Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Հուլիս 2011, N 7

ԱՇԽԱՐՀԸ ՀՈՒԼԻՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հուլիսի առաջին կեսը համեմատաբար հանգիստ էր այն իմաստով, որ հարուստ չէր համաշխարհային աղմկալի քաղաքական իրողություններով։ Բայց ամսվա երկրորդ կեսը բավական լարված էր։ 15 օրվա համեմատական անդորրից հետո աշխարհը կրկին նետվեց աշխարհաքաղաքական շրջապտույտի հորձանուտը։

Եվ այսպես, հուլիսն սկսվեց մերկացումներից։ Ամսվա սկզբին ամերիկյան ԶԼՄ-ներում ի հայտ եկավ տեղեկատվություն այն մասին, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի գործը վարող քննիչները հայտնաբերեցին, որ նրան բռնաբարության մեղադրանք ներկայացրած աղախինը հարցաքննությունների ժամանակ բազմիցս ստել է։ Բացի այդ, կնոջն սկսեցին կասկածել կրիմինալի հետ կապերի և թմրանյութերի ապօրինի տարածման ու փողերի լվացման մեջ։ «Բռնաբարության» ակնհայտորեն սարքովի գործը սկսեց քանդվել համաշխարհային լսարանի աչքերի առջև։ Իսկ այդ տեղեկատվության հայտնվելուց մի քանի ժամ անց Նյու Յորքի դատարանը Սթրոս-Կանին ազատ արձակեց տնային կալանքից։ Ֆինանսիստն ազատ արձակվեց ԱՄՆ տարածքը չլքելու ստորագրությամբ։

Հուլիսի սկզբին Ուկրաինա այցելեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա բանակցություններ վարեց ուկրաինացի գործընկերոջ՝ Վիկտոր Յանուկովիչի հետ, որոնց արդյունքների հիման վրա հայտարարեց, որ Հայաստանը միանգամայն շահագրգռված է Ուկրաինայի հետ համագործակցությամբ արտաքին քաղաքականությունում, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում։ Սերժ Սարգսյանը նաև հույս հայտնեց, որ «երբ Ուկրաինան դառնա ԵԱՀԿ նախագահ, իր ավանդը կներդնի մեր տարածաշրջանում խաղաղության և ազատության հաստատման գործում»։

Մեր տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման գործում իր ավանդը ջանաց ներդնել Իրանը, բայց ավելի արմատական տրամադրվածությամբ։ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ադրբեջանցի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ վստահություն հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը պետք է ներգրավվեն տարածաշրջանի երկրները, այդ թվում և Իրանը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտությունը լուծելու բոլոր փորձերը ոչնչի չեն հանգեցրել։ Ալի Լարիջանին հայտարարեց, որ մեծ պետություններն օգնություն չեն ցուցաբերում հակամարտությունների կարգավորման գործում։

Հուլիսի 3-ին Թուրքիայում խորհրդարանի նոր նախագահ ընտրվեց՝ երկրի արդեն նախկին փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը։ Թուրք փորձառու քաղաքական գործիչը հայտնի է իր հակահայկական դիրքորոշմամբ և Հայոց ցեղասպանությունը ժխտող կտրուկ ելույթներով։

Իսկ հուլիսի 5-ին Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում ընտրվեց ֆրանսուհի Քրիստին Լագարդը։ ԱՄՀ-ն նա կգլխավորի առաջիկա հինգ տարիներին։ Ընտրվելուց հետո Լագարդը հայտարարեց միջազգային ֆինանսական կազմակերպությունը բարեփոխելու մտադրության, մասնավորապես՝ ԱՄՀ-ում զարգացող երկրների ներկայացուցչությունը մեծացնելու մասին։

Հուլիսի աննախադեպ իրադարձություններից մեկը կարելի է համարել Վրաստանի խորհրդարանի՝ երկրի կրոնական համայնքների կարգավիճակին վերաբերող որոշումը։ Վրաց պատգամավորները հավանություն տվեցին քաղաքացիական օրենսգրքի այն փոփոխություններին, որոնցով հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ էր տրվում կաթոլիկներին, բապտիստներին, Հայ Առաքելական եկեղեցուն, մահմեդական և հրեական համայնքներին։ Փոփոխություններն ընդունվեցին, չնայած համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի և որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի դիրքորոշմանը։ Վրաստանի հոգևոր առաջնորդի՝ օրենքի վրա վետո դնելու հորդորներն՝ ուղղված երկրի նախագահին, տեղ չհասան. խորհրդարանի կողմից փոփոխություններն ընդունելուց մեկ օր անց Միխայիլ Սաակաշվիլին ստորագրեց կրոնական կազմակերպությունների և համայնքների իրավաբանական կարգավիճակի մասին օրենքը։

Հուլիսի 8-ին Հայաստան ժամանեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը հայկական կողմին հանձնեց Դմիտրի Մեդվեդևի առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նույն օրը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուղևորվեց Ադրբեջան՝ նույն առաքելությամբ։ Հուլիսի երկրորդ կեսին Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձին պատասխանեցին թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի նախագահները։ Թե ինչ էր Կրեմլի ղեկավարի ուղերձի բովանդակությունը և ինչ պատասխանեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները՝ այդպես էլ գաղտնիք մնաց։ Միայն տեղեկություններ եղան այն մասին, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևն իրենց պաշտոնական պատասխանն ուղարկել են Ռուսաստանի նախագահին։

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները տքնաջան փորձում էին լուծել ղարաբաղյան գլուխկոտրուկը, համաշխարհային հանրությունը շատ արագ և պարզ լուծեց տարածքային մի հիմնախնդիր հեռավոր Աֆրիկայում. հուլիսի 9-ին Հարավային Սուդանը պաշտոնապես առանձնացավ Սուդանի Հանրապետությունից և դարձավ անկախ պետություն։ Հարավային Սուդանի անկախության հռչակումն արդյունքն է արաբական Հյուսիսի և Հարավի ցեղերի միջև քաղաքացիական 21-ամյա պատերազմի, որը, տարբեր գնահատականներով, մեկից մինչև երկու միլիոն մարդու կյանք է խլել։ Հակամարտող կողմերը հրադադարի մասին համաձայնագիր էին ստորագրել 2005թ.։ Այդ փաստաթղթի համաձայն՝ Հարավային Սուդանը Հյուսիսից անկախ ինքնավարության կարգավիճակ ստացավ, որին տրվեց հանրապետության կազմից դուրս գալու հանրաքվեի իրավունք։ Հանրաքվեն անցկացվեց 2011թ. սկզբին։ Քվեարկության ընթացքում Հարավային Սուդանի բնակչության ավելի քան 98%-ը քվեարկեց հօգուտ անկախ պետության ստեղծման։ Անկախության հռչակումից մի քանի օր անց Հարավային Սուդանը դարձավ ՄԱԿ լիիրավ անդամ։ Այսպիսի որոշում է կայացրել համաշխարհային կազմակերպության Գլխավոր վեհաժողովը։

Հուլիսի 10-ին ցավալի լուր ստացվեց Ռուսաստանից, որտեղ Վոլգա գետի Կույբիշևյան ջրամբարում խորտակվել էր «Բուլգարիա» զբոսանավը։ Նավն ուներ 201 ուղևոր, նրանցից 79-ին հաջողվեց փրկվել։ Ներկա պահին հաստատված է 120 մարդու մահվան փաստը, ևս երկուսն անհայտ կորած են համարվում։ Ամռան տապին Վոլգայով շրջագայել որոշած մարդիկ պարզապես դարձան շոգենավի տերերի ագահության զոհը, որոնք ուղևորության էին դուրս բերել անսարք և չափից ավելի բեռնավորված նավը։

Հուլիսը ողբերգական էր նաև Աֆղանստանի համար, որտեղ իրենց արյունահեղությունն էին շարունակում «Թալիբան» շարժման գրոհայինները։ Սկզբում այստեղ սպանվեց երկրի նախագահի խորթ եղբայրը՝ հարավային Ղանդահար նահանգի կառավարիչ Ահմադ Վալի Քարզայը։ Բարձրաստիճան պաշտոնյան գնդակահարվել էր իր սեփական տան մեջ։ Ահմադ Վալի Քարզայը երկրի հարավի ամենաազդեցիկ և հարուստ մարդկանցից էր։

Այնուհետև թալիբներն սպանեցին Աֆղանստանի նախագահի խորհրդական Ջան Մոհամեդ Խանին։

Թալիբների սանձարձակությունը, ոչնչից չվախենալը վկայում են այն մասին, որ եթե ամերիկացիներն, այնուամենայնիվ, դուրս բերեն իրենց զորքերն Աֆղանստանից և, ինչպես խոստանում են, անվտանգության վերահսկողությունը մինչև 2014թ. հանձնեն տեղի ուժերին, ապա Քարզայի ռեժիմը երկար չի ձգի։ Ահա այսպիսին են այն երկրներ արևմտյան նմուշի դեմոկրատիայի «արտահանման» արդյունքները, որոնց այդ դեմոկրատիան, ըստ էության, ընդհանրապես պետք չէ, և «արտահանողները» դա շատ լավ գիտեն։ Չնայած ամերիկացի ստրատեգների և նրանց եվրոպացի համախոհների պետքն էլ չեն անմեղ զոհերն ու աղետալի իրավիճակը, եթե խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքական շահերին։

Հուլիսն առանձնահատուկ էր բնական աղետների և եղանակային անոմալիաների առումով, որոնք տեղի ունեցան երկրագնդի բոլոր անկյուններում։ Ֆրանսիայում, Ալպերում ամռան կեսին անսպասելիորեն մրրիկ մոլեգնեց։ Իսկ ահա հարևան Իսպանիան տառապում էր շոգից, որը դարձավ անտառային հրդեհների պատճառ։ Հրդեհի ճարակ դարձան կանաչ տարածքների հարյուրավոր հեկտարներ։ Տարերքը չխնայեց նաև աշխարհի ամենաարևոտ երկրներից մեկին՝ Ավստրալիային. Սիդնեյում մեկ օրվա մեջ ամսական նորմայի չափ տեղումներ եղան։ Քաղաքում նման բան տեղի չէր ունեցել արդեն 20 տարի։ Խիստ շոգ եղանակ է հաստատվել ԱՄՆ տարածքի գրեթե կեսում. շոգի «տիրապետության տակ է հայտնվել» ավելի քան 30 նահանգի 141 մլն բնակիչ։ Եղանակի Ազգային ծառայության տվյալներով՝ ջերմաստիճանը ռեկորդ է խփել 25 քաղաքում։ Անտանելի շոգը տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել։ ԱՄՆ մի քանի շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի 55 աստիճանի։ Նման ջերմաստիճանը սովորական է միայն Կալիֆորնիայի Մահվան հովտի՝ երկրագնդի ամենաշոգ տեղանքի համար։

Տասնյակ մարդիկ զոհվեցին, ավելի քան 10 հազարն անօթևան մնացին Բրազիլիայում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով. դրանք առաջ էին եկել երկրի սովորաբար չորային հյուսիսարևելյան շրջաններում հորդառատ սեզոնային անձրևների պատճառով։ Հատկապես տուժեցին Պերնամբուկու և Պարաիբա նահանգները. ափերից դուրս է եկել գետերի մեծամասնությունը, իսկ լեռնային վայրերում փլուզումներ և սողանքներ են տեղի ունեցել։ Չիլիի հարավում մոլեգնում էր Հարավային Ամերիկայի համար աննախադեպ սառնամանիքը։ Մոտ 16 հազար մարդ առատ ձյան հետևանքով կտրվեց երկրի մնացյալ մասից։ Որոշ վայրերում ձյան շերտը հասավ 2,5 մետրի։ Օդի ջերմաստիճանն այդ շրջաններում իջավ մինչև մինուս 20 աստիճանի։

Հուլիսին խորացան ԱՄՆ առանց այդ էլ լուրջ ֆինանսական խնդիրները։ Ամսվա կեսին Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման հայտարարեց, որ թոշակներն արդեն օգոստոսին կարող են չվճարվել, եթե նրա վարչակազմը և կոնգրեսը համաձայնության չգան պետպարտքի շեմը բարձրացնելու շուրջ։ Ըստ Օբամայի՝ թոշակ ստանալու իրավունք ունեցողները, ինչպես նաև նպաստառու հաշմանդամներն ու պատերազմների մասնակիցներն արդեն օգոստոսի 3-ին կարող են չստանալ այդ միջոցները։ «Գանձարանում պարզապես կարող են այդ փողերը չլինել»,- ասել է Օբաման ամերիկյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում։ 2011 ֆինանսական տարվա արդյունքներով՝ ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը, կանխատեսումների համաձայն, կկազմի մոտ 1,5 տրիլիոն դոլար։ Մայիսի 16-ին ԱՄՆ-ը հաղթահարեց անցած տարի կոնգրեսի կողմից սահմանված 14,3 տրլն դոլարի պետպարտքի հերթական շեմը։ ԱՄՆ-ը հայտնվել է տեխնիկական դեֆոլտի սպառնալիքի առջև, որը կարող է տեղի ունենալ օգոստոսի 2-ից հետո, եթե կոնգրեսը չքվեարկի շեմը բարձրացնելու օգտին։ Չնայած կողմերի՝ որքան հնարավոր է շուտ համաձայնության գալու ցանկությանը՝ փոխզիջում գտնելու փորձերից ոչ մեկն առայժմ հաջողությամբ չի պսակվել։ Հանրապետականները Բարաք Օբամային առաջարկեցին պետական պարտքի շեմի կարճաժամկետ բարձրացում, սակայն նախագահը կտրականապես մերժեց այդ առաջարկությունը։ Սպիտակ տանը վստահ են, որ նման որոշումն ավելի շատ վնաս կբերեր, քան օգուտ, քանի որ արդյունքում կբարձրացնի վարկերի արժեքը երկրի բնակիչների համար։ Օբաման կոնգրեսականներին հորդորեց «ոչ խելամիտ խաղեր չխաղալ տնտեսության հետ»։ Անգամ նման անըմբռնողության պայմաններում հանրապետականները հայտարարում են, թե այսուհետ ևս կջանան երկիրը փրկել դեֆոլտից։ Սակայն նրանք պատրաստ են քվեարկել արտաքին պարտքի շեմի բարձրացման օգտին միայն այն դեպքում, եթե ընդունվի որոշում բյուջեի ծախսերի արմատական կրճատման մասին։

Հուլիսին Եվրոպայի հասցեին հերթական կտրուկ հայտարարությունները հնչեցին Անկարայից։ Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիայի ղեկավարությունը սովորություն է դարձրել եվրոպացիներին պարբերաբար սպառնալը։ Այս անգամ այդ «առաքելությունն» ստանձնել էր Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուն։ Նա սպառնացել է, որ եթե Եվրամիության նախագահությունը 2012թ. հուլիսին միակողմանի կարգով անցնի Կիպրոսի հունական մասին, Թուրքիան կսառեցնի հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Այս առիթով նա նշել է կղզու անջատված մասի խնդիրն ամբողջությամբ լուծելու անհրաժեշտության մասին մինչև 2012թ. հուլիս, երբ Եմ նախագահությունը կանցնի Կիպրոսի Հանրապետությանը։ «Եթե դա տեղի չունենա, իսկ Կիպրոսի հունական մասը ձգձգի կարգավորման բանակցություններն ու նախագահությունն անցնի նրան, դա կնշանակի ոչ միայն այն, որ խնդիրը չի լուծվել, այլև այն, որ կարգելափակվեն Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշել է Դավութօղլուն։

Եվրոպացիներից դժգոհ էին նաև Մինսկում։ Հուլիսի կեսին Լիտվան համաձայնեց իր տարածքում ապաստան տալ բելառուսցի քաղբանտարկյալներին։ Այսպիսով լիտվացիներն արձագանքել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ «թեկուզ վաղը բանտարկյալներին գնացք նստեցնելու և արտասահման ուղարկելու» պատրաստակամությանը։ «Եթե ԵՄ-ն ուզում է նրանց իր մոտ վերցնել, վաղը տոմս կառնենք և կուղարկենք։ Թող վերցնեն, եթե քաղբանտարկյալներին այդպես պաշտպանում են։ Եթե ուզում են, որ ավելի արագ լինի, ապա ինքնաթիռ կհատկացնեմ»,- խոստացել է Լուկաշենկոն։

Հուլիսին ԱՄՆ սենատի արտասահմանյան գործերի կոմիտեում տեղի ունեցան Ջոն Հեֆերնի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածության վերաբերյալ առաջին լսումները։ Հանդես գալով կոմիտեի անդամների առջև՝ Հեֆերնը պատրաստակամություն է հայտնել ստանձնելու Երևանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները, ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման իր տեսլականը՝ հայտնելով, որ մտադիր է ամրապնդել երկու երկրների տնտեսական համագործակցությունը։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Հեֆերնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է սարսափելի՝ հիշեցնելով, որ Բարաք Օբաման մեկուկես միլիոն հայերի կոտորածը հրապարակավ անվանել է 20-րդ դարի սարսափելի իրադարձություններից մեկը։ «Նախագահը հորդորել է Թուրքիային և Հայաստանին միասին աշխատել՝ հասնելու համար այդ փաստերի լիարժեք, բաց և արդարացի ճանաչմանը։ Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես կանեմ ամեն ինչ իմ ուժերի սահմաններում՝ իրականացնելու համար նախագահի այդ տեսլականը»,- ասել է Հեֆերնը։ Ակնհայտ է, որ ամերիկյան այս դիվանագետը նույնպես, Երևանում դեսպանի պաշտոնին նշանակվելու դեպքում, ոչինչ չի անի հայերի շահերն առաջ մղելու համար և ընդամենը չեզոք դիրք կգրավի։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը պաշտպանում է հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Ինչպեսև նախորդ ամիսներին, հուլիսին նույնպես համաշխարհային քաղաքականության օրակարգում հիմնական տեղ է զբաղեցրել իրավիճակը Լիբիայում։ Քաջարի գնդապետ Քադաֆին չէր պատրաստվում հանձնվել, չնայած ՆԱՏՕ օդուժի ռմբակոծումներին և իր համաքաղաքացիների գործողություններին, որոնք Արևմուտքի աջակցությամբ հանկարծ ազատության ու դեմոկրատիայի «մոլի ջատագովներ» էին դարձել։ Ավելին, Մուամար Քադաֆին փորձում էր համաշխարհային հանրությանը հասցնել ճշմարտությունն այն մասին, թե ովքեր են իրականում ՆԱՏՕ-ականները։ Այսպես, Քադաֆիի համախոհ, գեներալ Մոհամեդ Զեքրի Մահջիբին Տրիպոլիում կայացած մամուլի ասուլիսում մեղադրել է ՆԱՏՕ ուժերին և անձամբ դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին 1108 խաղաղ բնակիչների մահվան մեջ։ Քադաֆիի ռեժիմը հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին ռազմական հանցագործությունների համար լիբիական դատարանում դատելու մտադրության մասին։ Բացի խաղաղ բնակիչների մահվանից, Մահջիբին հրապարակավ Ֆոգ Ռասմուսենին մեղադրել է նաև Մուամար Քադաֆիին սպանելու փորձերի, երեխաների սպանության, ինչպես նաև Լիբիայում բնական ռեսուրսների զավթման նպատակով հեղաշրջում կատարելու մտադրության համար։

Հաջորդ օրը հայտարարությամբ հանդես եկավ անձամբ Լիբիայի ջամահիրիայի առաջնորդը՝ «հոգեկան հիվանդ» անվանելով Ֆրանսիայի նախագահին։ Ըստ Քադաֆիի՝ Նիկոլա Սարկոզին ռազմական հանցագործ է։ Գնդապետի կարծիքով՝ Ֆրանսիայի նախագահի գործողությունները, որը գլխավորում է «խաչակրաց արշավանքն ընդդեմ լիբիացի ժողովրդի», Ֆրանսիան կանգնեցրին անիմաստ պատերազմի առջև։ Քադաֆին Սարկոզիին «ռազմական հանցագործ» է անվանել, որն «արատավորել է ֆրանսիական ազգի պատմությունը»։
Լիբիական հակամարտության ընթացքում առաջին անգամ հուլիսին տեղի ունեցավ ամերիկյան դիվանագետների հանդիպումը Մուամար Քադաֆիի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացրին համաշխարհային տեղեկատվական գործակալությունները՝ հղում կատարելով ԱՄՆ նախագահի վարչակազմում գտնվող աղբյուրներին, հանդիպումը տեղի է ունեցել «երրորդ երկրի տարածքում»։ Հանդիպումը կազմակերպվել էր այն բանի համար, որ «ևս մեկ անգամ ուղղակի և պարզ ասվի՝ Քադաֆին պետք է հեռանա»։

Սակայն դրանից մի քանի օր անց Տրիպոլիում հայտարարեցին, որ պատրաստ չեն քննարկելու Մուամար Քադաֆիի հնարավոր հրաժարականը։ Ինչպես ընդգծեց Լիբիայի ԱԳՆ ղեկավարը, «Քադաֆիի հեռանալը չի քննարկվում»։ «Այդ կետը չկա նաև կարգավորման վերաբերյալ այն առաջարկություններում, որոնք առաջ է քաշել Աֆրիկյան միությունը»,- Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա հայտարարեց նա։ Լիբիացի դիվանագետը հիշեցրեց, որ Աֆրիկյան միության նախաձեռնությունը նախատեսում է հրադադար, ՆԱՏՕ-ական ռմբակոծումների դադարեցում, ինչպես նաև քաղաքական երկխոսություն լիբիական հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ։

Հուլիսին բռնկվեց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին «Կվադրիգա» մրցանակ շնորհելու հետ կապված սկանդալը։ Մրցանակը գերմանական Werkstatt Deutschland միավորման կողմից շնորհվում է հասարակական և քաղաքական այն գործիչներին, որոնք «լուսավորության տարածման գործում, հանրային բարիքին հավատարմության, պատասխանատվության և ինքնանվիրումի օրինակ են դարձել»։ «Կվադրիգան» Վլադիմիր Պուտինին շնորհելու ժյուրիի որոշումը Գերմանիայում սուր քննադատություն առաջ բերեց։ Շատերը գտնում են, որ նա արժանի չէ մրցանակին՝ նշելով, որ Պուտինը ոչինչ չի արել կամ էլ չնչին բան է արել Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար։ ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների պատասխանատու Մարկուս Լենինգը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինը զբաղվել է «դեմոկրատիայի քայքայմամբ, ազատությունների սահմանափակմամբ և Ռուսաստանը հանձնել է կոռուպցիայի ձեռքը»։ Ի նշան Ռուսաստանի վարչապետին «Կվադրիգա» մրցանակը հանձնելու դեմ բողոքի՝ մրցանակի հոգաբարձուների խորհուրդը լքեցին «կանաչների» առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, Հեյդելբերգի համալսարանի պրոֆեսոր Էդգար Վոլֆրումը և Wikipedia ազատ հանրագիտարանի հիմնադիր Ջիմի Ուեյլսը։ Ի վերջո, «Կվադրիգան» սահմանողները որոշեցին հրաժարվել իրենց որոշումից, ինչն առաջ բերեց ՌԴ նախագահի խիստ քննադատությունը, ընդ որում՝ Դմիտրի Մեդվեդևն իր կարծիքը հայտնեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ինչպես ընդգծեց Կրեմլի ղեկավարը, Վլադիմիր Պուտինին հանրային մրցանակով պարգևատրելու որոշումից հրաժարվելը վկայում է այն սահմանողների վախկոտության և անհետևողականության մասին։ «Եթե որոշումն ընդունված է, ապա այդ որոշումը պետք է կատարվի։ Հակառակ դեպքում դա պարզապես վախկոտության և անհետևողականության դրսևորում է, և ես կարծում եմ, որ հայտնի որոշումից հետո այդ մրցանակը վերջացավ, համենայնդեպս՝ միջազգային հանրության համար»,- ասաց Մեդվեդևը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Կվադրիգայի» հետ կապված միջադեպը, համենայնդեպս, չմեկնաբանեց։

Հուլիսի երկրորդ կեսին Սերբիայի իշխանությունները հայտարարեցին, որ բռնել են Գորան Հաջիչին՝ Բալկանյան պատերազմի ռազմական հանցագործությունների հետ կապված Հաագայի դատարանի կողմից մեղադրվող վերջին մեղադրյալին։ Սերբական ծագմամբ խորվաթ քաղաքական գործիչ Գորան Հաջիչը Սերբական Կրաինայի Հանրապետության՝ 1992-95թթ. Խորվաթիայի տարածքում գոյություն ունեցող սերբական չճանաչված պետության ղեկավարն էր։ 2004թ. Հաագայի Միջազգային դատարանը նախկին Հարավսլավիայի գործով Հաջիչին մեղադրանք է ներկայացրել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների 14 կետով։ Մասնավորապես, նա մեղադրվում է 1991-93թթ. խորվաթ խաղաղ բնակչության բռնի տեղահանումներին ու սպանություններին մասնակցության մեջ։

Այն բանից հետո, երբ 2011թ. մայիսին ձերբակալվեց Ռատկո Մլադիչը, Հաջիչը վերջին հանցագործն էր, որի հանձնմանը ձգտում էր հասնել Հաագայի դատարանը։
Հուլիսի 20-ին ԱՄՆ-ից տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերի կոմիտեն ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց պետդեպարտամենտին հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծի փոփոխությունները։ Հետագայում օրինագծում կարող են տեղ գտնել ձևակերպումներ, որոնք համահունչ են 306 բանաձևի դրույթներին, որի հեղինակներն են կոնգրեսականներ Հովարդ Բերմանը և Էդ Ռոյսը։ Բերմանի և Ռոյսի փաստաթուղթը («Եկեղեցիների վերադարձման մասին») կոչ է անում Թուրքիային դադարեցնել խտրականությունը քրիստոնյա բնակչության հանդեպ։ Փաստաթղթի հեղինակները Թուրքիայից պահանջում են կատարել միջազգային պարտավորությունները և վերջ տալ ամեն տեսակ կրոնական հետապնդումներին, պաշտպանել մարդու իրավունքները և քրիստոնյաների կրոնական ազատությունները։ Սույն բանաձևի հեղինակները Անկարային նաև կոչ են անում օրինական ճանապարհով վերադարձնել հայերից, հույներից, ասորիներից, պոնտացիներից, արամեացիներից (սիրիացի քրիստոնյաներ) և քրիստոնեական այլ համայնքներից խլված եկեղեցիները։

Եվս մեկ կարևոր նորություն (համենայնդեպս՝ կարևոր նրանց համար, ովքեր պատրաստվում են Ամերիկա գնալ «ամերիկյան երազանքի» հետևից), որ հուլիսի 21-ին ստացվեց ԱՄՆ-ից։ Այդ օրը հայտնի դարձավ, որ ամերիկյան իշխանությունները կարող են վերացնել Green Card վիզային վիճակախաղը։ Համապատասխան օրինագիծն արդեն իրավաբանական կոմիտեի կողմից ներկայացվել է ԱՄՆ կոնգրեսի քննարկմանը։ Հանրապետական մեծամասնությունն աջակցում է այս փաստաթղթին, քանի որ խարդախությունների պատճառով նման վիճակահանությունները կարող են օգտագործվել ահաբեկիչների կողմից և վնաս հասցնել ազգային անվտանգությանը։ «Սա խարդախության բացահայտ հրավերք է և ջեքփոթ ահաբեկիչների համար»,- հայտարարել է իրավաբանական կոմիտեի նախագահ Լեմար Սմիթը։ Հանրապետականն ավելացրել է, որ Green Card-ի նպատակը՝ բազմազան դարձնել ներգաղթյալների հոսքը, ձեռք է բերվել այլ ծրագրերի օգնությամբ, որոնց շնորհիվ ԱՄՆ հրավերքներ 1995 թվականից ի վեր ստացել է ընդհանուր առմամբ 785 հազար մարդ։

Ամսվա վերջին եվրոպացիներին վերջապես հաջողվեց լուծել Հունաստանի ֆինանսական խնդիրները, որոնք սպառնալիքի առջև էին կանգնեցրել եվրոպական միասնական արժույթի գոյությունը և եվրագոտու հետագա գործունեությունը։ Եվրագոտու 17 երկրների նախագահներն ու կառավարությունների ղեկավարները հուլիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ սկզբունքային պայմանավորվածության հասան ծանր տնտեսական վիճակի մեջ գտնվող Հունաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։ Նիստի վերջում ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարեց, որ Հունաստանին ֆինանսավորելու ծրագիրը կիրականացվի ինչպես Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի, այնպես էլ մասնավոր ֆինանսական կազմակերպությունների կողմից։ Հունաստանի տնտեսությանը հատկացվելիք ընդհանուր ֆինանսական օգնությունը կկազմի 200 միլիարդ դոլար։

Եվրագոտու երկրների՝ Հունաստանին որպես օգնություն 109 միլիարդ եվրո հատկացնելու որոշմանը հաջորդեց հիմնախնդրի լուծման Ֆրանսիայի նախագահի առաջարկը։ Նիկոլա Սարկոզին առաջարկեց միավորել ԵՄ 17 երկրների տնտեսական քաղաքականությունը՝ նոր «տնտեսական կառավարություն» ստեղծելով, Եվրոպական արժութային հիմնադրամի գլխավորությամբ։

Այդ օրերին հիմնախնդիրների լուծում էին փնտրում նաև հայ և թուրք բիզնեսմենները։ Հուլիսի վերջին Երևան ժամանեց բավական ներկայացուցչական պատվիրակություն Վանից՝ քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աբդուլա Թյունջդեմիրի գլխավորությամբ։ Ինչպես Հայաստանի և Թուրքիայի բիզնեսի ներկայացուցիչների հանդիպման բացման արարողությանը հայտարարեց «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի տնօրեն Արթուր Ղազարյանը, սահմանի փակումը չպետք է պատնեշ հանդիսանա երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ «Երկու երկրների գործարար շրջանակների լոբբինգը կարող է հանգեցնել այն բանին, որ քաղաքական ուժերը որոշում ընդունեն սահմանը բացելու մասին»,- նշել է նա։ Իսկ Վանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը հայտարարեց, որ սեպտեմբերի 11-ին կարող է տեղի ունենալ Երևան-Վան առաջին ուղիղ չվերթը։ «Եթե ամեն ինչ պլանների համաձայն ընթանա, ապա սեպտեմբերի 11-ին տեղի կունենա առաջին չվերթը, որը սկիզբ կդնի Երևան-Վան կանոնավոր օդային հաղորդակցությանը»,- ասել է նա։

Չէին հասցրել թուրք բիզնեսմենի խոսքերը հայտնվել տեղեկատվական գործակալությունների լրահոսերում, երբ Բաքվից հնչեցին վիրավորված և զայրալից հայտարարություններ։ «Մենք չենք խառնվում երկու երկրների գործերին, բայց մեզ իրավունք ենք վերապահում արձագանքել Ադրբեջանի ազգային շահերի ոտնահարման պարագայում»,- ասաց այդ երկրի ԱԳՆ մամլո ծառայության քարտուղար Էլման Աբդուլաևը՝ մեկնաբանելով Երևան-Վան չվերթի հնարավոր բացման մասին տեղեկությունը։ «Ադրբեջանի ԱԳՆ-ն հետևում է իրադարձությունների հետագա զարգացմանը և կարձագանքի հետագա սցենարից կախված»,- ասել է Աբդուլաևը։

Հուլիսի վերջին աշխարհը ցնցվեց հրեշավոր ահաբեկչական գործողություններից, որոնք կատարվեցին երկրագնդի ամենախաղաղ անկյուններից մեկում՝ Նորվեգիայում։ Հուլիսի 22-ին պայթյուն որոտաց Օսլոյի կենտրոնում, կառավարական շենքերի համալիրի մոտ, որտեղ տեղակայված են վարչապետի նստավայրը, ինչպես նաև էներգետիկայի, արդյունաբերության և արդարադատության նախարարությունները։ Մի քանի ժամ անց ոստիկանական համազգեստով տղամարդը Նորվեգիայի մայրաքաղաքին մոտ գտնվող կղզում կրակ էր բացել իշխող Աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարում։ Ողբերգությունից մի քանի ժամ հետո իշխանությունները ձերբակալեցին կղզում կրակահերթ բացելու մեջ կասկածվողին՝ աջ ծայրահեղականների հետ կապված էթնիկ նորվեգացի Անդերս Բրեյվիկին։ Ահաբեկչություն կատարելուց մի քանի ժամ առաջ հանցագործը YouTube-ում տեսահոլովակ էր տեղադրել, որում այլ մարդկանց կոչ էր անում «խաչակիր» դառնալ և պայքարել Եվրոպայի իսլամացման ու մարքսիզմի դեմ, ինչպես նաև զետեղել էր ծավալուն մի փաստաթուղթ, որի բովանդակությունից հետևում է, որ Բրեյվիկը երկու ահաբեկչություններին պատրաստվում էր դեռ 2009-ից։ Նորվեգիայի ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել ավելի քան 90 մարդ։

Արյունալի այս իրադարձությունների ֆոնին՝ կապված կրոնական և ռասայական անհանդուրժողականության հետ, Բելգիայից տեղեկություններ ստացվեցին, որ այդ երկրում պաշտոնապես արգելել են փարաջա կրել։ Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին։ Արգելքը խախտելու դեպքում յոթօրյա բանտարկություն է նախատեսված և տուգանք՝ մոտ 140 եվրոյի չափով։ Ս.թ. ապրիլին Բելգիայի դաշնային խորհրդարանի ստորին պալատը երկրորդ անգամ հավանություն տվեց հրապարակավ փարաջա և նիկաբ կրելն արգելող օրենքի նախագծին, որն այնուհետև հաստատվեց սենատի կողմից։

Հուլիսին Կուբայում քիմիաթերապիա անցավ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։ «Երկաթյա Ուգոն» ազատության կղզու կլինիկայում մի քանի օր անցկացնելուց հետո վերադարձավ հայրենիք։ Ինչպես տեղեկացրին վենեսուելական լրատվամիջոցները, բժիշկները նախագահի մոտ չարորակ գոյացություններ չեն հայտնաբերել, իսկ քիմիաթերապիան անցկացրել են կանխարգելիչ նպատակներով։ Այժմ Չավեսը պատրաստվում է բուժման երկրորդ փուլին, սակայն հայտնի չէ՝ դրա համար արդյոք Հավանա կմեկնի, թե ոչ։ Չավեսի՝ Կուբայում բուժվելն ինչպես վենեսուելական, այնպես էլ արտասահմանյան (հատկապես ամերիկյան) լրատվամիջոցներին ամեն տեսակ ասեկոսեների և ենթադրություններ անելու տեղիք տվեց։ Տեղեկացվում էր, որ կոմանդանտեի վիճակը լուրջ է, և չի բացառվում, որ ուռուցքը մետաստազներ է տվել։ Իսկ վենեսուեալական ընդդիմության ներկայացուցիչները նույնիսկ պահանջեցին քննարկել Չավեսի հրաժարականի հարցը։ Նրանք նշում էին, որ նրա հիվանդությունը և երկարատև բացակայությունը երկրից սպառնալիք են ազգային անվտանգությանը։ Սակայն Չավեսը հիասթափեցրեց իր վատը կամեցողներին ինչպես Վենեսուելայում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Երկրի ֆինանսների նախարար Խորխե Ջորդանիի բերանով նա տեղեկացրեց, որ մտադիր է դնել թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնում՝ չնայած հիվանդությանը։ Ջորդանին հույս է հայտնել, որ Չավեսը կվերընտրվի և իշխանության ղեկին կլինի դեռ երկար ժամանակ։

Այդ ընթացքում երկրագնդի մյուս ծայրում՝ Լատվիայում, համազգային հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ երկրի բնակիչների մեծ մասը պաշտպանեց խորհրդարանը ցրելու որոշումը։ Հանրաքվեն անցկացվեց նախկին նախագահ Վալդիս Զատլերսի նախաձեռնությամբ, որը դեմ է տեղի օլիգարխների հետ խորհրդարանականների կապերին։ Մայիսի 28-ին Զատլերսը հանդես եկավ հանրաքվեի նախաձեռնությամբ՝ պատգամավորներին մեղադրելով «օլիգարխիայի շահերը սպասարկելու», իսկ օրենսդիր ժողովին՝ «պաշտոններ վաճառելու» մեջ։ Սա նման առաջին հանրաքվեն է Լատվիայում հանրապետության անկախացումից հետո։

«Ավելի լավ կյանքի» հույսով հեղափոխություն կատարած և Հոսնի Մուբարաքին պաշտոնազրկած եգիպտացիները կրկին սկսել են ընդվզել։ Նախագահի հրաժարականից հետո երկրում իշխում է Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը։ Սակայն եգիպտացիներն առանձնակի փոփոխություններ չզգացին և սկսեցին պահանջել կառավարության հրաժարականը։ Հուլիսի կեսին զինվորական իշխանությունները պաշտոնազրկեցին կառավարության մի քանի անդամի՝ ըստ էության իրականում ոչինչ չփոխելով։ Բողոքները շարունակվում են. հուլիսի 24-ին հազարավոր մարդիկ հավաքվել էին Եգիպտոսի պաշտպանության նախարարության շենքի կողքին՝ իշխանություններից պահանջելով արագացնել դեմոկրատական բարեփոխումները։ Նրանք պահանջում էին նաև պատժել այն ոստիկաններին, որոնք փետրվարյան հեղափոխության ժամանակ մասնակցություն էին ունեցել ցուցարարների սպանությանը։ Բողոքն ավարտվեց զանգվածային անկարգություններով։ Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ Կահիրեում տեղի ունեցած բախումների ընթացքում ավելի քան 300 մարդ է տուժել։

Հուլիսի վերջին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի շրջապատում նշեցին նրա հնարավոր հաջորդի անունը։ «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Ղազախստանի նախագահի խորհրդական Երմուհամետ Երտիսբաևը նախագահի փեսային՝ Թիմուր Կուլիբաևին բնութագրեց որպես պետության ղեկավարի հնարավոր թեկնածու։ Ինչպես արտահայտվել է Երտիսբաևը, «եթե հանկարծ արտակարգ իրավիճակ ստեղծվի՝ կապված պետության ղեկավարի հանկարծակի հրաժարականի հետ, հենց Կուլիբաևը կկարողանա շարունակել նախագահի ռազմավարական գիծը»։ Խորհրդականն ավելացրել է, որ Նուրսուլթան Նազարբաևի փեսան «համակարգային մտածողություն և հսկայական կառավարչական փորձ ունի»։ «Պետության ղեկավարի հանկարծակի հրաժարականի հետ կապված արտակարգ իրավիճակի» հնարավորության մասին նախագահի խորհրդականը խոսեց այն բանից հետո, երբ Նազարբաևն արձակուրդի ժամանակ հայտնվել էր գերմանական կլինիկայում։ Ըստ ոչ պաշտոնական վարկածի, հանրապետության ղեկավարը շագանակագեղձի վիրահատության է ենթարկվել։ Երտիսբաևը, սակայն, պնդում էր, որ հիվանդանոցում նրա ղեկավարն ընդամենը «սովորական պլանային բուժզննում է անցել»։

Նազարբաևի շրջապատից հնչած նման հայտարարությունն անսպասելի չէր։ Չէ՞ որ բոլորին է հայտնի, որ Ղազախստանն այն երկրներից է, որտեղ նախընտրում են իշխանության ժառանգականությունը, իսկ ընտրություններն ընդամենը ֆարս են, որը խաղացվում է նրա համար, որ «դեմոկրատական թոզ փչվի» Արևմուտքի աչքերին։

Գուցե այդպես ավելի լավ է, համենայնդեպս՝ քաղաքական և տնտեսական կայունությունն այս երկրում ապահովված է։ Եվ դրանից ավելի կարևոր բան հասարակ քաղաքացիների համար պարզապես լինել չի կարող։ Համեմատեք Եգիպտոսի «դեմոկրատական» գործընթացներն ու իրավիճակը Ղազախստանում։ Դա էլ հենց վերն ասվածի ամենահամոզիչ ապացույցը կլինի։

Ի դեպ, այս օրերին Իտալիայից տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր չէ 2013-ից հետո (երբ Իտալիայում հերթական ընտրությունները կկայանան) մնալ կառավարության ղեկավարի պաշտոնին։ «Սկանդալային իտալացի մաչոն» նույնպես նշել է իր հաջորդին։ Պատասխանելով ընտրություններին հնարավոր մասնակցության մասին հարցին՝ նա ասել է. «Հաստատ՝ ոչ։ Իտալիայի վարչապետի պաշտոնի համար իր թեկնածությունը կառաջադրի Անջելինո Ալֆանոն»։ Խոսքն արդարադատության նախարարի մասին է, որը հուլիսի սկզբին գլխավորեց Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը։ Ինչ վերաբերում է Իտալիայի նախագահի պաշտոնին, ապա այդ աթոռին Բեռլուսկոնին նույնպես չի հավակնում։

Հուլիսի 25-ին թուրքական դատարանը կայացրեց Ստամբուլի հայալեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանողի դատավճիռը։ Թունդ ազգայնական Օգյուն Սամասթը դատապարտվեց 23 տարվա ազատազրկման։ Հայտնի լրագրողին սպանողին սկզբում ցմահ բանտարկության էին դատապարտել, սակայն անմիջապես էլ ժամկետը կրճատել էին մինչև 21,5 տարվա, քանի որ հանցագործություն կատարելու պահին նա անչափահաս էր եղել։ Եվս տասնվեց ամիս նա պետք է բանտում անցկացնի ապօրինի զենք ունենալու համար։ Հրանտ Դինքը, որը պայքարում էր Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար, սպանվել էր 2007թ.։ Սպանության մեջ կասկածվողին շուտով գտան, և նա գրեթե անմիջապես խոստովանեց կատարած հանցանքը։ Սամասթի խոսքերով՝ նա ուզում էր վրեժ լուծել լրագրողից «թուրք ազգին նվաստացնող» արտահայտությունների համար։

Սիրիական ընդդիմության ճնշումը, որը բողոքի զանգվածային ակցիաներ է անցկացնում ս.թ. մարտից՝ պահանջելով նախագահ Բաշար Ասադի հրաժարականը և արմատական բարեփոխումներ, հուլիսի վերջին սկսեց առաջին շոշափելի արդյունքները տալ։ Բանն այն է, որ Սիրիայի կառավարությունը երկրի քաղաքական համակարգի վաղօրոք հայտարարած ազատականացման շրջանակներում հավանություն տվեց այն օրինագծին, որը թույլ է տալիս քաղաքական կուսակցություններ ստեղծել։ Այսպիսով, իշխող Բաաս կուսակցության՝ սահմանադրությամբ ամրագրված բազմամյա մոնոպոլիայի վերջը եկավ։ Նոր օրենքում խոսվում է այն մասին, որ «ցանկացած ձևավորված կուսակցություն պետք է հետևի սահմանադրությանը, դեմոկրատական սկզբունքներին, իրավունքի գերակայության սկզբունքին, հարգի ազատությունն ու հիմնական իրավունքները»։ Նշենք, որ Բաաս կուսակցությունն արգելել էր Սիրիայում ընդդիմության գոյությունը 1963թ. զինվորական հեղաշրջումից հետո։

Հուլիսի 26-ին լավ լուր ստացվեց չինական Նինբո քաղաքից, որտեղ անցկացվում էր շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։ Հայ գրոսմայստերները, փայլուն խաղ ցուցադրելով մրցության ինը տուրում, հավաքեցին 14 թիմային և 22,5 անհատական միավորներ և նվաճեցին աշխարհի չեմպիոնների կոչումը։ Մեր շախմատիստներին հաջողվեց հետևում թողնել այնպիսի ուժեղ մրցակիցների, ինչպիսիք էին Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Իսրայելի թիմերը։

Ամսվա վերջին ԱՄՆ նախագահը կատարեց բյուջետային ճգնաժամը հաղթահարելու հերթական հուսահատ փորձը և համոզելու հանրապետականներին` բարձրացնել պետպարտքի շեմը՝ երկիրը դեֆոլտից փրկելու համար։ Բարաք Օբաման հանդես եկավ հատուկ հեռուստադիմումով, որում հայտարարեց, որ համաձայնության գալու (որը թույլ կտա լուծել այս ճգնաժամը) միակ խոչընդոտը հանրապետական կոնգրեսականների դիրքորոշումն է, որոնք միայն մի միջոց են ընդունում` պետական ծախսերի կրճատումը։ Օբաման նախազգուշացրեց, որ ամերիկյան ազգը սպառնալի չափով մոտեցել է դեֆոլտին։ Եվ անմիջապես էլ պատասխան ստացավ հանրապետականներից։ Ինչպես հայտարարեց ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները, «միլիոնավոր մարդիկ այժմ աշխատանքի որոնումների մեջ են, իսկ Վաշինգտոնում շարունակում են աջ ու ձախ փող մսխել»։ «Նախագահ Օբաման մշտապես պնդում է փոխզիջում գտնելու անհրաժեշտության մասին, բայց նրա համար դա նշանակում է հետևյալը. Վաշինգտոնը շարունակելու է ծախսել, իսկ մյուսները թող վճարեն դրա դիմաց։ Մենք պետք է դադարեցնենք դա։ Խաղաթղթի վրա ամերիկացիների բարեկեցությունն է»,- հայտարարել է ազդեցիկ հանրապետականը, որն ԱՄՆ-ում երրորդ պաշտոնական դեմքն է նախագահից և փոխնախագահից հետո։ Ինչպես տեսնում ենք, հանրապետականները դեմոկրատ նախագահին քաղաքականապես ոչնչացնելու լավ միջոց են գտել, նախագահ, որի վարկանիշը ներկա իրավիճակում սպառնալիորեն ցած է գլորվում մինչև աննախադեպ նվազագույնի։

Ամսվա վերջը, կարելի է ասել, անկեղծության պահ դարձավ նրանց համար, ովքեր արյունալի սպանդ նախաձեռնեցին Լիբիայում։ Այսպես, ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայքլ Մալենը խոստովանել է, որ ՆԱՏՕ գործողությունը Լիբիայում փակուղի է մտել։ Ընդ որում` կատարյալ հիմար չթվալու համար ամերիկացի զինվորականը խրոխտ հայտարարել է, թե չի կասկածում, որ ռազմական գործողությունները հաջող ելք են ունենալու։ Նրա խոսքերով՝ հակառակորդին հյուծելու ՆԱՏՕ-ի կուրսն արդարացրել է իրեն։ Բայց շատ վերլուծաբանների կարծիքով՝ Վաշինգտոնում և եվրոպական մայրաքաղաքներում գիտակցում են, որ Լիբիայում ստեղծված իրավիճակը ռազմական լուծում չունի։ Այս դիրքորոշումն իր արտացոլումն է գտել նաև ծովակալ Մալենի հայտարարության մեջ։

Ամսվա վերջին օրերը մթագնվեցին Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգությամբ. վթարներ տեղի ունեցան Դոնեցկի և Լուգանսկի մարզերի հանքախորշերում, 25 մարդ զոհվեց, 12-ը համարվում է անհետ կորած, հուլիսի 31-ը հայտարարվեց սգո օր։ Հուլիսի 29-ին ԱՄՆ նախագահ Օբաման ուրախանալու առիթ չուներ. սենատը մերժեց հանրապետականների՝ պետպարտքի շեմը բարձրացնելու նախագիծը, որն արժանացել էր ներկայացուցիչների պալատի հավանությանը, և եթե նման բախտի արժանանա դեմոկրատների՝ Հարի Ռիդի հեղինակած նախագիծը, որը քվեարկության է դրվելու օգոստոսի 1-ի առավոտյան, ապա համաշխարհային ֆինանսական համակարգն անակնկալներ կունենա։

Ամսվա վերջին պաշտոնական այցով Հայաստանում էր Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։ Հայաստանի և Լեհաստանի հարաբերություններն ավանդաբար բարիդրացիական են, բավական է հիշեցնել, որ Լեհաստանը Եվրամիության այն երկրներից է, որը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և այս հարցի հետ կապված հատուկ պահանջներ է առաջադրում Թուրքիային՝ վերջինիս եվրոպական ընտանիք մտնելու առնչությամբ։ Իսկ Երևանում Կոմորովսկին խոստացավ ամեն կերպ աջակցել մեր երկրին Եվրոպային ինտեգրման ճանապարհին (նշենք, որ դրանից մի քանի օր առաջ Լեհաստանի նախագահը Բաքվում նման ոչ մի բան չասաց)։

Մեծ Մերձավոր Արևելքում ամսվա վերջին օրերին Քադաֆիի ուժերը ոչնչացրին ապստամբների ռազմական ղեկավարին՝ հրճվանք պատճառելով քաջարի գնդապետի երկրպագուներին, Եգիպտոսում Հոսնի Մուբարաքը հանկարծ որոշեց հրաժարվել ուտելիքից։ Նրա առողջական վիճակն իսկապես լուրջ է, և թե ուրիշ ինչ անակնկալներ կմատուցեն միմյանց «ազատասեր» եգիպտական հասարակությունն ու երկրի նախկին ղեկավարը, հայտնի չէ։ Հակիրճ նշենք նաև Թուրքիայի վարչապետի՝ եղբայրական Ադրբեջան կատարած այցի մասին։ Համարի մեխը դարձավ Հայաստանի նախագահը, որի՝ հայ դպրոցականներին ուղղված խոսքերում թյուրքական երկու պետությունների ղեկավարները հեռուն գնացող պլաններ տեսան։ Բայց այդ մասին՝ այլ տեղում և այլ առիթով։ 

Սրանք էին այն հիմնական իրադարձությունները, որոնցով ուղեկցվեցին հուլիսյան օրերը։ Չենք կորցնում հույսը, որ ապագան ավելի պոզիտիվ և կառուցողական կլինի համաշխարհային քաղաքականության առումով։ Սակայն նախորդ ամիսների իրադարձությունների տրամաբանությունը և դրանց հետագա զարգացման վերլուծությունը ցույց են տալիս, որ մարդկությունը դեռ երկար ստիպված կլինի քանդել աշխարհաքաղաքական հակամարտությունների և հակասությունների թնջուկը՝ անդորր, կայունություն և խաղաղություն որոնելու ճանապարհին, որոնք այնքա՜ն չեն հերիքում մեր քաղաքակրթությանն այս խելահեղ 21-րդ դարում։

Միխայիլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am