Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Մայիս 2011, N 5

ԱՇԽԱՐՀԸ ՄԱՅԻՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Օրեցօր փոփոխվող աշխարհը մայիս մտավ։ Գարնան երրորդ ամիսը դարձավ ոչ միայն մինչ այդ ծավալված իրադարձությունների շարունակությունը, այլև իր հետ մի ինչ-որ նոր, անսպասելի բան բերեց, և նոր միտումները, ամենայն հավանականությամբ, կթելադրեն համաշխարհային քաղաքականության գալիք սցենարը։ Իսկ աշխարհը, համենայնդեպս՝ նրանք, որոնք իրենց ուժի բևեռ են համարել, շարունակում էին օտարվել մարդասիրական, հոգևոր արժեքներից՝ առաջին տեղում դնելով նյութական և քաղաքական շահերը։

Եվ այսպես, մայիսի սկիզբը համաշխարհային հանրությանն աննախադեպ անակնկալ մատուցեց. մայիսի 2-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որում մարդկությանն ավետեց չարի դեմ բարու հաղթանակի մասին. ոչնչացվել էր «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը։ Ամերիկյան հատուկջոկատայիններն սպանել էին «թիվ 1 ահաբեկչին» պակիստանյան Աբոտաբադ քաղաքում։ Ամերիկայի գլխավոր թշնամու մահը միանշանակ արձագանք չստացավ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Շատերն այն ընկալեցին որպես կարևոր ձեռքբերում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, մյուսները հայտարարեցին, որ դա էժանագին հնարք էր՝ ուղղված Բարաք Օբամայի սասանված վարկանիշը և ԱՄՆ-ի հանդեպ վստահությունը բարձրացնելուն։ Այս դիրքորոշման կողմնակիցներն իրենց պնդումները հիմնավորում են այն տեղեկություններով, որ Ուսամա բեն Լադենը սպանվել է կամ մահացել հիվանդությունից դեռ մի քանի տարի առաջ, բայց «ողջ և վտանգավոր է մնացել» շնորհիվ ամերիկացիների ջանքերի, որոնք նրա ոչնչացման մասին լուրը պահում էին հարմար առիթի համար։ Ինչպես տեսնում ենք, այդ պահը եկել է, չէ՞ որ Օբաման պատրաստվում է երկրորդ անգամ դառնալ Սպիտակ տան տերը, և հանձին բեն Լադենի՝ չարը կործանելը քամուն կտար ԱՄՆ գործող նախագահի մրցակիցների բոլոր շանսերը։

Բայց բոլորը չէ, որ զբաղված էին ահաբեկչության դեմ հատուկ գործողություններով և պատերազմով։ Օրինակ, մայիսի սկզբին Շվեյցարիայի իշխանությունները Ժնևում կազմակերպեցին գրքի և տպագրության 25-րդ ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկա եղավ նաև Հայաստանի նախագահը։ Սերժ Սարգսյանն այցելեց հայկական տաղավար, ծանոթացավ Հայաստանի և սփյուռքի հրատարակչություններում տպագրված գրքերին, դիտեց «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրանքը, ինչպես նաև այցելեց Նարեկ Ավետիսյանի արդի արվեստի ցուցահանդես։ Ժնևում նախագահ Սարգսյանը ծաղկե- պսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հանդիպումներ ունեցավ հայ սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Այցելության հաջորդ օրը Հայաստանի նախագահը հանդիպեց Շվեյցարիայի ղեկավարության հետ, ինչը որոշ հայ քաղաքական գործիչների ու փորձագետների առիթ տվեց դրանում տեսնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերակենդանացնելու փորձ։ Սակայն Շվեյցարիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կրկին հիշեցրեց անհաղթահարելի խոչընդոտների մասին, որոնք դնում է Անկարան առաջընթացի հասնելու ճանապարհին։ «Մեր ցանկությունն էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել: Ցավոք, Թուրքիայի բարձրաստիճան այրերը ամեն ինչ անում են` այդ ցանկությունն օտարելու համար»,- ասել է Հայաստանի նախագահը։

Լիբիայում ռազմական արկածախնդրության մեջ ընկած ՆԱՏՕ-ն այս օրերին, ըստ էության, կորցրել է իրավիճակի վերահսկողությունը, և չի բացառվում, որ հենց անելանելիության գիտակցումն է դարձել պատճառն այն բանի, որ դաշինքը նոր պահանջով դիմի ՄԱԿ-ին։ Մայիսի 3-ին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի գծով օգնական Ջեյմս Ափաթուրայը հայտարարեց, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է նոր բանաձև ընդունի Լիբիայի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ 1973 նախկին բանաձևը ցամաքային գործողություն չի ենթադրում։ Այսինքն՝ փաստորեն, ՆԱՏՕ-ականները միջազգային հանրությունից քարթ-բլանշ են պահանջում ինքնիշխան երկիր ցամաքային ներխուժման համար։ Միևնույն ժամանակ, Ափաթուրայը գրեթե աբսուրդ հայտարարություն արեց՝ ընդգծելով, որ Արևմուտքի կոալիցիոն ուժերը մտադիր չեն փոխել քաղաքական վարչակարգը Լիբիայում, և ՆԱՏՕ-ի նպատակը Քադաֆին չէ։ Ուրեմն, ինչի՞ էր պետք ռազմական գործողություն սկսել այս երկրի դեմ։ Այս հարցի պատասխանն առայժմ բաց է մնում։ Անպատասխան է մնում նաև մեկ այլ հարց՝ Քադաֆիի որդու և թոռների սպանությունը։ Ի դեպ, այս ողբերգության մասին գերադասում են չխոսել, բայց դրանից այն կատակերգություն չի դառնում, ավելի շուտ՝ դառնում է տրագիֆարս, քանի որ ռմբակոծել մի պետություն՝ «խաղաղ բնակչության» պաշտպանության նպատակով և սպանել այդ պետության միջազգայնորեն ճանաչված առաջնորդի երեխաներին՝ առնվազն հանցավոր է, մանավանդ որ իրականում ՆԱՏՕ-ականները Լիբիան ռմբակոծում են փոքրամասնության պաշտպանության նպատակով, իսկ դա արդեն դեմոկրատաբար չէ, քանի որ լիբիական ցեղերի մեծամասնությունը (80%) պաշտպանում է հենց գնդապետ Քադաֆիին։ Ահա այսպիսի նոնսենս, և հայտնի չէ, թե ինչպես են պատրաստվում դուրս գալ լիբիական փակուղուց։

Այս ֆոնին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին կոչ արեց «հանուն իր ժողովրդի ապագայի» անհապաղ թողնել պաշտոնը և հեռանալ երկրից։ Էրդողանին չգիտես ինչու թվացել էր, թե Լիբիայում քաղաքական նոր գործընթաց է սկսվել և հանուն դրա Քադաֆին պետք է անմիջապես կատարի իր պատմական, մարդկային և խղճի պարտքը՝ թողնել իշխանությունը և հանձնել այն ժողովրդին։

Մինչ Էրդողանը «վճռում» էր Քադաֆիի և լիբիական ժողովրդի ճակատագիրը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն ուղևորվեց Ավստրիա և այդ երկրի ղեկավարությունից աջակցություն խնդրեց Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում։ Նա փորձեց հավաստիացնել Եվրոպային, որ «անհանգստության ոչ մի հիմք չկա, թե Թուրքիայի անդամակցությունը կխախտի ԵՄ ներքին հարմոնիան»։ Դժվար չէ կռահել, թե ինչ մտածեցին ԵՄ որոշ ղեկավարներ, երբ փորձեցին պատկերացնել «հարմոնիան» եվրոպական երկրների ընտանիքում, ուր կմտնի մուսուլմանական Թուրքիան 70 միլիոնանոց բնակչությամբ։

Եվրոպայի հետ Թուրքիայի հարմոնիան առայժմ այնքան էլ չի ստացվում, բայց, ահա, Մերձավոր Արևելքում, թվում է, կայունության և կառուցվածքային երկխոսության նշաններ են նշմարվում։ Համենայնդեպս, դա հաջողվեց պաղեստինյան մրցակցող ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումներին, որոնք ամսվա սկզբին Կահիրեում համաձայնագիր ստորագրեցին ազգային հաշտության և իշխանության ընդհանուր մարմիններ ստեղծելու մասին։ Համաձայնագիրը նախատեսում է «տեխնոկրատների միասնական կառավարության» ձևավորում, ինչպես նաև խորհրդարանի և Պաղեստինի Ինքնավարության ղեկավարի ընտրությունների անցկացում պայմանագրի ստորագրումից հետո մեկ տարվա ընթացքում։ Ի դեպ, պայմանավորվածությունը ձեռք բերվեց Եգիպտոսի նոր իշխանությունների ակտիվ միջնորդությամբ։

Երկխոսության ուղիներ էին որոնում նաև Սիրիայում, որտեղ մայիսի սկզբին նոր ուժգնությամբ բռնկվեցին հեղափոխական տրամադրությունները։ Մայիսի 4-ին տեղեկություններ հայտնվեցին, թե Սիրիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել բանակցելու ընդդիմության հետ։ Ընդդիմադիրների մեջ բանակցողների որոնմամբ զբաղվում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավոր խորհրդականներից մեկը՝ Բութայա Շաաբանը։ Նրա փորձերը, սակայն, անհաջող էին, քանի որ ցուցարարները կտրականապես հրաժարվում էին երկխոսության գնալ իշխանությունների հետ։

Մայիսի սկիզբը կարելի է երկխոսությունների շրջան կամ, առնվազն, համաձայնության և փոխըմբռնման հասնելու ուղիների որոնման փուլ համարել։ Այսպես, մայիսի 4-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի իրավիճակը, խոստացավ, որ կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության գան կարևոր հարցերի շուրջ։

Այնինչ, ահաբեկչության դեմ պայքարը մղվում էր բոլոր ճակատներով։ Մայիսի 4-ին ռուսաստանյան ուժայինները հայտարարեցին «Ալ-Քաիդայի» էմիսար, Հյուսիսային Կովկասում միջազգային ահաբեկիչների գլխավոր համակարգող Աբդուլա Քուրդի ոչնչացման մասին։ Ինչպես տեղեկացրեց ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն, Քուրդն անմիջական մասնակցություն էր ունեցել խոշոր ահաբեկչական ակտերի, խաղաղ բնակիչների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների սպանությունների պլանավորմանն ու կազմակերպմանը։ Ըստ կոմիտեի տվյալների՝ Քուրդը վերահսկում և բաշխում էր ողջ Հյուսիսային Կովկասում ահաբեկչական ընդհատակյա ավազակախմբերի գործունեության ապահովման համար արտասահմանից ստացվող ֆինանսավորումը։

Հաջորդ օրն ահաբեկիչներն իրենց զգալ տվեցին Թուրքիայում, որտեղ մահափորձ կատարվեց երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։ Միջադեպը տեղի ունեցավ երկրի հյուսիսի Կաստամոնու քաղաքում, որտեղ Էրդողանը ելույթ էր ունենում նախընտրական հանրահավաքում։ Գրոհայինները նռնակներ նետեցին մեքենաների շարասյան մեջ, այնուհետև կրակ բացեցին։ Զոհվեց ոստիկանական մի սպա, ևս երկուսը վիրավորվեց։ Ինքը՝ վարչապետը, չտուժեց. նա հավաքատեղիից հեռացավ ուղղաթիռով։

Մայիսի սկզբին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին խնդրել է հրաժարական տալ։ Արաբական մի քանի լրատվամիջոցներ նույնիսկ տեղեկություն տարածեցին Իրանի նախագահի մտերիմների ձերբակալությունների մասին։

Նման խնդիր առկա է նաև Ռուսաստանի ներքաղաքական օրակարգում, սակայն այստեղ խոսքը պետության «երրորդ դեմքի»՝ Դաշնության խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովի հրաժարականի մասին էր։ Դա էր պահանջում իշխող կուսակցությունը։ Բանն այն է, որ «Միասնական Ռուսաստանը» ձգձգված հակառակություն ունի Միրոնովի հետ։ Անցած տարվա փետրվարին Դաշնության խորհրդի նախագահը Վլադիմիր Պոզների հաղորդման ժամանակ հայտարարել էր, թե միշտ չէ, որ աշխատանքային հարցերում համաձայն է վարչապետ Վլադիմիր Պուտինի կարծիքի հետ։ Դրանից հետո եդինոռոսները և «Արդար Ռուսաստանի» ներկայացուցիչները քննադատական մի քանի հայտարարություններ փոխանակեցին։ Իսկ վերջերս, մայիսմեկյան հանրահավաքի ժամանակ, Միրոնովն ասաց, որ Սանկտ Պետերբուրգը խրվել է կոռուպցիայի մեջ։ Ըստ եդինոռոսների՝ դա էլ հենց դարձավ «վերջին կաթիլը»։ Ինքը՝ Միրոնովը, հայտարարեց, որ նրան հետ կանչելու պատճառը քաղաքական հայացքներն են։

Ռուսաստանում խորհրդարանական և նախագահական ընտրությունների մոտենալուն զուգընթաց՝ սրընթաց փոփոխվում է քաղաքական ուժերի դասավորությունը, ի հայտ են գալիս նոր քաղաքական նախաձեռնություններ, որոնք միանգամայն այլ իրողություններ են խոստանում երկրի ապագա կյանքի համար։ Մայիսի 7-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ «ժողովրդական լայն ճակատ» ստեղծելու կոչով, որը կկարողանար միավորել քաղաքական տարբեր ուժերին։ «Դա ոգով մոտ քաղաքական ուժերի միավորման գործիք է»,- ասաց վարչապետը «Միասնական Ռուսաստանի» միջտարածաշրջանային կոնֆերանսի ընթացքում։ Պուտինի կարծիքով՝ այդ կազմակերպությունը կարող է կոչվել «Համառուսական ժողովրդական ճակատ»։

Մայիսի 9-ին նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը։ Հիմնական հանդիսությունները կատարվեցին Ռուսաստանում։ Տոնը նշվեց նաև Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, իսկ Հայաստանում մայիսի 9-ը եռակի տոն է. Հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման օրը և ԼՂՀ պաշտպանության բանակի օրը։ Եվ մինչ մարդիկ հիշատակի տուրք էին մատուցում ֆաշիզմի դեմ մղված պայքարում զոհվածներին, մեծարում Մեծ հայրենականի մասնակից վետերաններին, ուկրաինական նացիոնալիստները փորձեցին վերածնել նացիզմի գաղափարները՝ փաստորեն մարտահրավեր նետելով առաջադեմ ողջ մարդկությանը։ Այն, ինչ կատարվեց Լվովում մայիսի 9-ին, այլ կերպ, քան խավարամոլություն չես անվանի։ Լվովի կոմունիստական կուսակցության մոտ 300 ներկայացուցիչներ, պատերազմի վետերաններ փորձեցին ծաղիկներ դնել խորհրդային զինվորների Եղբայրական գերեզմանին։ Բայց ագրեսիվ տրամադրված արմատականները խափանեցին հանդիսությունը։ Նրանք պոկոտեցին տարեց մարդկանց շքանշանները, Գեորգիևյան ժապավենները, ծեծեցին խորհրդային խորհրդանիշեր կրող երեխաներին։ Միլիցիայի աշխատակիցները չմիջամտեցին կոնֆլիկտին, նույնիսկ երբ նացիոնալիստները խլեցին ռուսական հյուպատոսության աշխատակիցների ծաղկեպսակը։ Այս իրադարձությունները վրդովմունքի փոթորիկ բարձրացրին Ռուսաստանում և ուժգնորեն հարվածեցին ռուս-ուկրաինական հարաբերություններին։

Մայիսին աշխարհի հիմնական «նյուզմեյքերը» շարունակեց մնալ Լիբիան, ավելի ճիշտ՝ Արևմուտքը, որը փորձում էր օգնել լիբիական ժողովրդի ազատության և Քադաֆիի վարչակարգի բռնապետության դեմ հաղթանակին»։ Մայիսի 10-ին իտալական «La Stampa» թերթը տեղեկացնում էր, որ օտարերկրյա դիվանագետները չեն բացառում, որ Քադաֆին կարող էր զոհված լինել մայիսի 1-ի գիշերը, երբ ՆԱՏՕ օդային ռմբակոծումների հետևանքով Տրիպոլիում սպանվեց նրա կրտսեր որդին՝ Սեյֆ-ալ-Արաբը։ Բայց երկու օր հետո Լիբիական ջամահիրիայի առաջնորդը հայտնվեց լիբիական պետական հեռուստաընկերության եթերում, մայիսի 14-ին լսվեց նրա դիմումը ժողովրդին, որում «վախկոտ խաչակիրներին» տեղեկացնում էր, որ ՆԱՏՕ ուժերը չեն կարողանա հասնել իրեն։ «Դուք չեք կարող սպանել ինձ, որովհետև ես ապրում եմ այնտեղ, որտեղ ինձ հասնել չի կարելի՝ միլիոնավոր մարդկանց սրտերում»,- հայտարարել էր անվախ գնդապետը։

Անսպասելիորեն պարզվեց, որ Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևում կանգնած է ոչ թե Արևմուտքն իր «գունավոր տեխնոլոգիաներով», այլ ահաբեկիչները։ Մայիսի 9-ին «Ալ-Քաիդան իսլամական Մաղրիբի երկրներում» ահաբեկչական խմբավորումը հայտարարեց արաբական մի շարք երկրներում պետական հեղաշրջումների ալիքին և հակակառավարական ելույթներին իր մասնակցության մասին։ «Արաբական աշխարհը ցնցող իրադարձությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ջիհադի արդյունքներից մեկը, որում շեյխ Ուսամա բեն Լադենն առաջնային դեր է խաղացել»,- ասվում էր ահաբեկչական կազմակերպության կայքում զետեղված հաղորդման մեջ։ Արաբական երկրներում տեղի ունեցող հուզումների սկզբից ևեթ շատ փորձագետներ հայտարարում էին, որ այդ իրադարձությունները ոչ մի կերպ չի կարելի կապել Արևմուտքի հետ, ընդհակառակը, դրանք հրահրում են արմատական իսլամական կազմակերպությունները՝ տարածաշրջանում ամերիկամետ քաղաքականություն վարող կառավարություններին տապալելու և իրենց իշխանությունը հաստատելու նպատակով։ Այս հայտարարություններն անհիմն չեն. բավական է միայն հիշել, որ Արևմուտքի հանդեպ բավական լոյալ Թունիսի նախագահի պաշտոնանկությունից հետո պաշտոնից զրկվեց Մերձավոր Արևելքում ԱՄՆ գլխավոր դաշնակից Հոսնի Մուբարաքը։ Իսկ եթե ուշադիր հետևելու լինենք Եգիպտոսի նոր իշխանությունների վարած քաղաքականությանը, ապա կարելի է պարզ տեսնել, թե ինչ ուղի է ընտրում այդ երկիրը արտաքին քաղաքական ասպարեզում։ Ի դեպ, մայիսին «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության առաջնորդներից մեկը՝ Աբդելմունիմ Աբուլֆութուհը, Եգիպտոսի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու վերջնական որոշում կայացրեց։ Թեև նա իր թեկնածությունը պետական բարձրագույն պաշտոնի համար դնում է որպես անկախ թեկնածու, սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ հաղթանակի պարագայում Աբուլֆութուհը ներկայացնելու է հենց «Մուսուլման եղբայրների» դիրքորոշումն ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Բայց արևմտյան ղեկավարները, ամենայն հավանականությամբ, իրենց նեղություն չտվեցին վերլուծել ներկա իրավիճակը և դրա հնարավոր զարգացումն ապագայում և շարունակեցին ինտենսիվորեն ռմբակոծել Լիբիան՝ միաժամանակ մտքում պտտելով Սիրիայի հավանական «դեմոկրատացման» սցենարը։ Մայիսի 10-ին ԵՄ-ը պատժամիջոցներ ընդունեց այս երկրի դեմ։ Պատժամիջոցները նախատեսում են էմբարգո դնել Սիրիա մտնող զենքի և այլ միջոցների վրա, որոնք կարող են օգտագործվել բնակչության նկատմամբ ճնշումների համար։ Բացի այդ, Սիրիայի ղեկավարության ներկայացուցիչներին, որոնք պատասխանատու են ցուցարարների մահվան համար, արգելվեց մտնել ԵՄ տարածք, իսկ Եվրոպայում պահվող նրանց հաշիվները սառեցվեցին։ Այսպիսով, ԵՄ մայիսյան պատժամիջոցները Սիրիայի դեմ ուղղակի կրկնում են փետրվարին Մուամար Քադաֆիի դեմ ընդունված պատժամիջոցների առաջին փաթեթը, որոնց հետևեց ՆԱՏՕ ռազմական գործողությունը Լիբիայում։ Ավելին, հաջորդ օրը Սպիտակ տան աղբյուրը Associated Press գործակալությանը հաղորդեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մոտ է նրան, որ ոչ լեգիտիմ ճանաչի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը։ Աղբյուրն ավելացրել է, որ «նման քայլը կպարտավորեցնի գործել ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը»։

Բայց ամեն ինչ չէ, որ այդքան վատ է եղել, միշտ էլ պատերազմներից ու հակամարտություններից հեռու հանդիսությունների, դրական հույզերի և իրադարձությունների տեղ գտնվել է։ Մայիսի 11-ին գերմանական Դյուսելդորֆում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Ցավոք, Հայաստանի ներկայացուցիչ, երգչուհի Էմմին չմտավ եզրափակիչ մտածների տասնյակ։ Առաջին անգամ 2006թ. ի վեր, երբ մեր երկիրն սկսեց մասնակցել երաժշտական այս մրցույթին, Հայաստանի ներկայացուցիչը չհայտնվեց այդ տասնյակում։ Իսկ «Եվրատեսիլ-2011»-ի հաղթող դարձավ Էլ և Նիկի երկյակն Ադրբեջանից։ Նրանք զբաղեցրին առաջին տեղը՝ քվեարկության արդյունքում հավաքելով 221 միավոր։

Սակայն աշխարհում, այնուամենայնիվ, գերակշռում էին բացասական գործընթացները՝ իրենց ճանապարհին ջնջելով այն ամեն դրականը, ինչը մնում էր քաղաքականությունից հեռու իրադարձություններից հետո։ Ինչպես կանխատեսում էին փորձագետները մայիսի սկզբին, Ուսամա բեն Լադենի ոչնչացումից հետո, «Ալ-Քաիդայի» առաջնորդի սպանությունը քիչ բան կփոխի ահաբեկչության դեմ պատերազմում, և ծայրահեղականները կշարունակեն ընթանալ արյունալի ճանապարհով։ Եվ ահա, մայիսի 12-ին Արաբական թերակղզում «Ալ-Քաիդայի» խմբի ղեկավար Նասեր-ալ-Վահիշին հայտարարում է, որ Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենի վերացումից հետո պետք է «վատթարագույնին» սպասել։ Կազմակերպության կայքում հրապարակված հայտարարությունում ալ-Վահիշին գրում է. «Այս պատմությունը դեռ չի ավարտվել։ Այն, ինչ սպասվում է ձեզ, անհամեմատ ավելի վատ է լինելու և կործանարար։ Դուք դեռ կկրծեք ձեր եղունգները և երանի կտաք բեն Լադենի ժամանակներին»։ Իսկ արդեն հաջորդ օրը Պակիստանը ցնցվեց ռազմականացված ոստիկանության ստորաբաժանման անդամների պատրաստման կենտրոնի վրա կատարված հրեշավոր հարձակումից։ Կրկնակի ահաբեկչական գործողությունը 70 մարդու կյանք խլեց։ Տասնյակ մարդիկ վիրավորվեցին։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնեց իսլամիստական «Թալիբան» շարժման պակիստանյան թևը։ Թալիբները հայտարարեցին, որ պայթյունները «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի նահատակության համար «վրեժի առաջին ակտն են» և սպառնացին նոր, ավելի խոշոր ահաբեկչություններով Պակիստանում և Աֆղանստանում։

«Թիվ 1 ահաբեկչին» վերացնելու արձագանքները «լսվեցին» նաև պակիստանա-ամերիկյան հարաբերություններում։ Մայիսի 14-ին Պակիստանը հայտարարեց, որ կվերանայի ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այն պատճառով, որ Վաշինգտոնը չի նախազգուշացրել երկրի իշխանություններին «Ալ-Քաիդայի» առաջնորդի դեմ գործողություն իրականացնելու մասին։ Նման հայտարարությամբ հանդես եկան պակիստանցի պատգամավորները՝ հայտարարելով, որ ԱՄՆ գործողությունը խախտել է Պակիստանի ինքնիշխանությունը։ Նրանք ԱՄՆ-ին սպառնացին նաև փակել Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքերի մատակարարման ճանապարհները, եթե նման գործողություններ կրկնվեն երկրի տարածքում։

Պակիստանը չվախեցավ հարաբերությունները վատացնել համաշխարհային առաջատար տերության հետ, այնինչ աշխարհաքաղաքական գործընթացների մյուս մասնակիցները փորձում էին ամեն կերպ դուր գալ Միացյալ Նահանգներին, բայց՝ անհաջող։ Ամսվա երկրորդ կեսին Լիբիայի ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները, ավելի պարզ՝ խռովարարները, բանակցություններ անցկացրին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի հետ՝ հույս փայփայելով ճանաչվել Վաշինգտոնի կողմից։ Բայց Վաշինգտոնը մերժեց դիվանագիտական ճանաչում տալ խռովարարների կառավարությանը։ Բանակցությունների արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հայտարարությունում ասվում է, որ Դոնիլոնը Լիբիայի ազգային անցումային խորհուրդը համարում է «վստահության արժանի գործընկեր»։

Իսկ Եմենի ընդդիմադիր ուժերը, չկարողանալով կարգավորել շփումներն ամերիկյան կառավարության հետ (համենայնդեպս՝ պաշտոնապես) և ապարդյուն ջանալով պաշտոնանկ անել նախագահ Սալեհին, մայիսի կեսին հայտարարեցին, որ վճռական գործողությունների շաբաթ են սկսում, որոնք պետք է հանգեցնեն պետության ղեկավարի հրաժարականին։ Ընդդիմադիր կուսակցությունները ծրագրել են երկրի մայրաքաղաք Սանայում բազմահազարանոց քայլերթ կազմակերպել դեպի նախագահական պալատ։ Միևնույն ժամանակ, Եմենում իշխող կուսակցությունը Սալեհի 180 հազար կողմնակիցների «մոբիլիզացիա» անցկացրեց Եմենի գավառներից, որոնք պետք է տեղավորվեին նախագահական պալատի շուրջը և թույլ չտային ընդդիմության երթը դեպի պետության ղեկավարի նստավայր։

Ընդդիմության հետ կապված խնդիրն ավելի հեշտ միջոցներով որոշեցին լուծել երկրագնդի մեկ այլ հատվածում՝ Բելառուսում։ Մայիսի 14-ին նախագահի նախկին թեկնածու Անդրեյ Սաննիկովը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման։ Նրան մեղավոր ճանաչեցին զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ, որոնք տեղի ունեցան Մինսկում, դեկտեմբերի 19-ին, նախագահական ընտրություններին հաջորդած գիշերը։

Խոշոր միջազգային սկանդալ բռնկվեց մայիսի 15-ին։ Կեղտոտ պատմության մեջ ընկավ, ոչ ավելի, ոչ պակաս, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը։ Նրան բռնել էին Նյու Յորքում՝ ամերիկյան հյուրանոցներից մեկի սպասուհուն բռնաբարելու փորձի մեղադրանքով։ Կալանման պահին ԱՄՀ ղեկավարը գտնվում էր ինքնաթիռում, որը պետք է թռչեր Փարիզ։ Կալանվելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բարուենը հայտարարեց, որ ԱՄՀ ղեկավարի հանդեպ անհրաժեշտ է պահպանել անմեղության կանխավարկածը։ Ի դեպ, Դոմինիկ Ստրոս-Կանը պատրաստվում է պայքարել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար։

Մայիսին, ինչպեսև մինչ այդ, աշխարհը զերծ չմնաց բնական աղետներից։ Հորդառատ անձրևների և ձնհալի պատճառով Միսիսիպի գետի ջրերը բարձրացան` հասնելով վերջին տասնամյակում ամենաբարձր մակարդակին։ Գետի վարարումը հեղեղեց Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի մի մասը։ Հեղեղման վտանգի առջև հայտնվեցին Բաթոն-Ռուժ և Նյու Օռլեան քաղաքները։ Տարերային հարվածն այդ քաղաքներից հեռացնելու համար Լուիզիանա նահանգի իշխանությունները ստիպված էին բացել Միսիսիպիի ջրարգելները։

Մինչ այդ Օբամայի վարչակազմը բախվեց ֆինանսական նոր հիմնախնդիրների, որոնք ձնագնդի նման մեծացել էին՝ սպառնալով ջնջել ամերիկյան տնտեսությունը։ Մայիսի 17-ին երկրի ֆինանսների նախարար Թիմոթի Հայթները տագնապ հնչեցրեց, թե ԱՄՆ պետպարտքը հասել է առավելագույն թույլատրելի մակարդակի՝ 14,3 տրիլիոն դոլարի։ Նա Կոնգրեսին հայտնել է, որ իշխանությունների ձեռնարկած մի շարք միջոցներ միայն մասամբ կօգնեն խուսափել դեֆոլտից, բայց եթե օրենսդիրները մինչև 2011թ. օգոստոսի 2-ը չբարձրացնեն բյուջետային պարտքի մակարդակը, ապա ԱՄՆ-ը չի կարողանա այլևս լրիվ չափով վճարել վարկերի դիմաց։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն, իրենց հերթին, հայտարարեցին, որ ջուր չեն լցնի դեմոկրատների ջրաղացին և կպահանջեն արմատապես կրճատել բյուջեի ծախսերը։

Մայիսն անհաջող էր նաև Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի համար։ Իշխանության տեղական մարմինների ընտրություններում այս երկրի իշխող կոալիցիան շռնդալից պարտություն կրեց։ Բեռլուսկոնիի զինակիցներն իրենց հակառակորդ ձախակենտրոններին ու դեմոկրատներին զիջեցին Միլանը, Նեապոլը և Թուրինը։

Հանգուցալուծման է մոտեցել նաև ամսվա սկզբին Ռուսաստանում սկսված ներքաղաքական պայքարը. Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավորները մայիսի 18-ին որոշում ընդունեցին Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին խորհրդարանի վերին պալատից հետ կանչելու մասին։ Նա ինքնըստինքյան կորցրեց ոչ միայն սենատորի մանդատը, այլև «պետության երրորդ դեմքի» (նախագահից և վարչապետից հետո) անվանական պաշտոնը։

Այդ նույն օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը մամուլի մեծ ասուլիս անցկացրեց «Սկոլկովոյում», պատասխանեց բազմաթիվ հարցերի, բայց այդպես էլ չցրեց 2012-ի նախագահական ընտրություններին իր մասնակցության շուրջ ծավալված ինտրիգը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Կրեմլի ղեկավարը հայտարարեց, որ ճիշտ չի համարում այդ մասին հայտարարել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպմանը։ Մեդվեդևը, սակայն, նշեց, որ ընտրությունների մասնակցելու մասին որոշումը կարող է ընդունել արդեն մոտ ժամանակներս։

Մայիսի 19-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ելույթում խոսեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին և հուրախություն պաղեստինցիների՝ կոչ արեց Իսրայելին վերադառնալ 1967թ. սահմաններին։ Բացի այդ, Օբաման ամերիկյան նախագահներից առաջինն էր, որ հայտարարեց, թե ապագա պաղեստինյան պետությունը պետք է կազմավորվի մինչև 1967թ. հաստատված սահմաններում։

Իսրայելցիների հակազդեցությունը երկար սպասել չտվեց։ Օբամայի ելույթի ավարտից գրեթե անմիջապես հետո Իսրայելի վարչապետը կտրուկ մերժեց ԱՄՆ նախագահի առաջարկը 1967թ. սահմանների մասին։ Նման քայլը, ընդգծեց Նեթանյահուն, կզրկեր Իսրայելին իրեն պաշտպանելու հնարավորությունից։

Մայիսին տեղի ունեցավ մշակութային գլխավոր իրադարձություններից մեկը՝ Կաննի 64-րդ կինոփառատոնը։ Այս տարի «Արմավենու ոսկե ճյուղ» ստացավ ամերիկյան կինոռեժիսոր Թերենս Մալիկի «Կենաց ծառ» ֆիլմը։ Իսկ ահա միջազգային կինոփառատոնի հակահերոս դարձավ սկանդինավյան կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերը, որը պերսոնա նոն-գրատա հայտարարվեց Կաննում՝ Հիտլերի, նացիզմի և Իսրայելի մասին սադրիչ արտահայտությունների համար։ Սակայն նրա «Մելանխոլիա» ֆիլմում նկարահանված դերասանուհի Քիրսթեն Դանսթը ստացավ կնոջ լավագույն դերի համար մրցանակը։

Իսկ Իսրայելում, որը հիվանդագին է վերաբերվում հակասեմիթականությանը և նրանց, ովքեր համակրում են Հիտլերին և նացիստներին, խոչընդոտում էին Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Այդ երկրի փոխարտգործնախարար Դանի Այալոնը, մեկնաբանելով Քնեսեթում կայացած քվեարկությունը, հայտարարեց, որ «Մեր տունն Իսրայելն է» (ՄՏԻ) խմբակցությունը գործի կդնի իր բոլոր քաղաքական ռեսուրսները՝ թույլ չտալու համար Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Մայիսի 18-ին իսրայելցի պատգամավորները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանձնեցին կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի քննարկմանը։

Մայիսը կարելի է համարձակորեն ֆինանսական ցնցումների ամիս անվանել։ Մայիսի 23-ին Բելառուսի Ազգային բանկը դոլարի նկատմամբ 55 տոկոսով արժեզրկեց տեղի ռուբլին։ Երկրի իշխանությունները համառորեն լռում էին, տեղի ԶԼՄ-ները չէին մեկնաբանում իրավիճակը, սակայն բելոռուսական տնտեսության իրավիճակի մասին խոսեց Ռուսաստանի նախագահի օգնականը։ Ինչպես հայտարարեց Արկադի Դվորկովիչը, Բելառուսի ֆինանսական դրությունն ապակայունացավ ընտրությունների արդյունքների պատճառով։ «Ընտրությունները Բելառուսում հանգեցրին մի շարք որոշումների ընդունման, որոնք ապակայունացրին այդ թվում նաև ֆինանսական իրավիճակը»,- ասաց Դվորկովիչը։ Ընդ որում՝ նա հույս հայտնեց, որ ՌԴ-ի և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷս) օգնությունը կնպաստի Բելառուսի իրավիճակի կայունացմանը։ Փորձագետներն, իրենց հերթին, նշում էին, որ ֆինանսական վիճակի վատթարացման վրա, մասնավորապես, ազդել է Լուկաշենկոյի որոշումը երկրում միջին աշխատավարձը մինչև 500 դոլար բարձրացնելու մասին։

Ամսվա վերջին բավական տագնապալի զեկույց հրապարակեց Vision of Humanity կազմակերպությունը։ Այս կազմակերպության փորձագետները կազմել են խաղաղասիրության գլոբալ վարկանիշը (Global Peace Index) և եկել այն եզրակացության, որ խաղաղասիրությունը երկրագնդում շարունակում է նվազել արդեն երրորդ տարին անընդմեջ։ Վարկանիշի արդյունքների վրա զգալիորեն ազդել է ահաբեկչական սպառնալիքի աճը, ինչպես նաև անկայունությունը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում։ Չնայած «ահաբեկության դեմ պատերազմին» 29 երկրում (հիմնականում Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներում), նշմարվեց ահաբեկչական սպառնալիքի աճի միտում։ Բացի այդ, 33 երկրում ավելացել է ագրեսիայի դրսևորումներով ցույցերի հավանականությունը։ Այս տարի, ըստ Vision of Humanity-ի, ամենախաղաղասեր երկիրը Իսլանդիան էր, որին հաջորդում են Նոր Զելանդիան, Ճապոնիան, Դանիան և Չեխիան։

Երկրագնդում ագրեսիվության մակարդակի բարձրացման ապացույցներից մեկը դարձան իրադարձությունները Վրաստանում։ Մայիսի 29-ին Սաակաշվիլու «դեմոկրատական» ռեժիմն առանձնակի դաժանությամբ ցրեց բողոքի ակցիան Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում։ Վրաստանում նախագահ Միխայիլ Սաակաշվիլու հրաժարականը պահանջող հանրահավաքների կազմակերպիչը Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի «Ժողովրդական ժողով» շարժումն էր։ Տուժածների մեջ կային և՛ ընդդիմադիրներ, և՛ ոստիկաններ։ Ինչպես տեղեկացնում էին վրացական ԶԼՄ-ները, ցուցարարներին ցրելու ժամանակ ոստիկանությունն օգտագործել է ջրնետ մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Տուժածների ճշգրիտ թիվն առայժմ հայտնի չէ։ Բողոքի գործողության կազմակերպիչները և ընդդիմադիր մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ հայտարարում են, որ ոստիկանությունը «կիրառել է ոչ համամասնական ուժ և դաժանություն է ցուցաբերել հանրահավաքը ցրելիս՝ ծեծելով ակցիայի տասնյակ մասնակիցների և ձերբակալելով ցուցարարների մեծ խմբի»։ Սաակաշվիլին հայտարարել է, որ ընդդիմությունը գործել է «Վրաստանի սահմաններից դուրս գրված» սցենարով, իսկ հանրահավաքի կազմակերպիչները «բռնություն և զոհեր են ցանկացել»։ Նինո Բուրջանաձեն, իր հերթին, հանրահավաքի ցրումը բնութագրել է որպես «պատժիչ գործողություն»։

Մայիսի վերջին «արաբական խռովությունների» սպառնալիքը կանգնեց նաև Ադրբեջանի առջև։ Ամսվա վերջին օրերին ընդդիմադիր ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Բաքվում այցով գտնվող արևմտյան բարձրաստիճան դիվանագետն Ալիևի հետ հանդիպման ժամանակ «խստորեն պահանջել է կատարել երկու հիմնական պահանջ»։ Նախ՝ պաշտոնական Բաքուն պետք է լրջորեն զբաղվի քաղաքական դաշտի բարեփոխմամբ և այդ գործընթացի շրջանակում հայտարարի ընդդիմության հետ լուրջ և առարկայական երկխոսություն սկսելու մասին։ Երկրորդ՝ պետք է ցրի գործող խորհրդարանը և հայտարարի նոր ընտրությունների անցկացման ամսաթիվը։ Հակառակ պարագայում Արևմուտքը սպառնում է աջակցել ընդդիմությանը, ինչը կարող է հանգեցնել հեղափոխության։ Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդումներն անհիմն չէին. հաջորդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց 90 մարդու, այդ թվում և գլխավոր քաղբանտարկյալին՝ լրագրող Էյնուլա Ֆաթուլաևին, որին իշխանությունները ձերբակալել էին 2007թ. Ալիևի վարչակարգը մերկացնող հոդվածների հրապարակման համար։

Այդ նույն օրերին ֆրանսիական Դովիլում տեղի ունեցավ տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը՝ «Մեծ ութնյակի» գագաթաժողովը։ Աշխարհիս հզորները հավաքվել էին՝ քննարկելու և լուծումներ գտնելու առավել հրատապ գլոբալ հիմնախնդիրների համար։ Գագաթաժողովի շրջանակում անուշադրության չմատնվեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Մայիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն արեցին։ Այս փաստաթղթի տոնն, ընդհանուր առմամբ, իր հռչակագրային բնույթով չէր տարբերվում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների նախորդ համանման հայտարարություններից։ Սակայն դովիլյան հայտարարության մեջ նոր պահեր կային, որոնք կարող են վճռական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին։ Այսպես, Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ արեցին «քաղաքական կամք ցուցաբերել և ավարտել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնական սկզբունքների գծով աշխատանքը հունիսին սպասվող հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում»։ Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները համառորեն հորդորեցին «կողմերի ղեկավարներին բնակչությանը պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»։

«G-8»-ի դովիլյան գագաթաժողովի օրակարգի գլխավոր կետերից մեկն իրավիճակն էր Լիբիայում։ «Մեծ ութնյակի» երկրների ղեկավարները Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին կոչ արեցին վայր դնել իշխանական լիազորությունները։ G-8-ի գագաթաժողովի պաշտոնական ամփոփիչ հռչակագրում նշվում էր, որ Քադաֆին «ապագա չունի ազատ դեմոկրատական Լիբիայում», և նա պետք է հեռանա։ «Ութնյակի» պետությունների ղեկավարները գտնում են, որ գնդապետը և նրա կառավարությունը կորցրել են իրենց լեգիտիմությունը, քանի որ չեն կարողացել ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը։ Հռչակագրում ասվում էր, որ անցումային գործընթացը պետք է իրականացվի «հենց լիբիացիների ուժերով» և ողջունվում է Լիբիայի ազգային անցումային խորհրդի առաջարկած վերափոխումների «ճանապարհային քարտեզը»։

Լիբիական հարցում «մեծ ութնյակի» գործընկերների հետ անսպասելի համերաշխություն ցուցաբերեց Ռուսաստանը։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 27-ին հայտարարեց, որ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին «կորցրել է լեգիտիմությունը և պետք է հեռանա իշխանությունից»։ Ընդ որում՝ նա հավելեց, որ Ռուսաստանը չի ընդունի Քադաֆիին իր երկրի տարածքում, եթե նա որոշի լքել իր երկիրը։ Մեդվեդևը նաև ընդգծեց, որ Ռուսաստանը շահագրգռված է ամբողջական, ազատ, ինքնիշխան և ակտիվ Լիբիայով, որն ի վիճակի կլինի ինքնուրույն պաշտպանել իր շահերն աշխարհում։ Ըստ նրա՝ Ռուսաստանը համաձայնել է դառնալ միջնորդ լիբիական ճգնաժամի կարգավորման գործում։ Դրա համար Մեդվեդևը Բենգազի է ուղարկել իր անձնական ներկայացուցչին՝ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Միխայիլ Մարգելովին։ «G-8»-ի գագաթաժողովում մոռացության չմատնվեց նաև Իրանը։ «Մեծ ութնյակի» երկրները մեծապես մտահոգված են Թեհրանի գործողություններով, որը մշտապես չի կատարում ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերն ու ԱԷՄԳ պահանջները։ Այս մասին ասվում է գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում։ «Ութնյակի» առաջնորդներն ընդգծեցին, որ ճանաչում են Իրանի՝ խաղաղ միջուկային ծրագրի իրավունքը, սակայն այդ իրավունքն ուղեկցվում է պարտավորություններով, որոնք բոլոր երկրները, այդ թվում և Իրանը, պետք է կատարեն։

Իսկ Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի գլխավոր հեղափոխականը՝ Եգիպտոսը, համերաշխություն հայտնեց պաղեստինցիներին՝ ի հեճուկս Իսրայելի։ Մայիսի 28-ին եգիպտական կողմը բացեց 1,5 միլիոնանոց պաղեստինյան անկլավն արտաքին աշխարհի հետ կապող միակ՝ «Ռաֆահ» անցակետը Գազայի հետ սահմանին։ Այս քայլն անհանգստացրեց Թել Ավիվին։ Իսրայելի պաշտոնական անձինք հայտարարեցին, որ սահմանային այս անցակետով Գազայի հատված կթափանցեն գրոհայիններ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք կմատակարարվի։ Բայց Եգիպտոսի համար, ինչպես տեսնում ենք, ավելի կարևոր է պաղեստինցի եղբայրների բարեկեցությունը, քան Իսրայելի անհանգստությունը։

Ամիսը հաջող էր Սերբիայի իշխանությունների համար այն առումով, որ բազմամյա հետախուզումից հետո նրանց վերջապես հաջողվեց հայտնաբերել և ձերբակալել բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչին։ Անցանկալի գեներալը ձերբակալվեց մայիսի վերջին, Բելգրադից 70 կմ հեռու գտնվող Լազարևո գյուղում։ Նա պետք է կանգնի նախկին Հարավսլավիայի գծով միջազգային տրիբունալի առջև։ Մլադիչը մեղադրվում է Սրեբրենիցայում ութ հազար մուսուլմանների ոչնչացման, Սարաևոյի շրջափակման հետևանքով մոտ 12 հազար մարդու մահվան, պատանդներ վերցնելու և նույնիսկ անցյալ դարի 90-ական թթ. բալկանյան պատերազմի ընթացքում ահաբեկչություն կատարելու մեջ։ Սերբիայի շատ բնակիչներ բացասաբար ընկալեցին գեներալ Մլադիչին ձերբակալելու լուրը։ Նովի Սադ քաղաքում մոտ 500 մարդ փորձեց գրոհով գրավել տեղի հեռուստակենտրոնը և իշխող Դեմոկրատական կուսակցության շրջանային գրասենյակը։ Գեներալի կողմնակիցները փորձեցին բողոքի չթույլատրված ակցիաներ անցկացնել նաև Բելգրադում, սակայն ոստիկանությանը հաջողվեց ցրել ցուցարարներին։

Շատ փորձագետներ նշեցին, որ սերբերը նվեր մատուցեցին «Մեծ ութնյակի» գագաթաժողովին։ Բայց այդ նվերը նրանք առաջին հերթին իրենց արեցին. գեներալի ձերբակալությունից հետո Սերբիայի առջև բաց են Եվրամիության դռները։

Ամսվա վերջին տխուր լուր ստացվեց Մոսկվայից։ Մայիսի 29-ի վաղ առավոտյան մոսկովյան հիվանդանոցներից մեկում, 62 տարեկանում մահացավ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը։ Մայիսի 21-ին վիրահատել էին նրա աջ թոքը։ Վիրաբույժները վիրահատությունը «հաջող» էին գնահատել։ Սակայն այնուհետև հիվանդի թոքերը դադարել էին գործել, և այդ ժամանակվանից ի վեր նա միացված էր արհեստական շնչառության սարքին։ Մահվանից մեկ օր առաջ բժիշկներն արձանագրել էին այլ բարդություններ Աբխազիայի նախագահի այլ օրգաններում և չէին կարողացել նրան դուրս բերել կրիտիկական վիճակից։

Աբխազիայի նախագահի պարտականությունները երեք ամսվա ընթացքում կկատարի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը։

Մայիսի վերջին տեղի ունեցավ նաև տարվա գլխավոր մարզական իրադարձություններից մեկը։ Մայիսի 28-ին Լոնդոնում, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում հանդիպեցին իսպանական «Բարսելոնան» և անգլիական «Մանչեսթր Յունայթեդը»։ Կատալոնցիներին հաջողվեց հաղթել մանչեսթրցիներին 3։1 հաշվով։ Իսպանացի ֆուտբոլասերներին գեղեցիկ գոլեր և երջանիկ պահեր նվիրեցին Պեդրո Ռոդրիգեսը, Լիոնել Մեսին և Դավիդ Վիլյան։ «Բարսելոնան» իր պատմության մեջ չորրորդ անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան։ Մինչ այդ կատալոնցիներն այդ մրցախաղում հաղթել էին 1992, 2006 և 2009թթ., ընդ որում՝ երկու տարի առաջ եզրափակիչում «Բարսելոնան» հաղթել էր նույն «Մանչեսթրին»։

Այդ նույն օրը տարաձայնությունների հաղթահարման մասին տեղեկություններ ստացվեցին Իրանից։ Իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ, այաթոլա Խամենեին աջակցություն հայտնեց երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և կոչ արեց հարթել տարաձայնություններն իշխող շրջանակներում։ Այաթոլան ընդունեց, որ Ահմադինեժադի ներկայիս կառավարությունը թերություններ ունի, որոնք, սակայն, չեն խանգարում նրան նորմալ աշխատել։ «Կառավարությունը և խորհրդարանը պետք է օգնեն միմյանց»,- հայտարարեց Խամենեին։

Խամենեիի և Ահմադինեժադի միջև տարաձայնությունների մասին տեղեկություններն ի հայտ էին եկել ապրիլին։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Իրանի խորհրդարանը մտադիր է նախագահին իմփիչմենթ հայտարարել։ Արևմտյան ԶԼՄ-ները խորհրդարանականների մտադրությունը կապում էին Ահմադինեժադի և Խամենեիի միջև ենթադրվող կոնֆլիկտի հետ։ Բայց, հավանաբար, իրանական ղեկավարությունը որոշեց համերաշխություն և միասնականություն հանդես բերել՝ խուսափելու համար ներքաղաքական լարվածությունից՝ Արևմուտքի կողմից (ամերիկացիների գլխավորությամբ, որոնք քնում և երազում իսլամական հանրապետությունում այաթոլաների ռեժիմի անկումն են տեսնում) չդադարող ճնշման ֆոնին։ Սակայն պոստմոդեռնիստական Արևմուտքն իր կործանարար պրագմատիզմով, երևի, ոչ մի կերպ չի կարող հասկանալ արևելյան իմաստության ողջ խորությունը։ Ինչպես ասում էր հայտնի կինոնկարի հայտնի հերոսը՝ «Արևելքը նուրբ բան է, Պետրուխա՛»։

Ահա ամենատարբեր իրադարձություններով այսքան հարուստ էր մայիսը, որով ավարտվեց գարունը՝ տեղը զիջելով հանգստի, ծովի ու արևի սեզոնին՝ ամռանը։ Հուսանք, որ մեծ քաղաքականությունը նույնպես «արձակուրդ կգնա»՝ հասարակ մարդկանց հնարավորություն տալով գոնե մի երկու-երեք ամիս հանգստանալ այն լարվածությունից ու տագնապալի իրադարձություններից, որոնք իր հետ բերում է արդի պատմության մեջ «նորին մեծություն» աշխարհաքաղաքականություն կոչվող երևույթը։

Միխայիլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am