Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Հուլիս 2011, N 7

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Լուսինե Կեսոյան, www.nationalidea.am պորտալի քաղաքական մեկնաբան

Միայն այս տարի Հայաստանից դուրս է եկել 70.000 մարդ, կանցնի ևս մի քանի տարի, և Հայաստանում կմնա մեկ միլիոն մարդ: Ի՞նչ ունենք մենք մտածելու:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև

Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որպեսզի այդ մարդիկ չփախչե՞ն, որ էդ կրիտիկական զանգվածը մնա ստեղ ու ստեղ լինի հեղափոխությո՞ւն:

ՀՀ կատակասեր վարչապետ Տիգրան Սարգսյան

Եթե մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում թվերի ու միտումների պարբերական հրապարակային մեկնաբանությանը, ապա կիսատ-պռատ եզրակացությունների ու մակերեսային վերլուծությունների միջոցով բավականին ակտիվ շահարկումներն ուղղակի անխուսափելի են դառնում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան

 

ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

«Մեր շենքի մակարդակով արտագաղթը չեմ նկատել, իմ հարևաններից չեն գնացել: Միայն մեր շենքի երրորդ հարկի հարևանս, լավ կճանաչեք` Գարիկ Գալստյանը, Շինարարների միության նախագահը, Երևանի իր բնակության վայրն այլ տեղ է փոխել». ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյան:

Հայաստանի կառավարող վերնախավին արտագաղթը չի անհանգստացնում, կառավարող վերնախավն իր շուրջն արտագաղթ չի նկատում, որովհետև այդ վերնախավում հիմնականում ազգասեր ու բարեկամասեր տղերք են, իսկ նման տղերքը, գոնե թասիբից ելնելով, թույլ չեն տա, որ իրենք ամեն օր խավիար ու թառափ ճաշակեն, իսկ իրենց բարեկամները հացին «կակա» ասեն: Հետո էլ` Հայաստանի կառավարող վերնախավի տղերքը մեկ կամ երկու օբյեկտ չէ, որ ունեն. հայ օլիգարխը օլիգարխ է նրանով, որ ունի տասնյակից ավելի բիզնեսներ, որոնցով ինքն անձամբ չի զբաղվում, այնպես որ՝ նրան հարկավոր են նայողներ, իսկ ո՞վ կարող է «նայողի» պատվավոր պարտականությունը կատարել ավելի լավ, քան բարեկամները: Այնպես որ` հասկանալի է, որ գոնե այս նկատառումով արտագաղթի ճանապարհ չեն բռնում ո՛չ միայն Գագիկ Եգանյանի հարևանները, այլև Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի և հայ օլիգարխաթի մյուս ներկայացուցիչների հորեղբայրները, քեռիները, հորաքույրներն ու մորաքույրները, ընդ որում` Հայաստանից չեն գնա նաև նրանց փեսաները, հարսներն ու զոքանչները: Օրինակ, նույն Գագիկ Եգանյանը հոգ է տարել այն մասին, որ անգամ իր 80-ամյա հայրը կարգին աշխատանք ունենա և խորհրդականի պաշտոն զբաղեցնի ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ. թե որքանով է կարողանում 80-ամյա ծերունին լավ խորհուրդներ տալ Սերգո Կարապետյանին, դժվար է ասել, բայց հստակ է մի բան, որ դրա շնորհիվ Գագիկ Եգանյանի հայրը չի արտագաղթում, և միգրացիոն գործակալության պետն արտագաղթ չի տեսնում ու չի զլանում այդ մասին զեկուցել ՀՀ նախագահին:

Եթե հայ բարձրաստիճան պաշտոնյաների ազգականներից որևէ մեկն «արտագաղթում» էլ է, ապա դա էլի ոչ թե արտագաղթ է, այլ ընդամենը ժամանակավոր միգրացիա. նման մարդկանց ազգականները միայն գործի բերումով են դառնում միգրանտ: Օրինակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հոգ է տարել, որ իր եղբայրներից մեկն այնպիսի դիրք զբաղեցնի Հայաստանում, որ մտքով անգամ չանցկացնի Հայաստանից գնալ. վարչապետի եղբայր Աշոտ Սարգսյանը «Նաիրիտ» գործարանի փոխտնօրենն է, իսկ այս գործարանը հայտնի է իր վարչական աշխատողներին աստղաբաշխական աշխատավարձեր վճարելով: Իսկ ահա մյուս եղբայրը` Արմեն Սարգսյանը, Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է, այնպես որ՝ ի պաշտոնե է, այսպես ասած, ժամանակավոր միգրանտի կարգավիճակ ստացել, ինչը բոլորովին անհանգստանալու բան չէ: Դրա համար էլ ՀՀ վարչապետը ոչ թե անհանգստանում, այլ, հակառակը` կատակում է:

Կարելի է չկասկածել, որ ԱԺ պատգամավոր, Հայաստանի թիվ մեկ օլիգարխ, մենաշնորհների տիրակալ, Հայաստանի ամենամեծ սուպերմարքեթների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանն անգամ իր եզան գեղի բարեկամներին ու հարևաններին է տեղավորել նորմալ աշխատանքի, ուր մնաց թե մոտ հարազատներին տեր կանգնած չլինի: Կորյուն Նահապետյանի համար անգամ Լֆիկ Սամոյի քրոջ փեսայի կարգավիճակը դարձավ բարեբախտություն, քանի որ երիտասարդը դարձավ ոչ ավելի, ոչ պակաս` ԱԺ պատգամավոր: Իսկ սա շատ լուրջ փաստարկ է արտագաղթի ճամփան չբռնելու համար:

Մալիշկա գյուղից արտագաղթած շարքային գյուղացի տղա Արայիկը, որ հետո դարձավ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյան, նույնպես դժվար թե մտահոգվի արտագաղթով, քանի որ այնպես է արել, որ իր երեք եղբայրները մնան Հայաստանում: Գագիկ, Սերյոժա և Արմեն Աբրահամյաններին Հայաստանում են պահում ոչ միայն բիզնես-շահերը, այլև Հայաստանում չբնակվող եղբոր շնորհիվ գրաված պատգամավորական երեք մանդատները: Արաաբրահամյանական ֆենոմենը եզակի չէ. մեծահարուստների մեջ քիչ չեն նման ընտանիքները, որոնց անդամների մի մասը դրսում է, սակայն նրանց հարազատների դրսում լինելն այս մարդկանց համար բոլորովին անհանգստացնող գործոն չէ, քանի որ դրսում ունեցած հեղինակության, կապերի և հարստության հաշվին է, որ ընտանիքի` Հայաստանում մնացած հատվածն ինտեգրվում է հայաստանյան էլիտայի շարքերին: Այդպես, նման ընտանիքներից մեկում Հայաստանում մնացած եղբայրը դարձավ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար ու Հրանուշ Հակոբյանի խնամի (Կարեն Կարապետյանը` Տաշիրի Կարենը, կարողացավ բարձրանալ Հայաստանի քաղաքական Օլիմպոս ոչ առանց Ռուսաստանի Դաշնությունում ազդեցություն և լուրջ եկամուտներ ապահոված միգրանտ եղբոր` Սամվել Կարապետյանի` Կալուգայի Սամոյի), կամ մի ուրիշում` քաշը հերիքեց թաղապետ դառնալուն, ինչը տվյալ անձնավորության պարագայում քիչ բան չէր (անգամ յոնջլաղցի Կադիլակ Սերոժը ՌԴ-ում «ավտարիտետ» ու փող վաստակած եղբայրների շնորհիվ հաջողացրեց թաղապետ ընտրվել, հետո էլ պահպանել Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի պոստն այնպիսի քաղաքապետի պաշտոնավարման ժամանակ, ինչպիսին Կարեն Կարապետյանն է):

Երբ Գագիկ Եգանյանն ասում է, թե արտագաղթ չի նկատում, չի կարելի ասել, որ հայ բարձրաստիճան պաշտոնյան ստում է. մեր պաշտոնյաները երբեք չեն ստում, նրանք պարզապես ներկայացնում են իրենց իրականությունը, իսկ հարցն այն է, որ արդեն վաղուց հայ պաշտոնյաները կտրվել են իսկական իրականությունից և չեն ընկալում այն:

 

ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԹՎԵՐԻ ԱՅԴՔԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ ԿԱՄ` ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած պաշտոնական վիճակագրության` տարեկան միգրացիոն բացասական հոսքերի ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է 1991-1995 թվականների ընթացքում՝ հասնելով տարեկան 200 հազարի:

«Սա օբյեկտիվ և հասկանալի է՝ պայմանավորված երկրի այն ժամանակվա սոցիալ-տնտեսական իրավիճակով, երբ երկրում կտրուկ կրճատվում էին աշխատատեղերը, ինչի արդյունքում մեր քաղաքացիները ստիպված լքում էին հայրենիքը՝ իրենց սոցիալական խնդիրները հոգալու համար: 1996-97թթ.-ից հետո, երբ երկրում ապահովվեց մակրոտնտեսական կայունություն, սկսեցին գրանցվել տնտեսական աճի ցուցանիշներ՝ երկիրը լքողների բացասական սալդոն հասավ տարեկան 50-60 հազարի: Իսկ 2004-2006թթ. այն հասավ զրոյական մակարդակի, նույնիսկ արձանագրվեց միգրացիոն հոսքերի դրական սալդո: 2007-ից կրկին արձանագրվել է բացասական սալդո՝ տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը տատանվելով 4-5 հազարի շրջանակներում»,- նախագահի հրավիրած խորհրդակցությունից հետո ծավալված քննարկման ժամանակ ասել է Տիգրան Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ևս թվեր էր ներկայացրել: Մեր պաշտոնյաները նյարդայնացել էին Հայաստանը տարեկան 70-90 հազար մարդու լքելու վերաբերյալ խոսակցություններից և շտապել էին ներկայացնել «իրականությունը»:

«2000թ. Հայաստան չի վերադարձել մոտավորապես 57 հազար մարդ, 2001-ին` 60 հազար մարդ, այնուհետև այն փոքրացել է, և արդեն 2004-2006 թվականներին գրանցվել է դրական հաշվեկշիռ: Վերջին տարիների ընթացքում Հայաստան չվերադարձածների թվաքանակը կազմել է 23-29 հազար մարդ: Ինչ վերաբերում է 2011-ի առաջին կիսամյակի տվյալներին, Հայաստանից մեկնողների թվաքանակն առաջին 6 ամիսներին 67 հազար մարդով գերազանցել է ժամանողներինը»:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, 2010թ. առաջին 10 ամիսներին Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով հանրապետությունից մեկնել է 730 հազարից մի փոքր ավելի և ժամանել մոտ 668 հազար ուղևոր: Այսինքն` այդ ժամանակահատվածում միայն ինքնաթիռով մեկնողների և ժամանողների տարբերությունը կազմել է 62 հազար հոգի: Այս ցուցանիշը նշված ժամանակաշրջանում Հայաստանից արտագաղթի պաշտոնական տվյալն է: Նման` ոչ այդքան հուսադրող ցուցանիշի դեպքում անգամ պարզվել էր, որ դրանց և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների մեջ էական տարբերություն կա: Այդպես, անցյալ տարվա առաջին 9 ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնած ուղևորների` վիճակագրական ծառայության հրապարակած թիվը մոտ 33 հազարով փոքր էր ՔԱԳՎ հրապարակածից, ժամանումների տվյալի տարբերությունը մոտ 31 հազար է: Իսկ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես հայտնի է, հիմնականում հենվում են հենց Ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա: Ըստ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության տվյալների, 2010-ի հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունից մեկնածների թիվը 46300-ով գերազանցել է երկիր ժամանածների թիվը:

Նման հակասություններ կարելի է գտնել յուրաքանչյուր տարի հրապարակվող պաշտոնական տվյալներից յուրաքանչյուրում:

Նախագահ Սերժ Սարգսյանը, կոչ անելով տուրք չտալ հապշտապ եզրակացություններին, խորհուրդ էր տվել հաշվի առնել ուղևորափոխադրումների սեզոնայնությունը, որը գրեթե նույնությամբ պահպանվում է վերջին տասը տարիների ընթացքում: Նախագահը բացատրել էր դրա պատճառը և ասել, որ տարվա սկզբին մեր բնակչության մի հատված մեկնում է արտագնա աշխատանքի հիմնականում ԱՊՀ երկրներ և վերադառնում տարեվերջին: Ամառային սեզոնի սկզբին մեծանում է զբոսաշրջիկների մուտքը Հայաստան, իսկ ամառվա վերջին` մեկնումը: Այնպես որ` տասնյակ հազարավոր մեկնողներն ընդամենը ժամանակավոր միգրանտներ են:

Մեր բարձրաստիճան պաշտոնյաները տասնյակ հազարավոր ժամանակավոր միգրանտների մասին մի տեսակ շատ յուրահատուկ թեթևությամբ են խոսում` իրենց և հանրությանը հավաստիացնելով, թե` ի՞նչ է եղել որ, մարդիկ գնում են, աշխատում, իսկ տարեվերջին վերադառնում են ընտանիքի ապրուստն ապահոված:

Հայաստանի Մարտունու շրջանի Զոլաքար գյուղի մի թաղամաս բնակիչները կնքել են «անկեսուր» անունով: Դա վերջին տարիներին ձևավորված թաղամաս է, որտեղ բնակություն են հաստատել գերդաստաններից առանձնացած երիտասարդ ընտանիքներն` իրենց հատկացված հողակտորներում տներ կառուցելով: Մի քանի տարի առաջ, երբ հյուր էի այստեղ, ի պատասխան չորս կողմից բաց աստիճանահարթակում հագուստն արագ փոխող բարեկամուհուս ուղղված զարմացական հայացքիս` լսեցի. «Մեր թաղում տղամարդ չկա, արխայի՛ն»: Տղամարդու հետքն այստեղ կորում է գարնան բացվելով. անկեսուրները երեխաների հետ նաև անտղամարդ են մնում: Ասել, թե այս ընտանիքները տարեցտարի բարեկեցիկ են դառնում, անհեթեթություն է, տարի է լինում, երբ տան տղամարդուն կլոր տարին աշխատեցնելուց հետո, մեղմ ասած (այստեղից հիմնականում ՌԴ են մեկնում), քցում են, այնպես, որ հազիվ կարողանում են ճանապարհածախս հայթայթել և դատարկաձեռն գալ տուն` գոնե Նոր տարին ընտանիքի հետ նշելու համար: Եթե դրսում տարիներ շարունակ աշխատող ժամանակավոր միգրանտը կարողանում է գոնե տուն վարձակալել, և եթե կինը տարիներ շարունակ բացակայած ամուսնու համար դեռ ինչ-որ բան շարունակում է նշանակել, ընտանիքը հնարավորություն է ստանում լքել Հայաստանը և միավորվել` ստանալով արդեն մշտական միգրանտի կարգավիճակ: Սա շատ ու շատ ժամանակավոր միգրանտների և նրանց ընտանիքների համար ցանկալի հանգուցալուծում է: Բայց ավելի հաճախ ժամանակավոր միգրանտները, եթե հատկապես Ռուսաստան են մեկնած լինում, ռուս գեղեցկուհիների շրջանում բարձր պահանջարկ վայելող տղամարդիկ են, որոնցից շատերը երկրորդ, երրորդ ընտանիք են ստեղծում իրենց աշխատանք և կացության իրավունք տված երկրներում: Այս առումով ժամանակավոր միգրացիան ոչ թե ուղղակի մտահոգող բան պետք է լինի, այլ դիտարկվի որպես չարիք, որպես հազարավոր ընտանիքների ողբերգության գլխավոր պատճառ:

 

ԻՆՉՈ՞Ւ Է ՄԱՐԴԸ 55 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՊԱՏՐԱՍՏ ԼՔԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Վերջին շրջանում բավական մեծ աղմուկ է բարձրացել Հայաստանում Ռուսաստանի միգրացիոն ծառայության կազմակերպած «Համերկրացիներ» ծրագրի պատճառով: Ռուսաստանի դեսպանատան մոտ մշտական հերթեր են, հազարավոր մարդիկ հետաքրքրվում են այս ծրագրով, ցանկանում դրա միջոցով թողնել Հայաստանը, ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն` տուն և աշխատանք գտնելով այդ երկրում: Հազարավորները փաստաթղթեր են ներկայացրել, որոնցից դարձյալ ընտրվում են ոչ բոլորը: Ըստ պաշտոնական տվյալների, 2006թ. մեկնարկած այս ծրագրով 711 ընտանիք արդեն լքել է Հայաստանը` մեկնելով ՌԴ տարբեր մարզեր: Ընդգրկվում են այն քաղաքացիները, որոնց մասնագիտական որակավորումն ու կրթությունը համապատասխանում են ռուսաստանյան գործատուի պահանջներին: Ռուսաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել քաղաքացիություն և դրամական օժանդակություն տրամադրել իր թերզարգացած ու թերբնակեցված հեռավոր մարզերում բնակվելու ցանկություն հայտնող հայաստանցիներին: Ռուսաստան հասած քաղաքացին ստանում է ճանապարհածախսի փոխհատուցում, իսկ Հեռավոր Արևելքում բնակություն հաստատածները` նաև մինչև 120 հազար ռուբլի աջակցություն: Բայց ոչ բոլոր առաջարկներն են գրավիչ, և կարծել, թե Ռուսաստանում մեղր ու կարագ են բաժանում, դրա համար մարդիկ գնում են, սխալ է: Հիմնականում այստեղ այնքան էլ գրավիչ առաջարկներ չեն, շատ վայրերում աշխատավարձը ցածր է, օրինակ` պահանջվում են լավ բժիշկներ` ընդամենը 55 հազար դրամին համարժեք աշխատավարձի դիմաց, կամ առաջարկում են անասնապահի աշխատանք այն դեպքում, երբ հենց Հայաստանի ֆերմերների համար է դժվար անասնապահ գտնելը: Այսքանով հանդերձ, որքան էլ զարմանալի է, բայց մարդիկ մեկնում են և համաձայնում լքել հայրենիքն անգամ ոչ այնքան գրավիչ առաջարկների դեպքում:

«Համերկրացիներ» ծրագիրը նաև տույժեր է նախատեսում: Ռուսաստանում բնակվելու արտոնագիրը հեշտությամբ կարող է նաև հետ վերցվել ծրագրի պահանջները չբավարարելու դեպքում, օրինակ՝ այդ երկրի օրենքները խախտելու պատճառով: Գումարային տուգանքներ էլ են գործում ծրագրի շրջանակներում. եթե երկու տարվա ընթացքում մեր երկրից գնացած միգրանտները լքեն ՌԴ-ն, ստիպված են լինելու վճարել պետության կողմից նրանց համար կատարված բոլոր ծախսերը:

Հայաստանի միգրացիոն գործակալության պետն ասուլիսներից մեկի ժամանակ գանգատվել էր լրատվամիջոցներից, թե նրանք նպաստում են այս ծրագրին` մի տեսակ գովազդելով դա: Իրականում այս ծրագրի մասին հիմնականում ահազանգեր են հնչեցնում և բացասական երանգավորմամբ ներկայացնում հատկապես ամերիկյան և եվրոպական գրանտներով սնվող լրատվամիջոցները: Նրանք հնարավորինս անցանկալի գույներով են ներկայացնում Ռուսաստանի կառավարության այս ծրագիրը` զարմանալիորեն մոռանալով, որ սա բոլորովին էլ նորություն չէ, և միգրացիոն նման ծրագրեր իրականացրել և շարունակում են իրականացնել այն բոլոր երկրները, որոնք ժողովրդագրական խնդիրներ ունեն և շահագրգիռ են այլ պետություններից «մարդ ջոկելու» միջոցով սեփական բնակչության շարքերը համալրելու գործում:
Մինչև «Համերկրացիների» ի հայտ գալը Հայաստանում արդեն քանի տարի կյանք չեն խնայում ամերիկյան «Green Card» ծրագրով ԱՄՆ-ում բնակություն հաստատելու իրավունք ձեռք բերելու համար: Դրա համար մարդիկ անգամ գումարներ են ծախսում, մի խոսքով` «Green Card» ստանալը մի այլ կարգի երջանկություն է շարքային հայաստանցու համար: Մենք հարցում էինք արել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն` խնդրելով հայտնել, թե այս տարիների ընթացքում քանի հոգի է բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում «Green Card» ստանալու միջոցով: Ի դեպ, այս ծրագրում ևս շահելու համար հարկավոր է մի շարք չափորոշիչների համապատասխանել. ԱՄՆ-ն ընտրում է որոշակի պարամետրեր ունեցող, այլ կերպ ասած` իրեն պետքական մարդկանց. ոչ մի պետություն էլ շահագրգիռ չէ ամեն տեսակ «բառադիներով» իր հոգսերը ծանրաբեռնելում: Հարցումն ուղղելիս էլ տարակուսում էինք, թե ԱՄՆ դեսպանատան նման կառույցը տվյալներ կտրամադրի արդյոք: Տարակույսը հաստատվեց: Դեսպանատունը մինչև օրս քար լռություն է պահպանում, իսկ նրանց մամուլի պատասխանատուն զլացավ անգամ ամերիկացիներին բնորոշ ձևական մի պատասխան տալ ուղարկված կրկնակի հարցմանը:

«Green Card»-ից ավելի «դաժան» ծրագրեր իրականացրել և շարունակում են իրականացնել նաև մյուս պետությունները: Այս երկրները` անկախ նրանից, թե Հայաստանում ինչպես են ընդունելու իրենց ծրագրերը` դաշույնով, թե ջերմ ընդունելությամբ (տարբեր մարդիկ կարծիքներ են հնչեցնում, թե նման ծրագրերը մեր պետական մարմինները ողջունում են, և թե իբր այդ ծրագրերը` սեփական քաղաքացիների արտահանումը, հենց պետականորեն են խրախուսվում), շարունակելու են իրականացնել, քանի որ, ըստ էության, որևէ վատ բան չեն անում. յուրաքանչյուր պետություն շահագրգռված պետք է լինի որակյալ քաղաքացիական կազմ ունենալ, ինչում կարող է շահագրգիռ լինել նաև Հայաստանի Հանրապետությունը: Սակայն փոխարենն ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանի Հանրապետությունն աշխարհում որակական առումով շահեկան դիրքերում գտնվող իր քաղաքացիներին պահելու փոխարեն զբաղված է նրանց արտահանմամբ` բառի ուղիղ և անմիջական իմաստով, քանի որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը զբաղված է սեփական պետության ներսում առկա պրոբլեմները չտեսնելու տալով կամ դրանք քնեցնելով: Լավագույն դեպքում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, երբ արդեն աղմուկը լռեցնելն ու իրականությունը չտեսնելու տալն անհնարին են դառնում, կամ երբ այդ մասին արդեն սարկազմով է խոսում թշնամի պետության ղեկավարը, իսկ այդ ժամանակ արդեն դա թասիբի հարց է դառնում, հրավիրում է խորհրդակցություն և ընդամենը բավարարվում բացատրական քարոզարշավով, լապշա կախելով հանրության ականջներից, թե` գիտե՞ք ինչ, վտանգավոր է արտագաղթի մասին խոսելը, քանի որ դրանից ադրբեջանցիներն են թևավորվում:

«Հայաստանը դատարկվելու մասին անհեթեթ թեզն այնքան է ծեծվել մեր քաղաքական դաշտում, որ ակամա դարձել է նաև Ադրբեջանի իշխանությունների հիմնական «իդեա ֆիքսը», և վերջիններն էլ անընդհատ հրապարակավ հայտարարում են, թե կսպասեն այդ օրվան, այսինքն՝ Հայաստանը դատարկվելու օրվան և իրենց խնդիրները մեզ հետ կլուծեն»,- մատ թափ տվեց արտագաղթի մասին խոսել համարձակվողների վրա նախագահ Սարգսյանը:

Թե՛ հանրապետության նախագահը, թե՛ նրա ենթակաները խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել, քանի որ թվերն այդքան էլ հուսահատեցնող չեն: Եթե մեր պետական մարմիններն իսկապես հավատում են իրենց ներկայացրած թվերին, քանի որ չեն էլ կասկածում, որ այլ թվեր կան, դրա համար էլ ասում են` խուճապի մի մատնվեք, դեռ ինչ-որ տեղ հասկանալի է: Բայց եթե մեր պաշտոնյաները, ամեն դեպքում, ավելի լավ գիտեն, որ վիճակն ավելի քան վատ է և ընդամենը փորձում են փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ, արդեն խիստ վտանգավոր է: Եթե նախագահը չգիտի իրական պատկերը, ուրեմն մեղավորը նրան զեկուցողներն են, որոնք խաբում են նախագահին` նրան հրամցնելով միայն այն արտագաղթողների տվյալները, որոնք ինքնաթիռների միջոցով են տեղաշարժ կատարում Հայաստանից: Իսկ իրական պատկերն ինքնաթիռներից այն կողմ է նաև։ Ամբողջ հարցն այն է, որ արտագաղթողներից ինքնաթիռ նստում են երևի թե միայն աշխատանքային միգրանտները, իսկ ահա ընտանիքներով Հայաստանից հեռացողները, որոնք իրենց հետ են տանում ունեցած-չունեցածը` բեռ ու բարձով, նախընտրում են ավտոբուսները, որոնց տվյալները մեր պետական մարմինների կողմից ո՛չ հավաքվում են, ո՛չ էլ հաշվվում: Այս տվյալների օբյեկտիվ գրանցման դեպքում պատկերը կարող է սարսափազդու դառնալ:

Սակայն, եթե երկրի ղեկավարին բավարարում են և ձեռնտու են հենց գագիկեգանյանական դիտարկումներն ու իր օգնական-խորհրդականների լղոզված և իրականությունից կտրված հաշվետվությունները, ապա ՀՀ ղեկավարությունը կարող է շարունակել նույն ոգով... կարող է մի քիչ էլ շարունակել ալպիական մանուշակի ծաղկափոշու մեջ թաթախված բզեզի նման ղեկավարել Հայաստանը` մինչև ալիևյան երազն իրականություն դառնա: Եթե նախագահին նման խորհրդակցությունները պետք են միայն նրա համար, որ «մեյդան հանեն» իր ենթակաների նկարած թվերը և բոլորին հանգստացնեն ու ասեն, թե` «այսքան ուրախ կյանքը մեր Սերժ Սարգսյանն է տվել...», ապա այստեղ ևս որևէ խնդիր չի կարող ծագել:


ՔՆԱՐԱԿԱՆ ՇԵՂՈՒՄ

«Մենք պետք է կարողանանք կասեցնել միգրացիոն բացասական սալդոն և հասնենք դրական ցուցանիշների: Այդ նպատակին է միտված նաև սփյուռքի նախարարության ձևավորումը, որը մշակել է մի քանի տասնյակ ծրագրեր, որոնց նպատակն է ամրապնդել սփյուռքահայության հետ կապը, ստեղծել աշխատատեղեր և համապատասխան պայմաններ, որպեսզի մեր հայրենակիցները հնարավորություն ունենան ժամանել Հայաստան: Այդ նպատակով կառավարությունը մշակել և Ազգային ժողովին է ներկայացրել հայրենադարձության վերաբերյալ օրենք, որով պետությունը ստանձնելու է պարտավորութուններ՝ մեր հայրենակիցների նկատմամբ՝ ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի նրանց ադապտացումը մեր երկրի պայմաններին լինի հնարավորին չափ հեշտ և կարճ ժամկետում»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանն իր կազմակերպած խորհրդակցության ժամանակ. բոլորի համար էլ (խոսքը գիտակից քաղաքացիներին է վերաբերում) պարզ է, որ նման բան կարող էր ասել միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ Սարգսյան վարչապետն իրականության հետ կապ չունեցող ծրագրեր մշակելու և դրանց վերաբերյալ երկարաշունչ ճառեր արտաբերելու գործում պարզապես ռեկորդակիր է: Հուսալ կամ կարծել, թե Հայաստանը կարող է կասեցնել միգրացիայի բացասական սալդոն կամ դրական տեղաշարժերի հասնել սփյուռքահայերի միջոցով, անգամ մեկնաբանության արժանի չէ. սա անհեթեթություն է, որը կարող է ասել միայն վարչապետ Սարգսյանը, որի գործունեության թիվ մեկ խնդիրն արդեն տևական ժամանակ այն է, որ որքան հնարավոր է արագ տեմպերով Հայաստանի տնտեսությունը հասցնի կատարյալ կործանման` զուգահեռ ժպտալով դրա մասին ակնարկողներին և ասելով, թե հիշում է Արշակ Սադոյանի ճառերը:

Եթե նախագահ Սարգսյանին իսկապես ձեռնտու են վարչապետ Սարգսյանի գործունեությունն ու ծրագրերը, ապա ամեն ինչ շատ լավ է: Բավական է ընդամենը մի հրահանգ, և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու «Հայլուր» լրատվականը կանցնեն գործի, ինչը մինչ օրս էլ վատ չէր ստացվում (վերջերս Հրանուշ Հակոբյանին հաջողվել էր «Արի տուն» ծրագրով 15 սփյուռքահայ դեռահաս բերել Հայաստան, որոնք հյուրընկալվել էին Էջմիածնում: «Հայլուրը» չզլացավ և երկու օր շարունակ բավական երկար ռեպորտաժներ պարգևեց հանրությանը Հայաստան եկած և գեներալ Մանվել Գրիգորյանով ու նրա որդի քաղաքապետով հիացած դպրոցականների առօրյայի մասին, որը հյուրընկալել էր դպրոցականներին, տարել Երկրապահի թանգարան և այլն: Բնականաբար, ռեպորտաժի առանցքում սփյուռքի նախարարի սխրանքն էր` 15 հոգի տեղեկացել էին Հայաստանի գտնվելու վայրի մասին և բացահայտել մի շարք իրողություններ իրենց հայրերի ու պապերի հայրենիքի մասին): Եթե խնդիր դրվի ավելացնել ՀՀ քաղաքացիների թիվը սփյուռքահայերին Հայաստան բերելու միջոցով, և եթե այդ հրահանգն իջեցվի ամենավերևից, կարելի է չկասկածել, որ բառացիորեն ժամեր անց քարոզչական մեքենան գործի կանցնի, և արդեն ամեն օր «Հայլուրի» տաղավարից մեկնաբանը կարող է էրոտիկ, կիսաէրոտիկ, հայրենաշունչ կամ ոչ այդքան հայրենաշունչ ձայնով ազդարարել. «Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շարքերն ավելացան ևս 10 հազարով», «Մադագասկարի 5 հազար քաղաքացիներ այսօր ցանկություն են հայտնել գալ Հայաստան և դառնալ ՀՀ քաղաքացիներ, քանի որ պարզել են, որ «Forbes» ամսագրի տվյալներով՝ Հայաստանի տնտեսությունն առաջ է անցել իրենց հայրենիքի տնտեսությունից», կամ` «Արի տուն» ծրագրի շրջանակներում ամեն օր 15 հայ երեխաներ ջերմ ընդունելության են արժանանում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից, որից հետո ցանկություն են հայտնում մնալ և քաղհան անել փառապանծ գեներալ Մանվել Գրիգորյանի այգիներում, անտառներում, դաշտերում կամ թեկուզ մաքրել փառապանծ գեներալի ձիանոցը, միայն թե հնարավորություն ունենան գոնե հեռվից, գոնե տարվա մեջ մի անգամ տեսնել փառապանծ գեներալի կիսադեմը»: Այդպես, Հայաստանի բնակիչների շարքերն օրեցօր կավելանան ուզբեկների, չինացիների, սփյուռքահայ հայրենասերների և այլոց հաշվին, որոնց ներկայությունն այդքան էլ էական չի լինի. կարևորը դրա մասին արվող հայտարարություններն ու բարձրաստիճան պաշտոնյաներին հրամցվող զեկուցումները կլինեն:

 

ԱՅԺՄ` ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ՇԵՂՈՒՄ

«Ինչ վերաբերում է 2011-ի առաջին կիսամյակի տվյալներին. Հայաստանից մեկնողների թվաքանակն առաջին 6 ամիսներին 67 հազար մարդով գերազանցել է ժամանողներինը: Սա որևէ նոր միտում չի ենթադրում և ամբողջությամբ համապատասխանում է անցած տարիների միտումներին, սակայն այն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը: Դա հիմնականում պետք է բացատրել այն հանգամանքով, որ համաշխարհային տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամի հետևանքները, և, մասնավորապես, Ռուսաստանում տնտեսության վերականգնմանը զուգընթաց, Հայաստանից վերսկսվել է և տեղի ունի աշխատանքային միգրացիայի տեմպերի աշխուժացում: Հետևաբար, 2011-ին պետք է ակնկալել արտագնա աշխատանքից նաև բնակչության եկամուտների աճ»,- ասել էր նախագահը միգրացիայի խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ:
Այն, որ պետության ղեկավարն ուրախանում է ուրիշ պետություններում ճգնաժամի հաղթահարմամբ, ինչի շնորհիվ սեփական պետության քաղաքացիները հնարավորություն են ստանում հեռանալ երկրից, քանի որ սեփական պետության տնտեսությունն ի վիճակի չէ իր քաղաքացիներին չհեռանալու հնարավորություն ընձեռել, արդեն իսկ աբսուրդի հավասար մի բան է:

Այսօր չտեսնելու տալ արտագաղթը կամ թեթևությամբ նայել դրան` ավելին է, քան հանցագործությունը, քանի որ այսօրվա արտագաղթը բոլորովին այն արտագաղթը չէ, ինչ ունեինք նախկին նախագահների պաշտոնավարման ժամանակ: Այսօրվա արտագաղթը որակապես այլ բան է: Այսօր արդեն արտագաղթում են անգամ այն մարդիկ, որոնք երբևէ մտքով անգամ չէին անցկացնի հայրենիքից հեռանալու վարկածը:

Այսօրվա արտագաղթը հետևանք է հանրային գիտակցության մեջ տեղի ունեցած արմատական փոփոխությունների: Հանրային գիտակցությունը պատմական գործընթացի հոգևոր կողմն է: Մարդիկ այսօր լքում են հայրենիքը, քանի որ պատմական գործընթացի հետևանքով փոփոխություններ է ապրել նրանց գիտակցությունը: Եթե 90-ականներին մարդիկ գնում էին ցրտի ու սովի պատճառով, 2000-ից հետո լքում էին, քանի որ աշխատանք չկար և այլն, ապա այսօր` անկախությունից 20 տարի անց, արդեն գնում են, քանի որ հասկացել են, որ այս երկրում որևէ բան չի կարող փոխվել, այս երկրում որևէ բանի հույս ունենալ չի կարելի: Եթե 90-ականներին գնացողը մեղադրում էր այն ժամանակվա նախագահին` վատ կառավարման համար, մտածում, թե չլինի Լևոն Տեր-Պետրոսյանը, ամեն ինչ այլ կերպ կարող է լինել, երկրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում հեռացողն ամեն ինչ բարդում էր Ռոբերտ Քոչարյանի և նրա շրջապատի վրա, ապա չի կարելի կարծել, թե այսօրվա հեռացողը նույնպես մեղավոր է համարում Սերժ Սարգսյանին: Սարգսյանը երրորդ նախագահն է, բայց մարդիկ արդեն հասկացել են, որ ոչ մի նշանակություն չունի` պետության ղեկին երրորդ նախագահն է, թե չորրորդը, հինգերորդը: Անկախ կառավարողներից` այս պետությունը դատապարտված է լինելու այսպիսին: 20 տարին բավական ժամանակ էր, որ գոնե մի բան փոխված լիներ:

Մի կարևոր հանգամանք ևս: Երբ խոսվում է կրիտիկական զանգվածի մասին... Գոնե պետության ղեկավարության մակարդակով երբևէ հաշվարկվե՞լ է, թե որքան կարող է լինել այդ կրիտիկական զանգվածը: Պաշտոնապես այսօր ասվում է, թե Հայաստանում շուրջ 3 միլիոն մարդ կա: Եթե ընդունենք, որ գոնե մի 2 միլիոն հաստատ կա, ապա հետաքրքիր է` դեռ ինչքա՞ն պետք է հեռանան` թեկուզ տարեկան այդ 60 կամ 20 հազար պաշտոնական թվերով, որ դրանից այն կողմ արդեն պետությունը դադարի գոյություն ունենալ: Սա էլ հարց է, որը նույնպես լուրջ դիտարկման կարիք ունի:

Ուղղակի վատն այն է, որ այստեղ դիտարկող չկա... կամ դիտարկում են լրիվ այլ ռակուրսով:


Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am