Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Մարտ 2011, N 3

ԱՇԽԱՐՀԸ ՄԱՐՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Շատերն էին կարծում, թե գարնան առաջին ամսվա հիմնական առանձնահատկությունը կլինի այն, որ հենց այստեղ հանգուցալուծում կգտնեն անավարտ մնացած բազում իրադարձությունները: Սակայն շուտով պարզվեց, որ մարտը բոլորովին էլ հակված չէ ստանձնել սոսկ եզրափակողի դերը, այլ ընդունակ է աշխարհին մատուցել այնպիսի անակնկալներ, որոնց հետևանքները պիտի դառնան հաջորդող ամիսների լրջագույն խնդիրները: Ամեն դեպքում, առաջին օրերի թոհուբոհում չկային այդ շրջադարձերի մասին վկայող առանձնակի նախանշաններ:

Իրանի մայրաքաղաքում շարունակվում էին բախումները ուժային կառույցների և ցուցարարների միջև: Թեհրանի համալսարանից ոչ հեռու գտնվող հրապարակում հավաքվածները պահանջում էին ազատ արձակել այն ընդդիմադիր գործիչներին, որոնք կալանքի տակ էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Սակայն ինչպես նախկինում, այս անգամ էլ իշխանությունները ճնշեցին ընդվզման փորձերը՝ բանտերը համալրելով նոր այլախոհներով:

Այդ ընթացքում Ժնևում բացվել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 16-րդ նստաշրջանը, որին ներկա պատվիրակները քննարկում էին մարդու իրավունքների վիճակը Իրանում, Հյուսիսային Կորեայում, Մյանմարում, Կոլումբիայում ու Կիպրոսում: Հնչեցին ինչպես հատուկ փորձագետների ելույթներ, այնպես էլ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ամենամյա զեկույցը: Սակայն բարի մտադրություններով համակված ներկաների կոչերն ու փաստարկները քիչ բանով կարող էին օգնել՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Նույն օրը Իսլամաբադում սպանվեց Պակիստանի կրոնական փոքրամասնությունների հարցերով նախարար Շահբազ Բհաթիին, իսկ Իրաքի Էլ-Հադիթա քաղաքի բանկում մահապարտ ահաբեկիչը պայթեցրեց իրեն: Զոհվեց 8 մարդ, ևս 13-ը ծանր վնասվածքներ ստացան:

Մեղքերի ու հատուցման թեման չշրջանցեց նույնիսկ կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդը: Իր նոր գրքում Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը պնդում էր, որ հրեաները կոլեկտիվ պատասխանատվություն չեն կրում Հիսուս Քրիստոսին խաչելու համար: Այդ թեզը նոր չէր: Հրեաներին մեղքից ազատող պաշտոնապես հրաժարումը տեղի էր ունեցել դեռևս 1965 թվականին՝ Վատիկանի երկրորդ հավաքի ժամանակ, սակայն առաջին անգամ էր, որ Հռոմի պապը բացատրություն էր տալիս դրան: Իսրայելում խորին բավարարվածությամբ ընդունեցին Հռոմի պապի տեսակետը:

Միայն թե պատմության սրբագրումները փոփոխություններ չբերեցին նոր օրերի պահանջներում: Իրենց հարևանների օրինակով մարտի 3-ին իսրայելցի վերաբնակիչները ևս որոշեցին «Ցասման օր» հայտարարել: Փակվել էր երկրի գլխավոր խճուղին Երուսաղեմի մուտքի մոտ, ակցիաներ էին ընթանում ի նշան բողոքի Հավատ-Գիլադ բնակավայրում տների քանդման և այդ ընթացքում ոստիկանության կողմից անհամարժեք ուժի կիրառման դեմ:

Ասիական ցասումից անմասն չմնաց նաև Եվրոպան: Այստեղ նույնպես բազմաթիվ պատճառներ ունեին փողոց դուրս գալու և իրենց անհամաձայնությունն արտահայտելու համար: Հենց այդպես էլ վարվեցին Խորվաթիայի Զագրեբ քաղաքի բնակիչները, ովքեր բողոքի զանգվածային ցույցեր էին կազմակերպել՝ պահանջելով վարչապետ Յադրանկի Կոսորի պաշտոնանկությունը: Դրանք ընթանում էին Եվրամիության անդամակցության գործընթացում տեղաշարժի բացակայության պայմաններում: Ֆինանսական ճգնաժամի ու կոռուպցիոն սկանդալների ֆոնին բռնկված այդ հուզումները շարունակվեցին մի քանի օր:

Սակայն մոլորակի տարբեր անկյուններում ինչպիսի իրադարձություններ էլ կատարվեին այդ օրերին, միևնույն է, աշխարհի ուշադրությունը հիմնականում բևեռված մնաց Լիբիայի վրա, որտեղ ընթացող զարգացումները և երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի վտանգավոր խաղը քայլ առ քայլ մոտենում էր աղետալի հանգուցալուծման սահմանին: Դեռևս փետրվարի կեսերից այդ երկրում ծայր առած ապստամբությունը ճնշելու լավագույն տարբերակը համարելով հուզումները արյան մեջ խեղդելը՝ դրանով իսկ իշխանություններն իրենց օրենքից դուրս մղեցին, և քաղաքակիրթ աշխարհի պահանջը՝ անհապաղ դադարեցնել սեփական ժողովրդի սպանդն ու պաշտոնաթող լինել, թվում էր միակ նախընտրելի ելքը: Միայն թե Քադաֆին բոլորովին այլ կերպ էր դատում: Հայտարարելով, թե երկրում ժողովրդական իշխանություն է, չկա նախագահի պաշտոն՝ նա այդ պատճառաբանությամբ մերժում էր բոլոր տեսակի հրաժարական կոչերը և նոր ուժեր ուղարկում իր վերահսկողությունից դուրս գտնվող երկրի արևելյան մասը, ինչպես նաև արևմտյան մի շարք քաղաքներ: Միաժամանակ նա միջազգային հանրությանը նախազգուշացնում էր զերծ մնալ իրավիճակին խառնվելուց: «Հազարավոր լիբիացիներ կզոհվեն ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի՝ Լիբիայի գործերին միջամտելու դեպքում»,- ասում էր Քադաֆին՝ ելույթ ունենալով Տրիպոլիում հավաքված իր կողմնակիցների առջև:

Օրեր շարունակ երկրի տարբեր հատվածներում և հատկապես ափամերձ շրջաններում կատաղի մարտեր էին ընթանում խռովարարների և կառավարական զորքերի միջև: Մարտի առաջին տասնօրյակին ընդդիմադիրներին հաջողվեց գրավել մի շարք բնակավայրեր և հատկապես նավահանգստային Բենգազի քաղաքը: Էզ-Զավիա, Ռաս-Էլ-Անուֆ, Բեն-Ջաուադ, Թոբրուկ քաղաքներում աշխարհազորայիններին հաջողվեց հետ մղել Քադաֆիին հավատարիմ զինվորական ուժերի գրոհը: Խոսվում էր մեծաթիվ զոհերի ու վիրավորների մասին: Բայց շուտով ուժերի հարաբերությունը փոխվեց, երբ մարտադաշտ նետվեցին օգուժը, հրետանին, ծանր զրահատեխնիկան: Ապստամբները ստիպված էին մեծ կորուստների գնով նահանջել և ամրանալ Լիբիայի արևելքում: Երկրում մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը:

Այն օրերին, երբ թվում էր, թե Քադաֆիին այնուամենայնիվ հաջողվելու է վերջնականապես ճնշել անհնազանդությունը, և զորքերի առաջխաղացման արդյունքում ընդդիմադիր ճամբարը կարող էր ուղղակի շրջափակման մեջ հայտնվել, արտաքին ուժերի միջամտությունը նոր որակներ հաղորդեց ներքին առճակատմանը: Ֆրանսիայի կառավարությունը մարտի 10-ին պաշտոնապես ճանաչեց Լիբիայի Ազգային խորհրդին որպես այդ երկրի միակ լեգիտիմ իշխանություն: Նախագահ Սարկոզին նման հայտարարություն արեց Ելիսեյան պալատում Լիբիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Հետագա օրերին բազմաթիվ երկրների առաջնորդներ իրենց աջակցությունը հայտնեցին ապստամբներին: Արևմուտքն արդեն բացահայտորեն խոսում էր ռազմական միջամտության մասին և զանազան հնարավոր սցենարներ էր մտմտում: Կացությունն էլ ավելի սրվեց այն պահից, երբ Քադաֆիի զորքերը վերահսկողություն սահմանեցին Միսուրատա քաղաքի վրա, որն իր մեծությամբ երրորդն է երկրում: Վրա հասավ կարևորագույն վճիռներ կայացնելու պահը: Եվ մարտի 17-ի գիշերը Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհուրդը 10 կողմ, 5 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 1973 բանաձևին, որով նախատեսվում է Լիբիայում սահմանել թռիչքազերծ գոտի, իսկ Քադաֆիին զրկել օդուժի միջոցով ապստամբներին հարվածներ հասցնելու հնարավորությունից: Փաստաթուղթը պաշտպանելու համար նախատեսում էր նաև ցանկացած միջոցի կիրառում, ընդհուպ օդուժի մասնակցությունը՝ արգելելով, սակայն, ցամաքային ուժերի մուտքը: Հինգ ձեռնպահներն էին Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Գերմանիան ու Հնդկաստանը: Բանաձևին իր աջակցությունը հավաստեց Եվրամիությունը: Եվրախորհրդարանը ևս բանաձևը բացառապես տեղին քայլ որակեց:

Մարտի 18-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախաձեռնությամբ Լիբիայի հարցով արտակարգ վեհաժողով գումարվեց, որտեղ քննարկվեց այդ երկրում միջազգային ուժերի տեղակայման հնարավորությունը: Կոալիցիայում ներգրավվեցին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան ու Կանադան: Համաձայնությունը կար: Մնում էր անցնել կոնկրետ գործողությունների: Մարտի 19-ի ուշ երեկոյան մեկնարկեց «Լուսաբացի ոդիսական» անվանումը կրող մարտական օպերացիան: Առաջին պահից միացյալ ուժերը ավելի քան 110 թևավոր հրթիռ արձակեցին լիբիական ռազմական օբյեկտների ուղղությամբ: Ֆրանսիական ռազմական ուղղաթիռները սկսեցին Լիբիայի տարածքի ռմբակոծությունը: Սա պատերազմ էր: Օդային հարվածներ էին հասցվում ռազմական նշանակության օբյեկտներին, զինվորական հենակետերին, հակաօդային պաշտպանության համակարգին, օդանավակայաններին, մատակարարման կառույցներին: Արդեն առավոտյան Քադաֆիի ուժերը հայտարարեցին, թե իրենք հրադադար են հայտարարում, սակայն այդ կոչը մնաց անարձագանք: Երբ որոտում են հրանոթները, անցանկալի բառերն այլևս լսելի չեն:

Հետագա երկու շաբաթների ընթացքում իրադարձությունները զարգանում էին խելացնոր արագությամբ: Մինչ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը խիստ քննադատության էր ենթարկում Լիբիայի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևը, որն, ըստ նրա, «թույլ է տալիս ամեն ինչ և խաչակրաց արշավանքի միջնադարյան կոչ է հիշեցնում», ֆրանսիացիներին արդեն միացել էին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդանավերը:

Լիբիայի դեմ ռազմական միջամտության օգտին արտահայտվել են մի շարք եվրոպական և արաբական երկրներ: Ապստամբներն իրենց հերթին, ոգևորված արտաքին օժանդակությունից, Բենգազիի վրա ֆրանսիական եռագույն բարձրացրին: Ֆրանսիական կործանիչները մարտի 24-ի գիշերը գնդակոծեցին Մուամար Քադաֆիի ռազմակայանը: Երկու օր անց ապստամբներն արդեն զավթել էին ռազմավարական նշանակություն ունեցող Աջդաբիա քաղաքը: Թեև Քադաֆիի բանակը նույն ժամանակ հակահարձակում էր սկսել, սակայն արևմտյան երկրների ավիացիայի օգնությամբ ապստամբներին հաջողվել էր հաղթանակ տանել: Բայց կառավարամետ ուժերին այնքան էլ հեշտ չէր ծնկի բերելը: Հավանաբար այս դիմադրության իրական հնարավորություններն էլ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի խորհուրդը, ռազմաքաղաքական բլոկի 28 անդամ երկրների դեսպանների մակարդակով, պաշտոնական որոշում կայացրեց Լիբիայում ռազմական օպերացիայի հրամանատարությունը ստանձնելու վերաբերյալ: Որոշվեց նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ այն երկրները, որոնք չէին աջակցում Լիբիայի ռմբահարումներին, կզբաղվեն բացառապես թռիչքազերծ գոտու պահպանմամբ, իսկ մյուս դաշնակիցները կգործակցեն օդային հարվածներ հասցնելու հարցում:

Դրանից անմիջապես հետո լիբիացի ապստամբները նվաճեցին Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքը: Նրանց ձեռքն անցան ափի բոլոր խոշոր նավթային կենտրոնները: Կոալիցիայի ավիահարվածների աջակցությամբ, որ մաքրում էր ճանապարհը, ապստամբները, վստահորեն սկսեցին շարժվել դեպի արևմուտք՝ գրավելով Բին-Ջավադ, Մարսա-էլ-Բրեգա, Ռաս-էլ-Անուֆ քաղաքները: Նրանց նշանակետում արդեն երկրի մայրաքաղաքն էր՝ Տրիպոլին:

Ցավոք, Լիբիան միակ վայրը չէր, որտեղ արյուն էր հեղվում: Լարված էր մնում իրավիճակը նաև Կոտ դ’Իվուարում: Երկրի տնտեսական մայրաքաղաք Աբիջանի հյուսիսային արվարձանում, որտեղ բնակվում են հիմնականում ընդդիմության ու միջազգային հանրության կողմից որպես նախագահ ճանաչված Ալասսանա Ուատտարայի կողմնակիցները, բողոքի ակցիաներին ի պատասխան իրավապահները կրակ բացեցին ցուցարարների վրա: Միայն մարտի առաջին շաբաթվա ընթացքում զոհերի թիվը գերազանցում էր 6 տասնյակը: Եվ չնայած միջազգային հանրության ճնշմանն ու միջնորդական ջանքերին, ինքնակոչ նախագահ Լորան Գբագբոն մտադիր չէ լքել Կոտ դ’Իվուարի նախագահի աթոռը: Այնուհանդերձ, ընդդիմությունը ևս հաստատակամ է իր պահանջների ու պայքարի մեջ:

Էլ ավելի վատթար վիճակում էր հայտնվել Եմենը: Այն բանից հետո, երբ մարտի 4-ին այդ երկրի բանակը հրթիռահարված հասցրեց հակակառավարական ցույցի մասնակիցներին, Սանայում ու Եմենի բազմաթիվ խոշոր քաղաքներում տեղի ունեցան ռեժիմի հակառակորդների բազմահազարանոց ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում էին նախագահ Ալի Աբդալա Սալեհի պաշտոնաթողությունը: Երկու օր անց իշխանության կողմնակիցները գրոհեցին Իբբ քաղաքում գտնվող հակակառավարական ցույցերի մասնակիցների ճամբարը: Բախումների արդյունքում տասնյակ քաղաքացիներ տուժեցին: Հասկանալով, որ միայն կոշտ ուժի գործադրմամբ անհնար կլինի խաղաղեցնել բնակչությանը, նախագահ Ալի Սալեհը ստիպված էր հայտարարել, թե չի երկարաձգելու իր լիազորությունների ժամկետն ու չի ձգտի իշխանությունը փոխանցել որդուն: Միաժամանակ նա տեղեկացրեց, որ մտադիր է երկրում խորհրդարանական կառավարում մտցնել: Հենց դրան է ուղղված Սահմանադրության նոր նախագիծը, որը պետք է հաստատվի այս տարի տեղի ունենալիք հանրաքվեով:

Խոստումները՝ խոստումներ, սակայն այն բանից հետո, երբ եմենցի ուժայինների կողմից արձակված կրակոցների արդյունքում երկրի մայրաքաղաք Սանայում շուրջ երեսուն մարդ զոհվեց, ավելի քան 100-ը վնասվածքներ ստացան, մարտի 18-ին նախագահը երկրում արտակարգ դրություն հայտարարեց: Նման որոշում կայացրեց պաշտպանության ազգային խորհուրդը:

Արտակարգ դրություն հայտարարելու ծայրահեղ քայլին դիմեց նաև Բահրեյնի թագավոր Համադ ալ-Խալիֆան այն բանից հետո, երբ այդ երկիր մուտք գործեցին Սաուդյան Արաբիայից ու Արաբական Միացյալ Էմիրություններից կանչված զորքերը: Երկրի իշխանությունները հարկադրված էին հրավիրել օտարերկրյա զինվորականներին՝ Մանամայի կենտրոնում մեկ ամսից ավելի ցույցեր անող ընդդիմադիրների դեմ ապարդյուն պայքարից հետո: Ընդդիմության կողմնակիցները իշխանափոխություն ու երկրի քաղաքական համակարգի փոփոխություն էին պահանջում: Հաջորդ օրն իսկ ռազմական ստորաբաժանումները սկսեցին ուժով ցրել մայրաքաղաքի հրապարակում գտնվող հազարավոր ցուցարարներին: Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ, կառավարությանը ոչինչ չէր խոչընդոտում նաև ծանր հրետանի օգտագործել ու քաղաք բերել տանկեր:

Մարտ ամիսն իր խոշոր ցնցումներով հանդերձ փորձում էր ամեն կերպ ստեղծել կյանքի բնականոն ընթացքի պատրանքը, որտեղ դեռ կայացվում էին ապագային միտված որոշումներ, հակառակորդները հաշտության եզրեր էին փնտրում, իսկ մարդիկ կարող էին նաև երջանիկ լինել իրենց փոքրիկ ուրախություններով: Ճիշտ է, դա ոչ միշտ էր հաջողվում, ավելի հաճախ ցավալի միջադեպերն էին հաջորդում մեկը մյուսին՝ ժամանակ առ ժամանակ ընդմիջվելով քաղաքական բնույթի որևէ նշանակալի իրադարձությամբ, սակայն պահանջներն ավելի համեստ էին դարձել, և առավելագույնի ակնկալիքն առանձնապես իր մասին չէր հիշեցնում:

Մարտի 4-ին Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Նովշերա քաղաքի մզկիթի մոտ պայթյուն որոտաց: Ահաբեկչության արդյունքում զոհվեց 9 մարդ, առնվազն 30-ը վնասվածքներ ստացան: Հաղորդվեց, որ սպանդի կազմակերպիչները կարող էին լինել «Թալիբան» շարժումից:

Մարտի 5-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները քննարկելու ծրագրով: Արդյունքում՝ կողմերն ընդունեցին հայտարարություն, որով պարտավորվում էին ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը, բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն:

Մարտի 6-ին ԱՄՆ Լուիզիանա նահանգում ավերիչ տորնադոյի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ բնակիչներ: Մասնագետների կարծիքով՝ այս տորնադոն վերջին 70 տարվա ընթացքում տարածաշրջանում ամենաուժեղն էր: Իսկ մինչ այդ ուժգին փոթորիքներ էին մոլեգնում այլ նահանգներում՝ Ինդիանայում, Քենթուկիում, Օհայոյում:

Նույն օրը Բրազիլիայում մեկնարկեց աշխարհի խոշորագույն միջոցառումներից մեկը՝ Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը: Շքեղ տոնակատարության համար ժամանել էին 700 հազար զբոսաշրջիկներ տարբեր երկրներից և Բրազիլիայի տարբեր վայրերից: Հիմնական իրադարձությունը՝ սամբայի դպրոցի շքերթը, շարունակվեց երկու գիշեր:

Մարտի 7-ին Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպի ղեկավարած Բարեփոխումների կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում: Այս կուսակցության օգտին քվեարկեց ընտրողների 28,6%-ը, ինչը նշանակում էր, որ խորհրդարանի 101 տեղից 33-ը կպատկանի բարեփոխականներին: Ընդհանուր առմամբ, միայն չորս կուսակցությունների հաջողվեց հաղթահարել անհրաժեշտ հինգտոկոսանց շեմը:

Մարտի 8-ին Բրյուսելում 2008 թվականից ի վեր առաջին անգամ Սերբիայի ու Կոսովոյի միջև բանակցություններ սկսվեցին: Կողմերը երկու օր շարունակ միջնորդների ներկայությամբ քննարկեցին տեխնիկական խնդիրներ՝ քաղաքական խնդիրները նպատակաուղղված մղելով երկրորդ պլան: Պրիշտինան նախկինի պես հրաժարվում է քննարկել Սերբիայից այդ տարածքի անկախությունը վիճարկող ցանկացած հարց: Իսկ Բելգրադն ավելի վաղ հասկացրել էր, որ պատրաստ է գնալ փոխզիջումների՝ պայմանով, որ որոշակի վերահսկողություն կունենա Կոսովոյի այն տարածքների վրա, ուր սերբ բնակչություն է ապրում:

Իսկ հետո Պակիստանի Ֆայսալաբադ քաղաքի բենզալիցքավորման կետում ավտոմեքենայի պայթյունից 22 մարդ մահացավ, 100-ից ավելի քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ: Կոլումբիայում առևանգեցին տեղացի 23 բնակիչների, ովքեր աշխատում էին կանադական Talisman Energy ընկերության ենթակապալառուի մոտ, և կասկածներ կային, որ արարքի թիկունքում կանգնած էին Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի մարտիկները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրություն ստորագրեց 1995թ. ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ: Չինաստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվածների թիվը գերազանցեց 2 տասնյակը, փլվեց շուրջ 600 շինություն:

Այս և այլևայլ դեպքերի չոր ժամանակագրական շարադրանքը կարելի է շարունակել անսահման երկար: Սակայն առաջին հայացքից որևէ ընդհանրություն չունեցող պատահարների և իրադարձությունների այս առատությունից մշտապես անբաժան էին լարվածությունը, տագնապներին հաջորդող նոր տագնապները, հանգամանքների ու պատճառների ստվերում մնացող մարդկային ճակատագրերը: Վերադառնալով հին հասցեներին ու աշխարհագրական վայրերին՝ առաջին բանը, որ աչքի էր զարնում, այն ճշմարտության գիտակցումն էր, որ ոչինչ չէր ավարտվում, այլ մի բանի վախճանը մեկ այլ կացության սկիզբն էր, ընդ որում՝ այնպիսի սկիզբը, որ կարծես հուշում էր, թե պատմությունը կրկնվելու ցանկություն ուներ:

Եգիպտոսում, որտեղ բոլորովին վերջերս մեծ ցնցումներն ավարտվել էին ցանկալի արդյունքով, առաջվա պես իշխում էին քաոսն ու անհանգստությունը: Այն բանից հետո, երբ կենցաղային վեճի պատճառով մահմեդականները կրակի մատնեցին քրիստոնեական եկեղեցին, ղպտիները Կահիրեում բողոքի մի քանի ակցիաներ անցկացրեցին, որոնք այնուհետև վերաճեցին բախումների ու անկարգությունների: Ցուցարարները դուրս էին եկել Կահիրեի ամենամեծ ավտոմայրուղիներից մեկը և քարեր նետել ավտոմեքենաների ուղղությամբ: Միջադեպին զոհ դարձավ 11 մարդ, 110-ը վիրավորվեց:

Սաուդյան Արաբիայում անկարգությունների նախաձեռնությունը պատկանում էր տեղի շիաներին: Բողոքելով սուննի մեծամասնության կողմից իրենց նկատմամբ կիրառվող խտրականությունից՝ նրանք բողոքի ակցիաներ կազմակերպեցին Բահրեյնին սահմանակից Քաթիֆ քաղաքում: Իշխանությունները փորձեցին ամեն կերպ կանխել զանգվածային անկարգությունների տարածումը, ոստիկանությունը հրազեն կիրառեց ցուցարարների դեմ, սակայն հաջորդ օրերին հարյուրավոր մարդիկ դուրս եկան Հոֆուֆ քաղաքի փողոցներ՝ արձագանքելով ընդդիմության՝ սոցցանցերի միջոցով տարածված կոչին: Ընդդիմադիր ուժերը կոչ էին անում ուրբաթօրյա աղոթքից հետո «Ցասման օր» սկսել ու բարեփոխումներ պահանջել:

Հրապուրված Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ծավալվող իրադարձություններով և ներշնչված այն կանխատեսումներով, թե Ադրբեջանը  հեղաշրջման գնացող պոտենցիալ թեկնածու է, այդ երկրի ընդդիմությունը նույնպես որոշեց կրկնել մյուսների փորձը՝ նախատեսելով Բաքվում անցկացնել «Ցասման օր»: Բայց մարտի 14-ին ոստիկանները դաժանաբար ցրեցին նրանց առաջին իսկ հավաքը՝ ձերբակալելով ավելի քան մեկ տասնյակ երիտասարդների: Մյուսները տարվեցին բաժանմունքներ ու ծեծի ենթարկվեցին: Հաջորդ օրը Բաքվի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակում հավաքվեցին իրադարձությունների ընթացքից վրդովված հարյուրավոր մարդիկ: Իր շարունակությունը ստացած «Ցասման օրվա» մասնակիցները պահանջում էին ժողովրդավարական բարեփոխումներ, ազատություններ, նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացում և այլն: Միայն թե վերջիններիս նույն ճակատագիրն էր սպասվում: Ոստիկանական նոր ջոկատներ մտցվեցին Բաքու, որոնք էլ հաշվեհարդար տեսան ընդդիմության ակտիվիստների հետ:

Հարևան Թուրքիայում ևս անհամեմատ մռայլ օրեր էին, որի մեղավորն այս անգամ Եվրախորհրդարանն էր: Մարտի 10-ին այդ կառույցի հոլանդացի պատգամավոր Ռիա Օոմեն Ռուիյտենի կողմից Թուրքիայի վերաբերյալ կազմված խիստ զեկույցն ընդունվեց ձայների մեծամասնությամբ: 58 կետից բաղկացած զեկույցը բավականին սուր գնահատականներ էր տալիս Թուրքիայում իրականացվող բարեփոխումներին՝ անդրադառնալով գրեթե բոլոր ոլորտներին: Նշենք նաև, որ խորհրդարանում հույն և կիպրոսցի պատգամավորները փորձել էին զեկույցում ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, սակայն այս առաջարկը ձայների մեծամասնությամբ մերժվել էր:

Ահա ընդհանուր գծերով այսպիսին էր մարտ ամսի վայրիվերումների «սինուսոիդը» մինչ այն պահը, երբ աշխարհը ցնցվեց մեծ ողբերգությունից: Ցնցում բառն այս դեպքում արդեն փոխաբերություն չէր:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ հզորագույն երկրաշարժ: Ընդերքը տարուբերվեց Միյագի պրեֆեկտուրայի ափին՝ Տոկիոյից 373 կմ հեռավորության վրա, 8,9 մագնիտուդ հզորությամբ: Հարվածից երկրագնդի առանցքը տեղաշարժվեց 10 սանտիմետրով: Տարերքի հիմնական հարվածը բաժին հասավ Հոնսյու կղզուն: Մեկը մյուսին հաջորդող հինգ երկրաշարժերը հաշված րոպեների ընթացքում երկիրը վերածեցին ավերակների: Իսկ դրան հաջորդած հզոր ցունամին կրկնապատկեց մեծագույն կորուստների թիվը: Վերջին տեղեկությունների համաձայն, զոհերի և անհայտ կորածների թիվը անցնում էր 20 հազարից, հարյուր հազարավոր մարդիկ անօթևան էին մնացել: Բայց նույնիսկ այդ ամենից հետո Ճապոնիային պատուհասած աղետը դեռ վերջինը չէր: Շուտով լուրեր տարածվեցին այն մասին, որ հրդեհ էր բռնկվել Օնագավայի ատոմակայանի տուրբինային սրահում, և ռադիացիայի արտահոսք կար: Հաջորդ օրը դրան գումարվեց «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, որի առաջին բլոկում հայտնաբերվեց ու արձանագրվեց ռադիոակտիվ ցեզիում: Իշխանություններն անմիջապես ձեռնամուխ եղան բնակչության տարհանմանը: Երկու օր անց «Ֆուկուսիմա 1»-ի երկրորդ ռեակտորում պայթյուն տեղի ունեցավ: «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում նույնպես արտակարգ դրություն հայտարարվեց:

Աղետի հետևանքները վերացնելու համար աշխարհի բազմաթիվ երկրներ օգնության ձեռք մեկնեցին Ճապոնիային: Ու թեև փրկարարական և վերականգնողական աշխատանքներն ընթանում էին օրնիբուն, բոլորի համար էլ պարզ էր, որ աշխարհի տնտեսապես հզոր երկրներից մեկին բաժին էր ընկել այնպիսի փորձություն, որի հետևանքները լիովին հաղթահարելու համար նրանից կպահանջվեն երկար տարիներ:

Եվ իհարկե, մեծագույն վտանգն այս դեպքում ռադիացիոն հետքերն էին, որոնք, չնայած գործադրված բոլոր ջանքերին, օր օրի ահագնանում էին և սփռվում Ճապոնիայից շատ ու շատ հեռու: Առաջինը նման հետքեր հայտնաբերվեցին Հարավային Կորեայում: Մասնավորապես, Կոնվոնդո նահանգի մթնոլորտում ռադիոակտիվ քսենոն հայտնաբերվեց: Ռադիոակտիվ մասնիկները շարժվեցին նաև Կամչատկայի ուղղությամբ, իսկ այնտեղից՝ Չինաստան ու ասիական մի շարք այլ երկրներ: Ճապոնիայի ատոմային էներգիայի գործակալությունը հրապարակեց նոր տվյալներ, համաձայն որոնց՝ վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երկրորդ ռեակտորի մոտ ծովի ջրերում ռադիոակտիվ յոդի մակարդակը 10 մլն անգամ գերազանցել էր թույլատրելիի սահմանը: Նույն ժամանակ երկրին պատուհասեց մեկ այլ աղետ՝ միանգամից 13 հրաբուխ արթնացավ: Դրանց թվում էր նաև հանրահայտ Ֆուձիյաման: Սեյսմիկ ալիքների ազդեցության տակ կուտակված լավան արթնացել էր ու բազմաթիվ երկրաշարժերի առիթ դարձել հրաբխի շուրջը:

Փորձության երկար տարիների միջով անցած մեկ այլ երկրում՝ Աֆղանստանում նույն այդ օրերին ջանում էին հաղթահարել երկրի ուսերին ծանրացած մի բեռ, որ տուն էր մտել բարեկամի դիմակով, սակայն վերածվել էր վտանգի: Մարտի կեսերին երկրի արևելյան նահանգների ավագանիների հետ հանդիպման ընթացքում նախագահ Համիդ Քարզայը ՆԱՏՕ-ին կոչ արեց դադարեցնել ռազմական օպերացիաներն ու լքել երկիրը: Երկրի դռան կողմը ցույց տվող Քարզայի խոսքերով, ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի օպերացիաները, որի ժամանակ զոհվում են խաղաղ բնակիչներ, դադարեցնի ռմբահարումները ենթադրյալ գրոհայինների դեմ: «Ես կխնդրեի ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին պատվով և խոնարհաբար դադարեցնել մեր երկրում իրենց գործունեությունը: Մենք շատ համբերատար ժողովուրդ ենք, բայց մեր համբերությունն արդեն հատում է: Մենք Արևմուտքին պարտական ենք այն ամենի համար, ինչ արել է: Սակայն եթե օտարերկրացիները մեզ համարում են իրենց բարեկամները, չպետք է սպանեն իրենց բարեկամներին»,- հայտարարեց նա:

Կարծես ի պատասխան այս պահանջի, մարտի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժեց Աֆղանստանից զորքերն անհապաղ հանելու վերաբերյալ բանաձևի նախագիծը:

Մինչ հարավում դաշնակիցները հարաբերություններ էին պարզում, հյուսիսում ամրապնդվում էր մեկ այլ դաշնակցային գործընկերություն: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում ընդունեց եռօրյա այցով Մոսկվա ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երկու երկրների ղեկավարները քննարկեցին տնտեսական համագործակցությունը, այդ թվում էներգավառելիքային ոլորտում, անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին: Կարևորագույն հարցերի շարքում Թուրքիան հարկ համարեց նշել, որ պատրաստ է չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ: Ռուսներն ամենևին չէին թաքցնում, որ Թուրքիան Ռուսաստանի համար այնպիսի շահավետ առաջարկներ է պատրաստել, որոնցից իրենք պարզապես չէին կարող հրաժարվել:

Աշխարհն անընդմեջ լարվածության մեջ պահող իրադարձությունների շարքը հարաճուն էր, և մարտն այդ իմաստով չզիջեց իր նախորդներին: Միջերկրական ծովում մարտի 15-ին թունիսցի ապօրինի ներգաղթյալներով լի նավ խորտակվեց, անհետ կորավ 35 մարդ: Մարտի 16-ին ֆրանսիացի օդերևութաբանները վտանգի «նարնջագույն» մակարդակ հայտարարեցին երկրի հարավային յոթ դեպարտամենտներում՝ տարհանելով հարյուրավոր քաղաքացիների: Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտում զոհեր եղան:

Թաիլանդում վերջին 30 տարիների ընթացքում ամենախոշոր ջրհեղեղը գրանցվեց, որը ջրի տակ թողեց երկրի հարավային առողջարանները: Ցիկլոնի կենտրոնը գտնվում էր Կրաբիյան շրջանում ու Անդամանյանի ափերին, որտեղ Պհուկետ կղզին է: Ծովում ալիքի բարձրությունը հասնում էր մի քանի մետրի:

14 մարդ զոհվեց, ավելի քան 30-ը վնասվածքներ ստացան իրանական Քարաջ քաղաքի բանտում տեղի ունեցած հուզումների ժամանակ: Անվտանգության ուժերին հաջողվեց դադարեցնել անկարգությունները միայն 9 ժամ անց: Թմրանյութերի մաքսանենգության համար մահապատժի ենթարկվածների խումբը փորձել էր փախուստի դիմել: Սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել փախուստը:

Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 70 մարդ զոհվեց: Ստորերկրյա ցնցումներն ավերել էին տասնյակ բնակելի տներ Տարլեյ քաղաքում: Ստորերկրյա ցնցումներ գրանցվեցին նաև Մյանմարի, Թաիլանդի ու Լաոսի սահմանին: Ցնցումներ արձանագրվեցին Բանգկոկում:

Այդ ընթացքում դաժան մարտեր էին ընթանում Կոտ դ’Իվուարի տնտեսական մայրաքաղաք Աբիջանում: Զինված ուժերը, որ հավատարիմ են գործող նախագահ Լորան Գբագբոյին, կրակ բացեցին Ալասան Ուատտարայի կողմնակիցների վրա: Հրաձգության արդյունքում զոհվեց առնվազն 25, վիրավորվեց 45 մարդ:

Պակիստանի Բալուշիստան նահանգի ստորգետնյա ածխահանքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասավ 43-ի: Ածխահանքը փլուզվել էր մեթան գազի պայթյունի հետևանքով, և զոհվածների մեծ մասը խեղդվել էր այդ գազից:

Մարտի 19-ին Սպիտակ տան մոտ անցկացված հակառազմական հանրահավաքի 113 մասնակից ձերբակալվեց: Բողոքի ակցիաներ էին անցկացվում նաև ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում՝ իրաքյան երկրորդ պատերազմի ութերորդ տարելիցի կապակցությամբ: Առավել բազմամարդ էին Չիկագոյի ու Սան Ֆրանցիսկոյի հանրահավաքները: Իսկ դրանից մեկ օր առաջ երկրի իշխանություններն աննախադեպ որոշում էին կայացրել՝ հայտարարելով, թե այսուհետ ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատներն իրավունք են ստացել ներխուժել Կենտրոնական Ասիայի երկրներ՝ Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան ու Ուզբեկստան: Զարմանալի էր, որ դրանից հետո Կենտրոնական Ասիայի երկրների իշխանություններից պաշտոնական մեկնաբանություններ չստացվեցին: Բացի այն, որ ԱՄՆ բանակը տարանցիկ կենտրոն ունի Ղրղզստանում և ավիաբազա՝ Ուզբեկստանում, հայտնի է նաև, որ «կանաչ բերետավորները» պարբերաբար հատում են այդ երկրների սահմանները՝ Աֆղանստանի տարածքից փախչել փորձող զինված խմբավորումներին հետապնդելու պատրվակով:

Գալով Աֆղանստանին, նկատենք, որ այդ երկիրը դեռ երկար հարկադրված կլինի մնալ օտարների իշխանության ներքո: Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհուրդը հերթական անգամ մեկ տարով՝ մինչև 2012 թվականի մարտի 23-ը երկարաձգեց Աֆղանստանում իր առաքելության մանդատը: Փաստաթղթերում ամեն բան շատ գեղեցիկ է, այնտեղ ասվում է, որ այդ մանդատով ՄԱԿ-ի առաքելությանը վերապահված է նպաստել Աֆղանստանում ազգային համերաշխությանը, ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը, տրամադրել մարդասիրական օգնություն, ստեղծել երկրի տնտեսության վերականգնման և աճի պայմաններ: Սակայն թվարկվածներից դեռ ոչ մեկը լիարժեքորեն կյանքի չի կոչվել:

Իրենց երկրի ճակատագիրն առավելագույնս ինքնուրույնաբար փորձում էին լուծել հեղափոխությունից հոգնած եգիպտացիները: Մարտի 19-ին այդ երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Երկրի 80 միլիոնանոց բնակչությունից 45 մլն ընտրողներն ընտրություն պիտի կատարեին հիմնական օրենքում իրենց ներկայացված 9 հոդվածների վերանայման առթիվ: Համաձայն այդ փոփոխությունների, երկրի ղեկավարն այսուհետ ընտրվում էր չորս տարով և այդ պաշտոնում կարող էր առաջադրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ: Վերացվում էր նաև ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու մասին 179 հոդվածը:

Այն ծանր բեռից, որից թոթափվել էր ուզում Եգիպտոսը, մեկ այլ երկիր՝ հարևան Սիրիան սեփական կամքով իր ուսերին էր առնում՝ կարճ ժամանակում երկիրը նետելով քաոսի, ահաբեկչության, ներքին առճակատումների հորձանուտը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մարտի 18-ին Սիրիայի Դարա քաղաքում հակակառավարական ցույցերի մասնակիցներն այրեցին Արդարադատության պալատի, Հեղափոխականների միության ու Երիտասարդական կենտրոնի, ինչպես նաև իշխող Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության շենքերը: Հազարավոր ցուցարարները պահանջում էին կառավարության հրաժարականը, երկրում մոտ 50 տարի շարունակվող արտակարգ դրության վերացումը: Հուզումներին միջամտեցին բանակի ստորաբաժանումները: Գրանցվեցին առաջին զոհերը: Իշխանությունները հայտարարեցին, թե տեղի ունեցածի պատասխանատվությունն ընկնում է մի քանի «սադրիչների» վրա, որոնք փորձում են «քաոս ու անկարգություններ հրահրել»: Սակայն դրանից հետո էլ երկրի հարավային շրջաններում բողոքի գործողությունները չդադարեցին: Մարտի 23-ին Սիրիայի հատուկ ծառայությունները կրկին Դարա քաղաքում կրակ բացեցին հակակառավարական ցույցի մասնակիցների վրա՝ սպանելով հինգ մարդու: Մյուս օրը զոհվածների թիվը հասավ 25-ի, տասնյակ մարդիկ ձերբակալվեցին: Հուզումները նոր տարածքներ էին գրավում, և այս անգամ բախումների օջախի վերածվեց Սիրիական խոշոր՝ Լաթաքիա նավահանգստային քաղաքը: Այստեղ տեղի ունեցած ընդվզումների ժամանակ զոհվեց 10 զինվորական ու երկու ապստամբ: Սիրիական CAHA լրատվական գործակալությունը հաղորդել էր, թե «քաղաքի որոշ շրջաններում զինված խմբերը զբաղեցրել են շենքերի տանիքները և կրակ են բացել անցորդների ու անվտանգության ուժերի վրա»: Անմասն չմնաց նաև վիրտուալ տարածքը: «Հեղափոխություն Սիրիայում 2011» կոչվող խմբի կողմից «ժողովրդական ապստամբության» կոչ տեղադրվեց Facebook-ում: Խումբը գլխավոր նպատակ էր հռչակել Սիրիայում ազատության հասնելը:

Դեպի հնարավոր հանգուցալուծում տանող առաջին քայլն արձանագրվեց մարտի 29-ին, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ընդունեց Մուհամեդ Նաջի ալ- Աթարիի գլխավորած կառավարության հրաժարականը: Սակայն դիտորդներն այն համոզմանն են, որ հազիվ թե նման ուշացած փոխզիջումային գործողությունները կարողանան շրջել անշրջելին:

Մերձավոր Արևելքին լուրջ անհանգստություն պատճառած այս դեպքերը որքան էլ կարևոր էին ու մեծապես զբաղեցնում էին հարևան երկրների իշխանություններին, սակայն նրանց ներքին հոգսերը ոչ պակաս տագնապալից էին ու համարժեք քայլեր հարկադրող: Այդ օրերին իսրայելցիների համար հերթական լարվածությունն էին ստեղծել Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինցիների զանգվածային ցույցերը: Ցուցարարները պահանջում էին դադարեցնել օկուպացիան և վերականգնել ներպաղեստինյան միասնությունը: Իսրայելական բանակը բերվեց ուժեղացված պատրաստվածության վիճակի: Ու մինչ բոլորի հայացքը սևեռված էր սահմանին, մարտի 23-ին Արևելյան Երուսաղեմում՝ քաղաքի գլխավոր ավտոկայանի հարևանությամբ, հզոր պայթյուն որոտաց: Պայթյունի արդյունքում 2 մարդ զոհվեց, տուժեցին 25 ուղևորներ: Այս ահաբեկչությունը Երուսաղեմում 2004թ. հետո առաջինն էր: Թել Ավիվը սպառնաց դաժանորեն պատժել մեղավորներին:

Իսկ համատարած անկայունության լավագույն վկայությունը շարունակում էր մնալ արաբական աշխարհում հեղափոխականության վարակը, որը դադարի կամ սպառման որևէ նախանշան ցույց չէր տալիս: Մեկ այս, մեկ այն երկրից հասնող լուրերը բացառապես հաղորդում էին իշխանության և ընդդիմության արյունալի, անզիջում առճակատումների մասին:

Մարտի 24-ին Հորդանանի մայրաքաղաքում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին ռեժիմի բարեփոխումներ, պատիժներ կաշառակերների նկատմամբ, որից հետո նրանք ճամբար խփեցին Ամմանի հրապարակներից մեկում: Երեկոյան ոստիկանությունը, փորձելով քանդել վրանային քաղաքը, անջատեց լուսավորությունը և օգտվելով խառնաշփոթից՝ բախումներ հրահրեց: Դրանց արդյունքում տուժածների թիվն անցնում էր 100 մարդուց:

Շատ ավելի դաժան գտնվեցին Բահրեյնի իշխանությունները, որոնք Պարսից ծոցի պետությունների ռազմական ստորաբաժանումների աջակցությամբ ուղղաթիռներից և տանկերից գնդացիրներով կրակ բացեցին ընդդիմադիր ուժերի ուղղությամբ: Ըստ անկախ լրատվամիջոցների, ընդդիմադիրների շարքում զոհերի թիվը օր օրի ավելանում էր, կային նաև անհետ կորածներ:

Մարտի 28-ին Եմենի հարավային Աբյան նահանգի Ջաար քաղաքում զինամթերքի գործարանում պայթյունը 150 մարդու կյանք խլեց: Վիրավորների թիվը հաշվվում էր տասնյակներով: Նախօրեին կառավարական զորքերի ու իսլամիստական խմբավորումների միջև բախման արդյունքում իսլամիստներին հաջողվել էր Ջաարը վերցնել վերահսկողության տակ: Գրոհայինները գրավել էին կառավարական շենքերը, զորանոցները, նաև տեղական ռադիոկայանի շենքը: Նրանց ձեռքում էր հայտնվել նաև Բատիժի զինագործարանը: Պայթյունը որոտացել էր, երբ տեղացիները փորձել են զինամթերք գողանալ գործարանից:

Առանց հեղափոխական նկրտումների, սակայն ոչ առանց արյան իր ահարկու հետքն էր գծում նաև միջազգային ահաբեկչությունը: Մարտ ամսվա ընթացքում նրանց գործունեության աշխարհագրությունը քիչ բանով էր տարբերվում նախորդ ժամանակներից:

Մարտի 28-ի երեկոյան Պակիստանի հյուսիսարևմտյան հատվածում գրոհայինները հարձակվել են հատուկ նշանակության ջոկատի մարտիկների վրա: Զոհվել էր 14 ոստիկան: Ներքին զորքերի ստորաբաժանմանն ուղեկցել էր պահակախումբը, սակայն Ակախել բնակավայրի մոտ գրոհայինները ականանետերով գնդակոծել էին պահակախմբին: Պակիստանյան ԶԼՄ-ների գնահատականներով, 2007թ. ի վեր այդ երկրում ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 3500 մարդ: Ի դեպ, մի քանի օր անց Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Աֆղանստանի հետ սահմանակից հատվածում փոխհրաձգության ժամանակ 13 սահմանապահ զոհվեց: Զինվորականների վրա սխալմամբ կրակ էին բացել հրետանային գնդի նրանց զինակիցները:

Իսկ ահա բուն Աֆղանստանում մարտի 26-ին արմատական «Թալիբան» շարժման գրոհայինները Կունար նահանգում ավելի քան 50 մարդու գերի վերցրեցին, այդ թվում՝ ՆԳՆ աշխատակիցների: Նրանք գերիներին բաժանել էին փոքր խմբերի և տարել անհայտ ուղղությամբ: Ահաբեկիչների զոհերը Նուրիստան նահանգ մեկնող ոստիկաններն էին:

Այնուհետև հերթը Իրաքինն էր: Այստեղ՝ Սալահ Ադ-Դին նահանգի Տիկրիտ քաղաքում, որը նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ծննդավայրն է, մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրեց վարչական շենքի դիմաց: Մահապարտը պայթուցիկով լցված գոտին գործի էր դրել շենքի գլխավոր մուտքի առջև, որից հետո զինված մարդիկ, օգտվելով իրավիճակից, մտան ներս: Նրանք իրենց հսկողության տակ էին վերցրել կառույցը և կրակում էին ոստիկանների ուղղությամբ, իսկ աշխատող անձնակազմը պատանդված էր ներսում: Որոշ ժամանակ անց պայթեց ականապատ մի մեքենա:

Ահաբեկիչներից զերծ չէր մնում Ռուսաստանը: Ռուսների համար Հյուսիսային Կովկասը շարունակում էր թեժ գոտի մնալ: Տեղի իշխանություններին այլ բան չէր մնում, քան հերթական անգամ Ինգուշիայում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն ծավալել: Առաջին օպերացիան կիրառվեց Նազրանում: Երկրորդ՝ առավել ծավալուն օպերացիայի ժամանակ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը կետային հարվածներ հասցրեցին Ինգուշիայում ընդհատակյա հանցախմբի բազային: Արդյունքում՝ սպանվեց 17 գրոհային: Հաղորդվում էր, որ այդ բազայում էին նախապատրաստում մահապարտ ահաբեկիչներին:

Եվրոպայից եկող լուրերը մարտի վերջին օրերին հարուստ էին հասարակական կյանքում տեղ գտած բուռն անհանգստության մասին վկայող տեղեկություններով: Այսպես, բախումներ գրանցվեցին Բրյուսելի Լուա փողոցում իրավապահների ու ցուցարարների միջև: 15 հազար ցուցարարներ շարժվել էին Եվրաթաղամասի ուղղությամբ, որտեղ ընթանում էր ԵՄ երկօրյա գագաթաժողովը: Այնտեղ 27 երկրների ներկայացուցիչները հաստատում էին «Եվրոյի պակտը»՝ միտված եվրոպական տնտեսության մրցունակության բարձրացմանը: Իսկ ցուցարարները պահանջում էին իրենց առաջնորդներից հրաժարվել աշխատավարձերի, սոցվճարների ու գործազրկության նպաստների ինդեքսացիայի կրճատումից, թոշակի տարիքի բարձրացումից և այլ միջոցառումներից, որոնք ուղղված են բյուջեի դեֆիցիտի կրճատմանը:

Առնվազն 214 մարդ ձերբակալվեց մարտի 26-ին Լոնդոնի կենտրոնում անկարգություններին մասնակցելու համար: 500 հազար մարդ է դուրս եկել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի փողոցներ՝ նույնպես բողոքելով կառավարության կողմից բյուջետային ծախսերը կրճատելու որոշման դեմ:

Սրանք էին այն հիմնական իրադարձությունները, որոնք ուղեկցեցին մեզ մարտի բոլոր օրերի ընթացքում: Սակայն հազարավոր ու հազարավոր այլ դեպքեր այդպես էլ մնացին ստվերում, թեև վերջին հաշվով հենց նրանք էլ կանխորոշում էին այն շարժման ուղղությունը, որ ընտրել էր աշխարհը գարնան առաջին ամսին:

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am