Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում
Հուլիս 2011, N 7

ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ՀՈՒԼԻՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

(Նյութի մշտական հասցեն՝ http://armworld.am/detail.php?paperid=4161&pageid=128369&lang=)

30.07.2011

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթներին և քաղաքական հայտարարություններին արձագանքելը ժամանակի հետ ավելի ու ավելի անհետաքրքիր է դառնում: Եվ ամենևին էլ ոչ այն պատճառով, որ դրանցում իմպուլսիվություն, առավել ևս` խանդավառություն չկա: Ամենևին ոչ: Ավելի շուտ` նույնիսկ հակառակը: Էրդողանը ձանձրալի է այն պատճառով, որ չափից ավելի կանխատեսելի է: Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի: Նա արդեն հետաքրքիր չէ հենց իր կանխատեսելիությամբ, թեև ամբողջ ուժով ջանում է ներկայանալ որպես արտասովոր քաղաքական գործիչ, թուրքական պետության առաջնորդ, որը չնայած հեռու է գերտերություն լինելուց, բայց ամեն կերպ փորձում է ներկայանալ որպես տարածաշրջանային գերտերություն, ինքնատիպ կամուրջ Արևմուտքի և Արաբական Արևելքի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի միջև: Միևնույն ժամանակ, Էրդողանի քաղաքական ծրագրերը շատ ավելի տարածական են և հավակնոտ, քան Բոսֆորի կամ սուլթան Մեհմեթ Ֆաթիհի կամուրջների երկարությունն ու գեղեցկությունը, էլ չենք ասում Մարմարայի երկաթուղային թունելի մասին, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2012 թվականին: Պաշտոնական Անկարայի քաղաքական հավակնությունների շառավիղը մեկ կիլոմետր ու հարյուր մետր երկարությամբ չի չափվում, ինչպես նեղուցների վրա գցված կամուրջների պարագայում է, այլ, առնվազն, մեկուկես հազար կիլոմետրով` հաշվարկման կետ ունենալով Կոստանդնուպոլիս, ներկայումս` Ստամբուլ անվանվող քաղաքը:

Ուրեմն, ինչո՞վ այնքան էլ կանխատեսելի չէ Թուրքիայի վարչապետը... Կարծում եմ` իր անկեղծությամբ: Այսպես, 2009թ. սեպտեմբերի 19-ին Ստամբուլում, ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Էրդողանը հայտարարեց. «Մեր նպատակը բոլոր երկրների հետ խաղաղ ապրելն է և ներկայիս Թուրքիային Օսմանյան կայսրության հզորությունը վերադարձնելը: Կարծում եմ, որ այս խնդրի լուծմանը մենք կհասնենք: Ես արդեն հանձնարարել եմ ծնելիությունը խրախուսող ծրագիր պատրաստել և կարծում եմ, որ յուրաքանչյուր թուրքական ընտանիքում պետք է երեք երեխայից պակաս չլինի, և մենք հավատում ենք Թուրքիայի լավագույն ապագային, կոչ ենք անում բոլորին` հավատալ դրան»: Կարելի էր Թուրքիայի վարչապետից և արտգործնախարարից տասնյակ ուրիշ մեջբերումներ անել Օսմանյան կայսրության հզորության վերածննդի վերաբերյալ: Աշխարհի համար վտանգավոր նպատակ, որը` որպես պետական գաղափարախոսություն, որպես նեոօսմանիզմի գաղափարախոսություն, որդեգրվել է Թուրքիայի ներկայիս ղեկավարության կողմից: Իսկ հոդվածը գրելու շարժառիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին Էրդողանի տված «ցասումնալի պատասխանը»` կապված նախագահ Սարգսյանի` Հայաստանի լեռնադահուկային առողջարանային քաղաք Ծաղկաձորում ս.թ. հուլիսի 23-ին հայոց լեզվի, գրականության ու հայագիտության վերաբերյալ Համահայկական օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթի հետ: Որպեսզի ընթերցողներն ամբողջությամբ պատկերացնեն հոդվածում նկարագրվող խնդրի էությունը, փոքր-ինչ մանրամասն ներկայացնենք այն, թե ինչով է «զայրացրել» ՀՀ նախագահ Սերժ Ազատովիչը Թուրքիայի վարչապետ Էրդողանին: Այսպես, վերոնշյալ հանդիպման ժամանակ, պատասխանելով ուսանողի այն հարցին, թե ինչ սահմաններ կունենա ապագա Հայաստանը, կվերադարձվեն արդյոք Արևմտյան Հայաստանը և Արարատ լեռը, ՀՀ նախագահն ասել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր Հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը, պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու` լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն` մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել»: Ամենևին էլ պարտադիր չէ քաղաքագետ լինել` եզրակացություն անելու համար. ի տարբերություն Էրդողանի «մեր իսկական նպատակը Օսմանյան կայսրության հզորությունը (ասել է թե` դրա արյունալի ավանդույթները- Ա.Գ.) վերադարձնելն է» ռազմաշունչ պնդման, Հայաստանի նախագահի ելույթը դասական արտահայտությունն է խորքային քրիստոնեական արժեքների, որոնք հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի առանձնահատուկ գիծն են եղել: Այստեղ կարևոր է այլ բան, այն, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն արդեն այնքան է հավատացել Օսմանյան կայսրության հզորության վերածննդին, որ իրեն առանձնաշնորհյալ է համարում «արմատախիլ անելու» հայ ժողովրդի` իրեն այնպիսի ժողովուրդ համարելու իրավունքը, որը, ինչպես իր այդ նույն ելույթում Հայաստանի նախագահն է արտահայտվել, փյունիկի պես հառնում է. «Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»: Եվ ինչպե՞ս արձագանքեց Ռեջեփ Թայիփովիչն ի պատասխան ՀՀ նախագահի այս խոսքերի: Պատկերի ամբողջականության համար հարկ է բառացիորեն մեջբերել Թուրքիայի վարչապետի խոսքերը` ամբողջական կարծիք ունենալու համար այն վտանգի մասին, որը բխում է Թուրքիայի ներկայիս ղեկավարությունից:

«Հայ երիտասարդության ապագան մութ կլինի, այն մշտապես այդ իրադարձություններին կնայի սև ակնոցով (ըստ երևույթին, Էրդողանի պատկերացմամբ` 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը, որը մեկուկես միլիոն հայերի բնաջնջմանը հանգեցրեց, պետք է նայել վարդագույն ակնոցով- Ա.Գ.): Ղարաբաղը զավթված է, և զավթիչը հայտնի է: Սա ասում ենք ոչ միայն մենք, այլև ՄԱԿ-ը: Հակամարտության կարգավորմանը սխալաբար մոտենալը բնորոշ է Հայաստանին: Կարո՞ղ է արդյոք նման մոտեցում լինել: Ի՞նչ է դա նշանակում,- հարց է տալիս Էրդողանը:- Հայաստանը կարող է նույնիսկ ցանկացած ժամանակ պատերազմ սկսել Թուրքիայի դեմ, կարո՞ղ է այսպիսին լինել պետական գործիչը» (հասանք այն բանին, եղբա՛յր հայեր, որ Թուրքիայի վարչապետն անհանգստանում է հայ նախագահի համբավի մասին: Քիչ է մնում շնորհակալություն հայտնենք, Ռեջեփ Թայիփովիչ, մեր նախագահին գովազդելու համար- Ա.Գ.),- ոչ մի կերպ չի կարողանում հանդարտվել Թուրքիայի վարչապետը: «Սարգսյանը մեծ սխալ է արել, նա պետք է ուղղի այն, ներողություն խնդրի»,- շարունակում է Թուրքիայի վարչապետը: Էրդողանի` առաջին հայացքից դատարկ թվացող բառավարժանքում բազմաթիվ քաղաքական թերասություններ կան: Ի՞նչ ենք հասկանում նրա այս պնդումից: Էրդողանի` որպես քաղաքական գործչի, առաջընթացը վերջին տարիներին, իսկապես, զգալի է: Միանգամայն գովելի է, որ Հայաստանի նախագահին «պարսավելիս» նա հղում է կատարում ՄԱԿ-ին: Դրա համար շնորհակալ ենք նրան: Սակայն, նախքան կանխակալ կերպով ՄԱԿ վերաբերմունքին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հղում կատարելը` Թուրքիայի վարչապետին չէր խանգարի հիշել ինքնիշխան Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի օկուպացման մասին: Գուցե ժամանակի առումով այդ օկուպացիան համընկել է նրա պատանեկության տարիների հետ, երբ գնդակ էր խաղում, և ծանոթ չէ այդ օկուպացիայի մանրամասներին: Հնարավոր է: Հակիրճ թարմացնենք նրա հիշողության մեջ 1974թ. իրադարձությունները: Հենց այդ ժամանակ թուրքական բանակն ափ հանվեց Կիպրոս և մարտական գործողությունների ժամանակ իր վերահսկողության տակ վերցրեց կղզու տարածքի մոտ 35%-ը: Այդ ժամանակվանից ի վեր Կիպրոսը փաստացի բաժանված երկիր է մնում: Ներխուժման երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի ունեցավ 1974թ. օգոստոսի 14-ին, թուրքական զորքերը զավթեցին կղզու տարածքի ընդհանուր առմամբ 38%-ը և սահմանագիծ անցկացրին` այսպես կոչված «Աթիլլայի» գիծը: Ընդ որում` կղզու բաժանման ժամանակ Կիպրոսի թուրքական հատվածից մինչև 200.000 հույն, իսկ հունական հատվածից` 30.000 թուրք փախան: Հետո զարգացումներն ավելի խորացան: 1983թ. թուրքական հատվածը հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Հարկ է առանձնապես նշել, որ ինքնահռչակ այս կազմավորումը ճանաչել է միայն Թուրքիան: Միջազգային իրավունքի համաձայն` Կիպրոսի Հանրապետությունն ինքնիշխանությունը պահպանում է մինչև 1974թ. իր կազմում մտած ամբողջ տարածքի հանդեպ: Ավելին, ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1983թ. նոյեմբերի 18-ի N 541 բանաձևի համաձայն` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը համարվում է ապօրինի կազմավորում, իսկ թուրքական զորքերը պետք է դուրս բերվեն նրա տարածքից: Նշենք նաև, որ 2004թ. Կիպրոսի Հանրապետությունը մտել է Եվրամիություն: ԵՄ կարծիքով` Կիպրոսի Հանրապետության իրավազորությունը պետք է տարածվի նաև թուրքերի կողմից վերահսկվող տարածքի վրա: Այս ամենից հետո պարոն Էրդողանի` ՄԱԿ-ին հղումներն այլ կերպ, քան քաղաքական ցինիզմ չես անվանի: Բա նրա լացուկոծը Լեռնային Ղարաբաղի հետ կապված. «Իմ հարգելի եղբոր (նկատի ունի Իլհամ Ալիևին- Ա.Գ.) հետ դեմառդեմ հանդիպման ժամանակ մենք հնարավորություն ունեցանք հանգամանալիորեն դիտարկել երկկողմանի կապերն ու տարածաշրջանային հարցերը... Բայց, իհարկե, ամենագլխավորը` մենք հնարավորություն ունեցանք կրկին քննարկել Լեռնային Ղարաբաղի թեման: Մեր դիրքորոշումը, մտքերը` կապված Լեռնային Ղարաբաղի թեմայի հետ, այսպիսին են. ինչպես Լեռնային Ղարաբաղի թեման արնածոր վերք է Ադրբեջանի համար, այնպես էլ, հարկ է, որ իմանաք, այն արնածոր վերք է նաև մեզ համար: Մենք այլ կարծիք ունենալ չենք կարող: Մենք հետամուտ ենք այս հարցին և հետամուտ ենք լինելու մինչև վերջ»: Իհարկե, նման բան ասելով` Էրդողանը միանգամից մի քանի նպատակ էր հետապնդում: Նախ` աչքի է զարնում այն, որ շատ է ուզում խաղաղարարի պատմուճան հագնել: Չէ՞ որ մարդը, որ հավակնում է Իսլամական աշխարհի նորահայտ առաջնորդի դերին, «արնածոր վերք» բառերից հետո պետք է որ իր հավատակիցներին ջիհադի կոչ աներ... Բայց չէ՜: Այս անգամ «պլստաց», պարոն Էրդողանը մտադիր է միայն հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, այնպես որ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին կարող են հանգիստ շունչ քաշել. Թուրքիան առայժմ խաղաղ է տրամադրված: Ադրբեջանի երկրորդ հասցեատերն Ադրբեջանն է: Հաշվարկը պարզ է. թող նրա ադրբեջանցի եղբայրը, ասել է թե` Իլհամ Ալիևը, ստույգ իմանա, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ճակատագիր, մեկ ընդհանուր «արնածոր վերք» ունեն` Լեռնային Ղարաբաղը: Մի խոսքով` Էրդողանը հասկանալ է տալիս Իլհամ Հեյդարովիչին, որ վայել չէ ձգձգել ՆԱԲՈՒՔՕ նախագծին Ադրբեջանի ռեալ միանալու հարցի լուծումը, բնականաբար, այն պայմաններով, որոնք կթելադրի ավագ եղբայրը` Թուրքիան: Մանավանդ որ նրանց երկրների միջև միջպետական բարձր հարաբերությունների պայմաններում Ադրբեջանին սազական չէ սակարկել Թուրքիայի հետ գազի մատակարարման գնի շուրջ: Ինչպես վաճառում էին 1000 խորանարդ մետրը 120 դոլարով, այդպես էլ պետք է վարվեն այսուհետ: Չի կարելի, չէ, ի վերջո, որ Ադրբեջանը Թուրքիան համեմատի Ռուսաստանի հետ, որին 1000 խորանարդ մետրը կրկնակի թանկ գնով են տալիս:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետի կայսերական-ազգայնական դատողություններից քաղված գլխավոր դասն այն է, որ նեոօսմանիզմի գաղափարախոսությունը, նոր Օսմանյան կայսրության վերածննդի քաղաքականությունը մեր օրերում հետևողականորեն կենսագործվում է: Դրա համար բավական է հիշել թուրք վարչապետի վերջին 3-4 ամիսների ելույթներն ու հայտարարությունները, որոնք արել է Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ծավալված իրադարձությունների հետ կապված: Այսպես, 2011թ. մայիսին Էրդողանը հայտարարություն արեց Լիբիայի առնչությամբ: Մասնավորապես. «Լիբիայում նոր քաղաքական գործընթաց է սկսվել», և որ «հանուն իր ժողովրդի ապագայի Քադաֆին պետք է անհապաղ կատարի իր պատմական, մարդկային պարտքը և խղճի պարտքը` հրաժարական տա և հեռանա Լիբիայից,- հայտարարել է Էրդողանը և այնուհետև շարունակել:- Ես կարեկցում եմ Քադաֆիին, նա կորցրեց որդուն և թոռներին, մի՞թե իշխանությունն արժե նման զոհերի, դրա համար էլ կոչ եմ անում նրան հեռանալ, որպեսզի խուսափի էլ ավելի մեծ արյունահեղությունից»: Վստահ եմ, որ թուրք վարչապետի «կարեկցական» խոսքերն առանձնապես հասկանալի են Թուրքիայի` ազգությամբ քուրդ բազմահազար քաղաքացիներին, որոնք արդեն քանի տասնամյակ ենթարկվում են հետապնդումների և ֆիզիկական ոչնչացման Թուրքիայի Հանրապետության իշխանությունների կողմից: Իրեն երեք դատավորի դատարանի նորահայտ դատավորի տեղ դնելով` Էրդողանը չհրաժարվեց նաև գնահատականներ տալ Սիրիայի վերջին իրադարձություններին: Այսպես, Ռեջեփ Թայիփովիչը, որը մինչև վերջերս իրեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավոր բարեկամն էր համարում, ցինիկ ու նսեմացնող քննադատության ենթարկեց նրան (նեոիսլամիզմի լավագույն ավանդույթներով): «Բաշար Ասադը և նրա եղբայրներն անմարդկային արարքներ են կատարում իրենց ժողովրդի հանդեպ»,- հայտարարեց Էրդողանը: Ա՛յ քեզ բան. անմարդկայնության մասին բարբառում է Օսմանյան կայսրության հետնորդ մի պետության ղեկավար, որը հրաժարվելով հրաժարվում է ընդունել միլիոնավոր հայերի, սիրիացիների, պոնտացիների, հույների, քրդերի ցեղասպանությունը... Իր նվիրական մտահղացումներում Էրդողանն այսօր արդեն փորձում է Նորօսմանյան կայսրության նոր սուլթանի դերը, որին Ալլահն ինքն է իր մարգարեների հետ կարգել` հրամայել և խելք սովորեցնել այն երկրների ղեկավարներին, որոնք ահա արդեն մոտ մի հարյուրամյակ վերջապես ազատվել են Օսմանյան կայսրության արյունալի ճիրաններից: Կարելի էր էլի շարունակել ներկայացնել վարչապետի` վերջին տարիներին ծավալած խրատա-«մանկավարժական» գործունեության գոհարները, որը, հանուն արդարության պետք է նշենք, իր բարոյախրատաբանությամբ չի թողնում, որ ձանձրանան այլոց թվում ոչ միայն իր երկրի քաղաքացիները, այլև, օրինակի համար, ԳԴՀ և Ֆրանսիայի առաջնորդները: Այսպես, 2009թ. գարնանը, Բեռլինում ելույթ ունենալով Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) երիտասարդական թևի ակտիվիստների առջև, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը նշել էր, որ իմաստ չունի մշտապես ընդլայնել Եվրամիությունը, եթե նման ընդլայնումը թույլ չի տալիս միությանը նորմալ գործել: Նա կարծիք էր հայտնել, թե Թուրքիան պետք է շարունակի արտոնյալ գործընկերությունը ԵՄ-ի հետ, բայց ոչ լիակատար անդամակցություն դաշինքին: Այդ նույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Bildat Sountag թերթին հայտարարել էր. «Մեզ հարկավոր է լավ կազմակերպված Եվրոպա: Դա նշանակում է, որ մենք չենք կարող անվերջ ընդլայնվել: Մենք չպետք է դատարկ խոստումներ տանք Թուրքիային»: ԵՄ առաջատար երկրների` ԳԴՀ-ի և Ֆրանսիայի նման հայտարարությունները միանգամայն բավական էին, որ թուրք վարչապետը երկու տարի շարունակ ցանկացած առիթով փորձեր այս հաշվով խելք սովորեցնել Անգելա Մերկելին և Նիկոլա Սարկոզիին: Հանուն արդարության նշենք, որ Էրդողանը, մեղմ ասած, ծայրահեղ ռոմանտիկ չերևալու համար չփորձեց հասնել այն բանին, որ ԳԴՀ և Ֆրանսիայի ղեկավարները նույնպես ներողություն խնդրեն իրենից: Նրա առաջին արձագանքը Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալու հեռանկարներին` բացականչությունն էր. «նման մեխանիզմի մասին չի հիշատակվում Եվրամիության ոչ մի համաձայնագրում: Դուք չեք կարող խաղի մեջտեղում փոխել տուգանայինի կանոնները: Մենք խաղում ենք սահմանված կանոններին համապատասխան»: Հենց այսպես, խոցված հայտարարեց Էրդողանը: Այստեղ ուզում ենք հիշեցնել Թուրքիայի վարչապետին խաղի կանոնները փոխելու իր իսկ հակվածության մասին: Չէ՞ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 2010թ. հոկտեմբերին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները, Ցյուրիխում հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրելիս, դրանց վավերացման որևէ նախապայմանի մասին չէին պայմանավորվել: Հարց է ծագում. ինչո՞ւ, ուրեմն, Արձանագրությունների ստորագրման տառացիորեն հաջորդ օրն այդ նույն Էրդողանը որպես դրանց վավերացման նախապայման առաջ քաշեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, ընդ որում` Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով: Ի՞նչ է սա. սեփական աչքում գերանը չտեսնելու և ուրիշի աչքում չոփը տեսնելու աստվածաշնչյան պատմության նոր մեկնաբանությո՞ւն, ինչի շուրջ տիեզերական աղմուկ է բարձրանում... Եթե Էրդողանը Ֆրանսիայի և ԳԴՀ առաջնորդների պարագայում զգուշացավ իրեն հատուկ կոշտ խրատներից, ապա զգացմունքներին ազատություն տվեց այն միջադեպից հետո, որը տեղի ունեցավ 2010թ. մայիսի 31-ին «Ազատության նավատորմի» վեց նավերի հետ, որոնք ուղևորվել էին Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու, և որոնք կանգնեցվեցին իսրայելական ռազմանավակների կողմից: Հիշեցնենք, որ միջադեպի ժամանակ ինը մարդ սպանվել էր և մոտ երեսունը` վիրավորվել: Միջադեպից հետո Թուրքիայի վարչապետը, ելույթ ունենալով Անկարայում, հայտարարեց, թե իր երկիրը պատրաստ է պատերազմի Իսրայելի դեմ: «Մենք ոչ ոքի խորհուրդ չենք տա փորձել Թուրքիայի համբերությունը, և նա, ով ուզում է հանձին մեզ թշնամի ձեռք բերել, իրենը կստանա»,- հայտարարեց Էրդողանը: Այնուհետև շարունակեց. «Մենք կարող ենք ջերմ և հավատարիմ բարեկամներ լինել, բայց կարող ենք դաժան և ուժեղ թշնամիներ էլ լինել»: Այսպիսով, Գազայի հատվածի ապաշրջափակման ջատագովի, Գազայի հատվածում ապրող պաղեստինցիների իրավունքների պաշտպանի դերում, առանց խղճի խայթի, հանդես է գալիս ոչ այլ ոք, քան Թուրքիայի ղեկավարը, երկիր, որն ահա արդեն 18 տարի իր կրտսեր եղբոր` Ադրբեջանի հետ միասին իրականացնում է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության շրջափակումը: Ընդ որում` այս քաղաքական գործիչն այնքան ցինիկ է և լպիրշ, որ ՀՀ նախագահի` երիտասարդությանն ուղղված «ակտիվ, աշխատասեր, օգտակար լինելու» միանգամայն խաղաղ հորդորները որակում է պետական գործչին անվայել: Չգիտես ինչու Հայաստանի նախագահի վերջին շրջանի ելույթներն առաջ են բերում ինչպես թուրք վարչապետի, այնպես էլ Ադրբեջանի նախագահի անթաքույց կատաղությունը: Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ երիտասարդության հետ Ծաղկաձորում Սերժ Ազատովիչի հանդիպման առաջին հակազդեցությունը եղավ ս.թ. հուլիսի 26-ին, այսինքն` նրա ելույթից երեք օր հետո: Առաջին հակազդեցությունը Թուրքիայի արտգործնախարարության մամլո քարտուղար Սելջուկ Ունալի հայտարարությունն էր: Ըստ թուրքական Հանրային հեռուստատեսության` նա ասել է. «Մենք դատապարտում ենք նախագահ Սարգսյանի պատասխանը Հայաստանում հուլիսի 25-ին կազմակերպված (իրականում` հուլիսի 23-ին- Ա.Գ.) հայոց լեզվի և գրականության մրցույթի մասնակցի հարցին: Ժողովուրդների միջև թշնամանքի սերմանումը, երիտասարդության և ապագա սերունդների մեջ ատելության ձևավորումը չափազանց անպատասխանատու վերաբերմունք է: Սարգսյանի արտահայտությունները, որոնցից նա հարկ չի համարում խուսափել, ընդ որում` այն ժամանակ, երբ թափ են հավաքում տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը (նրանց տրամաբանությամբ` Հայաստանի շրջափակումը խաղաղության հաստատման լավագույն ճանապարհն է- Ա.Գ.), ցույց են տալիս, որ նա մտադիր չէ աշխատել հաշտեցման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ բոլոր նրանք, ովքեր ձգտում են տարածաշրջանի խաղաղությանը, հանգստությանը և կայունությանը, անհրաժեշտ եզրակացություններ կանեն մեզ համար այս դառը, անփառունակ արտահայտություններից»:

Բնականաբար, հարց է ծագում. իսկ ինչո՞ւ պաշտոնական Անկարան հանկարծ բուռն և անհամարժեք կերպով արձագանքեց Հայաստանի նախագահի խիստ կշռադատված և խաղաղասեր ելույթին: Ընդ որում` ինչպես վերը նշվեց, սկզբում եղավ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, իսկ մեկ օր հետո թեմային անդրադարձավ նաև վարչապետը: Ի՞նչ կարող էր նշանակել սա: Պատասխանը շատ պարզ է: Այսպես, ս.թ. հուլիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը Ստամբուլում էր` մասնակցելու համար Լիբիայի գծով շփման խմբի նիստին, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ շոշափել է Հայաստանի հետ այս երկրի հարաբերությունների թեման: Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է նրան ուղեկցող բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչը, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ «Միացյալ Նահանգներում ցանկանում են տեսնել երկու երկրների (այսինքն` Թուրքիայի և Հայաստանի- Ա.Գ.) հարաբերությունների կարգավորումը»: Հայտարարվել է նաև այն մասին, թե «մենք կարծում ենք, որ դա պատմական նախագիծ կլինի»: Հատկանշական է նաև այն, որ թուրքական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության և քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության ղեկավարների հետ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման ժամանակ նա կրկին անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների հարցին: Ընդ որում` թուրքական տեղեկատվական գործակալության հաղորդմամբ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին ավելի շատ զարմացրել է ԱՄՆ պետքարտուղարի հարցն այն մասին, թե ինչու է թուրքական ընդդիմությունն ընդդիմանում հայ-թուրքական ստորագրված Արձանագրություններին: «Թուրքիայի իշխանություններն ինձ ասում են, որ ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների հարցը խորհրդարան չի մտցվում, քանի որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դեմ է հանդես գալիս»,- նշել է Հիլարի Քլինթոնը: Ինչին ի պատասխան կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն զարմացել է` ընդգծելով, թե իշխանությունները խորհրդարանում մեծամասնություն են և ցանկացած պահի կարող են վավերացնել այդ Արձանագրությունները: Ավելին, նա նաև նշել է, որ Թուրքիայի իշխանություններն իրենց որևէ տեղեկություն չեն տրամադրել Արձանագրությունների և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ինչի պատճառով ընդդիմությունը ստիպված է եղել գործընթացների զարգացմանը հետևել մամուլի միջոցով:

Այսպիսով, թուրքական դիվանագիտությանը հատուկ երկերեսանիությունը հերթական անգամ իր ողջ «պերճությամբ» հառնեց ԱՄՆ պետքարտուղարի առջև: Այսինքն` ԱՄՆ, ինչպես նաև Ռուսաստանի ու Եվրամիության ուշադրությունն այս բացահայտված խղճուկ ստից շեղելու նպատակով, թուրքական ղեկավարությունն արագ կարգով շրջանառության մեջ մտցրեց նոր սուտ: Իսկ այդ նոր ստի նպատակն այն էր, որ Հայաստանը ներկայացվի որպես մի երկիր, որն իր ղեկավարի շուրթերով իբր արգելակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Մի խոսքով` թուրք ստրատեգների մտահղացումները պարզ են. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալման պատասխանատվությունը թուրքական դիվանագիտության հիվանդ գլխից փոխադրել հայկական կողմի վրա: Դրա համար էլ հորինել են ՀՀ նախագահի ելույթի հետ կապված պատմությունը: Այսօր արդեն ադրբեջանա-թուրքական տեղեկատվական կայքերում Հայաստանի նախագահի` երիտասարդության հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթի մի քանի հազար ամենաանհեթեթ մեկնաբանություններ են զետեղվել: Այնուհետև թուրքական ղեկավարության դեմագոգիան այս թեմայի հետ կապված` կանցնի վաղուց փորձարկված ու հղկված սցենարով, ինչպես դա տեղի ունեցավ Իսրայելի պարագայում: Թուրքիայի վարչապետն անսասան է իր որոշման մեջ, այն է` քանի դեռ Իսրայելի ղեկավարությունը ներողություն չի խնդրել իր թուրք գործընկերներից (2010թ. մայիսի 31-ին «Ազատության նավատորմի» հետ կատարված միջադեպի համար), թող հույս չունենա, թե թուրք-իսրայելական հաշտեցում կլինի: Այս առնչությամբ խիստ տեղին էր Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի արձագանքը, որը վեց օր հետո, հուլիսի 22-ին, հաջորդեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Էրդողանի արտասանած «բոցաշունչ» ճառին: Դրանում Էրդողանը դարձյալ Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից պահանջեց, որ Իսրայելը հրապարակավ ներողություն խնդրի իսրայելցիների կողմից թուրքական ծովային Movi Marmara նավի գրոհի ժամանակ 9 թուրք ակտիվիստների մահվան համար: Էրդողանը պահանջեց նաև դրամական փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին, ընդ որում` չգիտես ինչու մոռանալով, որ Թուրքիան ամեն կերպ արգելակում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին միլիարդների հասնող փոխհատուցման վճարումը: «Միանգամայն ակնհայտ է, որ այս անձնավորությունը (իմա` Ռեջեփ Թայիփ Էրդողանը- Ա.Գ.) Իսրայելի հետ մերձենալու, խաղաղության կամ կապերի կարգավորման ուղիներ չի փնտրում,- հայտարարել է Լիբերմանը:- Ընդհակառակը, նրա միակ ցանկությունը Իսրայել պետությունը նսեմացնելն է, նրա միջազգային դրությունը խափանելը, տարածաշրջանում նրա կարգավիճակին վնասելը: Այդ երկիրը ոչ մի մտադրություն չունի կարգավորել հարաբերությունները մեզ հետ: Այն դռները շրխկացրել է մեր քթի առջև»: Կարծում ենք, եթե տարածաշրջան ասելով նկատի ունենանք Հարավային Կովկասը, իսկ Իսրայել պետության փոխարեն` Հայաստանը, ապա Ավիգդոր Լիբերմանի այս հայտարարության տակ իր ստորագրությունը կարող էր դնել նաև Հայաստանի արտգործնախարարը:

Իսկ ինչ վերաբերում է Էրդողանի` հայկական կողմին հասցեագրված պահանջի կատարմանը Ծաղկաձորում Սերժ Ազատի Սարգսյանի ելույթի հետ կապված, ապա այս հարցում, կարծում ենք, հայկական կողմը ստիպված կլինի հիասթափեցնել նրան: Ամբողջ խնդիրն այն է, որ Էրդողանից ներողություն խնդրելու հերթը, ավաղ, այդպես էլ մեր նախագահին չի հասնի: Չէ՞ որ, Էրդողանի սահմանած ժամանակագրության համաձայն, թուրք վարչապետի սևեռուն այս գաղափարի իրականացման «հերթի մեջ են» Ասիայի, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի երկրների ավելի քան երկու տասնյակ ղեկավարներ, ԱՄՆ տարբեր նահանգների մոտ քառասուն նահանգապետեր, միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, որոնք, ի հեճուկս Էրդողանի, ճանաչել և դատապարտել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Էլ չեմ խոսում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի մասին, որոնք միանգամայն մատչելի ձևով բացատրել են Թուրքիային, որ այդ երկիրը Եվրամիությունում տեղ չունի: Առավել ևս` էլ չենք խոսում ՄԱԿ բոլոր անդամների մասին, բացի իրենից` Թուրքիայից, որոնք այդպես էլ չանսացին Թուրքիայի աղերսանքներին, իսկ երբեմն էլ` նախազգուշացումներին ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչման մասին:

Կուզենայինք սույն հոդվածն ավարտել խաղաղ նոտայով` խնդրելով Ռեջեփ Թայիփովիչին հուլիսյան այս անտանելի շոգին, որը հաստատվել է Մեծ Մերձավոր Արևելքում, էլ ամպագոռգոռ քաղաքական հայտարարություններ չանել: Չէ՞ որ շատ վերլուծաբաններ, մանավանդ` պետությունների առաջնորդներ, ծանոթանալով դրանց, կարող են պարզապես հիասթափվել Թուրքիայի վարչապետից: Ուղղակի ասեմ, մենք Հայաստանի Հանրապետությունում նույնպես կուզենայինք հանձին Թուրքիայի Հանրապետության վարչապետի լուրջ պետական գործչի տեսնել:

 

ԴԵՆԻՍ ԿՈՐԲՈՅ

Վրաստանում և Հայաստանում Եվրահանձնաժողովի նախկին բանագնաց, գլխավորում է Քինգս-քոլեջի (Լոնդոն) Կովկասյան քաղաքականության ինստիտուտը (Caucasus Policy Institute)։

ՈՒԻԼՅԱՄ ՔՈՐԹՆԻ

ԱՄՆ դեսպանն էր Ղազախստանում և Վրաստանում։

ՔԵՆԵԹ ՅԱԼՈՈՒԻՑ

ԱՄՆ նախկին դեսպանն էր Բելառուսում և Վրաստանում։ Այսօր նա գլխավորում է Դարթմուտի քոլեջի Դիքի անվան միջազգային փոխըմբռնման կենտրոնը (Dickey Center for International Understanding)։

ՌՈՒՍԱԿԱՆ ՁՄԵՌԸ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ

(Նյութի մշտական հասցեն՝ http://www.nytimes.com/2011/07/26/opinion/26iht-edcorboy26.html?_r=4)

25.07.2011

Երկու տասնամյակ առաջ խորհրդային իշխանության ավարտով Ռուսաստանում նոր ազատություններ ի հայտ եկան, անհանգիստ դարձավ քաղաքական ու տնտեսական կյանքն` իր կտրուկ վերելքներով ու վայրէջքներով հանդերձ։ Արժե, որ արաբական երկրներն ուսումնասիրեն ռուսական անցման փորձը։ Արևմուտքը պետք է ռեալիստորեն վերաբերվի արաբական պետությունների հեռանկարներին՝ խրախուսելով բարեփոխումներն ու, միևնույն ժամանակ, դիմադրություն ցույց տալով Սիրիայում և այլ վայրերում։

Խորհրդային Միությունը խորտակվեց լճացած պետական տնտեսության, ցինիկ գաղափարախոսության և հասարակության հուսալքության ծանրության տակ։ Խորհրդային վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովի համեստ ռեֆորմները հույս ծնեցին, բայց այդպես էլ չկարողացան վերակառուցել քարացած ու խիստ անարդյունավետ համակարգը։

Կատապուլտացվելով անկախության մեջ՝ Ռուսաստանը չուներ ռեֆորմների ոչ պլան, ոչ համընդհանուր համաձայնություն, բայց ուներ ազատ ընտրված նախագահ Բորիս Ելցինին։ Նա լիազորություններ տվեց երիտասարդ բարեփոխիչներին, որոնք Արժույթի միջազգային հիմնադրամի և Միացյալ Նահանգների օգնությամբ ձեռնամուխ եղան շոկային թերապիայի համարձակ ծրագրի իրականացմանը։

Գների մեծ մասն ազատականացրին, իսկ ռուբլին լողացող փոխարժեք ստացավ։ Արագ գործողությունների շնորհիվ հաջողվեց կազմակերպել պարենամթերքի մատակարարումները և, թեև մեծ դժվարությամբ, խուսափել իշխանության սնանկացումից։ Սակայն ի հետևանք առաջ եկած ինֆլյացիան «խժռեց» կուտակումները և կենսամակարդակի կտրուկ անկման պատճառ դարձավ։ Պետական տնտեսական սեփականության մասնավորեցումը վաուչերների միջոցով կազմակերպվեց շատ խորամանկորեն, և աղքատ բնակչությունը գրոշներով վաճառեց իր վաուչերները։ Ի տարբերություն Ռուսաստանի, Եգիպտոսում և Թունիսում անհամեմատ շատ են արևմտյան ոճի տեխնոկրատները, սակայն այնտեղ օրինական կառավարողներ չկան։ Քանի դեռ նրանք ի հայտ չեն եկել, այդ երկրների տնտեսությունները կգահավիժեն ցած, իսկ պետական իշխանությունն անհաջողություններ կկրի։

Անցումային փուլում գտնվող արաբական պետությունները պետք է առանց հապաղելու իշխանության բերեն լեգիտիմ առաջնորդների և դադարեցնեն այն քաղաքականությունը, որը դատարկում է գանձարանը։ Եգիպտոսն, օրինակ, ծանրաբեռնված է լավ խրամատավորված բարձրաստիճան զինվորական ղեկավարների կառավարմամբ, էլեկտրաէներգիային հատկացվող վատնողական սուբսիդիաներով և հսկայական, ռեսուրսներն անխնա վատնող պետական տնտեսական հատվածով։

Ելցինը և նրա հաջորդը՝ Վլադիմիր Պուտինը, իրենց կառավարման վաղ փուլում ձեռնամուխ եղան խոշոր բարեփոխումների իրականացմանը, սակայն նահանջեցին, երբ նրանց դեմ հակահարձակման անցան ազդեցիկ գործարար շրջանակներն իրենց իրավունքներով ու շահերով, և կոռումպացված ուժերը։ Թեև բնակչության եկամուտներն աճեցին, անավարտ մնացած ռեֆորմները Ռուսաստանը թողեցին նավթագազային արտահանումից չափից ավելի մեծ կախվածության մեջ, որի հաշվին էր պահվում բյուջեն, և թարմացվում էր ենթակառուցվածքը։

Իշխանության գալով՝ արաբական նոր առաջնորդները ձեռքներին ռեֆորմների պատրաստի պլաններ պետք է ունենան և անմիջապես ձեռնամուխ լինեն ակտիվ գործողությունների՝ նախքան քաղաքական մեղրամսի ավարտվելը։ Առաջնային գերակայություն պետք է դառնա պետական տնտեսական սեփականության թափանցիկ և մրցունակ մասնավորեցումը։ Յուրաքանչյուր հատված, յուրաքանչյուր ճյուղ պետք է բաց լինի օտարերկրյա ներդրումների համար, բացի այն ակտիվներից, որոնք ներկայացնում են ազգային անվտանգության իսկական շահերը։ Հարկավոր է արագ արդիականացնել առևտրային օրենքներն ու կանոնները՝ դրանք համապատասխանեցնելով արաբների համար կենսականորեն կարևոր գործընկեր Եվրամիության օրենքներին և նորմերին։ Դրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է պաշտպանել տնտեսական անկախությունը։ Եվրամիությունը շատ իմաստուն կերպով խոստանում է հարավի իր հարևաններին «փող տալ ռեֆորմների համար»։

Բայց Արևմուտքը չպետք է մեծ երախտագիտություն սպասի նման օգնության դիմաց։ 1991-92թթ. ձմռանը Արևմուտքը սկսեց Ռուսաստան ուղարկել բուժօգնություն և պարեն, բայց մարդիկ հաճախ դրանում միայն իրենց երկրի և ժողովրդի նսեմացում էին տեսնում։ Շատ հպարտ արաբներ նման կերպ կարձագանքեն։ Արևմուտքը պետք է օգնություն տրամադրելու իր որոշումները հիմնի ազատ ու բարգավաճող արաբական աշխարհի երկարաժամկետ շահերի, այլ ոչ թե բարեկամներին զավթելու փորձերի վրա։ Դոնորները պետք է քիչ խոստանան և ավելի շատ գործ անեն։

Արևմուտքը մեղմացնում է իր վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ` այն համապատասխանեցնելով բազմաթիվ ռազմավարական շահերին, ինչպիսիք են էներգամատակարարումները Եվրոպայի համար, միջուկային խաղաղությունը և ՆԱՏՕ ուժերի թիկունքի ապահովումն Աֆղանստանում։ Արևմուտքը կաջակցի արաբական դեբյուտին, եթե այդ ընթացքում սպառնալիք չհայտնվի էներգառեսուրսների մատակարարման, Իսրայելի անվտանգության, ինչպես նաև միասնական այն ճակատի համար, որը հանդես է գալու միջուկային զենք ունենալու Իրանի ձգտումների դեմ։ Այս շահերը գերազանցում են մնացած բոլորին։ Եվ այնուամենայնիվ, Արևմուտքը Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի, Լիբիայում Մուամար Քադաֆիի, իսկ այժմ էլ՝ Սիրիայում Բաշար ալ-Ասադի հանդեպ իր քաղաքականությամբ հզոր աջակցություն է ցուցաբերում արաբական զարթոնքին։

Ռուսաստանում Արևմուտքը հիասթափվեց խորհրդային շրջանում ուսանած միջին տարիքի էլիտային բարեփոխելու փորձերի մեջ։ Արաբական երկրներում Արևմուտքը պետք է ուղղորդվի ավելի երկարաժամկետ հեռանկարով. հարկավոր է ազդեցություն գործել երիտասարդների վրա և օգնել նրանց ստեղծելու քաղաքացիական հասարակության ինստիտուտներ, ինչպիսիք են քաղաքական և հասարակական կազմակերպությունները և մասնավոր ձեռնարկությունները։ Ներդրումների լավագույն ձևը կդառնա արևմտյան համալսարաններում որքան հնարավոր է շատ արաբ ուսանողների ուսանելու ուղարկելը։

Միացյալ Նահանգները գլխավորոմ էր Արևմուտքի հետխորհրդային գործողությունները Ռուսաստանում։ Այժմ Եվրոպան է գտնվում օպտիմալ իրավիճակում՝ արաբական աշխարհի մեծ մասում կայանալիք փոփոխություններին աջակցելու և տնտեսական ամուր կապեր ու մարդկանց միջև շփումներ հաստատելու համար։ Արաբական զարգացումը հսկայական հետևանքներ կունենա հանրային խաղաղության և Եվրոպայի բարգավաճման համար, ինչպես նաև կնվազեցնի ներհոսքը դեպի եվրոպական աշխարհամաս։

Եվրոպայի առաջատար դերը Քադաֆիին իշխանազրկելու համար մարտնչող լիբիացի ապստամբներին օգնություն ցուցաբերելու հարցում արժանի է գովեստի, բայց դա միայն սկիզբն է։ Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցեն բարեփոխումներին Իրաքում, ինչպես նաև որոշակի չափով՝ Եգիպտոսում և Սաուդյան Արաբիայում։ Իսկ Եվրոպան այս առումով պետք է ստանձնի առաջնորդի դերը փոփոխությունների ժամանակաշրջան ապրող արաբական մյուս երկրներում։ Այս վերջին երկրները ռազմավարական նշանակություն ունեն Եվրոպայի, բայց ոչ` Ամերիկայի համար, և այս փաստը հաստատվում է լիբիական կամպանիային ամերիկյան մասնակցության դեմ ներքին ելույթներով։

Արաբական հիմնախնդիրները կարող են երկար ժամանակ կարևորագույն արտաքին խնդիրը դառնալ Եվրոպայի համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր արտասահմանում Եվրոպայի առաջնորդության այսքան զգալի պահանջարկ և ծագող հնարավորություններն էլ` այսքան բազմախոստում չեն եղել։  

 

ԱՐՄԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ

ՀԻՎԱՆԴ ՀՈԳՈՒ ՓԱԽՈՒՍՏԸ «ԱՌՈՂՋ» ԲԱՐՈՅԱԼՔՈՒՄԻՑ

(Նյութի մշտական հասցեն՝ http://nationalidea.am/publications.php?id=10218&fl=y&l=A)

21.07.2011

Մեր իշխանավորները և առանձնապես մշակույթի ոլորտը ներկայացնող պատկան մարմինները խիստ են վիրավորվում, երբ տարբեր առիթներով նրանց հանդիմանում կամ անվանարկում են: Նրանք խորապես համոզված են, որ դրանք անարդարացի խոսքեր են, իրենց բնավ էլ արժանի չեն այդ կարգի մեղադրանքներին, և ամեն բան արվում է այնպես, ինչպես հարկն է: Սակայն այս պահին, երբ պատրաստվում եմ գրել դերասանուհի Դոնարա Մկրտչյանի մասին, ինձ համար ոչ միայն միևնույն է, թե ինչ կմտածեն նրանք, ում ուղղելու եմ հանդիմանանքի խոսքերս, այլև անկեղծորեն ցանկություն կա նրանց վիրավորել, քանի որ վիրավորված լինելն առավել տանելի է, քան անամոթ լինելը:

70 տարեկան հասակում վախճանվեց հայ թատրոնի և կինոյի ամենասիրված դերասանուհիներից մեկը` Դոնարա Մկրտչյանը: Այս օրերին լրատվամիջոցների մեծ մասը գրեց, թե մահացել է Մհեր Մկրտչյանի կինը: Այո, Դոնարան նրա կինն էր, Ֆրունզիկի երկու զավակների մայրը: Սակայն նրանք, ովքեր այդպես ներկայացրեցին բոթը, ակամա մատնեցին իրենց պատկանելությունը մարդկանց այն խմբին, որոնք կամ  մարմնավորում են անտեղյակությունը և կամ  մարդուն գնահատալի են համարում միայն այն դեպքերում, երբ նա այսինչի ամուսինն է, կամ այնինչի բարեկամը:

Դոնարա Մկրտչյանը ինքնահաստատ արվեստագետ էր և հավելյալ ուղղորդումները չէ, որ պիտի լրացնեն նրա անձի ու գործի կարևորությունը: Սակայն վերահաս ողբերգությունը ոչ միայն փոխեց նրա կյանքի ընթացքը, այլև լիովին հեռացրեց իր աշխարհից և իր սպասվելիք վերելքներից: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճանաչված դերասանուհին կյանքի վերջին քսանհինգ տարիները անցկացրեց Սևանի հոգեբուժարանում:

1941-ին  Լենինականում ծնված Դոնարան 1959-ին ընդունվել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, ավարտել դերասանական ֆակուլտետն ու մեկընդմիշտ ընտրել բեմը: Նրա արտիստական տաղանդն իր վրա կրում էր մեծ բեմադրիչ Վարդան Աճեմյանի վարպետության կնիքը և այն  բնատուր կայծը, որ արվեստը պիտի դարձներ առինքնող, խաղը` երկարակյաց, անունը` սիրելի ու մտապահվող: Իսկ հետո Մայր թատրոնի բեմում պիտի մեկը մյուսին հաջորդեին դերերը «Աշխարհն, այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ», «Պաղտասար աղբար», «60 տարի և 3 ժամ», «Հանրապետության նախագահը», «Սալեմի վհուկները» և տասնյակ այլ պիեսներում: Հաջողությունը նրան ուղեկցելու էր նաև էկրանի վրա: Ո՞վ այսօր չի հիշում նրա մարմնավորած կերպարները «Կովկասի գերուհին», «Շրթներկ N4», «Խաթաբալա», «Մհերի արկածները» կինոնկարներում, որոնք լայն ճանաչում բերեցին Դոնարա Մկրտչյանին: Ասվածին գումարենք նաև  դերասանուհու բազմաթիվ դերերը, որ խաղացել է հեռուստատեսային թատրոնում, վարել է հեռուստահաղորդումներ, այդ թվում նաև այն տարիներին շատ հանրահայտ «Գարնանային կատակները»` բացահայտելով իր նուրբ հումորն ու կանացի հմայքը:

Նրանք, ում բախտ է վիճակվել բեմի վրա տեսնել Դ. Մկրտչյանի Էսմերալդայի դերակատարումը «Աշխարհն, այո, շուռ է եկել» ներկայացման մեջ, կամ Անույշի դերը «Պաղտասար աղբար»-ում և, իհարկե, վերջին խաղը Իոն Դրուցեի «Սրբություն սրբոց» պիեսում, որը փաստացի դարձավ դերասանուհու կարապի երգը, երբեք չեն կարող ուրանալ, որ առնչվում էին բարձր արվեստի ու ճշմարիտ արվեստագետի մեծ նվիրումի հետ:

Իսկ հետո ամեն բան փլուզվեց միանգամից: Գտնվելով Սևանի հոգեբուժարանում` Դոնարան այդպես էլ չիմացավ իր զավակների մահվան մասին, իսկ եթե երբեմն գիտակցությունն արթնության պահեր էր ունենում, ապա նա խոսում էր իր վերադարձի, կրկին բեմ դուրս գալու երազանքի մասին: Պատմում են, որ այդպիսի պայծառացումների ժամերին նա սիրով հիվանդների համար հատվածներ էր ընթերցում իր խաղացած դերերից կամ ցուցադրում էր փոքրիկ պատկերներ:

Ասում են, թե մահը փրկություն է հոգու ցավը կրողների համար: Բայց արդյո՞ք Դոնարա Մկրտչյանն իր մահով ազատվեց հողեղեն տառապանքներից: Այն, ինչ կատարվեց հետո, նույնքան տխուր էր, որքան վախճանը: Սևանի հոգեբուժարանի ղեկավար Գագիկ Կարապետյանը շտապեց դերասանուհու մահվան լուրը հայտնել նրա խաղընկերներին` հուսալով, թե նրանց արձագանքը չի ուշանա և հրաժեշտը կլինի հավուր պատշաճի: Սակայն անցավ երկու օր, իսկ մայրաքաղաքից ոչ մի ձայն չկար: Ճարահատյալ Կարապետյանն անձամբ  կազմակերպեց մահացածի  հոգեհանգստի ու հոգեհացի արարողությունները` այդ հաստատության միջոցներով: Իսկ հետո պարզվեց, որ Դոնարա Մկրտչյանի  հուղարկավորության հարցերով զբաղվող այնուամենայնիվ կա` Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Թե ի՞նչ պարտականություններ էր նա ստանձնել, դժվար է ասել, բայց հետևանքը եղավ այն, որ ընդամենը մի քանի հոգի մեկնեցին Սևան, Դ.Մկրտչյանի մարմինը բերեցին Երևան և ընդամենը 10 հոգով նրան հողին հանձնեցին Սպանդարյանի գերեզմանատանը: Խոսում էին նաև, թե իբր մի քանի դերասաններ ծեծել են բազմաթիվ վերադաս ատյանների դռներ, պահանջել կազմակերպել նրա վաստակին վայել թաղման արարողություն, սակայն այդ դիմումները մնացել էին անպատասխան: Ահա այսպես լքված ու արհամարհված հեռացավ կյանքից մեկը, ով վերջին երկու տասնամյակների ընթացքում նույնպես ապրեց անտեսված ու մոռացված: Ոչ ոք նրան այցի չէր գնում` ոչ հարազատները, ոչ խաղընկերները, ոչ Մկրտչյանների ընտանիքի անդամները և, բնականաբար, ոչ էլ Մայր թատրոնի ղեկավարներն ու թատերական գործիչների միության պատասխանատուները: Դոնարա Մկրտչյանին նրանք վաղուց էին հրաժեշտ տվել` դերասանուհու մահից շատ տարիներ առաջ: Եվ հիմա էլ այդ նույն տրամաբանությամբ մայրաքաղաքում չպիտի գտնվեր մի բեմ, մի հաստատություն, որտեղ կդրվեր դերասանուհու դին և նրա արվեստի երկրպագուները հնարավորություն կունենային վերջին հրաժեշտ տալու: Չէ, այդպիսի բան չէր լինելու: Ու եթե նման անտարբերությունը սոսկ այն պատճառով էր, որ մարդը հոգեկան հիվանդ էր, ապա քանի՞սը գիտակցեցին, որ  հիվանդությունը մեղք չէ, ի տարբերություն այն բարոյալքման ախտի, որով տառապում են շատ ապրողներ:

Այո, իրական ու անբուժելի հիվանդը դուք եք, պարոնայք մտավորական պաշտոնյաներ, որ ձեր չհիմնավորված գոյությամբ կրում եք կյանքը, մահը, վաստակը, արժեքը տնօրինելու և ոտնատակ անելու իրավունքը: Եթե մեռնողը լիներ «չխմազ» մի արտասահմանցի, ով ազգանունից բացի որևէ ընդհանուր բան պիտի չունենար այս երկրի հետ, կամ, ասենք, մի ունևոր տղա, որն իր կյանքում օգտակար ոչինչ չէր արել, բայց կասկածելի պարունակությամբ լի դրամապանակներով ժառանգները պատրաստ լինեին մի քիչ թեթևացնել իրենց գրպանները հոր հիշատակի ու «ազգի հմար», ապա այդ դեպքում համազգային սուգն ապահովված կլիներ: Նույնիսկ կարելի էր մի երեք-չորս հատ Մխիթար Գոշի մեդալ կախել հանգուցյալի վզից, հուշատախտակներ ամրացնել տների ճակատներին ու կիսանդրիներ կանգնեցնել զբոսայգիներում: Այս է ձեր իմացածն ու ձեր անկարողության սահմանը: Միայն ափսոս, որ դեռ չկա այն բժիշկը, ով պիտի գա ու ապաքինի երկիր կոչվող այս ընդարձակ հոգեբուժարանի ձեզ նման կենվորներին:

 

ՍԵՐԳԵՅ ՍԵՄԱՆՈՎ

ԼԵՐՄՈՆՏՈՎ. ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ՄԵԿ ԱՆՀԱՅՏՈՎ

(Նյութի մշտական հասցեն՝ http://www.apn.ru/publications/article24533.htm)

20.07.2011

Միանգամայն ակնհայտ է, որ մարդկության պատմությունն անհնար է պատկերացնել առանց միստիկայի։ Հազիվ թե սա վիճարկեն նույնիսկ ամենամոլի աթեիստներն ու ամեն տեսակ մոլեռանդները. դա չափից ավելի ակնհայտ է։ Միայն մեկ օրինակ բերենք՝ անվիճելի, արտասովոր կերպով վառ, և մնում է միայն զարմանալ, որ այն սակավ հայտնի է։

Ռուս մեծ բանաստեղծ Լերմոնտովը ծնվել է 1814թ. հոկտեմբերի 14-ին, ողբերգական վախճան է ունեցել 1841թ. հուլիսի 27-ին (ամսաթվերը բերված են նոր տոմարով)։ Բանաստեղծի փառքը ռուս ժողովրդի մեջ մեծ է և երբեք չի խամրել, այստեղ նրան կարելի է համեմատել միայն Պուշկինի հետ։ Նրան միշտ սիրել են և մեծարել, բայց նրան հիշելու հետ կապված` անհավանական պատմություններ են տեղի ունեցել, որոնք բանականությամբ ոչ մի կերպ բացատրելի չեն։ Թերթենք հիշարժան տարեթվերը։

Բանաստեղծի ծննդյան հարյուրամյակը պատրաստվում էին լայնորեն նշել, բազմաթիվ հանդիսություններ, նրա ստեղծագործությունների, գիտական աշխատությունների հրատարակություններ էին նախատեսվում։ Սակայն բոլոր պլաններն անսպասելիորեն հօդս ցնդեցին. Լերմոնտովի համար հոբելյանական 1914 թվականի օգոստոսից Ռուսաստանը ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, անմիջապես ծանր մարտեր սկսվեցին, որոնք միշտ չէ, որ հաջող էին, բազմաթիվ էին սպանվածներն ու վիրավորները։ Նախատեսված հանդիսությունները սահմանափակվեցին, նախատեսված բոլոր հրատարակումները չէ, որ լույս տեսան, և ոչ լավագույն ձևով։

Լերմոնտովի մահվան հարյուրամյակը Ստալինի օրոք պատրաստվում էին նշել արդեն պետական մակարդակով, մոտավորապես այնպես, ինչպես վերջերս ողջ երկրով մեկ թնդացել էր Պուշկինի հոբելյանը՝ մեծ հանդիսություններով։ Ավաղ, 1941թ. հուլիսի 27-ին կարմիր բանակը, գերմանաֆաշիստական զորքերի հարվածների ներքո, արդեն հանձնել էր Բելոռուսիան ու Մերձբալթիկան, հետ էր քաշվում դեպի Կիև։ Ի՜նչ գրական հոբելյաններ կարող էին նշվել նման օրհասական պահին։ Այն սարսափելի օրերին թերթերում և ռադիոյով բանաստեղծին հազիվ էին հիշում։ Եվ եթե հիշում էլ էին, փառք Աստծո՜։

Տրագիկոմիկական իրադարձություններ տեղի ունեցան նաև Լերմոնտովի ծննդյան ճիշտ 150-ամյակի տարելիցին։ Խելագար խրուշչովյան ժամանակներում ռուսական հիշարժան տարեթվերի մասին չէին հիշում, որևէ կերպ չէին նշում, օրինակ, Պոլտավայի պատմական հաղթանակի 250-ամյակը։ Բայց հասարակությունը հիշում էր պոետին և պատրաստվում էր մեծարել նրան։ Բայց հենց 1964թ. հոկտեմբերի 14-ին Խորհրդային Միությունում պետական հեղաշրջում տեղի ունեցավ, բոլորին զզվեցրած Նիկիտան գահընկեց արվեց և փոխարինվեց Բրեժնևով։ Նոր իշխանությունը պոեզիայի հավեսը չուներ, հանդիսություններ տեղի չունեցան, ժողովրդի հիշողության մեջ մնաց միայն ուրախ անեկդոտը. «Հանդիպում են երկու պառավ, մեկն ասում է.

- Լսել ե՞ս, Խրուշչովին հանել են։

- Ի՞նչ ես ասում, բա ո՞վ է նրա փոխարեն։

- Ոնց որ թե մի ինչ-որ Լերմոնտով, ռադիոն ամբողջ օրը նրա մասին է խոսում»։ 

Հենց այսպես, ռադիոհաղորդումներով էր նշվել լերմոնտովյան այդ հերթական հոբելյանը։

Մեր շատ ժամանակակիցների համար բավական անսպասելի կլինի իմանալ, որ համեմատաբար վերջերս բանաստեղծի հերթական կլոր տարեթիվը՝ մահվան 150-ամյակը, կրկին մթագնվեց ճղճիմ քաղաքական իրարանցումով, քանի որ այն համընկավ 1991 թվականի հուլիսի վերջին։ Իսկ հուլիսի հետևում երևում էր խայտառակ օգոստոսը, որը հստակ կերպով 1917-ի փետրվարն էր հիշեցնում։ Բոլոր սյուներից ու լարերից խայտաբղետ, բայց մտադրություններով բոլորն էլ սև ագռավները մոլորված ժողովրդին երգում էին շուկայի, կապիտալիզմի հմայքների և արտոնությունների դեմ պայքարի մասին։ Խեղճ Լերմոնտով, նորից հայրենիքում նրա բախտը չբերեց։ Ո՞վ այն խելահեղ, հիստերիկ ժամանակներում կհիշեր  «Одну молитву чудную твержу я наизусть» հուզաթրթիռ տողերը։

Ոնց ուզում եք` մտածեք, բայց առանց միստիկայի անհնար է ըմբռնել բանաստեղծի բոլոր չորս հոբելյանների ցնցող ու ողբերգական համընկնումը։

Սա մի տեսակ ներածություն էր, հիմա՝ գլխավորի մասին, որոշ մեծ ու բավական հայտնի պատմական իրադարձությունների առեղծվածային աստառի մասին։ Դա կօգնի ավելի լավ հասկանալ անկայուն արդիականությունը։

Համաշխարհային առումով նշանակալի 1917-ի իրադարձությունները Ռուսաստանում մեր օրերում մինչև վերջ ուսումնասիրված են։ Հայտնի են բոլոր մանրամասներն ու գործող անձինք, ծածուկ ամեն ինչ վաղուց արդեն բացահայտված է։ Եվ այնուամենայնիվ, այնուամենայնիվ... Հզոր կայսերական իշխանությունը փլուզվեց տառացիորեն երեք օրում և ընդմիշտ վերացավ անմիջապես։ Միապետին հավատարիմ մարդկանց ահռելի մեծամասնությունը մի ակնթարթում դարձավ համոզված ու կրքոտ հանրապետական։ Սովորական ողջամտությունը հուշում է. կյանքում այդպես չի լինում։ Բայց հենց այդպես էլ եղավ, ինչն անկասկած է։

Ինչպես հայտնի է, 1917-ի փետրվարին սկսված հեղափոխությունն ավարտվեց Լենինի հոկտեմբերյան հեղաշրջմամբ։ Լենինի գաղափարական ժառանգորդները երկար ժամանակ մարդկանց ներշնչում էին, որ Հոկտեմբերյան հեղափոխությունը ողջ մարդկության պատմության զարգացման օրինաչափ և անհրաժեշտ արդյունքն էր։ Հասկանալի է՝ սա մոլորություն է։ 1917-ը կարող էր և ավարտվել այդ նույն Միլյուկովով, Կերենսկիով, գեներալ Կոռնիլովով կամ, վերջապես, Կրոնշտադտի նավաստիների ապստամբությամբ։ Բայց տարին ավարտվեց Լենինի, Տրոցկու և Ձերժինսկու հաղթանակով՝ նրանց արյունալի գինարբուքներով հանդերձ։ Ինչո՞ւ նրանք այդքան արագ և հեշտ զավթեցին վիթխարի երկիրը՝ ռացիոնալ բացատրություններ չկան։

Շարժվենք առաջ մեր միստիկական սանդուղքով՝ հենվելով միայն անվիճելի պատմական հանգամանքների վրա։ Խորհրդային իշխանության տասնամյակը նշվեց համեմատաբար համեստ։ Մայակովսկին այն ժամանակ կռվազան տոնով գրում էր. «Моя страна - подросток, твори, выдумывай, пробуй!»։ Իսկապես, տասնյակ տարին աննշան ժամկետ է հասարակական խոր փոփոխությունների համար, դրանք հապճեպ չեն իրականացվում։ Այլ բան է իրադարձության քսանամյակը։ Այդ ընթացքում նոր պայմաններում արդեն մարդկանց մի ամբողջ սերունդ է աճել։ Հնարավորություն կա եզրահանգումներ անելու և արվածի հաշիվը ներկայացնելու համար։

Հոկտեմբերի քսանամյակը համընկավ տխրահռչակ 1937-ի հետ։ Մեր երկրում այն նշեցին չտեսնված ճոխությամբ, ինչպեսև ՎՉԿ-ի և կարմիր բանակի հետագա հոբելյանները։ Հատկանշական է, որ նշյալ տարեթվի արդեն վերջին «փոշոտ սաղավարտներով կոմիսարների»՝ Ձերժինսկու համախոհների և բանակային վերնախավի մեծամասնությունը ֆիզիկապես ոչնչացված էր, ջնջված ոչ միայն կյանքից, այլ նաև հիշողությունից, ընդ որում՝ այդ սպանդանոցում արյունալի գործերում թրծված բանդիտները ոչ մի դիմադրություն ցույց չտվեցին իրենց նորահայտ դահիճներին։ Բայց շուտով հասավ նաև նրանց հերթը. ոչ բոլորը, բայց շատերը գնացին նրանց հետևից։

Այն ժամանակվա դատավարություններում, որոնք թատերական արարների էին նման, այն էլ օտարերկրյա դիտորդների ներկայությամբ, բոլոր մեղադրյալները գործնական տեսքով ու հանգիստ խոստովանում էին իրենց կատարած ահավոր հանցագործությունները, սպանությունները, թունավորումները, դավադրությունները, լրտեսությունը բրազիլական կամ ցեյլոնյան հետախուզությունների համար։ Մինչ օրս «անձի պաշտամունքի դեմ մարտնչողները» վհատորեն պնդում են ահավոր խոշտանգումների մասին, բայց հիմա անվերապահորեն հաստատվել է, որ Կամենևին ու Զինովևին, Տուխաչևսկուն ու Ռադեկին ոչ ոք չի ծեծել ու խոշտանգել։ Ուրեմն, ինչո՞ւ էր թատերական ներկայացումն այդքան հաջող ընթանում այն կազմակերպողների համար։ Այսօր բարեխիղճ գիտնականներից ոչ մեկը չի կարողանա ճիշտ պատասխանել, բոլորը միայն ենթադրություններ ունեն։ Այստեղ դեռ երկար խորհելու բան կա։

Փոխարենը հեշտ է բացատրել ժողովրդի մեծամասնության կարեկից վերաբերմունքն այդ չարագուշակ դատավարությունների դատավճիռների հանդեպ։ Պետք է, որ ոմանք մարդկանց հիմարի տեղ չդնեն, ժողովուրդը կարող է մանրամասները չիմանալ, բայց սովորաբար ճիշտ է զգում։ Այդպես է և այս պարագայում։

Ավագ և միջին սերնդի մարդիկ լավ էին հիշում և պատմում էին Պետրոգրադում Զինովևի չարագործությունների մասին, թե ինչպես էր տամբովյան գյուղացիներին ոչնչացնում Տուխաչևսկին, ինչպես էր Բուխարինն անարգում ռուս սիրելի պոետ Եսենինի հիշատակը, ինչպես էր կոլեկտիվացման ժամանակ սիբիրցի մուժիկներին նվաստացնում տեղի «կուսակալ» Էյխեն։ Միևնույն ժամանակ, ինչը պակաս կարևոր չէ, ռուսական ինքնագիտակցության համար այս ինքնակոչ իշխանները մնում էին հրեաներ, օտարներ, այսինքն՝ խորթ էին։ Եվ ժողովրդի թշնամիներ։

Երեսունյոթ թվականի ստալինյան հակահեղափոխությունը թանկ նստեց ժողովրդի վրա, քանի որ արյունարբու Տրոցկու և Տուխաչևսկու հետևից դահճի կացնի տակ ընկան հազարավոր անմեղներ, ուստիև այդ նույն 1937-ի մասին հարկ է խիստ շրջահայացորեն խորհրդածել։ Սակայն ակնհայտորեն անվիճելի է այն, որ երեսուն դաժան տարիներից հետո խորհրդային իշխանությունն այլ էր դարձել՝ ինտերնացիոնալից հայրենասիրականի էր վերածվել։

Ախմախ բաների մասին (այստեղ այլ բառ չի սազի) հիշելը ոչ միայն տհաճ է, այլ նաև ձանձրալի, քանի որ բոլորն են հիշում, և վաղուց արդեն հասկանալի են։ 1991-ին ողջ խորհրդային ժողովուրդը, անշուշտ, խելքը թռցրել էր։ Բայց եթե բանդերականները, կովկասցիները, մերձբալթները և հրեաները, դրանով հանդերձ, ելնում էին իրենց ազգային-եսասիրական շահերից, ապա ռուս ժողովուրդը խելքը թռցրել էր զուտ ի վնաս իրեն և հիմարացվել էր լիովին ու ամբողջովին։ Հարյուրհազարանոց ամբոխները Մոսկվայի ու Լենինգրադի փողոցներում վայնասուն էին բարձրացրել և աղաղակում էին. «Ել-ցին, Ել-ցին», որին հաջորդում էր՝ «Կորչի ԽՄԿԿ-ն»։ Հատկապես անհեթեթ էր այն, որ աղաղակողներից շատերն այդ կուսակցության անդամներն էին։ Սակայն շուտ զգաստացան. երթերը միանգամայն այլ կոչերով էին ընթանում։ Բայց արդեն ուշ էր, իշխանությունն ամուր կերպով իրենց ձեռքն էին վերցրել Գայդարն ու նրա համախոհները։

Անցավ ուղիղ 20 տարի։ Թե ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի հետ՝ դրա մասին խոսելը և՛ ձանձրալի է, և՛ տխուր, և գլխավորը՝ բոլորին է հայտնի, քանի որ անվիճելի է։ Սովորական են դարձել արդեն բնակչության թվաքանակի նվազման ցասումնալի մերկացումները, ժողովրդի մեծամասնության աղքատացումն ու վայրիացումը՝ միլիոնավոր բոմժերով ու անօթևան երեխաներով, կրթության և գիտության անկումը, և այս ամենի վրա թևածում է միլիարդատերերի՝ Կուրշավելում զվարճացող մի լպիրշ հարյուրյակ (և բոլորն էլ, անխտիր, ռուսական ծագում չունեն)։ Ներկայիս ռուսական կյանքի խոցերն անվերջ կարելի է թվարկել։ Իսկ իշխանությունն անգործության է մատնված, ի վիճակի չէ որևէ բան բարելավել։

Բոլորը, ովքեր ուշադիր հետևում են ռուսական հասարակության տրամադրություններին, միահամուռ նշում են իշխանությունների ներքին (մասամբ էլ՝ արտաքին) քաղաքականությունից դժգոհության աճի մասին։ Դժգոհությունը վերջին ժամանակներս վերածվում է վրդովմունքի և նույնիսկ չարացածության։ Իրական ապաքինման ոչ մի պլան իշխանությունները չունեն։ Հասարակության այս տագնապալի իրավիճակն իշխանությանը կարծես չի էլ անհանգստացնում, ինչը զարմանալի է։ Պետապարատը վարակված է կոռուպցիայով և լիակատար անտարբերությամբ ժողովրդի կարիքների հանդեպ։ Պետական գաղափարախոսության մեջ իշխում է խելագարության նմանվող անորոշությունը. մի կողմից՝ խելահեղորեն պայքարում են Ստալինի ստվերի դեմ, մյուս կողմից՝ մշակույթի նախարարության մրցանակ (պետական) են տալիս պիտերցի «կեղտ շպրտողներին», որոնք անպարկեշտ բան էին նկարել հանրահայտ Լիտեյնի կամրջի վրա։ Նրանց բանտ էր պետք նստեցնել, բայց տես, որ... Մեզ քիչ էին Քսյուխաներն ու Գայ Գերմանիկները։

Ամփոփելով՝ կրկին հիշենք Լերմոնտովին։ Նրա ամենամոտ հոբելյանը 2014թ. հուլիսին է։ Բայց դեռ պետք է սույն թվականի օգոստոսը գլորել։

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am