Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Ապրիլ 2011, N 4

ԱՇԽԱՐՀԸ ԱՊՐԻԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Ապրիլը քրիստոնյաների համար նշանակալի ամիս է, քանի որ հենց այդ ամսին են (հիմնականում) նշում իրենց գլխավոր տոներից մեկը՝ Քրիստոսի Սուրբ Հարությունը կամ Զատիկը։ Իսկ ապրիլի առաջին օրը նշվում է որպես Ծիծաղի օր։ Եթե աշխարհը լրիվ չափով գիտակցեր, թե ինչ լուսավոր, արևոտ և ուրախ ամիս է ապրիլը, գուցե կարողանար տարին գոնե մեկ անգամ, առնվազն 30 օրով, մի կողմ թողնել հոգսերը, կատաղի ռիթմը և ժպիտը դեմքին լիաթոք շնչեր գարնանային օդը։ Բայց, ցավոք, աշխարհն այդպիսին չէ։ Նրան ավելի շուտ մտահոգում են նյութական ու քաղաքական շահերը։ Եվ այսօրվա գլխավոր նյութական արժեքներից մեկը համարվում է նավթը, որն էլ թելադրում է խաղի կանոններն աշխարհաքաղաքական դաշտում։

Ածխաջրածիններով հարուստ Լիբիայում շարունակվում էր «դեմոկրատիայի» սերմանումը «Թոմահավք» հրթիռների օգնությամբ։ Իսկ առայժմ արևմտյան կոալիցիայի օդուժը ռմբակոծում է այդ երկիրը։ Ապրիլի առաջին օրերին Մուամար Քադաֆիի վարչակարգը գաղտնի բանակցություններ էր վարում բրիտանական իշխանությունների հետ։ Ինչպես հաղորդել է բրիտանական The Guardian-ը, այդ նպատակով Մեծ Բրիտանիա է ուղարկվել Մոհամեդ Իսմայիլը՝ Լիբիայի առաջնորդի որդու՝ Սաիֆ ալ-Իսլամի մերձավոր օգնականներից մեկը։ Նշվում էր, որ Իսմայիլի ուղևորությունը, հավանաբար, լիբիացի չինովնիկների և Արևմուտքի միջև բանակցությունների փուլերից մեկը դարձավ, որոնց օգնությամբ լիբիական վարչակարգը փորձում էր ելք գտնել երկրում ստեղծված իրավիճակից։ The Guardian-ում տպագրված նյութից հետևում էր, որ այդ բանակցություններում կարևոր դեր են խաղում Մուամար Քադաֆիի որդիները, որոնք, ըստ նրանց շրջապատի աղբյուրների, դիտարկում են նաև իրենց հորը խաղից հանելու հնարավորությունը՝ թույլ չտալու համար իշխանության արմատական փոփոխություն երկրում։

Լիբիայում ՆԱՏՕ երկրների գործողությունը խիստ բացասաբար ընկալվեց երկրագնդի տարբեր մասերում. Լատինական Ամերիկայի և Ասիայի պետություններն ապրիլի 1-ին դիմեցին ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ պահանջելով դադարեցնել կրակը Լիբիայում և կարգավորել հակամարտությունը։

Իսկ այդ ընթացքում լիբիական գործողության գլխավոր «մտահղացողը»՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, զորքեր ուղարկեց Կոտ դ’Իվուարի տնտեսական մայրաքաղաք Աբիջան, որտեղ կատաղի մարտեր էին մղվում Ասալան Ուատտարայի և Լորան Գբագբոյի ուժերի միջև։ Իրավիճակն աֆրիկյան այս երկրում դուրս է եկել վերահսկողությունից նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո, երբ երկու թեկնածուներն էլ՝ և՛ Լ.Գբագբոն, և՛ Ա.Ուատտարան, հայտարարեցին իրենց հաղթանակի մասին։ Առաջինը վայելում է հիմնականում քրիստոնյա բնակչության աջակցությունը, երկրորդին պաշտպանում են մահմեդականները։ Ուատտարան լեգիտիմ նախագահ է ճանաչվել ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության կողմից։ Ի վերջո, Արևմուտքի օժանդակությամբ ընդդիմադիրներին հաջողվեց հասնել հաղթանակի, նախկին նախագահ Լորան Գբագբոն ձերբակալվեց, իսկ Ուատտարան իր ձեռքը վերցրեց Կոտ դ’Իվուարի իշխանությունը։

Դիվանագիտական դաշտում շարունակում էին սուսեր ճկել Վրաստանն ու Ռուսաստանը։ Սեփական արկածախնդրության հեռևանքով կորցնելով Աբխազիան և Հարավային Օսիան՝ Միխայիլ Սահակաշվիլին որոշեց մարտնչել Մոսկվայի դեմ Թեմիսի օգնությամբ։ Սակայն այս ձեռնարկումը ևս առայժմ որևէ արդյունք չի բերում Սաքարթվելոյի ղեկավարին։ Ամսվա սկզբին ՄԱԿ Միջազգային դատարանը Հաագայում հրաժարվեց քննարկել Վրաստանի հայցը Ռուսաստանի Դաշնության դեմ։ Վրացական կողմը Ռուսաստանին մեղադրում է Աբխազիայի և Հարավային Օսիայի վրացի բնակչության հանդեպ «էթնիկ զտումներ» կիրառելու մեջ, որոնք, իբր, անցկացվել են 1993-2008թթ. ընթացքում։ Վրաստանը հայցը ներկայացրել էր 2008թ. օգոստոսի 12-ին, Ռուսաստանի մասնակցությամբ զինված հակամարտությունից անմիջապես հետո։

Ցնցումների առումով մարդկանցից հետ չմնաց նաև բնությունը։ Ճապոնիայի կործանարար երկրաշարժից հետո ստորգետնյա ցնցումներ տեղի ունեցան աշխարհի տարբեր մասերում։ Ապրիլի սկզբին 5,9 բալանոց երկրաշարժ տեղի ունեցավ հունական Կրետե կղզում։ Բարեբախտաբար, զոհեր և ավերածություններ չկային։ Չէր անցել մեկ օր, երբ նույն տարածաշրջանում տեղի ունեցավ հերթական երկրաշարժը՝ 6,3 մագնիտուդով։ Ստորգետնյա ցնցումը զգալի է եղել Թուրքիայում, մասնավորապես՝ Անթալիայի և Մուղլայի միջերկրածովյան նահանգներում, Հունաստանում, Կիպրոսում, Եգիպտոսում։

Իսկ երկրաշարժից տուժած Ճապոնիայում լարված էր մնում «ռադիացիոն իրավիճակը»։ Ողջ ամսվա ընթացքում Ծագող արևի երկրից տեղեկություններ էին ստացվում «Ֆուկուսիմա-1» վթարված ԱԷԿ-ից ճառագայթման հերթական արտահոսքի մասին։

Տագնապալի այս իրավիճակը Հայաստանի հարևաններին, մասնավորապես՝ Թուրքիային և Ադրբեջանին, առիթ տվեց հանդես գալու Մեծամորի ԱԷԿ-ը փակելու կոչերով։ Սակայն հայկական կողմը վճռականապես հայտարարեց, որ Երևանը մտադիր չէ վերանայել իր քաղաքականությունը խաղաղ ատոմի վերաբերյալ և հրաժարվել նոր ատոմակայան կառուցելուց, չնայած «Ֆուկուսիմայի» ողբերգությանը։
Հետխորհրդային մեկ այլ հանրապետությունում այդ նույն ժամանակ «ատոմային խնդիրները» չէ, որ մտահոգիչ էին։ Խոսքը Ղազախստանի մասին է, որտեղ ապրիլի 3-ին տեղի ունեցան երկրի նախագահի ընտրությունները։ Քաղաքացիների ավելի քան 95%-ը պետության ղեկավարի պաշտոնում վերընտրեց Նուրսուլթան Նազարբաևին, որն անփոփոխ ղեկավարում է երկիրն արդեն ավելի քան 20 տարի։ 2011թ. հունվարին նա ամենամյա ուղերձով դիմել էր երկրի բնակչությանը, որում հայտարարել էր, որ եթե առողջությունը և ուժերը թույլ տան, պատրաստ է իր պաշտոնում աշխատել այնքան, որքան պետք կլինի ժողովրդին։

Բայց այստեղ յոլա չգնացին առանց մի գդալ կուպրի, որը ղազախստանյան մեղրին խառնեց ԵԱՀԿ-ն՝ հայտարարելով, թե «նախագահական ընտրությունները Ղազախստանում չեն համապատասխանել կազմակերպության ժողովրդավարական չափորոշիչներին»։

Իշխանության և ժողովրդի հայացքների միասնությունը բավական հազվադեպ երևույթ է ներկայիս աշխարհում, և դա ցայտուն դրսևորվեց Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի իրավիճակով։ Բահրեյնում ապրիլին նոր ուժով բռնկվեցին շիական մեծամասնության ելույթներն ընդդեմ սուննի թագավորական դինաստիայի։ Շատերը վստահ էին, որ հեղափոխական տրամադրություններն այս փոքր թագավորությունում «սնունդ են առնում» ամերիկյան «ֆեյսբուք-թվիթերյան» տեխնոլոգիաներից, սակայն Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը (ՊԾԱՊՀԽ) միանգամայն այլ կարծիքի է։ Ապրիլի 4-ին ՊԾԱՊՀԽ-ն Իրանին մեղադրեց Բահրեյնում հակակառավարական ելույթներին աջակցելու մեջ։ Արաբական երկրների իշխանությունները կարծում են, որ Թեհրանը «միջամտում է Պարսից ծոցի պետությունների ներքին գործերին»։ Բացի այդ, Իրանին մեղադրում էին արաբական երկրների ազգային անվտանգությունը խափանելու նպատակով կազմակերպված դավադրության մեջ։

Տրամագծորեն հակառակ կարծիքի էին Եգիպտոսի նոր իշխանությունները, որոնք ինտենսիվ խորհրդակցություններ սկսեցին Իրանի հետ ավելի քան 30 տարի առաջ ընդհատված դիվանագիտական հարաբերությունները շուտափույթ վերականգնելու համար։ Ինչպես ամսվա սկզբին տեղեկացնում էր եգիպտական մամուլը, Եգիպտոսի ԱԳ նախարար Նաբիլ ալ-Արաբին ցանկություն է հայտնել «նոր էջ բացել եգիպտա-իրանական հարաբերություններում»։

Այդ նույն օրերին կրկին առաջին պլան մղվեցին Լիբիայից ստացվող տեղեկությունները։ Այս անգամ ինֆորմացիան իսկապես ցնցող էր. արևմտյան լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ Լիբիական Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տղաները մշակել են իրենց հորն իշխանությունից հեռացնելու և Լիբիայում ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու պլան։ Թե որն էր լիբիական առաջնորդի որդիների պլանի էությունը՝ չէր ճշգրտվում։

Այս ֆոնին լիբիական ռազմական արկածախնդրությանն ընդգրկված Բարաք Օբաման՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրն ու ԱՄՆ նախագահը, վերջնական որոշում կայացրեց դնել իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար։ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2012թ. նոյեմբերի 6-ին։ Ապրիլի 4-ին աշխարհն իմացավ այն մասին, որ Հուսեյնի որդի Բարաքը սկսել է նախընտրական քարոզարշավը։

Թվում էր, թե իրավիճակը Լիբիայում քիչ բանով է կապված Ռուսաստանում ընթացող ներքաղաքական գործընթացների հետ, բայց իրականում այն ոչ միայն կապված էր, այլև ուղղակի ներգործություն ուներ դրանց վրա։ Այսպես, Կոնստանտին Զատուլինը ապրիլի սկզբին հանվեց ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի գծով ՌԴ Պետդումայի առաջին փոխնախագահի պաշտոնից։ Ինչպես հայտարարեց խորհրդարանի ստորին պալատի առաջին փոխխոսնակ Օլեգ Մորոզովը, «Միասնական Ռուսաստան» խմբակցության նախագահությունը որոշում ընդունեց ներխմբակցային փոխատեղման մասին»։ Ինքը՝ Զատուլինը, հայտարարել է, որ դա կապված է Լիբիայի վերաբերյալ բանաձևի հարցում իր ունեցած դիրքորոշման հետ։ Պետդումայի մարտի 23-ի լիագումար նիստում նա թունոտ է արտահայտվել Մեդվեդևի դիրքորոշման մասին և փաստորեն պաշտպանել է Պուտինին, որն Արևմուտքի լիբիական կամպանիան «խաչակրաց նոր արշավանք» էր անվանել։

Ամսվա սկզբին աշխարհի «ամենադեմոկրատական պետությունը»՝ Ադրբեջանը, հայտնվեց համաշխարհային նորությունների ամփոփագրերում։ Պարզվեց, որ այդ երկրում, որի իշխանություններն անընդհատ հայտարարում են «ԶԼՄ-ների ազատության ամենաբարձր մակարդակի» մասին, ծեծել են հերթական ընդդիմադիր լրագրողին` «Ազադլիգ» («Ազատություն») թերթի աշխատակից Ռամին Դեկոյին։ Դրանից մի քանի օր առաջ ծեծել էին նրա գործընկեր Սեյմուր Խազիևին։

Մինչ Ադրբեջանում ինքնատիպ մեթոդներով «դեմոկրատիա էին զարգացնում», Չեչնիայում նախագահ ընտրեցին։ Ապրիլի 5-ին Չեչնիայի խորհրդարանի պատգամավորները հաստատեցին Ռամզան Կադիրովի թեկնածությունը։ Չեչնիայի ղեկավարի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Սա Կադիրովի երկրորդ ժամկետն է. առաջին անգամ հանրապետության ղեկավար է դարձել 2007թ. մարտի 2-ին։

Իսկ Եմենում, ի տարբերություն չեչենների, ոչ միայն չցանկացան երկրորդ ժամկետ գործող նախագահի համար, այլև նրա անհապաղ հրաժարականը պահանջեցին։ Արաբական այս երկրի բնակիչներն աջակցություն գտան հեռավոր Եվրոպայում։ Ալի Աբդալա Սալեհի անհապաղ հրաժարականը պահանջեց նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գծով գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Բայց պատերազմներով, հակամարտություններով ու տարերային աղետներով պատառոտվող մեր աշխարհում ամեն ինչ չէ, որ այդքան վատ է։ Եղան երկրներ, որոնք միասնության, համագործակցության ձգտեցին և դրա համար քիչ ջանքեր չգործադրեցին։ Օրինակ, Ղրղզստանը և Տաջիկստանը հայտարարեցին, որ կարող են միանալ Մաքսային միության (ՄՄ) երկրների (Ղազախստան, Ռուսաստան և Բելառուս) ստեղծած Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին (ՄՏՏ)։ Այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է Եվրոպական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷս) գլխավոր քարտուղարի տեղակալ Մուրատ Մուսատաևը։

Ապրիլին ֆինանսական տագնապ հնչեցրեց ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Հայթները։ Միացյալ Նահանգների գլխավոր ֆինանսիստը նախազգուշացրեց, որ եթե Կոնգրեսն անհրաժեշտ միջոցներ չձեռնարկի, ապա մայիսի 16-ին ԱՄՆ-ը կհասնի պետպարտքի՝ օրենքով սահմանված սահմանային մակարդակին և կկորցնի պետական ծախսերի ֆինանսավորմանն անհրաժեշտ միջոցներ ներգրավելու հնարավորությունը։ Հապաղումն այս հարցում կարող է հանգեցնել փոխառությունների արժեքի բարձրացման և զինվորականներին, թոշակառուներին ու այլոց միջոցներ տրամադրելու ուշացման։ «Դեֆոլտը կարող է առաջ բերել ֆինանսական ճգնաժամ, որն ավելի ուժեղ կլինի, քան այն, որից հետո մենք նոր սկսում ենք վերականգնվել»,- հայտարարեց Հայթները։

Հնարավոր է՝ տագնապալի այս իրավիճակն է դարձել պատճառն այն բանի, որ սրանից մի քանի օր առաջ ԱՄՆ զինված ուժերը հայտարարեցին, թե դադարեցնում են իրենց անմիջական մասնակցությունը Լիբիայի ռազմական գործողությանը։ Բայց չէ՞ որ մինչ այդ ամերիկյան կառավարությունը նախանձ շարժող շռայլությամբ հրթիռային հարվածների վրա ամեն օր 4 միլիոն դոլար էր ծախսում իր հարկատուների գրպանից՝ կարճ ժամկետում ընդհանուր առմամբ 75 միլիոն ծախսելով։ Հավանաբար, ամերիկացիների ֆինանսներն արդեն ռոմանսներ են երգում։

Հայթները, երևի թե, խիստ նախանձում էր Սիլվիո Բեռլուսկոնիին՝ մտածելով. «Երանի սրա դարդն իմը լիներ»։ Իսկ Իտալիայի վարչապետը մտահոգված էր զուտ տղամարդկային գործերով, ավելի ճիշտ՝ իր սիրային արկածները լուծելով։ Իտալացի մաչոյի սիրառատությունը վնասեց նրան, քանի որ դատարանը սկսել է քննել Բեռլուսկոնիի գործը` մեղադրելով նրան անչափահաս աղջիկների սեռական ծառայություններից վճարի դիմաց օգտվելու մեջ։ Հավանաբար, դժվար է քչփորել այս կեղտոտ լվացքը, քանի որ ապրիլի 6-ին Միլանի դատարանում սկսված լսումները հետաձգվել են մինչև մայիսի 31-ը։

Բայց, ահա, մեկ այլ եվրոպական երկիր՝ Պորտուգալիան, էլ ավելի վատ ֆինանսական վիճակում է հայտնվել, քան ԱՄՆ-ը։ Պորտուգալիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ժոզե Սոկրատեշը տեղեկացրել է, որ իր երկիրը ֆինանսական օգնության խնդրանքով դիմել է Եվրահանձնաժողովին։ Խոսքը 80 միլիարդ եվրոյի մասին էր։ Ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ Պորտուգալիայի բյուջեի դեֆիցիտը 2010թ. արդյունքներով կազմել է ՀՆԱ 8,6%-ը, ինչը զգալիորեն գերազանցում էր կառավարության կանխատեսած 7,3%-ը։

Ապրիլը նոր հիասթափություն բերեց Վրաստանի իշխանություններին, որոնք ակնկալում էին, որ մի գեղեցիկ օր Արևմուտքը խիստ ցուցում կտա Մոսկվային՝ կարգավորել հարաբերությունները Թբիլիսիի հետ և զիջումներ անել հօգուտ վերջինի։ Սակայն Կովկասյան տարածաշրջանում իր հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի շուրթերով ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ դաշինքը չի պատրաստվում միջամտել Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։ Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն չի կարող խորհուրդներ տալ ոչ Ռուսաստանին, ոչ Վրաստանին, թե ինչպիսին պետք է լինեն նրանց հարաբերությունները։

Այդ ընթացքում Ուկրաինայում որոշեցին ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի հանդեպ, որի հետ կապերը խաթարվել էին «նարնջագույն» նախագահ և հակառուսական «կորպորացիայի» գծով Սահակաշվիլու գործընկեր Վիկտոր Յուշչենկոյի կառավարման օրոք։ Նրան փոխարինելու եկած Վիկտոր Յանուկովիչը Գերագույն ռադայում ամենամյա ուղերձով ելույթի ժամանակ արտահայտվել է Մոսկվայի հետ գործընկերության նոր ձևաչափերի զարգացման օգտին, օրինակ՝ անվտանգության ոլորտում։
Ապրիլի 10-ից հետո Եվրոպան սկսեց հնձել արաբական երկրների՝ իր իսկ ձեռքերով ցանած «ժողովրդավարայնացման» առաջին պտուղները։ Իշխանազրկելով «տիրաններին ու բռնակալներին»՝ ազատության թունիսցի, եգիպտացի և լիբիացի մարտիկները նետվեցին դեպի Իտալիա, որն առաջին երկիրն էր անլեգալ փախստականների ճանապարհին։ Le Figaro թերթը սա հերթական եվրոպական ճգնաժամ անվանեց։ Իտալիան հրաժարվեց ստանձնել ԵՄ ընդհանուր սահմանի պաշտպանի դերը և ներգաղթյալներին կեցության ժամանակավոր թույլտվություն տվեց։ Հաշվի առնելով այն, որ շենգենյան տարածքում սահմանային հսկողություն չկա, այդ փաստաթղթերը հնարավորություն էին տալիս, որ նախկին հեղափոխական արաբները հայտնվեն Եվրոպայի ցանկացած մասում, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բալկանների։ Բայց Իտալիայի եվրոպացի եղբայրները, որոնք մշտապես հայտարարում էին ԵՄ անդամ երկրների միասնության մասին, վերցրին ու պարզապես «քցեցին» իտալացիներին։ Գերմանիան, օրինակ, բացահայտ հայտարարեց, որ փախստականների հոսքը Հռոմի ներքին խնդիրն է և ծաղրաբար առաջարկեց իր տարածքում ապաստան տալ ընդամենը 200 անլեգալի։ Իսկ, ահա, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի «ժողովրդավարայնացման» գլխավոր ջատագով Սարկոզին ավելի հեռուն գնաց և անպատկառորեն փակեց Իտալիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը։ Այսպիսին է, ահա, միասնությունը Եվրամիությունում այնպիսի նուրբ հարցերում, ինչպիսին են փախստականների հոսքը, նրանց ապաստան տալը և այլն։

Ապրիլի 11-ին ցավալի լուր եկավ Բելառուսից։ Այդ օրը երեկոյան Մինսկի մետրոյում ահաբեկչական գործողություն կատարվեց։ Եղան զոհեր և վիրավորներ։ Բելառուսի իրավապահ մարմիններին հաջողվեց կարճ ժամկետում գտնել ահաբեկչության կազմակերպիչներին և կատարողներին։ Այս գործով հետաքննությունը դեռ շարունակվում էր, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեղեկացրեց, թե ով է իրականում կանգնած Մինսկի մետրոյում կատարված պայթյունի հետևում։ Բելառուսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի և խորհրդի անդամների առջև ելույթ ունենալով՝ նա ապրիլի 11-ի ահաբեկչության համար մեղադրեց «ժողովրդավարության սրտխառնուք առաջացնող ազդեցությանը»։ Լուկաշենկոյի կարծիքով՝ Մինսկի ահաբեկչության պատճառը ավելորդ դեմոկրատիան է։ «Մենք ինքներս ենք մեղավոր, նախևառաջ իշխանությունն է մեղավոր դրանում։ Նախագահական ընտրությունների նախօրեին մենք այնքան էինք դեմոկրատացել, որ ոչ միայն ձեր, այլ նաև իմ սիրտն էր խառնում։ Արդեն այնքան «դեմոկրատիա» կար, որ պարզապես սիրտդ խառնում էր»,- հայտարարեց Բելառուսի առաջնորդը։

Ապրիլի 12-ին աշխարհը նշում էր Յուրի Գագարինի տիեզերք թռիչքի 50-ամյակը։ Խորհրդային տիեզերագնացը Երկրի ուղեծիր դուրս եկած առաջին մարդն էր։ 1961թ. ապրիլի 12-ին Բայկոնուր տիեզերակայանից հաջողությամբ մեկնարկեց «Վոստոկ» տիեզերանավը։ Մի քանի ժամ հետո Գագարինի անունը գիտեր ողջ աշխարհը։ Պատմական այս իրադարձությունը բացեց օդաչուավոր տիեզերագնացության զարգացման և տիեզերքի ուսումնասիրման ճանապարհը։ Ամսվա սկզբին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը ապրիլի 12-ը հռչակեց Տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր։

Ապրիլի կեսին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը չբացառեց, որ կարող է առաջադրել իր թեկնածությունը նախագահական նոր ժամկետի համար։ Նա տեղեկացրեց նաև, որ դրա մասին որոշումը կընդունվի մոտ ժամանակներս։ Մի քանի օր անց կրեմլյան իր պլանների մասին տեղեկացրեց Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարեց, որ 2012թ. նախագահական ընտրություններին կարող է մասնակցել ինչպես ինքը, այնպես էլ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Ոչ ես, ոչ Դմիտրի Անատոլևիչը չենք բացառում, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է գնալ ընտրությունների»։ Բայց, ճշգրտել է Պուտինը, որոշումը պետք է կայացվի ընտրություններին մոտ, որոնց մեկ տարի է մնացել։ ՌԴ վարչապետի կարծիքով՝ եթե ինքը կամ Մեդվեդևը հիմա հասկանալ տան, թե ինչպիսին է լինելու այդ որոշումը, ապա «աշխատակազմի կեսը և կառավարության կեսից ավելին կդադարեն աշխատել՝ սպասելով ինչ-որ փոփոխությունների»։

Մինչ Մեդվեդևը և Պուտինը նախագահական պլաններ են գծում, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը «վճարում» է նախագահի պաշտոնին երկար ժամանակ գտնվելու դիմաց։ Ապրիլի կեսին Եգիպտոսի նոր իշխանությունները ձերբակալեցին Մուբարաքին։ Նրան մեղադրում են հունվարի վերջին - փետրվարի սկզբին հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ ուժ կիրառելու համար։ Այն ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է մոտ 400 մարդ։ Բացի այդ, Մուբարաքին և նրա ընտանիքին մեղադրում են կոռուպցիայի և ապօրինի հարստանալու մեջ։ Հոսնի Մուբարաքի որդիները նույնպես կալանվել են։ Հետաքննությունը կասկածներ ունի, որ նախկին նախագահի որդիները հրամայել են կրակ բացել ցուցարարների վրա։ Մուբարաքի ձերբակալությունից մի քանի օր հետո եգիպտական մամուլը, հղում կատարելով դատավորներին, տեղեկացրել է, որ նախկին նախագահին կարող է մահապատիժ սպառնալ, եթե ապացուցվի նրա մեղքը ցուցարարների սպանության մեջ։

Չի բացառվում, որ տագնապալի այս տեղեկությունները հասած լինեն Լիբիայի Ջամահիրիայի առաջնորդին և պատրվակ հանդիսացած լինեն, որ գնդապետ Քադաֆին ապստամբների ներկայացուցիչներին հանձնի իր հրաժարականի պայմանները։ Արաբական ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ պայմաններն ընդամենը երեքն են։ Քադաֆին առաջին պայման է համարում պաշտոնից «արժանապատիվ» հեռանալու կարգը. նա պետք է սեփական անվտանգության երաշխիքներ ստանա և լիբիական առաջնորդի աթոռը լքի իր կարգավիճակին հարիր պատիվներով։ Բացի այդ, նա պնդում է, որ իրեն տրամադրվի մի ինչ-որ խորհրդանշական պետական պաշտոն։ Գնդապետի վերջին պայմանն այն էր, որ իշխանությունը հանձնվի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին։

Ապրիլի կեսին Ստրասբուրգում բացվեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որտեղ իր սկանդալային պահվածքով աչքի ընկավ այդ կառույցի թուրք ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ Ինչպես հաղորդել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, նրանց փաստորեն զրկել են Թուրքիայի վարչապետ Էրդողանին հարցեր տալու հնարավորությունից, որը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում։ Զոհրաբյանի գնահատմամբ՝ դա արվել էր ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի անմիջական ցուցումով, այն բանի համար, որ Էրդողանը զերծ մնա հայ խորհրդարանականների անհաճո հարցերից։

«Արաբական խռովությունների» վիրուսով վարակված Սիրիայում ամսվա երկրորդ կեսին նոր կառավարություն ձևավորվեց, որը գլխավորեց 59-ամյա Ադել Սաֆարը (մինչ այդ զբաղեցնում էր գյուղնախարարի պաշտոնը)։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Սակայն դա ձեռնտու չէր ցուցարարներին, որոնք շարունակեցին բողոքի ակցիաները երկրի բոլոր գլխավոր քաղաքներում։ Սիրիական իշխանությունները նորից զիջումներ արեցին ընդդիմությանը և որոշում ընդունեցին չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը, որը երկրում գործում էր 48 տարի։ Ավելին, իշխանությունների որոշմամբ փակվում է «քաղաքական» գործերը քննող Անվտանգության բարձրագույն դատարանը։ Ընդ որում՝ սիրիական իշխանությունները հայտարարեցին այն մասին, որ երկրում արգելվում են ամեն տեսակ չարտոնված հանրահավաքները կամ երթերը՝ սպառնալով կարգը խախտողների դեմ կիրառել «օրենքի ողջ խստությունը»։ Սակայն Բաշար Ասադի զիջումներն էական ազդեցություն չգործեցին ընդվզողների դիրքորոշումների վրա, որոնք համառորեն պահանջում էին, որ նա անհապաղ հրաժարական տա։ Սիրիական ընդդիմության (որն իշխանություններն արմատական տարրեր են անվանում) անզիջում լինելու գաղտնիքը բացեց WikiLeaks կայքը, որն ապրիլի վերջին հրապարակեց ԱՄՆ պետդեպարտամենտի ճեպագրերի հերթական չափաբաժինը։ Պարզվեց, որ սիրիական ընդդիմությանը ֆինանսավորում է Միացյալ Նահանգները։ Ընդ որում՝ դա անում է 2006-ից։ Վաշինգտոնը մոտ 6 մլն դոլար է հատկացրել Barada TV արբանյակային հեռուստաալիքի ֆինանսավորման համար, որը ստեղծել է սիրիական ընդդիմությունը և որը տեղակայված է Լոնդոնում։ Պետդեպարտամենտը հրաժարվեց այս տեղեկատվության հավաստիության վերաբերյալ մեկնաբանություններից։

Ապրիլի 19-ին Երևանում տեղի ունեցավ հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» համաժողովը։ Հայաստան էր ժամանել ռուսական ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում էին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նառիշկինը, ինչպես նաև Ռուսաստանի մի քանի նախարար։ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում ստորագրվեց երկու երկրների համագործակցության վերաբերյալ 23 համաձայնագիր։ Փաստաթղթերն ուղղված են երկկողմանի համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։ Համաձայնագրերի մի մասը նպատակ ունի հաստատել և ամրապնդել համագործակցությունը երկու երկրների տարբեր գերատեսչությունների, մյուս մասը՝ տեղական ինքնակառավարման մարմինների միջև։

Հավանաբար, հայ-ռուսական համագործակցության խորացումը Վրաստանի իշխանությունների սրտով չէր, որոնք մշտապես ցանկանում են գոնե ինչ-որ կերպ տհաճություն պատճառել Ռուսաստանին։ Երկարատև խորհրդածություններից հետո Թբիլիսիում որոշեցին չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ 2006թ. մարտի 31-ին ստորագրված համաձայնագիրը երկրի տարածքով ռուսական ռազմակայանների ռազմաբեռների և անձնակազմի տարանցման կազմակերպման մասին։ Այս որոշման նախաձեռնողը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին էր։ Նա դիմել է երկրի խորհրդարանին համապատասխան առաջարկությամբ, իսկ պատգամավորները, ինչպեսև սպասվում էր, չեն կարողացել մերժել պետության ղեկավարին։ Սակայն, ինչպես նշել են փորձագետները, այդ որոշումը ոչ մի կերպ չի ազդի Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանների մատակարարման վրա, քանի որ նշված համաձայնագիրը փաստորեն չի գործում արդեն երկար տարիներ։ Ռուսական կողմը հաջողությամբ ապահովում է իր զինվորականներին անհրաժեշտ ամեն ինչով՝ շրջանցելով Վրաստանի տարածքը։ Թե ինչ ճանապարհներ է օգտագործում Ռուսաստանը՝ գաղտնի է մնում։ Բայց, հաշվի առնելով այս հանգամանքը, կարելի է վստահաբար ասել, որ Վրաստանն իր դեմարշով ոչնչի չհասավ, այլ ընդամենը փոքրիկ ստորություն արեց Մոսկվային, որը վաղուց վարժվել է Սահակաշվիլու ռեժիմի «օյիններին»։

Այդ օրերին Սահակաշվիլու հովանավորի՝ ԱՄՆ-ի ուշքն ու միտքը վրացական հնարքները չէին։ Ապրիլի 18-ին միջազգային վարկանիշային Standard & Poor’s գործակալությունը փոխեց ԱՄՆ սուվերեն վարկանիշի կանխատեսումը Aaa մակարդակում` կայուն վարկանիշը փոխվեց բացասականի։ Սա նշանակում է, որ ամերիկյան տնտեսությունը խիստ սասանվել է։ Ավելին, ամերիկացիները հայտնվել են այն սպառնալիքի առջև, որ աշխարհը կարող է կորցնել վստահությունն ամենազոր դոլարի հանդեպ։ Միացյալ Նահանգները փորձում է հանգստացնել հոռետեսներին. ԱՄՆ պետդեպարտամենտը, ի պատասխան Standard & Poor’s-ի վարկանիշի իջեցման, հայտարարեց, որ երկրի տնտեսությունը նախկինի նման ուժեղագույնն է աշխարհում։ «Ակնհայտ է, որ պարտքերը գլխավոր հիմնախնդիրն են մնում Միացյալ Նահանգների համար։ Բայց մենք աշխատում ենք այդ հիմնախնդիրը լուծելու համար, ինչպես նաև կարծում ենք, որ ԱՄՆ-ը նախկինի պես ուժեղագույն տնտեսությունն ունի ամբողջ աշխարում»,- նախօրեին ասել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։ Նման տեսակետ է արտահայտել նաև ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Հայթները։

Եթե որևէ մեկն ամերիկացիներին հավատաց էլ, ապա դա հաստատ Ռուսաստանը չէր։ Ընդհակառակը, Մոսկվան հանդես եկավ ԱՄՆ տնտեսական քաղաքականության կոշտ քննադատությամբ։ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, կառավարության աշխատանքի հաշվետվությամբ հանդես գալով պետդումայում, հայտարարեց, որ իր տնտեսությունը խթանելու համար Ռուսաստանը երբեք չի օգտագործի ԱՄՆ-ում կիրառվող տպագրական հաստոցի «խուլիգանական» մեթոդները։ «Նրանք հաստոցը միացրել են, գնում են պետական պարտատոմսերը, իսկ դա կառավարության ուղղակի ֆինանսավորում է ի հաշիվ տպագրական հաստոցի, և ցփնում են դոլարի ամբողջ գոտում, այսինքն՝ ամբողջ աշխարհում»,- պատասխանելով ընդդիմության պատգամավորների՝ ԱՄՆ տնտեսության հաջողությունների վերաբերյալ դիտողություններին, հայտարարել է նա։ «Մենք ձեզ հետ նման խուլիգանություն անելու հնարավորություն չունենք և առաջիկայում չենք ունենա»,- ավելացրել է Պուտինը։ Բացի այդ, նա հայտարարել է, որ 10 տարի հետո ՌԴ-ն կարող է մտնել համաշխարհային խոշոր տնտեսությունների հնգյակ և հորդորել է երկրին տնտեսական անկախություն պահպանել։ «Ռուսաստանը պետք է ինքնուրույն և ուժեղ լինի, որպեսզի թույլ չտա թելադրանք արտասահմանից»,- ընդգծել է Պուտինը։

Քիչ էին ամերիկացիներին ֆինանսական հիմնախնդիրները, դրանք ավելացրեց նաև բնությունը։ Ապրիլի վերջին հարավային նահանգները ենթարկվեցին ուժգին փոթորիկների գրոհին, որոնք պտտահողմ առաջ բերեցին։ Սանձազերծված տարերքի պատճառով զոհվեց ավելի քան 40 մարդ, ընդ որում՝ նրանց կեսը Հարավային Կարոլինայից էր։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստիպված էր աղետի գոտի հայտարարել Հյուսիսային Կարոլինան, որը հզոր տորնադոներից հետո մասշտաբային հեղեղումների ենթարկվեց։

Մեր տարածաշրջանի համար ոչ բնորոշ բնական երևույթ դիտվեց Երևանում և մերձակա մարզերում։ Ապրիլի 20-ի առավոտվանից Հայաստանի մայրաքաղաքը, ինչպես նաև որոշ քաղաքներ ծածկվել էին դեղնավուն փոշով։ Համապատասխան մարմինների տևական լռությունը «դեղին մառախուղի» պատճառների վերաբերյալ բնակչությանը խուճապի մատնվելու տեղիք տվեց։ Բանն այնտեղ հասավ, որ մարդիկ սկսեցին խոսել Մեծամորի ԱԷԿ-ի վթարի և նույնիսկ ռադիոկատիվ փոշու մասին, որը քամին էր բերել Ճապոնիայից։ Սակայն օրվա երկրորդ կեսին պարզվեց, որ դեղնավուն փոշին պայմանավորված էր արաբական երկրների անապատներից քամու բերած ավազով։ Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրեց շրջակա միջավայրի պահպանության նախարարության մամլո ծառայությունը։ Այլ նյութերի նորմերի խախտում մթնոլորտում չէր արձանագրվել։ Ի դեպ, այդ նույն օրը Թբիլիսիում ցեխանձրև էր եկել։ Վրացի փորձագետները հայտարարեցին, որ պատճառը ռազմական գործողություններն են Լիբիայում. պայթյունների հետևանքով անապատում տեղի է ունենում փոշու ներթափանցում մթնոլորտ, և ցեխանձրևը հեռավոր Աֆրիկայում հրթիռների ու արկերի պայթելու հետևանքն էր։

Հավանաբար, մարտական գործողություններն ինչպես հարկն է ձանձրացրել են լիբիական իշխանություններին, որոնք ապրիլի վերջին հայտարարեցին, թե պատրաստ են ընտրություններ անցկացնել միջազգային դիտորդների հսկողության ներքո։ Ինչպես հայտարարեց Լիբիայի արտգործնախարար Աբդուլ Աթի ալ-Օբեյդին արևմտյան մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում, «եթե օդային հարվածները դադարեն, մենք պատրաստ ենք վեց ամիս անց ընտրություններ անցկացնել ՄԱԿ հսկողության ներքո»։ Նա ասել է նաև, որ երկիրը կարող է կառավարել ազգային միասնության անցումային կառավարությունը։ Նախարարը նշել է, որ Տրիպոլին հանդես է գալիս հօգուտ երկրին անհրաժեշտ բարեփոխումների մասին համընդգրկուն բանավեճի, ընդ որում՝ քննարկման համար արգելված թեմաներ չեն լինի։ Շատ բաների հետ մեկտեղ կարելի կլինի խոսել նաև Մուամար Քադաֆիի ապագայի մասին. «կշարունակի՞ արդյոք կատարել այն դերը, ինչ այժմ, թե՞ մի կողմ կքաշվի»:

Անինչ, հարևան Եգիպտոսն այդ օրերին հայտնվել էր կրոնական հակամարտության եզրին։ Երկրի հարավում մահմեդական ապստամբություն բռնկվեց, որը գլխավորում էին ուլտրապահպանողական սալաֆիականները։ Եգիպտական լրատվամիջոցների համաձայն՝ բողոքներն սկսվեցին այն բանից հետո, երբ հարավային Քենա նահանգի (զգալի թվով ղպտի բնակիչներ ունի) նահանգապետ նշանակվեց ղպտի-քրիստոնյա Էմադ Միխայիլը։ Նա, ըստ սալաֆիականների, չի կատարի մուսուլմանական օրենքի պատվիրանները։ Ավելին, ապստամբությանը հարեցին «Մուսուլման եղբայրներ» քաղաքական շարժման ներկայացուցիչները՝ Եգիպտոսի հարավում «իսլամական պետություն» ստեղծելու պահանջով։

Իսկ Վրաստանում ապրող ադրբեջանցիների պահանջներն ավելի համեստ էին։ Ապրիլի 21-ին «Վրաստանի ադրբեջանցի երիտասարդություն» ոչ կառավարական կազմակերպությունը նամակ հղեց վարչապետ Նիկա Գիլաուրիին, որում վիրավորանք էր հայտնվում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հանդեպ կանխակալ վերաբերմունքի համար։ «Մեր դիմումի էությունն այն է, որ վերջին ժամանակներս, Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովից հետո Վրաստանի ֆինանսների փոխնախարար նշանակվեց երկրորդ էթնիկ հայը՝ Գրիգորի Բայբուրտը։ Այն ժամանակ, երբ Վրաստանում ադրբեջանցի բնակչությունը կրկնակի գերազանցում է հայկականը, ոչ մի ադրբեջանցի բարձր պաշտոն չի զբաղեցնում, էլ չենք խոսում փոխնախարարների մասին։ Դուք ասում եք, որ նույն կերպ եք վերաբերվում Վրաստանի բոլոր քաղաքացիներին։ Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այս փաստը»,- ասվում է Վրաստանի կառավարության ուշադրությունից զուրկ մնացած ադրբեջանցիների նամակում։

Իսկ Թուրքիայում քրիստոնյաների հանդեպ իրենց վերաբերմունքն արտահայտում են ավելի արմատական մեթոդներով։ Այն ժամանակ, երբ քրիստոնյաները Զատկին էին պատրաստվում, թուրքական Ադանա քաղաքում հարձակում կատարվեց Սբ. Պողոս կաթոլիկ եկեղեցու վրա։ Ապրիլի 21-ի երեկոյան դանակներով և մետրանոց սրերով զինված երկու վանդալ խուժեցին եկեղեցի և «մենք մուսուլման ենք, սա Թուրքիան է, ալլահ աքբար» աղաղակներով գետին տապալեցին Աստվածամոր արձանները, կտոր-կտոր արեցին սրբապատկերները։ Պատահարի վայր շտապած ոստիկանները մեծ դժվարությամբ բռնեցին հանցագործներին։

Ապրիլի 23-ին ողջ աշխարհի քրիստոնյաները հրաշագործության էին սպասում՝ Ճրագալույցին։ Երուսաղեմի Հին քաղաքում, Տիրոջ գերեզմանի մոտ հավաքվել էին տասնյակ հազարավոր հավատացյալներ՝ վկան դառնալու մեղքի ու մահվան դեմ Փրկչի հաղթանակի ու աշխարհի գոյության սկզբի նշանակի։ Իսկ հաջորդ օրը քրիստոնյաները նշեցին Քրիստոսի Հարությունը՝ Զատիկը։ Հատկանշական է, որ այս տարվա ապրիլին կաթոլիկներն ու ուղղափառները Զատիկը նշեցին նույն օրը։ Նոր հարյուրամյակում նման բան արդեն տեղի էր ունեցել 2001, 2004, 2007 և 2010թթ., իսկ առաջիկա 20 տարում Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնակատարության ամսաթվերը կհամընկնեն նաև 2014, 2017, 2025, 2028 և 2031թթ.։

Ապրիլի 24-ին համայն աշխարհի հայությունը խնկարկում էր 1915թ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հերթական անգամ խախտելով իր նախընտրական խոստումը, Ցեղասպանությունը կրկին անվանեց «20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը»։ Ամերիկայի հայ համայնքին ուղղված ամենամյա դիմումի մեջ Օբաման օգտագործեց «Մեծ եղեռն» տերմինը։ Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA) չամաչեց Սպիտակ տան ղեկավարի վարքագիծն անվանել «խայտառակ կապիտուլյացիա Թուրքիայի առջև»։

Ի տարբերություն ԱՄՆ-ի, Արգենտինան կրկին հաստատեց, որ արդարության ջատագովն է և արդարությունը վեր է դասում քաղաքական շահերից։ Ապրիլի 23-ին Արգենտինայի խորհրդարանի վերին պալատն ընդունեց բանաձև, որը դատապարտում էր Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։ Բանաձևն ընդունվեց սենատորներ Դանիել Ֆիլմուսի, Ռուբեն Ժուստինիանի և Սոնիա Էսկուդերոյի նախաձեռնությամբ։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Ապրիլի 24-ի նախօրեին, երբ լրանում է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ իրականացված հանցագործության 96-ամյակը, Ազգային սենատը հաստատում է «Հանդուրժողության և ժողովուրդների միջև հարգանքի օրվա» մասին իր որոշումը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի»:

Ադ նույն ժամանակ Քեյդենաուն հանդիպումներ ունեցավ այդ երկրների ընդդիմության ներկայացուցիչների հետ, ինչն Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի ներքաղաքական ասպարեզներում սպասվելիք փոփոխությունների մասին ասեկոսեների առիթ տվեց։ Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների, անդրկովկասյան երեք երկրներում ընդդիմադիր շարժումների միաժամանակյա ակտիվացման ֆոնին պետքարտուղարի օգնականի այցելությունը մի ինչ-որ չարագուշակ երանգ է ձեռք բերում։

Ապրիլի 26-ին աշխարհը նշեց ողբերգական մի ամսաթիվ ևս. այս տարի լրացավ արդիականության ամենամասշտաբային տեխնածին աղետի՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարման 25-րդ տարելիցը։ Ատոմակայանի չորրորդ ռեակտորը, որը գտնվում էր Կիևից հյուսիս, ընդամենը 100 կմ հեռավորության վրա, վթարվեց 1986թ. ապրիլի 26-ի շաբաթ օրը, տեղի ժամանակով 01։23-ին։ Ըստ ընդունված կարծիքի՝ չորրորդ բլոկի վթարը տեղի էր ունեցել անհաջող փորձարկման հետևանքով։ Պայթյունը (որոշ տվյալներով՝ երկու պայթյուն), որ դղրդաց, լրիվ խափանեց ատոմային ռեակտորը, տեղի ունեցավ ռադիոակտիվ նյութերի զգալի քանակության արտահոսք։ Միջուկային տերությունների ակումբի անդամ դառնալ հավակնող Իրանում այդ ժամանակ զբաղված էին ամենևին էլ ոչ ատոմային հիմնախնդիրներով։ Այստեղ պայքար էին սկսել նախագահի դեմ, բայց, ի տարբերություն «ապստամբող» այլ երկրների, իսլամական հանրապետությունում պետության ղեկավարի դեմ հանդես էր գալիս ոչ թե ընդդիմությունը, այլ խորհրդարանը։ Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Իրանի խորհրդարանում սկսվել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին իմփիչմենթի ենթարկելու նախապատրաստությունը։ Պատճառը, ինչի համար պատգամավորները մտադիր են իշխանազրկել պետության ղեկավարին, կարող են լինել նրա տարաձայնություններն Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ. վերջին վկայությունն այն բանի, որ Ահմադինեժադի և Խամենեիի հարաբերությունները փչանում են, նախագահի՝ հետախուզության գործերով նախարար Հեյդար Մոսլեհիին պաշտոնանկ անելու անհաջող փորձն էր։ Ապրիլի 17-ին նախարարը, Ահմադինեժադի պնդմամբ, համապատասխան դիմում ներկայացրեց, սակայն Խամենեիի որոշմամբ վերականգնվեց իր պաշտոնում։

Ամսվա վերջին օրերին իր մասին կրկին հիշեցրեց բնությունը։ Այս անգամ տարերքի հարվածի տակ ընկավ Միացյալ Նահանգների հարավը։ Ալաբամայով, Արքանզասով, Թենեսիով, Միսիսիպիով, Ջորջիայով ու Վիրջինիայով անցած պտտահողմն ավելի քան 300 մարդու կյանք խլեց՝ իր հետևից անասելի ավերածություններ թողնելով։ Առավել տուժած նահանգների՝ Ալաբամայի, Արքանզասի և Թենեսիի նահանգապետերն ապրիլի 27-ին իրենց նահանգներում արտակարգ դրություն մտցրին։

Բայց տեղեկություններն Ամերիկայի հարավի աղետալի դրության, աշխարհի տարբեր մասերում փոթորկվող հակամարտությունների և խռովությունների մասին պարզապես խամրեցին բարձրաշխարհիկ ամենագլխավոր իրադարձության՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ամուսնության արարողության ֆոնին, որը տեղի ունեցավ ապրիլի 29-ին Վեսթմինսթերյան աբբայությունում։ Բրիտանիայի թագաժառանգի հետ ամուսնությունից հետո հասարակ ընտանիքից սերած Քեյթը դարձավ Քեմբրիջի դքսուհի։

Ամսվա վերջին ի հայտ եկան Լիբիայում իրավիճակի կարգավորման հույսի նշույլներ։ Համենայնդեպս, իր խաղաղ մտադրությունների մասին հայտարարեց Լիբիայի Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆին։ Բայց այդ նշույլները ճնշվեցին ռազմաշունչ ամենաթողությամբ, որը կազմակերպեցին «տիրանի զորքերից խաղաղ բնակչությանը պաշտպանող» ՆԱՏՕ-ականները։ Ապրիլի 30-ի վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ Քադաֆին հեռուստադիմումով ՆԱՏՕ-ին բանակցությունների է կոչել։ Ըստ Քադաֆիի՝ լիբիական իշխանությունները պատրաստ են հրադադարի, բայց այն միակողմանի լինել չի կարող։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ գործողությունները դուրս են եկել ՄԱԿ մանդատի շրջանակից, և կոչ է արել Ռուսաստանին, Չինաստանին և աֆրիկյան ու լատինաամերիկյան բարեկամական երկրներին ճնշում բանեցնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի վրա, որպեսզի բանաձևը վերանայվի։

Հեռուստադիմումից մի քանի ժամ անց դաշինքի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն չի ընդունի Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հրադադարի առաջարկն այնքան ժամանակ, քանի դեռ նա չի դադարեցնի հարձակվել խաղաղ բնակիչների վրա։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում «ոչ թե խոսքեր, այլ գործողություններ են ուզում տեսնել»։

Իսկ մայիսի 1-ի գիշերը ՆԱՏՕ ՌՕՈւ-ն հերթական օդային հարձակումը կատարեց Տրիպոլիի վրա, որի հետևանքով սպանվեցին Մուամար Քադաֆիի որդին և երեք թոռները։ Լիբիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տվյալներով՝ արևմտյան կոալիցիայի մարտական ինքնաթիռները ռմբակոծել են Քադաֆիի 29-ամյա որդու՝ Սաիֆ ալ-Արաբի տունը։ Ինքը՝ Քադաֆին, նրա կինը և մերձավորները, որոնք այդ ժամանակ գտնվում էին շենքում, չեն վնասվել, թեև նրա մերձավորներից ոմանք վիրավորվել են։

Քադաֆիի որդու և թոռների զոհվելու լուրը բուռն հրճվանք է առաջացրել Բենգազիում, որտեղ պատսպարվել են լիբիացի ապստամբները։ «Ազատության այս մարտիկներն» առանց ձևականությունների հայտարարել են, որ դիկտատորի հարազատների սպանությունն իրենց համար իսկական տոն է։ Ապրիլի վերջին օրը Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն խաղաղ բնակիչների պաշտպանության հետ։

Ահա այս ողբերգական նոտայով էլ ավարտվեց ապրիլը։ Կուզենայինք հուսալ, որ գալիք ամիսը հարուստ կլինի մեծ պոզիտիվով, բայց աշխարհաքաղաքական հիմնախնդիրների թնջուկն օրեցօր ավելի խճճված է դառնում, և այսօրվա իրադարձությունների վերլուծությունը հուշում է, որ աշխարհը դեռ երկար ժամանակ կգտնվի հակամարտությունների ու հակասությունների իշխանության ներքո։ 

Միխայիլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am