Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Մայիս 2011, N 5

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ՄԱՅԻՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԳՐԻԳՈՐ ԱՂԱՆՅԱՆ

«ՊԱԼԱՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ» ՎԵՐԱԴԱՐՁԸ

ԿԱՄ` ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ

(նյութի մշտական հասցեն՝ http://nationalidea.am/comments.php-id=8931&l=A)

23.05.2011

Խնձորը ծառից հեռու չի ընկնում,

իսկ բոշան էլ փաշա չի դառնում

Երբ տարեսկզբին Երևանի նոր քաղաքապետ Կ.Կարապետյանը գլխավոր ճարտարապետի պաշտոնին նշանակեց Միքայել Հասրաթյանին, մտածեցի, որ սառույցը շարժվեց, և մեր մայրաքաղաքի կենսապահովման համար այս կարևոր բնագավառը հանձնարարվեց նորովի մտածող երիտասարդ մասնագետի: Ինչ մեղքս թաքցնեմ, հոգուս խորքում համոզված էի ու այժմ էլ համոզված եմ, որ ճարտարապետների ընտանեկան առողջ ավանդույթներից սնվող Միքայել Հասրաթյանն, անշուշտ, իր մեծահամբավ պապից և հրաշալի ու համեստ ճարտարապետ հորից ժառանգել է անսահման սերը դեպի մեր մայր Երևանը: Ես բախտ եմ ունեցել մի քանի տարի աշխատել երջանկահիշատակ Գրիգոր Հասրաթյանի ղեկավարած հիմնարկում և բազմիցս ունկնդրել եմ նրա պատմությունները Երևանի կառուցապատման և մեր ճարտարապետության գոհարների ստեղծման, հաճախ նույնիսկ դետեկտիվ հիշեցնող դեպքերի մասին (Մեծ եղեռնի հուշահամալիրը, Էրեբունի-Երևանի 2750-ամյակի տոնակատարությունների առթիվ թանգարանի և հուշարձանի բացումը, «Հրազդան»  մարզադաշտը, Ժամանակակից արվեստի թանգարանը, ԽՍՀՄ-ում առաջին, աշխարհում առաջին Մանկական ստեղծագործության թանգարանը և այլն): Այն մեծ սերը, որ տածում էր հայոց մայրաքաղաքի հանդեպ անկրկնելի Գրիգորի Իվանիչը, խոսքով արտահայտելը դժվար է: Թե ինչպես վարվեցին Հասրաթյան պետական գործչի ու կառավարչի հետ, թող մնա նրանց խղճի վրա, որոնք քաղաքային օրգանիզմի խոշոր գիտակին փոխարինեցին կուսակցական ֆունկցիոներով: Բարձրաճաշակ շինարարին, որի կոչումը կառուցելն ու գեղեցկացնելն էր, որը կարող էր ընդվզել ՀԿԿ ԿԿ-ի և Երքաղկոմի նոմենկլատուրշչիկների անհարկի միջամտությունների դեմ, փոխարինեցին լուռ ու մունջ հրամաններ կատարող մեկով, որին այդպես էլ որպես քաղաքապետ չընդունեցին և չընկալեցին մայրաքաղաքում: Հասրաթյանին աքսորեցին Հուշարձանների վարչություն, հետո` Սարդարապատի թանգարան, բայց ստեղծելու և հանուն երկրի արարելու նրա ավյունը երբեք չմարեց, նա մնաց նույն ռոմանտիկը, որի համար քաղաքաշինությունը ոչ թե բիզնես էր, ինչպես հետագա շատ-շատերի համար, այլ գեղեցիկի և օգտակարի  ներդաշնակ սիմֆոնիա:

Հասրաթյանների ընտանիքում մեծացած մարդը չի կարող չսիրել քաղաքը կամ վերաբերվել նրան` որպես կասկածելի ճարտարապետական բիզնես ծավալելու շինհրապարակ: Ի՞նչ պիտի աներ երիտասարդ ճարտարապետը, երբ հերթական նարեկսարգսյանական նախագիծն էին ուզում կյանքի կոչել, այս անգամ` կառավարության գլխավոր մասնաշենքի աշտարակի տեսքով: Շատ երիտասարդ կարիերիստներ լռելյայն կհամաձայնեին այս «դարի նախագծի» հետ ու կշարունակեին պաշտոնավարել: Այդպես էր մտածում երևի նաև քաղաքապետը: Բայց արի ու տես, որ մասնագիտության վարկն ու պատիվը Միքայել Հասրաթյանն առավել վեր դասեց, քան ճղճիմ կարիերիզմը: Երիտասարդ ճարտարապետը չուզեց դառնալ հերթական պտուտակ ֆուտուրիստական մարմաջով տառապող կառավարության և նորաթուխ քաղաքապետի համատեղ ձեռնարկած նարեկսարգսյանական գործարքում: Ես համոզված եմ, որ Գրիգորի Իվանիչը կհպարտանար իր թոռնիկի տղամարդավայել ու ճիշտ կեցվածքով:

Երբ պատմությունը կրկնվում է, այն վերածվում է ֆարսի: Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Երևանի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Իր ելույթում մայրաքաղաքի ղեկավարը խոսել է նաև նախկին ճարտարապետի մասին: «Ես դրական եմ գնահատում Միքայել Հասրաթյանի հետ մեր համատեղ աշխատանքը: Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, և չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանն այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի»,- ասել է Կարապետյանը: Թե ինչու մարդը հանկարծ դիմում գրեց ու ազատվեց զբաղեցրած պաշտոնից, երևի «պետական գաղտնիք» է: Կամ ինչո՞ւ պիտի ցանկություն հայտնի Մ.Հասրաթյանը շարունակել աշխատել մի կառույցում, որտեղ նրա կարծիքը հաշվի չի առնվում: Երևի, սա ուշացած ռևերանս է կամ ինչ-որ կերպ արդարանալու երկչոտ փորձ, Աստված գիտի: Փաստն այն է, որ քաղաքական ընտրությունների արդյունքում Երևանի ավագանու կազմում հայտնված և քաղաքական կամքի դրսևորման արդյունքում քաղաքապետ դարձած պ-ն Կարապետյանն իրեն համարում է հաջողված մենեջեր, և հանկարծ նրա դրայվը կոտրում է մի երիտասարդ ըմբոստ ճարտարապետ: Ինչ պետք է աներ Կ.Կարապետյանը, ժամանակը սեղմում է, քաղաքն առանց գլխավոր ճարտարապետի չի կարելի թողնել, աշտարակի նախագիծը պետք է վավերացնել: Իսկ ով կարող է օգնել, բնական է` Հյուսիսային անմարդաբնակ պողոտայի հայրը` Նարեկ Սարգսյանը: Գործը հեշտացավ, ինքը նախագծում է, ինքը հաստատում է, ինքն էլ ճարտարապետական հսկողությունն է իրականացնում: Արդյունքում` գոհ է ֆուտուրիստ կառավարությունը, իսկ ընդվզող ճարտարապետական հանրույթի վրա թքած: Ո՞վ են սրանք, որ համեմատվեն «հայկական Լե Կորբուզիեի ու Օսկար Նիմեերի» հետ: Ն.Սարգսյանն, ի տարբերություն Թամանյանի, որի նախագծերն է իբր ուզում «կյանքի կոչել», Երևանը տեսել է անճոռնի բարձրահարկերի ստվերով ծածկված մի մութ քաղաք, որը կորցրել է իր անցյալը և ունի մշուշոտ քաղաքաշինական ապագա:

Թողնենք Սարգսյանին, «անհերքելի հեղինակությունները» մեր քննարկման առարկան չեն: Ցավալին ու զավեշտականն այլ է: Մեր երկրի մայրաքաղաքում պաշտոնի է նշանակվում ճարտարապետական նեղ շրջանակներին միայն ծանոթ երիտասարդ մասնագետ, որն ապացուցում է, որ մասնագիտության հարգն ու վարկն առավել բարձր են, քան ստորաքարշ հարմարվողականությունը: Ոչինչ չի փոխվում մեր երկրում, ոչ ոք չի ուզում փոխվել մեր երկրում ու դժվար թե մի օր փոխվի, քանի նրա ճակատագիրը տնօրինողները գերադասում են մարտնչող ու գորշ, հարմարվող ու հավակնոտ միջակություններին արժանապատիվ կեցվածք որդեգրած մասնագետներից:

 

Հետգրություն

Քաղաքապետ Կարապետյանի քայլը, անշուշտ, հանդուգն էր. Միքայել Հասրաթյանին նա ֆիզիկապես ի վիճակի չէր հեռացնելու` հայտնի պատճառներով: Մնում էր միայն հույս դնել նրա գենետիկ պարկեշտության վրա` մեկ այլ աշխատանք առաջարկել և սպասել նրա դիմումին և հետագա համագործակցությունից հրաժարվելուն: Քաղաքապետի այս նոր մեթոդը, հավանաբար, կընդօրինակեն շատերը, թեպետ քիչ են Հայաստանում Հասրաթյանների որակներն ունեցող անձինք...

 

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» ԼՐԱԳՐՈՂՈՒՀՈՒՆ

ԱՆԱՐԳԵԼՈՒ ԱՌԹԻՎ

(նյութի մշտական հասցեն՝ http://nationalidea.am/comments.php-id=8777&l=A)

17.05.2011

Այսպես կոչված «ընդդիմադիր» ԶԼՄ-ների հանրությունն ամուր համոզմունք ունի, որ իրենք անձեռնմխելիների կաստա են: Մեկ այլ համոզմունք էլ կա. այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարտավոր են այդ լրագրողների հետ իրենց Եվրոպայի թագավորական տների վարքականոնին ու կանոնադրությանը համապատասխան պահել: Եվ երբ սկանդալներ են պատահում, «ընդդիմադիր» ԶԼՄ-ները դիմում են բացահայտ շանտաժի, օգնության «հարայ» են կանչում, դիմում բոլոր ատյաններին` պաշտպանության, մեղավորներին (որոնց իրենք էլ որոշում են) պատժելու կոչով և այլն, և այլն:

Բայց ճշմարտությունն այլ է: Իհարկե, կա օրենք ԶԼՄ-ների մասին, ինչպես նաև գրված ու չգրված բազմաթիվ կանոններ, որոնց համապատասխան են գործում ԶԼՄ-ներն ու պետական կազմակերպությունները: Սակայն ոչ օրենքը, ոչ այլ փաստաթղթերն ու ավանդույթները չեն վերացնում մարդու գլխավոր իրավունքը` մարդ լինելու իրավունքը, այն է` ունենալ նյարդային համակարգ, հույզեր, անձնական համակրանքներ և հակակրանքներ, որոնց համապատասխան մարդը սիրում է և ատում, հարգում և արհամարհում: Այսինքն` մենք խոսում ենք մարդու բնական իրավունքի մասին, որն անօտարելի է. նշենք, որ նույնիսկ կյանքի իրավունքն է օտարելի (մարդը կարող է դատապարտվել մահապատժի), բայց մարդու բնական իրավունքն անօտարելի է. ոչ մի դատարան չի կարող պարտավորեցնել նրան հարգել կամ սիրել, եթե մարդն ուզում է, տարբեր պատճառներից ելնելով, ատել կամ արհամարհել:

Երեկ նախագահ Սարգսյանի եղբայր և համատեղության կարգով ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը խորհրդարանի շենքում անպատվել է «ընդդիմադիր» լրագրողուհի Մարինա Խառատյանին, որն աշխատում է «Հրապարակ» անունը կրող կասկածելի հաստատությունում: Լրագրողուհին մոտեցել է նրան և հարց տվել, որին պատգամավորը չի ցանկացել պատասխանել (նշենք, որ պատգամավորը մարդ է և իրավունք ունի չպատասխանել, չցանկանալ շփվել մամուլի հետ, համենայնդեպս` ոչ մի օրենք պատգամավորին չի պարտավորեցնում անպայման և անվերապահորեն պատասխանել բոլոր լրագրողների բոլոր հարցերին, այն էլ` ֆլամանդական արիստոկրատիայի շարժուձևով): Դատապարտելի՞ է արդյոք պատգամավոր Սարգսյանի` կոնկրետ լրագրողի հարցին չպատասխանելու ցանկությունը: Իհարկե, ոչ: Հետո «ընդդիմադիր» լրագրողուհին սկսել է գրոհի ենթարկել պատգամավորին` ասելով նրան, թե իբր իր պարտքն է կատարում, նշանակում է` պատգամավորը պարտավոր է պատասխանել: Մի խոսքով` մարդու նյարդերը տեղի են տվել. նա ասել է լրագրողուհուն այն ամենը, ինչ մտածում է նրա մասին, ինչի արդյունքում «ընդդիմադիր» ԶԼՄ-ների հանրությունում աղաղակի վայնասուն է բարձրացել: Այս առնչությամբ հարկ է մի քանի նկատառում անել:

Առաջին. պատգամավոր Սարգսյանն օրենքի շրջանակից դուրս չի եկել. նրան դրդել են կոպտության, ինչը քրեորեն պատժելի արարք չէ:

Երկրորդ. լրագրողուհի Մարինա Խառատյանն աղանդավոր է (հիսունական է կամ էլ մի ինչ-որ ավելի վատ բան), և նրա համար ցանկացած մարդու ինֆարկտի կամ էլ, ինչն անհամեմատ ավելի վատ է, ինքնասպանության հասցնելը հինգ րոպեի գործ է, ոչ ավելին: Հետևաբար, պատգամավոր Սարգսյանը, անպատվելով նրան, հավանաբար, պայքարում էր իր կյանքի համար, քանի որ 55 տարեկան հասակում, ինչպես հայտնի է, մարդկային օրգանիզմը լրիվ ենթակա է արյան շրջանառության խախտումների, իսկ դա, ինչպես հայտնի է, կամ ինֆարկտի է հանգեցնում, կամ ինսուլտի, որոնցից պաշտպանվելն առողջ դատող յուրաքանչյուր մարդու մտահոգությունը պետք է լինի:

Երրորդ. պատգամավոր Սարգսյանը գործ ուներ Հայաստանի ամենազզվելի պարբերականներից մեկի լրագրողի հետ, պարբերական, որը գլխավորում է երկրի ամենակասկածելի անձանցից մեկը` գարշանք առաջացնող ու հիգիենայի ամեն տեսակ զգացումից զուրկ տիկին Օհանյանը, որն իր թերթոնը պահում է ում հաշվին ասես: Այս տիկնոջ բարոյաքաղաքացիական կերպարը բոլորին է հայտնի, իսկ դա, հավանաբար, նույնպես իր դերն է խաղացել այն բանում, թե ինչպես է պատգամավոր Սարգսյանը վարվել Մարինա Խառատյանի հետ:

Դե, իսկ տիկին Արմինե Օհանյանի կերպարի մասին սակավ տեղեկացված քաղաքացիներին հակիրճ հիշեցնենք այն էպիզոդը, որը հստակ բնութագրում է նրա անցյալը, ներկան ու ապագան. մեկուկես տարի առաջ, երբ դեռ հրատարակվում էր «Ազատամտություն» թերթը, որն ահուսարսափ էր տարածում բոլորի վրա, նա խարդախաբար ինձնից լուսանկարներ էր կորզել` արված ցմահ դատապարտվածների բանտախցում, որտեղ պատկերված էի ես, ցմահ դատապարտված Արսեն Արծրունին, Դերենիկ Բեջանյանը և Էդուարդ Գրիգորյանը, և հանձնել էր Նիկոլիկ Փաշինյանի թերթին, որը սկանդալ էր հրահրել (թե, իբր, տեսեք ով է նստած սպարապետին սպանողների հետ, նշանակում է` այստեղ ինչ-որ բան կա), ինչի արդյունքում տուժեցին (խիստ նկատողություններ ստացան) անմեղ մարդիկ: Նշեմ, որ նույն բանտախցում ինձնից ավելի շատ եղել և լուսանկարվել էին «ընդդիմադիր» ԲՈԼՈՐ ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Նիկոլիկի թերթի ստոր հրապարակումից հետո Վահան Իշխանյանը հոդված հրապարակեց` տասնյակ լուսանկարներ զետեղելով, որոնք արված էին նույն բանտախցում և նույն դատապարտյալների հետ (http://ankakh.com/2009/12/23091/, http://ankakh.com/2009/12/23108/):

Բայց ոչ մի արձագանք. ոչ «ընդդիմադիր» մամուլի, ոչ արդարադատության նախարարության, ոչ էլ հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատների ու «սպարապետի» երկրպագուների կողմից, որոնք իմ լուսանկարում սրբապղծություն էին տեսել, իսկ Վահանի լուսանկարները գերադասեցին անտեսել:

Մի խոսքով` համբերություն ցանկանանք պատգամավոր Սարգսյանին: Պետք չէ, որ նա արձագանքի «ընդդիմադիր» ԶԼՄ-ների սկանդալներին: Նույնը ցանկանանք ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին: Նրանց համար լավ կլիներ, եթե ավելի քիչ «կերցնեին» «ընդդիմադիր» լրագրողներին, ավելի քիչ փող խցկեին բուռները գրպանի ծախսերի համար, ավելի քիչ ուշադրություն դարձնեին: Այդ ժամանակ նրանցից սպասվող գլխացավանքն էլ ավելի քիչ կլիներ...

 

Հետգրություն

Ասում են` մի քանի տարի առաջ պատգամավոր Սարգսյանն անպատվել և քիչ է մնացել ծեծի ենթարկի մեկ այլ մոլի ընդդիմադիր լրագրողուհու` Թագուհի Թովմասյանին, լեգենդար Շողեր Մաթևոսյանի զինակցին: Իսկ այսօր նա «պատկառելի թերթ» հրատարակող պատկառելի կին է, որի ֆինանսավորումը չար լեզուները կապում են պատգամավոր Սարգսյանի անվան հետ: Չեմ բացառում, որ օրիորդ Թովմասյանի տրիումֆը հանգիստ չի տալիս տիկին Օհանյանին, որը, գտնվելով աղետալի ֆինանսական դրության մեջ (ոչ միայն երկրորդ նախագահ Քոչարյանի հայցերի հետևանքով), հավանաբար, փորձում է «հասանելի դարձնել» երկրի առաջին գրպաններից մեկը: Եվ այս առնչությամբ պատգամավոր Սարգսյանը հարկ է, որ զգույշ լինի և չընկնի թակարդը, քանի որ, հակառակ պարագայում, կտուժի ոչ միայն ինքը, այլև ողջ երկիրը. ևս մեկ գարշահոտ «ընդդիմադիր» թերթի ՀՀ-ն կարող է և չդիմանալ...

 

Հետգրություն-2

Եթե Ռոբերտ Քոչարյանին հաջողվի դատական կարգով սնանկացնել և վերացնել «Հրապարակն» ու «ընդդիմադիր» այլ պարբերականներ, դա կլինի նրա կյանքի ամենամեծ գործը, քանի որ դրանից ավելի օգտակար բան նա կյանքում չի արել` նույնիսկ գտնվելով երկրի նախագահի պաշտոնում: Քոչարյանի կառավարման օրոք Հայաստանը շատ բան է կորցրել, հատկապես քաղաքական իրականության և նրանում գործող զանգվածային լրատվամիջոցների այլասերման ու բարոյալքման մասով: Դրա համար էլ, կարծում եմ, երկրորդ նախագահը հարկ է, որ գոնե ինչ-որ կերպ շտկի վիճակը և քավի մեղքերը. սկզբունքայնություն «ընդդիմադիր» ԶԼՄ-ների հանդեպ և հարկադրանք` գործելու իրավական ու բարոյական նորմերին համապատասխան. ահա ինչն է ամենաօգտակարը, որ կարելի է սպասել նրանից:

 

ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔՈՒՅՐԵՐՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

«ՉԵՉԵՆԱԿԱՆ» ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

(նյութի մշտական հասցեն՝ http://nationalidea.am/publications.php-id=8683&fl=y&l=A)

12.05.2011

Գագիկ Ռոստոմյանը երկու օր առաջ հաջողացնում է փախչել «Արզնի» տոհմային թռչնաբուծական, տոհմաբուծական, խոզաբուծական ընկերությունից` խաբելով, թե հայրը մահամերձ է և պետք է դեղորայք հասցնի: Ռոստոմյանին` որպես բացառություն, ընդառաջում են և անցաթուղթ տրամադրում: Ֆերմայում աշխատող հովիվը խնդրում է գոնե 10 հազար դրամ տալ` դեղորայք գնելու համար: Նրան ասում են. «Սպասի, իրիկունը ձուն կիջնի` կտանք»: «Արզնիում» աշխատավարձը տալիս են ձվի տեսքով` ձուն հաշվելով  60 դրամով: Աշխատողները որպես աշխատավարձ տրված ձուն դրսում վաճառում են, իհարկե, ոչ 60 դրամով, քանի որ այդքան արժե խանութում դրված ձուն և, բնականաբար, ֆինանսապես տուժում են: Բայց կարգը սա է, և սա այն նվազագույնն է, ինչը ստիպված են հանդուրժել Մարատ Ջանվելյանի մոտ աշխատանքի անցած և պատանդ դարձածները:

Գագիկ Ռոստոմյանը փախչում է` ցանկանալով ազատագրվել Ջանվելյանի լծից, սակայն չի ազատագրվում. «Արզնի» համակենտրոնացման ճամբարում են մնացել նրա կինը` Լիանա Բակունցը և որդին` Հայկ Ռոստոմյանը: Այս ճամբարում դժվար թե այս մարդկանց ճանաչեն որպես Գագիկ Ռոստոմյան, Հայկ Ռոստոմյան կամ Լիանա Բակունց. Մարատ Ջանվելյանի սահմանած կարգուկանոնի համաձայն` «Արզնի» համակենտրոնացման ճանբարում աշխատողները համարակալված են. ճիշտ այնպես, ինչպես նույն կարգուկանոնի համաձայն համարակալված են Ջանվելյանի հավերը, կովերը, խոզերը: Թիվ 4-ը և 34-ը այսօր պետք է այսինչ գործն անեն, թիվ 27-ը` այսինչը, թիվ 4-ին այս ամսվա աշխատանքի դիմաց հասնում է այսքան արկղ ձու, և այսպես շարունակ:

Գագիկ Ռոստոմյանը դիմում է փախուստի` փրկվելու համար «Արզնի» համակենտրոնացման ճամբարից, քանի որ այլ ելք չուներ. նա այլևս չէր ցանկանում այստեղ աշխատել, բայց դարձյալ Մարատ Ջանվելյանի սահմանած կարգուկանոնի համաձայն` այստեղ բացառվում է «այլևս աշխատել չցանկանալու» երևույթը: «Արզնի» համակենտրոնացման ճամբարում հայտնվածները մնում են այստեղ` առանց այլընտրանքի. այստեղ կարելի է մտնել, բայց դուրս գալն անհնար է: Իսկ «Արզնի» գալը, որպես կանոն, ստացվում է պատահաբար: Հրազդանում բնակվող Ռոստոմյանի ընտանիքը համաձայնում է ընտանիքով տեղափոխվել այստեղ աշխատելու` առանց իմանալու, թե ինչ է իրենց սպասվելու: Ֆերմայի համարակալված աշխատողները` շուրջ 50 հոգի (միայն խոշոր եղջերավորների մասում), աշխատում և ապրում են ֆերմայում հենց  ընտանիքներով: 40-ամյա նախրապան Գագիկ Ռոստոմյանը առնվազն 50-ն անց տղամարդու տեսք ունի: Քանի որ Գագիկի կինն ու 17-ամյա որդին դեռևս գերության մեջ են, անհնար է դատողություններ անել նրանց արտաքին տեսքի վերաբերյալ:

Ընտանիքները սկզբում կարծում են, թե աշխատանքի են ընդունվել Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ-ում, իսկ հետո արդեն հասկանում, որ հայտնվել են «Արզնի» համակենտրոնացման ճամբարում: Ճամբարը շրջապատված է բարձր պարսպով և հսկվում է անվտանգության աշխատակիցների կամ, ավելի ճիշտ կլինի ասել, համակենտրոնացման ճամբարի պահնորդների կողմից: Մեր այցելության ժամանակ պահնորդներից մեկը հաստատեց այն փաստը, որ ոչ ոք չի կարող մտնել և դուրս գալ հիշյալ տարածքից` առանց վերին թույլտվության:

Ընտանիքները տեղավորվում են կացարաններում: Սնունդը պարտավոր են հոգալ անձամբ և խանութ գնալու համար ևս պետք է կարողանան անցաթուղթ ստանալ. անցաթուղթը տրվում է կոնկրետ ժամով: Այս առումով այստեղ բացառվում են ամուսնական զույգերի կողմից դավաճանության դեպքերը. որևէ մեկը չի կարող, այսպես ասած, «լևի գնալ», բացառվում են երիտասարդների կողմից սիրած էակների հետ հանդիպումները, երեկոյան զբոսանքները. այստեղ ամեն ինչ կանոնակարգված է: Համարակալված աշխատողների կյանքը կանոնակարգված է պրն Ջանվելյանի հավերի, կովերի, խոզերի կյանքը հարմարավետ դարձնելու համար:

Գագիկ Ռոստոմյանը մի կերպ էր պատմում այս ամենը` հուզմունքից ձայնը խզվում էր: Խաբեց ու փախավ, բայց կինն ու որդին մնացել են այնտեղ, այնտեղ են նաև հեռուստացույցը, պահարանը. եթե անգամ կինն ու որդին էլ հաջողացնեն պարսպի վրայից գիշերով փախչել, ապա նույնը դժվար է իրականացնել տան միակ հարստության` հեռուստացույցի և պահարանի հետ: Գումարած նաև աշխատավարձը` հայր Ռոստոմյանին ապրիլ ամսվա համար որպես աշխատավարձ դեռ պետք է վճարվի մոտ 80 հազար դրամ, տղային` 100 հազար, կնոջը` 60 հազար դրամ: «Կարող են անգամ ասել, թե հորթը սատկել ա քո պատճառով. սատկած չլինի, բայց քցեն վրես ու հլը մի բան էլ ասեն` դու ես մեզ պարտք»,- իր մտահոգություններն էր հայտնում Ռոստոմյանը: Այդպես, երբ ձմեռը ընտանիքը ցանկություն է հայտնել հեռանալ, նրանց ասել են. «ամիսը 50 հազար դրամի լույս եք վառել, 4 ամիս` էդ քեզ արեց 200 հազար` մուծի` գնա»:

Շուրջ 20 օր առաջ «Արզնի» համակենտրոնացման ճամբարից հաջողացրել էր հերոսական փախուստ կազմակերպել մեկ այլ ընտանիք: Հավանաբար, հենց այս օրինակն էլ սիրտ էր տվել Ռոստոմյանին` գնալ ծայրահեղ քայլի: Փախած ընտանիքի բախտը բերում է: Նրանք գնում և միանգամից աշխատանքի են անցնում Ապարանում` ինչ-որ դատախազի ֆերմայում: Երբ «Արզնիում» հայտնաբերում են փախուստը, միանգամից հետապնդում են հայտարարում. ընտանիքի տեղը բացահայտվում է. ավտոմատավորները գնում են հետ բերելու զանցանք թույլ տվածներին, սակայն դատախազը կարողանում է դիմակայել նրանց և թույլ չի տալիս, որ իր աշխատողներին տանեն: Այդպես, այդ մի ընտանիքը փրկվում է:

Ռոստոմյանի ընտանիքն այսօր վտանգի մեջ է: Անցագրի ժամկետը լրանալուց հետո կբացահայտվի նաև նրա փախուստը. այդ ժամանակ էլ գործի կդրվի հետապնդման նույն մեխանիզմը, և հենց այդ ժամանակ էլ ավտոմատավորները կհասնեն իրենց նպատակին, քանի որ Ռոստոմյանի բախտը չի բերել այնպես, ինչպես բերեց փախուստի դիմած նախորդ ընտանիքի բախտը. նա պաշտպան դատախազ չունի:

«Խնդրում եմ, հանկարծ անուն չգրեք, ընդհանրապես չգրեք, ես չգիտեմ, թե ինչ կարող են անել ընտանիքիս հետ»,- խնդրում էր չարքաշ աշխատանքի բոլոր վկայություններն իր վրա կրող, համակենտրոնացման ճամբարից փախած հերոսը: Իսկ ճամբարի գերիների խոսակցությունների միակ թեման, նրա ասելով, այնտեղից փախչելն է...

Մարատ Ջանվելյանի հրոսակախմբերի մասին պատմություններ պարբերաբար տարածվում են: Հայտնի է, որ նրա նախիրներն արոտավայր են գնում ավտոմատավորների ուղեկցությամբ: Հայտնի է, որ այդ ավտոմատավորների դեմ խաղ չկա: Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում տեղակայված ֆերմայի նախրապաններին հրամայված է նախիրն արածեցնել ցանկացած տեղում` խտրականություն չդնելով գյուղացիների սեփականություն հանդիսացող արոտավայրերի, դաշտերի կամ բոստանների միջև: Ավտոմատավորների հսկողության ներքո նախիրը կարող է մի քանի ժամում ավերակ դարձնել, օրինակ,  գյուղացիների լոլիկի դաշտերը. որևէ մեկը որևէ առարկություն անել չի կարող, քանի որ ասողն այդ տարածքում Մարատ Ջանվելյանն է, որից, ի դեպ, այս տարածքի բնակիչներն ավելի են սարսափում, քան գեներալ Մանվելից:

Լրագրողական էթիկայից, մարդասիրությունից, Աստված գիտի, թե էլ ինչից ելնելով` մեկ այլ պարագայում իսկապես որևէ անուն չէինք հրապարակի, եթե այս ամենն այս աստիճան զարհուրելի չլիներ: Եթե չլիներ նաև այն իրողությունը, որ մի դատախազ ընդամենը կարողանում է պաշտպանել իր մոտ աշխատանքի ընդունվածներին և նրանց ազատել գերությունից` թույլ չտալով նրանց վերադարձը, բայց այդ նույն ժամանակ իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյան տեղեկանում է հակաօրինական նման գործողությունների, մարդկանց գերության մեջ պահելու, ստիպողաբար աշխատեցնելու, ազատությունը սահմանափակելու, ազատությունից զրկելու և նմանատիպ այլ հանցագործությունների մասին և ոչինչ չի ձեռնարկում (այստեղ խոսք անգամ չի կարող լինել նաև այն մասին, որ հիշյալ ճամբարի գերիները կարողանային մասնակցել ընդդիմության հանրահավաքներին կամ ընդդիմությանը տեղյակ պահել, թե ըստ երևույթին իշխանությունների հովանավորությունը վայելող օլիգարխը ինչ պայմաններում է պահում իրենց): Ասում են, թե Մարատ Ջանվելյանի առաջխաղացման հովանավորը Անդրանիկ Մարգարյանն էր, սակայն դժվար է պատկերացնել, որ Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղյակ է իր աներոջ ազգականի ընկերությունում տիրող բարքերից և շարունակում է նրանց հովանավորել: Կամ, առավել ևս, որ նախագահն է տեղյակ այն ամենից, ինչ կատարվում է իր ղեկավարած պետությունում տեղակայված համակենտրոնացման ճամբարում:

Այժմ` գլխավորի մասին:

Ասվածին մի քանի նկատառում հավելենք:

Առաջին: ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն` սրանք այն կառույցներն են, որոնք պետք է լուծարել պարապության և պարտականությունները չկատարելու համար, քանի որ նրանց քթի տակ, Երևանից 15 կմ հեռու տեղի են ունենում ստրկատիրական դասակարգին բնորոշ երևույթներ:

Երկրորդ: Եթե նշված հիմնարկներում տեղյակ են արդի Հայաստանում դասական ստրկատիրությունից և անտեսում են այն, ապա լուծարել պետք է ոչ թե կառույցները, այլ նրանց ղեկավարությունը, քանի որ սա անընդունելի է մարդկային բարոյականության, խղճի, նամուսի և շատ այլ բաների համար:

Երրորդ: ՀՀ ազգային անվտանգության խորհրդի առաջիկա նիստում պետք է քննարկել հետևյալ հարցը և գտնել դրա պատասխանը. ի՞նչն է ավելի վտանգավոր ՀՀ պետականության և նախագահ Սարգսյանի համար` Ադրբեջանի ռազմական մեքենա՞ն, թե՞ տեղական արտադրության ջանվելյանները: Եթե պարզվի, որ ամենամեծ վտանգը, որ սպառնում է Հայաստանին, բխում է ջանվելյաններից, ապա պետք է ակնկալել շատ շուտով տեսնել դրանց ձեռնաշղթաներով և ցուցադրել այդ հուզիչ տեսարանը բոլոր նրանց, որոնց կյանքի իմաստն ու նպատակն է գերշահույթը` հայ «ռամիկի» քրտնքի և արժանապատվության հաշվին:

Չորրորդ: ՀՀ գլխավոր դատախազին սույն հրապարակումը խնդրում ենք ընդունել որպես հաղորդում կատարված հանցագործության մասին: ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի տեսչությանը և  ՀՀ պետական եկամուտների կոմիտեին խնդրում ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել Մարատ Ջանվելյանին պատկանող ձեռնարկություններում ապօրինի և անմարդկային վճարումներ կատարելու կապակցությամբ. ՀՀ օրենսդրությունը պարտադրում է մարդկային աշխատանքի դիմաց վարձատրել  միայն ՀՀ դրամով, և այս հարցում բացառություն չեն կազմում անգամ պրն Ջանվելյանի ձվերը:

Հինգերորդ: ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին խնդրում ենք զբաղվել Մարատ Ջանվելյանին պատկանող ձեռնարկություններում տիրող ահավոր երևույթներով և համապատասխան միջոցներ ձեռնարկել Հայաստանում մարդու ամենաթանկ` Ազատության իրավունքն այլևս չոտնահարելու գործում:

Վեցերորդ: ՀՀ նախագահի խորհրդականներին, օգնականներին և սպասարկող այլ անձանց խնդրում ենք տեղյակ պահել երկրի ղեկավարին իրեն վստահված երկրում 21-րդ դարում կատարվող բարբարոսությունների մասին և համոզել նրան, որ որևէ վատ բան Հայաստանի օլիգարխիկ համակարգի հետ չի պատահի, եթե նա ՀՀ օրենսդրության համաձայն պատժի պրն Ջանվելյանին` իր քույրերի և եղբայրների հետ նախնադարյան և անասնական մեթոդներով վարվելու համար:

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am