Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Փետրվար 2011, N 2

ՓԵՏՐՎԱՐԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ն, նրա առաջնորդը և կոալիցիայի շուրջ ստեղծված աղմուկը դարձան փետրվարի գլխավոր իրադարձությունը։ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ նախագահի մարդը լինելով, որը, ըստ երևույթին, մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն, երկար ժամանակ փորձում էր հեռավորություն պահպանել նախագահ Սարգսյանից և կոալիցիայից։ Կուսակցության՝ փետրվարի 12-ին կայացած համագումարում Ծառուկյանը հայտարարեց, որ հավատարիմ է մնում կոալիցիոն հուշագրին, սակայն ձեռնպահ մնաց ասել, որ 2013թ. ընտրություններին կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը։ Բայց մի երկու օր հետո տեղի ունեցավ հանգուցալուծումը. նախագահի նստավայրում կոալիցիոն երեք կուսակցությունների ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր, որով պարտավորվում էին 2013թ. հանդես գալ միասնական թեկնածուով և չպայքարել մեկը մյուսի դեմ։

«Քաղաքական կոալիցիան ձևավորվեց մեր երկրի համար դժվարին պայմաններում: Կոալիցիայի ձևավորումը, նրա նպատակների իրագործման համար կողմերի կամքի և վճռականության հայտարարումն ու իշխանության գործունեության հավաքական պատասխանատվության ստանձնումը լուրջ դեր ունեցան երկրի կայունությունն ու բնականոն ընթացքն ապահովելու համար: Դա նաև կարևոր գործոն դարձավ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու, այդ թվում` հարավօսական իրադարձությունների և աշխարհը համակած խոր ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում սոցիալական լուրջ անկումներ թույլ չտալու գործում:

Քաղաքական կոալիցիան վերստին կարևորում է հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը:

Քաղաքական կոալիցիան հայտարարում է հետճգնաժամային Հայաստանի առաջընթաց զարգացմանն ու մեր հասարակության բարեկեցության բարձրացմանն ուղղված առավել համարձակ քայլերի իրականացման վճռականության մասին` առանձնացնելով կոռուպցիայի դեմ համընդգրկուն պայքարի ու ստվերային տնտեսության էական կրճատման գերակայությունը:

Քաղաքական կոալիցիան ընդգծում է միասնականության կարևորությունն այս գործընթացում և վերահաստատում իր քաղաքական պատասխանատվությունն այդ փոփոխությունների համար:

Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին:

Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետևողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին: Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»:

Հասկանալի է, կյանքն իր շտկումները կմտցնի այս փաստաթղթի մեջ։ Ծառուկյանը ոչ մի կերպ կաշկանդված չէ իր ստորագրությամբ, և նոր հուշագիրը կկորցնի ակտուալությունը մի երկու տարի հետո (անկեղծ ասած՝ այն նույնիսկ ստորագրման պահին ակտուալություն չուներ), իսկ թե ինչ կասի ԲՀԿ-ն պետության ղեկավարի ընտրությունների նախօրեին՝ մեծ հարց է։ Կարծում եմ՝ ԲՀԿ-ն կմնա Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ թե ինչպես կձևակերպի իր ընտրությունը՝ երկրորդական գործ է։ Մանավանդ որ հայրենական քաղաքականության մեջ նախադեպը կա (խոսքը տխրահռչակ Սասուն Միքայելյանի «ընտրության» մասին է)։ Բայց կոալիցիայի և նրա ապագայի վերաբերյալ բանավեճը չէ, որ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար։

Մեզ համար հետաքրքիր է կոալիցիոն կառավարման ֆենոմենը Հայաստանում, որը հայտնագործել է երկրի երկրորդ նախագահը։ Հայտնի է, որ կոալիցիոն կառավարումը բնորոշ է խորհրդարանական պետություններին, որոնցում ընտրությունների արդյունքները կարող են չորոշել հաղթողին։ Նման դեպքերում, բնականաբար, քաղաքական կուսակցությունները կոալիցիոն կառավարություն են ձևավորում խորհրդարանական մեծամասնություն հիմնելու նպատակով։ Հայաստանը, ինչպես հայտնի է, կառավարման խորհրդարանական ձև ունեցող պետություն չէ (նույնիսկ սահմանադրության մեջ մտցված փոփոխություններից հետո), գործադիր իշխանությունն իրականացնում են նախագահը և կառավարությունը, հետևաբար՝ խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու կարիք չկա։ Սակայն իրավիճակը պարադոքսալ է դառնում նրանով, որ Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովում մանդատների մեծամասնությունն ունի և որևէ մեկի հետ դաշինքի մեջ մտնելու կարիք չունի։ Այնուամենայնիվ, երկրորդ նախագահը որոշեց, որ երկրի դեմոկրատականության պատրանք ստեղծելու, արևմտյան գործընկերներին իբր կոլեգիալությունը և ավտորիտարիզմի բացակայությունը ցուցադրելու համար կոալիցիան հարկավոր է։ Եվ 2003 թվականից մենք հարկադրված ենք գոյություն ունենալ պետության այլանդակ կառավարման, գործադիր իշխանության տոտալ անպատասխանատվության պայմաններում։

Հայաստանի «կոալիզացումը» դարձավ կոռուպցիայի խթանիչը. 2003-ից կոռուպցիան թափանցեց քաղաքական կուսակցություններ, պատգամավորական մանդատների սակագները հասան աստղաբաշխական չափերի, բայց պետությունը դրանից իրական օգուտ ինչպես չուներ, այնպես էլ շարունակում է չունենալ առայսօր։

Բայց բանն այն է, որ ռեժիմը նույնպես կոալիցիայից իրական օգուտ չունի. համենայնդեպս, ոչ ոք չի կարող խելքը գլխին բացատրել, թե ինչու է ՀՀԿ-ն իշխանությունը կիսում ուրիշի հետ, երբ իրավունք ունի ինքը ձևավորել կառավարությունը։ Հնարավոր է, որ պատասխանատվությունն ուրիշի վրա դնելու փորձի հետ գործ ունենք, սակայն հարկ է ասել, որ սա ևս բավական վատ է ստացվում. համենայնդեպս, անձամբ նախագահ Սարգսյանին և ՀՀԿ-ին չի հաջողվում երկրում տեղի ունեցողի համար պատասխանատվությունը կիսել կոալիցիոն գործընկերների հետ. նրանք ընդամենը օգտվում են իշխանության բարիքներից, այն դեպքում, երբ հանրային կարծիքում ողջ բացասականը բաժին է հասնում ՀՀԿ-ին։

Փետրվարին հրաժարական տվեց օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, որը փողի նկատմամբ մեծ սիրո և կաշառակերության կրքի համար «դոլար» մականունն էր ստացել։ Ասում են՝ ավելի կարգին աշխատանք է գտել ՄԱԿ-ում, ավելի բարձր վարձատրվող։ Կարծում ենք՝ ՄԱԿ ղեկավարությունն ավելորդ և ոչնչով չարդարացված ռիսկի է դիմում՝ պրն Հարությունյանին վերցնելով պատասխանատու աշխատանքի, քանի որ վտանգ կա, որ հայ օմբուդսմենը պարզապես կփչացնի ՄԱԿ-ը։ Բայց Աստված ՄԱԿ-ի հետ. դա հարուստ, պորտաբույծ կազմակերպություն է, և եթե այնտեղ լուրջ հարցերին, մեղմ ասած, անփույթ են վերաբերվում, մենք նրանց չենք խղճա։ Հարությունյանի փոխարեն կոալիցիան առաջադրել է երիտասարդ իրավաբան Կարեն Անդրեասյանին, նախագահի փեսայի՝ Միքայել Մինասյանի ընկերոջը։ Նրա հասցեին խորհրդարանում դրվատական խոսքեր շատ ասվեցին, իսկ նա խոստացավ, որ ոտնձգություն չի հանդուրժի Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ։ Տեսնենք, թե ինչպես կաշխատի նոր օմբուդսմենը մի երկրում, որտեղ մարդու իրավունքները բացարձակապես չեն խախտվում, որտեղ խախտվում են միայն ու միայն ժողովրդի իրավունքները։

Կառավարությունն սկսել է լրջորեն վերաբերվել մարդկանց բողոքներին, և փետրվարի 24-ին որոշել է անտոկոս վարկեր տրամադրել քաղաքացիներին՝ վրացական համարանիշերով ավտոմեքենաների վայրենի մաքսատուրքերը վճարելու համար։ Իսկ Վրաստանի վարչապետի այցը պատմական դարձավ. նա, ըստ Տիգրան Սարգսյանի, հիացմունքի մեջ ընկավ բանկային ոլորտում և խաղաղ բնակչությանն անարգելու գործում հայկական հաջողություններից, ինչը կառավարությունն իրականացրեց ավտոպատասխանատվության ապահովագրման տեսքով։ Պատմական պետք է անվանել նաև վարչապետ Սարգսյանի հայտարարությունը վրացական հաջողությունների վերաբերյալ. վարչապետն իր բլոգում գրել է, որ Վրաստանը շարժվում է հեղափոխական ճանապարհով, Հայաստանը՝ էվոլյուցիոն։ Կարծում ենք՝ վարչապետն ավելի գոհ է հայկական հաջողություններից...

Ընդհանրապես, Տիգրան Սարգսյանի կառավարությունն աշխարհում ունիկալ է նրանով, որ նրա անդամները կտրված են օբյեկտիվ իրականությունից։ Խոսքը ֆինանսատնտեսական բլոկի մասին է։ Նույնիսկ դժվար է մեջբերել այդ նախարարների ընդունած որոշումները։ Օրինակ, վերցնում ու որոշում են ընդունում Գյումրիում ինքնաթիռաշինության զարգացման մասին։ Հետո խոսում են ինովացիոն տնտեսության մասին և ռազմավարական որոշումներ կայացնում, իսկ վարչապետը հայրենական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարում է այն մասին, որ ԱՄՆ-ում արդյունաբերություն չկա, ինչպեսև Հայաստանում, իբր այն քոչել է Չինաստան, իսկ Ամերիկայում մնացել են միայն «ինովացիոն ծառայությունները», որոնք այն վաճառում է աշխարհին։ Այնուհետև վարչապետը խոսել է այն մասին, որ Հայաստանը ևս պետք է ստեղծի և աշխարհին վաճառի ինովացիոն ծառայություններ, իսկ թե ինչպես՝ չի ճշգրտել։ Կարծում եմ՝ գլխավորը Հայաստանում գեղեցիկ նախադասություններ արտաբերելն է, ցանկալի է՝ լի բարդ տերմիններով, իսկ որևէ իրական բան անելը չի ողջունվում, հնարավոր է` նրա համար, որ դժվար է...

Փետրվարին երկրում երկու պատմական հանրահավաք տեղի ունեցավ. Լևոն Տեր-Պետրոսյանինը և Տիգրան Կարապետյանինը։ Պետք է փաստել, որ հայրենական ընդդիմությունն այդպես էլ ոչ մի բան չսովորեց արաբ հեղափոխականներից. ընդդիմադիր ճամբարում, ինչպեսև կառավարությունում, միայն խոսել են սիրում՝ բոլորովին չմտահոգվելով վերջնարդյունքով...

Փետրվարին հայտնի դարձավ, որ Հայաստանն ԱՊՀ-ում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղն ինֆլյացիայի գծով (8,2%)՝ առաջնությունը զիջելով Ուկրաինային (9,4%)։ Բայց լավ նորություն էլ կար. այսպես, մեզ տեղեկացրին, որ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի բանակցությունների արդյունքներով՝ ռուսական գազի գինն այս տարի չի փոխվի։ Իսկ կառավարությունն ընդունեց որոշում աջակցել երիտասարդ մայրերին, որոնք այսուհետ արձակուրդ ձևակերպելիս կստանան նպաստ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։

Կարճ՝ համարի բովանդակության մասին։

Մենք նոր խորագիր ունենք՝ «Հայրենական մտքի գոհարներ»։ Ամեն ամիս Հայաստանում հնչեցվում են այնքան ցնցող գաղափարներ ու մտքեր, որ պատմության առջև աններելի կլիներ չհավաքել դրանք մի տեղում և չփոխանցել սերունդներին։ Հասկանալի է՝ խորագրում տեղ կգտնեն ոչ միայն, մեղմ ասած, հիմար գաղափարները, այլև նորմալները։ Այն կվարի Լուսինե Կեսոյանը, որն աչքի է ընկնում ինչպես հայրենական քաղաքական գործիչների, այնպես էլ նրանց մտքովն անցած գաղափարների նկատմամբ ունեցած առանձնահատուկ կրքով։

Հոդվածների շարքը բացում է մեր մշտական հեղինակ Ալեքսանդր Կնյազևը «Արաբական արևելքի վերջին իրադարձությունների լույսով» հոդվածով («Աշխարհաքաղաքականություն» խորագրի ներքո)։ Հեղինակը վերլուծում է արաբական հեղափոխությունների խորքային պատճառները, զուգահեռներ է անցկացնում հետխորհրդային տարածքի հետ։ Իսկ «Պատմություն» խորագրում արաբագետ Արաքս Փաշայանը գրում է հետմիապետական Եգիպտոսի, արդի աշխարհում Եգիպտոսի դերի ու տեղի մասին։

Երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանը հոդվածը նվիրել է Ավետ Տերտերյանին։ Կարծում եմ՝ Ավետ Տերտերյանն անցած հարյուրամյակի ականավոր հայերից մեկն էր, իսկական նորարար արվեստում, որին, ցավոք, Հայաստանում վատ գիտեն։ Հուսանք, որ Ռուխկյանի հոդվածը կաշխուժացնի այս լեգենդար մարդու հանդեպ հետաքրքրությունը։

«Քաղաքական դիմանկարներ» խորագրում պատմաբան Գրիգոր Աղանյանը գրում է նախանցյալ դարի երկու խոշոր գործիչների՝ արքեպիսկոպոս Մաղաքիա Օրմանյանի և կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանի մասին։ Հոդվածում այս երկու անհատների համեմատական վերլուծության փորձ է արվել։ Դրանում արված հետևությունները բավական հետաքրքիր են։

«Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում այս անգամ տեղ են գտել նյութեր АПН, РЕГНУМ գործակալություններից, «Независимой газеты», «Известий» թերթերից։ Խորհուրդ եմ տալիս հատուկ ուշադրություն դարձնել АПН-ի նյութին՝ նվիրված իշխանության՝ իր շահերին հետևելու հիմնախնդրին։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am