Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Մարտ 2011, N 3

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ

Լիլիթ Գրիգորյան, մշակութաբան, լրագրող

1962թ. մի գիշերվա ընթացքում տանկերի օգնությամբ ցած բերվեց ու ոչնչացվեց Ստալինի արձանների հսկայական ընտանիքին պատկանող երևանյան օրինակը: Նրա պատվանդանին հետագայում կանգնեցվեց «Մայր Հայաստան» հուշակոթողը: Այն օրերին դա մի իսկական պատերազմ էր խորհրդային բռնատիրության երբեմնի առաջնորդի քարակերտ վկաների դեմ, և որքան էլ հիմքում ուներ քաղաքական ու գաղափարական հստակ մեկնաբանում ու արդարացում, այնուամենայնիվ, եթե երևույթը գնահատելու լինենք զուտ իրավական տեսանկյունից, ապա կատարվածը ոչ այլ ինչ էր, քան սովորական վանդալիզմ:

«Միտումնավոր և դիտավորյալ վնասել, ոչնչացնել կամ էլ թալանել որևէ կառույց, կոթող կամ հուշարձան»,- ահա «վանդալիզմություն» կամ «վանդալիզմ» բառի նշանակությունը, որն օգտագործվում է համաստիճան բարբարոսության կամ վայրագության դեպքերում: Դե, իսկ եթե «ավերիչ ձեռքը» գեղարվեստական կամ պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցներին է հասնում, ապա վանդալիզմի «կործանարար ուժը» կրկնապատկվում է: Նշված եզրույթն ունի ընդարձակ և բազմակողմանի կիրառություն, այնպես որ, համաձայն իր դրդապատճառի, գործածվում է ինչպես անձնական, սոցիալական, անարխիստական, այնպես էլ ռազմական, քաղաքական, կրոնական ծայրահեղականության, ֆինանսական ու ռասիստական պատճառներով իրագործված ավերածությունների դեպքում: Պատմությունը փաստում է, որ հատկապես պատերազմներն են սանձարձակում ամենաթողությունը, և դրանց ընթացքում ոչնչացվում կամ կողոպուտի են ենթարկվում բազմաթիվ նշանակալի հուշարձաններ ու գեղարվեստական ստեղծագործություններ: Հեղաշրջումներն ու իշխանափոխություններն իրենց հերթին անդառնալի կնիք են թողնում մարդու ձեռքով արարվածի վրա. կողոպուտի և ավերման ճարակ են դառնում նախորդի սեփականությունն ու խորհրդանիշները՝ անտեսելով դրանց արժեքն ու նշանակությունը:

Հնագույն ժամանակներում գեղարվեստական արժեքներ ոչնչացնելն ու թալանելը սովորական երևույթ էին համարվում: Իսկ վանդալիզմի ամենախորհրդանշող պատմական օրինակը տվեցին հենց իրենք՝ վանդալները (vandals), որոնք, լինելով Արևելյան Գերմանիայի անքաղաքակիրթ ցեղերից մեկը, 5-րդ դարում Հյուսիսային Աֆրիկայում հիմնեցին մի պետություն և 455 թվականին գրավեցին Հռոմը: Երկու շաբաթ անընդմեջ քաղաքը թալանի ենթարկելուց ու հիմնովին ավերելուց հետո նրանք հեռացան՝ իրենց հետ վերցնելով ամենաարժեքավոր ավարը: Հենց այդ ցեղախմբի անունից էլ առաջացավ վանդալիզմ բառը:

Սակայն հարկ է ընդգծել, որ ժամանակի ընթացքում վանդալիզմ երևույթը ձեռք բերեց ընկալման ու դրսևորման առավել հստակ և կոնկրետ իմաստներ: Ներկայումս այն նույնական չէ վայրագության հետ, թեև էությունը համատիպ է: Վայրագությունը շատ ավելի ընդհանուր բնույթ ունի, կարող է նշանակել նաև դաժանություն մարդու կամ ազգերի նկատմամբ և վերաբերում է ընդհանրապես անմարդկայնության բոլոր դրսևորումներին, մինչդեռ վանդալիզմ անվանում են բացառապես արվեստի, մշակույթի, քաղաքակրթության նմուշների, գրքերի և հուշարձանների դիտավորյալ ոչնչացման կամ վնասման գործողությունները:

Միանգամայն տրամաբանական էր, որ դրան զուգահեռ պիտի ի հայտ գար հուշարձանների պահպանության խնդիրը, ինչի գաղափարական հիմքերը դրվեցին 18-րդ դարում: Օրինակ, ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ Կոնվենտի դեկրետներով անցյալի հուշարձաններն առաջին անգամ դիտվեցին որպես համաժողովրդական սեփականություն և վերցվեցին պետական պահպանության ներքո: Այնուհետև 19-20-րդ դդ. եվրոպական մի շարք պետություններում մեկը մյուսի հետևից ձևավորվեցին անցյալի արժեքները պահպանելու պետական տեսչություններ ու մարմիններ, որոնք, պահպանության խնդիրներից բացի, աստիճանաբար մշակեցին նաև ավերված ու վնասված հուշարձանների ամրակայման և վերականգնման մեթոդները: 1982թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը սահմանել է որպես Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության օր, ինչն իբրև տոն նշվում է 1984 թվականից: Հայաստանում պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության առաջին պետական մարմինը ստեղծվեց Առաջին հանրապետության օրոք՝ ՀՀ խորհրդարանի 1920թ. հուլիսի 7-ին ընդունած «Հայաստանի հնությունների պետական պահպանություն ստեղծելու մասին» օրենքով: Իսկ 1923թ. դեկտեմբերի 18-ին արդեն ՀԽՍՀ Ժողկոմխորհի դեկրետով Լուսժողկոմատի կազմում հիմնվեց Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն՝ ճարտարապետ Ալ. Թամանյանի նախագահությամբ: Հետագայում հիմնարկության անվանումը, ենթակայությունը և կարգավիճակը բազմիցս փոխվել է: Այդ փոփոխություններից վերջինը տեղի ունեցավ 2002թ., երբ անվանափոխության արդյունքում մարմինը կոչվեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն:

 

ԻՆՉՈՒ Է ՀԵՌՈՒՆ ՏԵՍԱՆԵԼԻ, ԻՍԿ ՄԵՐՁԱԿԱՆ՝ ՈՉ

«Երջանիկ են, բայց դա չեն գիտակցում աշխարհի այն ժողովուրդները, որոնք չունեն քաղաքակրթություններ կործանող հարևաններ»: Այս հանրահայտ ասույթը մեզ համար առավել քան հասկանալի է: Յուրաքանչյուր օր կարելի է լսել Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքում, երկրագնդի այլ անկյուններում գտնվող հայկական մշակույթի որևէ հուշարձանի վնասման կամ ավերման մասին: Ամեն մի նոր դեպքի հետ մենք ընդվզում ենք, դատապարտող խոսքեր հնչեցնում, մեղադրանքներ հասցեագրում նորօրյա բարբարոսներին և մշակութային պատերազմի հեղինակներին: Սակայն հազվադեպ է պատահում, երբ փորձում ենք ինքներս մեզ հարց տալ. արդյո՞ք օտարներին անվանարկելուց առաջ հավասարապես պահանջ չկա նաև ժամանակ առ ժամանակ հայացք նետել հենց մեր շուրջը և խոստովանել, որ յուրայինների մեջ էլ կործանողները սակավաթիվ չեն: Մեր իսկ տան ներսում, մեր թանձր լռության ու անտարբերության շղարշի տակ կատարվում են ոչ պակաս ցավալի դեպքեր, մեր աչքի առաջ փոշիանում են հոգևոր արժեքներ, խեղվում են մշակութային ու պատմական միջավայրեր, աղետալի ծավալներ են ձեռք բերում անօրինականություններն այդ ոլորտում: Մինչդեռ իրավիճակը վերափոխելու, դրա կործանարար ընթացքն արգելակելու լուրջ և տեսանելի նախադրյալներ առայժմ չեն գծագրվում:

Եթե առաջնորդվելու լինենք պաշտոնական վիճակագրությամբ, ապա պիտի արձանագրենք, որ Հայաստանում այսօր 24400-ից ավելի հաշվառված պատմական հուշարձան կա, շուրջ 5000-ն էլ դեռևս գրանցված չեն: Եվ 3000 գրանցված հուշարձան գտնվում է Արցախում, իսկ տեղի մասնագետների հավաստմամբ՝ մոտ 10.000-ն էլ դեռևս սպասում են իրենց գրանցմանը: Սակայն մի բան է նման ժառանգություն ունենալն ու հաշվառման վերցնելը, բոլորովին այլ բան է այս քարեղեն հարստության նկատմամբ հոգածության և ուշադրության չափաբաժինը: 2010թ. դրությամբ՝ Հայաստանում պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների թիվը հասնում է 170-ի: Նույն տարվա տվյալներով, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող անշարժ հուշարձաններին վնաս հասցվելու 72 դեպք է գրանցել: Բայց սա՝ ընդամենը հաշվառված հուշարձանների և բացահայտված դեպքերի մասով:

Հայտնի իրողություն է, որ պատմաճարտարապետական ժառանգության պահպանման համար աշխարհի շատ երկրներում հսկայական ներդրումներ են արվում: Նույնիսկ մեր հարևան Ադրբեջանը պետական բյուջեից տարեկան 90 մլն եվրո է հատկացնում հուշարձանները վերականգնելու նպատակով՝ չհաշված անհատ ներդրողների տրամադրած խոշոր գումարները: Իսկ ահա նույն նպատակի համար մեր հանրապետության պետբյուջեի հակացումները տարեցտարի նվազում են… Եթե ասվածին էլ գումարենք այն փաստը, որ հուշարձանների զգալի մասը գտնվում է կիսավեր ու վթարային վիճակում, իսկ դրա հետ մեկտեղ բազմապատկվում են վանդալիզմի ու ոչնչացման դեպքերը, ապա մտահոգության շարժառիթների պակաս չի զգացվի: Եվ եթե նույնիսկ համապատասխան մարմինները շարունակում են հավաստիացնել, թե իրենց կողմից դեպքերի աճ չի նկատվում, ապա նման երաշխիքները այլևս քչերի համար են համոզիչ դիտվում:

Մասնագետների գնահատմամբ՝ հուշարձաններին վնաս հասցնելու գործում մարդկային դիտավորությունը 10-15 տոկոս է կազմում, այն էլ իր հիմքում հիմնականում սոցիալական դրդապատճառներ ունի: Դրա ամենաթարմ օրինակները մայրաքաղաքում տեղադրված Հայկ Նահապետի և Տորք Անգեղի արձաններից պղնձյա թիթեղների հեռացումն ու գողացումն էր: Ու թեև մեղավորների համար «շաբաթն ուրբաթից շուտ եկավ» (իրավապահներին հաջողվեց նրանց որսալ), սակայն, այնուամենայիվ, հիշյալ հուշարձանների հետագա ճակատագիրը դրանից շատ քիչ շահեց, քանի որ իրականացված վերականգնումն ամբողջական և հուսալի չէր: Առհասարակ, հուշարձանների պահպանության գործում վերականգնման հարցը ևս կարելի է դասել ամենակնճռոտների շարքում: Մասնագետների հավաստմամբ՝ վերականգնման աշխատանքները հաճախ կատարվում են՝ առանց հաշվի առնելու մեթոդական և տեխնոլոգիական նորմերը, ինչը բերում է շատ արժեքավոր տարրերի անվերադարձ կորստի: Բացի այդ, հաճախ հենց տվյալ համայնքների ղեկավարներն ու բնակիչներն են «ինքնագործունեությամբ» զբաղվում՝ խնդրի լուծմանն օգնելու իրենց բարի մտադրությունների արդյունքում ակամա նպաստելով դրա արմատավորմանը:

Սոցիալական դրդապատճառից բացի հուշարձանների «անդորրը» նաև տարրական չիմացությունն ու հոգածության պակասն են վրդովում: Բոլորս ենք տեսել, որ բազմաթիվ վանքերի ու եկեղեցիների պատեր անձնանունների բառարանների ու սիրային բանաձևերի պակաս չունեն, դե, իսկ բնակելի շենքերից մինչև մշակութային կենտրոնների ճակատային հատվածների «նախշազարդումների» մասին խոսելն անգամ անիմաստ է: Ի՞նչ է սա, ինքնարտահայտման ու ինքնահաստատման անփոխարինելի հարթությո՞ւն, թե՞ սեփական արժեքների նկատմամբ սրտացավության ու հոգատարության լիակատար բացակայության վկայություն…

Ինչևէ, փաստերն ավելի խոսուն են և շատ բան են ասում իրենց հեղինակների մասին:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՎԿԱՅԱՐԱՆ

Վանդալիզմի դրդող շարժառիթներն այնքան բազմազան են ու հակասական, որ դժվար պիտի լինի դրանց դասակարգումն իրականացնել: Սակայն Հայաստանում այդ քայլին դիմողների համար հազիվ թե առանձնակի նշանակություն ունի, թե իրենց արարքն ինչ որակումներ կստանա: Եվ երբ մենք հաճախ հետադարձ հայացք ենք նետում պատմությանը՝ խոսելով դարեր շարունակ մարդկային դիտավորությունից առավել հուշարձաններ կործանող կրոնական և ազգային անհանդուրժողականության, գաղափարական ու քաղաքական տարաձայնությունների մասին, երբ պնդում ենք, թե նախորդի մերժումն իր հետ նաև նրանում առկա արժեքների ոչնչացում է բերում, ու անմիջապես էլ հիշում ենք, թե ինչպես, օրինակ, Հայաստանում քրիստոնեության ընդունման ժամանակ նորը հողին հավասարեցրեց հեթանոսական հինը, որպեսզի հենց նրա հիմքերի վրա հաստատեր իր գոյությունը, ապա պատմական վերհուշը որևէ կերպ չի մեղմում այսօրվա հոռի դրսևորումների առկայության դառնությունը:

Առաջին հայացքից գուցե նույնիսկ փոքր-ինչ անհավանական հնչի, եթե ասենք, որ մեզ մոտ իրենց հուշարձանների պահպանության խնդիր ունեն ազգային փոքրամասնությունները: Սակայն, ցավոք, դա այդպես է: Օրինակ, Երևանում տեղադրված Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշաքարը մեկ անգամ չէ, որ խոշտանգման է ենթարկվել: 2004թ. սեպտեմբերի 17-ին՝ հրեական Նոր տարվա տոնակատարությունների վերջին օրը, անհայտ անձինք սպիտակ ներկով հուշաքարի վրա խաչ և «սատանայական» 666 թիվն էին նկարել, իսկ 2010թ. հոկտեմբերի 19–ին դարձյալ չարագործների ձեռքով արձանի վրա հայտնվել էին ֆաշիստական սվաստիկան և գրությունը. «Մահ ջհուդին»:

Ժամանակին շատ հուշարձաններ մեծապես տուժեցին նաև քաղաքական ու գաղափարական «հերթափոխներից»: Հուշարձանների այն նոր տիպը, որ մեզ մոտ ներմուծվեց Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո և յոթ տասնամյակ շարունակ ծառայեցվում էր այսպես կոչված մոնումենտալ պրոպագանդային, հետխորհրդային իրականության պայմաններում դարձավ միանգամայն անցանկալի և նրանց նկատմամբ ջարդն իրականացվեց բուռն էնտուզիազմով: Մայրաքաղաքի և Հայաստանի մյուս բնակավայրերի նկարագրից մեկընդմիշտ ջնջվեցին թե՛ հեղափոխության առաջնորդներն ու մարտիկները, թե՛ այդ ժամանակաշրջանը պատկերող ամեն կարգի ձեռակերտ ատրիբուտները: Հուշարձանային անհանդուրժողականությունը իրենց պատվանդաններից անվերադարձ իջեցրեց Մարքսին ու Էնգելսին, Լենինին ու Ստալինին,Ղուկաս Ղուկասյանին ու Բաքվի 26 կոմիսարներին: Հատկանշական է, որ գաղափարական հիմքին զուգահեռ հետխորհրդային հուշարձանասպանդն ուղեկցվում էր նաև վանդալիստական թալանով: Ի դեպ, թալանն այսօր էլ շարունակում է մնալ հին ու նոր հուշարձանների գլխին կախված սպառնալիքներից մեկը: Արկածախնդիր գանձախույզների մեծ մասը սրբատեղիներն է նախընտրում՝ գայթակղված թանկարժեք իրերով ու որմնանկարներով, իսկ ոմանք էլ պատրաստ են խռովել նույնիսկ հավերժական քուն մտածների հանգիստը՝ չիմանալով, որ թագավորների ու փարավոնների մասին պատմող ֆիլմերում ներկայացված հուղարկավորության արարողությունները բոլորովին բնորոշ չեն եղել հայերիս և մեր ծիսակարգի մաս չեն կազմել:

Այստեղ հարկ է առանձնակի ուշադրություն հրավիրել նաև այն փաստի վրա, որ երրորդ անկախացումից հետո Հայաստանում «հիշողության ջնջման» գործընթացի արդյունքում հարվածի տակ ընկան նաև մշակութային «ոչ քաղաքական» արժեքները: Անցումային այդ շրջանը հետզհետե ձեռք բերեց իր «մուտացիոն» դրսևորումները՝ այս անգամ շարունակելով վնաս հասցնել նախորդ դեպքերի հետ որևէ առնչություն չունեցող հուշարձաններին: Օրինակ, ժամանակ առ ժամանակ անհետանում է մեր ժողովրդի համբերության պղնձե թասը Սասունցի Դավթի արձանից, չկան Այվազովսկու հուշարձանի վրձինը, Ծովակալ Իսակովի խարիսխը, Փափազյանի մահարձանի դիմակը: Վանդալների ոտնձգություններից ոչ մի կերպ հանգիստ չի գտնում գրականագետ Լևոն Ներսիսյանի հուշաքարի բրոնզե քանդակը, ոմանց թեթև ձեռքի զոհն են դառնում հայ բժշկության հիմնադիր Մխիթար Հերացու բրոնզյա կիսանդրին, Գյումրու կենտրոնում տեղադրված Զորավար Անդրանիկի արձանի թրի պղնձե պատյանը, Ախուրյան գյուղի միջնակարգ դպրոցի դիմաց տեղադրված Կոմիտասի արձանը, Մովսես Գորգիսյանի կիսանդրին հերոսի անունը կրող դպրոցի բակում, գրող Դերենիկ Դեմիրճյանի մահարձանը քաղաքային պանթեոնում, Էջմիածին տանող մայրուղին զարդարող Վիշապաքաղ Վահագնի արձանը, լեզվաբան Հրաչյա Աճառյանի հուշատախտակը, Հանրապետության հրապարակի «Յոթնաղբյուրի» մետաղե դրվագազարդումները, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի բրոնզե արձանիկը, և այսպես շարունակ: Կարելի է այս ցանկը լրացնել անվերջ ու անվերջ: Հանգիստ չունեն անգամ հազարամյակների միջով անցած և մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում հանգրվանած վիշապաքարերը, Որոտնավանքի համալիրը, Հավուսթառի վանքը, Էրեբունի ամրոցը, «Կարմիր բլուր» հնավայրը, Հայաստանի առաջին մայրաքաղաք Արմավիրը, բազում այլ նշանավոր պատմաճարտարապետական կոթողներ:

Ինչո՞ւ է այսպես, ո՞վ է մեղավորը, որտե՞ղ փնտրել չարիքի բուն պատճառը:

 

ՕՐԵՆՔ ԵՎ... ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Մասնագետների համոզմամբ՝ հուշարձանների «անապահովության» հիմնական մեղավորներն իրավական և օրենսդրական բացերն են:

Պատմության և մշակույթի հուշարձանների պետական հաշվառման, հնագիտական ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման բնագավառներին առնչվող հարաբերությունները մեր երկրում կարգավորվում են Սահմանադրությամբ, 1998թ. դեկտեմբերի 12-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ որոշումներով ու ենթաօրենսդրական ակտերով: Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների ազգային ֆոնդն են կազմում պետական հաշվառման վերցված 1000-ից ավելի պատմական քաղաքատեղիներ, բերդշեներ, ամրոցներ, բնակատեղիներ, ավելի քան 1200 վանական համալիրներ, եկեղեցիներ, տաճարներ, մատուռներ, սրբատեղիներ, դամբարանադաշտեր, միջնադարյան գերեզմանոցներ, բնակելի, հասարակական և արտադրական շինություններ, հուշային և մոնումենտալ արվեստի տասնյակ հազարավոր կոթողներ, վիմագիր արձանագրություններ, ժայռապատկերներ և այլն: Սակայն անկախ հուշարձանների քանակից ու դրանք պահպանելուն միտված օրենսդրության առկայությունից, հուշարձանների պահպանության բնագավառում բազմաթիվ թերություններ ու խախտումներ կան:

ՀՀ-ում հաշվառված ավելի քան 24400 հուշարձաններից միայն 1150-ն այսօր պահպանական գոտի ունի, մինչդեռ հանրահայտ փաստ է, որ այսօր դրանք առավել հաճախ վնասվում կամ ոչնչացվում են գանձագողության, անհամաձայնեցված շինարարական աշխատանքների, հուղարկավորությունների և հատկապես ընդերք-շահագործման աշխատանքների հետևանքով, ինչն իր հերթին «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է: Նույն կերպ ՀՀ հողային օրենսգրքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ պատմական և մշակութային հողամասերի վրա արգելվում է դրանց նպատակային և գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն: Սակայն ո՞ւմ է ասվում այդ մասին, եթե օրենքը կարող է նաև ոչ բոլորի վրա տարածվել:

Այս շարքից հիշատակենք ընդամենը մի քանի օրինակ: Այսպես՝ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի պահպանական գոտու սահմաններում, հողաշինարարական աշխատանքներ կատարելու արդյունքում ոչնչացվել է ընդարձակ դամբարանադաշտի (մ.թ.ա. 3-1-ին դդ.) գգալի մասը: Ակնաշեն համայնքում բնակատեղիի տարածքով անցկացվել են էլեկտրագծեր, կատարվել հնագիտական շերտերի խաթարումներ և այլ ավերումներ: Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե և Սուրբ Աստվածածին եկեղեցիների պատմական գերեզմանոցի տարածքում կատարվում են թաղումներ, որոնք, մոտ գտնվելով ճարտարապետական խիստ արժեքավոր հուշարձաններին, խաթարում են պատմական միջավայրի տեսքը: Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում՝ ուրարտական ամրոցի պահպանական գոտում ավերվել է դամբարանադաշտ, արձանագրվել գանձագողություն: Վայոց ձորի մարզի Գնդեվանքի պահպանական գոտու տարածքում, առանց գործակալության տարածքային բաժնի մասնագետների եզրակացության, վարձակալությամբ տրամադրվել են հողատարածքներ: Տվյալ դեպքում խախտել է Հայաստանի կառավարության 2005թ. օգոստոսի 5-ի թիվ 714-8 որոշման 49-րդ կետի պահանջը: Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում աճուրդային կարգով օտարման է ներկայացվել պատմամշակութային կարգավիճակ ունեցող և հուշարձան համարվող դամբարանադաշտ: Մինչդեռ համապատասխան օրենքով, ՀՀ հողային օրենսգրքի 23-րդ հոդվածով, անկախ հողի նկատմաբ ունեցած սեփականատիրական իրավունքից, առանց լիազոր մարմնի համաձայնության, արգելվում է նման կարգավիճակ ունեցող հողերի նկատմամբ ցանկացած բնույթի գործողության իրականացումը:

Էլ ավելի աղաղակող փաստերի ու անօրինականությունների ականատեսն ենք դառնում Ավան-Առինջի՝ Տիգրան Մեծի ժամանակների քաղաքի մնացորդների, Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերում՝ դամբարանադաշտի տարածքի (8-րդ դար, մ.թ.ա.) պարագայում: Այդ տարածքները, որոնք հատուկ պահպանվող հողի կարգավիճակ ունեն և ինչի մասին անհնար է, որ տեղյակ չլինեն պատկան մարմինները, սեփականաշնորհվել և կառուցապատվել են, իսկ մյուս մասն ավերվել է կամ վերածվել աղբավայրի: Ավանի հնավայրը, որտեղից ժամանակին մասնագետները 5 հազար հնագիտական արժեքավոր իրեր հայտնաբերեցին, այսօր էլ հողակտոր առ հողակտոր վաճավում է զանազան առանձնատների կառուցման նպատակով: Հնագետների ցանկությունը՝ պեղումները ավարտին հասցնել, այդ վայրում թանգարան կառուցել, հազիվ թե երբևէ իրականություն դառնա: Աննահանջ հետևողականութամբ զանազան օլիգարխներ, որոնց համար պատմությունը դատարկ հնչյուն է, իսկ սեփական բարեկեցությունը՝ ամեն ինչ, աչք չեն թարթի հանուն այդ գերնպատակի փոշիացնել հազարամյա ժառանգությունը:

Ասվածի վառ ապացույցներից մեկն էլ կարելի է համարել հայտնի պատմությունն այն մասին, թե ինչպես մեկ-երկու տարի առաջ մեկ այլ գործարար պատրաստվում էր Խոր վիրապի մերձակայքում, Արտաշատ հնագույն մայրաքաղաքի ավերակների վրա «Նոյյան տապան» անունը կրող զբոսաշրջային համալիր կառուցել: «Հին Էրիվան» պանդոկի սեփականատերն իր «ազնիվ» ցանկությունների համար կարողացել էր հասնել այն բանին, որ կառավարությունը որոշում էր կայացրել հնագիտական արգելոցի տարածքում 6 հեկտարի չափով հողահատկացում կատարել նրան: Հազիվ թե կառավարությունում չգիտեին, որ հենց իրենց ընդունած «Հողատարածքների պահպանման մասին» օրենքն արգելում է ցանկացած նպատակի համար այս տիպի հողերի վաճառքը: Սակայն կարծես թե մեզ մոտ օրենքները սահմանվում են միայն որոշակի խումբ ներկայացնող քաղաքացիների համար, իսկ արտոնյալ դասի վրա դրանք չեն տարածվում:

Դրա ևս մի վկայություն կարող է դիտվել Արարատի մարզի Գոռավան-Արարատ մայրուղու աջ թևի բլրալանջին փռված հազարամյակների պատմություն ունեցող դամբարանադաշտն ու հնագույն բնակատեղին: Նախնական պեղումների արդյունքում այնտեղ գտնվեցին հազվագյուտ իրեր և գործիքներ: Սակայն պեղումներն ինչ-ինչ պատճառներով ընդհատվեցին և տարածքի մեծ մասն այդպես էլ մնաց չուսումնասիրված: Այսօր այդ վայրում քարհանք է: Ամեն օր այնտեղ կատարվում են պայթեցումներ, հողահեռացման աշխատանքներ: Սակայն ոչ մեկը չի համարձակվում արգելել այդ գործընթացը և փրկել հնավայրը: Բանն այն է, որ ըստ շրջանառվող լուրերի, քարհանքը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի սեփականությունն է: Վերջինս դա ձեռք էր բերել այն ժամանակ, երբ դեռ Արարատի մարզպետն էր: Բազմաթիվ ահազանգերին ի պատասխան հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող մարմինները կույր ու խուլ են ձևանում:

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել համայնքի տարածքում հուշարձանների պահպանական գոտիներում սահմանված հատուկ ռեժիմի պահանջների կատարումը, մինչդեռ հաճախ հենց նրանց անուշադրության կամ էլ դիտավորության հետևանքով շատ հուշարձաններ են տուժում: Իսկ խնդրի ամենակնճռոտ կողմերից մեկը շարունակում է մնալ հողահատկացումների հարցը: Օրենքով սահմանված կարգով՝ նախքան իրավաբանական կամ էլ ֆիզիկական անձանց ցանկացած տիպի հողօգտագործման իրավունքի տրամադրումը համայնքի ղեկավարը պարտավոր է տեղեկացնել հուշարձանների պահպանության մասնագետներին, ինչպես, օրինակ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ տվյալ հողատարածքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալու և հուշարձանների առկայության մասին փաստելու համար: Սակայն, բնականաբար, միշտ էլ նախապատվությունը տրվում է մասնագետների կարծիքը շրջանցելու կամ հաշվի չառնելու տարբերակին: Խախտումների արձանագրման դեպքում էլ, եթե ժամանակավրեպ չի լինում և հուշարձանը փրկելու հնարավորություն կա, հողահատկացման մասին տվյալ համայնքի ավագանու որոշումը չեղյալ է հայտարարվում: Մինչդեռ հուշարձաններին ուղղակիորեն կամ էլ անուղղակի վնաս հասցնողների նկատմամբ օրենքի սահմանած պատիժը համարժեք չի կարելի համարել: Համապատասխան իրավական հոդվածում մասնավորապես ասվում է, որ «պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Եվ սա՞ է այն պատիժը, որ կրում է հանցագործը մշակութային եզակի ու բացառիկ արժեքները ոչնչացնելու համար…

Հոդվածում օգտագործված լուսանկարները տրամադրել է  «Ծիրանի» ՀԿ-ն

 www.sos.tsirani.am

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am