Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հուշեր

Հուշեր
Հուլիս 2011, N 7

ԲԱԴԱԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սուրեն Սարգսյան, հրապարակախոս, տնտեսագետ

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայկական ԽՍՀ պետական և կուսակցական գործիչ։

Ծնվել է 08.01.1915թ. Հայաստանի Հոկտեմբերյանի շրջանի Չիբուխչի գյուղում։

1937թ. ավարտել է Երևանի քիմիական տեխնիկումը։

1937-ից աշխատել է Երևանի կալցիումի կարբիդի գործարանում (հետագայում, ընդլայնվելուց հետո՝ Կիրովի անվ. կոմբինատ, իսկ մեր օրերում՝ «Նաիրիտ»)։

1948թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1953-55թթ.՝ Կիրովի անվ. կոմբինատի կուսկոմի քարտուղար։

1955-57թթ.՝ Երևանի Լենինյան կուսշրջկոմի առաջին քարտուղար։

1957-61թթ.՝ Կիրովի անվ. կոմբինատի տնօրեն։

1961-66թթ.՝ կուսակցության Երևանի քաղկոմի առաջին քարտուղար։

1966-72թթ.՝ Հայկ. ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ։

1972-76թթ.՝ «Նաիրիտի» տեխնիկական բաժնի պետի տեղակալ։

1976-82թթ.՝ «Նաիրիտ» կոմբինատի տնօրեն։

1982-91թթ.՝ Հայաստանի Պետպլանի նախագահի տեղակալ։

Վախճանվել է 1991թ., կյանքի 76-րդ տարում։

Բադալ Մուրադյանի կյանքի մեծ մասը կապված է եղել «Նաիրիտ» կոմբինատի հետ, որն ստեղծվել է կալցիումի կարբիդի և սինթետիկ քլորոպրենային կաուչուկի գործարանների հիման վրա։ 1937թ., Երևանի քիմիական տեխնիկումն ավարտելուց և կալցիումի կարբիդի գործարանում աշխատանքի անցնելուց հետո, Բ.Մուրադյանը երիտասարդ մասնագետների խմբի հետ միասին ուղարկվում է Լենինգրադ՝ սինթետիկ կաուչուկի գործարանում որակավորումը բարձրացնելու նպատակով։ Հաջորդ տարի Երևան վերադառնալով՝ նրանք բոլորն էլ ակտիվորեն ներգրավում են քլորոպրենային կաուչուկի գործարան ստեղծելու աշխատանքներում։ Հետագայում Բադալ Հմայակովիչը երկու անգամ եղել է կոմբինատի տնօրեն, ևս երկուսն այդ խմբից, երկուսն էլ՝ Նորայր, Բաբայան և Կարապետյան, աշխատել են որպես գլխավոր ինժեներներ։

Բացի հիմնական արտադրանքից՝ կաուչուկից, «Նաիրիտն» արտադրում էր ավելի քան քառասուն այլ արտադրատեսակներ, բայց Հայաստանի բնակչությանն առավել հայտնի էին հեղուկ ազոտն ու թթվածինը, որոնք կիրառվում էին բուժհաստատություններում, շինարարության մեջ, ինչպես նաև հանրահայտ ժավելը։ Ի դեպ, այն առաջին անգամ արտադրել են ոչ մեզ մոտ, այլ ֆրանսիական Ժավել գյուղում դեռ երկու հարյուր տարի առաջ։ Ամբողջ աշխարհում, բացի մեր «Նաիրիտից», ևս երկու գործարան կար, որոնք քլորոպրենային կաուչուկ էին արտադրում (մեկը՝ ԱՄՆ-ում, մյուսը՝ Ֆրանսիայում)։ Երկուսն էլ՝ «Դյուպոն» ֆիրմայի պատենտով։ Նման գործարաններ ստեղծելու ևս երկու փորձ (մեկը՝ ԽՍՀՄ-ում, Բայկալ լճի մոտ, մյուսը՝ Չեխոսլովակիայում) անհաջողության մատնվեցին։

Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հիմա անգամ չի կասկածում, որ «Նաիրիտին» է պարտական այն բանի համար, որ 1963թ. փետրվարի 23-ին Երևանի Լենինի հրապարակում հանդիսավոր կերպով հայտնվեց գազով վառվող ջահը և սկսվեց հանրապետության գազիֆիկացումը։ Քլորոպրենային կաուչուկի արտադրության ժամանակ ստացվող միջանկյալ արտադրանքը՝ ացետիլենը, սկսեցին ստանալ բնական գազից։ Բադալ Հմայակովիչը պատմում էր, որ մի անգամ, 80-ականների սկզբին, երբ խափանվում է Հայաստանին գազի մատակարարումը, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Տիխոնովը զանգահարում է Ադրբեջանի Մինիստրների խորհրդի նախագահին և խիստ տոնով պահանջում, որ սա իր աշխատասենյակից տեղափոխվի ու նստի գազի փականի կողքին։ Ահա այսպիսի նշանակություն էր տրվում ԽՍՀՄ-ում կոմբինատի աշխատանքին։

1961թ. Մուրադյանը նշանակվում է կուսակցության Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, իսկ 1966-ից՝ հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահ։ Հենց այդ տարիներին է բացահայտվում Բադալ Հմայակովիչի` խոշոր շինարարի և տնտեսական գործչի տաղանդը։

Այն ժամանակների արժանավորագույն մարդկանցից մեկի՝ Երևանի քաղգործկոմի նախագահ Գրիգոր Իվանի Հասրաթյանի հետ միասին նա կառուցում է ՋԷԿ-ը և «Հրազդան» մարզադաշտը, Նորքի զանգված տանող ճանապարհը, հանրապետական հիվանդանոցը, «Անի» հյուրանոցը, «Ռոսիա» կինոթատրոնը, թանգարաններ, էլ չենք խոսում բազմաթիվ բնակելի զանգվածների մասին։ Շինարարության նման թափ քաղաքը չէր տեսել ո՛չ մինչև այս ականավոր վարչարարները, ո՛չ էլ նրանցից հետո։

Կուզենայի նշել հետաքրքիր մի մանրամասն։ Կուսակցական մարմիններում գաղափարախոսական ուղղվածությունն ապահովում էր առաջին քարտուղարը, իսկ արդյունաբերական և տնտեսական հարցերը՝ քարտուղարներից մեկ ուրիշը։ Չէ՞ որ այն ժամանակ գլխավոր դերը հատկացվում էր գաղափարախոսությանը։ Հարկավոր էր ունենալ Բադալ Հմայակովիչի քաջությունն ու սթափ միտքը՝ տրաֆարետային այդ սխեման փոխելու համար։ Նա սկսեց ղեկավարել այն ոլորտները, որոնցում ավելի լավ էր կարողանում աշխատել՝ արդյունաբերությունը և ժողովրդական տնտեսությունը մայրաքաղաքում, իսկ երկրորդ քարտուղար Լյուդվիգ Ղարիբջանյանը զբաղվում էր գաղափարախոսության հարցերով։

Բադալ Հմայակովիչի կարիերան անսպասելիորեն ընդհատվեց 1972թ.։ Չարակամ անձինք նրան մեղադրեցին այն բանում, որ օգնել է աղջկան իր իսկ փողերով կոոպերատիվ բնակարան ձեռք բերել։ Ոչ ոք չէր պատրաստվում նրան հանել աշխատանքից, սակայն, վիրավորվելով, Մուրադյանն ինքը հեռանալու դիմում ներկայացրեց։ Բոլորը չէ, որ կարողացան հասկանալ նրան։ Բադալ Հմայակովիչի պարկեշտությունն ու չափից ավելի նրբանկատությունը բարձր էին այդ մարդկանց ըմբռնողությունից։ «Ինչպե՞ս կարող է Բադալը մի ինչ-որ անհեթեթ մեղադրանքի պատճառով երեխայի նման քիթը կախել և Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնից ազատվելու դիմում տալ։ Նա մարտիկ չէ, նա պարզապես անհեռատես մարդ է»,- ասում էին նրանք։ Նրանց ոչինչ ապացուցել չես կարող, քանզի բարոյական առումով նրանց ու Բադալ Հմայակովիչի միջև տարբերությունը Հիմալայան լեռներն են։ Ուրիշ ով, բացի նրանից, Մինիստրների խորհրդից հեռանալուց հետո, բայց մի քանի տարի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր մնալով, կկարողանար լիակատար նվիրումով, սովորականի նման աշխատել հարազատ «Նաիրիտում»... որպես տեխնիկական բաժնի պետի տեղակալ։ Դա կարող էր անել միայն առաքինի մեկը՝ թեկուզև կուստոմսը գրպանում։

Տեխնիկական բաժնում չորս տարի աշխատելուց հետո Մուրադյանին երկրորդ անգամ նշանակում են կոմբինատի տնօրեն։ 1978թ. «Նաիրիտում» արտադրվել է 70.000 տոննա կաուչուկ։ Որքան հիշում եմ, հետագա տարիներին այդ ցուցանիշը չի գերազանցվել, հնարավոր է, որ իր ազդեցությունն է ունեցել Բադալ Հմայակովիչի հիվանդությունը 1979թ., երբ նա մոտ կես տարի աշխատանքի չէր գալիս տարած ինսուլտի պատճառով։

Ներկայումս կոմբինատն արտադրում է նշված ցուցանիշից 6-10 անգամ պակաս արտադրանք, իսկ հոսքագծերից մեկն ապամոնտաժվել և վաճառվել է Չինաստանին, որտեղ էլ առայսօր մեր մի քանի մասնագետներ օգնում են գործարկել այն։

Առավոտից մինչև ուշ երեկո լիակատար նվիրումով աշխատելով «Նաիրիտում»՝ Բադալ Հմայակովիչը դեռ գործարանի դիսպետչերներից էլ պահանջում էր, որ գիշերները զանգահարեն իրեն ցանկացած վթարի դեպքում, իսկ վթարները նման բարդ արտադրությունում, ցավոք, հազվադեպ չէին։ Մարդը բառի բուն իմաստով սպառվելու չափ աշխատում էր։ Ընկերներն ու ընտանիքը ստիպեցին նրան, երկար դիմադրելուց հետո, կոմբինատից Պետպլան գնալ, որպեսզի ծանր հիվանդությունից հետո գոնե գիշերները քնել կարողանար։

Բադալ Հմայակի Մուրադյանը Հայաստանի Պետպլանի նախագահի տեղակալ նշանակվեց 1982թ. հունիսին և այստեղ աշխատեց մինչև կյանքի վերջը՝ 1991թ.։ Մուրադյանի աշխատաոճն աչքի էր ընկնում բացառիկ սկզբունքայնությամբ և գործի հանդեպ պատասխանատվությամբ։ Այս ամենը գումարվում էր նրա մարդկային հատկանիշներին, ինչպիսիք էին համեստությունը և մարդկանց հանդեպ ջերմությունը։

Բադալ Հմայակովիչը հաճախ էր ասում, որ ղեկավարի գլխավոր արժանիքը զրուցակցին լսել կարողանալն է։ Այդ ժամանակ ես աշխատում էի որպես բնության պահպանության բաժնի գլխավոր մասնագետ։ Մեր բաժնից բացի Բադալ Հմայակովիչը ղեկավարում էր նաև երեք բաժին՝ էներգետիկայի և վառելիքի, մեքենաշինական, քիմիական, մետալուրգիական արդյունաբերության և երկրաբանության բաժինները։ Ի տարբերություն այլ ղեկավարների, Բադալ Հմայակովիչը սովորություն ուներ երբեմն անձամբ մտնել իր ղեկավարության ներքո գտնվող բաժիններ։ Բայց մեր բաժին ավելի հաճախ էր գալիս, քան մյուս բաժինները, քանի որ մեր բաժնի պետը շատ բանիմաց ինժեներ էր, «Նաիրիտի» նախկին կադրերից Ժորա Լիպարիտի Օհանյանը։ Ժամանակին նա Մուրադյանի ղեկավարության ներքո երկար տարիներ աշխատել էր կոմբինատում՝ բարձրանալով մինչև նոր տեխնիկայի գծով գլխավոր ինժեների տեղակալի պաշտոնին։ Ինչպես արդեն վերը նշեցի, բացի Բադալ Հմայակովիչից` Պետպլանի ղեկավարներից և ոչ մեկը (ոչ նախագահը, ոչ էլ տեղակալները, իսկ նրանք վեցն էին) նման այցելություններ չէր կատարում բաժիններ։ Տարին մեկ անգամ, հունվարի առաջին աշխատանքային օրը նրանք խմբով մտնում էին բաժիններ՝ շնորհավորելու աշխատակիցների Նոր տարին, և դրանով շփումը «ժողովրդի» հետ ավարտվում էր։ Ընթացիկ հարցերի վերաբերյալ ղեկավարները, բնականաբար՝ քարտուղարուհիների միջոցով, կանչում էին մասնագետներին, կամ էլ մենք էինք խնդրում ընդունել մեզ։

Հիշում եմ աշխատանքային մի դրվագ, որը տեղի ունեցավ 80-ական թթ. կեսերին։ Բնության պահպանության մինիստրությունից Պետպլան մի թուղթ եկավ այն մասին, որ նախարարությունը համաձայն է Սևանա լճում երկու տարով սիգի որսն արգելելու առաջարկությանը՝ ձկան բազմացման հետ կապված խնդիրներով պայմանավորված։ Դա արվել էր այն բանի համար, որ սիգը չկրկնի իշխանի ցավալի փորձը, որն այդ ժամանակ լճում գրեթե իսպառ վերացել էր։ Մտնում եմ Մուրադյանի աշխատասենյակ, ցույց տալիս բոլոր փաստաթղթերը, առաջարկում հավանություն տալ առաջին հայացքից այլընտրանքային թվացող առաջարկությանը։ Մեր միջև երկխոսություն է սկսվում։

- Իսկ ինչպիսի՞ն է լճի մերձակա շրջանների բնակչության գործազրկության մակարդակը։

- Չգիտեմ, Բադալ Հմայակովիչ։

- Պետք է ճշտել։ Այս շրջանում այն միշտ ավելի բարձր է եղել, քան գյուղական այլ վայրերում։ Այդ մարդկանց հայրերն ու պապերը ձուկ են որսացել, իսկ դա նրանց հիմնական սնունդն է։ Ձկնագողերը նորից ցանցերով ձուկ կորսան, իսկ հասարակ գյուղացիները նույնիսկ կարթով բռնել չեն կարողանա։ Պետք է Մոսկվա դիմել, որպեսզի ֆինանսավորեն մանրաձկան արտադրության ևս մեկ գործարանի կառուցումը։ Գործող գործարանի հզորությունը չի բավարարում։

- Բադալ Հմայակովիչ, այսօրվա դրւթյամբ ավարտվում է այս փաստաթղթին պատասխանելու՝ մեր նախագահի կողմից տրված ժամկետը։ Ե՞րբ կհասցնեմ, իսկ սեղանիս ևս երկու նման փաստաթուղթ ունեմ, որոնց ժամկետները նույնպես վերջնակետին են մոտեցել։

- Էս ի՞նչ ես ասում, չէ՞ որ մարդկանց ճակատագրերի հետ գործ ունենք։ Մեր գյուղերն առանց այդ էլ դատարկվում են, իսկ դու ասում ես՝ ժամկետ։ Քեզ երեք օր եմ տալիս, ես կպայմանավորվեմ նախագահի հետ։ Գիշերը Պետպլանում մնա, բայց ինձ մանրամասն տեղեկանք բեր։

Այս ամենն ասվեց հանդարտ, հայրական տոնով։ Արժե՞ արդյոք ասել, որ նման դրվագները կյանքի դասեր էին։ Մուրադյանի հետ աշխատանքի երկար տարիների ընթացքում ոչ ես, ոչ աշխատակիցներից որևէ մեկն այդպես էլ ոչ մի գոռոց չլսեց, նույնիսկ տոնը չբարձրացրեց, բայց մարդկանց վրա ազդեցությունը հսկայական էր։ Ղեկավարների սովորական արդարացումները, թե՝ եթե չգոռաս, գործը տեղից չի շարժվի, վկայում են միայն նրանց անկիրթ լինելու և հեղինակության պակասի մասին։ Իսկ ինչ վերաբերում է գյուղացիների մասին մտահոգվելուն, ապա այսօր այդ մտահոգությունը հանգում է միջազգային կազմակերպություններից տարեկան 0,75-1,5%-ով վարկեր ստանալուն և 20-24%-ով վարկավորմանը։

80-ականների վերջին Հայաստանում անհանգիստ ժամանակներ սկսվեցին։ Կուզենայի հիշեցնել ընթերցողներին, որ անկախության համար պայքարին նախորդել էին խոշոր ակցիաները Երևանում՝ «Նաիրիտը» և ատոմակայանը փակելու պահանջներով։ «Կանաչների» ներկայացուցիչները նստում էին կոմբինատ տանող ռելսերին՝ խանգարելով նրա աշխատանքին, իսկ նրանցից մեկը նույնիսկ հացադուլ հայտարարեց քաղաքի կենտրոնում։

Պետք է ասել, որ քլորոպրենային կաուչուկն իր տեխնիկական բնութագրերով գերազանցում է սինթետիկ մյուս կաուչուկներին հատկապես ջերմակայունությամբ։ Առանց մեր կաուչուկի նախկին ԽՍՀՄ-ում և ուրիշ շատ երկրներում ոչինչ «չէր թռչի և չէր կրակի»։ Մալուխային ողջ արտադրությունը հիմնված էր դրա վրա։ Կաուչուկի դերն այնքան մեծ էր, որ Բադալ Հմայակովիչը կարծում էր, թե Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանի շրջափակումը, եթե «Նաիրիտը» կայուն կերպով մատակարարի իր արտադրանքը։ Իզուր չէ, որ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը քանիցս զանգահարել է Հայաստան և խնդրել չփակել «Նաիրիտը»։ Ընդ որում՝ նա զգալի ներդրումներ էր առաջարկում տեխնոլոգիայի և էկոլոգիական անվտանգության բարելավման համար։ Ով՝ ով, նա, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահը լինելով, լավ գիտեր «Նաիրիտի» դերը երկրի տնտեսության և պաշտպանունակության հարցում։ Սակայն այն ժամանակներում վայ-դեմոկրատները, որոնք իշխանության էին ձգտում և ի վերջո ստացան այն, գործում էին «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով։ Սառեցվեց անգամ ատոմային էլեկտրակայանի գործունեությունը, առանց որի բնակչությունը բառիս բուն իմաստով մատնվեց ցրտի ու սովի։

Ես, իհարկե, հիանալի հասկանում եմ, որ «Նաիրիտը» վնաս էր հասցնում Երևանի էկոլոգիային։ Բայց որակյալ աշխատակազմը (իսկ այնտեղ մոտ 5000 մարդ էր աշխատում) մշտապես բարելավում էր տեխնոլոգիաները, իրենք՝ նաիրիտցիներն էլ բախտից դժգոհ չէին։ Ամեն ինչ համեմատության մեջ է երևում։ Գրեթե անգործության մատնված կոմբինատը տասնյակ անգամ ավելի մեծ վնաս է հասցնում Հայաստանին, քանի որ առանց դրա չեն աշխատում բազմաթիվ կից ձեռնարկություններ և ենթակառուցվածքներ, իսկ քաղցը մարդկանց առողջությունն ավելի լավը չի դարձնում։ Միայն մեր հանրապետությունում «Նաիրիտի» արտադրանքն օգտագործում էին մոտ 300 ձեռնարկություններ։ Վնասակար ձեռնարկությունները մշտապես խնդիրներ են ստեղծում, բայց դրանք թալանելով ու ոչնչացնելով Հայաստանը Շվեյցարիա չես դարձնի։ Եվ ահա, «Նաիրիտի» մոտ կազմակերպված ակցիաներից մեկի ժամանակ էլ հենց Պետպլանից դուրս է գալիս Բադալ Հմայակովիչը։ Նա փորձում է բացատրել, որ կոմբինատն այժմ խիստ անհրաժեշտ է հանրապետությանը, բայց այսպես կոչված «բնության պաշտպանները», ստանալով ինչ-որ ճչացող կանանց պաշտպանությունը, թույլ չեն տալիս, որ հանգիստ խոսի մի մարդ, որն իր առողջությունն էր տվել երկրին. նրա երեսն ի վեր գոռացին` «ժողովրդի դավաճան»։

Բադալ Հմայակովիչը չէր կարողանում հասկանալ, թե ինչու էր հանուն անկախության պայքարն ուղեկցվում ժողովրդական տնտեսության բացահայտ ավերմամբ, չէ՞ որ այդ ժամանակ մենք հույսներս միայն մեզ վրա կարող էինք դնել։ Անկախությունը, ամեն ինչի հետ մեկտեղ, նշանակում է նաև պատասխանատվություն։ Նույնիսկ մեծ երկրները, որոնք բնակչությամբ ու տարածքով տասնյակ անգամներ գերազանցում են Հայաստանին (օրինակ՝ Ուկրաինան կամ Բելառուսը), որոնք չունեն այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են պատերազմը կամ շրջափակումը, բավական դժվար են «մարսում» այդ անկախությունը։

Բադալ Հմայակովիչն անկախությունը շատ զգուշավոր ընդունեց, թեև, ինչպես ասում են ընտանիքի անդամները, հանրաքվեի ժամանակ «այո» է ասել։ Մի՞թե կարող էր այդ իմաստուն մարդը չտագնապել այս առնչությամբ։ Եվ նա իրավացի էր։ Միայն Թուրքիայի հետ հարևանությունը բավական էր։ Վերջերս 49 տարով երկարացվեց Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմական համագործակցության մասին պայմանագիրը։ Սա շատ լավ է և ճիշտ։ Բայց մի՞թե դա անվտանգության լիակատար երաշխիք է, ինչպես այն ժամանակ, երբ ապրում էինք մի երկրում։ Հիշենք, որ Մուրադյանի մահվանից երկու տարի անց՝ 1993-ին, խորհրդարանի հետ նախագահ Ելցինի հակառակության ժամանակ, Մոսկվայում քաոս էր տիրում։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, թե Թուրքիան այդ ժամանակ ծրագրում էր հարձակվել Հայաստանի վրա։ Դրությունը փրկեց միայն այն, որ կոնֆլիկտը Ռուսաստանում արագ հարթվեց։ Իհարկե, մեր հանրապետությունը, ողջ երկրի հետ միասին, պատերազմի և ստալինյան բռնաճնշումների սարսափելի տարիներ է ապրել։ Բայց 60-ականների ձնհալով աստիճանաբար բարելավվում էր ինչպես երկրի բարոյական մթնոլորտը, այնպես էլ նրա տնտեսական բարեկեցությունը։ Ես կարոտախտով չեմ տառապում։ Ե՛վ ձևականություն կար, և՛ կոռուպցիա։ Վերջինի հետ կապված՝ օրինակ բերեմ Ալեքսան Մատվեյիչ Կիրակոսյանի՝ 1990-ական թթ. կեսերին ինձ ասած խոսքերը գրախանութում, տնօրենի և երկու վաճառողի ներկայությամբ. «Մենք էլ սրբեր չէինք, բայց հիմա իսկական գայլեր են եկել»։ Երիտասարդ ընթերցողներին ասեմ միայն, որ նա շատ հայտնի, խորագիտակ մարդ էր, 80-ականներին հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր։ Եվ վերջապես, ավարտելու համար Հայաստանի անկախության նկատմամբ Մուրադյանի վերաբերմունքի թեման՝ բերեմ մեկ արտահայտություն, որը նրա կենսագրության ուղեկիցն է ինտերնետում և բոլոր մյուս աղբյուրներում. «Խորհրդային իշխանությունը ստեղծվել է հենց Հայաստանի համար»։ Ցանկացած այլ մարդու շուրթերից այն կարող էր այնքան էլ անկեղծ չհնչել, բայց նրա համար, ով գոնե մի փոքր շփվել էր նրա հետ, այդ արտահայտությունը դառնում էր հասկանալի և ճշմարտացի աքսիոմա։

Ի լրումն հավելեմ, որ կյանքի վերջին տարում Մուրադյանին հանեցին Պետպլանի ղեկավարությունից, և նա աշխատանքային գործունեությունն ավարտեց որպես գլխավոր մասնագետ իմ աշխատասեղանի առջև, այն բանից հետո, երբ ես դուրս եկա Պետպլանից։ Այս մասին տեղեկություն չկա ոչ ինտերնետում, ոչ այլ աղբյուրներում։ Բադալ Հմայակովիչի տիկնոջ՝ Մարգարիտա Կարպովնայի խոսքերով՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը գնացել է նրանց տուն և առաջարկել պատկառելի պաշտոն ակադեմիայում։ Սակայն Մուրադյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե գիտական ոչ մի աստիճան չունի և իրավունք չունի ընդունել առաջարկը։ Հուղարկավորության օրը, կանգնելով Բադալ Հմայակովիչի դագաղի կողքին, Վիկտոր Համազասպովիչը բացականչել է. «Բադա՛լ, գուցե հիմա ողջ լինեիր, եթե լսեիր ինձ...»։

Կարծում եմ՝ նա սխալվում էր։ Մուրադյանն այն մարդը չէր, որ հանգիստ վայելեր ծերությունը խաղաղ ու հարմարավետ տեղում։ Հակառակ իմաստով ձևափոխելով Մաքսիմ Գորկու հայտնի տողը՝ նրա մասին ասեմ հետևյալը. «Թռչելու համար ծնվածը սողալ չի կարող»։

2015թ. հունվարին լրանում է Բադալ Մուրադյանի 100-ամյակը։ Իմ կարծիքով՝ այսօր արդեն հարկավոր է այդ իրադարձության հետ կապված հանձնաժողով ստեղծել։ Այդ տարեթիվը պետք է նշի ողջ Հայաստանը, և ոչ թե միայն նրա ընկերներն ու մերձավորները, որպեսզի մեզ համար ամոթ չլինի։ Ռուսները լավ արտահայտություն ունեն՝ «Иван, не помнящий родства»։ Բոլորովին չէինք ուզենա, որ մեր ժողովուրդն այդպիսին դառնա։

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am