Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հուշեր

Հուշեր
Ապրիլ 2011, N 4

ՆԱ «ՈԳՈՒ ՍՈՎԻ» ԴԵՄ ՄԱՔԱՌՈՂ ԱՌԱՔՅԱԼ ԷՐ

Ռուզան Պեպանյան, լրագրող, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հրատարակչության խմբագիր

Ընդունված խոսք է` երկրային կյանքին հրաժեշտ տված մարդու մասին` կամ լավը, կամ ոչինչ: Սովորաբար, ըստ ընդունված այդ կարգի էլ վարվում ենք, առավել ևս, երբ խոսքը պետական գործչի մասին է, ում հարազատը, ընկերը, բարեկամը կամ գործընկերն ես եղել: Ներկայում էլ ոչ ոքի չես զարմացնի այդ մասին գիրք հրատարակելով. թերևս, միայն, բարձրորակ, գեղեցիկ ձևավորմամբ ու գրագետ շարադրանքով, որպիսին «Խոսք» հրատարակչության «Դիմանկար» գրքաշարի հրատարակությունն է: Խոստովանեմ. այդպիսի մտորումներով առաջնորդվելով էլ ձեռքս վերցրի Ռոբերտ Արզումանյանի մասին Էմիլ Դանեղյանի «Մի կյանք» հուշապատումը: Բայց… նույն հաջողությամբ էլ պետք է խոստովանեմ. իսկապես զարմացա, որ մարդու մասին հետմահու հիշողությունները, «հավուր պատշաճության» սահմանը խախտելով, կարող են մի անձի մեջ այդչափ խտացված անցյալի լույսն ու ջերմությունը, մարդկային գեղեցիկ հարաբերությունների ուժը հասցնել մեր օրերը, այն դեպքում, երբ այդ ոչ այնքան վաղեմի անցյալի վերաբերյալ հիշողությունները, մեղմ ասած, այնքան էլ ընդունելի չեն: Զարմացա, որ դրանք կարող են կերպարի մասին, որն իր գործունեության ընթացքում մշտապես բարձր պաշտոններ է զբաղեցրել, ամբողջական պատկերացում կազմելու լավագույն հնարավորություն ընձեռել: Այս ամենն իրապես խոսում է նաև Ռոբերտ Արզումանյանի մարդկային բարձր որակների մասին, որակներ, որոնք միմյանց չկրկնելով` դրսևորվել են առանձին վերցրած յուրաքանչյուրի խոսքում` ներկայանալով որպես կենսագրական ամբողջական պատում: Որտեղ էլ որ ճակատագիրը Ռոբերտ Արզումանյանին գործուղել է, լինի ՀԼԿԵՄ առաջին քարտուղարի, ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղարի, ԽՍՀՄ Կենտկոմի քարտուղարի պաշտոնում, թե դիվանագիտական գործունեություն Եգիպտոսում, պատանեկության տարիներին գրական խմբակի իր ընկերոջ` արվեստաբան Պողոս Հայթայանի խոսքերով` «պաշտոնը, սակայն, մեր ընկերոջը չփոխեց երբեք և ոչ մի պարագայում։ Հանձին նրա, փաստորեն, ազգային-պետական գործչի նոր տիպար հրապարակ եկավ, որն ամբողջատիրական կարգերի պայմաններում մնաց հայ, քաղաքացի, ընկեր և երկրի նվիրյալ՝ պահպանելով, զարգացնելով մեծ ուսուցչուհու անանց պատգամները»: Խոսքը գրական խմբակի ղեկավար Սուսաննա Բաբայանի մասին է, որի հետ խմբակի բոլոր անդամները կապված էին ջերմ սիրով, ու նրա մահից հետո էլ մշտապես մեկ մարդու նման ամեն տարի այցելել են նրա շիրմին: «Նման այցելություններից մեկի ժամանակ էր. մեզ՝ մեր ուսուցչուհու գերեզմանն անխնամ թվաց, ու տղաներով որոշեցինք հաջորդ օրը միացյալ ուժերով կարգի բերել: Հասկանալի է, այդ պայմանավորվածությունն ում ասես վերաբերում էր, բացի այնպիսի գերծանրաբեռնված անձնավորությունից, ինչպիսին այդ տարիների Կենտրոնական կոմիտեի քարտուղարը կարող էր լինել: Թեև հաջորդ օրն անբարենպաստ եղանակ էր, բայց ես Զեյթունի գերեզմանատուն գնացի: Որքան մեծ եղավ զարմանքս, երբ, շիրմաթմբին չհասած, բահի, քլունգի ձայն լսեցի: Մոտեցա` այլայլված մնացի: Ռոբերտը մեն-մենակ փխրեցնում էր ծաղկաթմբերը, արմատախիլ անում մոլախոտերը։ Կողքին կանգնած` վարորդն ուզում էր օգնել, նա թույլ չէր տալիս։ Սիրելի ուսուցչուհու շիրիմը կարգի բերելն իր պարտքն էր համարում։ Դա ոչ կեցվածք էր, ոչ էլ պահվածք, ինքը չէր էլ ենթադրում, որ որևէ մեկը մոտերքում է, իրեն տեսնում է... Այդ պահին վերջնականապես համոզվեցի. Ռոբերտը՝ մեր Ռոբերտը, ճիշտ է, թե՛ Երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագահ, թե՛ Լենինականի քաղկոմի և թե՛ Կենտկոմի քարտուղար է աշխատել, բայց իր նկարագրին՝ առաքինությանը, հայրենասիրությանն ու անանձնականությանը հավատարիմ է մնացել»,- հիշում է գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը։ Ասվածն ամբողջացնում են նույն գրական խմբակի անդամ, բանասեր Լյուդմիլա Վարդանյանի հուշերը. «Նրան պատահաբար հանդիպեցի Գորկու անվան փողոցում. «Մարտիրոս Սարյան» ֆիլմի կապակցությամբ բարեկամիս հետ հայտնվել էինք Մոսկվայում։ Մեծ, ինձ անծանոթ այդ քաղաքում, բարձր, հսկայական թվացող շենքերի, նոյեմբերյան սառնության մեջ ասես լույս` փայլեց գրական խմբակի Ռոբերտ Արզումանյանը։ Ջերմորեն բարևեց, ժպտաց... Չզգացի, թե ինչպես ինձ համար պատվիրեց մի զույգ տաք կոշիկ (մոսկովյան ցրտերին նուրբ, համարյա ամառային կոշիկներով էի)։ Կոշիկները դրեց ոտքերիս մոտ և կիսահրամայական, կիսահամոզող պնդեց, որ հագնեմ։ Այդ կոշիկներն ամենալավն էին իմ կյանքում, որովհետև դրանք գնվել էին ուսանողի սուղ միջոցներով, օտար քաղաքում»։ Գրական խմբակի անդամներից շատերի մեջ սկզբնական շրջանում անկեղծ տարակուսանք էր առաջացրել այն հանգամանքը, որ Արզումանյանը, բնատուր օժտված լինելով ստեղծագործական ձիրքով, ընտրել էր քաղաքական գործունեությունը: «Ես անընդհատ հարցնում էի՝ ախր ինչպե՞ս, Ռոբերտից ի՞նչ քաղաքական գործիչ, նա բյուրեղյա անձնավորություն է, ազնիվ ու անզուգական ընկեր։ Միայն հետագայում հասկացա, որ Ռոբերտի կյանքի նպատակն էր՝ որպես մարդ և քաղաքացի, Հայաստանի Կոմկուսը ներկայացնել «մարդկային դեմքով»...Այո, ես կասեի, որ նա ոչ միայն մեր գրական խմբակի, այլև Հայաստանի Կոմկուսի խիղճն էր»,- համարում է գրական խմբակի անդամ, բժիշկ Լևոն Արևշատյանը: Նույն առիթով նրա ընկերը` արձակագիր Վահագն Գրիգորյանը, ասել է. «Իմ խորին համոզմամբ, ոչ թե Ռոբերտն ընտրեց գործունեության ասպարեզ, այլ ասպարեզը, մի անգամ գտնելով նրան, այլևս բաց չթողեց։ Նրա սկզբունքայնությունը, ազնվությունը, լայնախոհությունը, շաբլոնից դուրս մտածելու և գործելու ունակությունն այնքան անհրաժեշտ էին մեր հանրապետությանը։ Անպայման մեծ դեր էր խաղում նաև Ռոբերտի անձնական հմայքը, նրանից ճառագող մարդկային ջերմությունը։ Գալիս էին դեպի նա, նրա շուրջը համախմբվում։ Հոգեկան բնատուր շռայլությունը Ռոբերտի շուրջը ստեղծում էր մարդկային հարաբերությունների մի այնպիսի դաշտ, որի մեջ մտնելով դու նույնպես մաքրվում էիր»։

Այդ տարիներին գոյություն ուներ կոմերիտական, կուսակցական, պետական գործչի կարծրատիպ, որ հաճախ համապատասխանում էր իրականությանը։ Բայց նա բարոյական բարձր չափանիշների անձնավորություն էր, ում խորթ էին ժամանակին մեծ տարածում ունեցող սնապարծ-ցուցամոլ պահվածքը, «կոմսոմոլությունը», մոսկովյան վերակացուների առջև խոնարհումը։ Ուներ ազգային արժեքների, մեծությունների պաշտամունք, կարողանում էր հեղինակություններին ներգրավել երիտասարդության հետ աշխատանքներում։ «Մեր ընկերը վեր էր ուզած ստերեոտիպից։ Կենդանի մարդ էր՝ արտիստիկ խառնվածքով, ռոմանտիկ էր, լավ նկարում էր, գրում, երգում։ Եվ այս ամենի մեջ հայեցի էր մինչև ուղն ու ծուծը։ Երևի նաև սա էր պատճառը, որ նրա բարեկամներն էին մեր մշակույթի մեծերը՝ Մարտիրոս Սարյանը, Վիլյամ Սարոյանը, Առնո Բաբաջանյանը, Վարդան Աճեմյանը, Ալիսա Կիրակոսյանը և այլք։ Նա առաջինն էր, որ կարողացավ միավորել աշխարհի հայ երիտասարդությանը՝ ժամանակի և կարգերի դժվար խաչմերուկում»,- հիշում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Հրաչյա Աշուղյանը: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հիշողությունները վերաբերում են երիտասարդության շրջանում Արզումանյանի հայրենավեր գործունեությանը. «Նա ազնվության, բարոյականության, լայնախոհ գիտակության չափանիշ է ինձ համար: Հիշում եմ, Ռոբերտ Արզումանյանն արդեն կոմերիտմիության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար էր։ Ես պոլիտեխնիկական ինստիտուտի կոմերիտմիության քարտուղարի տեղակալն էի։ Ուսանող-երիտասարդության բաժնում հրահանգչի թափուր հաստիք կար։ Բաժնի վարիչը Արզումանյանին ներկայացրել էր իմ թեկնածությունը։ Նա ինձ ընդունեց շատ բարեհամբույր: Պարտադիր համարվող հարցերից հետո ուզեց իմանալ, թե ինչ հետաքրքրություններ ունեմ։ Ինձ գրականության, փիլիսոփայության հետ մեկտեղ հետաքրքրում էր նաև կերպարվեստը։ Նա ցանկանում էր ճշտել, թե կերպարվեստից որ շրջանն է ինձ դուր գալիս, իմպրեսիոնիստներից ում գիտեմ, ինչն է նրանց իրարից առանձնացնում, ինչ տարբերություն եմ տեսնում նրանց մեջ կամ ում գիտեմ ավելի ուշ շրջանից... Պատասխանեցի։ Հետևեցին նոր հարցեր, նոր պատասխաններ։ Չգիտես ինչու ինձ թվում էր` չգոհացրի Արզումանյանին։ Եկա տուն, սկսեցի նորից թերթել կերպարվեստի համաշխարհային պատմության համապատասխան հատորները՝ նվիրված Սեզանին, Վան Գոգին, Գոգենին… Անցավ մեկ շաբաթ, դարձյալ հրավիրվեցի Արզումանյանի մոտ։ Ասաց. «Գիտե՞ս, թե ինչու այդքան զրուցեցի քեզ հետ։ Նախ՝ դու առաջին կադրն ես, որին ես աշխատանքի պետք է վերցնեմ Հայաստանի կոմերիտմիության Կենտրոնական կոմիտե, այսինքն` չափազանց մեծ պատասխանատվություն է ընկնում ինձ և քեզ վրա։ Երկրորդ՝ ինձ ասացին, որ դու բազմակողմանի զարգացած ու կարդացած ես, ուզեցի համոզվել։ Մի օր էլ դու մարդիկ կընդունես աշխատանքի, պահանջկոտ կլինես, որ արժանիներին վերցնես։ Դա շատ կարևոր է»։

«Կարևոր» բառը հատուկ ընդգծեց։ Հետագայում, երբ պոլիտեխնիկական ինստիտուտի կոմերիտմիության քարտուղարն էի և շինարարական ջոկատներ էինք ուղարկում հանրապետությունից դուրս, 600 հոգանոց շինարարական ջոկատի հրամանատարությունը վստահելով ինձ` Ռոբերտ Արզումանյանը, կոմերիտմիության Կենտկոմի բյուրոյում շինջոկատի հրամանատար հաստատելիս, անսպասելիորեն ասաց. «Այնքան կխորանաս շինջոկատի հարցերի մեջ, որքան Գոգենի կենսագրության մեջ էիր խորացել»։

...Մարդիկ կան, որ անմոռանալի հետք են թողնում քո կենսագրության մեջ, ընդ որում՝ բարի հետք։ Այդ մարդկանցից էր Ռոբերտ Արզումանյանը՝ ի ծնե արվեստագետ, ամբողջ էությամբ մխրճված հայ մշակույթի մեջ, իսկապես՝ հայ մտավորական»։

«Հետագայում, երբ արդեն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր, ի~նչ սրտացավությամբ ու սկզբունքայնությամբ էր Մոսկվայում պաշտպանում մեր անցյալի ականավոր գործիչների մասին պատմող, պատմության մեջ նրանց իրական տեղն ու դերն ամրագրող ստեղծագործությունների հրատարակման անհրաժեշտությունը, երբ այստեղից տասնյակ «ահազանգեր» էին թռչում Կրեմլ՝ «ազգայնամոլական տրամադրություններ սերմանող» գրքերի տպագրությունը, ներկայացումների բեմադրությունները կանխելու, հեղինակներին պատժելու պահանջով։ Եվ այդ ամենն արվում էր առանց ինքնացուցադրման, առանց երախտագիտության ակնկալիքի՝ որպես մտավորական-ղեկավարի պարտք, ինքնադրսևորման սկզբունք»,- վերոնշյալ միտքը լրացնում է ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գուրգեն Ամբարյանը: Գրող Անահիտ Սահինյանը, խորապես տպավորված Գրողների միության հերթական ժողովում Արզումանյանի ելույթով, իր հուշերում գրել է. «Այն տարիներին դա նշանակում էր, որ Կենտկոմի գաղափարական գծով քարտուղարն անպայման ներկա պիտի գտնվի, ուշիուշով հետևի ժողովի ընթացքին, խոսողներին ուշադիր լսի և վերջում իր ամփոփիչ խոսքն ասի, «հակահարված» տա նրանց, ովքեր կամա թե ակամա «գաղափարական սայթաքումներ» ու շեղումներ են թույլ տվել «գլխավոր գծից»։ Հիշում եմ Ռոբերտ Արզումանյանի խոսքը՝ հեզ որդու խոնարհությամբ, ցածրաձայն, ինչը հատուկ էր նրան, ասաց, որ ինքը խորին պաշտամունք ունի արվեստի և արվեստագետների, հատկապես գրականության և գրողների նկատմամբ։ Ասաց, որ գրողների տանը, այդ մթնոլորտում, այդ դասընթացներում է հոգևոր սնունդ ու դաստիարակություն ստացել, սկսած աշակերտական, ապա և` ուսանողական տարիներից, ձևավորվել իբրև հայ ժողովրդի զավակ, հայ մարդ։ Ասաց, որ ինքը, թեկուզ մտովի, շատ է հեռու նստածներից որևէ մեկի նկատմամբ հարգանք չունենալուց։ «Եվ եթե, այնուամենայնիվ, այսպիսի երանգ է զգացվել իմ խոսքի մեջ, ներող եղեք, սխալ եմ հասկացվել»։ Չլսված, չտեսնված բան իշխանավորի, այն էլ այդքան բարձր իշխանավորի կողմից։ Սովորաբար, գրողների ժողովին ներկա Կենտկոմի անգամ վերջին բթամիտ հրահանգիչը խոսում էր մտրակը ձեռքին, վերևից նայելով ցած, ահռելի անջրպետ տեսնելով իր և նրանց միջև։ Այնքան էր տպավորող նրա այդ խոսքը, այնքան կաշառող, բնութագրող անձը, այնքան նրան բարձրացնող ու սիրելի դարձնող, որ խորապես քանդակվել է հիշողությանս մեջ»։

Ռոբերտ Արզումանյանի կենսագրությունում հիշարժան է ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը:

Լենինականի քաղգործկոմի նախկին նախագահ Էմիլ Կիրակոսյանի` Արզումանյանի հետ աշխատած տարիների մասին հիշողությունները բացահայտում են նրան ոչ միայն որպես հմուտ ղեկավարի. «Նա իր ամբողջ էությամբ մշակույթի մարդ էր և լավ գիտեր, որ եթե ուզում ես իսկական քաղաք կառուցել, պետք է, նախ և առաջ, մշակութային ներդրումներ կատարես։ Նա հատուկ ուշադրություն նվիրեց լենինականցիների մշակութային կյանքին` ձեռնարկելով անսովոր տեղաշարժեր։ Առաջին անգամ քաղաքի գլխավոր ճարտարապետը՝ Սաշուր Քալաշյանը և Միրիջանյանը նրա հանձնարարությամբ սկսեցին Գյումրվա ազգային ճարտարապետության կնիքը կրող, ճարտարապետական արժեք ներկայացնող հնամենի շենքերի մանրակրկիտ հաշվառումը։ Դրանք անձնագրավորվեցին, համարակալվեցին, արժեքավորները վերցվեցին նորաստեղծ «Կումայրի» ճարտարապետական արգելոցի մեջ, և պլանավորվեց դրանց վերականգնումը, այն առումով, որ հին Գյումրվա, Ալեքսանդրապոլի ավանդական ճարտարապետությունն, իր առանձնահատուկ նկարագրով, գա համալրելու Լենինականի քաղաքաշինական դեմքը»։ Գյումրեցիները դժվարությամբ են ընդունում դրսից եկածին։ Սակայն այդ նույն գյումրեցիները շատ շուտով իրենցը դարձրին Արզումանյանին, տեսան, որ նա սովորական կուսակցական ֆունկցիոներ չէ, այլ քաղաքի դիմագիծը հարստացնել կամեցող մեկը, որն արվեստ ու գրականություն գիտե, գիտե արժևորել մշակութային իրողություններն ու երևույթները։ Նա հիմնադրեց արվեստի օջախներ և թանգարաններ, Լենինականը վերածնունդ ապրեց նրա օրոք։ Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցին շենքերով էր փակված։ Առաջարկեց հանել այդ շենքերը, և հրապարակից գեղեցիկ տեսարան բացվեց` տեսանելի դարձավ եկեղեցին: Նա շատ ճիշտ էր ըմբռնել լենինականցու հոգեբանությունը և մեծ նվիրումով էր վերականգնում հին քաղաքի կոլորիտը։ «Մեկ-երկու տարում բացվեցին հռչակավոր ազգագրական թանգարանը, պատկերասրահը, արվեստասիրաց ընկերությունը, շախմատի դպրոցը, երիտասարդական պալատը, օդանավակայանը, ոտքի կանգնեց թատրոնը։ Մայրաքաղաքից սկսվեց մտավորականության աննախադեպ հոսք դեպի Լենինական։ Հիշենք թեկուզ Երվանդ Ղազանչյանին, Խորեն Աբրահամյանին, Սևակ Արզումանյանին, ուրիշների։ Լայնախոհ ու ողջամիտ հայրենասեր էր նա։ Խոսքի ասպետ չէր, այլ՝ գործի։ Նրա կերպարը բնորոշող եզակի բառը կարող է լինել արժանապատվությունը»,- փաստում է գրականագետ Թևոս Պետրոսյանը: Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ Հասմիկ Կիրակոսյանի, Լենինականի հուշարձանների պահպանության վարչության գիտավերականգնողական արվեստանոցի նախկին տնօրեն Սերգեյ Հարությունյանի և ճարտարապետ Սաշուր Քալաշյանի սրտաբուխ խոսքերը գալիս են հավաստելու այն պարզ ճշմարտությունը, որ Արզումանյանը սիրում էր Լենինականը և համարում իրենը, և որ ընդամենը հինգ տարի տևած պաշտոնավարության ժամանակամիջոցում նա արեց այն, ինչ չէր հաջողվել ոչ մեկին` նախորդ տասնամյակների ընթացքում։ Հասմիկ Կիրակոսյանը, շարունակելով միտքը, նկատում է. «Չարաբաստիկ 88-ին կործանվեց իմ քաղաքը։ Ի ցավ բոլորիս ավերակվեցին մշակութային շատ օջախներ, բայց նույնիսկ քանդված քաղաքի մշակութային ամեն մի քարի վրա մնացել են Ռոբերտ Արզումանյանի մատնահետքերը, որոնք նաև անջնջելի հուշ ու հիշատակն են նրա՝ որպես անմնացորդ նվիրյալի, որպես Լենինական քաղաքի պատմության մեջ իր անջնջելի հետքը թողած ՄԵԾ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ։ Նրա և նրա նմանների հևքն է, որ մինչև օրս Գյումրվա մշակույթը պահում է իր գույների մեջ»։ Նույն համոզմունքն է արտահայտել արվեստաբան, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, երջանկահիշատակ Հենրիկ Իգիթյանը. «Այսօր, այն բանի համար, որ լենինականյան այդ օջախները գոյություն ունեն և շարունակում են իրենց ազգանվեր գործը, մենք պետք է շնորհակալ լինենք Ռոբերտ Արզումանյանին։ Ռուսները մի ասացվածք ունեն՝ «Не наследи - оставь след». Ռոբերտ Արզումանյանը մեծ հետք է թողել, և ինձ թվում է, ժամանակի հետ` ավելի կարժևորվեն նրա թողած հետքը, նրա գործը, նրա կյանքը։ Կա մարդ, որ կյանքից հեռանում է, մոռացվում է, կա մարդ, ում, ընդհակառակը, ժամանակն ավելի է մեծացնում. Ռոբերտ Արզումանյանն այդ մարդկանցից էր»։

«Սարսափելի երկրաշարժի օրերին ԱՕԿՍը վերածվել էր մեծ շտաբի: Հերթապահություններ օդակայանում, բեռների տեղափոխում պահեստներ, օգնության բաշխում տեղերում: Այդ առօրյա թոհուբուհի մեջ մեզ՝ աշխատակիցներիս, հետապնդում էր Ռոբերտ Արզումանյանի թախծոտ և, միևնույն ժամանակ, պահանջկոտ հայացքը. դա ցավն էր այն մարդու, ով երկար տարիներ աշխատել էր Լենինականում, կառուցել և զարգացրել էր քաղաքը, և հանկարծ այդ ամենը հայտնվել էր ավերակների տակ: Նա բազմիցս զգուշացնում էր` անգամ մի ասեղ առանց հասցեատիրոջ չպետք է մնա: Այդ մոտեցումը լիովին կիսում էր կոլեկտիվը, և, թերևս, այդ է պատճառը, որ տարիներ անց համապատասխան հանձնաժողովի ստուգման ժամանակ զարմանք էր արտահայտվել այդքան մեծ քանակությամբ ստացված մարդասիրական օգնության ճշգրիտ բաշխման և բոլոր փաստաթղթերի հստակ ձևակերպման համար»,- Ռոբերտ Արզումանյանի` ԱՕԿՍ-ի նախագահ աշխատած տարիների մասին հիշում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Սրտառուչ են Եգիպտոսում Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր միջազգային գիտական և մշակութային համագործակցության ռուսական կենտրոնի աշխատակիցների հիշողությունները, որոնց աշխատանքը Եգիպտոսում շուրջ 10 տարի ղեկավարել է Ռոբերտ Արզումանյանը: «Կարո՞ղ եմ արդյոք նրա բարեկամների սիրո խորքը, բառերի միջոցով, ամբողջությամբ ներկայացնել: Սեր՝ ահա այն հիմնականը, որը Ռոբերտին անխզելիորեն կապում էր մարդկանց, մարդկանց՝ Ռոբերտին։ Դժվար է գտնել ուրիշ մեկին, որն ունենար այդքան բարեկամներ, իսկական բարեկամներ: Ինչպե՜ս էր կարողանում սիրտն ընծայել մարդկանց, սիրել, հասկանալ նրանց, սգալ վիշտը, ուրախանալ՝ ուրախությամբ: Համատեղ աշխատանքի բազում տարիների ընթացքում ես դա տեսել եմ ամեն օր»,- Ռոբերտ Արզումանյանի մասին գրում է կենտրոնի աշխատակցուհի Տատյանա Միշուկովսկայան:- «Իհարկե, Ռոբերտը Հայաստանն էր մարմնավորում, հնամենի, չքնաղ, անկոտրում փոքրիկ մի երկիր, որն իր զավակի մեջ կարողացել է ներդնել այն ամբողջ լավագույնը, որն առկա է իր ժողովրդի մեջ՝ իմաստնություն և հպարտություն, ուժ, բարություն, աղուհացի շռայլություն, պայծառ հոգի, նուրբ հումոր և, ամենակարևորը, ԸՆԿԵՐ լինելու ունակություն, որով Աստված ոչ բոլորին է օժտում»: Իսկ թե հոգեկան ինչ տվայտանքների գնով է Արզումանյանն ապրել սիրելի հայրենիքից հեռու, թերևս, միայն իր հարազատներին է հայտնի: «Հեռավոր Եգիպտոսից նա ինձ գրում էր. «…Չկա ավելի մեծ պատիժ, քան ապրել հայրենիքից, քո ծննդավայրից հեռու, կարծես ապրում ես ինքդ առանց քեզ և ամենաահավորը՝ հայրենիքը քո պետքությունը ունի, և դու անկարող ես նրան օգնել… Շատ եմ ուզում վերադառնալ, դեռ ուժ ունեմ արարելու իմ երկրում, իմ ժողովրդի համար, սիրտս շատ է ցավում այս անմխիթար վիճակի համար, ո՞ւր հասցրեցին, ի՞նչ արեցին…, բայց ո՞ւր գնալ, ո՞ւմ մոտ գնալ, ինչպե՞ս…Չէ՞ որ մի ազգ ենք, այդ ե՞րբ թշնամացանք»,- գրում է Արզումանյանի հարազատ քույրը` Ամերիկայում բնակվող Մելանյա Արզումանյանը: Իսկ երբ հայրենիքում լինելով տեսնում է իրականությունը, մի ուրիշ ցավ է նրան մտատանջում. «…Հավատա ինձ, այդ մեկ ամիսը ավելի շատ հոգնեցի, քան ամբողջ տարին: Խոսքս հոգեկան հոգնածության մասին է: Երբ տեսնում ես այսքան թշվառություն և հուսահատություն, սկսում ես տառապել: Այդքան մուրացկաններ նույնիսկ այստեղ չկան… Փոխվել է մեր ժողովրդի դեմքը, կարծես էլ այն հպարտ մարդիկ չեն, մի տեսակ խեղճ են ու մոլոր…»: Իհարկե, սրանք իսկական հայրենասերի մտորումներն են, իրականում նա միայն իր գործունեությամբ, հայ համայնքի հետ իր կապերով, անձնական հմայքով անգամ անում էր հնարավոր ամեն ինչ հայրենիքին օգտակար լինելու համար: «Ռոբերտն այն մարդն էր, որ ավելի շատ ապրում էր այլոց, քան իր համար…Նա մեր գորշ իրականության մեջ հույս պարգևող բացառիկ լուսավոր դեմքերից էր: Նրա հետ ծանոթացել եմ 1993-ին, Ալեքսանդրիայում, որտեղ հրավիրված էի Ապրիլի 24-ի առթիվ բանախոսություն կարդալու: Ես ականատես եղա այն խոր սիրուն ու հարգանքին, որ տածում էր հայ համայնքը Ռոբերտի հանդեպ: Նրա անմիջականությունը, հարաբերությունների մեջ պարզությունն ու բնականությունը արագորեն, հաշված ժամերի ընթացքում ազատեցին ավելորդ բարդույթից»,- այսպես է տպավորվել Արզումանյանը Սահակ Թագոյանի (նախկինում` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների վարչության Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի բաժնի վարիչ) հիշողություններում: Այդպես էլ նա ապրեց իր կյանքը` առանց ձևականությունների, առանց պայմանականությունների, արժանապատվորեն, մեծ հայրենասերին, վառ անհատականությանն ու բարձր մտավորականին վայել կեցվածքով: Այդ հայրենասիրությունը, Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի խոսքերով, երբեք չէր գովազդվում, այն անաղմուկ էր, ներքնապես ապրված: Տեղին է մեջբերել Արզումանյանի հիշատակին ասված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանի խոսքերը. «Հիմա, երբ կյանքում շատ բան է փոխվել, խառնվել են թացն ու չորը, լավն ու վատը, երբ խոստումները ջրի պես հոսում են՝ անպատասխան և անվերադարձ, ես ակամա վերհիշում եմ Ռոբերտ Արզումանյանի լուռ և միաժամանակ շատ բան ասող հայացքը։ Նա «ոգու սովի» դեմ մաքառող առաքյալ էր՝ առանց կուրծք ծեծելու, առանց գովեստի ու գնահատանքի խոսքեր ակնկալելու, արեց իր գործը, թողեց վաստակը։ Նրա չարած բազում գործերի մասին ցավում են շատ շատերի հոգիները»։ «Ռոբերտ Արզումանյանը գործեց երկու ժամանակաշրջանների սահմանագլխին։ Ավարտվում էր մեկը, սկսվում մյուսը։ Կյանքի այս վայրիվերումների միջով նա արժանապատվորեն անցավ, բոլոր պարագաներում անդավաճան իր էությանը, որը, թերևս, եթե փորձենք մի բառով ասել՝ Սերն էր։ Անցավ ներշնչված ի վերուստ, անաղարտ` ոչ միշտ հեշտ և բարեհաճ կյանքի միջով։ Բացառիկ էր Ռոբերտ Արզումանյանն ամեն ինչով, իսկ նախ և առաջ՝ իր հոգեկան կերտվածքով։ Տաղանդավոր ու շռայլ, ուժեղ ու զգայուն, ամուր ու փխրուն, արտաքուստ հաճախ խիստ, իսկ ներսից՝ միշտ տաք, ցավն իր մեջ պահող, մեզ` ինքնայրումի կրակը բաշխող, նա շռայլորեն սերը բաժանում էր, իսկ ցավը պահում իր մեջ»,- մարդկային այսպիսի բարձր նկարագրով է նրան հիշում արձակագիր Վահագն Գրիգորյանը, և այդպիսին էլ Արզումանյանը մնացել է իրեն ճանաչողների հիշողությունում։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am