Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Մարտ 2011, N 3

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԵՆՔ ՏԱՆՈՒԼ ՏՎԵՑԻՆՔ

(ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆԸ)

Ռուբեն Վարդանյան, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, Արիզոնայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր

- «Իմ կարծիքով՝ բուժկետ Մալոզեմովոյում (աղքատ գյուղի անվանում- Ռ.Վ.) բոլորովին պետք չէ։

Իմ վրդովմունքը փոխանցվեց նաև նրան. նա նայեց ինձ, կկոցեց աչքերը և հարցրեց.

- Իսկ ի՞նչ է այնտեղ պետք։ Բնանկարնե՞ր։

- Բնանկարներ էլ պետք չեն։ Այնտեղ ոչինչ պետք չէ»։

Ա.Պ. Չեխովի «Վերնահարկով տունը» պատմվածքից

 

Հայաստանի Ազգային ակադեմիայի հերթական ընտրությունները ցույց տվեցին. անդարձության կետն այլևս անցած է։ «Կարդինալի փայլուն գվարդիականների» բռի անպատկառության մթնոլորտում հրաշքով մի քանի արժանավոր թեկնածուներ անցան։ Ութ ազատ տեղ կորավ։ Սա աննախադեպ բան է ԳԱԱ պատմության մեջ, որն ընդգծում է այն, որ «Օբլոնսկիների տանն ամեն ինչ իրար է խառնվել» և գիտության ոլորտում պետական քաղաքականության մեջ անհապաղ հայեցակարգային փոխակերպման անհրաժեշտություն է հասունացել։ Ակադեմիկոսը և թղթակից անդամը պարզապես գիտական կոչումներ չեն։ Այդ կոչումները ենթադրում են, որ դրանք կրողը պարզապես առարկան գերազանց տիրապետող գիտնական չէ, այլ մարդ, որը հայեցակարգային մոտեցում ունի գիտական խնդիրների լուծմանը, խորագիտակ է և հանրագիտարանային գիտելիքների տեր, իսկական մտավորական իր աշխարհայացքով ու աշխարհընկալմամբ, չափազանց կարգին անձնավորություն։

Շատերը թերագնահատում են ԳԱԱ ընտրություններով ի հայտ բերված մտավոր դեգրադացման մակարդակը և գլխի չեն ընկնում, որ «գայթակղիչ» տիտղոսները շնորհվել են գիտության մեջ գոնե ձևականորեն ինչ-որ մի բան չստեղծած մի շարք անձանց։ «Ներսից նետված հայացքը» ցույց է տալիս, որ եթե առաջիկայում համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, դա կնշանակի «հիվանդի»՝ ակադեմիայի, որպես այդպիսինի, կորուստ մոտ ապագայում։ «Պատմությունն արիստոկրատիաների գերեզմանոցն է»,- ասում էր էլիտաների տեսության հիմնադիրներից մեկը՝ Վիլֆրեդո Պարետոն, և այն լի է հասարակության առջև իրական պատասխանատվություն չկրող ցանկացած, մեր պարագայում՝ գիտական էլիտայի անխուսափելի այլասերման օրինակներով։

Հիշենք, թե որտեղից մեզ՝ հայերիս մոտ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա կոչվող էլիտար այս «հիվանդը»։ Չէ՞ որ դեռ բոլորովին վերջերս՝ 1920թ., Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման պահին, հայ ժողովուրդն իր մեծ մասով գրեթե անգրագետ էր։ 1920-1940թթ. Հայաստանում գրագիտություն ստացավ մոտ մեկ միլիոն մարդ։ 1939թ. քաղաքային բնակչության գրագիտությունը գերազանցեց 90%-ի նիշը։ 20-ական թթ. վերջին խորհրդային կառավարությունը տվեց Հայաստանում գիտության զարգացման մեկնարկը։ Միանգամայն հստակ ընտրվեց նրա զարգացման վեկտորը՝ ուղղված զարգացող արդյունաբերության կայացմանը։ 1920թ. Երևանի պետական համալսարանի հիմնադրմամբ սկիզբ դրվեց բարձրագույն կրթության համակարգին Հայաստանում։ Սկսեցին ստեղծվել նաև գիտահետազոտական հաստատություններ։ Դեռ 1921թ. Էջմիածնում հիմնվեց առաջին գիտական ինստիտուտը, որը 1925թ. դարձավ Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտ։ 1943թ.՝ Հայրենական պատերազմում արմատական բեկման (Կուրսկի ճակատամարտ) տարում, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի՝ 1935թ. ստեղծված Հայկական մասնաճյուղի հիման վրա հիմնվեց Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիան։ Սրանք մեր պատմության 70 տարիներին միակ վերածնունդներն էին, ի տարբերություն գոյատևման նախորդ 1600 և հաջորդ 20 տարիների։

Բայց վերադառնանք ակադեմիային։ Հազիվ թե Պլատոնը երբևէ մտածեր, որ Աթենքի համեստ այգու անվանումը, որտեղ թաղված էր հերոս Ակադեմը, որտեղ ինքն ու իր աշակերտները հավաքվում էին բանավիճելու, շատ դարեր հետո իր վրա կգամի գիտական հանրության ուշադրությունը։ Ընդ որում՝ գիտության մեջ խարդախներն ավելի շատ են, քան իսկական գիտնականները։

Վեճերը, թե ինչի է պետք և ինչպիսին պետք է լինի գիտությունների ակադեմիան, երեկ չէ, որ սկսվել են։ Դրանք ուղեկցել են ակադեմիային նրա պատմության ողջ ընթացքում, և իմաստ չունի կրկնել դրանք։ Եվ, հավանաբար, ժամանակն է կողմնորոշվել, թե ինչպիսին պետք է լինի հայկական գիտությունը, լինի՞, թե՞ չլինի ակադեմիան։ Սակայն մինչ այս ամենի մասին մտորելը, հարկ է ըմբռնել հասկացությունն ինքը։ «Ակադեմիաներ» են կոչվել 12-16-րդ դդ. Արևմտյան Եվրոպայի գիտական շատ հանրույթներ։ Գիտությունների ակադեմիաները՝ բառի արդի իմաստով, ի հայտ են եկել 17-րդ դարում։ Առաջինն իտալական դեյ Լինչեի ակադեմիան էր՝ հիմնադրված 1603թ.։ Դրա նպատակը ֆիզիկայի ոլորտում ուսումնասիրություններ կատարելն ու գիտելիքների տարածումն էր։ 1645թ. Լոնդոնում և Օքսֆորդում հիմնադրվեց «անտեսանելի կոլեգիան», որը 1660թ. վերածվեց Լոնդոնի թագավորական ընկերության։ 1666թ. Փարիզում բացվեց Գիտությունների թագավորական ակադեմիան։ Նրա օրինակով սկսեցին ակադեմիաներ ստեղծվել Եվրոպայի մյուս երկրներում։ Այժմ աշխարհում ավելի քան 200 գիտական ակադեմիա կա։

Փորձերը՝ պարզելու, թե ինքն իրեն ինչպես է պատկերացնում ՀՀ ԳԱԱ-ն, հանգեցրին այն մտքին, որ ոչ մի կերպ էլ չի պատկերացնում. «ՀՀ Գիտությունների ակադեմիան ինքնակառավարվող պետական գիտական կազմակերպություն է, որն իր կազմում միավորում է ակադեմիայի անդամներին, ինչպես նաև ակադեմիայի գիտական հաստատություններում, կազմակերպություններում ու ձեռնարկություններում աշխատող բոլոր գիտաշխատողներին։ ԳԱԱ-ն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական հետազոտություններ գիտության տարբեր ոլորտներում, համակարգում է հանրապետությունում անցկացվող հիմնարար հետազոտությունները։ ԳԱԱ-ն հանրապետության իշխանությունների պաշտոնական գիտական խորհրդականն է»։ Բառերի այս կույտն իմաստային բեռնվածություն չունի։ Երրորդ Հանրապետության պատմությանը հայտնի չէ մի դեպք, երբ ակադեմիան գործել է որպես կազմակերպիչ, համակարգող կամ հիմնարար ու կիրառական հետազոտություններ կատարող, առավել ևս՝ իշխանությունների խորհրդատու։ Նման խառնաշփոթը բնորոշ է հետխորհրդային շատ երկրների ակադեմիաներին։ Սակայն, ի տարբերություն վերջինների, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան կոչված է «կատարելու Ռուսաստանի բարօրության և բարգավաճման ապահովմանն ուղղված կարևոր սահմանադրական-հրապարակային խնդիրներ»։ ԱՄՆ Ազգային ակադեմիան կոչված է զարգացնելու գիտությունն ու տեխնոլոգիաներն ընդհանուր բարեկեցության համար։ Բրիտանական ակադեմիայի նպատակն է ականավոր գիտնականներին ճանաչելը, ոգևորելը և աջակցելը։

Հաջողվեց գտնել «ակադեմիա» հասկացության իմաստը, որը դրվել էր ԽՍՀՄ ԳԱ նախահոր՝ Գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ստեղծման հիմքում։ 1725թ. դեկտեմբերի 27-ին Պետրոս I-ի (մարդ, որը հիմնել է այն ամենը, ինչ 18-19-րդ դդ. կոչվում էր Ռուսաստանյան կայսրություն) նախագծով բացված  Ռուսաստանյան ակադեմիան իր խնդիրներով և իմաստով էապես տարբերվում էր արտասահմանի համանման կազմակերպություններից։ Ակադեմիան մտահղացվել էր որպես պետական հաստատություն, որը կոչված էր զարգացնելու գիտությունները՝ ելնելով ռուսական պետության համար դրանց ունեցած զուտ գործնական օգուտի նկատառումներից, իսկ նրա անդամները, աշխատավարձ ստանալով, պետք է ապահովեին պետության գիտատեխնիկական սպասարկումը։ Ահա ակադեմիա բառի այն իսկական նշանակությունը, որը մենք պետք է կրկին բառացիորեն փոխառենք Պետրոս I-ից։

Ոչ ոք երբեք չի կարող կասկածի ենթարկել այն, որ մեր ակադեմիական համակարգը (որը ժամանակին նշանակում էր բարձրորակ մասնագետների, գաղափարների և կազմակերպությունների, ուսուցիչների և աշակերտների կենտրոնացում և այս իմաստով Հայաստանի ամենաարժեքավոր ազգային նվաճումն էր) այսօր պահանջված չէ։ Այստեղից էլ՝ նրա ողորմելիությունը, պարփակվածությունը միայն սեփական շահերի շրջանակում։ Բնականաբար, հարցեր են ծագում. չի՞ ուզում, թե՞ չի կարող ակադեմիան զբաղվել երկրին անհրաժեշտ ընթացիկ աշխատանքով, ո՞րն է Հայաստանում տեղի ունեցողի, այդ թվում և իր հանդեպ անտարբերության պատճառը։ Անվիճելի է այն փաստը, որ վերջին տասնամյակներին, ձևական պատասխանատվություն կրելով գիտության ոլորտում տիրող իրավիճակի և դրա զարգացման համար, ակադեմիան ուշադրության արժանի ոչ մի առաջարկով հանդես չի եկել, գիտական հանրությունը քայքայել է ինքն իրեն։

Ըստ էության, հասարակական ոչ մի կազմակերպություն, առավել ևս՝ գիտությունը, իհարկե, չի կարող ինքն իրեն էվոլյուցիա ապրել՝ իր վրա չզգալով հասարակությունում և տնտեսությունում տեղի ունեցող փոփոխությունները, չարձագանքելով նրա մարտահրավերներին։ Իսկ մեզ հետ վատթարագույնն է պատահել։ «Կրտսեր գիտաշխատողները» երկիրը վերածել են մուտանտի, որը համատեղում է սոցիալիզմի և կապիտալիզմի թերությունները միայն։

ԳԱԱ-ի նման վիճակի համար բազմաթիվ պատճառներ կան, բայց ԳԱԱ-ի «անկման» հիմնական պատճառն, ամենայն հավանականությամբ, այն էր, որ «իշխանությունները», առանձնապես բան չհասկանալով գիտությունից, բայց միանշանակ հասկանալով նրա «գործնական անօգուտությունը», այն պահպանեցին որպես խորհրդային համակարգի ռուդիմենտ և վարձակալության տվեցին իրենց «կրտսեր գիտաշխատողներին», որոնք «շուկայական ռեֆորմների» բեղուն թունավոր պտուղներ տվեցին, սկսեցին «բարեփոխել» գիտությունը՝ ներդնելով կատարյալից խիստ հեռու կազմակերպչական համակարգ, օտարածին տարրեր՝ ճանկռտված «Արևմուտքի» գիտական մոդելներից, իրենց դեռահասության պատճառով չհասկանալով, որ կարող են «կոմպլեմենտար» լինել միայն հասարակության «արևմտյան» կազմակերպությանը։ Արդյունքում՝ ստացվեց արհեստական, չաշխատող հրեշ՝ կազմված միմյանց փոխբացառող, միմյանց հետ չկապվող հավաքածուից։ Ամեն ինչ կործանելու խրոնիկական հակում ունեցող «կրտսեր գիտաշխատողներն» ամեն ինչ արեցին երկիրն ամբողջությամբ կաթվածահար անելու համար։ Նրանք չգիտեին, և հիմա էլ հազիվ թե գիտեն, որ ցանկացած ֆիզիկական համակարգի կառուցվածքային հիմնական տարրերի կայուն գոյության համար անհրաժեշտ է բոլոր հաստատունների (կոնստանտների) խիստ նուրբ «հարմարեցում», և դրանցից անգամ մեկի ոչ մեծ տատանումը հանգեցնում է կայունության կորստի։ Ոչ մի, անգամ ամենահուսալի համակարգը չի դիմանում մշտական և կտրուկ ներխուժումներին և այն ձևափոխելու փորձերին։ Համակարգը դրանից փլուզվում է։

Տարափոխումների հանդեպ էլ ավելի զգայուն է սոցիալական ինստիտուտը, որի հավասարակշռության վերականգնումը դրսի միջամտությունից հետո անհամեմատ ավելի մեծ ուշադրություն է պահանջում, քան ֆիզիկական աշխարհում։

Մեր գիտության կազմակերպչական կառույցում քիչ բան է փոխվել Հայկական ԽՍՀ Կոմկուսի կառավարման ժամանակներից։ Նույն անիմաստ կառույցն է՝ կազմված Կրթության և գիտության նախարարությունից, որը պետք է մշակի և իրականացնի Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը կրթության և գիտության ոլորտում։ Դրան ավելացել է Գիտության պետական կոմիտեն, որը պետք է ձևավորի և իրականացնի Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը գիտության ոլորտում։ (Անհասկանալի է մշակել և ձևավորել բառերի լեզվաբանական նուրբ տարբերությունը)։ Սրան էլ գումարած՝ գիտությունը ղեկավարում է Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովը, որի անդամները պետք է միաժամանակ լուծեն գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի բարդագույն հարցերը, որոնց մասին մինչև իրենց պատգամավոր ընտրվելը, հավանաբար, աղոտ պատկերացում ունեին։ Գումարած, իհարկե, ակադեմիան ինքը, որտեղ պատկառելի ծերուկների խմբի վրա գերիշխում է, ինչպես ԽՄԿԿ նախկին քաղբյուրոյում կամ միութենական հանրապետությունների ԿԿ կենտկոմների բյուրոներում, դրա բոսը։

Արդյունքում՝ մեզ մոտ գիտության կառավարմամբ զբաղվում է չհիմնավորված ձևով ահռելի մի կառույց՝ անհստակ հիերարխիայով, որի հետևանքով տեղի է ունենում գործողությունների նմանակում՝ թվացյալ մեծություններով, կորչում է դրա գոյության իմաստն ինքը։ Կառույցը, որն այսօր ունենք, ապրիորի աշխատել չի կարող։ Թեզիսը, թե անցած քսան տարում հաջողվել է պահպանել ԳԱԱ-ն, ճիշտ չէ։ Նրա գործունեության խնդիրները, առավել ևս՝ գերակայությունները, ձևակերպված չեն։ Տեղի է ունեցել «տարիքային աղետ»։ Հայաստանում բացակայում է 30-50 տարեկան գիտաշխատողների առավել ակտիվ սերունդը։ Հազվադեպ բացառություններով են գիտնականներին հասանելի գիտական տեղեկատվության շտեմարանները, արդիական սարքերը, գիտնականները հետազոտություններ կատարելու և պարզապես արժանի գոյություն պահպանելու միջոցներ չունեն։ Վերջին տասնամյակներին աշխարհում ավելի շատ փոփոխություններ են տեղի ունեցել, քան նախորդ հազարամյակում։ Գիտական բազմաթիվ հայտնագործություններ փոխել են ավանդական ուղղությունը գիտության մեջ, որն իր համար միանգամայն նոր փուլ է մտել։ Ուստի, այսօր Հայաստանի գիտության մեջ կատարվող գրեթե ամեն ինչ, հազվադեպ բացառություններով, ավելին չէ, քան տեղեկատվական աղմուկ։ Հիմնականում ոչ մեծ գիտական խմբերը՝ երբեմնի հզոր լաբորատորիաների բեկորները, դեռ փորձում են պաշտպանել և ապացուցել կեսդարյա վաղեմության իմաստությունները՝ չնկատելով գիտության մեջ վերջին 15-20 տարում ի հայտ եկած նոր միտումներն ու ուղղությունները։ Սա վկայում է այն մասին, որ ինքնակոչ աստվածների ու բուտաֆորային գվարդիականների (որոնք չափազանցում են իրենց անձի նշանակությունն ու բարբառում միայն սովորական կաղապարներով) կողմից կառավարվող գիտության համակարգը Հայաստանում չի գործում։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանում չի հասկացվում գիտության դերն ու տեղը, որ ԳԱԱ-ն ի զորու չէ պատասխանել ժամանակի մարտահրավերներին։

Ինչպես նշեցինք, ակադեմիային հստակ նպատակ է առաջադրվել դեռ 285 տարի առաջ, երբ այն ստեղծվում էր Պետրոս I-ի կողմից՝ որպես պետական հաստատություն, որը կոչված էր զարգացնելու գիտությունը՝ ելնելով դրանց ունեցած զուտ գործնական օգուտի նկատառումներից, իսկ նրա անդամների դերը պետության գիտատեխնիկական սպասարկումն ապահովելն էր։

Որպես հայրենական գիտության բոլոր դժբախտությունների պաշտոնական պատճառ են նշվում անբավարար ֆինանսավորումը, գիտության մասին վատ օրենքը։ Թեև սրանում ճշմարտություն կա, բայց սա, ավելի շուտ, կեղծ պատճառ է։ Պատճառը դա չէ։ Պատճառն այն է, որ չկա, ըստ էության, ֆինանսավորման առարկան, չկա ֆինանսավորման նպատակը։ Իզուր վատնված տարիներին, բացի վհատ, թլվատ հայտարարություններից, հատկացված սուղ միջոցներով ոչինչ չի արտադրվել։

Հայկական գիտությունը, ակադեմիան կվերածնվեն միայն այն ժամանակ, երբ երկիրը կգիտակցի ինքնահաստատման գաղափարը, կնշի ռազմավարական գերակայությունները, առաջ կքաշի «նոր ինդուստրիալացման» ծրագիրը, դրա շուրջ կհամախմբի երկրի ողջ գիտական հզորությունը։ Հայկական գիտության հաջողությունը հնարավոր է միայն մի դեպքում, այն է՝ երբ պետության և գիտական հանրության գերակայությունները համընկնեն։ Այլապես, շատ շուտով խախուտ, ոչ ռացիոնալ, սխալ լինելու, հիմար որոշումների պատճառով ամեն ինչ կփլուզվի և կավերվի։

Մեր գոյատևման պայմանը միայն նոր ինդուստրիալացումն է։ Եվ միայն գիտությունը կկարողանա դառնալ այն լոկոմոտիվը, որը երկիրը դուրս կբերի անդունդից։ 21-րդ դարի գիտությունն սկզբունքորեն տարբերվում է 20-րդ դարի գիտությունից։ Առաջիկա 10-20 տարիներին աշխարհում լրիվ կփոխվի տեխնոլոգիական դասավորվածությունը։ Կպահանջվեն այլ խնդիրների լուծումներ։ Դրանք կլինեն և՛ նանոգիտության, և՛ նեյրոգիտության, և՛ կենսատեխնոլոգիաների, և՛ ինֆորմատիկայի, և՛ տեսական պատմության, և՛ ռիսկերի կառավարման տեսության հիմնախնդիրները։ Այն բանից, թե որքան հաջող կլուծվեն այդ խնդիրները, կախված կլինեն պետությունների ճակատագրերը, հնարավորությունները և իմիջները։

Իսկ այսօր մենք բախվել ենք իրական խնդրի՝ երկրում չկա գիտության սոցիալական պատվեր, ինովացիաների պահանջարկ։ Ժամանակին մեր ողջ գիտությունը ստեղծվել է պետության կարիքների համար և նրա պատվերով, այն նույն պետության, որին, չգիտես ինչու, այսօր բոլորը միաձայն նզովում են։ Գիտությունը պետք էր, երբ հասարակությունը պատվիրեց իրականացնել միջուկային և տիեզերական նախագծեր, պատրաստել այս կամ այն արտադրանքը։ Հենց նման հայտերի շնորհիվ էլ ի հայտ եկան համաշխարհային անուն ունեցող գիտնականները։ Այսօր մենք լճացման մեջ չենք։ Դա շատ ավելի վատ է՝ մենք նեխում ենք։ Սկզբում պետությունը վերացրեց արտադրությունները, աշխատավորներին և ինժեներներին, գիտնականներին, տեխնիկական առաջընթացը, երիտասարդությանն ուղարկեց դառնալու «մենագերներ», հաշվապահներ ու իրավաբաններ։ Իսկ հիմա, հակադարձ կապի արդյունքում ստանալով գիտաշխատողների՝ հրաշքով պահպանված ոչ մեծ բանակի գիտական գործունեության «նմանակումը», իմաստ չի տեսնում նրանց արժանավայել ֆինանսավորելու մեջ։ Եթե երկրին հարկավոր չեն վերջնարդյունքը, գիտական արտադրանքը, ապա գիտության ֆինանսավորումը վերածվում է ուրիշների բյուջեների ֆինանսավորման, ինչը ոչ մի պետություն չի անի։ Ակադեմիայի ֆինանսավորումն ավելացնելու գծով «high-tech»-ի հիման վրա «մեծ թռիչք» կատարելու «հույսերը» պատրանքային են։ Դատարկ տեղում մեծ թռիչքներ չեն լինում։ «Գիտատար արտադրանքի» հիման վրա երկրի տնտեսությունում բեկում մտցնելու ոչ մի հիմք այսօր չկա։ «Գիտատար արտադրությունների» ստեղծումը պահանջում է ծախսատար ներդրումներ՝ կապված բարձր ռիսկերի հետ, և այդ ռիսկին դիմելու համար առայժմ ոչինչ չունենք։ Մեր ԳՀԻ-ները ոչինչ չունեն, բացի 1970-1980-ական թթ. կատարած աշխատանքների մնացորդներից և վերջին քսան տարիների աշխատանքի արդյունքներից, որոնք քանիցս անցել են զանազան գիտական հիմնադրամների «մաղով»։ Անցկացված և անցկացվող «աուդիտի», «սելեկցիայի» արդյունքում մեր կողմից այսօր արտադրվող գիտական արտադրանքը, թեև սարսափելի է հնչում, նախքան օգտագործվելը հայտնվում է տեղեկատվական աղբանոցում։ Միանգամայն պարզ է, որ իրավիճակը գիտությունում չի փոխվի այն բանից, թե կընդունվեն արդյոք իրավաբանական նոր ակտեր (օրենքներ ակադեմիայի և գիտությունների մասին), որոնք կկանոնակարգեն հարաբերությունները գիտության մեջ։ Մանավանդ այնպիսի օրենքներ, որոնք քարացած ստերեոտիպերի վրա հիմնված նախադասությունների էկլեկտիկ ամբողջություն են ներկայացնում։ Չափից ավելի շատ են օրինակներն այն բանի, որ ամենևին էլ օրենքները չէ, որ գլխավոր ազդեցությունն են գործում իրական կյանքի վրա։ Վերջին 15-20 տարիներին գիտության կազմակերպման շատ ռեֆորմներ տապալվել են ողջ աշխարհում՝ և՛ Ամերիկայում, և՛ Ռուսաստանում։ Ոչ մի տեղ գործերի վիճակն ավելի լավ չի դառնում։ Ընդհակառակը, գիտության կազմակերպման համակարգն էլ ավելի է բարդանում և դառնում էլ ավելի անաշխատունակ գիտության կազմակերպման մեջ անառարկելի հեղինակություն համարվող՝ չմեծացող դեռահասների անիմաստ գործողություններից։

Մեզ մնացած խորհրդային գիտական պոտենցիալը մեր ազգային կապիտալի մի մասն է, և այն պետք է կարողանալ օգտագործել։ Եվ այն, որ ոչ կառավարությունը, ոչ ակադեմիան չեն ուզում իրենց նեղություն տալ և օգտվել դրանից, դեռ չի նշանակում, թե այն պետք է վերացնել։ Շրջանառության մեջ գիտության մասին մի ինչ-որ նոր օրենք մտցնելով մեր գիտության վերածննդի արագ ու կարճ ճանապարհը նույնպիսի առասպել է, ինչպիսին էր ողորմելի «գայդարոնոմիկան»՝ «շուկայի անտեսանելի ձեռքի» ստեղծարար ուժի հանդեպ իր հավատով, որտեղ պետությանը հատկացվում էր տնտեսության «գիշերային պահակի» դեր, ինչի արդյունքում մենք ստացանք այն երկիրը, ինչ ունենք այսօր։

Հայկական գիտության արդյունավետության բարձրացման պարզ դեղատոմսեր գոյություն չունեն, բայց ելք պետք է լինի։ Վախենում եմ, որ ակադեմիական իշխանությունն այն չի տեսնում։ Հիմնախնդրի իրական լուծման համար նախևառաջ անհրաժեշտ է ամրագրել հիմնախնդիրը, հաստատել նպատակը և առաջադրել նպատակին հասնելու ուղիներ։

«Ի սկզբանե էր Բանը» (նախագիծը)։ Եվ սա է մեր տիեզերքի հիմնարար աքսիոման։ «Բանը» պետք է լինի նաև մեր գիտությունը ստեղծելիս (կազմակերպելիս, բարեփոխելիս)։

Ընդունված է քննադատել, հայհոյել, պահանջել ցրել գիտությունների հայկական ակադեմիան, նույնիսկ ծաղրել այն, բայցև ձգտել հասնել այնտեղ։ Այսօր, երբ Հայաստանը որպես պետություն դեռ լիովին չի կայացել, երբ չի առաջադրվել արդյունաբերության, այստեղից էլ՝ գիտության զարգացման վեկտորը, ակադեմիան՝ որպես փորձագիտական-համակարգող օրգան գիտության մեջ, որի կարծիքի վրա կարելի կլիներ հենվել, խիստ անհրաժեշտ է, և սա պետք է լինի ԳԱԱ գլխավոր կանոնադրային պարտականություններից մեկը։ Գուցե կգա ժամանակը, երկիրը կկայանա, արդյունաբերությունն ինքը խնդիրներ կառաջադրի և կվճարի դրանց լուծման համար, ի հայտ կգան և՛ հիմնարար, և՛ կիրառական հետազոտությունները ֆինանսավորող պետական և մասնավոր ֆոնդեր, կապիտալ կստեղծվի նաև ռիսկային ներդրումների համար, և այդ ժամանակ հարկ չի լինի, որ որևէ մեկը մատնանշի, թե ով, ինչով, ինչ ծավալով ու ինչ գումարով պետք է զբաղվի գիտությամբ։ Կվերանա այն կառավարելու անհրաժեշտությունը։ Ակադեմիան կվերածվի մի ինչ-որ էլիտար հաստատության գիտական բոհեմի համար։ Բայց դրան պետք է հասնել, այլ ոչ թե սպասել, թե երբ է «շուկայի անտեսանելի ձեռքը», որի գործունեության համար հարկավոր է գոնե «անտեսանելի պստլիկ ուղեղ», «իր երկաթե ձեռքով մարդկությանը հասցնելու երջանկության»։ Ուստի, հարկավոր է դադարեցնել լույս աշխարհ բերել «բուբլիկի անցքերի ուսումնասիրման նոր կենտրոններ», կենտրոնանալ երկրում գիտության կառավարման ու համակարգման մեկ միասնական, կոմպակտ մարմնի վրա։ Լավ կադրերով, լավ ֆինանսներով։ Գիտնականների թիվը ողջ Հայաստանում համապատասխանում է արևմտյան միջին համալսարանի կամ ընկերության գիտնականների միջին թվաքանակին, և նրանց գործունեության կազմակերպման համար այդքան էլ բարդ, կյանքի հետ անհամատեղելի գիտական կառույց չի պահանջվում, որը կա Հայաստանում։ Գրագետ գիտական մենեջմենթի համար կարելի էր մի տեղում, այն է՝ ՀՀ ԳԱԱ-ում հավաքել գիտության կառավարման համակարգում գործող բոլոր լավագույն ուժերին՝ այն դարձնելով ակադեմիայի և գիտության նախարարության սիմբիոզը, վերացնել գիտության իմունային համակարգի կողմից չընդունվող այն հայեցակարգերի ներդրումը, որոնք ոչ մի կերպ չեն կցվում Հայաստանի նման չափեր ունեցող երկրներին՝ իրենց ավանդույթներով, բարքերով, կոորդինատների էթնիկ համակարգով ու մենթալությամբ։

Ցանկացած համակարգի արգասավոր աշխատանքի համար պետք է հստակ ձևակերպվի նրա առաքելությունը։ Պետք է մշակվի նրա փիլիսոփայությունը, հավատամքը։ Այսօրվա ակադեմիան պետք է լինի մի մարմին, որը մշակի գիտության զարգացման հիմնական ուղղությունները, փորձագիտական կենտրոն, որը միավորի, ղեկավարի և ուղղորդի պետության հաշվին ֆինանսավորվող գիտական հետազոտությունները։

 

Ակադեմիայի գործունեության հանգուցային խնդիրների թվում պետք է լինեն. գիտության և տեխնիկայի զարգացման, հիմնական ուղղությունների և միտումների, երկրի և հասարակության զարգացման հեռանկարների հայեցակարգային մշակումը, կանխատեսումն ու փորձագիտական գնահատումը; առկա արժեքավոր գիտական ուղղությունների պահպանումն ու զարգացումը, գիտական աշխարհում թափ հավաքող նոր գաղափարների ծիլերի հայտնաբերումը, համապատասխան ռազմավարական առաջադրանքների սահմանումը; միջճյուղային կոլեկտիվների ձևավորումը, բուհերի, կիրառական ուղղվածության հաստատությունների և ակադեմիայի ինտեգրումը Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հետազոտական կենտրոնների հետ; հայ գիտնականների թրեյնինգի կազմակերպումն առաջատար գիտական կենտրոններում; և գլխավորը՝ գիտություն բերել երիտասարդներին, որոնք հետաքրքիր, բարձր մտավոր գործունեության հնարավորության կողքին պետք է տեսնեն արժանավոր կյանքի հեռանկարը՝ որոշակի արդյունքների հասնելու պայմանով։ Հենց սա է սպասում և ակադեմիայից չի տեսնում երկիրը։

Հայաստանն արդեն այսօր կարող է միանալ լրջագույն խնդիրների լուծմանն իր ունեցած մարդկային ներուժով և սարքավորումներով։ Սկզբի համար, հայեցակարգի մշակման փուլում, ընդամենն անհրաժեշտ է ուղեղային գրոհ։ Ընդ որում՝ չենք հետևի տեխնոլոգիական սինգուլյարության կողմնակիցների կանխատեսումներին և հետազոտությունների ճկուն ուղղություններ առաջարկել, որոնց հնարավորությունների թիվն անսահման է։ Կսկսենք միանգամայն «երկրային» բաներից, նրանից, ինչը քիչ թե շատ գիտենք, որտեղ որոշակի գիտելիքներ, փորձ, հմտություններ և կարողություններ ունենք։

Օրինակ, արդիականության գլխավոր խնդիրներից մեկն էներգիայի ստացման, պահպանման և օգտագործման համակարգերի սկզբունքորեն նոր տեխնոլոգիաների ստեղծումն է։ Ցանկալի է, որ դրանք լինեն կենդանի բնության օբյեկտները վերարտադրող համակարգեր։ Նման խնդիրների թվին է պատկանում արհեստական ֆոտոսինթեզի՝ լույսի ազդեցությամբ ածխաթթու գազից ու ջրից կազմված օրգանական նյութի կազմավորման սկզբունքների մշակումը։ Եվ սա ամենևին չի նշանակում, թե հարկավոր է նույնությամբ վերարտադրել բնությունը։ Մի ժամանակ մարդկությունը երազում էր թռչելու մասին և սկսեց թափահարող թևերով թռչնի կոնստրուկցիան վերարտադրելուց։ Ներկայիս թռչող սարքերը խիստ հեռավոր կերպով են հիշեցնում կամ ընդհանրապես չեն հիշեցնում թռչուններին, իսկ իրենց հզորությամբ գերազանցում են ցանկացած թռչնի։ Ինչպե՞ս հասան դրան։ Կար նպատակ՝ թռչել։ Կոնկրետ դրված բազմաթիվ խնդիրների լուծմամբ նպատակն իրականացվեց և կատարելագործվում է առայսօր՝ արդեն հինգերորդ սերնդի ինքնաթիռների ստեղծման աշխատանքներով։ Դա հնարավոր դարձավ միայն շնորհիվ հիմնարար մի շարք գիտական խնդիրների լուծման։ Էներգետիկայի ոլորտի մեկ այլ խնդիր է ջրի` ջրածնի և թթվածնի տրոհման միջոցով իդեալական վառելիքի ստացումը՝ որպես էներգիայի անսպառ աղբյուր օգտագործելով Արեգակը։ Ջրի տրոհման զուտ քիմիական խնդրին զուգահեռաբար ավելանում է ֆիզիկականը՝ արեգակնային էներգիայի էֆեկտիվ վերափոխիչների մշակումը։

Ինչո՞ւ չփորձենք իրականացնել նավթի արհեստական բիոսինթեզ։ Ինչպե՞ս։ Մի հասարակ հարց տանք, որի պատասխանը միանշանակ չէ. որտեղի՞ց են բնության մեջ նավթն ու գազը։ Մի քանի վարկած կա, որոնցից ամենաընդունվածն այն է, որը հաստատում է, որ նավթի և գազի առաջացումն օրգանական նյութի ֆոսիլիզացիայի (թաղման) արդյունք է, որը տեղի է ունենում 50-350 մլն տարվա մեջ (տեսություն՝ արժանի ֆլոգիստոնի դարաշրջանի ժամանակներին)։ Մեր վարկածը ներկայացնենք։ Ամեն օր մթնոլորտ է արտանետվում միլիոն տոննա ածխաթթու գազ։ Դրա մի մասն անցնում է մթնոլորտ, մի մասը տարրալուծվում է Համաշխարհային օվկիանոսում, մի մասը բույսերի կողմից վերածվում է ածխաջրի և այլ օրգանական միացությունների (ֆոտոսինթեզ)՝ կրկին վերադառնալով մթնոլորտ որպես թթվածին։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ենթադրենք, որ արտանետվող ածխաթթու գազի զգալի մասը կրկին վերափոխվում է ածխաջրի, և դա է հենց բնության մեջ նավթի ու գազի հանքաշերտերի գոյացման աղբյուրը։ Հօգուտ այս վարկածի են վկայում վերջերս հայտնագործված մանրէները, ջրիմուռները, ծովային միկրոօրգանիզմները և նույնիսկ սնկերը (ոչ սնկիկները), որոնք ի վիճակի են ածխաջրեր, ջրածին արտադրել ածխաթթու գազից։ Ինչո՞ւ մեր միկրոկենսաբանների, կենսատեխնոլոգների, գենետիկների և դրանց մոտ մասնագիտությունների ներկայացուցիչների բանակն իր առջև իրական խնդիր չի դնում՝ ստեղծել արտադրական գործընթացներ ծրագրվող մանրէների և կյանքի այլ տեսակների հիման վրա։ Գենետիկորեն մոդիֆիկացնել ածխաջրածինների արդեն գտնված բնական գեներատորները՝ օրգանիզմներ, այնուհետև՝ արդյունաբերական արդյունավետությամբ աշխատող մեխանիզմներ ստանալու համար, փորձել լուծել քաղաքակրթությունների առջև կանգնած հարցերի հարցը. բնության մեջ ածխաթթու գազի (ընդհանրապես ածխաջրի) ևս մեկ սխեմա մտցնել շրջանառության մեջ և դրա հետ մեկտեղ ապացուցել ջերմոցային էֆեկտի ու գլոբալ ջերմացման մասին խոսակցությունների անհեթեթությունը։ Այս գաղափարն անպարտելի է թվում և, միևնույն ժամանակ, մեծ ներդրումներ չի պահանջում։

Նման «հասարակագույն» (առաջին հայացքից) խնդիրները բազմաթիվ են։ Բնությունը գտել է դրանց պատասխանը, մարդկությունը՝ ոչ։ Ակադեմիայի հայեցակարգային նպատակը կարող էին դառնալ հենց նման խնդիրների լուծումները, որոնք խոստանում են ինչպես հսկայական ակադեմիական դիվիդենդներ, այնպես էլ աներևակայելի առևտրային վերադարձելիություն։ Հիշենք, որ արդի աշխարհի հիմքերը ստեղծվեցին միայն այն բանից հետո, երբ պետությունն առաջադրեց խնդիրներ և կազմակերպեց պայմաններ դրանց լուծման համար. հրթիռային տեխնիկա, միջուկային արդյունաբերություն, համակարգիչներ, բջջային կապ և ուրիշ շատ բաներ։ Մասնավոր բիզնեսը միայն զարգացնում ու կատարելագործում էր դրանք, բայց չէր պատվիրում և որևէ կերպ չէր ֆինանսավորում դրանց ստեղծումը։

Նանոաշխարհը նվաճելու մեկնակետը դարձավ Ռիչարդ Ֆեյնմանի հանրահայտ դասախոսությունը՝ կարդացած 1959թ. Ֆիզիկայի ամերիկյան ընկերության առջև, որը հայտնի է «Այնտեղ՝ ներքևում, դեռ շատ տեղ կա» (Theres plenty of room at the bottom) անվանմամբ։ «Տեղ» նանոաշխարհում պետք է գտնվի նաև մեզ համար։ Այսօր «նանոգիտությունը», «նանոտեխնոլոգիաները», «նանոնյութերը» մատերիայի ճանաչման բազմադարյան էպոպեայի նոր փուլն են։ Դա նյութերի ուսումնասիրությունն է, արտադրաեղանակները, մանիպուլացումն ու կիրառումը նանոմասշտաբով, որում (ելնելով այն բանից, որ մակերեսը և դրա թեքությունը նյութի ծավալի միավորի համեմատ չափազանց մեծ է) ծագում են էապես նոր հատկություններ, հետևաբար և՝ գործառույթներ։ Սա նույնպես հետազոտությունների այնպիսի ոլորտ է, որն ուժից վեր նյութական ներդրումներ և հատուկ սարքավորումներ չի պահանջում, բայց խոստանում է բազմաթիվ գիտական, գործնականում օգտակար հայտնագործություններ և միանգամայն հասանելի է Հայաստանում մշակվելու համար։

Այլ խնդիրներից կարելի է առաջարկել գիտական այն ծրագրերի վերսկսումը, որոնք ուղղված են նոր դեղամիջոցների ստեղծմանը, որտեղ երկիրը հիանալի փորձ ու պաշար ուներ, բայց որը դարձավ «վերակառուցման» առաջին զոհը դեռ 1980-ականների վերջին։

Բայց միայն «High-tech»-ով չէ, որ ապրում են երկիրն ու գիտությունը, այսօր պակաս անհրաժեշտ չէ նաև «Low-tech»-ը։ Հայաստանը կարող էր որոշել այն հնարավոր բաց տեղերը համաշխարհային շուկայում, որոնք կարելի էր փորձել լրացնել իր արտադրանքով, նշել երկրի արդյունաբերական զարգացման գերակայություններն ու մայրուղիները, ռազմավարական նպատակներ դնել և լուծել արդյունաբերության զարգացման մարտավարական խնդիրները։

Իսկ ի՞նչ կարելի է անել շրջափակված փոքրիկ երկրում, որը բնական ռեսուրսներ չունի։ Իհարկե, ոչ շատ բան, բայց մանրակրկիտ աշխատանք պահանջող հնարավոր լուծումներից մեկը, թվում է, կա։ Խոսքը նոր նյութերի և իրերի ստեղծման մասին է։ Կան նաև բնական ռեսուրսներ, բայց միայն հարևան երկրում, որի հետ մենք թշնամական հարաբերությունների մեջ չենք։ Եվ տեղափոխել էլ պետք չէ, պետք է խողովակով դեպի մեզ մղել դրանք։

Կան բաներ, որոնք կարծես պետք է հայտնի լինեն բոլորին, որոնք կարծես մակերեսին են, բայց, ցավոք, մենք դրանք չենք տեսնում։ «Ոչ քիմիկոսին» և իրենց քիմիկոս կարծող շատերին նույնպես հայտնի չէ մեկ մոլեկուլից մյուսին վերածվելու անսահման հնարավորությունների տրամաբանությունը։ Ժողովրդին հայտնի չեն, և պարտադիր էլ չէ, որ հայտնի լինեն նավթի և բնական գազի ածխաջրածինների՝ զանազան տեսակի միացությունների (որոնցից ապրանքային արտադրանք է ստեղծվում) վերածվելու գիտության մանրամասները։ Բացառապես «ոչ քիմիկոսների» համար բերեմ այն արտադրությունների ոչ լրիվ ցանկը, որոնք հիմնված են նավթի ու գազի վերամշակման վրա։ Դա կաուչուկների, լաքերի-ներկերի, մանրաթելերի ու թելերի, ռեակտիվների, դեղերի, կոսմետիկայի, օծանելիքների, դեզոդորանտների, ախտահանիչ միջոցների, սննդամթերքի և ըմպելիքների սննդային հավելուկների և կոնսերվանտների, բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, ռետինի, անվադողերի և ինքնաթիռադողերի, փաթեթավորման և մեկուսիչ նյութերի, սոսինձների, թաղանթների, տարայի, խողովակների, մալուխային թաղանթների, սարքերի կորպուսների, ավտոմեքենաների ներքին և արտաքին հարդարման միջոցների, կենցաղային տեխնիկայի, արհեստական կաշվի, խաղալիքների, սանտեխնիկայի և գրասենյակային պիտույքների, լինզաների, լուսաֆիլտրերի, լապտերների և լուսամփոփների, ջերմա- և ձայնամեկուսիչների և ուրիշ շատ բաների արտադրությունն է։ Այս ամենի համար անհրաժեշտ է երկու բաղադրիչ՝ «ելման» նյութեր և գիտություն։ Հումքային արտադրանքը կարելի է արտադրել ներկայիս տեխնոլոգիական սարքավորումներով, եթե դրանք, իհարկե, պահպանվել են։ Իսկ այդ հումքի հիման վրա հին սարքավորումներով ստեղծված վերջնական արտադրանքը շուկան, իհարկե, չի ընդունի։ Այստեղ վաղվա օրվա տեխնոլոգիաներ են պետք։ Ըստ էության, վերը թվարկվածի գոնե մի փոքր մասի արտադրությունն արդեն մշտական աշխատանքով կապահովեր մարդկանց մի մեծ բանակի։ Դա ավելի քան բավական կլինի երեք միլիոնանոց երկրի համար։

ԽՍՀՄ-ի օրոք քիմիական կենտրոններով, գիտական կադրերով մենք տարածաշրջանում առաջատար դիրք էինք զբաղեցնում։ Հայաստանում քիմիական արտադրությունը գերակշռող էր։ Իհարկե, շատ բան բարբարոսաբար ոչնչացվել է, բայցևայնպես դեռ վերականգնման պոտենցիալ կա։ Իրան-Հայաստան գազա- և/կամ նավթատարները, ռուսական գազատարի միաժամանակյա առկայությամբ, թույլ կտան գազն ու նավթն օգտագործել ոչ միայն որպես վառելիքի, այլ նաև որպես հումքի աղբյուր այն ամենի արտադրության համար, ինչն անհրաժեշտ է ցանկացած երկրի քիմիական արդյունաբերությանը։ Շրջափակումից և փակ սահմաններից չկախված հումք ունենալով, որը երկիր կմատակարարվի «խողովակներով», ըստ էության կարելի կլինի կազմակերպել ցանկացած նյութերի արտադրությունը, որոնք կվերափոխվեն արժեքավոր արտադրանքի։ Եվ սա Հայաստանի արդյունաբերության և գիտության համար սակավաթիվ լուծումներից մեկն է։ Սա ընդամենը էսքիզ է։ Անշուշտ, գոյություն ունեն կամ, համենայնդեպս, պետք է գոյություն ունենան նաև նախագծերի էսքիզներ այլ ճյուղերի համար։ Աշխատանքի ընթացքում ինքնըստինքյան կծագեն հարցեր, որոնք պետք է լուծի տարբեր պրոֆիլների գիտնականների և ինժեներների բանակը։ Այդ հարցերը լուծելու ընթացքում կստեղծվեն սեփական, ուրույն արդյունաբերական արտադրանքներ՝ բարձր ավելացված արժեքով, կիրականացվեն գիտական լուծումներ։

Նպատակասլաց, համառ գործունեության արդյունքում, երբ բոլորը կմտածեն ոչ միայն այն մասին, թե ինչպես էժան գնեն ու թանկ վաճառեն, այլև այն մասին, թե էլի ինչ կարելի է անել, վաղ թե ուշ մոռացության գիրկը կանցնեն այն տասնյակ պատճառները, որոնցով Հայաստանում ոչ մի կերպ չէր կարողանում կայանալ արդի գիտությունը, ի հայտ կգա այն հեղինակավորը, որով ոչ ոք աշխարհում չի զբաղվում, և միշտ կգտնվի այն գնորդը, ով կգնի մեզնից այն, ինչ միայն մենք ենք կարողանում անել։ Հարկավոր է շտապել, որպեսզի մեզ վերջնականապես դուրս չքշեն, որպեսզի երկիրը վերջնականապես չմարգինալացվի, քանի դեռ նոր աշխարհակարգ չի հաստատվել։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am