Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Ապրիլ 2011, N 4

ԱՊՐԻԼԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իրադարձային առումով ապրիլը ներքաղաքական ոլորտում պակաս ակտիվ էր, քան մարտը։ Սակայն ապրիլին լրիվ հզորությամբ դրսևորվեցին այն միտումները, որոնք բանավեճերի առարկա կդառնան ապագայում։ Խոսքը, մասնավորապես, իշխանության և Հայ ազգային կոնգրեսի փոխհարաբերությունների մասին է, որոնք գրեթե ծածուկ դաշնակցային հարաբերություններ են համարվում։ Բայց այս մասին կխոսենք ստորև, իսկ այժմ անցնենք գարնան երկրորդ ամսվա առավել նշանակալի իրադարձությունների և երևույթների վրայով։

Ամսվա առաջին կեսին նախագահ Սարգսյանը երկու անգամ այցելեց Բալկաններ՝ Սերբիա և Սլովենիա։ Հատկանշական են վերջին ժամանակներս նկատվող արևելաքրիստոնեական պետությունների մերձեցման գործընթացները։ Առաջին հայացքից, Սլովենիան և Սերբիան Հայաստանի հետ լիարժեք համագործակցության քիչ եզրեր ունեն, սակայն կա մի շատ ավելի մեծ բան, քան ընթացիկ իրավիճակն է. դա քաղաքակրթական հարազատությունն է, ինչն առաջ է բերում շահերի մերձություն (եթե ոչ՝ նույնություն)։ Աշխարհագրական անհարմար դիրք ունեցող Հայաստանին ընդհանրապես անհրաժեշտ է ամեն կերպ ջանալ պոտենցիալ դաշնակիցների հետ մերձեցման ուղղությամբ, անկախ նրանց աշխարհագրական դիրքից։ Ի դեպ, նման մտայնությունները վերջին ժամանակներս գերակշռում են նաև իսրայելական հասարակական-քաղաքական մտքում (այս մասին խոսվում է իսրայելցի հրապարակախոսի հոդվածում, որը հրապարակվում է այս համարի «Քաղաքականություն» խորագրում։ Այնպես որ, հուսանք՝ նախագահ Սարգսյանի այցելությունները Բալկաններ դրական ազդեցություն կգործեն աշխարհաքաղաքական ոլորտում տիրող իրավիճակի վրա։
Ինչպես միշտ, ապրիլին օտարերկրացի բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր են այցելում Հայաստան։ Նրանց թվում են Եվրամիության՝ Եվրոպական հարևանության ընդլայնման և քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, բրիտանական «Arc Publications» հրատարակչության տնօրեններ Թոնի Ուորդը և Անջելա Ջերմենը, որոնց նախագահի մոտ տարավ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը (ասում են՝ անգլիացիները պատրաստվում են թարգմանել և իրենց մոտ հրատարակել դաշնակցական այս գրողի ստեղծագործությունները) և որոնց պետության ղեկավարը խնդրեց հրատարակել գիրք Կոմիտասի մասին, Նիդեռլանդների Թագավորության Ազգային բանկի նախագահ Նութ Վելինկը, որի հետ նախագահը զրուցեց Հոլանդիայի և Հայաստանի բանկային համակարգերի մասին և, հավանաբար, բարձր գնահատեց վերջինի ձեռքբերումները, Շվեդիայի խորհրդարանի (ռիկսդագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնը և խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմը, որոնց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգևատրեց բարձր շքանշաններով, Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը և նրա ղեկավարած պատվիրակությունը, Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը, Միացյալ Թագավորության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը (տարածաշրջան հերթական այցելություն՝ առանց տեղաշարժերի, մի խոսքով՝ ինչպես միշտ), ՌԴ «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության պատվիրակությունը՝ տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Միխայիլ Տյուրինի գլխավորությամբ, Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան, Զարգացման ասիական բանկի (ԶԱԲ) փոխնախագահ Ցզյաոյու Չժաոն։

Բայց հատկապես պետք է առանձնացնել Եվրոպայի և Եվրասիայի գործերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուի, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նառիշկինի, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի մշտական ներկայացուցիչ Լի Չանչունի և նրա գլխավորած պատվիրակության այցելությունները։

Թինա Քեյդենաուի այցի հետ են կապում նախագահ Սարգսյանի վարչակազմի և նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի միջև երկխոսության հաստատումը. տիկին Քեյդենաուն Միացյալ Նահանգների դեսպանի հետ միասին այցելեց առաջին նախագահին, իսկ պետության գործող ղեկավարի հետ քննարկեց տարածաշրջանային հիմնախնդիրներ և, իհարկե, Հայաստանի ներքին քաղաքականության հարցերը։ Այս առնչությամբ հարկ է ասել, որ Տեր-Պետրոսյանի անսովոր պահվածքը, ինչն արտահայտվում է արմատականությունից նրա հրաժարվելով և «քաղաքակիրթ» քաղաքական պայքարի մեթոդներին անցնելով, տարակուսանք է առաջացնում։ Եվ հազիվ թե որևէ մեկն ի վիճակի լինի միանշանակ պարզաբանում տալ ոչ վաղ անցյալում անհաշտ քաղաքական գործչի այդքան հանկարծակի ու անսպասելի հանդարտմանը։ Կա կատարված «հրաշքի» երեք վարկած. սովորական կաշառում, ճնշում ԱՄՆ-ի կողմից երկու ճամբարի վրա էլ, ընդդիմության ֆինանսական ճգնաժամ, որը թույլ չի տալիս բազմահազարանոց զանգվածներ հավաքել և պահել նրանց հրապարակում։

Առավել հաճախ արծարծվող առաջին վարկածը միանգամայն անհիմն է. Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանն այդ մարդիկ չեն և այն հարաբերությունների մեջ էլ չեն, որ միմյանց ծախվեն կամ զբաղվեն ստվերային համաձայնություններով։ Ի դեպ, այս առնչությամբ հարկ է նշել, որ Տեր-Պետրոսյանը քաղաքական երկխոսության հարցերում բավական սկզբունքային է և ազնիվ. նախագահ եղած ժամանակ նա ոչ մի անգամ ստվերային համաձայնության չի գնացել ընդդիմության հետ, թեև նրան կաշառելու և պահելու բոլոր հնարավորություններն ուներ։ Տեր-Պետրոսյանը նախընտրում էր բաց երկխոսությունը, իսկ դրա անհնարինության դեպքում դիմում էր կոպիտ ուժի և բառացիորեն ճզմում ընդդիմությանը տանկերով ու իր մերձավոր համախոհների՝ Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի խարիզմով։ Նրանից հետո արդեն, Քոչարյանի նախագահության օրոք, Հայաստանում քաղաքականության մեջ սկսեցին դիմել ընդհատակյա ստվերային մեխանիզմներին։ Այսպիսով, Սարգսյանի կողմից Տեր-Պետրոսյանին կաշառելու վարկածը չափազանց անհավանական է։

Իսկ ինչ վերաբերում է մյուս երկուսին, ապա այստեղ հարկ է նշել, որ դրանք ճշմարտանման են։ Այս առնչությամբ հարկ է մի քանի նկատառում հայտնել։

Նախ՝ գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ փողեր են անհրաժեշտ։ Այստեղ ոչ մի գաղափարի հետևից զանգվածների չես տանի, եթե համապատասխան նյութական ռեսուրսներ չլինեն։ Օրինակ, կոմունիստական գաղափարն այսօր երկրում ընդունելի է բնակչության ճնշող մեծամասնության համար, թեկուզև խորհրդային ժամանակների նոստալգիայի և այն պատճառով, որ կոմունիստները Հայաստանում աչքի չեն ընկել ոչ բարբարոսությամբ, ոչ գանձագողությամբ, ոչ ամենաթողությամբ ու լկտիությամբ, ինչն այնքան բնորոշ է 1991-ից իշխող էլիտային։ Սակայն հազիվ թե Հայաստանի կոմկուսին հաջողվի ընտրություններին 5000-ից ավելի ձայն հավաքել կամ նույնիսկ քիչ թե շատ բազմամարդ հանրահավաք կազմակերպել։ Տեր-Պետրոսյանը բացառություն չէ, և այն, ինչ նրան հաջողվեց 2007-08թթ., 90%-ով արդյունք է հսկայական ֆինանսական ներդրումների (բավական է ասել, որ երկրով մեկ հսկայական կորտեջների ուղևորությունների միայն բենզինի վրա նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանի թիմը նախընտրական 20 օրվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն դոլար ծախսեց)։ Սակայն վերջին երկու տարում նախկին նախագահի ֆինանսական ռեսուրսները նկատելիորեն սպառվել են. չկան հիմնական հովանավորները (Խաչատուր Սուքիասյանի տիպի), իսկ արտաքին սնուցման հետ կապված, ինչպես երևում է, լուրջ խնդիրներ կան։ Այսպիսով, Տեր-Պետրոսյանի հանդարտվելը լրիվ կարելի է հիմնավորել ֆինանսների ճգնաժամով և լավ ժամանակների ակնկալիքով՝ առանց որևէ այլ գործոնի։

Երկրորդ՝ փորձենք հասկանալ՝ հարկավո՞ր է արդյոք ամերիկացիներին խաղաղությունն իշխանության և ՀԱԿ-ի միջև։ Բոլորին է հայտնի, որ 2008թ. ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանն Արևմուտքի դրածոն էր։ Օպերացիան ձախողվեց, իսկ ավելի ուշ «գունավոր հեղափոխությունների» վերաբերյալ ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարությունում էական ճշգրտումներ մտցվեցին։ Դրանց էությունը ռեժիմների բռնի տապալումից հրաժարվելն էր դրանց ուղղակի կաշառման միջոցով։ Սարգսյանի վարչակարգն ուրախությամբ ընդունեց խաղի նոր կանոնները (վարչապետ դարձավ Համաշխարհային բանկին և Արժույթի միջազգային հիմնադրամին մոտ կանգնած Տիգրան Սարգսյանը, ֆինանսատնտեսական բլոկը գլխավորեցին նույնպիսի «ամենագետ» արևմտամետ լիբերալներ, ինչպիսիք էին Ներսես Երիցյանը, Տիգրան Դավթյանը, Վաչե Գաբրիելյանը և այլք, անմիջապես ռեֆորմներ սկսվեցին կրթական համակարգում, դատաիրավական և վարչական ոլորտներում, համաներում անցկացրին և այլն)։ Այսպիսով, բոլորը երջանիկ էին. և՛ իշխանությունը Հայաստանում, և՛ ամերիկյան վարչակազմը, բայց մի փոքրիկ վերապահությամբ. Հայաստանը նախկինի պես գտնվում է ՌԴ ուղեծրում, իսկ Գյումրիում տեղակայված են ռուսական զորքեր։ Ուրեմն, որո՞նք են ամերիկացիներին դրդող շարժառիթները, որոնք «կայունության» են ձգտում Հայաստանում, եթե դրա արդյունքը Սարգսյանի ռեժիմի պահպանումն է՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Կարծում եմ՝ դրանք այլ հարթությունում պետք է փնտրել։ Օրինակ, այսօր ԱՄՆ-ին շահավետ կլինեին թուլությունն ու երկպառակությունները սարգսյանական թիմի, այսինքն՝ նախագահի հենարանի ներսում, որն առանց այդ էլ փխրուն է։ Օրինակ, Տեր-Պետրոսյանի հեզությունը և հանրային կարծիքի մեջ սերմանված համոզմունքը, թե նախկին երկու թշնամիների միջև ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, չափազանց նյարդայնացնում են իշխանամետ շրջանակներին և նրանց ամենավտանգավոր վիճակի` անորոշության մեջ են դնում։ Բայց գլխավորն այլ բան է. որքան ավելի արմատական է Տեր-Պետրոսյանը, որքան անհաշտ է նրա դիրքորոշումը, այնքան ավելի ուժեղ է նախագահ Սարգսյանը։ Եվ հակառակը։ Քանի որ միայն այդ դեպքում նախագահ Սարգսյանը կունենա հուսալի հենարան՝ հանձին ամենաբազմաշերտ հանրության, որը մի անգամ փրկել է նրան ու երկիրը Տեր-Պետրոսյանից, և միայն այդ դեպքում առաջին նախագահի շուրջը կհավաքվեն մարդիկ (ավելի ճիշտ՝ իռացիոնալ ամբոխ), որոնք պատրաստ կլինեն ամեն ինչի հանուն իրենց առաջնորդի ու նրա հետ միասին։ Իսկ հակառակ պարագայում և՛ Սարգսյանը, և՛ Տեր-Պետրոսյանը կբովանդակազրկվեն և կթուլանան՝ կորցնելով կողմնակիցների վստահությունը և հարվածի տակ դնելով իրենց հեղինակությունը։ Դե, իսկ մեծ հաշվով դժվար չէ կռահել, որ ամերիկյան վարչակազմին, գուցե, Հայաստանում շատ բան է հարկավոր, բայց ոչ կայուն հասարակությունն ու ուժեղ իշխանությունը, որի երաշխավորն է ուժեղ և անհաշտ ընդդիմությունը։ Կարծում եմ՝ սա գիտակցելու համար մեծ խելք պետք չէ...

Նառիշկինի այցի առիթով։ Խոսել այն մասին, ինչ ասվել է պաշտոնապես, իմաստ չունի։ Բայց միանշանակ է, որ այդքան բարձրաստիճան կրեմլյան գործչի այցը պայմանավորված էր նաև այլ, չբարձրաձայնվող գործոններով։ Ընդդիմադիր որոշ ԶԼՄ-ներ գրում էին (վկայակոչելով հավաստի աղբյուրները), թե իբր Մեդվեդևի աշխատակազմի ղեկավարը Հայաստան է ժամանել նախագահ Սարգսյանին համոզելու, որ ձերբազատվի կառավարությունից (ինչ-որ բարիքների դիմաց)։ Հասկանալի է՝ այսքան հավաստի աղբյուրներին վստահել չի կարելի, սակայն հավանականություն կա, որ Հայաստանի ներկայիս կառավարության անդամներն իրենց պոպուլիզմով և աշխատել չկարողանալու ունակությամբ աչքի են ընկել նաև Հայրենիքի սահմաններից դուրս, այսինքն՝ ռուսական կառավարության հետ համատեղ աշխատանքը պրոբլեմատիկ են դարձրել։ Մի խոսքով՝ մոտ ապագան ի ցույց կդնի Նառիշկինի այցի իսկական մոտիվները։

Դե, իսկ չինական բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակության այցելությունն աննախադեպ էր Հայաստանի պատմության մեջ։ Չինաստանը մեծ տերություն է, այլ ոչ թե սովորական երկիր, և նրա հետ նորմալ հարաբերություններ ունենալը հրամայական է։ Անշուշտ, ուրախալի է, որ զորեղանում են Չինաստանի հետ տնտեսական կապերը, որից կարելի է շատ բան սովորել և փոխ առնել։ Էլ չենք խոսում այն մասին, որ Չինաստանի կարգավիճակը մեզ համար շատ կարևոր է ղարաբաղյան հարցում, հետևաբար՝ որքան շատ կոնյակ խմեն չինական քաղբյուրոյի անդամները Գագիկ Ծառուկյանի մոտ, այնքան ավելի մեծ կլինի Պեկինի՝ մեր կողմ հակվելու հավանականությունը։
Նշանակալի այլ իրադարձությունների շարքում առանձնացնենք գյուղնախարարության հերթական ռեֆորմը, որն այս անգամ տոնական նոր օր առաջարկեց. գյուղնախարարն առաջարկեց հոկտեմբերի երկրորդ կիրակին նշել որպես գյուղաշխատողի օր։ Կարծում եմ՝ սա բավական նշանակալի միջոցառում է գյուղատնտեսության զարգացման համար. աշնանը գյուղատնտեսություն երկրում, որպես այդպիսին, գուցեև չլինի, քանի որ երկրի ղեկավարության բոլոր ջանքերն ուղղված են դրան, իսկ ահա ևս մեկ տոնական օրը չէր խանգարի թոթափել անհույս թախիծն ու հուսալքությունը...

Բայց ապրիլին կառավարությունը և գյուղնախարարությունը բախվեցին անլուծելի մեկ այլ հիմնախնդրի, որի պատճառը դարձավ մայր բնությունը։ Բանն այն է, որ մայր բնությունը «քաշեց», այն էլ՝ ուժեղ, հրաժարվելով ապրիլի 12-13-ին ցրտահարություն կազմակերպելու իր մտադրությունից, ինչի հետևանքով կոչնչանար ողջ բերքը։ Ցրտահարություններ, հուրախություն գյուղացիների, չեղան, ինչն, անշուշտ, լավ է, բայց, այ, գյուղնախարարության համար դա գլխացավանք կդառնա, որովհետև գալիք տարվա սկզբին արդարանալու բան չի ունենա գյուղատնտեսության հերթական հսկայածավալ անկման համար։ Կարծում եմ՝ կառավարության դրությունն իսկապես անմխիթարական է, որին չեն օգնի նույնիսկ երկրի նախագահի՝ գյուղացիներին խոստացված և այդպես էլ հասցեատիրոջը չհասած էժան վարկերը միայն այն պատճառով, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, բացի ցնցող ու տիեզերական գաղափարներ հնչեցնելուց, ուրիշ այլ բանի պարզապես ի վիճակի չէ...

Ամսվա ողբերգական նորությունը կրթության և գիտության ոլորտի համար. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կպահպանի պաշտոնը։ Սա նշանակում է, որ ԵՊՀ-ն՝ որպես կրթության և գիտության օրրան և հույս շուտով կդադարի գոյություն ունենալ, այսինքն՝ կհասնի Գյումրու մանկավարժական ինստիտուտի մակարդակին, ինչը հավասարազոր է կործանման։ Սակայն զարմացնում է երկրում ռոմանտիկների առատությունը, որոնք ասում են, որ ամեն ինչ չէ, որ վերջացած է, ապագան դեռ առջևում է, այսինքն՝ ապագան կսկսվի 2013թ., Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետից։ Ասում են, իբր, պետական ռազմավարություն կա. ոչինչ չանել և ոչինչ չփոխել մինչև 2013թ.՝ չխանգարելու համար նախագահ Սարգսյանի երկրորդ ընտրությանը և միայն հետո ձեռնամուխ լինել հեղափոխական վերափոխումների՝ վրացականի նման՝ ազատվելով էվոլյուցիոն վարչապետից հօգուտ հեղափոխականի։ Կարծում եմ՝ 2013թ. վերաբերյալ հեքիաթները գերակշռող կլինեն այս և գալիք տարիներին, իսկ թե որքան մարդ կվստահի դրանց` դժվար է ասել։ Մի խոսքով՝ մենք կհետևենք ուղեղ մթագնող համազգային այս բանավեճին...

Մի քանի խոսք համարի բովանդակության մասին։

«Քաղաքականություն» խորագրում հանդես է գալիս երուսաղեմցի գրող, հրապարակախոս Ալեքսանդր Մայստրովոյը։ Նա գրում է բավական անսովոր երևույթի մասին, այն վերափոխման, որը, նրա կարծիքով, տեղի կունենա Իսրայելի քաղաքականության մեջ, որն արդեն ուրվագծվում է այդ երկրի հանրային գիտակցությունում։ Հեղինակը կարծում է, որ քաղաքակրթական, ինչպեսև աշխարհաքաղաքական առումով սույն պահին հրեաներն անհամեմատ ավելի մոտ են հայերին և արևելաքրիստոնեական այլ ժողովուրդներին, քան նրանց ներկայիս մերձավորարևելյան դաշնակիցներին։ Մի խոսքով՝ բավական հետաքրքիր վերլուծություն է, արժե ծանոթանալ դրա բովանդակությանը։

«Աշխարհաքաղաքականություն» խորագրում «Ինքնավարության հաստատման գործընթացը Պաղեստինում. 1993թ. Օսլոյի համաձայնագիրը» հոդվածում պատմաբան Արտակ Հովհաննիսյանը գրում է արաբների և հրեաների միջև հավերժական կոնֆլիկտի և նրանց հարաբերությունների կարգավորման փուլերի մասին։

«Պատմություն» խորագրում Գրիգոր Աղանյանը գրում է հայրենական պատմության սակավ հայտնի երևույթների մասին։ «Կրոնական բախտախնդի՞ր, թե՞ բողոքական քարոզիչ (կեղծ թոնդրակյան աղանդապետի արկածները)» հոդվածում հեղինակը խորհրդածում է հարյուրամյակների ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու պառակտման բազմաթիվ փորձերի մասին։ Ընդ որում՝ դա անում է բավական ինքնատիպ մոտեցմամբ։ Եվ դա հետաքրքիր է, քանի որ առայժմ քիչ ուշադրություն է դարձվում եկեղեցու պատմությանն ինչպես եկեղեցու ռեֆորմացիայի փորձերի` բնական հունին չհակասող, այնպես էլ այլասերված զարգացման անկանխակալ վերլուծության տեսակետից, ինչի մասին խոսվում է Աղանյանի հոդվածում։

«Հուշեր» խորագրում այս անգամ հրապարակվում է խորհրդարանի աշխատակից Ռուզան Պեպանյանի հոդվածը։ Այն նվիրված է Հայաստանում խորհրդային իշխանության մայրամուտի ամենավառ գործիչներից մեկին՝ Ռոբերտ Արզումանյանին։

«Մեջբերումներ դասականներից» խորագրում այսօր հրապարակում ենք 20-րդ դարի խոշոր պատմաբան Նիկողայոս Ադոնցի «Հայաստանը և ցեղերի պայքարը Արևելքում» հոդվածը։ Կարծում եմ՝ այս նշանակալի և սակավ հայտնի նյութը 80 տարի հետո էլ չի դադարել արդիական լինելուց և որոշակի հետաքրքրություն պետք է ներկայացնի ընթերցողի համար։

«Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում խիստ հետաքրքրական ընտրություն ենք կատարել։ Հատուկ ուշադրություն դարձրեք Ավրաամ Շմուլևիչի «Դեպի Թեհրան Երևանի միջով. Բաքու-Երուսաղեմ առանցքը. հրեական պատասխան» հոդվածին։ Հետաքրքիր է, որ Շմուլևիչի հոդվածը համահունչ է Մայստրովոյի նյութի հետ (ֆակտուրայի տեսակետից), բայց խիստ տարբեր է ապագայի վերլուծության առումով, քանի որ Շմուլևիչը չի նկատում կամ չի ուզում նկատել, որ հանրային կարծիքն Իսրայելում ներկա պահին գտնվում է խոր տրանսֆորմացիայի փուլում, և որ գալիս է այն ժամանակը, երբ նույնիսկ կարող են վերանայվել հրեական պետության հիմնադրի սկզբունքները։ Պակաս հետաքրքրություն չի ներկայացնում նաև Արտաշես Գեղամյանի «Անկանոնություն արևելքում. Կովկասի և Ասիայի ապակայունացումը Ռուսաստանի մասնատման առաջին փուլն է» հոդվածը։ Դրա մասին ասեմ միայն այն, որ «Ռեգնում» գործակալությունում հայտնվելու առաջին երկու օրում այն կարդացել է ավելի քան 20.000 մարդ...

Ցանկանում եմ լավ ժամանց «Ազգային գաղափարի» նոր համարի հետ միասին։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am