Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Հունիս 2011, N 6

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ (1869-1923)

ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ՉԱՐՉԻՆ

- Հե՜յ, լավ մանրո՜ւք,

Ասե՜ղ, հուլո՜ւնք,

Մատնի՜ք, մարջա՜ն,

Ապարանջա՜ն...

Հա՜վ, ձո՜ւ բերեք,

Առե՜ք, տարե՜ք,

Խունջիկ-մունջիկ

Հարսն ու աղջի՜կ,

Էժա՜ն կըտամ,

Լա՜վը կըտամ...

Էսպես կանչելով՝ փողոցից փողոց,

Իբրև թե չարչի մի թափառական,

Չարչու կերպ մըտած, ինչպես վիշապ օձ,

Անցնում էր ինքը՝ Շահ-Աբաս արքան:

- Հե՜յ, ո՞վ կուզի թել ու ասե՜ղ,

Դուրս եկե՛ք, դո՜ւրս, ինձ մո՜տ, էստե՜ղ...

- Չարչի ախպե՛ր, չարչի ախպե՛ր,

Ասեղ ունի՞ս, էս կողմը բեր:

Կանչեց մի կին՝ հայ գաղթական,

Ու մոտ գընաց չարչին կընկան:

- Օ՜, ի՜նչ ասեղ, իսկն օձի քիստ...

Թոփը մի հաց...

- Վո՜ւյ, թանկ է խիստ...

- Է՜, մի՜ խոսիր, քուրի՛կ, էդպես,

Շահի կյանքը թե կըսիրես:

- Ամա՜ն, հողեմ գլուխը Շահի,

Աստված Շահից հեռու պահի.

Արևդ ապրի, չարչի ախպեր,

Էդ անունը բերան մի՛ բեր:

- Վա՜հ, էսքան էլ չա՞ր լինի մա՜րդ.

Ի՞նչ է արել Շահը ձեզ վատ:

Գազան թուրքի սըրից փըրկել,

Չոր Ջուղայի քարից պոկել՝

Բերել է ձեզ առատ Փարիա,

Աչքն էլ քաղցըր միշտ ձեզ վըրա...

- Օ՜ֆ, հերիք է, չարչի ախպե՛ր,

Մի՜ խոսեցնիր ինձ դըրանից:

Երնեկ դըրա ոտը կոտրեր՝

Չըգար հաներ մեզ մեր տանից:

Եկավ վարար հեղեղի պես,

Զարկեց մեր շեն, մեր լի Ջուղան,

Ոչ աստըծուն նայեց, ոչ մեզ,

Սըրբեց բերավ ողջ տեղահան:

Թող արինք փակ մեր տուն ու ժամ,

Բանալիներն Արազն ածինք,

Սարի ուսից վերջին անգամ

Ետ նայեցինք ու կանչեցինք.

«Աստվածածի՜ն Վերին Կաթան,

Քեզ ամանաթ մեր սուրբ վաթան,

Ուր որ գընանք մեր վաթանից՝

Մեզ դարձըրու գերությունից»:

Աղաչեցինք աղերսելով,

Ետ շուռ եկանք ու անց կացանք.

Ծեծով, կոծով, հըրով, սըրով՝

Ծով Արազի ափը հասանք:

Արազը ծո՜վ, Արազն ելմա՜ն,

Դուրս է եկել իր ափերից.

«Անցե՜ք», եկավ մեզ հըրաման.

Շահն է հրաման տալիս վերից...

Ետևը սո՜ւր, առաջը ջո՜ւր,

Սո՜ւգ, վայնասո՜ւն, իրարանցո՜ւմ,

Բառաչում են մեծ ու պուճուր,

Իրար գըրկած՝ գետը լըցվում...

Էն սև օրը, որ մենք տեսանք,

Քո թըշնամին թող չըտեսնի...

Ա՜խ, ե՞րբ պիտի մին էլ տեսնենք`

Մեր անեծքը երկինք հասնի...

Ու գալիս են չարչու գըլխին

Կիտվում պանդուխտ, գերի հայեր.

«Անե՜ծք Շահին, իրեն գահին»,-

Անիծում են երկինքն ի վեր:

Շուռ են գալիս իրենց բընում

Չարչու աչքերն ըսպառնալի,

Ձեռն ու ոտը դող են լինում,

Ու սևակնած հարց է տալի.

- Շահի աոջև հապա էնօր

Գոռում էիք միաբերան,

Թե ապրոււմ եք դուք բախտավոր

Ու օրհնում եք թախտն ու իրա՞ն...

- Սուտ էր, ախպե՛ր: Դու մեզնից մեկն՝

Ի՞նչ թաքցընենք մենք քեզանից,

Բայց մեր սիրտը ո ՞նց չըծածկենք

Էն մարդակեր չար գազանից:

Սուտ էր... Ու միշտ, քանի որ կա

Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,

Չի լինելու երկրի վըրա

Ո՛չ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...

Մռընչաց չարչին, աբեն շըպըրտեց,

Դուրս ելավ տակից Շահ-Աբասն ահեղ,

Նաջաղը ցոլաց, իջավ շեշտակի,

Գերի ծերունին փըռվեց տեղնուտեղ:

Փըռվեց... Ու միշտ, քանի որ կա

Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,

Չի լինելու երկրի վըրա

Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր:

 

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am