Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Փետրվար 2011, N 2

ԱՇԽԱՐՀԸ ՓԵՏՐՎԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ տարվա ամենակարճ ամիսը կդառնար իրադարձություններով ամենահագեցածը: Ընդ որում, խոսքն այս դեպքում ոչ թե «շարքային» դեպքերի մասին էր, որոնք մշտապես ապահովում են մոլորակի անհանգիստ ռիթմը, այլ ընդգրկման ծավալներով և նշանակությամբ խոշոր ցնցումների՝ ընդունակ պարտադրելու նոր իրողությունների գիտակցում, որակապես նոր հայացք հին խնդիրներին, քաղաքական լուծումների նոր ձեռագիր: Դեռ կգա ժամանակը՝ իրավամբ գնահատելու և բացատրելու այն, ինչ կատարվեց փետրվար ամսվա ընթացքում, հասկանալու դրա բնական ու արհեստածին ազդակները: Իսկ մինչ այդ կար պարզապես դեպքերի այն հաջորդական ընթացքը, որը թույլ էր տալիս տեսնելու շարժը, նրա շղթայական ռեակցիան, մեկից մյուսը փոխանցվող վարակիչ շունչը՝ հետևանքների իրարամերժ բնույթով հանդերձ:

Դեռևս տարեսկզբից արաբական աշխարհում ծայր առած խռովությունների ալիքը հիմա ընդարձակել էր ոչ միայն աշխարհագրությունը, այլև ընդունակ էր ժամանակ առ ժամանակ արձագանք գտնելու այնպիսի վայրերում, որոնք անմիջական դեպքերի թատերաբեմից շատ ու շատ հեռու էին: Իսկ դրանց ոչ հերթականությունը, ոչ ծավալների տարբերությունն այլևս էական չէին, քանի որ բոլորն էլ դիտարկվում էին իբրև փոխկապակցված, միևնույն շղթայի մաս կազմող տարբեր օղակներ:

Այսպես, Հորդանանի համար փետրվարը մեկնարկեց առանց կառավարության: Այն բանից հետո, երբ օրեր շարունակ հազարավոր ցուցարարներ Ամանում հանրահավաքներ էին անցկացնում՝ պահանջելով քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ, երկրի թագավոր Աբդուլա Երկրորդին այլ բան չմնաց, քան հասկանալ պահի լրջությունը, ցրել կառավարությունը և նորանշանակ վարչապետին հանձնարարել նախապատրաստել առաջարկներ «իրական քաղաքական բարեփոխումների» համար: Այս շուտափույթ կանխարգելիչ քայլը, սակայն, ի զորու եղավ ընդամենը մի քանի շաբաթով հանդարտեցնել շիկացած կրքերը, որից հետո մայրաքաղաքի փողոցները վերստին հեղեղվեցին բողոքի դուրս եկած քաղաքացիներով: Իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ փետրվարի 18-ին, երբ միաժամանակ ակցիաներ իրականացնող ընդդիմադիր երիտասարդները բախվեցին իշխանամետ թևի ներկայացուցիչների հետ: Մինչ այդ չեզոքություն պահպանող ու բռնություններ գործադրելու հարցում ձեռնպահ իրավապահ ուժերն այս անգամ ստիպված էին միջամտել:

Անհանգիստ օրեր էին նաև Սուդանում, որի հարավային հատվածի բնակչության 98,83 տոկոսը հանրաքվեի ժամանակ կողմ էր արտահայտվել անկախ պետության հռչակմանը և սպասում էր հուլիսի 9-ին, երբ քարտեզի վրա պիտի գծագրվի Աֆրիկա մայրցամաքում թվով 53-րդ պետությունը: Սակայն փետրվարի 4-ից զարգացումները ողբերգական ընթացք ձեռք բերեցին: Այդ օրը Մալակալ քաղաքում զինվորականների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվեց 20 մարդ:

Իրավիճակի բարդացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ բանակի շարքերում կան ծնունդով հարավից զինվորներ, որոնք հավաքագրվել են քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնող աշխարհազորից: Զինվորականները կրակեցին միմյանց վրա ականանետերից և խոշոր տրամաչափի գնդացիրներից: Այդ դեպքերից մեկ շաբաթ անց առնվազն 140 մարդ զոհվեց, այս անգամ արդեն զինվորականների ու ապստամբների միջև բախումների արդյունքում: «Բժիշկներ առանց սահմանի» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչները հաղորդում էին վիրավորների ահռելի քանակի մասին: Ապստամբները՝ գեներալ Ատորի գլխավորությամբ, հարձակումներ էին իրականացրել Ֆանգակ և Դոր քաղաքներում:

Մի պահ փետրվարյան բողոքների ալիքը տեղափոխվեց Եվրոպա, ուր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեցին հակակառավարական հանրահավաքին: Ակցիայի մասնակիցները, որոնց մի մասը ժամանել էր երկրի այլ քաղաքներից, հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց՝ կրելով «Դեմոկրատական կուսակցություն, գնալու ժամանակն է», «Մենք քաղցած ենք» և նման այլ գրություններով պաստառներ: ԶԼՄ-ներն այդ առթիվ գրեցին, թե վերջին մի քանի տարիների համար աննախադեպ մեծ այս հանրահավաքի նպատակն էր 2012 թվականին նախատեսված ընտրություններից առաջ ի ցույց դնել ընդդիմության ուժը:

Բայց այս բոլոր դեպքերը խամրեցին այն բոցերի ցոլքերի ներքո, որոնք բռնկվեցին Եգիպտոսում՝ իրենց վրա սևեռելով ողջ աշխարհի ուշադրությունը: Արդեն ամսվա առաջին օրերից խոսվում էր մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակ դուրս եկած մոտ երկու միլիոն ցուցարարների մասին: Նույն պատկերն էր Եգիպտոսի երկրորդ խոշոր քաղաքում՝ Ալեքսանդրիայում, Սուեզում ու այլ բնակավայրերում: Ընդդիմության ներկայացուցիչները պահանջում էին նախագահ Մուբարաքից հեռանալ երկրից՝ խուսափելու համար ծանր հետևանքներից: Այդ ընթացքում երկրի բանակը հայտարարել էր, որ ուժ չի կիրառի ցուցարարների նկատմամբ, քանի որ հարգում է «մարդկանց օրինական իրավունքները»: Սակայն որոշ ցուցարարներ մտահոգված էին, որ Մուբարաքի աջակիցները կարող էին բռնություններ գործադրել: Եվ այդ տագնապներն իզուր չէին: Շատ շուտով երկիրը վերածվեց մի հսկա քաոսի: Երկու թևերի միջև սկիզբ առած բախումները փոխարկվեցին արյունահեղության: Զանազան աղբյուրներ հաղորդում էին ավելի քան 300 զոհվածի, շուրջ 5000 վիրավորի մասին: Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել էին: Ամսվա տասներորդ օրը լարվածությունը հասավ գագաթնակետին: Հանգուցալուծում էր պետք: Եվ այն ժամանակ, երբ ժողովուրդը նախապատրաստվում էր վճռական հարվածի, լուրեր տարածվեցին, որ Հոսնի Մուբարաքը պատրաստվում է հեռուստաուղերձով հաստատել իր անհապաղ հրաժարականի մասին:

Ի վերջո, փետրվարի 11-ին, Երևանի ժամանակով 00.45-ին հեռուստաէկրաններին հայտնվեց Մուբարաքը: Սակայն 30 տարի շարունակ երկիրը միանձնյա ղեկավարած նախագահը ոչ երկիմաստ հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ու ժողովրդի պահանջներն ընդունելով հանդերձ, իրեն տրված մանդատի շրջանակներում ամեն ինչ անելու է դրանք իրականացնելու համար: Նա խոստացավ չառաջադրվել սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, պատժել բոլոր նրանց, ովքեր հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ էին դարձել, երկրում վերացնել արտակարգ դրությունը, Սահմանադրության մեջ էական փոփոխություններ կատարել, ինչպես նաև նշեց, որ իր լիազորությունների մի մասը փոխանցելու է փոխնախագահ, նախկինում հատուկ ծառայությունների ղեկավար Օմար Սուլեյմանին: «Ես ինձ պատասխանատու եմ զգում այս երկրի ապագայի համար և կմնամ իմ պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ չի իրականացվել իշխանության խաղաղ փոխանցումը ժողովրդավարական և արդար ընտրությունների միջոցով»,- ասաց նախագահը: Սա միայն անակնկալ համառություն չէր: Սա այն վերջին կաթիլն էր, որ լցրեց մարդկանց համբերության բաժակը: Բորբոքված բազմությունը, չանսալով հրապարակը լքելու և իրենց տները վերադառնալու հորդորներին, խոստացավ առավոտյան ավարտել գործը ուժի ճանապարհով: Սակայն ուրբաթօրյա աղոթքը դեռ չէր ավարտվել, երբ երկրով մեկ տարածվեց ուրախալի լուրը. Եգիպտոսի նախագահ Մուբարաքը վերջապես հրաժարական է տվել: Երկրի փոխնախագահ Օմար Սուլեյմանը երկիրը ղեկավարելու համար նշանակեց զինվորական խորհուրդ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մուբարաքն ընտանիքով լքել էր Կահիրեն ու մեկնել Շարմ էլ-Շեյխի նախագահական նստավայր: Մի քանի օր անց կառավարությունն ու խորհրդարանը ցրվեցին, կասեցվեց Սահմանադրության կիրարկումը:

Եգիպտական հաջողության ալիքն անմիջապես փոխանցվեց այլ երկրների: Մարդիկ համոզված էին, որ եթե Կահիրեում պայքարը հաղթանակով պսակվեց, ապա իրենք նույնպես կարող են արժանանալ այդ ձեռքբերումին:

Հաջորդ օրն իսկ Ալժիրի մայրաքաղաքում ընդդիմությունը բողոքի երթ անցկացրեց՝ պահանջելով քաղաքացիական ազատությունների տրամադրում և ժողովրդավարական բարեփոխումների իրականացում: Խաղաղ ցույցը շատ արագ վերաճեց ցուցարարների թիվը մի քանի անգամ գերազանցող ոստիկանության հետ բախումների: Եգիպտական սցենարից խուսափելու նպատակով երկու օր անց Ալժիրի իշխանությունները հայտարարեցին, թե մտադիր են չեղյալ հայտարարել 19 տարի ձգվող արտակարգ դրությունը: Սակայն զիջումների գնալու նրանց մարտավարությունը մեծ հաջողություն չէր խոստանում: Այժմ արդեն ընդդիմության կողմնակիցները պահանջել էին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականը:

Խռովությունների հաջորդ «կանգառը» Եմենն էր: Այստեղ էլ 32 տարի երկրի նախագահի աթոռը զբաղեցնող Ալի Աբդալա Սալեհի հրաժարականի պահանջով մայրաքաղաք Սանայի փողոցներ դուրս եկած հազարավոր ցուցարարները ստիպված էին դիմակայել գործող կառավարության կողմնակիցներին ու իրավապահներին: Փետրվարի 16-ին տեղի ավտոկայարանի մոտ հավաքված մարդկանց վրա ոստիկանությունը կրակ բացեց: Մահացու վերքեր ստացավ զանգվածային հուզումների մի քանի մասնակից, ինչից հետո կատաղած ցուցարարները փորձեցին գրոհով վերցնել քաղաքի շրջաններից մեկի վարչակազմի շենքը: Հաջորդ օրերին ևս բախումները կրկնվեցին, մարդիկ բարիկադավորվում էին փողոցներում, իրավապահներն արցունքաբեր գազեր ու ռետինե ձողեր էին գործադրում: Հետևելով Մուբարաքի անհաջող փորձին՝ նախագահ Սալեհը հայտարարեց, որ չի առաջադրվելու 2013 թվականի նախագահական ընտրություններին: Սակայն ընդդիմությունն անհապաղ քաղաքական փոփոխություններ էր պահանջում այդ երկրում:

Իսկ ընդհանրապես, թե՛ Թունիսում և թե՛ Եգիպտոսում ավտորիտար նախագահների հրաժարականներին հանգեցրած զանգվածային բողոքներից հետո արաբական մի շարք երկրների իշխանությունները հապշտապ կարգով ուժեղացնում էին անվտանգության միջոցները: Սակայն դրանք որևէ կերպ չէին խոչընդոտում նորանոր լարվածության օջախների բռնկմանը:

Բահրեյնում նույնպես ընդվզումներն ուղեկցվեցին բախումներով, զոհերով ու վիրավորներով: Փետրվարի 14-ից Մանամա քաղաքում ստեղծված իրավիճակը վարչակարգին պարտադրեց հասարակական կարգը պահպանելու անվան տակ հավելյալ ուժեր բերել, իսկ քաղաքի երկնքում հերթապահում էին պարեկային ուղղաթիռները: Միայն թե հուզումներն արդեն ընդգրկել էին նորանոր տարածքներ: Ոստիկանների հետ բախումներ էին արձանագրվում Դիռազ, Նեվիդռատ ու շիաներով բնակեցված քաղաքամերձ բնակավայրերում: Երեք օր անց իշխանություններն անցան առավել կոշտ միջոցների՝ գրոհելով հակակառավարական ցույցի մասնակիցների ճամբարի վրա, որը գտնվում էր մայրաքաղաքի կենտրոնական Մարգարտե հրապարակում: Գրանցվեցին առաջին զոհերն ու վիրավորները: Մի քանի օր անց, այն բանից հետո, երբ ընդդիմության ակտիվիստները հայտարարեցին, թե մտադիր չեն տապալել նախագահ Համադ Բեն Իսա ալ Խալիֆին, այլ պահանջում են վարչապետ Ալ Խալիֆիի հրաժարականը՝ մեղադրելով նրան կաշառակերության մեջ, ինչպես նաև պնդում են ձևավորել նոր կառավարություն՝ ընդդիմադիրների մասնակցությամբ, իշխանությունները գնացին մասնակի զիջումների: Զինվորականներն ու ոստիկանները լքեցին հանրահավաքների հիմնական վայրը, իսկ փետրվարի 20-ին ընդդիմությունը ներկայացրեց իր պահանջների ամբողջական ցանկը՝ համոզված, որ երկրի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է երկխոսության: Նախորդ պահանջներից զատ, այդ ցանկի հիմնական կետերն էին՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, կոռուպցիայի դեմ պայքար, լայն իրավունքների տրամադրում շիա մեծամասնությանը, փոփոխություններ Սահմանադրությունում:

Մյուսներից ոչ պակաս հախուռն ու դրամատիկ զարգացումներով ծավալվեցին դեպքերը ապստամբած Լիբիայում: 42 տարի շարունակ երկիրը կառավարող Մուամար Քադաֆիի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ցուցարարները Բենգազի քաղաքում փետրվարի 16-ին դաժան բախումներ ունեցան ոստիկանության հետ: Ցուցարարները բողոքում էին նաև ընդդիմության առաջնորդի ձերբակալության դեմ: Բենգազիից հետո Էլ Բայդան հաջորդ քաղաքն էր, որտեղ հակակառավարական ցույցեր բռնկվեցին: Փետրվարի 18-ին ընդդիմության կողմնակիցները գրավեցին այդ քաղաքը, իսկ շատ չանցած համաժողովրդական հուզումները տարածվեցին ևս 4 քաղաքում: Թեև իշխանությունները փորձ արեցին ընդառաջ գնալ ցուցարարներին ու խոստացան կրկնակի բարձրացնել պետծառայողների աշխատավարձը և ազատ արձակել 110 իսլամիստ բանտարկյալների, սակայն նույնիսկ դրանից հետո կրքերը Լիբիայում չհանդարտվեցին: Զոհերի թիվն անցնում էր 200-ից: Բողոքի մասնակիցներն իրենք էլ կախաղան հանեցին երկու ոստիկանների, որոնք փորձել էին ցրել ցուցարարներին: Իսկ հետո արդեն իրավիճակը երկրում սրվում էր ժամ առ ժամ: Մինչ մայրաքաղաք Տրիպոլիում կառավարող ռեժիմի ու երկրի առաջնորդ Քադաֆիի աջակցության հանրահավաքներ էին գումարվում, Լիբիայում տասնյակ օտարերկրացիներ ձերբակալվեցին, որոնք մեղադրվում էին մթնոլորտն ապակայունացնելու մեջ: Լիբիական պաշտոնական լրատվամիջոցները պնդում էին, որ ցույցերի հետևում կանգնած են օտարերկրյա ուժերը: Բայց շատ շուտով մայրաքաղաքը ևս զերծ չմնաց խռովության ու անկարգությունների ցնցումներից: Փետրվարի 20-ին, ապստամբներին սպառնալով քաղաքացիական պատերազմի հնարավորությամբ, բանակը հրանոթներից կրակ բացեց ժողովրդի վրա: Միևնույն ժամանակ, ցուցարարների կողմն էին անցել 50-ից ավելի կրոնական գործիչներ, որոնք կոչ էին անում զինվորներին «չսպանել մուսուլման եղբայրներին ու քույրերին»: Մի շարք վայրերում նրանց կոչն արձագանք գտավ, բանակայինները միացան ապստամբներին:

Այն բանից հետո, երբ երկրի ղեկավար Մուամար Քադաֆին հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին, մի հերթական անգամ ասաց՝ «Ես չեմ պատրաստվում հեռանալ այս երկրից, ես կնահատակվեմ այստեղ», իսկ այնուհետև Լիբիայի իշխանությունները բանակն ու ռազմական օդուժը օգտագործեցին մայրաքաղաքում ու երկրի այլ քաղաքներում հակակառավարական ցույցերը ցրելու համար, ապստամբությունը նոր թափ հավաքեց: Դաժան մարտեր էին ծավալվում Լիբիայի արևմտյան հատվածում գտնվող բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Տրիպոլիի համար: Լուրեր էին տարածվում, որ ապստամբներն արդեն իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի մեծ մասը: Զոհվածների ու վիրավորների մասին հստակ տեղեկություններ չկային: Նշվում էր մինչև 1000 սպանվածների մասին: Աշխարհն իր զայրույթն ու վրդովմունքն արտահայտեց սեփական ժողովրդի նկատմամբ նման դաժան հաշվեհարդար տեսնելու համար: ԱՄՆ նախագահ Օբաման հանձնարարեց ազգային անվտանգության գծով իր թիմին նախապատրաստել գործողությունների «բոլոր տարբերակները»: Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Միավորված Ազգերի Կազմակերպությանը կոչ արեց հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել Լիբիայում արյունահեղությունը դադարեցնելու համար:

Քանի դեռ Մերձավոր Արևելքում և աֆրիկյան հարթությունների վրա եռում էր հեղափոխական «կաթսան» ու քանի դեռ քաղաքագետները կռահումներ էին անում այն մասին, թե որն է լինելու անհնազանդության հաջորդ օջախը, նրանց կանխատեսումներից առաջ ընկան լուրերն այն մասին, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց ու շարժվել դեպի Ազեդի անվան կենտրոնական հրապարակ: Այստեղ ընդդիմադիրները պահանջում էին տնտեսական պայմանների բարելավում, իսկ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին կոչ էին անում ազատ ու արդար ընտրություններ անցկացնել: Ցուցարարների և իրավապահ մարմինների միջև տեղի ունեցած առաջին բախումների արդյունքում եղան տասնյակ վիրավորներ և նվազագույնը 2 զոհ: Վարչակարգի կողմնակիցներն անմիջապես հայտարարեցին, թե անկարգությունները նախաձեռնել են «հակահեղափոխական տարրերը՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի գործակալները», իսկ խորհրդարանի 180 պատգամավորներ պահանջեցին մահապատժի ենթարկել ընդդիմության առաջնորդներին: Խոսք էր գնում հարյուրավոր ձերբակալվածների մասին: Ցուցարարներին իրենց աջակցությունը հայտնեցին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: «Իրանցիներն արժանի են նույն իրավունքներին, որին հասան եգիպտացիները»,- հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնը: Փոխարենը նախագահ Ահմադինեժադը խստորեն դատապարտեց ընդդիմության ցույցը, իսկ Իրանի անվտանգության ուժերը գործի դրեցին պատժիչ մեքենան: Բայց ընդդիմադիրների պահանջը՝ պայքարել «կրոնական դիկտատուրայի» դեմ, փետրվարի 20-ին վերստին փողոց դուրս բերեց նրանց համախոհներին, որոնք բողոքի ակցիաներ անցկացրին Թեհրանում և երկրի այլ քաղաքներում:

Պետք է ասել, որ նրանք, ովքեր փորձում էին փետրվարյան իրադարձությունների վարակիչ շղթան դիտարկել մեկ ընդհանուր տրամաբանության համատեքստում, անընդհատ հարկադրված էին լինում վերանայել իրենց դիրքորոշումը, քանի որ հաջորդ պահին մատուցվում էր մեկ ուրիշ անակնկալ՝ լիովին վերափոխելով նախապես սահմանված պատկերացումների դաշտը: Սայթաքումների համար հիմնական պատճառ էին ժողովրդական ընդվզումների շարժառիթները, որոնք մի դեպքում քաղաքական էին, մեկ այլ դեպքում՝ սոցիալական, իսկ երբեմն էլ՝ զուտ կենցաղային, թեև վերջնահաշվարկում համարյա միշտ հետևանքները գալիս ու խաչվում էին միևնույն կետում:

Այսպես, փետրվարի 16-ից «խռովարար» երկրների շարքին միացավ բազմաչարչար Իրաքը, որտեղ մի քանի հազար ցուցարարներ Քութ քաղաքում բախվեցին անվտանգության ուժերի հետ: Նրանք այլ բան չէին պահանջում, քան կոմունալ ծառայությունների բարելավում: Սակայն այդ բողոքի արդյունքում սպանվեց 3 մարդ, մոտ 50-ը վիրավորվեց: Ակցիայի վրդովված մասնակիցները հարձակվեցին քաղաքի վարչակազմի շենքի վրա, փորձեցին այրել նահանգապետի տունը՝ պահանջելով բարելավել սոցիալական պայմանները և նոր աշխատատեղեր ստեղծել: Եվ հազիվ թե որևէ մեկի մտքով անցներ, որ երկու օր անց այդ ցույցերը իրենց ծավալներով կբազմապատկվեն, կընդգրկեն մի շարք այլ քաղաքներ և նաև մայրաքաղաքը, իսկ իշխանություններին լրջորեն կանհանգստացներ այն փաստը, որ իրենք այլևս ի զորու չեն վերահսկել իրավիճակը: Փետրվարի 20-ին Բաղդադում երթի դուրս եկած երիտասարդությունն արդեն պահանջում էր ցրել կառավարությունն ու խորհրդարանը, մզկիթներում հոգևորականները պաշտպանում էին «Իրաքի ժողովրդի օրինական պահանջը»:

Կարգախոսների իմաստով իրաքյան կացությանը շատ բաներով էր նման Ալբանիայում առաջացած լարվածությունը: Այս երկրի ընդդիմության տասնյակ հազարավոր աջակիցներ բողոքի երթ անցկացրին մայրաքաղաք Տիրանայում՝ պահանջելով կառավարության հրաժարականը և իշխանավորներին մեղադրելով կոռուպցիայի մեջ: Քաղաքի պետական հաստատությունները շրջապատած ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ թեև ակտիվ գործողությունների չէին դիմում, սակայն շատերի հիշողության մեջ դեռ թարմ էին հունվարյան բախումները, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ դարձան և կարող էին կրկնվել: Մինչ ընդդիմադիրները վարչակազմին մեղադրում էին 2009 թվականի ընտրությունների արդյունքները կեղծելու համար, իշխանությունն իր հերթին ընդդիմությանը մեղադրում էր պետական հեղաշրջում իրականացնելու փորձերի մեջ:

Խոշոր հակակառավարական ցույցերից զերծ չմնաց նաև Ջիբութին՝ Ֆրանսիայի երբեմնի գաղութը, որտեղ անկախության հռչակումից հետո նախագահ ընտրված 63-ամյա Իսմայիլ Օմար Գելեհը ցանկանում էր Սահմանադրության փոփոխության գնով երկարաձգել իր կառավարման ժամկետը: Ցուցարարները պահանջեցին նրա հրաժարականը և հայտարարեցին, թե զբաղեցնելու են մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտն այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը չի հեռացել իր աթոռից: Իրավիճակի բարդություններից մեկն էլ պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ֆրանսիան Ջիբութիում խոշորագույն ռազմակայան ունի, որից օգտվում են նաև ԱՄՆ զինված ուժերը:

Անհամեմատ ավելի հանգիստ պահվածք ունեին Օմանի Սուլթանության քաղաքացիները, որոնք քաղաքականության, տնտեսության, կրթության ոլորտներում բարեփոխումների պահանջով փետրվարի 18-ին դուրս եկան խաղաղ ցույցերի: Հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք, հավաքվեցին մայրաքաղաք Մասկատի նախարարությունների շենքերի տարածքում և խաղաղ «կանաչ» քայլերթ կազմակերպեցին: Ցուցարարներն իրենց պաստառներով աջակցություն էին հայտնում սուլթան Քաբուսին և կոչ անում բարեփոխումներ իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարի, գների աճի նկատմամբ վերահսկողության, սպառողների շահերի պաշտպանության, կրթական համակարգի կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաև ընդլայնել խորհրդատվական խորհրդի իրավասությունները: Սա էլ իր տեսակի մեջ «թավշյա» այլախոհության արտացոլումն էր՝ արաբական աշխարհի գիտակցական վերազարթոնքի նորօրյա համայնապատկերի վրա, որտեղ իրավազրկությունը ճանապարհ էր հարթում ամենատարբեր ու հնարավոր բոլոր միջոցներով:

Փետրվարի 20-ին Քուվեյթում տեղի ունեցած զանգվածային ցույցը, որը կազմակերպել էին երկրի քաղաքացիություն չունեցող բնակիչները, այդ կարգի ակցիաներից մեկն էր: Բազմամարդ հանրահավաքն անցկացվեց Էլ Ջահրա նահանգում: Մասնակիցների մեծ մասը բեդվիններ էին, որոնք քոչվոր կյանք են վարում: Նրանք բողոքեցին իրենց իրավազուրկ վիճակից, պահանջեցին քաղաքացիության տրամադրում, ինչպես նաև աշխատանքի, անվճար կրթության ու առողջապահական սպասարկման իրավունք, որոնք հասանելի են Քուվեյթի սովորական քաղաքացիներին: Ի պատասխան՝ ոստիկանները ցուցարարներին ցրեցին ջրցաններով և արցունքաբեր գազով: Իրավապահների հետ բախումների ժամանակ տուժեց առնվազն 30 մարդ, ավելի քան 50-ը ձերբակալվեց:

Իսկ թունիսյան ու եգիպտական հաջողություններից սրտապնդված նորանոր երկրների ցանկը դեռ լրացվում ու լրացվում էր: Մյուսը Մարոկոն էր: Այս երկրի մայրաքաղաք Ռաբաթում ևս փետրվարի 20-ին մեծածավալ բողոքի ակցիա տեղի ունեցավ: Մի քանի հազար ցուցարարներ դուրս էին եկել փողոց՝ պահանջելով կրճատել թագավոր Մուհամեդ VI-ի լիազորությունները և պայքար ծավալել կոռուպցիայի դեմ: Հավաքվածները միապետության տապալման կոչեր էին հնչեցնում ու հայտարարում, որ չեն ընդունում «ստրուկների սահմանադրությունը»: «Ժողովուրդը պահանջում է ավտոկրատիայի տապալում»,- գրված էր նրանց ցուցապաստառների վրա: Ցույցեր էին տեղի ունենում նաև Տանժեր, Կասաբլանկա և Մարաքեշ խոշոր քաղաքներում: Մարոկոյի ցուցարարներն իրենց շարժումն անվանում էին «Փետրվարի 20-ի շարժում»: Հատկանշական էր, որ վերջիններս Facebook սոցիալական ցանցի միջոցով էին պայմանավորվել ցույցեր սկսել:

Քաղտեխնոլոգիաների կիրառման ջատագովների համար այս հանգամանքը պիտի որ հրաշալի առիթ դառնար զանազան վերլուծությունների համար: Իսկ ահա Չինաստանի իշխանությունները միանգամից գործի անցան, երբ անհրաժեշտություն ծագեց լռեցնել «Հասմիկների հեղափոխության» առեղծվածային առցանց կոչը, որն ակնհայտորեն նման էր Մերձավոր Արևելքում մոլեգնող հեղափոխությունների մոդելին: Նրանք ձերբակալեցին կոչերի հեղինակներին և մայրաքաղաք Պեկինում, Շանհայում ու երկրի 11 այլ քաղաքներում բազմապատկեցին ոստիկանների թիվը: Իսկ չարաբաստիկ կոչն այս էր. «Մենք ուզում ենք սնունդ, աշխատանք, տուն և արդարություն»: Վարչակազմի զգուշավորությունն այն աստիճան էր, որ, օրինակ, Պեկինում ձերբակալեցին մի երիտասարդի, որը «ՄակԴոնալդսի» առջև սպիտակ հասմիկներ էր շաղ տալիս, իսկ ռեստորանը շրջափակեցին ոստիկաններով: Երկրում, ընդհանուր առմամբ, կալանվեց ավելի քան 100 կասկածյալ: Ըստ Associated Press-ի, «Հասմիկների հեղափոխության» կոչը համացանցում հայտնվեց այն բանից հետո, երբ երկրի նախագահ Հու Ձինթաոն չինացի բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ արեց բնակչությանն ավելի լավ սոցիալական ծառայություններ մատուցել և բարելավել տեղեկատվության կառավարումը համացանցում՝ «հանրային կարծիքն ուղղորդելու նպատակով»:

Մեկը մյուսին հաջորդող, իրար այնքան նման և իրարից տարբեր այս դեպքերն, անկասկած, չէին կարող անդրադարձ չունենալ աշխարհում տեղի ունեցող այլ իրադարձությունների վրա: Սակայն այդ ամենով հանդերձ աշխարհն ուներ նաև իր երկրորդ շնչառությունը, ինչը վաղուց ի վեր նրա բնական ընթացքն է համարվում, թեև դրա մեջ քիչ բնական բան կարելի է գտնել: Ընդհանուր տագնապների կողքին ամեն երկիր ապրում էր նախ և առաջ իր ներքին հոգսերով՝ մշտապես դրանց կարևորությունը գերադասելով մյուսներից, և փետրվարը յուրաքանչյուրի համար բերեց բավարար չափով զբաղված լինելու շարժառիթներ:

Այսպես, ամսվա սկզբին հրաժարական տվեց Իռլանդիայի վարչապետ Բրայան Քոուենը: Վերլուծաբանների կարծիքով, նրա այդ քայլը թելադրված էր երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով ստեղծված կացությամբ:

Մյանմարի վարչապետի բախտն այս իմաստով շատ ավելի բերեց: Այդ երկրի նորագույն պատմության մեջ առաջին անգամ փետրվարի 4-ին կայացան նախագահի ընտրություններ, և խորհրդարանը նախապատվությունը տվեց 65-ամյա նախկին գեներալ Տհեյն Սեյնիի թեկնածությանը, ով մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: Նրա թեկնածությունը 659 խորհրդարանականներից պաշտպանեցին 408-ը:

Վերադասավորումների նմանօրինակ մի շարժ էլ կարելի էր համարել Կոսովոյի դեպքը, որտեղ փետրվարի կեսերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այդ երկրի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հաշիմ Տաչին զիջեց նախագահական աթոռը «Հանուն նոր Կոսովոյի» ալյանսի առաջնորդ Բեջեթ Պակոլիին: Տաչին զբաղեցրեց վարչապետի պաշտոնը: Դեմոկրատներն իրենց նախընտրական արշավում շեշտը դրել էին եվրաինտեգրման խորացման վրա: Ի վերջո, փետրվարի 23-ին Կոսովոյի խորհրդարանը երկրի նախագահ ընտրեց ալբանացի մեծահարուստ գործարար Պակոլիին:

Նախագահական իշխանության հրապույրներից ոչ մի գնով հրաժարվել չցանկացող Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը, ով իշխանության գլուխ է արդեն 20 տարի շարունակ, այնուամենայնիվ որոշեց ավելորդ օրիգինալությամբ աչքի չընկնել և տվեց իր համաձայնությունը ապրիլին կայանալիք արտահերթ ընտրություններում առաջադրվելու համար: Նա փետրվարի 11-ին թեկնածու առաջադրվեց կառավարող «Նուր Օթան» կուսակցության կողմից: Այս ամենը կատարվեց այն բանից հետո, երբ Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական էր որակել Նազարբաևի լիազորությունները հանրաքվեի միջոցով երկարաձգելու նախաձեռնությունը: Հատկանշական էր, որ Նազարբաևն ինքն էլ դրանից առաջ դեմ էր արտահայտվել իր լիազորությունները երկարաձգելու նախաձեռնությանը: Բայց հետո, ինչպես ասում են, բանականությունը հույզերի նկատմամբ հաղթանակ տարավ:

Փետրվարյան կարևորագույն իրադարձությունների շարքում նախ և առաջ հիշատակման էր արժանի ամսվա առաջին օրերին Մյունխենում մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովը: Առանձնակի ուշադրության արժանացան համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները, Եվրոպայում միջուկազերծ տարածքի ձևավորումը, Մերձավոր Արևելքում հակամարտությունների հաղթահարումն ու զինաթափումը, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային այլ մարտահրավերներ՝ այդ թվում, մասնավորապես, Աֆղանստանում առկա իրավիճակը: Ի դեպ, հենց Մյունխենում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փոխանակեցին ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի վավերագրերը, ինչով սկսվեց այդ կարևորագույն փաստաթղթի իրականացման փուլը, որը ստորագրվել էր դեռևս անցյալ տարվա ապրիլի 8-ին, Պրահայում: Կողմերը պարտավորվել են 7 տարվա ընթացքում իրենց միջուկային զինանոցները կրճատել մեկ երրորդով:

Առկա մարտահրավերների դեմ միասնական ուժերով հանդես գալու մեկ այլ նախաձեռնություն էլ կարելի էր համարել Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի ու ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի Մոսկվայում կայացած հանդիպումը, որի հիմնական նպատակն էր համաձայնեցնել ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման ընդհանուր սկզբունքները: «Հարկավոր է հաշվի առնել հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, կողմերի դիրքորոշումները, թույլ չտալ բնակչության համար հումանիտար խնդիրներ առաջանան»,- նշեցին կողմերը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները: Իսկ մոսկովյան հանդիպումից մեկ շաբաթ անց Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտենեն իրազեկեց այն մասին, որ Լիտվայում հատուկ բանաձև են մշակել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Հավանաբար, շատ ավելի դյուրին է խոսել այլոց խնդիրների մասին, քան լուծումներ գտնել սեփականի համար: Համանման մի իրավիճակի բախվեց Ռուսաստանն այն բանից հետո, երբ Տոկիոյում աջ ծայրահեղական կազմակերպությունների կողմից փետրվարի 7-ին իրականացվեց այսպես կոչված «Հյուսիսային տարածքների օր» ակցիան: Կուրիլյան չորս կղզիները հետ պահանջող ցուցարարներն այդ օրը ՌԴ դեսպանատան առջև անարգեցին Ռուսաստանի պետական դրոշը: Ռուսների արձագանքը անհապաղ էր ու սպառնալից: Տոկիոյին հասցեագրված բողոքի նոտայից բացի Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդևը երկրի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կուրիլյան կղզիները ժամանակակից զինատեսակներով ապահովելու մասին: «Բոլորը պետք է հասկանան, որ կղզիները Ռուսաստանի տարածքն են: Զինատեսակները, որ այնտեղ կտեղակայվեն, պետք է անհրաժեշտ, բավարար և ժամանակակից լինեն, որպեսզի ապահովվի այդ տարածքների՝ որպես Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասի անվտանգությունը»,- նշեց Մեդվեդևը: Իր հերթին Ճապոնիայի ԱԳ նախարար Սեիջի Մաեհարան հայտարարեց, թե Ռուսաստանն ապօրինի է զավթել Կուրիլները: «Ռուսաստանի ղեկավարներն են այցելում կղզիներ, թե ռուսներն ամրացնում են դրանց պաշտպանությունը՝ նշանակություն չունի, միևնույն է, միջազգային իրավունքի տեսակետից նրանք զավթել են կղզիները»,- ասաց նա՝ էլ ավելի շիկացնելով մթնոլորտը:

Մեկ այլ տարածքային վեճ փետրվարի 14-ին փողոց էր դուրս բերել Բանգկոկի հազարավոր բնակիչների: Նրանց մտահոգում էր Կամբոջայի հետ ունեցած տարածքային վեճը, որն օրեր առաջ հանգեցրել էր երկու երկրների միջև զինված միջադեպի: Կամբոջան ու Թաիլանդը վիճարկում էին իրենց սահմանակից գոտում տեղակայված հնագույն բուդդիստական վանքի պատկանելության հարցը, ինչի համար էլ փետրվարի 5-ին սահմանային բախում էր տեղի ունեցել երկու երկրների զինվորական ստորաբաժանումների միջև: Արդյունքում կային զոհեր ու վիրավորներ: Եվ այժմ ընդդիմության ներկայացուցիչ «կարմիրշապիկավորները» կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ իրենց դժգոհությունն էին արտահայտում ու պահանջում երկրի վարչապետ Ապսիխիտ Վետչաչիվայի հրաժարականը:

Նախկինի պես շարունակում էին անհաշտ ու անզիջում մնալ Հարավային և Հյուսիային Կորեաները: Այս անգամ էլ հաշտության եզրեր գտնելու նրանց փորձերը ձախողվեցին: Գնդապետների մակարդակով բանակցությունները երկու օր շարունակ ընթանում էին Պհանմուջոմ կոչվող ապառազմականացված սահմանային վայրում: Հանդիպման ժամանակ, ենթադրվում էր, պայմանավորվածություններ ձեռք բերել բարձր մակարդակով բանակցություններ սկսելու մասին: Սակայն դրանք անսպասելի ընդհատվեցին Փհենյանի ներկայացուցիչների կտրուկ և կոշտ դիրքորոշման պատճառով:

Անհանդուրժողականության ոչ պակաս նշանակալի օրինակ կարելի էր դիտարկել Եվրամիության ընդունած որոշումը՝ հեռացնել Բելառուսին «Արևելյան գործակցություն» խորհրդարանական վեհաժողովի («Եվրանեստ») աշխատանքներից: Նմանատիպ քայլը պետք էր դիտարկել այդ երկրի նկատմամբ փետրվարից ուժի մեջ մտած ԵՄ պատժամիջոցների համատեքստում՝ կապված դեկտեմբերի 19-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հետևած ընդդիմության կողմնակիցների ու լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների հետ: Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն այդ կապակցությամբ հույս հայտնեց, որ Բելառուսն ապագայում, այնուամենայնիվ, կմասնակցի «Եվրանեստին», երբ «ազատ ընտրություններն իրականություն դառնան»:

Քաղաքական կյանքի մեծ ու փոքր ցնցումներից ոչ պակաս հաճախակի և ոչ պակաս տխուր հետևանքներով էին լի այն պատահարներն ու միջադեպքերը, որոնք արձանագրվեցին փետրվարի ընթացում:

Ավստրալիայի հյուսիսարևելյան ափի երկայնքով մոլեգնող ցիկլոնները մեծ ավերածությունների պատճառ դարձան: Իշխանությունները ստիպված էին երկրի որոշ շրջաններում բնակչության տարհանում իրականացնել: Փոթորիկը, որին տրվել էր «Յասի» անվանումը, շարժվում էր ժամում 300 կիլոմետր արագությամբ: Իսկ ահա Ավստրալիայի արևմտյան հատվածում խոշոր անտառային հրդեհներն էին մոլեգնում՝ շարժվելով դեպի Պերթ քաղաքը և ճանապարհին այրելով տասնյակ տնային տնտեսություններ:

Ուժգին փոթորիկը վրացական Փոթի նավահանգստի մերձակայքում ուկրաինական «Գրիգորի Պետրովսկի» նավի խորտակման պատճառը դարձավ: Ծովում ուժեղ ալեկոծության պատճառով նավը կորցրել էր վերահսկողությունը, դիպել քարե արգելապատնեշին և կիսվել: Բարեբախտաբար, հաջողվեց փրկել անձնակազմի բոլոր անդամներին:

Իսկ ահա Մոզամբիկի հյուսիսային ափերի մոտ շրջված նավի ուղևորներին նման բախտ չէր ժպտալու: Սոմալիից ապօրինի փախստականների տեղափոխող նավի վթարի արդյունքում 50 մարդ զոհվեց: Մոզամբիկը համարվում է Սոմալիի, Եթովպիայի, Բանգլադեշի ու Չինաստանի փախստականների նավակայանատեղին, որոնց երազանքն է հայտնվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ուր մարդկանց կենսամակարդակը բարձր է աֆրիկյան մյուս պետություններից:

Փետրվարի 5-ին Եգիպտոսի հյուսիսում՝ Սինայի թերակղզում պայթեցվեց Իսրայել տանող գազատարը: Հաղորդվեց, թե պայթյունը կազմակերպել էին «անհայտ ահաբեկիչները»: Մի քանի օր անց Իրանի Կում քաղաքի մերձակայքում միանգամից երեք գազատարներ պայթեցվեցին: Այս անգամ դրանց պատճառների մասին որևէ հստակ տեղեկատվություն չհաղորդվեց:

Փետրվարի 10-ին մահապարտ ահաբեկիչը՝ դպրոցական համազգեստով, ահաբեկչություն է իրականացրել Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Մարդան քաղաքի նորակոչիկների պատրաստության բանակային կենտրոնի մոտ, որը խստորեն հսկվում էր: Զոհվեց 27 զինծառայող, 40 մարդ վնասվածքներ ստացավ: Դարձյալ Պակիստանում, սահմանամերձ Զիարաթի շրջանում շուրջ 100 զինյալներ կեսգիշերին հարձակվեցին բանակի պահակակետի վրա: Մի քանի ժամ տևած փոխհրաձգության արդյունքում 15 զինյալ ապստամբներ սպանվեցին: Ի դեպ, սա առաջին համանման դեպքը չէր: Միայն նախորդ ամիս Պակիստանում բանակի ու զինյալների բախումներում ավելի քան 100 գրոհային էր զոհվել:

Ամենաանհանգիստ օջախներից մեկը շարունակում էր մնալ Հյուսիսային Կովկասը: Այստեղ իրավիճակն այնքան սրվեց, որ իշխանությունները հարկադրված էին դադարեցնել զբոսաշրջային բոլոր հաստատությունների աշխատանքը: Նախ, Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի կենտրոնում՝ Կադիրովի պողոտայում ուժգին պայթյուն որոտաց, որը թվով չորրորդն էր վերջին մի քանի օրերի ընթացքում: Փետրվարի 8-10-ը ահաբեկչություններ էին իրականացվել քաղաքի տարբեր հատվածներում, կային զոհեր ու վիրավորներ: Մեկ շաբաթ անց երկու ահաբեկչություն իրականացվեց Դաղստանի Գուբդեն գյուղում՝ երկուսն էլ մահապարտների մասնակցությամբ: Առաջին պայթյունը որոտաց ոստիկանության շենքում. երկրորդը՝ անցակետում: Զոհվեց 2 մարդ, 17-ը ստացավ վնասվածքներ: Իսկ ահա Կաբարդինո-Բալկարիայի Բակսանսկի շրջանում փետրվարի 18-ին անհայտ անձինք կրակ բացեցին մոսկվացի տուրիստների միկրոավտոբուսի վրա: Երեք մարդ զոհվեց, ևս երկուսը վիրավորվեց:

Մահապարտների մշտական հարձակումից այս անգամ էլ անմասն չմնաց Աֆղանստանը: Այդ երկրի Ջելալաբադ քաղաքում փետրվարի 19-ին զինված գրոհայինների կողմից հարձակում իրագործվեց խոշոր Kabul bank մասնավոր առևտրային բանկի վրա: Արդյունքում ութ մարդ զոհվեց, մոտ 60-ը վիրավորվեց: Գրոհայինները, որոնցից երեքը մահապարտ ահաբեկիչներ էին, բանկի վրա հարձակվել էին այն ժամանակ, երբ իրավապահ մարմինների աշխատակիցներն այնտեղ աշխատավարձ էին ստանում: Երկու օր անց Կունդուզ գավառում անհայտ մահապարտը պայթեցրեց իրեն, ինչի հետևանքով 15 մարդ զոհվեց, 25-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ: Ահաբեկիչը մահացու զենքը գործի էր դրել վարչության շենքում, անձնագրային բաժնում հերթ կանգնած բազմության մեջ:

Ահաբեկչության չիրագործված, սակայն ենթադրելի վտանգն էր կախվել նաև այլ երկրներում գտնվող Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների գլխին: Ամսվա կեսին այդ երկրի ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն հրապարակեց այն երկրների ցանկը, որտեղ կարող էին հարձակումներ լինել իսրայելցիների վրա: Դրանց շարքում էին Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Վենեսուելան, Եգիպտոսը և Հայաստանը (թեև մեր երկրում Իսրայելի դեսպանատուն չկա): Իսրայելն արդեն 3-րդ տարին է, որ փետրվարին հայտարարում է բարձր պատրաստականության մասին՝ հաշվի առնելով, որ այդ ամսին «Հզբոլլահը» նշում է շարժման առաջնորդ Իմադ Մուռանիեի մահվան օրը: Նրա մահվան մեջ արաբները մեղադրում են Թել Ավիվին: Սակայն այս անգամ սպառնալիքը ոչ թե ընդհանուր էր, ինչպես լինում էր սովորաբար, այլ վերաբերում էր կոնկրետ երկրների: Փետրվարի 11-ին փակվեց Թուրքիայում Իսրայելի դեսպանատունը, իսկ Ստամբուլում՝ իսրայելյան հյուպատոսությունը: Փետրվարի 14-ին աշխատանքը դադարեցրեց Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը: Պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր, որ այն փակվել էր տեխնիկական պատճառներով: Մի քանի օր անց նրանց միացավ Վրաստանում Իսրայելի դեսպանատունը: Սրա հետ մեկտեղ Միացյալ Նահանգները նույնպես որոշեց իր քաղաքացիներին նախազգուշացնել Ադրբեջանում հնարավոր ահաբեկչության մասին: Դեսպանատունը երկու հաղորդագրություն տարածեց միևնույն բովանդակությամբ, որոնցում վերահաստատել էր սպառնացող վտանգը: «ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկությունների է տիրապետում, որ Ադրբեջանում ամերիկյան շահերի դեմ ահաբեկչություններ են հնարավոր: Այդ վտանգը լուրջ է մնում»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Փետրվար ամսվա ընթացքում տեղի ունեցած առավել խոշոր պատահարների շարքում հիշատակման էին արժանի Նոր Զելանդիայի Կրայստչերչ քաղաքում տեղի ունեցած 6,3 բալ հզորությամբ երկրաշարժը, որի հետևանքով շուրջ 150 մարդ զոհվեց: Մյուս ողբերգությունը տեղի ունեցավ Էստոնիայի Խաապսալու քաղաքի մանկապարտեզի հիվանդանոցային բաժանմունքում, որտեղ բռնկված հրդեհը պատճառ դարձավ 10 հաշմանդամ երեխաների մահվան: Հրդեհը մեծ վնասներ պատճառեց նաև Ֆիլիպինների Մանիլա քաղաքի ամենաաղքատ թաղամասերից մեկում՝ առանց տանիքի թողնելով շուրջ 25 հազար տեղացիների:

Նույն օրերին արյունալի բախումների թատերաբեմ էր դարձել Սոմալին, որտեղ Աֆրիկյան միության (AMISOM) ու «Ալ-Շաբաբ» խմբավորման միջև տեղի ունեցած բախումների արդյունքում 50 մարդ զոհվեց: Աֆրիկյան միության առաքելությունն աշխատում է Սոմալիում 1990-ականներից, երբ երկիրը փաստացի դադարել էր գոյություն ունենալ որպես միացյալ պետություն: Իսկ տարածքների մի մասը գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ:

Թուրքիայում հասարակության ուշադրությունը բևեռված էր երկրի ներքին կյանքում կատարվող աննախադեպ գործընթացների վրա: Փետրվարի կեսերին Ստամբուլի դատարանը որոշում կայացրեց ձերբակալել 196 գործող ու նախկին զինվորականներից 163-ին, ովքեր մեղադրվում էին 2003թ. Էրդողանի կառավարությունը տապալելու նպատակով կազմակերպված հեղաշրջման փորձի մեջ: Թուրքական մամուլն այս իրադարձությունը որակեց իբրև շոկ:

Շոկային մեկ այլ որոշում էլ կայացրեց պակիստանցի դատավոր Ռանա Նիսար Ահմեդը՝ իրավունք տալով ձերբակալել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին: Գեներալ Մուշարաֆը մեղադրվում էր նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանությանը մեղսակից լինելու մեջ:

Փետրվարի վերջին մեծ իրարանցում էր նաև Դրեզդենում, որտեղ բախումներ տեղի ունեցան նեոնացիստների հանրահավաքի մասնակիցների ու նրանց հակառակորդ խմբերի միջև: Քաղաքում հավաքվել էին շուրջ 4000 ուլտրաաջեր՝ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կողմից քաղաքի ռմբահարման 66-րդ տարելիցի կապակցությամբ ցույց անցկացնելու համար: Միաժամանակ փողոց էին դուրս եկել այդ ակցիայի մոտ 10 հազ. հակառակորդներ: Ոստիկանությունն ստիպված էր եղել գործադրել ջրցան մեքենաներ, մահակներ ու արցունքաբեր գազ:

Այս բոլորից հետո քչերը նկատեցին, որ դրսում արդեն գարնանամուտ էր:

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am