Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Տնտեսություն

Տնտեսություն
Մարտ 2011, N 3

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ.

ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՆՀԱՅՏՈՎ

Հասմիկ Բադալյան, լրագրող

Մեր երկրում սոցիալական (մունիցիպալ) բնակարանաշինության խորագրի տակ «պատսպարված» զանազան ծրագրերն այնքան էլ չեն համապատասխանում շինարարության այս ճյուղի բուն նպատակին, այն է` ստեղծել վարձակալությամբ տրվող բնակարանային ֆոնդ, որի մի մասը կկազմեն արտոնյալ պայմաններով վաճառվող բնակարանները: Ընդ որում, առանցքային կարևոր մի դրույթ դուրս է մնացել մինչ օրս իրականացված ծրագրերի կազմակերպիչների ուշադրությունից. այդ բնակարաններից օգտվելու հնարավորություն պետք է ունենան հասարակության տարբեր խավերի քաղաքացիները:

Մինչդեռ, հանրապետությունում ձևավորված սոցիալական բնակարանները մի դեպքում նմանվում են ծերանոցի, մյուս դեպքում` փախստականների համայնքի: Սոցիալական բնակարանաշինություն համարվելու հավակնություն ունի անգամ Երևանի պետհամալսարանի երիտասարդ դասախոսներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, որը գնորդից խոշոր ներդրում է պահանջում և պարունակում է ավելի շուտ հիփոթեքի տարրեր: Իսկ տանիքի բացակայության ազդեցությունը հետզհետե մեծանում է՝ իր բացասական կնիքը թողնելով մեր երկրի զարգացման տարբեր ոլորտների վրա` ժողովրդագրությունից սկսած մինչև ազգային անվտանգություն: (Ըստ փորձագիտական գնահատականների, մեր հանրապետությունում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների թիվը կազմում է մոտ 75.000):

Բնակապահովվածության խնդիրների որոշ մասը սոցիալական բնակարանաշինության տարբերակով լուծելու խնդիրն իր վրա է բևեռել թե՛ ՀՀ կառավարության, թե՛ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ուշադրությունը: Կարծես թե թիրախային խմբեր են ընտրվել սկզբունքորեն տարբեր շերտեր. եթե կառավարության մշակած հայեցակարգերում նպատակակետը սոցիալապես անապահով և անօթևան ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումն է, ապա հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ռազմավարությունն ուղղված է դեպի միջին խավը:

Ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանի, յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում իր ազգային մոդելը՝ հիմնված ազգային ավանդույթների, տնտեսական վիճակի և առկա ֆինանսական հնարավորությունների, ինչպես նաև պետական քաղաքականության մեջ բնակարանային հարցերի առաջնահերթության վրա։ Միջազգային փորձի վերլուծության արդյունքներով՝  սոցիալական բնակարանների տարբեր մոդելները կարելի է դասակարգել հետևյալ երեք հիմնական խմբերի`

1. Սոցիալական բնակարաններ - «սոցիալական բնակարան աջակից պայմաններով», ինչպես նաև տարբեր նպաստավոր լրացուցիչ պայմաններով բնակարաններ, այդ թվում նաև առողջապահական, վերականգնողական և այլ հումանիտար խնդիրների լուծում առաջարկող բնակարաններ.

2. Սոցիալական վարձակալությամբ բնակարաններ - թիրախային ընտանիքներին վարձակալությամբ բնակարանի տրամադրում` տարբեր սոցիալական խմբերի համար տարբերակված սոցիալական վարձի մոտեցման կիրառմամբ.

3. Սոցիալական մատչելի բնակարաններ - այս մոդելն ընդլայնում է սոցիալական վարձակալությամբ բնակարանի գաղափարը և հնարավորություն է ընձեռում մատչելի պայմաններով ձեռք բերել բնակարան:

Ներկայումս հանրապետությունում «սոցիալական բնակարան» անվան տակ իրականացված ծրագրերը վերաբերում են «սոցիալական բնակարան աջակից պայմաններով» մոդելին: Ծրագրերն իրականացվել են Գորիսում և Երևանում:

 

ՆՈՒՅՆ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻՑ ՕԳՏՎԵԼՆ ՕԳՆՈ՞ՒՄ Է  ԻՆՏԵԳՐՄԱՆԸ

Աջակից պայմաններով սոցիալական տան գաղափարի հիմքում աջակից ընտանիքի առկայությունն է: Նույն հարկում  տարեց մարդկանց հետ բնակեցվում են անօթևան մնացած բազմազավակ ընտանիքներ և միայնակ մայրեր: Անհրաժեշտության դեպքում նրանք լուծում են ծեր մարդկանց խնամքի և կենցաղային խնդիրների հետ կապված որոշակի հարցեր: Երաշխիքներ, թե տարեց մարդիկ իրենց կամակորությունները չեն պարտադրի երիտասարդ ամուսիններին և նրանց երեխաներին, ինչու չէ՝ նաև հակառակը` չկան: Այդ ամենը չհանդուրժելու հետևանքով անօթևան մնալու հեռանկարն ավելի իրական է: «Իմ կարծիքով, աջակից պայմաններով սոցիալական տան հաջողված տարբերակ է իրականացել Գորիսում: Այստեղ սատարող ընտանիքի ճիշտ ընտրությունն այն դարձրել է կապող օղակ համայնքի և բնակիչների միջև: Շենքի սեփականատերը` քաղաքապետարանը, առաջացող խնդիրները լուծելիս հաշվի է առնում նաև տեղի հասարակական կազմակերպությունների մասնագետների կարծիքները: Իսկ դա շատ կարևոր է: Մարդիկ իրազեկվում են իրենց իրավունքներին և պարտականություններին, կարողանում են պաշտպանել իրենց շահերը»,- համոզված է Սոցիալական բնակարանային հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը,- իսկ Երևանի Քանաքեռ-Զեյթունի «Սոցիալական բնակարան աջակից պայմաններով» մոդելը վառ օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինեն սոցիալական բնակարանները: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք թեև լուրջ ֆինանսական ներդրումներ չեն պահանջում, սակայն անլուծելի են թվում: Անհրաժեշտ է մեկ բան, որը բացակայում է` սեփականատեր հասարակական կազմակերպության համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Այս երկու հիմնական «դերակատարների» խզված կապի արդյունքում տուժում են բնակիչները: Իհարկե, համագործակցությունը չի կարելի պարտադրել, սակայն այս դեպքում դա հիմնահարցերի ամենաարդյունավետ լուծումն է»:

Ըստ հիմնադրամի տնօրենի, սխալներ կան նաև շենքի նախագծի մեջ: Առաջինն այն վիճելի ենթադրությունն է, որ երկու տարբեր ընտանիքների նույն սանհանգույցից, խոհանոցից և ընդհանուր տարածքից օգտվելը կօգնի ինտեգրմանը: Մինչդեռ, այդ ընդհանուր տարածքները հանդիսանում են բնակիչների հիմնական կոնֆլիկտների պատճառը: Ենթադրվում է, որ մարդիկ եկել են սոցիալական բնակարանում ավելի լավ պայմաններում ապրելու համար, սակայն թե՛ հարևանների, թե՛ շենքը սպասարկող անձնակազմի կողմից ենթարկվում են որոշակի հոգեբանական ճնշման: Նրանք չգիտեն անգամ իրենց իրավունքներն ու պարտականությունները: Պայմանագիրը (որը վերանայման կարիք ունի) ստորագրելով, հատկապես միայնակ մայրերը և սատարող ընտանիքները պատկերացում չունեն, որ որևէ մեկն իրավունք չունի իրենց բնակարանից վտարել, մինչև չլինեն լուրջ խախտումներ ու թերություններ: Սոցիալական բնակարանները բնակեցնելու հիմնական նպատակը մարդկանց առողջ, կենսունակ, ինքնուրույն կյանքը երկարացնելն է: Հիմքում` ժամանակավոր (սակայն առանց կոշտ սահմանափակումների) կացարանի գաղափարն է, որն օգնում է մարդկանց հաղթահարել կյանքի դժվար փուլերը: Սոցիալական տանն ապրող տարեց մարդիկ բովանդակալից կյանքի կարիք ունեն և ոչ հսկողության: Ինչևէ, հիմնադրամի տնօրենի կարծիքով, կարելի է ասել, այս մոդելը չաշխատեց: Միանշանակ, չաշխատեց:

 

ԿԱՐԾԵՍ ԹԵ ՏԵՍԱՆԵԼԻ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ

Այն, որ բացառապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքներով բնակեցված թաղամասերը հետագայում բազում խնդիրներ են առաջացնում, նորություն չէ տարբեր երկրների փորձն ուսումնասիրած մասնագետների համար: Դրանք նկատելի են անգամ ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր քաղաքներում «սիրողական» շրջագայության ընթացքում: Հետզհետե «գետտոների» վերածվող մեկ-երկու ծրագրեր Հայաստանն էլ չեն շրջանցել: Դրանց մասին մանրամասն գրելն ամենևին պարտադիր չէ՝ ապացուցելու համար, որ անհրաժեշտ է բնակարանաշինության վեկտորն ուղղել դեպի միջին խավը:

Ցավոք, Հայաստանում միջին եկամուտ ունեցող խավի համար կառուցված շենքերի օրինակները եզակի են: Նկատի ունենանք նաև, որ միջին եկամուտ ունեցող ընտանիքները մեծ մասամբ զարգացող, այսինքն՝ ապագա քաղաքացիներ դաստիարակող ընտանիքներն են, և առողջ, կրթող միջավայրի ստեղծումը պակաս կարևոր չէ: Հիմնաքարը, որի շուրջ պետք է կառուցել գաղափարը` պետական ռազմավարություն մշակելը և նպաստավոր օրենսդրական դաշտ ունենալն է: Միայն պետական ռազմավարության շրջանակներում կիրականացվեն արդյունավետ ծրագրեր և կխրախուսվեն մասնավոր սեկտորի ներդրումները:

Այսօր մեր հանրապետությունում բնակարանային խնդիրները կարգավորող 20-30 (երբեմն իրար հակասող) օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր կան: Այս վիճակը արդյունքն է մեր երկրում այս ոլորտի համար միասնական ռազմավարության բացակայության: Մինչև ռազմավարությունը չհստակեցվի` օրենքների ձևավորումը կլինի անկանոն: Եվ մեր կառավարությունն այսօր աշխատում է այդ ուղղությամբ: Մինչ օրս ՀՀ կառավարության մշակած սոցիալական բնակարանային ծրագրերի հայեցակարգերում և օրենքի նախագծերում, կարծես, հասարակական կազմակերպությունների դերը մեծ չէ: Հենց այդ «բացը» լրացնելու նպատակով վերջերս Հայաստանում ձևավորվեց Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) հիմնադրամը, որը, համագործակցելով մի շարք հայաստանյան և հոլանդական կազմակերպությունների հետ, նպատակ ունի իրականացնել սոցիալական վարձակալության և մատչելի բնակարանների խոշոր ծրագրեր: Դրանք լինելու են «միջին դասի» բնակարաններ, որոնք կունենան բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները, ավելի քիչ ծախսեր կպահանջվեն նրանց շահագործման և պահպանման համար: (Եթե Սոցիալական բնակարանային հիմնադրամը զբաղվում էր հիմնականում օրենսդրական դաշտի բարելավման հարցերով. ապա ԱՍԲԱ-ի հիմնական դերը լինելու է սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծումը, զարգացումը և շահագործումը, ինչպես նաև միջազգային կառույցների հետ այս ուղղությամբ համագործակցության ծավալումը):

Թեև ԱՍԲԱ-ի գործունեությանը ՀՀ կառավարությունն ուղղակիորեն չի մասնակցում, սակայն ներդրումային ծրագրերում ակնկալվում է կառավարության և համայնքների ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցությունը:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿՖՈՆԴԵ՞Ր. ՈՐՏԵՂԻ՞Ց

Սոցիալական բնակարանաշինության ծրագրեր կարելի է իրականացնել ինչպես նորակառույցների շինարարությունը խթանելու, այնպես էլ հին բնակելի ֆոնդի վերակառուցման միջոցով: Կան դեպքեր, երբ բնակարանային ֆոնդը վերականգնելու համար ավելի շատ միջոցներ պահանջվեն, քան նորը ձևավորելու համար: Պակաս կարևոր չէ նաև համայնքի դերը, որն ինքը պետք է որոշի, թե որտեղ է տեսնում իր զարգացման հնարավորությունները: Կա մեկ խնդիր նույնպես, որը շատ կարևոր է հաշվի առնել` բնակարանային ֆոնդի շահագործման խնդիրը: Բնակարանային ֆոնդը «ծերանում», շարքից դուրս է գալիս: Դրա պահպանման համար միջոցներ շատ դեպքում չկան: ԲՇՏ-ի անունը կոնդոմինիումի, այնուհետև համատիրության փոխելը շենքերի կառավարման մեջ ոչինչ չփոխեց: Իսկ սոցիալական բնակարանաշինություն իրականացնող կառույցը, սեփականատիրոջ իրավունքով ինքն է հետագայում շահագործելու, սպասարկելու և կառավարելու շենքերը:

Սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծումը մեծ զարկ կտա նաև երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: Սոցիալական վարձակալությամբ տրվող բնակարաններից օգտվելու դեպքում ընտանիքը պարտավորված չի լինի ամբողջ կյանքում գումար կուտակել, հարազատներից պարտքեր անել, հիփոթեքի «ճանկն» ընկնել բնակարան գնելու համար: Միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքի համար բնակարան գնելու հսկայական գումարը չի դրվի քարի, բետոնի մեջ՝ այն դարձնելով «մեռած կապիտալ»: (Երկու սենյականոց բնակարան ձեռք բերելու համար վճարվող գումարով ընտանիքը կարող է նույն բնակարանում վարձակալությամբ ապրել 20-25 տարի): Վարձակալությամբ բնակարանում ապրելու դեպքում երիտասարդ ընտանիքն իր եկամուտները կուղղի երեխաների կրթությանը, բիզնեսի զարգացմանը կամ կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելուն: Իսկ երբ նրա ֆինանսական վիճակը բարելավվի, կկարողանա նաև սեփական բնակարան գնել:

 

ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱՅՆԱՑՆԵԼ ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՓՈՐՁԸ, ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՕՂԱԿՆԵՐ

1902թ. ստորագրված բնակարանային ակտը օրինական հիմքեր ստեղծեց, որ տուն ունենալը Հոլանդիայում լինի ազգային պատասխանատվություն: Այդ երկրում սոցիալական բնակարանները շուրջ 100 տարվա պատմություն ունեն: Ներկայումս ցածր և միջին եկամուտ ունեցող խմբերին մատչելի բնակարանով ապահովելու Նիդերլանդների փորձն աշխարհում համարվում է լավագույններից մեկը: Այնտեղ բնակարանային ֆոնդի 32%-ը գտնվում է սոցիալական բնակարանների դաշտում, ընդ որում` մնացած 68%-ը առանձնատներ են (հայերիս ասած` սեփական տներ): Քաղաքներում, օրինակ` Ամստերդամում սոցիալական բնակարանների 85%-ը գտնվում է շենքերում: 1902-ից սկսված գործընթացը սկզբում շատ դանդաղ է ընթացել, փոխարենը, հիմա «միջին» հոլանդացուն կյանքի ընթացքում առնվազն յոթ անգամ բնակարանը փոխելու հնարավորություն է տրվում:

Ամենայն հավանականությամբ, Հայաստանում սոցիալական բնակարանաշինության զարգացումները կընթանան հոլանդական տեղայնացված սցենարով: Փորձագետները վստահ են, որ Հայաստանում հոլանդական փորձը կիրառելու ընթացքում կհաջողվի խուսափել այդ ընթացքում թույլ տրված սխալներից:

Սակայն հարցերի հարցը ցանկացած ծրագիր իրագործելու դեպքում մեկն է. ինչպե՞ս զարգացնել ծրագիրը, եթե բացակայում են ֆինանսական հոսքերը:

Հոլանդական «Վոնբրոն» կազմակերպության միջազգային ծրագրերի ղեկավար Դիք Ռեյնդերսը ոլորտում երկար տարիների փորձը վկայակոչելով` համոզված է, որ «ֆինանսական խոշոր ներդրումները» բոլոր խնդիրները չեն լուծում: Հայաստանում մի փոքր թյուր պատկերացում կա. թվում է, թե ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար միակ անհրաժեշտ պայմանը ֆինանսն է: Երկրորդ պլան է մղվում ծրագիրը սկսելու բուն նպատակը, այն է՝ ծառայել դրա կարիքն ունեցող քաղաքացիներին: Ճիշտ ուղղորդվելու դեպքում յուրաքանչյուր ծրագիր կարող է շոշափելի արդյունքներ գրանցել` անկախ երկրի տնտեսական, սոցիալական և այլ գործոններից: Իսկ դրա համար հարկավոր է կառավարման թափանցիկ և արհեստավարժ մեխանիզմ: Այդ խորհրդատվության համար էլ «Վոնբրոնը» բազմաթիվ երկրներից առաջարկներ է ստացել, այդ թվում և՝ Հայաստանից:

Առայժմ ծրագրի զարգացման համար Հայաստանում բացակայում են հետևյալ երկու օղակները` Կենտրոնական և Երաշխավորող հիմնադրամները: ԱՍԲԱ-ն փորձում է երաշխիքային դաշտ ստեղծել, որպեսզի բանկերը կարողանան հեշտությամբ վարկեր տրամադրել ասոցիացիաներին: Սա հիմնադրամի հիմնական նպատակն է: Առաջին քայլերն է անում նաև պետությունը. ապահովագրական գործընթացը Հայաստանում նոր-նոր է զարգանում, պետությունը ստեղծում է երաշխիքային հիմնադրամ:

«Ներդրումների ծավալի մեծացման գործում մեծ է նաև պետության և համայնքների մասնակցությունը: Համայնքներում բնակարանային ֆոնդ ստեղծող և սոցիալական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները շատ երկրներում օգտվում են պետության դրամական աջակցությունից: Ապագայում մեր պետությունը ևս կֆինանսավորի նմանատիպ ծրագրեր»,- ակնկալում է Արա Նազինյանը: Նրա կարծիքով, սա ներդրման գրավիչ դաշտ է պետության համար: Սոցիալական բնակարանաշինության մեջ պետության կատարած ներդրումների գաղափարը շատ լավ «տեղավորվում է» համայնքների զարգացման ծրագրերում: Դա մի կողմից կաջակցի համայնքներում շինարարության աճին և աշխատատեղերի ստեղծմանը, մյուս կողմից՝ համայնքներում կլուծի սոցիալական խնդիրներ:

Շինոլորտում նկատվում է մեկ այլ դրական միտում ևս. մասնավոր հատվածը կամաց-կամաց հակվում է դեպի բնակարանների տրամադրման մատչելի պայմանների ստեղծումը: Կան բիզնեսմեններ, որոնք փորձում են բնակարանը տրամադրել ինքնարժեքից քիչ տարբերվող գնով: Վերջերս կառավարությունը համապատասխան որոշմամբ ավելի մեղմացրեց մարզերում մատչելի բնակարանների հիփոթեքային պայմանները: Իհարկե, խոսքը սոցիալական վարձակալության մասին չէ, սակայն այս քայլերը կազդեն ընդհանուր շուկայի մատչելիության վրա, և մենք դուրս կգանք էլիտար բնակշինարարության պարտադրանքից: Կան մի քանի լուրջ բիզնես-կառույցներ (մասնավորապես, AMERIA և AGBA բանկերը), որոնք հասկանալով սոցիալական բնակարանաշինության կարևորությունը` քննարկում են ֆինանսական աջակցության և համագործակցության հնարավոր տարբերակներ: Քաղաքապետարաններն էլ իրենց կողմից պատրաստ են աջակցելու. հողի և շինությունների տրամադրումն ինքնաբերաբար կազդի շինարարության ինքնարժեքի վրա:

 

ԴԻԼԻՋԱՆԸ ԵՐԵՎԱՆ ՉԷ

Արդեն տեսանելի է սոցիալական բնակարանաշինության առաջին ծրագիրը, որի համար Դիլիջանի քաղաքապետարանն ԱՍԲԱ-ին անհատույց տրամադրել է 3,3 հա հողատարածք: Երկրաշարժից հետո անավարտ մնացած երեք շինությունները կդառնան Դիլիջանի սոցիալական ֆոնդի ձևավորման նախակարապետները: Այստեղ արդեն սկսվել են նախագծային աշխատանքները: Առաջին փուլով նախատեսվում է այդ շենքերը վերակառուցել կամ ավարտին հասցնել: Բնակարանները նախատեսված են հիմնականում երիտասարդ  զարգացող ընտանիքների համար: Սա առաջին ծրագիրն է, որտեղ կարևոր են նաև ընտանիքի ֆինանսական կայունության հարցերը:

Ընտրությունը կատարվելու է մի քանի փուլով. հարկավոր է հասկանալ, թե ովքեր են հնարավոր շահառուները: Դրանից ելնելով, ծրագրի ֆինանսավորման պայմանները կմոտեցվեն խավի հնարավորություններին: 

Վարձավճարը տատանվում է 40-50 հազար դրամի սահմաններում. թվերը մոտավոր են, բայց հեռու չեն իրականությունից:

«Առաջին հայացքից դրանք գուցե շատ բարձր են թվում, սակայն հավատացեք, որ խոսքն ամսական գոնե 150.000 դրամ եկամուտ ունեցող ընտանիքների մասին է: Դիլիջանը Երևան չէ և 50.000 դրամ վարձ մուծելու դեպքում, ընտանիքը 100.000-ով կարող է հոգալ մյուս կարիքները»,- հավատացնում է Արա Նազինյանը,- Միջազգային չափանիշներով` անկախ երկրի զարգացման աստիճանից, ընտանիքի համախառն եկամուտի արդյունքի մինչև 1/3-ը (30%) մարդիկ պատրաստ են տրամադրելու բնակարանային ծախսերին (չհաշված կոմունալ վճարումները): Հիփոթեքով բնակարան ձեռք բերող շատ երիտասարդ ընտանիքներ տրամադրում են նույնիսկ եկամտի 50%-ը և ավելին»:

Շենքերի կառուցապատումն իրականացվելու է առավելագույնս թեթև նյութերով և նվազագույն ծախսերով: Տրամադրված անավարտ շենքերը պանելային են, բայց շինարարությունը կշարունակվի թեթև կոնստրուկցիաներով, իհարկե՝ ոչ ի վնաս շենքերի սեյսմակայունության և ջրամեկուսացման: Բնակարանների մատչելիությունը կախված է ֆինանսական հոսքերի առատությունից և վարկային տանելի պայմաններից: Շինարարության օր առաջ սկսելն այնքան կարևոր չէ, որքան հետագայում բնակարանների նպատակին ծառայելը:

Հենց այստեղ է ի հայտ գալիս երկրորդ անհայտը. օրեսնսդրական դաշտում հստակեցված չեն սոցիալական վարձակալության պայմանները: Ճիշտ չի լինի ասելը, թե օրենքները խանգարում են, սակայն նպաստավոր պայմաններ էլ չեն առաջարկում:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am