Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Մարտ 2011, N 3

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային միաբանություն» կոււսակցության նախագահության և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության անդամ

ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

(նյութի մշտական հասցեն՝ http://nationalidea.am/comments.php?id=7721&l=A)

29.03.2011

ՀՀՇ-ական մամուլից՝ ասես առատության եղջյուրից, հորդող զրպարտությանն արձագանքելը, ուղղակիորեն ասենք, անշնորհակալ գործ է: Չէ՞ որ դրա միակ ու հիմնական իմաստը նրանց զրպարտելն է, նրանց, ովքեր չեն երկրպագում իրենց կուռքին՝ ՀՀ տխրահռչակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջին ժամանակներում, սակայն, լևոնական քարոզչության շեշտադրությունը փոքր-ինչ փոխվել է. նրանց կողմից վերահսկվող մամուլում ավելի ու ավելի շատ են հայտնվում սադրիչ բնույթի, ռուսատյացությամբ լի հոդվածներ: Ամենայն հավանականությամբ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) որոշակի հատվածին հանգիստ չեն տալիս բեկումնային այն նախաձեռնությունները, որոնցով ռուս-հայկական հարաբերություններում հագեցած էր անցած մեկուկես տարին: Դրանց գագաթնակետը դարձան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևի պետական առաջին այցը Հայաստան, այցի ընթացքում վեց պայմանագրերի ստորագրումը, որոնց թվում կարևորագույնը N5 արձանագրությունն է, ըստ որի՝ Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի գտնվելու ժամկետը երկարաձգվել է 49 տարով: Հատուկ տեղ է զբաղեցնում նաև ռուսական ու հայկական զինվորական եղբայրության պատմական խոր արմատները խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի վերականգնումը Գյումրիում՝ նվիրված ռուսական բանակի սպաներին, որոնք զոհվել էին 1853-1856, 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմների ընթացքում, Կարսի ամրոցը գրավելիս: Կարելի է մի քանի տասնյակ բարի գործեր և նախաձեռնություններ էլ թվարկել, որոնք կարճ ժամանակաընթացքում նախաձեռնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, անձամբ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Եվգենևիչ Կովալենկոն, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության ակտիվ մասնակցությամբ՝ հանձին նրա ներկայացուցիչ, ռուսական դեսպանության խորհրդական Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկովի:

Այս ֆոնին, երբ կարդում ես Վ.Կրիվոպուսկովին ուղղված հերթական զազրախոսությունը, կոպիտ զրպարտանքը, ակամա հիշում ես վերջին երկու տասնամյակի նրա բոլոր «մեղքերը»: Ավելի հանգամանորեն անդրադառնանք այդ «մեղքերին»: Այսպես, որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, թե որքանով է ՀԱԿ-ի ծրագրերին խանգարում Վ.Կրիվոպուսկովի ստեղծարար գործունեությունը, դիմենք փաստերին: Դրանց շնորհիվ պարզ կդառնա, թե ում կողմից են նախաձեռնվում ռուս դիվանագետի դեմ ուղղված այդ հարձակումները և ո՞վ է վճարում դրանք:

Լևոնականներին հանգիստ չի տալիս այն, որ Վիկտոր Վլադիմիրովիչի անմիջական նախաձեռնությամբ է ստեղծվել Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը, որի շնորհիվ հայ գիտնականների 15 ինովացիոն նախագիծ արտադրության ուղեգիր են ստանում: ՀԱԿ-ը, մի կողմից, քննադատում է հանրապետությունում տիրող սոցիալական վիճակը և, միևնույն ժամանակ, զրպարտում Կրիվոպուսկովին, որի նախաձեռնությամբ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն միջազգային հումանիտար օգնություն է իրականացնում «դպրոցական նախաճաշեր» համաշխարհային պարենային ծրագրի շրջանակում, որն ընդգրկում է 50 հազ. հայ դպրոցականի: Անտեղյակներին ասենք, որ այդ ծրագրի իրագործման համար Ռուսաստանը 8 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել: Հավանաբար, Միջտարածաշրջանային համագործակցության Ռուս-հայկական շատ խոստումնալից համաժողովի նախօրեին, որը տեղի է ունենալու ս.թ. ապրիլի երկրորդ տասնօրյակում ք.Երևանում, նրանք շատ են ուզում փչացնել ռուս դիվանագետների տրամադրությունը: Գուցե նրանք հույս ունեն, թե այդ նույն օրերին բացվելիք արդյունաբերական ինովացիաների միջտարածաշրջանային ցուցահանդեսում անկյուն կհատկացվի առանձնապես աչքի ընկած ռուսատյացների ու զրպարտիչների համար՝ իրենց հակառուսական գործերը ներկայացնելու հնարավորություն տալու նպատակով: Դրանով իսկ հնարավորություն կստեղծվի Հայաստանի հասարակությանը ցույց տալու, թե ինչ խոչընդոտների միջով պետք է անցնել՝ նման նշանակալի և խոշոր միջոցառումներ կազմակերպելու համար, միջոցառումներ, որոնց իրագործմանը նրանք այդքան ջանադրաբար փորձում էին խանգարել: Լևոնականներին, հավանաբար, շփոթության մեջ է գցել այն տեղեկատվությունը, թե այդ համաժողովների աշխատանքին անմիջական մասնակցություն են ունենալու ռուսական բիզնես-էլիտայի ներկայացուցիչները և ՌԴ մարզերի ղեկավարությունը: Նրանք հիանալի հասկանում են, որ տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության նախանշված ծրագրերի իրագործմամբ մեզանում լավ խթան կտրվի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր, նոր զարգացում կստանան կոոպերացիան, մեր ձեռնարկությունների տեխնիկական վերազինումը, ձեռնարկությունների և ընկերությունների ինովացիոն զարգացման լավ հնարավորություններ կբացվեն, ինչը, իր հերթին, կապահովի հայկական ապրանքների մրցունակությունը:

Վիկտոր Կրիվոպուսկովի բարի նախաձեռնությունների և վերջին մեկուկես տարում իրագործած կոնկրետ գործերի թվարկումը կարելի է էլի շարունակել: Բայց, կարծում ենք, որ վերն ասվածից անկողմնակալ ընթերցողն ինքն իր համար կպարզի, թե որքան ռուսատյաց պետք է լինել՝ ռուս դիվանագետի բարի գործերին այդպես մոլեգին արձագանքելու համար: Խոսքն այն հոդվածի մասին է, որը հրապարակվել է ամենալևոնապաշտ՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում, որը վերջին երկու ամսում քանիցս զրպարտել է Վ.Կրիվոպուսկովին: Այս հոդվածիկների պատվիրատուների հաշվարկը պարզ է. նրանք հիանալի հասկանում են, որ հանձին Վ.Կրիվոպուսկովի գործ ունեն մի դիվանագետի հետ, որը խորապես հավատարիմ է ռուս սպայի պատվո վարքականոնին, և որը ճակատագրի կամքով 1990-1991թթ. աշխատել է դեռ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում: Եվ այսպես, պաշտպանելով պատիվն ու արժանապատվությունը, ինչը Վ.Կրիվոպուսկովի համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում, քանզի չափից ավելի ակնհայտ է զազրախոսությունը, ռուս դիվանագետը ներառվում է լևոնական քարոզչության սցենարում: Եվ հենց այստեղ է, որ այն սկսում է նոր հեծեծանքները, թե՝ Ռուսաստանը, ահա, հանձին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչի, ճնշում է բանեցնում Հայաստանի իշխանությունների վրա՝ դրանով իսկ հասնելով մեր անօգնական ու անպաշտպան լրագրողին մեղադրելուն և այլն, և այլն:

Գուցե Վիկտոր Վլադիմիրովիչին Լևոնը և նրա քարոզչությունը ոչ մի կերպ չե՞ն կարողանում ներել նրա գործունեությունը 90-ական թվականների սկզբին: Դե, ինչ, այդ գրչակներին հիշեցնենք նաև այդ մասին: Այսպես, խորհրդային ժամանակներում, ԽՍՀՄ ՆԳՆ ծառայության մեջ գտնվելով, Վ.Կրիվոպուսկովը զբաղվում էր ազգամիջյան հարաբերությունների հարցերով և 1990-91թթ. գործուղվել է Ղարաբաղ՝ որպես ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետ: Այն ժամանակ նա, լայն լիազորություններ, իսկ, ըստ էության, խստորեն պատժելու գործառույթներ ունենալով, Ղարաբաղյան հարցում առաջնորդվում էր պարտքի զգացումով, խղճով ու պատվով: Իհարկե, նրան լավ ճանաչում և նրա հետ սերտորեն համագործակցում էին ղարաբաղյան ընդհատակի ղեկավարները: Այդ հիշարժան օրերից 20 տարի անց, այսօր արդեն կարելի է բացահայտ ասել, որ նա ինքն էլ, փաստորեն, ղարաբաղյան ընդհատակի անդամ էր: Նրա՝ ռուս սպային և իր ենթակայության ներքո գտնվող ԽՍՀՄ ՆԳՆ այլ սպաներին (գնդապետներ Գուդկով, Շևելյով, Տկաչ, Կուզնեցով, գեներալներ Կովալյով, Վորոնով, Նեկռիլով, Ստարիկով և Ռուսաստանի շատ այլ հայրենասերներ) բնորոշ կամային հատկանիշների և նրանց համարձակ ու արդարացի գործողությունների շնորհիվ, այն բուռն իրադարձությունների ականատեսների վկայությամբ, մահից և ադրբեջանցիների անարգանքից փրկվեցին հարյուրավոր ղարաբաղցիներ, տասնյակ ու տասնյակ ազատամարտիկներ, որոնք հետագայում կազմեցին Ղարաբաղի ու ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ-ի Ինքնապաշտպանության բանակի միջուկը, և որոնցից շատերը դարձան գեներալներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ղեկավարներ: Անկեղծ ասած, անցած շաբաթ, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում կարդալով Վիկտոր Կրիվոպուսկովի դեմ ուղղված զրպարտչագիրը, ինձ թվաց, թե դրա հերքմամբ հանդես կգա Լևոն Տեր-Պետրոսյանը, որը 1991թ. անձամբ էր խնդրել Վիկտոր Վլադիմիրովիչին գնալ Լեռնային Ղարաբաղ՝ խիստ դժվար, բայց բացառապես ազնիվ մի առաքելությամբ, որը նա հաջողությամբ իրագործեց: Այդ առաքելության էությունն առանձին հրապարակման թեմա է: Իմ հույսերին վիճակված չէր իրականանալ, քանզի ԼՏՊ-ն չի կարող կտրել սեփական ռուսատյաց երգի ձայնը, չէ՞ որ ինքն ու իր սխրակիցները հենց դրա համար են, պետք է ենթադրել, դրսից ֆինանսավորում ստանում: Երգը դադարեցնեն թե չէ՝ կզրկվեն ֆինանսներից, իսկ առանց դրանց, ինչպեսև նախորդ տասնամյակում, նստելու է իր սև (ուղղակի և փոխաբերական իմաստով) առանձնատանը: Հենց դրա համար էլ մեջս ցանկություն առաջացավ քողազերծել լևոնական մամուլում ռուս դիվանագետի հասցեին ուղղված նողկալի սուտը: Դիվանագետ, որի անվան հետ են կապված Ղարաբաղյան ազատագրական շարժման բազմաթիվ հերոսական էջեր: Վիկտոր Վլադիմիրովիչ Կրիվոպուսկովը հրապարակային անձնավորություն է: Եթե որևէ մեկը ծանոթ է նրա գրական, հրապարակախոսական աշխատանքներին ու հրապարակային ելույթներին, ապա նրա առջև կբացվի ռուս հայրենասեր-ինտերնացիոնալիստի կերպարը, որին խորթ է ամեն տեսակ մեծամտություն, որովհետև նա զզվում է թելադրանքից ու կայսերական մտածողությունից: Ավելին, նրա հասարակական և պետական ողջ գործունեությունը տոգորված են մեկ մտքով ու մտայնությամբ. ինչպե՞ս օգնել իր կողմից ջերմորեն սիրված Հայաստանին, ինչպե՞ս աջակցել մեր երկրների ու ժողովուրդների ավելի սերտ համախմբմանը, ինչը նպաստավոր ազդեցություն կունենա հայ ժողովրդի բարեկեցության վրա, որին, կարելի է առանց չափազանցության ասել, նվիրել է իր գիտակից կյանքի մեծ մասը: Իհարկե, որպես Ա.Գրիբոյեդովի, Վ.Բրյուսովի, Ս.Գորոդեցկու, Ա.Բիտովի, Մ.Վետրովիխի լուսավոր կերպարների օրինակով դաստիարակված ռուս մարդ նա հիանալի հասկանում է հայ-ռուսական հարաբերությունների իսկական արժեքը մեր բարդ ժամանակներում: Իր ողջ գործունեությամբ Վ.Կրիվոպուսկովը ՌԴ դեսպանության իր գործընկերների հետ փորձում է մեր ժողովրդի համար լիարժեքորեն բացել այն հոգևոր միասնությունը, որը բնորոշ է ռուսներին և հայերին: Իսկ ռուս դիվանագետի նման գործունեությունը, երևում է, ռուսատյացներին ջղաձգության մեջ է գցում, որոնք ուժ ու միջոցներ չեն խնայում Հայաստանի բնակչության մեջ Ռուսաստանի նկատմամբ անվստահություն առաջացնելու, դրանով իսկ նրան Հարավային Կովկասից դուրս մղելու պարարտ հող ստեղծելու համար: Այդ իսկ պատճառով էլ ռուս դիվանագետներին զրպարտելու կեղտոտ աշխատանք է տարվում՝ նպատակ ունենալով խափանել ռուս-հայկական ռազմավարական գործընկերությունը, ավելին, զրոյի հավասարեցնել ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, նրա գործընկերների, ընդհանրապես՝ դեսպանության՝ մեր երկրների տնտեսական ինտեգրմանը, մեր ժողովուրդների միջև հոգևոր-մշակութային սերտ համագործակցության կարգավորմանն ուղղված ջանքերը: Ես ամենևին էլ պատահականորեն չնշեցի ռուս մտավորականության մեծ ներկայացուցիչների անունները, որոնք կյանքով ու գործունեությամբ անկեղծորեն ծառայել են իրենց համար գլխավոր էությանը՝ ռուս-հայկական եղբայրության ձևավորմանը: Մեր օրերում այդ համաստեղությունը համալրվել է արժանավոր նոր մարդկանցով՝ այդ ազնիվ գործը շարունակողներով:

Հայ ժողովուրդը, իր թիկունքին հուսալի վահան ունենալով՝ հանձինս ռուս ականավոր մտածողների և ինտելեկտուալների, մենակ չի եղել իր ծանր ու դաժան պատմության տարիներին: Եվ հիմա էլ ոչ մի կերպ չեն հանդարտվում այն ուժերը, որոնք իրենց վարձու լրագրողների միջոցով ամեն գնով ուզում են սևացնել, զրպարտել մեր ժողովրդի իսկական, ղարաբաղյան պատերազմի փորձությամբ թրծված բարեկամներին: Չէ՞ որ պատվի մարդուն, ինչպիսին Վ.Կրիվոպուսկովն է, ոչինչ այնպես չի խոցի, ինչպես սև երախտամոռության դրսևորումը: Չէ՞ որ, կարևոր էլ չէ, որ այն բխում է հոգին ադրբեջանական նավթադոլարներով ծախած, հայկական ազգանուններ ունեցող մարդկանցից, որոնք, ըստ էության, հայեր էլ չեն, հայեր, որոնց այդքան անմնացորդ նվիրված է Վ.Կրիվոպուսկովը: Այնպես է ստացվել, որ մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդումն իրենց պատվի գործը համարող մարդիկ հարձակումների են ենթարկվում հենց նրանց կողմից, ովքեր պատվի ու պարկեշտության մասին խիստ ինքնատիպ պատկերացում ունեն: Գուցե նրանց համար «պատիվ» բառը զուգորդվում է կանաչ թղթադրամների հետ, որոնցից թուրքական նեոօսմանիզմով թրմված, կրկնենք, ադրբեջանական նավթի հոտ է գալիս:

Պնդել, որ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում հրապարակված հոդվածը ոչ մի դրական բան չի բերել, օբյեկտիվ չի լինի: Հոդվածն օգնեց Հայաստանի հայրենասերներին, որոնք ռուս-հայկական համակողմանի մերձեցման համոզված ջատագովներն են, հստակ գիտակցել վերահաս վտանգը՝ թշնամին քնած չէ: Ասվածի ապացույցն այն փաստն է, որ տերպետրոսյանական մամուլի հրապարակումների թիրախն է դարձել Վ.Կրիվոպուսկովը՝ ռուս սպա-դիվանագետը, «Խռովյալ Ղարաբաղ» գրքի հեղինակը: Մարդ, որն անցել է ղարաբաղյան խառնակ ժամանակների համրության միջով և իր գործունեությամբ բացահայտել ճշմարտությունը Ղարաբաղյան շարժման և ընդհատակի մասնակիցների ու առաջնորդների մասին: Նա կարողացավ նաև ճշմարտությունը պատմել ԽՍՀՄ ՆԳՆ աշխատակիցների՝ ներքին զորքերի ռուս սպաների և շարքայինների մասին, որոնք ծայրահեղ պայմաններում կարողացան խիղճը զուգակցել ծառայողական պարտքի հետ:

Եթե հայկական առանձին լրատվամիջոցների էջերում հակառուսական հիստերիա կազմակերպելով՝ թուրք-ադրբեջանական գաղափարախոսները հույս ունեին, թե Ռուսաստանի արժանավոր ներկայացուցիչներին սևացնելն ու զրպարտելը կսասանի նրանց վերաբերմունքը Հայաստանի և հայերի նկատմամբ, ապա նրանք պարզապես սխալվել են: Երևում է, նրանք չգիտեն՝ ինչ կարծր նյութից են այս մարդիկ, և ինչ ճակատագիր է պատրաստել նրանց համար կյանքը: Իսկ տերպետրոսյանական թիմի երախտամոռության, ավելի պարզ՝ նողկալի զրպարտության բռնկումներին, կարծում եմ, հարկ է փիլիսոփայորեն վերաբերվել: Առավել ևս դա վերաբերում է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վ.Կրիվոպուսկովին: Պետք է, չէ՞, որ զանազան կարգի զրպարտիչները վարձահատույց լինեն դրսից նրանց հրամցվող ոսպապուրի համար:

Վերջում կուզենայինք Վիկտոր Կրիվոպուսկովին առաջարկել՝ լևոնական գրչակներին ու ՀԱԿ-ի ղեկավարությանը նվիրել հայ դասականների և ժամանակակից գրողների ու բանաստեղծների՝ ռուսերեն հրատարակված հիասքանչ գրքերը: Անշուշտ, ոչ այն հույսով, թե փոխարենը նրանք Վ.Կրիվոպուսկովին կուղարկեն այդ նույն հեղինակների անգլերեն թարգմանությունները: Ավա˜ղ, այն առատությամբ, ինչ ռուսերենով, դրանք պարզապես գոյություն չունեն: Ուզում եմ հուսալ, որ եթե նրանք հաղթահարեն իրենց բնորոշ ծուլությունը, ապա ռուսերեն կատարված այդ թարգմանություններից խելացի շատ մտքեր կքաղեն, այդ թվում՝ ՀՀՇ առաջնորդներից մեկի՝ Վանիկ Սմբատի Սիրադեղյանի ստեղծագործությունների թարգմանություններից: Կարծում եմ, եթե նրանք ի վիճակի են մտածել, կխորհեն, թե ինչպես կարող էր պատահել, որ Ինտերպոլի կողմից որոնվող մարդու ստեղծագործությունները ռուս սպա ու դիվանագետ Վիկտոր Կրիվոպուսկովի նախաձեռնությամբ թարգմանվում են ռուսերեն և տպվում առանձին ժողովածուով:

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև վստահությունը մարդիկ են ստեղծում, որոնց թվում արժանի տեղ է զբաղեցնում Վ.Կրիվոպուսկովը:

 

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԻՍԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ՈՎՔԵ՞Ր ԵՆ

Օգտակար ձեռնարկ «ընդդիմադիր» ԶԼՄ-ների և նրանց հաճախորդների համար

(նյութի մշտական հասցեն՝ http://nationalidea.am/publications.php?id=7543&l=A)

21.03.2011

Հայաստանում, ի թիվս այլ բաների, գոյություն ունի գլոբալ խնդիր, որն ի բնե բացառում է դրական զարգացումը: Խոսքը միջակությունների մասին է, ավելի ճիշտ՝ երկրի գիտամշակութային և քաղաքական կյանքում նրանց ճնշիչ ազդեցության մասին: Ո՞րն է միջակությունների բերած վտանգը: Այն շատ կանխատեսելի է և տեսանելի: Օրինակ, միջակությանը ԵՊՀ ռեկտոր են նշանակում, իսկ հետո արդեն նա ինքն է համալսարանը վերածում մի ինչ-որ պրոֆտեխուսումնարանի. միջակությունը վախենում է տաղանդից, վերջինը նրա համար ասես բակտերիայի դեմ անտիբիոտիկ լինի, ուստի, հենց որ որևէ հիմնարկություն միջակություն է գալիս, տաղանդներն անցնում են յոթերորդ պլան, իսկ միջակությունն արդեն առաջին դերերի է մղում ապաշնորհներին, որոնց ֆոնին ինքն ինչ-որ կերպ կարող է փայլել, կամ էլ նույն տեսակի միջակությունների, որոնք ոչնչով չեն գերազանցում իրեն: Այս առնչությամբ տեղեկացնում ենք վարչապետ Սարգսյանին, որ եթե իսկապես մտադրություն ունի ԵՊՀ-ն վերածել աշխարհի առաջատար բուհերից մեկի, ապա առաջին հերթին պետք է այնտեղից վերացնի միջակ ռեկտոր Արամ Սիմոնյանին, օժտյալ մարդ նշանակի (կամ նպաստի նշանակմանը), որն ի վիճակի կլինի մաքրել ԵՊՀ-ն ոչնչություններից ու աղբից, առաջին պլան կմղի տաղանդների (որոնց թիվը Հայաստանում, որքան էլ տարօրինակ է, առայժմ քիչ չէ), իսկ միջակություններին ցույց տա իրենց պատշաճ տեղը: Նշենք, որ սա ամենևին էլ հեղափոխական քայլ չէ, որից խուսափում է վարչապետը. ես խոսում եմ մարդկությանը վաղուց հայտնի քրեստոմատիական ճշմարտության մասին, որին կարելի է ծանոթանալ ցանկացած դասագրքում: Մի խոսքով՝ շատ խելք չի պահանջվում հասկանալու համար, որ, նախ, տաղանդը միջակության համար նույնն է, ինչ անտիբիոտիկը՝ բակտերիայի, երկրորդ՝ միջակությունը կործանում է իրեն վստահված ցանկացած գործ և կազմակերպություն, հետևաբար՝ զարգացմանը չխոչընդոտելու համար նա պետք է լինի, առնվազն յոթերորդական դերերում: Այսպիսով, ԵՊՀ-ն աշխարհի առաջատար բուհի վերածելու վիթխարի գործընթացի մեկնարկը պետք է տրվի համալսարանը միջակություններից ազատագրելով:

Բայց ես ավելի քան համոզված եմ, որ ոչ ոք դա չի անի, որովհետև հայկական իշխանությունը վաղուց հասկացել է մի բան. ցանկացած գործ կարելի է նենգափոխել դրա մասին խոսակցություններով: Այսպես, կարելի է մեկ-երկու տարի հետո հայտարարել, թե ԵՊՀ-ն՝ Արամ Սիմոնյանի առաջնորդությամբ, արդեն number one համալսարանն է աշխարհում, իրավաբանական ձևակերպում տալ դրան և համապատասխան միջոցառումներ կազմակերպել (խնջույքներ, շքերթներ, գիտաժողովներ, ճոխ ընդունելություններ՝ օտարերկրյա դեսպանների և «հայկական մտքի» ու դրա հայտնագործման եզակի մասնագետ, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ): Իսկ գժության համար լուրջ ընդդիմախոսներ չեն գտնվի, որովհետև այստեղ ոչ ոք չի ուզում հավատալ, որ Հայաստանն ու հայերն առաջինը չեն ինչ-որ բանում. ոչ դաշնակները, ոչ նախագահ Սարգսյանի՝ կուսակցական գծով տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը («հայկական գենի» եզակի մասնագետ), ոչ ուրիշները: Ինչպես տեսնում ենք, աշխարհում առաջինը լինելու համար պետք չէ, որ Հայաստանը հատուկ ջանքեր գործադրի, հարկավոր են միայն աննշան ջանքեր դրանց մասին խոսակցությունները թեժացնելու համար: Այս է ամբողջը:

Բայց Հայաստանում երբեմն տեղի են ունենում տարօրինակ, զարմանալի բաներ: Այսպես, վարչապետ եղած ժամանակ Սերժ Սարգսյանը (կամ սխալմամբ, կամ էլ գիտակցաբար) Գիտության պետական կոմիտեի նախագահ նշանակեց գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոռեկտոր Սամվել Հարությունյանին: Արժե մեկ-երկու խոսքով ներկայացնել նրան: Հարությունյանը երկար ժամանակ աշխատել է Իտալիայում, եղել Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր (նշենք, որ ՀՀ գիտությունների ակադեմիայի անդամների 99%-ին Եվրոպայում ոչ միայն պրոֆեսորի գործը չեն վստահի, այլև թույլ չեն տա լաբորատորիաները մաքրել), այնուհետև եկել է Երևան, գլխավորել ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնը, այնուհետև՝ ֆակուլտետը: Կարճ ժամանակ աշխատել է որպես պրոռեկտոր, ղեկավարել բնագիտական ֆակուլտետներ, այնուհետև աշխատանքի անցել կառավարությունում: Այս նշանակման մեջ զարմանալին այն է, որ, նախ, Հարությունյանը միջակություն չէ, նա լուրջ գիտնական է, որին, հայկական իրողություններին համապատասխան, համառորեն գիտությունների ակադեմիա չեն վերցնում, ուր ընդունում են բացառապես այնպիսի միջակությունների, ինչպիսիք են Արամ Սիմոնյանը, Արմեն Դարբինյանը, Հրանուշ Հակոբյանի տեղակալ Ստեփան Գրիգորյանը՝ մեծ ֆիզիկոս, որը չկարողացավ «հայ առաջին տիեզերագնացի» և «մեծ աստղաֆիզիկոսի» մեջ տեսնել սովորական գժին: Նշեմ, որ Հարությունյանին ամենևին էլ Էյնշտեյնի դասի մեծ գիտնական չեմ համարում, բայցև նշեմ, որ բոլորովին պարտադիր չէ հասնել նրա մակարդակին այն բանի համար, որ իսկական գիտնական համարվես. բավական է ասել, որ կենսաֆիզիկայում գոյություն ունի և ողջ աշխարհում կիրառվում է «Հարությունյանի մեթոդը»: Բացի այդ, նա հղումների բավական բարձր ինդեքս ունի՝ 300, H-գործոնը (Հիրշի գործակիցը) 13 է, ինչը գիտնականի գլխավոր ցուցանիշներից մեկն է արդի աշխարհում: Մի խոսքով՝ իր համեստ ավանդը կենսաֆիզիկայում Հարությունյանն, այնուամենայնիվ, ունի: Իսկ կառավարություն անցնելով՝ նա զբաղվեց իրական գործով: Այսպես, ի տարբերություն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, որի հոգևոր, գիտական և քաղաքացիական կամքն ուղղված է այն բանին, թե ինչպես մի երկու շենք ծախի (կառավարության թույլտվությամբ) և այդ միջոցներով իրականացնի «իսկական հայ գիտնականի» երկնագույն երազանքը՝ եվրանորոգի ակադեմիայի կենտրոնական շենքը (այս մասին անձամբ ինքն է ինձ ասել), Հարությունյանը միացավ նոր սերնդի արագացուցչի ստեղծման աշխատանքներին (գործընկեր երկրների և գիտական կադրերի ներգրավմանը՝ այս մեգածրագիրն իրագործելու համար), միջազգային գիտական համագործակցություն հաստատեց, որն իրենից առաջ ընդհանրապես չկար, ֆինանսավորում հայթայթեց ինովացիոն նախագծերի, միջազգային գիտաժողովների, արտասահմանում հայ գիտնականների բանավոր զեկուցումների համար: Կազմակերպել է երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) մրցույթներ, որոնց արդյունքներով գիտական ֆինանսավորում են ստացել 60 ասպիրանտներ և երիտասարդ գիտնականներ: Համաձայնագրեր է ստորագրել «Շպրինգեր» գործակալության հետ՝ եվրոպական խոշոր հրատարակություն, որը լույս է ընծայում գիտական ամսագրեր, գրքեր, տրամադրում գիտատեխնիկական ընդարձակ տեղեկատվություն, որի շնորհիվ Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի համար հասանելի դարձավ արդի գիտական տեղեկատվությունը: Էլի շատ բան է արել, բայց բավարարվենք թվարկածով: Իսկ մինչև կառավարություն գալը, աշխատելով ԵՊՀ-ում, $1,5 մլն գումարի 12 դրամաշնորհ է շահել, ինչը ծանր տարիներին զգալիորեն օժանդակել է ֆիզիկայի ֆակուլտետին՝ առաջ մղելու գիտական մշակումները, էլ չենք խոսում տարրական գոյատևման մասին: Ավելացնենք նաև, որ 2009թ. Հարությունյանը պարգևատրվել է Պրոխորովյան մրցանակով, որն ամեն տարի տրվում է չորս ռուս և երկու օտարերկրացի գիտնականի, նույն թվականին արժանացել է Սերգեյ Պավլովիչ Կորոլյովի անվան շքանշանի (1980-ական թթ. իրականացրած գաղտնի մշակումների համար):

Ինչպես տեսնում ենք, մարդն զբաղվել է նրանով, ինչը վնաս պետության և գիտության համար ոչ մի կերպ չես անվանի, դրա համար էլ հակված եմ Հարությունյանի նշանակումը համարել նախագահ Սարգսյանի հազվադեպ ու ճիշտ կադրային որոշումներից մեկը, քանի որ, բացի այն, որ Հարությունյանից (ինչպեսև արտաքին գործերի և էներգետիկայի նախարարներից) վնաս չի բխում, նա նաև հաջողեցնում է օգտակար գործեր անել կառավարության հռչակած «էվոլյուցիոնիզմի» պայմաններում, ինչը, համաձայնենք, բոլորովին էլ դյուրին գործ չէ:

Թվում է, թե գիտության կոմիտեն շատերին չէ, որ պետք է հետաքրքրի, քանի որ դա հարկային ծառայությունը չէ, որտեղ մեծ փողեր են պտտվում, և ոչ էլ ԿԳԲ-ն կամ զուտ քաղաքական գերատեսչություն: Բայց ահա բավական երկար ժամանակ կոմիտեի նախագահը գտնվում է այսպես կոչված «ազատ» և «ընդդիմադիր» մամուլի ուշադրության կենտրոնում: Խոսակցության բուն թեմային անցնելուց առաջ պետք է մի երկու խոսք ասեմ դրա բովանդակության և դրա նկատմամբ հասարակության ու իշխանության վերաբերմունքի մասին:

Պետք է ասել, որ հայ հրապարակային դեմքերի գոյության 60%-ը նվիրված է ընդդիմադիր մամուլին: Այսինքն՝ նրանց էներգիայի ու ժամանակի մեծ մասը ծախսվում է այն բանի վրա, որ աջակցեն, օգնեն և նպաստեն այս մամուլին՝ վերահսկելու նպատակով, որպեսզի իրենց մասին կեղտ չգրեն, ինչպես նաև այն բանի համար, որ ժամանակ առ ժամանակ տպագրվեն իրենց շահավետ նյութեր ոչ հարմար մարդկանց դեմ: Ընդդիմադիր մամուլի հանդեպ առանձնահատուկ կրքով աչքի է ընկնում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Այսպես, Նիկոլ Փաշինյանի թերթում հայտնված անհեթեթ տեղեկատվության պատճառով նա անհանգստացրեց նույնիսկ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին, որն իր մամլո ծառայության միջոցով տեղեկացրեց հայ հասարակությանն այն մասին, որ «Հայկական ժամանակում» տպագրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, գլխավոր դատախազը դարձավ ընդդիմադիր առաջատար լրագրողներից մեկի՝ Աննա Իսրայելյանի քավորը՝ «Առավոտ» թերթի հարձակումներից իրեն վնասազերծելու և այդ պարբերականը հնազանդեցնելուն անհրաժեշտ ավելորդ ծախսերից խուսափելու համար: Պետք է ասեմ՝ միանգամայն պրագմատիկ որոշում է: Եվ կհամարձակվեմ ենթադրել, որ գլխավոր դատախազը նույնիսկ կնոջը կթողներ և կամուսնանար մեկ այլ ընդդիմադիր լրագրողուհու հետ այդ նույն նպատակով, եթե ապարանցի չլիներ, ինչը նրան առանձնացնում է երկրի քաղաքական էլիտայի մյուս անդամներից հազվագյուտ արիստոկրատիզմով և նրբակիրթ ջենթլմենությամբ:

Այսպիսով, մեր իրականությունն այսպիսին է. էլիտան մեծ ուշադրությամբ է վերաբերվում ընդդիմադիր մամուլին: Դա, անշուշտ, խիստ անբարո է, բայց միանգամայն զվարճալի: Այսպես, անձամբ ինձ դուր են գալիս տեղեկատվական հարձակումները, որոնք կազմակերպվում են մամուլում հայրենական էլիտայի ականավոր ներկայացուցիչների կողմից: Օրինակ, երբ նախագահի մերձավոր զինակիցները (ասենք՝ վարչապետը, խորհրդարանի նախագահը, աշխատակազմի ղեկավարը, որոշ նախարարներ և նրանց տեղակալներ և այլք) «պատվիրում» են միմյանց, դա միայն ողջունել է պետք, որովհետև, նախ, դա ծիծաղելի է և զվարճալի, երկրորդ՝ օգնում է աջակցել լրագրողների ֆինանսական դրությանը: Միևնույն ժամանակ, այդ մարդկանց հատկանիշները նույնն են, այնպես որ, ինչպես ասում են, ամեն ինչ լավ է, և տխրելու առիթ չկա: Բայց երբ միջակություններն ու կոռուպցիոներները պատվիրում են նորմալ մարդկանց, ինչպիսին Սամվել Հարությունյանն է, որը ոչ միջակություն է, ոչ էլ կոռուպցիոներ, դա արդեն չի կարող անտարբեր թողնել ինձ: Այս կապակցությամբ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում Հարությունյանի հետ ու գիտության կոմիտեի շուրջ «Առավոտ» թերթում:

Արդեն երկար ժամանակ ոմն Արամ Աբրահամյանի պատկանող թերթում Հարությունյանի մասին պարբերաբար, մեղմ ասած, նողկալի բաներ են գրում: Նրան ներկայացվող մեղադրանքների թվում առանձնացնենք հետևյալը. պետական միջոցների վատնում, պաշտոնական դիրքի չարաշահում անձնական նպատակներով (անձնական գիտական կարիերա), հովանավորչություն դրամաշնորհների տրամադրման գործում, շփում Բարսեղ Բեգլարյանի հետ, անարդյունավետ մենեջմենթ (իբր իրականում կոմիտեն ղեկավարում է ոչ թե Հարությունյանը, այլ աշխատակազմի ղեկավարը. ի դեպ, պետք է ասեմ, վերջինի կողմից որոշ չարաշահումներ եղել են, ինչի համար էլ նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից): Ինչպես տեսնում ենք, մարդն աշխատում է հանուն արագացուցչի ստեղծման, հայկական գիտական հանրությունը մտցնում է արդի աշխարհ, կենսագործում է հեռանկարային նախագծեր, ֆինանսավորում է հայթայթում գիտական երիտասարդության համար և այլն, և այլն, իսկ նրա մասին գրում են, թե, կոպիտ ասած, գողանում է, ճիշտ չի վարվում և անարդար է դրամաշնորհներ բաշխելիս (ի դեպ, Հարությունյանի որդին դրամաշնորհի էր հավակնում, բայց հանձնաժողովի կողմից մերժվեց, իսկ սա վկայում է նրա բարոյական հատկանիշների մասին. այսինքն՝ մարդը բավարարվում է նրանով, ինչ ունի, միաժամանակ աշխարհի բոլոր բարիքներին չի ձգտում՝ ի տարբերություն գլխավոր դատախազի, որին քիչ է գալիս իր դիրքը, որը մի ամբողջ տարածաշրջանի կբավարարեր, և եղբորը սարքում է մայրաքաղաքի համայնքապետերից մեկը, ավելին՝ ներխուժում է գիտություն և դառնում խոշոր գիտնական-գիտությունների դոկտոր, կամ էլ ի տարբերություն Հրանուշ Հակոբյանի, որին նույնպես այս աշխարհը և սփյուռքի նախարարությունը նեղ են գալիս, ինչի հետևանքով նա ուզում է ամեն ինչ և միանգամի՛ց). մի խոսքով՝ խանգարում է Հայրենիքին նյուտոնյան մակարդակի գիտական արտադրանք տալ: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան գարշելի չլիներ: Եվ այս առնչությամբ առաջարկում եմ խորհել հակահարությունյանական քարոզչության պատվիրատու-խթանողների, «Առավոտ» թերթի աշխատակիցների և նրա սեփականատեր պրն Արամ Աբրահամյանի կերպարների, ինչպես նաև ընդհանրապես հայկական զանգվածային լրատվամիջոցների մասին, քանի որ ճշմարտությունը մեկն է, բայց դրան հավակնում են բոլորը. հետևաբար՝ օգտակար է կողքից նայել «ճշմարտությունը» կրողների վրա:

Աբրահամյանի թերթում Հարությունյանի հալածանքը միանգամայն ակնհայտ դրդապատճառներ ունի. շուտով տեղի են ունենալու ԵՊՀ ռեկտորի ընտրությունները, իսկ նրա անունը հիշատակվում է նրանց թվում, ում կարող է պաշտպանել (ավելի ճիշտ՝ նշանակել) նախագահի աշխատակազմը: Ահա սա էլ սարսափեցնում է պոտենցիալ թեկնածուներին, ասենք՝ այդ նույն Արամ Սիմոնյանին, Գեղամ Գևորգյանին, էլ չենք խոսում կասկածելի այլ անձանց մասին, ինչպիսիք են կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը և շատ ուրիշներ: Ժամանակին «Ազատամտություն» թերթը շատ հետաքրքիր բաներ է գրել այս անձանց մասին, բայց այսօր թերթը չկա, և, ըստ երևույթին, շատերին թվացել է, թե եթե հակառակը չեն գրում, ուրեմն իրենք բարոյական մարդիկ են դարձել: Բայց պետք է հուսահատեցնեմ. մինչև ռեկտորի ընտրությունները ես պատրաստվում եմ առանձին գրքույկով վերահրատարակել Լուսինե Կեսոյանի աղմկահարույց հոդվածը և ձրի բաժանել ԵՊՀ ուսանողությանը, գիտխորհրդի անդամներին, հետաքրքրված այլ անձանց: Կարծում եմ՝ հայկական կրթության համար անհրաժեշտ այս նախագծի համար հովանավորներ կգտնվեն:

Բայց անհամեմատ ավելի հետաքրքիր է դիտարկել «անկախ» և «ընդդիմադիր» մամուլի էությունը: Դրա մասին շատ բան հայտնի չէ, դրա մասին քիչ են գրում՝ ի տարբերություն ԵՊՀ ղեկավարության և գիտության ու կրթության այլ գեներալների:

Ընդհանրապես, պետք է ասել, որ աշխարհում ավելի զզվելի և բարոյազուրկ բան չկա, քան Հայաստանում հրապարակվող «ընդդիմադիր» մամուլը, նրա հրատարակիչներն ու խմբագիրները: Որպես կանոն, նրանք վնասաբեր են, քանի որ երկրում թերթերը չեն վաճառվում, բայց շարունակում են տպագրվել շնորհիվ այն վճարների, որ կատարում են հայրենական էլիտայի առավել անսկզբունքային անդամները: Նրանցից յուրաքանչյուրն իր պարտքն է համարում ֆինանսագաղափարախոսական հարաբերության մեջ գտնվել որևէ խմբագրի հետ, քանի որ, ինչպես վերն ասացի, այսօր Հայաստանում էլիտայի համար չկա ավելի կարևոր ու վտանգավոր բան, քան իր մասին «ընդդիմադիր» մամուլի կարծիքը: Հատկապես հետաքրքրաշարժ են խմբագիրների և հովանավորների հարաբերությունները: Այսպես, վերջերս սկսեց տպագրվել խիստ անկախ լրագրողուհի Թագուհի Թովմասյանի թերթը: Առաջին իսկ օրվանից չար լեզուները դրա ֆինանսավորումը կապեցին նախագահի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի, իսկ քաղաքական-գաղափարախոսական ուղղորդումը՝ պետության ղեկավարի օգնականներից մեկի հետ: Թերթը չափազանց ահարկու է ստացվել, իսկ որակը զուտ հայկական է, այսինքն՝ գրեթե այնպիսին, ինչպիսին են մնացած բոլորը Հայաստանում (հեռուստաալիքները, խորհրդարանը, իշխանության տեղական մարմինները, կառավարությունը և այլն): Բայց զավեշտն այն է, որ օրիորդ Թովմասյանի թերթի էջերում մշտապես գրում են նախագահի եղբոր մասին, թե նա համարյա թե նարկոբարոն է, «փողեր լվացող» և այլն, մի խոսքով՝ իսկական հանցագործ է, իսկ խորհրդարանում, միմյանց հանդիպելով, նրանք, այսինքն՝ «հանցագործը» և նրան «մերկացնողը», անկեղծորեն ուրախանում են իսկական հարազատների պես, գրկախառնվում ու համբուրվում են, ինչպես սովետական կինոյում: Մի խոսքով՝ չես հասկանա: Չնայած կա մեկ այլ՝ ավելի ճշմարտանման վարկած օրիորդ Թովմասյանի ֆինանսավորման մասին, որի համաձայն՝ նրա հովանավորը ոչ այլ ոք է, եթե ոչ Փարաքարի բազե Արամ Կարապետյանը, որը, ունենալով ԽՍՀՄ ԿԳԲ-ի գեներալի փորձն ու հմտությունները, կարողանում է այնպես քողարկել իր բոլոր գործողությունները մեծ քաղաքականությունում, որ նույնիսկ մենք կարող ենք մոլորության մեջ ընկնել: Եթե դա նույնիսկ այդպես էլ է, միևնույն է, օրիորդ Թովմասյանի և պարոն Սարգսյանի սիրալիր հարաբերությունները վիթխարի հետաքրքրություն են ներկայացնում քաղաքական հոգեվերլուծության համար:

Օրիորդ Թովմասյանից շատ առաջ սկսեց թերթ հրատարակել տիկին Օհանյանը՝ Հայաստանի որոշ քաղաքացիների նախկին կինը, այդ թվում և նախկին նախագահներից մեկի ժամանակների կրթության նախկին նախարարի: Տիկին Օհանյանը «ընդդիմադիր» համքարության գործընկերների մեջ առանձնանում է նրանով, որ հենց որևէ մեկը նրան դուր չի գալիս կամ նրան չի հաջողվում վճարել տալ որևէ մեկին, Հայաստանի քաղաքացիներն անմիջապես նրանց մասին տիկնոջը սկսում են գրել զայրույթով լի նամակներ, որոնք տիկին Օհանյանը, բնականաբար, տպում է իր թերթում՝ փոքրիկ խմբագրական մեկնաբանություններով: Բայց դժբախտությունն այն է, որ զայրանալով՝ Հայաստանի քաղաքացիները նամակներ են գրում նաև այլ պարբերականների, օրինակ՝ «Իրավունքին», որտեղ վերջերս միանգամից մի քանի զայրալի նամակ ստացան զայրացած շատ քաղաքացիներից՝ տիկին Օհանյանի բարոյական կերպարի մասին, որը համարձակվել էր իր անկախ թերթում անպարկեշտ հոդվածներ գրել եպիսկոպոս Կճոյանի մասին: «Սա արդեն վերջն է, Շուրա: Աստվածաշնչից մեջբերումներ է անում ու բարոյախրատական հոդվածներ տպագրում… Չէ, դուք չեք պատկերացնի ով… Արմինե Օհանյանի թերթոնիկը…»,- գրում էր «Իրավունքը», իսկ հետո արդեն մեջբերում երկրի քաղաքացիների նամակները: Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում դրանցից մեկը, որում նամակի հեղինակը հանդես էր գալիս օրենսդրական նախաձեռնությամբ. առաջարկում էր ընդունել ՀՀ օրենք թերթերի խմբագիրների բարոյական կերպարի մասին և մինչև նշանակումը ստուգել նրանց բոլորին այս առումով, իսկ թե ինչպես՝ նամակում չէր ճշգրտվում («Իրավունք», 18.03.2011թ.):

Բայց որոշ խմբագիրների համար՝ ողբերգություն, իսկ մեզ համար՝ իսկական բավականություն են զայրացած քաղաքացիների հեռախոսազանգերը հեռուստատեսություն, ընդ որում՝ ուղիղ եթերով: 8-9 տարի առաջ Արամ Աբրահամյանը, պատվերով, թե սեփական խևության պատճառով, կամ էլ պարապությունից մի քանի կեղտոտ հոդված տպագրեց իր թերթում՝ նվիրված հայտնի մարզական մեկնաբան և հաղորդավար Համլետ Ղուշչյանին: Համլետը, կարգին տղա լինելով, փորձեց խոսել նրա հետ, բացատրել, որ պատշաճ չէ վատ բաներ գրել գործընկերների մասին: Պրն Աբրահամյանը, բնականաբար, չհասկացավ, ինչպեսև չհասկացավ այն, որ սկզբունքորեն չի կարելի զզվելի բաներ գրել Սամվել Հարությունյանի մասին, նույնիսկ եթե դա պատվիրում են Արամ Սիմոնյան-Գեղամ Գևորգյան-Արա Ավետիսյան կարգի հզոր մարդիկ: Ա՛յ այսպես: Ղուշչյանն այն ժամանակ ամենօրյա հաղորդում էր վարում երկրորդ ալիքով, այն կոչվում էր «Օրը»: Հաղորդումը հեռարձակվում էր ուղիղ եթերում, մարդիկ սովորաբար զանգահարում էին կենցաղային հարցերով, իսկ Ղուշչյանն օգնում էր նրանց (ասենք՝ ինչ-որ տեղ խափանվել էր կոյուղին, իսկ պատասխանատու մարմինները գործ չեն անում, կամ ինչ-որ տեղ ջուրն ընդհատումներով են տալիս և այլն): Եվ ահա աշխատանքային օրվա երեկոյան ստուդիայում հեռախոսազանգ է հնչում, և զայրացած քաղաքացուհին ասում է. «Պրն Ղուշչյան, այ, դուք ասում եք այսպես ու այնպես, բայց ես ուրիշ հարց ունեմ. ճի՞շտ է, որ «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը... արվամոլ է»:

Համլետը, իբր զարմանալով հարցից, քանի որ հեռուստադիտողները սովորաբար նրան դիմում են այլ կարգի խնդիրներով, անսահման անկեղծությամբ պատասխանում է. «Հարգելի տիկին, դե, ինչպե՞ս կարելի է ուղիղ եթերով նման հարցեր տալ: Եվ ինչպե՞ս եք ուզում, որ ես արձագանքեմ: Չի կարելի նման հարցեր տալ, տիկին, գեղեցիկ չէ, անհարմար է, չէ՞ որ մենք հայ ենք...»: Այս զանգից հետո հաղորդումը մտնում է սովորական հունի մեջ, բայց մի քանի րոպե հետո մեկ այլ հեռախոսազանգ է հնչում մեկ այլ քաղաքացուհուց: Համլետը սիրալիր խնդրում է հնչեցնել հարցը, իսկ վերջինն ասում է. «Պրն Ղուշչյան, հենց նոր զանգահարեց մի կին և հարցրեց Արամ Աբրահամյանի մասին, իսկ դուք չպատասխանեցիք, բայց ես նույնպես լսել եմ, որ նա արվամոլ է. ասացեք, մի՞թե այդպես կարելի է: Դե, ինչպե՞ս կարող է արվամոլը խմբագիր աշխատել: Էս ո՞ւր ենք հասել...» և այլն, և այլն: Համլետը, էլ ավելի կարմրելով, էլ ավելի վրդովվեց. «Դե, ինչպե՞ս կարելի է, տիկին: Մի՞թե կարելի է ուղիղ եթերում այդպիսի թեմաների մասին խոսել...» և այլն, և այլն:

Հաջորդ օրը, ինչպես վկաներն են ասում, Արամ Աբրահամյանը, խոր նոկաուտի վիճակում, բայց փորձելով ցույց չտալ ներքին վիճակը, անվարժ «կպչում» էր աշխատակցուհիներին՝ նրանց «սիրուններ» և ավելի ինտիմ բառեր ասելով, իբր ջանալով նրանց ցույց տալ և ապացուցել բոլորին, որ, նախ, իսկական տղամարդ է, երկրորդ՝ Ղուշչյանի երեկվա հաղորդումը իսկական սադրանք է՝ ուղղված իր բարձրինտելեկտուալ և, հետևաբար, ողջ բնակչության նախանձն առաջացնող Անձնավորության դեմ: Իսկ մեկ-երկու օր հետո պրն Աբրահամյանը հրավիրում է պրն Հովհաննես Հովհաննիսյանին (Կոտայքի նախկին մարզպետին, այն ժամանակ՝ ԱԺ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, 2008-ին հարեց Լևոն Տեր-Պետրոսյանի «ժողովրդին») իր հեղինակային «Հետգրություն» հաղորդմանը՝ Հ1 ալիքով, և տեղեկացնում հոմոսեքսուալիզմի լեգալացման մասին, քանի որ Հայաստանը մտել էր Եվրախորհուրդ: Պրն Աբրահամյանն անկեղծորեն ըմբոստանում էր, թե ինքն իբր իսկական հայ է, նահապետական, ավանդապաշտ և այլն, և այլն, չի պատկերացնում իրեն հոմոսեքսուալիստի հետ երթուղայինում: Ասում էր, թե կտրականապես չի կարելի դա անել, իսկ եթե դա Եվրոպայի խորհրդի պայմանն է, ապա մենք այնտեղ անելիք չունենք: Մի խոսքով՝ պրն Աբրահամյանը փորձում էր հեռուստադիտողներին և, որ ավելի հետաքրքիր է՝ անձամբ իրեն ապացուցել, որ ոչ միայն հոմոսեքսուալիստ չէ, այլև նույնիսկ ահավոր զզվանք է ապրում մարդկանց այդ տեսակից: Պրն Հովհաննիսյանի համար նման սցենարն անսպասելի էր, և նա սկսեց հանգստացնել պրն Աբրահամյանին. ասում էր, թե, իբր, մեզ հետ ոչ մի վատ բան չի պատահի, հոմոսեքսուալիստները մեզ չեն փչացնի, նրանք այդքան էլ վտանգավոր չեն, ինչպես կարող է թվալ և այլն, և այլն, իսկ հոմոսեքսուալիստների լեգալացումն ամենևին էլ Եվրախորհուրդ մտնելու միակ պայմանը չէ: Մի խոսքով՝ ծիծաղելի էր...

Այսպիսին է, մոտավորապես, մթնոլորտը հայկական «ընդդիմադիր» լրատվամիջոցներում, որոնց հետ, ինչպես տեսնում ենք, չես ձանձրանա: Նրանց հետ ուրախ է և հարմարավետ: Անձամբ ինձ հաճելի է կարդալ ստորություններ Տիգրան Սարգսյանի մասին, հատկապես երբ զգացվում է Հովիկ Աբրահամյանի կամ Կարեն Կարապետյանի, Սամվել Բաբայանի կամ Սամվել Ալեքսանյանի ձեռագիրը: Եվ հակառակը: Ինձ համար հաճելի են տիկին Օհանյանի հոդվածները՝ նվիրված եպիսկոպոս Կճոյանին, հատկապես դուր են գալիս նրա շուրթերից արտաբերվող մեջբերումներն Աստվածաշնչից, ինչպես նաև այն նամակները, որոնք այս առիթով ուղարկվում են «Իրավունք» թերթի խմբագրություն: Մի խոսքով՝ կարելի է այսպես էլ ապրել՝ գոհանալով նրանով, ինչ կա, այսինքն՝ տապակվենք սեփական յուղում: Արևից կրակ չուզես, թե չէ՝ կայրվես, ինչպես ասում է ժողովուրդը: Հարկավոր է տարբերել մարդկանց, հոդվածների հերոսներին, չի կարելի ումից պատահի փող վերցնել և գրել ում մասին ասես: Հարկավոր է պահպանել սկզբունքայնության գոնե հիմնարար նորմերը: Եվ հարկ չկա մեզ անախորժություններ պատճառել արժանի մարդկանց, մեղմ ասած, անարժան մարդկանց պատվերով հալածելով: Դա չի կարելի անել ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը դա չի սիրում, այլ որովհետև դա ազնիվ չէ, գեղեցիկ չէ, ճիշտ չէ և անբարո է:

 

POSTSCRIPTUM

Եթե որևէ մեկին թվաց, թե սույն հոդվածում հանդես եկա Սամվել Հարությունյանի պաշտպանի դերում, ապա պետք է ասեմ, որ դա սխալ եզրակացություն է: Սամվել Հարությունյանն իմ պաշտպանության կարիքը չունի, իսկ եթե պետք լինի, նրան կպաշտպանի նա, ով նրան նշանակել է այդ պաշտոնում: Իսկ ես ընդամենը պաշտպանում եմ իմ սկզբունքները, շարադրում իմ մարդկային ու պրոֆեսիոնալ դիրքորոշումը: Ավելացնեմ նաև, որ անիմաստ եմ համարում տեղեկատվական պատերազմները, որոնք վարվում են մեր մամուլում իշխանության, բիզնեսի և այսպես կոչված «մտավորականության» շատ ներկայացուցիչների կողմից: Դրանք անիմաստ են թեկուզև այն պատճառով, որ ոչ մի կերպ չեն ազդում պետության առաջին դեմքի կողմից ընդունվող որոշումների վրա: Օրինակ, եթե նախագահ Սարգսյանը պաշտպանի Սիմոնյանի թեկնածությունը, ապա հենց նա էլ կաշխատի ԵՊՀ ռեկտոր, անկախ այն բանից, թե ինչ են գրել պրն Աբրահամյանի թերթում Սամվել Հարությունյանի մասին: Դե, իսկ եթե տեղեկատվական պատերազմները վարվում են ընդամենը «ընդդիմադիր» մամուլը սնելու նպատակով, ապա պետք է ասեմ, որ այդ նպատակը բավական ազնիվ է, այնպես որ՝ ուրախ կլինեի տեսնել դրանք նաև ապագայում. բնականաբար՝ բացառությամբ այն դեպքերի, որտեղ անբարոյություն և անազնվություն կա (տե՛ս վերը):

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am