Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհն ամսվա ընթացքում

Աշխարհն ամսվա ընթացքում
Օգոստոս 2011, N 8

ԱՇԽԱՐՀԸ ՕԳՈՍՏՈՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Օգոստոսն առանձնակի բուռն էր և հագեցած համաշխարհային քաղաքական իրադարձություններով։ Ընդ որում՝ այդ իրադարձություններից մի քանիսը, անշուշտ, նշանային են և կանխորոշում են պատմության ընթացքը։ 2011թ. օգոստոսը երկար կհիշվի, իսկ այս ամսվա որոշ պահեր տեղ կգտնեն ապագա սերունդների պատմության դասագրքերում։

Եվ այսպես, օգոստոսի սկզբի գլխավոր նորություններից մեկը կարելի է համարել ԱՄՆ պետպարտքի շեմի բարձրացման պլանի համաձայնեցումը, ինչը թույլ տվեց խուսափել դեֆոլտից։ Այն բանից հետո, երբ հանրապետականներին և դեմոկրատներին կոնգրեսում հաջողվեց գոնե մի ինչ-որ փոխզիջման հասնել այս ցավոտ հարցի շուրջ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ։ «Ես ուզում եմ հայտարարել, որ երկու կուսակցությունների ներկայացուցիչները երկու պալատում համաձայնության եկան, որը թույլ կտա կրճատել դեֆիցիտը և խուսափել դեֆոլտից, իրադարձություն, որը կործանարար էֆեկտ կունենար մեր տնտեսության վրա»,- իր ելույթում ասաց Օբաման։

Ենթադրվող տեխնիկական դեֆոլտից երկու օր առաջ ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների առաջնորդները համաձայնության եկան այն օրինագծի շուրջ, որը նախատեսում է պետպարտքի լիմիտի բարձրացում 2,4 տրիլիոն դոլարով։ Այս միջոցառման հետ միաժամանակ 10 տարվա ընթացքում մեկ տրիլիոն դոլարով կկրճատվեն պետծախսերը։ ԱՄՆ պետպարտքի վերին շեմի բարձրացումը երկրին թույլ կտա ստանալ արտասահմանում պարտքերը մարելու համար անհրաժեշտ գումարը։

Ի դեպ, փոխզիջումը, որին հանգեցին հանրապետականները և դեմոկրատները, իսկական նվեր դարձավ Սպիտակ տան ղեկավարի համար, որն օգոստոսի 4-ին նշում էր իր 50-ամյա հոբելյանը։ Մի հետաքրքիր փաստ. Բարաք Օբաման դարձավ Միացյալ Նահանգների պատմության մեջ երրորդ նախագահը, որն իր կեսդարյա հոբելյանը նշում է պետության ղեկավարի պաշտոնում։

Փոխզիջումների պատրաստակամության մասին ամսվա առաջին օրերին սկսեցին խոսել Փհենյանում. ԿԺԴՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ հյուսիսկորեական միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ բանակցությունները շուտով պետք է սկսվեն, ընդ որում՝ առանց նախապայմանների։

Հյուսիսկորեական միջուկային ծրագրի շուրջ վեցակողմ բանակցություններին մասնակցում են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան։ 2009թ. ապրիլին Հյուսիսային Կորեան միակողմանիորեն դադարեցրեց բանակցությունները, իսկ մեկ ամիս անց երկրորդ փորձնական միջուկային պայթեցումն իրականացրեց։ Այժմ ԿԺԴՀ-ն հայտարարում է, որ պատրաստ է դադարեցնել հետազոտությունները և փորձարկումները՝ տնտեսական օգնության դիմաց։

Այդ ընթացքում Թուրքիայում փոխվեց ռազմական ղեկավարությունը, ինչը, փորձագետների մեծամասնության կարծիքով, կարելի է համարել վարչապետ Էրդողանի հաղթանակը զինվորականների դեմ պայքարում, որոնք Թուրքիայի Հանրապետությունում աշխարհիկ կարգի երաշխավորներն են։ Ինչպես այն օրերին նշում էին շատ վերլուծաբաններ, այդ քայլով Էրդողանը մաքրեց պետության իսլամացման ճանապարհը։

Երկրի նախկին զինվորական ղեկավարությունը հուլիսի վերջին ամբողջ կազմով հրաժարական տվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Տարաձայնությունների հիմքում զինվորական դավադրության չդադարող հետաքննությունն է, որն իբր թուրքական իշխանությունները բացահայտել են 2008թ.։ 2010-ից, երբ սկսվեցին այս գործով ձերբակալությունները, վանդակաճաղերի հետևում հայտնվեցին տասնյակ սպաներ, որոնք կասկածվում էին Էրդողանի իսլամամետ ռեժիմը տապալելու փորձի մեջ։

Օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ 2012թ. փետրվարի 12-ին Թուրքմենստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Վերջին անգամ թուրքմենները նախագահ ընտրել են 2007թ.։ Ընտրությունները նշանակվեցին ցմահ նախագահ Սափարմուրադ Նիյազովի մահվանից հետո (2006թ. դեկտեմբերին)։ Ընտրություններում հաղթանակ տարավ ներկայում գործող պետության ղեկավար Գուրբանղուլի Բերդիմուհամեդովը։

2011թ. օգոստոսին Թուրքմենստան վերադառնալու և նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին տեղեկացրին թուրքմենական ընդդիմության՝ արտաքսման մեջ գտնվող առաջնորդներ Խուդայբերդի Օրազովը և Նուրմուհամեդ Խանամովը։ Դրանից ոչ շատ առաջ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովը խոստացել էր, որ ընդդիմադիրների համար ընտրություններին մասնակցելու հավասար պայմաններ և հնարավորություններ կապահովի։

Իսկ ահա Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի հրաժեշտ տալ նախագահ լինելու երազանքին։ Բանն այն է, որ օգոստոսը նրա համար բախտորոշ դարձավ. օգոստոսի 5-ին Կիևի Պեչորյան շրջանային դատարանն անսաց դատախազության փաստարկներին և որոշեց ձերբակալել Տիմոշենկոյին։ Մինչ այդ նա ստորագրություն էր տվել չբացակայելու մասին։ Փաստարկելով Տիմոշենկոյի ձերբակալության անհրաժեշտությունը՝ պետական մեղադրողը, մասնավորապես, առանձնացրել էր նախկին վարչապետի ոչ կոռեկտ պահվածքը դատարանում։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Տիմոշենկոյի դեմ երեք քրեական գործ է հարուցել՝ կապված 2007-2010թթ. վարչապետի պաշտոնում նրա իրականացրած գործունեության հետ։ Դրանցից մեկի շրջանակներում նա մեղադրվում է իշխանությունը չարաշահելու մեջ՝ 2009թ. հունվարին Ռուսաստանի հետ գազային համաձայնագրեր կնքելիս։

Գերագույն ռադայի՝ «Նավթոգազ Ուկրաինի» նավթային բաժնետիրական ընկերության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև գազային համաձայնագրերի կնքման հանգամանքները քննող ժամանակավոր քննչական հանձնաժողովի հաշվետվությունում ասվում է, որ, 2009թ. Մոսկվայի հետ Կիևի համար ոչ շահավետ գործարք կնքելով, Յուլիա Տիմոշենկոն, հավանաբար, համաձայնության է եկել ռուսական կողմի հետ։ Պատգամավորները կարծում են, որ Տիմոշենկոն գործել է սեփական շահերից ելնելով, քանի որ նրա «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» ընկերությունը 450 միլիոն դոլարի պարտք ուներ «Գազպրոմին» և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ Իսկ ինքը՝ «նարնջագույն լեդին», իր ձերբակալությունն անվանել է հաշվեհարդար քաղաքական ընդդիմախոսի հետ։

Չէին հասցրել ամերիկացիները թեթևացած շունչ քաշել իրենց օրենսդիրների կարևոր որոշումից հետո, երբ միջազգային վարկանիշային Standard & Poor's (S&P) գործակալությունն իջեցրեց ԱՄՆ երկարաժամկետ վարկային վարկանիշը։ Նման բան պատմության մեջ առաջին անգամ էր տեղի ունենում։ Բյուջետային դեֆիցիտի աճի հետ կապված երկյուղների ֆոնին ԱՄՆ վարկանիշն առավելագույն ,AAAե մակարդակից իջավ մինչև ,AA+ե մակարդակի։ Կանխատեսումը բացասական է, այսինքն՝ չի բացառվում, որ առաջիկա 1-1,5 տարում տեղի կունենա վարկանիշի հերթական անկում։ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը վարկանիշային գործակալության որոշումը սխալ է համարել։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իր հերթին մեղադրեց S&P-ին ոչ ճիշտ հաշվարկների մեջ։ Աչքի է զարնում համանմանությունը Հայաստանի կառավարության հետ, որն անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը մտցվեց աշխարհի ամենավատ տնտեսություններն ունեցող երկրների ցանկում, սկսեց եռանդուն կերպով պաշտպանվել և արդարանալ՝ հերքելով և կասկածի տակ դնելով Forbes-ի վերլուծաբանների եզրահանգումները։

Բայց նման հանդուգն որոշումը թանկ նստեց S&P-ի վրա։ Վարկանիշն իջեցնելուց մի քանի օր անց ԱՄՆ իշխանությունները նախաձեռնեցին վարկանիշային գործակալության գործունեության ստուգումներ, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ S&P-ի նախագահ Դիվեն Շարման թողնում է պաշտոնը։ Ահա այսպիսի ցուցադրական «պատիժ» կազմակերպեցին ամերիկյան իշխանությունները՝ աշխարհին ցույց տալով, որ չի կարելի ոտնձգել «ամենասրբազանի»՝ ֆինանսատնտեսական աշխարհում Ամերիկայի ունեցած հեղինակության հանդեպ։

Սակայն ամերիկացիների կոշտ գործողությունները բոլորի վրա չէ, որ ազդեցություն գործեցին։ Չինաստանն, օրինակ, խիստ դատապարտեց ԱՄՆ «անհեռանկար» քաղաքական քննարկումները դեֆոլտի կանխման մասին հարցերի կապակցությամբ և հայտարարեց, որ աշխարհին նոր կայուն պահուստային արժույթ է հարկավոր։ «Չինաստանը՝ աշխարհի հզորագույն տերության խոշորագույն վարկատուն, այժմ լիակատար իրավունք ունի պահանջելու ԱՄՆ-ից՝ լուծել պարտքի խնդիրը և ապահովել չինական ակտիվների պահպանվածությունը դոլարով»,- անկայուն ֆինանսական այն օրերին տեղեկացնում էր չինական «Սինհուա» գործակալությունը։ Պեկինն ուղղակի նշում էր, որ ԱՄՆ վարկային ռեյթինգի հետագա նվազումը կարող է խափանել համաշխարհային տնտեսության վերականգնումը և ֆինանսական նոր ցնցումներ առաջ բերել։

Օգոստոսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրեց հրաման, որով արգելվում էր Միացյալ Նահանգներ մուտք գործել այն անձանց, որոնք կասկածվում են մարդու իրավունքների խախտումների և ցեղասպանության մեջ։ «Մուտքի իրավունքից զրկվում են բոլոր այն օտարերկրացիները, որոնք ծրագրել, հրամայել կամ օգնել են իրականացնել քաղաքացիական բնակչության դեմ բռնության զանգվածային գործողություններ՝ ըստ ռասայական պատկանելության, ըստ սեռի, սեռական կողմնորոշման, ըստ որոշակի ցեղային և սոցիալական խմբերի պատկանելության, ինչպես նաև ըստ քաղաքական հայացքների։ Արգելվում է նաև բոլոր նրանց մուտքը, ովքեր մասնակցել են ռազմական հանցագործությունների»,- նշվում է փաստաթղթում։ Ամենևին էլ տարօրինակ չէ, որ այդ ցանկում չի հայտնվել գեներալ Մանվել Գրիգորյանը, որն աչքի է ընկել ՀՀ Արմավիրի մարզի խաղաղ բնակչության հանդեպ հազվադեպ բռնության ակտերով։ Տարօրինակ չէ այն պատճառով, որ գեներալ Գրիգորյանը, որ անցել էր Լևոն Տեր-Պետրոսյանի «ժողովրդի» կողմը, մինչև վերջերս (գուցե նաև առայսօր) ՀՀ տարածքում քաղաքական հողի վրա հետապնդվող անձանց ցուցակում էր։

Օբաման կարգադրել է նաև ստեղծել Չարագործությունների կանխման գործակալություն, որը հսկողություն կսահմանի բռնության խոշոր ակտերի պոտենցիալ հնարավորության հանդեպ ողջ աշխարհում։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ «հոլոքոստից 66 և Ռուանդայում քաղաքացիական պատերազմից 17 տարի հետո ԱՄՆ-ում դեռ խոշորամասշտաբ հանցագործությունների և ցեղասպանության կանխման մեխանիզմ չի ստեղծվել»։

Եվ ոչ մի խոսք 20-րդ դարասկզբի ամենասարսափելի հանցագործության՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին...

Այնպիսի երկրների «ժողովրդավարայնացումը», ինչպիսին է Աֆղանստանը, նեխած պտուղներ տվեց, և այդ նեխածությունը սպառնում էր տարածվել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Թեև ամերիկացիները և նրանց եվրոպական դաշնակիցները ոչ մի կերպ չէին ցանկանում նկատել իրենց գործողությունների հետևանքները՝ համառորեն պնդելով, որ իրենց կամպանիան Աֆղանստանում հաջողություն է ունեցել, այնուամենայնիվ, այդ երկրի մերձավոր հարևանները սկսել են լուրջ անհանգստություն ցուցաբերել։ Այսպես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին պատմել է Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի մասին։ Ըստ Բորդյուժայի՝ ներկայում Կենտրոնական Ասիայում նկատվում է ծայրահեղական խմբավորումների ակտիվացում։ «Երիտասարդության զգալի մասը պատրաստություն է անցնում Աֆղանստանի և Պակիստանի ճամբարներում։ Ահաբեկչական կազմավորումների ներխուժման սպառնալիք կա»,- տեղեկացրել է Բորդյուժան։ Նա հայտարարել է, որ ՀԱՊԿ մի շարք պետություններ ռազմատեխնիկական օգնության կարիք կունենան։ «Ռուսաստանը միշտ շահագրգռված է ՀԱՊԿ պոտենցիալի մեծացմամբ»,- իր հերթին ասել է Դ.Մեդվեդևը։

Օգոստոսի 8-ին Հարավային Օսիայում և Ռուսաստանում հիշում էին 2008թ. ողբերգական իրադարձությունները։ Այդ օրը լրացավ Հարավային Օսիայում հնգամյա պատերազմի երեք տարին։ Վրաստանի և Հարավային Օսիայի միջև լոկալ պատերազմի մեջ ներքաշվեցին Ռուսաստանը և Աբխազիան։ Պատերազմի զոհ դարձան հարյուրավոր բնակիչներ և տասնյակ ռուս զինվորականներ։

2008թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, հրետանային կենտրոնացված նախապատրաստությունից հետո, վրացական զորքերը մտան Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալ։ Ագրեսիայի համար պաշտոնական առիթ էր հանդիսացել, ըստ Թբիլիսիի հայտարարության, հրադադարի ռեժիմի խախտումը խռովարար հանրապետության կողմից։ Օգոստոսի 8-ին Հարավային Օսիայի կողմից հակամարտության մեջ մտավ Ռուսաստանը, ինչը դարձավ վրացական կողմին խաղաղություն պարտադրելու գործողության սկիզբը։ Եվ արդեն օգոստոսի 12-ին Մոսկվան հայտարարեց, որ առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են։ Իսկ օգոստոսի 26-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրաման ստորագրեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին։

2011թ. օգոստոսին այսպես կոչված եվրոպական հանդուրժողականությունն սկսեց ճաքեր տալ. օգոստոսի 6-ին Լոնդոնի հյուսիսային Տոտենհեմ շրջանում զանգվածային անկարգություններ սկսվեցին։ Դրանք հաջորդեցին այն հանրահավաքին, որը տեղի էր ունեցել փոխհրաձգության ժամանակ ոստիկանության կողմից տեղի բնակչի սպանության առիթով։ Այնուհետև հուզումները վերածվեցին թալանի և մարոդյորության։ Լոնդոնի հետևից «պայթեցին» նաև խոշոր մյուս քաղաքները, այդ թվում և Լիվերպուլն ու Բիրմինհեմը։ Սքոթլանդ յարդի տվյալներով՝ միայն Լոնդոնում զանգվածային անկարգություններին մասնակցել է մոտ 30 հազար մարդ։ Ձերբակալվածների թիվը հասել է մինչև երկու հազարի։

Այն բանից հետո, երբ դժվարությամբ հաջողվեց ճնշել անկարգությունները, բրիտանական իշխանություններն սկսեցին խորհել հետագա գործողությունների մասին։ «Սարքել կոտրված հասարակությունը». իր առջև նման խնդիր դրեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։ «Մարդկային բնության որոշ վատթարագույն դրսևորումներին պետությունը համբերատարությամբ էր վերաբերվում, ներողամտորեն։ Եվ մարդիկ լրիվ բարոյազրկվել են։ Ունե՞նք արդյոք վճռականություն՝ դիմակայելու բարոյական կոլապսին, որը ձևավորվել է մեր երկրի տարբեր մասերում վերջին մի քանի սերնդի կյանքի ընթացքում։ Ես կարծում եմ, որ բնակչության մեծամասնությունը ոչ միայն վստահ է սրանում, այլև բղավում է այս մասին՝ կառավարությունից կոշտ միջոցներ սպասելով։ Ես անհամեմատ ավելի շատ կխոսեմ այդ միջոցների անհրաժեշտության մասին, որովհետև այդպիսի անհրաժեշտություն կա։ Մենք բավականաչափ բարձր չենք հայտարարել մեր «զրոյական հանդուրժողականության» մասին, բայց սա այն միտքն է, որը մենք ուզում ենք տեղ հասցնել»,- խոստովանել է վարչապետը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

Zero tolerance մարտավարությունը ժամանակին կիրառվում էր Միացյալ Նահանգներում, որտեղ ամենափոքր իրավախախտումների համար խուլիգաններն իշխանություններից մի լավ պատժվում էին։ Եվ անպատժելիության զգացումը, նման այն բանին, ինչն օգոստոսյան օրերին վարակել էր բրիտանական ներգաղթյալներին, իսպառ անհետացել էր։ Այնինչ, շատ փորձագետներ նշում են, որ բրիտանացիները հազիվ թե կարողանան հրաժարվել հանդուրժողության քաղաքականությունից։ Չէ՞ որ նույնիսկ ամենասարսափելի ջարդարարությունների և համատարած մարոդյորության ժամանակ էթնիկ խմբավորումների դերի մասին չգիտես ինչու դիտավորյալ լռում էին։ Իսկ ոմանք էլ ընդհանրապես մռայլ կանխատեսումներ էին անում՝ հայտարարելով, որ Բրիտանիային և ընդհանրապես ողջ «պոլիտկոռեկտ» Եվրոպային հաստատ ռասայական հուզումների ժամանակներ են սպասվում։

Այդ նույն օրերին եվրոպական մեկ այլ երկրում՝ հանգիստ Էստոնիայում, աղմկալի միջադեպ տեղի ունեցավ։ Օգոստոսի 11-ին պաշտպանության նախարարության շենքի վրա հարձակվեց 57-ամյա ռուսալեզու իրավաբան Կարեն Դրամբյանը։ Հատուկ գործողության ընթացքում զավթիչը սպանվեց հատուկջոկատայինների կողմից։ Երկրի վարչապետ Անդրուս Անսիպը ենթադրություն արեց, որ «էստոնական հրձիգին» ոգևորել էին նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկի գործողությունները։

Հատուկ ծառայությունները պարզել են, որ Կարեն Դրամբյանն Էստոնիայի Միավորված ձախ կուսակցության անդամ է։ Կուսակցությունում կարծում են, որ Դրամբյանի հարձակումը կարող էր պայմանավորված լինել Էստոնիայի ոչ բնիկ, այդ թվում նաև ռուսալեզու բնակչության իրավունքների ոտնահարման դեմ բողոքով։ Ենթադրաբար իրավաբանն ընտրել էր ռազմական նախարարությունն այն պատճառով, որ նրա ղեկավար Մարտ Լաարը հայտնի նացիոնալիստ է և ոչէստոնացիների հանդեպ կոշտ քաղաքականության կողմնակից։

Դրամբյանին հուսահատ այս քայլին կարող էին մղել նաև անձնական դրդապատճառները. նա ծանր հիվանդ էր, ընտանեկան ողբերգություն էր ունեցել, զրկվել իրավաբանական պրակտիկայից այն պատճառով, որ էստոներենի իմացության տեղեկանք չուներ։ Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ չէ, որ հանգիստ է «Եվրոպական թագավորությունում»։ 

Օգոստոսի 11-ին նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Կիպրոսի Հանրապետություն։ Հայաստանի ղեկավարն իր կիպրոսցի գործընկերոջ՝ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ Լիմասոլ նավահանգստում մասնակցել է «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճամփորդության ավարտի պատվին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Ողջունելով «Արմենիայի» անձնակազմի անդամներին՝ նախագահ Սարգսյանը նշեց, որ գիտական արշավախմբի անդամները ճամփորդության գաղափարը նավարկության երկու տարիների ընթացքում պատվով են կատարել։ «Դուք ոչ միայն շուրջերկրյա ճանապարհորդություն եք կատարել, հատել եք երեք օվկիանոս և տասնյակ ծովեր, այլև անցել եք երկրագնդի ամենատարբեր անկյուններում սփռված Սփյուռքի դժվարին ճանապարհներով` Հայրենիքի շունչը հաղորդելով մեր համայնքներին, նորովի իմաստավորելով մեր ինքնության բանաձևը և տարբեր աշխարհամասերում սփռված` մեր մշակույթի կոթողները»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։

Կիպրոսից Սերժ Սարգսյանն ուղևորվեց Աստանա՝ մասնակցելու համար ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ղրղզստանի նախագահ Ռոզա Օթունբաևան։

Գագաթաժողովի ընթացքում քննարկվեց, մասնավորապես, մերձավորարևելյան, հյուսիսաֆրիկյան և աֆղանստանյան իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում բնական և տեխնածին աղետների կանխման, վերահսկողության և դրանց հետևանքների վերացման հարցերը։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների օգոստոսյան գագաթաժողովը կարելի է բեկումնային համարել այս կազմակերպության համար։

Ղազախստանի մայրաքաղաքում անցկացված հանդիպումից մի քանի օր հետո Ռուսաստանի նախագահը տեղեկացրեց, որ կազմակերպության անդամները ծրագրում են ավելի հստակ և համախմբված դիրքորոշումներ որդեգրել հիմնական հարցերի շուրջ։ «Գագաթաժողովի ժամանակ, որն անցավ Ղազախստանում, մեզ հաջողվեց մշակել մի ամբողջ շարք հետաքրքիր գաղափարներ, որոնց շուրջ, ես հույս ունեմ, արդեն ամենամյա պաշտոնական գագաթաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Մոսկվայում, մենք կկարողանանք հասնել վերջնական պայմանավորվածության։ Խոսքն այն մասին է, որ ՀԱՊԿ անդամների դիրքորոշումն ավելի հստակ և ավելի համախմբված լինի, և որ մենք գործնականում բոլոր հարցերով առաջ ընթանանք՝ միասնական դիրքորոշումներով և անախորժությունների դեպքում օգնենք մեկմեկու»,- պարզաբանել է նախագահ Մեդվեդևը։ Նա նաև տեղեկացրել է (և դա, անշուշտ, նրա հայտարարության շատ կարևոր մասն է), որ ՀԱՊԿ վերջին գագաթաժողովի պայմանավորվածությունները հիմնականում վերաբերում են փոխօգնությանը հակամարտային իրավիճակի ստեղծման պարագայում։

Ամռան վերջին ամիսը դարձավ Մոսկվայի և Մինսկի միջև փոխըմբռնման ժամանակաշրջան, բայց հակառակն էր ռուս-ուկրաինական հարաբերություններում։ Օգոստոսի 16-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ 2012-ից Բելառուսը Ռուսաստանից գազ կստանա «ինտեգրացիոն նվազեցվող գործակցով»։

Մի քանի օր անց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Ուկրաինան կարող է դիմել Ռուսաստանին՝ գազի «ինտեգրացիոն» զեղչի խնդրանքով, ինչպես դա մինչ այդ արել էր Բելառուսը։ «...Թող Ուկրաինան մեզ շահագրգռի, որ մեզ համար հետաքրքիր լինի մտածել ապագայում նման համագործակցության մասին»,- մասնավորապես ասել է Մեդվեդևը։ Որպես օրինակ նա նշել է Բելառուսի հետ ձեռք բերված փոխզիջումը. Մինսկին խոստացվել է այսպես կոչված ինտեգրացիոն զեղչ Մաքսային միությանը մասնակցության համար և համաձայնություն՝ Ռուսաստանին վաճառելու «Բելտրանսգազը»։ «Ինձ թվում է, որ ահա այս ճանապարհով պետք է գնան մեր ուկրաինացի բարեկամները»,- հավելել է Դմիտրի Մեդվեդևը։

Օգոստոսին բուռն զարգացում ստացան իրադարձությունները Սիրիայի իրավիճակի շուրջ։ Ամսվա կեսին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն պաշտոնական Դամասկոսին կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բողոքի ակցիաների մասնակիցների դեմ, որոնք շարունակվում են երկրի մի շարք շրջաններում։ Ելույթ ունենալով Անկարայում՝ Դավութօղլուն նշել է, որ եթե սիրիական իշխանությունները շարունակեն ուժ կիրառել խաղաղ քաղաքացիների դեմ, նրանց հետ «այլևս խոսելու բան չի լինի»։

Մի քանի օր անց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ։ Զրույցի ժամանակ Սիրիայի ղեկավարը հայտարարեց, որ դադարեցնում է բանակային բոլոր գործողությունները երկրում։ Չնայած դրան՝ օգոստոսի 18-ին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան նախագահ Բաշար Ասադին հորդորեցին համաձայնել ընդդիմության պահանջներին և հրաժարական տալ։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց նաև Սիրիայի իշխանությունների` Միացյալ Նահանգների տարածքում գտնվող բոլոր ակտիվների կալանքի մասին և արգելք դրեց Սիրիայից նավթի և գազի ներմուծման վրա։ Միևնույն ժամանակ, նա պարզաբանեց, որ ԱՄՆ-ը Սիրիայի ժողովրդին իշխանափոխություն չի պարտադրի։ Սպիտակ տունը հայտարարեց, որ առայժմ չի պատրաստվում հետ կանչել իր դեսպանին Դամասկոսից։

Սակայն Ռուսաստանում համաձայն չէին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորդորներին, որը պահանջում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։ «Մենք նման կոչերը չենք պաշտպանում և կարծում ենք, որ հենց հիմա է հարկավոր ժամանակ տալ նախագահ Ասադի ռեժիմին այն բանի համար, որ իրականացնի բարեփոխական բոլոր գործընթացները, որոնց մասին հայտարարվել է»,- ռուսական ԶԼՄ-ներին ասել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը։ «Եվ ամենագլխավորը Ասադի հայտարարությունն է այն մասին, որ նրանք դադարեցնում են ռազմական բոլոր գործողությունները։ Սա շատ կարևոր տեղաշարժ է, և հենց դա էլ վկայում է Ասադի և սիրիական իշխանությունների՝ բարեփոխումների ճանապարհով ընթանալու մտադրության մասին։ Մենք դա պաշտպանում ենք և այս ուղղությամբ ամեն կերպ խրախուսում ենք սիրիացիներին»,- տեղեկացրել է աղբյուրը։

Այդ ընթացքում Սիրիա մեկնեց ռուսական ոչ պաշտոնական պատվիրակություն՝ տեղում ծանոթանալու այդ երկրում կատարվող իրադարձություններին։ Արաբական երկրների հետ Ռուսաստանի Բարեկամության և գործնական համագործակցության ընկերության նախագահ Վյաչեսլավ Մատուզովը «Գոլոս Ռոսիի»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ այդ երկրում «կյանքն ընթանում է սովորական նորմալ հունով»։

«Այն ամենը, ինչ լսում ենք համաշխարհային ալիքներով, դա միանգամայն այլ կյանք է։ Սիրիայում տեղեկատվական պատերազմ է ընթանում, և մենք, այսօր գտնվելով Դամասկոսում, հիանալի տեսնում ենք այդ պատերազմի արդյունքները։ Սիրիան հանգիստ երկիր է, բայց այն փորձում են ցնցել, գրգռել և նրանից հրեշ սարքել՝ հետագա օտարերկրյա միջամտության համար։ Ոչ ոք իրավունք չունի այլ երկրներին թելադրել, թե ինչ նախագահ պետք է լինի այդ երկրում։ Նման իրավունք չեն շնորհել ոչ Միացյալ Նահանգների, ոչ էլ այլ երկրների նախագահներին։ Դա ՄԱԿ Կանոնադրության խախտում է, միջազգային իրավունքի խախտում։ Դամասկոսը հանգիստ է։ Դամասկոսն ապրում է իր սովորական կյանքով։ Խանութները բաց են, ժողովուրդը զբոսնում է, առևտուր անում, հայհոյում իր կառավարությանը, երբ այն արժանի է դրան, բայց ոչ ոք չի պատրաստվում տապալել այն, բացի Միացյալ Նահանգների ղեկավարությունից»,- ասել է Մատուզովը։

1991թ. օգոստոսի 19-ին հայտարարվեց, որ երկրի ողջ իշխանությունը վերցնում է ինքնահռչակ Արտակարգ դրության պետական կոմիտեն։ Այն գլխավորեց ԽՍՀՄ փոխնախագահ Գենադի Յանաևը։ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին փակել էին Ղրիմի նստավայրում։ Երկրի մի շարք շրջաններում արտակարգ դրություն մտցվեց։ Զորքեր մտան Մոսկվա։ Նույն օրը ՌԽՖՍՀ նախագահ Բորիս Ելցինը ԱԴՊԿ գործողությունները պետական հեղաշրջում անվանեց։

Հազարավոր մարդիկ էին հավաքվել Սպիտակ տան մոտ, որը դարձել էր դիմադրության կենտրոնը։ Օգոստոսի 21-ի գիշերը Մոսկվայում բախում տեղի ունեցավ ՌԽՖՍՀ կառավարության կողմնակիցների և զինվորականների միջև։ Երեք մարդ զոհվեց։ Օգոստոսի 22-ին ԱԴՊԿ անդամները ձերբակալվեցին։ Հաջորդ մի քանի ամիսներին խորհրդային հանրապետությունների մեծամասնությունն անկախություն հռչակեց, իսկ դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ-ը վերջնականապես դադարեց գոյություն ունենալուց։

Այդ նույն օրը թալիբներն ինքնատիպ կերպով «նշեցին» Բրիտանիայից Աֆղանստանի անկախացման 92-ամյակը։ Գրոհայինները հզոր պայթյունների շարք իրականացրին Քաբուլի կենտրոնում։ Ահաբեկիչների թիրախ դարձավ Բրիտանական խորհրդի շենքը։ Աֆղանստանի անվտանգության մարմինների տվյալներով՝ գործի էր դրվել չորս պայթուցիկ սարք։ Ահաբեկչական գործողությունների զոհերը 8-ն էին, վիրավորվեց 10 մարդ։

Նույն օրն անհանգիստ էր նաև հարևան Պակիստանում։ Սուննիական մզկիթներից մեկում, որը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանին, այսպես կոչված Ցեղերի գոտում, պայթյուն որոտաց։ Ըստ տարբեր տվյալների՝ 20-30 մարդ զոհվեց, ավելի քան 70-ը վիրավորվեց։ Պայթյունը տեղի ունեցավ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։ Մզկիթում այդ պահին մոտ 300 մահմեդական կար։ Մզկիթի շենքն ավերվեց։

Օգոստոսի 22-ին լիբիական ապստամբներն իրենց վերահսկողության տակ վերցրին Տրիպոլիի գրեթե ողջ տարածքը՝ բացի Բաբ ալ-Ազիզիա ոչ մեծ թաղամասից, որտեղ էր գտնվում Մուամար Քադաֆիի նստավայրը։ Մի քանի օր անց ընդդիմադիրներին հաջողվեց զավթել նաև Ջամահիրիայի առաջնորդի նստավայրը։ Գնդապետ Քադաֆիի կողմնակից ուժերը գրավեցին նրա հարազատ քաղաքը՝ Սիրթը՝ դաժան դիմադրություն ցույց տալով ապստամբներին։ Քադաֆիի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէր, սակայն քաջության և արիության համար «լիբիական առյուծ» հռչակված գնդապետը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս հայտարարություններով՝ իր կողմնակիցներին կոչ անելով մինչև հաղթական ավարտ շարունակել պայքարը։

Տրիպոլին զավթելուց հետո հայտնի դարձավ, որ Քադաֆիի հենակետը գրոհելու գործողությունը մշակված էր ՆԱՏՕ-ի կողմից՝ լիբիական ընդդիմության ղեկավարության հետ համատեղ։ Վկայակոչելով Բրյուսելի դիվանագիտական շրջանակները՝ Associated Press գործակալությունը նույնպես տեղեկացրեց, որ Լիբիայի տարածքում գործում էին հատուկ նշանակության խմբեր Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Արևելյան Եվրոպայի երկրներից։

Օգոստոսի 28-ին Քադաֆիի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ գնդապետը պատրաստ է բանակցություններ սկսել իշխանական լիազորությունները հանձնելու մասին։ Սակայն ավելի ուշ ապստամբների կառավարության՝ Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն համաձայնի բանակցություններին, եթե գնդապետը չհանձնվի։ «Մեզ նույնիսկ պարզ չէ, թե որտեղ է նա գտնվում։ Ոչ մի բանակցություն չի լինի, քանի դեռ Քադաֆին չի հանձնվել»,- ընդգծեց ԱԱԽ տնտեսական և ֆինանսական հարցերով քարտուղար Ալի Թարխունին։

Իսկ այդ ընթացքում և՛ միջազգային դիտորդների, և՛ արևմտյան երկրների ղեկավարների համար պարզ չէ, թե ինչ է լինելու Լիբիայի հետ հետագայում։ Դեռ վաղ է խոսել Լիբիայում զինված հակամարտության դադարեցման մասին։ Նույնիսկ եթե Քադաֆիի զորքերի դիմադրությունը դադարեցվի և գնդապետը ձերբակալվի, երկրի ապագան բավական աղոտ կմնա։ Երկրի հասարակությունը բաժանված է ցեղերի, որոնցից շատերը դեռ չեն հայտարարել, թե ընդունում են Ազգային անցումային խորհրդի իշխանությունը։ Իսկ դա նշանակում է, որ Լիբիայում կարող է նաև պարտիզանական պատերազմ սկսվել, մանավանդ որ ցեղերի ավելի քան 80%-ն այս կամ այն կերպ աջակցում է Քադաֆիին։

«Ազգային անցումային խորհուրդը, որը հույս ունի գլխավորել երկրի վերակառուցման գործընթացը, հազիվ թե կարողանա գլուխ հանել այս խնդրից՝ առանց դրսի օգնության։ Այն հիմա արդեն կախված է Եվրոպայից և ԱՄՆ-ից եկող խոշորածավալ մատակարարումներից։ Բայց որքանո՞վ Արևմուտքն իրեն թույլ կտա միջամտել այս ամենին։ Միայն փողո՞վ, թե՞ գուցե ՄԱԿ խաղաղարարների օգնությամբ»,- հարցնում է Der Spiegel-ը։

Գերմանական պարբերականի լրագրողների կարծիքով՝ ածխաջրածիններով հարուստ երկրի գործերին չափից ավելի միջամտությունը տպավորություն կստեղծի, թե նպատակը բնական պաշարների նկատմամբ վերահսկողություն սահմանելն է։ Անկեղծ ասած՝ նման տպավորությունն արդեն վաղուց է ստեղծվել, միայն թե դա հազիվ թե վրդովեցնի Արևմուտքին։ Անվիճելի է Der Spiegel ամսագրի մեկնաբանների մեկ այլ պնդում, որ ռեժիմի անկումից հետո երկիրը կարող է վերածվել վառոդով լի տակառի։ Սակայն առայժմ ցամաքային խաղաղարարների գործողությունների մասին խոսք չկա։ Առայժմ Ազգային անցումային խորհուրդն իր արևմտյան հովանավորների օգնությամբ փորձում է ճնշել Քադաֆիի ուժերի դիմադրության վերջին օջախները և ինչ-որ կերպ կարգավորել երկրի կյանքը, նախապատրաստվել ընտրություններին։ Մի խոսքով՝ չփորձենք գուշակել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Լիբիայում, քանի որ, անկեղծ ասած, հիմա դա ոչ ոք անել չի կարող։

Օգոստոսի 23-ին Թուրքիայի նոր գումարման խորհրդարանն օրակարգից հանեց հայ-թուրքական արձանագրությունները։ Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, այս փաստաթղթերն անվավեր հայտարարելու ընթացակարգն անցկացվեց խորհրդարանական կանոնակարգին համապատասխան. նախորդ գումարման խորհրդարանի՝ կես տարվա ընթացքում չվավերացրած բոլոր փաստաթղթերը նոր գումարման օրենսդիր մարմնի կողմից հայտարարվում են ուժը կորցրած։ Բացի այդ, Թուրքիայի նոր խորհրդարանը կարծում է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման և հայ-թուրքական սահմանի բացման հարցն այսուհետ Անկարայի արտաքին քաղաքական օրակարգում գերակայություն չի համարվում։ Հայ-թուրքական արձանագրությունների հետ միասին անվավեր հայտարարվեցին ավելի քան 850 այլ օրինագծեր։

Ամսվա վերջին Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները հասան առավելագույն լարվածության։ Վերջինի իշխանություններն ԱՄՆ-ին հայտնեցին, որ Իսրայելի` ներողություն խնդրելուց հրաժարվելն անցած տարի այսպես կոչված «խաղաղության նավատորմիղի» զավթման համար «կհանգեցնի երկրների միջև հարաբերությունների հետագա վատթարացման»։ Ինչպես այդ օրերին տեղեկացնում էին թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիտարկում էր Իսրայելի հետ քաղաքական և տնտեսական կապերը խզելու հնարավորությունը։ Սակայն, ինչպես գրում էր իսրայելական մամուլը, չնայած Թուրքիայի սպառնալիքներին, Իսրայելի վարչապետի՝ ներողություն չխնդրելու որոշումը վերջնական է։

Օգոստոսի վերջին քաղաքական մեծ նախաձեռնությամբ հանդես եկավ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի վարչապետն առաջարկեց օրենսդրորեն ամրապնդել ներկուսակցական ընտրությունները կամ, ինչպես այլ կերպ անվանում են դրանք՝ «փրայմերիզները»։ Ավելին, Պուտինը կարծում է, որ նման գործելակերպը կարելի է կիրառել տարածաշրջանային և անգամ մունիցիպալ մակարդակներում:

«Խնդրում եմ մտածել այն բանի շուրջ, որ այդօրինակ նախնական քվեարկությունը դառնա նորմ քաղաքական բոլոր կուսակցությունների համար և համապատասխան փոփոխություններ մտցնել գործող օրենսդրության մեջ»,- հայտարարել է Պուտինը Համառուսական ժողովրդական ճակատի համակարգող խորհրդի հետ հանդիպման ժամանակ։

Ամսվա վերջը հաղթական էր ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի համար։ Օգոստոսի 23-ին Նյու Յորքի գլխավոր դատարանը փակեց Սթրոս-Կանի դեմ քրեական գործը, որը մեղադրվում էր Sofitel հյուրանոցի աղախնի՝ Նաֆիսատու Դիալոյի դեմ սեռական հողի վրա բռնի արարքներ գործադրելու մեջ։

Գործը փակելու համար հիմք էր հանդիսացել դատախազության հայտարարությունն այն մասին, որ անհնար է երդվյալ ատենակալների դատարանում պաշտպանել մեղադրանքը՝ «հայցվորի հանդեպ վստահության կորստի պատճառով»։ Հայցվորը մինչև վերջ անկեղծ չի եղել և մոլորության մեջ է գցել հետաքննությանն իր անցյալի և ներկայի հետ կապված հարցերում։

Այնինչ ֆրանսիական սոցիալիստների կուսակցությունում չեն բացառում Դոմինիկ Սթրոս-Կանին հանրապետության նախագահի պաշտոնին առաջադրելու հնարավորությունը։ «Նա ինքը պետք է որոշում կայացնի ներկուսակցական ընտրություններին մասնակցելու մասին»,- ավելի վաղ հայտարարել էր սոցիալիստների կողմից պետության ղեկավարի պաշտոնին առաջադրված թեկնածու Ֆրանսուա Օլանդը։ Դոմինիկ Սթրոս-Կանը սոցկուսակցությունից նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն էր համարվում մինչև Նյու Յորքում ս.թ. մայիսին ձերբակալվելը։ Նա արդեն նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր 2007թ. նախագահական ընտրություններում, բայց զիջել էր Սեգոլեն Ռուայալին, որն իր հերթին ընտրություններում պարտվեց Նիկոլա Սարկոզիին։

Օգոստոսի 26-ին Աբխազիայում տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք նշանակվել էին 2011թ. մայիսին Սերգեյ Բաղափշի մահվան կապակցությամբ։ Հանրապետական ԿԸՀ վերջնական տվյալներով՝ ընտրություններում հաղթանակ տարավ արդեն նախկին փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո Եվրամիության և ՆԱՏՕ ներկայացուցիչները, ինչպես սպասվում էր, հայտարարեցին, թե չեն ընդունում Աբխազիայում նախագահական ընտրությունների լեգիտիմությունը։ Արտաքին քաղաքականության և անվտանգության գծով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հիշեցրին այն մասին, որ իրենց կազմակերպությունները հանդես են գալիս հօգուտ Վրաստանի տարածքային ամբողջականության, ինչպես դա պահանջում են միջազգային իրավունքի նորմերը։ «Եվրամիությունը նման ընտրությունների անցկացման համար ոչ մի լեգալ կամ սահմանադրական հիմքեր չի տեսնում»,- հայտարարեց Էշթոնը։ «Այդ ընտրությունների անցկացումը չի նպաստում Վրաստանում իրավիճակի խաղաղ կարգավորմանը»,- մասնավորապես ասաց Ռասմուսենը։

Այդ նույն օրն իսլամիստները պայթեցրին ՄԱԿ ներկայացուցչության գրասենյակը Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում։ Ահաբեկչական գործողությունն իրականացվեց մահապարտի կողմից, որը պայթուցիկով բեռնված ավտոմեքենայով սլացավ դեպի շենքի գլխավոր մուտքը։ Ահաբեկչության զոհ դարձավ, ճշտված տվյալներով, 18 մարդ, մոտ 60 հոգի վիրավորվեց։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնեց Բոկո Խաարամ արմատական իսլամիստական շարժումը։

Օգոստոսին իր մասին հիշեցրեց նաև բնությունը։ Ընդ որում՝ տարերքը հիմնականում հարվածեց ԱՄՆ-ին։ Օգոստոսի 23-ին Վիրջինիա նահանգում 5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ։ Ստորերկրյա ցնցումների վտանգից խուսափելու համար տարհանվեցին մի քանի շենքերի բնակիչներ Վաշինգտոնում, մարդիկ տարհանվեցին, մասնավորապես Կապիտոլիումից և Պենտագոնից։ Հայտնի դարձավ նաև, որ երկրաշարժից լրջորեն տուժել էր ԱՄՆ մայրաքաղաքի Սուրբ Պետրոսի և Պողոսի մայր տաճարը։ Վիրջինիայի հյուսիսում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումն ամենաուժեղներից էր այս տարածաշրջանում դիտարկումների պատմության ողջ ընթացքում։

Երկրաշարժին հաջորդեց «Իրեն» փոթորիկը ԱՄՆ արևելյան ափին։ Այն սկիզբ էր առել օգոստոսի կեսին, Ատլանտյան օվկիանոսում։ Օգոստոսի 24-ին արդեն այն հասել էր երրորդ կարգի ուժգնության Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով, սակայն ԱՄՆ ափերին մոտենալով՝ թուլացել էր` հասնելով առաջին կարգի։ Չնայած դրան, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը փոթորկի պատճառով ընդհատել էր արձակուրդը և վերադարձել Վաշինգտոն, համերկրացիներին կոչ արեց անհապաղ էվակուացվել։ Նրա խոսքով՝ «Իրեն» փոթորիկը «պատմական» դառնալու բոլոր նախադրյալներն ունի։ Երկրի իշխանությունները սկսեցին տարհանել Հյուսիսային Կարոլինայի նահանգի մերձափնյա շրջաններից մինչև Մասաչուսեթսի բնակչությանը՝ մոտ երկու միլիոն մարդ։ Նյու Յորքում հանվեց ավելի քան 9500 ավիաչվերթ, կանգնեցվեց քաղաքային հասարակական տրանսպորտի ողջ համակարգի, ներառյալ՝ մետրոյի, աշխատանքը։ Այս քաղաքի պատմության մեջ առաջին անգամ բնակիչների հարկադիր տարհանում հայտարարվեց։ Իսկ Մերիլենդ նահանգում փոթորիկը հոսանքազրկեց «Քալվերթ Քլիֆս» ԱԷԿ-ի ռեակտորներից մեկը։

Ամենայն հավանականությամբ, օգոստոսի համաշխարհային իրադարձությունները բացասական ազդեցություն են գործել գիտական շրջանակների ներկայացուցիչների վրա։ Օգոստոսին ամերիկյան գիտնականներն անմխիթարական կանխատեսում արեցին. այլմոլորակայինները կարող են ոչնչացնել մարդկանց՝ փրկելու համար Երկիրը, որը մենք կեղտոտում ենք։ ՆԱՍԱ-ի և Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողների կարծիքով՝ եկվորները կարող են նաև կանխարգելիչ հարված հասցնել մեր մոլորակին՝ խուսափելու համար տիեզերքում երկրային քաղաքակրթության էքսպանսիայի սպառնալիքից։ Գիտնականները մարդկությանը հորդորում են կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, քանի որ դա փոխում է Երկրի մթնոլորտի բաղադրությունը, իսկ այդ գործընթացը կարելի է դիտել տիեզերքից, ինչն իր հերթին կարող է գրավել թշնամական քաղաքակրթության ուշադրությունը։ 

Բավական հագեցած էին օգոստոսի վերջին օրերը։ Համառոտ անդրադառնանք ամռան վերջի հիմնական քաղաքական իրադարձություններին.

* Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չեղյալ հայտարարեց գրաքննությունը՝ երկրում զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դեկրետ հրատարակելով։ Փաստաթղթում ասվում է, որ ԶԼՄ-ներն «անկախ են և սահմանադրության ու օրենքի շրջանակներում ազատ իրականացնում են իրենց գործունեությունը»։ Միևնույն ժամանակ, դեկրետում ասվում է, որ լրագրողները պետք է պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց հրապարակումներին, ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդեն, ստանան և օգտագործեն տեղեկություններ՝ օրենքին համապատասխան։

* Թուրքիայի կառավարությունը որոշում ընդունեց կրոնական փոքրամասնությունների համայնքներից առգրավված սեփականությունը վերադարձնելու մասին։ Վերադարձվելու է հույներից, հայերից և հրեաներից 1936-ից վերցված սեփականությունը։ Քրիստոնեական և հուդայական կազմակերպություններին վերադարձվելիք սեփականության ցանկում են հայտնվել նախկին վանքերը, հիվանդանոցների և դպրոցների շենքերը, գերեզմանատները։

* Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կողմնորոշվել է խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվա հարցում։ Օգոստոսի 29-ին նախագահի ստորագրած հրամանագրի տեքստի համաձայն՝ վեցերորդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 4-ին։ Հրամանագիրը փաստորեն տվեց նախընտրական քարոզարշավի մեկնարկը։

* Եմենի ընդդիմությունը և նախագահը պայմանավորվել են առաջիկա երեք ամիսներին ընտրություններ անցկացնելու շուրջ։

* Լիբիական ապստամբները շարունակում են փնտրել գնդապետ Քադաֆիին։ Առայժմ դա նրանց չի հաջողվում։ Այնուամենայնիվ, Լիբիայի նոր տերերը հայտարարել են, որ Լիբիայի արդեն նախկին ղեկավարին բռնելու դեպքում նրան կդատեն բաց դատավարությամբ՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար, իսկ հետո կգնդակահարեն։

* Ղրղզստանի վարչապետ, հոկտեմբերի վերջին սպասվող նախագահական ընտրությունների հավանական թեկնածու Ալմազբեկ Աթաբաևը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև 2014թ. ցրելու է Մանասում գտնվող իր ռազմակայանը։

Այսպիսին էր ամառը համաշխարհային քաղաքականության մեջ՝ հարուստ իրադարձություններով և շոգ։ Առջևում աշունն է, սակայն այն ևս, ամենայն հավանականությամբ, խոստանում է պակաս թեժ չլինել...

Միխայիլ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am