Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Մարտ 2011, N 3

ՄԱՐՏԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2011թ. մարտը հազվադեպորեն ակտիվ էր։ Քաղաքական սեզոնը նոր շունչ առավ ձմեռվա քնից հետո, մարտին նշմարվեցին նոր միտումներ, որոնք ողջ տարվա ընթացքում կգերիշխեն երկրի քաղաքական իրականությունում։

Ամիսը բուռն սկսվեց. մարտի 1-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց։ Խոսակցությունները լայն զանգվածների մեջ ՀԱԿ ազդեցության կորստի մասին հիմնազուրկ դուրս եկան. օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակը բնակչությանն այլ շանս չի թողնում` ընդդիմության շարքերն անցնելուց բացի, իսկ քանի որ ՀԱԿ-ն այսօրվա դրությամբ ամենալուրջ (բոլոր իմաստներով) ընդդիմադիր կազմակերպությունն է և իրեն այլընտրանք չունի, ապա նրա կողմնակիցների թիվը բազմապատկվում է նաև այն անձանց հաշվին, որոնք կտրականապես չեն ընդունում Լևոն Տեր-Պետրոսյանին՝ որպես քաղաքական գործչի։

Մարտի 17-ին առաջին նախագահի կողմնակիցներին հաջողվեց անհամեմատ ավելի շատ մարդ հավաքել, իսկ հանրահավաքի ավարտին նրանց թույլատրվեց մտնել Ազատության հրապարակ։ Տերպետրոսյանականները հրապարակ մտնելը ինքնատիպ խորհրդանշական հաղթանակ համարեցին և հայտարարեցին հաջորդ հանրահավաքի ամսաթիվը։ Թերևս, ՀԱԿ հանրահավաքները 2011թ. ընթացքում կդառնան ներքաղաքական գործընթացի գլխավոր բաղադրիչը։ Սակայն տեղի ունեցավ քաղաքական պայքարի մարտավարության վերանայում. ՀԱԿ-ը հրաժարվեց արմատականությունից՝ որպես իր հիմնական սկզբունքից, «հեղափոխականությունը» տեղը զիջեց «էվոլյուցիոնիզմին»։ Կարծում եմ՝ սա ճիշտ որոշում է, քանի որ բանն այն է, որ այսօր երկրի քաղաքական ղեկավարությունն ամեն ինչ է անում իրեն կործանելու համար, ընդհուպ մանրուքները, այնպես որ՝ ընդդիմության տեսակետից հարկ չկա լրացուցիչ ջանքեր գործադրել գործող իշխանության կործանման համար։ Ընդդիմությունը համոզված է, որ նախագահ Սարգսյանի ռեժիմը երկար չի ձգի, և այն բանից հետո, երբ կփլուզվի, համաշխարհային հանրությունը և տեղի հասարակայնությունը պարզապես կխնդրեն նրան՝ Տեր-Պետրոսյանին, գլխավորել պետությունը, քանի որ էլ մարդ չկա, երկրում նման կարգի քաղաքական գործիչ` չիք։

Իհարկե, մեր բախտը ևս բերել է ընդդիմության «էվոլյուցիոնիզմի» հաշվով, քանի որ շատ ավելի հաճելի է գործ ունենալ մայրաքաղաքի կենտրոնն աղբավայրի և «բոմժատեղիի» չվերածող ընկալունակ քաղաքական ուժի, այլ ոչ թե այն բանի հետ, ինչ տեղի ունեցավ 2008թ. փետրվար-մարտին։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, և իսկապե՞ս բանը կհասնի այնտեղ, որ կիրականանա Տեր-Պետրոսյանի 13-ամյա երազանքը, այն է՝ համազգային և միջազգային խնդրանք, որ գլխավորի պետությունը։

Մարտին տեղի է ունեցել մի քանի նշանային իրադարձություն իրավապահ ոլորտում։ Ձերբակալվեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը, ողջ աշխարհն իմացավ, որ Հայաստանում իշխանությունը կոռուպցիայի և կաշառակերության մոնոպոլիա չունի. պարզվում է, որ ցանկացած չափի կաշառք վերցնում են և՛ ընդդիմության ներկայացուցիչները, և՛ նրանց ընտանիքների անդամները։ Տիկին Փոստանջյանը ծանր տարավ եղբոր ձերբակալությունը, խուլիգանական ակցիաներ սկսեց կառավարության շենքի մոտ, բախում կազմակերպեց ոստիկանության հետ, բայց ապարդյուն. Հայաստանի քաջարի իրավապահ համակարգը դիմացավ Փոստանջյանի գրոհին և ազատ չարձակեց նրա եղբորը, նույնիսկ անտեսելով արևմտյան թերմացքներով սնվող որոշ պորտաբույծ հասարակական կազմակերպությունների պահանջները։ Այստեղ ուրախալին այն է, որ, նախ, պարզ դարձավ, որ Հայաստանն ամենևին էլ մոնոպոլիաների պետություն չէ. կաշառք վերցնում և այն հարգում են ինչպես ռեժիմի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները, երկրորդ՝ ռեժիմը, ինչպես երևում է, գիտակցել է, որ խիստ վտանգավոր է ղեկավարվել դժգոհող հասարակության ցուցումով և համաձայնել նրա հետ, հատկապես եթե բանը վերաբերում է իրավապահ մարմինների գործունեությանը։

Մյուս նշանային իրադարձությունը հանրապետության քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանի ձերբակալությունն էր։ Հիշեցնենք, որ նա ոստիկանության ամենաարնախում սպաներից էր, ժողովուրդը նրան մեկ սպանություն չէ, որ վերագրում է։ Իսկ բռնվեց հիմարության պատճառով. սպանության մի գործի քննությունն ուղղորդեց կեղծ հետքով, այսինքն՝ սպանության մեղքը բարդեց անմեղ մարդու վրա, ինչի համար էլ պատժվեց։ Սակայն դժվար է հավատալ, թե երկրի քաղաքական ղեկավարությունը Թամամյանին պատժել է դրա համար, քանի որ նրան հայտնի է, որ Հայաստանում շատերն են ուրիշի փոխարեն դաժան պատիժ կրում։ Հավանաբար, գործ ունենք այն բանի հետ, որ փորձ է արվում Թամամյանի միջոցով լուծել քոչարյանական շրջանի ոստիկանական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հարցերը։ Այնպես որ, տեսնենք, թե իր հետևից ում կտանի գնդապետ Թամամյանը. համենայնդեպս, քաղաքացի Ղուլյանի մահը Թամամյանի աշխատասենյակում, որը որպես ինքնասպանություն է ձևակերպվել (Ղուլյանը, ըստ պաշտոնական վարկածի, դուրս է նետվել պատուհանից և մահացել, սակայն ավելի հավանական է թվում նրա սպանությունը Թամամյանի խոշտանգումներից, որին հաջորդել է անկենդան մարմնի դուրս նետումը պատուհանից), տեղի է ունեցել Հայկ Հարությունյանի ղեկավարած գերատեսչության շենքում։

Ոստիկանության կոլեգիայի նիստին մասնակցած նախագահ Սարգսյանը հորդորեց սպաներին լինել բարոյական և չկատարել անբարո գործընկերների հանձնարարությունները։ Ինչպես նաև ասաց, որ բարեփոխումները ոստիկանությունում բնակչության համար պետք է շոշափելի լինեն և այլն, և այլն։

Ամսվա սկզբին մեզ հաճելիորեն զարմացրեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հրամանագրեր ստորագրելով մայրաքաղաքի մի քանի բուհերի ռեկտորների պաշտոնակատարների նշանակման մասին։ Հատկապես բերեց բժշկական համալսարանի բախտը, որն ազատագրվեց տիկին Գոհար Քյալյանից։ Ի դեպ, դա ուժեղ հարված էր փոխվարչապետ Գևորգյանին և երկրորդ նախագահ Քոչարյանին։ Ինչպե՞ս նրանք կդիմանան այդ հարվածին և ինչպե՞ս կվարվեն հետագայում՝ դժվար է ասել։

Մարտին կառավարությունը գնաճը սանձելու հերթական անարդյունավետ միջոցները ձեռնարկեց։ Կաբինետը մի օրինագիծ նախաձեռնեց, որի համաձայն՝ իրեն իրավունք է վերապահում միջամտել շուկայի գործերին և սահմանել առաջին անհրաժեշտության մթերքների գները, եթե մեկ ամսվա ընթացքում դրանց գինն աճի 30%-ով։ Անշուշտ, դա հայրենական օլիգարխիայի անկշտությունը սանձելու արդյունավետ միջոց չէ, քանի որ այնտեղ հիմարներ չկան։ Եվ օլիգարխներից ոչ ոք մեկ ամսում գները 30%-ով չի բարձրացնի. նրանք կբավարարվեն 29%-ով։ Ինչպես տեսնում ենք, կառավարությունում վատ են հասկանում իրավիճակը, բայց ամենատխուրն այն է, որ այնտեղ հավատում են իրենց նախաձեռնությունների հաջողությանը։ Սակայն բանն այն է, որ չի կարելի միայն օլիգոպոլիաներն ու մոնոպոլիաները հռչակել չարիք տնտեսության համար։ Ասենք թե շաքարի ներմուծմամբ զբաղվում է 10 ընկերություն, այլ ոչ թե մեկը։ Դժվար չէ հասկանալ, որ սպառողի համար ապրանքի վերջնական գինն ավելի թանկ կլինի, քանի որ մեկ խոշոր ներմուծողն ի վիճակի է մեծ քանակությամբ և ավելի շահավետ գնով ապրանք ձեռք բերել, քան 10 փոքր ներմուծողները։ Հետևաբար, հարկավոր է զբաղվել գնագոյացման հիմնախնդրով, այլ ոչ թե ընկնել խոշոր ներմուծողների հետևից։ Այսինքն՝ անհրաժեշտ է արգելել գերշահույթը (դրա համար որքան ասես օրենքներ կան) և թույլ չտալ հիմնական ներմուծողներին և արտադրողներին առողջ բանականությանը չհամապատասխանող գներ սահմանել, որոնց նպատակը խոզի պես լափելն է։

Մարտի 12-ը նախագահ Սարգսյանը նվիրեց գյուղատնտեսությանը։ Ծաղկաձորում հավաքեց կառավարության ֆինանսատնտեսական հատվածին, Կենտրոնական բանկի ղեկավարությանը։ Որոշվեց ամենաբարձր մակարդակով զբաղվել գյուղի հիմնախնդիրներով։ Իսկ իրականում դա վերածվեց դեպի գյուղ կատարվող ճոխ այցելությունների, կասկածելի գաղափարներ հնչեցնելու։ Մասնավորապես, վարչապետը, կատարելով Համաշխարհային բանկի հրահանգները, անձամբ սովորեցրեց Արագածոտնի գյուղերից մեկի բնակիչներին կով կթելու նրբությունները, իսկ հետո՝ մարտի 27-ին, մի քանի հեռուստաալիքներին տված ընդարձակ հարցազրույցում կրկին անդրադարձավ գյուղատնտեսության հիմնախնդիրներին։ Սակայն ակնհայտ է և միանշանակ, որ ներկա կառավարությունը բացարձակապես ի վիճակի չէ կարգավորել այս ճյուղի գործերը, քանի որ այդպես էլ չգիտակցեց ամենագլխավորը, այն է՝ գյուղի համար անթույլատրելի և կործանարար են առևտրային բանկերի բարձր տոկոսադրույքները։ Այսպես, վարչապետն ասաց, որ որոշ բանկեր գյուղացիներին վարկ են տալիս 10%-ով (16 կամ 18%-ի փոխարեն), իսկ պետությունը փոխհատուցում է այդ տարբերությունը։ Փաստորեն, վարչապետն ասում է, որ մեր բանկերին քիչ է քաղաքակիրթ շահույթը, նրանց վայել չէ ԿԲ-ից 7,5%-ով փող վերցնել և բնակչությանը վարկավորել 10%-ով, նրանց անհրաժեշտ են ավելի բարձր տոկոսադրույքներ՝ 16, 18, 24։ Սա նշանակում է, որ երկրի ողջ տնտեսությունը պետք է գործի բանկային համակարգի համար, այլ ոչ թե հակառակը, որպեսզի տարեվերջին վարչապետը կրկին կարողանա գովել բանկային համակարգը և ասել, որ այն կայացած ինստիտուտ է (հիշեցնենք, որ անցած տարի երկրի առևտրային բանկերի ընդհանուր շահույթը կազմել է 300 մլրդ դրամ)։ Մի խոսքով՝ գյուղատնտեսությունում իրավիճակի առողջացման մասին խոսելը ժամանակի իզուր վատնում է։ Տարեվերջին ձախողումները նորից կվերագրեն եղանակային պայմաններին, նախարարին կհանեն և, հնարավոր է, կհրաժարվեն Հայ Առաքելական եկեղեցու ծառայություններից, որի ուժերից վեր կլինի իր սպասավորների աղոթքներով կանխել երկրի գյուղատնտեսության փլուզումը։

Ի դեպ, ի կատարումն նախագահի հանձնարարությունների՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանը մարտի 21-ին հանդես է եկել պատմական հայտարարությամբ։ Մասնավորապես, խորահավատ նախարարն ասել է, որ կառավարությունը վերահսկելու է պարարտանյութերի և թունաքիմիկատների գները, ավելին, հաստատապես խոստացել է, որ այդպես էլ կարվի։ Բարեբախտաբար, գյուղացիները չհավատացին նախարարին, քանի որ հայ գյուղացին, անկախ կրթության մակարդակից, բավական իմաստուն է և հիանալի հասկանում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանը լուրջ ընդունելը լուրջ չէ և վտանգավոր է կյանքի համար։ Միևնույն ժամանակ, գյուղացիները տեսնում են, որ անցած տարվա համեմատ պարարտանյութերի և թունաքիմիկատների գներն ուղիղ 30%-ով բարձրացել են՝ ի հեճուկս նախարարի հավաստիացումների։ Ավելին, այսուհետ ևս բարձրանալու են, քանի որ խոշոր մասշտաբներով պարարտանյութերի ներկրմամբ արդեն զբաղվում է ոչ այլ ոք, քան ազգային հերոս, ողջ հայության պարծանք, իմաստուն քաղաքական գործիչ և ազգային գործիչ ու պետական շինարար Սամվել Բաբայանը, բիզնեսից շատ հեռու մարդ՝ համաձայն նրա խնամառության տակ գտնվող ԶԼՄ-ների և մի շարք քաղաքական գործիչների։ Եթե, Աստված չանի, պրն Բաբայանն այդ շուկայում իրեն պահի նույնքան վճռական ու արմատական, որքան և ադրբեջանցիների դեմ պատերազմի տարիներին, ապա հայ գյուղացիությունը կործանումից չի խուսափի։

Ամսվա ամենաուրախալի իրադարձությունը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից ֆենոմենալ հայի, պոտենցիալ տիեզերագնացի և խոշոր աստղաֆիզիկոսի, Նյուտոնին և ուրիշ շատերին հերքողի հայտնաբերումն էր, որը, հետագայում պարզվեց, հազվագյուտ գիժ էր, որին ճանաչել չէին կարողացել նույնիսկ նախարարության աշխատակիցները, որոնց մեջ նաև գիտությունների ակադեմիայի անդամներ կան։ Մի խոսքով՝ փորձելով իմաստ հաղորդել իր անիմաստ նախարարությանը, տիկին Հակոբյանն այս անգամ, առեղծվածային «հայկական մտքի» որոնումներում, անցավ բանականի սահմանն ու արդյունքում համազգային ծաղրուծանակի առարկա դարձավ։ Տխուրն այս պատմության մեջ այն է, որ ծաղրուծանակի առարկա է դառնում կինը, իսկ ուրախալին՝ այն, որ երբեք հայ ժողովուրդն այդպես անկեղծորեն չէր ծիծաղել վերջին 10 տարում, ինչպես սփյուռքի նախարար տիկին Հակոբյանի անիմաստ գործունեության փաստերից մեկի առիթով։

Բայց Հրանուշ Հակոբյանի բախտը բերել է, որ մարտին, նրանից բացի, երկրում իր մասին լուր տվեց նաև մեկ այլ ծաղրանքի առարկա՝ հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի։ Պրն Հովհաննիսյանը՝ «Ժառանգություն» կուսակցության սեփականատերը, մոլի ընդդիմադիրը, որը քաղաքականության մեջ ոչնչից չի խորշում, ներառյալ՝ խելագարությունը, ամսվա կեսին հացադուլ հայտարարեց՝ նախապես սափրելով թավ բեղերը։ Նպատակը՝ նախագահ Սարգսյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը։ Հասկանալի է՝ բոլորը, ներառյալ նաև ինքը՝ պրն Հովհաննիսյանը, հասկանում են, որ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա, եթե նույնիսկ երկրի տասնյակ քաղաքացիներ մեռնեն հացադուլից։ Սակայն պրն Հովհաննիսյանն իր համար պահուստային ելք էր թողել. ասել էր, թե հացադուլը կդադարեցնի, եթե այդ խնդրի Աստված (թե ինչպես է պրն Հովհաննիսյանը շփվում Նրա հետ՝ հայտնի չէ), իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, պրն Հովհաննիսյանի զինակից և ապարանցի Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե իրենց առաջնորդը կարող է դադարեցնել հացադուլը նույնիսկ այն դեպքում, եթե դա խնդրի կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ չսպասելով Աստծո պատվիրանին։

Ի դեպ, այդ օրերին պրն Հովհաննիսյանի հացադուլի գոտին ուխտավայր էր դարձել։ Հացադուլավորին այցելեցին բոլոր նրանք, ովքեր չալարեցին. խորհրդարանի ղեկավարությունը, պատգամավորներ, հասարակական գործիչներ և նույնիսկ Միացյալ Նահանգների դեսպան տիկին Մարի Յովանովիչը։ Մոտենում էին հացադուլավորին, կարեկցում, ցավակցում, մի խոսքով՝ «ներկա էին ստանում» և հեռանում։ Բայց գլխավորն այն է, որ այդ բոլոր օրերին Ազատության հրապարակում ուրախ էր։ Պրն Հովհաննիսյանի հացադուլից հատկապես ուրախանում էին փոքրիկ երեխաները. չէ՞ որ առօրյայում նրանք տարօրինակ բաներ ու տարօրինակ մարդկանց քիչ են տեսնում, դրա համար էլ հեռվից ուշադիր դիտում էին պրն Հովհաննիսյանին, հեռվից մոտենում էին նրան, զվարճանում. մի խոսքով՝ միայն հանուն մանկական ժպիտների արժեր, որ «Ժառանգության» առաջնորդը կազմակերպեր այս հացադուլը։ Կարծում եմ՝ ժողովուրդն ըստ արժանվույն կգնահատի սա։

Դե, իսկ մարտի 30-ին, նախապես ծանուցելով, որ մտադիր է դիմել ազգին (ԱՄՆ նախագահների նման), պրն Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը։ Ասաց, թե իբր պայքարի առաջին փուլն ավարտված է, թե վաղն իր համար տոն է՝ դստեր՝ Շուշիի ծննդյան օրը և էլի շատ բաներ։ Մի խոսքով՝ պրն Հովհաննիսյանի՝ հացադուլը դադարեցնելը Ազատության հրապարակում վերածվեց իսկական տոնի երկրի այն քաղաքացիների համար, որոնք համակրում են քաղաքական պայքարի ոչ ավանդական միջոցներն ու մեթոդները։

Ամսվա ուրախալի իրադարձությունը Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումն էր։ Արդյունքը՝ ոչ ոքի։ Կարելի է ասել` հայկական ֆուտբոլը վերելք է ապրում։ Համենայնդեպս, այս մրցաշրջանում մեր հավաքականն անհամեմատ ավելի բարձր մակարդակով է հանդես գալիս, քան երբևէ անցյալում։

Ամսվա հազվադեպ իրադարձությունը՝ արժանի պարգևատրում, ինչը Հայաստանում գրեթե չի լինում։ Նախագահ Սարգսյանը պարգևատրեց լեգենդար Նիկիտա Սիմոնյանին օտարերկրյա քաղաքացիների համար բարձրագույն պետական պարգևով՝ Պատվո շքանշանով։ Համաձայնենք, որ նոմինանտն արժանավոր է, արժանի համազգային հարգանքի։

Կարճ՝ համարի բովանդակության մասին։

Մենք որոշել ենք փոքր-ինչ կրճատել ամսագրի քաղաքական բաղադրիչը և հետագայում ավելի մեծ ուշադրություն նվիրել հայ իրականության սոցիալական, իրավական, մշակութային և պատմական ասպեկտներին։ Բանն այն է, որ, մեր կարծիքով, քաղաքականությունը մարդկանց ավելի ու ավելի քիչ է հետաքրքրում, և դրա պատճառը լճացումն է, գոյություն ունեցող իրողությունների կոնսերվացումը, փոփոխությունների և դրանք իրականացնելու ցանկության բացակայությունը։ Այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է՝ ի հայտ բերելով հետաքրքիր շատ իրողություններ այն բոլոր ոլորտներում, որոնք արժանի են պատշաճ ուշադրության։

Հոդվածների շարքը բացում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի նյութը «Պետություն և իրավունք» խորագրում։ Հեղինակը գրում է ազատազրկվածների հիմնախնդիրների, պայմանական վաղակետ ազատման և այլ հարցերի մասին։ Միանշանակ է, որ Դանիելյանը լավ տեղեկացված է ոլորտում տիրող իրավիճակին, քանի որ երեքուկես տարի անձամբ զբաղվել է պատժի իրականացման համակարգի վերափոխմամբ։ Այնպես որ՝ ընթերցողն իրողություններին կծանոթանա, ինչպես ասում են, առաջին ձեռքից։

Այնուհետև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լրագրող Հասմիկ Բադալյանի («Տնտեսություն» խորագրում) հոդվածը՝ նվիրված Հայաստանում սոցիալական բնակշինարարությանը։ ԽՍՀՄ փլուզմամբ բնակարանի հիմնախնդիրը հայերի համար խիստ ակտուալ դարձավ, իսկ պետության վեհերոտ փորձերը՝ փոխառել սոցիալական բնակշինարարության արևմտյան փորձը և հետևել այդ ստանդարտներին, մեզ մոտ առայժմ իրավիճակը չեն փոխում։

«Բանավեճ» խորագրում հանդես է գալիս մեր մշտական հեղինակ Ռուբեն Վարդանյանը։ Գրում է կրկին նույն բանի մասին, բայց հետաքրքիր է։ Էլ չեմ ասում, որ ճշմարտությունը շատ չի լինում, քանի որ ճշմարտությունը պետք է կրկնել և հաստատել այնքան անգամ, ինչպես ասում էր Գյոթեն, մինչև որ լիովին հասնի հասցեատիրոջ գիտակցությանը։ Մի խոսքով՝ արժե ծանոթանալ։

Մշակութաբան Լիլիթ Գրիգորյանը «Հայկական վանդալիզմ» հոդվածում գրում է անշրջահայացության և անբարոյության մասին, որ տիրում են երկրի պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում։ Բանն այն է, որ Հայաստանի տարածքում ավելի շատ հուշարձաններ են ոչնչացվում, քան Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում միասին վերցրած։ Դրա համար էլ, կարծում եմ, Հայաստանում վանդալիզմի մասին հարկ է խոսել ավելի շատ և հաճախակի, քան այլ երկրներում այդ երևույթի դրսևորումների մասին։

«Քաղաք և գավառ» խորագրում զետեղվել է հրապարակախոս Հովհաննես Չարխչյանի «Կարաբալա» ակնարկը։ Կարծում եմ, այս սրտահույզ պատմության հերոսը ծանոթ է բոլոր հին երևանցիներին, իսկ նյութը տոգորված է հին Երևանի ոգով, որի հանդեպ այրող կարոտ ունեն բնիկ երևանցիները։ Մի խոսքով՝ խորհուրդ եմ տալիս կարդալ։

«Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում այս անգամ ներկայացված է երկու նյութ nationalidea.am պորտալից։ Երկուսն էլ հետաքրքիր են և մեծապես հետաքրքրել են լսարանին։

Բարի ժամանց «Ազգային գաղափարի» նոր համարով։ 

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am