Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Հունիս 2011, N 6

ԿԱԶԱՆ

ՉՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ

Գրիգոր Աղանյան, ՀՀ ԳԱԱ Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

«Հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպման ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բեկում կարող էր լինել, սակայն դա տեղի չունեցավ: Ադրբեջանը, ցավոք սրտի, իրեն պահեց այնպես, ինչպես վերջին մեկուկես տարվա ընթացքում և արդեն առկա փաստաթուղթը փոփոխելու տասը առաջարկ ներկայացրեց... Ես կարծում եմ, որ առնվազն մեկ հնարավորություն բաց է թողնվել: Դա չի նշանակում, թե վերջ է դրվում բանակցային գործընթացին, դա չի նշանակում, թե մենք չենք շարունակելու բանակցությունները: Դա նշանակում է, որ մենք ամեն դեպքում, մինչև նոր հանդիպումը, այս ժամանակահատվածը բաց թողեցինք»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, Կիև, 01.07.2011թ.

 

ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպում, անկախ ձևաչափից, ժամանակից ու տեղից, հակամարտության կարգավորման գործում առաջընթացի ակնկալիք է պարունակում: 1994թ. հրադադարից հետո մի քանի անգամ միջնորդ երկրների ներկայացուցիչները հայտարարում էին, որ շրջանակային փաստաթղթի շուրջ հակամարտող կողմերը եկել են որոշակի համաձայնության և ուր որ է առաջին լուրջ քաղաքական քայլը կկատարվի և նախնական համաձայնությունը կստորագրվի: Այս տիպի կանխատեսումները սկսեցին հատկապես շատ շրջանառվել 2007թ., այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների ստորագրումից հետո: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության անդամներն ու եռանախագահներն այս սկզբունքները շտապեցին բեկումնային անվանել, և սկսվեցին կոնկրետ համաձայնագրի մշակման շուրջ բանակցությունները: Հաշվի առնելով Ռուսաստանի քաղաքական կշիռն ու դերը կովկասյան տարածաշրջանում և հակամարտող երկրների հետ նրա ունեցած ռազմավարական կապերը` ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները կարծես քարտ բլանշ տրամադրեցին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևին: ՌԴ երրորդ նախագահը սկսեց ակտիվ շփումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և՛ ԱՊՀ գագաթաժողովների ու ոչ ֆորմալ հանդիպումների, և՛ եռակողմ ձևաչափի շրջանակներում: Վերջին տարիներին ռուսական դիվանագիտության ակտիվացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում դրական լուծումների հասնելու հույս ներշնչեց միջազգային տարբեր կառույցներում: ԱՄՆ, Ֆրանսիայի և շահագրգիռ մյուս կողմերի դիվանագետներն ու քաղաքական ղեկավարությունն այս անգամ կարծես «խանդով» չէին վերաբերվում ռուսական կողմի ջանքերին և մի բան էլ «ուրախ» էին, որ ղարաբաղյան թնջուկի արձակման հիմնական բեռն իր վրա է վերցնում Ռուսաստանը: Վերջին տարիներին Արևմուտքում մի մտայնություն էր ձևավորվել, թե իբր Ռուսաստանին ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության շուրջ ձևավորված ստատուս քվոն խախտելը և դա բխում է սևծով-կասպիական տարածաշրջանում նրա` որպես ռազմավարական հեգեմոնի, շահերից: Այս մտայնության մեջ որոշակի տրամաբանություն կա, քանի որ իրերի դրությունը չխախտելու և կտրուկ քայլեր չձեռնարկելու Մոսկվայի քաղաքականությունը լռելյայն կամ ուղղակիորեն պաշտպանվում էր նաև Իրանի կողմից, որին երբեք էլ ձեռնտու չէ Արևմուտքի ակտիվ ներկայությունը տարածաշրջանում: Իրանը և Ռուսաստանը հասկանում էին, որ ստատուս քվոյի խախտման հետ կապված ցանկացած կտրուկ քայլ իր հետ բերելու է Արևմուտքի դերի բարձրացում և ռազմաքաղաքական մանևրի հնարավորության ընդլայնում կոնկրետ ՆԱՏՕ-ի համար: Իսկ այս ռազմաքաղաքական դաշինքի` դեպի Արևելք ընդլայնումն ու ազդեցության ոլորտների ընդարձակումը հայտնի է, թե որքան ցավոտ են ընդունվում Ռուսաստանի և Իրանի կառավարող շրջանակներում: Բնական է, որ Արևմուտքն էր առավել շահագրգռված հակամարտությունը մեռյալ կետից դուրս բերելու և որոշակի համաձայնությունների կնքմանը հասնելու հարցում: Իսկ արդյո՞ք բավարար էին Ռուսաստանի և Իրանի քաղաքական ռեսուրսները` դիմակայելու արևմտյան երկրների դիվանագիտական ճնշմանը ստատուս քվոն խախտելու հարցում: Այս հարցին միանշանակ պատասխանելը դժվար է: Ստատուս քվոյի պահպանման դեպքում ՌԴ-ի համար իրադարձությունների ընթացքին հետևելն ու նույնիսկ կառավարելը, բնականաբար, ավելի դյուրին են: Իրերի առկա դրության ցանկացած խախտման դեպքում անկանխատեսելի և ՌԴ-ի համար ոչ ցանկալի ու անկառավարելի գործընթացներ կարող են սկսվել, որոնք հղի են ռուսական ռազմավարական դիրքի թուլացմամբ և որպես քաղաքական կարևոր դերակատարներից մեկի դերի նսեմացմամբ:

Իսկ ի՞նչ փոխվեց տարածաշրջանում, որ ՌԴ ղեկավարությունը սկսեց կտրուկ քայլեր իրականացնել «ոսկրացած» հակամարտությունը մեռյալ կետից շարժելու ուղղությամբ: Ռուսական վերլուծաբանների մեծ մասի կարծիքով` քաղաքական վեկտորի այս փոփոխությունն ուղղակի հետևանք է 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական «վեցօրյա պատերազմի»: Վրաստանի նախագահ Մ.Սաակաշվիլին, ունենալով Արևմուտքի աջակցությունը կամ «ինքնագլուխ» (հստակ և ճիշտ ոչ ոք չի կարող պնդել մեկը կամ մյուսը), խախտեց մեկ այլ «ոսկրացած և պահածոյացված» հակամարտությունում առաջացած ստատուս քվոն, և ՌԴ Զինված ուժերը կտրուկ միջոցների դիմեցին` վրացիներին դուրս մղեցին ոչ միայն Հարավային Օսիայից, այլև մի քանի օրով գրավեցին բուն վրացական տարածքները` Գորիից մինչև ծովափնյա Փոթի: Արևմուտքի արձագանքն առաջին հայացքից խիստ էր ու նույնիսկ դատապարտող, բայց երբ «պատերազմական փոշին նստեց», պարզվեց, որ վրաց «ազատականներին ու ժողովրդավարներին» սատարող Արևմուտքը կամ չի ուզում բացահայտ բախվել Ռուսաստանի հետ, կամ էլ հեռուն գնացող խաղ է սկսել տարածաշրջանում, որի նպատակն է մասը զիջելով (Աբխազիան և Հվ. Օսիան) Ռուսաստանին` տիրանալ ամբողջին, այսինքն` սևծովյան-կասպիական տարածաշրջանին: Ինչո՞վ կարելի է բացատրել Արևմուտքի բավական «ծույլ» և անատամ բողոքները Վրաստանի կազմում նախկինում մտնող հանրապետությունների անկախության ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին ՌԴ Պետդումայի և նախագահի որոշման վերաբերյալ: Փաստորեն, Արևմուտքին հաջողվեց Ռուսաստանին դրդել «պարտադրված քայլեր» կատարել և արմատական փոփոխություն մտցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում երկար ժամանակ հաջողությամբ իրականացվող քաղաքականության մեջ: Ի՞նչ ակնկալիքներ ուներ Ռուսաստանը Մադրիդյան սկզբունքներից բխող նախնական համաձայնության ստորագրումից: Տարածաշրջանում սեփական ներկայության հերթական ամրապնդո՞ւմ, թե՞ նոր ստատուս քվոյի հաստատում Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտիներն (կամ` ինչպես ասում էր անմոռանալի Օսկանյանը, occupied տարածքները) Ադրբեջանին վերադարձնելու և Հայաստանի ու Արցախի միջև միջանցքի (խոսքը Քաշաթաղի շրջանի մի հատվածի մասին է) գոյության իրավական ձևակերպումից հետո: Մի ստատուս քվոն մյուսով փոխարինելով և բանակցությունների նոր շրջապտույտ նախաձեռնելով` Ռուսաստանը կարծես փորձելու էր ժամանակ շահել և ամեն կերպ հետաձգել Արևմուտքի ռեալ ներկայությունը տարածաշրջանում: Հարկ է նշել, որ Մադրիդյան սկզբունքներում հիշատակվող միջազգային ուժերի կազմում ևս Ռուսաստանը ձգտելու էր վճռական մասնակցություն ունենալ, եթե կազանյան հանդիպումը տար դրական արդյունքներ:

Ռուսական դիվանագիտության ակտիվացումը ստատուս քվոն խախտելու ուղղությամբ, ըստ որոշ վերլուծաբանների, տարբեր կերպ ընկալվեց հակամարտող կողմերի քաղաքական շրջանակներում: Իլհամ Ալիևի համար հրաշալի շանս էր ստեղծվում առանց ջանք թափելու և սկուտեղի վրա հետ ստանալու իրենց իսկ մեղքով կորցրածը և նորից իրեն հատուկ քաղաքական «նվնվոցների և վայնասունի» ժանրի մեջ մտնելով` մեկ անգամ ևս հրապարակ բերել «ագրեսորի» և դրա «զոհի» մասին հայրական հեքիաթը: Ճշմարտության դեմ չմեղանչելով հարկ է նշել, որ այս ուղղությամբ ադրբեջանական դիվանագիտությունը զանազան միջազգային ատյաններում և կառույցներում բավական ակտիվ քարոզչություն է ծավալում և նախաձեռնություն ցուցաբերում: Այլ հարց է, թե ինչ հետևանքներ ու արձագանքներ ունեն հիշյալ քայլերը, սակայն փաստ է, որ հակահայկական քարոզչությունը նրանց կողմից կատարվում է բավական համակարգված և մեթոդապես:

Ռուսական քաղաքականության մեջ տեղի ունեցած վերափոխումները հայկական կողմը միանշանակ ընդունել չէր կարող: Չնայած երկրի քաղաքական ղեկավարությունը և դիվանագիտական շրջանակները բացահայտ դժգոհություն չհայտնեցին «ռազմավարական դաշնակցի» քաղաքական «սալտո մորալտեի» և դիրքորոշման տրանսֆորմացիայի վերաբերյալ, բայց անզեն աչքով էլ տեսանելի էր, որ այդ քաղաքականությունը, մեղմ ասած, «ցուգցվանգի» է մղում հայկական կողմին: Ինչևէ, եղածը եղել էր, և պետք էր վերադասավորել ուժերն ու հարմարվել նոր իրողություններից թելադրվող խաղի կանոններին:

Ալիևի գործը կարծես թե հեշտ է: Նա վաղուց հաջողությամբ մտել է երկդիմի Յանուսի դերի մեջ: Հենց ոտքը դուրս է դնում իր երկրից, դառնում է իսկական խաղաղության աղավնի, սպիտակ փետուրներով հրեշտակ և բարբառում է խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու, զիջումների ու փոխզիջումների մասին: Բայց երբ հայտնվում է սեփական երկրում և հատկապես` զինվորական շքերթների ժամանակ, դառնում է արյան հոտ առած գիշակեր թռչուն (ավելի ճիշտ կլիներ ասել` լեշակեր) ու սկսում է սուր ճոճելով հոխորտալ: Եվրոպական կառույցներին անդամագրված երկրի ղեկավարը բացահայտ պարծենում է ռազմական ահռելի բյուջեով, որը, մեղմ ասած, պետք է որ անհամապատասխանելի լիներ եվրոպական արժեքների ձգտող երկրի վարկին: Տարածաշրջանում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագիր ստորագրած երկրի ղեկավարը խոսում է դրանց բազմապատկման և վերազինման մասին, իսկ «պացիֆիստ» եվրոպական կառույցները լուռ են, Հաագայի դատարան կոչվածն էլ ստեղծվել է միայն ու միայն սերբ գեներալներին դատելու համար: Լուռ է նաև պաշտոնական Մոսկվան, որի արձագանք կոչվածները «դիվանագիտական կոռեկտության» սահմաններից դուրս չեն գալիս: Ինչ վերաբերում է Գյումրու ռուսական ռազմակայանի մասին համաձայնության վավերացմանը կազանյան հանդիպման նախօրյակին, որը որպես ադրբեջանական կողմին զսպելու ազդանշան է ընկալվում որոշ վերլուծաբանների կողմից, ապա պետք է փաստենք, որ այն առավել շատ արտաքին օգտագործման գործիք է և որևէ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ ԱՊՀ ներսում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Կազանին նախորդել էին Սոչին և եռանախագահող երկրների ղեկավարների Դովիլի հայտնի հայտարարությունը, որոնց համապատասխան էլ երկու երկրներում սկսվեց քարոզչական մրցավազք, որն իր եղանակներով, միջոցներով ու ձևերով աննախադեպ երևույթ էր հակամարտության կարգավորման շուրջ ընթացող 17-ամյա բանակցային գործընթացի պատմության մեջ: Կողմերի ակտիվ ներքին և արտաքին քարոզչական ջանքերը հուշում էին, որ ինչ-որ լուրջ համաձայնություն պարունակող փաստաթուղթ է պատրաստվում ստորագրվելու, և բանակցող կողմերը բացահայտ զոնդաժ են սկսել` շոշափելու համար տրամադրությունները: Միայն Հայաստանում մինչև կազանյան հանդիպումը մեծ թվով վերլուծություններ, կանխատեսումներ և նույնիսկ քաղաքական գուշակություններ արվեցին պատրաստվող փաստաթղթի բովանդակության և հատկապես դրա ստորագրման հավանականության շուրջ: Նույնը տեղի էր ունենում նաև Ադրբեջանում, բայց առավել «կառավարելի» ու Ալիևին հաճելի տեսանկյունից:

Փոխզիջում, զիջում և պարտվողականություն բառերը շրջում էին մի հոդվածից և ասուլիսից մյուսը: Բոլորն առանց ալարելու, դույզն իսկ պատկերացում չունենալով փաստաթղթի բովանդակության մասին, շտապում էին ՀՀ նախագահին մեղադրել պարտվողականության և ավելորդ զիջողականության կամ էլ փոխզիջման գնալու դրական ընդունակության մեջ: Հետաքրքիրն այն է, որ կարծիք արտահայտողների մեծ մասն օգտվում էր միևնույն դոզավորված տեղեկատվության արտահոսքից, և հայտնվում էին տրամագծորեն հակառակ կարծիքներ: Առաջ ընկնելով ասենք, որ այս հանդիպման ավարտից հետո հնչեցին նաև զավեշտ հիշեցնող հայտարարություններ. «Ես ասում էի, չէ՞, որ Կազանում ոչինչ չի ստորագրվի» կամ` «Ես Կազանից լուրջ սպասելիքներ չունեի»: Երևի այս հայտարարության հեղինակ տիկնայք և պարոնայք քաղաքական գործիչները կամ մտքում են ասել ու ոչ ոք չի լսել, կամ ինչ-որ գաղտնի ժողովում են ելույթ ունեցել և համակիրների միայն մի փոքր հատված է տեղեկացված եղել նոստրադամուսյան այս կանխատեսումներին: Պնդել, թե կազանյան հանդիպման տեսլականն ալեկոծել էր հայկական ներքաղաքական դաշտը, այնքան էլ ճիշտ չի լինի, բայց որ կարծիքների ու կանխատեսումների առատություն կար` փաստ է: Խորհրդարանական ընդդիմության տեսակետն ու մարտավարությունը հստակ էին ու հասկանալի: Իրեն արմատական ընդդիմություն հռչակած ՀԱԿ տեսակետը հնչեց ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի շուրթերից «Մոսկովսկիե նովոստի»-ին տրված հարցազրույցում: Բայց այն, ինչ հնչեց նախկին ԱԳ նախարար Վ.Օսկանյանի` «Ազատություն» ռ/կայանին տված հարցազրույցում1 իսկապես որ քաղաքական զավեշտի ժանրից էր: Ինչպես ասում էր անմահ ստեղծագործության հայտնի հերոսը. «Ներվայիններին խնդրում եմ չնայել (մեր դեպքում նաև չլսել կամ չկարդալ)»: Սկսենք դիվանագետ-հեքիաթասացի «մտահոգ զարմանքից» (զարմանալ կարելի է, որ այս մարդը դեռևս զարմանում է): Արդ, ի՞նչն է զարմացնում «բոլոր ժամանակների ամենամեծ բանագնացին»: Պարզվում է` ՀՀ նախագահի Կազան մեկնելուց մեկ շաբաթ առաջ ապառիկով կարելի է զարմանալ և համոզված ի լուր հայության հայտնել իրեն չափազանց հուզող «զարմանալի լռության» մասին. «Այնպես որ, ժողովրդին պատրաստելու, ես կարծում եմ, որ հարց կա, և այս քար լռությունն այդ կապակցությամբ ինձ ուղղակի զարմացնում է»: «чья бы корова мычала, а твоя бы молчала»,- հասանք «դեժա վյու» կայարան, որտեղ կառամատույցին խրոխտ տեսքով կանգնած Օսկանյանը բոցաշունչ ճառով դիմում է հայ ժողովրդին Մադրիդ ուղևորվելուց առաջ: Նա հայ հասարակությանն «ազնիվ ժողովրդավարին հատուկ լեզվով ու եղանակներով» ներկայացնում է մադրիդյան ստորագրվելիք փաստաթղթերի թեր և դեմ կողմերը Հայաստանի և Արցախի համար և «ստանալով ժողովրդի անվերապահ աջակցությունը»` մինչև ատամները «զինված ներքաղաքական կայունությամբ» սուրում է, հայդա~, Մադրիդ:

Բայց պարզվում է, որ պ-ն Օսկանյանը կարող է և չզարմանալ: Զիջել-չզիջելու շուրջ ազգային շահով շաղախված մտավարժանքից հետո պ-ն Օսկանյանը հետևյալ ցնցող բացահայտում-հայտարարությունն է անում. «Ես այստեղ մի քիչ նախապաշարված եմ` այն առումով, որ հայ-թուրքական գործընթացից հետո ես իմ վստահությունը կորցրել եմ իշխանությունների գործելաոճի մեջ, և ինձ արդեն ոչինչ չի զարմացնում. առաջին հերթին` եթե բան ստորագրվի, չեմ զարմանա, երկրորդ` եթե պարզվի, որ այնտեղ շատ բան ենք զիջել, չեմ զարմանա, երրորդ` նույնիսկ եթե մենք մեզ համար ամենակարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող հատվածի կապակցությամբ ինչ-որ բաներ ենք զիջել` էլի չեմ զարմանա, որովհետև կա արդեն հայ-թուրքականի փորձը: Այնպես որ, ես այստեղ իսկապես շատ լուրջ մտահոգություն ունեմ»: Ա՛յ իշխանություններ, ինչո՞ւ չեք անհանգստանում, որ պ-ն Օսկանյանը կորցրել է վստահությունը ձեր գործելաոճի նկատմամբ, էս մարդու հիասը լրիվ ձեզանից թափվել է ու իր անհանգստությունը կիսում է «սիրելի» ժողովրդի հետ: Մարդ է, մեծացել է, մի քիչ հիշողության, մի քիչ խղճի կորուստ ունի և չի հիշում իր արտասանած «մտքի գոհարներն» ու անկրկնելի լյապսուսները, որոնց համար ձեռքերն անիմաստ թափահարելով ու անկապ գրիմասներ անելով փորձում էր արդարանալ նույն «սիրելի» ժողովրդի առջև: Անցուկ` մոռցուկ, կասեին մեր պապերը: Չէ~, պ-ն Օսկանյան, Ձեր «դիվանագիտական անկրկնելի լեզուն» մոռանալն անհնար է: Հեքիաթասաց ու առասպելասեր պ-ն Օսկանյանը լավ էլ գիտի, թե ինչ ներքաղաքական ու դիվանագիտական փլատակներ են իրենք ժառանգություն թողել նախագահ Սարգսյանին: Փլատակների բանը հեշտ է, բայց օսկանյաններն ու ընկ. ամեն վայրկյան պայթելու պատրաստ ականներ են թողել ու հիմա չարախնդալով և կեղծ բարեպաշտության դիմակով «ժողովրդավարություն» են քարոզում: Արտաքին քաղաքականության ղեկը հաջորդին կամ ժառանգորդին հանձնելիս պ-ն Օսկանյանը լավ էլ գիտեր, թե իր «դիվանագիտական հանճարի երախայրիքը» հանդիսացող Մադրիդյան կոչվող սկզբունքներն ինչպես էին կապկպելու նորի ձեռքերը: Հաջորդներին պարտվողականության կամ ազգային շահերից չբխող ավելորդ զիջողականության մեջ մեղադրելուց առաջ պ-ն Օսկանյանին խորհուրդ կտանք ծուռ հայելիներին շատ չնայել ու սեփական խղճի դեմ չմեղանչել:

Բավական հետաքրքիր էր ընդդիմադիր թևի արձագանքը փոխզիջումների և հայ-թուրքական հարաբերությունների մասին ՀԱԿ առաջնորդի հայտնած տեսակետներին: Վերոհիշյալներից ամենակասկածամիտները շտապեցին հայտարարել, որ իշխանությունների և հարթակային ընդդիմության միջև ինչ-ինչ գաղտնի համաձայնություն կա, և նրանք պատրաստ են անասելի զիջումների գնալ Ադրբեջանին, և մեղադրեցին նրանց պարտվողականության մեջ: Հայկական քաղաքական դաշտն այնքան է այլասերվել ու լղոզվել, որ նույնիսկ չափազանց պրոզայիկ թվացող պրագմատիզմի արդյունք հանդիսացող կարծիքների ինչ-որ տեղ համընկնումը դիտվում է որպես խարդավանք, հետկուլիսյան քաղաքական առևտուր և նույնիսկ «ժողովրդի թիկունքից կնքված հակահայկական գործարք»:

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր ժողովրդավար կոչվող հասարակությունում միանգամայն նորմալ երևույթ է միևնույն խնդրի շուրջ տարբեր կարծիքների գոյությունը, և այստեղ բնավ էլ Ամերիկա չեմ հայտնագործում ու ցանկություն էլ չունեմ: Բազմակարծություն կոչվածը, սակայն, մեր պարագայում ընկալվում է միանգամայն այլ` ոչ կառուցողական տեսանկյունից: Եթե որևէ քաղաքական ուժի, գործչի կամ անհատի կարծիքը չի համընկնում գործող նախագահի կարծիքին, դեռևս չի նշանակում, թե Ս.Սարգսյանն ու իր թիմը պարտվողական են, իսկ քննադատողները` հաղթողական (եթե հայերենում այդպիսի բառ կա): Ինչքա՛ն կարելի է հիշեցնել որոշ ուժերի ու հուռռա-հայրենասերներին, որ պատերազմ հաղթած ՀՀ երեք նախագահներն (յուրաքանչյուրն իր չափով և իր տեղում) ու հայ ժողովուրդը երբեք պարտվողական չեն եղել և չեն կարող լինել սկզբունքորեն: Փոխզիջում, զիջում և պարտվողականություն եզրերը տարբեր բաներ են, ու պետք չէ մարդկանց մոլորեցնել ճարպիկ, բայց դատարկ բառախաղ հիշեցնող «վերլուծություններով»:

Կազանյան հանդիպումից առաջ ՀՀ և Ադրբեջանի նախագահները ելույթ ունեցան եվրոպական «հարթակներից», և յուրաքանչյուրը ներկայացրեց իր մոտեցումներն ու տեսակետները պատրաստվող փաստաթղթերի ու կարգավորման սկզբունքների շուրջ: ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ելույթը բավական զուսպ էր ու հավասարակշռված, և ինձ համար գոնե զարմանալի է, թե Ղարաբաղին վերաբերող ելույթի ո՞ր հատվածում են փորփրել ու գտել պարտվողականություն կոչվածը հարգարժան քաղաքական այրերն ու տիկնայք կամ ամենագետ վերլուծաբանները. «Երկու օրից տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի նախօրեին համանախագահ երկրները ներդրել են բոլոր ջանքերը, որպեսզի վերջնականապես ամրագրվեն հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Մենք խոսում ենք փոխզիջումների ճանապարհով հարցը լուծելու մասին: Բայց մեր դեպքում ստացվում է, որ զիջում պետք է կատարեն նրանք, ով սպասում է մեզ վրա կրակելու հարմար առիթի: Նման իրավիճակում շատ բարդ կլինի որևէ մեկի համար Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի հանրությանը` դարեր շարունակ այնտեղ բնակվող բնիկ հայ ժողովրդին, համոզել, որ անհրաժեշտություն է ինչ-ինչ զիջումներ անել մի երկրի, որտեղ հայի նկատմամբ կա նման անհանդուրժողականություն և կան ծայրահեղ ռասիստական տրամադրություններ»: Իսկ ինչ կհրամայեիք հայտարարեր նախագահը, որ մենք հրաժարվում ենք երկխոսությունից և փոխզիջումների գնալո՞ւց: Թե կարծում եք` կարելի է եվրակառույցների «գլուխները յուղել» և հայտարարել, թե` եղբայրնե՛ր, գիտե՞ք ինչ կա, հաստատված ստատուս քվոն մեզ շատ ձեռնտու է, և թողեք, որ հակամարտությունն այսպես «ոսկրացած» վիճակում մնա, չարաչար սխալվում եք: Իրերի ներկա դրությունը խախտելու թափանիվը գործի է դրված եռանախագահողների կողմից, և հայկական դիվանագիտությունն ու քաղաքական շրջանակները պետք է կարողանան ճկուն մանևրելով ու ճիշտ թիրախներ ընտրելով կորուստները հասցնել նվազագույնի, եթե դրանք լինեն հարկավ: Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն այն բացարձակ հաստատունն է, որից երբեք չեն նահանջել ՀՀ առաջին և երկրորդ նախագահները և չի նահանջի նաև երրորդ նախագահը: Ահավասիկ նրա ելույթի այդ հատվածը. «Անգամ այս պայմաններում մենք, կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում մեծացող սերնդի անվտանգ ապագայի խնդիրը, ցուցաբերելով բարի կամք և կառուցողականություն, առաջընթացի ակնկալիքով ենք մեկնելու Կազան: Բայց իհարկե բոլորս պիտի հասկանանք, որ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումն ու դրանց լիարժեք իրականացումը հնարավոր է միայն, երբ վերանան հայատյացության ու ռասիզմի դրսևորումներն Ադրբեջանում, և ձևավորվի վստահության մթնոլորտ: Բնականաբար, չի կարող հարցականի տակ դրվել Ղարաբաղի ժողովրդի` ազատ և անվտանգ ապրելու, իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու` ի վերուստ տրված իրավունքը»:

Իսկ ի՞նչ դրամով պատասխանեց Ի.Ալիևը եվրաֆունկցիոներների հետ կազմակերպված իր համատեղ բրիֆինգում. «Հատկապես հուսադրող են Մինսկի խմբի երկրների առաջնորդների հայտարարությունները, որ ստատուս քվոն անընդունելի է, և այն պետք է փոխվի...»: Ինչպես իրավամբ նկատում է Վիգեն Հակոբյանը, «Ադրբեջանական նախագահի հայտարարությունն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Բաքվի գլխավոր հետաքրքրությունը ոչ թե խնդրի կարգավորումն է` որպես այդպիսին, այլ հենց ստատուս քվոյի փոփոխությունը, այսինքն` պատերազմի արդյունքների վերանայումը, որը հաստատվել էր ոչ Ադրբեջանի օգտին»2:

Հանդիպման նախորդ օրը ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ չափազանց լավատեսական ու, ես կասեի, փքուն հայտարարությամբ, որի տրամաբանությունից կարելի էր կարծել, թե ամեն ինչ պատրաստ է և կողմերն ուր որ է ստորագրելու էին ստատուս քվոն խախտող պայմանավորվածությունների տակ: Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դիմեց նրանց հատուկ ուղերձով:

 

ԿԱԶԱՆՈՒՄ

Հանդիպումը, որի շուրջ բավական շատ կրքեր էին բորբոքվել և որից մեծ ակնկալիքներ ունեին Մինսկի խմբի ներկայացուցիչներն ու հատկապես ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևը, կայացավ հունիսի 24-ին: Հանդիպման նախապատրաստման աշխատանքների և անվտանգության ապահովման չտեսնված խիստ միջոցների մասշտաբները շատերին հանգեցրել էին այն մտքին, որ ինչ-որ արմատական կամ էլ նշանակալի տեղաշարժ է սպասվում երեք երկրների նախագահների հանդիպումից: Բայց հանդիպման ավարտին հանրությանը ներկայացվեց կարճառոտ հայտարարություն. «Պետության ղեկավարները փաստել են, որ կա փոխհամաձայնություն մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնական սկզբունքների հաստատման պայմանների ստեղծմանը»,- ասված է հայտարարության մեջ: Փաստաթղթում ասված է նաև, որ հանդիպման մասնակիցներն ուսումնասիրել են աշխատանքի ընթացքը, որն անցկացվում է հիմնական սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով: Ադրբեջանի և Հայաստանի նախագահները երախտագիտություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներին` «ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին նրանց մշտական ուշադրության համար»: Նրաք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը, որոնք ուղղված են համաձայնության հասնելուն: Հանդիպումից հետո նախագահները խուսափեցին հանդես գալ լրագրողների առջև և պատասխանել նրանց հարցերին: Ինչպես և սպասվում էր, յուրաքանչյուր անարդյունք հանդիպումից հետո կողմերը միմյանց մեղադրեցին ապակառուցողականության և փոխզիջման պատրաստ չլինելու մեջ: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումից հետո հայտարարեց, որ ադրբեջանական կողմը քննարկվող փաստաթղթում շուրջ 10 լրացում է առաջադրել, որոնք խախտում են նախորդ պայմանավորվածությունները և անընդունելի են հայկական կողմի համար: Թե ինչ փոփոխություններ կամ լրացումներ էին դրանք և փաստաթղթի որ հատվածին էին վերաբերում, Նալբանդյանը չմասնավորեց: Մի բան հստակ պարզ էր, որ Դ.Մեդվեդևի և նրա գործընկերների սպասելիքներն ի դերև եղան:

Կազանից Բաքու վերադառնալով` Ի.Ալիևը մեկ օր հետո ընդունեց զինվորական շքերթ, որտեղ արտասանած ճառով կարծես պատասխանեց այն հարցին, թե ինչու չստորագրվեցին նախատեսվող փաստաթղթերը: «Պատերազմը Ղարաբաղում դեռ չի ավարտվել: Մեր պետական բյուջեն ավելացել է 16 անգամ: Մեր ծախսերը ռազմական կարիքների համար ավելացել են 20 անգամ և կազմում են 2.582.959.470 մանաթ ($3 մլրդ 270 մլն), և սա դեռ սահմանը չէ: Ադրբեջանի ներկայիս ռազմական ծախսերը 50%-ով գերազանցում են Հայաստանի ամբողջ պետական բյուջեն: Ռազմական ծախսերն իրենց ծավալով կշարունակեն առաջին տեղը զբաղեցնել Ադրբեջանի բյուջեում այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ազատի ադրբեջանական հողերը և հաշտության համաձայնագիր չի կնքվի»3,- ի լուր աշխարհի հայտարարեց Ալիև կրտսերը: Սա ի՞նչ է, եթե ոչ պերմանենտ պատերազմի քարոզչություն և փոխզիջումների պատրաստ չլինելու ուղղակի հայտարարություն: Միևնույն ժամանակ` «խաղաղասեր» համանախագահներին հաթաթա տալու արևելյան կամ թյուրքական խորամանկություն, թե` տեսեք, հանկարծ Հայաստանի վրա ճնշումները չսաստկացրիք ու մեծ զիջումներ չպոկեցիք, պատերազմ եմ սկսում ու Կովկասում հրդեհ է բռնկվելու, որը, իրավամբ, ձեռնտու չէ մեծ տերություններին: Ադրբեջանական ռազմարդյունաբերական համալիրի ծնունդ «հրաշք տեխնիկայի» նմուշները սեփական ժողովրդին ի ցույց դնելուց հետո Ալիև կրտսերը պետք է, չէ՞, որ բարձրացնի «ղարաբաղատենչ» իր ժողովրդի ոգին` հայտարարելով. «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի 20%-ի օկուպացումը ժամանակավոր երևույթ է, և այն հավերժ տևել չի կարող: Ես միանգամայն վստահ եմ, որ ցանկացած ճանապարհով մեր տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Դրա համար մենք պետք է էլ ավելի ուժեղ լինենք»4: Ալիևը լավ էլ հասկանում է, որ անվտանգության գոտու տարածքների մի մասի վերադարձի ամենակարճ ճանապարհը ուժի չկիրառման մասին փաստաթղթերի ստորագրումը և դրանց կիրարկման միջազգային երաշխիքների ընդունումն է: Այս դեպքում, բնականաբար, Բաքուն իրեն կվարկաբեկի, որովհետև հօդս կցնդեն «հաղթական ու ազատագրական պատերազմների» մասին քարոզչական փուչիկները, անիմաստ կդառնան այն բոլոր ռազմական պրովոկացիաները շփման գոտում, որոնք բազմաթիվ երիտասարդների կյանքեր են խլել և, վերջապես, սեփական ժողովրդին այլևս հին «բայաթիով» քնեցնելու անհրաժեշտությունը կվերանա: Ադրբեջանական հանրությունն էլ մի օր հարց կբարձրացնի ալիևյան կլանի առջև, թե ուր և հանուն ինչի գնացին նավթադոլարները և ինչու ենք այսքան վատ ապրում, եթե ամեն ինչ այդքան «լավ» էր:


ԿԱԶԱՆԻՑ ՀԵՏՈ

Անհրաժեշտ է նշել, որ Կազանից հետո քննարկումներն ու վերլուծություններն այնքան առատ ու բուռն չէին, ինչպես նախօրեին: Պարզ էր, որ եթե այդքան թմբկահարված փաստաթուղթը չի ստորագրվել և կողմերը բաժանվել են ոչինչ չասող հայտարարության ընդունմամբ, ապա քննարկման թեման էլ, բնականաբար, պետք է լիներ հիասթափություն կոչվածը: ԱՄՆ պետդեպարտամենտը շտապեց իր ափսոսանքը (ավելի շատ հիասթափության էր նման) հայտնել Կազանում համաձայնության չգալու առիթով: Ֆրանսիական ԱԳՆ հայտարարությունն առավել լավատեսական էր, սակայն նախարար Ալեն Ժյուպեն «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում ասել է. «Ես, իհարկե, ողջունում եմ Ռուսաստանի, ՌԴ նախագահի ջանքերը, նա շատ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ և՛ Սոչիում, և՛ Կազանում: Բայց, այդուհանդերձ, այն, որ դա չի հանգեցրել որևէ արդյունքի, դա ցավալի է»5:

Առավել ցավագին ընդունվեց կազանյան անհաջողությունը ռուսական քաղաքական և վերլուծական շրջանակների կողմից: Ռուսական մամուլում և էլեկտրոնային կայքերում հայտնվեցին բազմաթիվ վերլուծություններ, որոնց գլխավոր լեյտմոտիվը Մեդվեդևի` որպես միջնորդի, ֆիասկոն էր: Վերլուծաբանների մի մասը պուտինյան «ամուր ձեռքի» քաղաքականությունից հրաժարվելով էր դա բացատրում, մեկ այլ հատված գտնում էր, որ կովկասյան առաջնորդների հետ պետք էր խոսել վերջնագրերի լեզվով, և արդեն բավ է նրանց հետ «լյա-լյա» անել, իսկ երրորդների կարծիքով` անհաջողության պատճառը Արևմուտքը, ի մասնավորի` ԱՄՆ-ն է, որն ամեն ինչ անում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար: Կարծիքներում ու եզրակացություններում հնչող գնահատականները նորություն չեն պարունակում և արտահայտում են այն բոլոր «հին ու բարի» մտայնությունները, որոնք եղել են ու կան ռուսական քազաքագիտության մեջ: Մի թեթև նրբերանգ է այստեղ ավելանում: Եզակի դեպք է, որ խախտելով ներքին պայմանավորվածությամբ սահմանված տաբուն` ռուս վերլուծաբանները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, չէի ասի վիրավորական, բայց տհաճ, Ռուսաստանի հետ «լյա-լյա» անելու մեջ են մեղադրում: Դուրս է գալիս, որ համանախագահող երկրները և հատկապես Ռուսաստանը, կաշվից դուրս գալով, հաշտեցման եզրեր են փնտրում, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն իրենց անհաշտ կեցվածքի պատճառով վիժեցնում են գործընթացը` մատի վրա խաղացնելով գերտերությունների հարգարժան նախագահներին: Ուրեմն այստեղից եզրակացություն. պետք է ավելի կոշտ պայմաններ առաջադրել կողմերին և նրանց հետ խոսել վերջնագրերի լեզվով: Ռուսական կողմին հասկանալը դժվար չէ, քանի որ Կազանից առաջ ռուսական միջնորդական առաքելությունը չափազանց շատ էր գովաբանվում, իսկ սպասելիքներն էլ, ինչպես վերը նշեցինք, մեծ էին: Ռուսական քաղաքական վերլուծաբանների մի զգալի հատվածը բավական սառը և օբյեկտիվ մոտեցում ցուցաբերեց այս եռակողմ հանդիպման արդյունքներին: Բայց ռուսական քաղաքական միտքն իրեն նման չէր լինի, եթե այնտեղ չլսվեր «վելիկոռուսական պատրիոտ» վերլուծաբանների ձայնը: Ռուսաստանի քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը, Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում անդրադառնալով կազանյան հանդիպմանը, նկատեց, որ բեկում չեղավ շատ պարզ մի պատճառով. «Հայկական կողմն իր դիրքորոշումն ունի, ադրբեջանականը` իր, և այդ դիրքորոշումներն ընդհանրապես չեն հատվում: Ինչպե՞ս կարելի է համաձայնության բերել երկու մարդկանց, որոնցից մեկն ասում է` դու հիմար ես, մյուսն էլ պատասխանում է` հիմարը դու ես: Ասենք` երկուսդ էլ հիմար եք, չգիտեմ, թե դա ինչքանով կօգնի»6: Պ-ն Միխեևը, հավանաբար, ծանոթ է իր երկրի ԱԳՆ հունիսի 23-ի հայտարարությանը և այնքան էլ միամիտ չէ և գիտի, թե իր հիշատակած երկու մարդիկ ինչու էին գնացել Կազան և ինչ սպասելիքներ ուներ իր երկրի նախագահը: Դրսում թշնամիներ ու չկամեցողներ փնտրելու ռուսական մենթալությունը միշտ էլ ավելի բարձր է եղել ու կա ռուսական քաղաքագիտական շրջանակներում: Այսօր, երբ հետին թվով որոշ ռուսական վերլուծաբաններ հայտարարում են, թե ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևը «վերջնագիր» է ներկայացրել հակամարտող կողմերին, մտածո՞ւմ են արդյոք, որ նույն այդ երկու կողմերը պարզապես չեն հարգի «հեռացող» նախագահի վերջնագիրը: Նույն այդ վերլուծաբաններից շատերը ռուսական ԶԼՄ-ներում չեն հոգնում հայտարարելուց, որ նախագահ Մեդվեդևը նորից չի առաջադրվելու և նա ժամանակավոր դերակատար է: Իսկ եթե նույն այդ քաղաքական վերլուծաբանները լինեին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների տեղը, արդյո՞ք կընդունեին այսպիսի «վերջնագիրը»: Նախ, չեմ կարծում, որ եղել է «վերջնագիր», և երկրորդ` «վերջնագիր» ներկայացնողների քաղաքական կշիռը նվազեցնողը ոչ թե հայկական կամ ադրբեջանական կողմերն են, այլ իրենք` ռուսական շրջանակները: Սեփական ներքին խոհանոցում կարգավորումների հասնելու փոխարեն, կարծում եմ, պետք չէ հակամարտող կողմերի ղեկավարներին մեղադրել, մեղմ ասած, խռովկան կեցվածք որդեգրելու մեջ: Եվ երկրորդ. «Երկուսդ էլ հիմար եք» արտահայտություն անելուց առաջ չպետք է շինծու պարիտետ խաղալ: Կան բաներ, որոնք չես կարող ասել մինչև վերջ, որովհետև անպայման սխալ կհասկացվես, և քեզ վրա կբարդեն չեղած մեղքեր, բայց որ մոսկովյան դիվանագիտության որդեգրած պարիտետի քաղաքականությունն արդեն վաղուց սպառել է իրեն ու պատմական անախրոնիզմ է, անհերքելի փաստ է:

 ՀՀ ԱԳ նախարարը պարզ հայտարարեց, որ ադրբեջանական կողմն առաջարկել է շուրջ տասը փոփոխություն երկուստեք պայմանավորվածությունների մեջ: Ինչո՞ւ ՌԴ պաշտոնական մարմինները դրանք չհերքեցին կամ էլ չհաստատեցին, որովհետև գորբաչովյան կեղծ պարիտետի նախաբարդույթը գործում է մինչև այսօր: Եկեք մեկ-մեկ էլ իրերն իրենց անունով կոչենք, ինչքան էլ որ մեր ռազմավարական դաշնակիցը չի սիրում դա անել:

Վերադառնանք պ-ն Միխեևի տրամաբանությանը: Չեք ուզում ռուսական միջնորդությունը (իսկ ո՞վ ասաց, որ չենք ուզում, մարդն ինքը հարցնում, ինքն էլ պատասխանում է), ապա կօգտվեն երրորդ ուժերը` հանձին ԱՄՆ-ի: Այստեղ ամերիկացիները կիրականացնեն իրենց աշխարհաքաղաքական ծրագրերը:

Միխեևը նկատեց, որ անտեղի է մեղադրել Ռուսաստանին` որպես միջնորդի, թե առաջընթաց չի գրանցվում: «Ռուսաստանը մեղավոր չէ, Ռուսաստանը կապ չունի, որ կողմերի դիրքորոշումները չեն համապատասխանում: Ասում են` կկանչենք ամերիկացիներին. կանչեք, առանց այն էլ նրանք տարածաշրջանում են: Կանչեք, եթե խաղաղություն չեք ուզում, քանզի ամերիկացիները սովոր են ամեն տեղ քաոս ստեղծել, մինչ օրս նրանք որևէ հակամարտություն չեն կարգավորել: Մենք և դուք նրանց համար փորձաճագարներ ենք»: Թե ով և ինչու է ամերիկացիներին բերել կամ «ներս թողել» տարածաշրջան, պ-ն Միխեևը բարի թող լինի հարցնել ոչ թե կովկասցիներին կամ հայերին ու ադրբեջանցիներին, այլ իրենց քաղաքական էլիտային: Մեծ Կովկասն իր ռազմավարական հետաքրքրությունների գոտի կամ տարածաշրջան հայտարարած երկիրը, եթե չունի հստակ քաղաքականություն երկրամասի խնդիրների նկատմամբ, եթե ցայսօր տարածաշրջանին նայում է «մեծ եղբոր» և «անկախ արբիտրի» բարձունքից և եթե նույնիսկ իր կազմում գտնվող կովկասյան տարածքներում չի կարող նորմալ հանդուրժողականության միջավայր ստեղծել, ապա ամերիկացիներն էլ, անգլիացիներն էլ, ֆրանսիացիներն ու զանազան եվրակառույցները միասին դուրս կմղեն Ռուսաստանին Կովկասից: Իսկ ինչ վերաբերում է «քսան տարվա լյա-լյաներին», գոնե մեր երկիրը ՌԴ-ի հետ ոչ մի հարցում «լյա-լյա» չի երգել, ա՛յ, պ-ն Միխեևին կարելի է հարցնել, թե ինչու են իր երկրում մեր նկատմամբ քրդի «լո-լո» երգելով` մեր «ոխերիմ հարևանին» վաճառում C-300 համակարգեր... Եվ միանգամայն ճշմարիտ է նկատում պ-ն Բեքարյանը, թե ինչու մեր ռազմավարական դաշնակիցը երբեք և ոչ մի պարագայում չի հիշատակում «Թուրքիայի վատ, ապակայունացնող ազդեցության մասին» ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում:

Վերն արդեն նշեցինք, որ հայկական քաղաքական շրջանակներում կազանյան հանդիպումից հետո շատերն առանց այլևայլության հայտարարեցին, թե իրենք էն գլխից էլ գիտեին, որ ոչինչ չի ստորագրվելու, և այս եռակողմ հանդիպումը կավարտվի հերթական «անմեղ» փաստաթղթով: Առավել հետաքրքիր էր ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի գնահատականը կազանյան հանդիպման արդյունքներին և ադրբեջանական կողմին զիջումների սահմանագծերի մասին:

Իսագուլյանը նշում է, որ 1998թ. Հայաստանը, Ադրբեջանի վախը չեզոքացնելու համար բանակցությունների ձևաչափից դուրս թողեց ԼՂՀ-ին և Հայաստանը ներկայացրեց թե՛ իրեն, թե՛ ԼՂՀ-ն: «Սրանից հետո էլ Ադրբեջանի դիրքորոշումը չփոխվեց, և Ադրբեջանը Հայաստանին միջազգային հանրությանը ներկայացրեց որպես ագրեսոր, ԼՂ խնդիրը` որպես կոնֆլիկտ երկու կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի միջև, մոռանալով, որ հիմնական հակամարտող կողմը ԼՂՀ-ն է»,- նշեց Իսագուլյանը: Նա նաև հավելեց, որ եթե Ադրբեջանը նպատակ ունի ձգձգել բանակցությունները` ստրատեգիական առումով Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար, ապա նրա ջանքերն իզուր են: Հայաստանն, ըստ նրա, հասել է այն սահմանին, որից այն կողմ այլևս զիջումը հարցականի տակ կդնի ԼՂ անվտանգությունը: Իսկ Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ արձանագրվեց սահմանը, որից այն կողմ Հայաստանն այլևս չի կարող գնալ զիջումների»7:

Ամփոփելով նշենք, որ հակամարտության կողմերը, փաստորեն, չկարողացան, իսկ Ադրբեջանի դեպքում նույնիսկ բացահայտ չուզեցին հաղթահարել զիջումների սահմանված նշաձողը: Բայց որ բանակցային գործընթացը մտել է նոր և, իմ կարծիքով, առավել ծանր շրջափուլ, հստակ է: Եվ եթե հավատանք Ա.Ժյուպեին, Մինսկի խմբի համանախագահների կողմից «Ղարաբաղյան հակամարտության կողմերին լրացուցիչ առաջարկներ են արվելու` այդ հարցում համաձայնության հասնելու համար»8, ապա դա անպայման կտեսնենք: Եթե ոչ` ստատուս քվոն մեզ լիովին բավարարում է:

Ինչպես ասում են, կապրենք` կտեսնենք:

 

1http://www.azatutyun.am/content/article/24239122.html

2http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1418300.html

3http://regnum.ru/news/fd-abroad/azeri/1419033.html

4Նույն տեղում

5http://news.am/arm/news/65289.html

6http://1in.am/arm/regional_expert_24778.html

7http://news.am/arm/news/65187.html

8http://news.am/arm/news/65289.html

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am