Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Փետրվար 2011, N 2

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՅՍՈՎ

Ալեքսանդր Կնյազև, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի (Մոսկվա) ավագ գիտաշխատող, տարածաշրջանային ծրագրերի համակարգող, քաղաքական որոշումների ինստիտուտի խորհրդական (Ալմաթի)

«Հեղափոխություն» կոչվող իրադարձություններից ոչ մեկը, սկսած, գոնե, այն մեկից, որն ընդունված է 1789-ի «Մեծ ֆրանսիական» անվանել, սովորական սոցիալական բողոք չի եղել: Միշտ և ամենուր առկա է եղել և առկա է արտաքին գործոնը: Միշտ և ամենուր ցանկացած հեղաշրջում և քաղաքական ռեժիմի փոփոխություն իրականացվում են տեխնոլոգիաների կիրառմամբ: Հասարակ՝ 18-րդ դարում, ներկայիս խիստ զարգացած աֆրիկյան և մերձավորարևելյան իրադարձություններում:

Ընդհանրապես, ներկա իրադարձությունները՝ դրանք վերլուծել փորձող ողջ հանրության (պրոֆեսիոնալներից մինչև ոչ լրիվ կաշկանդված քաղաքական գործիչներն ու լրագրողները) առջև մի պարզ, բայց շատ կարևոր հարց է դրել ընդհանուրի և առանձնահատուկի, կատարվող իրադարձություններում համակարգայնության բացակայության մասին: Արդյո՞ք կատարվում են ընդհանուր պլանի դրվագներ հանդիսացող ունիֆիկացված սցենարները, որոնք անհրաժեշտ է դիտարկել կոնսպիրոլոգիայի, համաշխարհային դավադրության տեսության լավագույն ավանդույթների տեսանկյունով: Թե՞ երկրներից յուրաքանչյուրում իրավիճակը եզակի է, ուրույն և պահանջում է անհատական մոտեցումներ: Եվ այդ դեպքում համաշխարհային ԶԼՄ-ներին պատած զանգվածային փսիխոզը տեղին չէ՞: Չէ՞ որ բանն այնտեղ հասավ, որ Եվրոպայի և ԱՄՆ մի շարք պարբերականներում ի հայտ եկավ ինքնատիպ տոտալիզատոր՝ «ով է հաջորդը» պայմանական անվամբ...

Ընդ որում՝ լիբերալ տրամադրված ինտելեկտուալները, որպես կանոն, մամուլում խոսում են «տիրանների դեմ զուտ արաբական հեղափոխությունների» հատուկ տեսակի մասին, որն, իբր, ընդհանուր ոչինչ չունի ոչ 1979թ. Իրանի իսլամական հեղափոխության, ոչ էլ «գունավոր» որևէ սցենարի հետ. այս հանրության դատողությունների գլխավոր շեշտադրումն այն է, որ արաբական փողոցը չի ընդունում երկարակյաց դիկտատորներին և, բնականաբար, ինչպես նրանց է թվում, ժողովուրդները ձգտում են ժողովրդավարական արժեքներին՝ դրանց ստանդարտացված անգլո-սաքսոնական ձևակերպմամբ: Ջանալով ցույց տալ «արաբական այդ հեղափոխության առանձնահատուկ լինելը»՝ այդ մեկնաբանները, որպես կանոն, հավասարության նշան են դնում անկարգություններով բռնված արաբական բոլոր երկրների՝ Թունիսի, Ալժիրի, Եգիպտոսի, Եմենի, Բահրեյնի միջև, իրենց ռազմատենչ կանխատեսումները տարածելով այն ամենի վրա, ինչը պարզապես դուր չի գալիս՝ լինի դա Լուկաշենկոյի վարչակարգը Բելառուսում, թե Նազարբաևինը Ղազախստանում... Հատկանշական են, օրինակ, անկայունության հրապարակվող վարկանիշերը. այսպես, Wall Street Journal-ն, օրինակ, հեշտությամբ կազմում է պոտենցիալ հեղափոխական երկրների ցուցակն այնպիսի չափանիշներով, ինչպիսին են սոցիալական անարդարությունը, ապստամբության հակվածությունը և ուտելիքի վրա կատարվող ծախսերը... Մի տարբերակ ևս, որն իմաստավորված ոչ մի մեկնաբանություն չի պահանջում. «երեք միանման կշիռ ունեցող չափանիշների հիման վրա. սոցիալական անհավասարություն, ապստամբության հակվածություն և...»:

Գիտականակերպ նման հրապարակումները միշտ ուղղված են մարգինալ տրամադրություններին, դրանք, ըստ էության, սովորական պոպուլիզմ են: Ցանկացած երկրում հակակառավարական բոլոր կուսակցությունների, շարժումների, ֆոնդերի և այլոց նվիրական գիծը սոցիալական արդարության համատարած կերպով հռչակվող սերն է: Սոցիալական արդարության թեման էմոցիոնալ է և հեշտությամբ է չարաշահվում: Դրա ընկալման համար պարտադիր չէ շատ գիտելիքներ և վերլուծական կարողություններ ունենալ: Բայց մի ժամանակ Նիկոլո Մաքիավելին գրում էր. «Մարդիկ, հավատալով, որ նոր տիրակալն ավելի լավը կլինի, հաճույքով ապստամբում են հնի դեմ, բայց շուտով նրանք փորձով են համոզվում, որ խաբվել են, քանի որ նոր տիրակալը միշտ ավելի վատն է դուրս գալիս հնից...»: Համաշխարհային բոլոր հեղափոխությունների փորձը հենց սա է ցույց տալիս: Դյուրին է զանգվածային գիտակցությունն ուղղել Հոսնի Մուբարաքի կամ Մուամար Քադաֆիի միլիարդների որոնմանը՝ այդ ընթացքում ձևավորելով էությամբ պաշտոնանկ արվածից ոչնչով չտարբերվող ռեժիմի նոր կազմը: Բնորոշ է, ասենք, Ղրղզստանի օրինակը. 2005թ. մարտին նախագահ Ասկար Ակաևին պաշտոնանկ անելուց հետո այս հանրապետությունում սոցիալ-տնտեսական կամ քաղաքական որևէ բարեփոխում չի իրականացվել. այն, ինչ տեղի է ունենում, նույնիսկ պայքար էլ չէ դրանց իրականացման համար: Դա ընդամենը միջկլանային հարաբերությունների ձևաչափի ձգձգված փոփոխություն է՝ կենտրոնացված արտադրության ասիական եղանակի գլխավոր հիմնախնդրի («իշխանություն-սեփականություն») շուրջ. երբ իշխանությունը կառավարում չէ, այլ ընդամենը անձնական հարստացման միջոց: Եվ դժվար է կասկածել, որ Ղրղզստանի ներկայիս վիճակը միայն ներքին գործընթացների ուղղակի արգասիքը չէ, այդ վիճակը նաև համաշխարհային գործընթացների ուղղակի հետևանքն է:

Աշխարհակարգի տեղի ունեցող փոխակերպումների համատեքստում գլոբալացումն այլ բան չէ, քան աշխարհի չկայացած պետությունները և պետականակերպ կազմավորումները մշտական պայքարի «կառավարելի քաոս» ներքաշելու քաղաքականություն: Գլոբալիստական քաղաքականությունը թույլ է տալիս ժամանակի մարտահրավերներին անհամարժեք կերպով ձևակերպել միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար հասկացություններ, ինչպիսիք են ինքնիշխանությունը, չմիջամտելը, սահմանների անխախտելիությունը և այլն՝ շարունակաբար խորացնելով արդի միջազգային իրավունքի ճգնաժամը: Ընդ որում՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործողությունները եվրասիական մի ամբողջ շարք երկրներում որոշակի իմաստով կարևոր են ոչ իբրև պարզապես այդպիսին, այլ որպես ռազմավարական դիզայնի բաղադրիչներ, ինչ-որ հենահարթակներ կառավարման նոր համաշխարհային կառույցի ստեղծման գործընթացների կառավարման համակարգը կերտելու համար: Ալեքսանդր Նեկլեսան այդ համակարգն անվանում է «համաշխարհային կապերի գլոբալ դինամիկ համակարգ» (dynamic intraglobal relations)՝ այն «հավասարակշռված և ստացիոնար միջազգային նախկին համակարգից» (balanced international relations) տարբերելու համար:

Վերադառնալով սոցիալական արդարության և աղքատության հարցին՝ կարելի է փաստել, որ աղքատությունն ինքնըստինքյան երբեք որևէ սոցիալական և, առավել ևս, քաղաքական ընդվզման գործողությունների պատճառ չի դառնում: Անկասկած, ցանկացած զանգվածային շարժում կամ ելույթ առաջ է գալիս բնակչության զգալի կամ մեծ մասի՝ իր դրությունից դժգոհ լինելու և գոյություն ունեցող ռեժիմի պայմաններում այն բարելավելու հնարավորությանը չհավատալու ֆոնին: Սակայն այդ պատճառները վճռորոշ չեն: Այսպես կոչված «էնդոգեն» գործոնները՝ ոչ բարձր աշխատավարձ և գների աճ, սոցիալական հարցերի չլուծվածություն, կոռուպցիա և այլն, միայն նպաստող բնույթի պայմաններ են: Եթե դրանք չկան, ավելի դժվար է բողոքների քաոս կազմակերպելը: Օրինակ, եթե 2010թ. Լիբիայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում էր մոտ 19 հազար դոլար, ապա Ղազախստանում այդ ցուցանիշը մոտ յոթ հազար էր: Մարդկային զարգացման ՄԱԿ-ի հաշվարկած ինդեքսով Լիբիան գտնվում էր 53-րդ տեղում, իսկ Ռուսաստանն, օրինակ, 65-րդ տեղում էր, Ղազախստանը հաջորդում էր նրան: Համապատասխանաբար, կենսամակարդակի պարզ թվաբանական հաշվարկի վրա հիմնված մեթոդիկաների համաձայն՝ Ռուսաստանը կամ Ղազախստանը, էլ չենք խոսում զգալիորեն  պակաս հարուստ Հայաստանի, Տաջիկստանի կամ Մոլդովայի մասին, վաղուց պետք է մի ինչ-որ հետհեղափոխական փոշու վերածված լինեին...

Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում իրադարձությունների սկսվելով՝ արևմտաեվրոպական շատ վերլուծաբաններ նշում են երեք երկրներում, իրենց կարծիքով, սոցիալական պայթյունի ընդհանուր գծերի մասին: Նրանց նշած գործոններից առաջինը մթերքի գների բարձրացումն է և կենսամակարդակի անթույլատրելի ցածր պայմանները: ՄԱԿ տվյալներով՝ 2010թ. սննդամթերքների գները երրորդ աշխարհի երկրներում բարձրացել են 25%-ով: Ընդ որում՝ Ալժիրում 30-50%-ով թանկացել են ալյուրը և բուսայուղը: Ի դեպ, այդ նույն փորձագետները համոզված են. բնակչության չդադարող հուզումները կստիպեն Եգիպտոսի, Լիբիայի և այլ երկրների իշխանություններին ցորենի արտաքո կարգի գնումներ կատարել, ինչը կհանգեցնի գների նոր թռիչքի՝ սրելով առանց այդ էլ լարված պարենային իրավիճակը Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և ընդհանրապես աշխարհում: Աշխարհում առաջատար՝ Չիկագոյի բորսայում հացահատիկի մեկ տոննայի գինը հասել է անասելի չափի՝ 315,4 դոլարի: Սովի իրական սպառնալիքը կախվել է այնպիսի երկրների գլխավերևում, ինչպիսիք են Չադը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Սիեռա Լեոնեն, Եթովպիան, Էրիթրեան, Բուրունդին և Ռուանդան: Նշենք, որ այս ցանկը հենց այն երկրներից է կազմված, որոնցում հեղափոխական իրադարձություններ նշված չեն: Դժվար է վիճարկել սննդամթերքի գների պայթյունալի թռիչքը, թեև հեշտ է բացատրել Չիկագոյի և Ուոլ Սթրիթի բորսաների սպեկուլյացիաներով, ինչպես նաև նրանով, որ ամերիկյան հողահանդակները դրվում են եգիպտացորենի խելահեղ մշակման տակ՝ վառելիքային էթանոլ արտադրելու համար: Եգիպտոսն աշխարհում հացահատիկի ամենամեծ ներմուծողն է, հիմնականում՝ ԱՄՆ-ից: Չիկագոյի ցորենի ֆյուչերսները 2010թ. հունիս-նոյեմբերի ընթացքում աճել են ապշեցուցիչ՝ 74%-ով, ինչն էլ Եգիպտոսում հանգեցրել է ինֆլյացիայի և սննդամթերքի գների աճի մոտավորապես 30%-ով, չնայած պետական սուբսիդիաներին: Բայց անգամ սա չէ գլխավորը:

Relative deprivation theory-ն՝ այսպես կոչված «սոցիալական խմբերի դրության հարաբերական վատթարացման տեսությունը», վկայում է, որ հեղափոխությունները և ժողովրդական հուզումները, որպես կանոն, տեղի են ունենում ոչ այնտեղ, որտեղ մարդիկ շարունակաբար վատ են ապրում, այլ այնտեղ, որտեղ նրանք հասկանում են, որ կարող են ավելի լավ ապրել: Ոչ ամեն ինչում ընդունելի լինելով՝ այս տեսությունը շատ բանով հաստատում է կարծիքն այն մասին, որ դիտարկվող իրադարձություններում և գործընթացներում սոցիալ-տնտեսական գործոնները, այնուամենայնիվ, երկրորդական բնույթ ունեն: Ի դեպ, բնակչության մեկ շնչի հաշվով սոցիալ-տնտեսական բոլոր ցուցանիշները պահպանողական երկրներում, որոնք համեմատաբար երկար ժամանակ ապրում են առանց քաղաքական և իրավական փոփոխությունների, որպես կանոն, զգալիորեն ավելի բարձր են...

Հավանականության տեսությունում՝ երկու պատահական իրադարձություն կամ գործընթաց անկախ են համարվում, եթե մեկի տեղի ունենալը չի փոխում մյուսի վրա հասնելու հավանականությունը: Եվ միամտություն կլիներ կարծել, թե 2011թ. հունվարի վերջին-փետրվարի սկզբին Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցածը մի ինչ-որ ժողովրդական կամարտահայտման արդյունք էր, որը հանկարծ, ասես կախարդական փայտիկով, բառացիորեն մի ակնթարթում ճարակեց արաբական աշխարհի երկրները: Իրադարձությունների փոխկապվածություն և Հին Աշխարհի հսկայական աշխարհաքաղաքական տարածքի զարգացման հաջորդող փոխկապված պարադիգմեր. ահա թե ինչը պետք է դառնա վերլուծության, խորհրդածությունների առարկա: Շարքային մահկանացուներին թողնենք աշխարհն ընդգրկած, ավտորիտարիզմից հոգնած ժողովրդական ինչ-որ դժգոհությունների ալիքի մասին հեծեծանքները...

Զանգվածային լրատվամիջոցները (ինչպես ամենաարդիականները, այնպես էլ դրանց պատմական անալոգները) միշտ չափազանց կարևոր դեր են խաղացել և շարունակում են խաղալ հասարակությունում ամբոխակերտման գործընթացում: Այդ գործընթացում լայնորեն չարաշահվող կերպարները՝ «ժողովուրդ», «զանգվածներ», «ազատություն», ըստ էության, գեղարվեստական գրականության զինանոցից են, այլ ոչ թե հասարակական-քաղաքական վերլուծությունից: Ի՞նչ է նշանակում «զանգվածների համախմբում»: Ովքե՞ր են «զանգվածները»: Ի՞նչ է «ժողովուրդը»: Նիկոլայ Բերդյաևը մի ժամանակ գրում էր. «Հեղափոխության մեջ չկա և չի կարող ազատություն լինել. հեղափոխությունը միշտ թշնամաբար է տրամադրված ազատության ոգուն: Հեղափոխության տարերքում մութ ալիքները ձաղկում են մարդուն»: Ցանկացած հեղափոխության մեջ հիմնական շարժիչ ուժը մարգինալ բնակչությունն է, որը հեշտությամբ «հավաքագրվում» է գործող ռեժիմի դեմ ագրեսիայում, պատահական չէ, որ չեն լինում հեղափոխություններ առանց ավերածությունների, մարոդյորության, քրեական տարրերի սանձազերծման: Ղրղզստանում, օրինակ, ոչ ոք ոչ մի հրապարակ առանց փողի վաղուց արդեն չի գնում: «Միտինգ անողը», «ցուցարարը», «հեղափոխականը», «ընդդիմադիրը» արդեն մասնագիտություններ են:              

 

* * *

ՀԱՊԿ 2010թ. դեկտեմբերի մոսկովյան գագաթաժողովում ստորագրվեց որոշում ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման կարգի մասին, որը ենթադրում է հավաքական ուժերի միջամտություն այնպիսի իրավիճակներում, ինչպիսին էր նույն 2010-ին Ղրղզստանում տիրող իրավիճակը: Այսինքն՝ ՀԱՊԿ-ին և Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերին (ՕԱՀՈՒ) վերապահվեցին գործառույթներ, որոնք ուժի կիրառման իրավունք են տալիս հետխորհրդային տարածքի՝ կազմակերպության կազմի մեջ մտնող երկրներում ներքին հակամարտությունները լուծելու համար: Այս որոշումը ստորագրելուց կտրականապես հրաժարվեց Ուզբեկստանը: Այնպես որ՝ դե-յուրե Ուզբեկստանի նկատմամբ նման բան կիրառելը պարզապես բացառված է: Բայց, նախ, որոշում ստորագրելը դեռ չի նշանակում, թե այն ավտոմատ կերպով գործադրվելու է անհրաժեշտության դեպքում:

Երկրորդ՝ և սա բացատրում է առաջինը, համերաշխ հայտարարություններից բացի, գոյություն ունեն նաև երկրներից յուրաքանչյուրի ընթացիկ ազգային շահերը: Օրինակ, ամենևին էլ Ռուսաստանի շահերից չի բխում ցանկացած ռազմական հակամարտության մասնակից դառնալ նախկին ԽՍՀՄ ցանկացած երկրում: Հիպոթետիկ ձևով կարելի է ենթադրել, որ համընդհանուր քաոսայնացման գլոբալ սցենարների հեղինակները մտադրություն ունեն Ռուսաստանը ներքաշել պատերազմի մեջ հետխորհրդային տարածքում: Ղրղզստանի ժամանակավոր նախագահ Ռոզա Օթունբաևայի հորդորը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին 2010թ. հունիսին ռուսական զորքեր մտցնել Ղրղզստանի հարավում, միջէթնիկ հակամարտության իրավիճակում, այս պարագայում կարելի է գնահատել որպես պարզ սադրանք:  Եթե նման բան պատահեր, ռուսական զորքերը ցանկացած պարագայում կփոխգործակցեին ղրղզական զինվորականների և պետական կառույցների հետ, այսինքն՝ հանդես կգային հակամարտության ղրղզական կողմում՝ առաջ բերելով ուզբեկական համայնքի թշնամական ռեակցիան: Իսկ ղրղզ բնակչության մեծ մասի համար, ելնելով արդեն այն հակազդեցությունից, որը հետևեց Օթունբաևայի կոչի առիթով, ռուսական զորքերը միանգամից «օկուպացիոն» կդառնային: Ergo, նախկին ԽՍՀՄ երկրներում ներքին հակամարտություններին ռուսական զորքերի մասնակցության մասին ցանկացած հարցադրում պետք է լիովին բացառվի:        

 

* * *

Ընդհանրապես, տեղի ունեցողն ունի տոտալ «ցանցային պատերազմի» ակնհայտ հատկանիշներ: Դեռ 1960-ական թթ. ռուս վտարանդի գիտնական Եվգենի Մեսեները բացահայտեց տեղեկատվական դարաշրջանի համար ակտուալ պատերազմների նոր տիպի սկզբունքային առանձնահատկությունները, որոնց մեջ նա նշեց հակառակորդների միջև ճակատի գծերի և հստակ սահմանների բացակայությունը, հանրային գիտակցության վերածումը ազդեցության հիմնական օբյեկտի, պատերազմի տարածքի քառաչափությունը: Ըստ էության, «ցանցային պատերազմների» (Network-centric warfare, NCW) հայեցակարգն առաջին անգամ ձևակերպվեց 1996թ. «RAND Corporation»-ի աշխատակիցներ Ջոն Աքվիլայի և Դևիդ Ռոնֆելթի կողմից: «Ցանցային պատերազմներ» վարելու հիմքը Պենտագոնի գլոբալ տեղեկատվական ցանց ստեղծելու նախագիծն է (հայտմի է որպես «Defense Information Grid»), որը համակարգվում է Տեղեկատվական համակարգերի գործակալության (DISA) կողմից:

«Ցանցային պատերազմների» տեսությունը ենթադրում է, որ դրա ծավալումը տեղի է ունենում մարդկային կերտվածքի չորս կից ոլորտներում՝ ֆիզիկական, տեղեկատվական, կոգնիտիվ (դատողական) և սոցիալական: Տեղեկատվական դարաշրջանի պատերազմները հիմնված են բոլոր չորս ոլորտների գիտակցական ինտեգրման վրա, ինչից էլ ստեղծվում է ցանցը, որն ընկած է ռազմական գործողությունների վարման հիմքում: Ցանցային պատերազմների տրամաբանությամբ դրանք վարվում են ինչպես թշնամիների, այնպես էլ չեզոք և նույնիսկ բարեկամական տերությունների դեմ բոլոր իրավիճակներում (խաղաղության, պատերազմի և ճգնաժամի), որպեսզի մանիպուլացնեն նրանց վարքագիծը, նրանց գործողությունները ենթարկեցնեն նման պատերազմներ վարող սուբյեկտի շահերին: Ֆիզիկականը պատերազմի ավանդական ոլորտն է, որտեղ տեղի է ունենում ֆիզիկական ուժերի բախումը ժամանակի և տարածության մեջ: Այժմ տեղի է ունենում «մարտադաշտ» հասկացության փոխակերպում «մարտական տարածություն» հասկացության: Դրանում, խոցելու ավանդական նպատակներից բացի, ներառված են նաև այն նպատակները, որոնք ընկած են վիրտուալ ոլորտում. հույզեր, հակառակորդի ընկալում և հոգեվիճակ: Նպատակների նոր կարգերի վրա ազդեցությունը ձեռք է բերվում պաշտպանության նախարարության և «քաղաքացիական հասարակության» ցանցային կառույցների սերտ համագործակցության միջոցով, ինչը սույն պարագայում ընկալվում է որպես հանրային միությունների ամբողջություն, որը պատասխանատու է հանրային կարծիքի մշակման համար: Տեղեկատվական ոլորտն ապահովում են տեղեկատվության հաղորդման համակարգերը, բազային սենսորները (հաղորդիչները), տեղեկատվության մշակման մոդելները և այլն: Ցանցային պատերազմների դարաշրջանում այն միմյանց է կապում պատերազմ վարելու բոլոր մակարդակները և գերակա է համարվում: Կոգնիտիվ ոլորտում այնպիսի երևույթներ են, ինչպիսիք են «հրամանատարի մտադրությունը», դոկտրինը, մարտավարությունը, տեխնիկան և ընթացակարգերը: Այս ոլորտում տեղի ունեցող գործընթացները չափելն ավելի բարդ է, քան ֆիզիկական ոլորտում, բայց դրանց արժեքավորությունը և արդյունավետությունը հաճախ շատ ավելի կարևոր են: Սոցիալական ոլորտը մարդկանց փոխգործակցության դաշտն է: Այստեղ գերակշռում են պատմական, մշակութային, կրոնական արժեքները, հոգեբանական սկզբունքները, էթնիկ առանձնահատկությունները: Սոցիալական ոլորտը ցանցային պատերազմների ենթատեքստն է: Ընդ որում՝ «հարձակվող կողմի» շեշտադրումը կատարվում է, նախևառաջ, վարչական և մտավոր էլիտաներում, զանգվածային լրատվամիջոցներում, երիտասարդության և բնակչության սոցիալապես մարգինալ շերտերի շրջանում դիրքեր ձեռք բերելու վրա: Ամբոխի հետ աշխատանքում ուկրաինական, վրացական և ղրղզական ընդդիմության առաջնորդները որոշ մեթոդներ կիրառեցին, որոնք օգտագործվում էին տոտալիտար մի շարք աղանդների կողմից ադեպտներին մշակելու համար: Երիտասարդներին և դեռահասներին վերածում են մոլեռանդների, որոնք խելահեղորեն հավատում են արևմտյան դեմոկրատիայի իդեալներին և խոսում են անգիր արած ցիտատներով: Տարբեր երկրների նմանատիպ մի շարք քաղաքական կազմակերպություններում նեյրոհոգեբանական կոդավորման նման տեխնոլոգիաների կիրառման մասին մասնագետները քանիցս արդեն նշել են:

Կարելի է ենթադրել, թեկուզև ինչ-որ չափով պատկերավոր կերպով, որ տեղի ունեցողը պատերազմի հանգուցային փուլն է համաշխարհային տիրապետության համար, գոյություն ունեցող աշխարհակարգի մնացորդների դեմ պատերազմի... Նման համատեքստում, հաշվի առնելով ապակայունացող տարածաշրջանների և երկրների առանձնահատկությունը՝ առանցքային է դառնում համաշխարհային էներգառեսուրսների գոյություն ունեցող սխեմաների ձևափաչը փոխելու փորձի հարցը:

Համաշխարհային ծովային առևտրի 8-10%-ն անցնում է Սուեզի ջրանցքով, ինչը տարեկան մոտ 5 մլրդ դոլար է տալիս: Եգիպտոսը նաև դեպի Եվրոպա ածխաջրածինների մատակարարման հիմնական փոխադրական ուղին է. Սուեզի ջրանցքով և Սուեզ-միջերկրածովյան Sumed խողովակաշարով է անցնում նավթի համաշխարհային օրական պահանջարկի 2,5-4,5%-ը: «Նավթային այս մեծ ճանապարհի» աշխատանքի խափանման հետևանքներն աղետալի են: Այլընտրանքային տարբերակների որոնումը ածխաջրածինների մատակարարումների հետ կապված վատթարագույն դեպքում՝ կհանգեցնի դրանց գների անխուսափելի թռիչքի, սպեկուլյացիաների հզոր ալիքի և ազգային տնտեսությունների ցնցումների Իսրայելում, Հորդանանում և եգիպտական գազից կախված մի շարք այլ երկրներում: Անխուսափելիորեն կտուժի նաև ԵՄ էներգառազմավարությունը: Եգիպտոսը տարածաշրջանում առաջատար տեղ չի զբաղեցնում, բայց նրա դիրքորոշումները 20-րդ դարակեսից որոշում էին այն միտումները, որոնք հաղթում էին այլ պետություններում գաղափարների դասավարության մեջ:

Լիբիան կարևորագույն հումքային կենտրոն է, և թեև լիբիական նավթարդյունահանումը չի գերազանցում համաշխարհային նավթարդյունահանման 2%-ը, այդ երկիրը ածխաջրածինների հիմնական մատակարարներից մեկն է Հին Աշխարհի համար: Լիբիան աշխարհում ութերորդ երկիրն է նավթի պաշարների գծով: Իտալիայում սպառվող նավթի 25%-ը, Գերմանիայում օգտագործվող նավթի յուրաքանչյուր տասներորդ տոննան լիբիական ծագում ունի:

Էներգահումքային համատեքստում չափազանց կարևոր է իրավիճակն Օմանում: Հաշվի առնելով այն, որ հենց Օմանն ու Իրանն են վերահսկում Հորմուզի նեղուցը, ապակայունացումն Օմանում, նկատի ունենալով Իրանի ռեակցիան, կարող է պարզապես պայթեցնել շատ երկրների և տարածաշրջանային տնտեսությունները: Հորմուզի նեղուցը, որի երկարությունը 195 կիլոմետր է, ռազմավարական առումով կարևոր ջրային կապուղի է, որը հարավ-արևելքում Օմանի ծոցը միացնում է Պարսից ծոցին հարավ-արևմուտքում: Lloyd’s Ծովային վիճակագրության ստորաբաժանման (LMIU) տվյալներով՝ 2006թ. Հորմուզի նեղուցին, որի լայնությունն ամենանեղ հատվածում կազմում է 34 մղոն (55 կիլոմետր), բաժին է ընկել ծովով նավթի գլոբալ արտահանման 33%-ը: Նավթի հոսքը, որի ծավալը տատանվում է OPEC նավթարդյունահանման ցուցանիշների հետ մեկտեղ, մոտենում է 40%-ի, եթե ներառենք նաև Հորմուզի նեղուցով փոխադրվող նավթամթերքները և հաշվենք որպես համաշխարհային շուկա մատակարարվող նավթի բաժին: Lloyd’s-ի գնահատականներով՝ նեղուցի շրջափակումը 88%-ով կնվազեցնի նավթի ծովային արտահանումը Սաուդյան Արաբիայից, ամբողջությամբ կդադարեցնի մատակարարումներն Արաբական Էմիրություններից, Քուվեյթից և Կատարից, գրեթե ամբողջությամբ՝ Իրաքից և 90%-ով՝ Իրանից: Առևտրային նավագնացության դադարեցումը կամ նեղուցով անցնող լցանավերի վրա հարձակումները մի քանի օրում կրկնակի կբարձրացնեն նավթի գինը, և լավագույն դեպքում այն կմնա այդ մակարդակին այնքան ժամանակ, մինչև որ նեղուցը բացվի: Վարկային Standard & Poor’s գործակալության գնահատմամբ՝ նեղուցի շրջափակման դեպքում նավթի գինը կարող է հասնել մինչև մեկ բարելը 250 դոլարի: «Նեղուցի հավանական սպառնալիքի անգամ հոգեբանական էֆեկտը, դրա փակման ենթադրությունն իսկ բավական են՝ հարվածելու համար նավթի գներին»,- մեջբերում էր Reuters-ը RUSI-ի տնօրեն Մայքլ Քլարքին (Michael Clarke): Ինչ վերաբերում է նավթի արտահանմանը, ապա ամենաուժեղ հարվածը կհասցվի դեպի Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա մատակարարումներին: Փորձագիտական գնահատականներով՝ Չինաստանն Իրանից ստանում է սպառվող նավթի 40%-ը, Ճապոնիան՝ 25%-ը: Տնտեսական իմաստն ակնհայտ է և, իհարկե, առաջնային, բայց կա նաև հիմնահարցի ռազմական կողմը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչները և իրանական բարձրաստիճան զինվորականները քանիցս հրապարակավ հայտարարել են, որ պատրաստ են շրջափակել նեղուցը, եթե նեղուցի գոտում իրենց երկրի համար ռազմական բնույթի սպառնալիք ծագի: 2007թ. հոկտեմբերի 29-ին ԻՀՊԿ հրամանատարությունը նախազգուշացրեց, որ անհրաժեշտության դեպքում իրենց ստորադասները պատրաստ են մահապարտական ահաբեկչություններ իրականացնել Պարսից ծոցի երկրներում: «Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ԱՄՆ-ին Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում դիմակայելու գործում օգտագործել նահատակության տարրեր»,- այն ժամանակ հայտարարեց գեներալ Ալի Ֆահդավին: «Բասիջ» (Basij) կիսազինվորական կազմավորման պոտենցիալ շահիդները դյուրությամբ կարող են թիրախ ընտրել Հորմուզի նեղուցով անցնող կամ Պարսից ծոցում գտնվող նավերը: ԻԻՀ զինված ուժերի՝ մի կողմից, և մյուս կողմից՝ ամերիկյան ու բրիտանական ռազմածովային ուժերի մասնակցությամբ վերջին տարիներին նեղուցում տեղի ունեցած բազմաթիվ միջադեպերը թույլ են տալիս չբացառել այն, որ կողմերից յուրաքանչյուրը կարող է ռազմական սադրանք հրահրել: Իր հերթին, Պակիստանն Օմանի ծոց է դուրս գալիս Հորմուզի նեղուցին անմիջապես մոտ տարածքում. այդ երկիրն արդեն մի քանի տարի միջուկային զենք ունի և փաստորեն քաղաքացիական պատերազմի մեջ է գտնվում՝ հանդիսանալով ենթատարածաշրջանային անկայունության աղբյուրներից մեկն Աֆղանստանի հետ միասին: Անկախ այն բանից, թե ինչպես և երբ աֆղանական տարածքը կլքեն ԱՄՆ զորքերն ու ISAF ուժերը, Աֆղանստանը երկարատև հեռանկարի համար անվտանգության սպառնալիքի աղբյուր է մնում ողջ Կենտրոնական Եվրասիայի համար՝ խիստ խոցելի սահման ունենալով և՛ Պակիստանի, և՛ Տաջիկստանի հետ:

«Անկայունության նոր աղեղ». այս որակմամբ կարելի է նշել այն, ինչ ձևավորվում է Աֆղանստանից հյուսիս ընկած տարածքում: Խիստ մեծ է միասնական հակամարտային երկարաձգված գործողության գոտում Աֆղանստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի տարածքների իրավիճակային միավորման հավանականությունը: Աֆղանստանում իրավիճակի զարգացման հիմնական բոլոր միտումները բերում են սպառնալիքի աճի կենտրոնաասիական տարածաշրջանի համար: Դա օտարերկրյա ռազմական ներկայությանը դիմակայող շարժման աճող ակտիվացումն է, ISAF-ի և Operation Enduring Freedom-ի ռազմական ներկայությունը կրճատելու միտումները: Դա անվտանգության աֆղանական ազգային  ուժերի շարունակվող անբավարարությունն է: Դա տարածաշրջանային-էթնոցեղային հավասարակշռության հաստատման անհնարինությունն է աֆղանական քաղաքական վերնախավում, նշանակում է՝ նաև կարգավորման անհնարինությունը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում: Այս ամենին անհրաժեշտ է ավելացնել 2010թ. ընթացքում տեղի ունեցած Ուզբեկստանի իսլամական շարժման (ՈՒԻՇ) «վերահառնումը» և դրա ակտիվացումը Աֆղանստանի հյուսիսային նահանգներում, ինչպես նաև այդ շարժման ակտիվության վերականգնումը Կենտրոնական Ասիայի երկրներում: 2010թ. երկրորդ կեսն ի հայտ բերեց ռազմաքաղաքական հակամարտության հավանական վերականգնման ախտանիշները Տաջիկստանում, որն ակնթարթորեն կմիանա աֆղանականին, որի նախադեպը Տաջիկստանում իրականացվեց 1990-ականներին, քաղաքացիական պատերազմի ամենասկզբում:

Իրավիճակը Ղրղզստանում արդեն հիվանդագին է: Ակնհայտ են շարունակվող տրայբալիական և շրջանային ներէթնիկ (ղրղզական) հակասությունները: Չենք կարող պնդել, որ չեն շարունակվի Բաքիևների և Օշի ու Ջալալաբադի կլանների՝ իրենց դիրքերը կորցրած ռևանշիստական ուժերի սադրանքները: Չափազանց վտանգավոր է հակամարտածին բազմէթնիկությունը, որն առաջին հերթին պայմանավորված է ղրղզական ագրեսիվ նացիոնալիզմի խիստ բարձր մակարդակով, որի գագաթնակետը դարձան 2010թ. հունիսյան հայտնի իրադարձություններն Օշի և Ջալալաբադի մարզերում: Ղրղզա-ուզբեկական հունիսյան միջէթնիկ հակամարտությունը որոշակի ռևանշիստական տրամադրություններ առաջ բերեց Ղրղզստանի հարավի ուզբեկական համայնքում, ինչպես նաև հակաղրղզական միտումներ Ուզբեկստանին սահմանակից մարզերում: Եթե ուշադրության առնենք կրոնա-ծայրահեղական ցանցային կառույցների՝ «Հիզբ-ուտ-Թահրիր»-ի, արդեն հիշատակված ՈՒԻՇ-ի հզոր պոտենցիալը, ինչպես նաև ղրղզական հարավի ուզբեկական համայնքի էթնիկ և կրոնական գործոնների համադրումը, իրավիճակը միանգամայն ռազմաշունչ է թվում: 2010թ. օգոստոսին ՈՒԻՇ առաջնորդ Ուսմոն Օդիլի՝ ղրղզական պետությանը հայտարարած ջիհադը դատարկ խոսք չէ: Ֆունդամենտալ իսլամական (ավելի ճիշտ՝ իսլամիստական) փիլիսոփայությունը և դրան համապատասխանող քաղաքականությունը սովորաբար բարձր դինամիկա չունեն. 2010-ին ասվածը շուտ չի իրականանա, բայց անպայման կկատարվի:

Կան նաև թմրաթրաֆիկի վերահսկողության գոտիների բաժանման հիմնախնդիրները, որոնց ծավալը կազմում է հերոինի համաշխարհային արտադրության ավելի քան 90%-ը...

Շարժումն Արաբական Արևելքի երկրներում ընթանում է աֆրիկյան աշխարհամասի լայն ատլանտյան աղեղով (Մավրիտանիա, Մարոկո, Ալժիր, Թունիս, Լիբիա, Եգիպտոս) և իր ասիական արտահայտությամբ ներառում է Հորդանանը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Իրանը, Բահրեյնը և Եմենը: Այս շարժման ազդակների ուղղվածությունը շատ լայն ցրվածություն ունի: Իրենց միջնա- և երկարաժամկետ հետևանքներով այն անպայման ընդգրկում է Եվրոպան, անպայման Չինաստանը, անպայման Ռուսաստանը և ողջ հետխորհրդային ԽՍՀՄ-ը:

Ներկայիս հեղափոխական սցենարի (եզակի թվով, քանի որ չկան առանձին սցենարներ Թունիսի, Եգիպտոսի կամ Տաջիկստանի համար, դրանք ընդհանուր պլանի օղակներն են) նպատակներից մեկն էլ հենց գոյություն ունեցող քաղաքական աշխարհագրության սկզբունքային ձևափոխումն է: Գործընթացի  սկիզբը դրվեց Կոսովոյի անկախության արհեստական ստեղծմամբ և դրան հետևած՝ արևմտյան հանրության կողմից ճանաչմամբ: 2008թ. Ռուսաստանն իր համար հարկադրյալ, թեև ամեն պարագայում չափազանց վտանգավոր քայլ կատարեց. ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Գործընթացն սկսվեց: Միջազգային հարաբերությունների համաշխարհային համակարգի և միջազգային հանրության կառուցվածքի փոխակերպման ընդհանուր գործընթացի շրջանակում 20-րդ դարավերջին սկզբունքորեն փոխվում է տեղի ունեցող պատերազմների և հակամարտությունների բնույթը, դրանք բոլորն անհամեմատ ավելի շատ ասիմետրիկ բնույթ են ստանում: Տարածքային և միջպետական պատերազմներին փոխարինելու են գալիս լոկալ, երբեմն կետային հակամարտությունները, բայց անպայման արտաքին գործոնի բարձր աստիճանով: Դրանք քաղաքացիական հակամարտություններն են արտաքին ազդեցությամբ, խաղաղարար գործողությունները և սահմանային հակամարտությունները՝ միջազգային համակազմերի մասնակցությամբ, «հումանիտար ինտերվենցիաները» և այլն: Սրանք արդեն այն գործիքանին են, որն ավելի արդյունավետ է ռեսուրսների այս կամ այն կատեգորիա ունեցող ազգային պետություններն ինքնիշխանությունից զրկելու համար:

Գոյություն ունի ամերիկյան աջ նեոկոնսերվատորների «Մեծ Մերձավոր Արևելք» (Greater Middle East) կոչվող հայտնի աշխարհաքաղաքական հայեցակարգը: Դրա մասն է հանդիսանում «Մեծ Կենտրոնական Ասիա» նախագիծը, որն, ի դեպ, պաշտոնապես տարածաշրջանում պաշտպանում է միայն Ղազախստանը: «Մեծ Մերձավոր Արևելքի» շրջանակում ենթադրվում է ամբողջովին փոխել տարածաշրջանում ուժերի դասավորությունը Հյուսիսային Աֆրիկայից մինչև Հարավային Ասիա: Մասնավորապես, նախատեսվում է ի հաշիվ Թուրքիայի, Իրաքի, Իրանի և Սիրիայի տարածքների զգալի հատվածների ստեղծել անկախ Քուրդիստան, սուննիական և շիական հատվածների բաժանել Սաուդյան Արաբիան, իրանական, աֆղանական և պակիստանյան տարածքներից ստեղծել անկախ Բելուջստան և այլն: Սա գլոբալ է: Բնականաբար, այս գործընթացներում հաշվի են առնվում նաև առայժմ գոյություն ունեցող պետությունների իրականում առկա տարածքային, հատկապես էթնոտարածքային հավակնությունները: Գոյություն ունեցող բոլոր հակասությունները, ներառյալ նաև պատմական վիրավորանքները, պետք է նյութ ծառայեն սույն պլանի իրականացման համար:

«Մեծ Կենտրոնական Ասիա» նախագիծն ուղղակիորեն սահմանների վերաբաժանում չի նախատեսում: Դրանում հռչակվում է դրանց համահարթեցումը, տարածաշրջանի հինգ հետխորհրդային պետությունների միավորումը Աֆղանստանի, Պակիստանի հետ հանուն, իբր, տնտեսական և մշակութային-պատմական միասնության: Ես այդ նախագծի մասին չորս տարի առաջ գրել եմ, թե այն պարզապես «աշխարհաքաղաքական մարազմ» է: Այն ժամանակ դա ավելի շուտ տեսություն էր թվում: Այսօր դա արդեն մարազմ չէ, այլ ողջ Կենտրոնական Եվրասիայի տարածքի քաոսայնացման իրական գծեր ստացող կոնկրետ պլան: Մի պահ պատկերացրեք, թե ինչպես տեղի կունենա, օրինակ, «անկախ Ույղուրստան» պայմանական անունն ունեցող պետության ստեղծումը, այն էլ՝ Ղազախստանի պրոյեկցիայով: Ես կարծում եմ, որ դա պարզապես մղձավանջ կլիներ հսկայական տարածքի և հարյուր միլիոնավոր մարդկանց համար...

CNN-ը, BBC-ն և արևմտյան այլ լրատվամիջոցներ Եգիպտոսի իրադարձությունների հերթագայության մեջ լայնորեն անտեսում են այն փաստը, որ, անկախ երկրի ներսում տեղի ունեցող էքսցեսներից, Մուբարաքը հիմնական խոչընդոտն է թվում տարածաշրջանում ԱՄՆ ընդհանուր ծրագրի համար:

Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Օբամայի և Մուբարաքի հարաբերությունները սառցի պես սառն էին հենց սկզբից: Մուբարաքը կտրականապես դեմ էր Իրանի հանդեպ Օբամայի քաղաքականությանը և նրա գործունեությանն Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարի գծով, դեմ էր Օբամայի քաղաքականությանը Պարսից ծոցում, Սիրիայում և Լիբանանում, ինչպես նաև պաղեստինցիների հանդեպ (i): Նա մատը մտած տհաճ փուշ էր ողջ տարածաշրջանում Վաշինգտոնի ընդհանուր ծրագրի, Մեծ Մերձավոր Արևելքի վաշինգտոնյան նախագծի համար, որը վերջին ժամանակներս փոխարինվել էր ավելի մեղմ հնչող «Նոր Մերձավոր Արևելք» տերմինով:

Եվ ահա արդյունքը. ընդվզումները, որոնք հանգեցրին կառավարության հանկարծակի և հենց իր՝ նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին, տեղի ունեցան անմիջապես այն բանից հետո, երբ Թունիսի նախագահ Բեն Ալին խուճապահար փախավ Սաուդյան Արաբիա, որոնք ամենևին էլ «ինքնաբուխ» չէին, ինչպես դրանք ներկայացնում են Բարաք Օբաման, Հիլարի Քլինթոնը կամ CNN-ը, BBC-ն և «համաշխարհային» այլ լրատվամիջոցները: Դրանք կազմակերպվում են այն նույն, պայմանականորեն՝ «ուկրաինական» ոճով. օգտագործվում էին բարձրտեխնոլոգիական էլեկտրոնային միջոցների հնարավորությունները, ինտերնետ-կապով օժտված երիտասարդությունը, Մոհամեդ էլ-Բարադեյը և խորհրդավորության մեգով պատված «Իհվան ուլ-Մուսլիմոն» («Եղբայր մուսուլմաններ») կազմակերպությունը, որի կապը բրիտանական և ամերիկյան հետախուզության և մասոնականության հետ, չնայած ողջ խորհրդավորությանը, ոչ մի անգամ այդ նույն «համաշխարհային» ԶԼՄ-ների կողմից չի լուսաբանվել:

Օբյեկտիվորեն, հետխորհրդային տարածքը չլուծված հակամարտությունների հսկայական տարածություն է: Ուստի, այն, ինչ սկսվեց Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, առնվազն վերջին նախազգուշացումն է նաև Կենտրոնական Ասիայի յուրաքանչյուր պետությանը:

Դե, իսկ տեղի ունեցող գործընթացներում գլխավորն առավել ճշգրիտ մի քանի տարի առաջ ձևակերպել է, թերևս, Ալեքսանդր Դուգինը. «Գլոբալացումը համաշխարհային մասշտաբով ամերիկյան հեգեմոնիայի հաստատումն է, որտեղ արժեքների, ինստիտուտների, ռազմավարական շահերի և տնտեսական կարգի ամերիկյան համակարգը պարտադիր է բոլորի համար: Գլոբալ աշխարհը մեսիական Ամերիկայի հետնաբակն է»: Կարելի է միայն հավելել. գլոբալացման գործընթացն էականորեն սրբագրող գործոնը հատվածայնացման կամ «բալկանացման» վեկտորն է, որն ընդգրկում է ոչ միայն բազմէթնիկ և բազմադավան ազգային պետությունները, այլև միաէթնիկ և միադավան ազգային պետությունները: Այս գործոնի գնահատման մեջ բանավիճային կարելի է համարել սուբյեկտիվ և օբյեկտիվ հիմքերի հարաբերակցությունը, բայց ժխտել այն, երբ ակնհայտ է աշխարհակարգի վեստֆալյան համակարգի և Յալթայի մոդելի կործանումը, ճիշտ չէր լինի: Այդ գործոնը չափազանց ցավագին է, a priori կարելի է ընդունել արդի աշխարհի անպատրաստությունը պետության՝ որպես ողջ աշխարհակարգի բազային միավորներից մեկի, դերի ու տեղի այդքան արմատական վերանայմանը: Ավելին, Արևելյան Թիմորից սկսված և Հարավսլավիայի հստակ բաժանմամբ ու Կոսովոյի անկախության ճանաչման փաստով ամրագրված մասնաբաժանման միտումը նշանակում է, ավելի շուտ, ծավալուն state-building-ի՝ որպես ակտուալ աշխարհաքաղաքական գործիքի, օգտագործման փորձերի նոր և շարունակական գործընթաց: Եվ այստեղ անհրաժեշտ է թվում կրկին վերադառնալ «պատմության ավարտի» հարցին: Գուցե այն, ինչ տեղի է ունենում, օրինաչափ է, և պետությունների ու սահմանների անսասանությունը մտածողության ինչ-որ կոնսերվատիզմ է, իսկ Ֆրենսիս Ֆուկույաման իրավացի էր, երբ խոսում էր իր «պատմության ավարտի» մասին:

Ավաղ, Ֆուկույաման մենակ չէ: Արևմտյան, առաջին հերթին՝ վերլուծական հանրությունում գերիշխող աշխարհատնտեսական պարադիգմը վաղուց հարցականի տակ է դնում ազգային շահերի դոկտրինի կայացածությունը, որը ժամանակին ձևակերպվել էր ազգային պետությունների ինստիտուտների համար: Որոնցից շատերի փլուզման գլոբալ փորձին էլ մենք ներկա ենք:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am