Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաք և գավառ

Քաղաք և գավառ
Մարտ 2011, N 3

ԿԱՐԱԲԱԼԱ.

ԱՍՔ ԾԱՂԿԱՎԱՃԱՌԻ ՄԱՍԻՆ

Հովհաննես Չարխչյան, գրող, հրապարակախոս

Ասում են՝ լեգենդներն աշխարհ են գալիս այն բանի համար, որպեսզի լրացնեն կյանքի թափուր մնացած անկյունները և իմաստ հաղորդեն նրան: Իսկ քաղաքում ծնված լեգենդն այդ իմաստը դարձնում է յուրաքանչյուրինը, ստիպում է անվերապահորեն հավատալ դրա բոլոր մանրամասներին, քանի որ ամեն գեղեցիկ բան լինելու իրավունք ունի: Երևանի բազում լեգենդների շարքում կա մեկը, որից ծաղկի բուրմունք է տարածվում: Կարաբալայի պատմությունն է: Հիմա նա արձանի վերածված՝ կանգնած է Աբովյան փողոցի մայթեզրի վրա՝ մի տեսակ լքված, անօգնական, մեղավորի հայացքով, ասես փորձում է արդարացնել իր անհարմար ներկայությունն այդ հարահոս եռուզեռի մեջ: Մինչդեռ տասնամյակներ առաջ ճիշտ նույն տեղում, փոշոտ, հարթակտուր ու անծաղիկ քաղաքի գորշության մեջ նա էր վառ գույների միակ տիրակալը, նրա բուրավետ հեքիաթն էր, որ քնքշություն ու սեր էր տալիս անցորդներին:

Կարաբալա՝ թուրքերեն՝ «սև տղա»: Բայց տղան ոչ սև էր, ոչ էլ թուրք: Երևանցի հայտնի ծաղկավաճառն ու էքսցենտրիկը բարձրահասակ էր, նիհար, քայլում էր մի տեսակ կռացած, ձախ ձեռքին պահում էր ծաղկեփնջերով լի զամբյուղը, իսկ աջով առաջ էր պարզում այն մի հատիկ վարդը, որ կարող էր նաև չվաճառվել, այլ պարզապես իբրև նվեր տրվել որևէ գեղեցիկ օրիորդի, որևէ բարեհամբույր կնոջ, որևէ ծանոթի, որն այդ պահին կշահեր Կարաբալայի համակրանքը: Ու նրա ծաղիկները մտնում էին հեռու ու մոտիկ տները, ժպտում էին սեղանին դրված ծաղկամաններից, սիրով ու բարությամբ էին լցնում ներամփոփ գյուղաքաղաքի սիրտը, որպեսզի կյանքը դառնար փոքր-ինչ երփներանգ, փոքր-ինչ լուսավոր: Որպեսզի հույս լիներ վաղվա համար…

Այսպես եղե՞լ է, թե՞ սա ընդամենը հորինվածք է, միֆ, գունազարդված առասպել նրանց համար, ովքեր ունեին ծաղիկներ նվիրաբերող բարի անծանոթի գոյության կարիքը՝ որպես հակոտնյա հաշվենկատ ու անհույզ իրականության: Ի՞նչ իմանաս: Ամեն դեպքում ժամանակը փորձեց արդարացի գտնվել թե՛ մեկի և թե՛ մյուսի նկատմամբ՝ միաձուլելով հնարավորն ու անհնարը, իրար խառնելով լեգենդն ու ճշմարտությունը: Եվ աշխարհ եկան Կարաբալայի մասին բազում պատումները, որոնցից մի քանիսը կշարադրենք ստորև:

 

ԼԵԳԵՆԴ ԱՌԱՋԻՆ

Որտեղի՞ց էր նա եկել, ո՞վ էր եղել նախկինում: Ոմանք պնդում էին, թե այլ քաղաքից է հասել Երևան ու հաստատվել այստեղ, մյուսները հակաճառում էին՝ բացատրելով, որ նա բնիկ երևանցի է, ապրում է Թուրքի թաղում, կամ Կոնդում, կամ մի այլ տեղում: Բայց մի՞թե դա էական էր, երբ առանց Կարաբալայի Երևանը Երևանի նման լինել չէր կարող: Ոչ ոք նրա մասին ըստ էության ոչինչ չգիտեր, սակայն չկար նաև ավելին իմանալու ցանկությունը: Կար Կարաբալան, նա իր տեղում էր՝ կնշանակի կյանքը շարունակվում էր: Օրը երկու անգամ՝ վաղ առավոտյան ու երեկոյան նա հայտնվում էր նախկին Կուլտուրայի տան մուտքից ոչ հեռու՝ հենց ոտքերի տակ քչքչոցով հոսող առվի եզրին, ծաղիկներով լի զամբյուղը ձեռքին: Հիմնականում վարդեր էր վաճառում, թեև պատմում էին, որ առաջին ձնծաղիկները նրա ձեռքով էին քաղաք մտնում դեռ այն ժամանակ, երբ Երևանում ձյունը հալված չէր լինում: Խոսում էին, թե պատանի ժամանակ մի մեծ սեր է ունեցել, բայց երբ փորձել է նրան խոստովանել իր զգացմունքները, հպարտ աղջիկը ծաղրել է Կարաբալային, ծիծաղել է նրա վրա ու հեռացել: Դրանից հետո ծաղկավաճառն այլևս ոչ մի կնոջ չի սիրել՝ սրտում պահելով մերժումի ցավն ու անպատասխան սերը:

Իհարկե, միակ ու վերջին սիրո պատմությունն այնքան էլ ճիշտ չէր, քանի որ ամբողջ Երևանը գիտեր, թե Կարաբալան ինչպես էր հրապուրված հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանով: Այդ գեղեցիկ կինը, որ շատերի սրտերն էր գրավել, Կարաբալայի կուռքն էր ու նաև նրա մեծ դժբախտության պատճառը: Ամեն առավոտ Աստաֆյան փողոցով Արուսն աշխատանքի էր գնում և յուրաքանչյուր անգամ վարդերի գեղեցիկ փունջ էր ստանում իր երկրպագուից: Կարաբալան նրա մասին նույնիսկ մի երգ էր հորինել՝ «Ով սիրուն, սիրուն, փայլուն Արուսյակ…»: Իսկ երբ գինովցած էր լինում, բաժակակից ընկերների առաջ բացում էր սրտի գաղտնիքը. «Ինձ Կարաբալա մի ասեք, ինձ ասեք Դարդոտ Բալա…»:

Ու մի օր պատահեց անուղղելին: Դա 1926 թվականին էր: Տեսնելով, որ մի թուրք տղա անընդհատ հետապնդում է Արուս Ոսկանյանին՝ խանդից կուրացած ծաղկավաճառը փորձեց նրան դաս տալ: Բայց թուրքն ինքը գրպանից դուրս բերեց դանակն ու հարձակվեց իրեն զգուշացնողի վրա: Այդ ժամանակ ճարպիկ Կարաբալան ոչ միայն խույս է տալիս նրանից, այլև արդյունքում ինքն է դանակահարում հարձակվողին: Նրան ձերբակալեցին ու տարան Երևանի Ուղղիչ տուն: Հենց նույն օրերին էլ Ուղղիչ տան բնակիչ դարձավ նաև բանաստեղծ Եղիշե Չարենցը, ով զարմանալի զուգադիպությամբ նույնպես ճաղերի հետևում էր հայտնվել անպատասխան սիրո պատճառով: Այդ ամիսների հիշատակ-վավերագիրը Չարենցի գիրքն է: «… Երգեցին ու պարեցին մի շարք կալանավորներ… Ղարաբալան, Երևանի հռչակավոր ծաղիկ ծախողը, որ Ուղղիչ տուն էր ընկել մեկին դանակով վիրավորելու համար…»,- հետագայում պիտի գրեր Չարենցն իր նշանավոր «Երևանի Ուղղիչ տնից» հուշագրության մեջ: Բայց բանտը նաև երկուսի անդավաճան բարեկամության սկիզբը դարձավ: Լեգենդն ասում է, թե Չարենցի կնոջ՝ Արփենիկի ու Արուս Ոսկանյանի մահից հետո նրանց գերեզմանին ամեն օր կարմիր վարդեր էին դրված լինում, իսկ քաղաքում նման ծաղիկներ միայն մի մարդ ուներ…

 

ԼԵԳԵՆԴ ԵՐԿՐՈՐԴ

Կան հնաբնակ երևանցիներ, ովքեր պնդում են, որ Կարաբալան ինքը չէր այն ծաղիկների տերն ու աճեցնողը, որոնք վաճառում էր: Այս պնդումները կարելի է հավաստի համարել: Դրանք երևանցի ունևոր Գոգոլ աղայի ծաղկանոցներից էին: Գոգոլ աղան արդեն տարիքն առած մարդ էր, նրա տունն ու այգին գտնվում էին հենց Աբովյան փողոցում: Դրանցից զատ նաև մեծ ծիրանանոց ուներ, իսկ Դալմայում՝ խաղողի այգիներ: Գործերը հաջող էին ընթանում, և այդ օրերին էլ նա գնեց բժիշկ Արամ Տեր-Ավետիքովի տունը (այն մինչ օրս էլ կանգուն է մնացել) ու առաջին հարկում ծաղկի խանութ բացեց: Գոգոլ աղան իր վարդերն աճեցնում էր այգու ջերմոցներում ու բերում էր այստեղ վաճառելու: Բայց շուտով եկան նոր ժամանակներ, ու խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքն ազգայնացվեց: Գոգոլ աղան մնաց առանց խանութի: Հենց այդ օրերին էլ նա գտավ Կարաբալային: Նոր մշակը նրա սրտով էր. առանձնահատուկ սեր ուներ ծաղիկների նկատմամբ և իր գործը բարեխղճորեն էր կատարում: Մկրատը ձեռքին անցնում էր ծաղկաթմբերի միջով, զգուշությամբ մեկ առ մեկ ընտրում ու զամբյուղի մեջ էր շարում թարմ վարդերը, իսկ երեկոյան Գոգոլ աղային էր տալիս իր վաստակը, որից էլ տերը նրան բաժին էր թողնում: Այդպես նա երկար ժամանակ աշխատում էր, մինչև որ վրա հասան դժվարին ժամանակները: Այսօր ոմանք գրում և պատմում են, թե իբր Կարաբալան 1934-36թթ. երկրորդ անգամ է բանտարկվել: Համաձայն այդ աղբյուրների, նա դատապարտվել էր իշխանությունների հասցեին հրապարակային մեղադրանքներ հնչեցնելու ամբաստանությամբ: Սակայն այս փաստը ճշտման կարիք ունի: Բանն այն է, որ նույն աղբյուրների համաձայն, Կարաբալան այդ տարիներին կրկին իր պատիժը կրել է Չարենցի հետ և նույնիսկ դուրս գալուց հետո օգնել է բանաստեղծի ձեռագրերը բանտից հանելու և դրանք թաքցնելու գործում: Նման պատմությունները չեն կարող ճշմարիտ լինել հենց միայն այն պարզ պատճառով, որ Չարենցին այդ տարիներին ոչ ոք չէր կալանել: Իրականում բանաստեղծին ձերբակալեցին 1937-ի հուլիսին, իսկ ծաղկավաճառի ձեռքով փրկված ձեռագրերի մասին որևէ ապացույց առայսօր գոյություն չունի:

1937-ին շատերի պես աքսորվեց նաև Գոգոլ աղան: Նրա տունն ու ծաղկանոցը բռնագրավվեցին: Ու այսպես ավարտվեց հեքիաթը քաղաքի համար:

 

ԼԵԳԵՆԴ ԵՐՐՈՐԴ

Կարաբալայի մասին շրջանառվող պատմություններից մեկի համաձայն, նա բոլորովին էլ ծաղկավաճառ չի եղել: Համենայն դեպս այն տարիքում, երբ դեռ երիտասարդ ու առույգ էր, նրան վիճակված էր զբաղվել միանգամայն այլ աշխատանքով: Նա հանձնարարություններ կատարող էր: Կանգնում էր այս կամ այն մարդաշատ վայրում, առավոտից մինչև ուշ գիշեր ու սպասում էր, մինչև որ ծանոթ մեկը աննշան վճարի դիմաց նրան որևէ գործ տար: Սովորաբար Կարաբալայի ծառայություններից օգտվում էին խորտկարաններում ու գինետներում հավաքվածները: Իսկ ավելի հաճախ՝ Չարենցն ու իր ընկերները: Խնջույքի թեժ պահին Չարենցը նրան ձեռքով կաներ, կպարզեր անձեռոցիկի վրա արված որևէ գրություն ու կասեր.

- Կարաբալա, ուստա Մարգարին գիտե՞ս… Բաղնիքի մոտի՝ Ռաբիսի դուքանում կլինի: Տար, սա հանձնիր նրան:

Կարաբալան վազ էր տալիս ու քիչ անց վերադառնում էր Մարգարի ու նրա նվագածուների հետ:

- Մարգար ջան՝ «Ես պուճուր, յարս պուճուր»,- պատվիրում էր Չարենցն ու գրպանից հանած թղթադրամները խոթում Կարաբալայի բռան մեջ:

Իսկ քիչ անց Կարաբալան գնում էր գարեջրի հետևից, հետո ֆայտոն էր գտնում Զանգվի ձորը իջնելու համար և կամ պարզապես ընդունում էր նրանց հրավերը, մոտենում էր սեղանին ու բաժակն առած՝ միանում էր անվերջանալի կենացներին: Այո, Կարաբալան խմում էր: Հատկապես կյանքի վերջին տարիներին հազվադեպ էր պատահում, որ նա գինովցած չլիներ: Ու թերևս հենց այդ շրջանում էլ տարածվեցին ասեկոսեներն այն մասին, թե ծերունին դարձել է անուղղելի հարբեցող, հայհոյում ու վիրավորում է մարդկանց, կեղտոտ ու խղճուկ մուրացկանի տեսք ուներ, իսկ կանայք փողոցում նրան տեսնելիս վախվորած թեքում են իրենց ճանապարհը: Դա, իհարկե, այդպես չէր: Նրանք, ովքեր առիթ էին ունեցել ծաղկավաճառի հետ սեղան նստելու, պատմում են, որ խմելիս համարյա չէր հարբում և նույն բարի, անչար մարդն էր՝ ավելի շատ լուռ, քան խոսող: «Երևան» հյուրանոցի բակում մի ժամանակ գործող բացօթյա սրճարանում, որտեղ հիմնականում հավաքվում էին գրողներ, դերասաններ, արվեստի մարդիկ, հաճախ կարելի էր տեսնել նաև Կարաբալային: Նա միշտ էլ ցանկալի սեղանակից էր նրանց համար, ովքեր հիշելու, վերապրելու բան ունեին:

 

ԻՍԿ ԻՐԱԿԱՆՈՒՄ…

Ճշմարտությունը գուցե թե այնքան գունեղ ու ուշագրավ լինել չի կարող, ինչպիսին լինում է առասպելը: Սակայն կա նաև իրական պատմությունը Կարաբալայի մասին: Նա ծնվել էր 20-րդ դարի սկզբին (երբեմն նշում են հենց 1900 թվականը, սակայն սա ստույգ համարել չի կարելի): Մանկությունն անցել էր Քանաքեռ գյուղում, ունևորի ընտանիքում: Ոմանք ասում են, թե նրա անունը Կարապետ էր, սակայն սա ևս անճշտություն է: Նրա իսկական անուն-ազգանունը Ստեփան Հարությունյան էր: Ճանաչողները վկայում են, որ նրա ընտանիքի սեփականությունն են եղել Ֆլորայի այգիները՝ այն տարածքը, որտեղ այսօր մետրոյի «Երիտասարդական» կայարանն է գտնվում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Հարությունյանները կորցրեցին իրենց ունեցվածքը: Շուտով երիտասարդ Ստեփանն ամուսնացավ Աշխեն անունով մի աղջկա հետ, որին հանդիպել էր Ղանթարի շուկայում: Աշխենը ծնունդով Ներքին Ախտայից էր (ներկայիս Հրազդան քաղաքից): 1926թ. ծնվեց նրանց որդին: Նորածնին տվեցին Ժորժիկ անունը: Սակայն, ինչպես արդեն ասել էինք, այդ թվին Կարաբալան ձերբակալվեց ու բանտարկվեց: Մինչ նա կրում էր իր պատիժն ու երազում այն օրը, երբ կրկին կվերադառնա հարազատների մոտ, կինը որոշեց լքել ամուսնուն և ամուսնանալ մեկ ուրիշի հետ: Աշխենն իր հետ տարավ նաև Ժորժիկին: Բանտից դուրս գալուց հետո Կարաբալան այլևս ոչինչ չուներ: Խոսում էին այն մասին, թե իբր Աշխենը իրավապահներին ինչ-որ լուսանկարներ էր ցույց տվել, որոնք ապացուցում էին իր ամուսնու անհավատարմությունը, և այդ գնով նրանից խլել էր ոչ միայն տունն ու ունեցվածքը, այլև արգելք էր դրել որդուն տեսնելու հոր իրավունքի վրա: Դժվար է ասել, թե որքանով էին այդ ամբաստանությունները հիմնավոր, բայց Կարաբալան իսկապես զրկվեց իր զավակի հետ հանդիպելու բախտավորությունից: Ասում են նաև, որ միայն շատ տարիներ անց, երբ արդեն Ժորժիկն էր հայր դարձել, Աշխենն, այնուամենայնիվ, որոշում է ամուսնուն ցույց տալ նորածին թոռանը: Մայր ու որդի գնում են Աբովյան փողոցի այն հատվածը, որտեղ սովորաբար կանգնում էր ծաղկավաճառը, և Կարաբալան դողդողացող ձեռքերով կրծքին է սեղմում փոքրիկ Լևոնին՝ իր կյանքի ամենաթանկ ու ամենագեղեցիկ ծաղիկը: Նա դեռ չգիտեր, որ երեխային տեսնում էր առաջին և վերջին անգամ: Համաձայն լեգենդի՝ Կարաբալան վախճանվել է հենց փողոցում: Ձմռան մի ցուրտ օր ընկել ու սառել է մայթի վրա: Նրա գերեզմանի տեղը նույնիսկ հարազատները չգիտեն: Մահվան տարեթիվ է նշվում 1965թ.: Կա նաև այլ տարբերակ՝ 1970 թվականը, սակայն երկու դեպքում էլ դրանց հավաստի լինելը կասկած է հարուցում: Բանն այն է, որ պահպանվել է նրա մի լուսանկարը՝ արված 1972 թվին:

Ահա այսպես, մարդը, որ եկել էր անհայտությունից, ապրեց ու գնաց նույն այդ անհայտությունը: Բայց ոչ մոռացումը:

 

ՀԻՇԱՏԱԿԸ

Մնաց հիշատակը: Ավելի երջանիկ, քան Կարաբալան էր: Ավելի երկարակյաց, քան Կարաբալան էր: Ավելի պարզ ու առինքնող, քան Կարաբալան էր: Նա այսուհետ սիրո, զարթոնքի, գարնանամուտի և անշահախնդիր հոգու խորհրդանիշն էր մարդկանց համար: Երևանը ողողվեց ծաղկավաճառներով ու ծաղկի սրահներով, բայց ոչ մեկն այդպես էլ չդարձավ Կարաբալա: Մարդկանց տներն ու բակերը ծածկվեցին զանազան տնաբույծ ու տնակյաց ծաղիկներով, ջերմոցներով, բույսերով ու իկեբանաներով, սակայն ունեի՞ն դրանք այն մեկ հատիկ վարդի արժեքը, որ Կարաբալայի ձեռքն էր նվիրում...

Երկար տարիներ հրաշք ծաղկավաճառի մասին զրույցները անցնում էին բերնեբերան: Շիրազը նրա մասին բանաստեղծություն գրեց: Երգիչ Պապին Պողոսյանը բեմերից հնչեցնում էր նրան նվիրված երգը, «Հայֆիլմը» նկարեց «Մեր պապերի քայլերգը» կինոնկարը, որտեղ հայտնի դերասան Ազատ Շերենցը մարմնավորեց Կարաբալայի կերպարը: Իսկ քանդակագործ Լևոն Թոքմաջյանը Երևանին վերադարձրեց արդեն արձանացած Կարաբալային՝ զամբյուղը թևին, ծաղիկը՝ մատների մեջ...

Պատմում են, որ տարիներ առաջ «Խորհրդային Հայաստան» թերթի աշխատակիցները որոշում են գարնան առաջին օրվա համարում զետեղել Կարաբալայի լուսանկարը: Սակայն մտահղացմանը վիճակվել էր կարճ կյանք ունենալ: Գրաքննությունն անմիջապես պահանջում է շտկել «գաղափարական» սխալը՝ այդ անհայտ ու անշուք մարդու փոխարեն տեղադրել առաջավոր կուսակցականի դիմանկար:

Հիմա Կարաբալային այլևս ոչ ոք չի ջնջելու և չի խմբագրելու: Նա ապրում է մեր հիշողության մեջ, նա իր տեղն ունի մեր սրտերում: Հիմա ամեն երևանցի կամ օտար հյուր հաճույքով լուսանկարվում է նրա արձանի կողքին, իսկ հետո, եթե ցանկություն է լինում, մտնում է մի գավաթ սուրճ խմելու «Կարաբալա» սրճարանում կամ սիրելիի համար ծաղիկներ է գնում «Կարաբալա» ծաղկի սրահից: Երևանցի բանաստեղծ Ռոբերտ Կարայանը նրա մասին տողեր է գրում.

Ով տեր Աստված, ո՞նց համբերես,

Ցուրտ է քաղաքն այս նաիրյան,

Մեկը հազար ծաղիկ բերեց,

Մեկը զրկանք, ձյուն ու բորան...

Ա՜խ, ի՞նչ անի Կարաբալան,

Ո՞նց չխմի ու ցնորվի-

Ոտքերի մոտ կին-մուրացկան

Ձեռք է պարզել խեղճ անցորդին...

Իսկ եթե դարձյալ հանդիպում են մարդիկ, որոնց նախանձն է շարժում համեստ ծաղկավաճառի հետմահու հիշատակը, որոնք դեռ կարող են այստեղ ու այնտեղ գրել-պատմել, թե իբր «փողոցային թշվառականը» բոլորովին էլ այն չէր, ինչ նրա մասին ասում են, ապա կարծում ենք, որ իրականում անմաքուրը հենց այդ մարդկանց հոգին է, որոնց համար լուսավոր ոչինչ լինել չի կարող ու նույնիսկ Կարաբալայի մասին անքեն հուշը հանգիստ չի տալիս այսքան տարիներ հետո...

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am