչ վերաբերում է Գորբաչովին, ապա նրան աջակցում էին բոլորը՝ «կոնսերվատիվ» ռեֆորմատորներից (որոնք հանդես էին գալիս սահմանափակ տնտեսական բարեփոխումների, այլ ոչ թե քաղաքական ազատականացման օգտին) մինչև ԽՄԿԿ-ի և խորհրդային կառավարության ամենաազատական և արևմտյան կողմնորոշում ունեցող անդամները։ Օբաման նույն կերպ կարողացավ դուր գալ «անկախ» ընտրողներին և կրթյալ մարդկանց (որոնք հանդես էին գալիս ոչ նշանակալի ավտոնոմ ռեֆորմների օգտին), ինչպես նաև առաջընթացի ակտիվ կողմնակիցներին (որոնք ավելի մասշտաբային պլաններ էին փայփայում)։

Գորբաչովը, ինչպես և Օբաման, ի բնե խաղաղարար բնավորություն ունի, և նա հնարավորինս միշտ ոսկե միջինն էր փնտրում։ Տնտեսության, արտաքին քաղաքականության և քաղաքական իշխանության հիմնախնդիրները լուծելով՝ նա ջանում էր կոնսենսուսի հասնել, իր առավել ազատական կողմնակիցների գաղափարներն առաջ մղելու փոխարեն։ Օբամայի վերաբերմունքը տնտեսության խթանման միջոցների և առողջապահության ռեֆորմի նկատմամբ շատ նման է գորբաչովյան մոտեցմանը. որևէ ծրագիր առաջ մղելու փոխարեն նա փոխզիջումներ էր փնտրում, որոնք կարող էին գրավել Հանրապետական կուսակցության գոնե մի հատվածին։

Մի ինչ-որ ժամանակ Գորբաչովին հաջողվեց իր կողքին պահել հին կոմունիստական գվարդիայի առավել կոնսերվատիվ կերտվածքի մարդկանց, ինչպիսիք էին Եգոր Լիգաչովը և ՊԱԿ ղեկավար Վլադիմիր Կրյուչկովը։ Քանի դեռ նրանք հավատում էին, որ Գորբաչովը գերազանցապես կիսում է իրենց հիմնական նպատակները, խորհրդային ղեկավարը վայելում էր նրանց գերատեսչությունների և կուսակցության շարքային անդամների երաշխավորված աջակցությունը։ Բայց Գորբաչովի՝ ոսկե միջինը գտնելու ձգտումն արդյունքում նրան բազմաթիվ տհաճություններ և դժվարություններ պատճառեց։ Նրա քաղաքականությունը հաճախ խճճված էր, երբեմն՝ հակասական, և Գորբաչովի կողմնակիցները շուտով հիասթափվեցին նրանից։ Պատմաբան Վլադիսլավ Զուբոկը, որը գորբաչովյան դարաշրջանն ուսումնասիրող հայտնի մասնագետ է, 2007թ. գրել է «A Failed Empire» (Չստացված կայսրություն) գիրքը, որում նշել է, որ ռուսական հեքիաթներում դյուցազունը ճամփաբաժանին ստիպված է ընտրել երեք ճանապարհներից մեկը, իսկ Գորբաչովը փորձում էր գնալ միանգամից երեքով էլ։

Նման նկարագրությունն ավելի շատ կսազեր Գորբաչովի կառավարման վերջին երեք տարիներին, երբ նա սկսեց ձեռքից բաց թողնել երկրի իշխանությունը, իսկ տնտեսական իրավիճակն սկսեց վատթարանալ։ Ի վիճակի չլինելով վճռել, թե տնտեսական բարեփոխման որ տարբերակն ավելի լավ կլինի ընտրել, ինչպես նաև անհանգստանալով քաղաքական առումով դրանց իրականանալիության առիթով, նա պաշտպանում էր մեկ այս, մեկ այն առաջարկությունը, իսկ իրականում երբեք մեկ միասնական ծրագիր չի ունեցել։

1990 և 1991թթ. Գորբաչովը «աջ թեքվեց»։ Այդ շրջանում նա կարգադրեց ճնշել անկախության շարժումը Լիտվայում, ինչի պատճառով զրկվեց լիբերալների աջակցությունից, որոնք արդեն անհամբերություն և դժգոհություն էին արտահայտում տնտեսական և սոցիալական ռեֆորմների դանդաղ տեմպերի հետ կապված։ Արդյունքում՝ խորհրդային ձախ ուժերը թեքվեցին Բորիս Ելցինի կողմը, որն այն ժամանակ ծագող աստղ էր քաղաքականության մեջ։

Երբեմն թվում է, թե Օբաման նույնպես փորձում է միաժամանակ երեք ճանապարհով ընթանալ։ Դա վերաբերում է Աֆղանստանին, Իրանին, առողջապահության բարեփոխմանը, տնտեսական խթաններին և բանկային սեկտորի բարեփոխմանը։ Օբամայի վարքագիծը նրա շատ կողմնակիցներ երբեմն կիսամիջոցներ են համարում։ Առաջադեմ մարդիկ ԱՄՆ-ում զգում են, որ նրանց դավաճանել են առողջապահության, արհմիությունների իրավունքների, տնտեսական խթանման և ֆինանսական սեկտորի կարգավորման հարցերում։ Իսկ պահպանողականներն այդ ընթացքում Օբամային հորդորում են ուշքի գալ և հրաժարվել իր «սոցիալիստական» (ինչպես իրենց է թվում) քաղաքականությունից։ Ձախերն առայժմ չունեն ձգողականության այլընտրանքային խոշոր կենտրոն (իրենց Ելցինին), որին կարող էին հարել։

Օբամայի և Գորբաչովի քաղաքական բնազդները հատկապես նման են արտաքին քաղաքականության մեջ։ Երկու ղեկավարն էլ իշխանության եկան, երբ նրանց երկրների հեղինակությունն ու դիրքերն աշխարհում թուլացել էին այդ պետությունների քաղաքականության պատճառով, որն ընկալվում էր որպես ամբարտավան և ռազմաշունչ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ներխուժումն Իրաք և Աֆղանստան, ինչպես նաև Վաշինգտոնի՝ արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար ռազմական միջոցներ օգտագործելու մեծ պատրաստակամության ընդհանուր զգացողությունը շփոթեցնում էին ամերիկյան դաշնակիցներին և համարձակություն հաղորդում Ամերիկայի թշնամիներին։

70-ական թթ. վերջին Խորհրդային Միությունը գերլարեց իր ուժերն արտասահմանում։ Այդ գործընթացի գագաթնակետը դարձավ իր հետևանքներով աղետալի ինտերվենցիան Աֆղանստան։ 1985թ., երբ մահացավ 73-ամյա Կոնստանտին Չեռնենկոն և գլխավոր քարտուղար դարձավ Գորբաչովը, կոնֆլիկտն Աֆղանստանում արդեն հինգ տարի է՝ սկսվել էր։ Խորհրդային Միության ծավալապաշտության պատճառով զարգացող աշխարհում խափանվեց լիցքաթափումն Արևմուտքի հետ, իսկ ներխուժումն Աֆղանստան դիվանագիտական իսկական աղետ դարձավ, քանի որ այն կաթվածահար արեց ԽՍՀՄ նույնիսկ ամենակայուն դաշնակիցներին։

Գորբաչովն ուզում էր թուլացնել լարվածությունը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, կարգավորել կապերն Արևմտյան Եվրոպայի հետ և ամրապնդել փոխհարաբերությունները զարգացող աշխարհի հետ։ Ինչպես Օբաման, նա իշխանության էր եկել՝ հավատալով, որ կկարողանա ձևափոխել իր երկրի միջազգային հարաբերությունները՝ երկխոսության մեջ մտնելով նրա աշխարհաքաղաքական մրցակիցների հետ։ Գորբաչովի համար դա նշանակում էր կարգավորել հարաբերությունները Չինաստանի և ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև զարգացնել «համաեվրոպական տան» հայեցակարգը, որի նպատակն էր վերացնել սառը պատերազմի հնացած հակասությունները։

Սակայն շատ առումներով Գորբաչովը խիստ զգույշ էր մոտենում խորհրդային արտաքին քաղաքականության վերափոխման փորձերին, ինչպեսև իր մյուս նախաձեռնությունների մեծամասնությունում։ Նա քննադատում էր ԽՍՀՄ նախկին քաղաքականությունը զարգացող աշխարհում, բայց ինչպեսև առաջ, հավատում էր, որ Խորհրդային Միությունը կոչված է առաջատար դեր խաղալու դրանում։ Միևնույն ժամանակ, նա կարծում էր, որ Մոսկվան պետք է ջանքերը կենտրոնացնի այն երկրների վրա, որոնք ռեալ նշանակություն ունեն, այլ ոչ թե փողերը խցկել անհրապուրիչ ռեժիմներում, ինչպիսին էր եթովպականը Մենգիստու Հայլե Մարիամի օրոք։ Նա աշխատում էր, որ իր երկիրը հարաբերություններ զարգացնի այնպիսի պետությունների հետ, ինչպիսին էին Իրանը և Հնդկաստանը, սակայն շարունակում էր աջակցել Մոսկվայի՝ զարգացող աշխարհի վաղեմի դաշնակիցներին։ Գորբաչովը խոստովանում էր, որ Խորհրդային Միության լեգիտիմությունը և կարգավիճակը հիմնված են, առնվազն մասամբ, աշխարհի առավել աղքատ երկրներին աջակցելու վրա, անգամ եթե այդ երկրները որևէ ռազմավարական արժեք չեն ներկայացնում ԽՍՀՄ-ի համար։

Օբաման իր արտաքին քաղաքականությունում նույնպես իդեալիզմի և պրագմատիզմի խառնուրդ է դրսևորում։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա խոստացավ ընդհանուր լեզու գտնել Ամերիկայի թշնամիների հետ. 2009թ. հունիսին Օբաման ճառով հանդես եկավ Կահիրեում, փորձեց ձեռք մեկնել Իրանին և, իհարկե, առաջ քաշեց միջուկային զենքի վերացման նպատակը, ինչին ժամանակին ձգտում էր Գորբաչովը։ Թվում էր, թե այս ամենը հիրավի վերափոխիչ արտաքին քաղաքականություն էր ենթադրում։ Բայց անցավ նրա նախագահության երկու տարին, և Օբամայի քննադատներից ոմանք այսօր հայտարարում են, որ նրա քաղաքականությունը նոր շիշ է հին գինու համար։ Օրինակ, քանի որ Օբամայի՝ Իրանի հետ շփումներ հաստատելու փորձերը մեռան՝ անհաջողությամբ ավարտվելով, Վաշինգտոնը ներկայումս խստացնում է պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Չնայած զգալի մի շարք հաջողություններին («վերալիցքավորումը» Ռուսաստանի հետ և ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին նոր պայմանագիրը), աջերը Օբամային միամտության մեղադրանքներ են ներկայացնում, իսկ նրա՝ լիբերալ թևի հուսահատված կողմնակիցների երգչախումբն ավելի ուժեղ է երգում։

Գորբաչովի և Օբամայի նմանության վրա ամենից լավ լույս է սփռում քաղաքական այնպիսի հարց, ինչպիսին Աֆղանստանն է։ Գորբաչովը խոստովանում էր իր նախորդների սխալները, բայց միևնույն ժամանակ հասկանում, որ խորհրդային պարտության հետևանքները ծայրահեղ բացասական կլինեն ինչպես միջազգային ասպարեզում երկրի դիրքերի, այնպես էլ երկրի ներսում իր ունեցած աջակցության վրա։ Նա հրաժարվեց զիջել նրանց, ովքեր նրան խորհուրդ էին տալիս որքան հնարավոր է արագ հեռանալ այնտեղից։ Քաղբյուրոյի թեժ նիստերից մեկում նա հայտարարեց. «Ասում են, որ եթե իմպերիալիզմը հաղթանակի Աֆղանստանում, ապա այն հարձակման կանցնի»։ Գորբաչովը ռեֆորմատոր էր, այլ ոչ թե հեղափոխական, նա չէր պատրաստվում արմատապես փոխել Խորհրդային Միության ողջ արտաքին քաղաքականությունը։ Նա երեք տարի Աֆղանստանից դուրս գալու ուղիներ էր փնտրում, որպեսզի միաժամանակ այնտեղ երաշխավորված ձևով պահպանվեր ու գոյատևեր խորհրդային ռեժիմը։ Եվ միայն այն բանից հետո, երբ Գորբաչովը համոզվեց, որ խորհրդային ներկայությունն Աֆղանստանում անհուսալի է, զորքերն այնտեղից դուրս բերեց։

Օբաման ընդհանուր առմամբ մոտավորապես նույն կերպ է մտածում։ Ինչպես գրում է Բոբ Վուդվորդն (Bob Woodward) իր «Obama’s Wars» (Օբամայի պատերազմները) գրքում, նախագահը հրաժարվում է ընդունել պարտությունն Աֆղանստանում՝ միաժամանակ ջանալով չստանձնել ժամանակով չսահմանափակված ռազմական պարտավորություններ։ Նա անպատասխանատու է համարում այն մարդկանց, որոնք հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ ընդհանրապես դուրս գան Աֆղանստանից և արմատապես կրճատեն համակազմի թվաքանակը՝ ասելով, որ նման գործողությունները հարված կհասցնեն ինչպես Պակիստանին, այնպես էլ ԱՄՆ հեղինակությանն աշխարհում։

Աֆղանստանը պառակտում մտցրեց Օբամայի կողմնակիցների ճամբարում, ինչպես ժամանակին պառակտել էր Գորբաչովի կողմնակիցներին։ Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում ոսկե միջինի որոնումները ոչ թե ըմբռնում, այլ էլ ավելի մեծ սառնություն մտցրին։ Այն, որ Գորբաչովը 1989թ. զորքերը դուրս բերելիս օգտագործեց ամեն ինչ կործանող ուժի մարտավարությունը, սարսափեցրեց այնպիսի մարդկանց, ինչպիսին էին արտաքին քաղաքականության գծով նրա օգնական Անատոլի Չեռնյաևը և նրա այլ լիբերալ կողմնակիցներ։ Բայց ՊԱԿ-ը հանդես էր գալիս հօգուտ կարծր ռազմական տակտիկայի, և Գորբաչովը զգում էր, որ նա պետք է համաձայնի այդպիսի միջոցների՝ մեծամիտ և անտարբեր չթվալու համար Քաբուլում մոսկվայամետ ռեժիմի պահպանման հարցում։

1987թ., այսինքն՝ Գորբաչովի իշխանության գալուց երկու տարի անց, նրա ներքին ռեֆորմներն ու արտաքին քաղաքական խոշոր նախաձեռնություններն արգելակվեցին։ Նույն թվականի ամռանը նա հայտարարեց իր օգնականներին, որ գիտակցել է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը և որ պատրաստ է «շատ ու շատ հեռուն գնալ»։ Օբաման այսօր հայտնվել է նույն ճամփաբաժանին։ Գործազրկության մակարդակը համառորեն չի ցանկանում նվազել, խորանում է անհավասարությունը, իսկ նրա արտաքին քաղաքականության ծրագրի մեծ մասը փակուղում է։ Եվ Օբաման հայտնվել է ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև։ Կլսի՞ արդյոք իր լիբերալ կողմնակիցներին, կհանի՞ զորքերն Աֆղանստանից, կսկսի՞ ուղիղ կապ հաստատել Իրանի հետ, ավելի ակտիվ և վճռական դիրքորոշում կորդեգրի՞ իսրայելական բնակավայրերի հարցում։ Թե՞, ինչպես և առաջ, կգնա մեջտեղով։

Ինչևէ, այս համեմատությունները տեղին են միայն ժամանակավորապես։ Չնայած բոլոր հիմնախնդիրներին, Միացյալ Նահանգներն այսօր ամնևին էլ 1987թ. Խորհրդային Միությունը չէ։ Սակայն Օբամայի և Գորբաչովի համեմատությունը, այնուամենայնիվ, որոշակի հնարավորություն է տալիս տեսնելու նրանց ղեկավարության ոճի առավելություններն ու թերությունները։ Միավորող դեմք լինելն արժանավոր նպատակ է։ Բայց փորձել առանց համախոհների երկիր կառավարել անհանգիստ ժամանակներում, նշանակում է՝ ժամանակի ընթացքում մնալ մենակ։ Գորբաչովի դժբախտությունը մասամբ այն էր, որ նա կորցրել էր կոալիցիաներ ստեղծելու հնարավորությունը, թեև այդ տաղանդը նրան լավ ծառայեց իշխանության առաջին տարիներին։ Զրկվելով աջակցության սեփական հենարանից՝ նա դարձավ արմատապես միմյանցից տարբերվող խմբերի ու տարբեր շահեր ունեցող քաղաքական գործիչների պատանդը։

Օբաման դեռ հնարավորություն ունի խուսափելու նման ճակատագրից։ Եթե Գորբաչովի փորձը նրա համար կողմնորոշիչ ծառայի, ապա Օբաման կկողմնորոշվի իր ծրագրի հարցում և բոլորին ցույց կտա, որ ինքն արեց դա։ Օբամայի կողմնակիցները Միացյալ Նահանգներում դեռ խանդավառությամբ են նայում նրան` որպես առաջնորդի։ Եվ նրանք, պառակտվելու, իսկ այնուհետև՝ պակաս ոգեշնչող ֆիգուրի շուրջ մանր խմբավորումներ կազմավորելու փոխարեն, նախընտրում են միավորվել ու համախմբվել նրա շուրջ։ 1990թ. Գորբաչովն արդեն գրեթե չէր որոշում իր երկրի շարժման ուղղությունը։ Օբաման առայժմ ունի այդ հնարավորությունը։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԹԵ՞Ժ ՓՈՒԼ

 (նյութի մշտական հասցեն՝ http://armworld.am/detail.php-paperid=4021&pageid=124265&lang=)

14.01.2011

Ավելի քան մեկ ամիս է անցել դեկտեմբերյան այն տագնապալի օրերից, որ ցնցեցին Մոսկվան և, ընդհանրապես, ողջ Ռուսաստանը։ Խոսքն այն իրադարձությունների մասին է, որոնք հաջորդեցին 2010թ. դեկտեմբերի 6-ին «Սպարտակի» մոլի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությանը։ Այն անկարգությունների, որ տեղի ունեցան դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում, Կիևյան կայարանի մոտ դեկտեմբերի 15-ին չարտոնված հանրահավաքը ցրելու, Ռուսաստանի այլ քաղաքներում քաղաքացիների ելույթների մասին։ Անցած ժամանակաշրջանում կատարվածի վերաբերյալ իմ զգացումների և անհանգստությունների մասին, կարծում եմ, կարիք կա արտահայտվելու:

Կասկածից վեր է, որ առաջին, բնական զգացողությունը, որ ունեցա, ցավն էր մարդկանց մահվան, ծեծկռտուքի համար, որին ենթարկվեցին Ռուսաստանի քաղաքացիները դեկտեմբերի 6-ին, 11-ին և 15-ին Մոսկվայում տեղի ունեցած միջադեպերի ընթացքում։ Ափսոսանք, որ ջարդուխուրդ արվեցին զանազան տեսակի առևտրային կետերը, որոնք գոյության աղբյուր են Ռուսաստանի շատ քաղաքացիների, ինչպես նաև այնտեղ աշխատող բազմաթիվ լեգալ ներգաղթյալների համար։ Այնուհետև եկավ այդ բախումները իմաստավորելու ժամանակը։ Եվ ահա հենց այդ ժամանակ մեջս ձևավորվեց կատարվածի երկակի ընկալում. նախ՝ տագնապ Մեծ Ռուսաստանի, ասել է թե՝ նաև իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև ցասումով համակվեցի այն գիտակցությունից, որ թվում է, թե պատմության աղբանոցը նետված, Արևմուտքի կողմից մշակված՝ Ռուսաստանի մասնատման ռազմավարությունը մեր օրերում ոչ միայն վերակենդանանում, այլև ասես թե թեժ փուլ է մտնում։ Եվ նման իրողությունների գիտակցումն ինձ մղեց ներկայացնել մտորումներս և տագնապս այս ամենի շուրջ։

Եվ այսպես. վերադառնանք պատմական չափորոշիչներով ոչ հեռավոր անցյալին՝ սառը պատերազմի տխրահռչակ տարիներին՝ 1959թ. հուլիսի 17-ին։ Հենց այդ ժամանակ ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Public Law 86-90 (P.L.86-90)՝ «Ստրկացված ազգերի մասին» օրենքը։ Դրա երկրորդ անվանումն է՝ Օրենք Ռուսաստանի մասնատման մասին։ Այդ օրենքի տեքստից հետևում էր, որ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության քաղաքականությունը հանգեցրել է, իբր, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Հայաստանի, Վրաստանի... մի խոսքով՝ միութենական բոլոր հանրապետությունների ստրկացմանը և ազգային անկախությունից զրկելուն։

Ավելին, այդ օրենքի տեքստում գրված էր. «Քանի որ այդ ստրկացված ազգերը ի դեմս Միացյալ Նահանգների տեսնում են մարդկային ազատության պատվարին, նրա առաջնորդությունն են փնտրում իրենց ազատագրման և անկախության ձեռքբերման գործում և քրիստոնեական, հուդայական, մահմեդական, բուդդայական և այլ հավատքի կրոնական ազատությունների, ինչպես նաև անձնական ազատությունների վերականգնման գործում, և քանի որ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար կենսականորեն անհրաժեշտ է աջակցել հնազանդեցված ազգերի ժողովուրդների դրսևորած ազատության և անկախության ձգտումներին... հենց մենք պետք է հարկ եղած պաշտոնական ձևով հստակորեն ցույց տանք նման Ժողովուրդներին այն պատմական փաստը, որ Միացյալ Նահանգների Ժողովուրդը կիսում է վերստին ազատություն և անկախություն ձեռք բերելու նրանց ակնկալիքները»։ Այս օրենքի ընդունմանը հաջորդած 50 տարիների ընթացքում ԱՄՆ նախագահներից յուրաքանչյուրը երդվել է կատարել այն։ Փորձագետների գնահատականներով՝ դրա իրագործումն ամերիկացի հարկատուների վրա ավելի քան 4 մլրդ դոլար է նստել։ Խորհրդային Միությունը փլուզվեց, սակայն Public Law 86-90 օրենքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել, այն շարունակում է գործել մինչ օրս։

Հենց այս օրենքի իրագործման պրիզմայի միջով պետք է դիտարկել քսանամյա վաղեմության իրադարձությունները, երբ Խորհրդային Միության տարբեր կետերում ժամանակի ոչ մեծ տարբերությամբ բռնկվում էին ազգամիջյան բախումներ՝ արյունալի հետևանքներով։

Այսպես. 1989թ. մայիսի 23-ից մինչև հունիսի 8-ը Ուզբեկստանում, Ֆերգանայում տեղի ունեցան էթնիկ բախումներ ուզբեկների և մեսխեթցի թուրքերի միջև։ Այդ շրջանում այրվեց 757 տուն, սպանվեց 103 մարդ, այդ թվում՝ 52 մեսխեթցի թուրք, 36 ուզբեկ, վնասվածքներ ստացավ և հաշմվեց ավելի քան 1000 մարդ։ Ընդունվեց որոշում 17 հազար մեսխեթցի թուրքերի (այսինքն՝ Ֆերգանայի հովտի մեսխեթցի թուրք ողջ բնակչությանը) Ռուսաստանի եվրոպական մասի կենտրոնական մի շարք մարզեր տեղափոխելու մասին։ Բայց դա էլ չօգնեց։ 1990թ. փետրվար-մարտին էթնիկ հողի վրա նոր ջարդեր տեղի ունեցան, բայց արդեն Տաշքենդի մարզում։

Հատկանշական է, որ, մեկնաբանելով այս արյունալի իրադարձությունները, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի նախագահ (Ուզբեկստանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար) Ռաֆիկ Նիշանովը հայտարարեց, որ տեղի ունեցածի պատճառը եղել է շուկայական վեճը ելակի համար. իբր գնի հարցում համաձայնության չեն եկել։ Այն ժամանակ, չգիտես ինչու, ո՛չ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյում, ո՛չ ԽՍՀՄ Գերագույն խորհրդում ոչ ոք չհիշեց 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթում կատարված արյունալի իրադարձությունները։ Չէ՞ որ ադրբեջանական նացիոնալիստների գազազած ամբոխի հրահրած հայերի ջարդը Սումգայիթում նշանային իրադարձություն էր և շրջադարձային կետ Անդրկովկասում ազգամիջյան հակամարտությունների սրման առումով, ինչն առաջ էր բերել հայ փախստականների հոսք Սումգայիթից դեպի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մայրաքաղաք Ստեփանակերտ և Հայաստան։ Չէ՞ որ դեռ այն ժամանակ, 1988թ. փետրվարի 29-ին, Մոսկվայում, ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի նիստում, պաշտոնապես ընդունվեց, որ զանգվածային ջարդերը և սպանությունները Սումգայիթում իրականացվել են ազգային հատկանիշից ելնելով։ Սակայն և՛ այն ժամանակ, և՛ Ֆերգանայի իրադարձություններից հետո, ջարդերի ժամանակին չհետաքննված հանգամանքների, 26 հայերի մահվան և ավելի քան հարյուր վիրավորների համար բոլոր մեղավորների չհաստատված և չապահովված անխուսափելի պատիժների պատճառով հնարավոր դարձավ 1990թ. հունվարի 13-20-ը Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդը, որի ընթացքում զոհվեց Բաքվի մոտ 300 հայ բնակիչ։ Եվ սա այն պայմաններում, երբ ջարդերը տարերային չէին, քանի որ ջարդարարները նախապես ունեին հայերի ցուցակները և նրանց հասցեները։

Հենց Բաքվի ողբերգությունը ցնցեց ողջ Հայաստանը և Սփյուռքը, Խորհրդային Միության բոլոր ազնիվ մարդկանց՝ գիտության և մշակույթի համաշխարհային համբավ ունեցող գործիչներին, Խորհրդային Միության տարբեր ազգությունների և տարբեր դավանանքների շարքային քաղաքացիների, որոնք իրենց ձայնը բարձրացրին ի պաշտպանություն հայերի։ Հենց այս ողբերգական իրադարձություններից հետո էր, որ էլ ավելի սրվեց Ղարաբաղյան հակամարտությունը։ Բայց դա այլ խոսակցության թեմա է։

Դրանից հետո, հայկական ջարդերից շատ չանցած, միասնական խորհրդային երկրի քաղաքական քարտեզին մերթ այս, մերթ այլ տեղում ի հայտ եկան այսպես կոչված թեժ կետեր, որոնք Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության հիմքի տակ դրված ական դարձան։ Մեծ երկիրը փլուզվեց։ Որքան էլ տարբերվում էին ԽՍՀՄ փլուզման պատճառների մասին հետազոտությունները, որքան էլ ընդգծվում էին այդ գործընթացի, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի պատկերավոր արտահայտությամբ՝ «աշխարհաքաղաքական աղետի», իբր, անխուսափելիության մասին օբյեկտիվ պատճառները, մի բան անվիճելի է. ԽՍՀՄ մասնատումը հնարավոր դարձավ միայն Արևմուտքի հստակ մտածված, պետության հիմքերը խարխլող գործողությունների արդյունքում։ Դրանց հիմքում բազմազգ երկրում ազգամիջյան երկպառակության շիկացումն էր, ամեն տեսակ «օտարի» հանդեպ անհանդուրժողության մթնոլորտի սերմանումը, երկիրը բնակեցնող այս կամ այն ազգի ազգային բացառիկության մասին նսեմ զգացումների ներարկումը։

Եվ միայն այժմ, ԽՍՀՄ փլուզումից տասնամյակներ անց, հրապարակայնության առարկա դարձավ այսպես կոչված Հարվարդյան և Հյուսթոնյան նախագծերի առկայությունը։ Հիմա արդեն գրում են, որ 20-րդ դարի 80-ական թթ. սկզբին խորհրդային հետախուզությանը հաջողվեց հայթայթել այսպես կոչված «Հարվարդյան նախագծի» նյութերը՝ բաղկացած երեք հատորից. «Վերակառուցում», «Բարեփոխում», «Ավարտ»։ Հիմա արդեն միանգամայն նորովի են ընկալվում նախագահ Ջիմի Քարթերի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական, ոչ անհայտ Զբիգնև Բժեզինսկու աշխարհաքաղաքական փնտրտուքները, որը «ստեղծագործաբար» էր զարգացնում տխրահռչակ Public Law 86-90 օրենքի իրագործման մոտեցումները՝ աշխատություններ գրելով այս թեմայի շուրջ։ Զ.Բժեզինսկին զարգացրեց այս օրենքի այն մասը, որի համապատասխան՝ ԽՍՀՄ-ը պետք է մասնատվեր 22 մասի։ 15 մասերի մասնատումը (միութենական հանրապետությունները) արդեն կատարված էր, մնում էր Ռուսաստանը մասնատել ևս 7 մասի, ինչի մասին նա բացեիբաց գրում է իր «Աշխարհառազմավարություն Եվրասիայի համար» գրքում։

Ըստ Բժեզինսկու՝ ենթադրվում է Ռուսաստանի մասնատում մասերի միջև ներպետական հարաբերությունների համակարգի համադաշնայնացման միջոցով։ Ընդ որում՝ Ռուսաստանը զրկվում է դեպի ծովեր ելքից, բացի Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից։ Համաձայն «անակոնդայի հանգույց»՝ արդեն ոչ առաջին թարմության այս ռազմավարության, Ռուսաստանի ելքը դեպի Բալթիկ ծով (Սանկտ Պետերբուրգի հետ միասին) անցնում է ԳԴՀ վերահսկողությանը, ելքը դեպի Սև ծով՝ Թուրքիայի վերահսկողությանը (Ղրիմով և Կովկասով), ելքը դեպի Խաղաղ օվկիանոս հանձնվում է Ճապոնիայի վերահսկողությանը հարավում և ԱՄՆ վերահսկողությանը հյուսիսում։

Եվ ահա ռազմավարական այս մշակումների լույսով 2007թ. լույս է տեսնում Զբիգնև Բժեզինսկու նոր՝ «Երկրորդ շանս» գիրքը, որում նա նախազգուշացնում է ամերիկյան հաջորդ նախագահին այն մասին, որ «երրորդ շանս չի լինի»։ Գրքի վերջում հեղինակը գրում է. «Հարկավոր է, որ Ամերիկան անհապաղ արտաքին քաղաքականություն ձևավորի, որն իսկապես համապատասխանի սառը պատերազմի ավարտից հետո ստեղծված իրավիճակին։ Այն դեռ կարող է անել դա՝ պայմանով, որ ամերիկյան հաջորդ նախագահը գիտակցի, որ մեծ տերության ուժը նվազում է, եթե դադարում է ծառայել գաղափարին»։ Բժեզինսկուն մտահոգում է աշխարհի ճակատագիրը, որը կարող է ճակատագրական սխալի հետևանքով զրկվել «կայունացնողից», բոլորի կողմից ընդունված առաջնորդից, որն ի վիճակի է լուծել «քաղաքականապես արթնացած մարդկության» կոնֆլիկտները՝ թույլ չտալով, որ դրանք վերածվեն բոլորը բոլորի դեմ պատերազմի։ Արդեն պարզ է, որ Բժեզինսկու պատկերացումներում Ամերիկայի «հաջորդ նախագահը» Բարաք Օբաման է, որին Զբիգնև Բժեզինսկին այսօր էլ խորհուրդներ է տալիս, և որի անունը զուգորդվում է քաղաքական նորացման հետ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհում ընդհանրապես։ Մարդ, որի հետ են կապվում Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հարաբերությունների «վերաբեռնավորման» իրագործման հույսերը։

Ի՞նչն է արգելակում Արևմուտքի ռազմավարական պլանների իրականացումը, և ինչպե՞ս կարելի է դա հաղթահարել նրանց կարծիքով։ «Չարի կայսրությունն» ավերողների զինանոցում կա հաջող կիրառված և գործնականում իրեն արդարացրած մի զենք. բազմազգ Ռուսաստանում ազգամիջյան հակամարտությունների հրահրումը, քաոսի իրավիճակում երկիրն անկայունության մղելը մշտապես հաջողություն են բերել այս ռազմավարությունը կազմողներին։ Եթե Լենինգրադյան պողոտայի, Մանեժնայա հրապարակի և Կիևյան կայարանի իրադարձությունների շղթայում դիտելու լինենք ամերիկյան սենատոր, ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Մակքեյնի ելույթը Ջոնս Հոփկինսի համալսարանի Հեռանկարային միջազգային հետազոտությունների դպրոցում, ապա շատ բան մեզ նոր լույսով կներկայանա։ Ելույթում Մակքեյնը չի թաքցնում իր իսկական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ և առաջարկում է. «Մենք պետք է դադարենք գերագնահատել համագործակցության (նկատի ունի Ռուսաստանի հետ- Ա.Գ.) հաջողությունները։ Եվ մենք պետք է սկսենք Ռուսաստանի հետ վարվել իբրև երկրորդ կարգի տերության, ինչպիսին է այն այժմ, այլ ոչ թե ինչպես մեծ տերության, ինչպիսին եղել է։ Դա մասնավորապես նշանակում է, որ մենք պետք է ավելի համառորեն պաշտպանենք մեր շահերը և արժեքները։ Սկզբի համար անհրաժեշտ է վերսկսել պաշտպանական սպառազինության վաճառքը Վրաստանին... Մեր դաշնակիցները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Վրաստանը կդիտարկեն որպես այն բանի ցուցիչ, թե պաշտպան կկանգնի՞ Միացյալ Նահանգներն իրենց, թե՞ ոչ։ Ռուսաստանը նույնպես Վրաստանը դիտարկում է որպես ցուցիչ, որը թույլ է տալիս հասկանալ, թե որքանով կարող է անպատիժ մնալ այս երկրում, նշանակում է՝ նաև նրա սահմաններից դուրս... Սա պետք է փոխել»։ Այնուհետև նա առաջարկում է հրաժարվել «ծիծաղաշարժ նախաձեռնություններից», ինչպիսին է ռուս-ամերիկյան աշխատանքային խումբը (նկատի ունի «Մաքֆոլ-Սուրկով» հանձնաժողովը- Ա.Գ.), որը գլխավորում է «Պուտինի մերձավորագույն դաշնակիցներից և գլխավոր գաղափարախոսներից մեկը՝ (նկատի ունի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիսլավ Սուրկովին- Ա.Գ.)։ Մակքեյնը չի էլ թաքցնում, որ Ներկայացուցիչների պալատում նոր՝ հանրապետականների մեծամասնության և Սենատում առկա աջակողմյան մեծամասնության օգնությամբ Կոնգրեսն ի վիճակի կլինի Բարաք Օբամայի վարչակազմին մղել ավելի ընդունելի ուղղության և, ինչպես գրում է «The Washington Post»-ը (http://inosmi.ru/usa/20101212/164858558.html). «Ներքին քաղաքականությունում նախագահը հիմա պաշտպանողական դիրք է զբաղեցրել, և դա նշանակում է, որ միջազգային քաղաքականության մեջ ժամանակն է, որ նա (և Ամերիկան) հարձակման անցնի։ Ռուսաստանը կատարյալ վայր է՝ դա անել սկսելու համար»։ Այսպիսին է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների «վերաբեռնավորման» ստվերային կողմը։ Հատկանշական է, որ Մակքեյնը Սուրկովին «վրա տվեց» Վաշինգտոնում Նեմցովի ելույթից հետո, որը նույնպես բարձրացրեց Սուրկովի պաշտոնանկության հարցը։ Ըստ երևույթին, այս երկու քաղաքական գործիչներն իրատեսորեն են գնահատում Սուրկովի դերն արդի Ռուսաստանի քաղաքական համակարգի կայունության և հաստատունության ապահովման գործում, որը զրոյի է հավասարեցնում արտահամակարգային ընդդիմության՝ պետության հիմքերը սասանելու, փողոցային ջարդերով ու բռնությամբ ուղեկցվող ազգամիջյան բախումներին դիմակայելու գործում իշխանությունների փաստացի անգործունակությանը հասնելու ջանք ու ճիգերը։ Պատահական չէ, որ Մակքեյնը, Վ.Սուրկովին բնութագրելով որպես «Պուտինի մերձավորագույն դաշնակիցներից մեկը և գաղափարախոսը», խորամանկաբար հակադրում և սահմանազատիչ գիծ է անցկացնում Մեդվեդև-Պուտին տանդեմի միջև։ Սենատորի հետին միտքը տանդեմի մեջ սեպ խրելն է՝ մի քանի օր հետո ձայնակցում է Զ.Բժեզինսկին։ Այսպես. լեհական Newsweek-ին տված հարցազրույցում Զբիգնև Բժեզինսկին հայտարարել է, որ թեև բոլորին է հայտնի, թե ինչպես է նախագահ Մեդվեդևը հայտնվել այդ պաշտոնին, «այնուամենայնիվ, առավել ակնհայտ փաստ է այն, որ նախագահն սկսում է մտածել այլ կերպ, քան Պուտինը, համենայն դեպս՝ Ռուսաստանի ապագայի հարցում»։ Պուտին-Մեդվեդև քաղաքական տանդեմը պառակտելու հերթական ճարտար փորձ: Տանդեմ որը, ինչպես վստահաբար ցույց է տվել ժամանակը, արդի Ռուսաստանի քաղաքական ողջ համակարգի կայունության հուսալի երաշխիքն է, հզոր պատնեշ նրա մասնատման ճանապարհին։ Ամերիկյան սենատորի այս արտահայտությունների ֆոնին խիստ համոզիչ են հնչում այն գնահատականները, որ Մոսկվայի դեկտեմբերյան իրադարձություններին տվել է Վլադիսլավ Յուրևիչը 2010թ. դեկտեմբերի 16-ի «Իզվեստիայի» հարցազրույցում. «Իսկ ի՞նչ է, նորից ինչ-որ հեղափոխությո՞ւն է պետք։ Նորից ամեն ինչի և ամեն բանի ինչ-որ փլուզո՞ւմ։ Որպեսզի մեզ մոտ միշտ և ամենուր լինի դեկտեմբերի 11 Մանեժնիո՞ւմ։ Չէ՞ որ դա ոնց որ «լիբերալ» հանրությունն է, որ համառորեն մոդայիկ է դարձնում չարտոնված ակցիաները, իսկ նացիստները և ժլոբները հետևում են այդ մոդային։ 11-ն առաջանում է 31-ից։ Թվում է, թե մանրուքից. ամենևին էլ մանրուք չէ։ Բայց չէ՞ որ մինչև Մանեժնայայի ջարդը եղել էր ջարդ Խիմկիում, եթե ինչ-որ մեկը մոռացել է դա»։ Վերը շարադրվածը թույլ է տալիս փաստել, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը կատարելապես գիտակցում է Արևմուտքի հետ շարունակվող աշխարհաքաղաքական դիմակայության ողջ բարդությունը, որը ո՛չ ԱՄՆ-ի հետ «վերաբեռնավորումը», ո՛չ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների դրական տեղաշարժերը չեն վերացրել։

Թե՛ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի, թե՛ վարչապետ Վլադիմիր Պուտինի արձագանքը և գնահատականները, որոնք տրվել էին ֆուտբոլային ֆանատ Եգոր Սվիրիդովի սպանությանը հաջորդած՝ Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների դեկտեմբերյան իրադարձություններին, և՛ կոշտության առումով, և՛ կշռադատվածությամբ միանգամայն արդարացված էին։

Այսպես. 2010թ. դեկտեմբերի 27-ին, ելույթ ունենալով Պետական խորհրդի և Գերակա ազգային նախագծերի իրագործման հանձնաժողովի համատեղ նիստում, Դմիտրի Մեդվեդևը, ըստ էության փոխելով նիստի օրակարգը, հայտարարեց. «Մենք կխոսենք... գլխավոր ազգային գերակայության մասին, թե՛ Պետական խորհրդի, թե՛ պետական կառույցների համար կարևորագույն խնդրի մասին, առանց որի լուծման անհնար է հենց իր՝ պետության պահպանումն ու զարգացումը։ Դա քաղաքացիական խաղաղության, ազգամիջյան և միջդավանական համաձայնության պահպանումն է մեր երկրում... Ռուսաստանի համար ազգամիջյան հակամարտությունները մահացու վտանգավոր են։ Մահացու վտանգավոր։ Որտեղ էլ որ դրանք տեղի ունենան՝ Կովկասում, Պովոլժիեում, Սիբիրում, թե Մոսկվայում, դրանք խարխլում են մեր հասարակության հիմքերը»։

Խիստ արդիական և զգաստացնող էին նաև վարչապետի՝ 2010թ. դեկտեմբերի 16-ին «Խոսակցություն Վլադիմիր Պուտինի հետ» հեռուստահաղորդման ժամանակ ասված խոսքերը. «Իրականում հարկավոր է կասեցնել ծայրահեղականության բոլոր դրսևորումները բոլոր կողմերից, որտեղից էլ որ բխելու լինեն դրանք։ Եվ չի կարելի նույն գույնով սվաղել ոչ կովկասցիներին, ոչ այլ ազգության մարդկանց, թեև այնպիսի ազգություն, ինչպիսին կովկասցին է, չկա։ Բայց հարկավոր է խստորեն կասեցնել ծայրահեղականության ցանկացած դրսևորում։ Եվ մեր հասարակությունը, այդ թվում և լիբերալ հասարակությունը, պետք է հասկանա... կարգուկանոն պետք է լինի, և այն պետք է պահպանել...

Բայց պայքար մղելով բացասական դրսևորումների դեմ իրավակարգի մարմիններում, այդ թվում և ոստիկանությունում, այստեղ չի կարելի բոլորին սևացնել... այլապես մեր լիբերալ մտավորականությունը ստիպված կլինի ինքը մորուքը սափրել և սաղավարտ հագնել ու, հայդա, հրապարակ՝ կռվելու արմատականների հետ»։

Եվ երբ մտովի վերլուծում ես դեկտեմբերին տեղի ունեցած աղետների ժամանակագրությունը, մասնավորապես կատարված սադրանքների բնույթը, այն է՝ զանազան ազգայնական կարգախոսների առկայությունը, որոնց էությունը Ռուսաստանը ռուսների և ոչ ռուսների բաժանելն է՝ նպատակ ունենալով ատելություն, վախի մթնոլորտ բորբոքել ազգային հողի վրա, երբ վերլուծում ես Ռուսաստանում ժողովրդավարության հաստատման տխրահամբավ բարերարների արտահայտած մտքերը, գալիս ես հետևյալ եզրահանգման. նրանց հարկավոր է այնպիսի ժողովրդավարություն, որն անխուսափելիորեն կհանգեցնի քաոսի, նման նրան, ինչը կար Գորբաչովի նախագահության վերջին տարիներին։

Ընդ որում՝ վերստին համոզվում ես, որ Լենինգրադյան պողոտայում կամ Մանեժնայա հրապարակում հավաքված մարդկանց ընդվզման բնույթը միայն տարերային չէր։ Համոզվում ես նաև, որ իրականում հազարավոր մարդկանց օբյեկտիվ բողոքն ի պատասխան ոստիկանության և հետաքննչական մարմինների անհամարժեք գործողությունների, որոնք ազատ էին արձակել Եգոր Սվիրիդովի սպանությանը մասնակցելու և այն կատարելու համար կասկածվող անձանց, հմտորեն օգտագործվեց ազգային անհանդուրժողության բորբոքման համար, որը վերաճեց ջարդերի, ինչը մանրակրկիտ մտածված էր դրանց կազմակերպիչների կողմից։

Նախ՝ ինչ-որ մեկին չափից ավելի էր պետք ձեռքի տակ պահել զարկերակը, կրքերի հնարավոր շիկացումը, որին կարելի էր հասնել՝ ազգային հողի վրա բորբոքելով մթնոլորտը, քաղաքացիների օբյեկտիվ դժգոհությունը փոխադրելով ազգամիջյան դիմակայության հարթություն։ Ստուգել իրավապահ մարմինների ամրությունը, նրանց պրոֆեսիոնալիզմը, ծայրահեղ պայմաններում վճռական գործելու նրանց պատրաստակամությունը։

 Հիմա Հայաստանում շատերն իրենց հարց են տալիս` կարո՞ղ են Ռուսաստանի դեկտեմբերյան իրադարձություններն ազդել այն գործընթացների վրա, որոնք այսօր տեղի են ունենում հայ հասարակության մեջ, մասնավորապես՝ սրել օտարալեզու (հատկապես ռուսական) դպրոցների բացման հիմնախնդիրը կամ մեծացնել դժգոհությունը ռուսական բրենդներով հայկական տնտեսությունը, հայկական շուկան (էներգետիկայի, կապի, գազի ոլորտներում) մենաշնորհելուց: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Հայաստանի համար Ռուսաստանի դեկտեմբերյան իրադարձությունները զգոնության կոչող խիստ լուրջ ազդանշան են։

Ի՞նչ նկատի ունեմ։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ Ռուսաստանում մոտ երկու միլիոն ադրբեջանցի և ավելի քան մեկուկես միլիոն հայ ներգաղթյալ է ապրում։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, ենթադրենք, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ հրահրելու դեպքում, ահռելի ի՛նչ արյունահեղությամբ կսպառնա դա Ռուսաստանում ապրող հայ և ադրբեջանական սփյուռքին։ Այդ ժամանակ մենք անխուսափելիորեն կդառնանք հայերի և ադրբեջանցիների ծավալուն բախումների վկան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Եկատերինբուրգի փողոցներում, ամենուր, որտեղ այսօր միանգամայն համերաշխ ու համատեղ ապրում են ինչպես հայեր, այնպես էլ ադրբեջանցիներ։

Վտանգն այն է, որ իրադարձությունների նման զարգացման պարագայում դրանից անհապաղ կօգտվեն արմատապես տրամադրված տարատեսակ տարրերը, որոնց թիկունքում Մանեժկայի փորձն է։ Հավանաբար նախախնամության կամքով տուժած ֆուտբոլային ֆանատների մեջ էր նաև Եգոր Սվիրիդովի ընկերը՝ հայ Սերգեյ Գասպարյանը (որը ծանր վնասվածքներ էր ստացել և հիվանդանոց ընկել)։ Այնտեղ նրա ներկայության փաստը վկայում է, որ իրենք՝ ֆանատները, ի սկզբանե ծայրահեղ ազգայնականորեն չէին տրամադրված, պարզապես նրանց ցասումն ու վրդովմունքը հմտորեն օգտագործեցին արմատականները։

Եվ այս առնչությամբ չի կարելի պատշաճը չմատուցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մարգարեական խորաթափանցությանը, որը ողբերգական այս իրադարձություներից հետո ասաց իմաստուն այս միտքը. «Միջէթնիկական հարաբերությունները հաղորդակից անոթներ են։ Չի կարելի մատնացույց անել այդ անոթի մի կողմը՝ անտեսելով անոթի մյուս կողմը։ Արմատականության առաջացումն էթնիկ առումով համերաշխ խմբերում, հատկապես քրեական արմատական էթնիկ խմբերի առաջացումը, անմիջապես սադրում է մեծամասնության նույնպես արմատական արձագանքը։ Մենք ունենք արմատականությունների բախում։ Ո՞վ է տառապում դրանից։ Տառապում են հասարակ մարդիկ»։ Թերևս ավելի լավ չէր կարելի նկարագրել անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցածը։

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսալեզու դպրոցների բացման հետ կապված հիմնախնդրի սրման հարցին, ապա այստեղ մենք մի փոքր այլ երևույթ ունենք, բայց որն այս կամ այն կերպ կապված է Ռուսաստանի մասնատման ռազմավարական պլանի հետ։ Գաղտնիք չէ, որ հայկական դպրոցներն այսօր սովորողներ են պատրաստում այն կյանքի համար, որը գոյություն չունի։ Դպրոցական կրթության արդիականացումը մեր երկրում, գլոբալացման պայմաններում, ամենահրատապ խնդիրն է անկախ հայկական պետականության պահպանման համար։ Եվ նման պնդումը չափազանցություն չէ։

Մեր դպրոցական կրթության արդիականացման հնարավոր ուղիներից մեկը, առաջին ծիծեռնակն այս ճանապարհին պետք է լիներ մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի՝ «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահի մտահղացման իրագործումը։ Իսկ գաղափարն այն էր, որ Հայաստանում, «Սկոլկովո» մոսկովյան կառավարման դպրոցի օրինակով, ստեղծվի կրթական կենտրոն։ Այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ էր որոշ փոփոխություններ մտցնել «Լեզվի մասին» օրենքում։ Եվ ահա այստեղ սկսվեց բոլորովին չարդարացված քաղաքականացված գինարբուք, որի վերջնանպատակը ռուսալեզու կրթության «վտանգի պսակազերծմանն» ուղղված ազգայնական կրքերի բորբոքումն էր, ինչն, իբր, խարխլում է հայկական պետականության հիմքերը։

Սա նույնպես օրգանապես ներգրվում է ազգամիջյան երկպառակության հրահրման մեջ։ Չէ՞ որ հակառուսական նման հիստերիայի կազմակերպիչները, ռուսատյաց տրամադրություններ հրահրողները Հայաստանում հիանալի կերպով իրենց հաշիվ էին տալիս, որ դա անպայման կանդրադառնա նաև ռուսաստանցիների, ռուս մարդկանց՝ հայ ներգաղթյալների նկատմամբ ունեցած տրամադրությունների վրա։ Ինչպես տեսնում ենք, համապատասխան արտասահմանյան կենտրոններն աշխատում են համակարգված, և ոչ միայն Ռուսաստանում, այլև հետխորհրդային ամբողջ տարածքում։ Ընդ որում՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օգտագործում են հետխորհրդային պետություններին բնորոշ «թարախախոցերը»։

Իսկ ինչ վերաբերում է ռուսական բրենդների ճնշիչ ազդեցությանը Հայաստանի տնտեսությունում, ապա այստեղ ես դրա հետ չեմ համաձայնի։ Ավելի շուտ կարելի է կշտամբել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմերին նրա համար, որ բավարար չափով չեն օգտագործում այն հսկայական, դեռ չբացահայտված ներուժը, որ ունի տնտեսական ինտեգրացիան։ Այդ ներուժը մինչև վերջին ժամանակներս, բացեիբաց ասենք, ընդհանրապես թերագնահատվում էր։ Եվ այդ բացը մեր հարաբերություններում ակնհայտ դարձավ, երբ ռուս-հայկական տնտեսական ինտեգրման հարցերը դարձան Ռուսաստանի՝ մեկուկես տարի առաջ նշանակված արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի և դեսպանության խորհրդական, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովի սևեռուն ուշադրության առարկան։ Հիմա արդեն, շնորհիվ նրանց հետևողական աշխատանքի, կոնկրետ նախադրյալներ կան մեր տնտեսությունների ինտեգրման մեջ լուրջ բեկում մտցնելու համար։

Հայաստանում այսօր արդեն ոչ ոք թող չանրջի ԵՄ-ին մեր պետության անդամակցության մասին։ Մենք նրանց պետք չենք, իսկ մեր հանրապետության ապագան, իմ խորին համոզմամբ, մեր երկրի ակտիվ անդամությունն է ձևավորվող միասնական տնտեսական տարածքում, որը միավորում է ԱՊՀ պետությունները, որտեղ տեսնում եմ Հայաստանի ապագան։

Եվ պետք է ասել, որ առաջին, ընդ որում՝ բավական հաջող քայլն այս ուղղությամբ արվեց անցած տարի՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի մաքսային միության ստեղծմամբ։ Ուստի անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ քաղաքական կայունությունը Ռուսաստանում մեր կյանքի փոփոխության անհրաժեշտ պայմանն է, այո, ես չսխալվեցի. դեպի լավը հայ հասարակության կյանքի փոփոխության։ Հայաստանում ոչ մի էական հասարակական բարիք չենք ունենա, եթե Ռուսաստանում, Աստված չանի, ազգամիջյան բախումներ և միջդավանական դիմակայություն հրահրվեն։

Ուստի, Հայաստանի Հանրապետության գիտակից բոլոր քաղաքացիները պետք է խորապես շահագրգռված լինեն կայուն և բարգավաճ Ռուսաստանով։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ մեր 1,5 միլիոն հայրենակիցներ ապրում են Ռուսաստանում։ Օրինապաշտ քաղաքացիներ լինելով՝ նրանց մեծամասնությունը ռուս ժողովրդի, բազմազգ երկրի մյուս ժողովուրդների հետ միասին կերտում է Ռուսաստանի վեհությունը։

Ավելին՝ դժվար է գերագնահատել նյութական այն օգնության նշանակությունը, որ նրանք ցուցաբերում են Հայաստանում ապրող իրենց հարազատներին և մերձավորներին։ Բավական է ասել, որ 2010թ. հունվար-հոկտեմբերին միայն մեր երկրների բանկային համակարգով ոչ առևտրային նպատակներով Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիներին է փոխանցվել 838 մլն 738 հազար դոլար, ինչը մեր հանրապետություն կատարվող համապատասխան դրամական փոխանցումների ողջ ծավալի 88%-ն է։ Ընդ որում՝ հիանալի հասկանում ենք, որ Ռուսաստանից Հայաստան երրորդ անձանց միջոցով (ծրարներով) դրամական մուտքերի իրական ծավալը շատ ավելին է։

Սակայն, բացի տնտեսական բաղադրիչից, իմ կարծիքով, շատ ավելի կարևոր բաղադրիչ է ազգամիջյան համաձայնության հաստատումը ոչ միայն Ռուսաստանում, այլև ԱՊՀ տարածքում։

Չչարաշահելով ընթերցողների համբերությունը՝ 2010թ. դեկտեմբերին Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների մասին վերջում կուզենայի մեջբերել պատրիարք Կիրիլի խոսքերը. «Միջէթնիկ երկպառակության ցանկացած սադրանք մարտահրավեր է մեր բազմազգ և մեծ հայրենիքի գոյությանն իսկ»։

Ահա այսպիսին է արդիականության մեծ հումանիստի ճշմարիտ և բախտորոշ նախազգուշացումը։ Այս զգուշացումն անտեսելը հավասարազոր է ազգային շահերին դավաճանելուն։ Մեր պարագայում՝ Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի շահերին դավաճանելուն, որի ավելի քան երկու երրորդն ապրում է իր պատմական հայրենիքի սահմաններից դուրս։

Խմբագրության կողմից.- Հաշվի առնելով թերթային սահմանափակ ծավալը, մենք, հեղինակի համաձայնությամբ, կրճատել ենք հոդվածի առաջին մասը, որտեղ խոսվում է Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների մասին։ Հոդվածի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ մեր օրաթերթի էլեկտրոնային կայքում։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am