Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պատմություն

Պատմություն
Փետրվար 2011, N 2

ԵԳԻՊՏՈՍԸ ԱՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԶԻԳԶԱԳՆԵՐՈՒՄ

Արաքս Փաշայան, արաբագետ, Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող

Եգիպտոսը մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի ամենահանգուցային երկրներից մեկն է, որ հատկապես մեծ կշիռ ու հեղինակություն ունի արաբական աշխարհում: Նոր և նորագույն շրջանում Եգիպտոսում տեղի ունեցած սոցիալական, քաղաքական և մշակութային իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել արաբական երկրներում ընթացող գործընթացների վրա: Եգիպտոսն առաջիններից էր, որտեղ 19-րդ դարի սկզբներին ծայր առավ արաբական երկրների նոր շրջանի պատմության ամենակարևոր իրողություններից մեկը՝ արաբական ազգային-մշակութային զարթոնքը: Արդեն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին Եգիպտոսը նաև համաարաբական, ազգային և հակագաղութային շարժումների կարևոր կենտրոններից մեկն էր, որտեղ 1952թ. հուլիսին «Ազատ սպաների» իրականացրած հեղափոխության շնորհիվ տապալվեց միապետությունը: 1953-ի հունիսի 18-ին Եգիպտոսը հռչակվեց անկախ հանրապետություն:

Մինչև 2011թ. հեղափոխությունը Եգիպտոսը ղեկավարել է չորս նախագահ՝ Մուհամադ Նագիբը (1953-1954), Գամալ Աբդել Նասերը (1956-1970), Անվար Սադաթը (1970-1981) և Մուհամադ Հոսնի Մուբարաքը (1981-2011)՝ բոլորն էլ զինվորականներ, սակայն նրանց մեջ հանգուցային նշանակություն ունեցան վերջին երեքը:

Հեղափոխությունից հետո օրակարգային էր Եգիպտոսի արդիականացման հարցը: Գամալ Աբդել Նասերը լավ չէր պատկերացնում անգլիական գաղութատիրությունից նոր ձերբազատված և ֆեոդալիզմի ազդեցությունը կրող Եգիպտոսի զարգացման հեռանկարը: Սակայն մի բան պարզ է. նա փորձում էր կոնսոլիդացնել ազգը, անել հնարավորը Եգիպտոսը զարգացած և աշխարհի հետ համընթաց քայլող երկիր դարձնելու համար՝ հետամուտ լինելով նաև արաբական միասնության գաղափարին: Ժողովրդավարությունը դիտարկելով արաբների համար որպես օտար գաղափար՝ Նասերն արգելեց բոլոր կուսակցութունների գործունեությունը՝ դրանք համարելով վնասակար: Բացառություն կազմեց կրոնաքաղաքական ուղղվածությամբ «Մուսուլման եղբայրներ» շարժումը, քանի որ այն դիտարկվեց ոչ թե քաղաքական, այլ՝ կրոնական համատեքստում: Սակայն արդեն 1954-ին, դեռևս իր վարչապետության շրջանում, Նասերը «Եղբայրների» հետ դաժան հաշվեհարդար տեսավ, իսկ կազմակերպության գործունեությունն արգելեց այն բանից հետո, երբ հոկտեմբերին Ալեքսանդրիայում «Եղբայրների» կողմից իր դեմ անհաջող մահափորձ իրականացվեց:

Նասերը Եգիպտոսի զարգացման հիմքում դրեց աշխարհիկության սկզբունքը՝ ձեռնամուխ լինելով թե՛ պետական սեկտորի և թե՛ մասնավոր կապիտալի ստեղծմանը՝ լայն աջակցություն ցույց տալով ազգային բուրժուազիային: Նասերն ազգայնացրեց օտարերկրյա ընկերությունները, այդ թվում՝ Սուեզի ջրանցքի անգլո-ֆրանսիական ընկերությունը, որի արդյունքում երկիրը շուտով կանգնեց պատերազմի առաջ: Սուեզի ջրանցքն այն ժամանակ ապահովում էր աշխարհի ծովային փոխադրումների շուրջ 1/6-ը՝ մեծ եկամուտներ ապահովելով նրա բաժնետերերին (տարեկան մոտ 33 մլն ֆունտ ստեռլինգ, որից Եգիպտոսի բաժինը կազմում էր 5 միլիոն):

Չնայած Արևմուտքի ճնշմանը՝ Նասերը չհրաժարվեց իր մտադրությունից, ինչին հետևեց Անգլիայի, Ֆրանսիայի և Իսրայելի՝ 1956թ. հոկտեմբերի 29-ին Եգիպտոսի դեմ սկսված «Եռյակ ագրեսիան», որը հայտնի է նաև Սուեզի ճգնաժամ անունով: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա վերջինիս մասնակցությունը պայմանավորված էր մերձավորարևելյան հակամարտությամբ և Իսրայելի վրա Եգիպտոսի հնարավոր հարձակման մտավախությամբ: 1948-1949թթ. արաբ-իսրայելական առաջին պատերազմից հետո Իսրայելը Եգիպտոսի հետ երկրորդ անգամ էր մտնում ռազմական գործողությունների մեջ: Պատահական չէ, որ Անգլիան և Ֆրանսիան Իսրայելին զիջեցին առաջին հարվածը հասցնելու «պատիվը»:

Ճգնաժամն, ըստ էության, սկսվեց այն բանից հետո, երբ Նասերը ծրագրեց Նեղոսի վրա՝ Ասուանի մոտ վիթխարի ամբարտակ կառուցել, ինչը կնպաստեր անապատային կլիմա ունեցող Եգիպտոսի ոռոգելի հողատարածությունների ընդարձակմանը: Սակայն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էին լուրջ ֆինանսական միջոցներ: Ընդառաջ գնալով Եգիպտոսի իշխանությունների խնդրանքին՝ Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի և Անգլիայի, նաև Վերակառուցման և զարգացման բանկը, համաձայնեցին Եգիպտոսին տրամադրել 270 միլիոն դոլարի վարկ, սակայն շատ չանցած հրաժարվեցին իրենց խոստումից: Արևմուտքին մտահոգում էր այն, որ Եգիպտոսը չէր ցանկանում միանալ հակախորհրդային ուղղվածություն ունեցող Բաղդադի պակտին և վերաճում էր արաբական ազգայնականության կենտրոնի:

Ի պատասխան Արևմուտքի, Նասերն անսպասելի քայլ արեց՝ 1956թ. հուլիսի 26-ին ազգայնացրեց Սուեզի ջրանցքի ընկերությունը՝ ծրագրելով դրանից ստացվող եկամուտներն ուղղորդել Ասուանի ամբարտակի կառուցմանը: Ի վերջո, միջազգային հանրության, մասնավորապես ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի ճնշման ներքո Անգլիան և Ֆրանսիան դեկտեմբերին, իսկ Իսրայելը՝ 1957թ. մարտին դուրս բերեցին զորքերը Եգիպտոսից: Վերջիններիս պատերազմի ընթացքում հաջողվեց գրավել Սինայը և Ղազայի շրջանը՝ ափ հանելով զորքերը Պորտ Սաիդում:

Օգտվելով Եգիպտոսի շուրջ ստեղծված իրավիճակից՝ ԽՍՀՄ-ը շտապեց Նասերին բազմակողմանի, այդ թվում՝ ռազմական օգնություն ցույց տալ: Իսկ Ասուանի ամբարտակն ի վերջո կառուցվեց հենց վերջինիս ֆինանսական և գիտատեխնիկական աջակցության շնորհիվ:

Եգիպտոսի արտաքին քաղաքական առաջնահերթություններում ԽՍՀՄ-ը սկսեց կարևոր տեղ զբաղեցնել, չնայած այն փաստին, որ Նասերը չէր հանդուրժում կոմունիստներին և դաժանորեն հալածում էր նրանց իր երկրում:

Երբ ԽՍՀՄ Կոմկուսի գլխավոր քարտուղար Ն.Խրուշչովը 1964թ. մայիսի 9-25-ը պաշտոնական այցով գտնվում էր Եգիպտոսում, Նասերի կողմից պարգևատրվեց երկրի բարձրագույն պարգևով՝ Նեղոսի շքանշանով: Խրուշչովը փոխադարձեց Նասերին. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1964թ. մայիսի 13-ի հրամանով  Նասերին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում: Նրան հանձնվեցին նաև Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ: Հատկանշական է, որ եգիպտացի Նասերին նման բարձր տիտղոսների արժանացնելը ոչ միանշանակ ընկալվեց խորհրդային հասարակության կողմից:

Իսկ ահա արտաքին քաղաքական մեկ այլ ձեռնարկ՝ կապված 1958-ին Սիրիայի և Եգիպտոսի միավորման հետ, ավարտվեց լիակատար ձախողմամբ: Նորաստեղծ Արաբական Միացյալ Հանրապետությունը նաև Նասերի կողմից թույլ տրված բազմաթիվ սխալների հետևանքով գոյատևեց ընդամենը երեք տարի, մինչև 1961 թվականը՝ մեծ հարված հասցնելով պանարաբական ազգայնականությանը: 

1961-ից Նասերն իրականացրեց նոր տնտեսական բարեփոխումներ, սակայն այս անգամ՝ հօգուտ սոցիալիստականի: Նրան հիասթափեցրել էր այն հանգամանքը, որ ազգային բուրժուազիան, օգտվելով մրցակցության բացակայությունից և հրապուրվելով գերշահույթներով, խուսափում էր արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում ներդրումներ կատարել: Նասերը որոշեց պետականացնել եգիպտական բոլոր խոշոր մասնավոր ընկերությունները: Պետական մենաշնորհ հաստատվեց ներմուծման և արտաքին առևտրի վրա, բանկաֆինանսական ողջ համակարգը, արդյունաբերությունը, խոշոր առևտուրը, տրանսպորտն անցան պետությանը: Նույն տրամաբանությամբ իրականացվեցին նաև ագրարային բարեփոխումները: Այսպիսով, խոշոր բուրժուազիան զրկվեց իր տնտեսական ու քաղաքական ազդեցիկ դիրքերից, ինչի արդյունքում առկա ֆինանսներն ուղղորդվեցին պետական հատվածի ամրապնդմանը: 1962-ին Նասերը հիմնեց երկրի միակ քաղաքական ուժը՝ Արաբական սոցիալիստական միությունը:

Գրեթե այսպիսին էր իրավիճակը Եգիպտոսում, երբ 1967թ. հունիսին Իսրայելը պատերազմ սկսեց արաբական երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի դեմ, որն ավարտվեց Իսրայելի հերթական ռազմական հաղթանակով: Հունիսի 5-ի առավոտյան Իսրայելի ավիացիան հարձակում գործեց Եգիպտոսի, Հորդանանի և Սիրիայի օդանավակայանների վրա, որով սկսվեց վեցօրյա պատերազմը: Իսրայելի բանակը գրավեց Սինայ թերակղզին և պաղեստինյան Ղազայի շրջանը, Հորդանան գետի արևմտյան ափը, Երուսաղեմի հին քաղաքը, սիրիական Գոլանի բարձունքները:

Արաբական հասարակությունները խոր հիասթափության մեջ էին: Պարտությունն ի հայտ բերեց անվստահություն սեփական ուժերի և համարաբական ջանքերի նկատմամբ: Հունիսի 9-ին Նասերը հայտնեց իր հրաժարականի մասին, որին հաջորդեցին բազմահազարանոց հանրահավաքները՝ ի պաշտպանություն երկրի նախագահի:

Ստանալով հասարակության աջակցությունը՝ Նասերը ձեռնամուխ եղավ անմարտունակ եգիպտական բանակի բարեփոխումներին: Նա պաշտոնից ազատեց մի շարք բարձրաստիճան զինվորականների, նախարարների, այդ թվում՝ շտաբի պետ մարշալ Ամերին՝ այդպիսով կանխելով նաև պետական հեղաշրջման հնարավոր վտանգը: Բացի այդ, նա կառավարման համակարգից և առհասարակ քաղաքական դաշտից հեռացրեց այլախոհ գործիչներին: Նասերի հետագա ծրագրերը, 1970թ. սեպտեմբերի 28-ին վրա հասած մահվան պատճառով, մնացին կիսատ: Սակայն մահվանից առաջ նրան հաջողվեց ևս մի գործ պսակել հաջողությամբ: Նաև նրա ջանքերով հնարավոր եղավ կասեցնել հորդանանա-պաղեստինյան զինված բախումները, որ հայտնի են «Սև սեպտեմբեր» անունով: Նասերի մահը եգիպտական հասարակությունը խորապես սգաց: Եգիպտացի հրապարակախոս Ղալի Շուքրիի կարծիքով՝ Նասերի մահվան մեջ առեղծված կար. ոչինչ չարեց նրան փրկելու համար: 

Նասերին հաջորդեց երկրի փոխնախագահ, «Ազատ սպաների» նախկին անդամ Անվար Սադաթը: Նա հրաժարվեց երկրի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության այն գծից, որը որդեգրել էր իր նախորդը: Սադաթը մերժեց խորհրդային կողմնորոշումը՝ դաշնակցելով Արևմուտքի հետ, իրականացրեց «բաց դռների» կամ ազատականացման քաղաքականություն, որոշակի ազատություններ սահմանեց և հաշտություն կնքեց Իսրայելի հետ:

Սադաթը, ըստ էության, վերացրեց պետական հատվածի մենաշնորհային վիճակը, որի հիմքերը դրվել էին Նասերի օրոք՝ ձեռնամուխ լինելով մասնավոր հատվածի վերականգնման և դրա գործունեության համար նպաստավոր պայմանների ապահովմանը: Եգիպտոսը գրավիչ օրենսդրական դաշտ ստեղծեց արաբական և օտարերկրյա կապիտալի ներդրման համար, ինչը պետք է միտված լիներ Եգիպտոսի տնտեսության առաջընթացին: Սադաթն իր այս ծագիրը նույնիսկ համեմատում էր Մարշալի պլանի հետ, որը նպատակաուղղված էր հետպատերազմյան Եվրոպայի վերականգնմանը:

Սադաթը ազատազրկված «Եղբայրներին» հանեց բանտերից, իսկ վտարանդիության մեջ գտնվող քաղաքական և հասարակական գործիչներին հնարավորություն տրվեց վերադառնալ Եգիպտոս: Շատերը նույնիսկ որոշակի ազատությամբ գործելու հնարավորություն ստացան: Նշված հանգամանքը դրական արձագանք գտավ հասարակության շրջանում, սակայն երկար չտևեց՝ աստիճանաբար խորացող սոցիալական լարվածության պատճառով, ինչը դժգոհություններ էր առաջ բերել: Առկա և հետագա հուզումները կանխելու համար՝ Սադաթը ձեռնարկեց ռեպրեսիաներ, որոնք իրենց գագաթնակետին հասան 1981-ին: Փաստորեն, նրա իրականացրած բարեփոխումները՝ հօգուտ բուրժուազիայի, իրականում նպաստեցին սոցիալական բևեռացման ու երկփեղկվածության խորացմանը:

Խիստ հետաքրքրական է Սադաթի արտաքին քաղաքականությունը մասնավորապես Իսրայելի հարցում, որի հետ Եգիպտոսը տևական առճակատումից հետո անսպասելիորեն կնքեց անջատ հաշտության պայմանագիր: Սադաթին պետք էր մի այնպիսի հաղթանակ, որին չէին կարողացել հասնել նրա նախորդները՝ Ֆարուհ I թագավորը, գեներալ Նագիբը և Նասերը:

Սադաթը խորապես համոզված էր, որ 1967-ի պատերազմից հետո ԽՍՀՄ-ն այլևս չի կարող արդարացնել Եգիպտոսի հույսերը, իսկ արաբ-իսրայելական հակամարտության բանալին ԱՄՆ-ի ձեռքին է: 1972թ. Սադաթի հրամանով ուժը կորսված համարվեց եգիպտա-խորհրդային պայմանագիրը, իսկ 20 հազար խորհրդային ռազմական մասնագետներ ու խորհրդականներ արտաքսվեցին Եգիպտոսից: Իսրայելի հետ փոխզիջումը փաստարկված էր հետևյալ կռվաններով. 1967թ. պատերազմի ընթացքում Եգիպտոսը զգալի մարդկային և տնտեսական կորուստներ էր կրել, դադարեցվել էր Սուեզի ջրանցքի շահագործումը: Բացի այդ, երկրում իր դիրքերը վերականգնած եգիպտական բուրժուազիան ձգտում էր Արևմուտքի հետ բազմակողմանի հարաբերություններ հաստատել:

1973թ. հոկտեմբերի 6-ին սկսվեց արաբ-իսրայելական չորրորդ պատերազմը: Այն սկսեց Եգիպտոսը, նրան միացավ Սիրիան: Հատկապես տպավորիչ էին պատերազմի սկզբնական փուլում Եգիպտոսի ռազմական հաջողությունները: Եգիպտական զորքերը հաջողությամբ անցան Սուեզի ջրանցքը և ճեղքելով իսրայելցիների կողմից կառուցված Բարլևի հզոր պաշտպանական գիծը, որը նրանք համարում էին անառիկ, գրավեցին Սինայ թերակղզու մի մասը: Դա շփոթվածություն առաջացրեց Իսրայելում և մեծ խանդավառվածություն՝ արաբական աշխարհում: Սակայն որքան էլ անսպասելի էր, Սադաթը շուտով հրամայեց զորքերին նահանջել, որը ողբերգության վերածվեց իսրայելական շրջափակման մեջ հայտնված եգիպտական զորաբանակի համար:

Ընդունված է այն տեսակետը, որ 1973-ի պատերազմում արաբները բարոյական հաղթանակ տարան: Իրականում, այն մեկ անգամ ևս ի հայտ բերեց արաբական միասնության բացակայությունը, իրողություն, որի մեջ մեղքի իր բաժինն ուներ անձամբ Սադաթը, ով ի սկզբանե ռազմական գործողությունների հիմքում դրել էր «սահմանափակ պատերազմի» հայեցակարգը:

Պատերազմից հետո ի հայտ եկան մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման տարբեր ծրագրեր: Սակայն Սադաթն արդեն ուներ իր ծրագիրը, որն ուղղված էր լինելու եգիպտա-իսրայելական հաշտեցմանը գործընթացին: Այն ի սկզբանե նախապատրաստվել էր ԱՄՆ-ում, որը ձգտում էր ոչ միայն մերձեցնել կողմերին, այլև ապահովել իր ազդեցիկ դիրքը Միջին Արևելքում՝ գլխավորապես ռազմաքաղաքական ոլորտում:

Ի պաշտոնե ամեն ինչ սկսվեց 1977թ. նոյեմբերի 9-ին, երբ, ելույթ ունենալով Եգիպտոսի Ազգային ժողովում, Սադաթը հայտարարեց, որ պատրաստ է գնալ Երուսաղեմ՝ խոսելու եգիպտացիների խնդիրների մասին: Դրան ի պատասխան, անմիջապես ստացավ հրավեր Իսրայելի վարչապետ Մենահիմ Բեգինից:

Սադաթի քայլերը շոկային իրավիճակ ստեղծեցին արաբական աշխարհում: Չնայած արաբական վարչակարգերի խիստ բացասական արձագանքին, Սադաթը, որը Մերձավոր Արևելքում արդեն դաշնակից էր գտել (ի դեմս Իրանի շահի), ի վերջո նոյեմբերի 19-ի երեկոյան ժամանեց Բեն Գուրիոն օդանավակայան:

Չնայած Սադաթի խաղաղասիրական առաքելությանը, Իսրայելում այդ կապակցությամբ մեծ լարվածություն և ինչ-որ իմաստով նաև անվստահություն կար: Հետաքրքրական է, որ օդանավակայանում էր գտնվում զինված մի ջոկատ: Մտավախություն կար, որ եգիպտական օդանավում կարող էին գտնվել ոչ թե Սադաթն ու նրան ուղեկցող պատվիրակությունը, այլ՝ զինված ահաբեկիչներ: Վերջիններիս նույնպես մտահոգում էր սեփական անվտանգությունը:

Կարմիր գորգ, Բեգինը և նրա գործընկերները օդանավասանդուղքի մոտ, ողջույնի հրետանային համազարկեր, ազգային հիմներ, իսրայելական զորքերի պատվո պահակախումբ՝ այս ամենը ծառայում էր ընդգծելու Եգիպտոսի նախագահի այցի պաշտոնական բնույթը, այն երկրի նախագահի, որի հետ Իսրայելը վերջին մի քանի տասնամյակում պատերազմել էր արդեն չորս անգամ:

Օդանավակայանից մինչև Երուսաղեմ Իսրայելի արտաքին գործերի նախարար Մոշե Դայանը միևնույն ավտոմեքենայով էր գնում Եգիպտոսի արտաքին գործերի գծով պետական նախարար Բուտրոս Ղալիի հետ: Նրանք ճանապարհին քննարկում էին հենց արաբական աշխարհի արձագանքները:

Նոյեմբերի 20-ին Սադաթը հանդես եկավ քնեսետում և հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Իսրայելի անկախությունը, հաստատել արդարության վրա հիմնված կայուն խաղաղություն: Նրա համոզմամբ՝ Իսրայելի հետ իրենց հարաբերությունները պետք է կարգավորեին նաև արաբական մնացած երկրները, եթե Իսրայելը վերադարձներ 1967-ին գրաված արաբական հողերը, այդ թվում՝ Երուսաղեմը, և ճանաչեր Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Գրեթե նույն տրամաբանությամբ էր կառուցված Սադաթի ելույթը Երուսաղեմի համալսարանում: Ամեն պարագայում, Իսրայելում եղած ժամանակ նա երբեք չխոսեց անջատ պայմանագիր կնքելու մասին, որի որոշումն, ըստ ամենայնի, արդեն իսկ կայացրել էր:

1977թ. դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բեգինը պատասխան այցով ժամանեց Եգիպտոս: Սակայն նրա այցն ակնհայտ դարձրեց, որ Իսրայելն արաբական մյուս երկրների հետ հարաբերություններում պատրաստ չէր արմատական փոփոխությունների:

Բեգինը և Սադաթը բանակցություններ վարեցին Իսմաիլիայում, իսկ հետո Կահիրեում Գիզայի բուրգերի մոտ Բեգինը Սադաթին ասաց, թե դրանք կառուցվել են հրեական աշխատուժի շնորհիվ: Այս հանգամանքը ևս մեծ աղմուկ առաջ բերեց արաբական աշխարհում:

1978թ. սեպտեմբերի 7-17-ը նախագահ Ջիմի Քարթերի միջնորդությամբ և անմիջական մասնակցությամբ Քեմփ Դևիդում կողմերի միջև սկսվեցին բանակցությունները: Դրանք շատ ծանր էին ընթանում առաջին հերթին Սադաթի համար, որը մի քանի անգամ որոշեց լքել բանակցությունները, սակայն ի վերջո գնաց զիջումների:

Սեպտեմբերի 17-ին Քեմփ Դևիդում ստորագրվեց երկու փաստաթուղթ՝ Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակը և Եգիպտոսի և Իսրայելի միջև հաշտության պայմանագրի կնքման շրջանակը: Առաջին փաստաթուղթը վերաբերում էր պաղեստինյան հարցին, որի շուրջ բանակցությունները պետք է ընթանային պաղեստինցիներին ոչ թե անկախություն, այլ ընդամենը ինքնավարություն տրամադրելու նպատակով: Բանակցությունները պետք է անցկացվեին երեք փուլով՝ Եգիպտոսի, Իսրայելի, Հորդանանի, իսկ երրորդ փուլից հետո՝ նաև պաղեստինցիների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հորդանանի և պաղեստինցիների հրաժարվելու դեպքում բանակցությունները պետք է վարեր եգիպտական կողմը:

Քեմփդևիդյան համաձայնագրերի ստորագրման հաջորդ օրը հրաժարական տվեցին Եգիպտոսի արտգործնախարար Մուհամադ Քամիլը, որը բանակցությունների անմիջական մասնակիցն էր և Սադաթի մտերիմ ընկերը, ինչպես նաև պատվիրակության իրավաբանական խորհրդատու, ԱՄՆ-ում Եգիպտոսի դեսպան Նաբիլ ալ-Արաբին:

Եգիպտոսի համար, սակայն, առավել կարևոր էր երկրորդ պայմանագիրը, որի համաձայն` Իսրայելի և Եգիպտոսի միջև դադարում էր պատերազմական վիճակը, այնուհետև Իսրայելը պարտավորվում էր երեք տարվա ընթացքում դուրս բերել զորքերը Սինայից, իսկ իսրայելական նավերը հնարավորություն էին ստանում ազատ նավարկել Սուեզով: Ինն ամսվա ընթացքում երկու երկրների միջև պետք է հաստատվեին դիվանագիտական, տնտեսական և մշակութային հարաբերություններ: Եգիպտոսը պարտավորվում էր շուկայական գներից ցածր գնով նավթ վաճառել Թել Ավիվին:

1979թ. մարտի 26-ին Վաշինգտոնի ժամանակով ցերեկվա ժամը երկուսին Սպիտակ տան առջևի մարգագետնում, մի քանի հարյուր հյուրերի և բազմաթիվ թղթակիցների ներկայությամբ և նախագահ Ջ.Քարթերի մասնակցությամբ, Մ.Բեգինը և Ա.Սադաթը ստորագրեցին եգիպտա-իսրայելական պայմանագրի տեքստը, որն արտացոլում էր քեմփդևիդյան փաստաթուղթը: Հնչեցին ծափահարություններ, որին հետևեցին հակիրճ ճառեր.արարողությունը շուտով ավարտվեց:

Որոշ ժամանակ անց վաշինգտոնյան պայմանագիրը վավերացվեց երկու երկրների խորհրդարաններում:

Քեմփ Դևիդից հետո Արևմուտքում Սադաթը դարձավ խարիզմատիկ: Մենահիմ Բեգինի հետ միասին 1978-ին Սադաթը ստացավ Նոբելյան մրցանակ:

Փոխարենը, արաբական կողմի անունից հանդես գալու և Իսրայելի հետ անջատ հաշտության հասնելու Սադաթի քաղաքականությունը մեծ դժգոհություն առաջացրեց արաբական աշխարհում:

Արաբական երկրների պատասխանը Սադաթին եղավ Եգիպտոսը բոյկոտելը, նրա հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, Եգիպտոսի հետ կնքված պայմանագրերի սառեցումը, դադարեցվեց օդային հաղորդակցությունը, սառեցվեց Եգիպտոսի անդամակցությունը միջարաբական քաղաքական ու տնտեսական բոլոր կազմակերպություններում, այդ թվում՝ Արաբական պետությունների լիգայում (ԱՊԼ), իսկ հետո նաև՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում (ԻԿԿ), Նավթարդյունահանող արաբական երկրների կազմակերպությունում: ԱՊԼ գրասենյակը, որ ավանդաբար գտնվում էր Կահիրեում, տեղափոխվեց Թունիս: ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնում եգիպտացի Մահմուդ Ռիադին փոխարինեց թունիսցի Շեզլի Քլիբին: Դադարեցվեց ֆինանսական և տեխնիկական օգնության տրամադրումը. արաբական երկրները հրաժարվեցին Սադաթի կառավարությանը նավթ և նավթամթերք հատկացնել կամ նրանից գնել: Բոյկոտի ենթարկվեցին եգիպտական այն կազմակերպությունները, այդ թվում՝ առևտրային, որոնք համագործակցում էին Իսրայելի հետ:

Եգիպտոսը փաստորեն դուրս մղվեց «արաբական ընտանիքից», իսկ նրա մեկուսացումը, բնականաբար, թուլացրեց Սադաթի դիրքերը, նրա հեղինակությանը մեծ վնաս հասցվեց նույնիսկ իր երկրում:

Իսրայելի հետ հաշտություն կնքելու դիմաց վերջինս թանկ գին վճարեց, ինչը սակայն այնքան կարևոր էր Եգիպտոսի հետագա զարգացման համար: Երուսաղեմ այցելելուց չորս տարի և եգիպտա-իսրայելական անջատ հաշտության պայմանագրի ստորագրումից երկու տարի անց Սադաթը սպանվեց:

1981թ. հոկտեմբերի 6-ին նախագահ Սադաթը, ֆելդմարշալի համազգեստով, որ նոր էր ստացել Լոնդոնի լավագույն դերձակից, Կահիրեում ընդունում էր զինվորական շքերթը: Հենց այդ ժամանակ մի խումբ զինվորականներ՝ մի սպա և երկու զինվոր, որոնք անցնում էին ամբիոնի առջևից, անջատվելով՝ կրակ բացեցին ու նռնակներ նետեցին Սադաթի ուղղությամբ: Սպան 24-ամյա Խալեդ Իսլամբուլին էր, որը «Ալ-Ջիհադ Ալ-Ջադիդ» կրոնաքաղաքական ծայրահեղական կազմակերպության անդամ էր:

Այդպիսով փակվեց Եգիպտոսի նոր շրջանի պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Եգիպտոսը դարձավ արաբական այն առաջին երկիրը, որն Իսրայելի հետ կնքեց հաշտության պայմանագիր՝ բեկում մտցնելով մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Սադաթը փորձեց ի ցույց դնել, որ տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար հարկավոր է հաշվի առնել հակառակորդի գոյության իրավունքը:

Սակայն հենց քեմփդևիդյան գործարքից հետո քնեսետն ընդունեց որոշումներ, որոնք թույլ էին տալիս առանց որևէ սահմանափակման իսրայելական բնակավայրեր հիմնել 1967թ. օկուպացված արաբական հողերում: Բացի այդ, վերջնականապես ձևակերպվեց Իսրայելի կտրուկ մերժումը՝ չհամաձայնել Հորդանան գետի Արևմտյան ափին և Ղազայի շրջանում պաղեստինյան ազգային պետություն ստեղծելուն և բանակցություններ չվարել Պաղեստինի ազատագրության կազմակերպության հետ, որին արաբական բոլոր երկրները և միջազգային հանրությունը ճանաչում էին որպես պաղեստինյան ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Քեմփ Դևիդից հետո քնեսետը օրենք ընդունեց «անբաժան Երուսաղեմի»՝ որպես Իսրայելի հավերժական մայրաքաղաքի մասին: Իսկ ահա սիրիական Գոլանի բարձունքների վրա նույն քնեսետի որոշմամբ սկսեց տարածվել Իսրայելի իրավասությունը: Ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես ծրագրված էր: Չէ՞ որ ԱՄՆ-ին և Իսրայելին հաջողվել էր առճակատումից դուրս բերել Եգիպտոսը, որն իրավացիորեն համարվում էր արաբական աշխարհի օրգանական մասը, Իսրայելի դեմ մղվող պայքարի գլխավոր մասնակիցը, ռազմական տեսակետից ուժեղ, բնակչության և տնտեսական հնարավորությունների առումով ամենամեծ արաբական երկիրը:

1981թ. Եգիպտոսում իշխանության եկավ Հոսնի Մուբարաքը, որն ընդհանուր առմամբ շարունակեց Անվար Սադաթի արտաքին և ներքին քաղաքականության տրամաբանությունը՝ արձանագրելով շոշափելի հաջողություններ: Մուբարաքն իրեն փայլուն էր դրսևորել 1973թ. հոկտեմբերին արաբ-իսրայելական պատերազմի ժամանակ, երբ Եգիպտոսի ռազմաօդային ուժերի շտաբի ղեկավարն էր: Պատերազմից հետո նրան շնորհվեց ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, նաև՝ ավիացիայի մարշալի աստիճան, իսկ երկու տարի անց՝ նաև փոխնախագահի պաշտոնը:

Մուբարաքը գիտակցում էր, որ երկրի արտաքին քաղաքականության միակողմանի արևմտյան կողմնորոշումը Արևմուտք-Արևելք առճակատման համատեքստում երկարաժամկետ առումով չի կարող շահեկան լինել: Իշխանության գալով Եգիպտոսի համար բավական բարդ մի ժամանակահատվածում` Մուբարաքը հավասարակշռված քաղաքականության շնորհիվ, այնուամենայնիվ, կարողացավ լուրջ հաջողություններ արձանագրել մասնավորապես արտաքին քաղաքական ոլորտում:

Մուբարաքը շարունակեց համագործակցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հատկապես այն խնդիրների շուրջ, որոնք վերաբերում էին մերձավորարևելյան տարածաշրջանին և պաղեստինյան հիմնախնդրին, սակայն երբեք չայցելեց Իսրայել (որը 1982-ին ի վերջո վերադարձրեց Սինայը) և ոչ էլ իսրայելցի որևէ պաշտոնյայի հրավիրեց Եգիպտոս, իսկ Իսրայելի հետ ոչ մի նոր պայմանագիր չկնքվեց: Մուբարաքը կարևորեց Իսրայելի կողմից պաղեստինցիների ազգային իրավունքների, մասնավորապես՝ անկախության ճանաչման անհրաժեշտությունը:

Եթե նախկին իշխանությունները՝ հանձին Նասերի, հնարավոր էին համարում Եգիպտոսի անմիջական մասնակցությունը մերձավորարևելյան հակամարտությանը, ապա Մուբարաքը որդեգրեց Իսրայելին խաղաղ ճանապարհով դիմագրավելու ուղին:

Մուբարաքը կառուցողական դիրքորոշում որդեգրեց 1982թ. Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված ագրեսիայի հարցում՝ դատապարտելով այն և հետ կանչելով Իսրայելից իր երկրի դեսպանին: Սակայն արաբական աշխարհում Եգիպտոսի հեղինակության վերականգնման համար առանցքային նշանակություն ունեցավ 1980-1988թթ. Իրանի և Իրաքի միջև սկսված պատերազմը, որի ընթացքում Կահիրեն Բաղդադին ցույց տվեց բազմակողմանի օգնություն:

Բնականաբար, Եգիպտոսի իրականացրած քայլերը դրական արձագանք գտան արաբական աշխարհում: 1989թ. վերականգնվեց Եգիպտոսի անդամակցությունը ԱՊԼ-ում, որի նստավայրը Թունիսից տեղափոխվեց Կահիրե, իսկ ԱՊԼ գլխավոր քարտուղար դարձավ Աբդ ալ-Մագիդը (1991-2001թթ.): Դրանից առաջ, 1984-ին, վերականգնվել էր Եգիպտոսի անդամակցությունը ԻԿԿ-ում:

1990թ. Եգիպտոսը դատապարտեց Քուվեյթի դեմ Իրաքի ագրեսիան և միացավ ԱՄՆ ղեկավարությամբ կազմավորված միջազգային կոալիցիային: Արդյունքում` ԱՄՆ-ը չեղյալ համարեց Եգիպտոսի մի քանի միլիարդի հասնող պարտքը: Հոսնի Մուբարաքը կարգավորեց նաև բարդ ու խրթին հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ:

Այսպիսով, Մուբարաքին հաջողվեց իր երկիրը դուրս բերել մեկուսացումից և վերադարձնել «արաբական ընտանիք»՝ դրան զուգահեռ ակտիվացնելով հարաբերությունները միջազգային ասպարեզում: Բացի այդ, Մուբարաքին հաջողվեց բազմաբնույթ դարձնել Եգիպտոսի օգնության աղբյուրները: Եգիպտոսի քաղաքականությունը վերադարձավ իր ավանդական երեք ուղղություններին՝ արաբական, աֆրիկյան, իսլամական:

Եգիպտոսը Մուբարաքի կառավարման տարիներին Արևմուտքի համար դարձավ Մերձավոր Արևելքի կարևորագույն երկրներից մեկը, տարածաշրջանային անվտանգության և կայունության երաշխավոր:

Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքին, ապա այս ոլորտում լուրջ բացթողումներ արձանագրվեցին: Առանձին մասնագետներ համոզված են, որ առավել հաջողված էին Հոսնի Մուբարաքի իշխանության առաջին 15 տարիները, որին հաջորդած շրջանում Եգիպտոսի ներքաղաքական կյանքում ավելի խորացան համակարգային այն խնդիրները, որ գոյություն են ունեցել անկախ Եգիպտոսի պատմության գրեթե բոլոր ժամանակահատվածներում:

Եգիպտոսի անբարենպաստ կլիմայական պայմանները, ժողովրդագրական հարաճուն տեմպերը (որի հետևանքով բնակչությունը հատեց 80 միլիոնը), աղքատության, գործազրկության բարձր ցուցանիշները, ցածր կենսամակարդակը, տնտեսության մոնոպոլ բնույթը, ավտորիտար համակարգը և, ի վերջո, իշխանությունը որդուն՝ Գամալին փոխանցելու հեռանկարը հասարակության հիմնական շերտերում վերջին տարիներին ի հայտ բերեցին լուրջ դժգոհություններ: Եվ ահա, ոգեշնչվելով թունիսյան դեպքերով, 2011թ. հունվարի 25-ից Եգիպտոսի տարբեր քաղաքներում սկսվեցին հակակառավարական հուժկու ցույցեր ու հանրահավաքներ, ինչն, ի վերջո, ավարտվեց փետրվարի 11-ին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականով:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am