Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքական դիմանկարներ

Քաղաքական դիմանկարներ
Փետրվար 2011, N 2

ՀԱՅՈՑ ՀՍԿԱՆ ԵՎ «ԵՐԿԱԹՅԱ ՊԱՏՐԻԱՐՔԸ»

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔ. ՕՐՄԱՆՅԱՆ ԵՎ ՄԱՏԹԵՈՍ Բ ԻԶՄԻՐԼՅԱՆ. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻ ՓՈՐՁ

Գրիգոր Աղանյան, ՀՀ ԳԱԱ Հայագիտական հետազոտությունների Շիրակի կենտրոնի գիտաշխատող

Օրմանյանը այն դեմքերից է, որոնք մեր ազգի չարքաշ պատմության դժվարին րոպեներին կարողացել են խարիսխ դառնալ մեր ցեղի տարուբեր նավին և, լինի իրենց խելքով, լինի հեռատեսությամբ, լինի անձնական ընդունակություններով, զերծ են պահել նրան նավաբեկությունից:

Վահրամ Փափազյան

2011թ. փետրվարին լրանում է հայոց բոլոր ժամանակների մեծերից մեկի՝ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի 170-ամյակը: Օրմանյանն այն եզակիներից էր, որն ամբարել էր եկեղեցական և քաղաքական գործչի, մեծ հայրենասերի և ականավոր հայագետի ընդունակություններն ու հմտությունները: Նրա բուռն եկեղեցական, հասարակական-քաղաքական և գիտական գործունեությունը տեղիք տվեցին հակասական և իրարամերժ գնահատականների: Երևի հայոց բարձրաստիճան կղերի և ոչ մի ներկայացուցիչ այդքան ոխերիմ թշնամիներ ու նախանձողներ չունեցավ, որքան Մաղաքիա արք. Օրմանյանը: Նրան չէին սիրում և ատում էին խավարամիտ և տգետ հոգևորականները՝ սկսած քահանայից մինչև կաթողիկոս (խոսքը հատկապես Մատթեոս Բ Իզմիրլյան-Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի մասին է), ազգի և «հեղափոխության» թշնամի էին համարում քաղաքական կուսակցությունների արկածախնդիր առաջնորդները: Իր բուռն ազգային-եկեղեցական գործունեության համար Օրմանյանը persona non grata էր Վատիկանում և Ռուսաստանյան կայսրությունում: Բայց հայ հասարակության մեջ կար իրատես ու խոհեմ մի շերտ, որը լավ էր հասկանում Օրմանյան անհատին ու հեռատես ազգային-եկեղեցական գործչին: Ցավոք, այդ շերտը, ինչպես միշտ, որակյալ, բայց և այնպես, փոքրամասնություն էր հայոց հասարակական-քաղաքական կյանքում, որտեղ տեր ու տնօրինություն էին անում ամբոխավարներն ու այսրոպեական ճղճղան հայրենասերները, որոնք գործիք դարձան Օսմանյան պետությունում գործող մութ ուժերի ձեռքին: Օրմանյան սրբազանն իր հավասարակշիռ ու հեռատես կեցվածքով խառնում էր թե՛ մասոնական օթյակներում բազմող մութ ուժերի (խոսքը երիտթուրքական պարագլուխների և նրանց «ստնտու» հրեական կազմակերպությունների մասին է) և թե՛ ուռա-հայրենասեր ընկեր փանջունիների խաղաքարտերը:

Արդ, ո՞վ էր Օրմանյան անհատը, ո՞րն էր նրա մեծությունն ու առեղծվածը: Փորձենք բնութագրել նրա կյանքն ու գործը՝ ինչ-որ տեղ զուգահեռներ անցկացնելով նրա ժամանակակից և, ինչո՞ւ չէ, մրցակից Մատթեոս Իզմիրլյանի միջև:

1841թ. փետրվարի 11-ին (նոր տոմարով՝ 23-ին) պոլսաբնակ կաթոլիկադավան Անտոն և Եղիսաբեթ Օրմանյանների ընտանիքում ծնվեց առաջնեկը, որին մկրտեցին Պողոս անվամբ: Հետաքրքիր էր, որ Անտոն Օրմանյանի պապը՝ Հովհաննեսը, հայ առաքելական դավանանքի էր, Թրաքիայի Դելիօրման գավառից (այստեղից էլ նրանց Օրմանյան ազգանունը) և ինչ-ինչ հանգամանքներում սպանվել էր: Հովհաննեսի այրին ապաստան էր գտել Կ.Պոլսի հայ կաթոլիկ մի ընտանիքում: Սրա կաթոլիկություն ընդունած Աստվածատուր որդուց էլ ծնվեց Մաղաքիա Օրմանյանի հայրը՝ Անտոնը: Մանուկ Պողոսն աչքի էր ընկնում ուսման մեծ հակումով և զարմանալի ուշիմությամբ: Նախնական կրթությունն Օրմանյանն ստացավ Կ.Պոլսի Սագըզ-Աղաճի Մխիթարյան վարժարանում և Անտոնյան կաթոլիկ միաբանության դպրոցում: Եղիա վարդապետ Նահապետյանը, տեսնելով այս հրաշամանուկի բնածին ընդունակություններն ու ուսման նկատմամբ անհագ ծարավը, կազմակերպեց Պողոսի մեկնումը Հռոմ, որտեղ նա ընդունվում է սովորելու Անտոնյան հռչակավոր վանքի դպրոցում: 14 տարեկանում Օրմանյանն ստանում է իր հոգևոր առաջին աստիճանը, օծվում է ընծայացու և վերցնում կնքահոր՝ Մաղաքիա Փափազյանի անունը: Մի քանի տարի անց Մաղաքիան դառնում է Անտոնյան միաբանության անդամ, սակայն նպատակասլաց և ուսումնատենչ երիտասարդի համար միաբանության անդամի և նույն հաստատության ուսուցչի պաշտոնը բավարար չէին: Օրմանյանը բնությունից շռայլորեն օժտված այն մարդկանց դասից էր, որոնց համար չկային անհաղթահարելի արգելքներ: Իսկ այդ արգելքների հաղթահարման ճշմարիտ ուղին կարելի էր հարթել գիտելիքների ձեռքբերման և կանոնավոր դասական կրթություն ստանալու միջոցով: Լատիներենում հմտանալու համար Օրմանյանը սկսում է հաճախել Հռոմի Աստվածաբանական դպրոցը և համալսարանի իրավունք ունեցող Ս.Ապոլինարի ուսումնական հաստատության երկամյա դասընթացներին: Հարկ է նշել, որ վերջին ուսումնական հաստատությունը մի տեսակ դարբնոց էր կաթոլիկ բարձրաստիճան կղերի պատրաստման համար, և այստեղ կրթություն էին ստացել ապագա նշանավոր շատ կարդինալներ և պոնտիֆիկներ: Շուտով Օրմանյանը ստանում է իմաստասիրության, ապա նաև աստվածաբանության և եկեղեցական իրավունքի մագիստրոսի գիտական աստիճաններ: Օրմանյանին կուսակրոն քահանա ձեռնադրեց Էդուարդ արք. Հյուրմյուզյանը, որը մեծ հույսեր էր կապում երիտասարդ ու բանիմաց հոգևորականի հետ: Ուսման ընթացքում եռանդուն և ավյունով լի Օրմանյանն իր առաջնամուտը գործեց հայ հասարակական և հոգևոր կյանքի հորձանուտ: Հռոմի կաթոլիկ քարոզչական դպրոցում հայոց լեզու դասավանդելուն զուգահեռ, Օրմանյանն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց հասունյան-հակահասունյան պայքարին: Հռոմի Աստվածաբանական ակադեմիայի անդամ, կաթոլիկ քահանա Մաղաքիա Օրմանյանը դարձավ այն հայրենասեր և հեռատես գործիչներից մեկը, որը ճիշտ ըմբռնեց Հասունի և նրա կողմնակից եղջրակիր ու հաստաճակատ խավարամիտների քայլերի ամբողջ վտանգը հայության համար1:

Ի՞նչ էր կատարվում լուսավորյալ ու հավատքին նվիրյալ Օրմանյանի հոգում: Մեր հերոսի հոգեկան տվայտանքները շատ դիպուկ նկարագրել է նրա լավագույն կենսագիրներից մեկը՝ Վահրամ Բարունյանը. «Վատահամբաւ Հասուն մէկ կողմէ, Հռոմի Անտոնեան միաբանութեան զանազան խառնակ գործերը միւս կողմէ, տեսակ մը սրտի անհանգստութիւն կը պատճառէին կրօնաւոր Մաղաքիա Օրմանեանին, որ տակաւին շատ երիտասարդ ու նուիրեալ գաղափարականով սնած, մեծցած մէկը ըլլալով չէր կրնար հասկնալ, թէ ի՞նչպէս կրնայ պատահիլ, որ «եկեղեցականներ» և «Քրիստոնեա եկեղեցականներ» այս աստիճան անմաքուր, անվստահելի ու շահամոլ կրնան ըլլալ (ընդգծումը մերն է- Գ.Ա.)»2:

Օրմանյանի ըմբոստ խառնվածքը թույլ չէր տալիս նրան համակերպվել թե՛ հռոմեադավան հայերին կաթոլիկության ընդհանուր կաթսայի մեջ տարրալուծելուն, թե՛ Հռոմի պապի անսխալականության դոգմատին3 և թե՛ ամենակարևորը՝ հայոց հավատքի ու հայ եկեղեցու նսեմացման փորձերին: Ըմբոստ ու հայրենասեր քահանայի վարքը չվրիպեց կաթոլիկ հոգևոր վերնախավի աչքից: Վատիկանի տխրահռչակ ժողովից հետո Օրմանյանը ստիպված էր բառի բուն իմաստով փախչել Հռոմից և վերադառնալ Կ.Պոլիս: Օրմանյանն Օրմանյան չէր լինի, եթե իր տաղանդավոր գրչով դիպուկ և համարձակ չպատասխաներ խավարամիտ կաթոլիկ գիշանգղերին: 1870-1872թթ. Կ.Պոլսում իտալերեն լույս են տեսնում երկու հիմնարար մենագրություններ՝ «Արևելյան հայ կաթոլիկները և հայերը» և «Ռևերսուս կամ Հայք և պապականությունը»: 1872-1873թթ. արդեն ֆրանսերեն լեզվով Օրմանյանը հրատարակում է «Արևելյան կաթոլիկաց կրոնական ազատությունները և քաղաքական իրավունքները» և «Վատիկան և հայք» աշխատությունները: Թե՛ աշխատությունների լեզուն (իտալերեն և ֆրանսերեն) և թե՛ դրանց կրոնադավանաբանական ու հասարակական-քաղաքական ենթատեքստն ու սլաքը ճիշտ և տեղին էին ընտրված: Երեսնամյա Օրմանյանն արդեն այս աշխատություններում ի ցույց է դնում իր հասարակական-քաղաքական լայնախոհ և հեռատես կեցվածքն ու դիվանագիտական հոտառությունը: Ի տարբերություն իր հակառակորդների և նույնիսկ զինակիցների ճղճղան կեցվածքի և գործելակերպի՝ Օրմանյանն ընտրեց խավարին ու տգիտությանը լույսով ու գիտելիքներով պատասխանելու ուղին: Եվ ամենևին էլ պատահական չէր, որ պապականության «պահապան քերծեներն» անմիջապես արգելված գրքերի շարքը դասեցին Օրմանյանի աշխատությունները4: Օրմանյանն իրեն հատուկ սրամտությամբ և հումորով հետագայում գրում էր. «…Բայց մերժումը հերքում չէր»5: Առաջ ընկնելով ասենք, որ հետագայում շատերն էին փորձում մերժել ու անտեսել հսկային, բայց ոչ ոք չկարողացավ դույզն իսկ փորձ կատարել լուրջ փաստարկներով հերքել նրա գաղափարները, գործելակերպն ու առավել ևս գիտական վաստակը6:

Վիճակը նետված էր. Օրմանյանն ու իր համախոհները կամ պետք է համակերպվեին համակաթոլիկացման ճղճիմ գաղափարին, զրկվեին ազգային դեմքից ու հրաժարվեին ազգային գաղափարներից, կամ պետք է կտրուկ քայլ կատարեին՝ հեռանալով կաթոլիկ եկեղեցուց վերադառնալ Մայր եկեղեցու գիրկը: Ի դեպ, ոչ վաղ անցյալում այդօրինակ աղմկալի մի դարձ եղել էր ժամանակի ականավոր ազգային-հոգևոր գործիչ Գաբրիել արք. Այվազովսկու գլխավորությամբ7: Նրա հետ կաթոլիկությունից հրաժարվեցին ևս երկու ականավոր Մխիթարյան միաբան-վարդապետներ՝ Ս.Թեոդորյանը և Ա.Գալֆայանը: Հեռատես և խոհուն Օրմանյանն ընտրեց երկրորդը՝ ազգայինն ու ճշմարիտը վեր դասելով ապազգայինից ու կործանարարից: Հետագայում Օրմանյանը բազմաթիվ անգամ պետք է կանգներ այսպիսի թնջուկներ քանդելու առջև, և ինչպես ցույց տվեց պատմության հետագա ընթացքը, նա բոլոր դեպքերում կայացնում էր միակ ճիշտ որոշումը, ինչքան էլ այն դուր չգար նեղճակատ կղերականներին և «պոռացող» հեղափոխականներին:

Հռոմում մի քանի տարի անցկացնելուց հետո, որտեղ 1875թ. հանդիպեց Իտալիայի ազգային հերոս Ջ.Գարիբալդիի8 հետ, Օրմանյանը 1876թ. վերադարձավ Կ.Պոլիս և հաջորդ տարի հայոց Մայր եկեղեցու գիրկը դառնալու խնդրանքով դիմեց Պոլսո պատրիարք Ներսես արք. Վարժապետյանին: Լայնախոհ և հեռատես պատրիարքը լավ էր ճանաչում ըմբոստ կաթոլիկ վարդապետին և խորհուրդ տվեց նրան չշտապել: Օրմանյանի բուռն խառնվածքին խորթ էր տեղում նստելը և կամ միապաղաղ տեսչական գործով զբաղվելը Ղալաթիայի Ազգային մատենադարանում: Կ.Պոլսի մի քանի հայաշատ թաղամասերում Օրմանյանը հայությանը հուզող կարևոր հիմնահարցերի մասին քարոզներ կարդաց, որոնց վերնագրերն արդեն չափազանց խոսուն են. «Հայուն անցյալը, ներկան ու ապագան», «Հայ երիտասարդությունը», «Հայության ոգին», «Կարոտ ենք»: Բնատուր հռետորական ձիրքը, գիտելիքների հսկայական պաշարը և լսարանը գրավելու ընդունակությունը թույլ էին տալիս Օրմանյան քարոզչին կենդանի կապ ստեղծել ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների հետ: Նրա բոլոր քարոզխոսությունները տպագրվեցին պոլսահայ մամուլում և լույս տեսան առանձին տետրակների տեսքով: Ընդհանրապես Օրմանյան քարոզչի և բանախոսի տեսակը եզակի էր հայ եկեղեցական կյանքում, և ժամանակակիցներից շատերը հիացմունքով էին խոսում սուրբ հոր անբռնազբոս կեցվածքի, համոզիչ խոսքի և անսպառ հումորի մասին:

Եվ ահա եկավ հանգուցալուծումը: 1879թ. հոկտեմբերի 28-ին հայոց Մայր եկեղեցու գիրկը դարձան Մաղաքիա Օրմանյանը և 75 հայ կաթոլիկ այր ու կին9, որոնցից հայտնի դեմքեր էին բժիշկ և պատմավիպասան Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան), նշանավոր լուսանկարիչներ Վ.Հովհաննեսը և Գևորգը10: Ժամանակակիցների վկայությամբ այս օրը տոն էր Կ.Պոլսի հայության համար: Մաղաքիա Օրմանյանը խնդրագրով դիմեց պատրիարքին, և Ներսես արք. Վարժապետյանը հատուկ գրությամբ պատասխանեց նրան՝ շնորհելով ծայրագույն վարդապետի հոգևոր աստիճան: Օրմանյանն այն անձանցից չէր, որոնք այսրոպեական և սպոնտան որոշումներ էին ընդունում: Նա մեծ անհատականություն էր և իր յուրաքանչյուր քայլը, արարքը կշռադատում էր՝ հաշվի առնելով թեր և դեմ կողմերը: Միևնույն ժամանակ, նա կարող էր կայծակնային արագությամբ այնպիսի որոշումներ ընդունել, որոնք փրկության միակ ու ճիշտ միջոց կարող էին հանդիսանալ թե՛ հայոց եկեղեցու, ի մասնավորի՝ Կ.Պոլսի պատրիարքության և թե՛ իր հոգևոր հոտի համար: Իր խոհերն ու մտորումներն ամփոփող հուշագրության մեջ այսպես է բնութագրում Օրմանյանն իր դարձի իրողությունը. «Հռոմեադաւանութենէ հեռանալու միտքը իմ վրայ ոչ կիրքի մը վայրկենական որոշում, ոչ շահադիտական կեղծիք էր, այլ երկար ատէն խորհուած և կշռուած և խոհական քայլերով յառաջացած գործ մը եղած է»11:

Մեկ տարուց էլ պակաս ժամանակ պահանջվեց Ղալաթիո քարոզիչ նշանակված Օրմանյանից այսպես կոչված «Ղալաթիո օջախը» չեզոքացնելու համար, որը բացահայտ պայքար էր մղում Խրիմյան Հայրիկի և Ներսես Վարժապետյանի դեմ և դարձել էր Խրիմյան պատրիարքի հրաժարականի պատճառը: Բուն Արևմտյան Հայաստանի թեմերը 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո անմխիթար վիճակում էին գտնվում: Անզեն հայ ժողովուրդն անպաշտպան էր այստեղ հաստատված հյուսիսկովկասյան ցեղերի (լեզգիների ու չերքեզների) և քրդական համիդիե հրոսակախմբերի դեմ, որոնք խրախուսվում էին օսմանյան կենտրոնական և գավառային իշխանությունների կողմից: Թեմակալ առաջնորդներից, նշանավոր վանքերի վանահայրերից շատերը կամ կրավորական դիրք էին բռնել, կամ ամենավերջին վախկոտի նման լքել էին իրենց հոգևոր հոտը, իսկ նրանցից ոմանք էլ կանչվեցին Պոլիս՝ բացատրություն տալու համար: Քաղաքականությունից գլուխ չհանող և դիվանագիտական հմտություններից իսպառ զուրկ այս հոգևոր պետերը չկարողացան պաշտպանել ոչ իրենց և ոչ էլ իրենց վստահված ժողովրդին: Պատրիարքարանի առջև լուրջ խնդիր էր ծագել, վերակենդանացնել վանական միաբանություններն Արևմտյան Հայաստանում և թեմական կյանքը բուն հայկական գավառներում: Ներսես Վարժապետյանի ջանքերով Վասպուրականի առաջնորդ ընտրվեց Խրիմյան Հայրիկը, իսկ Կարնո առաջնորդ՝ Մաղաքիա Օրմանյանը:

Սան Ստեֆանոյից և Բեռլինից հետո, երբ ռուսական զորքերն այս էլ որերորդ անգամ դուրս բերվեցին Արևմտյան Հայաստանի տարածքներից, հայությունը հերթական անգամ հիասթափություն ապրեց: Հուսահատությունը և անպաշտպան լինելու զգացումը տիրել էին ոչ միայն գավառի հայությանը, այլև Պոլսի «ազգային ջոջերին»: Բայց Օրմանյանը հուսալքվողներից և պարտվողական հոգեբանություն ունեցողներից չէր: Իր առաջնորդության առաջին իսկ տարում նա ձեռնամուխ եղավ նորաբաց Սանասարյան դպրոցի տեսչական մարմնի նախագահությանը և այդ հռչակավոր կրթօջախի ուսումնական ծրագրերի մշակմանը, որոնք պետք է համահունչ լինեին ժամանակի եվրոպական մանկավարժության և գիտության առաջադեմ մոտեցումներին և կրթական եղանակներին: Կարնո առաջնորդության շրջանում Օրմանյանն առաջին անգամ լրջորեն պիտի բախվեր օսմանյան պետության ռազմա-ոստիկանական մեքենային: Բանն այն է, որ 1882թ. Խաչատուր Կերեքցյանի գլխավորությամբ Կարինում ստեղծվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը, որը բացահայտվեց մի տափակ կենցաղային դիպվածի կամ բախման հետևանքով նույն թվականի նոյեմբերին: Օսմանյան կառավարիչները շտապեցին արմատական հետևություններ անել «ապստամբ հայ հպատակների դավադրության» մասին և ձերբակալեցին խմբի 72 անդամներին: Բնականաբար, կասկածյալների և անբարեհույսների թվում էր նաև Կարնո հոգևոր առաջնորդը: Զգուշավոր և հեռատես Օրմանյանն անհապաղ աճապարեց Պոլիս և դիմեց պատրիարքին, որն էլ լիազորեց նրան սուլթանական կառավարության մոտ հանդես գալու պատրիարքարանի անունից12: Նրա ջանքերի շնորհիվ 1883թ. սկզբին ազատ արձակվեցին բանտարկվածներից 21-ը, ապա Օրմանյանը դիմումներով հեղեղեց Եպարքոսի գրասենյակը և զանազան նախարարությունները և կարողացավ ևս 11-ին դուրս բերել բանտից: 1884թ. հունվարին Աբդուլ Համիդ II-ի հրամանով ներում շնորհվեց բանտարկյալների մեծ մասին, և միայն հինգը մնացին կալանքի տակ, սրանք էլ Օրմանյանի ջանքերով, ի վերջո, չկրեցին նախատեսված պատիժը և ազատ արձակվեցին: Ինչպես տեսանք, Կարնո առաջնորդ Օրմանյանը խուճապի չմատնվեց, չմտավ պատրիարքարանի ծակուծուկերը, այլ իրեն հատուկ դիվանագիտական հմտությամբ և, ինչո՞ւ չէ, նաև խորամանկությամբ, կարողացավ 72 հայ երիտասարդների կյանք փրկել, որոնց սպասում էին կախաղանը, ցմահ բանտարկությունը և տաժանակրությունը: 1882թ. դեպքերից մի քանի տարի հետո Կարինում նորից խժդժություններ սկսվեցին, սակայն նորանշանակ առաջնորդ Գևորգ վրդ. Ութունճյանը, փոխարեն տեր կանգնելու իր հոտին, ճողոպրեց Կ.Պոլիս՝ բախտի քմահաճույքին թողնելով անպաշտպան հայ բնակչությանը: Կարինցիները դեռ շատ էին հիշելու Մաղաքիա հայր սուրբին:

1886թ. Հայոց Մակար Ա Թեղուտեցի հայրապետը եպիսկոպոս ձեռնադրեց Մաղաքիա Օրմանյանին և հրավիրեց նրան Գևորգյան ճեմարանում աստվածաբանություն դասավանդելու: Օրմանյանը սկզբում մերժեց առաջարկը, սակայն հաջորդ տարի ստիպված էր ենթարկվել կաթողիկոսի կոնդակից բխող պահանջին և իրեն հատուկ ավյունով ձեռնամուխ եղավ դասախոսական գործունեության ճեմարանում: Իր գոյության առաջին տասնամյակում Գևորգյան ճեմարանը, չնայած կատարած լուսավորական մեծ աշխատանքին, դեռևս ոչ մի հոգևորական չէր պատրաստել, իսկ հայոց եկեղեցին կարոտ էր և կարիքն ուներ ուսյալ և բազմագիտակ երիտասարդ հոգևորականների: Օրմանյանի ջանքերը շուտով արդյունք տվեցին, և մի շարք ճեմարանականներ հոգևորական աստիճաններ ստացան, մեկնեցին եվրոպական նշանավոր համալսարաններում ուսումը շարունակելու, որոնց մեջ էին Կարապետ Տեր-Մկրտչյանը և ապագա Ամենայն Հայոց հայրապետ Գևորգ Զ Չորեքչյանը: Էջմիածնի խավարամիտ և տգետ միաբաններից շատերը նախանձով և թշնամանքով լցվեցին օրեցօր մեծ հեղինակություն ձեռք բերող Օրմանյան սրբազանի հանդեպ, և Երևանի սինոդի պրոկուրորի և Կովկասի կառավարչության ղեկավարների հասցեով բողոքների ու մատնագրերի իսկական հոսք սկսվեց: Նրան մեղադրում էին «հեղափոխականներին» օժանդակելու և Մակար Ա կաթողիկոսի վրա «վատ ազդեցություն» ունենալու, բազմաթիվ հորինածին այլ մեղքերի մեջ: Ռուսական իշխանություններն Օրմանյանին կանգնեցրին երկընտրանքի առջև. կամ պետք է ռուսական հպատակություն ընդուներ, կամ պետք է հեռանար երկրից13: Օրմանյանն ընտրեց երկրորդը և վերադարձավ Կ.Պոլիս: Շուտով նորընտիր պատրիարք Խորեն արք. Աշըգյանի օժանդակությամբ և Եղիշե վրդ. Դուրյանի ընկերակցությամբ հիմնեց Արմաշի14 հռչակավոր Դպրեվանքը: Հաջորդ 6-7 տարիների ընթացքում Դպրեվանքը դարձավ լուսավորության խոշոր կենտրոններից մեկն արևմտահայության կյանքում: Օրմանյանն իր տարերքի մեջ էր, զբաղվում էր հոգեհարազատ գործով, սակայն ականջալուր էր այն իրադարձություններին, որոնք կայծակնային արագությամբ հաջորդում էին մեկը մյուսին՝ նորանոր դժբախտություններ բերելով զանազան արկածախնդիրների և անգործունակ կղերի ազդեցության տակ գտնվող արևմտահայությանը: Եթե մինչև 19-րդ դ. վերջերը պոլսահայությունը զերծ էր մնացել ազգային-կրոնական հողի վրա բացահայտ հալածանքներից և գավառահայությանը բախտ վիճակված զանազան հրոսակախմբերի հարձակումներից ու կոտորածներից, ապա այժմ հայկական կոտորածների վտանգը սպառնում էր նաև նրանց:

Արևմտահայության համար ճակատագրական այս պահին էլ ավելի մեծ պետք է լիներ Կ.Պոլսի պատրիարքության և նրա գահակալի դերը, չնայած, «Ազգային սահմանադրության»15 ընդունումից հետո եվրոպաներում կրթված, ազատական գաղափարներով տարված մուրացանյան պետրոսկամսարյաններն արդեն խլել էին նախաձեռնությունը Պոլսո ամիրաների և պատրիարքարանի ձեռքից: 1890թ. մահմեդականների Կուրբան բայրամի առաջին օրը Գում Գափուի հայտնի դեպքերը տեղի ունեցան, որոնց քաջատեղյակ էին օսմանյան իշխանությունները, և մեծ թվով հայեր ձերբակալվեցին: «Հեղափոխական» արկածախնդիրները ստիպեցին ցույցին միանալ սարսափած պատրիարք Աշըգյանին, որն ազնիվ և առաքինի հոգևորական էր միայն և օժտված չէր ո՛չ քաղաքական և ո՛չ էլ դիվանագիտական ընդունակություններով: Այս անգամ Պոլսի հայ բնակչությունը միայն հրաշքով փրկվեց զանգվածային կոտորածներից, բայց օսմանյան ռազմա-ոստիկանական մեքենան շարժման մեջ էր դրված, և Կարմիր սուլթանը ցանկացած հարմար պատրվակ կարող էր օգտագործել իր հրեշավոր հայակուլ քաղաքականությունն իրագործելու համար: 1894թ. օգոստոսին քրդական հրոսակախմբերն Աբդուլ Համիդի գահակալության տարեդարձը «շնորհավորեցին» Սասունի վրա հարձակմամբ: Մեծ տերությունների դեսպանատները ստեղծեցին Քննիչ հանձնաժողով, որից հետո պետք է սկսվեին արևմտահայության առաջին զանգվածային կոտորածները:

Ի՞նչ քայլերի պետք է դիմեին արևմտահայության «ազգային ջոջերը», նորաթուխ «հեղափոխական» առաջնորդները և հատկապես պատրիարքությունը, որոնց էլ հանձնված էր մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը: Առաջին երկուսի պարագայում ամեն ինչ պարզ էր. սրանց «ջուրը մի առվով չէր հոսում»: Մնում էր պատրիարքության պարագան: Սասնո դեպքերից մի քանի ամիս հետո (1894թ. դեկտեմբերի 7-ին) պատրիարք ընտրվեց Մատթեոս Իզմիրլյանը, որին պետք է հորջորջեին «երկաթե» պատրիարք: Սահմանափակ ընդունակությունների և կրթության տեր մի մարդ, որն ապրում էր սին պատրանքներով, ով թե՛ պատրիարքական և թե՛ կաթողիկոսական գահերին բազմելով, բացի վնասից, ոչինչ չբերեց հայ ժողովրդին և եկեղեցուն:

Մատթեոս Իզմիրլյանը (ավազանի անունը՝ Սիմոն) ծնվել է 1845թ. փետրվարի 12-ին Պոլսի Գում Գափու թաղամասում, դերձակի ընտանիքում16: Հաճախել է թաղի դպրոցը, ապա Մայր վարժարանը և 24 տարեկանում հոգևոր աստիճան ստացել՝ վերցնելով Մատթեոս անունը: Իզմիրլյանի կրթական բացը լրացնում էր Սահակ քհն. Տեր-Սարգսյանը, որը գիտակ և լուսավորյալ հոգևորականի համբավ ուներ Պոլսում: Ապագա հայոց կաթողիկոսը բավական աշխատասեր, հոգևորականի պատշաճ վարք ունեցող և հաստատակամ բնավորության տեր մարդ էր: Մինչև պատրիարք ընտրվելը նրա հոգևոր և հասարակական ողջ գործունեությունը սահմանափակվում էր զանազան ժողովներին մասնակցելով, հանձնաժողովներին անդամակցելով, և երբ բանը հասնում էր որևէ վարչական պատասխանատվություն ստանձնելուն՝ նա անպայման հիշում էր իր «մարմնով տկար լինելը»՝ խուսափելով հոգևոր հոտի հետ կենդանի շփումից: Չնայած այսօր էլ թմբկահարում են այն թեզը, թե Մկրտիչ Խրիմյանն իր պատրիարքության շրջանում նկատել էր Մատթեոս Իզմիրլյանի ընդունակությունները և դարձրել էր նրան անձնական քարտուղար17, մոռանում են նշել, որ այս հոգևորականը տխրահռչակ «Ղալաթիո օջախի» ակտիվ անդամներից էր, իսկ թե ինչ նշանակություն ունեցավ այս խմբակը Խրիմյան Հայրիկի ճակատագրում, հայտնի էր բոլորին: Միակ քիչ թե շատ պատասխանատու պաշտոնը, որ ստանձնեց Իզմիրլյանը մինչև պատրիարք դառնալը՝ Եգիպտոսի թեմի առաջնորդությունն էր, սակայն այստեղ էլ նա չկարողացավ լեզու գտնել ո՛չ եգիպտահայ մեամեծերի և ո՛չ հասարակ ժողովրդի հետ:

Աշըգյան պատրիարքի ստորացումից և պատրիարքության «նսեմացումից» հետո հայ ազգի նորաբույս «փրկիչ հեղափոխականները» արյունոտ սուլթանի չարագործությունները կանխելու համար արևմտահայության հոգևոր պետի գահի ամենալավ թեկնածու չէին կարող գտնել, քան «երկաթյա» կամքով Իզմիրլյան սրբազանին: Նա էր, որ պիտի բարձրացներ պատրիարքության վարկը, հակադրվեր սուլթանին և հայոց հարցը բարձրացներ եվրոպական տերությունների առջև: Անգիտակցությա՞ն, թե՞ տկարամտության արդյունք էր սա, դժվար է ասել, բայց որ վերահաս արյունալի իրադարձություններից առաջ պատրիարքական գահը վստահվում էր քաղաքական և դիվանագիտական ունակություններից իսպառ զուրկ մեկին, դուրս է ցանկացած առողջ տրամաբանության սահմաններից: Նորընտիր պատրիարքն իր առաջին իսկ ատենախոսության մեջ սկսեց հոխորտալ օսմանյան պետության հասցեին, խրատ ու դաս կարդալ թուրքերի պատմության մեջ ամենախորամանկ ու հիշաչար բռնակալին, որի համիդիե ջոկատներն արյունալի խրախճանք էին սկսել հայկական պատմագավառներում: Իզմիրլյան պատրիարքը մոռացել էր կամ չէր գիտակցում, որ ինքը որպես առանձին հայ հոգևորական կամ անհատ չէ, որ ըմբոստանում է կարմիր սուլթանի դեմ: Նա օսմանյան պետությունում ապրող համայն հայության առաջնորդն էր, և դուրս էր գալիս, որ հանձին Իզմիրլյանի ըմբոստանում է հպատակ հայությունը: Պատրիարքարանում և պոլսահայ համայնքի ներսում վխտող «սուլթանի աչքերն ու ականջները», մինչև ատենաբանության հրապարակումը, արդեն Բարձր դռանը հասցրել էին նորաթուխ պատրիարքի ելույթի մանրամասները: Իր անլուր «խիզախությունից» ոգևորված՝ Իզմիրլյան պատրիարքը սուլթանին ներկայացավ իշխանություններին ոչ հաճո մի հոգևորականի՝ Ալեաթճյան սրբազանի ընկերակցությամբ, չնայած որ սառը դատող անձինք փորձեցին հետ պահել նրան այս քայլից: Իզմիրլյանն անհողդողդ էր իր որոշման մեջ: Արդյունքում՝ նրան սառն ընդունեցին պալատում, և պետություն-պատրիարքություն հարաբերություններում բացահայտ թշնամանքի մթնոլորտ ստեղծվեց:

Աշխարհաքաղաքական գործընթացներից և դիվանագիտությունից բոլորովին անտեղյակ պատրիարքը շատ շուտով ընկավ «հեղափոխական» գործիչների ազդեցության տակ, որոնք համոզում էին սրբազան հորը, թե ահա ուր որ է գալու են եվրոպական «փրկիչները» և հայոց հարցը լուծում է ստանալու: Օտար լեզուներին անգիտակ այս սահմանափակ մտահորիզոն ունեցող կղերականին մատուցում էին ինչ-ինչ նշանավոր եվրոպական «երևելի անձերի» և «ուժերի» հայտարարություններն ի նպաստ հայոց հարցի և ընդդեմ սուլթանի, որոնք նա ընդունում էր հալած յուղի տեղ և ավելի գոտեպնդվում իր «անսասան համոզման» մեջ: Զանազան փաստաթղթերի, կանոնագրերի և ընդհանրապես թղթատարության նկատմամբ թուլություն ունեցող սրբազան հայրը, որն այդպես էլ իրականն ու իրատեսականը չկարողացավ զանազանել աներևութականից ու պատրանքից, իր «խրոխտ» ու «անհանդուրժող» կեցվածքով դուրս եկավ արյունռուշտ մի գազանի դեմ, ինչպիսին էր Աբդուլ Համիդը՝ թիկունքին չունենալով ո՛չ իր ժողովրդի հավաքական կամքը և ուժը և ո՛չ էլ դրսի աջակցությունը: Իզմիրլյանի գլխավոր խորհրդականներն ու հետագայում նաև գովերգողները դարձան պատեհապաշտ ընկ. փանջունիներն ու նեղճակատ կղերականները: Ինչևէ, պատրիարք հայրը շատ գոհ էր ինքն իրենից. սուլթանը «վախեցած» էր, օտար դեսպանատները Քննիչ հանձնաժողով էին կազմել, Եվրոպան և Ռուսաստանն իր մեջքին էին, և կարելի էր շարունակել նույն ոգով: Սակայն տեղի ունեցավ այն, ինչ ուզում և ինչին սպասում էին օսմանյան իշխանությունները: 1895թ. սեպտեմբերին հայերը ցույցի ելան Բաբը Ալի թաղամասում՝ պահանջելով խոստացած բարենորոգումների խորացում և նմանատիպ այլ բաներ: Ոստիկանական մեծաքանակ ուժերն արագ ցրեցին ցուցարարներին, որոնց մեծ մասը փախավ և ապաստան գտավ եկեղեցիներում: Այս անգամ գործը ջարդերի չհանգեց, բայց մթնոլորտը բավական շիկացած էր: Բաբը Ալիի դեպքերից հետո էլ ավելի սաստկացան կոտորածները հայկական պատմագավառներում և կայսրության հայաշատ այլ վայրերում: Համիդյան կոտորածներին զոհ դարձան շուրջ 300 հազ. և երկրից արտագաղթեցին 300 հազ. հայեր18: Սա ամենազանգվածային հայաթափությունն էր օսմանյան տիրապետության ողջ ընթացքում և ապագա առավել լայնամասշտաբ եղեռնագործության նախակարապետը: Համիդյան զուլումի տարիներն անջնջելի հետք թողեցին հայության ճակատագրի վրա, սակայն, ցավոք, դրանից դասեր չքաղեցին ժողովրդի ճակատագիրը տնօրինողները, որոնք դարձան խաղալիք նենգ ու խորամանկ թշնամու ձեռքին: Եթե «հեղափոխական դուրսպրծուկների» պարագայում հոխորտանքն ու դատարկապորտ սպառնալիքները թուրքերի հասցեին ինչ-որ տեղ ներելի և հասկանալի էին, ապա համայն արևմտահայության գլուխ հանդիսացող և նրա համար պատասխանատու հոգևոր պետերին դրանք ներելի չէին: «Երկաթյա» պատրիարքի անհողդողդ կամքը, անհույս առճակատման գնալու դատապարտելի կեցվածքը գերակայեցին դիվանագիտական ճկունությանն ու քաղաքական հեռատեսությանը: Հայոց «հառաջադեմ» մամուլն ու ընկ. փանջունիները փրփրաբերան գովերգում էին «խիզախ» պատրիարքին, որը հանդգնություն ունեցավ վռնդել սուլթանի բանագնացներին և հանդիպման չգնաց հայոց դահճի հետ: Նույնժամ օսմանյան պատժիչ մեքենան ի գործ էր դրված: Պոլսում և ծայրագավառներում զանգվածային ձերբակալություններ են կատարվում, գավառահայությունը կոտորվում է քրդական հրոսակախմբերի ձեռամբ, իսկ մեր «քաջ» ու «երկաթյա» պատրիարքն աթոռանիստ Գում Գափուից ու Սկյուտարի իր բնակարանից մեկը մյուսի հետևից սպառնագին և «խրոխտ» թղթեր է հղում սուլթանին՝ պահանջելով պատժել ջարդարարներին և վերադարձնել անմեղ հայերից խլված ինչքը: Ի՜նչ միամտություն. պահանջել կազմակերպչից պատժել իրականացնողներին. no comment!

1896թ. սկզբին Աբդուլ Համիդը պահանջեց ըմբոստ պատրիարքի հրաժարականը, սակայն «երկաթյա» սրբազանը մերժեց այն: Ավելին, նա ստրկամիտ անվանեց այն գործիչներին, որոնք հորդորում էին իրեն չսրել դրությունը: Նորից հրապարակ ելան օսմանյան մութ ուժերի կողմից խրախուսվող «հեղափոխականները» և սկսեցին առավել ջանասիրաբար համոզել Իզմիրլյանին չենթարկվել սուլթանի կամքին, քանզի «մարդասեր» և «հայասեր» Եվրոպան հայության մեջքին է: Դե, եթե այդպես է, ապա պետք է նորանոր խնդրագրեր և ուղերձներ հղել եվրոպական դեսպանատներ: Բայց ինչպես միշտ, Եվրոպան խուլ էր ու անհաղորդ հայոց դժբախտություններին: 1896թ. հուլիսին Իզմիրլյանը հրաժարական ներկայացրեց և Բանկ Օտոմանի դեպքերից հետո աքսորվեց Երուսաղեմ: Պատրիարքի թափուր գահի տեղապահ ընտրվեց Բարդուղիմեոս եպս. Չամիչյանը, որն Իզմիրլյանի լրիվ հակապատկերն էր ոչ թե իմաստության կամ դիվանագիտության հարցերում, այլ ծայրահեղ ստրկամիտ և ստորաքարշ մի անձնավորություն էր սա, որը սուլթանին հաճոյանալու համար կոտորածների մեղավոր հայտարարեց հայ ժողովրդին: Հետագայում էլ սրա նման շատ գործիչներ կփորձեն զոհին մեղադրել և դահճին արդարացնել:

Իզմիրլյանի հրաժարականից մեկ ամիս հետո տեղի ունեցան Բանկ Օտոմանի դեպքերը, որի նախապատրաստմանը լավ տեղյակ էին օսմանյան գաղտնի ծառայությունները (չնայած մինչև այսօր էլ շատերը փորձում են հակառակն ապացուցել), և վաղօրոք մայրաքաղաք էին բերվել քրդական համիդիե հրոսակախմբեր: Չխորանալով այս իրադարձությունների մանրամասներում՝ փաստենք, որ օտար շոգենավերում բանկը գրոհողների պատսպարվելուց հետո Պոլսում սկսվեցին հայերի՝ մինչ այդ չտեսնված կոտորածներ, որոնց զոհ գնաց շուրջ 10 հազ. անմեղ մարդ: Ականատեսների վկայությամբ, արյունալի խրախճանքի և թալանի ավարտից հետո վերը հիշված քրդական հրոսակախմբերն անաղմուկ հեռացան մայրաքաղաքից:

Համատարած հուսալքություն էր տիրում պոլսահայ շրջանակներում, հայոց երևելի մտավորականներից շատերը, խույս տալով հալածանքներից, լքել էին երկիրը, իսկ անպաշտպան գավառահայությունը թալանված էր ու կոտորված: Սկսվեցին հայերի զանգվածային դատական հետապնդումներ, և արգելվեց նրանց տեղաշարժը երկրի ներսում: Պոլսում աշխատող, պանդխտության եկած գավառահայերին սկսեցին արտաքսել մայրաքաղաքից19: Բոլոր կողմերն էլ լավ էին հասկանում, որ ժամանակի հրամայականն է ունենալ խոհուն և ճկուն մտքով մի պատրիարք, որը կկարողանար լեզու գտնել սուլթանի հետ և սիրեր իր ժողովրդին այնպես, որ նախորդ «երկաթակուռի» նման չվնասեր նրան: Օսմանյան պետության վերնախավում բարձր դիրք ու հարգանք վայելող Հարություն Տատյան ամիրայի և նրա մի շարք ուղղամիտ ու ճշմարիտ հայրենասեր համախոհների ջանքերով 1896թ. նոյեմբերի 6-ին պատրիարք ընտրվեց Մաղաքիա Օրմանյանը, որի գահակալության տարիները ցայսօր հակասական և իրարամերժ գնահատականների են արժանացել:

Օրմանյանն իր նախորդներից ժառանգություն ստացավ փշերով ծածկված և խարխուլ գահ, վախի ու սարսափի մեջ ապրող հոգևոր հոտ և բացահայտ թշնամանք օսմանյան իշխանությունների կողմից: Որքա՜ն ջանք, դիվանագիտական ի՜նչ հմտություն և խուսանավելու կարողություն պետք է ներդներ Օրմանյանը, որպեսզի հաղթահարեր վերը նշված իրողությունները: Ի տարբերություն Իզմիրլյանի, իր գահակալական ատենաբանության մեջ Օրմանյանը չհոխորտաց սուլթանի հասցեին, բայց և Բարդուղիմեոս տեղապահի նման ստորաքարշ արտահայտություններ չշռայլեց: Սուլթանը շատ շուտ զգաց, որ գործ ունի գիտուն և դիվանագետ մի հոգևորականի հետ: Ի հեճուկս մութ ուժերի և «հեղափոխական» պատեհապաշտների, Օրմանյանը բավական լավ ընդունելություն գտավ պալատում և շատ շուտով հավասարակշիռ, միևնույն ժամանակ արժանապատիվ հարաբերություններ հաստատեց օսմանյան վերնախավի հետ: Պարտականությունները ստանձնելուց քիչ հետո նա կարողացավ ներման հրամանագիր պոկել սուլթանից, որի արդյունքում ազատ արձակվեցին 1200-ից ավելի բանտարկյալներ, իսկ մահվան դատապարտվածների դատավճիռը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ: Շուտով սուլթանն Օրմանյանին պարգևատրեց Մեջիդիե առաջին աստիճանի շքանշանով, որը մեծ աղմուկ առաջացրեց արևելահայ «հառաջադեմ» մամուլում: Այստեղ տեղին ենք համարում հայոց մեծերից մեկից՝ Վահրամ Փափազյանից մի ընդարձակ մեջբերում անել: Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում սովորելու տարիներին իր դասընկերների հետ ապագա մեծ արտիստը հանդիպել էր պապական տեղապահ, կարդինալ Ռամպոլլայի հետ, և ահա թե ինչ է պատմում Փափազյանը. «Գիտեինք, որ Օրմանյանի դասընկերն է եղել, և որովհետև Պոլսո թերթերից նույն օրը տեղեկացել էինք, թե սուլթան Աբդուլ Համիդը, հայտնի չէ, թե ինչ ծառայությունների համար, իր գահակալության տարեդարձի առթիվ, մեճիդիե շքանշանի առաջին աստիճանով պատվել էր հայոց պատրիարքին, խնդրեցինք կարդինալին հայտնել իր կարծիքը նախկին կաթոլիկ աբբա, հիմա լուսավորչական եկեղեցու արքեպիսկոպոս և, իբր վրադիր էլ, Պոլսո պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի մասին:

Մի պտղունց քթախոտ քաշելուց հետո… կարդինալը հայտարարեց. «Պատրիարք էֆենդին հեռվից նման է օրանգուտանի... բայց երբ մոտենաս և հետը խոսես՝ առաջին բառերից իսկ կհամոզվես, որ Արևելքի ամենախորամանկ, այլև հեռատես քաղաքագետն է նորին սուրբ օծություն Մաղաքիա արքեպիսկոպոսը»20:

Օրմանյանի պատրիարք ընտրվելուց անմիջապես հետո «հեղափոխական ընկերները» տարբեր կողմերից փորձեցին իրենց ազդեցության տակ գցել նրան: Բայց Օրմանյանը հաստակող Իզմիրլյանը չէր և ոչ էլ կամազուրկ Աշըգյանը: Նա իր ուղեգիծն ուներ, որին պիտի հավատարիմ լիներ ողջ կյանքում: Օրմանյանը գտնում էր, որ խորտակվող նավի նավապետի ուժերից վեր է փոթորիկը մեղմելը, նրա խնդիրն է պահպանել մտքի հանդարտությունը, չշփոթվել, չվհատվել և երբեք չլքել նավը: Իսկական նավապետը պետք կարողանա համընթաց քամիներ և հոսանքներ որսալով, առանց կորուստների դեպի ապահով նավահանգիստ հասցնել նավի անձնակազմը, եթե նույնիսկ ընտրած ճանապարհը երկար է և ոչ միշտ ուղիղ: Հասկացան թե չէ «հեղափոխականները», բայց Օրմանյանը հստակ հայտարարում էր, որ տվյալ պահի հրամայականն էր պահպանել ազգի գոյությունը, և միայն հետո կարելի էր մտածել ապագայում սպասվելիք զարգացումների մասին: Արդյունքում՝ կուսակցությունները ձեռք քաշեցին Օրմանյանից և բացահայտ թշնամական դիրք բռնեցին նրա հանդեպ: Սրանք ամեն ինչ արեցին Օրմանյանի կյանքը թունավորելու և նրան հրաժարվել ստիպելու համար: Համարյա ամեն օր պատրիարքը մահվան սպառնալիքներ էր ստանում, եթե անհապաղ հրաժարական չտա: Ինչքա՜ն կեղտոտ և լկտի մեղադրանքներ հնչեցին արևելահայ մամուլում, որոնց հեղինակ «կաբինետային հայրենասերներն» իրենց տաքուկ և ապահով անկյուններից խորհուրդ էին տալիս արևմտահայ եղբայրներին տապալել «սուլթանի գործակալ» պատրիարքին21: Բայց քաջ նավապետը չլքեց խորտակվող նավը, և, ինչպես վայել է ճշմարիտ զորավարին, Օրմանյանը չփախավ մարտի դաշտից և հրաժարական չտվեց: Ինչպես ցույց էին տվել նախորդ տասնամյակների դեպքերը, հայոց պատրիարքների հարափոփոխ հրաժարականները միայն թուլացնում էին Կ.Պոլսի պատրիարքության դիրքերը և ավելի անպաշտպան դարձնում արևմտահայությանը: Օրմանյանը հայտնվել էր մուրճի և զնդանի արանքում, մի կողմում չհանդարտվող «հեղափոխականներն» էին իրենց անկանխատեսելի արարքներով, մյուս կողմում՝ օսմանյան մութ ուժերը, որոնք դրդում էին սուլթանին կտրուկ քայլերի դիմել հայերի նկատմամբ: Անհրաժեշտության դեպքում նա կարող էր խիստ, բայց դիվանագիտորեն ճիշտ ձևակերպված բողոք ներկայացնել սուլթանական այս կամ այն դեպքի առթիվ և պահանջել խժդժությունների հեղինակներին22: Միևնույն ժամանակ կարող էր և կայծակնային արագությամբ հայտնվել պալատում և խնդրել սուլթանին ձեռք չտալ անմեղ ժողովրդին և պատժել միայն հակապետական արարք իրագործողներին: Վերջինիս վառ օրինակներից էին 1897թ. օգոստոսի 6-ի դեպքերը, երբ ռումբ պայթեցվեց Բերայի կառավարական շենքում: Օրմանյանն անմիջապես սլացավ պալատ և տեսակցություն ունեցավ Համիդի հետ՝ հորդորելով նրան վրեժխնդիր չլինել անմեղ մարդկանցից: Եվ երբ Հակոբ Խադիկյան անվամբ դաշնակցական մի երիտասարդ 1903թ. հունվարի 6-ին, Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ կրակեց ու վիրավորեց օրվա պատարագիչ Օրմանյանին, նա արեց ամեն ինչ, որ դեպքը մեծ արձագանք չունենա, իսկ հետագայում փրկեց այս անմիտ ահաբեկչի կյանքը՝ բեկանել տալով մահվան դատավճիռը: Օրմանյանն իր ողջ հնարամտությունն ու դիվանագիտական տաղանդը պետք է ներդներ 1905թ. հուլիսի 21-ին սուլթանի դեմ մահափորձի (Ելդըզի դեպքեր) հետևանքները մեղմելու ուղղությամբ: Երկրում մեծ ազդեցություն ունեցող ծագումով հրեա Նեջիբ փաշան ամեն ինչ անում էր, որպեսզի հնարավորինս մեծ թվով հայեր ձերբակալվեին և մեղադրվեին այս գործի շրջանակներում: Նրա ազգակիցները Կ.Պոլսում խուզարկություն սկսած ոստիկաններին մեկ առ մեկ ցույց էին տալիս անբարեհույս հայերի տները: Նեջիբը նույնիսկ հայտարարեց, թե իբր Իզմիրլյանի ժամանակներից սկսած՝ հայերը պատրիարքարանում զենք ու զինամթերք են պահում, և անհրաժեշտ է այն խուզարկել: Օրմանյանի համբերության բաժակը լցվեց, և նա խիստ տոնով բողոքեց, որից հետո սուլթանը հանձնարարեց նրան իր ուժերով ստուգել պատրիարքարանի պահոցները, որտեղ, բնականաբար, զենք ու զինամթերք չգտնվեց: Օրմանյանի դեմ արշավանքին միացան նաև հայ կղերի որոշ ներկայացուցիչներ, որոնք անանուն մատնագրեր էին հղում թուրքական իշխանություններին, օրինակ. հայ տիկնայք կարմիր շոր են հագնում, որը հեղափոխության գույնն է, կամ էլ Տերունական աղոթքի ժամանակ ինչ-որ ուրիշի Արքայությունն են ըղձում և այլ նմանատիպ անհեթեթություններ, որոնց հումորով, թե լրջորեն պիտի պատասխան տար պատրիարքը:

Անհնազանդ պատրիարքին լռեցնել և գահից հեռացնել հաջողվեց երիտթուրքական հեղաշրջումից հետո միայն: Իթթիհաթական քարոզչությունից խաբված հայ կուսակցական գործիչները սկզբում առաջարկեցին իրենց պաշտպանության տակ առնել պատրիարքին (չգիտես ումից և ինչու), բայց կտրուկ մերժում ստանալով՝ փողոց դուրս բերեցին լյումպեններից կազմված մի խառնիճաղանջ ամբոխ, որը քիչ մնաց հոշոտեր իր հոգևոր պետին: Աքսորում էլ չէր դադարում հանգստանալ վրեժով լեցուն Իզմիրլյանի հոգին: Նա մեկը մյուսի հետևից նամակներ էր հղում իր «հեղափոխական» բարեկամներին՝ հորդորելով նրանց ստուգել պատրիարքարանի հաշիվները և գծուծ հաշվետարի իր բնավորությանը հավատարիմ՝ մեղադրում էր պատրիարքին ֆինանսական միջոցները ոչ տեղին օգտագործելու մեջ: Օրմանյանին դատարկապորտ խուժանի ինքնադատաստանից փրկեց (ո՜վ նախախնամություն) ոչ այլ ոք, քան հայոց ապագա դահիճ Թալեաթը, որն այսպիսի խոսքերով դիմեց ամբոխին. «Տգեղ բան մըն է այս ձեր արածը: Ազատութիւն ո՛չ անկարգութիւն և ո՛չ ալ բռնութիւն կը նշանակէ: Եւ յետոյ, այն անձը որու տիրանալ կ’ուզեք դուք, յարգարժան հայրենակից մըն է, որ յաչս պետութեան անբասիր մնացած է մինչև այսօր: Եւ դուք այս իսկ պատճառով թշնամի դարձած էք անոր: Ցրուեցէք գացէք հիմա ձեր տուները, այլապես պետութիւնը պատրաստ պիտի ըլլայ ուժ գործադրելու»23:

Ինչևէ, Օրմանյանը գահընկեց էր արված, ցնծության մեջ էին նրա թշնամիները, 12-ամյա աքսորից Պոլիս վերադարձավ «երկաթյա» պատրիարքը և փոքր մարդուն հատուկ ստորությամբ սկսեց վրեժխնդիր լինել հսկայից: Շուտով «հեղափոխական» եղբայրները հայոց վեհափառի գահին բազմեցրին Իզմիրլյանին, որն իր կաթողիկոսության 15 ամսվա ընթացքում կիսատ-պռատ եկեղեցական մի կանոնագրքի նախագիծ թխելուց և երիտասարդ լուսավորյալ հոգևորականներին հալածելուց ու կարգալույծ անելուց բացի, ոչինչ չարեց: Հիմա էլ «երկաթյան» իր կանոնադրական նախագծով ըմբոստանում էր Ռուսաց կայսրության և «Պոլոժենիի» դեմ, որը պետք էր վերացնել: Նորից հոխորտանք, նորից սին պատրանք, ահա այս նեղճակատ ու անգետ մարդու կերպարը, որն անհամեմատելի է Օրմանյան հոգևոր և ազգային գործչի կերպարի հետ:

Օրմանյանի հեռանալուց և Երուսաղեմ աքսորվելուց հետո ի՞նչ փոխվեց արևմտահայության կյանքում: Նրան հաջորդած պատրիարքները խաղալիք դարձան «հեղափոխականների» ձեռքին և ոչինչ չկարողացան հակադրել երիտթուրք պարագլուխների հայաջինջ ուղուն: Իթթիհաթական պարագլուխները հետագայում պետք է չարախնդային՝ ասելով, որ հայերը պատրիարքությունից հեռացրին մի մարդու, որը կարողանում էր լեզու գտնել սուլթանի և իրենց հետ:

Օրմանյանի հեռանալը պատրիարքությունից միայն մի դրական արդյունք տվեց: Մի քանի տարվա ընթացքում լույս տեսան Օրմանյանի հայագիտական մեծարժեք աշխատությունները, որոնք հայ ժողովրդի և Հայաստանյայց եկեղեցու պատմության անգերազանցելի նմուշներ են: Եռահատոր «Ազգապատում»-ը, «Հայոց եկեղեցին և իր պատմությունը», «Համապատում»-ը, «Ծիսկան բառարան»-ը և բազում այլ գլուխգործոցներ անձեռակերտ հուշարձան դարձան Օրմանյան հսկայի հիշատակին:

Իսկ ի՞նչ մնաց Իզմիրլյանից. մի անշուք տապան Մայր տաճարի զանգակատան մոտ և առ ոչինչ…

 

1 Որոշ Մխիթարյան հայրեր Հռոմի պապի տխրահռչակ գործակալ Հասունի գլխավորությամբ վարում էին ազգադավ քաղաքականություն՝ նպատակ ունենալով հայ կաթոլիկ եկեղեցին ձուլել լատինական եկեղեցու հետ: Աշխարհում և հենց Իտալիայում իր դիրքերը կորցնող պապականությունը փորձում էր տարրալուծել որոշակի ինքնավարություն վայելող արևելյան կաթոլիկներին և, ի մասնավորի, հայ կաթոլիկներին՝ դրանով իսկ հոգևոր և քաղաքական կախվածության մեջ պահելով հայ ժողովրդի մի զգալի հատվածը՝ ջլատելով նրա ուժերը, և զրկել ազգային ինքնուրույնությունից:

2 Վ.Բարունեան, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, Առաջնորդութիւն Հայոց Գանատայի, Մոնթրեալ, 2001, էջ 5:

3 1870թ. հուլիսի 6-ին Վատիկանի ժողովն ընդունեց Հռոմի պապի անսխալականության մասին դրույթը:

4 Հարկ է նշել, որ Վատիկանը դեռևս հայր Միքայել Չամչյանի ժամանակներից բավական զգուշացել էր, և նրա դիրքերի «արթուն պահապանները» հավատաքննության մանրադիտակով զննում էին հայ կաթոլիկ հոգևորական-գիտնականների երկասիրությունները: Հայաստանյայց եկեղեցու ինքնուրույնությունը և հայոց հավատքի հնությունը հիմնավորող հայր Չամչյանի «Վահան հավատոյ…» աշխատությունը ոչնչացվեց դեռևս չհրատարակված, և միայն պատահականության բերումով պահպանվեց գրքի շարվածքը, որն ավելի ուշ հրատարակվեց Մադրասում:

5 Մաղաքիա արք. Օրմանյան, Ազգապատում, հ. Գ, էջ 5003:

6 Խորհրդահայ պատմագրությունը հայոց պատմության համարյա բոլոր շրջանները ներկայացնելիս լայնորեն օգտվում էր Օրմանյանի գիտական ժառանգությունից, չնայած, խուսափում էր հսկայի անունը տալուց:

7 Գաբրիել արք. Այվազովսկին հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ավագ եղբայրն էր, ականավոր հայագետ, հայկական ամենահին և երկարակյաց գիտական պարբերականի՝ «Բազմավեպ»-ի հիմնադիր խմբագիրը և «Մասսյաց աղավնի» պարբերականի հրատարակողը:

8 Հատկանշական է, որ հայ առաջադեմ մտավորականներից շատերն էին ոգևորված իտալացի կարբոնարների գործունեությունից, և շատերը փորձում էին հանդիպել իտալացի ազատամարտիկներին: Պատմավիպասան Ծերենցն Իտալիայում փորձել է հանդիպել Ջ.Մաձինիին, սակայն զավեշտալի իրադրության մեջ է ընկել, քանի որ ավստրիական իշխանությունները նրան ձերբակալել են՝ դնելով Մաձինիի տեղը:

9 Է.Կոստանդյան, Մաղաքիա արք. Օրմանյան, Նշանավոր ճեմարանականներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2005, էջ 456:

10 Վ.Բարունյան, նշվ. աշխ., էջ 7:

11 Մաղաքիա արք. Օրմանյան, Խոհք և խոսք, էջ 6:

12 Պոլսո պատրիարք Ներսես արք. Վարժապետյանը ծանր հիվանդ էր շաքարախտով և համարյա քաշվել էր գործերից:

13 Է.Կոստանդյան, նշվ. աշխ., էջ 459:

14 Արմաշի վանքը հիմնվել էր 17-րդ դարում և գտնվում էր պատմական Նիկոմեդիայում (Իզմիթում)՝ հանդիսանալով Կ.Պոլսի պատրիարքությանը պատկանող թեմ:

15 Նազըմ նամե:

16 Է.Կոստանդյան, նշվ. աշխ., էջ 455:

17 Տ.Ղևոնդ քհն. Մայիլյան, Տ.Տ. Մատթեոս Բ Իզմիրլյան, Նշանավոր ճեմարանականներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2005, էջ 63:

18 Հայոց պատմություն, հիմնահարցեր, խմբ., պրոֆ. Հր.Սիմոնյանի, Երևան, 2000, էջ 244:

19 Սրանց ուղարկած միջոցներով էին ապրում գավառահայ շատ ընտանիքներ:

20 «Ազգ» օրաթերթ, N136, 23.07.2005:

21 «Սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում», ասում է ժողովրդական ասացվածքը: Ռուսական օխրանկայի հետ սերտ համագործակցող շատ արևելահայ «մտավորականներ» մոռացել էին, թե ում և ինչի համար էին ծառայում:

22 Խոսքը 1897թ. Կուտինայի դեպքերի մասին է:

23 Վ.Բարունեան, նշվ. աշխ., էջ 79:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am