Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Հունիս 2011, N 6

ՄԱՐԿՈ ՖԵՐԵՐԻՆ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՀԱՅԱՑՔ 1973 ԹՎԱԿԱՆԻՑ

(ԿԱՄ` «ՄԵԾ ԽԺՌՈՒՄԸ»` ՀԱՅԱՎԱՐԻ)*

Ալեքսանդր Գարեգինյան, հրապարակախոս

Անցյալ հարյուրամյակի 60-ականների իտալական կինոյի «նոր ալիքն» ի հայտ բերեց արտասովոր օժտվածության տեր երեք ռեժիսորների` Պիեռ Պաոլո Պազոլինի, Էտորե Սկոլա և Մարկո Ֆերերի: Բացի զուտ ստեղծագործական, կինեմատոգրաֆիական բնույթի նմանությունից` նրանց միավորում է նաև վառ արտահայտված քաղաքացիական դիրքորոշումը, որն իր արտացոլումն է գտել այս ականավոր իտալացիների բոլոր ֆիլմերում: Վաթսունականների ստեղծագործողների այս եռյակը քաղաքականության մեջ ձախ հայացքների կրող էր. նրանք իրենց կինոնկարներում առավելագույն չափով նատուրալիստական և բացահայտ ձևով էին ցուցադրում բուրժուական հասարակության բացերը:

Անկեղծ ասած` այս եռյակը կարելի էր նվեր անվանել խորհրդային գաղափարախոսության և անձամբ ընկեր Միխայիլ Սուսլովի համար, քանի որ աշխարհում որևէ այլ բան չկար, որը կարողանար այդքան ահռելի զզվանք առաջացնել բուրժուական իրականության հանդեպ. իտալական «նոր ալիքի» ներկայացուցիչների արվեստը` հանրային գիտակցության վրա իր ազդեցությամբ, ավելի ուժեղ էր քաղաքական բոլոր ձախ ուսմունքներից` ներառյալ մարքսիզմը, ստալինիզմը, մաոիզմը և այլն: Սակայն էրոտիկայի առատությունը նրանց ֆիլմերում հնարավորություն չէր թողնում խորհրդային գրաքննությանը` թույլ տալ, որպեսզի վաթսունականների իտալացի ռեժիսորների ֆիլմերը մտցվեն խորհրդային պրոկատ, և եթե չլիներ այս էական հանգամանքը, ապա կարելի էր ենթադրել, որ Պազոլինիի, Սկոլայի և Ֆերերիի ֆիլմերը չէին իջնի խորհրդային էկրաններից:

Անշուշտ, մեծ իտալացիների արվեստը, չնայած նրանց ֆիլմերն արգելվում էին ԽՍՀՄ-ում, լայնորեն հայտնի էր խորհրդային մտավորականության շրջանում. խորհրդային կինոքննադատությունը նույնպես դրանց մասին բարեհաճ տոնով էր արտահայտվում, թեև, իհարկե, քաղաքականացվածության բավական մեծ չափաբաժնով, հաճախ անտեսելով ստեղծագործական պահը: Ասում են` Սուսլովն ինքը միշտ պատվիրում էր վաթսունականների իտալացի կինոռեժիսորների ֆիլմերը` անձամբ դիտելու համար և մեծ կարծիք ուներ նրանց մասին: Դա միանգամայն բնական է, քանի որ ուսյալ մարդը չի կարող անտարբեր մնալ կինոյի այդ մեծ վարպետների արվեստի նկատմամբ:

1973թ. Մարկո Ֆերերին1 Ֆրանսիայում նկարահանեց իր ամենահայտնի ֆիլմերից մեկը. այն կոչվում էր «Մեծ խժռում» (La grande bouffe): Գլխավոր դերերում հանդես էին գալիս եվրոպական և համաշխարհային կինոյի աստղերը` Մարչելո Մաստրոյանի, Միշել Պիկոլի, Ուգո Տոնյացի, Ֆիլիպ Նուարե: Կինոնկարը բուռն հիացմունք և վրդովմունք, զմայլանք և տարակուսանք առաջացրեց: Հասկանալի է` զուտ կինեմատոգրաֆիական տեսակետից Ֆերերիին ոչ ոք որևէ բանում չէր կշտամբում («Մեծ խժռումը» օպերատորական առումով կարելի է ուսումնական ձեռնարկ համարել), իսկ քննադատությունը հիմնականում գաղափարական բնույթի էր: Հիշեցնենք, որ անցյալ դարի 60-ականների վերջի – 70-ականների սկզբի Եվրոպայում գերիշխում էին ձախ տրամադրությունները, և ձախ մամուլը հիացմունքով ընդունեց ֆիլմը: «Մեծ խժռումը» համարում էին կապիտալիստական աշխարհի կործանման գուշակություն, գրում էին, թե Ֆերերին այդ ֆիլմը նկարահանել է «սպառողական հասարակության» կարգերի ու բարքերի հրեշավոր մերկացման համար. մի խոսքով` ֆիլմն այն ժամանակվա հանդիսատեսին բուրժուական հասարակության և դրանում տիրող բարքերի դեմ զենք էր թվում:

Անցավ ժամանակ, գրեթե 40 տարի, և այսօր «Մեծ խժռում» ֆիլմին նվիրված գրախոսականներն անմեղ մանկան թոթովանք են թվում: Միանշանակ կարելի է ասել մի բան. Ֆերերիի ֆիլմը հակակապիտալիստական, հակաբուրժուական ոչ մի տարր չի պարունակում, ավելին` Ֆերերին քաղաքական ոչ մի նպատակ չի հետապնդել, իսկ այն, ինչ տեսել են ժամանակին, հարկ է վերագրել այն ժամանակվա լսարանի քաղաքականացվածությանը: Կարծում ենք` ռեժիսորի ստեղծագործական և քաղաքացիական էներգիան ուղղված էին այլ բանի, այն է` ուղղված էին ՄԱՐԴՈՒՆ, ավելի ճիշտ` մարդկային էության առավել իռացիոնալ, և հետևաբար` զզվելի կողմերին: Այս առնչությամբ հարկ է մի երկու խոսք ասել ֆիլմի բովանդակության մասին:

Ուրեմն, բավական ապահովված, ունևոր չորս համադամասեր ընկերներ (նրանցից մեկը դատավոր է, մարմնավորել է Ֆիլիպ Նուարեն) պատրաստվում են հանգստյան օրերն անցկացնել և, միևնույն ժամանակ, բնականաբար ուտել-խմել նրանցից մեկին պատկանող լքված առանձնատանը: Հսկայական քանակությամբ մթերք են առնում և սեղանի պատրաստություն տեսնում: Պատրաստությունն աստիճանաբար վերաճում է կերուխումի: Ընկերները բազմազանություն են ցանկանում. միայն ընտիր ուտելիքը նրանց չի բավականացնում, և նրանք անառակ կանանց են հրավիրում: Մարմնավաճառներն սկզբում հիացմունքով են ընդունում համադամասերների քառյակին, սակայն հետագայում նրանց զզվեցնում է այս չորսի մարդկային կերպարը: Նկատենք, որ անառակ կինը բավական ցածր բարոյական կատեգորիա է, և Ֆերերին հատուկ շեշտադրում է այն, որ անառակը զզվանք է զգում դատավորի հանդեպ և լքում է նրա ընկերակցությունը, այսինքն` չորս «արիստոկրատների» ստեղծած բարոյահոգեբանական մթնոլորտն անտանելի էր նույնիսկ անառակների համար: Համադամասերների հետ մնում է միայն մեկը, այսպես ասենք` «մտավորական» մի կին. փոքր-ինչ գիրուկ ուսուցչուհին, որը խժռումի մեջ հակաբնական ոչինչ չի տեսնում և բավականությամբ ժամանակ է անցկացնում համեղ կերակուր սիրողների հետ:

Այնուհետև խժռումն անցնում է բանական բոլոր սահմանները. ընկերները պատրաստում և փորձում են նորանոր կերակուրներ, մինչև որ նրանցից մեկը` Մարչելոն (Մարչելո Մաստրոյանիի հերոսը) գլխի է ընկնում, որ այդպես կարելի է նաև մեռնել, քանի որ անվերջ լափելը կարող է հանգեցնել օրգանիզմի թունավորման, որին կհետևի անխուսափելի մահը: Մի խոսքով` Մարչելոն որոշում է հեռանալ ընկերներից, նրանց ասում է, որ նրանք, լափելուց բացի, ուրիշ որևէ այլ բանի ընդունակ չեն և այլն, և այլն: Հեռանում է, իսկ առավոտյան համեղ ուտելիքների սիրահարներն իրենց ընկերոջը բակում մեռած են գտնում: Չիմանալով ինչ անել դիակի հետ` համադամասեր ընկերները (որոնց բանականությունն արդեն խանգարվել էր ուտելիքի հողի վրա) նրա մարմինը տեղավորում են խոհանոցում գտնվող մի ինչ-որ թափանցիկ պահարանում: Այնուհետև չափից շատ ուտելը սպանում է երկրորդ ընկերոջը` Միշելին: Երրորդը կյանքից հեռանում է Ուգոն, հետո` Ֆիլիպը: Մնում է միայն «ինտելիգենտ» ուսուցչուհին:

 

* * *

Համառոտ այս է ֆիլմի սյուժեն: Ժամանակին, ինչպես վերը նշվեց, կինոնկարն ընկալվեց իբրև «սպառողական հասարակության» քննադատություն, իբրև «բուրժուական հասարակության» կործանարար բարքերի ցուցադրում: Թե որքանով էր օբյեկտիվ նման մեկնաբանությունը, դժվար է ասել, քանի որ այսօր դատել 40-ամյա վաղեմության մտահանգումների մասին, երբ Եվրոպան վաղուց այլևս այն չէ, ինչպիսին էր 20-րդ դարի 60-70-ականներին, իրատեսական չի թվում և մեզ անպայման մոլորության մեջ կգցի: Այսօր կարելի է միանշանակ ասել, որ Ֆերերիի ֆիլմը, ինչպեսև արվեստի ցանկացած այլ ստեղծագործություն, ուղղված չէ կոնկրետ դարաշրջանի կոնկրետ հասարակությանը. Ֆերերիի ֆիլմն ուղղված է անառողջ հասարակությունում ապրող մարդուն, անառողջ հասարակական, միջանձնային հարաբերություններին, ինչպես նաև նախապաշարումներով ձևավորված կեղծ արժեքներին: Եվ ասվածը նկատի ունենալով` կարելի է ասել, որ «Մեծ խժռումը» ներկայիս հայ իրականության ֆենոմենալ արտացոլումն է: Փորձենք պարզել ասվածը և հիմնավորել այն:

Եվ այսպես, հայտնի է, որ ուտելիքը, ինչպեսև մարդու պահանջմունքները բավարարող բնական և ձեռքբերովի այլ բաներ, բարիք է: Այստեղից տրամաբանական կլիներ ենթադրել, որ որքան շատ բարիք, իսկ սույն պարագայում` որքան շատ ուտելիք, այնքան լավ: Իսկապես, ի՞նչ վատ բան կա սագի պաշտետ ուտելու մեջ, նրբահամ խորտիկ, որն էլ բերանում կյանքին հրաժեշտ է տալիս Ուգոն: Բնականաբար` ոչինչ; Բայց ինչպե՞ս է պատահում, որ բարիքից օգտվելը հանգեցնում է վատթարագույնին` մարդու մահվանը: Այս հարցի պատասխանը պարզ է. բնությունը մարդու օրգանիզմն այնպես է կառուցել, որ այն ժամանակի որոշակի հատվածում կարող է մարսել ընդամենը որոշակի քանակությամբ բարիքներ, հակառակ դեպքում օրգանիզմը մեռնում է:

 

* * *

Այժմ դիմենք հայ իրականությանը, որը, ինչպես վերն ասացի, Ֆերերիի ֆիլմն է իրականության մեջ:

Դիտարկենք հայ էլիտան և նրա կենսակերպն ու գործելակերպը, ինչն անմիջական առնչություն ունի երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական իրականության հետ: Քաջարի գեներալ Մանվել Գրիգորյան... Իրեն ազգի հերոս է համարում, իսկ ազգը չի համարձակվում բացահայտ հակառակվել և հավանություն է տալիս նրան, թեև միանգամայն այլ կարծիքի է այս հարցի վերաբերյալ: Նրան ունեցածը քիչ է թվում և էլ ավելին է ուզում. երկրի քաղաքական ղեկավարությունից պահանջում է, մեկն էլ չէ, երկու պատգամավորական մանդատ (որդու և կնոջ համար). ավելին` մտադիր չէ ուրիշի ձեռքը տալ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ավագ որդին, էլ չենք խոսում դատավոր դստեր և հսկայական ունեցվածքի մասին, որի 90%-ը ստվերում է գտնվում` ՀՀ քաղաքական ղեկավարության բարձրագույն թույլտվությամբ: Գալուստ Սահակյան` կորովի ու անկեղծ նժդեհական, բարու և արդարության գաղափարների նվիրյալ... Նրա համար քիչ են իր և աներձագի` Աշոտ Աղաբաբյանի պատգամավորական մանդատները, խորհրդարան է խցկել նաև որդուն, իսկ երկրորդին տեղավորել է փոխնախարարի պաշտոնում: Իսկ բոլորովին վերջերս պատգամավոր որդու համար համարյա թե նախարարական պորտֆել ձեռք գցեց (Արման Սահակյանը կառավարության որոշմամբ նշանակվել է պետական գույքի կառավարման վարչության պետ): ՀՀ բախտը բերել է, որ պրն Սահակյանը, ինչպեսև գեներալ Գրիգորյանը, քիչ տղաներ ունի, թե չէ ստիպված պիտի լիներ տեղավորել բոլորին: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նույնպես չի կարող բավարարվել նրանով, ինչ ունի, և ճակատագրից ավելին է պահանջում` եղբորը դասավորելով մայրաքաղաքի համայնքապետերից մեկի պաշտոնում: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկական հայ և, միևնույն ժամանակ, վտանգավոր ուղղության կասկածելի նացիոնալիստ լինելով2 (հիշենք պատմությունն այն մասին, թե ինչպես 100.000-անոց թղթադրամի վրա պատկերել տվեց օտար թագավոր Աբգար V–ին. վարչապետը դա արեց ամենաազնիվ մղումներով. որպեսզի ասորի Աբգարին հայ հռչակի, իսկ 2031-ին արդեն նշի Հայաստանում քրիստոնեության ընդունման 2000-ամյակը), չկարողացավ մի եղբորը որպես դեսպան չուղարկել Չինաստան, իսկ երկրորդին դարձրեց «Նաիրիտի» ղեկավարներից մեկը, էլ չենք խոսում այնպիսի մանրուքների մասին, ինչպիսին է նոտարի արտոնագիրը զարմուհու համար (ինչ է նոտարը և ինչպես են ձեռք բերում այդ արտոնագիրը` Հայաստանի քաղաքացիները լավ գիտեն) և ուրիշ շատ բաներ: Իսկ քաղաքականության մեջ իսկական «համադամասեր» է ամենայն հայոց առաջնորդ (Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ) Արա Աբրահամյանը Մալիշկա գյուղից (այժմ բնակվում է Մոսկվայում): Ուրբանիզացված այս ջենթլմենը կարողացել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր դարձնել բոլոր եղբայրներին, ընդ որում` նրանք բոլորը տարբեր խմբակցությունների անդամներ են (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ): Մի խոսքով` մոտավորապես այնպես, ինչպես կինոյում է (հիշենք «Սարոյան եղբայրներ» լեգենդար ֆիլմը)... Ո՞ր գեղջուկ տղան մանուկ հասակում չի երազել կինոյի և այն մասին, որ այդ կինոն իրականություն դառնա՛:

Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, բայց մենք դա չենք անի. հայերը տեղեկացված ազգ են և իրենց էլիտայի մասին ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ գիտեն: Բայց հայերը լավ չեն պատկերացնում, թե դեպի ուր են շարժվում` հայրենի էլիտայի կողմից առաջնորդվելով: Փորձենք դիտարկել ոչ հեռու ապագան:

 

* * *

Կարծում եմ` շատ շուտով նախագահ Սարգսյանը, որը քաղաքականության մեջ փոխզիջումների է հակված, հանրաքվե կնախաձեռնի և երկրի քաղաքացիներին կառաջարկի ինքնատիպ սահմանադրական փոփոխություններ` ուղղված բացառապես էլիտայի ներկայացուցիչների ախորժակի բավարարմանը: Բանն այն է, որ հայրենական «էլիտարները» մեծացող երեխաներ ունեն, որոնց էլ թոռներն են հաջորդելու, հետևաբար` մերձավոր ապագայի ազգային ռազմավարական խնդիրն է դառնալու նրանց արժանավայել աշխատանքի տեղավորելու հարցը, քանի որ Հայաստանում այն, ինչ կա, բավարար չէ և բոլորին չի հերիքի: Տրամաբանական կլինի ենթադրել, որ հանրաքվեին նախագահը կառաջարկի ավելացնել պատգամավորական տեղերը խորհրդարանում (ասենք` մինչև 600 ներկայիս 131-ի փոխարեն), ինչպես նաև վերանայել ՀՀ տարածքային բաժանումը` մարզերի թիվն ավելացնելու նպատակով (մոտ ապագայում Հայաստանի մարզերը կլինեն 36, այնքան, որքան շրջաններն էին խորհրդային տարիներին): Բնականաբար, ազգի համար օգտակար այս գործը կմտահղացվի բացառապես այն բանի համար, որ «էլիտարներն» իրար կոկորդ չկրծեն հանուն պատգամավորական մանդատների ու մարզպետական աթոռների, իսկ նախագահ Սարգսյանը պարզապես պարտավոր է կանխել էլիտայի ներկայացուցիչների եղբայրասպան պատերազմը, քանի որ հենց նա է, սահմանադրության համաձայն, ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավորը: Հիշեցնենք, որ այսօր արդեն խոսվում է խորհրդարանական երկրորդ պալատի` սենատի ստեղծման մասին, իսկ երկպալատանի խորհրդարանը փոքրիկ ունիտար պետությունում գրեթե նոնսենս է (բնականաբար, խորհրդարանի` ոչ մեկին պետք չեկող երկրորդ պալատը մտածվել է ոչ միայն սփյուռքի ախմախներին ներգրավելու, այլև հայրենական «էլիտարների» ընտանիքների անդամներին աշխատանքի տեղավորելու համար): Հետո արդեն կմտածեն նախարարությունների թիվը մեծացնելու մասին: Նշենք, որ այսօր արդեն Հայաստանում նախարարությունները մի քանի անգամ ավելին են, քան պահանջվում է (ուղիղ 18 նախարարություն` չհաշված այնպիսի գերատեսչությունները, ինչպիսիք են Ազգային անվտանգության ծառայությունը, Պետեկամուտների կոմիտեն, ոստիկանությունը, կադաստրի կոմիտեն և այլն), և ավելորդ նախարարությունները ստեղծվեցին ինչպես կոալիցիոն գործընկերների հավակնությունները սանձելու (ասենք` ԱԻՆ-ը Արթուր Բաղդասարյանի կուսակցության համար), այնպես էլ առանձնահատուկ «էլիտարներին» աշխատանքի տեղավորելու (սփյուռքի նախարարությունը Հրանուշ Հակոբյանի համար) նպատակով: Բայց նախարարությունները շուտով շատ ավելին կլինեն: Պետք է ենթադրել, որ մենք միանգամից մի քանի սփյուռքի նախարարություն կունենանք` եվրոպական սփյուռքի, ԱՄՆ և Կանադայի սփյուռքի, մերձավորարևելյան սփյուռքի, Հարավարևելյան Ասիայի, Ավստրալիայի և Օկեանիայի սփյուռքի, և այս նորարարությունը կբացատրվի նրանով, թե, իբր, տիկին Հակոբյանը չի հասցնում ներկա գտնվել հոբելյանական և սգո բոլոր խնջույքներին ու միջոցառումներին, դրա համար էլ անհրաժեշտ եղան մի քանի նախարարներ` այդքան կարևոր պետական առաքելությունն իրականացնելու համար: Կվերափոխեն նաև ԱԻՆ-ը. կունենանք հրդեհների գծով նախարարություն, ինչպես նաև հատուկ նախարարություն տարերային աղետների հետևանքները վերացնելու գծով: Թե ինչ կլինի ֆինանսների, արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարությունների հետ, դժվար է ասել, դրանց մասին պետք է մտածի ինքը` վարչապետ Սարգսյանն անձամբ, իսկ նրա մտքերի ընթացքն այնքան ինքնատիպ է, որ հասարակ մահկանացուն ի վիճակի չէ կանխատեսել կամ վերլուծել: Պետք է ենթադրել, որ քանիցս կավելանա սահմանադրական դատավորների գլխաքանակը (կաճի` հասնելով մինչև 36 հոգու), քանի որ էլիտար բալեքը հիմնականում իրավաբանական կրթություն են ստանում պրն Ղազինյանի3 ֆակուլտետում, քանի որ հիմնականում ուրիշ որևէ այլ բանի ընդունակ չեն: Դե, իհարկե, կբարեփոխվի նաև դատախազությունը. մենք երկու գլխավոր դատախազություն կունենանք` Առաջին Գլխավոր դատախազություն և Երկրորդ Գլխավոր դատախազություն, որոնք կգլխավորեն, համապատասխանաբար, Առաջին և Երկրորդ գլխավոր դատախազները, իսկ նրանց համարակալման կարգը, հավանաբար, կորոշվի վիճակահանությամբ:

Եթե որևէ մեկին թվում է, թե վերն ասվածի մեջ չափազանցություն կա, ապա խորհուրդ կտամ սպասել մի երկու տարի, և այդ ժամանակ նա այնպիսի բաների ականատեսը կդառնա, որ այսօր ոչ մեկի երևակայությունը չի բավականացնի գոնե մոտավորապես այն նկարագրելու համար: Բայց անցնենք հայրենական էլիտայի տնտեսական հավակնություններին:

 

* * *

Ինչպես հայտնի է, Հայաստանն աղքատ երկիր է, իսկ խոսակցությունները հայ ժողովրդի իբր ստեղծարար ու աշխատասեր բնույթի մասին, մեղմ ասած, առասպել դուրս եկան: Բայց աղքատ երկրում էլիտային փող է հարկավոր, ընդ որում` շատ փող, հետևաբար` դրանք պետք է ստեղծել: Բայց ինչպե՞ս: Շատ պարզ. լկտիաբար: Հիշենք, որ 2006թ. ցեմենտի տոննան արժեր 19.000 դրամ, իսկ այսօր ցեմենտ արտադրողներն այն վաճառում են մոտ 60.000-ով: Նշենք, որ անցած տարիներին ոչինչ չի փոխվել, բացի գազի գնից, որն ազդում է ցեմենտի ինքնարժեքի վրա աննշան չափով: Հայաստանում, որքան էլ տարօրինակ է, պարարտանյութերը, թունաքիմիկատները, համակցված կերը, գյուղտնտտեխնիկան ամենաթանկն են (Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և ԱՊՀ մասշտաբներով):Հայաստանում գործում են ամենաանբարո, հակամարդկային ծառայությունները (ԳԱԻ-ի նման)` ստեղծված միայն շորթելու համար. ողջ երկիրը հսկայական «արոտավայր» է ճանապարհային ոստիկանության տեսուչների համար, որոնց կյանքի իմաստն ու նպատակը դարանակալման հարմար դիրքեր գտնելն ու դրանցում համաքաղաքացիներին սպասելն է` նրանց հանդեպ դրամաշորթության, այսինքն` տարրական անարգանքի ակտեր իրականացնելու նպատակով: Վերջապես, Հայաստանում ամենաբարձրն են մաքսատուրքերը (հետևաբար նաև ներմուծվող ապրանքները), ամենաանբարոն են կադաստրային և նոտարական ծառայությունների սակագները (ասենք` սովորական տեղեկանքի համար, հենց տեղեկանքի, որը ծառայություն չի հանդիսանում, կադաստրի ծառայությունները գանձում են տասնյակ հազար դրամներ. ուշադրություն դարձնենք նաև այն բանի վրա, որ աշխարհում ուրիշ ոչ մի տեղ, նույնիսկ երրորդ և չորրորդ աշխարհում, բնակչությունից տեղեկանքի համար 100 դոլար չեն վերցնում, էլ չենք խոսում այն մասին, որ շատ հազվադեպ տեղերում են պահանջում մեր կադաստրի ծառայությունների նման տեղեկանքներ): Ուրեմն, ինչո՞ւ մենք բոլորս ունենք այս ամենը մեր իրականությունում: Դե, որովհետև աղքատ պետությունում, որը զուրկ է զարգացման ամեն տեսակ պոտենցիալից, պատկառելի ախորժակ ու տիեզերական հավակնություններ ունեցող էլիտան ստիպված բնակչությանն ընկալում է որպես եկամուտների հիմնական աղբյուր, քանի որ հարստանալու այլ հնարավորություններ չունի:

 

* * *

Մի քանի խոսք գանձագողության մասին, որը նույնպես տնտեսական գործունեության հետաքրքիր տեսակներից մեկն է ՀՀ-ում: Պետք է ասեմ, որ գանձագողությունը երկրում անհավանական մասշտաբների է հասել: Օրինակ, Արարատի քաղաքապետը, որն «Աբրիկ» լիրիկական մականունն ունի, արդեն մտել է անմեղսունակ գանձագողության փուլ. այն բանից հետո, երբ նրան հաջողվեց իր համար մասնավորեցնել գրեթե բոլոր մանկապարտեզները, սպորտային հաստատությունները և այն ամենը, ինչը հիփոթետիկորեն ենթակա է մասնավորեցման, սկսեց մասնավորեցնել այն, ինչը հիփոթետիկորեն մասնավորեցման ենթակա չէ. պրն Աբրիկն, օրինակ, սկսեց քաղաքապետարանի շենքի մասնավորեցման (մաս-մաս) գործընթացը (այսօրվա դրությամբ նրա սեփականությունն է հանդիսանում քաղաքապետարանի նիստերի դահլիճը, մյուս սենյակները կմասնավորեցնի քաղաքապետի ժողովրդավարական ընտրություններում տանելիք երկրորդ համոզիչ հաղթանակից հետո, որոնք կկայանան հուլիսի 3-ին): Կարծում եմ` պրն Աբրիկին ոչ մի դեպքում չի կարելի բանտ նստեցնել, անգամ եթե ողջ քաղաքն` իր թշվառ բնակչությամբ հանդերձ, ծախի, քանի որ պրն Աբրիկի տեղն ամենևին էլ բանտը չէ, այլ Էրմիտաժը կամ, առնվազն, Լուվրը. ապագա սերունդները պետք է իմանան, թե ինչ զավակներ (և հատկապես ինչու) է ծնել հայոց հին հողը` աշխարհի առաջին քրիստոնեական պետությունը, և երկարատև գիտական փորձարկումների հիման վրա, ես կարծում եմ, ապագայի գիտնականներին կհաջողվի պարզել Հայաստանը 20-21-րդ դդ. սահմանագլխին պատուհասած աղետի իսկական պատճառները: Դրան պետք է հավատալ, քանի որ հայտնի է, թե գիտության համար որքան նոր բաներ են բացահայտել գիտնականները Թութանհամոնի և Թութմոսի զմռսված մումիաները հետազոտելիս: Իսկ ինչ վերաբերում է ներկա դարաշրջանի ականավոր գործիչներին, ինչպիսին են տխրահռչակ Գյումրի և Վանաձոր քաղաքների քաղաքապետերը, ապա, կարծում եմ, մենք դեռ պետք է «մեծանանք»` որևէ բան առաջարկել կարողանալու համար... 

Մենք բաց ենք թողնում այս կամ այն ոլորտին տիրելու համար «էլիտարների» միջև ընթացող «պայքարի» հետաքրքիր պահերը. փառք Աստծո, հայերը տեղեկացված են և լավ գիտեն, թե ով ինչ է վերահսկում, ով, ինչպես է ումից ինչ խլել...

Այժմ` գլխավորի մասին:

Ֆերերիի հերոսի` Ուգոյի նման, որը ֆիլմի վերջում (107-րդ րոպեն), մահվանից ոչ շատ առաջ, անկեղծորեն և վրդովված ասում է ուտելիքից հրաժարվող ընկերոջը` Ֆիլիպին. «բայց մենք պարտավո՛ր ենք զխտվել», ժողովրդի ընտրյալ Սամվել Ալեքսանյանը և նրա քաղաքական պապաները կասեն նույնը` ի պատասխան համակցված կերերի, հացահատիկի, ալյուրի և այլնի (որոնք հարևան Վրաստանում գրեթե կրկնակի էժան են. նշենք, որ Վրաստանը նույնպես գտնվում է Երկիր մոլորակի վրա, և համաշխարհային գները, որոնք վկայակոչում են մեր հայրենական օլիգարխները, այս պետությունում նույնպես անմիջական ազդեցություն են ունենում գնագոյացման վրա)` գյուղատնտեսությունն ու ամբողջ էկոնոմիկան սպանող գները վերանայելու հորդորներին: Ուգոյի «բայց մենք պարտավո՛ր ենք զխտվել» նախադասությանը նման մի բան կասեն և՛ գեներալ Գրիգորյանը, և՛ Գալուստ Սահակյանը, և՛ հայրենական բոլոր «էլիտարներն» անխտիր, եթե որևէ մեկը և երբևէ փորձի նրանց համոզել այն պարզ ճշմարտության մեջ, որ, օրինակ, մեկ ընտանիքին պատգամավորական երկու մանդատը ոչ միայն շատ է կամ վատ, այլ իռացիոնալ է, իսկ իռացիոնալությունն անհամեմատ ավելի վատ է ու վտանգավոր, քան անբարոյությունն` իր բոլոր դրսևորումներով: Չարագուշակ «բայց մենք պարտավո՛ր ենք զխտվել»-ը մենք կլսենք նաև այն դեպքում, եթե փորձենք բացատրել հայրենական «էլիտարներին» ու ապացուցել, որ հսկայական լեգիտիմ կարողությունները ստեղծվում են բացառապես չափավոր եկամուտներով ու շահույթով. Բիլ Գեյթսը և Ուորեն Բաֆեթը` աշխարհի ամենահարուստ մարդիկ, որոնք 50 միլիարդի կարողություն ունեն, իրենց կայսրությունները կերտել են տարեկան 10-30%-անոց շահույթներով, իսկ 7-8 տարին մեկ անգամ վնասներ են կրել (ռեցեսիոն շրջաններում):

Իսկ վերջում, ռացիոնալ վերլուծության հիման վրա, պետք է ասեմ, որ Մարկո Ֆերերիի չորս հերոսների ճակատագիրը Հայաստանի Հանրապետության տրամաբանորեն կանխատեսելի միակ ապագան է: Հասարակությունը և պետությունն արդեն գրեթե ինտոքսիկացիայի վիճակում են գտնվում, որից ոչ ոք չի պատրաստվում հանել այն, քանի որ, ցավոք, նրանք պարտավո՛ր են զխտվել:

 

Հետգրություն 1

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին խորհուրդ ենք տալիս կազմակերպել Մարկո Ֆերերիի «Մեծ խժռում» ֆիլմի կոլեկտիվ դիտում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամների համար: Ցանկալի կլիներ դիտումից առաջ դասախոսություն կազմակերպել (Հայաստանում, բարեբախտաբար, դեռ մնացել են մի քանի պրոֆեսիոնալ կինոգետներ)` խորհրդի անտեղյակ անդամներին Մարկո Ֆերերիի ունիկալ կինոլեզվի ընկալմանը պատրաստելու համար: Դե, իսկ դիտումից հետո խորհուրդ կտայինք լսել դասախոսություն պատմության փիլիսոփայության վերաբերյալ (ազգերի և պետությունների ծագման և վախճանի մասին): Կարծում ենք` ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամները շատ նոր բան կսովորեն բարձր արվեստի հետ շփվելով և կիմանան ազգերի ու պետությունների ինքնավերացման մի քանի հավաստի դեպքեր, ինչն, անշուշտ, օգտակար կլինի ՀՀ քաղաքացիներին և ընդհանրապես պետությանը: Համենայնդեպս, վնաս չի լինի...

 

Հետգրություն 2

ՀՀ մշակույթի նախարարին և մահկանացուն կնքած հայ կինոյի պատասխանատուներին խորհուրդ ենք տալիս վերանայել պետության կողմից հատկացվող սուղ միջոցներից ստացվող «օտկատների» գործելաոճը, ինչպես նաև փորձել ձերբազատվել ոլորտում միջակությունների ճնշումից, քանի որ գործի մեջ գտնվող միջակությունն ամենավատն է, ինչ կարելի է պատկերացնել. այն իրեն շրջապատում է իր նման միջակություններով ու ապաշնորհներով և առավելագույն ջանքեր գործադրում հազվագյուտ տաղանդներին դուրս մղելու համար։ «Օտկատներից» հրաժարվելու առաջարկը պատճառաբանում ենք նրանով, որ կյանքում կարելի է յոլա գնալ նաև առանց դրանց, դրանով իսկ խուսափել ինտոքսիկացիայից և ինչ-որ կերպ կարգավորել գործերը կինոյի ոլորտում։ 

 

Հետգրություն 3

ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետին և բժշկական համալսարանին խորհուրդ ենք տալիս լայնամասշտաբ ակցիաներ կազմակերպել. սեմինարներ, կլոր սեղաններ, արտագնա դասախոսություններ, գիտաժողովներ և լուսավորչական բնույթի այլ միջոցառումներ՝ ՀՀ իշխանությունների բոլոր մակարդակների ներկայացուցիչների և քաղաքականապես ակտիվ հանրության համար՝ ծանոթացնելու նրանց խժռումի՝ որպես կենսակերպի ու մտածելակերպի, սոցիալ-քաղաքական և բժշկակենսաբանական հետևանքներին։

 

 * Հոդվածի համառոտ տարμերակը հրապարակվել է «Ազգային գաղափարի» կայքում
(http://nationalidea.am/publications.php?id=9545&l=A)

 

1Մարկո Ֆերերի (1928-1997) – իտալացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, համաշխարհային կինոյի մեծ վարպետ: Կրթությամբ` անասնաբույժ: Կինոյում առաջին քայլերը եղել են 1959թ. նկարահանած «Փոքր բնակարան» և «Տղերքը» ֆիլմերը: 1960-70-ական թթ. աշխատելով Իտալիայում և Ֆրանսիայում` Ֆերերին ստեղծել է եվրոպական արտ-սինեմայի ամենաինքնատիպ ու տագնապալի ֆիլմերից մի քանիսը` համադրելով սոցիալ-քաղաքական քննադատությունը, սև հումորն ու սեքսը: Դրանցից ամենահայտնին` «Մեծ խժռումը», մարդկային իռացիոնալ արատների ողբերգական ալեգորիան է: Նկարահանել է ընդհուպ մինչև մահը` 1997թ. («Արծաթի նիտրատ» կինոնկարը), թեև կյանքի վերջին տասնամյակում ռեժիսորի արդյունավետությունը մարել էր: Մահացել և թաղվել է Փարիզում, 1997թ.:

2Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատում կարծիք կա, թե Վազգեն Մանուկյանը դաշնակցականի ու ինքնատիպ նացիոնալիստի վտանգավոր խառնուրդ է, որին երբեք չի կարելի վստահել երկրի իշխանությունը: Նույնն ասում են, բնականաբար, Վազգենի գաղափարակիցների մասին, որոնցից մեկն է ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սկզբում մենք դրական էինք գնահատում նրա նշանակումը, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ հանձին Սարգսյանի գործ ունենք անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ ամենաանհաջող վարչապետի հետ: Ըստ էության, նա մեկն է, ով բացարձակապես զուրկ է մտածելու և աշխատելու, կոնկրետ, շոշափելի գործեր անելու որևէ ունակությունից, բայց չափազանց մեծ կարծիք ունի իր և իր թիմի մասին, որը կազմված է ճիշտ այնպիսի «ինտելեկտուալներից», ինչպիսին ինքն է: Վարչապետի սնոբիզմն արդեն սպանում է, նրա գիտական «աշխատություններն» անհնար է մինչև վերջ կարդալ. դրանք, հավանաբար, ընկալելի են միայն իր համար: ՀՀԿ էլիտայի շրջանում վարչապետը վատ համբավ ունի, նրան գրեթե տանել չեն կարողանում: Մի խոսքով` Սարգսյանի անօգտակարությունն ակնհայտ է բոլորի համար, բացի նախագահից, իսկ նրա «նյուվասյուկիական» նախագծերը (Գյումրու տեխնոպարկի, «համաշխարհային մակարդակի» տասնյակ համալսարանների և այլնի տիպի) վաղուց արդեն հանրային կարծիքի ծաղրուծանակի առարկան են դարձել: Սակայն Հայաստանի համար բարեբախտություն կլիներ, եթե վարչապետ Սարգսյանն իսկապես զրկված լիներ մտածելու կարողությունից, և հիրավի ազգային նվաճում կլիներ այն, որ նա դադարեր աշխատանքի գնալ` հետևելով նախկին վարչապետ Բագրատյանի խորհրդին: Դժբախտությունն այն է, որ վարչապետ Սարգսյանն, այնուամենայնիվ, մտածում է, բայց այնպես, որ ավելի լավ կլիներ ընդհանրապես չմտածեր: Հիշենք սարգսյանական մտքի արգասիքներից մեկը` օտարազգի թագավոր Աբգար 5-րդի դիմանկարը 100.000-անոց թղթադրամի վրա: Վարչապետը դա արել է ամենաբարի մղումներով. ասորի Աբգարին հայ հայտարարել և 2031-ին տոնել Հայաստանում քրիստոնեության ընդունման արդեն 2000-ամյակը: Ուշադրություն դարձնենք այն բանին, որ ոչ մեկի մտքով չանցավ ընդդիմանալ այս գժությանը, բայց չէ՞ որ հարցն իսկապես բավական լուրջ է, քանի որ աշխարհում ուրիշ ոչ մի տեղ նման բան չես տեսնի: Սա նույնն է, թե ԱՄՆ դոլարի վրա պատկերես Աթաթյուրքին կամ Չինգիզ խանին, և մեկնաբանություններն այստեղ ավելորդ են...

Հետաքրքիր է, որ վարչապետ Սարգսյանի` երկրի պաշտոնական պատմագրության մեջ (խոսքը հայոց պաշտոնական պատմության քառահատորի մասին է, որի վրա աշխատում են գիտությունների ակադեմիայում) Աբգարին հայ ձևակերպելու գաղափարին ընդդիմացան նույնիսկ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում` նացիոնալիստների ու դաշնակների, պատմության պրոֆեսիոնալ կեղծարարների որջում, որոնք պատրաստ են հայ հռչակել ում ասես` շումեր լինեն, թե եգիպտական փարավոնների դինաստիաներ, միայն թե տարիքը հինգ հազար տարուց ավելին լինի: Մի խոսքով` Պատմության ինստիտուտում վարչապետին նրբանկատորեն ակնարկեցին, որ դա արդեն չափից ավելի է...

Իհարկե, ուրախալի է, որ վարչապետ Սարգսյանի այդքան կասկածելի «ռեֆորմները» տապալվում են, սակայն տխուր է, որ նրա ղեկավարությամբ կործանվում է Հայաստանի տնտեսությունը` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Դժվար է ասել, թե ինչու նախագահ Սարգսյանը չի գիտակցում Տիգրան Սարգսյանի կառավարությունից բխող վտանգի աստիճանը: Խոսքը հենց վտանգի աստիճանի մասին է, քանի որ ազգի և պետության համար վտանգավոր են երկրի, առանց բացառության, բոլոր պետական գործիչները:

3Պրն Ղազինյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանն է։ Այս ֆակուլտետը հռչակված է նրանով, որ ուսանողների 80%-ը տարրական դպրոցի երրորդ դասարանի գիտելիքներ չունի։ Իսկ շրջանավարտների թվում է գեներալ Մանվել Գրիգորյանը, որը ԵՊՀ իրավաբանի դիպլոմ է ստացել 1998թ.։

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am