Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Հունիս 2011, N 6

ԱՐԴԻ ՀԱՅ ԹԱՏԵՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Տիգրան Մարտիրոսյան, թատերագետ

Չգիտենք, թե որոշակիորեն ինչը Վլադիմիր Վիսոցկուն ստիպեց գրել, որ ամենալավ մասնագիտությունը բարձր վճարվող հոբբին է, բայց ռուսական երգարվեստի ֆենոմենի սոցիալ-հոգեբանական բանաձևն արդիականության տեսանկյունից այսօր էլ չի զիջել դիրքերը: Ավելին, ԽՍՀՄ փլուզումից հետո շատ ավելի ցայտուն դարձան անհատի ներաշխարհային պահանջների և սոցիալական խնդիրների անհամատեղելիությունը փաստող իրադրությունները: Անշուշտ, երևույթի զարգացմանն անառարկելիորեն նպաստեց նաև արժեհամակարգի գլխիվայր շրջումը, սակայն միամտություն կլինի ողջ մեղքն այդ բարոյահոգեբանական վայրիվերումի վրա բարդելը: Պատմության ժամանակային տարբեր շերտերում տեղի ունեցած ոգեղենի ու նյութականի բախումներում մեծ մասամբ հաղթող է դուրս եկել երկրորդը. մարդն ի վերջո կենսաբանական միավոր է, և եթե անգամ շատ էլ կամենա, չի կարող անտեսել սոցիալական կախվածությունը: Պատկերավոր ասած` խորը շնչելն ու աստիճանաբար արտաշնչելը դեռևս ոչ մեկի գոյատևման սննդային նախապայմանը չեն եղել: Բնականաբար, որքան էլ հոգեմոտ լինի նախասիրությունը, այդուամենայնիվ, տրամաբանությունը ստիպում է նախապատվությունը տալ առավել հեռանկարային բնագավառին: Ահա թե ինչու է մերօրյա իրականության մեջ ուղղակի աղետալիության աստիճանի հասնում ֆինանսական դիտանկյունից «մոդայիկ ոլորտներին» տուրք տալու մարմաջը: Արդյունքում` կյանքում առկա և ուղղակի անհրաժեշտ մասնագիտությունները լուսանցքից դուրս են մնում` կանգնելով վերացման վիհի եզրին: Զորօրինակ` վերոնշյալ վտանգավոր գոտում հայտնված մասնագիտություն է դարձել ԹԱՏԵՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ: Բայց մենք գիտենք, որ արհեստավարժության առումով` չկա թատրոն առանց թատերագիտության և հակառակը… Այսինքն՝ ինքնաբերաբար ստեղծվում է մասնագիտական լճացման հանգեցնող մի դրություն, որն առանց երկմտելու կասկածի տակ է առնում մեր թատրոնի «պրոֆեսիոնալ ապագայի» հարցը: Իրավիճակի պատճառները տարաբնույթ են ու խորքային, հետևապես, ճշմարտության ոճը չխախտելու համար, հարկ է մանրազնին և բազմակողմանիորեն վերլուծել դրանք: Սկսենք հիմքից: Ենթադրենք` երիտասարդի թատերասիրությունը, պաշտամունքի վերաճելով, վերջինիս դարձնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական բաժնի ուսանող, և ահա վերջապես գալիս է բաղձալի սեպտեմբերի 1-ը: Եվ ի՞նչ… որպես բնական օրինաչափություն է մատուցվում առաջին հիասթափեցնող հանգամանքը. ի տարբերություն այլ բաժինների ուսանողների` դու ստիպված ես մենախուց հիշեցնող լսարանում անցկացնել դասերդ` համակուրսեցիներիդ հետ նմանվելով բժշկական ինստիտուտի լաբորատորիաների կենդանաբանական փոքրիկ վանդակներում խլրտացող սպիտակ փորձառնետներին: Ի դեպ, բեմական գործիչների միջանձնային հարաբերություններում թատերագետ կոչվածը մեծ մասամբ «թատերական առնետ» էլ պատկերացվում է` ըստ անհրաժեշտության թաքնված ու բացահայտ անբարյացակամության արժանանալով: Արդարև, սույն խտրական վերաբերմունքը դժվար թե սերի մանկավարժական հոգեբանության հայեցակարգից. դեռահասի ներաշխարհում իր ընտրած մասնագիտությունը կամա թե ակամա սկսում է որպես թատերարվեստի խորթ զավակի կարգավիճակ ունեցող բնագավառ ձևավորվել: Հատկապես, եթե այդ ուսանողը բախտի բերմամբ թե պատահմամբ ներկա գտնվի ամենամյա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը, որում անհասկանալի պատճառներով բացակայում են թատերագիտական անվանակարգերը. նրա մեջ կասկածից կարծիքի կվերափոխվի այն ենթադրությունը, թե թատերագետները թատերաց որբերն են: Թատերագետի նույնպես արվեստագետ լինելու իրողության անտեսմամբ մրցանակաբաշխության կազմակերպիչները խոցում են ապագա կամ գործող մասնագետի արժանապատվությունը` պարարտ հող ստեղծելով քինախնդրության առաջացման համար: Սա էլ իր հերթին կրում է մասնագիտական գործունեության ընթացքում անձնավորված վերաբերմունքով առաջնորդվելու վտանգը, որը խիստ հակացուցված է քննադատություն հասկացությանը: Մանրամասնենք: Վերոգրյալ պայմաններում կայացող մասնագետին ի՞նչը կարող է արգելել որդեգրել հետևյալ սկզբունքը. դո՛ւք` թատերական էլիտայի ներկայացուցիչներդ, որ համապատասխան արտոնություններ ունեիք, այժմ ստիպված եք «մուրացիկի» հայացքով հետևել գրչիս շարժումներին` գովեստի արժանանալու ակնկալիքով: Նման իմիտացիոն ինքնարժևորման դրսևորումներն, անխոս, բոլոր ժամանակաշրջաններում էլ համապատասխանաբար իրենց վնասակար ազդեցությունն են թողել արվեստի տվյալ ոլորտի վրա: Չէ՞ որ դեռևս անցած դարի 60-ականներին Պարույր Սևակը համոզվել էր, որ. «Քննադատների մեջ, դժբախտաբար, կան պարզապես չկամ ու չարակամ մարդիկ, որոնք ղեկավարվում են ոչ միայն հոռի ճաշակով, այլ նաև անձնական հաշիվներով»: Ուրեմն, այսօր էլ պետք է ամեն գնով պայքարել այդօրինակ վտանգավոր սովորույթի սերմանման ու արմատավորման նախադրյալների դեմ: Իհարկե, չի բացառվում, որ թատերագետների լսարանների տարածական անմխիթարության հարցում ինքնապաշտպանական փաստարկումով արդարանան, թե իբր մասնագիտության բերումով վերջիններիս այնքան էլ հարկավոր չէ փորձասենյակ ասվածը: Հենց այդտեղից էլ մեկնարկում է կրթական ամենակոպիտ սխալը. թատերագետին առավել քան անհրաժեշտ է դերասանական և ռեժիսորական վարպետությունը` որպես իր մասնագիտության գործնական ճյուղերից մեկի փորձառություն: Որքան էլ որ թատերագետի տեսական ու պատմական գիտելիքների պաշարը հարուստ լինի, գրիչն էլ` սուր և ճկուն, այնուամենայնիվ, նեղ մասնագիտական թափանցումների պահերին, երբեմն նա գրեթե անօգնական վիճակում է հայտնվում: Ի վերջո` առածն ասում է. «Կան բաներ, որ չես անի` մինչև չսովորես, կան բաներ էլ, որ չես սովորի` մինչև չանես»: Եվ ժամանակին Հ.Հովհաննիսյանը բավական դիպուկ է նկատել, որ թատերագետները առնվազն մի քանի ներկայացում հանձնած դերասանի բեմական փորձ պետք է ունենան: Իսկ կրթական ծրագրում բեմարվեստի այդ ոլորտները սպասարկող առարկաների ժամաքանակն անհերքելիորեն սակավ է (մեր մեջ ասած, հավանաբար, մտածում են` թատերագետներին այդքանն էլ շատ է) համանման գործունեություն ծավալելու համար: Չմոռանանք նաև, որ թատերագետի համար ինստիտուտն ավարտելու հետ միասին եզրափակվում է թթվածնի պես անհրաժեշտ այս փորձի ձեռքբերման հնարավորությունը: Մինչդեռ, դերասանական ու բեմադրական բաժինների շրջանավարտները դեռ նոր հմտությունների հարստացման արշալույսն են դիմավորում: Հետևաբար, ռեժիսուրա, դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում, սրախաղ, պար, երգ, նույնիսկ մնջախաղային պլաստիկա դասաժամերը թատերագետի բակալավրային ուսումնառության բոլոր չորս տարիների անդավաճան ուղեկիցը պետք է լինեն: Ու այս ողջ բեմական պաշարը կուտակելուց հետո միայն` երկամյա մագիստրատուրայում, սկսնակ թատերագետի համար ըմբռնման տեսակետից նպատակահարմար կլինի թատրոնի տեսության ճյուղերի ուսումնասիրությամբ զբաղվելը: Այլապես, մեծ է թյուրընկալման գիրկն ընկնելու հավանականությունը, քանզի մեր ժամանակաշրջանի 18-19-ամյա երիտասարդի` թատրոնում հանգրվանած «իզմ»-երի տարբերությունների էությանը վերահասու լինելն այնքան էլ հավատընծա չէ: Թատրոնի մասին գիտության յուրատիպությունը նաև իր ստեղծագործական բնույթն է, ասել կուզի` փորձ, երևակայություն, վերլուծական միտք արտահայտչամիջոցային երրորդությունը պատմատեսական մտածողության անփոխարինելի համակցությունն է: Ակամա հիշում ես գիտության մասին Ավետիք Իսահակյանի դատողությունները. «Գիտությունը սիրում է նրա՛նց, ովքեր սիրով են մոտենում իրեն, ովքեր դատում են և ոչ թե անգիր անում, ովքեր ունեն երևակայություն, փորձեր են կատարում, խիզախում են և կարդո՜ւմ են, կարդում…»:

Ուստիև, բացարձակապես անարդար չէ տարիքային այդ աստիճանակարգում գտնվողի տեսական այսինչ կամ այնինչ դրույթն ըստ էության չհասկանալու տրտունջը: Իսկն ասած, արդարացի է նաև Արա Խզմալյանի բողոքն ինստիտուտում տիրող դասագրքային վաղնջենականության վերաբերյալ. եթե չլինեն համացանցում առկա բազմազան տեղեկությունները, այնպիսի տպավորություն կառաջանա, թե եվրոպական ու ռուսական թատրոնների պատմագիրները 20-րդ դարի երկրորդ կեսից համընդհանուր գործադուլ են հայտարարել: Դե, իսկ ամերիկյան թատրոնի պատմությանն իրազեկ լինելն էլ, երևի թե, ժամավաճառություն է: Հարկ է նշել նաև, որ արմատական վերանայման կարիք ունի գրաբար առարկայի ժամաքանակը. մեկ կիսամյակում շաբաթական երկու դասաժամով այդ բարդ լեզուն յուրացնելը ծաղր է կրթության հանդեպ: Գրաբարի իմացությունը թատերագետի գործիքներից մեկն է, որով նա հին հայկական մշակույթն ու դրանում առկա թատերական շերտերն է ուսումնասիրում: Բացի դրանից, խնդրահարույց է թատերագետի գրախոսական պրակտիկայի արդյունավետ կազմակերպումը: Մեր մեղավոր կարծիքով` ինստիտուտը պարզապես պարտավոր է պայմանավորվածություններ ձեռք բերել մամլո խմբագիրների հետ, որպեսզի մագիստրատուրայում մեկ տարի սովորած ուսանողների գոնե թատերախոսականների հրապարակման հնարավորություն ստեղծվի: Այո՛, թատերագիտությամբ զբաղվելու մտադրություն ունեցողը, ելնելով մասնագիտական բարեխղճությունից, պետք է ամենաքիչը մագիստրատուրայում մեկ տարի սովորելուց հետո նոր հասարակության լայն շերտերի համար նախատեսված մամուլում թատերական քննադատությամբ հանդես գա: Ասենք ավելին, ուղղակի պարտադիր պայման է մինչ այդ բուհական թերթին ակտիվորեն թղթակցած լինելը: Գուցեև մասնագետներից ոմանք առարկեն` հատկանշելով մագիստրատուրայի վճարովի, համապատասխանաբար և ոչ բոլորին հասու լինելու հանգամանքը: Բարի, շա՛տ բարի: Բայց ո՞վ ասաց` մագիստրոսական կրթության վճարովի լինելը թատերարվեստի զարգացման շահերից է բխում: Մագիստրատուրան կրթական բարձրագույն նշաձողն է, որը չորս տարիների ընթացքում ստեղծագործական ու վերլուծական մտքի, ինչպես նաև ուսումնատենչության առումներով իրենց լավագույնս դրսևորած ընտրյալներին պետք է միայն մատչելի լինի` բացառելով վճարովի համակարգը: Այլ ոչ թե ուսման վճար կոչվածով գնի իր կամ ծնողների երազական բարձրագույնի ստատուսը` իրականում, որպես մասնագետ, երբևէ չմոտենալով անգամ միջակության սահմանագծին: Պատկերացնո՞ւմ եք, թե որպիսի հոդված կհեղինակի այդպիսի մագիստրանտը` չմոռանալով վերջում ոչ թե գրել, այլ «նկարել» թատերագետ բառը: Պատահականություն չէր «նկարել» բառի կիրառումը, քանի որ բարձիթողությունն այնպես է ծաղկել, որ արդեն մշակութային իրադարձությունների լուսաբանողը ինքնակոչ թատերագետի է վերածվում: Ահավասիկ, շատերին քաջ հայտնի Նվարդ Ասատրյանը: Վեճ չունենք. նա հրաշալի մշակութային մեկնաբան է, նույնիսկ` թատերական քննադատի պատմուճանով այլընտրանքներից փորձառու, համարձակ և շատ ավելի գրագետ, բայց ո՛չ թատերագետ: Անզեն աչքով էլ երևում է, որ այսօրինակ իրողություններն ուղղակիորեն վնասում են ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական հեղինակությանը, ու թերևս սրանք են պատճառները, որ որոշ լրագրողներ իրենց իրավունք են վերապահում համոզմունք հայտնել, թե այժմ թատերագետներ չկան: Թեև, եթե նրանց հարցնես, թե ըստ էության ինչ ասել է թատերագիտություն, բախտավոր աստղի տակ պետք է ծնված լինես հստակ պատասխան ստանալու համար: Պարզ և հասկանալի լսել այն մասին, որ դա արվեստի գիտաճյուղ է` բաղկացած անքակտելիորեն միմյանց փոխլրացնող երեք ենթակառուցվածքներից. թատրոնի պատմություն, թատրոնի տեսություն և թատերական քննադատություն: Փաստորեն, ընդամենը անհիմն, հնարավոր է նաև պատվիրված վիրավորանք է և ուրիշ ոչինչ: Ինչևէ, չիմացած բանի մասին խորին մշակութաբանական տոնով դատողություններ անող դատարկագլուխների և առհասարակ բեմական գործիչների կողմից թատերական քննադատների հանդեպ պատշաճ վերաբերմունք չցուցաբերելու հարցում իրենց մեղքի ծանրակշիռ բաժինն ունեն նաև թատերագետները: Տուրք տալով սոցիալական ու «խնամի-ծանոթ-բարեկամ»-ական հարաբերություններից ծագող կախվածությանը` հոժարակամ այս կամ այն թատրոնի ու թատերական ընկերության անձնական օգտագործման թատերագետների բանակ են զինվորագրվում: Այդ ինքնավաճառական կարգավիճակից վեր է հառնում ստրկաբարո ծառայամտությունը, որն, աներկբայորեն ստվերելով մասնագիտական սկզբունքները, սիրողականության խավարով է պատում թատերական մթնոլորտը: Մեկն ինչ-ինչ ծառայությունների դիմաց շնորհված հարմարավետ աթոռը չի ուզում կորցնել, մյուսը ստիպված է ազգականին կամ էլ` ընկերոջ զավակին ատամներով պաշտպանել, մի ուրիշն էլ վախենում է սպիտակ ագռավի դերում հայտնվել: Այսպիսով, ոչ հազվադեպ առանց խղճի խայթի միահամուռ ուժերով մեղանչում են մասնագիտական անաչառության դեմ` կարծելով, թե ուրիշները չեն հասկանում իրենց իրագործած նենգափոխությունները: Ուշագրավ է, որ, մեղմ ասած, կասկածելի սկզբունքայնության տեր թատերագետները մին էլ հանկարծ արդարատենչության կատուներ են ծեփում ազնվության պատերին` նմանվելով կուսանոցի միանձնուհու հավակնություն ունեցող բազմափորձ պոռնիկների: Այնինչ, ճշմարտասիրության ուղղվածությունը, իրականում, միշտ էլ համառորեն միաբևեռ է եղել, թեկուզև` մոտ երկու դար առաջ` Ա.Ս.Պուշկինի ապրած օրերին. «…ով քննադատության մեջ ղեկավարվում է արվեստի նկատմամբ տածած մաքուր սիրուց բացի որևէ այլ բանով, նա արդեն իջնում, հավասարվում է ամբոխին, որն ստրկորեն կառավարվում է շահախնդրական ստոր մղումներով»:

Մի՞թե այս կիրակնօրյա արդարամիտները չեն հասկանում, որ իրենց ինքնահատուկ վարքագծով ոչ միայն մասնագիտությունն են հեղինակազրկում, այլև կործանարար ազդեցություն թողնում նոր-նոր ասպարեզ մտած երիտասարդների վրա: Ի՞նչ պետք է սովորեն մեծերից նորեկները և ինչի՞ վերածվեն` հետևելով նրանց օրինակին: Ապահով կյանքի ձգտումներով համակված, ներքին ազատությունից զուրկ հասարակության ներկայացուցչի, ում համար ինքնուրույնության սանդուղքը սարսափազդու գողգոթա է: Բնագավառում բարձունքի հասնելու միակ ճանապարհն ինչ-որ մեկի թևատակն է սոփեստությանն անգիտակցաբար հավատացող հակամշակութային համհարզ, ով կամակատարությունը վերին խոհեմության ցուցանիշ է համարում: Է՜, գաղտնիք չէ` ներկայիս աշխարհում անգամ թակարդում եղած պանիրը ձրի չէ, բնականաբար, նա վա՛յ հովանավորներին համապատասխան տխեղծ ծառայությունները մատուցող Օզրիկի «պաշտոնն» է ստանձնում: Ավելի պարզ` դառնում է խոսք տանող-բերող ակնթարթային-մունետիկ, մարդկանց հետ զրույցի բռնվելով նրանցից անհրաժեշտ կարծիք-տեղեկությունները որսացող շնչավոր ձայնագրիչ, ենթատեքստային մակարդակով մեկին վիրավորելու կեղտոտ հանձնարարություններն անվերապահորեն իրականություն դարձնող հրամանակատար: Մի խոսքով՝ Թիֆլիսի 19-20-րդ դարերի վաճառականության անկյունաքարերից մեկի` գործակատարի թատերական տարատեսակը, ով հավատարմորեն կատարում է «խազեինի» բոլոր պատվերները, որոնք հաճախ շատ հեռու են բարոյական հատկություններից: Իրավ, նմանատիպ անձնավորությունն առևտրականացված մտահոգեկանի կրողն է, ով, եթե անասելի ցանկություն էլ ունենա, մի կերպ արհեստավոր, սակայն ոչ մի դեպքում ստեղծագործող չի լինի: Տեղին է մտաբերել Կ.Ս. Ստանիսլավսկու` քաղքենին չի կարող արվեստագետ լինել հատու գնահատականը, քանի որ «արվեստավաճառության» ու քաղքենության միջև գոյություն ունի անտեսանելի, բայց զգայելի, ալիքաձև հավասարման նշան: Ինչո՞ւ, որովհետև Դենի Դիդրոն վստահեցնում էր` հեղինակ կամ քննադատ դառնալու համար առաջնահերթ պետք է լավ մարդ լինել: Ստեղծագործական հոգեբանությունից հղացող վերոբերյալ ձևակերպումներն էլ հուշում են. կրավորականության բովում թրծված թատերագետի գրելաոճում ավելորդ շքեղություն կլինի համարձակ մտածողությունը (клиент всегда прав), և աններելի մեղք` ազնվությունը (արդար առևտրականը մեզանում դեռևս ցնորք է): Սարսափելին այն է, որ սրանք նորածին մտահոգություններ չեն, որոնց տարիքը նպաստում է, որ այս չարիքի դեմ պայքարելու թվացյալ անհնարինությունը կենսափորձ չունեցող երիտասարդի համար ճշմարտությունից էլ համոզիչ դառնա, մանավանդ, երբ կարկառուն մասնագետներն են ընկրկում ու «ծնկում»: Ասվածին փաստացի մոտեցում ցուցաբերելու նկատառումով` կարճառոտ խոսենք ավագ սերնդի երկու թատերագետների գործած «մեղքերից»: Լևոն Հախվերդյանի մահվանից հետո իրավացիորեն դաշտում առաջատար մասնագետն էր համարվում Հենրիկ Հովհաննիսյանը, որովհետև նրա գիտելիքների ահռելի հզորությունը, մտքի սրությունն ու նուրբ դիտողականությունն աքսիոմային հատկանիշներ են: Նույնիսկ բերնեբերան քոչելով երիտասարդ սերնդին է ավանդվում մի առիթով կես կատակ-կես լուրջ ուսանողներին ասած նրա այն միտքը, որ Հայաստանում թատերագետի մեկ հաստիք կա, որն էլ ինքն է զբաղեցնում: Նա էլ էր պայքարում թատրոնում մշտական գրանցում ստացած դիլետանտիզմի ու քաղքենության դեմ. «…սիրողականությունը պրոֆեսիոնալ արվեստի տեղ վաճառքի հանելը մեղք է ու հանցանք, դրամանենգության նման մի բան: Իսկ եթե իրեն մասնագետ համարող միջավայրը կույր է ձևանում կամ իսկապես չի տարբերում կեղծված դրամը իսկականից, և եթե հասարակությունն էլ հոգեպես բթանում է, սկսվում է թատրոնի աղետը»: Բայց մի գեղեցիկ օր պարոն Հովհաննիսյանը, պատրվակելով, թե դերասանական կեղծ խաղն իր առողջության վրա բացասաբար է ազդում, որոշում է նեղանալ տեղական բեմարվեստից և տևական ժամանակ չհաճախել թատրոն: Երանի թե գիտենայինք. թատրո՞նն էր իր մեջ սիրում, թե՞ իրեն` թատրոնի մեջ: Չէ՞ր կարելի այդ անորակ դերակատարումներին ջախջախիչ անդրադարձ կատարելով հայ թատրոնի պատմության տեղեկատվությունը հարստացնել: Այնուհետև, թքած ունենալով լինել, թե չլինելուն զուգամիտվող մասնագիտական ինքնահարցման վրա` մանկավարժական խստությամբ առանձնացող Արմեն Գուլակյանի սանը` իրեն հայտնի պատճառներով (չար լեզուները փիս տարբերակի մասին են քչփչում), հայ դերարվեստի դժբախտություն հեռուստասերիալների մեկնիչը դարձավ: Երկրի առաջին թատերագետից փոխակերպվելով թիվ մեկ սերիալաբանի` պես-պես դիտարկումներով դրանցում ցոլացող կերպարային օրգանականության ավետիսն էր շեփորում: Մի պահ մոռանալով 1993թ. հեղինակած հոդվածի մեղադրական տողերը` ինքը դարձավ դրամանենգության կազմակերպիչը, այսինքն` կամավոր կուրությամբ կեղծված դրամն իսկականից միտումնավոր չտարբերող հանցագործը: Սակայն մենք «մշակութային խաչագողին» «թատերարվեստի խաչակրից» տարբերում ենք, ու եթե Հենրիկ Հովհաննիսյանն անգամ Գրիգոր Արծրունու ձեռքն էլ բռնած գա, չենք կարող հավատալ, որ ինքն ընդամենը գեղարվեստաէսթետիկական խաբկանքի զոհ էր: Անհնար է, որ նրա գիտամշակութային մակարդակն ունեցողը, մոլորության մեջ ընկնելով, չկռահեր. կենցաղային ոչ թե պարզ, այլ պարզունակ սյուժետայնությամբ, բառապաշարային սնանկությամբ տառապող ապագեղարվեստական հեռուստասերիալի հասարակ կերպարի ներաշխարհային աղքատիկ գույներն ամեն միջակ դերասան էլ ի զորու է վերարտադրել: Պարզապես սերիալագովության սազը վայր դրեց այն ժամանակ, երբ իրեն հարմար էր. մի քանի տարի սև գործն անելուց հետո, որն այլևս անօգուտ է: Այժմ ո՞ւմ է պետք նրա մասնագիտական դարձը` հեռուստաեթերից հնչեցրած կիսամեղայական եզրահանգումը, որ դա արվեստ չէ. շատերը կարող են այդպիսի դերեր խաղալ, բայց թող փորձեն ողբերգության ողբերգական հերոսին կերտել: Գաղափարախոսության տեսանկյունից այդ ապազգային սերիալներում հացի խնդիր լուծող օժտվածության տարբեր տրամաչափի դերարարները հաղթաթղթային ձևաչափի այցեքարտ են դարձրել այն հանգամանքը, որ իրենց դերակատարումները գոհացրել են ոչ ավելի, ոչ պակաս` Հենրիկ Հովհաննիսյանին: Մշակութային առումով հակազգային մեխանիզմն անխափան է աշխատում, որի գործարկմանը կտրականապես դեմ էր բնագավառի քննադատական համայնքի ճնշող մեծամասնությունը: Անուրանալի է, որ սերիալասիրությանը դեմ էր նաև խորին պատկառանք ներշնչող գիտելիքների ու մասնագիտական հմտությունների տեր Լևոն Մութաֆյանը, ով մեր մեղադրական դիտակետում հայտնված երկրորդ թատերագետն է: Պատճառն այն է, որ այս թատերական գործիչն էլ` ըստ դրությունների թելադրանքի, երբեմն-երբեմն անմասն չի մնում ազնվության ջահը մասնագիտական փարիսեցիության ճահճում մարելուց: Բերենք ամենաթարմ օրինակը. բոլորովին վերջերս նա տեղ-տեղ ամանորյա տոնածառի հանդեսի տպավորություն թողնող «Էլիզա» ներկայացմանն այնպիսի արարչագործական արժանիքներ ձոնեց քննարկման ժամանակ, որ երևի թե ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն էլ մի պահ զարմացավ իր բեմադրական աշխատանքի վրա: Հանելուկ լուծել պետք չէ պատճառահետևանքային կապը գտնելու համար, քանի որ վերը հիշատակվածներից մեկը մյուսի աշխատանքային վերադասն է: Հաջորդ մեղապարտությունը, թերևս, ավելի շատ վերջինիս մարդկային տեսակի առանձնահատկություններից մեկն է բնութագրում: Հայաստանում ստեղծվել է թատերագիտական բնույթի «Թատրոն-X» հանրապետական թատերական փառատոն, որը երիտասարդ թատերագետների հրապարակային ելույթների գտնված հարթակ է: Ինչ խոսք, փառատոնի հիմնադրման համար միայն ու միայն ողջունել կարելի է Ազգային թատերական ստեղծագործական միավորմանը: Բայց արի ու տես, որ փառատոնային քննարկումների ընթացքում ոմանք էլ իրենց անձնական հաշիվների մաքրման հնարավորություններ որսալու հոգեկան բավարարվածությունն են ապահովում: Չչարաշահելով ընթերցողի համբերությունը` խոսքը մասնավորեցնենք ըստ էության: Լինելով այս փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ` Լևոն Մութաֆյանը, ոչ միայն խախտելով իր պաշտոնեական պարտավորությունը, չի մասնակցում ներկայացումից հետո անցկացվող քննարկմանը, այլև ավելի հեռուն է գնում: «Ձայն մարդկային» բեմադրության քննարկման ժամանակ հեռադիտակով էլ փնտրես, չես գտնի ինքնօրինակ պահվածքի տեր թատերագետին, մինչև որ դեպքերի ստիպմունքով չդիպչես նրա աքիլեսյան գարշապարին` որդու հեղինակությանը: Երբ կրտսեր Մութաֆյանը, ամենայն լկտիությամբ ռեպլիկ նետելով Կ.Ս. Ստանիսլավսկու սիստեմի հասցեին, արժանացավ սուր հանդիմանանքի, սանդուղքի մոտից ALE HOP-ի սկզբունքով երևան եկավ հայրը` փորձելով դարագլուխ կազմող թատերական վարդապետության վերարժևորմամբ փրկել դրությունը: Ի՞նչ է ստացվում, պարոն Մութաֆյանը ծպտված հետևում էր քննարկմա՞նը: Եթե հանգամանքների բերումով բացակայեր, մի կերպ հասկանալի կլիներ, բայց ո՞րն է թաքնված մնալու նպատակը: Ենթադրելի է, որ քննարկումը վարող ոխերիմ «թշնամու» մասնագիտական տապալումը սեփական աչքերով տեսնելու երանելի հաճույքից չզրկվելը: Պարզաբանենք: Ժան Կոկտոյի ստեղծագործության բեմական վերարտադրությունն ընթերցելը դյուրին գործ չէ, հետևաբար, եթե ինքը խոսքով հանդես չի գալիս, վերլուծական ողջ լուծն ընկնում է քննարկումը վարողի վրա: Հաշվարկն այնքան էլ սխալ չէր, որովհետև խրթին գործի քննարկումն արհեստականորեն բարդացնելով կրկնակի աճում է ձախողման հավանականությունը: Այդուհանդերձ, ցավալին այն է, որ այսքանը չարյաց վերջը չէ. եթե հանկարծ երիտասարդ մի չարաբաստիկ թատերագետի խելքին փչի ավագ գործընկերներին հասկացնել, որ նրանք կիրը ալյուրի, շիբն էլ` շաքարի տեղ են վաճառում, ինչ է թէ բոլորն էլ սպիտակ են, իներցիոն կարգով գլուխ կբարձրացնի հարձակվողական ռազմավարությունը: Պատուհասած մասնագետին կհամարեն մարդկանց վրա ցեխ շպրտելը կայացման միջոց դարձնող անդաստիարակ դեղնակտուց: Կարծես նա է մեղավոր, որ իրենց մասին ճշմարտությունը նախանձելի մաքրությամբ չի փայլում: Մեղքը նրանն է, թե ոչ, կարևոր չէ. ներքին կարգով գործող քաղքենական կանոնադրությանը չենթարկվելու` ճշմարտությունն ասելու չափ քաջություն ունենալու համար պետք է պատժվի, այն էլ` խստորեն: Մի անգամ հրավիրատոմսը, մեկ ուրիշ անգամ էլ թատերական փառատոնի մասնակցության բեյջը ձեռքին ունենալու դեպքերում նրան թատրոնների մուտքերից ներս չթողնել: «Երկաթ» ակումբի քննարկումների ժամանակ արդեն երկրորդ անգամ ձայնի իրավունք չտալ: Հեգնախառն առարկել նրա գրվածքներում առկա հղումների առատությանը` հույս ունենալով վերջինիս գցել անպաշտպան դատողականության գիրկը: Իբրև թե հրապարակման նպատակով երեք անգամ հոդված ուզել և դրանցից ոչ մեկը չտպագրել: Բացի այդ, Հայաստանի Թատերական գործիչների միության կազմակերպած երիտասարդ ռեժիսորների փառատոնի մեկնարկին Հակոբ Ղազանչյանի հայտարարած թատերագիտական մրցույթին, եթե մասնակցելու ցանկություն հայտնի, հուսախաբ անել: «Լավ տղա ես, հոգիդ` բարի, այսօր գնա` վաղը արի» ձևաչափով հասկացնել, որ հույսեր փայփայելն իզուր է: Նյարդայնացնելու նկատառումով «Թատրոն-X» փառատոնի քննարկումների ժամանակ գրոհել անհիմն հակադարձումներով, որոնք պարտադիր կերպով համեմվում են չարակամ վերաբերմունքը խտացնող մի խումբ կաթնակերների ներոնյան ծափահարություններով: Ինքնանպատակ հակառակումներից աբսուրդայնությամբ հիշարժան է բեմից հնչած թլվատության խրախուսումը նույն Հենրիկ Հովհաննիսյանի ասպիրանտի կողմից: Դերասանական կրթություն ու փորձ ունեցող  Էրիկ Բարսեղյանն առանց երկնչելու պնդում է, որ իրեն ամենից շատ այդ կերպարը դուր եկավ, և այն դեպքում, երբ թլվատությունը ոչ թե տվյալ կերպարի խոսքային տիպականացումն է, այլ դերակատարի խոսքի ապարատի թերությունը: Չգիտե կամ էլ չի ուզում հիշել իր ուսուցչի բողոքը, որ խոսել չիմացող, լռել ու լսել չիմացող և իրենց խոսքի իմաստը չըմբռնող, բեմին կառչած անգրագետ դերասաննները տարիներով կեղեքում են հանդիսատեսի հոգին ու խիղճը: Ասել է թե` պտուղը ծառից հեռու չի ընկել և ստացվել է, մոտավորապես, Ալ.Շիրվանզադեին հանդիպած կերպարը. «Պետք է խոստովանած, որ իսկապես նա ոչ մի քայլ չի անում առանց հետին նպատակի: ...Տեղը եկած ժամանակ նա ազատամիտ է, ուրիշ անգամ հետադեմ, բայց միշտ պահպանողական յուր հաշիվների նկատմամբ: …Նա այնքան զգույշ է, որ երբեք իր կարծիքն ուղղակի չի հայտնի նույնիսկ եղանակի մասին: Օրինակ, եթե սաստիկ անձրևի ժամանակ նրան ասեք` «պարոն, անձրև է գալիս», նա կարտասանի` «այո, թեև, գուցե, այսինքն, բայց իմ կարծիքով, բայց և այնպես կարելի է ասել, սակայն պետք է ասել», և այլն, և այլն»:

Կամ էլ, մերկապարանոց հակադարձման հնարավորություն չունենալու պարագայում, կհակառակվեն մասնագիտական բծախնդրությանը. օրինակ, եթե թատերագետը դիտողություն է անում, որ հեռակառավարման սկզբունքով աշխատող լսափողը բեմում իրավունք չունի խորհրդային ժամանակաշրջանի հեռախոսազանգին հատուկ ձայն հանել, անհիմն մեկնաբանությամբ հանդես կգա Լևոն Մութաֆյանի դուստրը` Անահիտ Մութաֆյանը: Եվ միառժամանակ անց հայրն «ընկերաբար» խորհուրդ կտա այդքան լուրջ մոտեցում չցուցաբերել` ծիծաղելի իրավիճակում չհայտնվելու համար: Չլինի՞ թե ամենայն հայոց բանաստեղծն էլ էր ծիծաղի առիթ ստեղծում, երբ մանրակրկիտ ու անխնա քննադատում էր շեքսպիրյան անհաջող ներկայացման մեջ եղած անհեթեթ սխալները. «…թագուհու տեղը բերել են մի ջահել աղջիկ նստեցրել ու առաջը կանգնել որոտում են. «Քո հասակում արդեն արյունը սառած է լինում ու կիրքը հանգած…»:

Հանդուգն երիտասարդին ինքնատիրապետումը կորցնելու չափ զայրացնելու համար նրանք ոչնչի առջև չեն կանգնի. ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը ներկայացման քննարկման ընթացքում կարող է բեմական գործչին պատշաճող հետևողականության փոխարեն ինքնահավան հեգնանքով դիմավորել մասնագետի առաջադրած դիտարկումը: Հետո էլ գռեհիկ արարքը կատակ հրամցնելով` արդարանալ: Տարիների վաստակի մեջ միգուցե սա՞ էլ է մտնում: Ուղղակի զավեշտալին այն է, որ ոխակալների ոհմակի կազմակերպած նմանօրինակ «մանր սրիկայություններից» հետո տվյալ ժամանակահատվածում գրավոր ապտակ ստացած վրիժառուն ներկայացումների կամ թատերական միջոցառումների ընթացքում դիտավորյալ պատահականությամբ կողքիդ կամ հետևի նստարանին է հայտնվում: Ենթիմաստն այն է, թե` դու այդպես, մենք էլ` այսպես, տեսա՞ր ինչ արեցինք, դե, գնա ու փիքր արա: Իրոք, ճշմարտության հայելուց զարհուրող մարդկանց դեպքում հարկ է ականջալուր լինել Երվանդ Օտյանի խոսքերին և գրիչը փոքրոգիների համար շատ մաքուր զենք համարելով` վերջիններիս հալածման միջոց նախընտրել աղբանոցի քաքոտ ցախավելը: Ռուսն այս խառնվածքը մեկնող ու վերջակետող մի փառահեղ բառ ունի, որի հայերեն հոմանիշների հնչողությունները չեն կարողանում ըստ ամենայնի վերարտադրել երևույթի էականությունը. ДЕ-ШЕВ-КА: Նրանց անարդյունք, մի քիչ էլ զավեշտալի պատժամիջոցների ցուցակը կարելի է շարունակել ու շարունակել, բայց ի՞նչ փույթ. դրանից ո՛չ երիտասարդ թատերագետի հոգսը կթեթևանա, ո՛չ էլ` ընկճվածությունը կպակասի: Այսպիսին են հայ թատերական, մասնավորապես` թատերագիտական բարքերը, որոնք հարգանք ներշնչելու առիթ կարծես թե չեն ներշնչում:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am