Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Հունիս 2011, N 6

ԱՇԽԱՐՀԸ ՀՈՒՆԻՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Մեր անհանգիստ աշխարհը` քաղաքական տարաբնույթ իրադարձությունների իր անզուսպ հերթագայությամբ, ամառ թևակոխեց։ Բայց հունիսը, ի տարբերություն նախորդ ամիսների, հագեցած չէր անսպասելի ու աննախադեպ գործընթացներով, աշխարհաքաղաքական իրավիճակի նոր շրջադարձերով։ Ամռան առաջին ամսվա առանձնահատկությունը նաև այն էր, որ այս ընթացքում հանգուցալուծում չստացան շատ իրադարձություններ, որոնց սկիզբը դրվել էր 2011թ. ձմռանը և գարնանը։ Թվում էր՝ համաշխարհային քաղաքականության բոլոր հիմնական իրադարձությունները հայտնվել են մի ինչ-որ շրջապտույտի մեջ, որի ելքը չի գտնվում։

Հունիսի առաջին օրերին Լիբիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը Տրիպոլիում կայացած մամուլի ասուլիսում տխուր վիճակագրություն է ներկայացրել՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ ռազմական գործողություն սկսելուց հետո, ռմբակոծումների հետևանքով երկրում զոհվել է 718 խաղաղ բնակիչ։ Եվս 4000-ը, ըստ Իբրահիմի, վիրավորվել է։ Բայց համաշխարհային «դեմոկրատիզատորները»՝ հանձին ՆԱՏՕ-ի, ինչպես միշտ, հերքել են իրենց մասնակցությունը խաղաղ քաղաքացիների սպանությանը՝ հայտարարելով, թե իրենց բոլոր ջանքերը կենտրոնացած են բացառապես հակառակորդի ռազմական օբյեկտների և տեխնիկայի վրա։ Ավելին, ՆԱՏՕ-ն այդ օրերին որոշում ընդունեց Լիբիայում ռազմական գործողությունը երկարաձգել հերթական եռամսյա ժամկետով։ Ինչպես հայտարարեց դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, «սույն որոշումը հստակ ազդանշան է Քադաֆիի վարչակարգին. «մենք հակված ենք երկարացնել լիբիացի ժողովրդի պաշտպանության գործողությունը»։

Ամսվա սկիզբը դժվարին էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար՝ ֆինանսական առումով. կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կրկին հրաժարվեց բարձրացնել պետպարտքի շեմը»՝ առանց զգալիորեն կրճատելու պետական ծախսերը։ Հատկանշական է, որ այս կոշտ դիրքորոշման կողմնակիցների թվում նաև դեմոկրատ կոնգրեսականներ կան։ Օբամայի վարչակազմը փակուղային իրավիճակում է հայտնվել, քանի որ Սպիտակ տունը կանգնած է դեֆոլտի սպառնալիքի առջև, որը կարող է տեղի ունենալ արդեն օգոստոսի 2-ից հետո, եթե կոնգրեսը քվեարկի պետական պարտքի ավելացման օգտին։ Ինչպես նշել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, իրենց դիրքորոշմամբ նրանք ցանկանում են Օբամայի վարչակազմին ցույց տալ, որ մտադիր չեն զիջումների գնալ պետական ծախսերի արմատական կրճատման հարցում։

Իրանի նախագահը նույնպես խնդիրներ ուներ խորհրդարանականների հետ, սակայն այս դեպքում հակառակության պատճառը Մահմուդ Ահմադինեժադի հավակնություններն էին։ Իսլամական հանրապետության խորհրդարանն ապօրինի է ճանաչել նախագահի գործողությունները, որն իրեն նավթարդյունաբերության նախարար էր հռչակել, և գործը հանձնել է դատարան։ Խորհրդարանականների կարծիքով՝ Ահմադինեժադը փորձում է իր վերահսկողության տակ առնել Իրանի ողջ նավթային արդյունաբերությունը, որը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղերից մեկը նավթարդյունահանման գծով։ Մայիսին Ահմադինեժադը պաշտոնազրկեց երեք նախարարի, այդ թվում և նավթարդյունաբերության նախարարին՝ նրա փոխարեն իրեն նշանակելով։ Նախարարությունների ղեկավարներին աշխատանքից հեռացնելու որոշումն ընդունվել էր երկրի զարգացման հնգամյա պլանի շրջանակում, որով նախատեսվում էր նախարարների թվի կրճատում 21-ից մինչև 17-ի։

Ամեն ինչ չէ, որ հարթ էր նաև մարզաշխարհում։ Հունիսի սկզբին Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախագահ Զեպ Բլատերը ստիպված էր «մարտնչել» իրեն ներկայացված կոռուպցիայի և դեմոկրատ չլինելու մեղադրանքների դեմ։ Սակայն, չնայած բարդ իրավիճակին, նրան հաջողվեց շահել FIFA կոնգրեսի պատվիրակների մեծամասնության վստահությունը, որոնք նրան կրկին ընտրեցին ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Ավելին, էթիկայի կոմիտեն, որը հետաքննում էր նրան հասցեագրված մեղադրանքները, լիովին արդարացրեց Բլատերին։ Վերընտրությունից հետո շվեյցարացին խոստացավ «արմատական վերափոխումներ» անցկացնել՝ ուղղված FIFA դեմոկրատացմանը։

Հունիսի 2-ին Իտալիան տոնում էր իր միավորման 150-ամյակը։ Հանդիսավոր արարողություններին հրավիրված էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրապետության ղեկավարն աշխատանքային այցով եղավ Հռոմում, որտեղ մասնակցեց տոնական միջոցառումներին։

Հունիսի 3-ին Լատվիայի խորհրդարանը նոր նախագահ ընտրեց։ Նորընտիր Անդրիս Բերզինշը քվեարկությունից անմիջապես հետո հայտարարեց, թե մտադիր է շարունակել արևելյան հարևանների՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ հարաբերությունների բարելավման քաղաքական գիծը։ Ըստ Բերզինշի՝ Լիտվայի հարաբերություններն արևելյան հարևանների հետ վերջին տարիներին զգալիորեն լավացել են։ Նա ինքը մտադիր է շարունակել այդ ուղեգիծը և էլ ավելի լավացնել այդ հարաբերությունները։ Նա նաև նշել է, որ ի տարբերություն իր նախորդի՝ Վալդիս Զատլերսի, նա պատրաստ է ռուսական լրատվամիջոցներին հարցազրույց տալ ռուսերեն լեզվով։

Միացյալ Նահանգներում պատրաստվում են նախագահական ընտրություններին։ Հունիսին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին։ Ընդ որում՝ նա իր նախընտրական քարոզարշավն սկսեց Բարաք Օբամային խիստ քննադատության ենթարկելով։ «Բարաք Օբաման «քաշեց» Ամերիկային»,- հայտարարել է նա` հանդես գալով իր կողմնակիցների առջև։ Ինչպես նշեց Ռոմնին, Օբամայի վարչակազմը չկարողացավ հաղթահարել գործազրկությունը և կրճատել բյուջեի ծախսերը, այնինչ նախկին նահանգապետի գլխավոր խնդիրն է դառնալու «Ամերիկան թիվ 1 երկիր դարձնելը՝ աշխատատեղեր ստեղծելու գծով»։

Այդ նույն ընթացքում ամերիկյան կոնգրեսի ներկայացուցիչների պալատը շարունակում էր ճնշում գործադրել Բարաք Օբամայի վրա։ Այս անգամ կոնգրեսականների դժգոհության առիթ էր հանդիսացել գործողությունը Լիբիայում, ավելի ճիշտ՝ նախագահի ինքնագործունեությունը, որի ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ը ներքաշվեց «Քադաֆիի արյունալի ռեժիմից լիբիական ժողովրդի պաշտպանության» անիմաստ գործողության մեջ։ Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեում, լսումների ժամանակ հանդես գալով, հանրապետական կոնգրեսական Դեն Բերթոնը վրդովված հայտարարեց. «ԱՄՆ նախագահը թագավոր չէ և չպետք է իրեն թագավորի նման պահի»։ Կոմիտեի մյուս անդամներն Օբամայի հասցեին պակաս «սիրալիր» չեն արտահայտվել՝ հայտարարելով, որ «կոնգրեսը շրջանցելով ԱՄՆ-ի՝ պատերազմի մեջ մտնելը հարկատուների փողերի փաստացի գողություն է»։

Իսկ «արաբական գարունով» վարակված Եմենում նախագահի հետ կապված խնդիրները լուծում էին ավելի արմատական եղանակներով։ Ամսվա սկզբին ապստամբները կրակի տակ առան նախագահական պալատում գտնվող մզկիթը, որտեղ այդ պահին աղոթում էին նախագահ Ալի Աբդալա Սալեհը և երկրի բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք։ Պետության ղեկավարը վիրավորվեց և հարկադրված էր թռչել Սաուդյան Արաբիա՝ բուժման։ Իրենց «նվաճումից» ոգևորված ապստամբները գրոհի հաջորդ օրն իսկ հայտարարեցին, թե ընդդիմությունը թույլ չի տա, որ նախագահ Սալեհը երկիր վերադառնա։

Հունիսի 4-ին հայերի համար տխուր մարզական լուրեր ստացվեցին Սանկտ Պետերբուրգից. այստեղ մեր հավաքականի ֆուտբոլիստները հանդիպում ունեին ռուսների հետ Եվրո-2012-ի ընտրական խաղի շրջանակում։ Հայաստանի հավաքականը ռուսական թիմին պարտվեց 1։3 հաշվով։

Սակայն ավելի քան հաջող խաղաց մեր երիտասարդական հավաքականը (մինչև 21 տարեկաններ), որի փայլուն խաղը չեռնոգորցիների հետ սպեղանի դարձավ հայ ֆուտբոլասերների համար։ Եվրո-2013-ի ընտրական խաղում, որը կայացավ Երևանում, Ռաֆայել Նազարյանի սաները 4։1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան մրցակցի դեմ։ 

Հիանալի կլիներ, եթե համաշխարհային իրադարձությունների ներկապնակը հագեցած լիներ քաղաքականությունից հեռու երանգներով։ Բայց դրա մասին միայն երազել կարելի է...

Հունիսին, լիբիական տարածքի երկարատև ռմբակոծումներից հետո, ՆԱՏՕ-ն հանկարծ պարզեց, որ Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևն արևմտյան կոալիցիային «իրավունք է տալիս» սպանել գնդապետ Մուամար Քադաֆիին։ Ինչպես CNN հեռուստաալիքին հայտնել է ՆԱՏՕ ներկայացուցիչը, որը չի ցանկացել հայտնել իր ով լինելը, բանաձևը թույլ է տալիս անմիջականորեն հարվածներ հասցնել Ջամահիրիայի ղեկավարին։ Մինչ այս հայտարարությունը՝ այն երկրները, որոնք մասնակցում են Լիբիայում ռազմական գործողությանը, պնդում էին, որ իրենց ավիացիայի նպատակը ոչ թե կոնկրետ մարդիկ են, այլ ընդամենը ռազմական օբյեկտները։

Այնինչ, հունիսին ի հայտ եկան Լիբիան «ժողովրդավարացնելու» Արևմուտքի ձգտման նոր, իսկական դրդապատճառները։ Ամսվա առաջին տասնօրյակում ամերիկյան The Wall Street Journal-ը հանդես եկավ այն հավաստիացմամբ, թե Քադաֆիի սպանությունը կօգնի, որ ոմանք Վաշինգտոնում պարզապես հետքերը մաքրեն։ Պարբերականն ուշադրություն է դարձրել այն բանին, որ Քադաֆիին վերացնելու վերաբերյալ ՆԱՏՕ ներկայացուցչի ասածին զուգահեռ՝ ԱՄՆ-ից տեղեկություն ստացվեց այն մասին, որ ԱՄՆ արժեթղթերի ու բորսաների հանձնաժողովը (SEC) հետաքննություն է սկսել Goldman Sachs բանկի դեմ։ Ինչպես գրել է The Wall Street Journal-ը, ճգնաժամային 2008-ին բանկը $1,3 մլրդ է կորցրել, որոնք նրան են հանձնվել լիբիական պետական ներդրումային ֆոնդի (Libyan Investment Authority) կառավարման համար։ Տխրահռչակ բանկն այնքան «հմտորեն» էր կառավարել իրեն վստահված փողերը, որ 2009թ. սկզբին ավելի քան միլիարդ դոլարից մնացել էր... 25 միլիոն։ Ինչպես գրում է թերթը, «լիբիական միլիարդի» հետ կապված պատմությունն անհամեմատ ավելի մթին է։ Եվ որոշ դիտորդների շրջանում բանական հարց է ծագել. ներկայիս ռազմական ողջ գործողությունն արդյո՞ք ծածկելու համար չէր այն, թե ինչ «հմտությամբ» են ամերիկացիները կառավարել իրենց վստահված դրամական միջոցները։

Հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներին շատերն էին սպասում թե՛ Հայաստանում, թե՛ Արևմուտքում։ Ինչպեսև սպասվում էր, հաղթանակ է տարել Արդարություն և զարգացում (ԱԶԿ) իշխող կուսակցությունը։ Այնուամենայնիվ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությանը չհաջողվեց հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը, որոնք անհրաժեշտ էին սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու համար, և որոնց մասին երազում է Թուրքիայի վարչապետը։ Վարչապետը ստիպված է կոալիցիայի մեջ մտնել՝ իր պլաններն իրագործելու համար։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարում էր, թե խորհրդարանական ընտրություններից հետո ԱԶԿ-ն ծրագրում է փոխել երկրի սահմանադրությունը՝ ընդունված 1983թ. զինվորական կառավարության կողմից։ Ըստ վարչապետի՝ դա անհրաժեշտ է, որպեսզի պետությունն ավելի դեմոկրատական դառնա և ավելի ընդլայնվի քաղաքացիների անձնական ազատությունը։ Էրդողանի հակառակորդները, սակայն, կարծում են, որ նա առաջին հերթին փորձելու է ամրապնդել երկրի նախագահի դիրքերը՝ ծրագրելով հետագայում զբաղեցնել այդ պաշտոնը։

Իրադարձություններն առավել հաջող էին զարգանում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման համար, որին հունիսին հաջողվեց վերահսկողություն ձեռք բերել Լիբանանի կառավարությունում։ Հունիսի 12-ին Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին հայտարարեց կառավարության կազմավորման ավարտի մասին, կառավարություն, որտեղ մեծամասնություն ստացան «Հեզբոլլահ» շարժումը և նրա դաշնակիցները։ Նախարարների կաբինետի ձևավորման մասին բանակցությունները շարունակվում էին հինգ ամիս։ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը 2011թ. հունվարի 25-ին Միկատիին հանձնարարեց կառավարություն կազմել։ Նախարարների նախորդ կաբինետը, որը գլխավորում էր արևմտամետ քաղաքական գործիչ Սաադ Հարիրին, հրաժարական էր տվել հունվարի 12-ին, երբ այնտեղից դուրս էին եկել 11 նախարարներ, որոնք ներկայացնում էին «Հեզբալլահը» և նրա դաշնակիցներին։

Չափից ավելի վատ էին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործերը, որի համար հունիսը դարձավ լիակատար ձախողման ամիս։ Բանն այն է, որ իտալացիների մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ քվեարկել է այն օրինագիծը վերացնելու օգտին, որը կառավարության անդամներին դատարանի առջև իմունիտետ է ապահովում։ Քվեարկողների մոտ 90%-ը կողմ էր, որ օրենքը հանվի, որը, ինչպես սովորաբար, ընդունվել էր այն բանի համար, որ վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին ձերբազատի քրեական հետապնդումից։

Հունիսին փոխըմբռնման և համագործակցության եզրեր փորձեցին գտնել Հայ Առաքելական եկեղեցու և Վրացական առաքելական ավտոկեֆալ (անկախ) ուղղափառ եկեղեցու հովվապետերը։ Գարեգին II-ի այցը Վրաստան Հայ Առաքելական եկեղեցու հայրապետի առաջին այցն էր վերջին 100 տարվա մեջ։ Այցի շրջանակում Հայաստանի հոգևոր առաջնորդը հանդիպեց Վրաց պատրիարք-կաթողիկոս Իլյա II-ի և նախագահ Միխայիլ Սաակաշվիլու հետ։ Երկու երկրների հոգևոր առաջնորդները եղան նաև Ջավախքում։

Չնայած Վրաստանի նախագահը Գարեգին II-ի այցը Վրաստան գնահատել է որպես «պատմական իրադարձություն», դրան հետևած թե՛ վրացական, թե՛ հայկական կողմի գնահատականները և հայտարարությունները ցույց տվեցին, թե որքան հիմնախնդիրներ և կրոնական բնույթի տարաձայնություններ կան քրիստոնյա հարևանների միջև։

Իսկ ֆինանսական խնդիրները շարունակում էին հետապնդել ԱՄՆ նախագահին։ Ամսվա սկզբին ամերիկյան կոնգրեսից հնչած կոշտ հայտարարություններից հետո Բարաք Օբաման օրենսդիրներին խնդրեց բարձրացնել երկրի պետական պարտքի առավելագույն թույլատրելի շեմը։ Սպիտակ տան ղեկավարն այս դեպքում դիմեց սպառնալիքների լեզվին՝ հայտարարելով, թե հակառակ պարագայում աշխարհում կարող է հերթական ֆինանսական ճգնաժամը պայթել։

«ԱՄՆ պարտքը ոչ միայն մեր կյանքի, այլև աշխարհի ողջ ֆինանսական համակարգի հիմքն է։ Եթե մենք չափից ավելի շատ մոտենանք վտանգավոր գծին, մեզ ամենայն հավանականությամբ կարող է սպասել ֆինանսական ճգնաժամի կրկնությունը»,- ասել է Օբաման՝ ելույթ ունենալով NBC հեռուստաալիքի Today հեռուստաշոուում։

Պետպարտքի սահմանային մակարդակն այժմ կազմում է գրեթե $14 տրիլիոն 300 միլիարդ։ Նախագահի ընդդիմախոսները կարծում են, թե ժամանակն է, որ նրա վարչակազմը դադարեցնի պարտք վերցնելը և ապրի նրանով, ինչ ունի։

Ի դեպ, հունիսին 21-րդ դարի «հերոս», «թիվ մեկ» ահաբեկիչ Ուսամա բեն Լադենին վերացրած Բարաք Օբաման անակնկալ ստացավ «Ալ-Քաիդայից»։ Հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ ահաբեկչական ցանցի առաջնորդին փոխարինել է նրա նախկին տեղակալ, եգիպտացի Այման ալ-Զավահիրին։

Ֆինանսական խնդիրներն անհանգստացնում էին նաև պառավ Եվրոպային, որի տնտեսական կայունությունը սպառնալիքի տակ դրեց իրավիճակը Հունաստանում։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հարկադրված էր հորդորել եվրոպական բոլոր երկրներին՝ Հունաստանի ճգնաժամի ֆոնին առավելագույն ջանքեր գործադրել եվրագոտում կայունությունն ապահովելու համար։ «Աճն առանց կայունության անհնար է։ Այն, ինչ մեզ պետք է հիմա, առաջին հերթին, միասնությունն է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նա եվրոն համարել է Եվրոպայի ամենանշանավոր ձեռքբերումներից մեկը, որն «անհրաժեշտ է պահել-պաշտպանել»։

Բայց այսպես կոչված եվրոպական միասնությունն իրականում ընդամենը դեկլարատիվ հայտարարություն է, դատարկ խոսք։ Ասվածի ապացույցն է Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը, որը հրաժարվեց մասնակցել Հունաստանին աջակցելու ծրագրին։ Բրիտանական կառավարությունն իր դիրքորոշումը հիմնավորեց այն պարզ հանգամանքով, որ, չնայած Եվրամիության անդամ լինելուն, Մեծ Բրիտանիան եվրոյի գոտու մեջ չէ։ Իսկ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն էլ ավելի հեռու գնաց՝ հայտարարելով, թե Բրիտանիան պետք է հրաժարվի աջակցել Հունաստանին, իսկ վերջինս պետք է ընդունի իր տնտեսական խնդիրները, անցնի դեֆոլտի միջով և դուրս գա եվրագոտուց։

Տնտեսական առումով իրեն ավելի վստահ էր զգում Ռուսաստանը։ Հունիսի 17-ին, Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի բացման արարողությանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Ռուսաստանի տնտեսությունը պետք է և կարող է լինել համաշխարհային առաջատարների շարքում, Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ ոչ թե հասնել, այլ շարժվել դեպի նոր տնտեսությունը։ «Իմ ընտրությունն այն է, որ ձևավորվի ռուսաստանցիների բարձր կենսամակարդակ. առողջ մարդիկ, մաքուր տնտեսություն, որակյալ կրթություն, մատչելի բնակարան և լավ առողջապահություն։ Ռուսաստանը կլինի գլոբալ տնտեսական աճի առաջատարների թվում»,- նշեց Մեդվեդևը։   

Սա Կրեմլի ղեկավարի միակ բարձրագոչ հայտարարությունը չէր։ Ռուսաստանի նախագահը հանդես եկավ աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությամբ, որը կզբաղվի երկրում իշխանության ապակենտրոնացմամբ։ Ըստ Մեդվեդևի՝ բարձր մակարդակի աշխատանքային խումբը կստեղծվի մոտ ժամանակներս։ Ապակենտրոնացումը, ինչպես հայտարարեց Դ.Մեդվեդևը, նախևառաջ տեղի կունենա հօգուտ մունիցիպալ մակարդակի։ Իր ելույթում ՌԴ նախագահը խիստ քննադատության ենթարկեց երկրում ստեղծված կառավարման կենտրոնացված համակարգը։ «Եթե ամեն ինչ սկսում է գոնե ինչ-որ կերպ աշխատել և շարժվել միայն Կրեմլից հնչած ազդանշանով, նշանակում է՝ համակարգը կենսունակ չէ և այն անհրաժեշտ է կառուցել կոնկրետ մարդու հաշվարկով։ Սա վատ է, սա նշանակում է, որ այն հարկավոր է փոխել»,- հայտարարել է նա։

Հունիսն այն ժամանակաշրջանը դարձավ, երբ արտասահմանյան փորձագետները սկսեցին պսակազերծել առասպելը «վրացական տնտեսական հրաշքի» մասին։ Այսպես, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը հայտարարել է, թե գլխավոր մարտահրավերը Սաակաշվիլու համար տնտեսությունն է։ «Վրաստանն իրեն հաջող տնտեսություն ունեցող երկիր է համարում, ինչպես Թուրքիան է, սակայն նրա գլխավոր ձեռքբերումները մնացել են անցյալում։ Թուրքիայում զգուշանում են տնտեսության գերշիկացումից։ Վրաստանը միայն երազել կարող է նման խնդիրների մասին։ Ուլտրալիբերալ մոտեցումը, որը ներդրումների արագ հոսք ապահովեց 2006-2008թթ., ոչինչ չկարողացավ անել հաստատված աղքատության հետ»,- ասել է դե Վաալը։

Իսկ ահա խոր տնտեսական և արժութային ճգնաժամի մեջ գտնվող Բելառուսի նախագահը շարունակեց աշխարհին զարմացնել վերահաս աղետի հաղթահարման իր արտառոց մեթոդներով։ Ինչպես հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն, տնտեսական դրության կտրուկ վատթարացման պարագայում Բելառուսը կարող է փակել սահմանները և լրիվ հրաժարվել ներմուծումից։ Բելառուսի նախագահը չի պարզաբանել, թե հատկապես ինչ նկատի ունի, երբ խոսում է սահմանը «փակելու» մասին։ Բայց միևնույն ժամանակ Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Բելառուսը տնտեսական աղետի չի հասնի, իսկ առաջիկա մի քանի ամիսներին իրավիճակը երկրի սպառողական շուկայում կկայունանա։ «Մենք մի քայլ անգամ չենք նահանջի մեր սոցիալ-տնտեսական մոդելից։ Մենք գնացել ենք մեր ճանապարհով և շարունակելու ենք ընթանալ դրանով»,- ընդգծել է այդ երկրի նախագահը՝ հավելելով, որ առայժմ «գոտիները ձգելու» անհրաժեշտություն չի տեսնում։

Լուկաշենկոյին չվախեցրին անգամ Եվրամիության պատժամիջոցները, ընդհակառակը, նա հայտարարեց հակամիջոցների մասին։ Բելառուսի առաջնորդի խոսքով՝ Մինսկը որոշել է Եվրամիության պատժամիջոցների իրավազորության մասին հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ։ Իսկ Բելառուսի հանդեպ բուն պատժամիջոցները Լուկաշենկոն «անուղեղ և չկշռադատված» քաղաքականություն անվանեց։

Վերադառնանք Ռուսաստանին և նշենք, որ հունիսը, ինչպեսև նախորդ ամիսները, չգաղտնազերծեց Դմիտրի Մեդվեդևի 2012-ի նախագահական պլանները։ Դրա փոխարեն Կրեմլի ղեկավարը խոստացավ հայտարարել այն մասին, թե կդնի արդյոք թեկնածությունը երկրորդ ժամկետի համար, «հատուկ ձևաչափով»։ «Յուրաքանչյուր պատմություն իր ինտրիգը պետք է ունենա, այլապես ապրելն անհետաքրքիր է։ Եկեք մի փոքր էլ պահենք այն»,- ասել է նախագահը։ Միևնույն ժամանակ, Մեդվեդևը հավաստիացրել է, որ շատ չի մնացել սպասելու։ «Այն պահին, երբ ես ճիշտ կհամարեմ ուղղակի ասել՝ կանեմ, թե ոչ, ես դուրս կգամ և կանեմ այդ»,- հայտարարել է Մեդվեդևը։

Սա նա ասել է հունիսի 18-ին, իսկ երկու օր հետո հանդես է եկել էլ ավելի հետաքրքրաշարժ հայտարարությամբ՝ The Financial Times թերթին տեղեկացնելով, որ Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին չի մրցակցելու Վլադիմիր Պուտինի հետ։ Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր համարում է արդյոք Մեդվեդևը, որ ինքը և Պուտինը միաժամանակ կդնեն իրենց թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնի համար, նախագահն ասել է. «Դա դժվար է պատկերացնել առնվազն մեկ պատճառով։ Մենք Վլադիմիր Պուտինի՝ իմ գործընկերոջ և վաղեմի բարեկամի հետ ներկայացնում ենք, մեծ հաշվով, նույն քաղաքական ուժը։ Մեր միջև մրցակցությունը կարող է վնասել այն նպատակներին ու խնդիրներին, որոնց իրագործմամբ մենք զբաղվել ենք վերջին տարիներին։ Ուստի, ես կարծում եմ՝ դա կլիներ լավագույն սցենարը մեր երկրի համար և տվյալ կոնկրետ իրավիճակի համար»։

Այդ ընթացքում արևմտյան կոալիցիան, որին ոչ մի կերպ չէր հաջողվում «մաքրել Մուամար Քադաֆիի հաշիվները» և «դեմոկրատիա» հաստատել Լիբիայում, ստիպված եղավ դեմառդեմ բախվել ճշմարտությանը և խոստովանել խաղաղ բնակիչների սպանությունը։ Դաշինքի հրամանատարությունը հունիսի 20-ին հայտարարեց, որ հունիսի 19-ի կիրակի օրը, վաղ առավոտյան, Տրիպոլիին հասցված ավիահարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ «Ավիահարվածներից մեկը, տեխնիկական խափանման պատճառով, նշված թիրախին չի հասցվել, ինչը կարող էր հանգեցնել զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասվում է Լիբիայում ՆԱՏՕ գործողության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շառլ Բուշարի տարածած հայտարարությունում։ Լիբիայի իշխանություններն, իրենց հերթին, հայտարարել են, թե ՆԱՏՕ ՌՕՈւ-ն հարված է հասցրել Տրիպոլիի արևելյան բնակելի թաղամասին, որի հետևանքով ինը խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 18-ը՝ վիրավորվել։ Լիբիայի ԱԳ նախարար Աբդուլ Աթի ալ-Օբեյդին ՆԱՏՕ-ին մեղադրել է Տրիպոլիի «խաղաղ արվարձանի վրա դիտավորյալ հարձակման» մեջ՝ հայտարարելով, որ ռմբակոծության են ենթարկվել նաև երկրի մայրաքաղաքի քաղաքացիական այլ օբյեկտներ։

Այս ողբերգական իրադարձությունները, հավանաբար, առիթ հանդիսացան, որպեսզի Արևմուտքում իշխի առողջ բանականությունը, քանի որ լիբիական կամպանիայի անիմաստությունն օրեցօր ակնհայտ է դառնում։ Համենայնդեպս, հունիսի 22-ին Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին Լիբիայում ռմբակոծումները դադարեցնելու խնդրանքով դիմեց ՆԱՏՕ ղեկավարներին։ Իտալացի նախարարն իր դիրքորոշումը հիմնավորեց նրանով, որ ՆԱՏՕ-ական ռազմական գործողությունների պատճառով Լիբիան չի կարող հումանիտար օգնություն ստանալ։ Իտալիայի ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ից նաև պահանջեց հրապարակել դաշինքի կողմից Լիբիային հասցված օդային հարվածների արդյունքները, հատկապես տեղեկատվություն այդ հարվածների թիրախների որոշման հարցում կատարված սխալների մասին։

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն կարող է պարտվել Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ մղվող հոգեբանական պատերազմում, եթե միջազգային կոալիցիայի հարվածների արդյունքում շարունակեն զոհվել խաղաղ բնակիչներ։ «ՆԱՏՕ-ն սպառնալիքի տակ է դնում իր գործողությունների լեգիտիմությունը, եթե դրանց զոհեր են դառնում խաղաղ քաղաքացիները»,- նշել է Ֆրատինին։ Նա նաև քննադատել է արևմտյան զանգվածային լրատվամիջոցները, որոնք «բավարար չափով չեն ընդգծում ՆԱՏՕ գործողությունների դրական արդյունքները Լիբիայում»։ Դրական արդյունքներ պետք է լինեն, որ դրանց մասին խոսե՛ն։

Հունիսի 21-ին ցավալի բան պատահեց Ռուսաստանում։ «Ռուսէյր» ավիաընկերության՝ Մոսկվայից Պետրոզավոդսկ չարթերային թռիչք իրականացնող Ту-134 ինքնաթիռը վայր ընկավ Կարելիայի մայրաքաղաքի օդանավակային մոտենալիս։ Ինքնաթիռում 52 մարդ կար, որոնցից 44-ը զոհվել է վթարի վայրում։ Երեքը վախճանվեցին ավելի ուշ, հիվանդանոցում։ Նախնական տվյալներով՝ վատ եղանակային պայմաններում աղետի պատճառ կարող էր լինել օդաչուի սխալը։

Օդային այս աղետը առիթ ծառայեց, որպեսզի դիտարկվի Ту-134 ինքնաթիռների հետագա շահագործման նպատակահարմարության մասին հարցը։ Ողբերգությունից երկու օր հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարեց վերլուծել Ту-134-ը շահագործումից հանելու հնարավորության հարցը։ «Ես հանձնարարել եմ, որպեսզի արագ կազմակերպեն Ту-134-ը շահագործումից դուրս բերելը։ Ժամանակն է անել դա»,- ասել է Մեդվեդևը։

Հունիսի 22-ին աշխարհում, մասնավորապես՝ հետխորհրդային տարածքում հիշում էին համաշխարհային պատմության ամենաարյունալի պատերազմի զոհերին։ 1941թ. հունիսի 22-ը 20-րդ դարի ամենատխուր օրերից մեկն է. այդ օրն սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Հազարավոր մոմեր վառվեցին Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում՝ ի հիշատակ Մեծ հայրենականի զոհերի. «Հիշողության իմ հերթապահությունը» ակցիան տեղի ունեցավ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 4-ին, ուղիղ 70 տարի անց այն բանից հետո, երբ ֆաշիստական Գերմանիան առաջին հարվածները հասցրեց ԽՍՀՄ-ին։

Այդ նույն օրը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը հաստատեց համաշխարհային կազմակերպության ներկայիս քարտուղար Պան Գի Մունի թեկնածությունը երկրորդ հնգամյա ժամկետի համար։ Դրանից մեկ շաբաթ առաջ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել՝ երաշխավորելով Պան Գի Մունին գլխավոր քարտուղարի պաշտոնում, և այդ երաշխավորությունն ընդունվեց ձայների մեծամասնությամբ։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի այլ թեկնածուներ չկային։

Այդ օրը քաղաքականապես հագեցած էր նաև Հայաստանի համար։ Հունիսի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Ստրասբուրգ, որտեղ հանդիպեց ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի, Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Փրեսքոթի, Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համարբերգի, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյոռն Յագլանդի, մարդու իրավունքների գծով Եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստայի հետ։ Այնուհետև հանրապետության ղեկավարը ելույթ ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստում և պատասխանեց նիստի մասնակիցների հարցերին։ Այցի ավարտին Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց «Եվրանյուս» հեռուստաալիքին։

Իսկ հունիսի 24-ին Հայաստանի նախագահը մեկնեց Կազան՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպելու համար։ Արժե նշել, որ սպասելիքները Կազանի գագաթաժողովից մեծ էին։ Ղարաբաղյան կարգավորման շուրջ հանդիպման նախօրեին ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս տարբեր փորձագետներ և քաղաքական գործիչներ հանդես էին գալիս հայտարարություններով, մեկնաբանություններով և կանխատեսումներով։ Այդ հայտարարությունների գլխավոր ասելիքն այն էր, որ Կազանի հանդիպումը «սահմանագծային» է և վճռորոշ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առումով։ Շահագրգռված բոլոր կողմերը սպասում էին, որ հունիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհայտարարեն հիմնական սկզբունքների ընդունման մասին, որոնց հիման վրա հնարավոր կլինի հետագա ընթացքը հաշտության համաձայնագրի մշակման ուղղությամբ։ Հանդիպման նախօրյակին Սերժ Սարգսյանին զանգահարեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծեց Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման կարևորությունը։ Հայաստանի ղեկավարին բանակցություններից մեկ օր առաջ ուղերձ էր հղել Ֆրանսիայի նախագահը։ Նիկոլա Սարկոզին վստահություն էր հայտնել, որ եկել է ժամանակը՝ ամրապնդելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են հետագայում վարվել կարգավորմանն ուղղված բանակցությունները։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարները պարտավոր են իրենց ժողովրդին ցույց տալ խիզախության, իմաստության և խաղաղության ճանապարհը։ Հունիսի 24-ի առավոտյան ռուսական առաջատար ԶԼՄ-ներում նույնիսկ ի հայտ եկավ տեղեկատվություն այն մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը Կազանում կստորագրեն փաստաթուղթ, որն իրավաբանորեն կպարտավորեցնի նրանց հրաժարվել վեճերը լուծելու համար ուժի դիմելուց։ Եվ այսպես, մթնոլորտը բանակցությունների շուրջ լի էր ակնկալիքով...

Բայց ամեն ինչ ավարտվեց, կարելի է ասել, սովորականի նման։ Բավական երկարատև բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում ասվում է. «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները 2011թ. հունիսի 24-ին հանդիպեցին Կազանում և դիտարկեցին իրենց հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքի ընթացքը: Պետությունների ղեկավարներն արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երախտագիտություն հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց մշտական ուշադրության համար և բարձր գնահատեցին պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը»: Այսինքն՝ փաստաթղթից հետևում է, որ հիմնական սկզբունքները, ինչպեսև նախկինում, տարաձայնությունների առարկա են, իսկ հաշտության համաձայնագրի մշակումը կրկին հետաձգվել է։ Կազանի բանակցությունների հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանեց, թե ինչու երեք նախագահների հանդիպումը բեկումնային չդարձավ։ Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից կարելի է դրական արդյունքներ և ինչ-որ առաջընթաց սպասել, եթե Ադրբեջանը հանդես չգա գործընթացը փոխելու նոր առաջարկություններով։ Սակայն, ինչպես նշեց Նալբանդյանը, կազանյան հանդիպումը բեկումնային չդարձավ, Բաքուն պատրաստ չէր ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնական սկզբունքների վերջնական տարբերակը։ Ավելին, ադրբեջանական կողմն առաջարկեց մոտ տասը նոր փոփոխություն, և դա պատճառ հանդիսացավ, որպեսզի Կազանի հանդիպումը բեկումնային չդառնա։ Համենայնդեպս, Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ հանդիպումն օգտակար էր մանրամասն քննարկումների շարունակման տեսակետից։ «Եվ կարևորն այն է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը վերջին երեք տարվա ընթացքում մեծ ներդրում է ունեցել ղարաբաղյան գործընթացում, պատրաստակամություն հայտնեց շարունակել ջանքերը՝ սկզբունքների համաձայնեցման և դրանց շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Ըստ նրա՝ «մենք շարունակելու ենք բանակցությունները, որովհետև հիմնախնդրի լուծման համար այլ ճանապարհ չկա»:

Անդրադառնանք այլ իրադարձություններին։ Հունիսի երկրորդ կեսին ԱՄՆ սենատը, չնայած ոչ վաղ անցյալում ունեցած կոշտ դիրքորոշմանը, բանաձև ընդունեց ևս մեկ տարվա ընթացքում Լիբիայում ռազմական ուժ կիրառելու մասին։ Ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները տեղեկացրին, որ երկրի նախագահ Բարաք Օբաման ՆԱՏՕ գործողությանը մասնակցելու համար ամերիկյան զինծառայողներ ուղարկելու հնարավորություն է ստացել։ Դա Ջոն Քերիի և Ջոն Մակքեյնի երկկուսակցական համաձայնությունն է։ «Քերի-Մակքեյն բանաձև» անվանումն ստացած փաստաթղթում նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը զորքերի սահմանափակ և միայն ի նպաստ ԱՄՆ ազգային շահերի օգտագործման հնարավորություն է ստանում։

Այդ ընթացքում Արևմուտքը փորձում էր ելք գտնել այն փակուղուց, որում հայտնվել էր Օբամայի նախորդի՝ Ջորջ Բուշ-կրտսերի մեղքով։ Խոսքն Աֆղանստանի մասին է։ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հավաստել է, որ Ամերիկան, ինչպես նա է արտահայտվել, նախնական շփումներ է ունեցել աֆղանական թալիբանի հետ։ Ամերիկյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում Գեյթսը նշել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը, մյուս երկրների հետ միասին, նախապատրաստական բանակցություններ է վարում այս կազմակերպության հետ, բայց, նրա կարծիքով, շատ ամիսներ կանցնեն, մինչև որ ինչ-որ հաջողություններ ձեռք կբերվեն այս ուղղությամբ։

Սրանից մի քանի օր անց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ուղերձով դիմելով ազգին, որում, ինչպեսև սպասվում էր, տեղեկացրեց Աֆղանստանից զորքերի դուրսբերումն սկսելու մասին, հայտարարեց, որ այս երկրի քաղաքական կարգավորման գործընթացին կարող են մասնակցել աֆղան ժողովրդի բոլոր խմբերը, այդ թվում և թալիբան շարժումը։

Օբաման նշել է, որ թալիբների մասնակցությունը երկրի հետպատերազմյան կյանքին հնարավոր է միայն այն դեպքում, եթե հրաժարվեն բռնությունից և «Ալ-Քաիդայի» հետ կապից, ինչպես նաև՝ եթե ենթարկվեն Աֆղանստանի սահմանադրությանը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ 2012թ. ամռանը Աֆղանստանից հայրենիք կվերադառնան 33 հազար զինծառայողներ, որոնցից 10 հազարը Աֆղանստանից դուրս կգան արդեն ընթացիկ տարում։ Ամերիկյան զորքերի լրիվ դուրսբերումն Աֆղանստանից նախատեսվում է 2014 թվականին։

Օբամայից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարեց ֆրանսիական զորքերն Աֆղանստանից դուրս բերելու մասին։ Թե հատկապես երբ ֆրանսիական առաջին միավորումները կհեռանան Աֆղանստանից, չի նշվում, սակայն, ըստ Սարկոզիի, զորքերը դուրս կբերվեն փուլ առ փուլ, իսկ ժամանակացույցը կհամաձայնեցվի ամերիկյան հրամանատարության հետ։

Մինչ Օբաման փորձում էր ինչ-որ կերպ «ղեկավարել» իրավիճակն Աֆղանստանում, Եվրամիությունը հող էր պատրաստում Ասադին «քադաֆիացնելու» համար։ Հունիսի 24-ին, ԵՄ գագաթաժողովում, ընդունվեց ամփոփիչ հայտարարություն, որից հետևում է, որ «Սիրիայի քաղաքացիական բնակչության դեմ հանցագործությունների և բռնության» պատասխանատուները պետք է պատժվեն իրենց գործողությունների համար։ «Խոստացված ծավալուն ժողովրդավարական բարեփոխումների փոխարեն հօգուտ բռնաճնշումների ընտրություն կատարելով՝ սիրիական ռեժիմը խափանում է իր լեգիտիմությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Բացի այդ, ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել Սիրիայի ղեկավարության հանդեպ, որն ընդլայնում է այսպես կոչված «սահմանափակիչ միջոցները»։ Ցանկում ներառված են չորս սիրիական ընկերություններ, որոնք կապված են երկրի ուժային կառույցների հետ, ինչպես նաև յոթ պաշտոնյա, որոնք, ԵՄ կարծիքով, պատասխանատվություն են կրում խաղաղ բնակչության դեմ բռնություն կիրառելու համար։

ԵՄ ղեկավարները «սիրիական» ցուցակ են մտցրել նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարիին և նրա երկու տեղակալներին, որոնք, ինչպես կարծում են ԵՄ-ում, հատուկ սարքավորում էին մատակարարում Սիրիային, որը սիրիական իշխանությունների կողմից օգտագործվում էր ցույցերը ճնշելու ընթացքում։

Միևնույն ժամանակ, լարված իրավիճակ էր ստեղծվել նաև սիրիա-թուրքական սահմանին։ Հաջորդ օրն այս տարածաշրջանից տեղեկություններ էին ստացվում, թե Սիրիայի սահմանին տեղակայված թուրքական զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի՝ կապված այն բանի հետ, որ սիրիական զորքեր են կենտրոնացվում սահմանամերձ տարածքում։ Սիրիական զինվորական ստորաբաժանումները, ներառյալ տանկերը, 500 մետր հեռավորությամբ մոտեցել են սահմանագծին։ Թուրքիայում հնչող ենթադրությունների համաձայն՝ սիրիական զինվորական ստորաբաժանումները սահմանամերձ տարածքում իրականացրել են Թուրքիա փախչել փորձող զինծառայողներին հետապնդելու գործողություն։

Վաշինգտոնը սիրիական զինվորականների գործողությունները գնահատեց որպես «սադրանք տարածաշրջանում»։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սիրիային հորդորեց հանել զորքերը Թուրքիային սահմանամերձ շրջաններից։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս տարածքներում սիրիացի զինվորականների ներկայությունը վատթարացնում է թուրքական տարածք անցնող փախստականների հետ կապված առանց այդ էլ բարդ իրավիճակը, ինչպես նաև մեծացնում է թուրքերի հետ բախումների առաջացման հավանականությունը։ Քլինթոնը նշել է, որ պաշտոնական Վաշինգտոնն այս իրավիճակը համարում է ծայրահեղ վատ և խիստ մտահոգիչ։

Հունիսի 26-ին Վենեսուելայից ստացված տեղեկությունը, ստույգ լինելու պարագայում, անշուշտ, կուրախացներ ամերիկացիներին, բայց... Բանն այն է, որ հունիսի 10-ին Կուբա կատարած այցելության ժամանակ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, առողջական խնդիրներ ունենալով, վիրահատության էր ենթարկվել։ Եվ ահա, հունիսի 25-ին El Nuevo Herald թերթը, հղում կատարելով ԱՄՆ հետախուզությունում գտնվող աղբյուրին, տեղեկացնում էր, որ Չավեսը «ծայրահեղ վատ վիճակում է»։ Ընդ որում՝ թերթը գրում էր, թե աղբյուրը չէր կարողացել ոչ հաստատել, ոչ հերքել վարկածը, թե իբր Վենեսուելայի նախագահը հիվանդանոց է տարվել քաղցկեղի պատճառով։ Այս տեղեկությունը համերաշխորեն տարածում էին արևմտյան լրատվամիջոցները։ Բայց արդեն հաջորդ օրը Վենեսուելայի փոխնախագահ Էլիաս Խաուա Միլանոն հայտարարեց, որ Ուգո Չավեսն ապաքինվում է։ Այնպես որ՝ «երկաթյա Ուգոն» դեռ շատ գլխացավանք կպատճառի իր գլխավոր գաղափարախոսական հակառակորդներին։

Հունիսի երկրորդ տասնօրյակում ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ դաշինքի հրամանատարությունը Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարի նոր պլաններ է մշակում։ «Մենք չենք պատրաստվում Լիբիա ուղարկել ցամաքային զորքեր, քանի որ հստակորեն հետևելու ենք ՄԱԿ բանաձևին։ Միևնույն ժամանակ, մեզ թույլ է տրվել օգտագործել անհրաժեշտ ցանկացած միջոց»,- ասել է Ռասմուսենը։ «Լիբիական անակնկալի» այլ մանրամասներ Ռասմուսենը չի բացահայտել։ Այս հայտարարությանն արևմտյան ԶԼՄ-ներում հաջորդեցին տեղեկություններ այն մասին, թե գնդապետը «ծրագրում է փախչել երկրից»։ Օրինակ, Լիբիայի արտաքին գործերի նախկին նախարար Աբդուռահման Մոհամեդ Շալգամը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ շատ շուտով Քադաֆին կհեռանա Տրիպոլիից։ Ըստ ընդդիմության կողմն անցած նախկին նախարարի՝ լիբիական դիկտատորը երկիրը կլքի առավելագույնը երեք շաբաթ անց։ Շալգամը նշել է, որ այժմ Քադաֆին դաշնակից երկրների ղեկավարների մեջ փնտրում է մեկին, ով նրան կփրկի Հաագայի միջազգային դատարանի դատավարությունից և կօգնի թաքցնել իր փողերը։

Ըստ քաղաքական գործչի՝ Բելառուսն այն երկրների թվում է, ուր կարող է փախչել գնդապետը։ Այնուհետև ԱՄՆ վարչակազմում գտնվող աղբյուրը տեղեկացրել է, որ Լիբիայի նախագահը կարող է Տրիպոլիից ավելի ապահով տեղ փախչել։ Համաձայն առկա հետախուզական տեղեկատվության՝ Քադաֆիի տեղափոխման հարցը հիմա է քննարկվում, քանի որ Տրիպոլիում գտնվելն անվտանգ չէ ՆԱՏՕ կանոնավոր ավիահարձակումների պատճառով։

Իհարկե, անհնար է ստուգել այս տեղեկությունների հավաստիությունը։ Մենք հակված ենք դա դիտարկել որպես տեղեկատվական պատերազմի բաղադրատարր, հոգեբանական ճնշում, ինչպես նաև փորձ՝ ցույց տալու համաշխարհային հանրությանը, որ ռազմական գործողությունը Լիբիայում արդյունքներ է տալիս։ Բայց, ինչպես տեսնում ենք, բանը «դեմոկրատիայի շուտափույթ հաղթանակի և բռնապետությունից լիբիացիների ազատագրման մասին» չհաստատված տեղեկություններից ու հայտարարություններից այն կողմ չի անցնում։ Պարզ է միայն մի բան. գնդապետ Քադաֆին, որն ահաբեկչության հանդեպ հակման պատճառով զրկված էր միջազգային հանրության հարգանքից, այսօր աշխարհում հեղինակություն է վայելում, ինչից զրկված են նրա ընդդիմախոսներ Սարկոզին, Օբաման և ուրիշները։ Իրականում նրանք ո՜ւր են, որ Քադաֆիին հասնեն, որը 27 տարեկանում ռեժիմներ էր տապալում, փոխում էր պատմության ընթացքը, պետություն էր ստեղծում։ Այստեղ մտածելու բան կա...

Եվ վերջում համառոտ անդրադառնանք հունիսի վերջի հիմնական իրադարձություններին: Կազանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ոչ այնքան հաջող բանակցություններից մի քանի օր անց Ռուսաստանից ստացվեցին հաղորդագրություններ, որ Դմիտրի Մեդվեդևը կարող է հրաժարվել միջնորդական առաքելությունից, միաժամանակ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահը ստորագրել է Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագիրը երկարացնելու շուրջ արձանագրության վավերացման մասին օրենքը: Հունիսի 27-ին լրացավ Մուամար Քադաֆիի դեմ Արևմուտքի ռազմարշավի 100-օրյա ժամկետը, նույն օրը Հաագայի միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Լիբիայի առաջնորդի ձերբակալության օրդեր տվեց: Հունիսի 28-ին Արժույթի միջազգային հիմնադրամի նոր տնօրեն նշանակվեց Ֆրանսիայի ֆինանսների արդեն նախկին նախարար Քրիստին Լագարդը, որը դարձավ այդ կազմակերպության առաջին կին ղեկավարը: Ամսվա վերջին իսրայելական իշխանությունները սպառնացին Բաշար Ասադին` ֆիզիկապես ոչնչացնել նրան, եթե նա փորձի վերսկսել մարտական գործողություններն իրենց երկրի դեմ: Հունիսի 29-ին Թբիլիսիում հանդիպեցին Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները, երկուստեք գոհունակություն արտահայտվեց երկկողմ հարաբերությունների մակարդակի կապակցությամբ: Նույն օրն իրենց «հանդուրժողական» դեմքը հասցրին ցույց տալ ադրբեջանական իշխանությունները` երկրից վռնդելով Bloomberg գործակալության լրագրող Դիանա Մարկոսյանին միայն այն պատճառով, որ նա հայ է: Հունիսի վերջը դարձավ պակիստանա-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամի խորացման շրջան, երբ Իսլամաբադը պահանջեց, որպեսզի ԱՄՆ-ը դուրս բերի Պակիստանի հարավում գտնվող ԿՀՎ ռազմակայանը: Սաուդյան Արաբիայում խոսեցին Մերձավոր Արևելքում հնարավոր «միջուկային» պատերազմի մասին և սպառնացին միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ սկսել, եթե Իրանը նման զենք ստեղծի։

Ահա այսպիսին էր ամռան առաջին ամիսը` ոչ այնքան բուռն, բայց ոչ էլ այնքան հանգիստ: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հուլիսին:

Միխայիլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am