Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հայրենական մտքի գոհարներ

Հայրենական մտքի գոհարներ
Փետրվար 2011, N 2

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄՏՔԻ ԳՈՀԱՐՆԵՐ

«Ես շատ ցավում եմ, որ մեզ մոտ էդպես գայթակղություն կա օտար հեղափոխություններով ոգևորվելու, խանդավառվելու և դրանց կրկնությունը էստեղ տեսնելու: Էս երկրի երևի ամենահեղափոխական կուսակցությունը մենք ենք, բայց ես կուզեմ Ձեր ուշադրությունը հրավիրել՝ 1890թ. Դաշնակցությունը, որ ստեղծվել է, իր անվան դիմաց դրել է Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայ հեղափոխական, այսինքն՝ մենք կողմնակից ենք, որ եթե մենք ունեն խնդիրներ, ապա դա պիտի ունենա ազգային բնույթ, այն, ինչ որ կատարվում է Եգիպտոսում, Թունիսում, որտեղի՞ց է խրախուսվում, ի՞նչ հովանավորություն ունի և այլն, անգամ եթե չունի, էլի իրենց խնդիրն է: Մենք ունենք մեր խնդիրները և մեր ուժերով պիտի լուծենք, այլապես ով որ մեզ օգնի, հետո մենք պիտի պարտք վճարենք նրա համար»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյան

Արտյուշա Շահբազյանն, իհարկե, դաշնակցական յուրօրինակ գործիչներից է, որի արտահայտած մտքերի բացառիկությանը կնախանձեին անգամ Հեգելի, Կանտի կարգի մտքի գիգանտները: Սովորական մարդիկ, ինչպես նաև Սպինոզայի և Սոկրատեսի կարգի սովորական փիլիսոփաները, քանի որ սովորական են, և քանի որ սովորականներին տրված չէ մտքի այնպիսի բացառիկություն, ինչպիսին ունի Արտյուշա Շահբազյանը, կմտածեին, օրինակ, որ այլ երկրում տեղի ունեցող հեղափոխությամբ կարելի է ոգևորվել, և որ դրանով ամենաշատը պիտի ոգևորվի հենց հեղափոխական կուսակցությունը, հատկապես որ, ասենք, Եգիպտոսում էլ հեղափոխության շարժառիթը սոցիալական խնդիրներն էին, այն, որ ժողովրդին թալանում էին, որ անասնակերը մարդկային կերի տեսքով բարձր գներով էին վաճառում, այսինքն՝ իրավիճակը գրեթե նույնն էր, ինչ Հայաստանում, թեև ավելի մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում կարող է նաև պարզվել, որ ժողովրդի՝ սոցիալական ծանր վիճակում գտնվելու առումով Հայաստանին հավասար պետություն արդեն շատ քիչ կարելի է գտնել, և որ Հայաստանի նման մոնոպոլ տնտեսություն ունեցող և կոռումպացված պետություն աշխարհում այդքան էլ շատ չկա:

Բայց, ինչպես տեսնում ենք, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը դեռ 1890-ից է լուծել իր անդամների՝ բացառիկ մտքեր արտահայտելու մենաշնորհի հարցը՝ հեղափոխական դաշնակցության դիմաց դնելով «հայ» բառը, որով յուրահատուկ շլագբաում է դրել մյուս երկրներում տեղի ունեցող հեղափոխությունների՝ մեր երկիր ներթափանցման վրա:

Հայ հեղափոխական դաշնակցությունը խրախուսում է միայն այն հեղափոխությունը, որն ազգային է, ուրիշ տեսակի հեղափոխությունների հետ ՀՅԴ-ն գործ չունի: Բայց այդ դեպքում հետաքրքիր է, թե որն է ազգային հեղափոխությունը: Ըստ երևույթին՝ այն, որ իշխանության գլխին լինեն «շուն-թուրքերը», որոնց դեմ էլ հնարավոր լինի կազմակերպել հայ հեղափոխական՝ ազգային տարազ հագած հեղափոխություն:

 

* * *

«Մեր երկրի ու ժողովրդի շահերից է բխում ժողովրդավարական, հարուստ ու զարգացած հարևան ունենալը: Այդ առումով Վրաստանի հաջողությունները մեզ պետք է ոգևորեն և ոչ թե խանդ ու նախանձ առաջացնեն»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան

Ինչպես տեսնում ենք, ՀՀ վարչապետը, գոնե ինքն իր համար, անշառ դիրք է ընտրել՝ հարևան երկրի վարչապետի հաջողություններից խանդի ու նախանձի մեջ չընկնելու համար՝ գերադասելով այդ ամենին մոտենալ խոհափիլիսոփայական տեսանկյունից: Գուցե Տիգրան Սարգսյանի մոտ այդքան էլ հեշտ չէ խանդ ու նախանձ հայտնաբերել, սակայն դրա հետ մեկտեղ զարմանալի է, թե այդ դեպքում ինչպես է, որ ՀՀ քաղաքացիները նաև որևէ ոգևորություն չեն կարողանում հայտնաբերել վարչապետի մոտ:

 

* * *

 «Այս տարվա գնաճն ավելի պակաս կլինի, քան նախորդինը: Եթե նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում անկում է արձանագրվել՝ 13 տոկոս, ապա այս տարի կլինի 7-9 տոկոս աճ. գյուղատնտեսությունը 2009-ի մակարդակին չի վերադառնա, բայց մի քիչ լավ կլինի: Դրա համար գյուղատնտեսության նախարարությունը պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնի սերմնաբուծությունը զարգացնելու և ցանքատարածություններն ավելացնելու ուղղությամբ, ինչը կնպաստի բերքի ավելացմանը և գների իջեցմանը»:

Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյան

Պարոն Ստեփանյանը պարզապես վրիպել է այն հաշվով, որ սերմնաբուծությունը զարգացնելու դեպքում դրա արդյունքները միայն հաջորդ տարի կերևան, իսկ ցանքատարածություններն ավելացնել գյուղացիներն ի վիճակի չեն, քանի որ կքել են բանկերի՝ բարձր տոկոսադրույքներով տրամադրած վարկերի տակ, էլ չենք խոսում դիզելային վառելիքի թանկացման մասին: Ռազմավարական նպատակ պետք է համարել այն, որպեսզի նախագահ Սարգսյանի սեղանին հայտնված այսօրինակ անհեթեթ վերլուծությունները չմոլորեցնեն երկրի առաջին դեմքին և պատրանքներ չստեղծեն նրա մոտ: Եվ հենց սա է այս խորագրի ստեղծման հիմնական նպատակներից մեկը: Իսկ նախագահ Սարգսյանին տեղեկացնենք, որ ըստ մեր վերլուծաբանների կանխատեսումների, 2011-ը նորագույն Հայաստանի պատմության մեջ ամենաողբալին կլինի հայ գյուղատնտեսության համար: Չեն հավատա՝ կյանքը ցույց կտա...

 

* * *

«Մենք այս իշխանությունների հետ կոալիցիոն համաձայնագիր երբեք չենք ստորագրի, քանի որ ավելի շուտ ենթադրում ենք, որ կստեղծվի այլ հնարավորություն և ուրիշները կառաջարկեն»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյան

ՀՅԴ-ն բավական իրատես է դարձել և լավ հասկանում է, որ երբեք չի կարող առաջարկողի դերում հայտնվել, որ ինքը միշտ կմնա առաջարկվողի կարգավիճակում: Այլ հարց է՝ առաջարկողները կցանկանա՞ն նման առաջարկություն անել, թե՞ կնախընտրեն առաջարկություն անել այլոց:

- Պարո՛ն Սահակյան, Դաշնակցությունում հույս ունեն, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո այլ քաղաքական ուժեր կձգտեն, որպեսզի Դաշնակցության հետ կոալիցիա կազմեն:

- Նրանք հույս են հայտնել, ես հաղորդում եմ լույս ու ջերմություն:

ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյան

 

(ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան)

- Ես գտնում եմ, որ որևէ սոցիալական լարվածություն չկա, ուղղակի կա համաշխարհային ֆինանսական-տնտեսական ճգնաժամ, մեր կառավարությունը, Ազգային ժողովը, կոալիցիոն քաղաքական ուժերը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անում են, որպեսզի այդ դժվարությունները մեղմեն, և կարող եմ ասել, որ այս 2-3 տարվա ընթացքում ոչ մի սոցիալական ծրագիր չի կրճատվել:

- Պրն Աբրահամյա՛ն, սոցիալական ներկա վիճակի հետ կապված: Դուք ասացիք տնտեսական ճգնաժամ է, բայց Ձեր կուսակցության ձևավորած կառավարությունից հայտնել էին, որ ճգնաժամը մեզ մոտ վաղուց ավարտվել է:

- Մեր կուսակցությունը բազմադեմ է, և կան տարբեր կարծիքներ:

Հովիկ Աբրահամյանն, ինչպես միշտ, իրավացի է. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իսկապես, բազմադեմ է, անգամ շատ բազմադեմ, այնտեղ կարելի է այնպիսի դեմքերի հանդիպել, որոնց անհնար է հանդիպել մեկ այլ կուսակցությունում: Եվ այդ բոլոր դեմքերին կարողացել է միավորել հենց Հանրապետականը: Ինչպե՞ս՝ որովհետև բազմադեմ է, շատ բազմադեմ... Իսկ սոցիալական լարվածություն, իրոք, չկա, հատկապես Հովիկ Աբրահամյանի ընտանիքում, նրա մերձավորների գերդաստաններում: Եվ գուցե դա է պատճառը, որ ՀՀ ԱԺ նախագահը չի տեսնում որևէ սոցիալական խնդիր այս երկրում...

 

* * *

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ առողջապահության բնագավառում ծավալած բարեգործական միջոցառումներն, ասվում էր, անցնում էին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանավորությամբ: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, սակայն, Ազգային ժողովում մի բան հայտարարեց, որից պարզ դարձավ, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն այդքան էլ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը չէ, և Ծառուկյանը կարող է դրա հետ կապ չունենալ:

«Նման միջոցառումները նպատակային են մեր հանրապետությունում և, մասնավորապես, ԲՀԿ-ի ակցիայի ֆինանսավորումը կատարել է «Էրեբունի» բժշկական կենտրոնը, այսինքն՝ ես»:

 

* * *

«Բացօթյա առևտուր ա, հետևաբար իրան տեղափոխելը հեշտ ա: Այս պահին 3000 հատ ավել տեղ կա մեր օրինական շուկաներում: Օրինական շուկաներում մենք շատ անելիք ունենք: Այս շուկաների տերերի մեծ մասը չի հասկանում, որ իրանք մեծ շանս ունեն լավ բիզնես ունենան: Ասֆալտի վրա դրած փող են աշխատում, ոչ մի քայլ չեն անում: Մենք հիմա ասում ենք՝ մի հատ էդ զուգարանը տեսքի բեր, մի քիչ արտաքին տեսքը կարգի բեր, դուրս արի մարդկանց քարոզի, հրավիրի, 2-3 ամիս փողը մի ուզի, որովհետև դրանից հետո քո բիզնեսը լավանալու ա: Էնքան են պասիվ բիզնեսով զբաղվել, որ մի քիչ տեղաշարժ գալու, ժաժ գալու ցանկությունը չունեն»:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյան

Մեկնաբանություն չկա...

 

* * *

(ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան)

- Պարո՛ն Աբրահամյան, բանակի օրվա միջոցառումներին Ձեր չմասնակցելը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց:

- Ես մի շարք լրատվամիջոցների կցանկանայի ասել, որ եթե Աբրահամյան Հովիկը գտնվում է արձակուրդում, հանրապետությունում չի, նշանակում է, որ շատ պարզ է պատասխանը:

- Դուք տարաձայնություններ չունե՞ք նախագահի հետ:

- Ո՛չ, չենք էլ ունեցել:

- Բայց դա կարևոր օր չէ՞ր, կարելի էր մի օրով վերադառնալ, չէ՞:

- Իմ ծննդյան օրն էլ կարևոր օր էր, բայց այստեղ չէի:

- Ծննդյան օրը համարժեք եք համարում բանակի օրվա՞ն:

- Մեր բանակը ինձ համար ամենակարևոր ատրիբուտներից մեկն է, սիմվոլն է մեզ համար, սիմվոլ:

Մեկնաբանություն չկա...

 

* * *

«Սերժ Սարգսյանը գուցեև լավ տղամարդ է: Աբդուլա Գյուլը նույնպես վատ անձնավորություն չէ: Իլհամ Ալիևն այնքան էլ լավը չէ»:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյան

Մեկնաբանություններ չունենք, ինչպեսև «Ժառանգության» բազում պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարությունների դեպքում:

 

* * *

«Մարդու իրավունքների պաշտպանության առումով ես ԵԽԽՎ-ից դեռ որոշակի պատրանքներ ունեմ»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյան

Պետք էլ չէ ունենալ, հարգարժան պրն Հարությունյա՛ն, Եվրոպայից «խերվելը» խնդրահարույց է:

 

* * *

«Հայ եկեղեցին պետք է հայ գյուղացու կողքին լինի. մենք կարող ենք, օրինակ, արտերի ու հանդերի օրհնություն կատարել»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյան

 

«Բայց դրա մեջ ի՞նչ վատ բան եք տեսնում: Գյուղատնտեսության հաջողությունները կախված են Աստծո բարեհաճությունից: Բնակլիմայական պայմաններն, այո՛, հենց դա է: Ի՞նչ կա դրա մեջ զարմանալու: Մարդիկ, հենց կարկուտը գալիս ա, ասում են՝ Աստվա՛ծ ջան, կարկուտը թող չգա: Չե՞ք լսել էդ, մեր պապերը, տատերը ասել են: Ի՞նչ կա դրա մեջ: Մենք համագործակցելու ենք ոչ միայն եկեղեցու, այլև բոլորի հետ»:

«Իսկ ո՞վ է ասում, թե դրանով եկեղեցին միջամտում է մեր գործերին: Եթե մենք կազմակերպենք սերմի օրհնություն... ես առաջարկում եմ, որ գարու սերմը բաժանելուց առաջ սերմի օրհնություն կազմակերպվի: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Սա նշանակում է, որ եկեղեցին միջամտո՞ւմ է մեր գործերին: Օրինակ՝ բերքի հասունացման ժամանակ այգիներն օրհնվեն, վատ բան ե՞ք տեսնում դրա մեջ: Հողն ու բերքը միշտ էլ մեր պապերն օրհնել են»:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան

Այս առումով պետք է ուրախ լինենք, որ գյուղնախարարի աթոռը բաժին հասավ քրիստոնյա ՕԵԿ-ին, այլ ոչ թե նժդեհական-կիսահեթանոսական ՀՀԿ-ին, քանի որ հայոց դաշտերում ականատես կլինեինք հեթանոսական և միջնադարյան դարաշրջաններին բնորոշ հողի բերրիությանը նպաստող այնպիսի տեսարանների, ինչպիսիք էին դաշտային կենակցություններն ու օնանիզմի սեանսները:

 

* * *

«Դեպի Վրաստան հայկական կապիտալի արտահոսքի մասին լուրերը չափազանց չափազանցված են: Հայաստանից ընդհանրապես չնչին չափերի կապիտալի արտահոսք կա: Երբ կապիտալը մեծանում է, իր ծագման երկրում շուկան նեղանում է, ապա սովորաբար որոշակի ներդրումներ են արվում հարևան երկրներում, նոր շուկաներ է փնտրում: Դա նորմալ երևույթ է ցանկացած փոքր տնտեսություն ունեցող և զարգացող տնտեսություն ունեցող երկրների համար: Օրինակ, Հոլանդիայից ու Բելգիայից էլ շատ ակտիվ կապիտալի արտահոսք է տեղի ունենում:

Օտարերկրյա ներդրումները Հայաստանում տարեկան հասնում են 1 մլրդ ԱՄՆ դոլարի: Բայց դա էլ ինչ-որ երկրներից է դուրս գալիս, չէ՞, որ հասնում է Հայաստան: Եվ այդ երկրներում դա խուճապ չի առաջացնում»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան

Ճիշտ է ասում նախարարը, թեպետ չի գիտակցում ներդրումների և կապիտալի փախուստի հսկայական տարբերությունը: Չգիտակցել ոչինչ և ոչ մի բան՝ ահա այսպիսին է արդի Հայաստանի մտավորական, այլ կերպ ասած՝ ինտելիգենտ նախարարների հավատամքը:

 

* * *

«Ջհանգիրյան Գագոյի զինդատախազ աշխատած տարիներին կար հետևյալ արտահայտությունը, ասենք, ենթադրում էր, թե այսինչ զինծառայողը ոնց որ թե հանցագործ է, դուրըս չի գալիս, ոնց որ թե սա է մեղավորը, հանձնարարվում էր, որպեսզի հրամանատարը կալանք հայտարարի. «Մի քիչ աշխատենք»: Հրամանատարն էլ, որպեսզի հետագայում խնդիրներ չունենա, մի 3 օր կալանք է հայտարարում, որպեսզի «մի քիչ աշխատեն», այսինքն՝ զինծառայողին մեկուսացնում են, որպեսզի նրա հետ կարողանան «մի քիչ աշխատել», իսկ դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ պիտի անեն մեկուսացվածին. շորերը պիտի հանեն, պիտի ծեծեն, պիտի պարտադրեն, որպեսզի նա խոստովանի արածը կամ չարածը: Ահա և գաղտնիքը, թե ինչու Ջհանգիրյանին ատում էր ամբողջ բանակը՝ շարքայինից սկսած, գնդի հրամանատարով վերջացրած: Ու այդպիսի անցյալ ունեցողը դեռ համարձակվում է խոսել արդարությունից ու արդարադատությունից»:

Դաշնակցական պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյան

Սա այն եզակի դեպքերից է, որ դաշնակի խոսքը պետք է ողջունել, քանի որ ճշմարտությունը մնում է ճշմարտություն, անկախ նրանից, թե ով է այն հնչեցնում:

 

* * *

Ըստ Wikileaks-ի, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակիցները ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ուշադրությունն են հրավիրել երկրում մարմնավաճառության ահավոր մասշտաբների և թրաֆիքինգի վրա, վերջինս նրանց խորհուրդ է տվել հեռու մնալ «բոզի շառից»:

Պրն Աղվան Հովսեփյանը՝ Ապարանի և շատ ուրիշների (հատկապես օլիգարխների) «մեծավորը», ինչպես միշտ, հավատարիմ է մնում ապարանցու նամուսին ու թասիբին, այն էլ՝ այն աստիճան, որ անգամ ծառայողական պարտականությունները կատարելիս խուսափում է գործ ունենալ «բոզերի» հետ, նույնիսկ եթե նրանք օրինախախտ են:

 

* * *

«Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ ինքը բոլորի նախագահն է... Սերժ Սարգսյանն ամբողջ աշխարհի հայերի նախագահն է»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան

Գալուստ Սահակյանը, ճիշտ է, էնքան էլ «մեծավոր» չէ, համեմատած Աղվան Հովսեփյանի հետ, բայց, այնուամենայնիվ, որ ասում է, ուրեմն, մի բան գիտի...

 

* * *

«Ընդդիմությունն ի՞նչ եք անում, սփյուռքում ընդդիմություն չպետք է լինի»:

Լոս Անջելեսում հայտարարել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Իսկ թե ինչի համար էր բոլոր ժամանակների և հասարակական-քաղաքական ֆորմացիաների տիկինը հասել Լոս Անջելես, այդպես էլ ոչ ոք չհասկացավ:

 

* * *

«Գիտեմ, ծրագրեր քննարկել մենք արդեն բնավ չենք ուզում, որովհետև դրանցում եղած ռացիոնալ կետերը մնում են թղթի վրա կամ այնպես են իմաստափոխվում, որ դառնում են չարիք: Բացի սրանից, հասարակությունն արդեն ըմբռնել է, որ եվրոպական մոդաներից Հայաստանում կիրառվում են նրանք, որոնք թույլ են տալիս պահպանել պետական պաշտոնյաների՝ «փող աշխատելու» հնարավորությունը»:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյան

Ողջունելի է պրն Աշոտյանի կարծիքը: Կարելի է ասել, նա այն եզակի նախարարներից է, որը դեռ մտածելու և իրականությունն ըմբռնելու ունակությունը չի կորցրել: Այս տաղանդով դեռ օժտված է նաև էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

 

* * *

«Գագիկ Ծառուկյանին զեկուցում են միայն ծանրակշիռ և հեղինակավոր քաղաքական գործիչների հայտարարությունները, դրա պատճառով էլ նրան չեն ներկայացվել Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ ՀՀԿ ներկայացուցիչների վերջին մեկնաբանությունները»:

Վերջին մեկնաբանություններ անողները ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն էին, որոնց կշիռը, իրոք, անհամեմատելի է Ծառուկյանի քաշի հետ: Գոնե այն պատճառով, որ Ծառուկյանը երբեք «հայկական գենի» անհեթեթ տեսության վրա ժամանակ չի կորցնի, ինչին նվիրել է իր ողջ անիմաստ կյանքը Ռազմիկ Զոհրաբյանը:

Եվ քաղաքական գործիչների կշիռների վերաբերյալ հայտարարությունից հետո արվում է ևս մեկը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ծանոթ չի եղել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մեկնաբանություններին, որոնք հաջորդել են իր այն հայտարարությանը, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եթե ցանկանար, վաղուց կարող էր ղեկավարել ՀՀԿ-ն»:

ԲՀԿ մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյան

 

* * *

«Հանրապետության նախագահը, քննարկելով խնդիրը, եկել է եզրակացության և անում է առաջարկություն, որ, այո՛, պետք է Հայաստանի պետական կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ լինեն, որոնք կարող են սփյուռքահայերին հնարավորություն տալ մասնակցելու պետական կառավարմանը:

Պատահական չէ, որ այսօր մենք ուզում ենք փոխել ՀՀ Սահմանադրությունը, մեր պառլամենտը դարձնել երկպալատանի. առաջին՝ ներքին պալատ և վերին պալատ: Վերին պալատը սենատն է, որտեղ պետք է ընդգրկվեն նաև սփյուռքահայեր»:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

Սա տիկին Հակոբյանի հերթական բուլբուլատորն է (տե՛ս http://nationalidea.am/publications.php?id=6490&fl=y&l=A), որի իրականացումը հայ ժողովրդին կբերի միայն ֆինանսական կորուստներ և ավելորդ գլխացավ:

 

* * *

«Հայաստանում սոցիալական բունտ չի լինի: Վերջապես մենք արաբ չենք: Երբևիցե որևէ երկրում բունտը դրական արդյունքի չի հանգեցրել: Բունտն ուշ թե շուտ կավարտվի, բայց դրա արդյունքները կմնան»:

 ՀՀԿ անդամ, պատգամավոր Մանվել Բադեյան

Նժդեհական Բադեյանը չի հասկացել, որ իր հայտարարությամբ վիրավորում է ողջ ժողովրդին, քանի որ ասում է, թե հայերը դեռ արաբների մակարդակին չեն հասել, որ դուրս գան հրապարակ և պաշտպանեն իրենց արժանապատվությունը:

 

* * *

«Կարծում եմ, քչերն էին այն ժամանակ կասկածում, որ ես, որպես նախագահ, ունակ եմ ոչ միայն ձևավորել, այլև գլխավորել (ֆորմալ և ոչ ֆորմալ ձևով) խորհրդարանական մեծամասնությունը: Պարզապես ես ընտրել եմ խորհրդարանի և կուսակցությունների հետ փոխգործակցության այլ մոդել, որն այն ժամանակ առավել արդյունավետ էր և հնարավորություն էր տալիս նախագահին ամբողջովին կենտրոնանալ պետական գործունեության վրա և միաժամանակ մանևրելու լայն դաշտ պահպանել ներքաղաքական գործերում: Ծավալված բանավեճի բնույթը ցույց տվեց, որ որոշ քաղաքական գործիչների հիշողությունը, ցավոք, չափազանց կարճ է»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Ավելի պատշաճ կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը չթաքցներ իր իրական ցանկությունները և հայտարարեր, որ հենց ինքն է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը և ոչ թե զբաղվեր ոչ վայելուչ ինտրիգներով կամ նման բաներով:

 

* * *

«Օրենսդրական այս փաթեթը կոչված է այս խնդիրների լուծմանը. միմյանցից տարանջատված են քաղաքական հավաքները սովորական այլ միջոցառումներից, այլ ծիսակատարություններից»:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան

Ի՞նչ արած, երևի Հրայր Թովմասյանի մանկությունն իրենց գյուղում անցել է ծիսակատարությունների միջավայրում, այնպես որ՝ հիմա էլ, երբ արդեն նախարար դարձած Թովմասյանը մարդկանց կուտակում է տեսնում, հասկանում է, որ մարդիկ հավաքվել են ծիսակատարության:

 

* * *

«Իրենց «հայրենասեր» ցուցադրող այդ լրագրողները պարզապես աղմուկ են բարձրացնում՝ կատարելով Լևոն Տեր-Պետրոսյանի ոհմակի պատվերը: «Սուտի գողականները», որ մի ժամանակ բանտի կլյուչնիկ էին, հիմա հոդվածներ են գրում: Այդպես գրողները, եթե փողոցում պատահաբար հանդիպենք, միայն դեմքս տեսնելիս ինսուլտ կստանան: Ոմանք էլ գրում են, թե ես նարկոբիզնեսով, կանանց առքուվաճառքով ու զենքի առևտրով եմ զբաղվում: Ես դատի եմ տվել «Հայկական ժամանակ» թերթին: Կշահենք այդ դատն ու գումարները կփոխանցենք ծերանոցներին ու մանկատներին: Ճիշտ է, ինձ հասցված վնասը 1 մլրդ դոլար եմ գնահատում, բայց դրանց որտեղի՞ց այդքան փող, որ կարողանան վճարել: Այսուհետ ոչ մի կեղծ տեղեկատվություն անպատիժ չի մնա... Որպես համաշխարհային ֆուտբոլային ընտանիքի անդամ երկրի ֆեդերացիայի ղեկավար՝ անընդհատ բանակցությունների մեջ եմ ինչպես հեռարձակող կազմակերպությունների, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հետ: Բայց ասացեք՝ այդ ո՞վ կբանակցի մի մարդու հետ, ով նարկոբիզնեսով է զբաղվում ու զենքի վաճառքով: Տեղյա՞կ եք, թե նման մեղադրանքներն ինչպես են ընկալվում արտասահմանում: Հասկանո՞ւմ եք, որ ես բանակցում եմ հանուն հայկական ֆուտբոլի շահերի, և նրանք, ովքեր այսպիսի հերյուրանքներ են տարածում, ուղղակիորեն հարվածում են հայկական ֆուտբոլին ու Հայաստանին ընդհանրապես: Արժեքներ կան, որոնց չի կարելի դիպչել: Երկրի շահերը ինչպե՞ս կարելի է ոտնահարել: Խաղ վաճառելը մարմնավաճառություն է: Հիմա մեր ֆեդերացիայում Տեր-Պետրոսյան ազգանունով մարդ չկա, Սուրեն Ջհանգիրիչ չկա, որ այդպիսի գործարքներ կնքվեն: Վերջինս նաև հանդիպումների հեռարձակման իրավունքները ցածր գնով վաճառեց ու երկար ժամանակով հարվածի տակ դրեց մեր ֆուտբոլի զարգացումը: Ա՛յ, նրանց օրոք էին խաղեր վաճառվում, և դուք այդ մասին շատ լավ տեղյակ եք»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյան

Ինչպես միշտ, Ռուբեն Հայրապետյանը սիրում է իրերն ու երևույթները, դեմքերն ու դեպքերն իրենց անուններով կոչել: Եվ սա ողջունելի է:

 

* * *

«Եթե հիշում եք, մեզ շատ են քննադատել և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր թևից, բայց ես մեծ արդյունք եմ համարում այն, որ մենք չձուլվեցինք ոչ մեկին: Բայց եթե հարցնեք՝ ես բավարարվա՞ծ եմ դրանով, ես կարող եմ փաստել, որ մենք կարողացանք չձուլվել ոչ մի կողմի հետ, բայց ես բավարարված չեմ»:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյանը, փաստորեն, այդպես չբավարարված էլ լքեց Հայաստանը՝ այլևս չվերադառնալու բուռն ցանկությամբ:

 

* * *

«Ո՞նց կարող է հայ մարդը դրա անհրաժեշտությունը չզգա (խոսքը Հայաստանում երկպալատանի խորհրդարանի անհրաժեշտության մասին է.- խմբ.): Նրանք, ովքեր ուզում են, որ համահայկական ջանքերը մեկտեղվեն, կողմ կլինեն ու ճիշտ կլինեն, իսկ նրանք, ովքեր չեն համաձայնի այդ քայլին, թուրքերի նման կլինեն»:

Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյան

Դաշնակներից մենք տեսել ենք պատմության ընթացքում կամ անհեթեթ պոպուլիզմ, կամ բռնություն, կամ գանձագողություն: Հետևաբար, երկպալատանի պառլամենտ ստեղծելու անիմաստ և պոպուլիստական գաղափարը չէր կարող նրանց սրտով չլինել:

 

* * *

«Դե, հիմա ես ի՞նչ գիտեմ, եթե այլ Այվազյան Վարդան կա, որն իրա բիզնեսը տեղափոխել է, կարող ա թերթը դրա մասին ա գրել: Ես հստակ հայտարարում եմ՝ ես իմ բիզնեսը... Ես նախ բիզնեսով չեմ զբաղվում, ես Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ եմ: Էն բիզնեսը, որում ես փայատեր եմ, զբաղվում է մետաղական գործիքների արտադրությամբ, պողպատաձուլությամբ և գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաք Չարենցավանում: Իմ տունս ընդեղ է, ես ընդեղ էլ շարունակելու եմ իմ բիզնեսը: Ես գողտուկ որևէ բան էսքան ժամանակ արած կա՞մ»:

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան

Մեկնաբանություն չկա...

 

* * *

«Դուք միշտ տատիկներ, պապիկներ, Սևաններ ու տելևիզորներ եք արձանագրել, իսկ ես լուրջ գործով եմ զբաղվել»:

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյան

Մեկնաբանություն չկա...

 

* * *

«Ես ոչ թե ասել եմ, թե ինչպես պետք է ձևավորվի ինովացիոն տնտեսությունը, այլ այն, թե ինչպիսին պետք է լինի այդ տնտեսությունը»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան՝ կառավարության նիստում ինովացիոն ռազմավարության վերաբերյալ ծավալուն ելույթից հետո

Մեկնաբանություն չկա...

 

* * *

«Մենք ձեզ համբալ չենք ուզում դարձնել, բժիշկ ենք դարձնում ձեզ, իսկ Հայաստանում բոլորը համբալ են: Ձեր մայրենիով գնացեք յարմրկա, յարմրկայում մի բան ծախեք, որտև ընդեղ բավական ա մայրենին, դուք պետք է սովորեք ռուսերեն, անգլերեն...»:

Գոհար Քյալյան, Ռոբերտ Քոչարյանի առևտրային գործընկեր Սամվել Մայրապետյանի տիկին, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր

Տիկին Քյալյանն, ինչ խոսք, երկրորդ նախագահի ժառանգության յուրահատուկ նմուշներից է, իսկ հասցրած վնասով Արմենչիկ Գևորգյանի հետ մեկտեղ իրեն գրեթե հավասարը չունի: Համենայն դեպս, պետությունը շուտով կզրկվի համալսարանի շենքից, որը տիկին Քյալյանը գրավադրել է բանկում (ինչպես ասում են, ամուսնու բիզնեսը խթանելու նպատակով) վարկի դիմաց, իսկ բժշկական գիտելիքները Հայաստանում կվերանան, ապագա բժիշկները կդառնան խիստ վտանգավոր կյանքի համար: Դե, իսկ ինչ վերաբերում է տիկին Քյալյանի արտահայտության բուն իմաստին, ասենք, որ նա իրավացի է: Իրոք, Հայաստանում բոլորը համբալներ են, գոնե այն բանի համար, որ հանդուրժում են այս երկրում նրա նմաններին և դրանց հովանավորներին:

Լուսինե ԿԵՍՈՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am