Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Հուլիս 2011, N 7

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐ, ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ «ՄԵՆՔ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գոռ Մարգարյան, ռուսաստանագետ

Իրականության «անպրոբլեմ» ցուցադրանքը վատ ծառայություն մատուցեց. խոսքի և գործի միջև ճեղքվածք գոյացավ, որը հասարակական պասիվություն և հռչակված կարգախոսների նկատմամբ անհավատություն ծնեց։ Հասկանալի է, որ նման իրավիճակում սկսեց նվազել վստահությունն այն բանի հանդեպ, ինչին կոչում, ինչի մասին խոսում էին ամբիոններից, ինչը տպագրվում էր թերթերում և դասագրքերում։ Սկսվեց հանրային բարոյականության անկումը, թուլանում էր միմյանց հետ մարդկանց համերաշխության մեծ զգացումը... վերելք ապրեցին ալկոհոլիզմը, թմրամոլությունը և հանցավորությունը, սաստկացավ խորհրդային հասարակություն մեզ խորթ «մասսայական մշակույթի» կարծրատիպերի ներթափանցումը», ինչը ճղճիմություն, պարզունակ ճաշակ, ոչ հոգևոր մթնոլորտ էր պարտադրում։

Միխայիլ Գորբաչով,
Վերակառուցումը և նոր մտածողությունը մեր երկրի և ողջ աշխարհի համար, 1987թ., էջ 23 

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիներին Հայաստանի ազգային ռադիոյի ցերեկային եթերով մի հաղորդում էր հեռարձակվում` «Մենք և մեր իրականությունը»: Հաղորդման հեղինակ Բաբկեն Վարդանյանը, որը նաև հանդես է գալիս «Վարդան Գրիչենց» գրական ծածկանունով, մոտ մեկ ժամ տևող և շաբաթական երկու անգամ հեռարձակվող այս հաղորդման ընթացքում անդրադառնում էր մերօրյա Հայաստանի կարևոր հիմնախնդիրներից մեկին` Հայաստանի ազգային-պետական գաղափարախոսությանը: Իր մոտեցումներում պարոն Վարդանյանը որպես հայ ազգային գաղափարախոսության կորիզ տեսնում է հայ առաքելական քրիստոնյա ավանդույթը, դրանից բխող և դրանով թելադրվող արժեհամակարգը, հայ անցյալի հերոսների վարքով, առասպելների, ծիսակատարությունների, սովորույթների, ընթացակարգերի շնչով պայմանավորված (նոր) ազգային մշակույթը:

Որքանո՞վ է այս մոտեցումն արժանահավատ` որպես ժամանակակից Հայաստանում իշխող խավի կողմից վարվող մշակութային փոփոխության քաղաքականություն` հաշվի առնելով նրա կառավարման համակարգը:

Հարցին պատասխանելու նպատակով հոդվածի սկզբում կանդրադառնանք «մշակույթ» երևույթին` փորձելով ընթերցողին սեղմ, բայց հնարավորինս համապարփակ կերպով ծանոթացնել մշակութաբանության հիմնական դրույթներին` ըստ մեր պատկերացման:

Ընթերցողը կարող է հարց տալ, թե ինչու հենց Բ.Վարդանյանի առաջ քաշած գաղափարներին ենք ուզում անդրադառնալ: Բանն այն է, որ պարոն Վարդանյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականն է: Ավելին, նա փաստացի ելույթ է ունենում Ազգային ռադիոյի եթերում, նրան տրամադրվում է եթերային ժամանակի մի զգալի հատված, նա ՀՀ պաշտպանական ոլորտի ռազմադաստիարակչական թևի գլխավոր գաղափարախոսն է, ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հաստատության խորհրդի անդամ, ինչից կարելի է ենթադրել, որ պ-ն Վարդանյանն, անկասկած, ներկայացնում է ՀՀ կառավարության անմիջական կարծիքը, վերաբերմունքը, մոտեցումները, նպատակները, նկրտումները, պարզ ասած` ՀՀ իշխանությունների գաղափարական «ճակատի» խոսնակն է: Վերլուծելով պ-ն Վարդանյանի առաջարկած գաղափարական սխեման և համեմատելով այն հայրենի իշխանությունների վարած ռեալ քաղաքականության հետ` մենք կարող ենք գնահատական տալ ՀՀ կառավարության պետականակերտ քայլերին: Այլ բառերով` այս վերլուծության միջոցով կարող ենք հստակ տարանջատել` հայրենի կառավարությունը, այսպիսի մտքեր շրջանառության մեջ դնելով, զուտ «մասսայական սպառման» նպատակով պրոպագանդա՞ է անում, թե՞ վարում է պետականության կառուցման ուղղությամբ իրականացվող հստակ, համակարգված, լուրջ և նպատակաուղղված քաղաքականություն:

 

Ի՞ՆՉ Է ՄՇԱԿՈՒՅԹԸ

Մեր առօրյայում հաճախ ենք հանդիպում մշակույթ բառին և երևույթին: Այն ամենուր է` շրջապատում, կառավարում և ուղղորդում է մեզ` գիտակցորեն, թե ենթագիտակցորեն: Մի պահ մտածում ես. այ, այսօր Գրողների միությունում մշակութային երեկո էր, կամ կարդում ես թերթում. «Մշակութային Երևանը բացել է իր հյուրընկալ դռները «Ոսկե ծիրան» փառատոնի արտասահմանյան հյուրերի առջև»: Հետո երևանյան այս ջերմ մշակութային անցուդարձը համեմատում ես մեր քննարկելիք, Հայաստանում իշխող ազգային մշակույթի հետ, և հարցականներ են առաջանում: Այստեղ մենք ակնհայտորեն գործ ունենք տարբեր երևույթների հետ: Երբ խոսում ենք ազգային (խմբի, հիմնարկի, կազմակերպության) մշակույթի մասին, անհրաժեշտ է այն հստակ տարանջատել գրական, գեղարվեստական, ճարտարապետական, երաժշտական և այլ նույնանման մշակույթներից: Գեղարվեստը, քանդակագործությունը, պոեզիան, արձակը, երաժշտությունը, ճարտարապետությունը, թատրոնը մենք կանվանենք «բարձր» մշակույթ: Բարձր մշակույթի խնդիրներն ուսումնասիրելու և համակարգելու գիտությունն անվանվում է մշակութաբանություն, այս պատճառով մենք մեր քննարկելիք մշակույթը կանվանենք մշակութագիտություն: Թեև բարձր մշակույթն անմիջական, փոխկախվածության և փոխազդեցային հարաբերությունների մեջ է մեր կողմից քննարկվելիք մյուս մշակույթի հետ, ելնելով մեր հարցադրման սահմանափակ ծավալից` բարձր մշակույթին կանդրադառնանք ոչ ուղղակիորեն` օրինակների տեսքով:

Վերհիշենք հաճախ հանդիպող մեկ այլ արտահայտություն. «Եվրոպացի մասնագետները Հայաստանի ժողովրդավարության հիմնական խոչընդոտներից մեկը համարում են Հայաստանում քաղաքական մշակույթի բացակայությունը»: Այստեղ մենք նորից գործ ունենք մշակույթի մեկ այլ տեսակի հետ` հայաստանցի ընտրողը դժվարությամբ է կողմնորոշվում, թե քաղաքական որ ուժն առավել օպտիմալ կներկայացնի իր պահանջները, սպասումները, երազանքները` գործադիր և օրենսդիր մարմիններում: Վերը նշվածի պատճառները տարբեր են, բայց մի քանի օրինակով կարելի է հասկանալ, թե ինչ բաղկացուցիչներից է կառուցված քաղաքական մշակույթը:

Սկզբունքային անկաշառություն (նորմեր)` հիմնված ընդհանուր ընդունված գիտակցության վրա, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին (տրամաբանության ելակետեր): Կաշառվելով` քաղաքացին փաստացի վաճառում է իր իշխանությունն իրեն կեղեքող ուժերին: Այսպիսով, քաղաքացին ինքն իրեն զրկում է ազատությունից (արժեքներ): Սա տեղի է ունենում համընդհանուր ցինիզմի մթնոլորտում, քանզի քաղաքացիների մի ստվար զանգված համոզված է, որ ում էլ ընտրի, միևնույն է, իր ընտրությունն ազդեցություն չի ունենալու պետական քաղաքականության վրա (տրամաբանության ելակետեր): Իսկ կաշառք չվերցնելով նա միայն կզրկվի եկամտի այդ սահմանափակ, բայց շատերի համար բավական կարևոր հնարավորությունից: Բերենք ավելի պարզ օրինակ. տրանսպորտում երթևեկելիս լսում ենք հետևյալ խոսակցությունը. «Ա՛յ տղա, կուլտուրա չունե՞ս, տեղդ զիջես: Չես տեսնո՞ւմ մեծ կին է կողքիդ կանգնած»

Այստեղ «կուլտուրա» ասվածը տվյալ երիտասարդի դավանած արժեհամակարգն է, դրանից բխող նորմերը, որոնցով նա ուղղորդվում է, և այդպիսով նաև պայմանավորվում է նրա կողմից հասարակական տրանսպորտում դրսևորած վարքը: Հոդվածում մշակույթի ահա ա՛յս տեսակն ենք ուսումնասիրելու: Այժմ մշակույթը նկարագրենք սխեմատիկ տեսքով:

 Վերևում մենք տեսնում ենք մշակույթի շերտավոր պատկերավորումը: Շերտերի կենտրոնում գտնվում է մշակույթի «կորիզը»: Անգլիացի հոգեբան Վիլֆրեդ Բիոնը այս «կորիզի» մասին թեզի հեղինակն է: Աշխատելով մշակութագիտության օրրան համարվող ամերիկյան թավիստոքի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնում ( «Tavistock Institute of Group Dynamics»)` Բիոնը զարգացրեց «Basic Assumptions» թեզը, որը մենք թարգմանաբար անվանում ենք «տրամաբանության ելակետեր»: Ուսումնասիրելով հետազոտվող խմբերի վարքը` Բիոնը արձանագրեց, որ անձի կամ խմբի վարքը պայմանավորվում է գիտակցության մեջ թաքնված, անտեսանելի և հաճախ անբացատրելի ելակետերով, սպասումներով, համոզմունքներով, որոնք արմատավորված են տվյալ անձի կամ խմբի (ենթա)գիտակցության մեջ1: Բերենք մեկ օրինակ. հայաստանյան ներկայիս իրականության մեջ հասարակության մի ստվար զանգվածի մոտ «արտահայտված փոր» չունենալը մի տեսակ համարվում է խեղճության, աղքատության, անճարության նշան (տրամաբանության ելակետ): Սրանից ելնելով` այս զանգվածը մի տեսակ ակնածանքով, հարգանքով և զգուշությամբ է վերաբերվում« ընդգծված փոր» ունեցող մարդկանց (հատկապես, եթե այդ անձնավորությունը հանրությանը ներկայանում է, ասենք X6–ի ղեկին նստած և իր նման էլի մի քանի «փոր» ունեցող գեր ուղեկիցների հետ): Այս դեպքում ասում են. «Ախպե՜ր... պուզատի մուժիկ ա, դեմք ա...»2: Այսօրինակ տեսքով մարդուն ակնածանքով վերաբերվողներից շատերը հարստանալու դեպքում նույնպես, անկասկած, կձգտեն ունենալ «արտահայտված փոր» և հայտնվել X6–ի ղեկին` իրենց պաշտած մոդելին նմանվելու նպատակով:

Այսպիսով, մենք տեսնում ենք, թե ինչպես է տրամաբանության հիմնական ելակետը որոշում «հերոսի» կերպարը տվյալ «հերոսին» ակնածանքով վերաբերվող անձի, ասենք` «Չամուռ» Արսենչիկի3 արժեհամակարգում: Արսենչիկը լսում և տարածում է իր «հերոսի» մասին ասեկոսեներ, առասպելներ (բամբասանքներ), օրինակ` «հերոսը» իրա իքս շեստը, որ Դուբայից բերեց, մի կապեկ տամոժնուն փող պլատիտ չեղավ, վորտև ինքը էս քաղաքում էնքան տղայա, որ ամենավերևինի հետ ա նստում–հլնում ու իրա պրյամո պռախոդն ա: Արսենչիկը կայուն համոզվածությամբ կարծում է, որ եթե նոր մեքենա է գնել, բայց դեռ չի թռչե, ապա վրի նավսը հլը հելած չի, որովհետև իր «հերոսը» դա ասել էր «Ճկոյի մոյկում», իսկ ինքը ներկա էր եղել այդ խոսակցությանը (նախապաշարմունքներ և սնահավատություն): Իր երազած հերոսի կերպարը նյութականացնելու ճանապարհին Արսենչիկն առաջնորդվում է իր դավանած արժեքներին համահունչ նորմերով` խանութում կամ հարկային տեսչությունում հերթ չի կանգնում (սովորույթներ, կանոններ), աշխատում է հնարավորինս մեծ խնջույքներ կազմակերպել, բարձր երաժշտության ներքո, որի վերջում հարբած ընկերների` «Շակալիկի» և «Խուժանիկի» հետ, ինքնահաստատվելու նպատակով` բակում, միամիտ, իրա աֆտարիտետի վրա կասկածող մարդ է փնտրում, որ իրա կիսախմած պիվի շիշը ջարդի գլխին (ծիսակատարություններ): Մի այլ իրավիճակում, իր «հերոսի» X6–ը նստելիս, շեֆի պուզատի ընկերների ներկայության պարագայում, իրեն համեստ պահելով, նստում է վերջում և հետևի նստարանին: Երբ Արսենչիկն իր ընկերների հետ է նստում մեքենա, աշխատում է ագրեսիվորեն զբաղեցնել առջևի նստարանը (ընթացակարգեր):

Արսենչիկի օրինակը բերեցինք մշակութային մոդելը պատկերավորելու նպատակով, այլապես նորմերի և արժեքների զուտ տեսական բացատրությունները հեշտությամբ կարող են վերածվել վերացական և անհասկանալի քարոզի: Ինչպես տեսնում ենք, մշակութային պրակտիկան, նորմերը, արժեքները և տրամաբանության հիմնական ելակետերը միմյանց լրացնող, պայմանավորող և հաճախ մեկը մյուսին սահմանահատող երևույթներ են, որոնք միասին հե՛նց մշակույթն են: Մշակութագետ Գերտ Հոֆսթեյդեն մշակույթը նկարագրում է որպես մի խումբ մարդկանց կողմից դավանվող արժեքներ և դրսևորվող վարք, ընդ որում` խմբի առկայությունը, ըստ Հոֆսթեյդեի, կարևոր ատրիբուտ է, որովհետև մշակույթը նա համարում է մարդանց խմբին և ոչ թե անհատներին բնորոշ երևույթ4: Հոֆսթեյդեն փոխաբերական իմաստով մշակույթն անվանում է` «software of the mind»` գիտակցության ծրագրավորում: Այսպիսով, մշակույթը մարդու կենսագործունեությունը պայմանավորող կարևոր գործոն է, որը մենք ձեռք ենք բերում մանկուց` մեր շրջապատից և հանդիսանում ենք այդ մշակույթի կրողը և զարգացնողը: Մարդը կերտում է մշակույթը, իսկ մշակույթը կերտում է մարդուն: Երկուսն էլ զարգանում են իրար վրա ներազդելով, փոխադարձ` «պարուրաձև» ներազդեցության շարժման մեջ: Սա մենք կանվանենք «մարդու և մշակույթի փոխադարձ պարուրաձև փոխազդեցություն»5:

Մշակույթն ունի բավական ծայրահեղ և կամակոր դրսևորումներ, այն շարունակաբար փոփոխվում է: Միաժամանակ, այն ենթարկվում է հզոր արգելակող ուժերի: Այս երկու գործոնները միասին մշակույթի շարունակական փոփոխության ընթացքը պահում են հավասարակշռության մեջ: Այս թեզի` «Permanent Change»6-ի կնքահայրն է համարվում ամերիկացի սոցիոլոգ Կուրտ Լևինը, որը նաև մեզ արդեն ծանոթ «Tavistock Institute of Group Dynamics»-ի հիմնադիրն է: Այս թեզը պատկերավոր կարելի է ներկայացնել հետևյալ օրինակով. մենք հաճախ ենք հպարտանում այն փաստով, որ մեզ` հայերիս, թուրք, պարսիկ, արաբ զավթիչները դարերի ընթացքում փորձել են դավանափոխ անել, վերացնել մեր մշակույթն ու լեզուն: Մեր ազգը, դրան հակառակ, նույնիսկ պետականություն չունենալով, դավանափոխ չի եղել և պահպանել է իր մշակույթը` մեծ զրկանքներ և դժվարություններ կրելով: Հակառակ օրինակ. խորհրդային ժամանակաշրջանում ռուսերենի լավ իմացությունը դարձել էր լավ աշխատանք և ապագա ունենալու նախապայման, բայց միաժամանակ այս լեզուն շատ հայերի կողմից սկսեց դիտվել որպես կուլտային` ֆետիշ երևույթ: Ռուսախոսների այս խմբի վարքը շատերը սկսեցին անվանել «քաղքենիություն»: Հայերենի փոխարեն ռուսերեն խոսելով` բնակչության տվյալ խումբը ցանկանում էր ընդգծել իր «բարձր» կարգավիճակը հասարակության մեջ: Ժամանակները փոխվեցին, մերօրյա ֆետիշիզմի ատրիբուտներն էլ են փոխվել, բայց կա մարդկանց մի խումբ, որը համառորեն կառչած է մնում այս «քաղքենի ռուսախոսությանը»: Այստեղ, փաստորեն, վկա ենք մշակույթի ստատիկ, փոփոխական և բալանսավորված հատկություններին միաժամանակ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես մշակույթը գիրոսկոպի հատկություն ունի` տանկն արագ ընթանում է անհարթ տարածքով, նրա իրանը վեր ու վար է անում բլրակների վրայով, սակայն աշտարակին տեղադրված հրանոթի փողը միշտ մնում է նույն թիրախի վրա ուղղված` տանկի աշտարակում տեղադրված ուրանե գիրոսկոպը փողը մշտապես պահում է տանկի օպերատորի ընտրած ուղղությամբ: Մշակույթի այս հատկությունը մենք կանվանենք «մշակույթի գիրոսկոպիկ էֆեկտ»:

Որոշ հեղինակներ առանձնացնում են մշակույթի վրա ազդող ներքին և արտաքին գործոնները: Ընդ որում, նրանք պնդում են, որ արտաքին գործոնների ներազդեցության պարագայում մշակույթը կարող է բավական արագ փոփոխման ենթարկվել: Այսպիսին կարող են լինել աղետները, պատերազմները, ճգնաժամերը և այլն: Ներքին գործոնները, դրան հակառակ, կարող են միայն դանդաղ փոփոխություններ հրահրել7: Մշակույթի փոփոխվելու ներքին գործոնը «վերևից», այսինքն` կազմակերպության ղեկավարության կողմից նախաձեռնվող քայլերն են: Այստեղ մեր քննարկելիք կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության իշխանական համակարգն է: Որպես կազմակերպության մշակույթն արհեստական («վերևից») փոփոխությունների ենթարկելու միջոց` Հոուփը, Հենրին8 և Պեդերսենը9 համարում են տվյալ պահին եղած մշակույթը մի կողմ դնելը և խարիզմատիկ լիդերների, սիմվոլիկ գործողությունների կամ ակցիաների, հզոր և ագրեսիվ գովազդի կամ քարոզչության միջոցով կազմակերպության անդամների շրջանում ցանկալի մշակույթի իմաստավորումը և ներդրումը: Միաժամանակ, նրանք զգուշացնում են այս «ավետարանչական» մոտեցման հետ կապված ռիսկերի մասին: Այսպիսի մեթոդների ենթարկված կազմակերպության աձնակազմը կարող է իրեն մանիպուլացված, ուղեղի լվացման ենթարկված և խաբված զգալ: Սա իր հերթին անպայման բերում է դիմադրության, ցինիզմի, դժգոհության զանազան դրսևորումների, բայց նաև կազմակերպության որոշ անդամների մոտ` դոգմատիկ, հարմարվողական և կատարածուի մտածելակերպի ձևավորման: Որպես մշակույթի փոփոխության ավելի ընդունելի և էֆեկտիվ ներքին ներազդեցության միջոց` նշված հեղինակները գտնում են «ներքևից» կազմակերպության անդամների մեջ ապրող մշակույթը հասկանալու, վերապրելու և այն զգուշորեն ցանկալի ուղղությամբ ուղղորդելու մեթոդը:
Այսպիսով, մենք հակիրճ ներկայացրինք մշակույթի վրա ներազդելու որոշ մեթոդներ: Սակայն ինչպե՞ս հասկանալ, թե ինչ մշակույթի հետ տվյալ պահին գործ ունենք, կամ ինչպե՞ս ուսումնասիրել մշակույթը և համապատասխան ախտորոշում տալ նրան: Մշակույթն ուսումնասիրելու մոտեցումները բազմազան են10: Մեր հոդվածում կկիրառենք հիմնականում անթրոպոլոգիական և մասնակիորեն սոցիոլոգիական մեթոդները: Անթրոպոլոգիական մոտեցումը ենթադրում է մշակույթի ուսումնասիրությունը «ներսից»` մշակույթը կրող խմբի առանձնահատկությունների (նրանց վարքի, նախասիրությունների, լեզվագործածության, արարողությունների, ծիսակատարությունների, սովորույթների, հերոսների, կարգախոսների, սիմվոլների, մականունների, բամբասանքների, ընթացակարգերի, միմյանց հանդեպ վերաբերմունքի, գրված և չգրված օրենքների, վարքի և այլ դրսևորումների) դիտարկման եղանակով իրականացվող հետազոտում: Մշակույթի բաղադրամասերի այս սխեմատիկ, շերտավոր պատկերավորումը վերը ներկայացրինք, ուղղակի տեխնիկական հնարավորությունները թույլ չտվեցին վերը նշված բոլոր մշակութային հատկություններն ընդգրկել սխեմայում: Մշակութագիտության սոցիոլոգիական մոտեցումն իրականացվում է սոցհարցումների և դրանց միջոցով ստացված` տվյալ մշակույթի ներկայացուցիչների կողմից տրամադրված տվյալների վերլուծության եղանակով:

 

ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք:

Աշուղ Ջիվանի

«Իրատես de Facto» ինտերնետային պարբերականում 2009թ. ապրիլի 3-ին տեղադրած հոդվածում պ-ն Վարդանյանը շեշտում է, իր տեսանկյունից, հայ ազգին և Հայաստանի պետականությանն անհրաժեշտ արժեհամակարգը, իշխանության մտածելակերպը և առաջնորդվելիք արժեքները կայուն պետականություն կառուցելու ճանապարհին: Վարդանյանն իր հոդվածում Հայաստանում իրական ժողովրդավարության կայացման նախապայման է նշում «Աստուծո» իշխանության հաստատումը: Ընդ որում, Վարդանյանը նաև այս նախապայմանով է պայմանավորում Հայաստանում քաղաքացիական հասարակության, անկախ, անկաշառ իրավական գործառնության, ընդհանուր անկաշառության, իշխանությունների հաշվետվության ինստիտուտների կայացումը: Ավելին` Վարդանյանը գտնում է, որ «Աստուծո» իշխանության ներքո միայն Հայաստանի իշխանություններն ի վիճակի կլինեն ապահովել «բոլոր բնագավառների բարգավաճում» և պաշտպանել «իրենց քաղաքացիների ազատությունը, իրավունքներն ու արժանապատվությունը»: Այն ժամանակ Հայաստանն իրապե՛ս կունենա իշխանություն: Հայաստանն ու հայությունը կունենան Գերագույն Տեր, Պաշտպան ու Առաջնորդ: «Աստուծո իշխանությունը ճանաչած, Նրան դաշնակցած և Տիրոջ բացառիկ գերակայությունն ընդունած հայկական իշխանությունն է, որ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, ժողովրդավարությունը և դեռ շատ ավելին կարող է երաշխավորել: Այդ կարող է անել, որովհետև պարտականություն կզգա և դրա կատարման համար նաև շնորհք ու կարողություն կստանա Հայաստան աշխարհում ձևավորելու և պաշտպանելու արդար, զարգացած, կենսունակ և գործուն քաղաքացիական հասարակություն: Այդ հասարակությունը կլինի ապահով, կայուն ու բարգավաճ և կունենա բազմաթիվ բարեկամներ, դաշնակիցներ ու նաև հիացողներ և ընդօրինակողներ ամբողջ աշխարհում»:

Վարդանյանը համոզմունք է հայտնում, որ մեր ազգը «դատապարտված» է այս ճանապարհին, այսինքն` սա մեր անխուսափելի ապագան է: Մշակութափոխության ի՞նչ մեխանիզմներ է առաջարկում Վարդանյանը պետական–հասարակական այս բարիքների կայացման համար:

Ըստ Վարդանյանի, հայաստանյան իշխանավորները պետք է վերածվեն իրենց երկրի վերոհիշյալ բարգավաճման իրականացմամբ տոգորված ազգանվեր ծառաների: «ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ` ԱՍՏՈՒԾՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»: Այս տրամաբանությամբ հայ իշխանավորը, պարոն Վարդանյանի կարծիքով, ձեռք է բերում հստակ իմաստավորված համոզմունքներ (տրամաբանության հիմնական ելակետ): Բանախոսը, շարունակելով միտքը, անդրադառնում է մեր պետության կադրային քաղաքականությանը և իր դատողություններում գնում է ավելի հեռուն` առաջ քաշելով նույն գաղափարական իմաստավորման սխեմայով ստացված ազգանվեր «ծառաների» մի ամբողջ բանակի ձևավորում: Այս «աստվածատուր» գիտակցությամբ օժտված կադրերի ապագա հիերարխիկ վերադասավորման, ընտրության և առաջխաղացման (selection, recruting, promotion) մեխանիզմը, ըստ Վարդանյանի, ինքնաբավ կառավարվող համակարգ է: «Հայ ազգն ու Հայաստանը կերտվել, զարգացել ու հարատևել են իրենց զավակների անձնուրաց ծառայությամբ: Որքան բարձր է պաշտոնը, այնքան բարձր է պատասխանատվությունը, որքան բարձր է պատասխանատվությունը, այնքան բարձր է ծառայության մակարդակը: Հայ ազգը փառավորվել է, երբ իր որդիների ազգային ծառայության պարտաճանաչությունն ու պատրաստակամությունը բխել են նրանց հավատքից, արմատավորված են եղել նրանց նկարագրում և կազմել են նրանց էության հոգևոր ու բարոյական հենքը:»: Այսպիսով, Վարդանյանը նշում է հայ հաջողված ղեկավարին բնորոշ վարքը` պատասխանատվություն, պատրաստակամություն և մեկ հիերարխիկ ընթացակարգ` պատասխանատվության վրա հիմնված: Շարունակելով` բանախոսը նշում է մեր նախնիների օրինակելի և ներկայիս ղեկավարության կապակցությամբ ցանկալի վարքի ևս մի քանի հատկություն`«պարտաճանաչություն, հասարակական ծառայության նախանձախնդրություն, հմտություն և հասարակական շահագրգռվածություն»:

Անդրադառնալով մեր ներկա իրականությանը` բանախոսը, չկոնկրետացնելով, թե ում մասին է խոսքը, թվարկում է «պատասխանատու» և «հասարակայնորեն շահագրգռված»` մեր նախնիների վարքից շեղված, ներկայիս հայաստանյան իրականության մեջ արմատավորված արատները` «գոռոզամտություն, եսասիրություն, փառասիրություն, ապօրինի և ի վնաս ազգի ու հայրենիքի շահերի գործունեություն»:

Շարունակելով` պարոն Վարդանյանն առաջ է քաշում հայաստանյան ղեկավարների` «ըստ ազգային տոհմիկ նկարագրի» ստացված մոդել-կերպարի վրա հիմնված ընտրության մեխանիզմը: Թե ինչ տոհմերի մասին է խոսքը, հոդվածագիրը չի մանրամասնում: Այս պատճառով մենք ձեռնպահ կմնանք այս ընթացակարգը մենկաբանելուց:

Վարդանյանն իր հոդվածում կարևորում է անձի «ազնվությունն իր շրջապատի հանդեպ», նա գտնում է, որ սրան կարելի է հասնել ազգին կրթելու ճանապարհով. հայ մարդը, «մանավանդ» պատասխանատու դիրք զբաղեցնելու պարագայում, պետք է գիտակցի, որ իր ազնվությունը «էական» գտնելը իր և իր հարազատների, ամբողջ ազգի և աշխարհի համար է էական դերակատարություն ունենալու: Գաղափարական-գիտակցական այս «բագաժը», ըստ բանախոսի, ապահովվում է հետևյալ կրթող կառույցների կողմից` եկեղեցի, պետական կառույցներ, մտավորականություն, հայ հասարակություն: Այս մոդելը նյութականացնելու նպատակով բանախոսի հոդվածում նշվում են խրախուսման ենթակա մարդկային հատկություններ` «ազնվություն, վեհանձնություն, առաքինություն և ընդհո՛ւպ մինչև ասպետություն»:

Եզրափակելով` Վարդանյանը, որպես իր նկարագրած ազգային-պետական մշակույթի կայացման գրավական, նորից շեշտում է Աստծո հավատքի պարագան և դրան ավելացնում ևս երկու քրիստոնեական կարգախոս` հույս և սեր: Բանախոսի հոդվածը համեմված է աստվածապաշտական բազմաթիվ հիացական պոռթկումներով: Ի վերջո, մշակույթի ի՞նչ պատկեր կարող ենք ստանալ Վարդանյանի այս գաղափարախոսությունից:

Տրամաբանության ելակետեր

- Ազգին ծառայելը ծառայություն է Աստծուն:

- Որքան բարձր է պաշտոնը, այնքան բարձր է պատասխանատվությունը, որքան բարձր է պատասխանատվությունը, այնքան բարձր է ծառայության մակարդակը:

- Եթե իմ ազնիվ լինելն ինձ համար էական է, ապա այն էական դերակատարություն ունի ամբողջ աշխարհի համար:

Արժեքներ

- Քաղաքացիական հասարակություն

- Ժողովրդավարություն

- Մեր նախնիների «փառավոր նկարագիրը»

- Հույս, սեր, հավատ, քրիստոնեություն

Նորմեր

- Քաղաքացիների ազատության, իրավունքների ու արժանապատվության պաշտպանվածություն, անկաշառ և անկախ արդարադատություն, իշխանությունների հաշվետվության ինստիտուտ:

- Հասարակության և պետական համակարգում ազնվության, վեհանձնության, առաքինության և ասպետություն խրախուսում:

Մշակութային պրակտիկա

- Իշխանավորների պատրաստակամություն, ազգանվերություն, պարտաճանաչություն, հասարակական ծառայության նախանձախնդրություն, հմտություն, ազնվություն, հասարակական շահագրգռվածություն և այլն:

- Բոլոր բնագավառների բարգավաճում:

- Ապահով, բարգավաճ և կայուն հասարակություն:

Այսպիսով, մենք համակարգեցինք Բաբկեն Վարդանյանի առաջարկած տրամաբանության ելակետերը, արժեհամակարգը և նորմերը, սրանցից բխող մշակութային պրակտիկան: Այժմ անցնենք մեր հոդվածի հաջորդ բաժնին, որտեղ վերոհիշյալ համակարգը կփորձենք համադրել ներկայիս հայաստանյան իշխանական համակարգի դրսևորումների հետ:

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Կազմակերպական համակարգեր ուսումնասիրող մասնագետները (սոցիալական) համակարգը նկարագրում են որպես մասնիկների միջկապակցված փոխազդեցություն, որտեղ համակարգի մասնիկներն իրարից մեկուսացված լինելով` միաժամանակ գտնվում են փոխադարձ ուղղակի և անուղղակի կապվածության մեջ: Երբ կա համակարգ, անպայման նաև գոյանում է որոշակի համակարգի մասնիկներին և նրանց միջև եղած ներազդեցությանը բնորոշ ներդաշնակություն11: Մեր կողմից հնարավորինս սեղմ ներկայացված հայաստանյան պետական–իշխանական կառավարման համակարգն ակնհայտորեն ունի համակարգային այս առանձնահատկությունները` իր ընդգծված նպատակները, տեխնոլոգիաները, ռազմավարությունը, կառուցվածքը, անձնակազմը և մշակույթը` համակարգի փոխկապակցված և իրար վրա փոխազդող տարրերը: Ներկայացնենք այն պատկերով.

Պատկեր 2-ում մենք տեսնում ենք համակարգ` պատկերված վեց մասնիկներով և նրանց կապող փոխազդեցություններով, որոնք միասին կազմում են երկրաչափական պատկեր` ութ հարթություններով: Այս երկրաչափական պատկերի ցանկացած մասնիկ տեղաշարժելիս` պատկերը կձևափոխվի, կտեղաշարժվեն համակարգի բոլոր մասնիկները, փոփոխության կենթարկվեն նրանց կապող հարաբերությունների անկյունները: Այսպիսին է նաև կազմակերպությունը, որը սոցիալական համակարգ է ներկայացնում: Եթե տեղաշարժենք մշակույթը, փոփոխության կենթարկվեն մյուս մասնիկները և նրանց միջև եղած փոխազդեցությունները: Նույնը տեղի կունենա մասնիկներից ցանկացածի տեղափոխության դեպքում: Սրանից բխող եզրակացությունը կլինի այն, որ կազմակերպության, օրինակ` նպատակները թելադրում են նրանում իշխող մշակույթը, տեխնոլոգիաները, անձնակազմը, կառուցվածքը և կազմակերպության ռազմավարությունը: Օրինակ, եթե ունենք տեխնոլոգիա (ասենք` ընտրակեղծիք), ապա այն թելադրելու է այս տեխնոլոգիային սազական անձնակազմը, մշակույթը, կառուցվածքը, ռազմավարությունը և կազմակերպության նպատակները` «սութի գողագան», «բեսպրիդել անող» ոստիկաններ, փողոցային պարապ թափթփուկներից բաղկացած նախընտրական «քուչի տասովչիկներ»-ի բանակ, ընտրատեղամասերում լրագրող ծեծող թեկնածուի եղբայրներ կամ «ախպերություն», ընտրություններից առաջ արվող ասֆալտապատում, վերելականորոգում, ընդդիմադիր թեկնածուի հետ «ռազբոռկեք», որի ընթացքում «մեջքով» թեկնածուն զգուշացնում է «անկապ», բայց հանդուգն մրցակցին. «Զառանի ասում եմ. յան տու, քանի չաշկիդ ութ տեղից չեմ կրակե, կամ գլխով տվե նակաուտ արե. գծերից կքցենք` սաղ կյանքտ թռած կֆռֆռաս», ամեն գնով օժանդակել, որ իրենց մարդիկ ընտրվեն և այլն: Նույնը պատկերացնենք անձնակազմի պարագայում. եթե համակարգի անձնակազմը բաղկացած է կիսագրագետ (լավագույն դեպքում), ընչաքաղց, բռի, արնախում, անխիղճ մարդկանցից, ապա դժվար է պատկերացնել, որ այդ կազմակերպության նպատակը կարող է լինել ազգաբնակչության կենսամակարդակի էական բարելավումը, ռազմավարությունն էլ` մինչ ընտրությունները հասարակական անձնվեր աշխատանքով զբաղվելը և դասական երաժշտության խմբակներ այցելելով (ասենք ֆլեյտայի)` ընտրողներին ապացուցելը, որ իրենք դարձի են եկել և ցանկանում են դառնալ «ազգի ծառա», և այսպես շարունակ:

Սոցիալական այս համակարգն ունի մեկ բայց. նրա բոլոր մասնիկները սկզբունքորեն արագ և հեշտ կարելի է փոփոխության ենթարկել բացի մշակույթից: Ինչպես ներկայացրինք մշակույթին նվիրված մեր բաժնում` մշակույթը հզոր իներցիայի կամ «գիրոսկոպիկ էֆեկտի» հատկություն ունի: Հնարավոր է, ասենք, վերանայել կազմակերպության նպատակները, փոփոխության ենթարկել նրա կառուցվածքը (ասենք` ստեղծել նոր նախարարություններ, վերացնել հները, տալ նրանց հնից տարբերվող իրավասություններ` վերադասավորելով կառավարության հիերարխիկ դասավորվածությունը և այլն), անձնակազմը, տեխնոլոգիաները, ռազմավարությունը, բայց փոխել անձնակազմի անդամների կրած մշակույթը` հավասարազոր է կաշառակեր դատավորին համոզելով դարձնել անկաշառ, վեհանձն արդարադատություն իրականացնողի: Կամ` ԴԱՀԿ ծառայության պետին համոզել կամ ստիպել, որ դառնա քրիստոնեական արժեքների կրող և սիրելով իր «մերձավորին»` հասարակական սկզբունքներով ամեն կիրակի երգեհոնային համերգ տա սբ. Էջմիածնում:

Հայաստանյան պետական կառավարման համակարգը ներկայացնելիս մենք տեսանք, որ այն հիմնականում միտված է իշխող համակարգի անդամների ինքնահարստացմանը, իշխող կարգերի կայունությանը, անդամների դիզած հարստության պաշտպանմանը և ապահովագրմանը` ստեղծված համակարգի վերարտադրության միջոցով: Այս իշխանությունը Բաբկեն Վարդանյանի բերանով իրավացիորեն նշում է մեր իրականության մեջ առկա երևույթներ, որոնք նա անվանում է «մեր նախնիների վարքից շեղված գոռոզամտություն, եսասիրություն, փառասիրություն, ապօրինի և ի վնաս ազգի ու հայրենիքի շահերի գործունեություն»: Սակայն այստեղ նա չի հասցեագրում, թե ովքեր են այս արատների կրողները, մինչդեռ բարձրաստիճան պետական այրերի նկարագիրն ուսումնասիրելիս տեսանք, որ այդքան էլ դժվար չէ հասկանալ, թե ում մասին է խոսքը: Իշխող համակարգի այս ընդհանրական դիրքորոշումից մենք կարող ենք երկու հետևություն անել.

1. Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում կոնկրետ մեղավորներ փնտրել և փոխել երկրում իշխող համակարգը: Պատճառն այն է, որ իշխանություններն իրենք են ստեղծված իրավիճակի մեղավորները և, բնականաբար, չեն պատրաստվում իրենք իրենց պատժել:

2. «Մեղավորները կբացահայտվեն» և կպատժվեն միայն ըստ իշխանությունների հայեցողության և իրենց կողմից հետապնդվելիք նպատակների շրջանակներում (ասենք` PR–ային «մատաղ»-ների կամ քավության նոխազների տեսքով` Գագիկ Բեգլարյան), կամ եթե գործը ստացել է հասարակական մեծ հնչեղություն և այն կոծկելը վտանգում է իշխանության դիրքերը (Հովիկ Թամամյան, Սերոբ Տեր-Պողոսյան): Այս վերջին դեպքում իշխանությունները քայլերի կդիմեն ընդգծված դժկամությամբ և կոծկման ու հովանավորչության փորձերի ձախողումից հետո միայն: Դատապարտվելիք անձինք, հնարավոր է, սիմվոլիկ պատիժ կրելուց հետո ազատ արձակվեն և նույնիսկ վերականգնվեն իրենց հին պաշտոնին («Ռոժ» մականունով վարդանմարտիրոսյաններ` ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի «նալոգ հավաքող» հրամանատարներ): Ընդհանուր առմամբ այս մոտեցումը համադրելի է ստալինյան ռեպրեսիաների մոդելին` «թշնամիները մեր մեջ են, բոլոր բնագավառներում, բայց խորամանկ են և հմտորեն քողարկված»:

Հայաստանյան իշխանությունների ներկայիս վարած համակարգային քաղաքականության և Բաբկեն Վարդանյանի միջոցով ներկայացվող նրանց «գաղափարական» մոտեցումներից մենք կարող ենք ևս մեկ հետևություն անել. Հույսներդ մեզ վրա մի դրեք, այլ Աստծո: Ժողովրդի լեզվով ասած` «եղունգ ունես, գլուխդ քորի»:

Ավելին, Հայաստանի իշխանությունները չեն կարող շահագրգռված լինել Բաբկեն Վարդանյանի մշակութային մոդելի իրականացմամբ: Պատճառն այն է, որ առաջարկված այս մշակույթը տրամագծորեն հակասում է հայաստանյան կառավարման համակարգին: Այսպես, մենք տեսանք, որ Հայաստանի իշխանական համակարգը հետապնդում է ինքնահարստացման, հաստատված կարգերի կայունության և դիզած հարստության ապահովագրման նպատակներ: Այսպիսի համակարգը, ձեռք բերելով քրիստոնեական, ազգին ծառայելու, վեհանձնության, ասպետության, նախանձախնդրության մշակութային դրսևորումներով անձնակազմ, անխուսափելիորեն կվտանգի իր իսկ գոյությունը: Եթե երկրի ղեկավարության մեջ լինեն «վարդանյանական» մշակույթի կրողներ կամ այդպիսինն ընդունելու և որդեգրելու բնավորությամբ անձնակազմի անդամներ, ապա նրանք անմիջապես կդադարեն ծառայել այս համակարգի նպատակներին և կարող են նույնիսկ ընդվզել նրա դեմ: Հայաստանյան ներկայիս կառավարման համակարգին պետք են (Վարդանյանը շատ դիպուկ է նշում) հարմարվողական, կարիերիստական, սեփական շահն ամեն ինչից վեր դասող կադրեր, և այսպիսիք, ինչպես տեսանք, արդեն նախապատրաստվում են բուհերի ուսխորհուրդներում, նախընտրական մոբիլիզացիայի ժամանակ և այլն: Ի վերջո, հե՛նց ինքը` նախագահը կարող է ընդվզել, նախանձախնդիր (թասիբով) լինելով իր կողմից քարոզված մարքսիզմ–լենինիզմի գաղափարների հանդեպ, հետո ազգային ազատագրական արժեքների որդեգրման, այնուհետև ազգային անվտանգության, օրենքի պաշտպանության (ներքին գործեր) և, ի վերջո, «նժդեհական լիբերալիզմի»12 արժեքներին, նա կարող է` 1. վերջնական որոշում կայացնել, թե որ քաղաքական գաղափարախոսությանն է հարում, 2. վերջ դնել քրեական տարրերի հետ գործ բռնելուն և սկսել պայքարել նրանց դեմ, 3. լծվել քիչ թե շատ ազգանվեր գործի և վստահություն ձեռք բերելով Հայաստանի ազգաբնակչության մեջ` սկսել աստիճանաբար ձերբազատվել օլիգարխիկ տարրերի ազդեցությունից (պուտինյան մոդելով): Սակայն այստեղ ակնհայտորեն գործ ունենք ոչ թե որևէ հարցում նախանձախնդիր անձնավորության, այլ հակառակը` հարմարվողականի հետ: Այսպիսի մարդկանց համար չկան տաբուներ, «գաղափարական հայրեր» կամ գաղափարախոսություններ: Դրա փոխարեն կան միայն անձնական շահ, հարստության դիզման, պաշտոն ձեռք բերելու, այն ամեն գնով պահելու և չինովնիկական սանդղակով վեր բարձրանալու հակում: Նշանակություն չունի` ինչ կարգեր են` կոմունի՞զմ է` կոմունիզմ կքարոզի, ազատագրական շարժո՞ւմ է` շարժման կողմնակից և առաջնորդ է, նոր Հայաստա՞ն է` կդառնա ոստիկանության պետ, վարչապետ, նախագահ, նժդեհական, լիբերալ, ալան–թալա՞ն է` կդառնա դրա ակտիվ մասնակից և կղեկավարի այն իրականացնող սինդիկատը: Ի վերջո, եթե ինքը` պարոն Վարդանյանը, հանկարծ դառնա նոր Հայաստանի առաջին ասպետը (այսինքն` անձնվեր, անվախ, հանդուգն, անկողմնակալ, ազնիվ, թույլերի և աղքատների պաշտպան և այլն), ապա «նորավանքյան» խորհրդակցությունների ժամանակ անկախ իրենից կարող է բոլորի ներկայությամբ նկատողություն անել և ամոթանք տալ կճոյաններին, որ հոգևորական լինելով` սլանում են «բենթլիներով», մինչդեռ մեր ազգի բազմաթիվ քրիստոնյա զավակներ` շների հետ միասին, սնունդ են փնտրում տարբեր աղբանոցներում: Սա, ընդ որում, ամենաանվտանգ ասպետական դրսևորումներից կլիներ: Համակարգի համար ավելի սարսափելի կլիներ «ասպետի»` Հանրային ռադիոյով արված հայտարարությունը, թե ինքը կորցնելու բան չունի, թե ինքն առաջին «ասպետական» քայլն է անելու և հիմա` ուղիղ եթերով ասելու է, թե ըստ իրեն` մեր երկրի այդ որ ղեկավարներն են, որ արատավոր վարք են դրսևորում («գոռոզամտություն, եսասիրություն, փառասիրություն, ապօրինի և ի վնաս ազգի ու հայրենիքի շահերի գործունեություն»), որոնց պատճառով «ԱՍՏՈՒԾՈ ԻՇԽԱՆՈՒ[Չ]ՈՒՆԸ» չի ցանկանում իջնել մեր հանրապետու[չ]ան վրա:

Վերը նկարագրվածից ելնելով, կարծում ենք, մեզ և ընթերցողի համար դժվար չի լինի պարզ վերլուծության ենթարկել հայաստանյան իշխանական համակարգը և նրա մշակույթը: Առանց լայնածավալ մանրամասնությունների դիմելու` մեր ներկայացրած ակնհայտ անհամատեղելիություններն արդեն իսկ հաստատում են վարդանյանական գաղափարախոսությամբ իշխող համակարգի կողմից մշակութային և համակարգային փոփոխություններ իրականացնելու մտադրության ոչ արժանահավատ լինելը: Ստացվում է մի իրավիճակ, որտեղ գայլը գառներին հավաքել է հրապարակում, ինքն իր գլխին քարոզ է կարդում, բայց չի էլ ասում, որ ինքն է գայլը` գառներ հափշտակողը:

Ավելին, իշխանության այսպիսի համակարգային և հայտարարվող ցանկալի մշակույթի արտահայտված հակասությունների պարագայում Բաբկեն Վարդանյանի «Աստուծո իշխանության» «դոկտրինը» մենք կդասենք իշխանության համակարգի տեխնոլոգիաներ մասնիկի, այլ ոչ թե մշակույթին և դրա փոփոխության փորձերի շարքին: Այս կերպ ասած, սրանք պարզագույն, ազգաբնակչությանը սենտիմենտալ հեքիաթներով հիպնոսելու փորձեր են. հայ ժողովրդի մեջ կա մեր պատմությանը, բարձր մշակույթին, հավատքին, մեր ազգը ներկայացնող հեղինակավոր հերոսներին, անվանի անձանց, առասպելներին ջերմությամբ և հիացմունքով վերաբերվելու սովորություն, սենտիմենտ: Սա հայ մարդու գոյությունը և ինքնությունն իմաստավորող շատ կարևոր հանգամանք է: Ասենք, մեր հայրենակիցներից շատերը երջանիկ չեն, գոհ չեն մեր երկրի կառավարման որակից և, ցավոք, ապրում են չարքաշ ու դառնություններով լի իրականության մեջ, բայց հանկարծ, երբ հեռուստացույցով կամ ռադիոյով տեսնում-լսում են հաղորդում որևիցե հայ գիտնականի, մեր քրիստոնեական հին և հարուստ մշակույթի կամ մեր ազգի` «աշխարհի ամենահին ազգը լինելու» մասին, ապա մեզանից շատերը մի տեսակ ոգևորություն են ապրում, կտրվում են դառը իրականությունից, գոնե մի պահ լավ են զգում` իրենց պատկերացնելով մի կարևոր ամբողջության, «մեծ ազգի» մասնիկ: Այս հոգեբանական, զգացմունքային պոտենցիալից հմտորեն օգտվում է Հայաստանի իշխանական համակարգը` ժողովրդին իրական խնդիրների փոխարեն դուրեկան, հեշտ մարսելի, հերոսական, առասպելական և անիրական քարոզներ հրամցնելով, ներկայիս «վատ» մտածելակերպը մեր «հերոսական» անցյալի բարեպաշտ հերոսների մտածելակերպով փոխարինելու մտադրություններ արտահայտելով: Բաբկեն Վարդանյանի ազգային «տոհմիկ ոգու» վերակենդանացման այս հիպնոս-իմիտացիաների դասին են պատկանում նաև մեր կողմից արդեն հիշատակված վարչապետյան ռեգիոնալ զարգացման զվարճալի հեռանկարային ցնորքները, Ցեղասպանության, ղարաբաղյան կարգավորման, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերի կարևորությունը հայ հասարակության գիտակցության մեջ որպես հայ ժողովրդի հիմնական և գերակշռող խնդիր արմատավորելուն միտված 24-ժամյա ագիտացիան: Զգացմունքայնության վրա խաղալու տեխնոլոգիաներ են այս բոլոր «գաղափարական» հարձակումները: Սրանք միտված են ազգաբնակչությանը լուրջ խնդիրներից շեղելուն: Իշխանության համար նմանատիպ մոտեցումն ավելի անվտանգ է, քան իր իսկ «որդեգրած» «նժդեհական» գաղափարախոսությունը քարոզելը, որովհետև «վարդանյանական ուսմունքն» ընդհանրական է, չի առաջարկում իրատեսական և գործնական լուրջ մեխանիզմներ և չի հետապնդում որևիցե կոնկրետ հեռանկարային նպատակ: «Նժդեհական» ազատական գաղափարախոսության քարոզումը, դրան հակառակ, իշխանություններից, ասենք կպահանջի կոնկրետ քայլեր իրականացնել տնտեսությունը մոնոպոլիաներից զերծ պահելու ոլորտում և այսպիսով կվտանգի իշխանության բուն համակարգի հիմքերը` նրա նպատակները և բաղկացուցիչ մյուս տարրերը: Սրանով համակարգը կարող է հայտնվել իր իսկ լարած թակարդում: Մենք համաձայն ենք փորձագետ Հարություն Մեսրոպյանի բազմաթիվ պնդումների հետ, թե «մեր տնտեսությունը և ընդհանրապես մեր պետության կառավարումը «որտեղ» գնալու պատասխանը չունի»13: Սակայն կարևոր ենք համարում հավելել, որ փորձագետի այս կարծիքը կարելի է վերագրել միայն Հայաստան պետությանը` որպես քաղաքական համակարգ, բայց ոչ հայաստանյան իշխանական համակարգին կամ ռեժիմին: Որովհետև, ըստ մեզ, Հայաստանում չի էլ կարող իրականացվել համակարգված պետական կառավարում, քանզի այսպիսին անմիջականորեն կվտանգի Հայաստանի իշխանական համակարգի գոյությունը: Հայաստանում գոյություն ունեցող իշխանական համակարգի շահերը պետական–ազգային շահերի հետ համընկնում են այնքանով, որքանով դրանք միտված են ապահովելու գոյություն ունեցող իշխանական համակարգի անվտանգությունը (ասենք` արտաքին վտանգից կամ ներքին անկայունությունից) և ոչ ավելին: Պարզ ասած, միևնույն պետության մեջ չեն կարող բավարարված լինել օլիգարխիկ (իշխում են քչերը` սեփական շահի համար) և դեմոկրատական (իշխում են շատերը` սեփական շահի համար) սահմանադրություններ միաժամանակ, որովհետև մեկը բացառում է մյուսին: Քաղաքագիտական այս խնդիրներին գալիք հոդվածներում մանրամասն կանդրադառնանք, սակայն մեր ասելիքը հստակեցնելով նշենք, որ Հայաստանում, ինչպես տեսանք իշխանական համակարգը և նրա մշակույթը համեմատելիս, հստակ առկա են համակարգ և դրա կառավարում: Առանցքային հարցը, ըստ մեզ, այն է, թե ինչ նպատակներ է հետապնդում այս համակարգը, և ինչպես կարող ենք ցանկացած ժամանակ նույնականացնել համակարգի իրականացրած կառավարումը: Այս հանգամանքը նաև կարևոր է հասկանալու համար, թե հնարավոր էվոլյուցիոն ինչ հեռանկարներ կարելի է ակնկալել հայաստանյան համակարգային կառավարման հարցում: Այս առումով մեր հոդվածն առաջարկում ենք որպես ձեռնարկ այն ընթերցողին, որը շահագրգռված է, որ ինքը և իր երեխաներն ապրեն քաղաքակիրթ երկրում: Մեր ներկայացրած մշակութային և համակարգային պարզ վերլուծության գործիքները կարող են ծառայել «թացը չորից տարբերելուն», հասկանալուն, որ սրիկան հանկարծ ազգանվեր մարդ դառնալ չի կարող, որ մարդը կարող է լինել քաղաքական պոռնիկ` մի օր լինել ֆիդայապետ, մյուս օրը դառնալ կոմերիտական ագիտատոր, հաջորդիվ` ոստիկան, միաժամանակ դառնալ ստվերային օլիգարխ և հանցագործ սինդիկատների հովանավոր: Բայց այս տեսակ ղեկավարներ ունենալը հավասար է դժոխքում ապրելուն: Այս պատճառով ավելի խելամիտ է ընտրությունների ժամանակ ձայնը տալ վերոհիշյալ տեսակի մշակութային արատներ չունեցող թեկնածուին` նույնիսկ համոզված լինելով, որ նա չի հաղթելու: Հասարակության ահա ա՛յս տեսակի զգոն, համակարգված մտածելու և իրեն շրջապատող աշխարհի հանդեպ կշռադատված («доверяй – но проверяй») մոտեցման հաշվին է, որ զարգացած Արևմուտքի երկրներում գոյություն ունի քիչ թե շատ կայացած ժողովրդավարություն` իրավական պետության հատկանիշներով: Տրամաբանության ելակետն այս մշակույթների մեջ այն է, որ բոլոր մարդիկ ըստ էության ընչաքաղց են (նաև «հերոսները»), և հարկ է նրանց աշխատանքը զանազան մեխանիզմների միջոցով վերահսկողության տակ պահել (հավասարակշռման և արգելակման մեխանիզմներ): Քաղաքական հաջողված այլ մեխանիզմներ մեզ հայտնի չեն:

Վերադառնալով Բաբկեն Վարդանյանի մշակութային մոդելին` նաև հարկ ենք համարում ավելացնել, որ այն մոտ ապագայի համար իրատեսական չէ: Հաշվի առնելով «մշակույթի գիրոսկոպիկ էֆեկտը»` հաստատված մշակույթը փոփոխության ենթարկելու քաղաքական հզոր կամքի առկայության դեպքում իսկ, Հայաստանի իշխանության մեջ նման մշակույթ ներդնելը կպահանջի տասնյակ տարիների տևական աշխատանք, սերնդափոխություն և արտաքին ու ներքին քաղաքական կայունություն: Ներկայիս հայաստանյան կառավարման մշակույթը և նրա վարած մշակութային «ավետարանչական» քաղաքականությունը չեն կարող անհետևանք մնալ գալիք սերունդների և նրանց իրականացնելիք կառավարման բնույթի վրա: Մշակույթին նվիրված մեր բաժնում մենք հատուկ հիշատակեցինք «մարդու և մշակույթի փոխադարձ պարուրաձև փոխազդեցությունը»: Հաշվի առնելով մշակույթի հիշյալ վերարտադրական հատկությունը` մենք, ցավոք, մոտ ապագայում համակարգային լուրջ փոփոխությունների երաշխիքներ չենք տեսնում: Հայաստանի իշխանությունները խրախուսում են իրենց համակարգին նման մթնոլորտ` այսպիսով նոր կադրեր պատրաստելով, միտված ներկայիս իշխող համակարգի վերարտադրմանը: Եթե ապագայում նույնիսկ ունենանք իշխանության այլ համակարգ, որը կփորձի փոփոխության ենթարկել ներկայիս համակարգի մշակույթը, ապա դա կպահանջի տասնյակ տարիների ջանքեր և հսկայական ռեսուրսների ներդրումներ: Այս առումով Հայաստանում ներկա պահին գոյացած մշակութային իրականությունն իր մասշտաբներով հավասարազոր է միջուկային աղետի:

Չէինք ուզենա հոդվածն ավարտել այս վատատեսական կանխագուշակմամբ: Ելք ամեն իրավիճակից միշտ էլ կա: Մեր կարծիքով, ստեղծված իրավիճակից ելքը զգոնությունն է, կեղծ քարոզչությունը մերժելը, ղեկավար ընտրելիս նրա անցյալը, ներկան և նրա խոստացած ապագան իրար կողքի դնելը և քննադատական վերլուծության ենթարկելը: Այս գիտակցությունն անխուսափելիորեն արմատավորվելու է մեզնից շատերի մեջ, սակայն հարցն այն է, թե այն գալու է միմիայն կյանքի դառը փորձով և ինքնաբերաբա՞ր, թե՞ մենք ի վիճակի կլինենք ապագայում մեր մեջ գտնել կամ ստեղծել առաջնորդ, ով կփորձի համակարգված պետական մոտեցումներով խթանել և արագացնել այս գործընթացը, նույնիսկ եթե այս գործողություններով զոհաբերի զբաղեցրած քաղաքական դիրքը և պաշտոնը: Հոդվածն ամփոփելով` ցանկանում ենք ընթերցողի ժպիտը հետ բերել` մեր քննարկած (և ոչ միայն) մշակույթին վերաբերող մի հիանալի հարցազրույցի միջոցով, որն «Ազատություն» ռադիոկայանին տվել էր գրող Գուրգեն Խանջյանը14:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան իշխանության` Բաբկեն Վարդանյանի բերանով առաջարկվող մշակույթն արժանահավատություն չի ներշնչում, այն հակասում է և համադրելի չէ հայաստանյան իշխանական համակարգի հետ: Ուստի, մենք Վարդանյանի մշակութային մոդելը համարում ենք ազգաբնակչությանը երկրի իրական պրոբլեմների գիտակցումից հեռու պահելու տեխնոլոգիա, իշխանությունների կողմից Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրներին լուծումներ տալուց խաբս տալու և սեփական շահը սպասարկելու միջոց:

Վարդանյանական մոդելը հայաստանյան իշխանական համակարգում ներդնելը, իրական ցանկության առկայության դեպքում իսկ, մոտ ապագայում իրատեսական չէ, քանզի մշակութային փոփոխություն իրականացնելը կպահանջի երկար ժամանակ, համընդհանուր հանրային կամք, արտաքին և ներքին կայունություն: Ելքն այս վիճակից Հայաստանի քաղաքացիների համար քաղաքական ձեռքբերովի գրագիտությունն է, որը ժամանակի հետ միայն կարող է առաջանալ, և որը հնարավոր է` իր հետ կբերի նոր ղեկավարներ, որոնք կցանկանան արագացնել ազգաբնակչության մեջ քաղաքական գրագիտության համատարած կայացումը: Հայաստանի ներկայիս իշխանական համակարգից, ամեն դեպքում, այսպիսի փոփոխություններ իրականացնելու կամք, ցանկություն, պատրաստակամություն ակնկալելու հիմքեր չունենք, որովհետև մշակութային ներկայիս մոդելը փոխելու դեպքում իշխանական համակարգն ինքն իրեն կփլուզվի:


1W. R. Bion, Experiences in Groups (London, 1980), p. 66.

2Այս օրինակներով հեղինակը չի պնդում, թե այս մտածելակերպը հատկանշական է բոլոր հայերին: Մտածելակերպի այս օրինակը հեղինակի անձնական կարծիքը չի արտահայտում, այլ լոկ մեր իրականության մեջ առկա երևույթի արձանագրում է: Մշակույթի բուն էությունը հասկանալու և ընկալելու նպատակով մենք չենք խորշի իրական լեզվագործածության նրբերանգներից և կներկայացնենք խոսակցական լեզուն` իրականությանը հնարավորինս համապատասխան կերպով. սա հումո՞ր է, գռեհկաբանությո՞ւն, թե՞ գռեհկաբանության արձանագրում` թողնում ենք ընթերցողի դատին: Նման մտածելակերպը, արտահայտչամիջոցները լավ են, թե վատ, նույնպես թողնում ենք ընթերցողի դատին: Մեր կարծիքով` սրանք մեր իրականության մեջ համատարած երևույթներ են, և սրանցից խորշելով` մենք կստեղծենք մեր կյանքում գոյություն չունեցող, մտացածին մի իրավիճակ, ինչը մեր հոդվածի նպատակը չի հանդիսանում: Այս հոդվածում մենք նպատակ չենք հետապնդում, «մաքրել մայրենի լեզուն աղբից» կամ «պահպանել մայրենի լեզվի անարատությունը»: Առօրյայում գործածվող լեզուն, ըստ մեզ, մեր մշակույթի անբաժան մասն է և նրա գլխավոր, որոշիչ գործոններից մեկը:

3Սրանք ընդամենը հորինված կերպարներ են, որոնք մեզ հնարավորություն են ընձեռում պատկերավորել մեր ասելիքը:

4Geert Hofstede, Cultures and Organisations. Software of the Mind. (London, McGraw-Hill, 1991), p. 9.

5Այս սահմանումներով մենք «հեծանիվ հնարելու» հավակնություններ չունենք, պարզապես տալով այսպիսի սահմանումներ` մեր հոդվածում կխուսափենք ծավալուն և կրկնվող ձևակերպումներից:

6Kurt Lewin, ‘Quasi-Stationary Social Equilibria and the Problems of Permanent Change’ (1947), p. 39-44.

7L.W. French and C.H Bell, Organizational development: Behavior Science Interventions for Organization Improvement (Englewood Cliffs: Prentice Hall 1995), p. 113.

8V. Hope and J. Hendry, ‘Corporate cultural change; is it relevant for the organisations of the 1990’s’ Human Resource Management, 1996, 5, p. 61-73.

9J. A. Neuijen, Organisatiecultuur; een bedrijfskundige benadering (Deventer, Kluwer 1993), p. 23.

10S. Paul Verluyten, Intercultural Comunication In Business And Organisations (First Edition, Leuven 2000), p. 24-27.

11Hans Doorewaard en Willem de Nijs, Organisatieontwikkeling en human resource management (Lemma, Utrecht 2004), p. 98-99.

12ՀՀ Հանրապետական կուսակցությունը, որի նախագահն է Սերժ Սարգսյանը, պաշտոնապես իր գաղափարական հիմքը համարում է Գարեգին Նժդեհի ազատական կողմնորոշմամբ գաղափարախոսությունը:

13http://www.hraparak.am/2011/04/06/aranc-pampushti-krvi-en-elel/, http://www.aysor.am/am/news/2011/02/01/sardarapat/

14http://www.azatutyun.am/video/24253346.html?isArticle=1

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am