Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Մայիս 2011, N 5

ՄԱՅԻՍԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2011թ. մայիսը Հայաստանում հազվադեպորեն աղքատ էր իրադարձություններով, բացի համաներումից, որը հայտարարվեց ամսվա վերջին։ Իսկ մինչ այդ Հաղթանակի տոնն էր, որը, սովորականի նման, հարթ անցավ։ Մայիսին նշում ենք նաև Հանրապետության օրը, որը համարվում է 1918-20թթ. դաշնակցական հանրապետության հիմնադրման օրը, թեև մայիսի 28-ին տեղի է ունեցել Սարդարապատի հերոսամարտը։

Մայիսին, ինչպես միշտ, արտասահմանից շատ հյուրեր են եկել Հայաստան, և նրանց ընդունել են պետության առաջին դեմքերը։ Նախագահ Սարգսյանն ընդունել է հետևյալ արտասահմանցիներին՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի (ՀՄԿ) գործադիր տնօրեն Դենիել Յոհանես (մայիսի 3), ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկով (մայիսի 5), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիու (մայիսի 11), իտալական Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիայի նահանգապետ Ռենցո Տոնդո (մայիսի 12), Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտգործնախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանի (մայիսի 13), որի հետ ավելի ուշ հանդիպեց նաև երկրորդ նախագահ Քոչարյանը, փախստականների գծով ՄԱԿ Գլխավոր հանձնակատար Անտոնիո Գուտերիշ (մայիսի 18), Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կևեր և նրա գլխավորած պատվիրակությունը (մայիսի 18), Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկ (մայիսի 18), Ռումինիայի սենատի նախագահ Միրչա Ջոանե (մայիսի 21), որը Հայաստան էր եկել մասնավոր այցով։ Օտարերկրացիների հետ նախագահի հանդիպումներն, իհարկե, դեկլարատիվ բնույթ են կրում, բայցևայնպես դրանցից մեկը բավական անհասկանալի է։ Խոսքը Ռուսաստանի պրիստավների ծառայության ղեկավարի՝ հանրահայտ Միհրան Պողոսյանի (խոշոր կոմերսանտի և համատեղության կարգով հայրենական արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի) գործընկերոջ ընդունելության մասին է։ Թե ինչ համագործակցություն կարող է լինել երկու երկրների դատական կատարողների միջև՝ անհասկանալի է, բայց էլ ավելի անհասկանալի է թվում այն, որ ինքնիշխան պետության ղեկավարն ընդունում է այլ պետության երեսուներորդական չինովնիկի։ Կարծում եմ՝ գործ ունենք նոր մոդայի հետ, որը համակել է հայրենական էլիտային, այն է՝ արտասահմանյան ծանոթություններ, կապեր հաստատել արտասահմանցի կոլեգաների հետ, այնուհետև նրանց հրավիրել Հայաստան՝ իբր համագործակցության համար և անպայման տանել նախագահ Սարգսյանի մոտ՝ էլ ավելի մեծ ճոխության համար, ինչպես նաև այն բանի համար, որ բոսին ու ողջ հանրությանը ցույց տան իրենց իբր փայլուն ու անփոխարինելի պրոֆեսիոնալ որակները։ Իբր պետական, բայց իրականում անիմաստ այս գործունեության մեջ առանձնապես հաջողակ են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, խորհրդարանական որոշ գործիչներ, նրանցից չեն ուզում հետ մնալ, ինչպես տեսնում ենք, մի կարգ ցածր չինովնիկներն ու կոմերսանտները։ Դե, ինչ, եթե նախագահ Սարգսյանը ժամանակի ավելցուկ ունի և լուրջ է ընդունում իր ենթակաների աշխատանքը, ապա ցանկանանք նրան և նրանց այսուհետ ևս շարունակել բուռն գործունեությունը՝ ի բարօրություն «համագործակցության» հաստատման, ասենք, բարեկամական պետությունների «ժէկերի» և ՀՀ պետական իշխանության բարձրագույն մարմինների միջև։

Նախագահ Սարգսյանը մայիսի ընթացքում մասնակցել է ներքին քաղաքականությանը, մասնավորապես՝ տնտեսությանը վերաբերող մի քանի միջոցառման։ Վերամշակող ճյուղի ձեռնարկությունների ղեկավարների հետ «Երևան գարեջուր» ՓԲԸ-ում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև գյուղնախարարը, ՊԵԿ նախագահը, պետության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է հստակ հետևել ձեռնարկատերերի և գյուղացիների միջև պայմանագրային պարտավորություններին, ինչպես նաև այն, որ գնվող ապրանքի գինը պետք է օպտիմալ լինի ինչպես վաճառողի, այնպես էլ գնորդի համար։ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերամշակող ձեռնարկությունների թիվը Հայաստանում մշտապես աճում է, և դրանով հանդերձ՝ արտադրանքի պահանջարկի խնդիր չկա։ Ինչպես հավաստիացրել է նախագահը, այդ ամենը դրականորեն կազդի ինֆլյացիայի նվազման վրա։ Իսկ մայիսի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի IV համագումարին, որտեղ բավական տարօրինակ արտահայտություն է հնչեցրել։ Մասնավորապես, պետության ղեկավարն ասել է. «Վերջին տնտեսական ճգնաժամից մենք դուրս եկանք հնարավորին չափ նվազ սոցիալական հետևանքներով...»։ Թե ինչն է նախագահին այդքան խրթին եզրահանգման բերել՝ հայտնի չէ։ Հայտնի է այն, որ Հայաստանն առաջինն էր ԵԱՀԿ-ում տնտեսական անկման ցուցանիշներով, ինչը ոչ մի կերպ չի կարելի «հնարավորին չափ նվազ սոցիալական հետևանքներ» անվանել։ Իսկ եթե նման բան ասելով պետության ղեկավարը նկատի ունի այն, որ հասարակությունը տեղում չի պայթել, խռովություն չի բարձրացրել և չի սրբել-տարել իշխող ռեժիմը, ապա դա, այսպես ասենք, այնքան էլ տեղին չէ, քանի որ սոցիալական հետևանքը չի կարելի նույնացնել երկրի իրավիճակին հասարակության տված արձագանքի հետ, քանի որ հասարակությունը կարող է լինել, ասենք, նորվեգական, որը մեկ օր անգամ չի հանդուրժի ԳԱԻ-ի տիպի այլանդակությունը կամ Տիգրան Սարգսյանի կառավարության տնտեսական հատվածի նախարարներին, կարող է լինել և հայկական, որին իշխանությունը և էլիտան կարող են պարբերաբար անարգել՝ առանց առանձնապես վնաս կրելու (չհաշված հետընտրական խրոնիկական բարդությունները)։

Բայց ամսվա և, թերևս, ամբողջ տարվա գլխավոր իրադարձությունը համաներումն էր։ Նախագահ Սարգսյանը համաներումը նախաձեռնեց հանուն ընդդիմության հավակնությունների բավարարման, որը պահանջեց իր ակտիվիստներին ազատ արձակել ոչ ուշ, քան մայիսի 31-ին, այսինքն՝ հերթական հանրահավաքի օրը։ Կարծում եմ՝ իշխանության համար նորմալ երևույթ չէ ընդդիմության ջրաղացին ջուր լցնելը, և երկրորդ ՝ իշխող ռեժիմի հայտարարած համաներումը նրա ծայրահեղ թուլության վկայությունն է։ Այսօր կարելի է վստահաբար ասել, որ ահա արդեն երեք տարի գործող իշխանությունն աշխատում է բացառապես հանուն «ընդդիմության»։ Այսինքն, կառավարելու համար ժողովրդի մանդատը ստանալով՝ իշխանությունն սկսեց զբաղվել ոչ թե ժողովրդի, այլ ընդդիմության խնդիրները լուծելով։ Սասուն Միքայելյանին «քաղբանտարկյալ» հայտարարելով, որից առգրավվել էին այնքան զենք ու զինամթերք, որ մի քանի գումարտակի կբավականացնեին, ընդդիմությունը, որն ընդհանրապես թքած ունի իրավունքի ու բարոյականության նորմերի վրա, կարողացավ հասնել ոչ միայն իր ակտիվիստների ազատ արձակմանը, այլև փաստորեն սկսեց որոշել երկրի ներքին քաղաքականությունը։ Իշխանության բոլոր մտադրությունները, 2008թ. գարնանից սկսած, ուղղված են եղել բացառապես ընդդիմության պահանջների իրագործմանը և նրա շահերի սպասարկմանը։ Հասարակության և պետության ոչ մի հիմնախնդիր, լինի գյուղատնտեսության ոլորտում, թե կրթության, Սարգսյանի կատավարության կողմից չի լուծվել, մինչդեռ դժվար է ընդդիմության որևէ խնդիր կամ ցանկություն նշել, որը գործող իշխանությունն անուշադրության մատնած լինի։

Ամսվա մեկ այլ նշանային իրադարձություն պետք է համարել երկրորդ նախագահ Քոչարյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը։ Ակնհայտ է, որ շատ շուտով նախկին նախագահը «ձիով քայլ» կկատարի և կհայտարարի իշխանության հանդեպ իր հավակնությունների մասին։ Ոչ մի պատնեշ դրա համար նա չունի. նրան աջակցում են և՛ խոշոր կապիտալը, և՛ ազդեցիկ կուսակցությունները, և՛ բյուրոկրատիայի մեծ մասը։ Հուսանք, որ երկրորդ և գործող նախագահների հակամարտությամբ երկրում վերջնականապես վերջ կդրվի երկիշխանությանը, ինչն, անշուշտ, բարիք կլինի երկրի համար։

Մի քանի խոսք համարի հեղինակային հոդվածների մասին։

«Քաղաքականություն» խորագրում հանդես է գալիս քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը։ Հոդվածը վերնագրված է «Հայաստան, 2011 թվականի մայիս. հայացք ներսից» և նվիրված է երկրում տիրող իրավիճակի վերլուծությանը՝ տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների համատեքստում։ «Պետություն և իրավունք» խորագրում զետեղված է Գևորգ Դանիելյանի «Կոռուպցիայի կանխարգելման իրավական և բարոյահոգեբանական ասպեկտները» հոդվածը։ Նախկին դատախազն ու արդարադատության նախարարը խորհրդածում է կոռուպցիա երևույթի մասին, իսկ նյութը հետաքրքիր է նրանով, որ հեղինակը խնդրին, ինչպես ասում են, ծանոթ է ներսից։ Նրա հոդվածին հաջորդում է Բրյուսովի անվ. համալսարանի շրջանավարտ Մարիամ Աղանյանի «Կարմիր մայիս 1968» նյութը «Հասարակություն և իշխանություն» խորագրի ներքո։ Մարիամը գրում է մեզ ոչ այնքան հայտնի 1968-ի ֆենոմենի մասին։ Ընթերցողն, իհարկե, ըստ արժանվույն կգնահատի հեղինակի կարողությունները, իսկ մենք մեր հերթին նշենք, որ այսքան ընդունակ երիտասարդներն այս երկրում աշխատանք չեն գտնում։ Այստեղ աշխատանքի տեղավորման այլ մեթոդներ են գործում, և մենք ցավում ենք, որ Մարիամ Աղանյանի նմանները չեն կարողանում «կիրառություն գտնել»։

«Քաղաք և գավառ» խորագրում Լուսինե Կեսոյանը գրում է մի թեմայի մասին, որն այս երկրում ոչ ոքի չի մտահոգում։ Խոսքը հանրապետության հյուսիսում փակված ճանապարհի մասին է, որը միմյանց է կապում Շիրակն ու Լոռին։ Քարախաչի լեռնանցքը կենսական կարևոր նշանակություն ունի երկրի համար, և մնում է միայն ափսոսալ, որ պետական բարձրագույն մակարդակում հիմնախնդրին պատշաճ ուշադրությամբ չեն վերաբերվում։

«Մեջբերումներ դասականներից» խորագրի ներքո այս անգամ հրապարակում ենք մի գլուխ արքեպիսկոպոս Օրմանյանի գրքից։ Իսկ «Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում տեղ են գտել երեք նյութ nationalidea.am պորտալից։ Երեքն էլ լուրջ արձագանք են ստացել հանրության կողմից, և հույս ունենք, որ կարժանանան ընթերցողի ուշադրությանը։

Ցանկանում եմ հաճելի ժամանց՝ «Ազգային գաղափարի» նոր համարը ձեռքին։   

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am