Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Ապրիլ 2011, N 4

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԱՊՐԻԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ԱՆԿԱՆՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ. ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԱՍԻԱՅԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ Է

(նյութի մշտական հասցեն՝ http://www.regnum.ru/news/1395893.html)

18.04.2011

Վերջին չորս ամիսների իրադարձությունները, որոնք ցնցեցին Մեծ Մերձավոր Արևելքի երկրները, ազդարարեցին աշխարհի վերափոխման, նոր աշխարհակարգի հաստատման սկզբի մասին, որին ենթադրվում է հասնել գլոբալ անկանոնություն նախաձեռնելու միջոցով: Եգիպտոսում, Թունիսում, Ալժիրում, Բահրեյնում, Սիրիայում, Լիբիայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները մեզ համոզում են այն բանում, որ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում սերմանվում և գործնականում իրագործվում է «Կառավարելի քաոսի» տեսությունը: Ասվածի վկայությունը ներքաղաքական իրադրության ապակայունացման սցենարների նմանությունն է այս երկրներից յուրաքանչյուրում: Դրանցից ամեն մեկում միավորված ընդդիմադիր ուժերի գրոհների թիրախը այս պետությունների առաջնորդներն էին, իսկ բնակչության լայն շերտերի հուզումների նախաձեռնողը դարձավ երիտասարդությունը: Ընդ որում՝ առավել ակտիվություն դրսևորեց երիտասարդության այն հատվածը, որը, որպես կանոն, կամ ուսանել, կամ ինքնատիպ փորձառություն էր անցել Արևմուտքի երկրների «դեմոկրատիայի» համալսարաններում: Կարելի էր մեկ այլ միտում էլ նկատել. բողոքի ելույթներն սկսվելուց հետո ընդդիմությանը հարեցին գործող իշխանությունների ներկայացուցիչները՝ հանձինս պետապարատի և ուժային կառույցների աշխատակիցների: Հատկանշական է նաև, որ բողոքի զանգվածային շարժումներն իրենց դրոշների տակ էին միավորում սոցիալական դրությունից, կոռուպցիայից, իշխանությունների կամայականությունից և բացասական այլ երևույթներից օբյեկտիվորեն դժգոհ բնակչության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներին, երևույթներ, որոնք տասնամյակներ կուտակվել և բնորոշ էին Մեծ Մերձավոր Արևելքի իշխող վարչակարգերին: Բողոքի ելույթների ևս մեկ բնութագրական առանձնահատկություն պետք է համարել վառ արտահայտված, բոլորի կողմից ընդունված խարիզմատիկ առաջնորդների բացակայության փաստը, ինչն արդյունքում բացասական հետևանքներ ունեցավ: Խոսքն ամենևին էլ բռնապետական նոր վարչակարգերի հաստատման մասին չէ, այլ այն մասին, որ ժողովրդի կողմից ընդունված առաջնորդների բացակայության պայմաններում հնարավոր չի թվում համախմբել այն երկրների ժողովուրդներին, որոնք կարողացել են հասնել նախկին կառավարողների պաշտոնանկությանը: Պարզ է, որ այս պետություններում կուտակված հիմնախնդիրները (սոցիալական արդարության ապահովում, օրենքի առջև հավասարության ավանդույթների հաստատում, գործազրկության և աղքատության մակարդակի նվազեցման պահանջմունք) կարճ ժամկետում անհնար է լուծել: Միավորիչ գաղափարների, դրանց շուրջ ազգը համախմբելուն ունակ առաջնորդների բացակայության պայմաններում իշխանափոխությունն իրականացնող ընդվզող շերտերի տարաբնութության պայմաններում արտաքին ուժերի համար պարարտ հող է ստեղծվում այդ երկրները կրկին «կառավարելի քաոսի» վիճակի մեջ գցելու համար: Եվ վերջապես, այդ բոլոր երկրներում տեղի ունեցող գործընթացների ևս մեկ բնութագրական առանձնահատկությունն էլ այն հանգամանքն է, որ ապակայունացման համար որպես կարևորագույն գործիք են հանդես եկել ինտերնետը և սոցիալական ցանցերը, որոնք, ըստ էության, դարձան ահավոր զենք` ընդվզման շարժումների կազմակերպման ու համակարգման ինքնատիպ շտաբ:

Մեծ Մերձավոր Արևելքի առանձին երկրների իշխող վարչակարգերի տապալման պայքարի հիմքում դրված հիմնարար սկզբունքների այսօրինակ նույնականությունը միանգամայն բացատրելի է, քանի որ դրանք ընդհանուր հիմք ունեն: Այդ սկզբունքներն են պարունակում Ալբերտ Էյնշտեյնի անվան ինստիտուտի (ԱՄՆ) հիմնադրի և այսօր էլ գործող ամերիկյան գիտնական, փիլիսոփայության դոկտոր Ջին Շարփի (Gene Sharp) աշխատությունները: Իր «Դիկտատուրայից դեպի դեմոկրատիա» (“From Dictatorship to Democracy”) և «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ» (“198 Methods of Nonviolent Action”) գրքերում նա մանրամասն նկարագրում է, թե ինչ և ինչպես պետք է անել իշխող ոչ դեմոկրատական վարչակարգերը տապալելու համար: Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտը և դոկտոր Շարփը քսանամյա «համագործակցության» պատմություն ունեն հետխորհրդային պետությունների հետ: Դեռ 1992թ. Լիտվայում հրատարակվեց դոկտորի «Քաղաքացիական պաշտպանության հիմունքները» գիրքը: Ջին Շարփի մշակումները կիրառվում էին որպես ողջ աշխարհում «գունավոր» և «թավշյա» հեղափոխությունների կազմակերպման գործնական ձեռնարկներ: Նման որոշ հեղափոխությունների ակտիվիստներն անմիջական ուսուցում էին անցնում Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտում, այդ թվում` սերբական «Օտպոր» շարժումը, վրացական «Կմարա»-ն, ուկրաինական «Պորա»-ն, ղրղզական «Կել Կել»-ը, բելոռուսական «Զուբր»-ը: Շարփի «Քաղաքացիական պաշտպանության հիմունքները» աշխատությունն օգտագործվել է լիտվացի, լատվիացի և էստոնացի քաղաքական գործիչների կողմից 1991թ. Խորհրդային Միությունից առանձնանալու գործողությունների ժամանակ:

Վերոշարադրյալի համատեքստում կարող է հարց ծագել. իսկ ինչո՞ւ Ջին Շարփին վերագրել Մեծ Մերձավոր Արևելքի երկրներում ընդվզման շարժումների գաղափարախոսական հեղինակ լինելը, շարժումներ, որոնք վերաճել, փոխակերպվել են մեծ արյունահեղության հանգեցրած ուղղակի ռազմական դիմակայության: Չէ՞ որ այս գիտնականն իրեն համարում է դիկտատուրայից դեմոկրատիայի անցման ոչ բռնի մեթոդների կողմնակից: Ավա՜ղ, դա ընդամենը խոսքով է: Այսպես, Շարփի առաջարկած «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ»-ներում, «Քաղաքական համագործակցությունից հրաժարվելու մեթոդներ» բաժնի 148-րդ կետը բաղկացած է մեն մի բառից՝ «խռովություն»: Այստեղ արդեն հարկ չկա խոսել այն մասին, որ ամերիկյան գիտնականի առաջարկած բռնապետական վարչակարգերի ոչ բռնի տապալման մեթոդների էությունը քաղաքական և տնտեսական սաբոտաժի կիրառումն է: Կարծում ենք, Շարփը, որն ավելի քան 30 տարի Հարվարդի համալսարանում հետազոտական աշխատանք է կատարել միջազգային հարաբերությունների ոլորտում, հիանալի հասկանում է, որ իր առաջարկած քաղաքական ու տնտեսական սաբոտաժը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կհանգեցնի այն բանին, որ ժողովուրդները կդադարեն ենթարկվել իշխանություններին: Այս պայմաններում իշխող վարչակարգերն անխուսափելիորեն կհայտնվեն երկընտրանքի առջև. կամ բռնի ճնշել ժողովրդական հուզումները, կամ ինքնակամ հրաժարվել իշխանությունից: Ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, խռովություններով համակված պետությունների իշխող վարչակարգերը, բոլորն առանց բացառության, ընտրել են առաջին ուղին, այն է՝ ժողովրդական հուզումների բռնի ճնշում, որը վերածվել է մեծ արյունահեղության:

Ո՞րն է, ուրեմն, Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում չդադարող ապակայունացման պատճառը, ի՞նչ խնդիրներ կարող է այն առաջ բերել և ի՞նչ խնդիրներ լուծել: Այդ իրավիճակն ինչպե՞ս կանդրադառնա Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների երկրների վրա: Ո՞վ է շահագրգռված և ո՞ւմ է ձեռնտու ապակայունացումը Մեծ Մերձավոր Արևելքում: Այս հարցերի պատասխանները կօգնեն համարժեք քաղաքականություն մշակել՝ թույլ չտալու համար նման իրավիճակ այնպիսի լարված տարածաշրջանում, ինչպիսին է Հարավային Կովկասը: Մինչ այս հարցերին պատասխանելը` վերհիշենք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի (2008 - 2010թթ.) որոշ դասեր:

Ճգնաժամի գլխավոր դասը, թերևս, այն է, որ նա ցույց տվեց հետևյալը. համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգը, որը գործում է այնպիսի պայմաններում, երբ որպես համաշխարհային պահուստային գլխավոր արժույթ է հանդես գալիս ԱՄՆ դոլարը, ենթակա է պարբերական ցնցումների նաև ոչ հեռավոր ապագայում: Մենք իրավունք ունենք նման պնդում անել, քանի որ այսօր էլ ԱՄՆ ֆինանսական իշխանությունների քաղաքականությունը (նրանց նախկին քաղաքականությունը հանգեցրեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին) էական փոփոխություններ չի կրել: Փոփոխություններ, որոնք պահանջում էր համաշխարհային ողջ ֆինանսատնտեսական համակարգը: Այսպես, բավական է նշել, որ 2011թ. փետրվարի 15-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2011թ. ֆինանսական տարվա (սկսվում է 2011-ի հոկտեմբերի 1-ից) բյուջեն հայտարարեց 3,8 տրլն դոլարի չափով: Ընդ որում՝ ակնկալվում է, որ բյուջեի դեֆիցիտը կկազմի այդ երկրի համար ռեկորդային՝ 1,56 տրլն դոլար կամ ԱՄՆ ՀՆԱ-ի մոտ 11 %-ը: Նշենք, որ ճգնաժամային 2009թ. բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը կազմել էր 1,4 տրլն դոլար կամ ՀՆԱ-ի 10 %-ը, 2010-ին՝ համապատասխանաբար 1,3 տրլն դոլար կամ ՀՆԱ-ի 8,9 %-ը: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի բյուջեի նման հսկայական դեֆիցիտի առկայությունն այդ երկրի կառավարությանը թույլ է տալիս բավական բարձր կենսամակարդակ ապահովել, որի դեպքում ամերիկյան քաղաքացիների սպառման ծավալն էապես գերազանցում է նրանց արտադրած ՀՆԱ-ն: Փորձագետների գնահատականներով՝ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն արտադրում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 22 %-ը, ապա երկրի ներսում սպառվում է համաշխարհային ՀՆԱ-ի 25 – 40 %-ը: Արտադրության և սպառման նման հարաբերակցությունը հնարավոր է շարունակել միայն այն դեպքում, եթե ամերիկյան դոլարը պահպանվի որպես գլխավոր համաշխարհային պահուստային արժույթ: Դա, իր հերթին, հնարավոր է, եթե թույլ չտրվի դոլարի համար այլընտրանքային համաշխարհային պահուստային այնպիսի արժույթների հաստատումը, որոնք կարող են փոխարինել այն: Բնականաբար, հարց է ծագում` պոտենցիալ առումով ո՞ր երկրներն են ի վիճակի մարտահրավեր նետել ամերիկյան դոլարի հզորությանը, ի՞նչ գործողությունների կարող է դիմել ԱՄՆ-ը՝ խոչընդոտելու համար համաշխարհային պահուստային արժույթների կայացմանը:

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին եվրոպական արժույթը՝ եվրոն, փոքր-ինչ ամրապնդել է դիրքերը որպես համաշխարհային պահուստային արժույթ: Այսպես, եթե 1999 թ. դոլարի բաժինը համաշխարհային արժութային պահուստներում կազմում էր 71,1 %, իսկ եվրոյինը՝ 18,1 %, ապա 2010թ. սկզբին համաշխարհային արժութային պահուստների տեսակարար կշիռը ԱՄՆ դոլարով կազմում էր 61,5 %, իսկ եվրոյով՝ 28,1 %, ֆունտ ստեռլինգով՝ 4,2 %, ճապոնական իենով՝ 3 %: Որպես համաշխարհային պահուստային երկրորդ արժույթ եվրոյի հաստատումը հիմնված էր Եվրամիության տնտեսության կայունության վրա: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը փոքր-ինչ սասանեց այդ կայունությունը, սակայն եվրոն դեռ չի կորցրել իր նշանակությունը որպես համաշխարհային պահուստային արժույթ՝ կապված այն բանի հետ, որ Եվրամիության տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս աճի հետագիծ: Սակայն Մեծ Մերձավոր Արևելքի երկրներում ծավալվող իրադարձություններն ի զորու են լուրջ հիմնախնդիրներ ստեղծել ԵՄ անդամ երկրների համար: Այսպես, վերջիններս սպառում են համաշխարհային էներգառեսուրսների ողջ ծավալի մոտ 16 %-ը, ընդ որում՝ ԵՄ էներգաբալանսում գերակշռող տեսակարար կշիռ ունեն նավթն ու գազը, իսկ քարածխի և հիդրոէներգետիկ ռեսուրսների բաժինը նրա վառելիքաէներգետիկ հաշվեկշռում էական չէ: Այսօրվա դրությամբ եվրոպական տարածքում տարեկան արդյունահանվում է մոտ 163 մլն տոննա նավթ, ինչն ապահովում է ներքին պահանջարկի ընդամենը 18 %-ը, և 193 մլրդ խոր. մետր գազ, որն ապահովում է ներքին պահանջարկի մոտավորապես 37 %-ը: Միևնույն ժամանակ, Եվրամիությունն ամեն տարի սպառում է ոչ պակաս, քան 900 մլն տոննա նավթ և 500 մլրդ խոր. մետր գազ: Այսպիսով, ածխաջրածինների նետտո-ներմուծումը կազմում է ավելի քան 300 մլրդ խոր. մետր գազ և ավելի քան 700 մլն տոննա նավթ: Մեծ Մերձավոր Արևելքի պետություններից ներմուծվող նավթի բաժինը կազմում է մոտ 55 %, գազինը՝ մոտ 30 %: Այստեղից դժվար չէ պատկերացնել, թե ինչ ծանր բեռ կարող է լինել ԵՄ տնտեսության համար էներգակիրների գների բարձրացումը, ինչն անխուսափելի կլինի Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում շարունակվող ապակայունացման պայմաններում: Այս ամենը վերջնարդյունքում բացասաբար կանդրադառնա ԵՄ հիմնական դրամական միավորի՝ եվրոյի կայունության վրա: Ընդ որում՝ հարկ է նշել, որ ԱՄՆ-ի էներգակախվածությունը Մերձավոր Արևելքի երկրներից ներմուծվող էներգակիրներից շատ ավելի փոքր է, քան ԵՄ-ի երկրներում: Այս պայմաններում եվրոն, շարունակելով հիմնական դրամական միավորը համարվել ԵՄ երկրներում, կկորցնի գրավչությունը որպես համաշխարհային պահուստային արժույթ և ի վիճակի չի լինի լուրջ մարտահրավեր նետել դոլարի հզորությանը:

Վերջին տարիներին մենք դարձանք Հեռավոր Արևելքի և Հարավային Ասիայի երկրների՝ Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Թայվանի, Վիետնամի և, իհարկե, Հնդկաստանի տնտեսության դինամիկ աճի վկաները: Այս կապակցությամբ նշենք, որ ԱՄՆ-ի Ազգային հետախուզական խորհրդի «Աշխարհը ճգնաժամից հետո: Գլոբալ միտումներ – 2025. փոփոխվող աշխարհ» զեկույցում, «Աշխարհի պատկերը 2025 թվականին» բաժնում, գրված է, որ «Չինաստանի, Հնդկաստանի և մյուս երկրների վերելքի հետ առաջ է գալիս գլոբալ բազմաբևեռ համակարգը ... Շարունակվում է հարաբերական հարստության և տնտեսական ազդեցության՝ ներկայումս նշմարվող աննախադեպ տեղափոխում Արևմուտքից Արևելք»: Այս նույն զեկույցում` «Անորոշության առանցքային գործոնները» բաժնում, եզրահանգում է արվել, որ «եթե նավթի և գազի գները մնան բարձր, հիմնական արտահանողների, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը, պետական հզորությունն էապես կավելանա: Ռուսաստանի ՀՆԱ-ն կարող է համեմատվել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ՀՆԱ-ներին»: Նման վերլուծությունը, բնականաբար, ԱՄՆ-ի ղեկավարության առջև դնում է որոշակի քաղաքականություն վարելու խնդիր` մի կողմից` Հեռավոր Արևելքի և Հարավային Ասիայի նավթ ու գազ ներմուծող երկրների, մյուս կողմից՝ արտահանող երկրների (ի դեմս Ռուսաստանի և Իրանի) հանդեպ: Բնականաբար, ամերիկացիների վարած քաղաքականության նպատակը պետք է լինի այդ երկրների տնտեսական պոտենցիալի աճին հակազդելը, որոնք կարող են մարտահրավեր նետել ԱՄՆ-ի հզորությանը, սասանել դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի, գերիշխող դերը: ԱՄՆ-ի նման մոտեցմամբ շահագրգռված է նաև Եվրամիությունը, քանի որ համաշխարհային պահուստային նոր արժույթի ի հայտ գալը թույլ չտալը եվրոպացիներին հնարավորություն կտա պահպանել եվրոյի կարգավիճակը որպես նշանակությամբ երկրորդ համաշխարհային պահուստային արժույթ:

Հաշվի առնելով վերն ասվածը՝ հանուն օբյեկտիվության պետք է նշենք. չնայած վերջին տարիներին Չինաստանը վարում էր նավթի ներմուծման դիվերսիֆիկացման քաղաքականություն, նրա էներգակախվածությունը Մեծ Մերձավոր Արևելքի երկրներից դեռ միանգամայն զգալի է: Ներկայումս Չինաստանը ԱՄՆ-ից հետո մեծությամբ երկրորդ նավթ սպառողն է աշխարհում, երրորդ ներմուծողը Ճապոնիան է: Եվ սա՝ այն դեպքում, երբ Չինաստանն ունի 18,7 մլրդ բարել նավթի ապացուցված պաշարներ և նավթի ամենօրյա արդյունահանումը կազմում է 4 մլն բարել: Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալների համաձայն՝ Չինաստանը Մեծ Մերձավոր Արևելքի երկրներից տարեկան ներկրում է նավթի իր պահանջարկի 46%-ը: Հարկ է նաև նշել, որ տարեցտարի ավելանում է Հնդկաստանի նավթի պահանջարկը: Այս երկիրը ներկայումս զբաղեցնում է աշխարհում հինգ-վեցերորդ տեղը նավթի սպառման գծով: Հնդկաստանը գլխավորապես նավթ է ներմուծում Մերձավոր Արևելքից, որի տեսակարար կշիռը կազմում է նավթի արտասահմանյան գնումների 67 %-ը:

Կարծում ենք, որ վերը բերված ցուցանիշները հաշվի առնելով՝ հասկանալի է դառնում, թե որքան ծանր կանդրադառնա Չինաստանի և Հնդկաստանի տնտեսությունների վրա էներգակիրների գների բարձրացումը: Իսկ այդ գործընթացն անխուսափելի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի անկայունությունն արտահանող երկրներում: Բնական է, որ այս պայմաններում կհետաձգվի համաշխարհային պահուստային նոր արժույթի ստեղծումը, որը կկարողանար բավական լուրջ դիրքեր ունենալ թեկուզև БРИКС-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) անդամ երկրների տարածքում, ինչպեսև Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Բացի այդ, դժվար չէ պատկերացնել, թե որքան կբարդանա իրավիճակը, երբ թեժանան մարտնչող իսլամիզմի տրամադրությունները մահմեդական բազմամիլիոն բնակչություն ունեցող Հնդկաստանում:

Ընդ որում՝ հարկ է նաև նշել, որ էներգակիրների գների բարձրացումն անխուսափելիորեն կհանգեցնի դոլարի որոշակի արժեզրկման, սակայն դա ևս վերջնարդյունքում դրականորեն կանդրադառնա ԱՄՆ-ի տնտեսության վրա: Նախ՝ դոլարի արժեզրկմամբ կբարձրանան ոսկու, ընդհանրապես հումքային ռեսուրսների գները, ինչը նույնպես բացասաբար կանդրադառնա Հեռավոր Արևելքի և Հարավային Ասիայի երկրների տնտեսությունների վրա, որոնցում խիստ բարձր է կախվածությունը հումքի ներմուծումից, իսկ Ճապոնիայում, Կորեայի Հանրապետությունում, Թայվանում այդ կախվածությունը խիստ զգալի է: Ոսկու գների բարձրացումը դրականորեն կանդրադառնա ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի ոսկու-արտարժույթի պահուստների (ՈԱՊ) վրա, ոսկու բաժինը այդ երկրների ոսկու-արտարժույթի պահուստներում համապատասխանաբար 69 %, 65 %, 63 %, 64 %, 52 %, 84 % և 36 % է, իսկ Ավստրիայում՝ 53 % է, այն դեպքում, երբ БРИКС–ի անդամ երկրներում այդ ցուցանիշը զգալիորեն ցածր է. Չինաստանում՝ 2 %, Ռուսաստանում՝ 5 %, Հնդկաստանում՝ 6 %, Հարավային Աֆրիկայում՝ 11 %: Միևնույն ժամանակ, հարկ է ասել, որ դոլարի արժեզրկումը բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի ոսկու-արտարժույթի պահուստների վրա: Այսպես, 2011թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ Չինաստանի ՈԱՊ-ը հասել է 3 տրլն 44 մլրդ դոլարի, Ճապոնիայի ՈԱՊ-ը 2010թ. սեպտեմբերի վերջին հասել է 1 տրլն 110 մլրդ դոլարի, որի ընդամենը 2 %-ն է կազմել ոսկին: 2011թ. ապրիլի 8-ի դրությամբ Ռուսաստանի ՈԱՊ-ը կազմել է 508 մլրդ 400 մլն դոլար, որոնց մոտավորապես կեսը նոմինացված է դոլարով: Դոլարի արժեզրկումն իջեցնում է նաև ԱՄՆ-ի կառավարության գանձապետական պարտավորությունների իրական արժեքը, որի ընդհանուր գումարը հաշվվում է տրիլիոն դոլարներով: Ընդ որում՝ հարկ է նշել, որ այդ պարտավորությունների ամենախոշոր տնօրինողը Չինաստանն է, որի ձեռքում են ԱՄՆ-ի կառավարության մոտ 1 տրլն դոլարի գանձապետական պարտավորությունները: Համաշխարհային ֆինանսների ոլորտում տիրող հենց նմանօրինակ իրավիճակն է առաջ բերում բազմաթիվ երկրների դժգոհությունն ԱՄՆ մոնետար քաղաքականությունից, որովհետև արդեն պարզ հասկացվում է, որ այդ երկիրն իր ներքին հիմնախնդիրները լուծում է ի հաշիվ դոլարի տպագրման: Եվ միանգամայն օրինաչափ է, որ երկրները դոլարից և ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի վարած քաղաքականությունից կախվածությունը նվազեցնելու ուղիներ են որոնում: Հենց դրա համար էլ դեռ 2010թ. БРИК–ի երկրները ստորագրեցին Հուշագիր պետական ֆինանսական ինստիտուտների համագործակցության, БРИК–ի անդամ երկրների արտահանման զարգացման ու աջակցության մասին (ս. թ. ապրիլի 13-ին Հուշագրին միացավ նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը): Երկարաժամկետ հեռանկարի տեսակետից ս. թ. ապրիլի 14-ին Չինաստանում կայացած գագաթաժողովում ստորագրված նոր համաձայնագիրը БРИКС–ի երկրների կողմից քայլ է համաշխարհային ֆինանսական համակարգի կենտրոնները զարգացած երկրներից զարգացող երկրներ փոխադրելու ուղղությամբ: Տնտեսական գլխավոր իրադարձությունը, որը տեղի ունեցավ չինական Հայնանում, ֆինանսական փաստաթղթի ստորագրումն էր, որը վավերացրեց БРИКС–ի 5 անդամ երկրների՝ դոլարով հաշվարկներ չանելու ցանկությունը: Այդ երկրներն այժմ կարող են միմյանց վարկեր տրամադրել իրենց ազգային արժույթներով: Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդևը, ելույթ ունենալով БРИКС–ի անդամ պետությունների՝ Չինաստանում կայացած գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, նշեց, որ «միանգամայն արդարացված» է համարում ազգային արժույթի անցնելու գաղափարը: «Մեր պետությունները համահունչ մոտեցումներ ունեն Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի բարեփոխման հարցերում: Միջազգային արժութային - ֆինանսական համակարգի հետագա բարեփոխման անհրաժեշտության մասին է խոսվել նաև այսօրվա հանդիպմանը»,- մամուլի համար հայտարարել է Դ.Մեդվեդևը 2011թ. ապրիլի 14-ին` БРИКС–ի գագաթաժողովն ավարտվելուց հետո: Սա, անշուշտ, շատ լուրջ որոշում է, քանի որ БРИКС-ը ցամաքի քառորդ մասն է կազմում, աշխարհի բնակչության գրեթե կեսը, արտադրում է համաշխարհային ՀՆԱ-ի 18 %-ը, տնօրինում է ոսկու-արտարժույթի պահուստի կեսը և գլոբալ առևտրի 45 %-ը: ԱՄՆ-ը, իհարկե, հասկանում է, որ նման որոշմամբ БРИКС–ի երկրները մոտեցնում են դոլարի մայրամուտի դարաշրջանը: Նրա պատասխան գործողություններն էլ նավթ ու գազ ներմուծող երկրների՝ Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ վերն արդեն լուսաբանվեցին:
Իսկ ինչպե՞ս կվարվի ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ: Մեծ վտանգ կա, որ ամերիկացիները լուրջ փորձեր կձեռնարկեն՝ ընդլայնելու համար ապակայունության գոտին դեպի Հյուսիս - Արևելք և Արևելք, աշխատելով ամեն գնով այնտեղ ներգրավել Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հարավային Կովկասի երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, նաև Կենտրոնական Ասիայի պետությունները, հատկապես Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Թուրքմենստանը, դրանով իսկ անկայունության աղեղ ստեղծելով Ռուսաստանի հարավակողմի ողջ պարագծով: Հարավային Կովկասի տարածաշրջանում դա հնարավոր կլինի անել՝ թեժացնելով լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ նպատակին է ծառայում նաև վրացական ղեկավարության կողմից առաջ մղվող՝ առանց Ռուսաստանի «Մեծ Կովկասյան տուն» ստեղծելու գաղափարը, բայց այնտեղ ընդգրկելով Ռուսաստանի Դաշնության հյուսիսկովկասյան հանրապետությունները: Ապակայունացման միջոցների զինանոցում կկիրառվի նաև անջատողականության հրահրումը էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Հյուսիսային Իրանում: Եթե այդ գործոններն անհրաժեշտ էֆեկտը չունենան, ապա կխթանվի անկախ պետություն ստեղծելու քրդերի ձգտումը Թուրքիայում, Հյուսիսային Իրաքում և Սիրիայում` նրանց հոծ բնակության տարածքներում: Ապակայունացման ֆոնին հարկ է սպասել անջատողական ու իսլամիստական տրամադրությունների հրահրման Չեչնիայում, Ինգուշիայում, Կաբարդինա - Բալկարիայում: Այս քաղաքականության վերջնական նպատակը ռուսական պետականության խարխլումն է, իսկ հնարավորության դեպքում՝ հյուսիսկովկասյան հանրապետությունների անջատումը Ռուսաստանից՝ հետագա թիրախ ունենալով Թաթարստանն ու Բաշկորտոստանը:

Տաջիկստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում իրավիճակը պայթեցնելու համար արդեն փորձարկված մեխանիզմներ կան: Ազգամիջյան երկպառակության հրահրումը՝ այդ երկրների ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և պետականակերտ ազգերի միջև արյունալի բախումներով, արդեն մեկ անգամ չէ, որ վերածվել է մեծ արյունահեղության: Իսկ Ռուսաստանը, լինելով Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության առաջատար անդամը, չի կարողանա անտարբեր մնալ այդ կազմակերպության անդամների ճակատագրին. լինի Հայաստանը, Տաջիկստանը կամ Ղրղզստանը, ու նաև Ուզբեկստանը:

Ռուսաստանի հարավային սահմանների ողջ պարագծով անկայունության գոտի ստեղծելով՝ վստահաբար կարելի է կանխատեսել, որ դա կուղեկցվի ահաբեկչական տարբեր տեսակի գործողություններով բուն Ռուսաստանի տարածքում:

Այսօր արդեն Հայաստանի Հանրապետության օրինակով երևում են հուշարարների հում ականջները՝ զինված ոչ բռնի գործողությունների 198 մեթոդներից շատերով, որոնք այնքան ջանադրաբար նկարագրել է Ջին Շարփը: Սոցիալ-տնտեսական ծանր դրության պայմաններում, որում հայտնվել է Հայաստանի բնակչության զգալի մասը, արտաքին ուժերի և հանրապետությունում նրանց դրածոների ցանկացած հրահրիչ, սադրիչ գործողություն պարարտ հող կգտնի ապակայունացման համար: Պատճառը միավորիչ գաղափարի բացակայությունն է` Հայոց պետականության, հայ ժողովրդի, մեր հինգհազարամյա քաղաքակրթության ապագայի համար: Իսկ այդ գաղափարը կա, այն յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ է, ում համար թանկ է իր երկրի ճակատագիրը: Հայաստանի համար այդ գաղափարի էությունը Եվրասիական միության ստեղծումն է` Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի հետ:

Մեր միավորման այլընտրանքը ժամանակի ընթացքում կհանգեցնի Լիբիայի ճակատագրի կրկնությանը: Ավա՜ղ, սա չափազանցություն չէ, սա հայտնի Real Politic-ի իրագործումն է արդի պայմաններում:

Ամփոփելով՝ կուզենայի ինքնաբերաբար առաջ եկող եզրահանգում անել. Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ապակայունացումը կարող է դառնալ Ռուսաստանի մասնատման առաջին փուլը ԱՊՀ ողջ տարածքում քաոսի հաստատման ճանապարհին, ինչը, իր հերթին, ողբերգական հետևանքներ կունենա համաշխարհային քաղաքակրթության համար:


ՄԻԽԱՅԻԼ ՖԻՇՄԱՆ

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎՆ ԻՍԿԱՊԵՍ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵՑ

Վլադիմիր Պուտինը տեղը նստեցրեց նրան

(նյութի մշտական հասցեն՝ http://www.forbes.ru/ekonomika-column/vlast/66647-dmitrii-medvedev-sdelal-po-nastoyashchemu-predvybornyi-hod)

14.04.2011

Կարծես թե ոչինչ էլ տեղի չի ունեցել. սկզբում Դմիտրի Մեդվեդևը, հետո Վլադիմիր Պուտինը կրկին հայտարարեցին, թե ինչ են մտածում 2012թ. ընտրությունների մասին։ Բոլորն արդեն հոգնել են լսել, մտածել այդ մասին և պատրաստ են ձեռք քաշել։ Իզուր։ Իրականում լավ հղկված ռուսական քաղաքականությունում հակադիր հայացքների զգալի բախում է տեղի ունեցել։

Եվ այսպես, սպիտակների քայլը։ Մեդվեդևը հանկարծ կտրուկ հայտարարություն է անում, նույնիսկ՝ միանգամից մի քանիսը։ Նախ՝ նա կանգ է առնում իր թեկնածությունն առաջադրելուց տառացիորեն կես քայլի վրա. նա ոչ թե պարզապես չի բացառում դա, այլ «որոշումը կընդունվի, ընդ որում՝ արդեն բավական կարճ հեռանկարում»։ Երկրորդ՝ նրա խոսքերից հետևում է, որ նա որոշում կկայացնի ոչ թե Պուտինի հետ խորհրդակցությունների արդյունքում, ինչպես դա մշտապես հնչում էր մինչ այս, այլ որոշումը կկայացնի ինքը՝ հենվելով «գոյություն ունեցող սոցիալական իրավիճակի, քաղաքական նախընտրությունների գոյություն ունեցող դասավորության և, ամենագլխավորը, մարդկանց հարաբերությունների վրա»։

Երրորդը և գլխավորը՝ Պուտինի հետ եղած «ոճական տարաձայնությունները» հանկարծ էական են դարձել։ Դեռ մեկ տարի առաջ Մեդվեդևն այսպես էր ասում. «Մենք Պուտինի հետ ներկայացնում ենք նույն քաղաքական ուժը, մենք նրա հետ երկրի զարգացման վերաբերյալ իրար նման մոտեցումներ ունենք։ Իսկ հիմա այսպես է ասում. «Մենք պարզապես, գուցե, տարբեր կերպ ենք տեսնում այդ բարգավաճմանը հասնելու մեթոդներն ու եղանակները։ Բայց դա էլ հենց դեմոկրատիան է, դա էլ հենց մրցակցությունն է»։

Զգացեք տարբերությունը։ Մի՞թե նրանք համախոհներ են։ Նրանք ախոյաններ են։ Մոտավորապես այս ոգով են միմյանց մասին արտահայտվում լեյբորիստներն ու կոնսերվատորները, դեմոկրատներն ու հանրապետականները։ Կար մեկ քաղաքական ուժ, դարձավ երկուսը։ Տանդեմը բաժանվեց երկու առանձին հեծանվի։

Ինչո՞ւ է Մեդվեդևը հանկարծ քայլ առաջ կատարում։ Չէ՞ որ ակնհայտ է, որ այդ քայլը չի համաձայնեցված Պուտինի հետ։ Ինչո՞ւ է նախագահը թեժացնում լարվածությունն այնտեղ, որտեղ նա, առնվազն, այնքան էլ լիովին չի վերահսկում իրավիճակը։ Հավանաբար, հաղթում է այն ընկալումը, որ ժամանակը փող է, և իրավիճակը սրելն այսօր լավագույն տակտիկան է։ Ցանկության դեպքում նրա հայտարարության մեջ կարելի է նաև նախազգուշացում տեսնել. չէ՞ որ մինչև վերջ գնալու հնարավորություն կա։ Չէ՞ որ դա այնքան հեշտ է՝ երկու բառ և վերջ։ Ինչպե՞ս անտեսել նախագահի հայտարարած՝ երկրորդ ժամկետի համար թեկնածությունը դնելու ցանկությունը։

Բայցև գործընկերն էլ վախեցողներից չէ։ Հաջորդ օրը սևերի քայլը կատարվեց չեկիստական խառնակչության (ռազվոդկայի) լավագույն ավանդույթներով. երեք ճշգրտում պետք եղավ, որպեսզի վարչապետը հասկանար, թե ինչի մասին են իրեն հարցնում բրիֆինգում, որը հրավիրվել էր հանուն այդ միակ հարցի։ Հասկանալի է, թե ինչու. անուշադրության ցուցադրումը վերահսկողության ցուցադրում է։ Ինքը՝ պատասխանը, կոշտ էր. «Իրարանցումն ընտրությունների շուրջ չի նպաստում աշխատանքի նորմալ կազմակերպմանը»։ Իմաստը պարզ է. որոշումը դեռ չի կայացվել։ Իսկ եթե ընդունվել է, ապա չի հայտարարվել։ Իսկ եթե չի հայտարարվել, ուրեմն, հերիք է թևներդ թափահարեք։ Սա նույնիսկ պատասխան էլ չէ, սա շշպռել է։

Հասկանալի է, թե ում մոտ է 2012թ. բանալին։ Դա գաղտնիք չէ, և ոչ ոք պատրանքներ չի տածում։ Ռուսաստանում նախագահական ընտրություններ չեն լինի։ Եվ Պուտինի ու Մեդվեդևի ուղղակի, բացահայտ մրցակցությունը (իսկ սրա մասին ավելի հաճախակի են խոսում) բացարձակապես բացառված է։ Ինչո՞ւ։ Տե՛ս համար մեկ կանոնը, ասում է հայտնի օֆիսային կատակը։ Եվ սա միանգամայն հստակորեն հետևում է այն բանավեճից, որը մենք բոլորս հենց նոր դիտարկում էինք։ Իշխանության, իսկական իշխանության հարցերը Ռուսաստանում քվեարկություններով չեն լուծվում։ Կարելի է նույնիսկ ասել, որ դրանք ընդհանրապես չեն լուծվում, այլ ներկայացնում են հայտնի իսկությունը։

Չէ՞ որ եթե խորհենք՝ ո՞րն է այն բառերի իմաստը, թե իրարանցումը կվնասի աշխատանքին։ Ինչո՞վ կվնասի։ Ինչպե՞ս։ Բարաք Օբաման, ահա, իրեն արդեն թեկնածու է հայտարարել, բայց նրա վարչակազմը չի թաղվել խմբակայնության մեջ և չի դադարել աշխատել։ Ինչո՞ւ է նախագահական ընտրությունների հետ կապված իրավիճակի հստակեցումը հավասարեցվում «երկրի կառավարման խափանման» հետ։ Այն դեպքում, երբ, նկատենք, իրականում ամեն ինչ ուղիղ հակառակն է. և՛ կապիտալի փախուստը, և՛ ներդրումների բացակայությունը, և՛ ապարատի կաթվածահարությունը գերատեսչություններում և կառավարությունում՝ այս ամենն ուղղակիորեն կապված է այն բանի հետ, որ չկա ըմբռնումն այն բանի, թե ինչպիսին կլինի դասավորությունը 2012 թվականից հետո։

Մեդվեդևն ասում է ուղիղ հակառակ մի ինչ-որ բան. մեկ տարուց էլ քիչ է մնում, պետք է արագ որոշել։ Նա նախընտրական ծրագիր ունի. «Իմ գիծը տնտեսության մոդեռնացումն է և քաղաքական կյանքի մոդեռնացումը»։ Այս պլաններին կարելի է չհավատալ։ Ներկայիս մոդեռնացման գինը հայտնի է. դրա իմաստն այն է, որ ամեն ինչ մնա նախկինի նման։ Բայց այնուամենայնիվ, սա նախընտրական կարգախոս է, օրակարգի առաջարկ, որոշ չափով քաղաքակիրթ քաղաքականության իմիտացիա։ Վլադիմիր Պուտինն էլ է մտածում՝ նախագահ չդառնա՞ արդյոք։ Ինչպիսի՞ն է ապագայի նրա տեսլականը։ Ի՞նչ է մեզ այդ մասին հայտնի, բացի նրանից, որ այն, դատելով ամեն ինչից, ոչնչով չի տարբերվում ներկայիս եղածից։

Բայց այս ամենը կարևոր է, եթե հաշվի չառնենք այն, որ ընտրությունները գոնե ինչ-որ իմաստ ունեն, տեխնիկականից բացի։ Կարելի է ընտրությունների մասին մտածել որպես բանավեճի, դիրքորոշումների բախման, քաղաքական գծի որոշման։ Սրա շուրջ կարելի է երևակայել։ Կարելի է նաև պատկերացնել մի նեղ միջանցք, իսկ միջանցքի վերջում՝ էլ ավելի նեղ դուռ։ Երկուսով այդ դռնից չես անցնի, ինչ-որ մեկն առաջինը պետք է լինի։ Երկու քայլողների համար, հավանաբար, կարևոր է հասկանալ, թե որ պահին տեղի կունենա ուսով այդ վճռական հրումը, բայց ո՞ւմ է դա հետաքրքիր այդ երկուսից բացի։ Չէ՞ որ հայտնի է, թե ում մոտ է դռան բանալին, և թե ինչ կա դռան հետևում՝ միջանցքի շարունակությունը։ 

 

ԱՎՐԱԱՄ ՇՄՈՒԼԵՎԻՉ

ԴԵՊԻ ԹԵՀՐԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋՈՎ. ԲԱՔՈՒ-ԵՐՈՒՍԱՂԵՄ ԱՌԱՆՑՔԸ.

ՀՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ

(նյութի մշտական հասցեն՝ http://www.apn.ru/publications/article23980.htm)

07.04.2011

Ադրբեջանա-իսրայելական դաշինքը վերջին երկու տասնամյակների ընթացքում հետևողականորեն ամրապնդվում է և այսօր նոր, կարելի է ասել, եզրափակիչ փուլ է մտել. Ադրբեջանում սկսվում է իսրայելական Aerostar և Orbiter անօդաչու ինքնաթիռների արտադրությունը։ Մինչ այդ Ադրբեջանն արդեն գնել էր այդ ինքնաթիռների մի խմբաքանակ։

Արտադրությամբ զբաղվում է Azad Systems ընկերությունը (Ադրբեջանի պաշտպանության նախարարության և իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության համատեղ ձեռնարկություն)։

2009թ. հունիսին, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում, ստորագրվեց համաձայնագիր այդ հանրապետության կառավարության և իսրայելական Israeli Aeronautics (աշխարհում առաջատարն է հետախուզական և մարտական անօդաչու թռչող սարքերի (ՄԱԹՍ) արտադրության մեջ) ընկերության միջև՝ Ադրբեջանում այդ տեխնիկայի արտադրության գործարան կառուցելու մասին։

Արդեն 2009թ. սեպտեմբերին իսրայելական ռազմարդյունաբերական համալիրի կարևոր ընկերություններից մեկը՝ Elbit Systems-ը, Բաքվում գրանցեց Elbit Systems of Azerbaijan ընկերությունը, որը պետք է համատեղ աշխատանք սկսեր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ ՄԱԹՍ արտադրելու ուղղությամբ։ Ադրբեջանցիները դեռ 2008թ. ձեռք էին բերել Elbit ընկերության արտադրած Hermes-450 անօդաչու սարքեր, որոնք իրենց գերազանց դրսևորեցին Հարավային Օսիայում պատերազմի ժամանակ։

Ինչպես Պերեսի այցելությունից հետո տեղեկացրին իսրայելական լրատվամիջոցները (ռուսալեզու ИзРус պորտալը և եբրայական ԶԼՄ-ները), իսրայելական պաշտպանական Elta Systems Ltd ընկերությունն Ադրբեջանի հետ կհամագործակցի արբանյակների համակարգի ստեղծման բնագավառում։ Վերջերս այն հայտարարել է TecSAR արբանյակի ստեղծման մասին, որն ունի սինթեզված սարքավորումներով ռադար։ Վերջինը թույլ է տալիս Երկրի մակերևույթի բավական հստակ լուսանկարներ ստանալ անկախ եղանակային պայմաններից։ Ադրբեջանցի զինվորականների կարծիքով՝ սա անփոխարինելի համակարգ է լեռնային վայրերում (օրինակ՝ Ղարաբաղում) մարտական գործողություններ վարելու համար։

Քննարկվել է նաև իսրայելական «Намер» հետևակի մարտական մեքենայի (БМП) հատուկ տեսակի արտադրության հարցը։ Այդ մեքենան համալրված է նոր զրահով, որը գրեթե ամբողջովին ծածկում է մեքենան բոլոր կողմերից, ներառյալ նաև ներքևից՝ պաշտպանելով ֆուգասներից։ Առջևում տեղակայված շարժիչը լրացուցիչ պաշտպանություն է ապահովում հակատանկային նռնակներից և հրթիռներից։ «Намер»-ը կարող է 12 մարդ տեղավորել, ունի դուրս հանված մարտական մոդուլ՝ երկու գնդացրով և նռնականետով։

2010թ. օգոստոսի սկզբին «Իսրայելի ռազմական լրատու» ամսագիրը տեղեկացրեց, որ Ադրբեջանը ձեռք է բերել «Տավոր» նորագույն ինքնաձիգներ (TAR-21), IAI պետկոնցեռնի ՄԱԹՍ (Orbiter և Aerostar մոդելներ), ինչպես նաև հրթիռային համակարգեր (122, 160 և 300 մմ)։ Բայց Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնի ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, որ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և որ դրա հետևում կանգնած են Հայաստանն ու Ռուսաստանը։

Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաշվետվության տվյալներով, որ հրապարակվել է Wikileaks-ում, «2008թ. սեպտեմբերին Ադրբեջանը, առանց ավելորդ աղմուկի, Իսրայելի պաշտպանության նախարարության հետ ստորագրեց խոշոր համաձայնագիր, որը թույլ է տալիս տեղի երեք ընկերությունների ականանետեր, ռազմամթերք, ռեակտիվ հրետանի և կապի սարքավորումներ մատակարարել։ «Soltam» ընկերությունն ականանետեր և զինամթերք մատակարարելու պայմանագիր ձեռք բերեց, «Tadiran Communications»-ը կապի սարքավորումներ կտրամադրի, իսկ «Israeli Military Industries»-ն կապահովի հրթիռներով։ Այն առաջարկում է ռեակտիվ հրետանու լայն տեսականի, հին, խորհրդային 122 միլիմետրանոց «Գրադ» (БМ-21) համակարգերի արդիականացման եղանակներ, 122-300 միլիմետրանոց հրթիռների նշանառության համալիրներ և 300 միլիմետրանոց հրթիռների արձակման միջոցներ։
Ստույգ հայտնի չէ, թե ինչ են գնել ադրբեջանցիները, հայտնի է միայն, որ գործարքը հարյուր միլիոնավոր դոլարների է։ Ադրբեջանն արդեն «Israeli Military Industries»-ից ստացել է 122 միլիմետրանոց «Lynx» համազարկային կրակի համակարգ՝ մոնտաժված ծանրաքարշ «ԿամԱԶ 63502»-ների վրա։

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի՝ Բաքու կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Ադրբեջանի տարածքում հետախուզության էլեկտրոնային ցանց ստեղծելու մասին։ Իրանի գծով իսրայելցի առաջատար փորձագետներից մեկի՝ Մենաշե Ամիրի (Իրանում «Քոլ Իսրայել» («Իսրայելի ձայն») պետական ռադիոյի հեռարձակման ծառայության նախկին տնօրեն, այժմ՝ Իսրայելի ԱԳՆ պարսկերեն ինտերնետ-կայքի գլխավոր խմբագիր) խոսքերով՝ «Իրանը պնդում է, որ Ադրբեջանը վերածվել է իսրայելական հետախուզության հենակետի, և որ իսրայելցիները երկրի հարավում զգում են իրենց ինչպես տանը։ Բայց Իրանը չափազանցում է, այնտեղ այնքան էլ շատ չեն իսրայելցի մասնագետներն ու հետախույզները։ Համենայնդեպս, նրանց ներկայությունը նյարդայնացնում է այաթոլաներին»։

Ադրբեջանի և Իսրայելի ռազմական համագործակցությունը հաստատվել է դեռ 90-ականների սկզբին, դիվանագիտական հարաբերությունները գոյություն ունեն 1992-ից։ Ինչպես քուվեյթյան «Alrai» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, պաշտպանական ոլորտում Իսրայելի հետ համագործակցությունը հաստատվել է ղարաբաղյան պատերազմն սկսվելուց հետո։ «Մեր բանակի ամրապնդման համար մենք դիմել ենք շատ պետությունների, և Իսրայելն առաջինն արձագանքեց»,- ասել է նախարարը։

2010թ. հոկտեմբերի վերջին Ադրբեջանի խորհրդարանը հաստատեց 2011թ. պետական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է երկրի ռազմական ծախսերի ավելացում մինչև 2,5 մլրդ մանաթի (3,1 մլրդ դոլար)։ Համեմատության համար. 2010թ. այդ ցուցանիշը կազմում էր 1,6 մլրդ մանաթ։ 1,1 մլրդ մանաթ կծախսվի սպառազինությունների արդիականացման վրա։

Ադրբեջանական տնտեսությունն ուժեղ տնտեսություն է։ 10 տարվա ընթացքում այն տարեկան միջինը 13,6%-ի աճ է գրանցել (2005թ. ՀՆԱ աճը կազմել է 26,4%, 2006թ.՝ ռեկորդային 32,5%, այլ տվյալներով՝ նույնիսկ 36,6%, 2007թ՝ 25%, 2008թ.՝ 10,8%)։

Տնտեսական աճի տեմպերով Ադրբեջանը վերջին տարիներին ԱՊՀ երկրների մեջ առաջատարն է։ Ավելին, Ադրբեջանը տնտեսական աճը պահպանեց ճգնաժամի պայմաններում։ Ճգնաժամային 2009-ին, ըստ պաշտոնական տվյալների, տնտեսությունն ունեցել է 9,3%-ի աճ, այսինքն՝ զբաղեցրել է աշխարհում երրորդ տեղը ՀՆԱ աճի տեմպով։

Ինտենսիվ տնտեսական աճը նպաստում է բանակի ռազմատեխնիկական զինվածության բարձրացմանը և ռազմական ծախսերի աճին։

Ադրբեջանը ռազմական ծախսերն ավելացրել է մինչև այն մակարդակի, որը գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն։ Ադրբեջանը բանակի ու նավատորմի զարգացման վրա ծախսում է ռեկորդային, ընդ որում՝ ոչ միայն ԱՊՀ-ի համար, ռեսուրսներ. ռազմական ծախսերը 2010թ. 1,59 մլրդ դոլարից (ՀՆԱ 3,95%) ավելացել են մինչև 3,1 մլրդ դոլարի (ՀՆԱ 6,2%)՝ 2011թ.։

Ընդ որում՝ ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարարի հայտարարության, բացի զուտ ռազմական ծախսերից, 2011թ. 1,36 մլրդ դոլար կծախսվի պաշտպանական արդյունաբերության կարիքների համար։ Այսպիսով, երկրի ռազմական բյուջեի և պաշտպանական արդյունաբերության ընդհանուր ծախսերը կկազմեն 4,46 մլրդ դոլար, կամ ՀՆԱ 8,9%-ը։

Ուստի, զարմանալի չէ, որ իսրայելական ներդրողները հետաքրքրվում են Ադրբեջանով, վերջին տարիներին իսրայելական ձեռնարկությունների թիվն այս երկրում գրեթե կրկնապատկվել է։

Ինչպես նշում է Իսրայելի Ադրբեջանցիների կոնգրեսի գործադիր տնօրեն Արյե Գուտը, ադրբեջանա-իսրայելական առևտրային համագործակցությունը բարգավաճում է։ Բնականաբար, այն զգալիորեն առնչվում է գազի և նավթի ոլորտներին, սակայն զարգանում են նաև այլ ուղղությունները։ Իսրայելն ադրբեջանական նավթի հիմնական գնորդներից է համաշխարհային շուկայում, Ադրբեջանն Իսրայելում էներգառեսուրսների հուսալի մատակարար է համարվում, Իսրայել մատակարարվող նավթի մոտ 30%-ն իրականացվում է Ադրբեջանից։

Իսկ Ադրբեջանի համար Իսրայելը հետաքրքիր է իր բարձր տեխնոլոգիաներով, զարգացած գյուղատնտեսությամբ և արդիական սպառազինությամբ։

Ադրբեջանում խոշոր նախագծեր են իրականացնում իսրայելական «Շիկուն-ու-Բինույ» և «Աերոնաուտիկս» ընկերությունները։

Առաջին նախագիծը՝ 350 մլն դոլար արժողությամբ, ներառում է հանրապետության մայրուղիների նախագծումն ու վերանորոգումը, իսկ երկրորդը նախատեսում է Ադրբեջանում կառուցել բարձրտեխնոլոգիական գործարան։

Ընդ որում՝ չնայած Բաքվում գործում է իսրայելական դեսպանատուն, Ադրբեջանը, սակայն, խուսափում է դեսպանատուն բացել Իսրայելում։ Ադրբեջանական պաշտոնական անձինք մասնավոր զրույցներում դա բացատրում են Իսլամական կոնֆերանս կազմակերպության երկրների աջակցությունը կորցնելու վախով։ Հավանաբար, այդ նույն նկատառումներով էլ Ադրբեջանն աջակցություն հայտնեց Թուրքիային, երբ 2010թ. մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը իսրայելցի զինվորականները բռնեցին ՀԱՄԱՍ-ին օգնության բեռով Գազայի հատվածի շրջափակումը ճեղքել փորձող պահակախմբին։ Որ Ադրբեջանը դատապարտում է Իսրայելի գործողությունները, այդ մասին 2010թ. հունիսի 8-ին Ստամբուլում հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ինչպես նշվում է Բաքվում ամերիկյան դեսպանության՝ Wikileaks-ի հրապարակած հաշվետվությունում, «Իսրայելի նման Ադրբեջանը նույնպես Իրանը համարում է անվտանգության գլխավոր, նույնիսկ գոյությունը վտանգող սպառնալիք։ Այս ընկալումից էլ բխում է երկու երկրների ընդհանուր համագործակցությունը։ Բաքվում Իսրայելի դեսպան Արթուր Լենկը (ծնված Ամերիկայում) հաճախ է փոխանցել իր երկրի սրտացավությունը՝ համեմված սև հումորով. «Եթե մենք կարողանայինք հարևաններին փոխել Ադրբեջանով, մենք անպայման կանեինք դա»։

Ադրբեջանական իշխանությունները ջանադրաբար պաշտպանում են Իսրայելի շահերը Բաքվում։ Օրինակ, Բաքվում դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալը դեսպանատան աշխատակցին պատմել է, որ Գազայի հատվածի գործողությունների ժամանակ պաշտոնական իշխանությունները տեղում զգալիորեն բարելավել են դեսպանության անվտանգությունը։ Երբ վարչակազմին հայտնի դարձավ հունվարի 2-ին ծրագրված ցույցի մասին, նրանք ոստիկանության ուղեկցությամբ ավտոբուսներ ուղարկեցին ցուցարարների հավաքատեղի և ձերբակալություններ իրականացրին։ Ոստիկանությունը ձերբակալեց 150 ցուցարարներից 25-ին, 20 մարդ 10-15 օրով բանտարկվեց։ Որպես կտրուկ հակադրության օրինակ՝ պաշտոնական Բաքուն թույլ է տալիս, որպեսզի Իրանի դեսպանության առջև անպատիժ նստացույց անեն, քանի դեռ բողոքի թեման վատ վերաբերմունքն է Իրանում ապրող ադրբեջանցիների հանդեպ։ Դեկտեմբերի 2-ի ցույցի առնչությամբ իսրայելական դեսպանը մեզ հաղորդեց, որ «ոչ մի ցուցարար չի տեսել և ոչ մի խնդրանքով չի դիմել, որից հետո որևէ մեկը կարողանար կալանված մնալ»։

Իսրայելի հետ սերտ կապերի շնորհիվ Ադրբեջանին հասանելի է դառնում սպառազինությունների նոր մակարդակը՝ սեփական բանակի զարգացման համար։ Նման տեխնիկա այն չի կարող ստանալ ոչ ԱՄՆ-ից կամ Եվրոպայից՝ զանազան իրավաբանական սահմանափակումների պատճառով, ոչ Բելառուսի և Ուկրաինայի՝ նախկին խորհրդային մատակարարներից։ Այնտեղ, որտեղ արևմուտքի մյուս երկրները զգուշանում են ցամաքային մարտական համակարգեր վաճառել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի օկուպացված հողերին տիրելու համար պատերազմի նոր բռնկում առաջ չբերելու վախից, Իսրայելն ազատ է զենքի մատակարարման խոշոր գործարքներ կնքել և շահ ստանալ հարուստ հաճախորդից։

Իսրայելի հարաբերություններն Ադրբեջանի հետ կառուցվում են հստակ պրագմատիզմի և գերակայությունների սուր գնահատման հիման վրա։ Իսրայելին անհրաժեշտ է պահպանել Ադրբեջանը որպես դաշնակից Իրանի դեմ, որպես հենակետ հետախուզական գործողությունների համար և որպես ռազմական տեխնիկայի շուկա։ Այս նպատակները երաշխավորելու համար իսրայելցիներն իրենց տրամադրել են հասկանալու ԻԿԿ հունով ընթացող շարժումները։ Ադրբեջանը, ինչպես և Իսրայելը, պետություն է, որը սեղմված է խոշոր, ազդեցիկ և ոչ բարեկամաբար տրամադրված հարևանների միջև։ Իսրայելը ձեռնպահ է մնում ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա երկրորդական հարցերով՝ հիմնականն ստանալու համար։ Մեզ համար ակնհայտ է, որ առայժմ երկու կողմերն էլ լիովին բավարարված են ներկայիս հարաբերություններով»։

Ադրբեջանական բանակի հզորացմանը տագնապով են հետևում հարևան Հայաստանում։ 2010թ. հուլիսին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը հայտարարեց. «Վերջին ժամանակներս ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը և ռազմական ինքնաթիռները պարբերաբար ուսումնառազմական և հետախուզական թռիչքներ են իրականացնում ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի շրջագծով»։ Հայաստանի իշխող՝ Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովն իսրայելական IzRus պորտալին տեղեկացրել է, որ անօդաչու նոր սարքերի արտադրությունն առաջ կբերի Երևանի պատասխան արձագանքը։

«Ադրբեջանն արդեն վաղուց սկսել է սպառազինությունների մրցավազքը՝ մշտապես ավելացնելով ռազմական հզորությունն ու ռազմական բյուջեն։ Մենք մեկ անգամ չէ, որ բարձրացրել ենք այդ հարցը գագաթաժողովներում և կոնֆերանսներում,- հայտարարեց նա։- Մենք, մեր կողմից, միջոցներ կձեռնարկենք և կանենք անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի ապահովենք մեր երկրի անվտանգությունը»։ Ընդ որում՝ Շարմազանովն ընդգծել է, որ Իսրայելի հանդեպ պահանջներ չկան. «Մենք հրեական պետության հետ ունեցել և ունենք նորմալ հարաբերություններ»։

Պարբերականի այն հարցին, թե կազդի արդյոք ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա, Շարմազանովը պատասխանել է. «Անկեղծ ասած՝ այդ հարաբերությունները գրեթե չկան։ Պարզապես վատ է, որ ձեր երկիրը զինում է Ադրբեջանին։

Այն բանում, որ հարաբերություններ չկան, հավանաբար մեղավոր են երկու կողմերն էլ, սակայն Երևանում կարծում են, որ հայերի ու հրեաների միջև, այնուամենայնիվ, ավելի ընդհանուր բաներ կան, քան հրեաների ու ադրբեջանցիների։ Թեև, կարելի է ասել. անձնական ոչինչ, պարզապես բիզնես»։

Հայ-իսրայելական հարաբերություններն իսկապես «զրոյական» են։ Եթե ոչ՝ ավելի վատ. 2010թ. հոկտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ վանդալիզմի ակտ. անարգվեց Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հուշահամալիրը։ Հուշարձանին շագանակագույն ներկով, տրաֆարետի օգտագործմամբ, սվաստիկա էր նկարվել և հայերեն կոչ՝ հրեաներին ոչնչացնելու մասին։

Չօգնեց նաև այն, որ այդ հուշահամալիրը միակ միասնական հուշարձանն է աշխարհում՝ նվիրված երկու՝ հայ և հրեա ժողովուրդների ողբերգությունների զոհերի հիշատակին, և որ հուշարձանի կառուցման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի իշխող՝ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը։

50-70-ական թթ. Իսրայելի արտաքին քաղաքականությունը հենվում էր այն երկրների հետ ռազմաքաղաքական դաշինքների համակարգի վրա, որոնք գտնվում էին արաբական աշխարհի շրջագծում և բարդ հարաբերություններ ունեին հրեական պետության հակառակորդների հետ։

Ադրբեջանի հետ դաշինքը վերածնում է այս փառավոր ավանդույթը և, անկասկած, մեծ ապագա ունի։ Հայաստանը նույնպես 90-ականների սկզբին Իսրայելի հետ ամուր հարաբերություններ հաստատելու լավ հնարավորություններ ուներ, այս ուղղությամբ քայլեր էին արվում, բայց դրանք զարգացում չստացան։ Հայկական կողմն այստեղ լիակատար պասիվություն ցուցաբերեց։ Բացի այդ, այսօր և՛ սփյուռքի, և՛ Հայաստանի հայ մտավորականության շրջանում ավելի ու ավելի շատ են տարածում գտնում հակաիսրայելյան և հակասեմիթական տրամադրությունները։ Այնպես որ, հենց Բաքու-Իսրայել առանցքն է, թերևս, որոշելու ուժերի դասավորությունը Եվրոպայի և Ասիայի միջև անդրկովկասյան բեկվածքում։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am