Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Հուլիս 2011, N 7

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ, Ո՞Ր ՍԿԶԲՈՒՆՔՆ Է ԳԵՐԱԿԱՅՈՒՄ

Գևորգ Դանիելյան, Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՆԵՐԱԾԱԿԱՆ

Միջազգային համագործակցության կենսունակությունը խարսխված է մի քանի հիմնարար սկզբունքների վրա, որոնք միանշանակ կազմում են միասնական համակարգ և փոխլրացնում միմյանց, այդ թվում` իրավական տեսանկյունից: Միաժամանակ, քաղաքական հարթությունում, մանավանդ երբ այն ուղեկցվում է դիլետանտիզմի և դեմագոգիայի տարրերով, այս սկզբունքների բովանդակությունն այնպես է աղավաղվում, որ հանրային իրավական գիտակցությունն անխուսափելիորեն հակված է լինում այն «աքսիոմային», ըստ որի` այդ սկզբունքների միջև առկա է որոշակի հակասություն, ինչն էլ խոչընդոտում է Արցախյան հարցի իրավաչափ լուծմանը:

Վերջերս Կազանում երկու պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքները ներկայացնելիս մեր հանրապետության նախագահի ելույթում տարածքային ամբողջականության սկզբունքի օգտին հնչած խոսքն առանձին քաղաքական գործիչների կողմից որակվեց որպես աներկբա նահանջ ազգային ինքնորոշման սկզբունքից: Այսպիսով, շատերն այն թյուր տպավորությունն ունեն, որ տարածքային ամբողջականության սկզբունքը պարզապես բացառում է ազգային ինքնորոշման սկզբունքը, իսկ քաղաքականության մեջ կարող է նախապատվությունը տրվել միայն դրանցից մեկին:

Նախապես նկատենք, որ բոլոր այդ սկզբունքներն ունեն ճշգրիտ միատեսակ իրավական ուժ, դրանցից որևէ մեկը չի կարող գերակայել մյուսի նկատմամբ, դրանք կազմում են միասնական համակարգի բաղադրիչներ և փոխլրացնում են միմյանց: Ավելին, տարածքային ամբողջականության սկզբունքը ոչ թե բացառում, այլ ենթադրում է ազգային ինքնորոշման սկզբունքի բնականոն իրացումը. հենց տարածքային ամբողջականության պայմաններում է երաշխավորվում ազգային ինքնորոշման սկզբունքի համակողմանի պաշտպանությունը: Միաժամանակ, այս երկու սկզբունքներն ունեն իրավական կարգավորման միանգամայն տարբեր ոլորտներ. տարածքային ամբողջականության սկզբունքը կարգավորում է բացառապես պետությունների միջև, իսկ ազգային ինքնորոշման սկզբունքը` որևէ պետության կազմում ազգի կամ ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքին առնչվող հարաբերությունները:

Այս երկու սկզբունքներն էլ ամրագրվել են ՄԱԿ Կանոնադրությամբ, ընդ որում` առաջինը հենց Կանոնադրության ընդունմամբ (2-րդ հոդվածի 4-րդ կետ), իսկ մյուսը` Կանոնադրության ընդունումից հետո (1-ին հոդվածի 2-րդ կետ):

Նկատենք, որ այս երկու սկզբունքների միջև ենթադրյալ հակասության միֆի հեղինակները հենց ադրբեջանական քաղաքական գործիչներն են, որոնք հայտնի քաղաքական նկատառումներով փորձում են մշտապես խնդիրներ «հայտնաբերել» և պարտադրել միջազգային հանրությանն այնտեղ, որտեղ այդպիսիք ընդհանրապես գոյություն չունեն: Սակայն հասկանալի չէ, թե մենք ինչու ենք այդ խայծը կուլ տալիս ու շարունակում իրենց կողմից պարտադրված տրամաբանությամբ եզրահանգումներ անել:

 

ԱՆՑՅԱԼԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԴՐՎԱԳՆԵՐ

Թեման չափազանց տարողունակ է, ուստի մենք չենք հետապնդում խնդրին առնչվող անցյալի ողջ իրավական մշակույթը դարձնել համակարգված վերլուծության նյութ, սակայն այդ երևույթի մասին համարժեք պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է անդրադառնալ առանձին բնորոշ դեպքերի: Հատկապես նշենք, որ միջազգային համագործակցության, տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման սկզբունքների նկատմամբ ակնհայտ դիլենտատիզմ դրսևորվել է դեռևս խորհրդային համակարգում: Ի դեպ, իներցիայի ուժով հենց այդ շրջանի սխալներն են կանխորոշում որոշ զարգացումներ նաև մեր օրերում:

Այսպես, ինքնորոշման իրավունքը բացառապես պատկանում է կոնկրետ որևէ ազգի կամ ժողովրդի, որպես կանոն, ձևավորված ինքնավարությունն էլ կոչվում է հենց այդ ազգի կամ ժողովրդի անունով: Այս ընդհանուր կանոնից անհասկանալի բացառություն են ինչպես Նոր Նախիջևանը (որին ավելի բարձր ինքնավարություն էր վերապահվել), այնպես էլ Լեռնային Ղարաբաղը: Երկուսն էլ պատմական տարածքներ են` իրենց աշխարհագրական անվանումներով: Նույն խորհրդային անծայրածիր երկրում հարյուրի հասնող ինքնավարության (ինքնավար օկրուգներ, ինքնավար մարզեր և այլն) միավորումներից և ոչ մեկի անվանումը չի փոխկապակցվել սոսկ աշխարհագրական անվանման հետ: Հարևան Վրաստանում, օրինակ, ձևավորված միավորումները ևս կրել են ազգերի ու ազգությունների անվանումները` Աբխազիա, Աջարիա, Օսիա և այլն:

Իսկ տարօրինակ անվանումներով այս ինքնավարության միավորումների ստեղծումը հետապնդել է մի նպատակ. իրականացնել այնպիսի հեռահար քաղաքականություն, որպեսզի ակնհայտ չդառնա, որ ինքնավարության իրավունքը վերապահվել է հենց ազգությամբ հայ բնակչությանը: Սա ոչ այնքան խնդրի լուծում է եղել, որքան խնդրի լուծումը խեղաթյուրելու, ազգային գործոնը շղարշելու փորձ: Մասնավորապես, ազգությամբ հայ բնակչության ինքնորոշման պարագայում պարզապես այդ երկու տարածքները պետք է համարվեին Հայկ. ԽՍՀ մաս, ինչից էլ խուսափել են խորհրդային իշխանությունները` նախապատվությունը տալով այնպիսի տարօրինակ ու կասկածելի տարբերակի (հետագայում այն ստացավ «պարիտետային քաղաքականություն» տխրահռչակ անվանումը), որի դառը պտուղները ճաշակում ենք առայսօր:

Այսպիսով, այդ տարածքներում ապրել են հիմնականում հայերը, որոնք ակնհայտ գերակշռել են թվաքանակով, և սակավաթիվ ազերիները: Հայերն ինքնորոշման կարիք չունեին, որովհետև այդ պահին ունեին խորհրդային պետականության տեսանկյունից ավելի բարձր ինքավարություն, իսկ ադրբեջանցիների մասին ընդհանրապես խոսք լինել չէր կարող այն պարզ պատճառով, որ այդ տարածքներն արդեն իսկ բռնակցված էին Ադրբեջանին: Այլ կերպ ասած, որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող ազգային ինքնորոշման սկզբունքի դրսևորման այս գլուխգործոցը նմանը չուներ անգամ ամեն տեսակի քաղաքական արկածախնդրության գյուտերի աղբյուր խորհրդային համակարգում:

Ավելին, որպեսզի ազգությամբ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի մասին խոսելը դառնա ժամանակավրեպ, ամեն ինչ արվել է այդ տարածքները հայաթափելու և «ինտերնացիոնալ» կազմ ապահովելու համար:

Ցավոք, միջազգային սկզբունքների նկատմամբ քամահրանքը, իսկ առանձին դեպքերում` ակնհայտ անիրազեկությունն ու անգամ տգիտությունը զգալ տվեցին նաև 80-ական թվականների վերջերին, երբ ազգային զարթոնքն ուղեկցվում էր անկախացման և ազգային ազատագրական շարժումներով: Խորհրդային քաղաքական գործիչները դարձյալ ցույց տվեցին իրենց ողջ դատարկությունն ու անճարակությունը:

Մի մասնավոր, բայց շատ խոսուն դեպք. 1990թ. մարտին հանրապետության դատախազ հարգարժան Վլադիմիր Նազարյանին և ինձ (այդ տարիներին աշխատում էի որպես հանրապետության դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ) հրավիրել էին Թբիլիսի, որտեղ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ազգամիջյան մշտական հանձնաժողովի մի շարք պատգամավորների գլխավորությամբ կազմակերպվել էին եռակողմ բանակցություններ, որոնց, բնականաբար, մասնակցում էին Ադրբեջանի Հանրապետության դատախազն ու այլ դատախազներ: Թբիլիսին, այդ շրջանի լարված քաղաքական հարաբերություններով պայմանավորված, արդեն վաղուց դարձել էր հայ-ադրբեջանական բանակցությունների հարմար վայր: Քննարկման նյութն ադրբեջանական Քյարքի գյուղում Ադրբեջանից բռնագաղթված ազգությամբ հայ փախստական անձանց բնակություն հաստատելու փաստն էր:

Մի ամբողջ օր գինարբուքով ուղեկցվող քննարկումների արդյունքում խորհրդային պատգամավորները հանգեցին, մեղմ ասած, ինքնատիպ եզրահանգման` միջնորդել ԽՍՀՄ գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս հանձնարարի Հայաստանի դատախազին` միջոցներ ձեռնարկել վարչական սանկցիաների միջոցով նշված անձանց ապօրինի զբաղեցրած բնակարաններից վտարելու համար միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: Հարկադրված էինք պարզաբանել, որ Քյարքին ադրբեջանական գյուղ է, իսկ այդ պահին այնտեղ բնակություն հաստատողները` Ադրբեջանի քաղաքացիներ, ուստի մեկ այլ պետության դատախազ նվազագույնը իրավասու չէ դատախազական ակտեր կայացնել նրանց նկատմամբ: Նույն տրամաբանությամբ հարկ կլիներ Հայաստանի դատախազին հանձնարարել ապահովել Սումգայիթի դեպքերի առնչությամբ քննության ամբողջականությունը և անաչառությունը: Իրավական կողմից բացի, իհարկե, ներկայացվեց նաև խնդրի քաղաքական կողմը, մասնավորապես` այդ անձանց վտարելու նախաձեռնության անհեթեթությունը, սակայն այդ պահին, թերևս, խորհրդային պատգամավորներին առավել համոզիչ թվացին մեր իրավական դատողությունները, ինչի արդյունքում որևէ որոշում չկայացվեց:

Անթույլատրելի անիրազեկության մի զավեշտալի օրինակ ևս. նույն այդ ժամանակաշրջանում Խորհրդային Միության գլխավոր դատախազության քննչական մասի վարույթում էր գտնվում «Ղարաբաղ» կոմիտեի տխրահռչակ գործը (հետագայում այգ գործով նախաքննությունը շարունակելը հանձնարարվեց մեզ): Երբեք առանձնակի հարգանք չեմ տածել այդ գործով անցնող անձանցից շատերի նկատմամբ, սակայն մի չափազանց զվարճալի միջադեպի մասին չեմ կարող չխոսել. մեղադրյալներից մեկը պահանջել էր հետևողական լինել և հարցաքննության կանչել նաև կոմիտեի այն անդամներին, որոնք պակաս դերակատարում չէին ունեցել քաղաքական խժդժություններում: Մասնավորապես, պահանջել էին հարցաքննել Տիգրան Մեծին, Վարդան Մամիկոնյանին, Մխիթար Սպարապետին, Անդրանիկին, և այլն, և այլն: Այդ առնչությամբ ԽՍՀՄ գլխավոր դատախազությունից ստացվել էր շտապ հանձնարարական` այդ անձանց հայտնաբերելու, հարցաքննելու և բավարար հիմքերի առկայության դեպքում կալանավորելու ակնկալիքով: Կարծում եմ` մեկնաբանություններն ավելորդ են:

Սակայն երկրի գլխավոր դատախազությունում այս կարգի զավեշտալի միջադեպերը բնավ եզակի չէին: 1990թ. ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած մի կոլեգիայի ժամանակ ԽՍՀՄ գլխավոր դատախազ Սուխարևը հայտարարեց քննչական վարչության պետ Թ.Բրոյանին պաշտոնից ազատելու իր մտադրության մասին: Հայաստանի դատախազի տեղակալ Գ.Ղուկասյանը հիշեցրեց գլխավոր դատախազին, որ Թ.Բրոյանը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է (չհասցրեց բացատրել, որ վերջինս քուրդ է), ինչից էլ ավելի բորբոքված պատասխանատու պաշտոնյան հայտարարեց, որ ինքն ընդհանրապես չի հանդուրժում «ազգային փոքրամասնություն» արտահայտությունը, մանավանդ որ այդպիսիք Հայաստանում պարզապես չկան: Վերջինս, հավանաբար, կարծում էր, թե մենք մեզ Միության շրջանակներում ազգային փոքրամասնություն ենք համարում` ակնկալելով արտոնյալ վերաբերմունք: Գլխավոր դատախազին գրգռել էր նաև այն, որ միութենական մարմնի կոլեգիայի նիստում նշված վարչության պետը հայերեն լեզվով էր ելույթ ունեցել, որը, բնականաբար, չէր էլ թարգմանվում: Պաշտոնից ազատված Թ.Բրոյանը հետագայում, այնուամենայնիվ, վերականգնվեց:

Ազգերի ու ազգությունների վերաբերյալ տարրական տվյալների չիմացության որքա՜ն զավեշտալի արտահայտություններ է թույլ տվել այդ տարիների միակ և վերջին ԽՍՀՄ նախագահը` Մ.Գորբաչովը:  

 

«ԿՈՍՈՎՈՆ»` ՆԱԽԱԴԵՊ

Այն, որ Կոսովոյի վերաբերյալ միջազգային դատական ատյանի իրավական դիրքորոշումը` խնդրի լուծման իրավական մոտեցումների հիմնավորվածության տեսանկյունից, Արցախի համար ազգային ինքնորոշման նախադեպ է, թերևս, կասկած չի հարուցում: Իհարկե, այս դեպքում կան երկրորդական նշանակություն ունեցող իրավական հարցադրումներ, սակայն դրանք վճռորոշ չեն Արցախի խնդրի շրջանակներում: Խոսքը տվյալ դեպքում, մասնավորապես, վերաբերում է` ա) միջազգային դատարանի դատական ակտի իրավական ուժին, բ) Կոսովոյի ժամանակավոր կառավարության իրավաչափության առնչությամբ միջազգային հանրության նախապես հայտնած գնահատականին (նկատենք, որ Լեռնային Ղարաբաղի միանգամայն ժողովրդավարական սկզբունքներով ու ընթացակարգերով ընտրված իշխանությունների իրավաչափությունն առայսօր կասկածի տակ է դրված միջազգային հանրության կողմից) և այլն:

Այս բոլորը հանրահայտ փաստեր են, սակայն հետազոտության նյութը ոչ թե ազգային ինքնորոշման սկզբունքի իրացման եղանակներն ու իրավական հիմքերն են (դրանք պետք էլ չէ, որ նույնական լինեն), այլ այդ սկզբունքի բացառապես բովանդակային ասպեկտները: Իսկ բովանդակային կտրվածքով Կոսովոն, իրոք, նախադեպ է որևէ պետության տարածքում ազգային փոքրամասնությունների ազգային ինքնորոշման համար:

Ընդ որում, հիշյալ սկզբունքի միջազգային իրավական հիմքերը որևէ իրավաքաղաքական նշանակություն չեն տալիս այն հարցին, թե տվյալ ազգը մեկ այլ տարածքում ունի պետականություն, թե ոչ: Անգամ խորհրդային համակարգում էր այս իրավական դիրքորոշումը հարգվում: Ուրիշ հարց, որ ազգային ինքնորոշման արդյունքում տվյալ ազգը կարող է կայացնել արդեն իսկ ձևավորված պետականությանը միավորվելու որոշում:

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Հասկանալի է, որ մենք այսօր հարկադրված ենք խոսում մի սկզբունքի մասին, որն ի սկզբանե չպետք է մեզ համար պատմաիրավական արժեք ունենար, քանզի խոսքը բացառապես պատմականորեն ձևավորված այնպիսի իրավիճակի մասին չէ, երբ դարերի ընթացքում որևէ պետության տարածքում կազմավորված մի ազգ վերջապես որոշում է այդ պետության շրջանակում օգտվել ազգային ինքնորոշման իրավունքից: Այսինքն` Մեծ Բրիտանիան չէր կարող ակնկալել, որ իրեն բռնակցված Հնդկաստանը կարող էր ինքնուրույն պետականություն ունենալ միայն ազգերի ինքնորոշման իրավունքից օգտվելու ճանապարհով:

Այսպիսով, պատմական Հայաստանի տարածքների բռնակցման պայմաններում, երբ միջազգային հանրությունը բավարար կամք ու պատրաստակամություն չի դրսևորում անիրավաչափ ակտերի (դրանք անգամ իրավական բնույթ էլ չեն ունեցել, քանզի սոսկ քաղաքական կուսակցության փաստաթղթեր են) հիման վրա կամայականորեն վերաձևված սահմանները վերականգնելու, ստեղծված իրավիճակում ազգային ինքնորոշման սկզբունքի հիման վրա խնդրի լուծումը ոչ թե զիջում է Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների, այլ, միանշանակ, զիջում է հենց Ադրբեջանի համար:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am