Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Փետրվար 2011, N 2

ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆ

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ, ՄՏԱԾՈՂ, ՓԻԼԻՍՈՓԱ...

Մարգարիտա Ռուխկյան, արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող

Այսպես ենք այսօր ընկալում նրան՝ շատ ավելի լայն, քան կյանքի օրոք էր։ Կոմպոզիտորը, որ այս աշխարհը լքեց 1994թ., 65 տարեկանում, արդեն՝ ճանաչված ու նշանավոր, տարեցտարի խորացնում է իր ազդեցությունը մեզ վրա, երաժշտական ողջ աշխարհի վրա։

Նրա երկրորդ օպերան՝ «Երկրաշարժը», գրված 1984թ. գերմանացի գրող Հենրիխ ֆոն Քլեյսթի պատմվածքի հիման վրա, որը ժամանակին պատվիրել էին Գալե քաղաքի թատրոնը և գերմանական «Edition Peters» հրատարակչությունը, 2003-ից չորս սեզոն ներկայացվում էր Մյունխենի օպերային թատրոնում՝ ավելացնելով Տերտերյանի երկրպագուների թիվը, ինչպես նաև տարածելով թատրոնի համբավը ժամանակակից օպերաների բեմադրությունների իրականացման գործում։ Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան Գերմանիայում արժանացել է Վոլֆ Էբերմանի անվան միջազգային մրցանակի, որը երեք տարին մեկ անգամ շնորհում է Միջազգային թատերական ինստիտուտի երաժշտական կոմիտեն, իսկ օպերայի բեմադրությունը վերջին տարիներին Եվրոպայում լավագույնն է ճանաչվել։ 2008թ. «Երկրաշարժ» օպերայի բեմականացումն իրականացվեց Երևանում՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ և Լևոն Իվանյանի բեմական ձևավորմամբ։ Նրա սիմֆոնիաները հնչում են Հայաստանում, Ռուսաստանում, եվրոպական շատ երկրներում։

Ավետ Տերտերյանը ծնվել է Բաքվում 1929թ., հայտնի բժիշկ Ռուբեն Տերտերյանի ընտանիքում։ Ընտանիքում երաժշտության և թատրոնի պաշտամունք կար։ Ե՛վ հայրը՝ Ռուբեն Տերտերյանը, և՛ մայրը՝ Կարմենը, երաժշտական ձիրք ունեին, հիանալի երգում էին և սիրողական համերգների, նույնիսկ օպերային ներկայացումների մշտական մասնակիցներն էին։ Ընտանիքում այնքան հրապուրված էին երաժշտությամբ, որ զավակներին կոչել էին օպերային հերոսների անուններով. ավագի անունն էր Ալֆրեդ՝ ի պատիվ Վերդիի «Տրավիատայի» հերոսի, կրտսերին՝ Գերման՝ ի պատիվ Չայկովսկու «Պիկովայա դամայի» հերոսի։ 16 տարեկանում Ալֆրեդ Տերտերյանն ընդունվեց երաժշտական ուսումնարան և երկու տարի անց, կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի՝ Տերտերյանների ազգականի խորհրդով գնաց Մոսկվա։ Նրա խորհրդատուն դարձավ Գ.Ի. Լիտինսկին, որի մոտ ընդամենը երեք տարի առաջ կատարելագործման դասընթացներ էին անցել հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Առնո Բաբաջանյանը, Ադամ Խուդոյանը։ Լսելով սկսնակ կոմպոզիտորի ռոմանսները՝ իմաստուն Գ.Ի. Լիտինսկին խորհուրդ տվեց նրան մեկնել Երևան և սովորել այնտեղ, որտեղ արդեն կային լուրջ կոմպոզիտորական դպրոցի բոլոր սաղմերը։

Պատմական հայրենիքում գտնվելը երիտասարդ կոմպոզիտորին իր կոչման նոր գիտակցում տվեց, անմոռանալի տպավորություններ թողեց։ «Հնչյունի, լեզվի երաժշտության, հավանաբար՝ հենց մթնոլորտի և հողի հնչողության միջոցով էի ես թափանցում հայ ազգային մշակույթի ոգու մեջ։ Այստեղ ամեն ինչ այլ կերպ էր հնչում. այլ կերպ էր երգում բնությունն ինքը, օդը, լեռները, գետերը, այլ կերպ էր լուսավորում արևը... Ամեն ինչ իմ մեջ այլ երաժշտության էր վերաձուլվում, այլ հնչյունների, որոնք իմ մեջ արթնացրին այն, ինչ դրված էր գենետիկորեն՝ իմ ազգային էությունը։ Քանզի չի կարելի մարդու մեջ արթնացնել այն, ինչ չկա ի սկզբանե...»,- հետագայում պատմել է նա1։

Երկու տարի սովորելով Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում՝ Ալֆրեդ Տերտերյանն ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա՝ Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարան։ Այստեղ նա իր համար բարեկամական և ստեղծագործական միջավայր է ձեռք բերում՝ լիցքավորված երիտասարդ էներգիայով, հրացայտ հումորով, ազատ երևակայությամբ։ Էդվարդ Միրզոյանի կոմպոզիտորական դասարանն այն ժամանակ գեղարվեստական ստուդիա էր հիշեցնում. նրա տաղանդավոր աշակերտներից Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Խաչատուր Ավետիսյանը և մյուսներն իրենց ուսուցչից այնքան էլ երիտասարդ չէին։ Սիմֆոնիկ մեծ պրեմիերաները հաջորդում էին մեկը մյուսին. Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներին կատարում էր ոչ միայն հայ դասականների՝ Ալեքսանդր Սպենդիարովի, Արամ Խաչատրյանի, նշանավոր երաժիշտներ Գրիգոր Եղիազարյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, այլ նաև ուսանող-կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Այստեղ՝ Էդվարդ Միրզոյանի դասարանում է Ալֆրեդ Տերտերյանը ստանում իր նոր անունը՝ Ավետ, ինչը «բարի լուր» է նշանակում։ Այս անունն ասես երիտասարդ կոմպոզիտորի կյանքի վրա իր կնիքը դրեց և, հաշվի առնելով մարդու ճակատագրի վրա անվան ազդեցությունը, կարելի է տալ այսպիսի մի հարց. կգրե՞ր արդյոք Ավետն իր վսեմ, վեհաշունչ սիմֆոնիաները, եթե Ալֆրեդ մնար։

Ավետ Տերտերյանը կոնսերվատորիան ավարտեց Հովհ.Թումանյանի և Հովհ.Շիրազի խոսքերով գրված «Հայրենիք» վոկալ-սիմֆոնիկ շարքով։ Պրեմիերան տեղի ունեցավ 1959թ. Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։ Տերտերյանի երաժշտության առաջին ջերմեռանդ երկրպագուներն էին դիրիժոր Արամ Քաթանյանը, որը ղեկավարում էր նվագախումբը, և հիանալի երգիչներ Իզաբելա Այդինյանն ու Միհրան Երկաթը։ Դա Ավետ Տերտերյանի երաժշտության առաջին մեծ ցուցադրությունն էր, որն իր թարմությամբ, անկեղծ ոգեղենությամբ, մի ինչ-որ արտասովոր հպարտությամբ ոգեշնչում էր լսարանին։ Բայց որոշ կոմպոզիտորների և երաժշտագետների այն չափից ավելի ավանգարդային թվաց։ Այդ երաժշտությունը քննադատվեց, սակայն երեք տարի անց՝ 1962թ., Ավետ Տերտերյանը «Հայրենիք» շարքի համար արժանացավ Համամիութենական մրցանակի, իսկ 1963թ. երկին իսկական հաղթարշավ էր սպասվում։ Դա տեղի ունեցավ Մոսկվայում, ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության հերթական պլենումում։ Ավետ Տերտերյանի «Հայրենիք» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունը բացեց պլենումի համերգաշարը Միությունների տան Սյունազարդ դահլիճում։ Այն հիասքանչ կատարեց Հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ա.Ժուրայտիսի ղեկավարությամբ, Ի.Այդինյանի և Մ.Երկաթի մասնակցությամբ, և շռնդալից հաջողություն ունեցավ։

Նման սկիզբը ոգևորում էր։ Կոմպոզիտորը որոշում է կրկին իրեն փորձել նույն ժանրում և գրում է վոկալ-սիմֆոնիկ շարք Ե.Չարենցի խոսքերով, որն ընդամենը մեկ անգամ է կատարվում, և անմիջապես մտածում է օպերա գրելու մասին։ Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում նրա հանդիպումը մոսկվացի հայտնի ռեժիսոր Լև Միխայլովի հետ, որն այդ տարիներին Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան օպերային թատրոնի գլխավոր ռեժիսորն էր։ Այդ հանդիպումը շատ բան է որոշում կոմպոզիտորի կյանքում։ Լև Միխայլովը ցանկություն է հայտնում լսելու «Հայրենիք» վոկալ-սիմֆոնիկ շարքի ձայնագրությունը։ Ակնհայտորեն հետաքրքրված ռեժիսորը երիտասարդ կոմպոզիտորին առաջարկում է գրել օպերա Բ.Բրեխտի «Կուրաժ մայրիկը» դրամայի թեմայով։ Խանդավառված այսքան հետաքրքիր ստեղծագործական խնդրով՝ Ավետ Տերտերյանը մեկնում է Գերմանիա, ծանոթանում Բերթոլդ Բրեխտի անվան թատրոնի աշխատանքների, թատրոնի դերասանների հետ, որոնց մեջ էր նաև Բ.Բրեխտի այրին՝ լեգենդար Ելենա Վայգելը։ Սակայն ամեն ինչ այնպես դասավորվեց, որ Ավետ Տերտերյանն արդյունքում օպերա գրեց այլ սյուժեով, որը կոմպոզիտորին առաջարկեց լրագրող Վ.Շահնազարյանը, այն է՝ Ա.Լավրենևի «Քառասունմեկերորդը», ըստ որի 1956թ. նկարահանվել էր Գրիգորի Չուխրայի համանուն ֆիլմը։ Օպերան գրվեց մեծ ոգեշնչվածությամբ և շուտով ընդունվեց Սպենդիարովի անվան օպերայի և բալետի թատրոնում բեմականացվելու համար։ Լև Միխայլովը՝ որպես խորհրդատու, գլխավորեց ստեղծագործական հիանալի կոլեկտիվը, որտեղ էին թատրոնի գլխավոր դիրիժոր, տաղանդավոր և փորձառու Արամ Քաթանյանը, այն ժամանակ արդեն նշանավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը, պրոֆեսիոնալ օպերային ռեժիսոր Վահագն Բագրատունին, որը հանդես էր գալիս նաև ներկայացումը Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի ընթերցմամբ բացող Պոետի դերում, գերազանց երգիչներ, այդ նույն Միհրան Երկաթը, որն արդեն ծանոթ էր Տերտերյանի երաժշտությանը, Աննա Նշանյանը և այլք։

Պրեմիերան տեղի ունեցավ 1967թ.։ Դիրիժորի վահանակի առջև կանգնած էր թատրոնի երկրորդ դիրիժոր Գերման Տերտերյանը։

Հետագայում օպերան ներկայացվում էր Արամ Քաթանյանի ղեկավարությամբ, և միշտ ներկայացմանը մեծ հաջողություն էր ուղեկցում։ «Հրե օղակ» օպերան Ավետ Տերտերյանին միջազգային լայն ճանաչում բերեց։ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դերասանների կատարմամբ այն դիտեցին Լենինգրադում՝ Կիրովի անվան թատրոնի բեմահարթակին։ 10 տարի անց՝ 1977թ., «Հրե օղակ» օպերան բեմականացվեց Գալե քաղաքի (Գերմանիա, ԳԴՀ) «LT» թատրոնի բեմում. այստեղ դրա պրեմիերան դիրիժոր Հանս Վենցելը, որը ծանոթ էր Տերտերյանի սիմֆոնիաներին, վերածեց վառ հանդիսության. ներկայացումից առաջ, թատրոնի պատշգամբում երկու զուռնա նվագող հանդիսատեսին հրավիրում էին ժողովրդական տոնական մեղեդիներով, իսկ ընդմիջման ժամանակ, թատրոնի ճեմասրահում, խոհուն ու բանաստեղծորեն երկու դուդուկ էր նվագում։ Հաջորդ տարի նույն թատրոնի բեմում Տերտերյանի «Հրե օղակ» օպերան հանդիսավորապես բացեց Հենդելյան միջազգային 27-րդ փառատոնը։

Օպերայի շռնդալից հաջողությունից հետո Ավետ Տերտերյանը հիմնավորապես բնակություն հաստատեց «Դիլիջան» ստեղծագործական տանը, որը մինչ այդ արդեն հավանել էր աշխատելու համար։ 1971-ից նա Երևանի կոնսերվատորիայում գործիքավորման դասարան էր վարում և հինգշաբթի օրերին, երբ դասեր ուներ, գալիս էր Երևան։ Ավետ Տերտերյանը Հայաստանից դուրս էր գալիս միայն իր ստեղծագործությունների պրեմիերաների և երաժշտական մեծ համաժողովների առիթով։ Նա անխոնջ աշխատում էր՝ գրելով ութ սիմֆոնիա, «Ռիչարդ III» բալետն ըստ Շեքսպիրի, երկրորդ օպերան՝ «Երկրաշարժը»՝ գերմանացի գրող Հենրիխ ֆոն Քլեյսթի «Երկրաշարժ Չիլիում» նովելի սյուժեով՝ պատվիրված Գալե քաղաքի թատրոնի կողմից, մտահղացել էր գրել մեծ միստերիա V դարի հայ զորավար Վարդան Մամիկոնյանի մասին, սկսել էր Իններորդ սիմֆոնիան...

Ավետ Տերտերյանն, ըստ էության, դարձավ նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիրը։ Նա ընդլայնեց սիմֆոնիկ ժանրի շրջանակները, հարստացրեց նրա սինթետիկ էությունը, անդրադարձավ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտության, հնագույն արևելյան մշակույթների խոր ավանդույթներին։ Նա մտածում էր էպիկական և միստերիալ ձևերով։ Նա ստեղծեց մեր բարդ ժամանակի ինքնատիպ սիմֆոնիկ տարեգրությունը XX-XXI դարերի սահմանագծին՝ լի գալիք իրադարձությունների կանխատեսմամբ։ Նրա սիմֆոնիաների տաղանդավոր մեկնաբանը դարձավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Դավիթ Խանջյանը։ Տերտերյանը նրա հետ հասավ ընդհուպ մինչև Հինգերորդ սիմֆոնիան, որը ստեղծվեց «Gevandhausen» նվագախմբի պատվերով, և որի պրեմիերան տեղի ունեցավ Գալեում, 1980թ. նոյեմբերի 11-ին, Քրիստիան Քլյուտիգի ղեկավարությամբ։ Իսկ մեկ տարի անց Հինգերորդ սիմֆոնիան կատարվեց Թբիլիսիում, սիմֆոնիկ երաժշտության համամիութենական փառատոնում՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ 1982թ. հոկտեմբերին Մոսկվայում, կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, և մեկ ամիս անց՝ նոյեմբերի 7-ին, Լենինգրադում, Դ.Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում, մեկ համերգի ընթացքում կատարվեցին Չորրորդ և Հինգերորդ սիմֆոնիաները։ Դիրիժորն էր լեգենդար Գենադի Ռոժդեստվենսկին։

Ավետ Տերտերյանի սիմֆոնիաների յուրաքանչյուր կատարում, որտեղ էլ որ դրանք տեղի ունենային, մեծ իրադարձություն էր դառնում։ Սիմֆոնիաների ձայնային ծավալն ապշեցնում էր ասես տիեզերական ու վերժամանակային ընդգրկմամբ, դրանց բովանդակությունը՝ միտված մարդկության գլոբալ հիմնախնդիրներին, տպավորում էր, տագնապեցնում, կարեկից սիրտ պահանջում։ Նա իր սիմֆոնիաները ստեղծում էր որպես գործողություններ, որպես ծիսակատարություններ, որոնց անպայման ընդգրկվում էր նաև ունկնդիրը։ Տերտերյանը ոչ թե պարզապես հերթական սիմֆոնիա էր գրում, այլ ամեն անգամ էլ ավելի խորն էր լուսաբանում կեցության խնդիրը և էլ ավելի սուր էր դնում մարդկության ճակատագրում արվեստի դերի, բարձր ոգեղենության հարցը։ Բայց իր սիմֆոնիաների էության մասին պարզ ու հասկանալի էր խոսում։ Թղթակցի՝ «Ինչի՞ մասին են Ձեր սիմֆոնիաները» հարցին Տերտերյանը պատասխանում էր. «Այն մասին, ինչ Դուք ինքներդ... Ամեն ինչ կախված է մարդուց, նրա բովանդակությունից։ Եվ հնչյուններն ընդամենը արթնացնում են նրա մեջ այդ հիշողությունը՝ գենետիկական, տոհմիկ հիշողությունը...»։

Հրապարակախոսական շիկացածությամբ, երաժշտական լեզվի ինքնատիպությամբ, սիմֆոնիկ ոճի նպատակայնությամբ Տերտերյանի սիմֆոնիաները կարելի է համեմատել Մալերի և մեր ժամանակակից Շոստակովիչի սիմֆոնիկ շարքերի հետ։ Նրա ութ սիմֆոնիաները սիմֆոնիկ էպոս են, որը պատմում է մարդկության պատմության մասին։ Նա իր ստեղծագործության մեջ իրականացրել է սիմֆոնիզմի գլխավոր առաքելությունը՝ ավանդույթների ու մշակույթների միավորումը... Շարունակելով սիմֆոնիզմի դասական ավանդույթները՝ Ավետ Տերտերյանը հանդես է գալիս որպես իսկական նորարար։ Նա առաջինն է սիմֆոնիկ նվագախմբի կազմի մեջ մտցրել այն ժողովրդական գործիքները, որոնց պատմությունը սկսվում է նախապատմական ժամանակներից։ Դրանք են դուդուկը և զուռնան, որոնք հնչեցին նրա Երրորդ սիմֆոնիայում, դա նաև քամանչան է, որը նրա Հինգերորդ սիմֆոնիայի «գլխավոր հերոսն» է, դափը, որն իր միապաղաղ և գերող «խոսքով» բազմանշանակ ուղեկցում է Յոթերորդ սիմֆոնիայի սիմֆոնիկ զարգացմանը։ Ավետ Տերտերյանը նաև եվրոպական գործիքներին էր հաղորդակից դարձնում այդ պատմական խորքին։ Նրա մոտ միանգամայն այլ՝ հին ծիսակարգային միստերիաների կերպարների հետ ասոցիացվող հնչողություն էր ստանում տուբան, որը չափավոր, մեկ տոնով պահում էր Ութերորդ սիմֆոնիայի հիմքը, կամ տամտամը Վեցերորդ սիմֆոնիայում՝ թատերականորեն ընդգծված և նվագախմբի կենտրոն հանված։ Որպես տիեզերական զրույց է հնչում երգչախումբը Երկրորդ սիմֆոնիայում, որպես գլոբալ ծանուցում մի ինչ-որ համամարդկային բանի մասին` հնչում են զանգերը նրա Երրորդ, Հինգերորդ և Յոթերորդ սիմֆոնիաներում... Նրա սիմֆոնիաները հրապարակախոսական են իրենց ոգով։ Նրանք նախազգուշացնում են աշխարհի ունայնության մասին, կանխատեսելով ներկա իրադարձությունների հետևանքները՝ մերկացնում են այն մտածելակերպը և, իհարկե, կենսակերպը, որոնք չեն կրում բարձր, համամարդկային պատասխանատվության զգացում։

Նրա ստեղծագործության մեջ խորն են նաև մտերմիկ, միայնակ խոհերը։ Նրա Երկրորդ լարային կվարտետի (գրված 1991թ. Սևանում, Այրիվանք գյուղում, հենց նոր կառուցված իր տանը) իռեալ, ասես ծագող արևի շողերում տարրալուծվող հնչյունները տպավորում են երկնային ոլորտներից լսվող հնչյունների նման, հնչեցնում են ասես կոմպոզիտորի մի ինչ-որ անդրսահմանային կանխազգացում։

Արտահայտման նորարարական, անզիջում ոճը գրավել ու գրավում է արդիականության առաջատար դիրիժորների ուշադրությունը Տերտերյանի երաժշտության հանդեպ։ Նրանց մեջ են Ալեքսանդր Լազարևը (Մոսկվա), Ջանսուղ Կախիձեն (Վրաստան), Դմիտրի Լիսը (Եկատերինբուրգ), Մուրադ Անամամեդովը (Ռուսաստան, Յարոսլավլ)... Նրա սիմֆոնիաները մեկնաբանել փորձում են եվրոպական շատ դիրիժորներ, որոնք այդ կատարումները վերածում են քրիստոնեական գիտակցությամբ տոգորված բազմանշանակ, սոցիալական ակցիաների։ Նրանց թվում են Էկեհարդ Քլեմը, Միխայել Հելմրատը (Գերմանիա), Հանս Լեենդերսը (Հոլանդիա), Պետեր Ետվոշը (Ֆրանսիա) և շատ ուրիշներ։

Ավետ Տերտերյանի մեծագույն կոմպոզիտորական վարպետությունը ոգեշնչում էր ստանում արվեստի ուժի նկատմամբ ունեցած հավատից. նրանում էր նա տեսնում մարդկության փրկությունը։ Եվ այնուամենայնիվ, երաժշտությունը նրա համար գաղտնիք մնաց։ «Որտեղի՞ց է այն գալիս»,- հարցը վերաուղղում էր թղթակիցներին և պատասխանում. «Դա չճանաչված երևույթ է... Դրան պետք է գալ... Դա ասես Աստծո պարգև է. այն կամ կա, կամ՝ ոչ...»։

Տերտերյանը երազում էր թատերական մեծ արար, ժողովրդական օպերա-օրատորիա գրել՝ նվիրված V դարի հայ մեծ զորավար Վարդան Մամիկոնյանին։ Նա դա պատկերացնում էր Սարդարապատում, թանգարանի շենքի, Սարդարապատի հերոսամարտին (1918) նվիրված հուշակոթողի առջև բեմականացված, հուշարձան, որը հայ անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական գլուխգործոցն է։ Տերտերյանը հայեցակարգային մտածողություն ուներ, միացնում էր ժամանակները, դարաշրջանները, գեղարվեստական ոճերն ու ուղղությունները։ Եվ այս առումով նա ընդլայնեց պատմության ժամանակային կոորդինատների ընկալման շրջանակները։ Նրա շատ պլաններ անկատար մնացին։ Բայց կա ստեղծագործության առեղծվածային էներգիան, որը շարունակում է զարգացնել ավանդույթները, իրականացնել չիրականացած մտահղացումները, երազները։ Տերտերյանի երաժշտությունը, նրա սիմֆոնիաները միշտ իրենց մեջ հայտնագործություններ են կրելու և ունկնդրի մեջ արթնացնելու են այս աշխարհն ավելի խոր, վառ, ծավալուն ընկալելու կարողություն։

 

1Տերտերյան Ռ.Ա., Ավետ Տերտերյան (զրույցներ, հետազոտություններ, մտքեր), Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 137։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am