Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Ապրիլ 2011, N 4

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅՈՑ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՆԱԽՕՐԵԻՆ

ՆՈՐ ԴԱՇԻՆՔԸ ՀՆԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ՝ ՀՈՒՅՆԵՐԻ, ՀՐԵԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԻՋԵՎ ԴԱԴԱՐՈՒՄ Է ՄՏԱՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐ ԼԻՆԵԼՈՒՑ ԵՎ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ REAL POLITIC

Ալեքսանդր Մայստրովոյ, գրող, հրապարակախոս (Երուսաղեմ)

ԲԱՐՁՐ ԴՌԱՆ ՍՏՎԵՐԸ

Իսրայելի ստեղծման առաջին տարիներին Դավիթ Բեն-Գուրիոնը մշակեց թշնամական արաբական վարչակարգերով շրջապատված և տոտալ վերացման սպառնալիքի առջև կանգնած հրեական պետության գոյատևման երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգը։ Բեն-Գուրիոնն արդարացիորեն կարծում էր, որ անիմաստ է հույսը դնել բացառապես ռազմական ուժի վրա. Իսրայելը կարող է որքան ասես հաղթանակներ տանել մարտադաշտում, բայց բավական է, որ մի պատերազմում տանուլ տա, որպեսզի դադարի գոյություն ունենալ։ Գիտակցելով սա՝ նա առաջարկում էր ջանքեր գործադրել հրեական պետության հանդեպ բարեկամաբար տրամադրված երկրների արտաքին օղակի ստեղծման ուղղությամբ, որը շրջանակի մեջ կառներ թշնամական և վտանգավոր արաբական աշխարհը։ Նման պետությունների թվում էին Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը և քրիստոնեական Եթովպիան։

Այսօր ակնհայտ է, որ այդ պլանը տապալվել է տակտիկական առումով, բայց ոչ՝ որպես ռազմավարական հրամայական։ Սկզբում Իրանը, այնուհետև՝ Թուրքիան ոչ միայն անցան Իսրայելի հանդեպ թշնամաբար տրամադրված պետությունների ճամբար, այլև գլխավորեցին այդ ճամբարը։ Թեհրանի այաթոլաների վարչակարգն ազգային գերխնդիր հռչակեց հրեական պետության ոչնչացումը, այն դեպքում, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունն ավելի զգուշավոր, բայց միևնույն ժամանակ օսմանյան խալիֆայության և նոր «Բարձր Դռան» վերստեղծման ճարտար քաղաքական գիծ որդեգրեցին։ Իսրայելը՝ որպես ուժեղ արևմտամետ պետություն, ակնհայտ խոչընդոտ է նեոօսմանիզմի կողմնակիցների և միաժամանակ՝ իդեալական թիրախ քաղաքական դեմագոգիայի համար։

Սակայն, չնայած մարտավարական ֆիասկոյին, հայեցակարգն ինքը նոր հորիզոններ է բացում, ընդ որում՝ ոչ միայն Իսրայելի, այլև այլ պետությունների համար, որոնք հայտնվել են օսմանյան ծավալապաշտությանը և մահմեդական վերածննդին դեմ-հանդիման։ Խոսքը քրիստոնյա ժողովուրդների մասին է, որոնք իրենց պատմության ընթացքում քանիցս դարձել են թուրքական նկրտումների և ագրեսիվության զոհը. Հայաստանի, Հունաստանի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Ռումինիայի և Կիպրոսի մասին։

Պոստմոդեռնիստական առասպելաբանության գերության մեջ գտնվող Արևմուտքի անօգնականությունը, անհետևողականությունը, ռելատիվիզմը, փոքրոգությունը, դաշնակիցներին թշնամիներից և բարին չարից զանազանել չկարողանալը, ինչը հստակ երևաց Կոսովոյի օրինակով, Բալկանները և Հայաստանը մեն-մենակ է թողնում նրանց հավերժական ու դաժան թշնամու դեմ-դիմաց։ 1915թ. Ցեղասպանության գենետիկական մակարդակով, Զմյուռնիայի կոտորածով և Կիպրոսի էթնիկ զտումներով ամրապնդված օսմանյան տիրակալության մասին հիշողությունը խորանում է ներկայիս Թուրքիայից ունեցած վախով, որը դեպի մահմեդական ծավալապաշտություն տանող ճանապարհ է բացում։ Ընդ որում՝ բացում է Արևմուտքի ձեռքերով։ Մաքիավելին կնախանձեր թուրք կառավարիչների ճարտարամտությանը. ձևականորեն մի կողմ մնալով, հմտորեն օգտագործելով Արևմուտքի տեխնոլոգիական գերազանցությունը և նրա իսկ կտրվածությունը պատմական և քաղաքական իրողություններից՝ թուրքերը նախաձեռնեցին արհեստական մահմեդական կազմավորումների ստեղծումը Բալկաններում, որոնք Ալբանիայի և հարևան երկրների մահմեդական փոքրամասնությունների հետ միասին վերածվեցին Արևմուտքի վրա Արևելքի «հակագրոհի» ամրակետերի։ Վերածնվող խալիֆայության ստվերն ընկնում է նաև թուրքերի կողմից բաժանված և Արևմուտքի կողմից հենց իրեն մատուցված հարևան Կիպրոսի վրա։

Վրաստանում չափազանց անհեռատես և վտանգավոր հետևանքներով լի դեր է խաղում Ռուսաստանը՝ հրահրելով վրաց ժողովրդի հանդեպ թշնամաբար տրամադրված աբխազական մահմեդական կազմավորման ստեղծումը։

Իրավիճակը բարդանում է Օբամայի ամերիկյան վարչակազմի բացահայտ թուլությամբ, իր դաշնակիցներին վտանգի առաջին իսկ պահին հոշոտվել թողնելու պատրաստակամությամբ, ինչպես դա տեղի ունեցավ Մուբարաքի վարչակարգի հետ։ Քչերն են առ այսօր գիտակցում այդ երկչոտ փոքրոգության հետևանքները։ Մի ակնթարթում գերտերությունը պատմության աղբանոց նետեց բարեկամական վարչակարգին, որը 30 տարի ամերիկյան ռազմավարության հենարանն է եղել Մերձավոր Արևելքում, ընդ որում՝ դա այնպես արեց, ասես խոսքն օգտագործված թաշկինակի մասին էր։ Սա պատահականություն չէր։ 30 տարի առաջ Քարթերը, Բժեզինսկին և եվրոպական կառավարությունները նույն ապշեցուցիչ արագությամբ ձերբազատվեցին Իրանի շահից, որն արևմտյան արժեքներ էր սերմանում և փորձում, ի հակակշիռ այաթոլաների մոլեռանդության, վերստին կյանքի կոչել հինավուրց զրադաշտական կրոնը։

 

ԲԱԼԿԱՆՆԵՐ-ԻՍՐԱՅԵԼ ԱՌԱՆՑՔԸ

Բալկանյան ժողովուրդները գիտակցում են, որ օրեցօր թուլացող և, Դանիել Փայփսի խոսքերով, «քաղաքակրթական խոր ծերության» վիճակ մտնող Արևմուտքը չի կարող հենարան լինել գալիք հակամարտություններում, և հարկավոր է ներքին ռեսուրսներ և նոր դաշնակիցներ փնտրել։ Բնութագրական է, որ որպես Օբամայի գլխավոր խորհրդականներից մեկը մերձավորարևելյան վերջին ցնցումների հետ կապված բոլոր հարցերում հանդես է գալիս Էրդողանը։ Մկնիկը դեմոկրատիան պաշտպանելու համար կատվին է հրավիրել...

Սրա գիտակցմամբ է բացատրվում վերջին երկու տարիներին Իսրայելի (որը շարունակում է մնալ Մերձավոր Արևելքի առաջատար ռազմական տերությունը)՝ մի կողմից, և Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի, Սերբիայի, Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Ռումինիայի և Խորվաթիայի՝ մյուս կողմից, արագ ու անշեղ մերձեցումը։ Հունաստանը և բալկանյան մյուս ժողովուրդներն իսրայելական ռազմական տեխնոլոգիաների, ֆինանսական ճգնաժամից դուրս գալու փորձի և տնտեսական մշակումների կարիքն ունեն։ Իսրայելին, իր կողմից, որը հայտնվել է արևմտյան ճնշման տակ և կանգնած է մերձավորարևելյան Սերբիայի վերածվելու սպառնալիքի առջև, անհրաժեշտ են քաղաքական դաշնակիցներ և ռազմաօդային հանգրվաններ ՌՕՈւ մանևրներ անցկացնելու համար։

Աթենքի և Երուսաղեմի նախկին՝ ավելի քան սառը հարաբերությունները փոխարինվել են համարյա թե բարեկամական հարաբերություններով։ Իսրայելական մարտական ինքնաթիռներն ակոսում են հունական օդային տարածքները, իսրայելցի զբոսաշրջիկները հեղեղում են հունական առողջարանները, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոսում է «հնագույն քաղաքակրթությունների դաշինքի», իսկ նրա հույն գործընկեր Գեորգիոս Պապանդրեուն՝ «նոր հնարավորությունների» մասին, որոնք բացվել են ի հետևանք իսրայելա-թուրքական ռազմավարական դաշինքի խզման։ Հետաքրքիր է, որ Հունաստանի ղեկավարը վերջին անգամ Իսրայելում էր եղել գրեթե 20 տարի առաջ՝ 1992 թվականին։ Մակեդոնիան Իսրայելի հանդեպ առավել բարեկամաբար տրամադրված երկրներից է ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև աշխարհում, իսկ երկու պետությունների արտգործնախարարները խոսում են «մահմեդական անջատողականության» վտանգի մասին՝ հանձինս մակեդոնական ալբանացիների։ Նման գործընթացներ ենք նկատում Իսրայելի և Բուլղարիայի հարաբերություններում, որոնց հատուկ ծառայությունները պատրաստակամությամբ համագործակցում են «Մոսադի» հետ, իսկ քաղաքական գործիչները հրաժարվում են դատապարտել Երուսաղեմին «մարդու իրավունքների խախտման»՝ ընդհանրապես և Գազայի ափի սադրանքի ժամանակ թուրքական IHH-ի ծայրահեղականների սպանության համար՝ մասնավորապես։

Մեր աչքերի առջև ստեղծվում է Երուսաղեմ-Կիպրոս-Բալկաններ առանցքը, որի նպատակը դեպի Արևելյան Եվրոպա թուրքական ծավալապաշտության զսպումն է։

 

ԻՄ ԹՇՆԱՄՈՒ ԹՇՆԱՄԻՆ ԻՄ ԲԱՐԵԿԱՄՆ Է

Սակայն սա միայն մեկ ուղղությունն է։ Երկրորդ ուղղությունը, սկզբնավորվելով Երուսաղեմում, գնում է դեպի հյուսիս-արևելք՝ Կովկաս, որտեղ երկու հնագույն քրիստոնյա ժողովուրդներ՝ Վրաստանը և Հայաստանը, նույնպես հայտնվել են մահմեդական ծավալապաշտության առաջին գծում։ Վրաստանի հետ Իսրայելն ավանդական բարեկամական հարաբերություններ ունի, որոնք դրսևորվում են կյանքի գրեթե բոլոր ոլորտներում. սկսած քաղաքականությունից ու պաշտպանական համագործակցությունից և վերջացրած գյուղատնտեսությամբ, զբոսաշրջությամբ և մշակութային կապերով։

Փոքր-ինչ այլ է վիճակը Հայաստանի պարագայում, որի հետ հարաբերությունները գրեթե դուրս չեն գալիս ձևականի շրջանակից։ Պատճառները պարզ են. ստեղծված քաղաքական իրողություններ, որոնց միանում են փոխադարձ վիրավորվածությունները։ Երկար տարիներ Իսրայելը Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը համարել է իր համարյա թե գլխավոր քաղաքական ձեռքբերումը, այն դեպքում, երբ Երևանում խիստ շահագրգռված են, միանգամայն հասկանալի պատճառներով, Թեհրանի հետ լավ հարաբերություններով։ Ուշադրության տարբեր թիրախները, տարբեր նպատակները և, վերջապես, գոյատևելու անհրաժեշտությունը հնագույն պատմություն և բարձրագույն մտավոր ներուժ ունեցող երկու ժողովուրդներին թողել է բարիկադի հակառակ կողմերում։

Այսօրվա դրությամբ իրավիճակը զգալի փոփոխություն է կրել, թեև շարունակում է խնդրահարույց մնալ. չնայած Իսրայելը կորցրել է իր գլխավոր տարածաշրջանային դաշնակցին՝ հանձին Թուրքիայի, դա չի կարելի ասել Հայաստանի մասին, որը զրկված է դեպի ծով ելքից և ապրում է մասնակի շրջափակման պայմաններում։ Հայաստանը ստիպված է բարիդրացիական հարաբերություններ պահպանել Իրանի հետ, և աբսուրդ կլիներ այս երկրից քաղաքական այլ գիծ սպասել։

Իսրայելը, իր հերթին, հաշվարկ է արել և անում է Ադրբեջանի (հետխորհրդային տարածքում հրեական պետության հանդեպ բարեկամաբար տրամադրված սակավաթիվ հանրապետություններից մեկի) վրա։ Տնտեսական շահերը, ռազմական գործարքները, քաղաքական շփումները և, վերջապես, իսրայելական գործարար աշխարհի մի մասի գերազանց կապերն ադրբեջանական ընտրանու (հատկապես նախկին ԽՍՀՄ-ից սերածների) հետ նույնպես անխուսափելի են դարձնում պաշտոնական Երուսաղեմի աջակցությունը Բաքվին հայերի հետ ադրբեջանցիների վեճում, նախևառաջ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում։

Այնուամենայնիվ, չնայած քաղաքականության մեջ ընդհանուր հայտարարի բացակայությանը, Իսրայելը և Հայաստանը, իմ կարծիքով, կմերձենան։ Դրա համար մի քանի նախադրյալ կա։ Առաջինը Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունների անխուսափելի վատթարացումն է։ Դա ժամանակի հարց է, և բավական սահմանափակ ժամանակի։ Ադրբեջանը, այսպես թե այնպես, ամուր լծված է թուրքական քաղաքականության սայլին և հետևելու է Անկարայի «նավաշարասյանը»։ Իլհամ Ալիևն արդեն հասկանալ է տվել դա՝ անցած տարվա մայիսին «խաղաղության նավատորմիկի» պատմությունից հետո հայտարարելով, որ իր երկրի հարաբերությունները Թուրքիայի հետ ադրբեջանական արտաքին քաղաքականության հանգուցային գործոնն են (ինչը միանգամայն օրինաչափ է)։ Սրան գումարվում է (կրկին անխուսափելի) մահմեդական արմատականության և հակաիսրայելական տրամադրությունների սաստկացման գործընթացը։ Իսլամիզմն էլ ավելի գերակշռող ուժ է դառնում մահմեդական աշխարհում, և Ադրբեջանը չի կարողանա խուսափել այդ միտումներից, որքան էլ դա ցանկանան նրա ներկայիս առաջնորդները։

Երկրորդ նախադրյալը իրանական վարչակարգի հավանական անկումն է։ Ըստ էության, այս թեոկրատիան մոտենում է իր ազդեցության և ագրեսիվության գագաթնակետին, սակայն նրա ներսում հասունանում և աճում է դժգոհությունը, որը վաղ թե ուշ դուրս է պոռթկալու։ Սա ցանկացած տոտալիտար ռեժիմի զարգացման, հասունացման և կործանման ներքին գործընթացն է և, դատելով ծածուկ դիմակայության հաճախակիացած ջղակծկումներից, իրանական վարչակարգը շուտով կթևակոխի վերջին փուլ։ Ինչպեսև ցանկացած կոշտ տոտալիտար ռեժիմ, այն կփորձի փրկվել ի հաշիվ արտաքին ագրեսիայի, սակայն հազիվ թե այս դեղատոմսը գործուն լինի երկարաժամկետ առումով։ Իրանական թեոկրատիայի անկումն էապես կդյուրինացնի Իսրայելի և Հայաստանի մերձեցումը։

Երրորդ և, թերևս, առաջնային նախադրյալը թուրքական քաղաքականությունն է։ Ի տարբերություն Իրանի, թուրքական արմատականությունն ուժ է հավաքում, իսկ ծավալապաշտությունը, որն ուղեկցվում է պանթյուրքիզմի և թուրքական ազգայնականության բռնկումով, նոր թափ կստանա։ Թուրքիան արդեն վերածվել է սպառնալիքի աղբյուրի և՛ հայերի, և՛ հրեաների համար։ Բնութագրական է, որ Անկարայի արտաքին քաղաքականության զարգացման՝ վերջերս հրապարակված ռազմավարական պլանում ոչ Իսրայելը, ոչ Հայաստանն ընդհանրապես չեն հիշատակվում։ Սա նշանակում է, որ Էրդողանը և նրա կուսակցությունը կխստացնեն երկու պետությունների հանդեպ վարվող քաղաքականությունը։ Հայաստանի պարագայում Արդարություն և զարգացում կուսակցությունն էլ ավելի ագրեսիվորեն վահանի վրա կբարձրացնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Իսրայելի պարագայում հանդես կգա որպես պաղեստինցի ժողովրդի պաշտպան։ Երկու դեպքում էլ աճող ռազմատենչությունը, դեմագոգիան և սադրիչ գործողությունները երաշխավորված քաղաքական դիվիդենդներ կբերեն։

 

ԻՍՐԱՅԵԼ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՊԱԳԱՅԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Այսպիսով, Իսրայելը և Հայաստանը «դատապարտված» են համագործակցության։ «Իմ թշնամու թշնամին» օրենքը մտնում է ուժի մեջ, և իրական ոչ մի պատճառ չկա, որը կարող է խանգարել դրա իրականացմանը։ Ավելին, դատելով ստացվող տեղեկություններից՝ Երևանում և Երուսաղեմում արդեն համագործակցում են՝ աջակցելով քրդական անջատականներին Իրաքյան Քրդստանում։ Այս տվյալները հաստատված չեն, բայց նման սցենարն, ըստինքյան, ոչ թե պարզապես հնարավոր է, այլ միանգամայն օրինաչափ։
Համաշխարհային քաղաքակրթության պատմության հնագույն ժողովուրդների երկու երիտասարդ պետությունների մերձեցումը կբացի հայերի և հրեաների հարաբերություններում առկա հնացած վերքի ապաքինում տանող ճանապարհը. ես նկատի ունեմ Իսրայելի և ԱՄՆ հրեական համայնքի վերաբերմունքը հայկական Հոլոքոստի հանդեպ։ Սա, նախևառաջ, բարոյականության և պատասխանատվության հարց է։ Ես արդեն քանիցս գրել եմ, որ չեմ ընդունում հայկական Աղետը չճանաչելու անբարո քաղաքականությունը և ադրբեջանական իշխանությունների հետ քաղաքական խաղերը հայ ժողովրդի ցավի ու տառապանքի վրա։ Ուստի, չեմ ուզում կրկնվել։

Այնուամենայնիվ, բարոյական առումով Իսրայելում, և ավելին՝ նույնիսկ ԱՄՆ հրեական համայնքում հասունանում է հայ ժողովրդի 1915թ. Ցեղասպանսության ճանաչման անհրաժեշտությունը։ Կարծում եմ, որ երկու պետությունների մերձեցումը քաղաքական մակարդակում կբացի դռներն այդ քայլի համար, որը, իմ կարծիքով, վաղուց արդեն պետք է արվի հրեաների կողմից։

Երուսաղեմի և Երևանի համագործակցության ամրապնդումը կհանգեցնի մի եռանկյունու ստեղծմանը, որի գագաթը կլինի Երուսաղեմը, իսկ կողմերը՝ Բալկանները և Անդրկովկասի երկրները։ Խոսքը, իմ կարծիքով, միայն աշխարհաքաղաքականության մասին չէ, այլ նաև մեծ քաղաքակրթությունների դաշինքի, որոնք ի վիճակի են դիմակայել ինչպես պոստմոդեռնիզմի հայեցակարգերի ստերջությանը և չկայացածությանը, այնպես էլ մահմեդական ծավալապաշտությանը, որի հարվածային ուժը կդառնա հզոր իսլամիստական Թուրքիան։ Չնայած հրեաների, հայերի, հույների և բալկանյան ժողովուրդների քաղաքական ակնհայտ թուլությանը, նրանք ոչ միայն գոյատևման, այլ նաև որպես մարդկության հնագույն հոգևոր ժառանգության իսկական պահապան հաստատվելու պոտենցիալ ունեն։ Ի վերուստ նրանց տրված գլխավոր զենքը նրանց մտավոր հզորությունն է, դարերի խորքը գնացող և փառահեղ անցյալից սնվող արմատները։ Այդ պետություններն ի վիճակի են նաև ազդելու համաշխարհային առաջատար տերությունների քաղաքականության վրա, որոնց հետ նրանց կապում են պատմական և մշակութային սերտ կապերը։ Իսրայելը կարող է և պետք է օգտագործի իր ազդեցությունն Ամերիկայի վրա ճիշտ այնպես, ինչպես Բալկանների հնագույն քրիստոնյա պետությունները և Հայաստանը՝ Ռուսաստանի։ Նրանց է վերապահված անել ամեն ինչ երկու գերտերություններին իրենց կողմը քաշելու համար, նրանց ղեկավարներին դրդելով քաղաքական խճողումների եռուզեռի հետևում տեսնել քրիստոնեական աշխարհին և ընդհանրապես մարդկությանն սպառնացող իսկական վտանգը։

Ես հույս ունեմ, որ հրեաներն ու հայերը, հույներն ու բուլղարները, մակեդոնացիներն ու կիպրոսցիներն այնքան հեռատես և իմաստուն կլինեն, որ չեն փարվի հին վիրավորանքներին, այլ կգիտակցեն իրենց առաքելությունն ու նպատակների ընդհանրությունը։

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնի հայկական անեկդոտը պատմում է, թե ինչպես մեռնելիս ծեր հայը զավակներին կտակում է լավ նայել հրեաներին։ «Ինչո՞ւ հրեաներին»,- հարցնում են զարմացած զավակները։ «Հրեաներից հետո հերթը մերն է լինելու»,- պատասխանում է ծերունին։

Այսօր այս անեկդոտն ավելի քան տեղին է...

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am