Հունիս 2011, N 6
ԱՐԻՍՏԱԿԵՍ ԼԱՍՏԻՎԵՐՑԻ (XI ԴԱՐԻ ՊԱՏՄԻՉ)
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՆՑՈՒԴԱՐՁԵՐԸ
Գլուխ Ա
Չարչարանքների օրեր մեզ հասան,
Մեզ նեղություններ գտան անապատում,
Որովհետև մեր մեղքերի չափը լցվելով` թափվեց,
Եվ վեր բարձրացավ աղաղակը մեր Աստծու առաջ.
Ամեն մարդ եղծեց իր ճանապարհը,
Ու լցվեց երկիրը անօրինությամբ.
Արդարությունը սաստիկ նվազեց,
Անառակությունն աճեց-բազմացավ,
Ժողովուրդը և քահանան դրժեցին Աստծուն:
Այդ պատճառով էլ օտար ազգերը
Օտարացրին մեզ մեր բնաշխարհից.
Մեր փառքը փոխվեց ապականության.
Շունչ չմնաց մեր մեջ, և կորանք հուսալքումից.
Զորացավ մահը, լափեց անհագուրդ,
Գերեզմաններն էլ «բավական» ասել չուզեցին երբեք.
Բոլորը մոլի սանձարձակությամբ ընկան մեզ վրա.
Մեր հոգեվարքի օրերին նույնիսկ չբավարարվեց
Ժամանակն` արդեն անցյալում կրած պատուհասներով,
Հաջորդներն այսպես հաջորդողներին փոխարինեցին,
Եվ կյանք արծարծող շունչը նվազեց.
Երկրի հաստատուն բնակիչները
Վտարանդիներ դարձան ստամբակ օտարի ձեռքով
Եվ պանդխտեցին պանդխտության մեջ նորից ու նորից.
Սիրելիներից բաժանվածները,
Եթե սրահար չկոտորվեցին,
Ցիրուցան եղան մոլորակ կոչված աստղերի նման,
Օրավուր մեր դեմ բոլոր կողմերից
Հառնեցին անդուլ պատերազմներ.
Արևելքից սուր, արևմուտքից մահ,
Հյուսիսից սպանդ և հարավից հուր.
Ուրախությունը երկրից վերացավ,
Ամենուր լռեց ձայնը քնարի,
Լռեց թմբուկի բոմբյունը զվարթ,
Բարձրացան ողբի աղաղակները:
Արիստակես Լաստիվերցի,Պատմություն,
թարգմ.Վ.Ա. Գևորգյանի, Երևան, 1971, էջ 1-2: