Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պետություն և իրավունք

Պետություն և իրավունք
Մայիս 2011, N 5

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ

Գևորգ Դանիելյան, Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Պետության հզորության չափանիշների կազմում հանցավորության, հատկապես կոռուպցիայի դեմ տարվող պայքարի արդյունավետությունն աստիճանաբար հավակնում է ստանձնել առաջատարի դեր. կարող եք ապահովել գերզարգացած տնտեսություն, ունենալ մարտունակ զինուժ, բարձր մշակույթ ու գիտություն, սակայն այդ ամենը դառնում է խիստ խոցելի և հակվում ձախողման, եթե երկրում առկա է կայուն կոռուպցիա ձևավորվելու միտում: Վերջինս բնավ մեկուսացված երևույթ չէ, ավելին` թելադրում և հսկողության տակ է վերցնում քաղաքական, սոցիալ-տնտեսական բոլոր գործընթացները:

Ակներև է, որ մեր երկրում իրականացվում են որոշակի քայլեր, աստիճանաբար ձևավորվում է այդ երևույթի նկատմամբ անհանդուրժողականության քաղաքական մթնոլորտ, սակայն դրանք միանշանակ բավարար չեն, մենք դեռ հարկադրված ենք լինելու հաղթահարել տարաբնույթ նկատելի ու աննկատ կոռուպցիոն երևույթներ, որոնց մի մասը, թերևս, դիլետանտիզմի հենքով, ցավոք, ձևավորվելու միտումներ է դրսևորում նաև մեր օրերում:

Սկզբունքորեն կարելի է համաձայնվել նաև «Transparency international» հանրահայտ հասարակական միավորման` վերջերս շրջանառության մեջ դրված զեկույցի առանձին դրույթների հետ, մասնավորապես` չեն կարող վիճահարույց համարվել քաղաքացիական ծառայության աննախադեպ քաղաքականացվածության, դատարանների անկախության խաթարման մասին և նմանաբնույթ այլ դատողությունները: Սակայն հիմնախնդիրը շատ ավելի բարդ է, և մեծ սխալ թույլ տված կլինենք, եթե, որպես գործունեության ուղեցույց ամբողջովին ընդունենք այդ բնույթի զեկույցները:

Նախ` նկատենք, որ զեկույցում բազմաթիվ հարցադրումներ չեն առանձնանում անհրաժեշտ խորաթափանցությամբ և կրում են «շաբլոնային» բնույթ: Որպես կանոն, այդ զեկույցները կազմվում են որոշակի «ստանդարտներով», իսկ հետազոտողներին մնում է սոսկ գրանցել հնարավոր պատասխանները:

Այսպես, որևէ մեկը չի կարող ժխտել, որ մեր երկրում քաղաքացիական ծառայությունն անհարկի քաղաքականացված է, ավելին` դա ընդունում են հենց բարձրաստիճան պաշտոնյաները (այդ բնույթի հայտարարություններ հենց կառավարության նիստին բազմիցս արել է քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը): Սա, ինչ խոսք, օրենքի պահանջի կոպիտ խախտում է, որը ոչ միայն հանգեցնում է քաղաքացիական ծառայողների անհարկի կախվածությանը, այլև կաշկանդում է հիրավի լավ մասնագետներով պետական համակարգը համալրելու գործընթացը: Սակայն հետազոտողներն անտեսել են, որ այդ երևույթն ածանցյալ է, որ կադրերի քաղաքականացվածության շղարշի տակ իրականում հաճախ գործում է առավել վտանգավոր` հովանավորչության երևույթը, որը երբեմն առնչվում է նաև հայեցողական ու քաղաքական պաշտոններին: Այսպես, եթե «սեփական թիմ» ձևավորելու ակնկալիքով փոփոխվում են հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, ապա դա հովանավորչության դասական եղանակ է: Նկատենք, որ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք կարող են փոփոխվել միայն «քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում» («Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետ): Զավեշտն այն է, որ գործադիր իշխանության ղեկավար պաշտոններում նշանակված որոշ անձինք իրենց իսկ նշանակումը հավանաբար որակում են որպես քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխություն:

Անտարակույս, դժվար է չհամաձայնվել հիշյալ զեկույցի նաև այն դիտարկման հետ, ըստ որի` դատավորների անկախությունը դարձել է խիստ խոցելի, իսկ մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ` դատավորների անկախությունը, ըստ էության, խաթարում են հենց այդ համակարգի վերադաս ատյանների նախագահները: Այս վերջին դիտարկումը ևս նորույթ չէ, ավելին` այն մեղմելու նպատակով էր, որ փորձ արվեց վերանայելու արդարադատության խորհրդի կազմավորման ու գործունեության կարգը, ինչը միայն մասամբ հաջողվեց:

Մյուս կողմից` չափազանց վտանգավոր են դատավորների անկախությունն իրողություն դարձնելու ժամանակակից ձգտումներն իրագործելու նախանշված եղանակները: Կարծում եմ, այս հարցում ծայրահեղությունները կարող են անխուսափելի լինել, եթե շարունակենք դիլետանտի ոճով քննադատել դատավորներին ու դատական համակարգը և, առանց լրջագույն ու գիտականորեն հիմնավորված հայեցակարգի, այն համարենք պայքարի թիրախ: Օրինակ, խիստ մտահոգող են այն հայտարարությունները, թե, իբր, դատավորների անկախությունը չի վերաբերում «անազնիվ դատավորներին»: Սկզբունքորեն, զուտ ձևական չափանիշներով դա կարող է թվալ ոչ սխալ հայտարարություն, սակայն գործնականում այն ավելի պոպուլիստական ուղղվածություն ունի և ունակ չէ լուծելու որևէ գործնական խնդիր: Վերջին հաշվով, այդ սկզբունքը բացարձակապես խոչընդոտ չէ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելու համար, քանի որ դատավորը` անձեռնմխելիության որոշակի երաշխիքների պահպանմամբ, ևս ենթակա է պատասխանատվության: Իսկ եթե հեռահար նկատի ունենք այդ երաշխիքների սահմանափակումը, ապա տեղին չէ խոսել դատավորների անկախության ամրապնդման հեռանկարների մասին. պարզապես իրատեսական չէ անկախության սահմանափակման հաշվին կոռուպցիայի դեմ պայքարի հաջողություն ապահովելը, հակառակ արդյունքն առավել հավանական է:

 

* * *

Անչափ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ու միանգամայն լուրջ դիրքորոշման առնչությամբ հանրության վստահության խնդիրը: Վերջին հաշվով, բոլոր այն անձինք, որոնք անձամբ են կաշառել դատավորի կամ որևէ այլ պաշտոնատար անձի, դեռ տևական ժամանակ չեն կարող վստահել հիշյալ քայլերին, իսկ քարոզչությունը նման դեպքերում ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում:

Մենք, իսկապես, խնդիր ունենք բարձրացնելու հասարակության վստահությունը պետական ապարատի նկատմամբ: Ըստ իս, այդ վստահության պակասը միշտ չէ, որ թելադրված է կոռուպցիոն երևույթներով կամ ազգային մենթալիտետով: Երբեմն մարդիկ հանիրավի չեն վստահում պաշտոնյաներին, ինչի արդյունքում նաև իրենք են տուժում: Մյուս կողմից` վստահության պակասին, կարծում եմ, նպաստում են նաև պետական համակարգում ձևավորված որոշ ավանդույթներ, գործունեության գնահատման անհիմն չափանիշներ և այլն:

Քաջատեղյակ լինելով պետական համակարգի ներուժին` կարող եմ վստահաբար ասել, որ հիմնականում կարող անձինք են ունակ լուծելու մեր հանրության առջև ծառացած բարդ խնդիրները: Միաժամանակ, առավել շահեկան հարթության վրա կլինեինք, եթե մեզ հաջողվեր ձերբազատվել որոշ սոցիալ-հոգեբանական բարդույթներից, որոնց արմատները, ցավոք, շատ խորն են: Մտահոգող է, օրինակ հայեցակարգերում և պետական կարևոր ծրագրերում քաղաքականության առանցքը պայքարի ֆենոմենը դնելը. մեզանում, ինչպես և Ռուսաստանի հանրային կյանքում, արդեն անխուսափելի է դարձել պայքար հռչակելը ոչ միայն բացասական հասարակական երևույթների` կոռուպցիայի, ստվերային տնտեսության և այլնի, այլև բնական աղետների, անգամ մորեխների, մոլախոտերի դեմ: Չեմ բացառում նաև պայքարի տեսքով պետական ակտիվ ու հետևողական քաղաքականության անհրաժեշտությունը, սակայն առանցքում, կարծում եմ, պետք է դրվի ոչ թե պայքարը, այլ` բացառապես ստեղծագործական ու գիտականորեն հիմնավորված այնպիսի քաղաքականությունը, որը միտված կլինի բացառապես բուն համակարգի հետևողական և աստիճանական բարեփոխմանը, որտեղ բացասական երևույթները կդադարեն հրապուրիչ լինելուց, իսկ դրանց նկատմամբ մերժողական վերաբերմունքը կլինի, հիրավի, յուրաքանչյուրի դիրքորոշումը:

Չմոռանանք նաև, որ «պայքար» եզրույթը մեզանում ընկալվում է ճիշտ այն խեղաթյուրված բովանդակությամբ, ինչը մեզ է փոխանցվել խորհրդային իրավական համակարգից: Ի դեպ, հեռու եմ այն դիրքորոշումից, ըստ որի` խորհրդային իրավական համակարգն ամբողջությամբ բացասական երանգներ ունի և դրանում չկան ուսանելի իրավական ինստիտուտներ: Ավելին, խիստ զգուշանում եմ այն մոտեցումներից, որոնք ամեն մի սոցիալ-քաղաքական նոր փուլի պարագայում անմիջապես քարոզում են ամբողջովին վերափոխել ու վերանայել յուրաքանչյուր նախկին իրավական նորմ ու մտածելակերպ: Պարզապես նկատենք, որ այս քարոզները բնորոշ էին նույն հեղափոխական բոլշևիկներին: 

Թերևս, հենց քաղաքական մշակույթի հիշյալ դրսևորումների արդյունքում են ձևավորվում ակնհայտ մերժողական հակումներ պետական գործիչների ու նրանց գործունեության նկատմամբ: Մինչդեռ, այս մարդիկ առավել ևս աջակցության կարիք ունեն, քանզի կոչված են լուծելու հանրային նշանակության խնդիրներ: Իսկ եթե կան հիմնախնդիրներ, դրանք հաստատ միայն այդ անձանց գործունեության որակով չեն պայմանավորված, այլ թելադրված են համակարգային խնդիրներով:

Աջակցության մասին առավելապես խոսում են արդարադատության համակարգի, հատկապես` իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ակնհայտ է այդ համակարգի նկատմամբ անվստահությունը, ինքս երեք տասնամյակ աշխատել եմ այդ մարմիններում և մշտապես զգացել եմ տարրական վստահության պակասը և ցավել դրա համար: Սակայն իրավիճակը սոսկ այդ մարմինների աշխատանքի որակով չի պայմանավորված, ինչը ևս, իհարկե, էական է: Առավել էականը, այնուամենայնիվ, այլ հարթությունում է, ինչը տեսանելի է դառնում և արտացոլվում արդեն սոցիալ-հոգեբանական գործոնների և իրավական մշակույթի վերլուծության արդյունքում:

Կարծում եմ, այդ տարանջատման ակունքը հաճախ հենց իրավապահ մարմիններն են: Վերջիններս որդեգրել են հանրությանն ինտեգրվելու ժամանակակից մեթոդներ` լրատվության հետ առավել համագործակցված աշխատանք, հասարակական վերահսկողության ինստիտուտներ և այլն, սակայն անտեսվել է առավել կարևոր ու շատ պարզունակ մի հարցադրում. ո՞րն է այդ համակարգի աշխատակցի գնահատման չափանիշը: Տեսեք, հազվադեպ կհանդիպեք հանցագործությունների բացահայտման վերաբերյալ այնպիսի պաշտոնական հաղորդումների, որոնցում հղում լինի նաև մասնավոր անձանց կողմից ցուցաբերված աջակցության մասին: Տվյալ դեպքում գործում է այն ստերեոտիպը, ըստ որի` ինքնուրույն հաջողության հասնելն առավել բարձր է գնահատվում, քան քաղաքացիների աջակցությամբ: Մինչդեռ, համոզված եմ, որ առավել բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջում այն աշխատանքը, որն ուղեկցվում է քաղաքացիների վստահությամբ թելադրված աջակցությամբ:

Ի դեպ, բնավ պարտադիր չէ հրապարակել աջակցություն ցուցաբերած անձանց տվյալները, նույնիսկ առանձին դեպքերում խիստ գաղտնի պետք է պահվեն դրանք, խոսքը բացառապես երևույթի մասին է, յուրաքանչյուր անձ աստիճանաբար ելակետ կընդունի այն, որ մեր երկրում առնվազն ծանր հանցագործությունների` սպանությունների, ահաբեկչության, մարդկանց առևտրի բացահայտման գործում մեծ դերակատարում ունեն իրենց նման այլ անձինք, ինչը համարժեք է գնահատվում պետական համակարգի կողմից: Չի կարող այդ համակարգի նկատմամբ պատշաճ վստահություն ունենալ այն անձը, որն իրավապահ մարմիններին փոխանցել է խիստ կարևոր տեղեկատվություն, սակայն ականատես է լինում պաշտոնական հաղորդման, ըստ որի` համապատասխան ծառայությունները բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում բացառապես սեփական ուժերով կարողացել են բացահայտել որևէ հանցավոր դեպք: Այդպիսի հոգեբանական կանխավարկածի բացակայության պարագայում, տվյալներ հաղորդելու համար մեծ հոնորարներ խոստանալը չափազանց վնասակար երևույթ է:

 

* * *

Կարևոր եմ համարում նաև հիրավի արժեքավոր իրավական քարոզչության անհրաժեշտությունը, այդ ոլորտը չպետք է վերապահել սոսկ ոչ պետական կառույցների, ցավոք, երբեմն սիրողական գործելաոճով աչքի ընկնող համակարգին: Հասարակական միավորումների ներուժը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ պետական կառույցները կարողանում են այնպիսի աջակցություն ցուցաբերել, որն ընդհանուր ոչինչ չունի վերջիններիս գործունեության պարզունակ ուղղորդման հետ: Իսկ այն, որ հասարակության իրավական գիտակցությունը, մեղմ ասած, կատարյալ չէ, ավելի քան խոսուն արտացոլված է բոլորիս հայտնի «Միմինո» ֆիլմում, որտեղ հերոսին տրվում է հետևյալ խորհուրդը. «Վալիկո, եթե հանդիպես այդ սրիկային, չսպանես, քեզ ճիշտ չեն հասկանա»: Կարծում եմ, այդ արտահայտությունն արդիական է նաև ներկայումս, քանի որ մենք հաճախ քամահրանքով ու գեղջկական մեծամտությամբ ենք վերաբերվում օրենքին ու այն կիրառողներին:

Ի դեպ, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում պատշաճ տեղ չի հատկացվում նաև մամուլին: Հանրահայտ է, որ վերջիններիս չի կարելի միանշանակ դիտարկել որպես այդ երևույթի դեմ պայքարի առաջամարտիկներ, թեպետ չի կարելի նաև անտեսել նրանց կողմից կատարված հսկայական դրական աշխատանքը: Ինչևէ, խնդիրն այն է, որ անխուսափելիորեն քաղաքականացված, իսկ առանձին դեպքերում` նաև տնտեսական կախվածությամբ ուղղորդվող մամուլը պարզապես ի վիճակի չէ իր մասով ապահովելու մարդու տեղեկատվության ազատության իրավունքը: Մամուլը երբեմն չի էլ թաքցնում որոշ աղբյուրներից իրեն պատվերներ իջեցնելու երևույթը, ինչի արդյունքում մի դեպքում ակնհայտ մի որևէ միջակ պաշտոնյա կարող է դառնալ մամուլի հոգածության օբյեկտ, և ճիշտ հակառակը` մյուսը կարող է հայտնվել անհարկի քարկոծման թիրախի կարգավիճակում: Պատահական չէ, որ միջազգային կառույցները և բազմաթիվ արտասահմանյան իրավագետներ առանձնակի սրությամբ են դիտարկում այս հարցը և առաջադրում լուծումներ, որոնք կբացառեն մամուլի կողմից այն պաշտոնյաների հետապնդումները, որոնք փորձում են հետևողական լինել իրենց լիազորություններն իրականացնելիս:

 

* * *

Իրավական համակարգի վերափոխման հեռանկարները ևս մեծ արժեք ունեն: Ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների, հիմնական առավելությունը եղել և առայժմ շարունակում է մնալ այն, որ իրավական հայեցակարգերը և կոնկրետ նախագծերը գլխավորապես մշակվում են հայրենական մասնագետների կողմից, ինչը կայուն իրավական դպրոց ձևավորելու երաշխիք է: Մեզ հարիր չէ տուրք տալ հրապուրիչ անվանումներով տարաբնույթ միջազգային պետական և ոչ պետական կառույցների «ծառայություններին», որոնց խնդիրը, համոզված եմ, չի կարող սահմանափակվել մեր երկրում պարզապես ժողովրդավարական ինստիտուտների ստեղծմամբ:

Իսկ հեռանկարների առնչությամբ, թեպետ ակնհայտ է երկրի ղեկավարության քաղաքական միանշանակ կամքը, միաժամանակ, առանձին ուղղություններով դժվար է կանխատեսումներ անել, քանզի առայժմ ականատեսն ենք երբեմն խիստ հակասական և ներքին տրամաբանությունից զուրկ նախաձեռնությունների: Ընդ որում` հապճեպ կյանքի են կոչվում այնպիսի նախաձեռնություններ, որոնք տարիներ շարունակ հանվել են շրջանառությունից: Դրանցից մեկն է, օրինակ, ֆիզիկական և իրավաբանական անձանց` վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումներով դատարան դիմելու իրավունք վերապահելը: Սա սոսկ արտաքնապես է թվում որպես մարդու իրավունքների պաշտպանության լծակ, սակայն իրավական անկատարության պայմաններում այն գործնականում առավելագույնը կարող է հանդես գալ որպես պետական-իշխանական լիազորությունները մասնավոր անձանց պատվիրակելու գործընթաց: Արդյունքում` մասնավոր անձը ոչ թե վերականգնում է իր իրավունքները, այլ իրականացնում է դասական եղանակներով հանրային մեղադրանքի առաջադրման գործառույթ, իսկ դրա պաշտպանությունն էլ թողնվում է դատարանի վրա` իր հերթին վերջինիս զրկելով արդարադատություն իրականացնելուց: Որպեսզի այդ ինստիտուտը համարվեր իրավաչափ, առնվազն անձը պետք է օժտված լիներ այդ գործառույթը լիարժեք իրականացնելու համապատասխան իրավական լծակներով:

Ի դեպ, նույն համառությամբ փորձ էր արվում «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծում ներառելու դրույթ, որի համաձայն` ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովի գործունեությունը պետք է նույն իրավական ընթացակարգերով վերաբերեր նաև Սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին և դատախազներին: Ավելին, այս դրույթը փորձ արվեց անգամ պահպանել այն դեպքում, երբ համապատասխան աշխատանքային խումբը, միջազգային փորձի ուսումնասիրության նկատառումով, այցելեց մի քանի երկրներ և այդպես էլ չհանդիպեց հիշյալ բնույթի որևէ նախադեպի: Ներկայումս այդ համառությունը, բարեբախտաբար, տեղը զիջել է առավել իրավաչափ լուծումների, և, այնուամենայնիվ, այդ հանձնաժողովի կազմավորման ու գործունեության հետ կապված բազմաթիվ խնդիրներ դեռևս վիճահարույց են:

Այս իրավիճակում, կարծում եմ, հաճախ ենք հայտնվում, որովհետև, ցավոք, առանձին դեպքերում մենք միայն միջազգային փորձից մեզ հայտնի տերմիններն ու խմբագրական նյութն ենք ընդօրինակում: Ասելիքս առարկայական դարձնելու համար զուգահեռ անցկացնեմ միջազգային փորձից հայտնի, այսպես կոչված, մասնավոր մեղադրանքի առնչությամբ: Ճշգրիտ այսպիսի անվանումով հասկացություն կհանդիպեք ինչպես առաջավոր իրավական փորձ ունեցող պետությունների, այնպես էլ մեր երկրի քրեական դատավարությունում, սակայն վերջինս հայրենական օրենսդրությունում ձեռք է բերել այնպիսի ինքնատիպ դրսևորումներ, որի պարագայում կարող ենք ասել, որ միայն անվանումներով են այդ ինստիտուտները միմյանց նման: Մասնավորապես, մեր երկրում մասնավոր մեղադրանքը սոսկ հանրային մեղադրանքի տարատեսակ է, որի հարուցման և պաշտպանության գործընթացում պարզապես հաշվի է առնվում տուժողի կարծիքը: Դուք չեք հանդիպի մեկ այլ երկրի, որտեղ մասնավոր մեղադրանքի պաշտպանությունն անմիջապես չվերապահվի ֆիզիկական կամ իրավաբանական անձին, որն այդ գործառույթն իրականացնելու համար օժտված է համարժեք իրավական լծակներով, ոչ թե հռչակագրային բնույթի իրավունքերով:

 

* * *

Կոռուպցիայի դեմ պայքարի տարաբնույթ, իսկ երբեմն էլ` արմատական ու որոշակի տրամաբանությամբ օժտված եղանակների դիմելը ներկայումս խիստ արդիական է դարձել: Դա ինքնին ողջունելի է, սակայն ձևական ընդօրինակումները կարող են չափազանց վտանգավոր լինել: Այսպես, արդիական դիրքորոշումներից մեկը պետական համակարգը երիտասարդ կադրերով համալրելու միտումն է, ինչը բավական հաջող «աշխատում» է նորանկախ որոշ երկրներում: Որպեսզի սա չուղղվի բուն նպատակի ձախողմանը, չի կարելի պարզապես խնդրի լուծումը սահմանափակել ձևական հատկանիշներով` երիտասարդ տարիք, արտասահմանյան ուսուցում, օտար լեզվի իմացություն և այլն: Տրամաբանությունը հետևյալն է. երիտասարդ անձինք հակված չեն կոռուպցիոն երևույթների, որովհետև դեռ չեն հասցրել «փչանալ», սակայն անտեսում ենք այն, որ այդ երիտասարդների մեծ մասը, հանձինս իրենց ծնողների, հենց դասական կոռուպցիոն միջավայրում է ձևավորվել ու մեծացել, վայելել այդ երևույթի «բարիքները» և հաճախ կարիք չունի մտածելու ֆինանսական դժվարությունների մասին, որովհետև իրենց համար արդեն իսկ, հիմնականում գործարարության տեսքով, ապահովված են կայուն եկամուտների աղբյուրներ:

Այսպիսով դեմ չեմ երիտասարդ մասնագետներով պետական համակարգը համալրելու գաղափարին (ինքս էլ դեռ խորհրդային ժամանակաշրջանում, երիտասարդ տարիքում եմ նշանակվել բարձր պաշտոնի, ինչը հազվագյուտ երևույթ էր այդ տարիներին), սակայն ինձ համար անընդունելի են ձևական չափանիշները: 

Ասվածը նաև առնչվում է մեկ այլ կարևոր հարցադրման` հանրային ծառայողների վարձատրության հետ: Միանգամայն հասկանալի է, որ երկրի ֆինանսական հնարավորությունները սուղ են և համատեղելի չեն կոռուպցիայի դեմ պայքարին համահունչ վարձատրություն ապահովելու հետ, սակայն, կարծում եմ, որոշ քայլեր կարելի է ձեռնարկել նաև այսօր: Նախ, խրախուսման ինստիտուտը հարկ է վերականգնել իր ողջ նշանակությամբ, այլապես համահավասարեցման քայլերը ոչ միայն ունակ չեն լուծելու վերը նշված խնդիրը, այլև հոգեբանական կտրվածքով կադրերի մոտ չեն արթնացնում մասնագիտական ունակություններն ու բարոյական որակները բարձրացնելու ձգտումներ: Ի դեպ, այդ ձգտումները կարող են մասամբ աճել` կադրային քաղաքականության հիմքում վերը նշված գործոնները դնելու պարագայում:

Ի դեպ, իրավահամեմատական վերլուծությունը վկայում է այն մասին, որ առանձնակի հոգածության թիրախ պետք է լինեն նաև բարոյական նորմերը, որոնք, ի դեպ, գրեթե առանց բացառության, ձևավորվում են ոչ թե պետության, այլ` հասարակության նախաձեռնությամբ: Ընդ որում, այդ ոլորտում մեծ ներդրում կարող են ունենալ հասարակական միավորումները, սակայն ստեղծված իրավիճակում դժվար է մեծ հույսեր կապել վերջիններիս հետ, քանզի դրանցում ներգրավված են քաղաքական կտրվածքով սկզբունքային, սակայն մասնագիտական առումով խիստ անհուսալի ղեկավարներ, որոնք միշտ չէ, որ հակված են շրջապատելու իրենց իսկապես մասնագետներով. պարզապես համարձակ ոճին նմանվող տեսքով խոսելն ու մշտապես դժգոհ կեցվածք ընդունելը, ցավոք, լիուլի բավարար որակ են համարվում: 

 

* * *

Ավարտելով միտքս` նշեմ, որ կոռուպցիան աննախադեպ բարդ երևույթ է, և պարզապես հնարավոր չէ մեկ հոդվածի շրջանակներում անդրադառնալ բոլոր հարցադրումներին, պարզապես նկատենք, որ հարիր չէ այդ խնդրի լուծմանը մոտենալ ավանդաբար կյանքի կոչված ձևական եղանակներով` կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ օր հռչակելով, պարզունակ ձեռնարկներ տարածելով և այլ խորհրդանշական հնարքներով:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am