Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հասարակություն և իշխանություն

Հասարակություն և իշխանություն
Մայիս 2011, N 5

ԿԱՐՄԻՐ ՄԱՅԻՍ 1968

«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈ՞ՒՆ», ԹԵ՞ «ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Մարիամ Աղանյան, Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի մագիստրանտ

«Il est interdit d’interdire!»

«Արգելվում է արգելել»

1968թ. մայիսյան իրադարձությունների կարգախոսներից

1960-ականները հաճախ անվանում են մարդկության նորագույն պատմության «Նոր վերածնունդի» (Ռենեսանս) ժամանակաշրջան, երբ բոլորը սպասում էին մոռացված և կորսված համարվող գեղեցիկ արժեքների վերադարձին: Գեղեցիկի և ազատության սպասումն առավել շատ համակել էր հետպատերազմյան սերնդին, որին այլևս դժվար էր պահել «ավանդական արժեքների» քարոզչական մամլիչի տակ: Երիտասարդներին անհրաժեշտ էին նոր ու թարմ գաղափարներ, նոր զգացողություններ և, ինչու չէ, նաև արկածներ: «Նոր վերածնունդի» բեկումնային տարին դարձավ 1968-ը, որը հետագայում «հանելուկային», «խորհրդավոր», «միստիկական» տարի պետք է անվանեին: Ժամանակակից հետազոտողներից շատերը չեն կարողանում հստակ պատասխանել, թե ինչու հենց այս տարում աշխարհի տարբեր ծայրերում մարդկանց համակել էին հեղափոխականության «տենդն» ու «մոլուցքը»: Գոյություն ունեցող իրերի վիճակի հանդեպ դժգոհությունն ընդգրկել էր հասարակության տարբեր շերտերին: Դժգոհությունը վերաճեց ուսանողական բողոքի ալիքի և խռովության, բանվորների զանգվածային գործադուլի, ազգային-ազատագրական հեղափոխությունների և հեղափոխական պարտիզանական պատերազմների: Եվրոպայի երկրները, ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը, Չինաստանը բախվեցին իրենց գոյությանը սպառնացող մարտահրավերների: 1960-ական թվականների վերջերին սկիզբ առած սոցիալական աննախադեպ տեղաշարժերը մինչև այսօր էլ շարունակում են ազդել համաշխարհային պատմության ընթացքի վրա:

1960-ականների սոցիալական դժգոհությունն ու բողոքն ուղղված չէին որևէ կոնկրետ քաղաքական վարչակազմի կամ վարչաձևի դեմ: Սոցիալական, ռասայական, էթնիկական, սեքսուալ անհավասարության ցանկացած դրևորման դեմ բողոքն ու ընդվզումը կարծես սփռված էին մթնոլորտում: Բոլոր բողոքավորների համար գոյություն ուներ ատելության մի հավաքական թիրախ-սիմվոլ՝ իշխանությունը, որը կերպարանավորում էին պետերը, տերերը, հայրերը: Խռովությունն ուղղված էր բյուրոկրատիայի և պատերնալիզմի դեմ, լինեին դրանք պետական բյուրոկրատիան, թե ավանդական ընտանիքը, կապիտալիստը, թե ազգային հերոս գեներալը, համալսարանի պրոֆեսորը, թե քաղաքական գործիչը, հոգևոր առաջնորդը, թե պարզապես տղամարդը: Սա հաճախ անկառավարելի և շատ բուռն ընթացք ունեցող անարխիստական բնույթի բողոք էր ընդդեմ բոլոր քարացած հեղինակությունների և ավանդական պատվիրանների: Երիտասարդական խռովությունների ալիքը պատրաստ էր խորտակել քարացած բարոյական վարքականոններն ու տաբուները՝ առաջնորդվելով «Արգելվում է արգելել» կարգախոսով: Իշխանության և բյուրոկրատիայի նկատմամբ ընդհանուր թշնամանքը միավորել էր առաջին հայացքից անհամատեղելի թվացող արևմտյան նոր ձախերին, խորհրդային այլախոհներին, չեխոսլովակյան երազկոտ բարեփոխիչներին, ամերիկյան «Սև հովազներին» ու պացիֆիստներին, վիետնամական ու հարավամերիկյան պարտիզաններին, ինչպես նաև չինական կոմկուսը բուրժուականացած տարրերից մաքրող խունվեյբիններին:

1960-ականների երիտասարդական շարժումները Եվրոպայում սկիզբ առած սոցիալական բողոքի ամենաարմատական և ակտիվ բաղադրիչն էին: Ժամանակակից սոցիալ-քաղաքական և մշակութային բազմաթիվ իրողություններ ու արժեքներ այս շարժումների հետևանքն ու արդյունքն են:

Երկրորդ աշխարհամարտից հետո արևմտաեվրոպական երկրներում բավական ամրացել էին ձախ ուժերի դիրքերը: Եվրոպական ձախերն առիթը բաց չէին թողնում ժողովրդին և հատկապես երիտասարդությանն ի ցույց դնելու աջերի նախապատերազմյան և պատերազմի ընթացքում գործած «մեղքերն» ու սխալները: Ամերիկյան և եվրոպական դեմոկրատիայի արժեհամակարգերը բացահայտ ճաքեր էին տալիս: Ամբողջատիրական և համայնավար գաղափարախոսությունները, հեղափոխական ռոմանտիզմը և անարխիզմի խռովարար ոգին պարարտ հող էին գտնում հետպատերազմյան Եվրոպայի երիտասարդության շրջանում:

Արևմտաեվրոպական երկրներում տեղի ունեցող ներքաղաքական, հասարակական և սոցիալական գործընթացները, ինչպես նաև միջազգային հարաբերություններում առկա հիմնախնդիրները նպաստեցին այդ երկրների երիտասարդության՝ հատկապես ուսանողության արմատականացմանը (ռադիկալացմանը): Այս միտումը հատկապես վառ էր արտահայտված ֆրանսիական ուսանողության շրջանում: Հինգերորդ հանրապետության «հայր» գեներալ Շարլ դը Գոլը և իր կառավարությունը, ոգևորված նոր սահմանադրական կարգի շնորհիվ ստեղծված ներքաղաքական կայունությամբ, արտաքին քաղաքական մի շարք կարևոր ձեռնարկումների և գաղութների հարցում ձեռք բերված հաջողությամբ, փորձեցին երկրի ներսում կյանքի կոչել մի շարք հակադեմոկրատական ձեռնարկումներ: Ֆրանսիական հասարակության տարբեր խավերի շրջանում առավել սուր արձագանք ստացան և բուռն բանավեճերի առիթ հանդիսացան կրթության նախարար Կրիստիան Ֆուշեի կրթական բարեփոխումները, որոնք սկսվեցին 1963թ., այսպես կոչված, «Տասնութի խորհրդի» ստեղծումով, և հայտնի էին նաև «Ֆուշե-Էգրենի ծրագիր» անվամբ: Քողարկվելով բարձրագույն կրթության դեմոկրատականացման և մասսայականացման ժողովրդահաճո բանաձևերով՝ Ֆուշեն փորձում էր ավանդական և դասական կրթական համակարգ մտցնել համալսարանական կառավարման այնպիսի տարրեր, որոնք ի չիք էին դարձնում դրանց ինքնավարությունը և ինքնակառավարման բոլոր դեմոկրատական գործիքները: Ֆուշեի նպատակն էր պետական կենտրոնացված տոտալ վերահսկողություն սահմանել բարձրագույն կրթության նկատմամբ՝ հեռացնելով ուսանողական և դասախոսական արհմիություններին համալսարանների կառավարման համակարգից: Ռեֆորմի կարևոր խնդիրներից էր նաև ուսանողների թվական աճի սահմանափակումը համալսարան ընդունվելու համար լրացուցիչ քննություններ սահմանելու միջոցով: Համալսարաններին իրավունք էր վերապահվում որոշ մասնագիտությունների գծով անցկացնել ընդունելության քննություններ՝ ի լրացումն լիցեյներում հանձնված բակալավրական քննությունների: Եթե նախորդ համակարգի պայմաններում լիցեյ ավարտած 100 բակալավրից 95-ն ընդունվում էր համալսարան, նոր ռեֆորմով դրանց թիվը հասցվում էր 60-ի: Կրճատելով համալսարանական ուսանողության թիվը՝ գոլիստական կառավարությունն անուղղակիորեն նոսրացնում էր նաև պոտենցիալ բողոքավորների շարքերը: Բուհական երկաստիճան համակարգին զուգահեռ՝ Ֆուշեն նախաձեռնեց նաև կրճատված երկամյա տեխնիկական համալսարանական դասընթացների ստեղծումը, որն ուղղված էր հարյուրամյակներով ձևավորված ուսումնակրթական ծրագրեր ունեցող դասական համալսարանների դեմ: Ֆուշեի բարեփոխումները սկսեցին ներդրվել 1965-1966 ուստարում և հանդիպեցին համալսարանական դասախոսների և ուսանողության մեծ մասի դիմադրությանը: Արդեն հաջորդ տարի, հատկապես ցածր կուրսերի ուսանողներին, որոնք «հույս էին փայփայում զբաղվել ազատ մտավոր գործունեությամբ», պարզ դարձավ, որ կրթությունը դառնում է բիզնես, գիտելիքը՝ ապրանք, իսկ իրենց ճակատագիրը կախված է շուկայի քմահաճույքներից: Ուսանողները երկյուղ էին կրում, որ նոր կրթական համակարգի ներդրումից հետո իրենք դառնում են հասարակության ամենախոցելի հատվածը, և բուհն ավարտելուց հետո իրենց մեծ մասը համալրելու է գործազուրկների շարքերը, քանի որ երկրի աշխատանքային շուկան ի վիճակի չէր աշխատատեղերով ապահովել երիտասարդ մասնագետների այդ հսկայական բանակը:

Ուսանողության շարժիչ ուժերն էին զանազան ծայրահեղ ձախ գաղափարները՝ սկսած մարքսիզմ-լենինիզմից, տրոցկիզմից ու մաոիզմից, մինչև բակունինյան խռովարարություն և անարխիզմ: 1968թ. մայիսյան իրադարձությունների նախօրյակին Ֆրանսիայի ուսանող երիտասարդության աշխարհայացքի մասին հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում այդ դեպքերի ակտիվ մասնակից Ժան Բերտոլինոն. «Հսկայական սրճարանում ստեղծվում էին ոչ մեծաթիվ խմբեր՝ մինի փաղանգներ, որոնցում սեքսի և ազատ սիրո մասին բանավեճերի արանքում, դեռևս Սեն Սիմոնին, Ֆուրյեին, Հեգելին, Պրուդոնին, Մարքսին, Բակունինին, Ռայխին կամ Մարկուզեին չկարդացած, ընդհանուր քննադատական դիտողություններ էին անում կապիտալիստական հասարակության մասին: Այդ ձախողակ ուսանողները հայտնաբերում էին իրենց համար անարխիան հում վիճակում, որպես ինտելեկտուալ սուբստանս, առանց դոկտրինի և մեթոդի, առանց գաղափարական և խելամիտ ղեկավարի»:

Այս քաղաքական գաղափարներն ուսանողության կողմից հաճախ վերամեկնաբանվում էին և մատուցվում երիտասարդական ծայրահեղական ռոմանտիզմի և բողոքի տեսանկյունից: Ֆրանսիական իրականության մեջ մայիսյան դեպքերի ժամանակ ծնունդ առած ձախ հայացքներն ու տրամադրությունները հայտնի են «գոշիզմ» (ֆր. gauchisme) անվամբ: Սկզբում գոշիզմն ընկալվում էր որպես քաղաքական ձախլիկություն և վերցվել էր Վ.Ուլյանով-Լենինին «Ձախության մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ» աշխատությունից, սակայն այն վերիմաստավորվեց որպես ծայրահեղ ձախություն, որը մի քանի ձախ ուսմունքների խառնուրդ էր: Ուսանողական շարժումների և խռովությունների տարբեր կենտրոններում գերիշխում էր այս կամ այն գաղափարական հոսանքը կամ քաղաքական ուղղությունը: Նանտերում, օրինակ, հսկայական ազդեցություն ունեին անարխիստական գաղափարները, Սորբոնում՝ տրոցկիստներն ու մաոականները: Սակայն հետաքրքիրն այն է, որ չնայած իրենց դավանած քաղաքական ուղղություններին, բոլորն իրենց անվանում էին նոր ձախեր:

1960-ականների ուսանողության շրջանում չափազանց մոդայիկ էր ԱՄՆ Սան Դիեգոյի համալսարանի պրոֆեսոր, գերմանա-ամերիկյան փիլիսոփա և սոցիոլոգ Հերբերտ Մարկուզեի (1898-1979թթ.) գաղափարական ազդեցությունը: Մարկուզեն պնդում էր, որ իր «Միաչափ մարդը» աշխատությունը թույլ կտա «բացել ուսանողության աչքերն իր իսկական տեղն իմանալու խնդրում»: Համաձայն Մարկուզեի նոր տեսության, հեղափոխականության դերը պրոլետարիատից պետք է անցնի մարգինալներին, արմատական տրամադրված ուսանողությանը և մտավորականությանը:

Անարխիստական կողմնորոշում ունեցող ուսանողության մի հատվածը կրում էր մաոիզմից ճյուղավորված ֆրանսիական սիտուացիոնիզմի և նոր անարխիզմի գաղափարախոս Ռաուլ Վանեյգեմի հսկայական ազդեցությունը: Նրա «Տրակտատ նոր սերնդի կյանքի կանոնների մասին» (անգլերեն տարբերակում՝ The Revolution of Everyday Life - «Առօրյա կյանքի հեղափոխություն») գիրքը եվրոպական երիտասարդ անարխիստների «կատեխիզիսն» էր դարձել, որտեղից նրանք քաղում էին իրենց հուզող հարցերի պատասխանները:

1960-ականների Ֆրանսիայում հստակ նկատվում էր երիտասարդության քաղաքականացում: Ֆրանսիական երիտասարդության քաղաքականացումն առավելապես սոցիալ-հոգեբանական և մշակութային ելակետ ուներ: Ֆրանսիական կառավարող շրջանները, ոգևորված տնտեսական աճի տեմպերից և բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացում արձանագրող ցուցիչներից, աչքաթող արեցին երիտասարդությանը, որին շարունակում էին «վերից նայել»՝ երիտասարդներին սոսկ երեխաներ համարելով, որոնց կյանքը պետք է կանոնակարգել և վերահսկել: Ուսանողները հանդես էին գալիս հոգևոր կյանքի և կրթության բնագավառի առևտրականացման դեմ, որում գիտելիքների ձեռքբերումը դիտարկվում էր որպես բիզնես, իսկ գիտելիքը՝ ապրանք, որի նկատմամբ պահանջարկը կարգավորում էր շուկան: Երիտասարդական բողոքի քաղաքական դրսևորման ակտիվացման գործում մեծ նշանակություն ունեցան նաև հակապատերազմական և խաղաղասիրական շարժումները: Վիետնամում ահագնացող պատերազմի դեմ հակաամերիկյան բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունենում համարյա բոլոր եվրոպական մայրաքաղաքներում: Հակաամերիկյան շարժումը հատկապես մեծ մասշտաբներ ընդգրկեց Ֆրանսիայում, որի գաղութն էր եղել ժամանակին Վիետնամը: Ֆրանսիացի ուսանողները միայն 1967թ. «Ազգային ազատագրական ճակատը կհաղթի՛» կարգախոսով յոթ մեծ հանրահավաք և երթ կազմակերպեցին ի պաշտպանություն վիետնամական ժողովրդի, որոնցում հատկապես ակտիվ դերակատարում ունեցան ձախ արմատական ուսանողական երիտասարդական կազմակերպությունները՝ սկսած նոր սինդիկալիստներից և մաոականներից, վերջացրած անարխիստներով և տրոցկիստներով: Ֆրանսիական հետազոտողները փաստում են, որ ի պաշտպանություն Վիետնամի ծավալվող շարժումը՝ իր մասշտաբներով և երթերի ու ցույցերի էներգետիկայով, գերազանցում էր ալժիրյան պատերազմների տարիներին տեղի ունեցած հակապատերազմական միջոցառումներին: «Սորբոնի վրա ուսանողները բարձրացրել էին Վիետնամի երկու դրոշ, Սեն Միշելի բուլվարի ցուցանակը փոխել էին՝ տեղադրելով «Հերոսական Վիետնամի փողոց» վերտառությամբ տախտակ, իսկ նույնանուն բուլվարի մոտակայքում այրել էին ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնի խրտվիլակը:

Չափազանց մեծ էր մշակութային բաղադրիչի առկայությունը 1960-ականների երիտասարդական շարժումների նախապատրաստման, դրանց գաղափարաբանության և ուղղվածության վրա: Հետպատերազմյան Եվրոպայի մշակույթի բոլոր բնագավառներում՝ գրականություն, կերպարվեստ, թատրոն, կինեմատոգրաֆ և այլն, հրապարակ իջան բազմազան, շատ դեպքերում՝ միմյանց ժխտող, բայց մի խնդրում ընդհանրություն ունեցող ուղղություններ, որոնք մեծ մասամբ սկսվում էին նեո-նոր նախարմատով: Սրանց հետևորդ մեծանուն վարպետների ստեղծագործությունների ազատ ոգին, երիտասարդության հետ իր լեզվով և անբռնազբոս խոսելու ընդունակությունը, քաղքենի հասարակության կողմից տաբուացված թեմաների արծարծումը (ազատ սեր, սեքս և այլն) հսկայական ազդեցություն ունեցան 60-ականների սերնդի վրա: Ֆրանսիացի մեծ մտածող, փիլիսոփա և գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժան-Պոլ Սարտրը 60-ականների խռովարար երիտասարդության կուռքն էր և գաղափարական սիմվոլը, որն ակտիվ մասնակցություն ունեցավ 68-ի դեպքերին. Սորբոնը գրաված ուսանողները միայն նրան թողեցին մտնել համալսարանի շենք:

Ֆրանսիայում երիտասարդական շարժումների ակտիվացման համար կարևոր դերակատարում ունեցավ նաև սոցիալ-հոգեբանական գործոնը: Կեղծ բարեպաշտական «բարոյական կանոններ» քարոզող իշխանական շրջանակների վարած երիտասարդական քաղաքականությունը միայն հակակրանք և ըմբոստանալու զգացում էր առաջացնում երիտասարդության մեջ: Երիտասարդները գտնում էին, որ ապրում են հարմարվողականության և երեսպաշտության, օսլայած բարեպաշտության և ձանձրալի ժամանակներում: Նրանց մեջ բողոք էր ծնում թե՛ լիցեյի տնօրենի քայլը, որը հեռացրել էր երկար մազեր ունեցող աշակերտին, թե՛ տեղեկատվության նախարարի քայլը, որը հեռացրել էր պետական հեռուստատեսության հաղորդավարուհուն, որը ծնկից վեր զգեստով էր հայտնվել հեռուստաէկրանին: Բարոյականության պետական կեղծ պահապանները կարող էին արգելել ցուցադրել Ժան Ռիվետի «Միանձնուհին» բավական «անվնաս» ֆիլմը, որը նկարահանված էր դասագրքային դասականի՝ Դ.Դիդրոյի ստեղծագործության հիման վրա, կամ էլ մեծ քաջություն էր պետք ունենալ, որպեսզի հրատարակեին մարկիզ դը Սադի կամ Միլլերի գրքերը, որոնք համարվում էին երիտասարդությանը բարոյապես փչացնող գործեր: Երիտասարդության ներքին բողոքը հանգում էր հռետորական հարցի. «Ո՞ւր է կորել մարդ արարածը, որտե՞ղ է հասարակ, մսից ու արյունից սովորական մարդը: Մենք խեղդվում ենք: Մեզ հաշմում են մանկությունից. շուրջը միայն մարդկային դեմքերով հրեշներ են, որոնք հոգի չունեն և զուրկ են հույզերից»:

Գոլիստական կուսակցությունից ընտրված որոշ պատգամավորներ և կենտրոնական ու տեղական կառավարման մարմինների ղեկավարներ դեռևս 1964-1965թթ. փորձեցին ներդնել ուսանողության ազատությունները սահմանափակող մի քանի օրինագիծ՝ չհամաձայնեցնելով դրանք ուսանողական միությունների և ուսանողական արհմիությունների հետ: Դեռևս 1950-ականների վերջերին Փարիզի Անտոնի արվարձանում կառուցվել էին բազմահարկ ուսանողական հանրակացարաններ, որոնց մի քանի հազար բնակիչները, փաստորեն, դարձել էին անվերահսկելի բուհական ղեկավարության և պետական մարմինների կողմից: Կեղծ բարեպաշտության տարրեր պարունակող «բարոյական կարգուկանոն» քարոզող գոլիստներն ու ծայրահեղ աջերը Ազգային ժողովում հանդես եկան այս հանրակացարանային համալիրներում վերահսկողության խստացման առաջարկությամբ: Պատգամավորների կարծիքով՝ այս անվերահսկելի տարածքներում ուսանողներն ավելի շատ զբաղվում են քաղաքականությամբ, քան սովորելով: Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի նվազագույնի հասցնեն ուսանողների ակտիվ շփումները: Զանազան պատրվակներով հանրակացարաններից դուրս հանվեցին շուրջ 400 քաղաքականապես ամենաակտիվ ուսանողներ: Սրանով չբավարարվելով՝ իշխանությունները գնացին նոր խստացումների: 1965-1966 ուստարվա սկզբին իգական հանրակացարաններից մեկի դիմաց սկսեցին կառուցել պահակատուն, որպեսզի խոչընդոտեն կամ արգելեն տղամարդկանց մուտքն այնտեղ: Այս քայլն արդեն լցրեց ուսանողների համբերության բաժակը, և սկսվեցին տարերային բողոքի միջոցառումներ: «Մենք երեխաներ չենք,- հայտարարում էին ուսանողները,- մենք ինքներս մեր ձեռքը կվերցնենք համալսարանական գործերի կառավարման ավելի ու ավելի մեծ հատվածը: Մենք վերակացուի կարիք չունենք»: Համալսարանական և հանրակացարանի ղեկավարների կամայականություններին ուսանողները պատասխանեցին բողոքի ցույցերով Անտոնիում և Փարիզի համալսարանում:

Անտոնի արվարձանում տեղի ունեցած իրադարձություններին առավել բուռն արձագանքեցին Նանտերի բանասիրական ֆակուլտետի ուսանողները: Նանտերը շուտով պետք է դառնար ուսանողական խռովությունների հիմնական կենտրոն, որտեղ չափազանց մեծ էր ձախ ծայրահեղական և անարխիստական գաղափարների ազդեցությունը: Ֆրանսիական բազմաթիվ համալսարաններում կապիտալիստական հասարակությունում իրավունքների մասին ուսանողական ակտիվիստները լայն քննարկումներ և դասախոսություններ նախաձեռնեցին: Շուտով ուսանողական քաղաքականացված հավաքների մասնակիցների թիվը բազմապատկվեց: 1967թ. գարնանը քաղաքական խմբակները սկսեցին «օկուպացնել» իգական հանրակացարանները՝ խախտելով պետության հաստատած հանրակեցության կանոնակարգը: Պայքարը հանուն «տեղաշարժերի, խոսքի ու հավաքների ազատության» համատարած բնույթ ստացավ: 1968թ. հունվար-մարտին ուսանողական խոշոր ելույթներ տեղի ունեցան Ֆրանսիայի համարյա բոլոր համալսարաններում: Նանտերի, Փարիզի, Նիսի, Լիլի, Ստրասբուրգի համալսարանների ուսանողներն իրենց ընդհանուր ժողովներում որոշում ընդունեցին վերացնել դե ֆակտո գոյություն ունեցող կանոնները և փոխարինել դրանք նորերով, որոնք թույլ էին տալիս ուսանողներին համալսարանական և հանրակացարանային ավաններում զբաղվել քաղաքական և արհմիութենական գործունեությամբ: Երկրի իշխանություններին նույնիսկ ոստիկանական ճնշումների տակ չհաջողվեց զսպել ուսանողական ակտիվությունը, և նրանք ստիպված էին զիջել երիտասարդության ճնշմանը: 1968թ. մայիսյան դեպքերի նախօրյակին արդեն ուսանողական բողոքները սոցիալականից տեղափոխվել էին քաղաքական հարթություն:

Հաշվի չառնելով ուսանողության և համալսարանական դասախոսների կարծիքը՝ 1968թ. ապրիլի 4-ին կառավարությունն ուժի մեջ մտցրեց 1969թ. ուստարվանից բակալավրիատից համալսարան ընդունվելու ընտրության նոր կարգը՝ արգելապատնեշ դնելով առանց քննությունների համալսարան ընդունվելու բակալավրական աստիճան ունեցող երիտասարդների առջև: Դժվար չէր կանխատեսել, որ այդ միջոցառումների արդյունքում տասնյակ հազարավոր երիտասարդներ կզրկվեին բարձրագույն կրթություն ստանալու սահմանադրական իրավունքից: Կառավարող վարչակարգը որոշեց առաջին լուրջ հարվածը հասցնել ուսանողական ընդդիմության ամենաակտիվ կենտրոնին՝ Նանտերի համալսարանական համալիրին, որը ստեղծվել էր ամերիկյան օրինակով, և ուսումնական ու հանրակացարանային մասնաշենքերը կենտրոնացված էին նույն վայրում (դասական համալսարանների ուսանողական հանրակացարանները գտնվում էին արվարձաններում): 1968թ. սկզբներին Նանտերի համալսարանական ավան սկսեցին այցելել քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք շրջում էին ոչ միայն վարչական հարկաբաժիններում, այլև հայտնվում էին լսարաններում և հանրակացարանում: Ուսանողության շրջանում լուրեր տարածվեցին, որ համալսարանի ղեկավարությունը և ոստիկանությունը «սև ցուցակներ» են պատրաստում, որոնցում ընդգրկված են քաղաքականապես ամենաակտիվ ուսանողները: Իշխանության այս պրովոկացիային ուսանողները պատասխանեցին անսպասելի և սրամիտ ձևով: Նրանք լուսանկարեցին ոստիկանական գործակալներին և սոցիոլոգիայի բաժնի միջանցքում կազմակերպեցին ֆոտոցուցահանդես, որը հսկայական արձագանք գտավ հասարակության լայն շերտերում: Ադմինիստրացիան ոստիկանական ուժեր հրավիրեց Նանտեր, սակայն սրանց համատեղ ջանքերն արդյունք չտվեցին, և նրանք չկարողացան թափանցել սոցիոլոգիայի բաժին ու խափանել ցուցահանդեսը: Որքան ադմինիստրացիան և իշխանություններն ուժեղացնում էին ճնշումը, այնքան առավել արմատական ու քաղաքական էին դառնում ուսանողների պահանջները: Կրթության նախարարի հրահանգով Նանտերի ղեկավարությունը լոկաուտ հայտարարեց՝ մարտի 28-ից մինչև ապրիլի 1-ը դադարեցվեցին դասերը բոլոր բաժիններում: Սակայն ակադեմիական լոկաուտը արդյունք չտվեց, քանի որ դասերի վերսկսումից անմիջապես հետո ուսանողները նոր թափով սկսեցին քաղաքական բանավեճերը, որոնց հիմնական թեման էր. «Համալսարանի քննադատությունից՝ հասարակության քննադատություն»: Համալսարանի ղեկավարությունը փորձեց ճնշամիջոցների նոր եղանակներ կիրառել: Ապրիլի վերջին հայտարարվեց, որ առավել ակտիվ ուսանողական առաջնորդներից երկուսը պետք է ներկայանան համալսարանի «Կարգապահական հանձնաժողովին» մայիսի 2-ին, երբ ուսանողական միությունները որոշել էին կազմակերպել հակառասիստական ֆիլմերի հրապարակային դիտում: Նույն համալսարանական ադմինիստրացիայի լռելյայն համաձայնությամբ ակտիվացան ծայրահեղ աջ և նեոֆաշիստական երիտասարդական կազմակերպությունները (առավել հայտնի էր «Արևմուտք» խմբավորումը, որն իր վայրագությունների վայրում թողնում էր «կելտական խաչ» տարբերանշանը), որոնք սկսեցին պրովոկացիաներ կազմակերպել Նանտերի ուսանողական ավանում և ձախ արմատական ուսանողությանը հրահրել բախումների: Ոստիկանությունը, տեղյակ լինելով նախապատրաստվող պրովոկացիայի և սպասվող բախումների մասին, կանխարգելիչ ոչ մի միջոցառում չձեռնարկեց:

Վարչական և ոստիկանական մարմինների համատեղ չարդարացված խստություններն ու «Արևմուտք»-ի իրականացրած պրովոկացիոն հարձակումները Լատինական թաղամասում գտնվող Բանասիրության ուսումնասիրության խմբերի ֆեդերացիայի գրասենյակի վրա էլ ավելի շիկացրին մթնոլորտը համալսարանում: Ուսանողական շարժման տարբեր թևերի ներկայացուցիչների՝ մայիսի 2-ին Նանտերում տեղի ունեցած հավաքում որոշվեց հաջորդ օրը Փարիզում անցկացնել բողոքի հանրահավաք, իսկ «Կարգապահական հանձնաժողովի» նիստի օրը՝ մայիսի 6-ին, կազմակերպել Սորբոնի օկուպացիան: Նանտերի բանասիրական ֆակուլտետի դեկանը, վախենալով իրադրության հետագա լարումից, խորհրդակցելով համալսարանի ղեկավարության հետ, հայտարարեց անորոշ ժամանակով ուսումնական պարապմունքների դադարեցման մասին:

«Համալսարանական գործողությունների շարժում» (ՀԳՇ) ուսանողական կազմակերպության կոչով մայիսի 3-ին, կեսօրից հետո, Սորբոնի բակում հավաքվեցին հարյուրավոր ուսանողներ՝ զորակցություն հայտնելու Նանտերի իրենց ընկերներին: Որոշվեց մայիսի 6-ին «Կարգապահական հանձնաժողովի» նիստը վերածել դատավարության մեղադրող կողմի դեմ: Ուսանողների արմատական տրամադրություններից սարսափած՝ Սորբոնի ռեկտոր Ժան Ռոշը, խորհրդակցելով կրթության նախարարի հետ, դադարեցրեց դասերը համալսարանում և ոստիկանական ուժեր հրավիրեց: Ռետինե մահակներով և մետաղյա սաղավարտներով զինված ոստիկանները սկսեցին ուսանողներին դուրս մղել դեպի ելքը: Ավելորդ լարվածությունից և բախումներից խուսափելու համար ուսանողական ակտիվիստները բանակցություններ սկսեցին ոստիկանության հետ, և որոշվեց խաղաղ հեռանալ և վերադառնալ տուն: Սակայն, հենց ուսանողների առաջին խմբերը դուրս եկան Սորբոնի տարածքից, ոստիկանները սկսեցին ձերբակալել նրանց և խցկել ոստիկանական մեքենաները: Ուսանողության շրջանում տարածված սկզբնական շփոթմունքը և տարակուսանքը տեղի տվեցին համատարած ցասման և բողոքի: Կատարվեց այն, ինչը պետք է կատարվեր: Իշխանության և ոստիկանության ձեռնարկած ոչ խելամիտ և ոչնչով չարդարացված բռնությունները ծնեցին հակադարձ արմատական քայլեր, որոնք շուտով պետք է վերաճեին Ֆրանսիան ցնցած իսկական խռովության: Ուսանողների բորբոքված ամբոխը, «Կորչե՛ն բռնարարքները», «Սորբոնն ուսանողների՛ն», «Ազատությո՛ւն մեր ընկերներին», «Ժանդարմները էսէսականնե՛ր են» վանկարկելով, դուրս եկավ Սորբոնի տարածքից և հարևան փողոցում մարդատար ավտոմեքենաները շուռ տալով՝ բարիկադավորեց այն: Երբ ոստիկանությունը, արցունքաբեր գազ պարունակող նռնակներ օգտագործելով, հարձակվեց բարիկադների պաշտպանների վրա, ուսանողները սկսեցին օրենքի պահապանների վրա նետել փողոցի սալահատակի գլաքարերը: Ոստիկանության հետ ուսանողության զանգվածային բախումների մասին լուրը կայծակի արագությամբ տարածվեց ողջ Լատինական թաղամասում: Ոստիկանները, գազազած իրենց վրա կարկուտի նման թափվող քարերի տարափից, սկսեցին աջ ու ձախ ռետինե մահակներով հարվածներ հասցնել՝ անմեղ կամ մեղավոր չտարբերելով: Դեպքերի ականատեսների վկայությամբ՝ կատաղած ոստիկանների «տաք ձեռքի» տակ էին ընկնում նաև մետրոյի կայարանից դուրս եկող անմեղ ուղևորները, որոնք, իրենց կամքին հակառակ, հայտնվել էին փողոցային բախումների կիզակետում: Մայիսի 3-ի երեկոյան դեպքերին մասնակից էին շուրջ 2000 ուսանող և 1500 ոստիկան: Օրվա վերջին հաշվվում էր մի քանի հարյուր վիրավոր, 596 մարդ կալանվեց, որոնցից 27-ը ձերբակալվեց: Օրվա կարևոր հանրագումարներից մեկն էլ համալսարանի ռեկտորի կողմից Սորբոնի բոլոր ֆակուլտետներում և բաժիններում դասերի լիակատար դադարեցման մասին կարգադրության հրապարակումն էր, որը չտեսնված երևույթ էր Ֆրանսիայի պատմության մեջ Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից ի վեր: Իշխանությունների կողմից խրախուսված համալսարանի ռեկտորի այս քայլն առաջացրեց Ֆրանսիայի ուսանողների ազգային միության (ՖՈւԱՄ) դժգոհությունը, որը դիմեց 160 հազ. ուսանողներին բողոքի ցույցի ելնել մայիսի 6-ին: 1968թ. մայիսի 3-ը դարձավ այն շրջադարձային հանգրվանը, որից հետո դեպքերի զարգացումները դարձան անկանխատեսելի, և երիտասարդական շարժումներն ակադեմիական պատերից դուրս հորդեցին ու ամբողջովին քաղաքականացվեցին, որում, անշուշտ, մեղքի մեծ բաժին ունեին իշխանությունները՝ իրենց ձեռնարկած չհիմնավորված կոշտ արձագանքով («ակադեմիական փիլոններն իրենց տեղը զիջեցին ոստիկանական թիկնոցներին», ասվում էր այդ օրերի ուսանողական թռուցիկներից մեկում):

Իշխանությունների դեմ քաղաքական պայքարի առանցքում հայտնվեց հարցերի երեք խումբ.

1. Նանտերի և Սորբոնի փակման օրինականության հարցը,

2. ոստիկանության, ժանդարմերիայի և ազգային անվտանգության վաշտերի կիրառած ուժի և միջոցների խստության թույլատրելի սահմանների հարցը,

3. ուսանողական շարժման մասնակիցների և առաջնորդների նկատմամբ դատաիրավական սանկցիաներ կիրառելու հարցը:

Սկսված քաղաքական խռովությունը ղեկավարելու համար ՖՈւԱՄ-ը և ուսանողական պաշտոնական կազմակերպությունները պատրաստ չէին, և զգացվում էր, որ առավել մեծ դեր էին սկսում խաղալ ՀԳՇ-ն և զանազան մաոիստական ու անարխիստական ուղղվածության խմբակները: «Որպեսզի ուրբաթ օրը սկսված խռովությունը լայնորեն ծավալվի, անհրաժեշտ է միասնաբար կազմակերպվել ներքևից՝ գործողությունների կոմիտեներում», ասվում էր ուսանողական կոչ-թռուցիկում: Գործողությունների կոմիտեների հիմքում դրված էր ներքևից վերև «արտադրական սկզբունքը»՝ ուսումնական խումբ, կուրս, ֆակուլտետ աճման կարգով:

Հետզհետե Լատինական թաղամասում իրադրությունը սրվում էր և դառնում անկառավարելի: Մայիսի 5-ի կիրակի օրը Փարիզի ոստիկանական պրեֆեկտ Գրիմոն արգելեց բոլոր ժողովները, ցույցերն ու հանրահավաքները: Մայիսի 6-ին նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ, նույն առավոտյան Լատինական թաղամաս բերվեցին լրացուցիչ ոստիկանական և ժանդարմական ուժեր, ինչպես նաև ազգային անվտանգության ուժերի նոր ստորաբաժանումներ: Սակայն իշխանություններին չհաջողվեց կանխել երիտասարդության զանգվածային ելույթը: Այն ժամանակ, երբ Սորբոնում ընթանում էր «Կարգապահական կոմիտեի նիստը», ուսանողությունը զանգվածաբար սկսեց հավաքվել համալսարանին հարող փողոցներում և բուլվարներում: Հազարավոր ուսանողների միացան նաև համալսարանի մի քանի տասնյակ դասախոսներ և դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, որոնք միավորվել էին «Լիցեիստների գործողությունների կոմիտեի» շուրջ: Կալանքից ազատված Դ.Կոն-Բենդիտի, Ժ.Սովաժոյի և Ա.Ժեյսմարի (սրանց սովորաբար անվանում էին «Կարմիր մայիսի եռապետներ») գլխավորությամբ հազարավոր ուսանողներ հավաքվեցին նախկին Գինու շուկայի շրջանում, ճշգրիտ գիտությունների ֆակուլտետի մոտ: ՖՈւԱՄ ներկայացուցիչների առաջարկով որոշվեց երեկոյան խաղաղ ցույց կազմակերպել Դանֆեր-Ռոշրո հրապարակում, բայց մինչ այդ խաղաղ երթով անցնել Փարիզի փողոցներով՝ ներկայացնելու համար իրենց պահանջները: Առանց խոչընդոտների ցուցարարներն անցան Սենայի աջ ափը՝ տանելով «Մենք մի բուռ ծայրահեղականներ ենք» վերտառությամբ մեծ ցուցապաստառը, վանկարկելով «Սորբոնը ուսանողների՛ն», «Ազատե՛ք մեր ընկերներին», «Ուսանողները համերաշխ են աշխատավորների հետ» և այլն: Երբ ուսանողների շարասյունը վերադարձավ Լատինական թաղամաս, նրանց վրա հարձակվեցին շուրջ 6 հազար ոստիկան և հատուկջոկատային: Ուսանողներին սկսեցին հետ մղել համալսարանի մերձակայքից դեպի Սեն-Ժերմեն բուլվար: Ոստիկանական ագրեսիային երիտասարդները պատասխանեցին բռնությամբ, և հայտնվեցին առաջին բարիկադները՝ կառուցված մեքենաներից, մետաղյա ճաղավանդակներից, սալահատակի գլաքարերից, տախտակից և այլն: Սեն-Ժերմեն-դե-Պրե հրապարակում բարիկադավորված ընկերներին Դանֆոր-Ռոշրո հրապարակի կողմից օգնության եկավ շուրջ 15 հազար ցուցարար: Լատինական թաղամասը և Սենայի ամբողջ ձախ ափը վերածվել էին իսկական մարտադաշտի, ուր անընդհատ գալիս էին երիտասարդների նոր խմբեր (ցուցարարների թիվը, ըստ որոշ տվյալների, անցնում էր 30 հազարը): Միայն գիշերվա ժամը 2-ին ոստիկանությանը հաջողվեց վերահսկել իրադրությունը: Երկու կողմից վիրավորվեց շուրջ 600 մարդ և ձերբակալվեց 400-ից ավելի ցուցարար:

Մայիսի 7-ին գործադուլի մեջ ընդգրկվեցին Փարիզի բոլոր բուհերն ու լիցեյների գերակշիռ մասը: Մայրաքաղաքի ուսանողությանն իրենց համերաշխությունը հայտնեցին և գործադուլներ ու զանգվածային ցույցեր սկսեցին Ֆրանսիայի համալսարանական շատ կենտրոնների ուսանողներ: Հակակառավարական բողոքի ցույցեր տեղի ունեցան Բորդոյում, Գրենոբլում, Ստրասբուրգում, Դիժոնում, Ռուանում, Թուլուզում, Էյս-ան-Պրովանսում և այլուր: Փարիզում ցույցերի մասնակիցների թիվը հասավ 50 հազարի, որոնք պահանջում էին իրենց ձերբակալված ընկերներին ազատ արձակել, ազատել Սորբոնի տարածքը և դեմոկրատականացնել բարձրագույն կրթությունը: Ի պատասխան այս պահանջների՝ իշխանությունները հայտարարեցին, որ համալսարանից հեռացվելու են անկարգությունների մասնակից բոլոր ուսանողները, իսկ անվտանգության ուժերը նորից հարձակվեցին ցուցարարաների վրա: Մայիսի 7-ը վճռական օր դարձավ հասարակական գիտակցության և տրամադրությունների փոփոխության տեսակետից: Ֆրանսիայի կրթության և գիտության բնագավառների համարյա բոլոր արհմիությունները հանդես եկան ի պաշտպանություն ուսանողների: Իշխանությունների ոչ համաչափ գործողությունները դատապարտեցին Մարդու իրավունքների ֆրանսիական լիգան և հեռուստատեսության աշխատողների արհմիությունը, որը բողոքում էր ԶԼՄ-ում իրադարձությունների աղավաղված ու ոչ օբյեկտիվ լուսաբանման դեմ:

Հաջորդ օրը գեներալ դը Գոլը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց. «Ոչ մի զիջում բռնություններին, բայց երբ կարգուկանոնը վերահաստատվի, ամեն ինչ հնարավոր է»: Նա պահանջեց նախարարներից առավել կոշտ միջոցներով հանդարտեցնել ուսանողական ելույթները: Ինչպես դիպուկ նկատել է դեպքերի ակտիվ մասնակիցներից մեկը. «Գեներալը, հիրավի, ոչինչ չհասկացավ» (նա նույնիսկ հարկ չհամարեց ընդհատել արտաքին քաղաքական տեսակետից ոչինչ չտվող այցը Ռումինիա, չնայած նախարարների վախվորած ակնարկներին): Դը Գոլի հայտարարությանն ի պատասխան՝ ֆրանսիական մի շարք հանրահայտ լրագրողներ ստեղծեցին Բռնարարքների դեմ կոմիտե: Ուսանողների պահանջների պաշտպանությամբ և կառավարական ուժերի կիրառած ոչ համարժեք միջոցների դատապարտմամբ հանդես եկան ֆրանսիական մտավորականության ականավոր ներկայացուցիչները՝ Ժան-Պոլ Սարտրը, Սիմոնա դը Բովուարը, Ֆրանսուազ Սագանը, Անրի Մորիակը, Անդրե Գորցը, որոնց միացան նաև Նոբելյան մրցանակի ֆրանսիացի դափնեկիրները: Որոշ տատանումներից հետո ֆրանսիական ուսանողությանը պաշտպանող հայտարարություններ արեցին ֆրանսիական համարյա բոլոր արհմիությունները, կոմունիստները, սոցիալիստները և ձախ արմատական մի շարք կազմակերպություններ: Ուսանողական շարժումը վարկաբեկելու իշխանությունների բոլոր փորձերը հակառակ արդյունքը տվեցին: Նույնիսկ համալսարանական դասախոսների մի փոքր խումբ հայտարարեց, թե իբր սա «միջակների և ծույլիկների» կողմից հրահրվող խռովություն է, որի նպատակը քննություններից խուսափելն է, իսկ բողոքի մասնակիցները «տկարամիտ սուբյեկտներ են, որոնք փորձում են իրենց շարժման մեջ ներքաշել բանվոր դասակարգին»:

Մայիսի 10-ին երիտասարդ ցուցարարների 20 հազարանոց շարասյունը փորձեց անցնել Սենայի աջ ափը և բողոքի ակցիա կազմակերպել արդարադատության նախարարության և ազգային հեռուստատեսության վարչության դիմաց, սակայն, հանդիպելով հատուկջոկատայինների դիմադրությանը, վերադարձավ դեպի Սեն Միշել բուլվար, որտեղ կազմ ու պատրաստ նրանց էին սպասում ոստիկաններից ու ազգային անվտանգության վաշտերից բաղկացած մեծաթիվ ուժեր: Սկսվեց մայիսյան դեպքերի հայտնի իրադարձություններից մեկը՝ «բարիկադների գիշերը»: Բավական ընդարձակ Սեն Միշել հրապարակում ուսանողները կառուցեցին մինչև երկու մետր բարձրությամբ շուրջ 60 բարիկադ, իսկ հրապարակի համարյա ամբողջ սալահատակը քանդվեց, և գլաքարերը դարձան «զինամթերք» երիտասարդների ձեռքին (մայիսյան դեպքերից հետո Սեն Միշել բուլվարը փարիզյան իշխանություններն ասֆալտապատեցին՝ «փորձանքից հեռո՛ւ»): Այստեղ էլ ծնվել է մայիսյան օրերի հայտնի կարգախոսներից մեկը՝ «Sous les pavés, la plage - Սալահատակի տակ լողափ է»: Լատինական թաղամասում շրջափակված ուսանողները մինչև առավոտյան ժամը 6-ը կատաղի դիմադրություն ցույց տվեցին կառավարական ուժերին: Թաղամասի բնակչությունը ևս ուժերի ներածին չափով օգնում էր երիտասարդներին՝ ոստիկանների վրա եռացած ջուր և ձեթ լցնելով, նրանց վրա լուսամուտներից ու պատշգամբներից զանազան իրեր ու առարկաներ նետելով և վերջապես հետապնդումից ուսանողներին պատսպարելով ու առաջին բժշկական օգնություն ցուցաբերելով: «Բարիկադների գիշերվա արդյունքները» ցնցեցին Ֆրանսիան՝ 367 մարդ վիրավորված (32-ը՝ ծանր), 460 ձերբակալված և շուրջ 188 այրված ավտոմեքենա:

Աֆղանստանից վերադարձած վարչապետ Ժորժ Պոմպիդուն իր հեռուստաելույթում հայտարարեց. «Ես որոշում եմ ընդունել. Սորբոնը բոլորի համար բաց կլինի երկուշաբթի օրվանից. դատապարտված ուսանողներին ազատ արձակելու մասին խնդրագրի լուծմամբ կզբաղվի վերաքննիչ դատարանը. ես պատրաստ եմ հաշտության»: Սակայն պարզվեց, որ իշխանությունների հաշտության կոչն ուշացած էր, և երիտասարդական բողոքի շարժումը դարձել էր «անկառավարելի», քանի որ «մի խումբ ծայրահեղականների» ելույթների ցրումը ոստիկանության կողմից վերածվեց համազգային քաղաքական ճգնաժամի:

Սորբոնի «դռների բացումը» չհանգստացրեց երիտասարդությանը: Մայիսի 13-ին Ֆրանսիան կաթվածահար եղավ ուսանողների հետ համերաշխության 24-ժամյա գործադուլից, որին մասնակցեց շուրջ 10 մլն մարդ՝ երկրի համարյա ողջ աշխատունակ բնակչությունը: Ընդդիմության պահանջներն էին՝

ա) բարձրագույն կրթության բարեփոխում,

բ) սոցիալական ապահովության բարելավում,

գ) աշխատավարձերի բարձրացում:

Սակայն դժգոհության հիմնական օբյեկտը պետությունն էր և այն մարմնավորող գեներալ դը Գոլը, որը հետագայում պետք է խոստովաներ. «Ֆրանսիացիները հոգնել են ինձնից, իսկ ես՝ նրանցից»: Փարիզի փողոցներով անցավ 800 հազարանոց ցույց, որի առաջին շարքերում էին Աշխատանքի համընդհանուր ֆեդերացիայի (ԱՀՖ) նախագահ, կոմունիստ Ժորժ Սեգին և կատաղի հակալենինական և անարխիստ Դանիել Կոն-Բենդիտը: Ցուցարարների գլխավոր պահանջները, բացի դը Գոլի հրաժարականից, արտահայտված էին «40-60-1000» վերտառությամբ ցուցապաստառներում՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթ, կենսաթոշակի անցում 60 տարեկանում և 1000 ֆրանկ նվազագույն աշխատավարձ: Ցույցից անմիջապես հետո ուսանողները գրավեցին Սորբոնը և ստեղծեցին, այսպես կոչված, գլխավոր ասամբլեաներ, որոնք միաժամանակ կատարում էին բանավիճային ակումբների, «օրենսդիր» և «գործադիր» մարմինների դեր: Սորբոնի գլխավոր ասամբլեան հռչակեց «Փարիզի համալսարանը ինքնավար ժողովրդական համալսարան, որը մշտապես և շուրջօրյա բաց է բոլոր աշխատավորների համար»: Փաստորեն, ստեղծվեց ուսանողական կոմունա, որը գոյություն ունեցավ մայիսի 13-ից մինչև հունիսի 16-ը, մինչև ոստիկանական ուժերը դուրս չմղեցին խռովարարներին Սորբոնից: Կարճ ժամանակով, բայց Ստրասբուրգի համալսարանը ևս գրավվեց ուսանողների կողմից: Ի պաշտպանություն Փարիզի երիտասարդության՝ բազմահազարանոց ցույցեր եղան Լիոնում և Մարսելում: Ուսանողների փորձը «վարակիչ» էր, և հաջորդ օրը Նանտերում գտնվող «Սյուդ-Ավիասյոն» ընկերության բանվորները գրավեցին իրենց գործարանը: Ձեռնարկությունները գրավելու գործընթացը համաճարակի բնույթ ստացավ և տարածվեց ողջ երկրում: Մայիսի 15-ին ուսանողները գրավեցին հռչակավոր «Օդեոն» թատրոնը՝ այն վերածելով բանավեճի ակումբի: Սորբոնը մայիսի 16-ից սկսեց կառավարել 15 հոգուց բաղկացած օկուպացիոն կոմիտեն, որը փորձեց կարգուկանոն հաստատել այնտեղ, քանի որ, ականատեսների վկայությամբ, անարխիստներն այն «վերածել էին իսկական խոզանոցի»: Ողջ Սորբոնն ու «Օդեոն»-ը, Լատինական թաղամասի զգալի մասը պատված էին հարյուրավոր ցուցապաստառներով, որոնց կարգախոսներն աչքի էին ընկնում ոչ ստանդարտ և հաճախ գրոտեսկային բովանդակությամբ: Երկրի տարբեր հատվածներում ուսանողներն ու բանվորները մեկը մյուսի հետևից գրավում էին ուսումնական հաստատություններն ու գործարանները (միայն գրավված գործարանների թիվն անցնում էր 500-ը): Գործադուլի մեջ ներքաշվեցին փոստը, հեռախոսակապը, հասարակական տրանսպորտը: «Կյանքը Ֆրանսիայում կանգ էր առել»:

Մայիսի 18-ին ընդհատելով պաշտոնական այցը Ռումինիա՝ Փարիզ վերադարձավ դը Գոլը, բայց երկիրն ինչ-որ ժամանակ դարձել էր «անկառավարելի», գործարանները գտնվում էին պաշտոնական արհմիությունների կողմից չվերահսկվող «ինքնակառավարման կոմիտեների» ձեռքում, որոնք կարիքավորներին ձրի սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ էին բաժանում: Ազգային ժողովում ընդդիմությունը կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկություն նախաձեռնեց, և միայն մեկ ձայնի տարբերությամբ Ժորժ Պոմպիդուի կառավարությունը փրկվեց հրաժարականից:

Ուսանողական խռովության նոր ալիքի բռնկման համար պատրվակ հանդիսացավ այն, որ իշխանությունները որոշում ընդունեցին Դանիել Կոն-Բենդիտին երկրից վտարելու մասին, որի հասցեին դը Գոլի արտաբերած «գերմանական հրեա» արտահայտությունը դարձավ նոր կարգախոսների անսպառ թեմա: Այժմ ուսանողները բարիկադներին էին բարձրանում «Nous sommes tous des juifs allemands - Մենք բոլորս գերմանական հրեա ենք» և նման բովանդակությամբ այլ կարգախոսներով: Մայիսի 23-24-ի գիշերը պատմության մեջ մտավ «nuit d’émeute»՝ «ցասման կամ խռովության գիշեր» անվամբ:

Հաջորդ օրերին արհմիութենական առաջնորդները բանվորների և ուսանողների թիկունքում համաձայնության եկան իշխանությունների և գործատուների հետ: Ֆրանսիան նոր շոկի մեջ հայտնվեց, երբ մայիսի 29-ին լուր տարածվեց, թե դը Գոլը հեռացել է երկրից անհայտ ուղղությամբ: «Կարմիր մայիսի» առաջնորդները կոչ են անում ուսանողությանը վերցնել իշխանությունը, քանի որ այն «գցած է փողոցում»: Սակայն ակնհայտ էր, որ երիտասարդական խռովության թափը նվազել էր, իսկ մարգինալացված ընդդիմությունը, չկարողանալով կառավարել և վերահսկել շարժումը, պատրաստ էր իշխանությունների հետ գործարքի գնալ: Նախագահ դը Գոլը, որը գաղտնի բանակցություններ էր վարել Բադեն-Բադենում (Արևմտյան Գերմանիա) և Ստրասբուրգում տեղակայված ֆրանսիական զորամիավորումների հրամանատարության հետ, վերադառնալով Փարիզ՝ կոշտ ելույթ ունեցավ, որից ոգևորված գոլիստական ուժերը 500 հազարանոց հանրահավաք անցկացրին Փարիզում՝ դատապարտելով ուսանողներին և բանվորներին «երկիրը կործանման տանելու համար»՝ «Հե՛տ տվեք մեր գործարանները», «Դը Գոլ, դու մենակ չե՛ս» կեղծ հայրենասիրական և բացահայտ ֆաշիստական «Շիկահերին վռնդե՛ք Գերմանիա» (նկատի ունեն Կոն-Բենդիտին), «Ֆրանսիան ֆրանսիացիներին», «Կոն-Բենդիտին ուղարկեք Դահաու» (նկատի ունեն նացիստական համակենտրոնացման ճամբարը, որտեղ հարյուր հազարավոր հրեաներ էին կոտորվել) կարգախոսներով: Դեռևս 1-2 շաբաթ գործադուլները շարունակվեցին, սակայն անվտանգության ուժերը հերթով դրանք ազատեցին բանվորական կոմիտեներից: Ուսանողները «վերջապահ մարտ տվեցին» Ֆլինում, որտեղ ոստիկանական հետապնդումից փրկվելու համար գետը նետվեց և խեղդվեց բանվորների և ուսանողների միջև կապավոր լիցեիստ Ժիլ Տոտենը: Իրենց ընկերոջ վրեժը լուծելու համար ուսանողները նոր բարիկադներ կառուցեցին Փարիզում, բայց շարժման թափը վերջնականապես ընկել էր, և իշխանություններին շուտով հաջողվեց «Օդեոնը» (հունիսի 14-ին) և Սորբոնը (հունիսի 15-ին) մաքրել օկուպացիոն կոմիտեներից, իսկ Կոն-Բենդիտին արտաքսել Գերմանիա:

Այսպիսով, «Կարմիր մայիսն» ավարտվեց գոլիստների նոր «հաղթանակով», որն ամրապնդվեց հունիսի վերջին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ստացած բացարձակ մեծամասնությամբ Ազգային ժողովում: «Այդպիսի անսպասելի հաջողությունը ստիպեց դը Գոլին անցնել քաղաքական հարձակման…»:

Ի՞նչ էր ներկայացնում անհատի ազատ զարգացման համար երիտասարդական հանրության մղած պայքարը, որը ծնվել ու հասունացել էր գոյություն ունեցող հասարկության տիրույթում, որի բնակչությունը «երիտասարդացել» էր Երկրորդ աշխարհամարտին հետևած baby bum-ի արդյունքում: 1960-ականների երիտասարդական շարժումը գտնվում էր տարաբնույթ «հին ու նոր» գաղափարական հոսանքների ազդեցության տակ: Աջ կամ ձախ ուղղվածության կարծես «դասականացված» գաղափարական կաղապարները և դրանցից բխող, ապացուցման կարիք չունեցող «պոստուլատները» հետպատերազմյան երիտասարդ սերնդին հուզող բազմաթիվ սոցիալ-մշակութային և բարոյահոգեբանական հիմնախնդիրներին պատասխանել այլևս չէին կարող: Այսպես գոնե մտածում էր երիտասարդության այն հատվածը, որին չէին հրապուրում կամ չէին բավարարում արևմտյան արժեհամակարգի արդյունք հանդիսացող «հարմարավետ կենցաղը» և «բարոյական կոդեքսը», որոնք տաբուների երկար շարան էին ներկայացնում: Նոր սերնդի պատկերացումներն անհատի և հասարակության ազատությունների մասին ձևավորվեցին 1950-60-ականներին Եվրոպայում սկիզբ առած, հաճախ՝ հակոտնյա և իրարամերժ, փիլիսոփայական, սոցիոլոգիական և գաղափարաքաղաքական տեսությունների, «ուսմունքների» ազդեցությամբ:

Եվրոպական հասարակությունների ավագ և միջին սերունդը, «թույլատրելի ազատությունների» մասին իր պատկերացումները, բարոյականության և գեղագիտության սեփական ընկալումները և իր սերնդի համար ընդունելի կենսապահովման արժեհամակարգը պարտադրելով հետպատերազմյան սերնդին, իր կամքին հակառակ բողոքի և ընդվզման էր մղում երիտասարդությանը: «Նրանք կասկածի էին ենթարկում այն, թե ինչպես ենք ապրում և դատապարտում էին այն գժանոցը, որում մենք ապրում ենք»: Նոր ձևավորվող երիտասարդ մտավորականությունը չէր ցանկանում լինել նախորդ սերնդի ստեղծած արժեքների և հատկապես վարքականոնի նորմերի «կույր հետևողը»: Ժամանակի տեսաբաններից շատերը փորձում էին 60-ականների շարժումը բխեցնել «սերունդների բախման» մասին բավական ծեծված թեզից, համաձայն որի՝ երիտասարդության հեղափոխականությունը տարիքային-հոգեբանական բնույթ ունի և պայմանավորված է, այսպես կոչված, «Էդիպի կոմպլեքսով»: Հայտնի սոցիոլոգ Ռեյմոն Արոնի բնութագրմամբ՝ մայիսյան դեպքերն «ավելի շուտ կենսաբանական, քան սոցիալական ֆենոմեն են» և «բխում են սերունդների միջև պայքարից», որին շատ խիստ պատասխանեց Ժան-Պոլ Սարտրը՝ մեղադրելով սոցիոլոգ պրոֆեսորին «նոր Բաստիլներ» կառուցելու մեջ: Համաձայն մեկ այլ տեսության՝ երիտասարդական ագրեսիայի պատճառը ժամանակակից հարմարավետության հասարակության նկատմամբ բնական ընդվզումն է, որը չի կարող համակերպվել գոյություն ունեցող հիերարխիկ համակարգի կոշտ սկզբունքների հետ, ինչն անդեմ է դարձնում մարդուն:

Նոր սերունդը կարոտ էր գործողությունների, ձգտում էր հեղափոխության գիտակցության և երևույթների ընկալման մեջ: Մինչև այսօր 1960-ականների շարժման ուսումնասիրողներից շատերը փորձում են որոշակի համակարգեր և գաղափարական հիմնական սկզբունքներ առանձնացնել, սակայն, ի վերջո, համարյա բոլորն էլ գալիս են այն եզրակացության, որ շարժման գլխավոր գաղափարախոսությունը դրա «իսպառ բացակայությունն» էր: Շարժման մասնակիցների և պարագլուխների գաղափարական կողմնորոշումները ոչ միայն բազմաշերտ էին, այլև հակոտնյա: Սակայն սա չի նշանակում, թե չկային դոմինանտ գաղափարներ, որոնք կարող էին միավորել հեղափոխական տրամադրություն ունեցող երիտասարդ «խռովարարներին»: Ամենատարածվածներից էր, այսպես կոչված, երիտասարդական կոնտրմշակույթի գաղափարախոսությունը, որն արտահայտվեց 1968թ. մայիսյան ցուցապաստառներում և դրանց ուղեկցող սիտուացիոնիստական կարգախոսներում: Մարքսիզմը, անարխիզմը, լենինիզմը, տրոցկիզմը, մաոիզմը, Ժան-Պոլ Սարտրի և Հերբերտ Մարկուզեի սոցիոլոգիան և 20-30-ականների սյուռեալիզմն ու դադաիզմը մշակույթում միախառնվել էին յուրատեսակ գաղափարական կաթսայի մեջ: Այս գաղափարախոսությունները և մշակութային հոսանքների ազդեցությունն առկա էին 1957թ. ծնունդ առած, մաոիզմից ընձյուղված սիտուացիոնիզմի հոսանքի մեջ: Եթե սյուռեալիստները ձգտում էին դեն նետել բուրժուական մշակույթի կապանքները՝ վերածելով ստեղծագործությունը «գիտակցության հոսքի», ապա սիտուացիոնիստները կոչ էին անում հեղափոխություն կատարել գիտակցության մեջ, այսպես կոչված, կոնտրմշակույթի միջոցով: Զանազան գեղարվեստական և քաղաքական տեսությունների յուրահատուկ խառնուրդ լինելու հանգամանքով էին բացատրվում սիտուացիոնիստական հայացքների ինքնատիպությունը, արտասովորությունը և գրավչությունը 60-ականների երիտասարդության համար: Սիտուացիոնիստը կառուցում էր իրադրություններ նրա համար, որպեսզի կարողանա հաղթահարել սեփական կյանքի օտարացումը, որը տեղի է ունենում հասարակական կյանքում ներկայացման կամ բեմադրության տարրերի գերիշխանության պատճառով: «Սիտուացիոնիստական ինտերնացիոնալ» (SI) շարժումը հիմնադրվել է իտալական Կոզա դ’Արոսա քաղաքում: Սիտուացիոնիստների գաղափարական առաջնորդների՝ Գի Դեբորի «Ներկայացման հասարակությունը» («La Société du spectacle») և Ռաուլ Վանեյգեմի «Տրակտատ նոր սերնդի կյանքի կանոնների մասին» 1967թ. լույս տեսած գրքերում քննադատվում էին կապիտալիզմը և չինական ու խորհրդային «պետական-բյուրոկրատական սոցիալիզմը», առավել մոտ կանգնելով անարխիզմին: Սոցիալական հեղափոխությանը, համաձայն սիտուացիոնիստների տեսության, պետք է նախորդի հեղափոխությունը գիտակցության մեջ: Եվ քանի որ անհատական գիտակցությունը ստորադասվել և օտարվել է հասարակական գիտակցությունից, պետք է տվյալ հասարակության ստեղծած մշակութային քարացած արժեքներին հակադրել նորը, որը պետք է ստանար կոնտրմշակույթ անվանումը: Սիտուացիոնիստական կոնտրմշակույթի տեսությունն էությամբ սինկրետիկ էր, քանի որ դրանում համադրվում և միաձուլվում էին հաճախ անհամատեղելի գաղափարներ և հայացքներ: Պետության և նրա սահմանափակող կառույցների վերացումը և սոցիալական արդարությանը հասնելը պետք է իրականացվի մշակութային հեղափոխության ճանապարհով, այսինքն՝ պետք է ստեղծվեն գոյություն ունեցող մշակույթին հակոտնյա իրավիճակներ: Սիտուացիոնիստները գտնում էին, որ մշակութային հեղափոխության սուբյեկտը ստեղծագործ երիտասարդությունն է հանձին ուսանողության, որն ի վիճակի է ստեղծել հեղափոխության օբյեկտի՝ ժամանակակից կապիտալիզմի վերացման համար կոնտրմշակութային իրավիճակ և իրականացնել սոցիալական հեղափոխություն: Ժամանակակից կապիտալիզմը սիտուացիոնիստների կողմից դիտվում էր որպես սպառողների հասարակություն, որը հակոտնյա է մարդու մեջ դրված արտադրելու բնածին էությանը: Նրանք արտադրությունից հեռացած և միայն սպառողի կարգավիճակ ու հոգեբանություն ունեցողներին համարում էին «թերմարդ» կամ «կիսամարդ», որոնց վրա հսկայական ազդեցություն ունեն ժամանակակից ԶԼՄ-ները և «զվարճանքների ինդուստրիան»: Ժամանակակից կապիտալիզմը, համաձայն սիտուացիոնիստների տեսության, իր մեջ է կուտակում ոչ միայն նյութական բարիքները, այլ նաև ԶԼՄ-ների կողմից ստեղծված կերպարները, իմիջները, տեղեկատվությունը և այլն: Սա հանգեցնում է նրան, որ ցանկացած ինֆորմացիան, նույնիսկ մշակութային կոդը, դառնում են ապրանք: Եթե նախկինում մարդն իր ժամանցն անցկացնում էր ռեալ կյանքով ապրելով, ապա այժմ ստիպված է աշխատանքից ազատ ամբողջ ժամանակը տրամադրել գովազդվող «բրենդների» գնումների և հեռուստաէկրաններին հայտնվող «կյանքի խրախճանքները» դիտելու վրա: Դուրս է գալիս, պնդում էին սիտուացիոնիստները, որ աշխատավոր մարդը կապիտալիստին եկամուտ է բերում ոչ միայն նրա համար ուղղակիորեն աշխատելով և արտադրելով, այլ նաև իր առտնին կյանքում և ժամանցի ընթացքում, որը վերածվում է ապրանքային ֆետիշների սպառման: Անհատի այսպիսի օտարումը տնտեսությունից և հասարակությունից ապագա սոցիալական հեղափոխության համար շարժառիթ կարող էր հանդիսանալ, գտնում էին Գի Դեբորի հետևորդները: Ժամանակակից պետական կառույցները ներկայացման-բեմադրության հասարակության արդյունք են, որոնցում ամբարտավան սուտը և կեղծավորությունը ստորացնում են անհատին և սահմանափակում նրա ազատությունները: Ժամանակակից տեխնոկրատական քաղաքակրթության հենասյունը պետությունն էր իր հարկադրանքի կառույցներով, որոնք օտարում և հեռու էին պահում հասարակության ամենախոցելի հատվածին՝ երիտասարդությանը, իրեն հուզող բազմաթիվ հարցերից՝ սկսած քաղաքականությունից և վերջացրած սեքսուալության խնդիրներով: Եվ ամենևին էլ պատահական չէր, որ «Կարմիր մայիսի» առաջնորդները հայտարարում էին, թե ուսանողական բողոքը «որոշակի տիպի քաղաքակրթության խորտակման և լիակատար վերածննդի կոչի» վկայությունն են:

Ուսանողական շարժումների ամենաեռուն շրջանում ցայտուն արտահայտություն գտավ սիտուացիոնիստական «récupération-ռեկուպերացիայի» յուրացման-վերափոխման տեսությունը: Ռեկուպերացիայի արդյունքում ներկայացումը փոխ է առնում և յուրացնում է որևէ հեղափոխական կամ խռովարարական գաղափար և այն վերածում թատրոնի: Սրա վառ ապացույցն է Էռնեստո Չե Գևարայի դիմանկարը, որը շատ արագ վերածվեց դյուրաճանաչ ապրանքանշանի և հեղափոխական ու խռովարարական տրամադրություն ունեցող երիտասարդության համար խորհրդանշանային ֆետիշի: Չե Գևարայի դիմանկարը մոգական ազդեցություն ուներ ոչ միայն 1960-ականների երիտասարդության վրա, այլև այսօր էլ ժամանակ առ ժամանակ ձախ ծայրահեղական երիտասարդական շարժումների ներկայացուցիչները հաճախ են օգտագործում ֆետիշի նշանակություն ստացած այդ «հեղափոխական բրենդը»:

Ռեկուպերացիայի հակառակ գործընթացը պետք է լիներ մոլորեցումը (détournement), որը, համաձայն սիտուացիոնիստների մտահղացման, պետք է ցնցեր ու քանդեր «հեղինակությունների» և «բրենդների» կարծրացած համակարգը: Ի հակակշիռ ներկայացման, որը հեղափոխական գաղափարը դարձնում է ապրանք, սիտուացիոնիստներն առաջարկում էին գովազդելու համար վերցնել որևէ ֆիրմային լոգոտիպ կամ գաղափար և պնդերես ու ձանձրացուցիչ կրկնության կամ խեղաթյուրման միջոցով ինքնատիպ գաղափարը հասցնել աբսուրդի: Այս սկզբունքը լայնորեն կիրառվեց մայիսյան դեպքերի ժամանակ, և աբսուրդ թվացող կարգախոսներից շատերը թևավոր խոսքի արժեք ստացան երիտասարդության շրջանում: Մոլորեցումը սերտ առնչություն ուներ ուրիշի գաղափարը կամ ստեղծագործական հնարքը յուրացնելու, զավթելու (appropriation) և գրագողությունը խրախուսելու պոստմոդեռնիստական մոտեցման հետ: Սիտուացիոնիստների համար կարևոր էր գոյություն ունեցող մշակութային ավանդույթների կազմաքանդումը, որը քաոս կծնի: «Հավերժական արժեքները»՝ սկսած քաղաքականությունից, փիլիսոփայությունից և վերջացրած մշակույթով, ամբողջատիրական և պարանոիդալ մտասևեռումներ են, որոնք խոչընդոտում են երիտասարդության ստեղծագործական ունակությունների դրսևորմանը: «Եթե աշխարհը գլխիվայր շուռ տանք, ճշմարտությունը նրանում կվերածվի ստի»,- գրում էր Գի Դեբորը:

Համաշխարհային «ստի» և «կեղծավորության» դեմ «պայքարի դրոշն» էլ բարձրացրել էին ուսանողական խռովության մասնակիցները, որոնց «գաղափարական զինանոցի» մյուս կարևոր տարրերն էին տրոցկիզմը և մաոիզմը, որոնք բնութագրվում էին որպես «ձախ սինդիկալիզմի» տարատեսակներ: Այս ուսմունքները բավական տարածված էին 20-րդ դ. երկրորդ կեսի ձախ գաղափարներ դավանող երիտասարդների շրջանում: ԽՍՀՄ կոմկուսի օրինակով եվրոպական նույնանուն կուսակցությունների բյուրոկրատացումը և մարգինալացումը վանում էին ձախ հայացքներ դավանող երիտասարդությանը «հաղթանակած սոցիալիզմի» երկրի պաշտոնական գաղափարական դոկտրինից՝ մարքսիզմ-լենինիզմից: «Նոր ձախերը» գտնում էին, որ Մարքսի տեսությունը խեղաթյուրվել է ԽՍՀՄ-ում և վերածվել ստալինիզմի: Արդար և ազատ հասարակարգ ստեղծելու փոխարեն ԽՍՀՄ-ում արմատավորվել էին բռնատիրությունը և կուսակցական բյուրոկրատիայի անսահման իշխանությունը: Հատկապես ակտիվ էին գործում մաոիստական քարոզիչները, որոնք ուսանողական բանավեճերի ժամանակ ներկայացնում էին «մեծ նավավար» Մաո Ցզե Դունի գաղափարները: Մաոն, «պատերազմ հայտարարելով» կուսակցական բյուրոկրատիային, հենվում էր իր երիտասարդ հեղափոխական համախոհների խմբերի՝ խունվեյբինների և ցզաոֆանների վրա: Ի ցույց դնելով մաոիստական «կուլտուրական հեղափոխությունը», որն իրականացվում էր ընդդեմ սեփական կոմկուսում ստեղծված «նոր բուրժուազիայի» և տրադիցիոնալիստների, մաոիստական քարոզիչները հորդորում էին եվրոպական երիտասարդությանը «մաքրել» իրենց շարքերն «օպորտունիստներից» և «քարացած հարմարվողականներից»: Մաոիստական կոչերն ու կարգախոսները, ինչպես նաև խունվեյբինական դաձիբաոները սիտուացիոնիստական ցուցապաստառների կողքին բավական տարածված էին 1968թ. դեպքերի ողջ ընթացքում:

Ի տարբերություն լենինիստների և մաոիստների, տրոցկիստները դավանում էին անընդհատ, շարունակական (պերմանենտ) հեղափոխության գաղափարը: Տրոցկիստները հատկապես ակտիվ դրսևորեցին իրենց Սորբոնում ստեղծված ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում և կարողացան ստալինիստների ու մաոիստների հետ միասին նույնիսկ չեզոքացնել սիտուացիոնիստական ակտիվիստներին:

«Տեքստերը ծնեցին խռովություն, իսկ խռովությունը՝ նոր տեքստեր».- 19-րդ դ. եվրոպական հեղափոխությունների, տարաբնույթ քաղաքական և սոցիալական շարժումների (չարտիստական, տրեդյունիոնիստական, ֆեմինիստական և այլն) ժամանակներից ի վեր «ցուցադրական քարոզչությունը» դարձավ զանգվածների ինքնարտահայտման կարևոր եղանակներից մեկը: Ցուցապաստառները և դրանց տեքստերն արտահայտում էին խնդրանք, հորդոր, պահանջ, կոչ, զորակցություն, անհնազանդություն, որոնք կարող էին ուղղված լինել կամ կոնկրետ հասցեատիրոջը (պետություն, իշխանություն, գործատեր և այլն), կամ էլ լինել «անհասցե»՝ արձանագրելով իրավիճակը: Հեղափոխական և այլ բնույթի (առավելապես արմատական) շարժումների առաջնորդները լավ հասկանում էին, որ ցուցապաստառներն ու գրավոր կոչերը հսկայական հուզական ազդեցություն ունեին զանգվածների տրամադրությունների վրա: Գրավոր խոսքի և գրաֆիկական պատկերների դիպուկությունը, հասարակությանը կամ իշխանություններին հուզող հրատապ հարցերի ոչ ստանդարտ և հաճախ էպոտաժային պատկերումն ու մատուցումը չափազանց արդյունավետ էին զանգվածային գիտակցության ձևավորման գործում: Պլակատների, ցուցապաստառների, ավելի ուշ շրջանում՝ նաև գրաֆիտիների միջոցով ոչ միայն արդյունավետ քարոզչություն էր իրականացվում, այլև շատ դեպքերում դրանք որպես գործիք էին ծառայեցվում զանազան քաղաքական և սոցիալ-հոգեբանական ձեռնածությունների համար:

1960-ականների վերջի երիտասարդական շարժումների անքակտելի բաղադրիչներն էին պլակատները, ցուցապաստառներն ու կարգախոսները: 1960-ականների պլակատներն առանձնակի նշանակություն ունեին երիտասարդական շարժման ծավալման գործում: Պրիմիտիվիստական նկարչության ոճով կատարված պլակատներն ու դրանց տեքստերն ուսանողական ստեղծագործական մտքի ու տրամադրությունների արտահայտման հետաքրքիր նմուշներ էին: Պլակատները, ինչպես և կարգախոսները, ստեղծվում էին շարժման ծավալմանը զուգընթաց՝ արտահայտելով ուսանողների պահանջները, կոչերը, բողոքն ու ընդվզումը: Սրանք նաև ուսանողների վերաբերմունքի և արձագանքի արտահայտությունն էին այն քայլերի նկատմամբ, որոնք ձեռնարկվում էին բարիկադների մյուս կողմում գտնվող իշխանությունների կողմից:

Արտահայտչականության և ընկալման հուզականության տեսանկյունից մեծ նշանակություն ուներ նաև 1960-ականների երիտասարդական շարժումների ժամանակ օգտագործված ցուցադրական քարոզչության նմուշների տեքստոգրաֆիկան: Տառանշանների և դրանց գրաֆիկական պատկերման ազդեցությունը հեղափոխական զանգվածների վրա ցայտուն արտահայտվել էր չինական «կուլտուրական հեղափոխության» ժամանակ: Խոշոր հիերոգլիֆներով և հատուկ տեխնիկայով գրված դաձիբաոները մոգական ազդեցություն ունեին չինական հասարակության տարբեր շերտերի վրա: Դաձիբաոների նմանությամբ ստեղծված տեքստոգրաֆիկան ոչ պակաս ազդեցություն էր գործում նաև «Կարմիր մայիսի» մասնակիցների և ուսանողներին համակիր ուժերի վրա: Ողջ Սորբոնը, Նանտերը, «Օդեոն» թատրոնը և Լատինական թաղամասի մեծ մասը պատված էին պլակատներով, թռուցիկներով և ամենաանհավանական և ֆանտաստիկ թվացող բովանդակությամբ կարգախոսներով: Ժամանակակիցները վկայում են, որ օտարերկրյա լրագրողները «բերանները բաց, երամներով գալիս ու իրենց նոթատետրերում գրանցում էին «Կարմիր մայիսի» կարգախոսները»: Սրանք գրված էին միտումնավոր խճճված ու բարդացված լեզվով, որը շատ դեպքերում անհասկանալի էր ոչ միայն օտարերկրացիներին, այլև հենց ֆրանսիացի ուսանողներից շատերին: Հարկ է նշել, որ տեքստերի ստեղծման համար SI-ում պատասխանատու էր Ռաուլ Վանեյգեմը, որը պլագիատի և վերափոխուկ հասկացություններ ստեղծելու վարպետ էր: Վանեյգեմի համար կարևորը ոչ այնքան տեքստի բովանդակային տրամաբանությունն էր, որքան դրա հուզական-հոգեբանական ազդեցությունը երիտասարդության վրա: Նա իր տեքստերը կառուցում էր ոչ տրամաբանական բացասման, հասկացությունների իմաստը գլխիվայր շրջելու և աբսուրդը իրականի տեղ մատուցելու եղանակով: Վանեյգեմը համոզված էր, որ իր տեքստերը երիտասարդներին խռովության մղելու հրահանգ են: Խռովության կոչը նշանակում էր առկա կացութաձևերի, գաղափարների, սոցիալ-բարոյական արժեհամակարգերի և «ներկայացման հասարակության» ժխտում:

Սիտուացիոնիստական կարգախոսները խթանում էին ուսանողների ստեղծագործական ունակությունները, որոնք արտահայտվեցին խռովության ընթացքում ծնունդ առած կարգախոսներում: Պահի ազդեցության տակ ստեղծված ամենահայտնի տեքստերից էին՝ «Մենք ծայրահեղականների փոքր խմբակ ենք», «Մենք բոլորս գերմանական հրեա ենք», «Սահմանները բռնադատությունների համար են», «Մենք թքած ունենք բոլոր սահմանների վրա», «Ես սիրում եմ Ձեզ: Ասացե՛ք դա սալահատակի գլաքարերին», որոնք հնչեցին ի պատասխան կառավարության ձեռնարկած որոշակի քայլերի: Առաջին կարգախոսները պարունակող ցուցապաստառները հայտնվեցին Փարիզի փողոցներում այն բանից հետո, երբ աջ մամուլը («Մոնդը», «Ֆիգարոն»), առանց դույզն իսկ ծանոթանալու ուսանողների տրամադրություններին ու պահանջներին, փորձեց առաջ ընկնելով իշխանության պաշտոնական արձագանքներից՝ պիտակավորել երիտասարդական շարժումը: Հաջորդ երեք կարգախոսները կապված էին Ֆրանսիայից ուսանողական խռովության առաջնորդներից մեկի՝ Դանիել Կոն-Բենդիտի արտաքսման պատմության հետ: Ծագումով գերմանական հրեա Դ.Կոն-Բենդիտին, որի հայրը զոհվել էր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում, Ֆրանսիայի նախագահ Շարլ դը Գոլը քամահրանքով «խառնակիչ գերմանական հրեա» էր անվանել, որին պետք է արտաքսել երկրից: Ի պատասխան իշխանության այս քայլերի՝ ուսանողները հանդես եկան վերը նշված կարգախոսներով: Հիշատակվածներից վերջին կարգախոսը, որին իմաստով մոտ էր նաև «Սալահատակի տակ լողափ է» հայտնի սիտուացիոնիստական բանաձևը, հրապարակ նետվեց, երբ սկսեցին կառուցվել առաջին բարիկադները Գեյ Լյուսակի փողոցում և Սեն Միշել հրապարակում, որի ողջ սալահատակը քանդվեց: «Կարմիր մայիսի» առանձնահատկություններից մեկն էլ արտահայտվում էր «Տեքստերը ծնեցին խռովություն, իսկ խռովությունը՝ նոր տեքստեր» բանաձևի մեջ:

Ուսանողական «ցուցադրական քարոզչության» նմուշներն իրենց պատկերավորման հնարքներով, բովանդակությամբ և տեքստոգրաֆիկայի կատարման եղանակներով բավական բազմազան էին: Ուսանողական խռովությունների ժամանակ ստեղծված տեքստերի լեզուն բարդ էր և միտումնավոր խճճված: Փորձենք տեքստերը դասակարգել ըստ բովանդակության:

 

Պարզ կամ համեմատաբար ընկալելի տեքստեր

«Ամեն ինչ և անհապաղ», «Փողկապով հեղափոխություն չեն անում», «Ռեֆորմիզմը ժամանակակից մազոխիզմ է», «Ապրելու իրավունքը չեն մուրում, այլ վերցնում են», «Ո՛չ քննություններին» (նկատի ունեն բակալավրիատից համալսարան անցնելու լրացուցիչ ընդունելության քննությունները), «Մոռացի՛ր այն, ինչ քեզ սովորեցրել են, սկսի՛ր երազել», «13 մայիսի 1958 - 13 մայիսի 1968, հոբելյանդ շնորհավոր, գեներալ»:

 

Բարդ կամ խրթին բովանդակությամբ տեքստեր

«Որքան շատ եմ ես զբաղվում սեքսով, այնքան շատ ցանկություն ունեմ զբաղվել հեղափոխությամբ, որքան շատ եմ զբաղվում հեղափոխությամբ, այնքան շատ ցանկություն ունեմ զբաղվել սեքսով», «Չի կարելի սիրահարվել արդյունաբերական արտադրության աճին», «Մարդու ազատագրությունը պետք է լինի ամբողջությամբ, կամ էլ չի լինի բոլորովին», «Հեղափոխությունը պետք է տեղի ունենա, մինչև այն կդառնա իրականություն», «Կորչի՛աբստրակտը, կեցցե՛ ցնորականը», «Երազի մեջ ավելի լավ է աշխատվում, ստեղծե՛ք երազի կոմիտեներ»:

 

Պլագիատ կամ վերափոխուկ տեքստեր

«Եղե՛ք իրատես, պահանջե՛ք անհնարինը» (Էռնեստո Չե Գևարա), «Սեքսը հրաշալի՛ է» (Մաո Ցզե Դուն), «Պրոլետարներ բոլոր երկրների, հաճույքներ վայելե՛ք», «Անարխիան ես եմ», «Համալսարանները՝ ուսանողներին, գործարանները՝ բանվորներին, ռադիոն՝ լրագրողներին, իշխանությունը՝ բոլորին», «Ապրանքները հաշիշ են ժողովրդի համար», «Ամբողջ իշխանությունը՝ երևակայությանը»:

 

Աբսուրդ կամ զուտ կոնտրմշակութային տեքստեր

«Արգելվում է արգելել», «Հիմա մենք հանգիստ ենք. երկու անգամ երկու արդեն չորս չի», «Հեշտանք՝ հիմա և այստեղ», «Համընդհանուր հեշտանք», «Բացե՛ք Ձեր սրտերի պատուհանները», «Կառույցները մարդկանց համար են, ոչ թե մարդիկ՝ կառույցների», «Երբե՛ք չաշխատես», «Ալկոհոլը սպանում է, ընդունիր LSD (հոգեմետ դեղեր)», «Հեղափոխությո՛ւն, ես քեզ սիրում եմ», «Հեղափոխությունը անհավատալի է, քանի որ այն իսկական է», «Միայն ճշմարտությունն է հեղափոխական», «Պետք է հետևողականորեն ուսումնասիրել պատահականությունը», «Ազատ լինել 68-ին, նշանակում է սռեղծագործել», «Բացե՛ք հոգեբուժարանների, բանտերի և ֆակուլտետների դռները», «Սալահատակի տակ լողափ է»:

 

Հեղինակությունները մերժող կամ ժխտող տեքստեր

«Պատմության հին խլուրդը դուրս եկավ Սորբոնում (հեռագիր դոկտոր Մարքսից)», «Դուք ծերացել եք, պրոֆեսորնե՛ր», «Տասը տարի, սա արդեն շատ է, բավական է» (նկատի ունեն գեներալ դը Գոլին և նրա նախագահության ժամկետը):

Ֆրանսիական ուսանողական կարգախոսները, չնայած իրենց ինքնատիպությանն ու հեղափոխականությանը, լայն տարածում և ընկալում չգտան եվրոպական մյուս երկրների երիտասարդության շրջանում: Եթե ֆրանսիացի երիտասարդների խռովությունը համերաշխության մեծ ալիք բարձրացրեց Եվրոպայի և Ամերիկայի երկրներում, որտեղ տեղի ունեցան զանգվածային ցույցեր և երթեր՝ ի պաշտպանություն Սորբոնն ու «Օդեոնը» նվաճած խռովարարների, ապա սրանց կարգախոսներն այդպես էլ անհասկանալի մնացին և լայն տարածում չստացան նրանց շրջանում:

«Կարմիր մայիսի» տեքստերի և նրանցում պարունակվող «հեղինակ և հեղինակություններ հասկացությունների վախճանի» հարացույցը որդեգրվեց պոստմոդեռնիստ հեղինակների կողմից և ներդրվեց նրանց ստեղծած, այսպես կոչված, second hand-ի մշակույթում:

Կոնկրետ ի՞նչ արդյունքների հասան բարիկադներ կառուցած և փողոցային մարտերում թրծված ֆրանսիական ուսանողները.

ա) միջին և բարձրագույն կրթության համակարգի դեմոկրատացման,

բ) ուսանողներին թույլ տրվեց քաղաքական գործունեությամբ զբաղվել համալսարանների, ուսանողական ավանների և հանրակացարանների տարածքում,

գ) բարձրացավ ուսանողի սոցիալական կարգավիճակը,

դ) ընդունվեց «Կողմնորոշման մասին օրենքը», որը կոորդինացնում էր բուհի գործողությունները տնտեսության անմիջական պահանջարկի հետ՝ շրջանավարտների համար նվազեցնելով գործազրկության ռիսկերը,

ե) սասանվեց իշխող վարչակարգի մշակութային հեգեմոնիան քաղաքային հասարակության մեջ, և իշխանությունների համար այսուհետև շատ դժվար դարձավ ավանդական ուժային միջոցներով ցանկացած բողոքի դրսևորում կասեցնելը,

զ) խորտակվեց գոլիզմի պատերնալիստական ռեժիմի առասպելը, և 1968-ի դեպքերից մեկ տարի հետո «հեղինակության իշխանության հայր» գեներալ դը Գոլը հրաժարական տվեց:

1968-ի մայիսյան դեպքերից դասեր քաղեցին նաև ժամանակի ու հետագա ֆրանսիական իշխանությունները.

ա) հասարակության ցանկացած շերտի կենսական շահերին վերաբերող յուրաքանչյուր օրենք, օրինագիծ կամ կառավարական որոշում կարող է «հարթ տեղում» բողոքի լայնածավալ ալիք բարձրացնել և հանգեցնել խռովության (իր համար ոչ հաջող ելքով հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո 1969թ. ապրիլի 28-ին հրաժարական տվեց գեներալ Շարլ դը Գոլը, որն իր դառը փորձից գիտեր, թե ինչ սկսվեց կրթական բարեփոխումների ոչ այնքան խիստ օրինագծի կիրառումից առաջ),

բ) փողոցային անկարգությունների ժամանակ ուժի կիրառումից հրաժարվելը մի կողմից արագացնում է խռովարար ընդդիմության ինքնակազմակերպումը, բայց, միևնույն ժամանակ, ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի կիրառումը շատ շուտով արմատականացնում է հակամարտությունը և ընդդիմությանը դարձնում անհամոզելի ու կամակոր (2005թ. Փարիզի արվարձաններում սկսված փողոցային բողոքի գործողությունների մասնակիցներին 1968թ. «հին ու բարի ավանդույթներով» ժամանակի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին անվանեց «խուլիգաններ և թափոններ» և հրամայեց ոստիկանությանը «կարշերներով մաքրել արվարձանները»),

գ) 1968թ. դեպքերը ցույց տվեցին, որ քաղաքային և երիտասարդական խռովությունները, եթե չունեն որոշակի ծրագիր և սպոնտան որոշումներով են կառավարվում, շատ շուտ սպառում են իրենց էներգետիկան: Իշխանությունների համար կարևոր է «չլիցքավորել» խռովության էներգիան անզգույշ քայլերով և չարաշահելով «մտրակի և բլիթի» քաղաքականության որևէ հատվածը,

դ) մունիցիպալ և կենտրոնական իշխանությունները խռովության կամ բողոքի ալիքը զսպելու համար պետք է ցուցաբերեն համբերատարություն,

ե) մայիսյան դեպքերի փորձն իշխանություններին ցույց տվեց, որ բանակցությունների և ոչ խիստ ուժային գործողությունների կոմբինացված կիրառման պարագայում սոցիալական լայն հենարանից զուրկ ցանկացած բողոքի կամ խռովության դրսևորում կարելի է «ուժասպառ» անել և զսպել,

զ) ֆրանսիական և եվրոպական իշխանությունները հասկացան, որ քաղաքական միմիկրիայի հակում ունեցող սոցիալական խմբերին կարելի է կառավարելի դարձնել և նրանցում կուտակված ողջ էներգիան ուղղել իրական կամ մտացածին «չարիքի աղբյուրի» դեմ:

«Հեղափոխության հրճվանքն» այդպես էլ չկարողացավ «հաղթանակել» աշխատավարձի բարձրացման նյութապաշտական ձգտմանը և գոլիստական կառավարության կոշտ քայլերին, նշում էին ֆրանսիական խռովարարների ձախլիկ առաջնորդները 1968-ի դեպքերից հետո: 1960-ականների երիտասարդական շարժման գաղափարախոսներից մեկը՝ Գի Դեբորը, «Կարմիր մայիսից» հետո սրտի ցավով հայտարարեց, որ ներկայացման հասարակության դեմ ուղղված հեղափոխությունն ինքը վերածվեց ներկայացման-բեմականացման՝ հասարակության համար: «Թափառաշրջիկ կրկեսը», ինչպես անվանում էին երիտասարդական խռովությունը գոլիստները, որքան հանկարծակի ու բուռն հայտնվեց Փարիզի փողոցներում, այնքան էլ արագ հեռացավ այնտեղից՝ իրենից հետո թողնելով նկարազարդված պատեր, սալահատակից զրկված Գեյ Լյուսակի փողոցը և Սեն Միշել հրապարակն ու հսկայական հետք ֆրանսիական հասարակության սոցիալ-քաղաքական գիտակցության և հոգեբանության վրա:

«Կարմիր մայիսի» սոցիալ-քաղաքական և մշակութային հետևանքները հսկայական էին ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ եվրոպական քաղաքակրթական համակարգի համար: Սոցիալական բազմաթիվ բարեփոխումներ և նվաճումներ արձանագրվեցին հասարակության տարբեր խավերի և սոցիալական խմբերի կյանքում: Ժամանակակից բազմաթիվ առաջադեմ և ժողովրդավարական արժեքներ կյանքի կոչվեցին «Կարմիր մայիսի» արդյունքում:

Յուրաքանչյուր երկրում իշխանություն ունեցողների անտարբերությունն ու անգործությունը երիտասարդությանը հուզող հարցերում ուշ թե շուտ ծնում են գործողություններ, որոնք միշտ չէ, որ կարող են զսպվել պատժիչ միջոցներով կամ բիրտ ուժի կիրառմամբ: Երիտասարդական շարժումների ուսումնասիրության փորձը ցույց է տալիս, որ դրանց արմատական և ծայրահեղական դրսևորումներից խուսափելու լավագույն և անցավ կանխարգելիչ միջոցը սերունդների երկխոսությունն է: Չափազանց կարևոր է, որ այդ երկխոսությունը լինի ոչ թե իշխանություն ունեցող ավագների և դրանից զուրկ կրտսերների, այլ հավասարը հավասարի միջև:

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ռ. Գևորգյան, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նորագույն պատմություն, Եր., 2006:

2. А.Л. Семенов, Левое студенческое движение во Франции (1956-1968гг.), М., 1975.

3. Петр Вайль, Александр Генис, 60-е. Мир советского человека, М., 1996.

4. Патрик Рамбо, 1968. Исторический роман в эпизодах, М., 2004.

5. А. Тарасов, «Красный Май» в Париже, http://www.stinfa.ru/?id=46453

6. Raoul Vaneigem, Traité de savoir-vivre à l’usage des jeunes generations, Paris, 1967.

7. Guy-Ernst Debord, La Société du spectacle, Paris, 1967.

8. «L’insurrection étudiante 2-13 mai», Ensemble critique et documentaire établi par M.Kravetz, Paris, 1968.

9. J.Bertolino, Les «troublions», Paris, 1969.

10. J.P. Tournoux, Le mois de nai du Général (Livre blanc des événements), Paris, 1969.

11. A.Dansett, Mai 1968, Paris, 1971.

12. Michel Houellebecq, Les particules élémentaires, Paris, 2000.

13. Michel Houellebecq, La possibilité d’une Տle, Paris, 2005.

14. Franջoise Sagan, Un piano dans l’herbe, Paris, 1970.

15. Franջoise Sagan, Il fait beau jour et nuit, Paris, 1978.

16. http://ru.wikipedia.org/wiki/Ситуационизм

17. http://elec.enc.sorbonne.fr/mai68/index1167.html

18. http://classiques.uqac.ca/contemporains/debord_guy/societe_du_spectacle/spectacle.html

19. http://piter.anarhist.org/kz14.htm

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am