Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Հունիս 2011, N 6

ԱՆՏՈՒԱՆ ՄԵՅԵ (ANTOINE MEILLET) (1866-1936)

ՀԱՅ ԱԶԳԸ1

Ինչպես ավստրիացիները հարձակվեցին Սերբիայի վրա` չնայած իրենց պարտադրած անլուր պայմաններին, ինչպես գերմանացիներն անիրավացիորեն գրավեցին չեզոք Բելգիան, որովհետև նրանց հարմար էր այդ տեղով անցնել, և որովհետև նրանք ուզում էին գրավել Հյուսիսային ծովի ափերը և շրջապատել Հոլանդիան, այնպես էլ երիտթուրք ղեկավարներն ուզեցին գերազանցել իրենց գերմանացի դաշնակիցներին. վճռած լինելով միասնականացնել իրենց կայսրությունը և գիտենալով, որ իրենք անկարող են միաձուլել իրենցից ավելի քաղաքակիրթ հայերին, բնաջնջեցին նրանց:

Հայ ազգը վաղուց է կազմավորվել: Նա զբաղեցնում է Միջագետքի և Կովկասի հարավակողմյան հովիտների միջև ձգվող լեռնային ընդարձակ երկրի հովիտներն ու բարձրավանդակները: Քրիստոսից վեց դար առաջ պարսկական բնագրերն արդեն Հայաստանը կոչում են այն անունով, ինչ մենք նրան տալիս ենք դեռևս այսօր։ Քրիստոսի դարաշրջանին նախորդած և անմիջապես հաջորդող դարերում Հայաստանը կազմել է անկախ թագավորություն: Այդ թագավորությունը քրիստոնեություն է ընդունել նույն ժամանակներում, ինչ Հռոմեական կայսրությունը, և այդ ժամանակներից սկսած` Հայ եկեղեցին չի դադարել ինքնավար լինելուց, բացարձակապես անկախ ինչպես Արևելքի հունական ու սլավոնական, այնպես էլ հռոմեական եկեղեցուց: Ք.հ. հինգերորդ դարից սկսած` գոյություն է ունեցել հայ գրականություն` ինքնուրույն, ամեն տեսակետից հետաքրքրական երկերով: Հայոց լեզուն ունի հնդեվրոպական լեզվի բոլոր առանձնահատկությունները: Արվեստի պատմաբանները միաձայն ընդունում են, որ ճարտարապետության բնագավառում Ք.հ. 5-9-րդ դարերում հայերը եղել են ստեղծագործներ: Այն ժամանակ, երբ Ֆրանսիա անունը նույնիսկ գոյություն չուներ, Հայաստանը մեծ դեր է խաղացել պատմության մեջ. այն ժամանակներում, երբ ֆրանսերեն լեզուն դեռևս չէր տարբերվում լատիներենից, գոյություն ուներ հայերեն կարևոր գրականություն:

Խաչակիրների ժամանակաշրջանում հայերը Կիլիկիայում հիմնադրել են անկախ թագավորություն. նրանք խաչակիրներին օգնել են նրանց ձեռնարկումների մեջ, և խաչակիրների անհաջողությունն իր հետ բերել է նրանց թագավորության կործանումը: Այդ ժամանակից սկսած ոչ մի տեղ անկախ հայեր չկան. մահմեդական, պարսկական կամ թուրքական պետությունները տիրել են երկրին:

Սակայն հայ ազգն ուներ իր սովորույթները, իր լեզուն, իր գրականությունը, իր եկեղեցին: Նա ուզում էր ապրել և, չնայած ստրկացմանը, ապրեց:

Ում որ հալածանքը խանգարում էր մշակել իր հողը, արտագաղթել է: Այնտեղ հայերն ի հայտ են բերել գերազանց հատկություններ: Ջանասեր հողագործներ, իրենց հողին կապված գյուղացիներ` հայերը կարողացել են անհրաժեշտության դեպքում դառնալ գործունյա վաճառականներ: Այդպիսով նրանք մեծ տեղ են գրավել Կ.Պոլսում, Եգիպտոսում, Տրանսիլվանիայում, Լեհաստանում և, ավելի նոր շրջանում` Բաքվում, Միջերկրականի ամբողջ ավազանում և մինչև իսկ Ամերիկայում: Նրանք ամենուրեք եղել են օգտակար քաղաքացիներ. այսպես` տորոնի մշակումը Ֆրանսիայի կենտրոնական մասում ներմուծողը մի հայ է` Ալթըն:

Արմատախիլ լինելով իրենց հայրենիքից` նրանցից շատերը ստիպվեցին առևտրական դառնալ, և դրսում հայերը ամենից շատ ճանաչված են որպես վաճառականներ, բայց ով նրանց դիտել է իրենց երկրում, գիտե, որ այդտեղ, որտեղ պահպանվել է նահապետական կյանքը, նրանք մնացել են հողագործներ:

Հայ եկեղեցին, որ չի դադարել ինքնավար լինելուց, քրիստոնյա եկեղեցիներից ամենադեմոկրատականն է. նա միակն է, որտեղ աշխարհականները եկեղեցականների հետ միասին մասնակցում են եկեղեցու պետի` կաթողիկոսի ընտրությանը, որի աթոռը գտնվում է Էջմիածնում` ռուսական Հայաստանում:

19-րդ դարում, առանց որևէ տեղում իսկապես իրենց պատկանող կենտրոն ունենալու, հայերը գտել են ռուսական Հայաստանը արդի մի գրականությամբ և թուրքական Հայաստանը մի այլ գրականությամբ օժտելու միջոց:

Զբաղեցնելով Ասիայի այնպիսի մի մաս, որն իր բնությամբ իսկ անցման կետ է Արևելքի և Արևմուտքի միջև, Ք.հ. 5-րդ դարից սկսած նրանք դարձել են եվրոպական քաղաքակրթության կրողները: Գրաված առաջապահ դիրքը նրանց դարձրեց արևմտյան մշակույթի մարտիրոսներ:

Սակայն ապրելու այդ կամքը, այդ գործունեությունը, այդ ուշիմությունը, այդ հաջողությունները հայերին ատելի են դարձրել իրենց թուրք տերերին, որոնք նրանցից նվազ ճարտար են:

1878թ. Բեռլինի դաշնագրով Թուրքիան իզուր պարտավորվեց Հայաստանում բարեփոխություններ ու բարելավումներ մտցնել և հայերի ապահովությունը երաշխավորել քրդերի և չերքեզների դեմ: Արված խոստումները երբեք չիրագործվեցին: 1894թ. Սամսոնի ջարդերից հետո Եվրոպան ավելի հրամայականորեն է բարեփոխումներ պահանջում. սուլթան Աբդուլ Համիդը խոստանում է դրանք և անմիջապես կարգադրում է 1895 և 1896թթ. մեծ ջարդերը, որոնք նրան արժանացրին «արյունոտ սուլթան» անվանը: Երիտթուրքական հեղափոխությունն իր հերթին խոստանում է բարելավել հայերի վիճակը` ազատություն հաստատելով Օսմանյան կայսրության ներսում. իրականում երիտթուրքերն ուզում էին ստեղծել միայն միասնականացրած Օսմանյան կայսրություն, որի տերերը պետք է իրենք լինեն. նրանք փորձեցին «թուրքացնել» բոլոր ցեղերին` հալածելով նրանց, որոնք ուզում էին պահպանել իրենց ինքնությունը: 1909 թվականից սկսած նրանք Ադանայում ջարդել տվեցին հայերին:

Եվ այն ժամանակվանից, երբ երիտթուրքերի կառավարությունը դաշնակցեց կենտրոնական կայսրություններին, և գերմանացիները նրան կազմակերպություն սովորեցրին, նա նոր գիտությամբ կազմակերպեց հայ ժողովրդի բնաջնջումը: Նա կարգադրեց հայերին տեղահանել այն հողերից, որ վերջիններս զբաղեցնում էին երկու հազար տարուց ի վեր. և տղամարդկանց սպանել ու կանանց տիրանալ տալուց հետո, սովից, ծարավից, հոգնածությունից մեռցնել տվեց մնացած կանանց և երիտասարդներին այն ճանապարհների վրա, ուր քշել էր նրանց. նա մահվան աքսորեց նրանց Սիրիա և Միջագետք: Այդպիսով բնաջնջվեցին հազարավոր հայեր: Երբ ռուս զորքերը մտան Էրզրում և Տրապիզոն, այդ քաղաքներում նախկինում բնակվող տասնյակ հազարավոր հայերից նրանք հազիվ գտան մի քանի տասնյակ հայեր: Գերմանական իշխանություններին հայտնի դարձան այդ ջարդերը, բայց նրանք դեմ չկանգնեցին: Այլուր` Սիրիայում, քրիստոնյա բնակչությունը բնաջնջվեց այլ կերպ. վերացվեցին ուտելիքի բոլոր պաշարները, այնուհետև երկիրը մեկուսացվեց, և արգելվեց նոր պաշարների ներմուծումը: Հարյուր հազարավոր սիրիացիներ (ասորիներ) մահացան սովից: Գերմանիային հայտնի դարձավ ոճիրը, բայց նա դեմ չկանգնեց:

Այնուհանդերձ, գոյություն ունեն հայեր, ինչպես գոյություն ունեն սիրիացիներ (ասորիներ): Հայերը մնացին թուրքական գավառներում. նրանք մեծ քանակությամբ արտագաղթեցին ռուսական գավառները: Հայ ցեղը, որ շուտ բազմացող է, ընդունակ է բնակչությամբ դարձյալ լցնելու իր պապերի երկիրը, որ ավերել է թուրքերի հետևողական բարբարոսությունը: Էրզրումում, որտեղ ռուսների մտնելու ժամանակ հայեր այլևս չկային, ռուսների տիրապետության երկու տարվա ընթացքում հավաքվել են ավելի քան 9000 հայեր:

19-րդ դարում Ռուսաստանի հայերը ցույց տվեցին, թե իրենք ինչի՛ են ընդունակ ոչ թե նույնիսկ ազատ կամ ինքնավար, այլ պարզապես խաղաղ վարչակարգում: Կովկասի ռուսական գավառներում նրանք արագորեն գրավեցին առաջնակարգ տեղ: Նրանք իրենց փայլուն կերպով դրսևորեցին պատերազմի ժամանակ: Ռուսական հեղափոխությունը նրանց տալու է իրենց ազգային կյանքը զարգացնելու միջոցները:

Երբ խաղաղություն լինի, անհրաժեշտ է, որ Թուրքիայի հայերի մնացած մասը ևս ազատագրվի: Դաշնակիցներն իրենց ծրագրի մի հոդվածը դարձրեցին այդ ազատագրումը: Այդ մասին հաստատակամորեն արտահայտվեցին պրն Պիշոնը Ֆրանսիայում, պրն Լլոյդ Ջորջը Անգլիայում, պրն Ուիլսոնը Միացյալ Նահանգներում:

Ջարդերի ընթացքում, որոնք դարեր են տևել և այնքան ավելի արյունահեղ են դարձել, որքան Արևելքում տարածվել է քաղաքակրթությունը, թուրքերն ապացուցեցին, որ իրենք անկարող են տիրել հայ ազգի նման մի ազգի:

Թողնել, որ ջարդերով որոշվեն հայերի իրավունքները` կնշանակեր վարձատրել բարբարոսությանը:

 

1 La Nation armռéienn. այս հոդվածը զեկուցման այն նախագիծն է, որ «Ֆրանսիա-Հայաստան» ընկերության կոմիտեն միաձայն հաստատել է 1917թ. մայիսի 7-ի իր նիստում: La Revue Franco-ètrangére, 1917, №5-6, մայիս-հունիս, էջ 194-196=Bulletin de l’Allince Franaş, № 79 հավելված:

Վերցված է` Անտուան Մեյե, Հայագիտական ուսումնասիրություններ գրքից, Երևան, 1978, էջ 510-513:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am