Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Հուլիս 2011, N 7

ՀՈՒԼԻՍԻ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ամսվա հերոսը նախագահ Սերժ Սարգսյանն էր։ Հուլիսին նա տարբեր առիթներով մի շարք մտքեր է արտահայտել, որոնք փայլուն կերպով նկարագրում են ինչպես պետության և հասարակության վիճակը, այնպես էլ անձամբ իրեն։ Ավելի հանգամանալի կանգ առնենք որոշ նշանակալի պահերի վրա։

Հուլիսի 4-ին և 14-ին նախագահ Սարգսյանն այցելեց երկու մեծ տերությունների՝ ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատներ՝ ամերիկացիների և ֆրանսիացիների ազգային տոների առիթով։ Քաղաքավարական այս այցերի արանքում Հայաստանը նշեց սեփական տոնը՝ Սահմանադրության օրը (հուլիսի 5-ին)։ Նախագահ Սարգսյանը, ինչպես միշտ նման դեպքերում, հանդես եկավ ազգին ուղղված ուղերձով։ Պետք է ասել, որ Հայաստանի ազգային տոներից Սահմանադրության օրն ամենաձանձրալին է, բնակչությունն առավելագույնս անտարբեր է դրա հանդեպ. անկեղծ ասած՝ ոչ մի տոն էլ չկա, քանի որ տոները սահմանում են մարդկանց սրտերը, այլ ոչ թե նախագահը կամ խորհրդարանը։ Տեսեք, թե ինչպես են իրենց ազգային տոները նշում ֆրանսիացիներն ու ամերիկացիները. Բաստիլի գրավման օրն առաջինների համար հոգու իսկական խրախճանք է, անկախության օրն ամերիկացիների համար՝ շատ ավելին, քան ընտանեկան տոնը։ Իսկ հայե՞րն ինչպես են վերաբերվում իրենց տոնական ամսաթվերին, այնպիսիներին, ինչպիսիք են Սահմանադրության, անկախության, հանրապետության օրերը։ Այս մասին գիտե մեզնից յուրաքանչյուրը, այնպես որ՝ հուշելու հարկ չկա։

Իսկ հուլիսի 9-ին նախագահ Սարգսյանը մասնակցեց Հայաստանի ԶՈւ երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովին, որը տեղի ունեցավ Օպերայի և բալետի ազգային թատրոնում։ Երիտասարդ սպաների առջև ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասաց. «ժամանակակից բանակների սպաների նախատիպերը միջնադարյան Եվրոպայում ասպետներն էին, Հայաստանում՝ նախարարական և իշխանական տների ներկայացուցիչները: Ազգի զինվորականության կորիզը տվյալ ազգի ազնվականությունն էր: Չկա այդ կազմակերպված ուժը` չկա պետություն (ընդծումը մերն է- խմբ.): Թվում է, թե 21-րդ դարում պատմական այս զուգահեռները հնացած են, բայց սա մակերեսային տպավորություն է: Կարդացեք միջնադարում հայերի տված ճակատամարտերի ցանկացած նկարագրություն և կտեսնեք, որ ամենապատասխանատու կետերում ազնվական տների զավակներն էին, որոնք պաշտպանում էին, բառի ուղղակի իմաստով, իրենց հոր տան պատիվը, բայց մեծ հաշվով` հայրենիքը։ Այդ ժառանգությունը ենթադրում է համապատասխան վարք ու կեցվածք: Մեր հասարակությունը գրեթե մոռացել է, որ սպայությունը բարձրագույն կրթություն ստացած մտավորականություն է: Այո՛, Ձեր գործը խիստ առանձնահատուկ է, բայց միևնույն է, դուք ազգի մտավորականության կարևոր թևն եք: Մեր հասարակության ընկալումներից առաջին հերթին ձեր շնորհիվ պետք է արմատախիլ արվի բռի և անտակտ զինվորականի կերպարը... Սպայակազմը պետության ողնաշարն է, այն ամուր է և ուղիղ այնքան, որքան նրա սպայակազմը: Որևէ երկրի ողնաշարը ջարդելու մի ճանապարհ կա` ոչնչացնել սպայակազմը: Սա նշանակում է, որ Դուք մտավորականության այն թևն եք, որ թշնամու առաջին թիրախն են: Այսպիսով, դուք եք Հայրենիքի առաջին պատվարը...»։

Ի՞նչն է աննախադեպ նախագահի այս ելույթում։ Ըստ էության, առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ պետության ղեկավարը հրապարակավ խոստովանում է, որ Հայաստանում պետություն արդեն չկա, այն կազմաքանդված է։ Նախագահ Սարգսյանն, անշուշտ, ճիշտ է պատկերացնում պատմությունը, նա իրավացի է, երբ խոսում է ազգի էլիտայի՝ որպես երկրի պաշտպանության գործում ավանգարդի և կազմակերպիչ ուժի, մասին։ Եվ ճիշտ է եզրահանգում, որ «եթե չկա այդ կազմակերպված ուժը` չկա պետություն»։ Հիմա տեսնենք, թե այսօր ով է ծառայում Ղարաբաղի և Հայաստանի առաջնային դիրքերում։ Էլիտար ընտանիքների ներկայացուցիչնե՞րը։ Կարո՞ղ ես Մատաղիսում գոնե մի զինվոր գտնել, որը պատգամավորի, նախարարի կամ օլիգարխի ընտանիքի անդամ լինի։ Իհարկե՝ ոչ։ Իսկ ո՞վ է այսօր գտնվում զինված ուժերի ավանգարդում։ Սոցիալական «ներքևի» ներկայացուցիչները, այլ խոսքով՝ ռամիկները։ Իսկ թե ոնց կպաշտպանի ազգն ու պետությունը ռամիկը, հայտնի է բոլորին, այսինքն՝ ոչ մի կերպ։

Ըստ էության, գործ ունենք հանրային գիտակցության մեջ կատարված խորքային փոփոխության հետ։ Եթե միջնադարյան կամ հին Հայաստանում էլիտան իր պարտքն էր համարում գտնվել հայրենիքի պաշտպանության առաջին շարքերում, ապա 21-րդ դարի Հայաստանում էլիտան իր պարտքն է համարում որքան հնարավոր է հեռու գտնվել առաջին շարքերից՝ այդ գործը տրամադրելով սոցիալական ներքևներին։ Սա փաստ է, և ամեն ոք կարող է ինքը մեկնաբանել այն և գալ սեփական մտահանգման։ Իսկ ես կարծում եմ, որ միջնադարյան հայությունը կարող էր սեփական պետականություն ունենալ, թեև այն կործանվեց արտաքին հարվածներից, իսկ ներկայիս հայությունը դրան ի վիճակի չէ, ինչում կարող է համոզվել առողջ երևակայություն ունեցող յուրաքանչյուր ոք։ Հավելենք միայն, որ պետականությունից կարելի է զրկվել ո՛չ միայն արտաքին սպառնալիքների հետևանքով. ամենամեծ սպառնալիքն այդ նույն պետության մեջ ապրող հասարակության էլիտան է։ Եվ կախված այն բանից, թե ինչ շահերով է առաջնորդվում էլիտան` մասնավոր, թե համընդհանուր, կարելի է այն համարել պետականության կամ զարգացման, կամ կործանման երաշխավոր։ Նորվեգիայում, օրինակ, բողոքական էլիտան զարգացման երաշխավորն է, դրա համար էլ այնտեղ տեսնում ենք աշխարհի ամենազարգացած տնտեսությունը և ամենամեծ ցանկությունը՝ գաղթել այդ երկիր, իսկ Հայաստանում մենք տեսնում ենք միանգամայն այլ պատկեր։

Հուլիսի 20-ին նախագահ Սարգսյանը միգրացիայի հարցերին նվիրված խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցեցին վարչապետը, նրա տեղակալը, ուժային գերատեսչությունների ղեկավարները, միգրացիայի ծառայության պետը։ Խորհրդակցությունում միգրացիայի մասին ոչ մի իրական կարծիքի չեկան։ Նախ՝ անհնար է ճշմարտացի կարծիք կազմել այնտեղ, որտեղ գտնվում է վարչապետ Տիգրան Սարգսյանը, քանի որ նա խիստ ինքնատիպ մտածողություն ունի, որն ընդհանուր ոչինչ չունի իրականության հետ։ Երկրորդ՝ չվերլուծվեցին միգրացիայի խորքային պատճառները, ինչպիսին է, օրինակ, այն, որ բնակչությունն այլևս հույս չի տածում, թե երբևէ երկրում իրավիճակը կբարելավվի։ Խորհրդակցությունում բավարարվեցին վիճակագրական տվյալներ ներկայացնելով, արտագաղթը նվազեցնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու կոչերով, ինչպես նաև բավական ինքնատիպ եզրակացություններով (ասենք, ինչ-որ մեկը նախագահին զեկուցել էր, թե այս տարի արտագաղթածների բավական մեծ թիվը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Ռուսաստանի և այլ երկրների տնտեսական աճի հետևանք, որոնցում աշխատուժի մեծ պահանջարկ կա, իսկ նախագահ Սարգսյանը վերցրեց ու հնչեցրեց այդ բավական վիճելի կարծիքը)։ Իսկ ես կարծում եմ, որ բնակչության փախուստը Հայաստանից անշրջելի գործընթաց է։ Համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ հայ իրականության մեջ արմատական վերափոխումներ չեն կատարվել։

Հուլիսի 25-ին նախագահ Սարգսյանն ակամա սկանդալ հրահրեց, որը լուրջ հետևանքներ կունենա։ Պետության ղեկավարը, պատասխանելով դպրոցականի՝ Հայաստանի ապագա սահմանների մասին հարցին, փաստորեն ասաց, որ դրանք պետք է որոշի ապագա սերունդը։ Նախագահն ասաց, որ իր սերնդին բաժին էր ընկել Ղարաբաղի ազատագրման առաքելությունը, և այն պատվով է կատարել այդ խնդիրը. նախագահն ուղղակիորեն չասաց, թե ապագա սերունդների առաքելությունն Արևմտահայաստանի ազատագրումն է, բայց հարևան երկրների առաջնորդները Սարգսյանի զրույցը դպրոցականների հետ ընկալել էին որպես Թուրքիային տարածքային հավակնությունների ներկայացում։ Նախագահը, մասնավորապես, ասել էր. «...Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը, պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես...»: Թուրքիայի՝ այցով Բաքվում գտնվող վարչապետ Էրդողանը կտրական արձագանք էր տվել Սարգսյանի խոսքերին՝ պահանջելով ներողություն խնդրել, իսկ ամսվա վերջին օրը հայ-թուրքական սահմանին թուրք ազգայնականների մի խումբ այրել էր Հայաստանի ղեկավարի դիմանկարը։  Նախագահ Սարգսյանի արտահայտությունների հետ կապված՝ խիստ վատացել էր նաև ադրբեջանցի առաջնորդի ինքնազգացողությունը. «Հավանաբար, Սարգսյանի գլխի հետ ամեն ինչ չէ, որ կարգին է։ Նրանք այնքան են կորցրել իրականության զգացողությունը կամ գտնվում են պատրանքների գերության մեջ, որ ագրեսիվ նկրտումներ են ցուցաբերում Թուրքիայի հանդեպ, և դա նման է Մոսկայի հաչոցին»,- նկատել է Իլհամ Ալիևը։ Մի խոսքով՝ անմեղ զրույցն այնքան շատ մեկնաբանությունների տեղիք տվեց, որ, կարծում եմ, ընդհանրապես կարիք չկար շոշափել այս ցավագին թեման կամ խուսափել դեռահասի հարցին պատասխանելուց, եթե, իհարկե, այն նախապես ծրագրված չէր։

Հուլիսի նշանային իրադարձություններից էր այն, որ Forbes հանդեսը Հայաստանը մտցրեց ամենավատ տնտեսությունն ունեցող երկրների մեջ (Հայաստանը զբաղեցրել էր պատվավոր երկրորդ տեղը՝ առաջինը զիջելով Մադագասկարին)։ Սա, անշուշտ, մեշ հրճվանք պատճառեց ընդդիմությանն ու ընդդիմադիր լրատվամիջոցներին. ամբոխի համար շահարկումների և չարախնդության առիթ գտնվեց։ Իհարկե, Forbes հանդեսը վստահություն ներշնչող հաստատություն է, որի կարծիքին պետք է լուրջ վերաբերվել։ Եվ այս ամենն այնքան էլ տխուր չէր լինի, եթե չլիներ ֆինանսների նախարարության՝ ամերիկյան հանդեսին հերքելու անհեթեթ փորձը։ Կողքի կարծիքը հաշվի առնելու, երկրի տնտեսության աղետալի վիճակի պատճառները հասկանալու փոխարեն Տիգրան Սարգսյանը և նրա գործընկերները շարունակում են իրենց անփոխարինելի մասնագետներ համարել և մշտապես պոզիտիվ բաներ գտնել այնտեղ, որտեղ դրանք լինել չեն կարող։ Այսպես, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատի լավագույն շրջանավարտներին և մագիստրանտներին դիպլոմներ հանձնելով (հուլիսի 13-ին)՝ վարչապետը դասախոսություն է կարդացել և չի մոռացել նշել, որ Հայաստանը գտնվում է կայուն միջավայրում, իսկ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունն ուղղված է գնաճը զսպելուն։ «Այս տարվա արդյունքները ցույց են տալիս, որ մենք հասել ենք բավական լուրջ արդյունքների այս առումով։ Ներկայումս ինֆլյացիան կազմում է 3,5%, մենք մտել ենք դեֆլյացիոն փուլ, հուլիսին և օգոստոսին նույնպես գների անկում կնկատվի»,- վստահեցրել է նա։ Թե ինչ կասի վարչապետն աշնանը, երբ պարզվի, որ գների անկում տեղի չի ունեցել, այլ կատարվել է հակառակը, հայտնի չէ։ Թեև լավ հայտնի է այն, թե ինչպես է կառավարությունը հաջողեցնում ամեն բացասական բան պոզիտիվ կամ համարյա թե նվաճում ներկայացնել։ Մի խոսքով՝ կապրենք, կտեսնենք։

Հուլիսը հարուստ էր նաև հյուրերով։ Ամսվա սկզբին Երևան եկավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը նախագահ Սարգսյանին հանձնեց նախագահ Մեդվեդևի անձնական ուղերձը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ Համանման ուղերձ Կրեմլի ղեկավարից ստացավ նաև Իլհամ Ալիևը։ Մի քանի օր անց Երևանը պաշտոնական պատասխան ուղարկեց Մեդվեդևին։ Թե ինչ է ասվում դրանում, անհայտ է, ինչպեսև այն ամենը, ինչ կատարվում է Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների շուրջ։ Նախագահ Սարգսյանի հյուրերից էին նաև Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Լիտվինը, Հայաստանի գծով ԵԽԽՎ համազեկուցող Աքսել Ֆիշերը, ՄԱԿ զարգացման ծրագրի ղեկավարի ընթերակա, Եվրոպայի և ԱՊՀ երկրների գծով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Քորի Ուդովիչկին, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը և, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Հուլիսին կազմավորվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ հինգ նախագահի գլխավորությամբ։ Այս անգամ ԿԸՀ անդամներին նշանակել էին ըստ նոր օրենքի, որում, իբր, փորձել էին ապաքաղաքականացնել ԿԸՀ-ն և ողջ ընտրական գործընթացը։ Այսպես, այսուհետ ԿԸՀ անդամ լինել չեն կարող խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները, հիմա նրանց նախագահին` նշանակման համար առաջադրում են օմբուդսմենը, Վճռաբեկ դատարանը և Փաստաբանների պալատը։ Պարզ է, որ գործ ունենք խորհրդարանական կուսակցություններին ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողությունից զերծ պահելու փորձի հետ։ Սա, պետք է ասել, լավ է, քանի որ որքան խաղաղ ու անաղմուկ (առանց թոզուդումանի) կեղծվեն ընտրությունների արդյունքները, այնքան լավ մեզ համար։

Հուլիսին մեկնարկեց այսպես կոչված «երկխոսությունը» կոալիցիայի և Հայ ազգային կոնգրեսի միջև։ Երկու հանդիպում է տեղի ունեցել, երկուսն էլ՝ առանց որևէ իմաստի։ Այս ներկայացումը դեռ երկար կտևի, գլխավորը, որ արդարացնի իր հետ կապված հույսերը, այն է. քաղաքակրթվածության պատրանք ստեղծել, թուլացնել հասարակության մեջ առկա լարվածությունը, «ազնվորեն» բաշխել մանդատները խորհրդարանում։ Տեսնենք, թե ինչի կհանգեցնի «երկխոսությունը», և ինչպես կարձագանքի դրա արդյունքներին Ռոբերտ Քոչարյանի թևը։

Վերջապես, ամսվա ամենաուրախալի իրադարձության մասին: Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Պեկինում անցկացվող աշխարհի առաջնությանը: Սա թերևս ամսվա միակ ուրախությունն էր հայ ժողովրդի համար:

Կարճ՝ համարի բովանդակության մասին։ 

«Քաղաքականություն» խորագրում Լուսինե Կեսոյանը «Արտագաղթի և դրա նկատմամբ հայկական իշխանության վերաբերմունքի մասին» հոդվածում գրում է Հայաստանի համար ամենահրատապ ու վտանգավոր երևույթի մասին։ Հեղինակը կարծում է, որ երկրի ղեկավարության նախաձեռնած միջոցներն անօգուտ են միգրացիան նվազեցնելու համար և առաջարկում է իր տեսակետն այն գլխավոր պատճառի վերաբերյալ, որը խթանում է երկրից բնակչության արտահոսքը։

«Բանավեճեր» խորագրում արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը «Տարածքային ամբողջականությո՞ւն, թե՞ ազգային ինքնորոշում. ո՞ր սկզբունքն է գերակայում» հոդվածում գրում է միջազգային իրավունքի մասին և եզրակացնում, որ դրա շրջանակներում միանգամայն իրական է ղարաբաղյան հարցի լուծումը մեր օգտին։ Հեղինակը բավական ինքնատիպ մտքեր է ներկայացնում, այնպես որ՝ հետաքրքիր է ծանոթանալ դրանց։

«Բանավեճեր» խորագրում մի հոդված ևս կա՝ նվիրված պետական գաղափարախոսության հիմնախնդիրներին։ Այն Հոլանդիայից ուղարկել է քաղաքագետ Գոռ Մարգարյանը։ Դրսից հայացքն առանձնապես հետաքրքիր է, եթե հեղինակը կարողանում է մտածել, այնպես որ՝ խորհուրդ եմ տալիս ծանոթանալ։

«Մշակույթ և արվեստ» խորագրում մշակույթի նախարարության աշխատակից Աշխունջ Պողոսյանը գրում է հայկական գորգի մասին։ Հեղինակը դժգոհ է գորգագործության և հայկական գորգերի պատմության հանդեպ պետության վերաբերմունքից։ Նա գրում է, որ անհրաժեշտ է գորգերի թանգարան ստեղծել։ Գաղափարը կարծես հավանության է արժանացել բարձրագույն մակարդակով, բայց մեռյալ կետից ոչ մի կերպ չի տեղաշարժվում։

Խորհրդային դարաշրջանի ականավոր գործիչներին մենք այսուհետ ևս պատշաճ ուշադրություն ենք դարձնելու։ Ցավոք, խորհրդային շրջանի իսկական պետական գործիչների մասին այսօր ընդհանրապես չի խոսվում, խոսում են միայն Կարեն Դեմիրճյանի մասին, որին պետական գործիչ անվանել էլ չի կարելի։ Մի խոսքով՝ այս անգամ հրապարակում ենք հոդված՝ նվիրված 1966-72թթ. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանին։ Այս մարդը, ինչպեսև մինչդեմիրճյանական սերնդի շատ ներկայացուցիչներ, պատկառելի ավանդ է ներդրել Խորհրդային Հայաստանի ժողտնտեսության, գիտության և մշակույթի զարգացման գործում։ Կարծում եմ, ներկայիս երիտասարդությունը պետք է իմանա նրանց մասին և վերջապես հասկանա, որ Հայաստանի հերոսներն ամենևին էլ Դրոն ու Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանն ու Մանվել Գրիգորյանը չէին, Հայաստանի հերոսները նրանք էին, ովքեր 70-ամյա ստեղծարար աշխատանքով խղճուկ ու հետամնաց տարածքը հասցրին արդի արդյունաբերական պետության մակարդակի։ Բադալ Մուրադյանի մասին հոդվածը գրել է Սուրեն Սարգսյանը, որը երկար տարիներ աշխատել է այս նշանավոր պետական գործչի հետ։ 

«Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում» խորագրում այս անգամ զետեղել ենք չորս հետաքրքիր նյութ։ Արտաշես Գեղամյանն իր «Թույլ չտալ Օսմանյան կայսրության հզորության վերածնունդը» հոդվածով արձագանքում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարարություններին՝ արված նախագահ Սարգսյանի հասցեին։ Դրան հաջորդում է New York times-ի հոդվածը՝ երեք դիվանագետների հեղինակությամբ, ինչն առանձնապես մեծ հետաքրքրություն է հաղորդում նյութին։ Դենիս Կորբոյը Եվրահանձնաժողովի բանագնացն էր Վրաստանում և Հայաստանում, Ուիլյամ Քորթնին՝ ԱՄՆ դեսպանը Ղազախստանում, իսկ Քենեթ Յալոուիցը՝ ԱՄՆ դեսպանը Բելառուսում և Վրաստանում։ Հոդվածի վերնագիրն է «Ռուսական ձմեռը և արաբական գարունը» և պետք է որ հետաքրքրի մեր ընթերցողներին։ Դերասանուհի Դոնարա Մկրտչյանի ողբերգական ճակատագրին է նվիրված Արման Վահանյանի հոդվածը nationalidea.am-ից, իսկ Սերգեյ Սեմանովի հոդվածը АПН-ից վերաբերում է Միխայիլ Լերմոնտովի մահվան 170-ամյակին։

Ցանկանում ենք լավ ժամանց «Ազգային գաղափարի» հերթական համարի հետ միասին։ 

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am