Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Տնտեսություն

Տնտեսություն
Հունիս 2011, N 6

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Ավետիս Բաբաջանյան, www.nationalidea.am կայքի խմբագիր

Վերականգնվող էներգետիկան և էներգախնայողությունն արդի աշխարհի շարժիչ գաղափարներն են դարձել: Մինչև վերջերս ընդունված էր այն կարծիքը, թե վերականգնվող էներգետիկան ավելի շուտ բնապահպանական, քան տնտեսական նշանակություն ունի, քանզի չկար այն մտայնությունը, թե տեսանելի ապագայում վերականգնվող էներգետիկան կարող է լուրջ այլընտրանք լինել էներգիայի արտադրության ավանդական մեթոդներին:

Անցյալ տարի Մեքսիկական ծոցում նավթարդյունահանման աշտարակի վթարը ցույց տվեց, թե ինչ գլոբալ էկոլոգիական վտանգ է ներկայացնում նավթի արդյունահանումը, այս տարվա մարտին տեղի ունեցած ճապոնական երկրաշաժը և Ֆուկուսիմայի աղետն ակնհայտ դարձրին, որ ածխաջրածիններին փոխարինելու կոչված ատոմային էներգետիկան ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ածխաջրածինների արդյունահանումից և այրումից առաջացող բոլոր թունավոր գազերն ու նյութերը` միասին վերցրած: Հիմա ամբողջ աշխարհը հայացքն ուղղել է վերականգնվող կամ «կանաչ» էներգիային:

Օրերս մասնակցում էի Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը: Հիմնադրամի անվանումից կարելի է կարծել, թե Հայաստանն ինչ-որ կերպ կապված է այն խնդիրների հետ, որոնցով ապրում է արդի աշխարհը: Մինչդեռ հիմնադրամը դրամաշնորհային է և գոյություն ունի բացառապես Համաշխարհային բանկի և նման կազմակերպությունների ֆինանսական ներարկումների շնորհիվ: Այս կազմակերպությունները սովորաբար դոնոր են անվանում, այսինքն` այն պահին, հենց որ դրանք դադարեցնեն արյուն (տվյալ դեպքում` դոլար) մատակարարել, իրենցից սնվող օրգանիզմը կդադարի գոյություն ունենալ: Իսկ այն օրգանիզմները, որոնք ապրում են ոչ թե իրենց, այլ ուրիշի արյան հաշվին, սովորաբար մակաբույծ են կոչվում: Բայց մեր խնդիրն այս կազմակերպությունը չէ, այլ այն, որ Հայաստանում չկա ներքին պահանջարկ կամ հետաքրքրություն վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության նկատմամբ: Փաստն այն է, որ միջազգային կազմակերպությունները հսկայական ջանքեր են գործադրում, միջոցներ ծախսում, որ Հայաստանն ինչ-որ առնչություն ունենա աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, մաս կազմի դրանց կամ գոնե տեղեկացված լինի դրանց մասին, բայց արդյունքը չափազանց փոքր է: Հայաստանում վերականգնվող էներգետիկային նայում են ֆուտուրիստական պրիզմայով, հեռու ներկա իրականությունից: Դրա մասին կարելի է խոսել, քննարկումներ կազմակերպել, ալմանախներ տպագրել, բայց լուրջ չընկալել:

Վերականգնվող էներգիան արևի, քամու, հոսող ջրի, երկրակեղևի կամ, ինչպես ընդունված է անվանել, գեոթերմալ էներգիան էլեկտրական էներգիայի վերածելու տեխնոլոգիաներն են, ինչպես նաև տարբեր տեխնիկական մշակաբույսերից բենզինին ու դիզվառելիքին փոխարինող վառելանյութի, գյուղատնտեսական արտադրության թափոններից` բիոգազի արտադրությունը: Որ էներգիայի արտադրության այս միջոցները կարող են լիովին փոխարինել էներգիայի ավանդական աղբյուրներին, միանշանակ է. համարվում է, որ Երկրի մակերևույթ հասնող արևի էներգիան 10 հազար անգամ ավելի շատ է այն էներգիայից, որն անհրաժեշտ է մարդկանց ներկայիս էներգետիկ կարիքները հոգալու համար: Ուղղակի գոյություն ունեցող տեխնոլոգիաները խնդիրն ամբողջովին լուծելու հնարավորություն չեն տալիս և միաժամանակ ավելի մեծ կապիտալ ներդրում են պահանջում, քան, ասենք, նավթի, գազի և քարածխի արդյունահանումը: Օրինակ, արևի էներգիան էլեկտրականի վերածող սարքերի ՕԳԳ-ն չի անցնում 20 տոկոսը և համարվում է չափազանց թանկ: Այդ տեխնոլոգիաները, սակայն, անընդհատ նորացվում են, վերականգնվող էներգետիկան համարվում է ինովացիոն տնտեսության դինամիկ զարգացող ուղղություններից մեկը: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, որը վերջերս կառավարության հաստատմանն էր ներկայացրել Հայաստանի ինովացիոն տնտեսության զարգացման հայեցակարգը, հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում խոսելով վերականգնվող էներգետիկան Հայաստանում զարգացնելու հնարավորությունների մասին` բացատրում էր, որ դա այնքան էլ հեռանկարային ուղղություն չէ:

Ինչու Հայաստանի էկոնոմիկայի նախարարն այնքան էլ հեռանկարային չի համարում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, որով Հայաստանը պետք է որ ամենաշահագրգռվածը լիներ: Հայաստանի ընդերքը զուրկ է արդյունահանվող նավթից, գազից և քարածխից, էներգակիրները բացառապես ներմուծվում են, և ցանկացած աշխարհաքաղաքական ցնցման դեպքում դրանց ներմուծումը կարող է դադարել` հանգեցնելով նոր էներգետիկ ճգնաժամի: Բացի այդ, էներգակիրների մեծաքանակ ներմուծումը բացասական ազդեցություն է թողնում երկրի վճարային հաշվեկշռի վրա: Հայաստանի կառավարությունը որոշակի քայլեր իրականացրել է վերականգնվող էներգետիկայում ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Մասնավորապես, պետությունը պարտավորեցնում է էներգաբաշխիչ ցանցերին` գնել վերականգնվող էներգիայով աշխատող էլեկտրակայանների արտադրանքը, այն էլ արտոնյալ գնով` 22,8 դրամ 1 կվտ/ժ-ի համար: Արտոնյալ և երկարաժամկետ վարկային միջոցներ են տրամադրվում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրողներին: Բայց սա վերաբերում է բացառապես փոքր ՀԷԿ-երին: Վերջին մի քանի տարիներին Հայաստանում կառուցվել են հարյուրից ավելի հիդրոէլեկտրակայաններ, ինչը զգալի տեղաշարժ է Հայաստանի էներգետիկ շուկայում: Բայց ՀԷԿ-երի հզորությունը խիստ սահմանափակ է, բացի այդ, անհնար է անընդհատ ավելացնել դրանց քանակը: ՀԷԿ-երի արտադրած էներգիան նաև բացասական ազդեցություն է թողնում գյուղատնտեսության վրա, քանի որ դրանց սեփականատերերը փոխում են գետերի հունը` դաշտերը զրկելով ոռոգման ջրից: Էկոլոգիական առումով ևս ՀԷԿ-երն անթերի չեն, քանի որ հիդրոտուրբինները խոչընդոտում են գետերում ապրող ձկների և կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների ազատ տեղաշարժը և բնական կենսագործունեությունը:

Վերականգնվող էներգետիկայի մյուս ուղղությունները սաղմնային վիճակում են: Հայաստանի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս հսկայական էներգիա ստանալ քամուց: Իրանական դրամաշնորհով Պուշկինի լեռնանցքում տեղադրվել են երեք հողմային տուրբիններ` 2,6 մվտ հզորությամբ: Սա պետք է փորձնական քայլ լիներ ներդրողներին խրախուսելու համար, բայց մինչև հիմա տեսանելի քայլ այս ուղղությամբ չի արվել, թեև կան ճշգրիտ ուսումնասիրություններ Հայաստանի հողմային ռեսուրսների վերաբերյալ:

Հայաստանի մի քանի մասնավոր հաստատություններ, ինչպես, ասենք, մամոգրաֆիայի կենտրոնը կամ Հայաստանի ամերիկյան համալսարանը, շենքերի տանիքներին տեղադրել են արևային ֆոտովոլտայիկ կայաններ, որոնց հզորությունը չի ծածկում այդ հաստատությունների ծախսերի նույնիսկ 10 տոկոսը, Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերից մեկը ջեռուցվում է երկրի ընդերքից կորզվող ջերմության հաշվին, Լուսակերտի թռչնաֆաբրիկայում արդեն երկու տարի շահագործվում է թռչնաղբից կենսագազի ստացման կայանը: Բայց սրանք ընդամենը բացառիկ օրինակներ են և զանգվածային կիրառություն չունեն: Սա նույնն է, թե ժամանակակից պայմաններում Երևանի փողոցներում երթևեկեին ձիակառքեր և հայտնի լինեին երեք-չորս ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաներ: Համեմատության համար նշենք, որ Չինաստանում 2008թ. տվյալներով աշխատում էր կենսագազի 30 միլիոն կայան, պատկերը նույնն է Հնդկաստանում, Վիետնամում: Ավելորդ է խոսել եվրոպական երկրների մասին. այստեղ ամբողջ քաղաքներ հրաժարվում են ավանդական էներգետիկայից, իսկ հանրային տրանսպորտը լիցքավորվում է վերականգնվող էներգառեսուրսներով: Մեր հարևան Թուրքիայում պետական աջակցությամբ նույնիսկ գյուղերում տեղադրվում են ջրային տաքացուցիչներ: Սա էներգախնայողության ամենատարածված և մատչելի ձևերից է. ջրատաքացուցիչներն ամբողջ տարվա ընթացքում ապահովում են տաք ջուր լոգարանում, խոհանոցում և նույնիսկ ջեռուցում բնակարանը: Այսպիսով, մի կողմից գյուղացիական տնտեսությունը զգալի միջոցներ է խնայում, որը ծախսում է իր տնտեսության այլ կարիքների համար, մյուս կողմից` պետությունը խնայում է այն միջոցները, որ պետք է ուղղեր վառելիքի ձեռքբերմանը, էներգիայի արտադրությանը և տեղափոխմանը: Թուրքիան ևս էներգակիրներ ներմուծող երկիր է, բայց, ի տարբերություն Հայաստանի, փորձում է հնարավորինս կրճատել այդ ներմուծումը` մեծացնելով էներգետիկ անկախությունը:

Ինչո՞ւ այն, ինչ հնարավոր է ամբողջ աշխարհում, անհնար է Հայաստանում: Մի՞թե այսքան պարզ և տարրական ճշմարտությունները հասանելի չեն մեր գիտակցությանը: Ինչո՞ւ, օրինակ, հնարավոր է Ալժիրում կառուցել 500 մվտ հզորությամբ արևային էլեկտրակայան, ինչո՞ւ Եգիպտոսում հնարավոր է գյուղացիների համար կառուցել արևային էներգիայից սնվող պոմպակայաններ, որոնք փոխարինում են ավանդական դիզելային շարժիչով աշխատող պոմպակայաններին, իսկ Հայաստանը, որ զգացել է 1990-ականների էներգետիկ ճգնաժամի ազդեցությունը, գիտե, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ ներմուծվող էներգառեսուրսների ներմուծման խափանումը, ոչ մի իրական քայլ չի կատարում այդ ուղղությամբ: Գուցե ասեն` պատճառը Հայաստանի ֆինանսական սահմանափակ հնարավորություններն են. այսինքն` մեր երկիրը չունի բավարար ֆինանսական միջոցներ վերականգնվող էներգետիկայում ներդրումներ կատարելու համար: Իսկապես, վերականգնվող էներգետիկան նախնական մեծ ներդրումներ է պահանջում և, ի տարբերություն փոքր ՀԷԿ-երի, որոնք կառուցվում են մասնավոր ներդրողների միջոցներով, արևային էլեկտրակայան հնարավոր չէ կառուցել մեկ-երկու միլիոն դոլարով: Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն, օրինակ, հաշվել է, որ Հայաստանում կա համապատասխան մաքրության սիլիցիում ֆոտովոլտայիկ էլեմենտներ արտադրելու համար, բայց դրա համար անհրաժեշտ է 200-230 միլիոն դոլարի ներդրում:

Բայց եթե Հայաստանը չունի միջոցներ վերականգնվող էներգետիկայում ներդրումներ կատարելու համար, ապա որտեղի՞ց միջոցներ նոր ատոմակայան կառուցելու համար, որով այդքան հրապուրված է Հայաստանի իշխանությունը: Թեև հայկական նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ գումարի չափը չի հայտարարվում, բայց պարզ է, որ մի քանի միլիարդ դոլարի ներդրում կպահանջվի: Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ այդ միջոցները հնարավոր է գտնել դրսում, օտարերկրյա կառավարությունների և ներդրողների միջոցով: Որքանո՞վ է այսօր իրատեսական ակնկալել, որ օտարերկրյա կապիտալը կարող է ներդրումներ կատարել նոր ատոմակայանի շինարարության մեջ, երբ բազմաթիվ երկրների կառավարություններ որոշումներ են կայացնում ընդհանրապես ատոմային էներգետիկայից հրաժարվելու մասին: Թե՛ Գերմանիայի, թե՛ Ճապոնիայի կառավարություններն ատոմային էներգիայի այլընտրանք են համարում վերականգնվող էներգետիկան: Կասկածից վեր է, որ եթե Հայաստանն ուզում է ունենալ նոր էներգետիկ հզորություններ, որոնք կփոխարինեն հին ատոմակայանին կամ ներմուծվող վառելիքով աշխատող ջերմակայաններին, ապա անհամեմատ ավելի հեշտ է ներդրողներ գտնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Ներդրում կատարելով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում` աշխարհը դրանով ներդրում է կատարում համընդհանուր էկոլոգիական խնդիրների լուծման գործում, ինչպիսին գլոբալ տաքացումն է, ինչը հետևանք է ածխաջրածինների անվերահսկելի կիրառության:

Հայաստանի` համաշխարհային միտումներին ընդառաջ գնալ չկարողանալու պատճառներից հիմնականը տոտալ էներգետիկ կախվածությունն է Ռուսաստանից: Հայաստանի էներգետիկան ամբողջովին, բացառությամբ փոքր ՀԷԿ-երի, ռուսական սեփականություն են: Ատոմակայանի հումքը, ինչպես նաև ՋԷԿ-երում վառվող գազը Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից: Ռուսներին է պատկանում նաև Հայաստանի գազամատակարարման համակարգը: 2000թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը հայտարարում էր, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է մինչև 2025թ. ազատվի Մերձավոր Արևելքի նավթային կախվածությունից: Արդյոք հնարավո՞ր է պատկերացնել, որ Հայաստանի նախագահը կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյա, որն իրավասու է այս ոլորտում որոշումներ կայացնել, հայտարարի, թե Հայաստանի առջև խնդիր կա առաջիկա 15-20 տարիների ընթացքում ազատվել Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունից:

Ի՞նչ տեղի կունենա, եթե Հայաստանը կառավարական մակարդակով աջակցի երկրում վերականգնվող էներգետիկայի կամ էներգախնայող տեխնոլոգիաների զարգացմանը և մասսայականացմանը: Ենթադրենք` Հայաստանը հատուկ հարկային քաղաքականության միջոցով խրախուսում է արևային ջրատաքացուցիչների ներմուծումը կամ արտադրությունը և արդյունքում դրանք զանգվածային կիրառություն են գտնում: Բայց դա միանգամից հարվածելու է Հայռուսգազարդի շահերին, քանի որ գազի սպառման ծավալները զգալիորեն կնվազեն: Բնական է, որ կառավարությունը դա թույլ տալ չի կարող, քանի որ դրանով կհարվածի ռուսական հսկային և նրա հետևում կանգնած ուժերին:

Հայաստանի հողային ֆոնդի մեծ մասը չի մշակվում, քանի որ արտադրված ապրանքը սպառում չի գտնում: Վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամն առաջարկում է սկսել այնպիսի բույսերի մշակություն, որոնցից հնարավոր կլինի ստանալ բիոէթանոլ, որը խառնվում է բենզինին` բարձրացնելով նրա օգտակար գործողության գործակիցը: Շատ չէ, բայց այդ ճանապարհով հնարավոր է 10-20 տոկոսով կրճատել վառելիքի ներմուծումը և լուծել գյուղացիների զբաղվածության խնդիրը: Բայց Հայաստանում նման քայլը կարող է դուր չգալ վառելիքի ներմուծմամբ զբաղվող մոնոպոլիստներին:

Հայաստանի տնտեսությունն այնքան է կախված մոնոպոլիաներից և դրանց հետևում կանգնած անձանց քմահաճույքից, որ նույնիսկ ամենաարդյունավետ ու հեշտ կիրառելի լուծումներն անհաղթահարելի են թվում:

Օրերս ճարտարագիտական համալսարանի աշխատակիցներից մեկը պատմում էր, թե ինչպես է ամեն օր մի քանի հարյուր տոննա օրգանական պարարտանյութ թափվում Քասախ գետը: 2009թ. Լուսակերտի թռչնաֆաբրիկային կից կառուցվեց թռչնաղբից կենսագազի ստացման կայանը: Արդյունքում` թռչնաղբը վերածվում է բարձրաժեք և, որ ամենակարևորն է, օրգանական պարարտանյութի: Բայց այն, Հայաստանի դաշտերը պարարտացնելու, ցանքատարածությունների բերքատվությունը բարձրացնելու փոխարեն, թափվում է ձորը: Որևէ նորմալ երկրում դա կհամարվեր հանցագործություն, և այն կատարողները, հաստատ, եթե ոչ քրեական, ապա գոնե ֆինանսական պատժի կենթարկվեին: Բայց ո՛չ Հայաստանում. որովհետև Հայաստանում կա պարարտանյութի ներմուծման մոնոպոլիա, և բոլոր նրանք, ովքեր կփորձեն խախտել այդ մոնոպոլիան, կարող են խիստ ափսոսալ դրա համար: Այնպես որ` պետք չէ Հայաստանում զբաղվել այնպիսի գաղափարներով, որոնք գործնական կիրառություն չեն կարող գտնել: Դրանք մթագնում են մարդկանց գիտակցությունը:

 

Հետգրություն

Աշխարհում այսպիսի կարգախոս կա. ուրախացիր, որ արև է շողում, քանի որ հնարավոր է էներգիա ստանալ, ուախացիր, որ քամի է փչում, քանի որ դրանից կարելի է էներգիա ստանալ, ուրախացիր, երբ անձրև է գալիս, քանի որ դա կարելի է վերածել էներգիայի: Հայաստանում նման բաների վրա չեն ուրախանում, քանի որ դրանք ավելի շուտ տարերային աղետների, քան էներգիայի աղբյուր են:


 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am