Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Հունիս 2011, N 6

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ՀՈՒՆԻՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՆԵՐՔԱՇՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ

(նյութի մշտական հասցեն՝ http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1415881.html)

16.06.2011

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հրապարակումները, չնայած իրենց ողջ բազմազանությանը, իմ կարծիքով, մի թերություն ունեն. դրանցում, որպես կանոն, չի տրվում այն իրավիճակի հստակ բնութագիրը, որի մեջ գտնվում է Հարավային Կովկասի տարածաշրջանը, և չի նշվում նրա փոխկապվածությունն այն գործընթացների հետ, որոնք տեղի են ունենում Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի էությունը հասկանալու համար չեն վերլուծվում այնքան հրատապ հարցեր, որոնցից են. առաջին` ներկայումս աշխարհաքաղաքական ի՞նչ գործընթացներ են ծավալվում աշխարհում, և դրանցում ի՞նչ տեղ է հատկացվում տարածաշրջանին, երկրորդ` ուժի միջազգային կենտրոնները ղարաբաղյան հակամարտության գոտում ի՞նչ մանիպուլյացիաներով կկարողանան դրանք ենթարկեցնել Մեծ Մերձավոր Արևելքի երկրների պետական կարգի փոխակերպման` իրենց առջև դրված նպատակներին հասնելուն, երրորդ` որքանո՞վ է իրատեսական հակամարտության կարգավորման շրջանակում հասնել այն բանին, որ Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված չլինի որպես խաղաղության և կայունության երաշխավոր Հարավային Կովկասի և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերլուծական նյութերի մեծամասնությունում, չգիտես ինչու, չի տրվում դրա լուծման վրա Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում Թուրքիայի նոր դերի հնարավոր ազդեցության, ինչպես նաև Իսրայել պետության գործոնի հնարավոր փոխակերպման մասին գնահատականը «Նոր կարգի», ավելի ճիշտ` «անկարգության» հաստատման գործում` Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների համակողմանի խորացման համատեքստում:

Սա ամենևին էլ հարցերի ամբողջական ցանկը չէ, որոնց պատասխանները կօգնեն ավելի լավ հասկանալ այն գործընթացների էությունը, որոնք սերմանվում են որպես «կառավարելի քաոս» Հյուսիսային Աֆրիկայի երկրներից մինչև Ինդոնեզիա ընկած տարածքում: Որպես կանոն, հավուր պատշաճի ուշադրություն չի հատկացվում նաև միանգամայն էական այն դերին, որը կարող է խաղալ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում, այլև որպես ազդեցության կարևոր գործոն ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանի, այնպես էլ Իրանին սահմանակից պետությունների (դրանք լինեն Սիրիան, Իրաքը, Պարսից ծոցի պետությունները, առավել ևս` Աֆղանստանը, որի ղեկավարության հետ իսլամական հանրապետությունը բարեկամական-ֆինանսական խիստ նրբանկատ հարաբերություններ է պահպանում) կայունության վրա:

Վերոնշյալ բոլոր հարցերին մեկ հոդվածում պատասխանելը, կարծում ենք, նպատակահարմար չէ, սակայն դրանցից մի քանիսն անհրաժեշտ է դիտարկել հիմա` հունիսի 25-ին կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Կազանի գագաթաժողովի նախօրեին: Գտնում ենք, որ այս հարցերի մի մասի և դրանց հետ փոխկապակցված հանգամանքների հաշվի առնումը, ինչպես նաև այն իրավիճակի հստակ սահմանումը, որի մեջ հայտնվել է Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունների և հեռանկարների օբյեկտիվ, կշռադատված գնահատման անհրաժեշտ պայման են: Այլապես, մենք` հայերս, հերթական անգամ դատապարտված կլինենք ցասման կամ տրտմության վերաճող խոր հիասթափություն ապրել` պատմական անարդարության, հայ ժողովրդի հանդեպ աշխարհիս հզորների կողմից կիրառվող երկակի չափորոշիչների մասին լացուկոծի ուղեկցությամբ: Ընդ որում` մենք կրկին ու կրկին կընդվզենք ու կպայքարենք` լայնորեն ներգրավելով հայ սփյուռքը` դա լինի Ռուսաստանում, թե Արևմուտքում, կապացուցենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը շատ ավելի փաստարկված հիմք ունի` Միջազգային իրավունքի տեսանկյունից, քան Արևելյան Թիմորի, Հարավային Սուդանի, Կոսովոյի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը:

Ի դեպ, Ադրբեջանի Հանրապետությունը ղարաբաղյան հակամարտության` Մադրիդյան նորացված հիմնարար սկզբունքներին համապատասխան կարգավորման մասով կհայտնվի համանման իրավիճակում: Այո՛, ես չսխալվեցի` ասելով, որ նման ճակատագիր է սպասվում նաև Ադրբեջանին, քանի որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններում, որքան էլ ցավալի լինի խոստովանել, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ընդամենը գործիք են ուժի միջազգային կենտրոնների` Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ձևաչափի փոփոխությանն ուղղված գլոբալ քաղաքականության մեջ: Եվ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ, Եվրամիության ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի այս բարդ հանգույցի մեջ Հայաստանի բնական դաշնակիցը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունն է: Ադրբեջանի բնական դաշնակիցն էլ Թուրքիան է, որի հետ Ադրբեջանը կապված է 2010թ. օգոստոսի 16-ին ստորագրված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին պայմանագրով», ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը: Այո՛, ես չսխալվեցի, Ռուսաստանի Դաշնությունը, որի քաղաքական ղեկավարությունը հետևողական և նպատակաուղղված աշխատանք է կատարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գոտում ռազմական ցանկացած գործողություն կանխելու ուղղությամբ: Ընդ որում` նկատվում է, որ Ռուսաստանը գիտակցում է իր պատմական պատասխանատվությունը բարեկամ երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի ճակատագրերի հանդեպ, և ոչ մի կերպ չէր ցանկանա ներգրավված լինել ռազմական հնարավոր գործողություններում, որոնք սանձազերծելու պատրաստակամության մասին ահա արդեն քանի տարի անդադրում պնդում է ադրբեջանական ղեկավարությունը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի անթաքույց դիրքորոշումը հավաստի վկայությունն է ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային բնույթի. բարեկամը նա չէ, ով թույլ է տալիս, որ բանը հասնի պատերազմի, արյունահեղության, հետո նոր անցնի իր ռազմավարական գործընկերոջ կողմը: Իսկական բարեկամը չի ընդունի մեկ ուրիշի կողմից իր դաշնակցի նկատմամբ բռնության հնարավորությունն իսկ, մանավանդ որ մեր պարագայում մեկ ուրիշը Ռուսաստանի համար նույնպես բարեկամական երկիր է` Ադրբեջանը:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա Հայաստանի (ինչպեսև Ադրբեջանի) համար գործընկերային այս երկրում աշխարհաքաղաքական առումով հստակորեն ըմբռնում են իրենց համար այն ողջ վտանգը, որը կարող է ներկայացնել ռազմական գործողությունների վերսկսումն ադրբեջանական զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի միջև: Ընդ որում` հարցը միայն այն լարվածությունը չէ, որը կարող է ստեղծվել ռազմական գործողությունների սկսմամբ, որը կուղեկցվի ադրբեջանցի փախստականների մեծ հոսքով դեպի Հյուսիսային Իրանի շրջաններ, և ոչ այնքան այն, որ հնարավոր է, որ միջազգային խաղաղարար ուժեր տեղաբաշխվեն Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հետ Իրանի սահմանին: Վտանգը թաքնված է արտաքին ուժերի և դրանց գործակալների կողմից անջատողական տրամադրությունների կանխատեսելի հրահրման մեջ բուն Իրանում` երկրի հյուսիսային տարածքներում, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանում, որի բազմամիլիոն բնակչությունը հիմնականում էթնիկ ադրբեջանցիներ են: Այս հակիրճ անդրադարձից հետո հարց տանք. ի՞նչ սահմանում կարելի է տալ այն իրավիճակին, որը ստեղծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում, և դրա կազմավորման մեջ ի՞նչ տեղ է հատկացվում այն գործընթացներին, որոնք կարող են սկսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում: Այս հարցերին պատասխանելու համար նախ հարկ է սահմանել, թե որն է այսօր չկարգավորված ղարաբաղյան հիմնախնդրի իսկական էությունը: Ի՞նչ է դա, սառեցված զինված հակամարտությո՞ւն, «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճա՞կ: Գուցե, այնուամենայնիվ, ակնհայտ է այն փաստը, որ արդի պատերա՞զմ է ընթանում: Եթե առաջադրված հարցերի պատասխաններին մոտենանք համակարգայնորեն, ապա անհրաժեշտ է ընդունել հետևյալ իրողությունները: Այսպես, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ ադրբեջանական ղեկավարության վարած քաղաքականության տնտեսական, քաղաքական, սոցիալական, տեղեկատվական, պաշտպանական բաղադրիչների վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք արդի պատերազմի դասական դրսևորման հետ: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահա արդեն երկրորդ տասնամյակն իրականացվող տնտեսական շրջափակումն այլ բան չէ, քան Հայաստանի դեմ տնտեսական պատերազմ հայտարարելու և վարելու իրողություն: Հակահայկական բանաձևերը, որոնք Ադրբեջանն անցկացնում է (նրա շահերը լոբբիի ենթարկող երկրների լայն մասնակցությամբ, որոնք ընդգրկված են մեր տարածաշրջանի էներգետիկ խոշոր նախագծերում) միջազգային կազմակերպություններում, լինեն դրանք ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը կամ ԵԱՀԿ-ն, Իսլամական կոնֆերանս կազմակերպության գագաթաժողովները, Ադրբեջանի կողմից Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հայտարարված քաղաքական ճակատային պատերազմի դրսևորման վկայություններն են: Հարկ է նշել, որ այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Միաժամանակ, հարկ է հավելել, որ բավական է վերլուծել Ադրբեջանի քաղաքական և զինվորական ղեկավարության վերջին տարիների հրապարակային ելույթները, որոնցում շոշափվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը` օբյեկտիվ եզրահանգում անելու համար. Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծվել է նաև լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմ: Վերցնենք, թեկուզ, նրանց ելույթից ելույթ կրկնվող հիշատակումներն ու քարոզներն այն մասին, թե` ա) Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի տարվա ընթացքում 6-7 անգամ ավելացել է, և ներկա պահին իրենց ռազմական ծախսերը հավասար են ՀՀ պետբյուջեին և կազմում են 3,1 մլրդ դոլար, իսկ պաշտպանական նպատակներով ծախսերն ընդհանուր առմամբ գերազանցում են 4 մլրդ դոլարը, բ) ադրբեջանական ժողովրդի համբերությունն անսահման չէ` հայկական օկուպացիան էլի հանդուրժելու համար (նկատի ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատումը ֆիզիկական բնաջնջման վտանգից իր իսկ բուն տարածքում), գ) արդեն կարող են ղարաբաղյան հակամարտության հարցը լուծել ռազմական ճանապարհով, բայց առայժմ ձեռնպահ են մնում բանակցային գործընթացից դուրս գալուց և այլն, և այլն: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ տեղեկատվական պատերազմ է վարվում նաև Թուրքիայի կողմից, ընդ որում` ավելի բարձր մակարդակով: Այս պնդումը հաստատելու համար բավական է նշել թուրքական ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունը, որը զրոյի հավասարեցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` ԱՄՆ բազմամյա ջանքերը, որոնք աջակցվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և Եվրամիության կողմից: Ինչպես հայտնի է, Թուրքիայի ղեկավարությունը սաբոտաժի ենթարկեց Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորումն ու հաստատումը (խոսքը 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունների մասին է)` այդ հարցերը շաղկապելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրների հետ, ընդ որում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման պայմաններում: Հիշեցնենք, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական TRT1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր. «Մենք միշտ եղել ենք Ադրբեջանի կողքին և միշտ պաշտպանելու ենք նրա իրավունքները: Երբ մենք խոսում ենք տարածաշրջանում խաղաղության մասին, ապա նկատի ունենք ադրբեջանական տարածքների ազատագրումը: Ոչ միայն Ղարաբաղի, այլև զավթված մյուս բոլոր տարածքների»: Այնինչ, Ցյուրիխյան արձանագրություններում ոչ մի նախապայման, ոչ մի հիշատակում չկար այդ հիմնախնդիրների փոխկապվածությունների մասին: Ավելին, այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջև կապ գոյություն չունի, բազմիցս խոսել են ԱՄՆ պետքարտուղարը, արտասահմանյան գործերի և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ Գերագույն ներկայացուցիչը: Միանշանակ են եղել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի ու վարչապետի դիրքորոշումներն այս առումով: Մասնավորապես, ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը 2010թ. հունվարի 13-ին իր գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց. «Ե՛վ ղարաբաղյան հիմնախնդիրը, և՛ թուրք-հայկական հիմնախնդիրը, ինքնին, խիստ բարդ են, ես ճիշտ չեմ համարում բոլոր հիմնախնդիրները մեկ փաթեթում շաղկապելը... Իսկ եթե մենք շարունակենք ամեն ինչ մի տեղ հավաքել, ապա այդ ժամանակ լուծման հեռանկարն ինքնաբերաբար շատ երկար ժամանակով հետ կմղվի»:

Էլ չենք խոսում հրադադարի գծով ադրբեջանական ուժերի ուղղակի ռազմական համակարգված գործողությունների, այն է` ադրբեջանցի զինվորականների կողմից դիվերսիոն գրոհների կազմակերպման, ադրբեջանցի դիպուկահարների չդադարող կրակոցների մասին, որոնք հանգեցնում են ինչպես Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների զոհվելուն: Այսպիսով, մենք կարող ենք հավաստել, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի հարաբերությունները կարելի է ամենայն պատասխանատվությամբ բնութագրել որպես արդի պատերազմի իրավիճակ` չնայած 1994թ. Բիշքեկում ստորագրված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրին: Այո՛, հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, ըստ պատերազմի արդի տեսության, ենթակա է հետևյալ սահմանման. արդի պատերազմի իրավիճակ, որի զինանոցում են գտնվում քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, տեղեկատվական, հոգեբանական պատերազմները: Ընդ որում` հարկ է նշել, որ այն ձևերը, որոնք բնորոշ են արդի պատերազմներին, ադրբեջանական կողմն օգտագործել է նաև 1992-1994թթ. Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի դիմակայության թեժ փուլում, երբ ղարաբաղյան ճակատում ադրբեջանցիների կողմից կռվում էին Բասաևի վարձկաններն ու աֆղան մոջահեդները: Պատերազմի արդի տեսության մեջ հատկապես նշվում է, որ արդի պատերազմներում պատերազմի նոր գործող անձինք են դառնում ռազմական մասնավոր ընկերությունները:

Կարծում ենք` վերն ասվածը հրատապ է դարձնում հետևյալ հարցը. որքանո՞վ են արդի պատերազմի (որի մեջ արդեն մոտ քսան տարի գտնվում են Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) մարտահրավերներին համարժեք ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները: Չէ՞ որ ակնհայտ է, որ արդի պատերազմի զսպումը պետք է հանգեցնի միանգամայն այլ փաստաթղթերի ընդունմանը, որոնք, անշուշտ, նույնպես պետք է հիմնվեն Միջազգային իրավունքի վրա: Իսկ եթե ենթադրվում է, որ Մադրիդյան սկզբունքների ընդունումը (ինչն առանց դրանց էության բովանդակազրկման անընդունելի է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, ինչի մասին բացահայտորեն հայտարարում են երկու կողմերը) առաջին քայլը կդառնա հաշտության համընդգրկուն պայմանագրի կնքման ճանապարհին, ապա այդ պնդումը, մեղմ ասած, քննադատության չի դիմանում: Ընդ որում` հարկ է հատուկ ընդգծել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդական առաքելություն կատարելու Ռուսաստանի մղումն ազնիվ է և հասկանալի: Այդ առաքելությունը, առաջին հերթին, նպատակաուղղված է խաղաղության և անվտանգության պահպանմանն իր հարավային սահմաններին, այն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման գործին Ռուսաստանի հավատարմության վկայությունն է, երկրներ, որոնցից յուրաքանչյուրը ՌԴ-ի հետ պատմականորեն ստեղծված բարեկամական հարաբերություններ ունի:

Հանուն արդարության նշենք նաև, որ մենք` հայերս, չենք կարող դժգոհել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների` Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի բարյացակամության պակասից: Թեև ԱՄՆ-ը մինչ օրս չի ճանաչել ու չի դատապարտել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, հայ ժողովուրդը մեծ համակրանքով է վերաբերվում Ամերիկային և, առավել ևս, Ֆրանսիային, որոնք գրկաբաց ընդունեցին 1915թ. Մեծ եղեռնից հրաշքով փրկված հարյուր հազարավոր հայ փախստականներին: Սակայն հարկ է փաստել, որ, ցավոք, այսպես կոչված, Real politic-ը հեռու է հույզերի ցուցադրումից և հաճախ էլ լրիվ զուրկ է բարոյական բաղադրիչից: Այնպես որ, պետք չէ պատրանքներ տածել, թե այդ երկրների բարեկամական հարաբերությունները Հայաստանի և մեր ժողովրդի հետ ինչ-որ դրական նշանակություն կունենան մեզ համար բախտորոշ հարցի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այնպես որ` հայտնագործություն չէ այն պնդումը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց գործողություններում հետևելու են Real politic-ի կանոններին, և այս հարցում պետք չէ կասկածել: Այդ երկրների` երկակի չափորոշիչներին հավատարմության ապացույցն է նրանց կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը և Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության չճանաչումը, էլ չենք խոսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության չճանաչման մասին, ինչը Միջազգային իրավունքի տեսակետից ավելի քան ծանրակշիռ հիմնավորումներ ունի:

Չէի ուզենա հայտնվել նորահայտ Դելֆյան գուշակի դերում, սակայն այսօր արդեն կարելի է առանց կասկածի պնդել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մադրիդյան նորացված հիմնարար սկզբունքները, իհարկե, շնորհիվ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդևի հետևողական և դիվանագիտորեն ճշտված գործողությունների, ստեղծված իրավիճակում ապահովում են գլխավորը` խաղաղության պահպանումը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Սակայն, ցավոք, չի կարելի սկզբից ևեթ ամուր խաղաղություն և անվտանգություն ապահովել` առանց ընդունելու այն իրողությունը, որ արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական հովանավորությամբ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հայտարարել և գտնվում է արդի պատերազմի վիճակում: Այստեղ խոսքը չպետք է լինի սառեցված հակամարտության կարգավորման մասին: Խնդիրը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի պարտադրած արդի պատերազմը զսպելն է: Այս պայմաններում, կարծում ենք, մենք իրավունք ունենք բարձրաձայնել այն մասին, որ այդ պատերազմի շարունակումը լուրջ սպառնալիք է հենց Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Հիշենք, որ Ռուսաստանի Դաշնության Ռազմական նոր դոկտրինի համաձայն (ընդունվել է ՌԴ նախագահի հրամանով 05.02.2010թ.)` Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ ռազմական ագրեսիայի կանխումը բխում է ՌԴ ազգային շահերից, քանի որ դա նպաստավոր պայմաններ է ստեղծում ռուսական պետության խաղաղ, ժողովրդավարական զարգացման համար:

Ամփոփելով վերը շարադրվածը` կարելի է փաստել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը ` Հայաստանի Հանրապետությունը, ահա արդեն երկրորդ տասնամյակն է` գտնվում է արդի պատերազմի վիճակում, կրկնեմ, դա նրան պարտադրված է Ադրբեջանի կողմից` Թուրքիայի ուղղակի հովանավորությամբ: Չափազանցություն չի լինի նաև այն պնդումը, թե այդ երկրները, ըստ էության, արդի պատերազմի մեջ են ներքաշում նաև Ռուսաստանի Դաշնությանը: Այս առնչությամբ տեղին է հետևյալ հարցը. արդյոք դա չի՞ արվում նոր աշխարհակարգի կայացմանն ուղղված ռազմավարության իրագործման համար` Հյուսիսային Աֆրիկայից մինչև Ինդոնեզիա «կառավարելի քաոսի» վիճակի ստեղծման միջոցով: Ավելին, արդյոք չպե՞տք է սպասել, որ այս ուղղությամբ հերթական քայլն արվելու է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանի գագաթաժողովից շատ չանցած: Արդյոք նման քաղաքականությունն ուղղված չէ՞ այն բանին, որ Ռուսաստանն աստիճանաբար ներքաշվի «կառավարելի քաոսի» հորձանուտում:

Այս հարցերը դավադրության կոնսպիրոլոգիական տեսությունների արդյունք չեն, դրանք հստակորեն ընթանում են մեր տարածաշրջանում և այնքան սովորական են դարձել, որ ինչ-որ առումով դուրս են մնացել Հայաստանի քաղաքական դասի, մեր ռուս դաշնակիցների տեսադաշտից: Ուստի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը հայկական կողմին չէր խանգարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին մոտենալ քաղաքական այս իրողությունները հաշվի առնելով, որոնք ներկայումս սպառնալի բնույթ են ստանում:

Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Ադրբեջանի պարտադրած արդի պատերազմի զսպումը հզոր պատնեշ է «կառավարելի քաոսի մեջ» Եվրասիային ներքաշելու ճանապարհին: Իմ կարծիքով, ահա այսպիսին է լինելու Կազանի գագաթաժողովի նշանակությունը:

 

ԻԳՈՐ ԲՈՅԿՈՎ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ, ՈՐՏԵՂ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՊՐԵԼ

(նյութի մշտական հասցեն՝ http://www.apn.ru/publications/article24319.htm)

10.06.2011

Կարելի է չկասկածել. այդ օրն ինչ-որ տեղ` Վասիլևյան բլրին կամ նույնիսկ Կարմիր հրապարակում շտապ բարձրացված հարթակների վրա, լազերային շոուի երփներանգ շողերի ներքո, գարեջրով հագեցած կիսահարբած ամբոխի առջև, թափահարելով եռագույնները, կծռմռվեն էստրադային գլամուրի մերօրյա աստղերը և կերգեն մի երկրի մասին, որը հենց իրենք առանց դույզն-ինչ ամաչելու հրապարակավ «էդ երկիր» են անվանում։ Արդեն տասնինը տարի, 1992-ից, ՌԴ-ում նշվում է պետական կազմավորման օրը (հենց պետական կազմավորման, որը չպետք է շփոթել «Հայրենիք» հասկացության հետ), որի մասին նրա ներկայիս բնակչությունն արտահայտվում է ոնց ասես (անտարբերությամբ, հեգնանքով, արհամարհանքով, զզվանքով, նույնիսկ ատելությամբ), բայց ոչ հարգանքով, էլ չենք ասում՝ սիրով:

Ավելին, մեր երկրում այսօր աստիճանաբար շատանում են այն մարդիկ, որոնք պատրաստ են ընդմիշտ հեռանալ այնտեղից։ Ընդ որում՝ ուր ասես, ընդհուպ Արևելյան Եվրոպայի «գավառական» լիմիտրոֆ պետություններ, ինչպես, ասենք, Սլովակիան է կամ Սլովենիան, միայն թե հեռու արդի ՌԴ-ից՝ իր տանդեմով, «Գազպրոմով», ազգային նախագծերով, ինքնիշխան դեմոկրատիայով ու կրթության և գիտության նախարարության ղեկավար՝ գրագիտությունն ստուգող թեստից խուսափող Անդրեյ Ֆուրսենկոյով։

«Փախչել Ռուսաստանից». այսօր սա խոշոր քաղաքների (հատկապես Մոսկվայի և Պետերբուրգի) բնակիչների շրջանում գրեթե ամենատարածված միտումն է մի պետությունում, որի տոնն իշխանությունն ամեն տարի հունիսի 12-ին նշում է մեծ շուքով։

Բայց արժե՞ արդյոք խիստ զարմանալ դրանից։

Չէ՞ որ այդ 21 տարում, ինչ անցել է այն օրից, երբ ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների համագումարն ընդունեց «ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը», ստեղծվեց մի անճոռնի մուտանտ-կազմավորում՝ այնպիսի հրեշավոր սոցիալական կարգով, որ այնտեղ ապրելը մարդկանց ճնշող մեծամասնության համար ոչ միայն անհարմար է, այլև սիրտ խառնելու չափ զզվելի։ Որտեղ չի ուզում մնալ նույնիսկ նրա գլխավոր ճարտարապետներից ու նախագծողներից մեկը՝ Մ.Գորբաչովը, որը նախընտրում է, ինչը խիստ հատկանշական է, սեփական հոբելյանները ճոխ նշել ոչ թե Մոսկվայում, այլ Լոնդոնում։

90-ականներին բարձրացած միգրացիոն հզոր ալիքը ներկա պահին ոչ միայն չի թուլացել, այլև նույնիսկ սաստկանալու միտում ունի, չնայած «ոտքի կանգնող Ռուսաստանի» մասին տասնամյա կիսապաշտոնական բանաձևումներին։ Որոնցից, ի դեպ, տրամաբանորեն հետևում է, որ այն, այնուամենայնիվ, ծնկած է եղել (հիմա էլ այդ վիճակում է՝ ավելացնեմ իմ կողմից), թեև դա փորձում է միանգամայն անհեթեթորեն ժխտել նախագահ Դ.Մեդվեդևը, որը հայտարարում է, թե, իբր, ոչ մի պարտություն էլ չի եղել «սառը պատերազմում»։

Օրինակ, ավելի քան պերճախոս թվեր կարելի է տեսնել Соцопрос.ру կայքում, որտեղ բերված են «Արտագաղթ. հեռանկա՞ր, թե՞ փակուղի» հարցման ինտերնետ քվեարկության արդյունքները։

Եվ այսպես, պատասխանի՝ «հեռանկար, եթե հնարավորություն լիներ, ես կգնայի զարգացած երկիր (Եվրոպա, ԱՄՆ, Ավստրալիա և այլն)» և, հեռանկար, պետք է գնալ զարգացող երկրներ, այնտեղ հնարավորություններն ավելի շատ են» իմաստով մոտ տարբերակները նախընտրել է հարցման մասնակիցների՝ համապատասխանաբար 61%-ը (381 մարդ) և 14%-ը (91 մարդ)։ Իսկ դրանց իմաստով հակառակ՝ «ես չեմ արտագաղթում միայն այն բանի համար, որ չեմ ուզում մշտապես խոսել օտար լեզվով» և «ինձ համար Ռուսաստանում ավելի լավ է» պատասխանները հավաքել է ընդամենը 7 և 18%-ը (44 և 113 մարդ՝ համապատասխանաբար)։

Այսպիսով, այս հարցման (դրա նմաններն իրականում անցկացվել և անցկացվում են բազմաթիվ անգամներ) արդյունքների համաձայն՝ հարցման ենթարկվածների 75%-ը արտագաղթը համարում է արդարացված և օգտակար քայլ, ինչի հիման վրա կարելի է համոզված փաստել. «Ռուսաստանից փախչելու» ցանկությունը բավական զանգվածային է ՌԴ ներկայիս քաղաքացիների շրջանում։

Հարկ է նաև նշել, որ այդ նույն սոցիոլոգիական հետազոտությունների բազմաթիվ տվյալներ փաստում են, որ արտագաղթող հոսքերը տարեցտարի երիտասարդանում են։ Եթե 90-ականների սկզբին Ռուսաստանից հեռանում էին հիմնականում Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրներ և ԱՄՆ, ընդ որում՝ գլխավորապես հեռանում էին գիտնականներն ու բարձրորակ մասնագետները, ապա 2000-ից սկսած՝ նրանց գումարվեցին նաև նրանք, որոնց այսօր շատ դիպուկ անվանում են «օֆիսային պլանկտոններ». ամեն տեսակ մենեջերներ, գովազդային գործակալներ, PR-ով զբաղվողներ, հաշվապահներ, իրավաբաններ և այլն։ Այսինքն՝ նրանք, ովքեր, ի տարբերություն գիտնականների ու տեխնիկական մասնագետների, որոնց ճիշտ ժամանակին ԽՍՀՄ-ից տանելը խիստ կարևոր քաղաքական և ռազմավարական խնդիր էր Արևմուտքի համար, ոչ մի արժեք չեն ներկայացնում նրանց հյուրընկալող երկրներում։ Պլանկտոնն ամեն տեղ էլ պլանկտոն է։ Հազիվ թե նրանց զանգվածն իր կյանքը նյութական առումով էականորեն ավելի լավ դասավորի, քան ՌԴ-ում։ Ըստ էության, դրա համար օբյեկտիվ ոչ մի նախադրյալ չկա. այդ երկրներն իրենք էլ լիքը մենեջերներ ու տարբեր տեսակի օֆիսային պլանկտոններ ունեն, իսկ արդի ռուսական կրթությունը չի տալիս բարձրորակ այն մասնագետների անգամ տասներորդ մասը, որոնք ժամանակին կային ԽՍՀՄ-ում։ Բայց չէ. գնում են ու գնում։ Նշանակում է՝ բանը միայն նյութական բարիքների հետևից վազելը չէ։ Կան նաև այլ պատճառներ, որոնք դրդում են մարդկանց նախապատվությունը տալ օտարության մեջ ապրելուն։

Ի դեպ, միգրացիոն հոսքերի երիտասարդացումը, ինքնըստինքյան, տագնապալի ախտանշան է։ Իսկ Ռուսաստանում առկա ծնելիության անկման և բնակչության շարունակվող ծերացման պայմաններում կրկնակի է տագնապալի։ Եթե 1989թ. ՌԽՖՍՀ-ում, համաձայն այն վիճակագրության, որն անցկացրել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ի.Ա. Գունդարովը, ապրում էր 15-34 տարեկան 34 մլն մարդ, ապա այժմ նրանց թիվը 20 մլն-ից պակաս է՝ բնակչության թվաքանակի ընդհանուր կտրուկ նվազման պայմաններում։ Սա նշանակում է մի բան. այսօր նույնիսկ խիստ սակավաթիվ երիտասարդությունը չի կարողանում գտնել իր տեղը ներկա կյանքում և պատրաստ է, ընդմիշտ լքելով Ռուսաստանը, լավ կյանք որոնել արտասահմանում։

Եվ այս առանձնահատկությունը բնորոշ է, առանց բացառության, գրեթե բոլոր հետխորհրդային երկրներին. ժողովուրդը, առաջին հերթին՝ երիտասարդությունը, մեծ բազմությամբ հեռանում է այդ երկրներից։ Միջինասիական պետություններից այդ հոսքերն ուղղվում են դեպի Ռուսաստան (այսինքն՝ գաստրաբայթերները), Ուկրաինայից և Մոլդովայից՝ մասամբ Ռուսաստան, մասամբ՝ Արևելյան Եվրոպա, Մերձբալթիկայի երկրներից՝ գլխավորապես Արևմտյան Եվրոպա։ ԽՍՀՄ փլուզման և նրա ողջ տարածքում խորհրդային իշխանության և սոցիալիստական կարգի վերացման՝ այս տարի նշվող քսանամյա հոբելյանը նշանավորվեց նրա փլատակների վրա այնպիսի պետական կազմավորումների ստեղծմամբ, որոնք ի զորու չեն կատարել անգամ պետության հիմնական գործառույթը՝ սոցիալապես հարմարավետ կենսապայմաններ ստեղծել իրենց քաղաքացիների համար, որոնց մեջ նրանք իրենց վստահ ու պաշտպանված կզգային։ Եվ որքան էլ, ասենք, ներկայիս Լատվիայում տեղի նացիոնալիստները չարասրտաբար խոսեն «ռուս զավթիչների» առիթով, որքան էլ արգելեն խորհրդային խորհրդանիշերն ու մեր վետերաններին տանջարան նետեն, նրանց երբեք չի հաջողվի նույնիսկ մոտենալ այն կենսամակարդակին, որը կար Լատվիական ԽՍՀ-ում, որտեղից փախչել ոչ ոքի մտքով չէր անցնում։

Իրավամբ կարելի է պնդել, որ հետխորհրդային ռեժիմներն (բացի Բելառուսից, որին այժմ Արևմուտքը և ՌԴ-ն փորձում են համատեղ ջանքերով ճնշել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական միջոցներով) անգործունակ գտնվեցին գլխավոր հարցում. չկարողացան իրենց քաղաքացիներին հանգիստ, վստահ և երջանիկ ապրելու հնարավորություն ընձեռել հենց իրենց պետությունում։ Եվ հենց նրա հետ կապել իրենց երեխաների ապագան։

Ի՞նչն է այսօրվա դրությամբ մեր երկրում արտագաղթի տրամադրությունների տարածման գլխավոր պատճառը։ Չէ՞ որ միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանից ռուսների ներկայիս արտագաղթի պատճառները խիստ տարբեր են նրանցից, որոնք ստիպեցին ընդմիշտ թողնել հայրենի եզերքը, ասենք, իռլանդացիներին 19-րդ դարում կամ նույնիսկ մեր հայրենակիցների մի մասին 1917 թվականից հետո. համատարած սով կամ ֆիզիկական բնաջնջում նրանց այստեղ չի սպառնում։ ՌԴ այդ նույն քաղաքներում, որտեղ, ի դեպ, արտագաղթի միտումն առավել արտահայտված է (ընդ որում՝ դա հատկապես նկատելի է 25-35 տարեկանների շրջանում), այսօրվա դրությամբ միանգամայն հնարավոր է տանելի, երբեմն էլ՝ նույնիսկ լավ վճարվող աշխատանք գտնել։ Բնակարան, իհարկե, անշարժ գույքի գների ներկայիս մակարդակի պայմաններում չես գնի, և նույնիսկ այսպես կոչված պուտինյան հիփոթեկն իրականում իսկական թալանի է վերածվում, բայց առանձին բնակարան վարձել, իրար գլխի հավաքվել ու հարբեցողությամբ զբաղվել հանգստյան օրերին, «ամեն տեսակ ակումբներում», իսկ երկշաբաթյա արձակուրդն անցկացնել, ասենք, Շարմ-էլ-Շեյխում, միանգամայն իրական է։

Թվում է՝ կյանքում ուրիշ էլ ինչ էր պետք մերօրյա միջին շարքային քաղաքացուն։ Կյանքն ուրախ, ապրուստը՝ ձրի. ահա ռուսաստանցու երազանքի մարմնավորումը։

Բայց արի ու տես, որ չէ՜։ Եթե այսպես ապրել ինչ-որ կերպ հաջողվում է, ապա անկեղծորեն ուրախանալն ինչ-որ չի ստացվում։ Դե, ոչ մի կերպ չի ստացվում։

Այստեղից միանգամայն հիմնավորված եզրահանգում է բխում. խորքային ռուսական արքետիպը, որին դարեր ի վեր բնորոշ են այնպիսի գծեր, ինչպիսին է ձգտումն այնպիսի բաների նկատմամբ, որոնք ցանկության դեպքում կարելի է մեկնաբանել որպես աբստրակցիաներ (ճշմարտություն, արդարություն և այլն), թեև ենթարկվել է ուժեղ օտարածին ազդեցության, բայց նախկինի պես ողջ է։ Եվ այն, որ հաճախ որպես արտագաղթի դրդիչ հանդես է գալիս գիտակցումն այն բանի, որ «Չկա ճշմարտություն Ռուսաստանում, միայն անիրավության» և, որպես հետևանք, դրա ծնած խոր հուսալքության զգացումն է մնացել, ապացուցում է այս թեզիսը։

Համաձայն Կարլ Յունգի ուսմունքի (որն ինքն է գիտական շրջանառության մեջ մտցրել «արքետիպ» հասկացությունը՝ որպես անձի ունիվերսալ, ի սկզբանե, ի ծնե գոյություն ունեցող հոգեկերտվածք)՝ արքետիպի բնութագրական գիծը երկվությունն է (ամբիվալենտությունը), այսինքն՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական ասպեկտների առկայությունը։ Ինչի հիման վրա կհամարձակվեմ ենթադրել, որ «ոտքերով քվեարկության» օգտին կատարված ընտրությունը, մնացյալ բոլոր տարբերակների մեջ (ակտիվ դիմադրություն, պայքար և այլն), «ռուսական կյանքի մերօրյա կապարե աղտեղությունների» հետ ամենօրյա բախման պայմաններում, նույնպես ռուսական արքետիպի դրսևորում է, միայն թե այս անգամ նրա մութ, բացասական կողմի դրսևորումը։

Ի վիճակի չլինելով հաշտվել իր շուրջը տիրող անհույս անարդարության հետ, որի զգացողությունն իր խորքային էությամբ չի հանգեցվում աշխատավարձի չափի հարցին, այլ ուղղակի առնչություն ունի կրկին բավականաչափ վերացական բաների հետ (երկրի հաջողություններին մասնակից լինելու զգացում, հպարտություն սեփական ժողովրդով, կյանքի իմաստ և այլն), ռուս մարդն արտագաղթի մեջ տեսնում է նաև հոգևոր ելքի նման մի բան։ Եվ դա, ի դեպ, նույնպես, ավաղ, շատ ռուսավարի է. ինչպես ռասկոլնիկներն էին ժամանակին գնում ալթայան խոր անտառներ՝ որոնելու Բելովոդիե նվիրական երկիրը՝ համատարած կերպով չընդունելով իրենց ժամանակակից Ռուսիան և այն ամենը, ինչ կապված էր նրա հետ (ընդհուպ մինչև նիկոնյանների հետ միևնույն սպասքից ուտելուց հրաժարվելը), այնպես էլ ժամանակակից շատ արտագաղթողներ, վերին աստիճանի չարացած ներկա Ռուսաստանի հանդեպ, արդեն պատրաստ են փախչել այնտեղից՝ ուր աչքները կկտրի։

Մերկապարանոց չհնչելու համար մեջբերում անեմ ռուս մի տարագրի հարցազրույցից, որը ոչ թե գնացել էր Արևելյան Եվրոպայի մի ինչ-որ լիմիտրոֆ երկիր, այլ «երրորդ աշխարհի» մի «հետ ընկած» պետություն՝ նախկին իսպանական գաղութ Դոմինիկյան Հանրապետություն, որը գտնվում է Հայիթի կղզու (Կարիբյան ծով) արևելյան մասում։ Իմ կարծիքով՝ նրա խոսքերն առավել լրիվ ու համակողմանի են բնութագրում այն դրդապատճառները, որոնք ստիպում են ընդմիշտ փախչել (սույն պարագայում շատ տեղին է հենց այս բայն օգտագործելը՝ «փախչել», այլ ոչ թե «հեռանալ») մեր երկրից։

«- Կարոտո՞ւմ եք արդյոք Ռուսաստանը։

- Ոչ։ Ընկերներիս, սիրելի քաղաքս, երիտասարդությունս՝ այո։ Բայց ո՛չ Ռուսաստանը։

- Պատրա՞ստ եք արդյոք վերադառնալ, եթե հանկարծ, ասենք, աշխատանք կամ մեկ այլ բան առաջարկեն։

- Լավ աշխատա՞նք, լավ աշխատավա՞րձ՝ գումարած բնակարան, մեքենա, ամառանո՞ց։ Ոչ։

- Սակայն Դոմինիկյան Հանրապետությունն ամենահարուստ կամ ամենահաջող պետությունը չէ։ Ո՞րն է, եթե կարճ ասելու լինեք, նրա առավելությունը Ռուսաստանի համեմատ։

- Այդ ամենը հեշտ չէ բացատրել։ Այսպես ասեմ. այստեղ մենք օտար ենք, մեզ այստեղ չեն կանչել, ոչինչ չեն խոստացել և ոչինչ մեզ պարտք չեն։ Բայց. մեզ ապրելու հնարավորություն են տալիս։ Այստեղ մեր ոչնչացմանն ուղղված որոշումներ չեն կայացվում։ Այո, այստեղ էլ իշխանության գլխին մարդիկ են կանգնած, որոնք, թերևս, թքած ունեն հասարակ մարդկանց վրա։ Բայց դա մեզ օտար կառավարություն է։ Բայց ռուս լինել Ռուսաստանում և հասկանալ, թե ինչպես է քո իշխանությունը ձեռք առնում քեզ՝ հաճելի չէ... Գումարած ևս մի բան. դու ապրում ես միանգամայն օտար երկրում, բայց միևնույն ժամանակ մարդավարի՛ ես ապրում» («Ինչո՞ւ են ռուսներն արտագաղթում Ռուսաստանից դեպի երրորդ աշխարհի երկրներ»)։  

Ուշադրություն դարձրեք. այս մարդը, հիանալի հասկանալով, որ Դոմինիկյան Հանրապետության (որը պատմության մեջ հայտնի է գուցե միայն իր զինվորական հեղաշրջումներով) կառավարությունում նստած են մարդիկ, որոնք, մեղմ ասած, «թքած ունեն հասարակ մարդկանց վրա», այնուամենայնիվ, պնդում է, որ այնտեղ նա հնարավորություն ունի մարդավարի ապրելու։

Ինչո՞ւ։ Որովհետև դա «օտար երկիր» է և «օտար կառավարություն», որոնց վրա թքած ունի հենց ինքը։

Որոշակի սոցիալական տեղ զբաղեցնելով և իր նյութական պահանջմունքները բավարարելու հնարավորություն ունենալով՝ նա Դոմինիկյան Հանրապետության իշխանություններին բարոյական կարգի պահանջներ չի ներկայացնում, և կղզում տիրող սոցիալական անարդարությունն այդքան կտրուկ տհաճություն չի առաջացնում, ինչպես Ռուսաստանում։ Չէ՞ որ դա օտար կղզի է, և անարդարությունն էլ օտար մարդկանց մեջ է։ Այսպիսով, սուր հոգեբանական անհարմարավետության զգացումը հանվում է. ոչ ինքն է որևէ բան պարտք դոմինիկյան կառավարությանը, ոչ էլ վերջինս՝ նրան, նրանք պարզապես համակեցությամբ ապրում են միասնական իրավական դաշտի շրջանակում, ոչ ավելին։

Իսկ, ահա, Ռուսաստանում գոյակցել իշխանության հետ և դրա հետ մեկտեղ այն տոտալ օտար համարել չի ստացվում։ Դա հակասում է ռուսական էությանը, որի աշխարհընկալումն այնքան սերտորեն է կապված պետության հետ, որ մեր մարդը, միևնույն է, չի կարող դրա հանդեպ կողմնակի ու սառը դիտորդի դերում մնալ։ Իսկ «ռուս լինել Ռուսաստանում և հասկանալ, թե ինչպես է քո սեփական իշխանությունը ձեռք առնում քեզ», պարզվում է, ոչ միայն պարզապես տհաճ, այլև անտանելի է։ Ի վերջո, օտարների մեջ ապրելը, որոնք սկզբից ևեթ ընկալվում են որպես այդպիսին, պարզվում է, անգամ ավելի տանելի է, քան դավաճանների ու թշնամիների վերածված յուրայինների շրջապատում։

Խոսելով ներկա արտագաղթի, «ուղեղների արտահոսքի» և այլնի մասին՝ շատ փորձագետներ, ուշադրությունը սևեռելով զուտ նյութական և այդ պատճառով էլ ծեծված հարցերի վրա (աշխատավարձի մակարդակը, բնակարանի մատչելիությունը, որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը), չգիտես ինչու, լրիվ անուշադրության են մատնում հոգեբանական գործոնը։ Բայց, ինչպես տեսնում ենք, այն ոչ միայն պակաս կարևոր չէ այն պատճառների մեջ, որոնք ստիպում են մարդկանց ընդմիշտ հեռանալ Ռուսաստանից, այլև վճռական գործոններից մեկն է։

Անելանելիության, լիակատար ու անհույս փակուղու զգացողությունը մեր հասարակությունում ավելի ու ավելի համընդգրկուն է դառնում։ Թվում էր, թե նման իրավիճակը պետք է ուրախացնի ընդդիմությանը, չէ՞ որ քաղաքացիների կողմից իշխանության հանդեպ թեկուզև թվացյալ վստահության զանգվածային կորուստը կարծես թե դրա շուտափույթ անկում, համարյա թե հեղափոխական իրավիճակի հասունացում է նշանակում։ Բայց ներկայիս իրավիճակի ողբերգականությունն այն է, որ ընդդիմությունն ինքն է հիմնականում զրկված հասարակության վստահությունից և հազվադեպ բացառությամբ ի վիճակի չէ նրան սկզբունքորեն այլ և, միևնույն ժամանակ, իրատեսական ու իրականանալի մի ինչ-որ բան առաջարկել։ Վստահության ճգնաժամը, ինչպես երևում է, համընդհանուր է դառնում։

Սրանից, իհարկե, չի բխում, թե Ռուսաստանի ներկայիս ռեժիմը հավերժ է լինելու, և աչքներիս առջև հալումաշ եղող ու սպառվող բնակչության մնացուկներն այդպես էլ «քվեարկելու են ոտքերով». ով կարող է՝ արտասահման կփախչի, մյուսներն էլ, ուղիղ գծով, դեպի գերեզմանատուն կմեկնեն։ Համակարգային ճգնաժամն անխուսափելի է, և այն կանխելու ոչ մի դեղատոմս իշխանությունը պահողներն իրականում չունեն։ Դե, այդ դեղատոմսերը լինել չեն էլ կարող, քանի որ սկզբից ևեթ այն ծրագրված էր ներկայիս պետական համակարգի դրվածքով։

Սրանից մեկ այլ բան է բխում. այս համակարգի իսկական փլուզումը, հավանաբար, տեղի կունենա ոչ թե հեղափոխության, այլ երկրի ու ժողովրդի դեմ սեփական հանցագործությունների ծանրության տակ դրա կործանման արդյունքում, ինչպես, մասնավորապես, կանխագուշակում է, օրինակ, Ս.Կուրղինյանը։ Բայց դրա արդյունքում մակերես դուրս կգան այն ուժերը, որոնք, պատկերավոր արտահայտվելու դեպքում, ներկա պահին գտնվում են սոցիալական կատակոմբներում։ Հասկանալի է՝ այդ գործընթացը կուղեկցվի հատակից առատ ու պղտոր փրփուրի բարձրացմամբ, բայց, միևնույն ժամանակ, նման սցենարը որոշակի հնարավորություն է տալիս նաև ռուս ժողովրդի միանգամայն առողջ ուժերին, որոնք ներկա պայմաններում պարզապես հնարավորություն չունեն ակնհայտորեն ցույց տալ իրենց։ Եվ, հավանաբար, սա է մեր հիմնական հույսը։

Իսկ եթե սա ինչ-որ պատճառով տեղի չունենա, ապա ժամանակակից ռուսներին, հավանաբար, ոչ այնքան հեռավոր ապագայում, սպասվում է հյուսիսամերիկյան հնդկացիների ճակատագրին նման մի բան, որոնք 20-րդ դարասկզբին զանգվածայնորեն ձուլվեցին և վերացան ռեզերվացիաներում՝ կարոտից ու կյանքի հանդեպ հետաքրքրության կորստից։ Չէ՞ որ ոչ հնդկացիների մի ինչ-որ նավախո ցեղի ռեզերվացիայում, ոչ էլ ներկայիս ռուսների՝ ՌԴ հապավմամբ նշվող աշխարհաքաղաքական ռեզերվացիայում չկա գլխավորը՝ իրենց ապագան սեփական ձեռքերով կերտելու հնարավորությունը։

 

ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ

ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐՆ ԻՐ ԴՈՒՔԱՆԱՔԱՂԱՔՈՒՄ

(նյութի մշտական հասցեն՝ http://nationalidea.am/publications.php?id=9237&l=A)

06.06.2011

2007թ. Արարատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Աբրահամ Բաբայանը, իր իսկ շտաբի տեղեկություններով, ծախսեց շուրջ 500 հազար դոլար` ծախսեր, ընտրակաշառք և այլն: Թե ինչքան գումար կպահանջվի հուլիսի 3-ին կայանալիք քաղաքապետի հերթական ընտրություններին մասնակցելու և դարձյալ հաղթող ճանաչվելու համար, դեռ հայտնի չէ, բայց հայտնի է, որ ներկա քաղաքապետը վճռական է տրամադրված: Բաբայանի վճռականությունը կարելի է հասկանալ. եթե ծախսերը չարդարացվեին, բնական է, նորից նույն գետը մտնելու ցանկություն չէր էլ առաջանա: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Արարատի քաղաքապետը գոհ է այն ամենից, ինչի հասել է պաշտոնավարման չորս տարիների ընթացքում:

Եվ այսպես, Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի ձեռքբերումները. տեսնենք, թե որքանով է արդյունավետ լինում կես միլիոն դոլար ծախսած թեկնածուների պաշտոնավարումը:

Թիվ մեկ ձեռքբերում. քաղաքապետության առաջին տարում Աբրահամ Բաբայանի ստորագրությամբ Աբրահամ Բաբայանը գնում է թիվ մեկ մանկապարտեզը, ընդ որում, դա անում է` կեղծելով նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանի ստորագրությունը: 

Թիվ երկու ձեռքբերում, ինչը ոչ բոլոր քաղաքապետերը կարող են «ֆայմել». Բաբայանը սեփականացնում է քաղաքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճը(!): Իհարկե, անհնար է չհիանալ քաղաքապետի համեստությամբ, չափի զգացողությամբ. մարդը սեփականացնում է միայն նիստերի դահլիճը, այլ ոչ թե քաղաքապետարանի ամբողջ շենքը:

Թիվ երեք ձեռքբերում. ցանկանալով հետ չմնալ հայաստանյան մեծահարուստ պաշտոնյաներից՝ Բաբայանը որոշում է զգուշավոր լինել և ընդօրինակելով մեծահարուստ բարձրաստիճան պաշտոնյաների գործելաոճը՝ քաղաքապետարանի միակ պատկերասրահի շենքը սեփականացնում է իր վարորդներից մեկի անունով:

Եթե վարորդի անունով կարելի էր սեփականություն գրանցել, ապա ինչպե՞ս կարելի էր գոնե մի բան դստեր անունով չձևակերպել. քաղաքապետի աղջկա անունով են գրանցվում Արարատ քաղաքի Խանջյան 56 հասցեում գտնվող հանրակացարանի դիմացի ավտոտնակների ընդհանուր տարածքին հարող մայթերը:

Սրանք, բնականաբար, քաղաքապետի ձեռքբերումների մի փոքր մասն են միայն: Կես միլիոն դոլար ծախսած Բաբայանը ծախսածը հետ բերելու համար գործի է դնում նաև այս կամ այն տարածքներն ու օբյեկտները վարձով տալու մեխանիզմը: Երկարաժամկետ վարձակալության են տրվում և օտարվում քաղաքային միակ այգու տարածքները, որից, ի դեպ, մինչ այդ, ի պատիվ այս քաղաքի, ոչ մի քառակուսի մետր տարածք չէր հատկացվել և ոչ մեկի, ոչ մի ծառ չէր կտրվել անգամ 90-ականներին, իսկ նախկին քաղաքապետի պաշտոնավարման ժամանակ այգին հիմնանորոգվել էր ՀՀ սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: Օրենքը, իհարկե, ասում է, թե առնվազն 20 տարի այգու տարածքը վարձակալության տալ չի կարելի, սակայն, ինչպես տեսնում ենք, Արարատի քաղաքապետին օրենքը չէ, որ կարող է զարդարել:

Բարեհաջող լուծելով մի մանկապարտեզի հարցերը՝ քաղաքապետը որոշում է մյուս մանկապարտեզներին ևս չզրկել իր ուշադրությունից. ձևակերպվում է թիվ 4 մանկապարտեզի երկարաժամկետ վարձակալություն, այնտեղ է տեղավորվում համայնքային կոմունալ ծառայությունը, մանկապարտեզի դահլիճներից մեկն էլ վերածվում է հանդիսությունների վճարովի սրահի, սակայն որևէ մեկը, կարծում ենք, չի էլ կասկածում, որ այդ գումարներից գոնե մի դրամ կարող է մտած լինել քաղաքապետարանի բյուջե. Բաբայանը հո կես միլիոն նրա համար չէ՞ր ծախսել, որ հետո քաղաքապետարանի բյուջեն լցներ: Իսկ թե ինչ եղան մանկապարտեզ հաճախող երեխաները, նման մանրուքների համար քաղաքապետ Բաբայանը ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ հավես: Ընդհանրապես, Արարատի քաղաքապետը մանկապարտեզների նկատմամբ առանձնահատուկ հոգածություն ունեցող պաշտոնյաներից մեկն է: Նույն արդյունավետությամբ է կազմակերպվում նաև գործող մանկապարտեզների սննդի մատակարարումը. վարորդներից մեկի անունով բացվում է ՍՊԸ, որտեղից էլ մանկապարտեզներին հրահանգվում է սնունդ գնել. հո չէ՞ր կարելի թույլ տալ, որ ուրիշ մեկը փող աշխատեր սնունդ մատակարարելով:

Իր ղեկավարությանը հանձնված քաղաքի անշարժ գույքի յուրացմանը զուգահեռ Բաբայանն ավելի քան արդյունավետ է կազմակերպում աշխատանքը նաև համայնքի շարժական գույքի յուրացման ուղղությամբ. քաղաքի կաթսայատան շուրջ 3000 մ խողովակներն օտարվում են, ավելին, շենքն ու ներսի ամբողջ գույքը դուրս են թողնվում համայնքի գույքի ցանկից. Արարատի քաղաքապետը, մեր տեղեկություններով, գույքագրման սեփական՝ նախկինից տարբեր ցուցակ է կազմել, բայց թե ինչպես է հնարավոր ստուգողներին պատրաստվում բացատրել նախկին և ներկա ցուցակների տարբերությունը, երևի չի էլ մտածել. մարդը, տեսնո՞ւմ եք, ինչքան զբաղված է: Իսկ Արարատի քաղաքապետը զբաղված է ոչ միայն ՍՊԸ-ներ բացելով ու գույք թալանելով, այլև փակելով. Բաբայանի պաշտոնավարման ընթացքում փակվել են համայնքային սպորտդպրոցներից մեկը, տարեցների համար ստեղծված բարեգործական ճաշարանը, որն, ի դեպ, նախկին քաղաքապետի ձեռքբերումներից էր, ֆինանսավորվում էր շվեդական կառավարության և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հիմնադրամի միջոցներով` կազմակերպելով շուրջ 200 տարեցների սպասարկում (անվճար սնունդ և բուժօգնություն) և որը նախատեսված էր շարունակել մինչև 2012թ. հուլիսի 1-ը:

Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը, 2001թ. ընտրվելով քաղաքապետ, ժառանգեց քաղաքապետարանի 1.553.700.000 դրամի պարտք: Թովմասյանը կարողացավ ոչ միայն փակել այդ պարտքերը, այլև քաղաքապետարանի եկամուտներն ավելացնել: Թովմասյանի մոտ հատկապես լավ էր ստացվում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին հուշարձան բացելով իր քաղաքում` Թովմասյանը կարողացավ Արարատ քաղաքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել ամերիկացիների մոտ: 2001-ից հետո սկսվում է համագործակցությունը մի շարք միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների հետ:  Հարավային Կովկասում առաջին անգամ Թովմասյանը հենց Արարատում կազմակերպում է բնապահպանական մրցույթ, հաղթող է դառնում Արարատ քաղաքը, որի արդյունքում այստեղ մի շարք բնապահպանական ծրագրեր են իրականացվում: Սակայն այդ ծրագրերի բախտն այդքան էլ չի բերում. ծրագրերը 30 տոկոսով իրականացվում են, սակայն այն բանից հետո, երբ քաղաքապետ է դառնում Աբրահամ Բաբայանը, դրանք դադարեցվում են. նոր քաղաքապետն այդքան էլ չի սիրում միջազգային կազմակերպություններն ու նրանց դրամաշնորհները: Ավելին, այդ ծրագրի շրջանակներում կառուցված ոռոգման խողովակները Բաբայանի կարգադրությամբ ապամոնտաժվում են և տեղափոխվում քաղաքապետի օբյեկտ: Նախկին քաղաքապետը ստեղծել էր «Արարատ» միջհամայնքային միավորումը` 12 գյուղական համայնքներով, որի շրջանակներում ծրագրեր էր իրականացնում, սակայն Բաբայանը սա ևս լուծարում է, իսկ միավորման գույքը, որ ձեռք էր բերվել «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհներով (շուրջ 15 հազար դոլարի), անհետացավ: Ընդհանրապես, ներկա քաղաքապետը կարծես թե ոչ միայն չի սիրում միջազգային կազմակերպությունները, այլև առանձնահատուկ սարսափ է զգում դրանց ու դրանց հետ կապված ամեն ինչի նկատմամբ: Այդպես, նախկին քաղաքապետի աշխատանքի արդյունքում GTZ գերմանական ընկերությունը քաղաքապետարանին էր նվիրել համակարգչային հզոր սերվեր` համակարգիչների ցանցով, որի միջոցով ինտրանետ կապով համայնքները կապվում էին իրար. մեկ պատուհանի սկզբունքը Թովմասյանն առաջին անգամ հենց իր ղեկավարած քաղաքում կիրառեց: Քաղաքապետ դառնալուց հետո Բաբայանը հրամայում է դեն շպրտել այն` հայտարարելով, թե «մեջը ինչ ժուչոկ ասես չի լինի»:

Այսպես, անժուչոկ էլ շարունակում է պաշտոնավարել և, դատելով ընտրությունների ժամանակ «ոչ մի մրցակից թեկնածու թույլ չտալու»  հայտարարությունից, ցանկանում է շարունակել պաշտոնավարել Արարատի ներկա գլուխգործոց-քաղաքապետը: Ժամանակին Աբրահամ Բաբայանը (ավելի հայտնի է որպես Աբրիկ) վազգենսարգսյանական կադր էր, թալանչիական գործունեությունը սկսել է ցեմենտի գործարանից, հետո վարպետացել Սուրեն Աբրահամյանի` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահության տարիներին «Այգ» մարզաբազայի միջոցով մեծ գումարներ յուրացնելով, և այսպես շարունակ: Վազգենսարգսյանական թևի թուլացումից հետո Աբրիկը կարողացավ շահել Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի վստահությունը, որի «դաբրոն» էլ հնարավարություն տվեց Գրետա մայրիկի գլխից թռածին դառնալ Արարատի քաղաքապետ: Դժվար է ասել` Բաբայանին պաշտոնի դրած ՀՀ ներկա ոստիկանապետը տեղյակ է՞, թե ինչեր է անում իր դրածոն այնտեղ կամ ունի՞ արդյոք մասնաբաժին Արարատի քաղաքապետի թալանից, որ շարունակում է նրան պաշտպանել: Ամեն դեպքում, մեր տեղեկություններով՝ Բաբայանը վեր-վեր է թռչում հենց Սերգեյիչով: Ավելին, երբ Վերահսկիչ պալատը որոշում ընդունեց ստուգումներ իրականացնել Արարատի քաղաքապետարանում, Սերգեյիչը հեռախոսազանգով զգուշացրեց Իշխան Զաքարյանին` հնարավորինս մեղմ ստուգումներ իրականացնել այնտեղ: Հաշվի առնելով, թե իրական ստուգումների ժամանակ ինչեր կարելի է հայտնաբերել այս քաղաքում, դժվար է պատկերացնել, թե այդ ինչ կարգի ստուգումներ կարող է կազմակերպել Իշխան Զաքարյանը` Աբրիկի գործունեության վերաբերյալ հերթական սենսացիան չմատուցելու համար հայ հանրությանը: Ավելին, իմանալով, թե ինչ հաճույք է ստանում ՎՊ նախագահը նման բացահայտումներ ներկայացնելուց, անհնար է երևակայել, թե ինչպես է կարողանալու ինքն իրեն զրկել նման հաճույքից:

Ինչևէ, Արարատի քաղաքապետի ընտրություններն արդեն մեկնարկել են, մինչև հունիսի 8-ը թեկնածուների առաջադրումն է, դրանից հետո կսկսվի ընտրարշավը: Հիմնական թեկնածուներն Արարատի ներկա և նախկին քաղաքապետերն են` Աբրահամ Բաբայանը և Հակոբ Թովմասյանը: Այս երկու անձնավորությունն էլ  ընտրությունների ժամանակ աշխատում են, այսպես ասած, հանրապետականի համար, այնպես որ, թե այս անգամ ում կորոշեն սատարել իշխանությունները, դեռ հայտնի չէ: Սակայն հաշվի առնելով այն ամենը, ինչ մենք կարողացանք պարզել, իշխանությունները լավ կլինի, որ շարունակեն այս անգամ ևս սատարել Բաբայանին, այլապես անհնար է երևակայել, թե մեկ այլ քաղաքապետ ինչպես է աշխատելու Բաբայանից հետո. ասենք, որտե՞ղ է գումարելու նիստերը, երբ քաղաքապետարանի նիստերի դահլիճը Բաբայանի սեփականությունն է, քանի որ, բնական է, ներկա քաղաքապետն այլևս թույլ չի տա մեկ ուրիշին օգտվել իր կալվածքներից:

 

Հետգրություն

ՀՀ գլխավոր դատախազին խնդրում ենք սույն հրապարակումն ընդունել որպես հաղորդում ՀՀ պաշտոնյայի քաղաքակիրթ ախորժակի օրինակելի դրսևորման փաստի վերաբերյալ:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am