Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաք և գավառ

Քաղաք և գավառ
Մայիս 2011, N 5

ՔԱՐԱԽԱՉ

ԿՅԱՆՔԻ ԱՆԿՅԱՆՔ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Լուսինե Կեսոյան, www.nationalidea.am պորտալի քաղաքական մեկնաբան

Հայաստանի հայրաքաղաքից Վրաստանի մայրաքաղաք տանող ամենակարճ ճանապարհն այսօր փակ է: Ո՛չ շրջափակման հետևանքով: Այն չեն փակել ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ, առավել ևս՝ թուրքերը. այդ ճանապարհն անցնում էր Քարախաչի (ժողովրդի մեջ առավել տարածված են Ղարախաչ կամ Ղարաղաչ ձևերը) լեռնանցքով, որն այսօր պարզապես մոռացվել և անտերության է մատնվել:

Ղարախաչի ճանապարհը, սակայն, մինչև միջպետական լինելը, ուներ բացառիկ ներհանրապետական նշանակություն: Այդ ճանապարհով էին միմյանց հետ կապ պահպանում Հայաստանի հյուսիսի երկու մարզերի` Շիրակի և Լոռու հյուսիսային գյուղերը: Այսօր այդ գյուղերը զրկվել են միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորությունից. մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Աշոցքի և Տաշիրի երկու գյուղերի բնակիչներն իրար հյուր գնալու համար 15-20 կիլոմետրանոց ճանապարհի փոխարեն ստիպված են կտրել շուրջ 120 կմ (Մեծավան գյուղի բնակիչը Կաքավասար գնալու համար պետք է Ստեփանավանով իջնի Վանաձոր, Սպիտակ, այնտեղից անցնի Գյումրի, որտեղից նո՜ր բարձրանա դեպի հյուսիս): Ղարախաչի ճանապարհը «ելուվար»-երի այլընտրանքն էր, այսպես ասած՝ քյասարը:

Ճանապարհը հնուց ի վեր անվանել են Քարախաչի (Ղարախաչի) ճամփա (ժողովրդական ստուգաբանությամբ՝ Ղարախաչ` Սև խաչ, ղարա` սև և խաչ բառերից) կամ Գյուրջի յոլ (Գյուրջի` Վրաստան, յոլ` ճամփա բառերից): Ղարախաչը Ջավախքի և Բազումի լեռնաշղթաները ճեղքող լեռնանցք է, որը գտնվում է 2273մ բարձրության վրա: Հնագույն ժամանակներից Շիրակից դեպի Վրաստանի մայրաքաղաք երկու ճանապարհ էր տանում. մեկը` Ջաջուռի լեռնանցքով, որը ներկայիս Սպիտակով ու Վանաձորով էր տանում դեպի Թիֆլիս, մյուսը` Աշոցք-Տաշիրով: Ինչպես հայտնի է (մինչ օրս էլ այդպես է), Հայաստանի հյուսիսը շատ դեպքերում առևտրի և այլ նպատակներով ավելի շատ հաղորդակցվում է Վրաստանի հետ` նախընտրելով հարցերը լուծել հարևան պետության հարավային բնակավայրերում կամ Թբիլիսիում, քան հասնել Երևան: Մինչև 1890-ականների վերջին Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթգիծն ամենագործածելին էր այս ճանապարհին:

Բոլոր առավելություններով ճանապարհը մի թերություն ուներ միայն, ինչը քիչ դեր չխաղաց փակման հարցում. քանի որ Քարախաչի տեղանքը ծովի մակարդակից ավելի քան երկու հազար մետր բարձրության վրա է գտնվում, այստեղ մշտական քամիներ են, ձմեռն էլ շուտ է վրա հասնում: Պատահել է, որ այստեղ անգամ հունիս ամսին է ձյուն եկել: Ձյան հետևանքով ճանապարհը փակվում է, ինչն էլ անտերության մատնվելուց հետո դարձավ գլխավոր պատճառը` ճանապարհը մոռացության մատնելու համար: Խորհրդային տարիներին այստեղով էր անցնում Լենինական-Կալինինո հանրապետական նշանակության ճանապարհը:

 

ՖՐԱՆԿՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԽԱՉԸ

Բացի միջպետական, ներհանրապետական կարևոր նշանակությունից, Ղարախաչի ճանապարհը ևս մեկ` շատ ավելի էական նշանակություն ունի. այն Հայաստանի, ինչպես նաև Ջավախքի «ֆրանկներին» իրար հետ կապող ճանապարհն էր: Հայաստանում «ֆրանկ» են անվանում կաթոլիկ հայերին, որոնք հատկապես Հայաստանի հյուսիսային մարզերի բնակչության զգալի մասն են կազմում: Այդպես, Ղարախաչի մի թևում ֆրանկների գյուղերի մի մասն է, մյուս թևում` մյուս:

Տաշիրի ամենախոշոր կաթոլիկ համայնքներն են Շահնազարը (ներկայում` Մեծավան) և Սարչապետը: Շահնազարից են Հայաստանի ամենահարուստ Կարապետյանները` Սամվել Կարապետյանը (Կալուգայի Սամո) և նրա եղբայրը՝ Կարեն Կարապետյանը (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը): Շահնազարցի էր նաև հայ լեզվաբանության ականավոր ներկայացուցիչներից` ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը: Իսկ ահա Սարչապետը «Սիգարոն» ընկերության սեփականատեր Պողոսյանների և ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ծննդավայրն է:

Տաշիրի շրջկենտրոնում ևս կաթոլիկ հայեր կան, սակայն այստեղ բնակչության հիմնական մասը մոլոկաններն էին, որոնք վերջին քսան տարում զանգվածաբար հեռացան դեպի Ռուսաստան: Նախկինում այստեղ արքունական, այսպես կոչված, անտառապետական կալվածքներն էին, որտեղ 1830-40-ական թվականներին բնակեցրին ռուս աղանդավոր մոլոկաններին: Կալինինոյի մոլոկանների համար ևս Ղարախաչի ճանապարհը կենսական նշանակություն ուներ. այս ճանապարհով նրանք իրենց հերթին կապվում էին Վրաստանի հարավում բնակություն հաստատած ռուս աղանդավորական մյուս համայնքի ներկայացուցիչների` դուխոբորների հետ:

Հայաստանի հյուսիսի հիշյալ տարածքներում առաքելական հայությունը փոքրամասնություն է կազմում: Ֆրանկների գյուղերը մի տեսակ փակ գոտիներ են՝ իրենց դավանանքով, վարքուբարքով, և առաքելական հայերի հետ հարաբերվում են այնքանով, որքանով... Օրինակ, Կալինինո-Տաշիրում տարիներ շարունակ առաքելական եկեղեցի չկար: Վերջին տարիներին առաքելական եկեղեցի կառուցեցին, սակայն այն, կարելի է ասել, գրեթե չի օգտագործվում, քանի որ ֆրանկներն առաքելական եկեղեցի չեն հաճախում, նրանց հավաքատեղին նախկին շրջկենտրոնի մշակույթի տունն է: Մոլոկաններն էլ իրենց ձևով են կազմակերպում իրենց հավատքի հետ կապված հարցերը, այնպես որ՝ առաքելականությունն այստեղ հետին պլան է մղված: Ի դեպ, խորհրդային կարգերի փլուզումից հետո կաթոլիկներն այստեղ բավական ակտիվացան. աթեիզմի գաղափարախոսություն քարոզող խորհրդային պետությունը հալածում էր թե՛ առաքելականներին, թե՛ կաթոլիկներին, սակայն հետաքրիքր է, որ խորհրդային շրջանում կաթոլիկ և ոչ մի եկեղեցի չքանդվեց` հոգևորականներին կոտորեցին, բայց եկեղեցիները մնացին կանգուն: Անկախության տարիներին, աղանդավորների ներխուժմանը զուգահեռ, Հայաստան թափանցեցին նաև կաթոլիկները: Այսօր նրանք բավական ակտիվ գործունեություն են ծավալում Տաշիրում, սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնում, նպաստներ բաշխում, ինչի հետևանքով տեղի բնակչությունն աստիճանաբար հրաժարվում է անասնապահությամբ ապրուստ հոգալուց, անասունները վաճառում կամ մորթում է և նախընտրում գոյությունը պաշտպանել կաթոլիկների տված նպաստներով: Այստեղ նույնպես, ինչպես Հայաստանի շատ գյուղերում, հիմնական հույսն արտագնա աշխատանքն է: Եվ դա՝ այն դեպքում, երբ Տաշիրը պանրագործության առաջատարն էր Խորհրդային Հայաստանում. «Լոռի» հռչակավոր պանիրը հայտնագործել էին հենց Կալինինոյի պանրագործները:

Ղարախաչի արևմտյան հատվածում արդեն Շիրակի մարզի Աշոցքի ենթաշրջանի (նախկին Ղուկասյանի շրջան) ֆրանկների գյուղերն են` Մեծ Սեպասարը (այստեղից է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ Մարտիկ Կարապետյանը), Ղազանչին (ծագումով այս գյուղից են մի շարք ականավոր գիտնականներ` ակադեմիկոսներ Վ.Միքայելյանը, Ս.Հարությունյանը և ՀՀ նախկին նախարարներ Մերուժան Միքայելյանն ու Հակոբ Մովսեսը), Սիզավետը, Բավրան, Արփենին, Թավշուտը և այլն:

Ղարախաչի արևելյան և արևմտյան հատվածներում դեռ 19-րդ դարի 30-ականներին հիմնված ֆրանկների գյուղերն իրար հետ կապ էին հաստատում Ղարախաչի ճանապարհի միջոցով: Այս ճանապարհով էին ֆրանկները գյուղից գյուղ հյուր կամ աղջիկ ուզելու գնում, այս ճանապարհով էին աղջկա բարձին օժիտ տանում, և այլն, և այլն: Իսկ ֆրանկները, ինչպես հայտնի է, ամեն մարդու աղջիկ չէին տալիս: Ֆրանկը աղջիկ տալիս էր միայն ֆրանկին. առաքելական հայը ֆրանկների համար այլադավան էր, առաքելական հայի համար ֆրանկն էր այլադավան: Միջդավանական ամուսնություններ գրեթե չէին գրանցվում: Իհարկե, երբեմն բացառություններ լինում էին: Այսպես, մի հետաքրքիր պատմություն կա` կապված գեներալ, Աֆղանստանի հերոս, նախկին զինկոմ Արտյուշա Հարությունյանի տոհմի հետ: Հարությունյանը նախկին Ախուրյանի շրջանի Գետք (Դհարլի) գյուղի հայտնի Հարութիկենց տոհմից էր, սակայն գեներալ Հարությունյանից առաջ այս տոհմի «հերոսը» Վարդիթեր տատն էր:

Մեծ Սեպասարի և Կրասարի մեջտեղում, Աշոցք գետակի և Ախուրյանի միախառնման հարակից տափարակում մի հետաքրքիր սրբատեղի կա, անունը` Ջերմուկներ: Վարդավառի տոնին Շիրակի ողջ հայությունը` կաթոլիկներ, առաքելական հայեր, հավաքվում էին այստեղ մեծ տոնակատարության: Պարում էին, երգեր ասում, պսակներ հյուսում: Հերթական Վարդավառներից մեկի ժամանակ Դհարլի գյուղից այստեղ եկած Վարդիթերը տեսնում է սեպասարցի Կռուտ Հարությունի թոռ, գեղեցկատես Մկրտիչի պարելը: Երիտասարդը դուր է գալիս Վարդիթերին: Աղջիկն այդ ժամանակ արդեն նշանված էր, սակայն, Ղզլղոչ (նախկին Աշոցք շրջկենտրոն) գյուղում ամուսնացած քրոջը հայտնում է, որ տղան դուր է եկել իրեն: «Կրնա՞ս ըմբես էնես, օր էն սիրուն տղեն ընձի փախցնե»,- ասում է Վարդիթերը քրոջը: Քույրը, թե` դրանից էլ հեշտ գո՞րծ: Եվ Վարդիթերը հասնում է նպատակին ու փախցվում:

Աղջկա ծնողները չեն հաշտվում այն իրողության հետ, որ իրենց աղջկան ֆրանկ է փախցրել, և պրիստավին առած գնում են տղայի տուն: Կռիվ-դավի է սկսվում, փեսացուն փախչում-մտնում է մարագի սալի տակ, որ հանկարծ չբռնեն-տանեն: Աղջիկը տեսնում է, որ գործերը վատ են, սիրածին կարող են պատժել, դուրս է գալիս և հայտարարում. «Ես ուզել եմ, ես առել եմ և կաթոլիկություն եմ ընդունել: Ձեր ի՞նչ գործն է»: Այս պատմությունը սեպասարցի կռուտների տոհմում փոխանցվում է սերնդեսերունդ, իսկ Վարդիթեր տատն այս տոհմի հերոսն է:

Տասնամյակներ շարունակ ֆրանկների մեջ արմատավորվել է խառնամուսնություններից զերծ մնալու ավանդույթը: Ընդ որում, այս գյուղերի միջև հնուց ի վեր բավական հետաքրքիր ձևով արմատավորված է նաև աղջիկ տալու և աղջիկ տանելու յուրահատուկ՝ դարձյալ անխախտ սխեմա: Մի գյուղը աղջիկ էր տալիս մեկ այլ գյուղի, բայց այդտեղից աղջիկ չէր բերում: Աղջիկ տալու սխեմայի մեջ ընդգրկվում էին արդեն ոչ միայն Ղարախաչից արևելք և արևմուտք գտնվող գյուղերը, այլև այս սուրբ գործին միանում էին նաև Շիրակի` Գյումրիից հարավ գտնվող ֆրանկական համայնքները: Արևիկցիները հարս բերում էին հիմնականում Մեծ Սեպասարից, մինչդեռ իրենց աղջիկներին հարս էին տալիս Փանիկ կամ Լանջիկ: Փանիկցիները կարող էին հարս բերել իրենց մայրական գյուղից, օրինակ՝ Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) Հեշտիա համայնքից: Սա էլ այստեղի ֆրանկների ամենամեծ գյուղն է, բնակիչները եկել են Մշո Ջոջ քարից` Քյուլլիից, որտեղից էին նաև Փանիկի Քուշկյանները (ներկայիս առողջապահության նախարարի գերդաստանը), այնպես որ՝ Ջավախքի և Շիրակի ֆրանկների միջև կապը ևս դարավոր ու հզոր կապ էր. թե՛ լեզուն էր նույնը` Մշո կամ Ալաշկերտի բարբառը (դո՞ր է կերթաս, հորի, գիկամ, մկա և այլն), թե՛ դավանանքը:

Ամուսնությունների կազմակերպման սխեմայի մեջ մտնում էին նաև Տաշիրի ֆրանկական գյուղերը: Ամուսնություններն անպայմանորեն դավանանքային համայնքում կազմակերպելու կարգն էլ հենց ֆրանկական գյուղերի միջև մշտական սերտ կապերի հիմքն էր դարձել: Մի գյուղ աղջիկ տալն ու այդ գյուղից աղջիկ չբերելը ևս խստորեն պահպանվում էին, քանի որ այդ դեպքում արդեն գյուղերից մեկը մայրական գյուղի համարում էր ձեռք բերում, իսկ նույն գյուղից աղջիկ տալ ու բերելը կարող էր հանգեցնել սերնդի դեգրադացման: Ֆրանկներն ամեն ինչ հաշվարկում էին. խնամիական կապերի կարգը բացատրվում էր հայությանը բնորոշ «յոթ պորտը» պահպանելու հրամայականով:

Եվ այսպես, ֆրանկների հարսանիքների գլխավոր վկան բոլոր արարողությունների ժամանակ Ղարախաչն է եղել: Անգամ բքի տակ մնալու սպառնալիքը չէր կանգնեցնում հարսանքավորներին, թեև բքի մեջ մնալու դեպքերը քիչ չեն եղել. ճանապարհը մեկն էր, և այն անցնում էր Ղարախաչով:

Ղարախաչի` անտերության մատնվելու և վերջնականապես փակվելու հետ ֆրանկների գյուղերը հայտնվեցին սոցիալ-մշակութային աղետալի վիճակում: Կապը գյուղերի միջև դադարեց: Աղջիկ տվածներն այլևս չեն կարողանում գնալ իրենց աղջկան տեսության, թոռները ծնվում են, տատն ու պապն այդպես էլ չեն կարողանում գնալ այցելության: Նույն վիճակն է նաև հարս եկածների պարագայում: Ղարախաչի փակումը Հայաստանի հյուսիսում սոցիալ-մշակութային կապերի կատարյալ խզում առաջացրեց ֆրանկների միջև, քանի որ 15-20 կիլոմետրի փոխարեն 120 կիլոմետր կտրելը նրանց համար այլևս անհաղթահարելի է:

 

 ԻՆՉՈ՞Ի ԵՆ ԱՆՏԵՍՈՒՄ ՂԱՐԱԽԱՉԸ

Ղարախաչի ճանապարհի անցանելիությունը վատացավ 1980-ականներից, սակայն վերջնական փակումը կատարվեց 90-ականներին: Անկախությունն իր սոցիալ-տնտեսական բոլոր դժվարությունների հետ միասին Հայաստանի հյուսիսի գյուղերին բերեց նաև սոցիալ-մշակութային ճգնաժամ: Պետության աստիճանական զարգացմանը զուգընթաց՝ տարբեր ճանապարհներ վերականգնվում էին: Շատ ճանապարհներ նորոգվեցին նաև «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» կորպորացիայի և «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Ֆինանսավորման կարիք ունեցող և վերականգնման ենթակա ճանապարհները նշում էին պետական կառույցները, իսկ միջազգային կառույցները գումար էին հատկացնում: Այդպես վերականգնվեցին Գյումրի-Ապարան, Գյումրի-Արմավիր ճանապարհները, համայնքային նշանակության բազմաթիվ ճանապարհներ, սակայն Ղարախաչի ճանապարհը մնաց նույն վիճակում, այն դեպքում, երբ Գյումրի-Արմավիր ճանապարհից պակաս կարևորություն չուներ:

Հետաքրքիր էր, թե տրանսպորտի և կապի նախարարությունում ի՞նչ են մտածում այս ճանապարհի առնչությամբ: Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից բավական օպերատիվորեն արձագանքեցին: Ցավոք, այդ արձագանքի մեջ այս տարածքի բնակչության համար այնքան էլ հուսադրող բան չկար: Նախարարի մամուլի քարտուղարը հայտնեց, որ այս տարվա ծրագրերի մեջ ճանապարհը ներառված չէ, սակայն հուսադրող մի բան, այնուամենայնիվ, ասաց. նախարարությունում մշակված է ճանապարհների վերանորոգման ծրագիր. նախատեսվում է գրունտային եղանակով շուրջ 2000 կմ ճանապարհ նորոգել: Ծրագրի աշխատանքները սկսվելու են այս տարվանից, և հնարավոր է, որ հաջորդ տարի Ղարախաչի ճանապարհի հերթն էլ հասնի: Իսկ մինչ այդ բաղձալի պահը պատասխանատու պաշտոնյաներին հիշեցնենք, որ

1. Գյումրի-Տաշիր ճանապարհը, որպես հյուսիս-հարավ մայրուղուն զուգահեռ տրանսպորտային երակ, կարևոր ռազմավարական նշանակություն ունի, քանի որ մայրուղու Գյումրի-Բավրա հատվածն անցնում է հայ-թուրքական սահմանին չափազանց մոտ, և Ղարախաչի լեռնանցքով անցնող ուղին կարող է հարկ եղած դեպքում իր վրա վերցնել դեպի հյուսիս տրանսպորտային հոսքը,

2. Ղարախաչի լեռնանցքը շատ ավելի ցածր է, քան, ասենք, Խաչի լեռնանցքը Ռազմավիրական ճանապարհին (2384 մ, Военно-грузинская дорога) և, առավել ևս, Սելիմի լեռնանցքը (2410 մ) Հայաստանում, որը միշտ նորոգվում և շահագործվում է,

3. Ղարախաչի ճանապարհի օգտագործումը հնարավորություն կտա որոշ չափով թեթևացնել Աշոցքի ենթաշրջանի, այսպես կոչված, Ձորի գյուղերի անմխիթար դրությունը, որոնք ամենից շատ են տուժել երկրաշարժից և այսօր պարզապես մահացման շեմին են: Պատճառը փակուղային վիճակում հայտնվելն է. տարիների հետ այս գյուղերն ավելի են կտրվել աշխարհից, լիակատար անտերության մատնվել, գումարած ամենատարբեր խնդիրները` սկսած սողանքներից, վերջացրած ցանկացած խնդիր լուծելու անկարողությամբ:

 

ԱՐԺԵ՞ ԾԱԽՍ ԱՆԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՎՐԱ

Ճանապարհ չլինելու պատճառով այս տարածքը ևս անտերության է մատնված, և դա՝ այն դեպքում, երբ գործ ունենք անկրկնելի բնապատմական հուշարձանի հետ: Չէ՞ որ այս վայրը, անբացատրելի է, թե ինչպես, բայց առայսօր մնացել է կուսական վիճակում: Տարածքը գերհարուստ է հանքային ջրերով: Խորհրդային տարիներին այստեղ հորատումներ կազմակերպվեցին. փորձում էին նավթ հայտնաբերել, սակայն որտեղ հորատում էին` հանքային ջուր էր դուրս գալիս:

Բացի «Ջերմուկ», «Դիլիջան», «Բջնի» և մյուս բրենդների հանքային ջրերի շարքը հարստացնելուց, այս տարածքը նաև կառավարության հռչակած գերակա ճյուղի` տուրիզմի համար է գտածո: Այստեղ առկա են բոլոր պայմանները ձմեռային հանգստավայր ստեղծելու համար: Ամռանը ևս այստեղ աննկարագրելի գեղեցիկ է: Կիլոմետրերով ալպիական մարգագետիններ են, որոնք, գեղեցկությամբ և հազվագյուտ ծաղկատեսակներով զբոսաշրջիկներին հմայելուց բացի, յուրաքանչյուր ֆերմերային տնտեսության երազանքն են: Համաշխարհային բանկը վերջերս 16 մլն դոլար հատկացրեց մեր կառավարությանը` իբր արոտավայրերի վերականգնման նպատակով, սակայն այդ նույն ժամանակ կուսական վիճակում գտնվող այս մարգագետինները, որոնք մի դոլարի ծախս անգամ չեն պահանջում, չեն օգտագործվում, քանի որ անհասանելի են բնակիչների համար:

Կառավարության վերջին նիստերից մեկում գործադիրը 550.590.7 հազար դրամ հատկացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը` միջհամայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման նպատակով: Այս ճանապարհները գրունտային եղանակով են նորոգվելու, սակայն, ամենայն հավանականությամբ, Ղարախաչի ճանապարհը դարձյալ դուրս կմնա դրանց շարքից: Թե ինչպես է մինչև հիմա այս ճանապարհին «հաջողվում» այդ աստիճան անտեսվել և անտերության մատնվել, ուղղակի զարմանալի է: Զարմանալի է և այն անտարբերությունը, որ ցուցաբերում են այս ճանապարհը կտրած նախկին գյուղացիները՝ մերօրյա մեծահարուստները: Մեր նշած գյուղերը քիչ մեծահարուստներ չեն տվել, ովքեր, ավելի քան որևէ մեկը, լավ գիտեն, թե ինչ ասել է Ղարախաչի ճանապարհն այս տարածքի բնակչության համար: Բայց հետաքրքիր է, որ այս տարիների ընթացքում ոչ մի անգամ նրանցից ոչ մեկի մտքով չանցավ գոնե մի կիլոմետրանոց հատված կարգի բերել: Գուցե տեղի կամ անտեղի այդքան աղմուկ հանած «Տաշիր» մրցանակաբաշխությանը շահնազարցի Սամվել Կարապետյանի քավորությամբ բնակարաններ ստացան հայկական շոու բիզնեսի` բնակարանների կարիք չունեցող «պայծառ աստղերը»: Իհարկե, Սամվել Կարապետյանին դատել որևէ մեկը չի կարող, մարդը կարող է իր փողերը ծախսել այնպես, ինչպես իրեն է հաճելի: Սակայն, դրանով հանդերձ, անհնար է չհաշվել, որ այդ գումարով Ղարախաչը, հավանաբար, կարգի կբերվեր: Արոտավայրերի վերականգնման անվան տակ փոշիացվող գումարներով ևս Ղարախաչը հնարավոր կլիներ վերակենդանացնել: Բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀ-ում գերակայություններն այլ են, ՀՀ-ում ծնյալների մոտ ևս...

 

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Իրավիճակը, որ ստեղծվել է Ղարախաչի փակվելով, վառ ապացույցն է ՀՀ իշխանությունների մտավոր և աշխատանքային ունակությունների դեֆիցիտի: Ցանկացած տնտեսվարման մեջ, լինի պետություն, թե փոքրիկ բիզնես, ոսկե օրենք կա` ծախսերը պլանավորել ըստ անհրաժեշտության և առաջնայնության աստիճանի: Այսինքն՝ սկզբում պետք է հոգալ տան սննդի, լույսի, գազի և այլ կոմունալ ծախսերը, այնուհետ, ավելցուկի դեպքում, մտածել կազինոների, բորդելների և ոչ անհրաժեշտ այլ ծախսերի մասին: Եթե հակառակն է տեղի ունենում, ուրեմն՝ տնտեսության տնտեսվարողն ապաշնորհ է: ՀՀ-ում որևէ նպատակահարմարություն մենք չտեսանք, սկսած 1991-ից, հակառակ դեպքում Ղարախաչի ճանապարհը վաղուց կգործեր, չէին փլուզվի միջհամայնքային և միջանձնային դարավոր հարաբերությունները, հոգևոր կապը, տնտեսական հարաբերությունները: Իսկ եթե մեկը կասկածում է, թե Ղարախաչի ճանապարհը ավելի քիչ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար, քան, ասենք, Համաշխարհային բանկի հաշվին իբր թե վերականգնվող արոտավայրերը, կամ Երևանի փողոցների վերանորոգումը («Լինսիի» հաշվին), կամ այլ բազմամիլիոն ոչ առաջնահերթ ծախսերը, ուրեմն դրա միակ տեղը Տիգրան Սարգսյանի կառավարությունում է` Տիգրան Դավթյանի, Վաչե Գաբրիելյանի, Ներսես Երիցյանի և այլ վունդերկինդների կողքին, որոնց տիեզերական մտքերի դարդից կարելի է ոչ թե հիանալ և ապուշանալ, այլ օրերից մի օր ինքնասպան լինել...

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am