Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Ապրիլ 2011, N 4

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ (1871-1942)

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՑԵՂԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ1

Նիկողայոս Ադոնց

Ա

Ասորեստանի պետության ժամանակաշրջանում Հայաստանում ծաղկում էր մի մեծ պետություն, որը կոչվում էր Ուրարտու կամ Արարատ, բառ, որը նույն անվան բիբլիական ձևն է: Ասորեստանի պատմությունը բոլորին ծանոթ է՝ ամեն մի աշակերտ նրա մասին որոշ տեղեկություն ունի: Բայց քչերը կան, նույնիսկ ուսյալ մարդկանց մեջ, որ Ուրարտուի անունը լսած լինեն: Սակայն Ասորեստանի պատմությունը սերտ կապով կապված է Ուրարտուի պատմության հետ, որպես շատ վտանգավոր հակառակորդի, որը չի դադարել երեք դար շարունակ, ընդհուպ մինչև Ասորեստանի վախճանը, մրցել նրա հետ և խանգարել նրա հավակնություններին Միջագետքից դուրս գտնվող երկրների նկատմամբ:

Երբ Թիգլաթպալասար II-ը մ.թ.ա. XII դարի վերջում բարձրացավ հայկական Տավրոսը և Հայաստան մտավ դեպի Տիգրիսի ակունքները ձգվող կիրճերով, նա հանդիպեց մի քանի թագավորների դիմադրությանը: Այդ ժամանակ երկիրը Նաիրի էր կոչվում և ծածկված էր փոքր թագավորությունների ցանցով: Երեք դար հետո, 857 թվականին, Սալմանասար III-ը նույն ճանապարհով թափանցեց Հայաստան և ընթացավ մինչև երկրի մայրաքաղաք Արզաշկուն, որը գտնվում էր այժմյան Մելազգերդ քաղաքի տեղում: Նա կռվի բռնվեց Արամե թագավորի հետ: Ասուրական առաջին ներխուժումից հետո երկիրը փոխել էր իր տեսքը՝ այժմ նա կոչվում էր Ուրարտու և նոր էր անցել քաղաքական հեղաշրջման բովից և մեկ քաղաքական կազմակերպության մեջ էր միավորել բազմաթիվ փոքր պետություններ: Սալմանասարը գրավեց թագավորության մայրաքաղաքը և կործանեց: Անշուշտ, այդ պարտության հետևանքով էր, որ Արամեի հաջորդ Սարդուրի թագավորը տեղափոխեց իր աթոռանիստը Տուշպա քաղաք, այժմյան Վանը, որն Ասորեստանի հարձակումներից ավելի լավ էր պատսպարված:

Հայկական Տավրոսն այս կողմից համարյա անանցանելի է. միակ մուտքը կարող է լինել Զաբ գետի հովտի միջով: Ուրարտական թագավորը ծածկեց այդ մատույցը հզոր ամրոցներով, որ նա կառուցեց Զաբի վերին հոսանքի վրա, այնտեղ, որտեղ գետը ճեղքում էր Տավրոս լեռը: Բացի այդ, Ուրարտուն ձեռք բերեց Զաբի և Զագրոս լեռնաշղթայի միջև լեռնային տերիտորիան մինչև Ռովանդուզի շրջանը: Այդ տերիտորիան երկու թագավորություն էր կազմում՝ Խուբուշկիան և Մուսասիր, որոնք Որարտուի վասալներն էին:

Մանա թագավորությունը տարածվում էր Զագրոսից արևելք և Ուրմիա լճի հարավում: Որպեսզի ասորեստանցիներին արգելի այդ կողմից Ուրարտու մտնել, Ուրարտուի թագավոր Մենուան գրավեց այդ երկրի հյուսիսային մասը, իսկ նրա հաջորդները մինչև վերջ ձգտում էին պահպանել այդ թագավորությունը իրենց քաղաքական ազդեցության ներքո և չթողնել Ասորեստանին մոտենալ նրան:

Ասորեստանից արևմուտք, Եփրատի հովտում, մի շարք փոքր պետություններ հերթով դասավորված էին Մելիտենեից մինչև Հալեպ՝ Միլիդ, Կումմախի (Կոմմագենե), Գուրգում (Մարաշ), Կարկեմիշ (Ջերապլուս), Սոլումալ (Զինջիրլու), Խաթինա և ուրիշներ: Այդ պետությունները, գտնվելով Ասորեստանի սպառնալիքի տակ, նեցուկ էին որոնում Ուրարտուում, իսկ վերջինը չէր զլանում օգտագործել նրանց համակրանքը, և ահա բազմիցս այս պետությունները դաշնակցում են Ուրարտուի հետ՝ ընդհանուր թշնամու դեմ:

Եփրատից մինչև Մուսասիր ձգված լեռնային գոտին Ասորեստանի և Ուրարտուի սահմանն էր գծում: Այդ գոտում ապրող բազմաթիվ ցեղերը թշնամաբար էին տրամադրված Ասորեստանի նկատմամբ և նույնպես հակված էին դեպի Ուրարտուն:

Այսպիսով, Ասորեստանի պետությունը շրջապատված էր հյուսիսից և իր երկու թևերից, որը խոչընդոտ էր հանդիսանում նրա ծավալմանը: Ուստի և կատաղի պայքար սկսվեց Ասորեստանի և Ուրարտուի միջև, մի պայքար, որն ընդգրկեց երկու երկրների ռազմական կյանքի մեծագույն մասը:

Միմիայն քաղաքական մրցակցության մասին չէ խոսքը. պայքարը միևնույն ժամանակ ցեղային բնույթ էր կրում: Ուրարտացիները և դաշնակից ու հովանավորյալ ժողովուրդները՝ Խուբուշկիայի, Մուսասիրի, Մանայի ժողովուրդները, ինչպես նաև եփրատյան պետությունների բնակչությունը սեմական ցեղի չէին պատկանում: Ասորեստանցիները նրանց կոչում էին Նաիրի տոհմական անվամբ: Այդ իրողությունը հայտնի է վաղուց ի վեր, բայց միայն վերջերս գիտությունը լույս սփռեց նաիրյան ժողովուրդների ծագման վրա:

Նախքան սեմական ցեղերի երևան գալը, որոնք Բաբելոն էին եկել իրենց օրրան Արաբիայից, Միջագետքը, Հայաստանը և Փոքր Ասիան զբաղեցված էին մի ասիական ցեղով, որից շումերները՝ Բաբելոնում, խուրրիները՝ Վերին Միջագետքում և Հայաստանում, խեթերը՝ Փոքր Ասիայում կազմում էին երեք գլխավոր օղակները:

Երկրորդ հազարամյակի սկզբում հնդեվրոպական ալիքները մոլեգնում են այս երկրների վրա երեք հաջորդական շարքերով. մեկը տիրանում է խեթերի երկրին և այնտեղ հիմնում Մեծ Խաթթին, մյուսը հարձակվում է խուրրիների երկրի վրա, Հայաստանի միջով ցած է իջնում և Միջագետքում կազմակերպում է Միտաննի պետությունը, կասսիտների երրորդ ալիքը առաջ է խաղում մինչև Բաբելոն: Այսպես, հնդեվրոպացիները բորբոքում են այդ ժողովուրդների լճացած կյանքը:
Միտաննիի հիմնադրման ժամանակ Ասորեստանը, որը մի ժամանակ գաղութացվել էր ակկադացիների կամ Բաբելոնի սեմական ցեղերի կողմից, ստիպված է լինում Միտաննիի մաս կազմել՝ որպես նրա նահանգներից մեկը: Սակայն կամաց-կամաց նրանց հաջողվում է ազատվել Միտաննիի տիրապետությունից և նույնիսկ իր հին տիրոջ վրա իշխանություն ձեռք բերել: Միտաննին Ասորեստանի հարվածների տակ անհետանում է XII դարում, և նրա հետ խուրրիական ցեղը կորցնում է իր դիրքը Վերին Միջագետքում:

Այդ ժամանակ խուրրիական երկիր Ուրարտուն ստանձնում է Միտաննիի գործի պաշտպանությունը, որպեսզի շարունակի ցեղային պայքարը Ասորեստանի դեմ: Նա մարմնացնում է խուրրիական ցեղի վերջին ճիգերը՝ պաշտպանվելու սեմականության դեմ: Այդ նկատառումով շատ հատկանշական է, որ Միտաննիի կործանումից հետո Ասորեստանը XII դարի սկզբում իր զենքը դարձնում է Նաիրիի, այսինքն՝ Ուրարտուի դեմ:

Կարիք չկա երկար կանգ առնել երկու պետությունների պայքարի իրադարձությունների վրա: Միայն նկատենք, որ ասուրագետ գիտնականները սովորություն ունեն չափազանցնելու Ասորեստանի հաջողությունները, վստահելով նրա գոռոզամիտ վեհապետների պոռոտախոսությանը, որոնք սիրում են իրենց տեղեկագրերում ուռճացնել այն սխրանքները, որոնք հաճախ սոսկ ցուցադրական բնույթ են կրում: Նույնիսկ շատերը կարծում են, թե կարող են հաստատել, որ Սարգոնը 713 թվականին, Ռուսա թագավորի դեմ ձեռնարկած արշավանքի ընթացքում, վերջնականապես ճզմել է Ուրարտուի ուժը: Սակայն սահմանամերձ կայաններից ասորեստանցի գործակալների ուղարկած գաղտնի տեղեկագրերը Ասորեստանի թագավորին՝ բացահայտ ցույց են տալիս, որ Ռուսայի հաջորդ Արգիշտին տակավին իրեն զգում էր դրության տեր և իր ձեռքն էր պահում Ասորեստանի դեմ գործողությունների նախաձեռնությունը: Հարպերի ժողովածուում հրատարակված նամակները ոչ մի կասկած չեն թողնում այն մասին, որ Ասորեստանը վախենում էր Ուրարտուի հարձակումից:

Իրականում, Ուրարտու թագավորությունը երեք հարյուր տարվա ընթացքում վարած պայքարը հասցրել է մինչև վախճանը՝ մինչև Ասորեստանի վերջնական կործանումը, և նույնիսկ վկա է եղել նրա հոգեվարքին՝ իրանական հերոս Կիաքսարի հարվածների տակ, 612 թվականին:

Ուրարտուն կատարել է այնպիսի առաքելություն, որը պետք է գնահատել ըստ արժանվույն. նա փակել է սեմականության ծավալման ճանապարհը դեպի Հայաստանի լեռնաշխարհը և Փոքր Ասիա: Ինչպիսին էլ որ լինեն ասորեստանյան քաղաքակրթության արժանիքները, չպետք է թաքցնել, որ Ասորեստանը զուրկ էր մարդու ունեցած արժեքի գիտակցությունից, որ այնքան էական է քաղաքակրթության համար: Աշշուրի տիրակալների անգթությունը առասպելական էր:

Նրանք նույնիսկ իրենց հաշիվ չէին տալիս այն հրեշավոր հայտարարությունների մասին, որ անում էին առանց նեղվելու և հպարտությամբ, ասելով, թե «կատաղած շան կամ վայրի ցուլի նման» իրենք նետվում են թշնամի երկրների վրա: Հիվանդագին կրքոտությամբ նրանք նկարագրում են ինչ սարսափելի գործեր են կատարել հարձակման ենթարկված երկրներում՝ ավերել, հրկիզել քաղաքներն ու դաշտերը, կոտորել բնակչությանը, կենդանի այրել երիտասարդ տղաներին ու աղջիկներին, կտրել ձեռքերը, մատները, ականջները, մորթել ու կաշիները փռել պարիսպների վրա, կտրտված գլուխներով բուրգեր բարձրացրել և նրանց շուրջ շարել ցցահանված դժբախտներին, գյուղերում դադարեցրել աշխատավորների ուրախ ձայնը և թողել, որ այնտեղ հաստատվեն վայրի էշերն ու վայրի գազանները և այլն… Կատարելապես հասկանալի է բիբլիական մարգարեի արձակած թեթևացման ճիչը Ասորեստանի անկման առթիվ. «Նինվե՛ն, արյան, նենգության ու բռնության քաղաքը, կործանվել է: Ո՛վ կափսոսա նրան: Բոլոր իմացողները երկու ձեռքով ծափ կտան, որովհետև ո՞վ չի տանջվել նրա չարությունից»: Ուսանելի է, որ մեկ ուրիշ մարգարե կոչ է անում «Արարատի թագավորին», այսինքն՝ Ուրարտուին, Ասորեստանի վրա հարձակվելու:

Ռուս ասուրագետ Նիկոլսկին, որն Ուրարտուի անցյալի առաջին հետազոտողներից մեկն է, շատ լավ նկատել ու ընդգծել է ասուրական վայրենի ոգու և Ուրարտուի շատ մեղմ ու մարդկային ոգու միջև եղած հակադրությունը: Սանձահարել Ասորեստանի մոլեգնությունը և արգելել նրան ներխուժելու նաիրյան երկրները, ահա մի էապես ազնիվ առաքելություն, որը բաժին էր ընկել Ուրարտուին: Նա շատ արժեքավոր ծառայություն մատուցեց՝ իր ավանդը ներմուծելով մարդասիրական գաղափարների մեջ:

 

Բ

Ասորեստանի անկումից քիչ հետո Ուրարտուն նույնպես իր հերթին անհետացավ: Հին աշխարհը փուլ եկավ: Ասորեստանի ժառանգության տեր դարձան իրանցիները, իսկ հայերը ժառանգեցին Ուրարտուն: Երկրի նոր տերեր հայերն իրենց ծագումով առնչություն չունեին ուրարտացիների հետ, բայց հետագայի նրանց պատմական ճակատագիրը որոշ առումներով հար և նման էր ուրարտացիների ճակատագրին:

Հայերը, ինչպես ուրիշ շատ ժողովուրդներ, թափառել են դարերի խավարում՝ նախքան պատմության աղջամուղջը հասնելը: Նրանք մի ցեղախումբը կամ հատվածն էին փռյուգիացիների, որոնք սկզբում ապրում էին Թրակիայում, որտեղից մոտ XII դարում մ.թ.ա. անցան Բոսֆորը և գրոհեցին խեթական պետության վրա: Նրանք տիրացան խեթական ժառանգությանը, ապա նրանց մի մասը՝ հայերը, մղվեցին դեպի Եփրատ: Նրանք գրավեցին Հալիս գետի ակունքների շրջանը, որն այն ժամանակից ի վեր կոչվելու էր Փոքր Հայք: Ապա, հետագայում, նրանք թափանցեցին Ուրարտու և այդ թագավորության ժառանգությունը իրենց ձեռքը վերցրին Ասորեստանի կործանման ժամանակաշրջանում:

Թիգլաթպալասար II-ը, որ գրավել էր Հայկական լեռնաշխարհը, նկատում է մուշկերի, այսինքն՝ փռյուգիացիների երևալը Ասորեստանի սահմանների վրա մոտավորապես 1170 թվականին: Հետևաբար, խեթական պետության կործանումից հետո, մոտավորապես 1200 թվականին, նրանք առաջ էին խաղացել մինչև Ասորեստան; Ուրարտուի թագավոր Մենուան նշում է մի ժողովրդի անուն, որը կոչվում էր Ուրմենիուխինի, տեղավորված Տարոնի շրջանում: Լեհման-Հաուպտը կարծում է, որ դրանք հայերն են: Եթե դա ճիշտ է, հայերի թափանցումը Ուրարտու կատարվել է արդեն VIII դարում մ.թ.ա.: Որ հայերն իսկապես եկել են Արևմուտքից, դրա լավագույն ապացույցն է նրանց լեզուն, որը պատկանում է հնդեվրոպական մեծ լեզվաընտանիքին և հատկապես նրա արևմտյան կամ եվրոպական ճյուղին: Համեմատական լեզվաբանությունը երիտասարդ գիտություն է, որը ծագել է մոտավորապես XIX դարի կեսերին և այդ դարի պանծալի գործերից մեկն է կազմում: Շնորհիվ այդ գիտության ամենայն ճշտությամբ հաստատվել է միևնույն ընտանիքին պատկանող մի շարք լեզուների ազգակցությունը: Դրանք են՝ կելտական, գերմանական, իտալական, բալթա-սլավոնական լեզուները, հունարենը, հայերենը, ալբաներենը, հնդիրանական լեզուները և, ինչպես վերջերս են հայտնաբերել, խեթերենն ու թոխարերենը: Գերմանացիներն այս լեզուները կոչում են հնդգերմանական, ֆրանսիացիները և ուրիշ ազգեր՝ հնդեվրոպական: Ավելի ճիշտ կլիներ դրանք արիա-եվրոպական անվանել՝ ըստ մի քանի ռուս գիտնականների:

1833 թվականին, Բոպպի՝ դարաշրջան կազմող գործի երևան գալուց հետո, սկսվեց հայերենի ուսումնասիրությունը: Առաջին և գլխավոր աշխատությունները պատկանում են գերմանացի գիտնականների գրչին. Պետերման՝ 1837 թվականին, Վինդիշման՝ 1836 թվականին (հրատարակված 1850 թվականին), Դիֆենբախ՝ 1843 թվականին, Գոշե՝ 1847 թվականին, Բյոտտիխեր (դը Լագարդ)՝ 1850 թվականին: Այս բոլոր ներհուն գիտնականները հանգել են միևնույն եզրակացության, ըստ որի՝ հայերենը մաս է կազմում հնդեվրոպական լեզուների արևելյան ճյուղին և իրաներենի հետ նմանություն ունի:

Այս տեսակետը հայերենի բնույթի մասին ընդունվեց Բոպպի կողմից և 1857 թվականին մտցվեց նրա մեծ աշխատության երկրորդ հրատարակության մեջ: Իրանական ճյուղին պատկանելու դրույթը տիրող մնաց մինչև 1877 թվականը, երբ Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսոր Հյուբշմանը հրապարակեց իր նշանավոր հոդվածը՝ «Über die Stellung des Armenischen im Kreise der Sprachen»: Ըստ Հյուբշմանի՝ նրա նախորդները լուրջ սխալ էին կատարել հիմնվելով այն բառապաշարի վրա, որ հայերենը իրաներենից փոխ էր առել Արշակունյաց դինաստիայի ժամանակաշրջանում: Հայերենի իսկական բնույթի մասին դատելու համար պետք է քննել սեփական բառերը: Հայերենի սեփական բառերն ուսումնասիրելով՝ Հյուբշմանը հաստատեց, որ հայերենը բոլորովին իրանական լեզու չէ, այլ ներկայացնում է հնդեվրոպական արմատի անկախ մի ճյուղը և տեղավորվում է հունարենի և բալթա-սլավոնական լեզուների միջև:

Արդարև, զարմանալի է, որ Հյուբշմանի երկրում դեռևս կան մարդիկ, որ այսօր էլ հայերի ծագման հարց են բարձրացնում: Եվ այդ արվում է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ ամենուրեք խոսվում է աշխարհը նոր կարգերով վերանորոգելու և ճնշված ազգերի նկատմամբ կատարված անարդարությունները փոխհատուցելու մասին: Այսպիսի տարիներին ոչ թե ծագման հարցը պետք է բարձրացվի, այդ հարցը վաղուց է լուծվել, այլ հայերի ճակատագրի հարցը, այն հրեշավոր անարդարությունների հարցը, որի անմեղ զոհերն են նրանք և որոնք հատուցման ժամին են սպասում:

Հայերի արևմտյան ծագումը ճակատագրական եղավ նրանց համար: Նրանց բաժին ընկած դժբախտությունները, գուցե, մասամբ այդ իրողությունների հետևանք են: Եվրոպական ցեղի մի փոքր հատված, Բալկանների և Փոքր Ասիայի միջով մղված մինչև Առաջավոր Ասիայի կենտրոնը՝ մի օտար աշխարհում, սկզբից ևեթ դատապարտված էր մեկուսացման, որի պայմաններում պետք է պայքար մղեր իրեն շրջապատող երկու հզոր պետությունների դեմ՝ իր ինքնուրույնությունը պաշտպանելու համար: Նկատի առնենք, որ տարօրինակ կերպով նրանց կացությունը նման էր հին ուրարտացիների կացությանը: Թվում է, թե գոյություն ունի ցեղային ինչ-որ մտայնություն: Լինի դա մտայնության ազդեցությամբ, թե այլ պատճառներով՝ հայերն իրենց հայացքները դարձրին դեպի Արևմուտք վառ հույսերով, չնայած այն դառն հուսախաբություններին, որ նրանք ունեցան դարերի ընթացքում; Հռոմը, Բյուզանդիոնը, խաչակիրները, պապականությունը, Եվրոպայի մեծ տերությունները, յուրաքանչյուրն իր հերթին, իրենց օգտին շահագործեցին հայերի պատրանքները, առանց երբեք մտահոգվելու, որ իրենց հետապնդած չարաղետ քաղաքականությունը առավել ևս բարդացնելու էր հայերի դրությունը:

Ցավալի իրողություն է, որ Հռոմը, հանրապետության թե կայսրության շրջանում, ավելի թշնամական էր հայերի նկատմամբ, քան իրանական պետությունները: Բյուզանդիոնի նենգավոր պաշտպանությունն ավելի աղետալի եղավ, քան արաբների լուծը: Իրանական տիրապետության ներքո Հայաստանը պահպանեց իր ազգային կերպարանքը՝ օգտվելով լայն ինքնավարությունից, չխոսելով արդեն այն ժամանակաշրջանների մասին, երբ նա գտնվում էր իր սեփական թագավորների իշխանության տակ: Երբ Հռոմը և Սասանյան Պարսկաստանը բաժանեցին Հայաստանը, պարսկական մասումն էր, որ հայկական մշակույթը ծաղկեց և հարուստ գրականություն ստեղծվեց. մինչդեռ հռոմեական կամ բյուզանդական մասում Հայաստանի արևմտյան հատվածը համարյա ապազգայնացվեց:

Հայերը հաջորդական ապստամբություններով դիմադրեցին արաբական ճնշմանը, որը դրդեց խոհեմ խալիֆաներին՝ վերջ տալ արյան անօգուտ զեղմանը և ըմբոստներին թագավորական խույրեր ուղարկել: Մի շարք քաղաքական օջախներ աշխուժացրին ազգային կյանքը: Ծանր է խոստովանել, որ քրիստոնյա Բյուզանդիոնն էր, որ հանգցրեց այդ օջախները, բռնի ուժով հայոց թագավորներին իրենց զորքերի հետ միասին գաղթեցնելով իր պետության տերիտորիան՝ Եփրատի երկայնքով մեկ՝ արաբների դեմ պատնեշ կանգնեցնելու համար: Նա մատնեց Հայաստանը սելջուկյան հորդաների ձեռքը: Տարագրված հայ ժողովուրդը, բյուզանդական մեքենայություններից հոգնած, հավաքեց իր ուժերը և Կիլիկիայի բարձունքներում ստեղծեց անկախության մի նոր օջախ: Այս անգամ խաչակիրները եկան Արևելքի քրիստոնեությունը փրկելու համար: Սակայն հայկական Կիլիկիան ոչ մի օգուտ չքաղեց նրանցից: Ընդհակառակն, հայերի համագործակցությունը խաչակիրների հետ վտանգի ենթարկեց այդ «նոր Հայաստանի» իշխանների, ապա թագավորների քիչ թե շատ կանոնավորված հարաբերությունները մուսուլմանական աշխարհի հետ և նախապատրաստեց Կիլիկիայի թագավորության վախճանը:

Սելջուկներին հաջորդեցին Չինգիզ խանի մոնղոլների հորձանքները, Թամեռլանի թաթարները, թուրքմենների հրոսակախմբերը, որոնք հեղեղեցին Մեծ Հայքը, մինչև որ XVI դարի սկզբներին Հայաստանը բաժանվեց Պարսկաստանի և Թուրքիայի միջև:

Երկիրն աներևակայելի անիշխանության ճարակ էր դարձել: Այլևս Եվրոպայի օգնության մասին չէին մտածում: Սակայն, ահա գալիս են եվրոպական միսիոներները՝ դոմինիկյանները, ֆրանցիսկյանները, քարոզիչ եղբայրները, գալիս են քարոզելու մի երկրում, որի յուրաքանչյուր քարը նահատակների արյունով է ներկված: Միևնույն ժամանակ նրանք հույս են ներշնչում, որ Արևելքի քրիստոնյաների համար ազատության լույսը նորից կարող է փայլել պապականության և քրիստոնյա պետությունների օգնությամբ: Այսպիսով, միսիոներները ներկայանում են որպես «հայկական հարցի» առաքյալներ: Ժողովուրդը, «որ գտնվում էր խավարում, մահվան ստվերում, կարծեց, թե լույս է ծագում»: Եվ դրանում նրան ոչ ոք չի կարող մեղադրել:

Դժբախտաբար, խոստացված լույսը նույնքան ցնորական եղավ, որքան անցյալում կատարված նման խոստումները: Այն ավելի արդյունավետ չեղավ նաև այն ժամանակ, երբ դրվեց միջազգային դիվանագիտության սեղանի վրա և այնտեղ փայլեց կես դարից ավելի… Պե՞տք է արդյոք հիշեցնել, որ վեց մեծ պետությունները 1878 թվականին հանձնառություն ստորագրեցին ազատելու Հայաստանը և դրժեցին իրենց կոլեկտիվ ստորագրությունը: Երբ պայթեց վերջին մեծ պատերազմը, դաշնակիցները հռչակեցին Հայաստանի, Միջագետքի և Սիրիայի անկախությունը, իսկ պատերազմից հետո նրանք դրժեցին իրենց հանդիսավոր հայտարարությունը Հայաստանի նկատմամբ: Այդ ժամանակից ի վեր նրանք անտարբերությամբ են նայում թրքական Հայաստանին, որը դարձել է մի ընդարձակ անապատ, և ճակատագրին այն հայերի, որոնք իրենց երկրից վտարված՝ սփռված են ամբողջ աշխարհով մեկ:

Հայկական հարցի կապակցությամբ թերացումը Եվրոպայի խղճին ծանրացած մի արատ է: Եվ քսան տարուց ի վեր հայկական վերքերի նկատմամբ նրա պահած մռայլ լռությամբ չէ, որ կարելի է ջնջել այդ արատը, այն էլ մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ հռչակում են աշխարհի վերականգնումը արդարության հիմքերի վրա:

 

1Հոդվածը գրվել է 1930-ական թթ. ֆրանսերեն, տպում ենք 1972թ. լույս տեսած՝ «Նիկողայոս Ադոնց, Հայաստանի պատմություն» հատորից, էջ 362-370

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am