Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հայրենական մտքի գոհարներ

Հայրենական մտքի գոհարներ
Մարտ 2011, N 3

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄՏՔԻ ԳՈՀԱՐՆԵՐ

«Կռիվ չի եղել, նման բան չի եղել, դրանք հերյուրանքներ ա, Հրանտն էլ Սամվելի մեծ ախպերն ա, ընկերն ա, «Գրանդ Քենդին» էլ Սիթիում ծախում ենք, ոչ մի պրոբլեմ չկա: Ես էլի եմ ասում, ես թիկնապահներ չունեմ, դրանք իմ օֆիսի աշխատողներն են, բայց քանի որ օֆիս էլ չունեմ, իրանք ավտոյիս մեջ են նստում»:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան

 

Կար ժամանակ, երբ սեփական անձի մասին երրորդ դեմքով խոսելու արտոնությունը բացառապես վերապահված էր կայսրերին: Սակայն նույնիսկ ամենատխմար արքան իր պատվից ցածր կհամարեր արքայական շքախմբերն ու թիկնազորը պահել կառքերի մեջ իբրև գործածելի ուղեբեռ: Իսկ ահա ներկայիս «լֆիկամետ» հարաբերությունների պայմաններում մեր օրերի հզորները առաջնորդվում են գերազանցապես այլ չափանիշներով: Համաձայն այդ կաստայական կոդեքսի, այսուհետ «ախպերներ» համարվում են նրանք, ում ապրանքը վաճառվում է «Սիթի»-ում: Մյուսներն այս հիերարխիկ կատեգորիային պատկանել չեն կարող՝ համաձայն օլիգարխիկ բարոյականության թելադրանքի, որտեղ ընկերությունը ապրանք է, ունի իր իրացման գինը և պիտանելիության ժամկետը:

 

* * *

«Հայաստանը որպես պետություն պետք է կարողանա արտահանել գիտելիքները՝ որպես արտադրանք, ահա ապագայի տնտեսությունը»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան

 

Գիտության ջատագով վարչապետը կարող է մեղմել իր եռանդը և ապագան չշփոթել անցյալի ու ներկայի հետ: Այն, ինչ նա պատրաստվում է անել, շատ վաղուց կյանքի է կոչվել նրա նախորդների անմնացորդ ջանքերի շնորհիվ: Գիտելիքների արտահանումը «ուղեղների արտահոսքի» տեսքով արդեն երկու տասնամյակ ընթանում է ակտիվ տեմպերով: Հարյուրավոր հայ գիտնականներ լքեցին երկիրը՝ եվրոպաներում և ամերիկաներում փնտրելով իրենց իմացությունը արժանվույնս գնահատող հաստատություններ: Ճիշտ է, դրանից հայրենի տնտեսությունը ոչ միայն առաջ չընթացավ, այլև խրվեց ու մնաց սեփական ձեռքերով խորացրած ճահճուտում, բայց քանի որ Տիգրան Սարգսյանի ցանկության առաջին հատվածն իրականացել է, նա կարող է առանց խղճի խայթի ձևացնել, թե երկրորդ մասը նույնպես բարենպաստ ազդեցություն կունենա իր վարած ու մշակած սիլիկոնյան դաշտերի պտղաբերության վրա:

 

* * *

«Ես հեղափոխությունը նորմալ երևույթ չեմ համարում, որովհետև բոլոր հեղափոխություններից հետո այդ երկրները կործանվում են առնվազն 30-50 տարով: Հեղափոխության նկատմամբ ես առանձնապես սիմպատիա չունեմ, որովհետև հեղափոխությունը ցնցում ա, զինված ճանապարհով բռնազավթում ա իշխանությունը, որը նորմալ քաղաքակիրթ տարբերակը չի: Իշխանափոխությունը կատարվում ա մեկ այլ տարբերակով, ինչը որ շատ զարգացած երկներում տեղի ա ունեցել: Իշխանության տապալումը զենքի միջոցով ա:  Հեղափոխությունը զենք ա... Ես ձեր հետ հավասար կարող եմ խոսել, ձայնային տվյալներս էլ հերիքում են, դուք խոսեք, ես էլ եմ խոսելու, մեկ ա ես չեմ թողելու ինձնից շատ խոսեք, էդ մեթոդը  իմ վրա չի ազդում, և ասում եմ, որտեղ հեղափոխություն է, այնտեղ զենքի գործադրում, որը ես մեղադրում եմ»:

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյան

 

Այն, որ հանրապետության գլխավոր ոստիկանը իրարից չի զանազանում հեղափոխությունն ու հեղաշրջումը, սա դեռ ամբողջ դժբախտությունը չէ: Շատ ավելի տխուր է, երբ սովորաբար իրավապահները չեն տարբերակում օրինականությունն անօրինականությունից, արդարն անարդարից, մեր ունեցվածքն իրենց ունեցվածքից և այդ  բացը լրացնում են գործողությունների այն նույն մեթոդներով, որի հանդեպ Ալիկ Սարգսյանը «սիմպատիա» չունի՝ ցնցումներ, բռնազավթումներ, զենքի կիրառում: Ու եթե առաջնորդվելու լինենք վերոնշյալ չափորոշիչներով, ապա թե՛ մեր, թե՛ նրա համար անակնկալ կերպով կհանգենք մի զարմանահրաշ հետևության. Ա.Սարգսյանը հայ մեծ հեղափոխական է: Իսկ եթե ասվածին էլ գումարենք այն փաստը, որ ոստիկանապետը գերազանց ձայնային տվյալներ ունի, ուրեմն Ա.Սարգսյանը հայ մեծ տրիբուն հեղափոխական է:

 

* * *

 «Իմացողը ստանում է, չիմացողը՝ ոչ»:

 ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյան

 

 «Կա թոշակառու՝ կլինի վճարում, չկա թոշակառու՝ չի լինի վճարում»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան

 

Հայ պաշտոնյաների լեզվամտածողության մեջ բեկումնային տեղաշարժեր են կատարվում: Երբեմնի մինիմալիզմն իր տեղը զիջում է տոտալ պրիմիտիվիզմին:

 

* * *

«Մենք պատերազմող երկիր ենք, կիսանախագահական»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան

 

Ըստ Գալուստ Սահակյանի տրամաբանության, երկրների կառավարման ձևերը բացառապես կախված են այն բանից, թե տվյալ երկիրը ռազմաքաղաքական ինչ կարգավիճակի մեջ է գտնվում:

 

* * *

«Բնական է, ես,  որպես մենեջեր, ենթակա եմ Հանրապետական կուսակցությանը»:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյան

 

Կարեն Կարապետյանը շարունակում է հարազատ կուսակցությունը դիտել իբրև մի ձեռնարկություն, որի որոշակի ճյուղի պատասխանատուն լինելը շատ ավելի պատվաբեր է, քան մայրաքաղաքի գլուխ համարվելը: Բայց այս «արտադրական» կարգավիճակի համար մեղքի բաժին ունի նաև ՀՀԿ-ն, որն իր կադրերին վերադաստիարակում է ոչ թե պետական այրեր, այլ ընդհանուր «ցեխի» աշխատակիցներ լինելու ոգով:

 

* * *

«...Այսօր գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի տոկոսը բավականին բարձր է: Այն միջինը կազմում է 24 տոկոս, չնայած վերջին տարիներին տեսնում ենք, որ տոկոսադրույքները նվազում են, բայց այնուամենայնիվ, դեռևս վարկային միջոցների գինը բավականին բարձր է: Նախորդ տարի մենք սկսեցինք մի ծրագիր Աշոցքի, Ամասիայի շրջանում, որի իմաստը կայանում էր նրանում, որ պետությունը պետական բյուջեից սուբսիդավորում էր տոկոսադրույքները: Այդ համայնքներում շուրջ 2 հազար գյուղացիական տնտեսություններ ստացան վարկեր՝ 10 տոկոս տոկոսադրույքով: Կենտրոնական բանկի հետ համատեղ մշակվել է ծրագիր. ԿԲ-ն առևտրային բանկերին տրամադրելու է անհրաժեշտ միջոցներ՝ դրամային արտահայտությամբ, և բանկերը պետք է այդ միջոցներն ուղղեն գյուղացիական տնտեսությունների վարկավորմանը, իսկ պետությունը շարունակելու է տոկոսադրույքների սուբսիդավորումը: Այս պարագայում ԿԲ-ի հետ այդ տոկոսադրույքները կազմելու են շուրջ 14 տոկոս, որից 4 տոկոսի բեռը պետությունը կվերցնի իր վրա, որպեսզի 10 տոկոսով վարկը հասնի գյուղացուն»:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան

 

Աշխարհի շատ հմուտ ձեռնածուներ կնախանձեին մեր կառավարության եկամտաբեր աճպարարություններին, որը կարողանում է ոչ միայն քերթել սեփական քաղաքացիների կաշին, այլև այդ մեծ թալանը մատուցել իբրև աննախադեպ բարեգործություն: Միջազգային ֆինանսական կառույցներից տարեկան 3-4 տոկոսով վարկեր վերցնող երկիրը բազմապատիկ բարձր տոկոսներով սրանք սաղացնում է իր բնակիչների վրա, իսկ վարչապետն այդ ընթացքում դեռ հասցնում է լավամարդ լինել, երբ այդ գումարներն իր մի գրպանից հանելով մյուս գրպանն է դնում: Նման դեպքերի համար ուղղախոս ժողովուրդն ասում է. «Գողը որ տնից եղավ, եզը երդիկից էլ կհանի»: Իսկ թե ինչու է վարչապետը համարում, որ քաղաքակիրթ շահույթը բացառված պիտի լինի հայաստանյան բանկերի համար և նրանց անհրաժեշտ է միայն գերշահույթը, անգամ պետական բյուջեի հաշվին՝ այս հարցի պատասխանը պետք է ակնկալել երկրի նախագահից:

 

* * *

«Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին

Ուրախալի է, որ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ուշադրության կենտրոնում է: Եթե չլիներ այս դեպքերը, դժվար կլիներ հավատալ, թե որքան մարդ է կարդում ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդքան ուշադիր են, և բոլոր նրանք, ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այն փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ:

Այս կապակցությամբ ասենք, որ ի տարբերություն այլ նախարարների, ՀՀ սփյուռքի նախարարն օրեկան ընդունում է շուրջ 10 սփյուռքահայի՝ բոլորն էլ կամ ճանաչված (կամ ոչ այնքան) մարդիկ են կամ էլ ունեն խնդիրներ և, բնականաբար, ընդունելությունից առաջ նախարարը չի ստուգում նրանց փաստաթղթերը»:

ՀՀ սփյուռքի նախարարության հայտարարությունից

 

Խելացիները սխալներ գործելիս խոստովանում են իրենց մեղքը, հիմարները այդ սխալներին հավելում են նորերը: Եվ միայն անուղղելի կամակորներն են, որ գիտակցելով իրավիճակի անելանելիությունը՝ շարունակում են պնդել, թե մեղքը ոչ թե եղածն է, այլ դրա մասին խոսելը: Եթե այս համառ հետևողականությունը հետայսու ևս շարունակվի, ապա փոխադարձ համաձայնության դեպքում առարկողներին այլ բան չի մնում, քան հրապարակավ և վերջնականապես ճանաչել Սփյուռքի նախարարության անմեղսագիտակ լինելու փաստը՝ համաձայն բժշկական եզրակացության:

 

* * *

«Ես տեղում չեմ եղել,  և հայտարարության մեջ կային հատվածներ, որոնք թույլ չէի տա: Ցավում եմ, քանի որ պետք էր ավելի հանգիստ տոնով պատասխանել այդ աղմուկին: Ամեն դեպքում լավ եղավ, որ կարողացանք բացահայտել մի երիտասարդ խաբեբայի: Հարկավոր էր կանգնեցնել այդ երիտասարդի «ոդիսականը»:  Մեզ թվաց՝ նա տարօրինակ է, քանի որ խելացի է, բայց պարզվեց, որ այդպես չէ: Նրան հարկավոր է բուժել»:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

 

Հայոց առաջին տիեզերագնացին հայտնաբերած հայ Կորոլյովը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մի քանի շաբաթ անընդմեջ հանրության ծաղրի ու ծիծաղի առարկան դառնալուց հետո չունեցավ այն քաջությունը, որ խոստովաներ իր մասնակցությունն այդ կատակերգությանը, և հարմար գտավ դիմել փորձված մեթոդի՝ կատարվածի մեղքը բարդելով ուրիշների վրա: Բայց նույնիսկ այս պարագայում նա առիթ տվեց մեկ այլ զավեշտի, ինչն արդեն դժվար կլինի վերագրել ենթականերին: Տիկնոջ արդարացում-բացատրությունը՝ «Մեզ թվաց՝ նա տարօրինակ է, քանի որ խելացի է», լիովին բացահայտում է խելացիության մասին նախարարի պատկերացումների ուղեծիրը: Ի՞նչ ասենք այդ դեպքում: Հրանուշ Հակոբյանը նույնպես տարօրինակ է, բայց դեռ ոչ մեկին չի թվացել, թե նա խելացի է:

 

* * *

«Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների՝ բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաև՝ ծոմապահության ցուցադրականությունը: Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դա դադարում է առաքինություն լինել: Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր հայրերից մեկը՝ Հովհան Մանդակունին, դեռևս 5-րդ դարում ասել է հետևյալը. «Սատանան կործանում է թե՛ ծոմապահին, թե՛ նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, և մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում և կործանում» («Մատենագիրք Հայոց»,Ա, էջ 1170)»:

 Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյան

 

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անմշակ բոստանը նետած այս քարը բումերանգի հատկությամբ էր օժտված և անմիջապես վերադարձավ դեպի իրեն նետողի կողմը: Եղան մարդիկ, որոնք հիշեցին, որ տարիներ առաջ, երբ Լ.Տեր-Պետրոսյանն ու «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամները փակված էին «Մատրոսկայա տիշինա» բանտում, Մոսկվայի հյուրանոցներից մեկում հացադուլ հայտարարեցին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, դերասան Սոս Սարգսյանը, գրող Զորի Բալայանն ու այլք, սակայն այն ժամանակ նրանք այդպես էլ չլսեցին Մատենադարանի հինավուրց մատյանները սերտած Տեր-Պետրոսյանի բարոյախրատական հորդորները, ականջալուր չեղան այն հատվածների ընթերցմանը, որոնք քաղված պիտի լինեին Հովհան Մանդակունուց կամ երևելի հայրերից որևէ մեկի մտքերից, քանի որ դա արվում էր նրա կաշին փրկելու համար: Երբ Հայոց Համազգային Շարժումը Ազատության հրապարակում խմբակային ծոմապահության ակցիաներ էր կազմակերպում՝ իր այս կամ այն պահանջն առաջ մղելու համար, Տեր-Պետրոսյանը միայն խրախուսում էր մարմնական տվայտանքների ամեն մի փորձ, քանի որ դրանք ևս դեպի իշխանություն տանող նրա ճանապարհի ուղեցույցներն էին: Իսկ հիմա գուցե եկել է ժամանակը, որ նա  վերընթերցի Սուրբ Գրքի այն հատվածները, որտեղ խոսվում է փարիսեցիների ու փարիսեցիության մասին: Ու եթե նույնիսկ սույն հատվածը որևէ կերպ չնպաստի առաջին նախագահի վերընթացին, ապա գոնե հոգեպես ավելի ազնիվ կլինի:

 

* * *

«Հարգելի գյուղացիներ, օրինակ, դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մարլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել: Սրանք տարրական կանոններ են»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան

 

«Բոլոր վարակները նրանից են, որ գյուղացիներն ամբողջ գիշեր բլոտ են խաղում ու հետո կեղտոտ ձեռքերով կով կթում»:

ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյան

 

«Վարչապետն ընդամենը ցիտել է Համաշխարհային բանկի կողմից ներկայացված փաստաթուղթը, որտեղ ընդամենը եղել է այդ հատվածը»:

Վարչապետի օգնական Արամ Անանյան

 

Ուրախությամբ տեղեկացանք, որ հայրենի կառավարությունն ու օրենսդիրը լծվել են կաթնատվության բարձրացման ազգանպաստ գործին: Ասենք, ոչ մեկի համար նորություն չէր, որ հարգարժան վարչապետի վերջին տարիների գործունեությունը քիչ բանով է տարբերվել կթի պրոցեսից: Բայց որ Տիգրան Սարգսյանին կարող է այդչափ անհանգստացնել դրա ախտաբանական կողմը, վերջին բացահայտումներից էր: Նրա շնորհիվ գյուղացիներն արդեն գիտեին «մաքուր ձեռքեր» օպերացիայի գաղտնիքները: Նրանք ընդամենը չգիտեին, որ իրենց վարչապետի հետ ինչ-որ բան է կատարվում: Հիմա արդեն իմացան:

Գալով Տիգրան Սարգսյանի կիթն ապահովագրող պարոններին, չենք կարող չհարցնել. այն, ինչով զբաղվում է Լյովա Խաչատրյանն ամբողջ գիշեր, անհրաժեշտություն չի՞ ստեղծում նրա համար՝ մտածել սեփական հիգիենայի մասին: Իսկ եթե ստեղծում է, այդ դեպքում Արամ Անանյանը կարո՞ղ է գտնել Համաշխարհային բանկի շարադրած մեկ այլ փաստաթուղթ, որտեղ խորհուրդներ կան բազմազբաղ գիշերներ անցկացնող պատգամավորների համար:

 

* * *

«Բայց դուք ինձ որպես ընտրող հարցրե՞լ եք, ես ուզո՞ւմ եմ նկարահանման տակ ընտրությանը մասնակցել: Հիմա ես այդ օրը պետք է մտածեմ՝ ինչ հագուստ հագնեմ: Եթե ես մտածում եմ, մյուսներն էլ են մտածում, ի՞նչ շոր հագնել ու գնալ ընտրության, որ նկարահանող տեսախցիկի տակ չընկնեմ ու հեռուստացույցով ցույց չտրվի: Սա ճնշում է ընտրողի նկատմամբ, միևնույն ժամանակ զգուշավոր է դարձնում նրանց, ովքեր փորձում են ընտրակեղծիքներով զբաղվել»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան

 

«ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի այն դրույթի վերաբերյալ, ուր խոսվում է ընտրությունները հրապարակային դարձնելու համար նկարահանման գործընթացի կիրառման անհրաժեշտության մասին, Գալուստ Սահակյանի այս բուռն արձագանքը շատ  նման է «Playboy» հանդեսի շապիկին իրենց պատկերը դրոշմող սեքս-աստղերի կամակորությանը: Սակայն հանրությունը նրա հոգու այդ ազնիվ խռովքին ըմբռնումով է մոտեցել: Ո՞վ կարող է չխոստովանել, որ մեր հերոսն իր քաղաքական գործունեության ամբողջ ընթացքում չի ունեցել այլ մտահոգություն, քան սեփական անձը: Եվ յուրաքանչյուր Աստծու օր եթերներից մտքի գոհարներ շռայլող պարոնը իրավունք ունի պահանջելու, որ իր պես նշանավոր գործչի արտաքին նկարագրի անձեռնմխելիությունը ամրագրվի օրենքով: Մեզ մնում է միայն հանգստացնել Գալուստ Սահակյանին և ասել նրան, որ առանց հագուստների էլ գիտենք, թե ով է ինքը:

Հովհաննես ՉԱՐԽՉՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am