Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Հուլիս 2011, N 7

ՀԱՅՈՑ ԳՈՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՑՈՒՑԱԴՐՄԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԳԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Աշխունջ Պողոսյան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ

Հայկական լեռնաշխարհում ոստայնանկությունը՝ այդ թվում նաև գորգագործությունը, հայտնի էր Ք.ա. IV-III հազարամյակներից: Այն հազարամյակներ շարունակ եղել է հայոց ուղեկիցն ու տարբեր դարաշրջաններում ունեցել զարգացման տարբեր մակարդակներ: Ք.ա. XIII-XIդդ. վերաբերող Արթիկի դամբարանադաշտից հայտնաբերված կարպետի ու Երևանին մերձակա Կարմիր բլրից հայտնաբերված գորգի պատառիկը փաստում են այդ զբաղմունքի հետագա զարգացումների մասին: Կարմիր բլրից հայտնաբերված գորգի պատառիկի ու մյուս գործվածքների առաջին ուսումնասիրող ու հրատարակիչ Ա.Ս. Վերխովսկայան, պարզելով դրանց տեխնիկատեխնոլոգիական հատկանիշները, շեշտել է դրանց կատարման բարձր որակն ու նրբությունն ու հանգել այն եզրակացության, որ Ք.ա. VIII-VIIդդ. Վանի թագավորության տարածքում` այդ թվում Արարատյան դաշտավայրում, գոյություն են ունեցել զարգացած ոստայնանկություն, մասնավորապես գորգագործություն ու ասեղնագործություն1: Արդեն VII-XIVդդ. գորգագործությունը Հայաստանում կարևոր նշանակություն ունեցող տնտեսական զբաղմունք է եղել, որն էլ Հայաստանի արտաքին առևտրի կարևորագույն տարրերից էր ու զգալի նպաստ էր բերում երկրի տնտեսական զարգացման գործին2:

IX-XIIդդ. արաբ մի շարք մատենագիրներ՝ Աբու-լ Քասիմը, Աս- Սաալիբին, Իբն Ռուստեն, Ալի ալ-Մասուդին, Մաքրիզին, Աբու Բեքր ալ-Մուքադասին և այլք, բազմիցս նշում են այդ դարաշրջանում հայկական գորգերի բարձր վարկանիշ ու մեծ պահանջարկ ունենալու հանգամանքը3: Xդ. ապրած Աս-Սաալիբին տեղեկացնում է, որ այդ դարաշրջանում առավել բարձր գնահատվում էին հայկական գորգերը4: Դրանք հարստության, հասարակության մեջ անհատի գրաված դիրքի չափանիշ էին համարվում արաբական խալիֆաթի վերնախավի շրջանում5: Այդ դարաշրջանի սկզբնաղբյուրներում հիշատակվում է նաև, որ հայկական գորգերը արաբական խալիֆաթում հայտնի էին հենց «հայկական գորգ» անվամբ, ու բացի այդ էլ, համարվում էին գորգագործական որևէ կենտրոնի արտադրանքի որակի մասին պատկերացում տալու չափանիշը: Մասնավորապես` ալ-Իսթահրին X դարում ապրած այդ աշխարհագիրը, հաղորդում է, որ «գովում էին նաև Իսֆահանում գործած գորգերը` այն պատճառով, որ նրանք մյուսներից ավելի շատ էին նմանվում հայկական ճոխ գորգերին»6:

Արաբական սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկություններից հայտնի է դառնում նաև, որ այդ դարաշրջանում Հայաստանում գորգագործության հանրահայտ կենտրոններ էին Բարձր Հայքը, Վասպուրականը, Այրարատը, Արցախը, Սյունիքը, որոնք, ի դեպ, իբրև այդպիսին էլ մնացին մինչև XX դարի սկզբները, իսկ Արցախն ու Սյունիքը՝ մինչ մեր ժամանակները ներառյալ: Ըստ այդ նույն տեղեկությունների, հայկական գորգերի առանձնահատուկ լինելը բացատրվում էր դրանց գունային հարուստ երանգների ներդաշնակությամբ, գեղազարդման մանրամասների ինքնատիպությամբ, հումքի լավագույն հատկություններով ու կատարման տեխնիկայի բարձր մակարդակով: Արաբական աղբյուրները վկայում են, որ հայկական գորգերին առանձնակի հռչակ էին հաղորդում հանրահայտ «որդան կարմիր» ներկանյութից ստացված կարմիր գույնի երանգներն ու համբավավոր բուրդը7:

Ընդհանուր առմամբ, եթե խոսելու լինենք հայոց գորգերին բնորոշ առանձնահատկությունների մասին, ապա ի շարս մի քանիսի, պետք է կարևորենք առաջին հերթին հորինվածքների ու առանձին նախշերի ոճավորվածությունը: Դրանք իրականում խորհրդանշաններ են ու իմաստավորում են հայոց ավանդական, հնամենի ծիսա-պաշտամունքային պատկերացումների մի ամբողջ շարք՝ կապված կյանքի ու բնության հավերժության ու առհասարակ, աշխարհընկալման համակարգի հետ: Գորգն ինքնին կենցաղային պարզ առարկա չէր, այն ի սկզբանե ունեցել էր ծիսապաշտամունքային նշանակություն ու նաև դրանով է պայմանավորված գորգի կարևորությունը հայոց մշակութային ժառանգության համակարգում: Այսպիսով՝ գորգը ազգային կերպն ու նկարագիրը ներկայացնող մշակութային մի ֆենոմեն է, ուստի մեր պատմության ու մշակույթի ուսումնասիրման կարևոր աղբյուր, ու մանավանդ, պատմամշակութային բացառիկ արժեք է:

Անշուշտ, հենց այդ հատկանիշների պատճառով էլ գորգը ուսումնասիրողների շրջանում կարևորված է XIXդ. կեսերից և այդ ժամանակներից ի վեր էլ իտական շրջանառության մեջ են առևտրականների կողմից արևելյան գորգերին ու կարպետներին տրված ապրանքային անվանումներ, որոնք հիմնականում մատնանշում էին առևտրով հայտնի քաղաքներ ու տարածաշրջաններ: Արտերկրի ուսումնասիրողներն էլ, պատկերացում չունենալով գորգագործական տարածաշրջաններում ապրող ժողովուրդների տնտեսամշակութային հատկանիշների մասին, հենց այդ անվանումներով էլ ներկայացրել են արևելյան, և մասնավորապես, կովկասյան գորգերի ծագումնաբանությունը: Դրա հետևանքով էլ հայկական գորգերի ու կարպետների բազմաթիվ տիպեր վերագրվեցին այլ ժողովուրդների, շրջանառության մեջ դրվեցին «մուսուլմանական գորգ», «սելջուկյան գորգ» ու մանավանդ «քոչվորական գորգ» հասկացությունները: Հետագայում, այս բառեզրերը միտումնավոր կերպով նպատակամղվեցին իսլամական և, մասնավորապես, թուրք-սելջուկյան մշակույթի նշանակության ուռճացմանն ու դրա դերի չափազանցմանը, ինչպես գորգարվեստի բնագավառում, այնպես էլ Հարավարևմտյան Ասիայի ժողովուրդների մշակութային համակարգում առհասարակ8:

Փաստորեն, այդ տեսության հետևորդները, զարգացնելով պանթուրքիզմի գաղափարախոսությունը, սելջուկ-թուրքմենական և մոնղոլական վաչկատուն ցեղերի տարածաշրջան ներթափանցումը ներկայացնում են իբրև պատմական Հայաստանում և Փոքր Ասիայում տնտեսության ու մշակույթի զարգացման, իսկ որոշ արհեստների՝ մասնավորապես գորգագործության առումով` նաև սկզբնավորման գործոն:

1920-ական թթ. սկսած, թուրք ազգի ձևավորման գործընթացին զուգահեռ, Թուրքիայի պետական մարմինների կողմից նոր ու բացառիկ ուշադրության արժանացավ Թուրքիայի և թուրքերի պատմության ու մշակույթի ստեղծման խնդիրը: Դա դիտարկվեց որպես ստրատեգիական նշանակության հիմնահարց: Անհրաժեշտ էր փոխել միջազգային հանրույթի գիտակցության մեջ արմատացած այն պատկերացումը, ըստ որի տարածաշրջանում եկվոր թուրքի կերպարը խորհրդանշում է առաջին հերթին բարբարոսություն, ավեր ու եղեռն: Եվ այդ առումով հատկապես, ընկալվեց ու կարևորվեց գորգարվեստը, որն ավանդաբար ունեցել է և ունի մշակութային բարձր վարկանիշ:

Թուրքիայի ու թուրքերի պարագայում, այդ կարևոր հանգամանքից բացի, անշուշտ, հաշվի էին առնված նաև այդ ասպարեզում արդեն իսկ եղած ձեռքբերումները՝ մասնավորապես գիտնականների ու առևտրականների միջավայրում վերոհիշյալ հասկացությունների առկայությունը: Արդեն 1930-40-ական թվականներին Թուրքիայի թանգարաններում ստեղծվեցին գորգերի խոշոր հավաքածուներ, գիտահետազոտական կենտրոններ, համալսարանական ամբիոններ և հայտնվեց նաև վերը ասված նպատակների իրականացմանը նպատակամղված գիտնականների մի մեծ խումբ (Օ.Ասլանապա, Շ.Եդկին, Բ.Բալփինար, Ն.Դիարբեքիրլի և այլն): Դրանց ջանքերով էլ անընդհատ փորձ է արվել ու արվում ժխտել գորգագործությամբ հայերի ավանդաբար զբաղվելու և այդ ասպարեզում որևէ մի նշանակություն ունենալու փաստը:

Իր «ազգանվեր» գործն է կատարել նաև Լյաթիֆ Քերիմովը, որի անունն է արժանիորեն կրում Բաքվում գտնվող «ադրբեջանական» գորգի հսկա թանգարանը: 1980-ական թթ. սկզբներին ադրբեջանական գորգերին նվիրված բազմահատոր «ուսումնասիրություններով» այս անհատը, հերքելով «հայկական գորգ» հասկացությունն առհասարակ, Կովկասում հայտնի բոլոր տեսակի գորգերին հարմարեցրել է թուրքական տեղանուններ և դրանք ներկայացրել իբրև ադրբեջանցիների մշակութային ժառանգություն:

Մեր ժամանակներում թեև մի շարք ուսումնասիրողների կասկածելի են թվում այդ բոլոր անվանումների հիմնավորումները, այդուհանդերձ, «քոչվորական գորգ», «մուսուլմանական գորգ» և «սելջուկյան գորգ» հասկացություններն ու Քերիմովի կողմից շրջանառության դրված անվանումները մնում են գիտական շրջանառության ոլորտում:

Այսպիսով, ակնհայտ է, որ գորգը, իբրև պատմամշակութային և տնտեսական բացառիկ կարևորություն ներկայացնող առարկա, վաղուց ի վեր, շահագրգիռ երկրներում պետական հատուկ ուշադրության ոլորտում է, որի արդյունքում էլ, հայոց մշակութային ժառանգության այդ ինքնատիպ մասը ներկայացված է որպես թուրքական ցեղերի մշակույթ:

Անտարակույս, այդ ցեղերին անհայտ չէր գորգագործական մշակույթը: Սակայն ակնհայտորեն այն չուներ զարգացման այն մակարդակն ու տեխնիկատեխնոլոգիական և գեղարվեստական հատկանիշները, որոնցով բնորոշվում էին Արևելքի շուկաներում բարձր հեղինակություն ու պահանջարկ վայելող հայկական գորգերը: Սա մենք չենք ասում` սա նկատվել ու արձանագրվել է մեզնից շատ ավելի առաջ:
Ահավասիկ` Հայաստանի հարևան Ատրպատականի էմիր Յուսուֆ աբու- Սաջը 911թ. իր դեմ թշնամացած Մուքտադիր խալիֆի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով, ի շարս այլ նվերների, մատուցում է նաև հայկական յոթ գորգ9, իսկ Ղազնևիդյան սուլթան Մահմուդը XIդ. սկզբներին թուրքմենական ցեղերի առաջնորդ Կադր խանին է նվիրում հայկական գորգ և այլ գորգեր10: Հայկական գորգերը այլ գորգերի շարքում հենց «հայկական» բնորոշումով էլ հիշատակված են նաև սուլթան Մահմուդի որդու՝ Մասուդի ստացած նվերների ցուցակում, որոնք վերջինս ստացել էր Խորասանի կառավարիչ Սուրիից11: Այս բոլոր դեպքերում էլ, անկախ Հայաստանից հեռու կամ մոտիկ լինելուն, նվիրատուները իշխում էին գորգագործության ավանդույթներով հարուստ, քոչվոր ու կիսաքոչվոր ցեղերով բնակեցված երկրներում, բայց, այդուհանդերձ, կարևորագույն խնդիրներ լուծելու հարցում նրանք նախապատվությունը տվել են հայկական գորգերին:

Այսպես էր ժամանակին գնահատվում հայոց գորգը` երբ Հայաստանում գոյություն ուներ պետականություն, կամ էլ գոյություն ունեին թեկուզ և կիսանկախ իշխանական կազմավորումներ:

Հայաստանում գորգը կարևորելու և գորգի թանգարան ստեղծելու գաղափար առաջացավ Առաջին հանրապետության ժամանակաշրջանում: Մենք չենք զարմանում, որ ազգային շահերին հետամուտ կառավարությունը այդ աներևակայելի ծանր ժամանակաշրջանում միջոցներ գտավ ու 1920 թվականի սեպտեմբերին Ալեքսանդրապոլում բացվելիք «Ժողովրդական գեղարվեստի ուսումնարանին» կից ստեղծվելիք «գեղարվեստական - արդյունաբերական թանգարանի» համար ձեռք բերեց «հարյուրից ավելի ընտիր գորգեր, կարպետներ և ուրիշ գործվածքներ»12: Իշխանություններն ուրեմն, ունեին այդպիսի ծրագիր, և երևի բոլորիս է հայտնի այդ ծրագրի չիրականացման պատճառը: Իսկ այն, որ այդ ժամանակ որը համարվում էր մշակութային կարևորագույն արժեք, վկայում է այն հանգամանքը, որ Առաջին հանրապետության կարճատև գոյության ընթացքում կար «գեղարվեստական բացառիկ արժեք ունեցող գորգերը երկրից դուրս չտարվելու համար ստեղծված հատուկ հանձնախումբ», առանց որի թույլտվության արգելվում էր ցանկացած գորգի արտահանումը13:

Զարմանալիորեն, Խորհրդային Հայաստանի պաշտոնական մարմինների կողմից մոտ վաթսուն տարի անց կրկին հասկացվեց գորգի պատմամշակութային կարևորությունն ու գորգի թանգարան հիմնելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով էլ, կառավարության կողմից կատարված ֆինանսական լուրջ հատկացումների շնորհիվ, կարճ ժամանակահատվածում ստեղծվեց Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ավելի քան երեք հազար միավոր պարունակող գորգերի և կարպետների խոշորագույն հավաքածուն: Դրան զուգահեռ, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 3.11.1981թ. թիվ 645 որոշումով գորգի թանգարանի համար հատկացվեց Էջմիածին քաղաքում՝ Մայր Աթոռի մերձակայքում գտնվող, 1913 թվականին Հ. Մանթաշյանի միջոցներով կառուցված շենքը:

Ապագա թանգարանի պահանջները հաշվի առնելով, «Հայպետնախագիծ» ինստիտուտի թիվ 6 արվեստանոցում, ճարտարապետներ Հ.Պողոսյանի և Ա.Թարխանյանի ղեկավարությամբ կազմվել էր շենքի վերակառուցման նախագիծը: Ամեն ինչ այնքան իրական ու տեսանելի էր, որ անգամ կազմվեցին ապագա ցուցադրության նախագիծն ու թանգարանի առաջիկա անելիքների ծրագիրը14: Հենց այդ տարիներին էլ ստեղծվեց բազմիցս շեշտված գորգերի հավաքածուն: Դժբախտաբար, շինարարական աշխատանքները իրենց ավարտին չհասան, և ֆինանսավորման բացակայության, ինչպես նաև նախագծում հայտնաբերված ինժեներական սխալների պատճառով 1989-90 թվականներից դրանք կանգ առան: Ի հավելումն դրան, 1993 թվականին ՀՀ մշակույթի նախարարության հաշվեկշռից շենքը հանվեց և իբրև սեփականություն հանձնվեց Մայր Աթոռին:

Իհարկե, այս անգամ էլ զարմանալու բան չունենք` վերջին երկու տասնամյակում Հայաստանում չկա ազգային շահերին, մասնավորապես մշակութային շահերին հետամուտ իշխանություն` իշխողը համաշխարհային համահարթեցման գաղափարն ու եվրոպաներին և չգիտես էլի ինչերին նմանվելու տենչն է: Ամեն ինչ արվում է, որ հանկարծ որևէ ազգային հատկանիշ ու պատմամշակութային հասկացություն և մեզ մեր ազգային ինքնությանը տանող ցանկացած այլ քայլ չկատարվի:

Իսկ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարներն ու կառավարությունը բազմիցս տեղեկացվել են հայոց գորգի պահպանման և ուսումնասիրման ու հայոց գորգի թանգարան-հետազոտական կենտրոն հիմնելու անհրաժեշտության մասին: Հարցը անցյալ տարի քննության առարկա էր դարձել նաև ՀՀ Հանրային խորհրդում: Այդտեղ էլ այն չանցավ` հակահայկական լոբբին այդտեղ ներկայացնողը Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն, մշակույթի նախկին փոխնախարար Անելկա Գրիգորյանն էր:

Իսկ այս ամենի արդյունքը մեր աչքի առաջ է` գորգի թանգարան Հայաստանում դեռ չկա ու չկա նաև հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրմամբ զբաղվող որևէ հաստատություն: Թող իմացվի` Ադրբեջանում կա այդպիսի 12 թանգարան ու հետևաբար նաև «ուսումնասիրողների» անհաշիվ քանակություն:

Մինչդեռ, ինչպես նշեցինք, 1980-ական թթ. հատուկ այդ նպատակի համար հավաքված, XVII-XXդդ. թվագրվող բացառիկ նմուշներ պարունակող ու հայոց գորգագործական մշակույթի բոլոր կենտրոններին վերաբերող ավելի քան երեք հազար գորգ ու կարպետից բաղկացած հավաքածուն Հայաստանի ազգագրության ու ազգային ազատագրական շարժման պատմության թանգարանում պահվում է ծայրեծայր լցված, շատ խիտ դասավորված դարակներում: Իսկ կոնկրետ դեպքում խոսքը պատմամշակութային նշանակության ազգային արժեքի մասին է, որի նմանի ստեղծումը գործնականում արդեն անհնար է: Ընդ որում, այդտեղ արդեն ավելի քան վեց տարի է, ինչ վերացված է հանրապետությունում միակը եղած գորգի բաժինն ու չկա գորգի թեկուզ և մեկ մասնագետ: Այստեղ էլ տնօրինողը մշակույթի նախկին փոխնախարար է` Կարեն Արիստակեսյանը:

Հարց է առաջանում` հայոց գորգերին վիճակված այս պայմանների դեպքում, ինչպե՞ս և ո՞վ էր բացահայտելու դրանց ծագգումնաբանական խնդիրներն ու ո՞վ պետք է կարևորեր դրանց տեղը արևելյան գորգի համակարգում: Ոչ ոք` քանի որ արտերկրների ուսումնասիրողների մեծ մասը իրականացնում է թուրքական պատվերը:

Դա միայն մեզ պետք է հետաքրքրի, դա մեր պատմամշակութային ժառանգությունն է, հարգելիներս, ուրիշներն ինչո՞ւ պետք է մեզ համար իրենց «կոտորեն»:

Ի դեպ, ներկա իրավիճակի մասին շատ լավ պատկերացում է տալիս մոտ 2400 տարի առաջ գործված հանրահայտ «Պազիրիկ» գորգի ծագումնաբանության շուրջ հատկապես վերջին երկու-երեք տասնամյակներում ծավալված բանավեճը: Ուսումնասիրողների մի ստվար զանգված ձգտում է այն վերագրել գորգագործական մշակույթով հայտնի և կամ նույնիսկ այդպիսին ձևացնող մի ամբողջ շարք էթնիկական հանրույթների` թուրքերին, չինացիներին, պարսիկներին, ադրբեջանցիներին և այլն, բայց ոչ երբեք հայերին15: Դրանցից մի քանիսը հնարավոր են համարում «Պազիրիկի» քրդական ծագումը16: Ուլրիխ Շուրմանի և Յոլկմար Գանցհոռնի կողմից այդ գորգին հայկական ծագում վերագրելը համարվում է պահի տակ ասված հաճոյախոսություն, անլուրջ և «զգացմունքային»17:

Մինչդեռ այս գորգն իր գեղազարդման համակարգի հատկանիշներով առավելապես համապատասխանում է հենց հայոց գորգագործական մշակույթի ավանդույթներին18: Այս գորգի գեղազարդման հիմնական տարրերը կարելի է տեսնել Էրեբունի ամրոցի որմնանկարներում, հայոց միջնադարյան մանրանկարներում, XIII-XXդդ. վերաբերող հայկական գորգերի հորինվածքներում և այլն: Տեխնոլոգիական առումով էլ` հանգույցները կրկնակի են, իսկ հանգույցի այդ տիպն, օրինակ` Իրանում անվանված է «արմանի բաֆ»` այսինքն «հայկական աշխատանք»19, կարմիր գույնի երանգներն էլ ստացված են Արարատյան դաշտի «որդան կարմիր» ներկանյութից20: Այս ամենի համար էլ մենք «Պազիրիկը» համարում ենք մինչ մեր ժամանակները պահպանված հայոց հնագույն գորգը: Սակայն, բանն այն է, որ մեր այս ասելը` այն էլ միայն հայերեն լեզվով, նշանակում է ոչինչ էլ չասել:

Ասողը պետք է ասի բազմալեզու, տասնյակ տարիներ շարունակ ու այն ուղեկցի մասնագետների պատրաստման, հրատարակչական, ցուցահանդեսային, քարոզչական ու այլ լայնածավալ աշխատանքներով: Դա, բնականաբար, պետության ու նրա ստեղծած ու նրա հովանու ներքո գործող հաստատության անելիքն է:

Այնուամենայնիվ, առայժմ Հայաստանում հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման, հայկական գորգի պահպանման ու ցուցադրման, արևելյան գորգի համակարգում դրա արժևորման հիմնահարցերի բացահայտման համար առանձնապես շատ բան չի պակասում, համենայնդեպս, դեռևս կա ամենակարևորը` գորգերի ու կարպետների վերը նշված հավաքածուն: Անհրաժեշտ է միայն հիմնել այն պահպանող, ցուցադրող և ուսումնասիրող հաստատությունը` հայոց գորգի թանգարան-գիտահետազոտական կենտրոնը:

Երկու խոսքով ներկայացնենք Հայոց գորգի թանգարան - գիտահետազոտական կենտրոնի մեր պատկերացրած գործառույթների համառոտ նկարագիրը:

* Անշուշտ, այն պետք է լինի Երևանում ու իր հետագա զարգացումների ընթացքում մասնաճյուղեր ունենա Հայաստանի գորգագործական կենտրոններում, մասնավորապես՝ Արցախում, Սյունիքում, Սևանի ավազանում, Տավուշում, Գուգարքում (ավելի կոնկրետ` Շուշիում, Գորիսում, Գավառում, Իջևանում, Դիլիջանում): Հարգելի ընդդիմախոսներ, ոչ մեկը թող չանհանգստանա, ոչ մի թանգարանից ոչ մի բան չի պահանջվելու. ինչպես արդեն ասվեց, հատուկ այդ նպատակով ստեղծված հավաքածու կա, իսկ պահանջվելու դեպքում էլ որոշողը կառավարությունն է, քանի որ թանգարաններում եղած ամեն ինչ ազգային սեփականություն է, իսկ տնօրինողն էլ կառավարությունն է և ոչ թե այսրոպեական ոչ մասնագետ տնօրենները:

* Կենտրոնը որի հավաքածուները լիարժեքորեն պահելուց և ցուցադրելուց զատ պետք է ունենա գիտահետազոտական պատշաճ ներուժ և դառնա հայոց գորգագործական մշակույթը արևելյան գորգի համակարգում արժևորելուն նպատակամղված հաստատություն:

* Կենտրոնին կից պետք է ստեղծվի գորգի պահպանման ու վերականգնման արվեստանոց - լաբորատորիա, որտեղ կվերականգնվեն պատմամշակութային կարևորություն ներկայացնող գորգերի ու կարպետների վնասվածքները, կմշակվեն այդ աշխատանքները որակյալ կատարելու միջոցներ ու տեխնոլոգիաներ:

* Կենտրոնին կից ենթադրում ենք Գորգագործական փորձարարական արվեստանոցի և օրգանական ներկանյութերի ստացման լաբորատորիայի ստեղծում: Մենք կարևորում ենք օրգանական ներկերով ներկված և բրդե հենքաթելերով գործված բարձր պահանջարկ վայելող հայոց ավանդական գորգերի խմբաքանակային արտադրությունը և այդ ասպարեզում միջազգային շուկայում տիրապետող դիրք գրավելը՝ այնպես, ինչպիսին որ կար միջնադարում:

Ենթադրում ենք, որ այդօրինակ թանգարանը ի վիճակի է մի քանի տարի հետո դառնալ գորգի ուսումնասիրման ասպարեզում համաշխարհային ճանաչում վայելող, ինքնաբավ հաստատություն:

 


1См. Т. С. Хачатрян, Древняя культура Ширака, Ер., 1975, стр. 251, А. С. Верховская, Текстильные изделия из раскопок Кармир-Блура. - Кармир-Блур, III, результаты работ 1951-1953гг., Ер., 1955, с. 67: Այդ նմուշները պահվում են Հայաստանի պատմության պետական թանարանում, Հառիճից հայտնաբերվածը` N. 2113/6013 և Կարմիր բլրից հայտնաբերվածը` N. 2051/39:

2 Я. Манандян, О торговле и городах Армении в связи с мировой торговлей древних времен. Труды, т. VI, Ер.,1985, էջ 162, Հ. Զորյան, Արաբական շրջանում ֆեոդալական Հայաստանի քաղաքի և գյուղի միջև ստեղծված հակադրությունը, Եր.,1928, էջ 25-38:

3Сведения арабских письменных источников об Армении и Азербайджане. Перевод и комментарии Н. А. Караулов. Сборник материалов для описания местностей и племен Кавказа, вып. 29, Тифлис, 1901, вып. 32, Тифлис, 1903.

4 А. Мец, Мусульманский ренессанс, М.,1973, էջ 369:

5Նույն տեղում:

6 А. Мец, նշվ. աշխ., էջ 369: Տես նաև` Արաբական աղբյուրներ, Գ, արաբ մատենագիրներ, Թ-Ժ դարեր: Ներածությունը և բնագրերից թարգմանությունները` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Տեր-Ղևոնդյանի, Երևան, 2005, էջ 424, 574 և այլն:

7 А. Мец, նշվ. աշխ., էջ 349, 369:

8 Kurt Erdman, Die Geschichte der fruher Turkische tepiche, Londra,1977, էջ,14, Yetcin Serare, Yarlu Caucasian Carpets in Turkey, yolum 1,2, London,1978, էջ 10-15, նույնը՝ Yetcin Serare Historikal Turkish Carpets, Istanbul,1981: Այս մասին տես նաև՝ V.Gantzhorn, նշվ.աշխ., էջ 25-58, Manya Ghazarian, Armenian Carpet, Los Angeles, 1988, էջ 8-14: Poghosyan Ashkhunj, Carpets. - Armenian Folk Arts, Clture and Identity, Ed. bu L.Abrahamian and N.Sweezy, Bloomington and Indianapolis, 2001, էջ 150-165, Ա. Պողոսյան, Հայաստանում գորգագործության ծագման հարցի շուրջ, - Պատմաբանասիրական հանդես, 2001, N 2, էջ 237, 244 - 245:

9 Н. Марр, Ани, էջ 237- 238, տես նաև А. Мец, նշվ. աշխ., էջ 369:

10 В. В. Бартольд, Туркестан в эпоху монгольского нашествия. Сочинения, т.1, М., 1963, էջ 345-346:

11 Абу-л Фазл Бейхаки, Тарих-и- Бейхаки. Перевод под редакцией А.А.Ромаскевича.- Материалы по истории туркмен и Туркмении, т. 1, Арабские источники 8-15 -ых вв., М.-Л., 1939, էջ 238:

12 Ս. Վրացյան, Հայաստանի հանրապետութիւն, Բեյրութ, 1958, էջ 433:

13 Ռուբեն Դարբինյան, Կյանքիս գրքեն (հատված հուշերից), Դրոշակ, 2007, թիվ 1, հունիս, էջ 11:

14 Տես` Ա.Պողոսյան, Հայկական գորգի թանգարան Էջմիածին քաղաքում.- Գիտություն և տեխնիկա, 1983, թիվ 7, էջ 30- 33:

15Տես` www.tcoletribalrugscom/articleSingapore Power_Pt.html:

16Նույն տեղում:

17www.tcoletribalrugscom/articleSingapore Power_Pt.html:

18 Ա. Պողոսյան, «Պազիրիկ» գորգի ծագումնաբանության մասին.- «Էջմիածին», նոյեմբեր-դեկտեմբեր, 2008, ԺԲ, էջ 63-79:

19 M. Javad Nassiri, The Persian Carpet, Napoli, 2002, էջ 25:

20 Л. С. Гавриленко, Р. Б. Румянцева, Д Н. Глебовская, Применение тонкослойной хромотографии и электронной спектроскопии для анализа красителей древних тканей. Исследование, консервация и ресставрация этнографических предметов. Тезисы доклада,Рига,1987, էջ17-18.


Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am