Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Հունիս 2011, N 6

ՀՈՒՆԻՍԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ամսվա վերջին օրն ուրախալի լուր ստացվեց Մոսկվայից։ Երաժիշտ-կատարողների Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում թավջութակահարների մեջ հաղթանակ տարավ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Նարեկ Հախնազարյանը։ Նշենք, որ Չայկովսկու անվան մրցույթն աշխարհում ամենահեղինակավորներից է, որի դափնեկիրները հետագայում դառնում են առաջին մեծության աստղեր։ Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիրներ են համաշխարհային կատարողական արվեստի այնպիսի հսկաներ, ինչպիսիք են ջութակահարներ Վիկտոր Տրետյակովը, Գիդոն Կրեմերը, Վլադիմիր Սպիվակովը, դաշնակահարներ Վան Կլիբեռնը, Վլադիմիր Աշքենազին, Գրիգորի Սոկոլովը, Անդրեյ Գավրիլովը, Միխայիլ Պլետնյովը, թավջութակահարներ Կարինե Գեորգիանը, Սուրեն Բագրատունին, Դավիդ Գերինգասը, երգիչներ Պաատա Բուրչուլաձեն, Դմիտրի Խվորոստովսկին, Ելենա Օբրազցովան։

Նարեկ Հախնազարյանը երկրորդ հայ ոսկե մեդալակիրն է Կարինե Գեորգիանից հետո. վերջինս 1966թ. հաղթել էր թավջութակահարների մրցույթում։ Պետք է ասեմ, որ Չայկովսկու մրցույթը հայ կատարողների համար միշտ էլ բարդ սահմանագիծ, իսկ հայկական ազգանունները դափնեկիրների մեջ՝ մշտապես հազվադեպ են եղել։ Իսկ ամենից շատ բերել է թավջութակահարների բախտը, և Նարեկը երրորդ հաղթանակողն էր Կարինե Գեորգիանից և Սուրեն Բագրատունուց հետո, որը երկրորդ մրցանակի է արժանացել 1986թ.։

Համընդհանուր կարծիքի համաձայն՝ Նարեկ Հախնազարյանը ֆենոմենալ օժտվածության տեր թավջութակահար է և արդեն կայացած արտիստ՝ չնայած դեռ պատանի է։ Այսօր նրան կարելի է աշխարհի լավագույն թավջութակահարներից մեկը համարել, և դա, անշուշտ, ուրախալի է։ Բայց Նարեկի փայլուն հաղթանակը մեզ տխուր մտորումների տեղիք է տալիս, և այս առնչությամբ չեմ կարող մի քանի տագնապալի միտք չհնչեցնել։

1924թ. հիմնված Երևանի պետական կոնսերվատորիան հիսուն տարվա ընթացքում դարձավ աշխարհի լավագույն երաժշտական հաստատություններից մեկը և, անշուշտ, լավագույն բուհը Հայկական ԽՍՀ-ում։ Խորհրդային Միությունում այն երրորդն էր (Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաներից հետո), իսկ դա նշանակում էր, որ մեր կոնսերվատորիան մտնում էր, առնվազն, երկրագնդի լավագույն երաժշտական բուհերի տասնյակի մեջ։ Հատուկ հաջողությունների հասան ջութակի, կոմպոզիտորական և տեսության հայկական դպրոցները։ Ի՞նչ է այսօր Երևանի պետական կոնսերվատորիան։ Խղճուկ տեսարան, եթե արտահայտվելու լինենք նորմատիվ բառապաշարի սահմաններում։ 90-ականների այլասերումը չէր կարող չանդրադառնալ կոնսերվատորիայի վրա, և այսօր այնտեղ չի մնացել ոչ մեկը նրանցից, որոնց շնորհիվ կոնսերվատորիան փայլում էր։

Մոսկվա տեղափոխվեց և Բորոդինի անվան քառյակը գլխավորեց Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Ահարոնյանը (Չայկովսկու մրցույթի դափնեկիր 1966 և 1974թթ., համապատասխանաբար վեցերորդ և երկրորդ մրցանակներ), Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսորներ դարձան Երևանի կոնսերվատորիայի նախկին պրոֆեսորներ, դաշնակահար, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Հայրապետյանը, ջութակահարներ Արա Բոգդանյանը և Սուրեն Հախնազարյանը։ Վերջինը Վիլլի Մոկացյանի և Լեոնիդ Կոգանի աշակերտն է և Նարեկի հայրը։

Դեռևս 1990-ականների ցուրտ ու մութ տարիներին պրոֆեսոր Հախնազարյանն ընտանիքը տեղափոխեց Մոսկվա, որտեղ Նարեկը փայլուն կրթություն ստացավ, իսկ ավելի ուշ, տասը տարի առաջ, վերջնականապես տեղափոխվեց նաև ինքը՝ թողնելով Կոմիտասի անվան քառյակը (որի երկրորդ ջութակն էր) և կոնսերվատորիան։ Հախնազարյանի հեռանալով Կոմիտասի քառյակը, փաստորեն, դադարեց գոյություն ունենալ, այսինքն՝ քառյակը մնաց միայն թղթի վրա, որով մարդիկ աշխատավարձ են ստանում։ Իսկ կոնսերվատորիայում, կադրերի արտահոսքի և այն պատճառով, որ կյանքից հեռացան կարկառուն պրոֆեսորներ, սերունդների կապն ընդհատվեց, և այսօր այնտեղ մասնագիտական դասարաններ են վարում այնպիսի մակարդակի մասնագետներ, որոնց խորհրդային տարիներին նույնիսկ կոնցերմայստերություն չէին վստահի։ Ահա այսպիսի բաներ...

Չայկովսկու անվան մրցույթի մեկ այլ հաղթող՝ դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովը, ղարաբաղյան ծագում ունեցող լենինականցի Սերգեյ Բաբայանի աշակերտն է։ Սերգեյն ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 90-ականներին իր մասին խոսել է տվել միջազգային ասպարեզում և տեղափոխվել Քլիվլենդ։ Այսօր Սերգեյ Բաբայանն աշխարհի ամենապահանջված դաշնակահար կատարողներից է և ճանաչված հեղինակություն մանկավարժության մեջ։ Նրա մոտ ուսանելու են գնում աշխարհի առաջատար երաժշտական բուհերի սաները (մասնավորապես, Մոսկվայի կոնսերվատորիան թողեց և Քլիվլենդի երաժշտության ինստիտուտ տեղափոխվեց Դանիիլ Տրիֆոնովը, որտեղ էլ Բաբայանի ղեկավարությամբ սկսվեց նրա փայլուն կարիերան)։

Ցավոք, մի շարք անհեթեթությունների պատճառով մենք զրկվեցինք Չայկովսկու մրցույթի ևս մեկ հաղթահերոսից։ Լենինականցի Հրաչիկ Ավանեսյանը՝ պրոֆեսոր Սուրեն Հախնազարյանի աշակերտը (Չայկովսկու անվ. դպրոցում), որին ծնողները փրկեցին սովից՝ Եվրոպա փախչելով, լուրջ կրթություն է ստացել, ուսանել է Հրաչիկ Հարությունյան-կրտսերի (տե՛ս ստորև) և Իգոր  Օյստրախի մոտ, անցել Չայկովսկու մրցույթի ընտրական փուլը։ Բայց վերջին պահին պարզվեց, որ Հրաչիկը չի կարող Մոսկվա մեկնել. հայկական դատախազությունը բանակից «խուսափելու» համար նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Հրաչիկը դիմել է երկրի ղեկավարությանը տեղի ԶԼՄ-ների միջոցով՝ խնդրելով հանել իր նկատմամբ հայտարարված հետախուզումը՝ մրցույթին մասնակցելու համար, որի հաղթող դառնալու բոլոր հնարավորություններն ուներ։ Սակայն արձագանքն ուշացավ, և Հրաչիկը Մոսկվա չեկավ, իսկ Հայրենիքը զրկվեց ինչպես զինվորից (կարծում եմ՝ Հրաչիկ Ավանեսյանը, բարեբախտաբար, այնքան խելք կունենա, որ երբեք չդառնա այն զինված ուժերի զինվորը, որի գլխավոր շտաբը գլխավորում է Յուրի Խաչատուրովը), այնպես էլ հաղթանակից աշխարհի խոշորագույն ֆորումում։

Եվս մի քանի խոսք վերջին տասնամյակների կորուստների մասին։ 90-ականների սկզբին Ֆրանսիա տեղափոխվեց ԵՊԿ ջութակի ամբիոնի վարիչ, Լեոնիդ Կոգանի աշակերտ, Վենյավսկու մրցույթի դափնեկիր, լենինականցի Հրաչիկ Հարությունյանը։ Մի փոքր ավելի ուշ Մոսկվայից Շվեյցարիա տեղափոխվեց մյուս՝ մի քանի մրցույթների հաղթող, երևանցի Հրաչիկ Հարությունյանը, Կոգանի ու Տրետյակովի աշակերտը։ Այսօր Հրաչիկ Հարությունյան-կրտսերը պատկառելի դեմք է Եվրոպայում, նրա մաստեր-կլասերում հայտնվելը ցանկացած սկսնակ ջութակահարի երազանքն է, իսկ նրա համերգների տոմսերը սպառվում են մի քանի ժամվա ընթացքում։

Ինչպես տեսնում ենք, հայրենական երաժշտարվեստի (և ոչ միայն) ողջ ընտրանին ապրում և աշխատում է Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ բանն ամենևին էլ պետության սոցիալ-տնտեսական վիճակը չէ (փառք Աստծո, թվարկածս անհատներից յուրաքանչյուրն ի վիճակի է Հայաստանում լիուլի ապրել), բանն այն է, որ երկու տասնամյակի ընթացքում ձևավորված՝ ստեղծագործական գործունեության համար սպանիչ բարոյական մթնոլորտը, նոր բարքերը, անարդարության և կոռուպցիայի ճնշող տիրապետությունը, քաղաքացիականության կոլապսը և շատ այլ բաներ հիրավի ստեղծագործ և արարող մարդկանց համար կյանքն անհնար են դարձնում Հայաստանում։ Դե, ինչպե՞ս կարող է արդիականության խոշոր փիլիսոփան, Շվեյցարիայում ապրող աշխարհահռչակ երևանցի Կարեն Սվասյանը հարմարվել Արամ Սիմոնյանի հետ նույն համալսարանում։ Սա արդեն ֆանտաստիկայի ոլորտից է։ Նույն ֆանտաստիկայի ոլորտից կարող է լինել նաև այն, եթե, ասենք, երկրի ղեկավարությունը հերոսություն ցուցաբերի և ԵՊՀ ռեկտորի պաշտոնին հրավիրի Սվասյանին (Սվասյանը ՀՀԿ-ի համար ձայներ չի հայթայթի, նա կյանքում այլ բանի համար է կոչված՝ ի տարբերություն Սիմոնյանի, դրա համար էլ նրան այստեղ որպես ռեկտոր ոչ ոք չի հրավիրի, քանի որ երկրի քաղաքական ղեկավարությունն ապրում է միայն ընտրություններով, այլ խնդիրներ նրա համար գոյություն չունեն)։ Ահա այս իրողություններում էլ ապրում ենք, հավասարակշռություն պահում բնաջնջվելու եզրին, և ապաքինման ցանկացած ուղի մեզ դեպի ֆանտաստիկայի անիմանալի աշխարհ է տանում։ Դրա համար էլ այսօր մեզ մոտ վիճակն աղետալի է, վերանում են մշակույթի, գիտության և կրթության մեր օջախները։ Քանզի Սերգեյ Բաբայանն աշխատում է Քլիվլենդում, Հրաչիկ Հարությունյանը՝ Շվեյցարիայում, իսկ Սուրեն Բագրատունին մտադիր չէ հեռանալ Բոստոնից, որովհետև այստեղ նրանք չեն կարող հաշտվել, այստեղ նրանց տեղը չէ։ Ցավալի է, բայց փաստը մնում է փաստ. Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան արդեն երբեմնի վեհության գոնե 10 տոկոսը վերականգնելու ոչ մի հնարավորություն չունի։ Հիփոթետիկորեն դա արդեն անհնար է, նույնիսկ եթե երկրի քաղաքական ղեկավարությունը քաղաքական կամք դրսևորի դիմելու նման հերոսական քայլի, քանի որ այլևս մարդ չի մնացել, որ աշխատի։ Ի տարբերություն ԵՊԿ-ի, մինչև վերջերս վերականգնվելու հնարավորություն ուներ ԵՊՀ-ն, բայց 2011թ. հունիսի 21-ին քաղաքական ղեկավարությունը խորտակեց բոլոր հույսերը՝ ռեկտորի պաշտոնում թողնելով տխրահռչակ, գիտության և կրթության հետ ոչ մի կապ չունեցող Արամ Սիմոնյանին։ Համալսարանը, ի տարբերություն կոնսերվատորիայի, վերականգնման ու զարգացման պոտենցիալ ուներ բնագիտական ֆակուլտետների հիման վրա, և եթե այն հայտնվեր նորմալ ձեռքերում, հաշվված տարիների ընթացքում կկարողանար մաքրվել հումանիտար ֆակուլտետներում տիրող կեղտից ու կրկին ձեռք բերել գիտության ու կրթության օջախի վարկ։ Բայց այսուհետ դա անհնար է. Արամ Սիմոնյանը՝ Արևելահայաստանի պրոլետարիատի պատմության մասնագետն ու նժդեհականության խորագիտակը, այն է՝ գորշ միջակությունը, հինգ տարի ղեկավարելով համալսարանը, անկյուն քշեց վառ անհատականություններին, իրեն շրջապատեց իր նման ապաշնորհներով ու միջակություններով, որոնք ԵՊՀ-ն վերածեցին խարդավանքների ու կասկածելի (ավելի ճիշտ՝ քրեորեն պատժելի) կոմերցիոն գործունեության կենտրոնի։ Իսկ հինգ տարի հետո այլևս մարդ չի մնա, որ ԵՊՀ-ն վերականգնի, ինչպես այսօր կոնսերվատորիայի պարագայում է։

Ինչ մոտիվներով է առաջնորդվել երկրի ղեկավարությունը՝ ռեկտոր նշանակելով Սիմոնյանին, հայտնի չէ։ Ասում են՝ նա նշանակվել է երկու տարով, իսկ 2013թ. ընտրություններից հետո կհանվի, և իբր միայն այդ ժամանակ կսկսվի առողջացման գործընթացը կրթական ոլորտում։ Նույնիսկ եթե երկրի ղեկավարությունը նման բարի մտադրություններ ունի, ապա պետք է ասել, որ, նախ՝ 2013թ. արդեն ուշ կլինի, քանի որ այդ ժամանակ արդեն մնացած չի լինի գոնե մեկը, ով ի վիճակի կլինի աշխատել և ավերակներից բարձրացնել ԵՊՀ-ն, որն արդեն վերջնականապես կքայքայվի, երկրորդ՝ նախագահ Սարգսյանի ընտրությունը երկրորդ ժամկետով այսօր վիճելի է թվում։ Սա առանձին խոսակցության թեմա է, հիմա ավելացնենք միայն, որ «2013» ինտրիգը շարունակում է թափ հավաքել. ուր մտնես, նույնն են ասում. սպասեք 2013-ին, շատ բան կփոխվի, ասպարեզը կլքեն անօգուտ շատ մարդիկ, կգան շատ օգտակարները, կփակվեն անիմաստ շատ հաստատություններ, կբացվեն իմաստ ունեցողները և այլն։ Մի խոսքով՝ կսպասենք, կտեսնենք, եթե այդ ընթացքում տեսնելու բան մնա...

Հունիսի 28-ին մեկ այլ տխուր դեպք գրանցվեց՝ ՀՀ ԳԱԱ նախագահ վերընտրվեց Ռադիկ Մարտիրոսյանը, իսկ հունիսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանը ցնցած մի իրողություն։ Գյումրիում հիվանդի որդին ծեծելով մահվան դուռն էր հասցրել շտապօգնության բժկին։ Մարդասպանը սովորական ավարա էր, հարբեցող ու խուլիգան, որին դուր չէր եկել այն, որ շտապօգնության մեքենան ուշացել էր, իսկ բժիշկ կանչել էր հոր համար, որին ինքն էր ծեծել մահու չափ։ Ցավալի դեպքի առիթով առողջապահության նախարար Քուշկյանը հանդես եկավ ցասումնալի խրատներով, իրավապահներին խնդրեց խստորեն պատժել հանցագործին։ Իսկ նախարարի պահվածքը հանրության մեջ ոչ միանշանակ արձագանք առաջացրեց։

Բանն այն է, որ Հայաստանում բժիշկների սխալներից ամեն տարի մինչև 100 մարդ է մահանում, հազարավորները դառնում են հաշմանդամ, կամ նրանց առողջությանը լուրջ վնաս է հասցվում։ Բոլորովին վերջերս, ս.թ. ապրիլին, բժշկի սխալից քիչ մնաց մահանար ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը։ Սակայն մենք ոչ մի անգամ սկզբունքային մոտեցում չտեսանք պետությունից՝ բժիշկների կողմից չկանխամտածված սպանության հարցի վերաբերյալ։ Այդ դեպքերում շահում են միայն իրավապահ մարմինները, որոնց համար հիվանդների մահվան դեպքերով հարուցված գործերը պատկառելի եկամուտների աղբյուր են հանդիսանում։ Հարկ է, որ կոմերսանտ նախարարը կյանքում գոնե մի անգամ մտնի պետական գործչի դերի մեջ և իրավապահ մարմինների հասցեին հանդես չգա ամբոխահաճ հայտարարություններով, այլ մտածի բժշկի պատասխանատվության մեխանիզմների ստեղծման մասին։ Այսօր Հայաստանի քաղաքացիներն անօգնական են բժշկական սխալների առջև. օրենսդրությունը տուժողների համար ոչ փոխհատուցում է նախատեսում, ոչ համարժեք պատիժ թույլ տրված սխալների համար։ Չկա նաև ՀՀ քաղաքացիների առողջությանը հասցված վնասի ծանր հետևանքների կանխման ոչ մի մեխանիզմ։ Մի խոսքով՝ անլույս խավար...

Ամսվա նշանակալի իրադարձությունների թվին պետք է դասել նաև Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որը հարմարեցված էր նախագահ Սարգսյանի ծննդյան օրվան։ Հանրահավաքը հարթ անցավ, անհամեմատ ավելի քիչ մարդիկ կային։ Որոշվեց սպասել մինչև սեպտեմբեր, իսկ հետո, եթե իշխանությունը բանակցությունների չգնա, անվերապահ կապիտուլյացիա կպահանջեն։ Ի դեպ, բանակցություններն իշխանությունների հետ սևեռուն գաղափար են դարձել ՀԱԿ առաջնորդների համար, նրանք դրանով այնքան են տարվել, որ ամսվա սկզբին նույնիսկ պատվիրակություն ձևավորեցին՝ բավական հետաքրքիր կազմով։ Դրանից հետո տեղի ունեցավ սիրալիրությունների փոխանակում ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև, որոնց վերջակետը դրեց նախագահ Սարգսյանը՝ հանդես գալով հատուկ հայտարարությամբ։ Պետության ղեկավարի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական և ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով և անխուսափելի կորուստներով: Այս մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ և այսուհետ ևս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը բոլոր քաղաքական ուժերին և հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել: Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույնը:

Որքան էլ բարդ, երբեմն նաև կոշտ բանավեճերով, քաղաքական կոալիցիան կարողացել է հանուն Հայաստանի զարգացման հարցերում դրականորեն համագործակցել խորհրդարանական ընդդիմության` Հայ Հեղափոխական Դաշնակցության և «Ժառանգություն» կուսակցության հետ: Մենք ոչ միայն բաց ենք եղել ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցելու առումով, այլև ինքներս ենք ձևավորել համապատասխան մեխանիզմներ: Արտախորհրդարանական կուսակցությունների հետ աշխատանքի ձևաչափը հնարավորություն տվեց համադրել քաղաքական դաշտում առկա մոտեցումները մեր երկրի ու մեր ժողովրդի համար կենսական ամենակարևոր հարցերի շուրջ: Հանրային խորհրդի ստեղծումը ևս նպատակ ուներ որոշումների կայացման գործընթացում հանրության առավել լայն հատվածների ներգրավվածությունն ապահովել, և մենք մշտապես հաշվի ենք առնում այդ կառույցից եկող առաջարկները:

Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, և դա եղել է ոչ թե որևէ կողմից ճնշման հետևանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի: Ես դրական եմ գնահատում Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը և հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել: Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ: Կարծում եմ, եթե կողմերը կարողանան խուսափել մեկքայլանի, լավ չկշռադատված առաջարկներով միմյանց և գործընթացը փակուղի տանելու գայթակղությունից, ապա հնարավոր կլինի հաստատուն կերպով առաջ գնալ և շատ ավելի մեծ օգուտներ բերել մեր ժողովրդին ու մեր երկրին: Այս տեսանկյունից ամենակարևոր սկզբունքը հստակ է. վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը` ոչ մի տեղ տանող գործելաոճ: Իսկ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են:

Մեկ անգամ ևս կրկնում եմ` մենք միշտ բաց ենք եղել և պատրաստ ցանկացած քննարկման: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների: Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի և մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից և լսել նրանց: Եթե, այնուամենայնիվ, առաջ կքաշվեն նաև առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին և երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել և քննարկել դրանք: Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել և քննարկել:

Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Քաղաքական կոալիցիան պատրաստ է նմանօրինակ քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն կոնկրետ առաջարկություններ:

Մենք կարևոր ճանապարհի վրա ենք, և այդ կարևորությունը միայն այսօրվա համար չէ: Վստահ եմ, եթե սթափությունը չլքի մեզ, մենք կկարողանանք արմատավորել անկախ Հայաստանի համար խիստ կարևոր քաղաքական նոր մշակույթ»։ 

Ինչպես տեսնում ենք, բոլորն էլ երկխոսություն են ուզում, միայն թե ոչ ոք չի հասկանում և չգիտի ինչպես և, որ ամենագլխավորն է, ինչի շուրջ «երկխոսել»։ Ընդդիմությունն արտահերթ ընտրություններից բացի այլ բան չի պահանջում, իշխանությունը, բացի արտահերթ ընտրություններից, պատրաստ է քննարկել ցանկացած հարց։ Իսկ որտե՞ղ են շփման եզրերը և կա՞ն արդյոք դրանք. թերևս, այս հարցը քչերին է հուզում, բոլորի համար գլխավորը «քաղաքակիրթ» քաղաքական պայքարի պատրանք ստեղծելն է։ Ա՛յս է ամբողջը։

Հունիսին Հայաստանում իր առաքելությունն ավարտեց Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, որին չհաջողվեց իրագործել այն, հանուն ինչի ստեղծվել և ժամանել էր Հայաստան (Բիշքեկից հետո)։ Հունիսի 4-ին նրան քնքշորեն հրաժեշտ տվեց նախագահ Սարգսյանը, իսկ երկու օր անց տիկին դեսպանը տվեց նոր քաղաքական նախագծի մեկնարկը, որը կոչվում է «Ազատ դեմոկրատներ»։ Այս նոր կազմակերպության մեջ մտան ՀՀՇ-ից և ՀԱԿ-ից առանձնացած որոշ ակտիվիստներ։ Կարծում ենք՝ հետաքրքիր մտահղացում է, տեսնենք, թե ինչ դուրս կգա դրանից։

Հունիսի 9-ին Հայաստանում էին, ինչպես միշտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նախագահ Սարգսյանի հետ, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի մասնակցությամբ, նրանք քննարկեցին այն, ինչն անարդյունք քննարկում են արդեն 17 տարի՝ գումարած էլի մի քանի հարց Կազանի գագաթաժողովի վերաբերյալ։ Իսկ հունիսի 14-ին նախագահ Սարգսյանն ընդունեց Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտին։ Ողջունելով հյուրին՝ պետության ղեկավարը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության անընդմեջ զարգացմանը, ինչպես նաև համագործակցության ակտիվացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի գծով միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Այս ամիս նախագահի հյուրն էր նաև Ֆրանսիայի պետնախարար Անրի դը Ռենկուրը։ Հունիսի 15-ին Հայաստանում նշվեց պետական խորհրդանիշերի օրը, հավանաբար՝ պարապությունից։ Մի խոսքով՝ ժամանակի իզուր վատնում...

Վարչապետ Սարգսյանն էլ բանուգործ չուներ և մի քանի այցելություն կատարեց տարբեր երկրներ, սակայն դրանց անիմաստության պատճառով անգամ չենք էլ խոսի դրանց մասին։

Հունիսի 20-ին ՖԱԹՀ-ի պատվիրակությունը խնդրեց Հայաստանի աջակցությունը Պաղեստինի անկախության հռչակման գործում։ Այս մասին հայտնի դարձավ երկրի արտգործնախարար Նալբանդյանի և պաղեստինյան ՖԱԹՀ շարժման միջազգային հարաբերությունների վարչության ղեկավար Նաբիլ Շաասի հանդիպումից հետո։ Ինչպես տեսնում ենք, միջազգային գործերում Հայաստանն, այնուամենայնիվ, ինչ-որ քաշ ունի, եթե օգնության համար դիմում են երկրագնդի թեժ կետերից։


Մի քանի խոսք համարի բովանդակության մասին։

«Քաղաքականություն» խորագրում պատմաբան Գրիգոր Աղանյանը գրում է Կազանի մասին, այն մասին, թե ինչ է եղել մինչև Կազանը, ինչ է տեղի ունեցել և ինչ պետք է սպասել։ «Տնտեսություն» խորագրում nationalidea.am կայքի խմբագիր Ավետիս Բաբաջանյանը գրում է էներգետիկայի մասին։ Հեղինակը մտորում է, մասնավորապես, հայկական էներգետիկայի ապագայի, ինչպես նաև այն մասին, թե որքան անօգնական ու անկարող է Տիգրան Սարգսյանի կառավարության տնտեսական հատվածը զարգացման ճիշտ և իրատեսական ուղղությունները որոշելիս։ «Բանավեճ» խորագրում հրապարակախոս Ալեքսանդր Գարեգինյանը «Մարկո Ֆերերին հայ իրականության մասին. հայացք 1973-ից» հոդվածում համեմատություններ է անցկացնում «Մեծ խժռում» հայտնի ֆիլմի և ներկայիս հայ իրականության միջև։ Կարծում եմ՝ հոդվածն անպայման կհետաքրքրի ընթերցողներին, քանի որ այս դիտանկյունից մեր իրականությանը դեռ ոչ ոք չէր անդրադարձել։ Իսկ թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը «Մշակույթ և արվեստ» խորագրում գրում է հայ թատրոնում և թատերագիտության մեջ ստեղծված աղետալի վիճակի մասին։

«Մեջբերումներ դասականներից»-ն այս անգամ ներկայացնում է ականավոր մարդկանց կարծիքները հայ ժողովրդի մասին։ Չենք խախտի ավանդույթը և ձեռնպահ կմնանք մեկնաբանություններից։ Իսկ «Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում հրապարակում ենք հոդվածներ AПН-ից, REGNUM-ից, nationalidea.am-ից։ АПН-ի նյութում ընթերցողը շատ նմանություններ կգտնի հայ իրականության հետ, nationalidea.am-ի նյութում նոր շատ բաներ կիմանա երկրում տիրող չափուսահման չճանաչող գանձագողության նոր մեթոդների մասին, իսկ REGNUM գործակալության նյութը, որի հեղինակն է Արտաշես Գեղամյանը և որը հրապարակվել է մինչկազանյան հանդիպումը, վերլուծական խիստ հետաքրքիր եզրակացություններ և կանխատեսումներ է պարունակում, այնպես որ՝ երեք նյութերն էլ ընթերցողին ձանձրալի չեն թվա։

Ցանկանում ենք հաճելի ժամանց՝ «Ազգային գաղափարի» նոր համարի հետ միասին։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am